19 October, 2016

Մուկը


- Օգնեցե՜ք...
Տիկին Վարդուհին այնպես ծկլթաց, որ Մակար Ադամիչը շապկանց դուրս թռավ մահճակալից ու նետվեց խոհանոց։

- Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա ու բռնեց կնոջ ձեռքը։
- Մո՛ւկը,- կինը մատով ցույց տվեց խոհանոցի ձախ անկյունը։- Մե՜ծ, շատ մեծ մուկ էր։

Տիկին Վարդուհին այնպես էր դողում, որ կարծես տեսածը ոչ թե մուկ էր, այսինքն՝ այն մկներից, որ վազվզում են նկուղներում, այլ առնվազն աֆրիկյան ընձառյուծ կամ կոկորդիլոս։
Մակար Ադամիչը շուռ ու մուռ տվեց կաթսաները, նայեց պահարանի ու գազօջախի տակը, կատվի նման մլավեց, բայց շատ անհաջող և, կնոջը հանգստացնելու համար, ասաց.
- Սիրելի՛ս, իսկ գուցե աչքիդ է երևացել։

- Դու ինձ ինչի՞ տեղ ես դրել,- բարկացավ տիկին Վարդուհին։- Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում,- և ոտքը խփեց հատակին։- Այս տանը կամ ես, կամ մուկը։

Տիկին Վարդուհին հագավ վերարկուն, մի անգամ էլ սպառնալից հայացք ձգեց ամուսնու կողմը և շարժվեց դեպի դուռը։
- Գնում եմ մերոնց մոտ։ Մինչև այդ մուկը չբռնես, չգամ իմ աչքով տեսնեմ, այստեղ չեմ մնա։
Մակար Ադամիչը շուկայից մեկի փոխարեն չորս թակարդ գնեց, լարեց ու դրեց խոհանոցի անկյուններում, սպասեց երկու օր, երեք օր, բայց մուկը չկա ու չկա։
Անցավ մի ամբողջ շաբաթ։ Կարոտեց կնոջը, հավաքեց զոքանչի հեռախոսի համարը։ Տիկին Վարդուհին շատ կարճ կտրեց. «Մինչև մուկը չբռնես, չգամ տեսնեմ... Հասկացա՞ր»։

Մակար Ադամիչը երկար խորհեց և վերջապես գտավ ելքը։ Պետք է ինչ-որ տեղից կենդանի մուկ գտնել։ Դիմեց հարևան շենքում ապրող ծանոթ տակառագործին, ապա դռնապանին ասաց, որ մուկն իրեն պետք է գիտական փորձերի համար և խոստացավ վարձատրել։

Երկու օր հետո Մակար Ադամիչը դռնապանից հինգ ռուբլով գնած մուկը տեղավորեց թակարդում, բարձր տրամադրությամբ զանգահարեց կնոջը։
- Դե, սիրելիս, կարող ես շնորհավորել, վերջապես բռնեցի այդ անիծյալ մուկը։ Պատկերացնո՞ւմ ես, կենդանի եմ բռնել։

Տիկին Վարդուհին ուղղակի ներս խուժեց, տեսավ ցանցե թակարդի մեջ ցատկոտող գազանիկին ու նետվեց ամուսնու գիրկը։
- Սիրելի՜ս, թանկագին կատվի՜կս...

Բայց այդ պահին հնչեց դռան զանգը, ներս մտավ անծանոթ մի ծերունի ու շատ քաղաքավարի հարցրեց.
- Ներեցեք, սա Մակար Ադամիչի բնակարա՞նն է։

Ադամիչի լեզուն բերանում ծանրացավ, սառը քրտինքը վրա տվեց.
- Իսկ ի՞նչ եք ուզում։
Ծերունին կաշվե պայուսակից հանեց լրագրի մեջ փաթաթած մի մեծ անոթ, հանդիսավոր դրեց սեղանին.
- Ինձ ասացին, որ դուք կենդանի եք գնում, կարծեմ՝ հատը հինգ ռուբլի։

Տիկին Վարդուհին հոնքը ծռեց, շուրթերը դողացին, փայլատակեցին աչքերը, և նա պայթեց.
- Խաբեբա՛, ուրեմն՝ մուկը գնե՞լ ես, հա՞... Էն էլ հատը հինգ ռուբլի՞։ Դա քեզ վրա թանկ կնստի։
Իսկ ծերունին չհասկանալով, թե բանն ինչումն է, ձեռքերը թափահարելով՝ մեջն ընկավ.
- Ի սեր աստծո, խնդրում եմ չվիճեք, ես ավելի էժան եմ վաճառում՝ հատը երեք ռուբլի։