11 November, 2013

Ղարաբաղի արծիվը. IV մաս

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ


Այս Ղարաբաղն է,
Որ փոթորկվել է վտանգի պահին,
Ծառս եղել խրոխտ իր լեռների հետ,
Զորավարներ է տվել աշխարհին,
Ինքը մնացել առանց զորապետ...
Բայց իր անունը պահել է անբիծ,
Ու խավարի դեմ լույսի դուռ բացել,
Սակայն չար բախտի բերումով նորից
Զրկվել է հսկա իր կաղնիներից,
Բարակ շիվերի հույսին մնացել...


1.

Մեհթի խանն այդ գիշեր էլ վատ քնեց։ Երազում դարձյալ սև ձիավորներ տեսավ, որ կեսգիշերին շրջապատել էին իր պալատը։ Սառը քրտինքի մեջ կորած խանը փորձեց ձայն տալ, կանչել պալատականներին, սակայն ձայնի փոխարեն նրա կոկորդից խռխռոց դուրս եկավ։ Իր մերձավորներից այդպես էլ ոչ ոք օգնության չեկավ, երբ իրեն՝ Մեհթի խանին մի քանի զույգ սև ձեռքեր բարձրացրին և խցկեցին դրսում կանգնած եռաձի սև կառեթի մեջ։ Հանկարծ ինչ-որ լույս փայլատակեց և ուղղակի շամփրեց խանի աչքերը....

- Օգնեցե՜ք,- բղավեց խանն ու բացեց աչքերը։
Առաջին բանը, որ տեսավ նա, փոքրիկ լուսամուտից իր դեմքին ընկած արեգակի պայծառ շողերն էին։ Մինչ կհասկանար, թե դարձյալ վատ երազ է տեսել, զգաց, որ ամբողջովին լողում է քրտինքի մեջ։
- Ալլա՜հ, ալլա՜հ,- մրթմրթաց խանն ու, մեջքը անկողնի թաց սավանից մի կերպ կտրելով, նստեց տեղում։

Դրսից եկող հանգիստ ձայները վկայում են, որ Շուշին ապրում է իր սովորական, ծույլ ու միապաղաղ կյանքով։ Այգուց եկող թռչունների ծլվլոցը երբեմն խլացնում է կենդանի մյուս բոլոր ձայները և, թվում է, թե այստեղ երբեք պատերազմ չի եղել, երբեք չեն փորձել տիրանալ լեռնային այս քաղաքին։
- Մեկ է, Շուշին իմն է,- ինքն իրեն կարծես հանգստացրեց Մեհթի խանը,- Ղարաբաղը իմն է, իմ որդիները, իմ թոռները պիտի այստեղ իշխեն... Սալիմ բե՛կ, ախմախ, ո՞ւր ես կորել, եկ շորերս փոխիր, խալաթս բեր... Յա ալլա՜հ, տեսնես էսօր ինչ օր կլինի...

Առաջին վատ երազը Մեհթի խանը տեսավ ուղիղ մեկ տարի առաջ՝ 1821 թվականի ապրիլյան մի գիշեր։ Դա նույն այն օրվա գիշերն էր, երբ խանի ականջին առաջին լուրերը հասան, որ ռուսներն այլևս չեն հավատում իր հավատարմությանը։ Խանին անընդհատ թվում է, թե բոլորը գիտեն իր կատարած և ծրագրած չարագործությունները և պատրաստվում են բանտարկել իրեն։ Նրան թվում է, թե ուր որ է կմտնեն ռուս սարդարի սևազգեստ դահիճները, կոլորեն իր ձեռքերը, կմերկացնեն և այդպես, տկլոր ու ոտաբոբիկ, կքշեն շատ հեռու մի տեղ, որտեղից երբեք չեն վերադառնում՝ Սիբիր, ուր միշտ մարդաբոյ ձյուն է լինում, և աքսորվածներին այնտեղ անասունների պես բանեցնում են, իսկ նրանք ցրտից ու սովից կոտորվում են ճանճերի պես։ Սիբիրի մասին նա լսել է իր մարդկանցից, ովքեր այդ ամենը լսել են ուրիշներից, որոնք իհարկե, Սիբիրում երբեք չեն եղել, բայց իրենց հերթին շատ բաներ են լսել այլ մարդկանցից։

Իսկ մինչ այդ Մեհթի խանի կյանքը նման էր քաղցր ու հեշտագին հեքիաթի։ 1813 թվականին Գյուլիստանում ստորագրված պայմանագրից հետո Մեհթի խանը՝ Փանահ խանի թոռն ու Իբրահիմ խանի որդին, լողում էր շռայլության ու անհոգության մարգարտածուփ ծովում։ Խանը, որ սպասում էր, թե իրեն կմեղադրեն վախկոտության ու դավաճանության մեջ և կթռցնեն իր գլուխը, Նորին կայսերական մեծության կողմից ստացավ գեներալի աստիճան։ Առաջին պահին աչքերին չէր հավատում, բայց հետո սկսեց ինքն իրեն հավատացնել, որ արժանի է ավելի բարձր պարգևների։ Երբ արդեն ինքն իրեն հավատացրել էր այդ, սկսեց հավատացնել նաև իր մերձավորներին ու բարեկամներին։

Նույնիսկ Փանահ խանն ու Իբրահիմ խանը այնքան շռայլություններ չէին թույլ տալիս, ինչպես «ռուսահպատակ» Մեհթի խանը։ Ինչ խելքին փչում՝ անում էր, և ոչ ոք նրան չէր խանգարում։ Ղարաբաղի շուրջ որքան խաշնարածներ, ձիագողեր ու պորտաբույծներ կային, բերեց հողատերեր դարձրեց։ Նա հողերն ու ուրիշի կալվածքներն այնպես էր ընծայում իր ազգակիցներին, ասես ծննդյան օրվա նվերներ տալիս լիներ։ Երբեմն էլ մեկից վերցնում էր իր իսկ կողմից կնիքով «օրինական ուժ» ստացած գյուղն ու կալվածքը և տալիս մի ուրիշին։

- Ալլահը վկա, էս ռուսները կարճատես ու մոռացկոտ ազգ են,- երբ երկու շիշ ռոմից կատարը բավականին տաքացել էր, մի առիթով ասաց Մեհթի խանը։ - Իրենց խերն ու շառը չգիտեն։ Ռուսն ու հայը Աբասի ճանկերից Ղարաբաղը մի կերպ խլել են, ինձ փեշքեշ արել։
- Ալլահի կամքն է դա, արևափայլ,- Սալիմ բեկը երկտակվեց։
- Էդ մեկը ճիշտ է։ Ալլահը մեծ է։ Ալլահը միշտ լավ աչքով է նայում մեզ։ Մենք միշտ այդպես պիտի լինենք. թող ուրիշները կռվեն, իրար կոտորեն, ոչնչացնեն, իսկ մենք, ալլահի կամքով, կօգտվենք։ Երբ նրանք բոլորը թուլանան, մենք կուժեղանանք և մեր ատամները ցույց կտանք,- Մեհթի խանը ափերը միացրեց, նայեց վեր, ուր ալլահը պիտի լիներ,- Ալլահ, մենք քո ղուլերն ենք, պաշտպանիր մեզ... Բայց էդ ռուս թագավորի տեղը ես լինեի, այսպես չէի վարվի... Ալլա՜հ, ալլա՜հ, ինչե՜ր եմ ասում...

- Ճիշտ ես ասում, արևափայլ խան, այդպես չէիր վարվի,- մի բան ասած լինելու համար, շողոքորթ ժպտաց Սալիմ բեկը։
- Լավ, էդ մեկը քո խելքի բանը չի։ Էս շեյթանից,- խանը աչքերով ցույց տվեց դատարկ շիշը,- մի հատ էլ բեր...
Այդ օրերին խանը մինչև առավոտ կոնծում էր, ղեյլան ծխում, մերկ աղջիկներ պար ածեցնում ու կրկին խմում։ Եվ երբ դեռ լուսը չբացված այս ու այնտեղից կամաց-կամաց սկսում էին ծավալվել աքլորականչերը, Մեհթի խանի մշուշված աչքերն աստիճանաբար փակվում էին, և նույն պահին խանական պալատով մեկ տարածվում էր «Ղարաբաղի տիրոջ» խռմփոցը։ Սենեկապետի ձեռքի թեթև շարժումով սազանդարը դադարեցնում էր բայաթին, և բոլորը՝ մերկ պարուհիներն ու հյուրերը, ոտքերի ծայրերի վրա դուրս էին գալիս։ Լուսաբացին մոտ խանական պալատը քուն էր մտնում։

- Էսօր ամսի քանիսն է,- կեսօրն անց, արթնանալով, հարցնում է խանը։
- Խանն ապրած կենա, մինչև մեծ բայրամը մնացել է երկու օր,- պատասխանում են ծառաները։
- Վա՜խ, ախմախներ, երեկ ասում էիք, թե չորս օր է մնացել։ Լավ, ռադ եղեք։ Միրզա Ջամալին ասեք, թող ինձ մոտ գա։
- Լսում եմ, ձերդ պայծառափայլություն,- ներս մտնելով, խոնարհ գլուխ է տալիս Միրզան։
- Երեկ էն ո՞վ էր ինձ մոտ եկել։
- Նախկին դահճապետը, տեր իմ։
- Հա, գիտեմ, իմ հոր մոտ նա լավ գործ էր անում։ Ափսո՜ս, խեղճն անգործ է մնացել... Հա՜, ի՞նչ էր ուզում։
- Իր զավակների մասին էր խոսում, լուսափայլ,- Միրզա Ջամալը աչքերը ճպճպացրեց,- չգիտեմ, թե ինչ էր ուզում, բայց երբ ինչ-որ թղթեր ստորագրեցիր, պալատից ուրախ դուրս եկավ։

Տարօրինակ հիշողություն ունի խանը։ Իր բոլոր ձիերին մեկ-մեկ գիտե՝ անուններով, գիտե, թե նրանցից յուրաքանչյուրը որտեղից է, ով է նվիրել կամ ումից են խլել և այլն։ Սակայն չի կարողանում հիշել, թե մի օր առաջ ով է իր մոտ եղել կամ ինչ թղթեր է ստորագրել։ Նա, իհարկե, այդպես էլ չհիշեց, թե նախկին դահճապետի համար ինչ թղթեր է ստորագրել։ Իսկ նա մի քանի թղթերի վրա խանական իր կնիքի դրոշմով դահճապետի ծույլ ու անբան չորս զավակներին դարձրել է հայկական ութ գյուղերի տերեր...
Մի քանի օր առաջ նույն բախտին էին արժանացել Մեհթի խանի ջորեպանի երկու զավակները՝ Վալի բեկն ու Թայիր բեկը։

Իսկ մի անգամ, երբ Մեհթի խանի քեֆը բավականաչափ լավ էր, նրա եղբորորդի Ջաֆար Ղուլի խանը, որ չէր վայելում արևափայլի սերը, օգտվելով առիթից, պալատականներից մեկի միջոցով ստորագրել տվեց մի թուղթ և դարձավ... 12 գյուղերի տեր։ Սակայն այդ գյուղերը ստանալով, Ջաֆար Ղուլին փոշմանեց, որ ընդամենը 12 գյուղերի ցուցակ է ներկայացրել և ոչ թե 13 կամ 14։ Աչքածակ եղբորորդին փորձեց ուղղել իր «սխալը», սակայն խանն այդ անգամ սթափ էր...
- Էս ո՞վ է ստորագրել։ Ալլահը վկա, սա իմ ստորագրությունն է, բայց չեմ հիշում, որ այդ ավազակին թեկուզ մի թիզ հող տված լինեմ...
Եվ խանը պատառոտել է թուղթը. նույն թեթև ձեռքով ոչինչը դարձրել էր կալվածատեր, հետո կալվածատերը՝ ոչինչ...

Բայց այդ ամենը տարիներ առաջ էր, մինչև 1821-ի այն գիշերը, երբ Մեհթի խանն առաջին անգամ երազում սև ձիավորներ տեսավ։
- Ալլա՜հ, ալլա՜հ, ռուս փադիշահն ու նրա սարդարները որոշել են ինձնից խլել Ղարաբաղը,- մենակ մնալով, շարունակ մրմնջում էր խանը։
Սակայն իրականում ռուս փադիշահն ու նրա սարդարները Նապոլեոնին ջախջախելուց և Աբաս Միրզային հերթական անգամ Արաքսից այն կողմ շպրտելուց հետո կամ վաղուց մոռացել էին Մեհթի խանի գոյությունը, կամ շարունակում էին հավատալ նրա հավատարմությանը։ Իսկ մնացածը՝ սև ձիավորները, սև կառեթը և այլն, Մեհթի խանի վախկոտության ու հիվանդ երևակայության հետևանք էր։

Նրա նախորդները՝ Փանահ խանն ու Իբրահիմ խանը, որ ավելի զորեղ էին, այդպես էլ չկարողացան Ղարաբաղում թեկուզ մի թիզ սեփական հող ունենալ և ստիպված էին կալվածքներ գնել Աղդամում ու Բարդայում, իսկ թուլակամ ու վախկոտ Մեհթի խանը, որ Ղարաբաղի հողերի հետ վարվում էր այնպես, ասես իր սեփականը լիներ, իրեն զգում էր փշերի վրա նստածի պես, և նրան շարունակ թվում էր, թե Ղարաբաղի հողը փախչում է իր ոտքերի տակից։

2.

1816 թվականին Առանձին կովկասյան կորպուսի հրամանատար նշանակ-վեց գեներալ Ալեքսեյ Պետրովիչ Երմոլովը։ Նույն թվականին դառնալով Կովկասում ռուսական բանակի գլխավոր զորահրամանատար և կառավարիչ, նրա առաջարկությամբ և գերագույն իշխանության հրամանով Ղարաբաղում տեղավորված ռուսական զորքերի հրամանատար նշանակվեց 34-ամյա գեներալ Մադաթովը։
Վալերիան (Ռոստոմ) Մադաթովը ծնվել է Չանախչի գյուղում։ 17 տարեկանում Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ՝ որպես պրապորշչիկ։ 1806-1812 թվականներին ռուս-թուրքական պատերազմում, ապա 1812 թվականին Նապոլեոնի դեմ մղված ճակատամարտերում աչքի ընկնելով իր անօրինակ խիզախությամբ, ստացել է գեներալ-մայորի, ապա՝ գեներալ-լեյտենանտի աստիճան։

1817 թվականին Մադաթովը նշանակվեց Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների զինվորական-նահանգային պետ։ Սակայն Ղարաբաղի կառավարիչ-խան մնաց Իբրահիմ խանի որդի Մեհթի խանը։
- Էս էրմանին էլի եկավ,- մռայլ մրթմրթաց խանը, որի մեջ դեռ նախորդ՝ ռուսթուրքական պատերազմներից գեներալ Մադաթովի անունը միայն ահ ու սարսափ էր առաջացնում։
Մեհթի խանը կարծում էր, որ արդեն իր վերջը եկել է, և մտքում Ղարաբաղից ծլկելու ծրագրեր էր մշակում։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ Ղարաբաղի կառավարիչ-խանը դարձյալ շարունակում է մնալ ինքը։ Չնայած ռուսական իշխանություններից խանն արդեն գեներալի աստիճան էր ստացել, Մադաթովի հետ հանդիպման ժամանակ նա իրեն այնպես էր պահում, ինչպես զինվորը գերագույն հրամանատարի մոտ։

Խանը նախօրոք նախապատրաստվել էր այդ հանդիպմանը։ Հագել էր իր լավագույն, տոնական զգեստները, նախապես մի բաժակ ռոմ էր խմել՝ համարձակությունը չկորցնելու համար, բայց երբ նրան զեկուցեցին, որ իշխան Մադաթովն արդեն սպասում է իրեն, Մեհթի խանին թվաց, թե իր մարմնով ջրի առվակներ են հոսում։
- Սալամ, բաշ գեներալ... Ինչպե՞ս է ձեր թանկագին ողջությունը,- խանը գլխարկը հանեց, խոր գլուխ տվեց, բայց չհամարձակվեց հինգ քայլից ավելի մոտենալ իշխանին։
- Հարգանքներս, խան,- Մադաթովը երկարեց ձեռքը։

Մեհթի խանն այն է, ուզում էր համբուրել իշխանի ձեռքը, բայց վերջին պահին հասկացավ, որ այն մեկնվել է սեղմելու համար և նա, ամբողջովին կորած քրտինքի մեջ, խոնարհվելով, սեղմեց Մադաթովի ձեռքը։
- Ուրախ եմ, որ ալլահի կամքով մենք նույն բանակում ենք,- շողոքորթ ժպտալով, ասաց խանը, բայց հասկանալով, որ իր խոսքերը կարող են այլ կերպ ընկալվել, խանը փորձեց պարզաբանել,- մենք գրեթե հայրենակիցներ ենք, բոյուք սարդար,- նա գիտեր, որ իշխանը ղարաբաղցի է, և արդեն իրեն էլ էր ղարաբաղցի համարում։
- Հա՞,- Մադաթովը ծիծաղեց։ Ուզում էր ասել՝ ի՞նչ է, դու էլ ես հա՞յ, բայց երբ նայեց խանի քրտնաթոր ու կարմրատակած դեմքին, հանգիստ ասաց,- խան, պարսկական տիրապետությունը Ղարաբաղում վաղուց արդեն ավարտվել է։ Հիմա Դաղստանի լեռներից մինչև Վրաստան, Շիրվան ու Ղարաբաղ Նորին կայսերական մեծություն մեր թագավորի հողերն են։ Այստեղ իշխում են Մեծ Ռուսիայի օրենքները...

- Ալլահը վկա, ես ոչ մեկին թույլ չեմ տա խախտել մեր Մեծ փադիշահի օրենքները։ Նրա կամքը ալլահի կամքն է, մենք բոլորս նրա հպատակներն ենք,- Մեհթի խանը փոքր ինչ վերագտավ իրեն։- Բոյուք սարդար, ես խոստանում եմ վերացնել ամենամեծ անարդարությունը։ Ալլահը վկա, ես շատ զարմացա, երբ իմացա, որ դուք ձեր հայրենի Վարանդայի գավառում սեփական կալվածքներ չունեք։
Գեներալ Մադաթովը թավ հոնքը կեռեց. ի՞նչ է ուզում ասել այս աղվեսը։
- Բաշ գեներալ, այսօրվանից դուք տերն եք Վարանդայի ամենալավագույն 15 գյուղերի՝ իրենց ընդարձակ հողերով ու ազգաբնակչությամբ...
«...Համայն Ղարաբաղի բոլոր գավառների կառավարիչս՝ գեներալ Մեհթի խանս, տալիս եմ այս պարգևագիրը Նորին կայսերական մեծության գեներալ-մայոր իշխան Վալերիան Մադաթովին...

...Քանի որ իշխան Մադաթովի նախնիները վաղուց ի վեր Ղարաբաղում տեր էին Վարանդա գավառի 15 գյուղերի՝ իրենց հողերով, իսկ իշխանի բացակայության ժամանակ հիշյալ կալվածքները խլվեցին, ուստի ես՝ Մեհթի խանս, այդ հողերը կրկին վերադարձնում եմ այդ հողերի օրինական ժառանգորդ իշխան Մադաթովին...»,- մի ժամ հետո գրեց և խանական կնիքով վավերացրեց Մեհթի խանը։
Այս հանդիպումից հետո մի քանի օր շարունակ խանը մտքում մանրամասն վեր էր լուծում էրմանի գեներալի հետ իր զրույցը։ Նա, ի վերջո, հանգեց այն եզրակացության, որ չնայած շատ ծանր էր էրմանի այդ շեյթանի հետ հանդիպումը, բայց ինքը, ալլահը վկա, փայլուն կատարեց իր դերը։ «Ամենակարևորը՝ թշնամին չպիտի կռահի, որ մենք թշնամիներ ենք,- մտքում ասաց խանը։ - Իրենց գյուղերից մի քանիսը փեշքեշ արեցի իրեն, և նա ալլահը վկա, իրեն շոյված զգաց...»։

Ծնունդով ղարաբաղցի, բայց իր կյանքի մեծ մասը ռուսական բանակում անցկացրած իշխան Մադաթովը մինչև կյանքի վերջ մնաց որպես հայազգի ռուս զորավար։ Նա զինվորական էր այդ բառի ամենաուղիղ իմաստով։ Նրա տարերքը պատերազմն էր։ Մարտերում նա ահ ու սարսափ էր տարածում թշնամիների վրա։ Գեներալին ցնծությամբ ընդունեցին Ղարաբաղում։ Իր հայրենակիցների ուրախությանը չափ չկար։ «Վերջապես մեր ժամը հնչեց,- ասում էին մարդիկ,- վերջապես մենք կդառնանք մեր հող ու ջրի իսկական տերը»։ Սակայն իշխան Մադաթովը դիվանագետ չէր և ոչ էլ քաղաքագետ։ Նա դիվանագետ ու քաղաքագետ էր մարտադաշտում։ Նրան Ղարաբաղի հետ կապողը միայն մանկության ոչ փառահեղ հուշերն են։ Երբ Վարանդայի Չանախչի-Ավետարանոց գյուղից Ռոստոմ անունով մի տղեկ ճանապարհվեց Ռուսաստան, կիսամաշ հագուստներից ու մանկության խղճուկ հիշողություններից բացի ոչինչ չուներ իր հետ։ Տարիներ հետո նույն այդ ճանապարհով Ղարաբաղ վերադարձավ սկզբում անունն ու փառքը, հետո՝ երեսունն անց մի իշխան՝ գեներալ-մայորի ուսադիրներով և կոչվում էր Վալերիան Գրիգորովիչ Մադաթով։ Այդ ամենը նրան տվել էր Ռուսաստանը։

Գեներալ Մադաթովը հավատարմության երդում էր տվել ռուսաց կայսեր և ազնվորեն ծառայում էր Մայր Ռուսաստան-հայրենիքին։ Նա կռվել է Նապոլեոնի դեմ, իսկ հիմա կռվում է Ռուսաստանի ախոյաններ պարսիկ Աբաս Միրզայի և թուրքերի դեմ։ Ղարաբաղը հայտնվել էր այդ հակամարտության խաչմերուկում, և գեներալ-իշխանն իրեն շոյված էր զգում, որ ինքը զինվորական-նահանգային ղեկավարն է նաև փոքրիկ այն լեռնաշխարհի, ուր անց է կացրել իր մանկությունը։ Նա հաճույքով ընդունեց իրեն ընծայված 15 գյուղերը։

Մադաթովը չէր նկատում, որ ոգևորված իր թողտվությունից, ղարաբաղյան գյուղերը, երբեմնի մելիքական կալվածքները խանը նվիրաբերում է իր խաշնարած ազգակիցներին։ Գեներալ Մադաթովի համար Հայրենիք հասկացությունն ավելի լայն իմաստ ուներ, քան՝ Մեհթի խանի։ Առաջինի համար այն սկսվում էր Արաքսի այս ափերից, ձգվում մինչև Պետերբուրգ, այնտեղից մինչև Ուրալ, Սիբիր և ավելի հեռու, իսկ երկրորդի համար Հայրենիքը բացարձակապես այն տարածքն է, որտեղ ապրում են իր խաշնարած ազգակիցները. այն է՝ Անդրկովկասի հարավ-արևելյան հատվածը։ Ղարաբաղը ևս այդ հատվածում էր...

3.

Դեռևս Իբրահիմ խանի ասպատակություններից ու գազանություններից ազատվելու համար հայրենիքից հեռացած ղարաբաղցիները սկսեցին վերադառնալ։ Կրկին սկսեցին շենանալ գյուղերը։ Վանի յուզբաշուն, որ արդեն ձեռնամուխ էր եղել Ջրաբերդի ամայացած և քարուքանդ եղած հայկական գյուղերի վերականգնմանը, հայտնեցին, որ բանագնաց Բաշիր բեկը նամակ է բերել «համայն Ղարաբաղի կառավարիչ» Մեհթի խանից։ Նամակաբերը ձիուց իջավ, խոր գլուխ տվեց յուզբաշուն և ասաց.
- Մելիք Վանի, խանը ջերմ սալամներ է ուղարկել քեզ և քո ընտանիքին։ Այս նամակը հրամայել է անձամբ դնեմ քո ձեռքին։
- Նամա՞կ,- Վանին չկարողացավ թաքցնել ժպիտը,- խանն ինչո՞ւ է հանկարծ հիշել ինձ։ Լավ, տուր տեսնենք,- Վանին վերցրեց խանական կնիքով խնամքով զմռսված նամակն ու բացեց։

Բաշիր բեկի բացված բերանից կարելի էր կռահել, որ նրան, համենայն դեպս, հայտնի է նամակի բովանդակությունը։ Մինչ Հովհաննեսը կարդում էր, նա, առանց աչք թարթելու, շարունակում էր հետևել յուզբաշու դեմքի արտահայտությանը։ Սակայն Բաշիրն այդպես էլ ոչինչ չկարողացավ կռահել նրա անշարժ թավ հոնքերից, արծվենի աչքերից ու միանգամայն անվրդով դեմքից։ Եվ երբ Բաշիր բեկն արդեն չարդարացած իր սպասելիքներից հույսը կտրած ու փոքր-ինչ վախեցած փակել էր մինչև ականջատակերը բացված բերանը, յուզբաշին նամակը ծալեց, ոտից գլուխ չափեց վերջինիս և ժպտաց։

- Ահա թե ինչ,- Վանին մոտեցավ բեկին և ձեռքը դրեց նրա ուսին։- Քանի դեռ խաղաղություն է, պիտի մարդավարի վայելել այն։ Այնպես որ՝ Բաշիր բեկ, այսօր իմ հյուրն ես...
Նամակաբերը հարգանքով գլուխ տվեց և երբ գլուխը բարձրացրեց, նրա դեմքի երկայնքով, մինչև ականջատակերը բացվել էր բերանը։
- Շնորհագալ եմ, մելիք Վանի, շադ շնորհագալ եմ։ Թող ասդվաձ էրգար գյանք տա քեզ,- իր իմացած հայերենով ասաց Բաշիր բեկը։

Իսկ նամակում «համայն Ղարաբաղի կառավարիչ Մեհթի խանը» հայտնում էր, որ «Նորին կայսերական գերազանցություն մեր հայր թագավորին և ռուսական բանակին մատուցած ծառայությունների համար» իր կողմից անձամբ շնորհավորում է քաջ յուզբաշի պրապորշչիկ Վանի Աթաբեկյանին և նրան շնորհում «Ջրաբերդ մահալի մելիքի կոչում», իսկ նրա հայրենի Կուսապատը, որպես սեփականություն, ընծայում է մելիք Վանուն...

Իհարկե, Հովհաննես Աթաբեկյանը հասկանում է, որ խանն այդ նամակով փորձել է ետ չընկնել դեպքերի զարգացման ընթացքից և ոչ թե բարեկամությունից դրդված քայլ է արել, այլ պարզապես իր խանական կնիքով վավերացրել է այն, ինչ իրականում կար։ Ջրաբերդի նախկին մելիքներ Մելիք-Իսրայելյանների և Մելիք-Ալավերդյանների վերջին ժառանգները տեղափոխվելով Գանձակ և Նուխի, Ջրաբերդը թողել էին առանց մելիքների կառավարության։ Զրկված լինելով ղեկավարող ձեռքից, այդ գավառի հայկական գյուղերը կամ լիովին ամայացել էին, կամ խղճուկ ու անպաշտպան էին մնացել, և Վանի յուզբաշին, որ այդ տարիներին ամենահեղինակավոր ու հարգված անձնավորությունն էր մնացել իր հայրենի գավառում, ստանձնել էր Ջրաբերդի ղեկավարի դերը։

Բնածին համեստ ու փառասիրությունից զուրկ կուսապատցի այդ քաջորդին, որ ռուսական բանակին մատուցած հսկայական ծառայությունների համար ընդամենը ստացել էր պրապորշչիկի զինվորական աստիճան, իր եղբոր՝ Հակոբ յուզբաշու հետ վաղուց սկսել էր բարեկարգել հայրենի եզերերքը։ Մեհթի խանը այդքանը գիտեր։ Նա հաճույքով կցանկանար Ջրաբերդի մելիք նշանակել իր ազգակիցներից որևէ մեկին, սակայն խանը հիմար չէր։ Նա քաջ ծանոթ էր Վանի Աթաբեկյանին, որն, ի դեպ, մեծ համարում ուներ ռուսաց բանակում և իշխանավորների մոտ։ Եվ, վերջինիս շնորհելով մելիքի կոչում, խանը ոչ միայն արձանագրեց փաստը, այլ փորձեց շահել քաջ յուզբաշու բարեկամությունը, որ այնքան պետք էր իրեն։

- Հակառակորդի ձեռքը կամ պիտի կտրել, կամ՝ համբուրել,- իր նամակն ուղարկելուց հետո շշնջաց խանը,- ես առայժմ չեմ կարողանում կտրել այդ ձեռքը, ուրեմն...
Ուրեմն... Եվ Մեհթի խանը, որ որպես ժառանգություն պիտի ստանար այն ամենը, ինչ ունեին իր նախորդները, այդ թվում՝ Ջրաբերդի գավառից ստացվող բոլոր եկամուտները, իր մի այլ նամակով հաստատեց Հովհանես և Հակոբ Աթաբեկյանների «Ջրաբերդի ողջ մահալից ստացվող եկամուտներից առհավետ օգտվելու իրավունքը»։

4.

Իշխան Մադաթովն ակնհայտորեն ձանձրանում էր։ Հայրենի Չանախչի բերդում Մելիք-Շահնազարի պալատի տեղը նրա հրամանով սկսել ու արդեն գրեթե ավարտել էին նոր պալատի շինարարությունը։ Իր ազատ ժամանակի մեծ մասն իշխանը անցկացնում էր այդտեղ՝ հետևելով շինարարական աշխատանքներին։ Սակայն իշխանի անհանգիստ հոգին այլ ասպարեզ էր փնտրում։ Նա հոգնել էր միապաղաղ կյանքից։ Մադաթովի արյան հոսքի արագությունը չէր համընկնում հետպատերազմյան կյանքի ծույլ ու միօրինակ հոսքին։ Նա գիտեր, որ Ռուսաստանի հարավային հակառակորդները՝ Պարսկաստանն ու Թուրքիան դեռ թույն ունեն կուտակած ատամների տակ։ Վաղ թե ուշ, նրանք այդ թույնը պիտի պարպեն Ռուսաստանի վրա։ Իսկ Արաքսից այն կողմ դեռ հանգիստ էր, և իշխանին ձանձրացնում էր այդ սպասողական վիճակը։

Գեներալ Երմոլովից ստացված նամակը ակնթարթորեն բարձրացրեց Մադաթովի տրամադրությունը։ «Ինչ կա որ, մեծ պարահանդեսից առաջ կարելի է մի քիչ լեզգինկա պարել»,- ասաց Մադաթովն ու, ծալելով, գրպանում դրեց Թիֆլիսից ստացված նամակը, որով գեներալ Երմոլովը նրան հայտնում էր Դաղստանի ապստամբ լեռնականների դեմ ձեռնարկվելիք արշավանքի մասին։
Երկու օր հետո, 1819 թվականի օգոստոսյան մի առավոտ իշխան Մադաթովի բանբերը Կուսապատում էր։ Իսկ մի ժամ հետո մելիք Վանին կանչեց Հակոբ յուզբաշուն և ասաց.
- Հակոբ, գեներալ Մադաթովից նամակ եմ ստացել։ Իմ հեծելախմբով մեկնում եմ Դաղստան։
- Ավելի ճիշտ՝ մեկնում ենք։ Ես չեմ կարող քեզ մենակ թողնել։
- Եղբայրս, իսկ ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը մենակ ու անպաշտպան մնա։ Դու այստեղ ես պետք։ Պիտի փոխարինես ինձ ...
- Վանի, լավ, մի՛ շարունակիր։ Ես հասկացա քեզ։ Մնում եմ։

Երրորդ օրը Հովհաննես Աթաբեկյանի հեծելախումբը Գանձակի մոտ միացավ գեներալ Մադաթովի զորախմբին։ Այստեղ էլ կայացավ Ղարաբաղի երկու քաջերի երես առ երես առաջին հանդիպումը։
- Հուսով եմ, որ դու մելիք Իվան Աթաբեկյանն ես,- իր աշխետով մոտենալով ղարաբաղցի հեծյալներին, հաղթանդամ մի ձիավորի դիմեց իշխանը։
Հեծելախմբում զվարթ ծիծաղ բարձրացավ։
- Ձերդ գերազանցություն, սա իմ օգնական Մուրադ յուզբաշին է,- ասաց մյուս ձիավորը։ - Հովհաննես Աթաբեկյանը ես եմ։

Գեներալը ցատկեց ձիուց։ Իր ձիուց իջավ նաև մելիք Վանին։ Մի պահ նրանք կանգնեցին դեմ-դիմաց՝ ուշադիր նայելով իրար աչքերի, ապա գրկախառնվեցին։
- Իսկ դու, կտրիճ, ի՞նչ ես նորահարսի պես մի կողմ կանգնել,- ասաց Մադաթովն ու բազուկների մեջ առավ ամաչելուց կարմրատակած Մուրադ յուզբաշուն։- Մելիք Վանի, քո և քո քաջերի մասին ես շատ եմ լսել։
- Գեներալ, երբ դուք դեռ Ղարաբաղում չէիք, ձեր փառքն արդեն հասել էր Ղարաբաղ,- ասաց Վանին,- ձերդ գերազանցության հրամանատարությամբ կռվելը մեծ պատիվ է մեզ համար։
- Ողջո՛ւյն Ղարաբաղի արծիվներին, ողջո՛ւյն, հայրենակիցներ,- Մադաթովը հանեց գլխարկը և նույն վայրկյանին թնդաց հեծյալների խրոխտ բասը.
- Ողջո՜ւյն, ձերդ գերազանցություն...
Առավոտյան գեներալ-մայոր Մադաթովի զորախումբը շարժվեց դեպի հյուսիս՝ հնազանդեցնելու ռուսական իշխանության դեմ ապստամբած լեռնականներին...

* * *
... Դեպի Դաղստան կատարած արշավանքից երկու տարի և չորս ամիս անց մելիք Վանին իշխան Մադաթովի բանագնացի միջոցով այսպիսի մի նամակ ստացավ գեներալ Երմոլովի ստորագրությամբ. «Պարոն պրապորշչիկ Հարությունովին։ Թագավոր կայսրը գնահատելով ծառայության նկատմամբ Ձեր գերազանց ջանասիրությունը և լեզգիների ու կուչինցիների դեմ մղած կռիվներում ցուցաբերած արիության համար Ամենաողորմածը բարեհաճել է Ձեզ պարգևատրել սույն գրության հետ ուղեկցվող «Քաջության համար» ոսկե մեդալով, Գեորգևյան ժապավենով՝ պարանոցին կրելու համար։ Ես հավատացած եմ, որ Դուք, ստանալով միապետի այսպիսի բարեհաճ ուշադրությունը, կկրկնապատկեք Ձեր ջանքերը Նորին կայսերական մեծությանը ծառայելու համար։
Թիֆլիս, 28 դեկտեմբերի 1821 թիվ։
...Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար՝ Երմոլով»։

Նամակի, շքանշանի ու Գեորգևյան ժապավենի հետ միասին բանագնացը Հովհաննես Աթաբեկյանին հանձնեց նաև իշխան Մադաթովի նամակը, որտեղ վերջինս «մեծ բավականությամբ շնորհավորում է մելիք Վանուն՝ կայսերական ողորմածության համար» և հուսով է, որ նա նույն ջանասիրությամբ ու հավատարմությամբ կշարունակի ծառայել Նորին կայսերական մեծությանը։

5.

Մինչ Ղարաբաղում 9-րդ խաղաղ զատիկն էին նշում, Մեհթի խանը շարունակում էր սև երազներ տեսնել։ Մանկությունից լինելով թուլակամ, վախկոտ, բայց բնածին խորամանկ, ռուսներից ասես մատուցարանի վրա ստանալով Ղարաբաղի կառավարչի պաշտոնը, Մեհթի Ղուլին հասել էր իր փառքի մի այնպիսի բարձրակետի, որ երազում էլ չէր պատկերացնում։

Փոքրուց նա վախենում էր ամեն տեսակի զենքերից ու շարունակ աշխատում էր հեռու մնալ ծեծկռտուքներից, սակայն, որպես կառավարիչ, ստանալով նաև գեներալի աստիճան, զինվորական կյանքի հետ երբեք գործ չունեցած խանն իրեն պահում էր երես առած լակոտի պես։ Իր բոլոր ձախորդությունների ու կյանքում կրած դառնությունների քենը նա հանում էր ստորադրյալներից։ Խանի շուրջբոլոր ոչ միայն ստվարացավ խաշնարած, ձիագող ու զանազան դուրսպրծուկ բեկերի քանակը, այլև մարդկային այդ խառնամբոխը շուտով վերածվեց յուրօրինակ մի կենդանաբանական այգու՝ ավանակներով, ջորիներով, կռտած աքլորներով, ոչխարների ու այծերի հոտերով։ Իսկ երբ Մեհթի խանի գիշերները վերածվեցին երազների անվերջանալի սևամաղձ շղթայի, խանի «կենդանաբանական այգին» սկսեց համալրվել նոր նմուշներով։

- Սալի՛մ բեկ, հե՜յ, ավանակի կճղակ, Մազանդարանի էգ խոզ, խալաթս բեր,- բղավում է խանը։ -Հե՜յ, Վալի բեկ, դու ի՞նչ ես ռեխդ բացել գարի տեսած ավանակի պես, էդ կռտած ոչխար Բաբախան բեկին, էդ աներես ջորուն ասա, թող տեսնի են ում աքլորն է էդպես ախմախավարի կլանչում... Ալլահը վկա, էս որտեղի՞ց են իմ շուրջ հավաքվել էս այծի պոզերը, էս անբան թախտաբիթիները։ Ձեզ բոլորիդ պիտի քշել Ջըդըռ-դուզ և էնտեղից, քամակներիդ քացի տալով, շեյթանի ծոցն ուղարկել...

Խանը սկսեց դժգոհել բոլորից։ Իսկ մի օր էլ, երբ կողքից կախված սուրը հանում էր և անզգուշաբար մատը կտրեց, մի ողջ շաբաթ վիրակապած ձեռքը վզից կախ, սենյակից սենյակ էր քայլում և բոլորին մեղադրում վախկոտության մեջ։
- Դուք բոլորդ անասուններ եք, վախկոտ մոզիներ եք,- ռոմի հերթական բաժակը դատակելով, ասում էր խանը։ - Էն էրմանի յուզբաշու անունը որ լսում եք, փոխաններդ լցնում եք։ Ես որ չլինեմ, դուք ի՞նչ կանեք, ինչպե՞ս պիտի ապրեք... Ինձ նման մի չորս-հինգ հոգի ունենայի, էդ բոլոր աբասներին ու սուլթաններին ծնկի կբերեի։ Ալլահը վկա, դուք երջանիկ եք, որ թույլ եմ տալիս իմ շվաքում ապրեք...

Պալատականները հասկանում են, որ խանը դարձյալ վատ վատ երազ է տեսել և ձգտում են չերևալ նրա աչքին, չբարկացնել նրան, սակայն Մեհթի խանը միշտ մի պատճառ գտնում է ու իր մեջ կուտակած ողջ մաղձը թափում է նրանց վրա։ Բայց, միևնույն ժամանակ, նա այնպես էր խոնարհվում և երկտակվում իրենից հզորների առաջ, վախից չռած աչքերով այնպես էր շողոքորթ ծամածռվում, որ եթե հագի շքեղ զգեստները չլինեին, նրան կարելի էր շփոթել դռնապանի կամ ջորեպանի հետ։

Մեհթի խանը դարձյալ մթնված է։ Մոտեցավ պատուհանին և նայեց դուրս։ Արեգակն այդ օրվա իր վերջին շողերն էր նետել Շուշիի վրա։ Խանը հեռացավ պատուհանից, մի քանի անգամ երկայնքով ու լայնքով չափչփեց սենյակն ու, ծալապատիկ նստելով, կանչեց.
- Սալի՛մ բեկ, սարսաղի մեկը, էլի կորա՞ր, Սալի՛մ բեկ։
- Լսում եմ, ձերդ պայծառափայլություն,- իրեն ներս գցելով, Սալիմ բեկը երկտակվեց։
- Էն ովքե՞ր են դրսում քսփսում։
- Խանն ապրած կենա, ես քսփսոց չեմ լսել։
- Չես լսել, որովհետև խուլ ես, խոզի մռութ։ Ես գիտեմ, ինձ ուզում են սպանել, իմ դեմ դավեր են նյութում։ Քսփսո՜ց չեմ լսել... Պիտի լսե՛լ,- խանը սպառնալից նայեց բեկին։ - Վատ ժամանակներ են, ականջներդ սրած պահիր։ Էս պալատում առանց իմ գիտության մուկ էլ չպիտի շարժվի։

- Մուկ էլ չպիտի շարժվի,- կրկնեց Սալիմ բեկը։
- Ես պիտի իմանամ, թե Ղարաբաղի բոլոր մահալներում ինչ են մտածում, ինչ են որոշել անել։ Հասկանո՞ւմ ես...
- Հա, արևափայլ իմ խան, դու պիտի իմանաս, թե Ղարաբաղում ինչ են մտածում, ինչ են անում։
- Ճիշտ է, աֆարիմ։ Իսկ հիմա գնա էն երկու աշուղներին բեր, թող մի քիչ սրտիս ամպերը ցրեն։
- Լսում եմ, արևափայլ։

Քիչ հետո Սալիմ բեկի ուղեկցությամբ ներս մտան երկու հոգի՝ սպիտակ երկար մորուքով կույր մի աշուղ և սազը ձեռքին 17-18 տարեկան մի երիտասարդ։ Ծերունին հարմար տեղավորվեց հատակին փռված կարմիր-կանաչ նախշերով գորգին, երիտասարդի ձեռքից վերցրեց սազն ու սկսեց նվագել։ Հետո խանական պալատով մեկ տարածվեց երիտասարդ աշուղի կիսատղամարդու-կիսաաղջկական ձայնը։ Աշուղների բայաթիներից թե իր շուրջ հայտնված մի քանի զույգ շշերի կախարդական պարունակությունից խանի հոնքամեջը բացվեց։ Իսկ երիտասարդը շարունակում էր կլկլացնել.

Այս աշխարհին ի՜նչ օգուտ իմ աշխարհ գալուց,
Կամ ի՜նչ օգուտ՝ այս աշխարհից իմ գնալուց,
Գոնե մեկն իմ զույգ ականջից մեկին ասե՜ր,
Թե ի՜նչ իմաստ՝ մեր այս գալուց ու գնալուց։

Մեհթի խանը յուղոտ բերանը թևով սրբեց և, ծառային մոտ կանչելով, ասաց.
- Գոճի՛, ներքինապետին ասա, թող էն էգերից մեկին բերի։
Ներս մտավ խաժաչք մի գեղեցկուհի, որի վրա զանազան տեսակի ավելի շատ զարդեր կային, քան շորեր։ Վերջինս անկրկնելի մի ժպիտ պարգևեց խանին, ապա հավատարիմ շան պես մեկնվելով նրա ոտքերի մոտ, վարդաթերթ իր շուրթերով համբույր դրոշմեց խանական փամփլիկ աջի վրա։ Մեհթի խանը աղջկա գլուխը ձգեց, դրեց իր ծնկներին, լիքը բաժակը սկզբում մոտեցրեց նրա շուրթերին, հետո մնացյալը ինքը դատարկեց։

- Վալլա՜հ, սաղ աշխարհը ոտիս տակ է,- խանը երանությամբ ծուլորեն հորանջեց,- Շուշիի այս բարձունքից թոփի լուլան որ ուղղեմ դեպի հարավ՝ Աբասի գլխին է բոմբ ընկնելու, դեպի հյուսիս ուղղեմ՝ Թիֆլիս է ընկնելու, հլա մի քիչ էլ դենը՝ Պետերբուրգ... Փա՜հ, ուխա՜յ, էս գյավուր ժողովուրդները մի բանի պետք չեն, բայց լավ խմիչքներ ունեն... Հե՜յ, գոջա՛, էս խոխան հոգնել է, մի ուրախ բան էլ դու զլլացրու։
Ծեր աշուղը սազը դրեց կրծքին, գլուխը թեքեց, աջ ականջը մոտեցրեց նվագարանին, այն մի քանի անգամ թափահարեց,ասես մեջն ինչ-որ զառեր էր խառնում, և սկսեց նվագել։ Մի քանի րոպե հետո լսվեց ծեր երաժշտի ձայնը.

Մի ձեռքում գինի, մյուսում Ղորան,
Մերթ հարամ ենք մենք, մերթ հալալ օղլան,
Այսպես, փիրուզի այս երկնքի տակ
Ոչ թունդ գյավուր ենք, ոչ՝ զուտ մուսուլման...

- Փա՜հ, ես քո ինչն եմ ասել,- խանը ծիծաղեց,- էս գոջան բայց ճիշտ է երգում։ Ալլահը վկա, ճիշտ է երգում։ Ասում ես՝ ոչ թունդ գյավուր ենք, ոչ՝ զուտ մուսուլմա՞ն... Չէ՛, ալլահը վկա, խմելը մեղք չէ։ Մի իմաստուն ասել է. «Լավ է դժոխքում հարբած լինես, քան դրախտում՝ սթափ»... Օղուլ, անունդ ի՞նչ է,- խանը դիմեց երիտասարդ աշուղին։
- Մաքսուդ։
- Մաքսո՛ւդ, եկ էստեղ, կողքիս նստիր։
Ծեր աշուղը նստած տեղում անհանգիստ շարժում արեց։ Երիտասարդը երկյուղածորեն մոտեցավ ու նստեց խանի կողքին։
- Աշո՛ւղ, ինչո՞ւ ես լռել, գործիքդ չափ գցիր։

Մեհթի խանը ինչ-որ բան շշնջաց իր ոտքերի մոտ մեկնված գեղուհու ականջին։ Վերջինս ժպտալով ելավ և, իր շարժումները հարմարեցնելով նվագին, սկսեց կաքավել՝ հագուստի ծայրերը դիպցնելով իր գեղեցկությունից շշմած երիտասարդի դեմքին։ Չդադարեցնելով նազանքով պտտվել, նա ռոմով լի բաժակը երկարեց կրտսեր երաժշտին։
- Խմի՛ր,- ասաց խանը։
Երբ Մաքսուդը մինչև վերջ դատարկեց բաժակը և շշկլված նայեց Ղարաբաղի կառավարչին, վերջինս մի բաժակ ևս լցրեց նրա համար և ասաց.
- Ի՞նչ ես նապաստակի պես խլշել։ Կարծում էիր մենք քարի՞ց ենք, որ դիմա-նում ենք, կարծում ես՝ հե՞շտ բան է խան լինելը... Էդ գոջան քո ի՞նչն է։
- Պապս։ Ինքն է ինձ մեծացրել։
- Լավ է արել։ Էս բաժակով էլ խմիր նրա կենացը, բայց ճիշտն ասա՝ տկլոր կին տեսած կա՞ս...

Մաքսուդն աչքերը ճպճպացրեց։
- Լավ, հասկանալի է, կույս ես,- խանն աչքով արեց պարուհուն։
Ծեր աշուղը շարունակում էր նվագել, բայց նրա դատարկ ակնախոռոչներում ու լարված դեմքին ինչ-որ վախ ու անհանգստություն էր դրոշմվել։ Երիտասարդը մշուշված աչքերը լայն չռած, նայում էր իր դիմաց հուրհրատող հրաշագեղ մերկ մարմնին, իսկ զարմանքից ու հիացմունքից բացված նրա բերանից թուքը ծորում էր ձեռքին պինդ բռնած դատարկ բաժակի մեջ։
Խանը գրկեց պարուհուն, սեղմեց կրծքին, ապա, ասես, հավասարակշռությունը կորցնելով, ողջ մարմնով ընկավ աղջկա վրա և սկսեց ագահորեն համբուրել ու կծոտել իր տակ հաճույքից թփրտացող ճերմակափրփուր մարմինը։

- Լավ, ալլահը վկա, էսօր շատ զվարճացա,- աշուղների ներկայությամբ գեղեցկուհուն տիրանալուց հետո, մշուշված աչքերը ծուլորեն ճպճպացրեց արևափայլը,- Է՜հ, երանի էս քնելը չլիներ։

Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,
Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.
Իսկ ի՜նչ պիտի անես, երբ քո մահը գա,-
Խմի՛ր, քանի... արթնանո՜ւմ ես դու քնից...

Արևածագից մի ժամ առաջ խանական պալատում սկսեցին լույսերը հանգցնել։ Շուտով բերդաքաղաքում լսվեցին առաջին աքլորականչերը։ Մեհթի խանի պալատը քուն մտավ։
Երբ լույսը բացվեց, խանական պալատից հեռու, Շուշիի ծայրամասում ճերմակամորուք ծերունու և 17-18 տարեկան երիտասարդի դիակ գտան։

Հաջորդ օրը Մեհթի խանը փախավ Պարսկաստան։ Արաքսն անցնելուց հետո առաջին միտքը, որ փայլատակեց խանի գլխում, այս էր. «Վալլա՜հ, կնիքս մոռացել եմ...»։

6.

Գյուլիստանի դաշնագրից հետո Ռուսաստանի և Պարսկաստանի միջև տասը տարուց ավելի պատերազմական գործողություններ չծավալվեցին, սակայն երկու երկրներում էլ շարունակում էին ուշի-ուշով հետևել միմյանց պալատական ու զինվորական անցուդարձերին։ Թեհրանում, Թավրիզում և Աբաս Միրզայի բանակում տեղի ունեցող շարժերի մասին մի քանի օր հետո իմանում էին Թիֆլիսում, հետո այդ լուրը, սրբագրված-խմբագրված, հասնում էր Պետերբուրգ։

Եվ, ընդհակառակը, ռուսական պալատում ու, ընդհանրապես, Արաքսի մյուս կողմում կատարվող շարժումների մասին իսկույն իմաց են տալիս Ֆաթհ Ալի շահին ու նրա ռազմատենչ զավակին։
1825 թվականի նոյեմբերին Աբաս Միրզան լուր ստացավ, որ Ալեքսանդր կայսրը կնքել է իր մահկանացուն։ Եվ, քանի որ նա զավակ չուներ, պալատականների մի մասը, ոչինչ չկասկածելով, արդեն հավատարմության երդում էր տվել նրա եղբայր Կոնստանտինին։ Բայց պարզվեց, որ մահից առաջ կայսրը ցարական թագը կտակել է իր մյուս եղբորը՝ Նիկոլային։

Ցարական պալատում այս խառնաշփոթը դեռ չավարտված, երկրով մեկ հուզումներ սկսվեցին։ Դեկտեմբերի 14-ին մայրաքաղաք Պետերբուրգում գտնվող զորքի մի մասը զինված դուրս եկավ փողոց՝ ինքնակալությունը տապալելու վճռականությամբ։ Ապստամբների վրա ցարի հրամանով կրակ բացեցին և կարճ ժամանակում ձերբակալեցին նրա կազմակերպիչներին, սակայն հեղափոխական հուզումներն արդեն հասել էին Ռուսաստանի հարավային նահանգները...
Շահական պալատում հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանի նոր կայսր Նիկոլայը չի սիրում Կովկասի կառավարիչ Երմոլովին և պատրաստվում է նրան փոխարինելու այլ գեներալով։ Իսկ Կովկասում գտնվող ռուսական զորամասերը անգործության մատնված, ցրված են այսուայնտեղ՝ ռազմավարական ոչ մի նշանակություն չունեցող բնակավայրերում։

Արաքսի այս և մյուս ափերում հոգևոր առաջնորդները նախապատրաստել ու ոտքի են հանել մահմեդական ազգաբնակչությանը, նրանց կոչելով սրբազան պատերազմի՝ ընդդեմ քրիստոնյաների։
- Ռուսներին վերջին հարվածը հասցնելու ժամանակը մոտ է,- Ֆաթհ Ալի շահին ասաց Աբաս Միրզան,- Ռուսաստանն այս անգամ մեր հարվածին չի դիմանա։
«Ռուսների իշխանությունը շուտով կվերջանա»,- այս կարծիքն էր իշխում նաև Արաքսի այս ափի մահմեդական ազգաբնակչության շրջանում...

7.

1826 թվականի ամռանը Աբաս Միրզան կրկին անցավ Արաքսը։ Այս անգամ թագաժառանգն Արաքսն անցավ 60 հազարանոց բանակով և ողջ Կովկասը շեկ ռուսներից ետ խլելու անսասան վճռականությամբ։ Շահզադեի բանակում էին նաև մարդիկ, ովքեր տարիներ առաջ հպատակության և հավատարմության երդում են տվել ռուսաց փադիշահին։ Նրանք են՝ «համայն Ղարաբաղի կառավարիչ-խան» Մեհթի խանը, Շիրվանի Մուստաֆա խանը, Շաքիի Սելիմ խանը և վրաց մի քանի ազնվականներ։ Նույն անկեղծությամբ, որով երդվել են, նույն անկեղծությամբ դավաճանելով ռուսական կառավարությանը, նրանք Պարսկաստան են փախել իրարից անկախ, նման այն շներին, որոնք օդում զգալով տիրոջ հոտը, տարբեր ճանապարհներով սլանում են նրան ընդառաջ։

Հայտնվելով Աբաս Միրզայի պալատում, Մեհթի խանը խոր գլուխ է տվել ու ողջունել շահերի ծովերի գոհարին, սակայն շահզադեն, առանց ուշադրության արժանացնելու նրան, չոր նետել է.
- Մեհթի խա՞ն, այդ ո՞ր քամին է քեզ նետել Պարսկաստան, ինձ մոտ։
- Բաշ սարդար,- Մեհթի խանը կրկին գլուխ է տվել,- Արաքսի այն ափը նույնպես Պարսկաստան է, չնայած ժամանակավոր գտնվում է ռուսների տիրապետության տակ։
«Բայց խորամանկն է աղվեսը»,- շահզադեն թիկունքով էր շրջված դեպի խոսակիցը, և խանը չնկատեց նրա ժպիտը։ Ճիշտն ասած, Աբաս Միրզան ամենևին էլ վրդոված չէր Մեհթի խանի փախուստից, ընդհակառակը, լսելով Շուշիից նրա փախուստի մասին, մտքում արդեն որոշ ծրագրեր էր հյուսել, սակայն ոչ մի մտադրություն չուներ այդ մասին նրան հայտնելու և նույն չոր տոնով ասել է.
- Մեհթի խան, բայց դու այնտեղ՝ Ղարաբաղում, ինձ ավելի շատ էիր պետք, քան այստեղ՝ Թավրիզում։

- Ալլահի կրկնօրինակի հրամանատարությամբ այդ անհավատ ռուսների դեմ կռվելը ինձ համար մեծ պատիվ է։
- Իսկապե՞ս,- շահզադեն դեմքով դարձել է դեպի խանը,- քո հայրն էլ էր այդպես մտածո՞ւմ։
- Բաշ սարդար, այդ գյավուր ռուսներն ու հայերը իմ հորը սպանել են, թե չէ...
- Այո, նրանք շտապել են։ Իբրահիմ խանին ես պիտի գլխատեի...
Մեհթի խանը սփրթնել է։ Շահզադեն նկատել է այդ ու, ծիծաղելով, ավելացրել.
- Խան, քիթդ մի՛ կախիր, այս անգամ, ալլահը վկա, մենք մի լավ դաս կտանք ռուսներին...
Եվ ահա, պարսկական բանակի հետ անցնելով Արաքսը, Մեհթի խանը, Մուստաֆա խանն ու Սելիմ խանը գալիս են դաս տալու ռուսներին։ Ամենածանր հարվածները դարձյալ բաժին ընկան հայերին։

Աբաս Միրզայի բանակը Արաքսն անցավ Զանգեզուրի հարավային հատվածում։ Անակնկալի եկած ռուսական երեք վաշտերը հայտնվելով շրջապատման մեջ, իսկույն հանձնվեցին։ Զանգեզուրցիները փոխգնդապետ Նազիմկային առաջարկեցին հրանոթները թաքցնել իրենց մոտ՝ Գորիսում, իսկ ռուսական վաշտերը լեռներով անցկացնել Շուշի։ Նազիմկայի համար հայերը, վրացիները, թաթարները (թուրքերը), բոլորը միասին կոչվում էին կովկասցիներ, և նա դեռևս չէր սովորել իրարից զանազանել քրիստոնյա հայերին ու մահմեդական ցեղախմբերին։ Նա այդպես էլ չլսեց հայերին և մի քանի օր հետո նրա հազար զինվորներից կենդանի մնացին ընդամենը ութ հոգի, որոնք հրաշքով փրկվել էին հայերի շնորհիվ։

Պարսկական բանակը Զանգեզուրով մտավ Ղարաբաղ։ Աբաս Միրզայի առաջխաղացման լուրն առնելով, գնդապետ Ռեուտը, որ 42-րդ եգերյան գնդի վեց վաշտերով, թվով մոտ երկու հազար զինվոր, գտնվում էր Չանախչիում, իր զորախմբով հապշտապ մեկնեց Շուշի և ամրացավ այնտեղ։
Թալանելով ու ավերելով Չանախչին, հուլիսի 25-ին պարսկական բանակը պաշարեց Շուշիի բերդը։ Շուշիի գրավումը շահզադեն համարում էր մի քանի ժամվա գործ և, որպեսզի իզուր ժամանակ չկորցնի Կովկասը գրավելու իր մեծ ծրագրի իրագործման ճանապարհին, իր որդի Մահմուդ Միրզային և Ամիր խան սարդարին 10-հազարանոց, առաջապահ զորամասով ուղարկեց Ելիզավետպոլի ուղղությամբ։
- Վաղը կհանդիպենք Գյանջայում,- շահզադեն շոյեց մորուքը,- Շուշին ինձ համար մի թեթև զորավարժություններ անելու առիթ է։ Առջևում մեզ մեծ գործեր են սպասում։
- Չեմ կասկածում,- հրաժեշտից առաջ ասաց Մահմուդ Միրզան,- իսկ մինչ այդ մենք էլ մի թեթև վարժանքներ կանցկացնենք Գյանջայում։

Հանդիպումը Ելիզավետպոլ-Գանձակում հաջորդ օրը չկայացավ։ Այն չկայացավ նաև երկու, չորս, տասը, քառասուն օր հետո։ Պարսկական առաջապահ զորքերը Մահմուդ Միրզայի և Ամիր խան սարդարի գլխավորությամբ գրավեցին Ելիզավետպոլը և պատրաստվեցին գնալ Թիֆլիսի վրա։ Սակայն հայր Աբասն ուշանում էր, շատ էր ուշանում։
Մեհթի խանը Շաքիի և Շիրվանի խաների հետ քարոզչական լայն գործունեություն էր ծավալել Անդրկովկասի իր ազգակիցների շրջանում։
- Մուհամեդի հետնորդներ, ի՞նչ եք քնել, վե՛ր կացեք, մեր ժամը խփել է։ Ղազավա՜թ, ղազավա՜թ, մա՜հ գյավուրներին։ Սուրբ Մուհամեդը մեզ հետ է։ Կոտորեցե՛ք, թալանեցե՛ք այդ անհավատներին,- իրենց հավատակիցներին ոգևորում էին նրանք։

- Ռուսների իշխանությունը պրծել է,- խաշնարած իր ազգակիցներին պատմական անցուդարձերը մեկնաբանում էր Մեհթի խանը,- դրանց, այդ անհավատներին շուտով կքշենք մինչև Մոսկով ու Պետերբուրգ։ Այնտեղ,- խանը մատնացույց է անում վերև,- երկնքում մեր ալլահը արդեն հաղթել է նրանց սուտ աստծուն։ Շուտով դրանց, ալլահի օգնությամբ, կջարդենք նաև այստեղ՝ երկրի վրա։ Սուրբ Մուհամեդը նրանց հրացաններից արձակած գնդակները դարձրել է չխոցող։ Երբ նրանք մեզ վրա կրակեն իրենց թոփերից, մեր ալլահը նրանց բոմբը օդում բռնելու է և ետ գցելու է նրանց գլխին...
- Փա՜ռք մեր ալլահին, կորչեն գյավուրները, ղազավա՜թ,- ոռնում է խաշնարածների, ձիագողերի և մանր-մունր թալանչիների ու ավազակների խառնամբոխը։

Մեհթի խանն արդեն մտքում իրեն հռչակել էր Ղարաբաղի և Զանգեզուրի տիրակալ։ Սակայն Աբաս Միրզայի «զորավարժությունները» Շուշիում կարծես շատ երկարեցին։ Արդեն չորս տարի է Մեհթի խանը չի եղել Շուշիի խանական իր նստավայրում։ Ամեն երեկո նամազից առաջ խանը ներքևից նայում է բերդի պարիսպներին ու քթի տակ մրթմրթում.
- Վաղը մենք կմտնենք Շուշի... Ալլահը վկա, այդ բերդում ոչ մի գյավուր չպիտի կենդանի մնա... Ալլա՜հ, ալլա՜հ, օգնիր մեզ...

Արաքսի այս ափի մահմեդական բնակչությունը ռուսական տիրապետության տապալումը համարում էր օրվա խնդիր։ Այն, ինչ չէին հասցնում թալանել պարսկական զորքերը, թալանում էին անդրկովկասյան մահմեդական ցեղախմբերը։ Թալանում ու կողոպտում էին հայկական գյուղերը։ Նվաճված էին ողջ Զանգեզուրի, Ղարաբաղի և Գանձակի խանությունները։ Պարսկական բանակի առաջապահ զորամասերը գրեթե Թիֆլիսի տակ էին, սակայն Շուշիի բերդը դեռ դիմադրում էր։
Ոգևորված Մեհթի խանի և զանազան մուրշիդների «գյավուրների գնդակների չխոցելու» մասին ճամարտակություններից, առաջին իսկ օրը մի խումբ ավարառուներ պարսկական բանակի աջ թևից գրոհեցին Շուշիի վրա, սակայն պարիսպներից 50-60 մետրի վրա զարմանքից չռված աչքերով ասես մի պահ կախվեցին օդում և խոցված փռվեցին գետնին։ Կենդանի մնացած երկու հոգի սարսափահար փախան՝ «Ալլա՜հ, ալլա՜հ» կանչելով։ Սուրբ Մուհամեդը իր ղուլերի մարմինները մոռացել էր անխոցելի դարձնել։ Նույն երեկոյան բերդից արձակված «բոմբը», առանց որևէ խոչընդոտի հանդիպելու երկնքում, սուրաց Աբաս Միրզայի ճամբարը և ցաքուցրիվ արեց տասնյակ սարբազների մարմիններ...

Աբաս Միրզան կրկին մասլահաթի հրավիրեց ֆրանսիացի մարաջախտներին։ Բերդը գրավելու նոր ծրագրեր մշակեցին։ Շահզադեի եվրոպականատիպ ասիական բանակը լույսը բացվելուն պես գրոհներ էր ձեռնարկում, սակայն ոչ մի արդյունքի չհասնելով, ողջ գիշերը թնդանոթներից շարունակում է կրակ թափել ամրոցի վրա։

8.

Իսկ բերդը դիմադրում էր։ Շուշեցիներից բացի, մոտակա գյուղերից հարյուրավոր ընտանիքներ պատսպարվել էին այնտեղ և գնդապետ Ռեուտի հրամանատարությամբ ռուսական 42-րդ եգերյան գնդի վեց վաշտ զինվորների հետ շարունակում էին քաջաբար կռվել Աբաս Միրզայի, օրեցօր ավելի ու ավելի սաստկացող սովի ու հոգնածության դեմ։

Բերդի դիտաշտարակից նայողների համար յուրօրինակ պատկեր էր ներկայացնում Աբաս Միրզայի բանակը. այն նմանվում էր բերդի շուրջ տարածված հսկա մի մրջնանոցի։ Ամեն անգամ երբ պարիսպների դիտանցքներից պաշարվածները նայում էին պարսկական կարմրագլուխ մրջյուններին (այդ կարմիր գլուխների պատճառով թուրքերը նրանց արհամարհանքով անվանում էին ղզլբաշ), տարաբնույթ զգացումներ էին ունենում։ Նրանց մերթ թվում էր, թե բազմաքանակ պարսիկ սարբազներից և նրանց շուրջ շնագայլերի պես պտտվող թուրքական ցեղախմբերից ոչ մի փրկություն չկա, մերթ թվում էր, թե բնական իր անառիկ դիրքի շնորհիվ բերդը դեռևս կարող է դիմադրել, իսկ երբ պարսկական հրանոթները միահամուռ կրակ են թափում, և սարբազները վայրենի ոռնոցով գրոհում են բերդի վրա, թվում է, թե՝ վերջ, այլևս փրկություն չկա։

Պաշարման առաջին օրը գնդապետ Ռեուտը մտքում կարճ հաշվումներ արեց և եկավ այն եզրակացության, որ թվով մոտ երեսուն անգամ իրենց գերազանցող և լավ զինված պարսկական բանակի դեմ իրենք՝ գրեթե առանց զինամթերքի ու ուտելիքի պաշարի (թնդանոթներն ու սննդի պաշարների զգալի մասը թողել էին Չանախչիում), կարող են դիմադրել, լավագույն դեպքում, չորս-հինգ օր։ Սակայն այն, ինչ կատարվեց հաջորդ օրերին, մինչև հոգու խորքը ցնցեց գնդապետին։ Նա գրեթե անտեսել էր բերդի հայ ազգաբնակչությանը, որոնք, սակայն, պարզվեց, որ ոչնչով չեն զիջում իր զինվորներին։ Իրենց ամուսիններից ու եղբայրներից ետ չէին մնում հայ կանայք։ Ամրոցի պաշտպանությանը հնարավոր ամեն ինչով օգնում էին նաև երեխաներն ու ծերերը։

Բերդից դուրս եկող, անդնդախոր ձորի վրա ասես կախված քարափների վրայով ձգվող նեղ մի արահետի վրա ռուս զինվորներից մեկը նկատեց ամրոցի ուղղությամբ շարժվող երկու փոքրիկ կետ։ Երբ մի քիչ մոտեցան, զինվորը պարզ տեսավ, որ նրանցից մեկը կին է, իսկ տղամարդու շալակին ինչ-որ ծանր պարկ կա։ Հանկարծ նրանց նկատեցին նաև պարսիկ սարբազները և, մերկ սրերը շողշողացնելով, նետվեցին նրանց հետևից։
- Տղե՛րք, շուտ այստեղ եկեք, տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ, ներքևում,- գահավեժ ձորի վրա կախված քարքարոտ նեղլիկ ճանապարհը մատնացույց անելով, բերդի աշտարակից կանչեց ռուս զինվորը։
- Տեսե՛ք, նրանցից մեկը կին է։ Բերդում ես տեսել եմ նրան,- ասաց զինվորներից մեկը։
- Աստված իմ, նրանք կորած են,- հուսահատ կանչեց 18-19 տարեկան կապտաչ մի ուրիշ զինվոր։- Գրողը տանի, գոնե կարողանայինք օգնել նրանց...

Երբ արդեն գրեթե հասել էին նրանց, տղամարդը մեջքից ցած գցեց պարկն ու հուսահատ բղավեց.
- Խաթուհի՛, փախի՛ր, ղզլբաշնե՜րը...
Կինը սկզբում հետևեց տղամարդուն, բայց ճանապարհին ընկած պարկի մոտ հանկարծ կանգ առավ, գետնից մի քար վերցրեց և ողջ թափով նետեց իր հետևից սրամերկ վազող սարբազի վրա։ Գլխի կարմիր չալման ասես տարածվեց պարսիկի դեմքով մեկ։ Նա փռվեց գետնին ու սկսեց խռխռացնել։ Կինը նոր քար վերցրեց գետնից և, արնաշաղախ սարբազի ձեռքից վերցնելով սուրը, մխրճեց հևասպառ իր վրա նետվող պարսիկի կուրծքը։

Բերդում, դիտաշտարակների մոտ արդեն հավաքվել էին հարյուրավոր ռուս զինվորներ ու հայեր և անհանգիստ նայում էին ներքևում՝ գահավեժ ձորի վրա ասես հրաշքով կախված նեղլիկ ճանապարհի վրա կատարվող տեսարանին։
- Մեր Խաթուհին է, Խաթուհին է... Ամուսնու հետ ցորենը տարել է աղալու,- լսվեց տղամարդու մի ձայն։
Երկրորդ սարբազի ուսից վերցնելով հրացանը, Խաթուհին դիմահար կրակեց երրորդ սարբազի վրա։ Վերջինս, կարծես, անտեսանելի քարե պատնեշի զարնվելով, հանկարծ մեխվեց տեղում և, վայրենի ճիչ արձակելով, գլորվեց ձորը։
- Ուռռա՜,- դիտաշտարակի վրա սկսեցին ծածանվել մի քանի տասնյակ ձեռքեր,- կեցցե՜ս, Խաթուհի... Դե շո՛ւտ, վազի՛ր...

Կինը ձախ ձեռքից բաց չթողնելով հրացանը, ամուր բռնեց պարկի բերանից և սկսեց քաշել իր հետևից։ Շուտով հայտնվեցին երկու սարբազ ևս։ Առանց ձախ ձեռքից բաց թողնելու պարկն ու հրացանը, աջ ձեռքով սուրը ճոճելով, Խաթուհին անսպասելի նետվեց առաջին պարսիկին ընդառաջ։ Անակնկալի եկած սարբազը կանգ առավ և փորձեց նույն կերպ՝ սուրը ճոճելով, պաշտպանվել, սակայն, հավասարակշռությունը կորցնելով, սայթաքեց ու վայրենի ոռնոցով գահավիժեց ձորը։
- Ուռռա՜,- կրկին թնդաց պաշարված բերդը։ Աշտարակից կրակոցի ձայներ լսվեցին։

Մյուս սարբազը վախեցած կանգ առավ և անվստահ նշան բռնեց պարկն իր հետևից քարշ տվող հանդուգն կնոջ վրա։ Կինն արդեն թեքվել էր ոլորաններից մեկում։ Ճանապարհի վրա չորս սարբազ էլ հայտնվեցին, սակայն չհամարձակվեցին առաջ շարժվել. բերդից լսվող կրակոցներն ու բղավոցները նրանց ստիպեցին ձեռնունայն ետ դառնալ...
Ողջ օրը պաշարված բերդը թնդում էր ուրախությունից։ Օրվա հերոսը Խաթուհին էր։ Ոգևորված քաջ հայուհու սխրանքից, հաջորդ օրերին պարկներն ուսերին, հայերը գիշերները դուրս էին գալիս բերդից և, Շոշ գյուղի ջրաղացում Սաֆար և Ռոստոմ Թարխանյան եղբայրների մոտ ցորենն աղալով, լույսը դեռ չբացված, կրկին մտնում բերդ։

Շարունակվում էր պայքարը Աբաս Միրզայի և սովի դեմ։ Պայքարում էին ով ինչպես կարողանում էր։ Ուստա Պողոսի համար ցերեկն ու գիշերը վաղուց չէին տարբերվում։ Ամբողջ օրը աշխատում էր՝ օրական պատրաստելով 10-12 կգ վառոդ։ Զինամթերքը վաղուց սպառած բերդի պաշտպանների համար դա, իհարկե, քիչ էր, բայց այդ նույն վառոդից լիցքավորված հրացանների գնդակներից թշնամու զինվորներն այնպես էին փռվում պարիսպների տակ, որ վերևից, բերդից նայելիս, նմանվում էին կանաչ ծովի ալիքների վրա անշարժ մեկնված կարմրագլուխ լողորդների...
Ռեուտին զեկուցեցին, որ բերդի հայ պաշտպաններից մեկը ուզում է տեսնել իրեն։
- Ներս հրավիրեցեք,- ասաց գնդապետը, անքնությունից կարմրած աչքերը տրորելով։

Ներս մտավ թավ բեղ-մորուքով մի տղամարդ։
- Լսում եմ ձեզ,- Ռեուտը նրան առաջարկեց նստել, սակայն վերջինս շնորհակալություն հայտնեց և ասաց.
- Պարոն գնդապետ, անունս Հարություն Ալթունյան է։ Ես մի ծրագիր եմ մտածել։
- Ի՞նչ ծրագիր։ Ես ձեզ լսում եմ։
- Մենք չպիտի այստեղ սպասենք, որ ղզլբաշները, սովի մատնելով, մեզ ոչնչացնեն։ Օգնություն է պետք։ Իսկ գուցե այնտեղ՝ Թիֆլիսում ոչինչ չգիտեն մեր մասին... Ես... Ես կարող եմ մեր դրության մասին նամակ տանել Թիֆլիս՝ հրամանատարությանը...

- Ի՜նչ,- Ռեուտը ցնցվեց,- ցնդե՞լ եք, ի՞նչ է... Մենք գլխովին շրջապատված ենք պարսիկների կողմից...
- Ես կարող եմ դուրս պրծնել նրանց օղակից...
- Ո՛չ։ Թույլ չեմ տա, չեմ կարող ձեզ ուղարկել բացահայտ մահվան...
- Այդ դեպքում՝ կամավոր կմեկնեմ, բայց, ցավոք, առանց ձեր նամակի ինձ գուցե չհավատան...
- Աստված իմ,- գնդապետը մոտեցավ և ձեռքը դրեց Հարությունի ուսին,- բայց ինչպիսի՜ ժողովուրդ եք դուք՝ հայերդ... Համաձայն եմ...

Նույն օրը երեկոյան, ստանալով ողջ կայազորի օրհնությունը, Հարությունը մոտեցավ գնդապետ Ռեուտին։ Վերջինս քաջ հայորդուն սեղմեց կրծքին, նրան տվեց գեներալ Երմոլովին հասցեագրված նամակն ու շշնջաց.
- Աստված քեզ պահապան, հարազատս...
Խոր գիշերին, երբ սոված ու հոգնած քնած էր Շուշին, Հարությունը իջավ պարսպից կախված պարանով և նույն վայրկյանին անհետացավ գիշերվա խավարում։ Այդ գիշեր գնդապետ Ռեուտը դարձյալ չքնեց։

...Մի քանի օր հետո, երբ դեռ լույսը չբացված, գնդապետին զեկուցեցին, որ Հարություն Ալթունյանը վերադարձել է և գեներալ Երմոլովից գրություն է բերել, Ռեուտը չզարմացավ. նա վաղուց արդեն դադարել էր հրաշքներին չհավատալուց...
Չորս շաբաթ էլ անցավ, սակայն Շուշիի բերդը դեռ դիմադրում էր։ Պարսիկ սարթիփներն ու սարհանդներն ամեն կերպ ձգտում էին Աբաս Միրզայի աչքին չերևալ։ Շահզադեն դժգոհ էր բոլորից։ Ամեն օր լուտանքներ էր թափում իր եվրոպականատիպ բանակի սարթիփների ու թոփչիբաշիների գլխին, սակայն շարունակում էր հավատալ, որ հաջորդ առավոտյան անպայման կմտնի Շուշի։ Հավատում և բոլորին փորձում էին նույն հավատը ներշնչել նաև արշավանքների ժամանակ Աբաս Միրզայի բանակին ուղեկցող իմամները, մուրշիդները և մեծ ու փոքր հոգևոր այլևայլ գլուխները։ «Մեծ սարդարը, շահերի ծովերի մարգարիտը դիտմամբ ձգձգում է մեծ գրոհը, դիտավորյալ երկարացնում է պաշարումը, որ այդ գյավուրները սովից կոտորվեն և իրենք իրենց բացեն բերդի դարպասները»,- համոզված ասում էին նրանք։

9.

Սակայն «Մեծ գրոհը» ուշանում էր, իսկ Շուշին դեռ դիմադրում էր։ Ավարառուները արդեն ասպատակել և թալանել էին պաշարված ամրոցին մերձակա անպաշտպան գյուղերը։ Ասպատակության ու թալանի շառավիղը մեծացավ. նրանք սկսեցին ավերել ու պղծել Ղարաբաղի երբեմնի ծաղկուն մյուս բնակավայրերը։ Լքելով հարազատ գյուղերը, հայ շինականները պատսպարվել էին լեռներում ու անտառներում։ Սարսափի մեջ էր ոչ միայն Ղարաբաղի բնակչությունը, այլև Անդրկովկասի քրիստոնյա ողջ բնակչությունը։ Աբաս Միրզայի առաջապահ զորամասերն արդեն ասպատակություններ էին անում Թիֆլիսի արվարձաններում...

Ավերվեց ու թալանվեց նաև Ջրաբերդ գավառը։ Հարյուրավոր ընտանիքներ, որ մելիք Վանու ջանքերով կրկին վերաբնակվել ու շենացրել էին իրենց պապենական օջախները, կրկին լքեցին հայրենի գյուղերը։ Պարսիկ ու մահմեդական ավարառուները թալանեցին Հովհաննես և Հակոբ Աթաբեկյան եղբայրների ունեցվածքը, քշեցին տարան նրանց հոտերն ու ձիերի երամակը։
Իրենց ընտանիքները համեմատաբար ապահով տեղ թաքցնելով, Հովհաննեսն ու Հակոբը սկսեցին Շուշիում պաշարվածներին օգնելու ծրագրեր մտածել։ Բերդի պաշտպանների մեջ էր նաև Հակոբ յուզբաշու ավագ որդին՝ Ասլանը, որ նոր էր ամուսնացել։ Մանկահասակ կնոջը թողնելով ծնողների մոտ, իր հայրենակիցների ու ռուսական կայազորի հետ նա հավասար պաշտպանում էր քաղաքը՝ հաճախ դուրս գալով հետախուզության։

Մելիք Վանին մերթ հայտնվում էր պաշարաված Շուշիի մոտերքում, պարսկական բանակի ուղղակի քթի տակ, մտախոհ նայում թանձր ծխի մեջ կորած ամրոցին ու նրա շուրջ ասես անվերջ տարածված պարսից բանակին, մերթ հայտնվում էր Ջրաբերդի խուլ անտառներում, քաջալերում, ինչով կարող էր՝ օգնում էր փախստա-կան իր հայրենակիցներին։ Մելիք Վանին զինվոր էր այդ բառի ամենալայն իմաստով։ Զինվոր, որ փաստորեն մենակ էր մնացել, առանց զինակիցների։ Ղարաբաղում եղած միակ զորամասը՝ ընդամենը վեց վաշտ զինվորներով, գրեթե առանց զինամթերքի ու սննդի պաշարների, պաշարված էր Շուշիի բերդում։

Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը ցրված էր լեռներում ու անտառներում։ Հովհաննես Աթաբեկյանի անհանգիստ արյունը եռում էր երակներում։ Օր ու գիշեր իր ժողովրդին փրկելու ուղիներ էր փնտրում, սակայն չէր կարողանում գտնել փրկության պարանի ծայրը։ Եվ մի օր էլ, երկարատև խորհրդակցելով արքեպիսկոպոս Սարգիս Ջալալյանցի, Գյուլիստանի գավառի կառավարիչ Հովսեփ Բեգլարյանի հետ, որոշեցին երեքով գնալ Աբաս Միրզայի մոտ՝ խնդրելու խնայել հայ ժողովրդին։ Նրանց ստիպեց այդ քայլին դիմել պարսից թագաժառանգի օրեցօր աճող մոլեգնությունը. տեսնելով, որ հայերից ոչ պակաս դիմադրության է հանդիպում, քան ռուսներից, Աբաս Միրզան սկսել էր դաժանորեն վարվել հայ բնակչության հետ։ Պարսիկները գերում էին հարյուրավոր հայ կանանց ու երեխաների, ինչպես նաև բնակչության մեջ հեղինակություն վայելող հոգևոր առաջնորդների, կապկպված դուրս էին բերում ամրոցի պարիսպների տակ և պաշարվածներին առաջարկում անձնատուր լինել, հակառակ դեպքում՝ սպառնալով դատաստան տեսնել գերյալների հետ...

Թագաժառանգը նրանց ընդունեց Շուշիի մոտ՝ Խանքենդի գյուղում։ Ճանապարհին նրանք արդեն ծրագրել էին, թե ինչպես պիտի պահեն իրենց։ Մելիք Վանին հասկանում էր, որ առայժմ իրադությունն այլ է, արևելյան բռնակալի մոտ պետք է արևելյան դիվանագիտություն բանեցնել, թե չէ կյանքից կզրկվեն ոչ միայն իրենք, այլև կվտանգվի հայրենակիցների կյանքը։
Հովհաննես Աթաբեկյանին, Սարգիս արքեպիսկոպոսին և Հովսեփ Բեգլարյանին ներկայացրին թագաժառանգին։ Պարսից բանակում արդեն համոզված մտածում էին, որ հանդուգն հայի ճակատագիրը վճռված է և գործած մեղքերի համար պատասխան կտա գլխով։

Աբաս Միրզան ոտից գլուխ չափեց Հովհաննեսին և ասաց.
- Մելի՞ք, գիտե՞ս, որ ես վաղուց որոնում եմ քեզ...
- Ձերդ պայծառափայլություն, դուք կարող գերել ինձ, բայց ես ինքս եմ կամավոր եկել ձեզ մոտ։
- Ասում են՝ երբեմն որսն ինքն է գնում լավ որսորդին ընդառաջ,- թագաժառանգը քթի տակ ժպտաց,- իսկ գիտե՞ս, թե որքան անախորժություններ ես պատճառել ինձ։ Երեք անգամ իմ քթի տակից դու փախցրել ես որսը։ Դու փրկել ես Կարյագինին, Կոտլյարևսկուն ու Իլյաչենկոյին... Չեմ հասկանում, թե դուք՝ հայերդ, ինչ եք գտել այդ շեկ անհավատների մեջ։
- Շահզադե, ես քեզ մոտ եմ եկել ոչ թե ռուսներին պաշտպանելու, այլ իմ ժողովրդի կյանքը փրկելու համար։ Եվ հետո, ասում են՝ «Չի լինում ծառա առանց մեղքի, չի լինում աղա առանց գթության»։

Թագաժառանգը ժպտաց։
- Լավ, բայց քեզ ինչո՞վ վարձատրեցին ռուսները։
- Ինձ շնորհել են պրապորշչիկի զինվորական աստիճան և պարգևատրել այս մեդալներով,- Հովհաննեսը ցույց տվեց երկու մեդալները։
- Պրապորշչիկի աստիճա՜ն և մի զույգ երկաթի կտո՜ր,- Աբաս Միրզան ծիծաղեց,- միայն այդքա՞նը։ Իսկապես լավ վարձատրություն է,- թագաժառանգը շարունակում էր ծիծաղել,- մելիք, այն, ինչ արել ես այդ խոզակեր ռուսների համար, եթե դրա կեսը անեիր Պարսկաստանի համար, շահը քեզ խան կդարձներ և կնշանակեր մի ողջ մարզի կառավարիչ։

- Հավատում եմ, թագաժառանգ,- ասաց Հովհաննեսը,- բայց ես ծառայել եմ նրանց, ովքեր տիրել են Ղարաբաղին։ Ծառան տեր չի ընտրում, տերն է ընտրում իր ծառային։
- Ղարաբաղն ի՛մն է,- Աբաս Միրզան խրոխտ ոտքի կանգնեց,- Ղարաբաղը ի՛մն է։ Ղարաբաղի հողը տրորվում է իմ զինվորների ոտքերի տակ, իսկ քո այդ ողորմելի ռուսները չեն կարողանում քթները հանել բերդից։
- Եթե Ղարաբաղը քոնն է,- մելիք Վանին հարգանքով գլուխ տվեց,- ապա ինչո՞ւ քո զինվորները սպանում են քո հպատակներին՝ իմ հայրենակիցներին։ Չէ՞ որ, որքան շատ են հպատակները, այնքան հզոր ու ամուր է թագավորությունը։ Գահաժառանգ, խնդրում եմ, խնայեք իմ ժողովրդին։

Աբաս Միրզան մտախոհ նայեց երեքին։ Հետո շեղակի նայեց Սարգիս արքեպիսկոպոսին և հարցրեց.
- Իսկ դու ի՞նչ կասես, ի՞նչն է քեզ ինձ մոտ բերել։
Ծերունին խոր գլուխ տվեց և, արցունքն աչքերին, դիմեց թագաժառանգին.
- Պարսից գահի մեծ ժառանգորդ, մեզ բոլորիս մտահոգում է մեր ժողովրդի թշվառ վիճակը։ Խնայեք մեր հայրենակիցներին, հայերը միշտ էլ մեծ ծառայություններ են մատուցել պարսից արքունիքին...

ՍԵՅՖՕԼԼԱ ՎԱՀԻԴ ԷԼ ՓՈՒՐ. Կրկին հանդիպեցի իմ հայ բարեկամին։ Եվ դարձյալ իրենց հողում։ Այս անգամ շատ հոգնած տեսք ուներ մելիք Վանին։ Աբասի վրանից նոր էր դուրս եկել։Ինձ տեսնելով, դեմքը պայծառացավ, սակայն իսկույն հասկացավ, որ գտնվում է իր ժողովրդի թշնամու զորակայանում և պետք է զգույշ լինել։ Ցավոք, այս անգամ մեր հանդիպումը շատ կարճ տևեց։ Ես նրան հասկացրի, որ շահերի ճահիճների շնաձկան լրտեսները հետևում են իրեն։ Ժպտաց ու կամաց շշնջաց. «Շնորհակալություն, բարեկամս, ես արդեն նկատել եմ...»։

Այնուհետև, Աբասի զորակայանում, հայ գերիների մոտով անցնելիս, մելիք Վանին ողջունեց իր հայրենակիցներին և դիտմամբ չափից դուրս բարձր ասաց «Մի՛ վախեցեք, ձեր կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Թագաժառանգն ասել է, որ Ղարաբաղը իրենն է, և շուտով ձեզ ազատ կարձակեն...»։
Լրտեսներն իսկույն վազեցին Աբասի մոտ՝ մելիք Վանու խոսքերը հայտնելու։ Սակայն թագաժառանգը, ի զամանս նրանց, ժպտաց ու պահանջեց կանչել հայ մելիքներին ու արքեպիսկոպոսին։ Այնուհետև նա թանկարժեք խալաթներ նվիրեց հայրենասեր հայերին և խոստացավ հայերին վնաս չտալ, պայմանով, որ չօգնեն ռուսներին...
Շահերի ճահիճների շնաձուկը կարծում էր, թե լաթի կտորներով կարելի է կաշառել մելիք Վանու նման մարդկանց և չէր հասկանում, որ հայերը ոչ թե հանուն ռուսների, այլ իրենց ազատության համար են պայքարում...

10.

Ռուսական բանակի անհաջողությունները Կովկասում, Ռուսաստանի նոր կայսր Նիկոլային ստիպեցին միջոցներ ձեռնարկել։ Նա այլևս Երմոլովին չէր վստահում, սակայն վախենալով, որ բանակում ավելորդ խռովություններ կծագեն, չէր համարձակվում միանգամից ազատել վերջինիս։ Եվ Նիկոլայը Կովկաս ուղարկեց գեներալ Պասկևիչին, որին, համենայն դեպս, ավելի էր վստահում։ Պասկևիչը տեղում պիտի ծանոթանար իրավիճակին և այդ մասին հայտներ կայսրին, ինչպես նաև ստանձներ Կովկասում գտնվող ռուսական բանակի հրամանատարությունը։ Իսկ գլխավոր հրամանատարը շարունակում էր մնալ Երմոլովը։

Թիֆլիսում արդեն պարզ զգում էին պարսկական բանակի կատարած ավերածությունների խանձահոտը։ Գեներալ Երմոլովի հույսը դարձյալ Մադաթովն էր, որ այդ օրերին բուժվում էր Պյատիգորսկի հանքային ջրերում։ Հասկանալով, որ հապաղելը կործանարար կլինի ոչ միայն իր համար, Երմոլովը մի զորախումբ կազմեց և շարժվեց Ելիզավետպոլի ուղղությամբ։ Ժամանելով Անդրկովկաս, գեներալ-իշխան Մադաթովը ստանձնեց զորամասի հրամանատարությունը։
Պարսիկների դեմ առաջին ճակատամարտը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին Շամխորի մոտ, որտեղ պարսից առաջապահ զորքերի հրամանատար, շահի փեսա Ամիր խան սարդարը սպանվեց, իսկ Աբասի որդին՝ փախավ մարտադաշտից...

Իր առաջապահ զորամասերի ջախջախման լուրն առնելով, Աբաս Միրզան սեպտեմբերի 5-ին, դադարեցնելով Շուշիի պաշարումը, 35 հազարանոց բանակով շտապեց դեպի Ելիզավետպոլ։ Ճանապարհին նրան միացան մահմեդական զանազան ցեղախմբեր։ Պասկևիչը, որ Թիֆլիսում արդեն լսել էր ռուսական բանակի հաղթանակի լուրը, նոր զորամասերով նույնպես շտապեց Ելիզավետպոլի ուղղությամբ և, հանդիպելով գեներալ Մադաթովի զորախմբին, ստանձնեց ռուսական բանակի հրամանատարությունը։

Պարսկական բանակի գերազանցությունը տեսնելով, Պասկևիչը դիմեց Մադաթովին.
- Գեներալ, ստիպված ենք լինելու պաշտպանական տակտիկա վարել։ Այլ ելք չունենք...
- Ձերդ գերազանցություն,- Մադաթովը ժպտաց,- այստեղ ասիացիների հետ կռվելիս, այլ օրենքներ են գործում...
- Ի՞նչ օրենքներ...
- Կռվող բանակների թվաքանակն այնքան էլ նշանակություն չունի,- հանգիստ ասաց Մադաթովը։
- Ես ձեզ չեմ հասկանում, Վալերիան Գրիգորևիչ։
- Մեր ութ հազար զինվորները քիչ չեն Աբաս Միրզայի 4-5 անգամ գերազանց ուժերը ջախջախելու համար։

- Դե, գիտեք ինչ, գեներալ...
- Իվան Ֆյոդորովիչ, մենք կհարձակվենք և Աբաս Միրզային դուրս կշպրտենք Ելիզավետպոլից...
...Պասկևիչը զիջեց։ Սեպեմբերի 13-ին Գանձակ-Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ։ Սուրբ Մուհամեդն այս անգամ էլ չկարողացավ օգնել պարսիկ սարբազներին ու մահմեդական ավարառուների խառնամբոխին։ Հինգ օր հետո Աբաս Միրզայի ջախջախված բանակի մնացորդներն անցան Արաքսի այն ափը։ Թագաժառանգը երկու օր առաջ էր ճողոպրել։
Այսպիսով, ինքնին ավարտվեց Շուշիի պաշարումը, քառասուներկու օրվա ծանր մղձավանջից հետո բերդը վերջապես ազատ շունչ քաշեց։

«Ամրոցը պաշտպանող հայերի մասին պարտքս եմ համարում բացատրել, որ նրանց մատուցած ծառայությունը արժանի է ուշադրության, քանզի նրանք ամենքը գործում էին գերազանց քաջությամբ, դիմանում էին հակառակորդի բազմաթիվ գրոհներին... արհամարհում էին պարենի պակասը և ոչ մի անգամ չեն մտածել ամրոցի հանձնման մասին, նույնիսկ, երբ վրա հասավ բացարձակ սովը»,- Երմոլովին ուղղված նամակում գրեց գնդապետ Ռեուտը։
Մի քանի օր հետո հրապարակվեց Երմոլովի հրամանագիրը. «Մեզ դավաճանած մահմեդական բոլոր բեկերից խլել նրանց կառավարման ենթակա հայկական գյուղերը և բնակիչներին հայտնել, որ ի հատուցումն կայսեր հանդեպ ունեցած անսահման հավատարմությանը, նրանք այսուհետև հանդիսանում են պետական կառավարման ենթակա»։

11.

Հայերի օգնությամբ իշխանը (Մադաթով-հեղ.) խաղաղացրեց մահմեդականների խռովությունը։ Նրանց անհավատարմությունը շուտով մոռացվեցավ, մոռացվեցավ և հայերի անձնազոհությունը։ Այդ բավական չէր, իշխանը սկսեց այնուհետև ավելի շողոքորթել, ավելի նշանակություն տալ մահմեդականներին, որպես դաստիարակչության մեջ տգետ մայրերը ավելի լրբացնում են իրենց չար երեխաներին, նրանց խոստումներ անելով, քաղցրավենիք տալով, որ ձայները կտրեն, անկարգություն չգործեն։ Այսպես էին վարվում մահմեդականների հետ, իսկ հայերի համար ասում էին՝ «դրանք մերն են...»։
ՐԱՖՖԻ


Մելիք Վանին բազմաթիվ բարեկամներ ուներ ոչ միայն Ղարաբաղում, այլև նրա սահմաններից շատ հեռու։ Սակայն նա ուներ նաև թշնամիներ, ովքեր մի օր էլ, փաստերը գլխիվայր շուռ տալով, ռուսական իշխանություններին հայտնեցին, որ նա մելիք Հովսեփի և Սարգիս արքեպիսկոպոսի հետ, դավաճանելով ռուսներին, տեսակցել է Աբաս Միրզայի հետ։
Հովհաննես Աթաբեկյանին ու Հովսեփ Բեգլարյանին ձերբակալեցին և աքսորեցին Բաքու, իսկ Սարգիս արքեպիսկոպոսին ուղարկեցին Թիֆլիս։ Մելիք Վանին չէր հավատում, որ իր հետ կարող են այդպես վարվել։ Նրանց թվում էր, թե մի քանի ժամում թյուրիմացությունը կպարզվի, սակայն անցնում էին օրեր, շաբաթներ, ամիսներ, իսկ նրանց շարունակում էին մեղադրել դավաճանության մեջ։

Ձերբակալվելու հաջորդ օրը մելիք Վանին նամակ գրեց գեներալ Երմոլովին, որտեղ պատմում էր, թե իրականում ինչու են հանդիպել Աբաս Միրզային. «... Ձերդ պայծառափայլություն, մենք փորձել ենք Աբաս Միրզային համոզել, որ խնայի մեր հայրենակիցներին, մենք փորձել ենք մեղմել նրա դաժանությունը... Պարոն գեներալ, խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ թյուրիմացությունը պարզելու համար։ Ավելորդ եմ համարում հիշեցնել իմ ծառայությունները ռուսական բանակին և իմ հավատարմությունը Նորին կայսերական մեծությանը...»։

Թիֆլիսից ոչ մի պատասխան չստացվեց։ Մելիք Վանին գրեց երկրորդ նամակը։ Նա հիշեց գեներալ Պասկևիչին, որ չնայած մի քանի ամիս առաջ էր ստանձնել կովկասում ռուսական բանակի հրամանատարությունը, արդեն գիտեր իր՝ մելիք Վանու մասին։ Նա հիշեց 1826 թ. սեպտեմբերի 18-ին Պասկևիչի ստորագրությամբ ստացած հանձնարարականը. «Պարոն պոդպորուչիկ մելիք Վանուն. ռուսական անհաղթ զորքերը մոտ ժամանակներս դուրս քշեցին ուխտադրուժ Աբաս Միրզայի առաջնորդությամբ լկտիաբար ներխուժած պարսիկներին, ապահովեցին ոչ միայն խաղաղ բնակչության ունեցվածքը, այլև փրկեցին նրանց կյանքը։ Հայերի անսասան հավատարմությունն ու ջանասիրությունը արդեն հայտնի է թագավոր կայսերը։ Իսկ ես նախապես լավ գիտենալով Ձեր փութաջանության մասին ու ծառայությանը մշտական պատրաստակամ լինելու ցանկությունը, սույն Մանաս բեկ մելիք Բեգլարովի միջոցով ուղարկում եմ 800 ռուբի արծաթով ու Ձերդ ազնվությանը հանձնարում եմ, Ձեզ ենթակա հայերից ու թաթարներից զորքի կերաբաժնի համար գնել եղջերավոր անասուններ։ Կատարելով այս, Դուք ձեռք կբերեք հրամանատարության նոր երախտագիտությանը արժանանալու իրավունքը»։

Մելիք Վանին գրեց նաև Պասկևիչին։ Եվ կրկին անցան օրեր, ամիսներ...
Նրանց բաց թողեցին միայն ութ ամիս հետո։ Ցարական իշխանություններին պետք եղավ մոտ 240 օր, որպեսզի պարզեն երեք մարդու անմեղություն։ Երեք մարդ, որոնցից մեկը վիթխարի ծառայություններ էր մատուցել ռուսական բանակին, ռուսական կառավարությանն ու միապետին։
...Այդ օրը նրան տեսնելու էին եկել համագյուղացիները, ընկերներն ու բարեկամները։ Զգալիորեն նիհարել էր մելիք Վանին, նրա մազերի մեջ արդեն հայտնվել էին բազմաթիվ սպիտակ թելեր։

- Մելիք Վանի,- ասաց Մուրադ յուզբաշին,- տասնյակ տարիներ քո հրամանատարությամբ մենք կռվել ենք Ղարաբաղի թշնամիների դեմ։ Մենք միշտ հավատացել ենք քեզ և հիացել քո խիզախությամբ։ Դու եղել ես մեր հրամանատարը, մեր հայրը, մեր ընկերը... Որտեղ գնացել ես, մենք միշտ հետևել ենք քեզ... Մելիք, ուրախ ենք, որ նորից քեզ հետ ենք...
- Իմ քաջ հայրենակիցներ,- առաջին անգամ մելիք Վանու ձայնը դողաց,- շնորհակալ եմ, որ եկել եք... Բարեկամներս, ես հպարտանում եմ ձեզնով...
Կրկին ուրախություն էր Հովհաննես Աթաբեկյանի հարկի տակ։
Կես գիշերին երբ հյուրերը ցրվեցին, Հովսեփ յուզբաշին ասաց եղբորը.
- Վանի գիտե՞ս ինչ եմ մտածում...
- Ի՞նչ...

- Այս մասին ես ոչ մեկին չեմ ասել... Երբ քեզ աքսորեցին, իմ մեջ ինչ որ բան է փշրվել։ Այդ ամենն ինձ թվում էր չար երազ... Նրանք չպիտի այդպես վարվեին քեզ հետ... Ախր այս ռուսներից ոչինչ չեմ հասկանում։ Այսօր մի բան են ասում, մյուս օրը այլ բան անում... Եղբայրս, ութ ամիս շարունակ ես խորհել եմ այդ մասին. ինչե՜ր ես արել նրանց համար, բայց նրանք ոչ միայն կարգին չգնահատեցին քո ծառայությունները, այլև...
- Հովսեփ,- մելիք Վանին մի պահ նայեց լամպի թրթռոցից պատի վրա վարուվերվող ստվերներին,- վերջին ամիսներին նման բաներ իմ մտքով էլ են անցել, բայց շարունակ փորձել եմ հեռու վանել ինձնից... Իսկ գիտե՞ս այդ Աբաս Միրզան ինձ ինչ է ասել...

- Հա՛, այն, ինչ արել ես ռուսների համար, եթե դրա կեսն անեիր Պարսկաստանի համար... Մելիք Բեգլարյանն ինձ պատմել է այդ մասին...
- Աբասն իրոք չի ստել,- շարունակեց Վանին,- բայց մենք նախ և առաջ կռվել ենք ոչ թե ռուսների, այլ մեր ժողովրդի ազատության համար։ Մեր ժողովուրդը Շուշիում ոչ թե ռուսաց թագավորի, այլ իր հայրենի քաղաքը, իր պատիվն է պաշտպանել, միաժամանակ փրկելով նաև ռուսների կյանքը, նրանց պատիվը...

Ռուսները, համենայն դեպս, ոչ պարսիկներ են, ոչ թուրքեր։ Նրանց դեռ նոր-նոր ենք ճանաչում... Նրանք ոչ թե մեզ համար են եկել այստեղ, այլ իրենց կայսրության հողերն ընդարձակելու... Իսկ մենք ուրիշ ելք չունենք...
- Հասկանում եմ,- նրան ընդհատեց Հովսեփ յուզբաշին,- քանի մեր հարևանները Աբաս Միրզան ու թուրք սուլթանն են...
- Ճիշտ է, մեզ պետք է ռուսների բարեկամությունը, բայց մենք նախ պետք է ապավինենք սեփական բազկին,- մելիք Վանին մոտեցավ պատուհանին,- Հովսեփ, ախր արդեն լուսանում է...
Լույսն արդեն բացվում էր։ Աշխարհում 1827 թվականն էր...


ՎԵՐՋԱԲԱՆ

...1827-ի մայիսի 13-ին ռուսական զորքերը Պասկևիչի հրամանատարությամբ մտան Երևանի խանություն, իսկ հոկտեմբերի 1-ին վերջապես ազատագրվեց Երևանի բերդը։
1828-ի փետրվարի 10-ին Թուրքմենչայում կնքված պայմանագրով Ռուսաստանին անցան նաև Երևանի և Նախիջևանի խանությունները...

Ղարաբաղի լեռներում վերջապես խաղաղություն հաստատվեց։ Հովհաննես Աթաբեկյանն ապրել է մինչև խոր ծերություն, մահացել 1854 թվականին և թաղվել հայրենի Կուսապատում։ Մելիք Վանին ունեցել է չորս զավակ։ Կրտսերը՝ Մելիք բեկը, մահացել է անժառանգ։ Ավագ որդին՝ Հովսեփն ունեցել է երկու զավակ (Հարություն և Իսաջան), իսկ երկրորդ որդին՝ Սարգիսը՝ երեք (Նիկոլայ, Ալեքսանդր և Ջումշուդ)։ Մելիք Վանու երրորդ որդին՝ Աթաբեկը (Ադամը) ստացել է սպայական աստիճան, մասնակցել է Ղրիմի պատերազմին և գնդապետի աստիճանով նահատակվել Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ։ Ադամի որդին՝ գեներալ-մայոր Անդրանիկ (Անդրեյ) Աթաբեկյանը Մոսկվայի գրենադերյան հրետանային բրիգադի հրամանատարն էր։

Մելիք Վանու եղբայր Հակոբ յուզբաշին ավելի վաղ է մահացել (1844թ.)։ Նա ամուսնացել էր սեյդիշենցի Ջավահիր Սարումյանի հետ և ունեցել երեք որդի՝ Ասլան, Ջալալ և Հարություն բեկերը։ Ասլանն ունեցել է երեք որդի (Ներսես, Մովսես և Նիկոլայ)։ Ջալալն ու Հարությունը մահացել են անզավակ։
Մելիք Վանու և Հովսեփ յուզբաշու հետնորդներն այսօր էլ ապրում են։
1982-1983 թ.

---------------------------------------------

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ Առաջին անգամ տպագրվել է հեղինակի մահից շուրջ 10 տարի հետո՝ Արցախի ՊԲ «Մարտիկ» թերթում, որի խմբագիրն էր Վահրամ Աթանեսյանը։ Նա էլ խմբագրել ու նախաձեռնել էր պատմավեպը հրատարակելու գործը։ Վեպը կրում էր «Կուսապատի արծիվը» վերնագիրը։ Վ. Աթանեսյանի առաջարկով այն տպագրվել է «Ղարաբաղի արծիվը» վերնագրով։ Վերջինս իրավացիորեն գտնում էր, որ այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետև, չնայած հերոսը ծննդով Կուսապատ գյուղից է, վեպի գործողություններն ընդգրկում են ողջ Արցախ-Ղարաբաղը։
Մի տարի հետո Ստեփանակերտում պատմավեպը լույս է տեսել նաև առանձին գրքով։

No comments:

Post a Comment