18 May, 2011

Պոեզիա. Բ


ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» դրամայից


ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԲՈՂՈՔԸ

Օ՜, տեր իմ, տուր ինձ ուժ ու զորություն,
Որ ճանապարհիս ինձ չկորցնեմ,
Տուր իմ մտքերին այնքան խորություն-
Արդարությունս արդարացնեմ։
Տո՛ւր արիություն ու կամք մի համառ՝
Ամեն զուռնայի ձենից չպարեմ,
Մի խակ ու թթու խնձորի համար
Ծառն ամբողջովին չթափահարեմ։
Տո՛ւր ինձ այնպիսի նուրբ լսողություն-
Չխաբվեմ-տարվեմ դատարկ կանչերից,
Եվ այնպիսի ձայն, որ այս աշխարհում
Բան հասկացնեմ խլականջներին։
Տո՛ւր ինձ այնպիսի մի համառություն-
Շաղակրատին չծափահարեմ,
Փղի կամ ուղտի համբերություն տուր-
Հարկ եղած դեպքում լեզուս ինձ պահեմ։
Տո՛ւր ինձ այնքան ուժ, որ կարողանամ
Այս տգետներին զուր չդրվատել,
Կախարդանք՝ փակված դռները բանամ,
Գլուխ չթեքեմ հիմարների դեմ։
Տո՛ւր ինձ իրավունք և ոգու ուժ տուր-
Ապուշի վրա ես էլ մատ ճոճեմ,
Եվ տեր իմ, տուր ինձ համարձակություն,
Որ իրերն իրենց անունով կոչեմ։
Ձգողության ուժ տուր ինձ մագնիսի,
Որ ոսկուց ժանգոտ երկաթը զատեմ,
Եվ կարողություն, որ իմ ոսոխին
Ոսոխի նման մինչև վերջ ատեմ։
Տո՛ւր ինձ այնպիսի մի հաստատ հավատ,
Որ իմ հավատը չդավեմ հանկարծ.
Հեռու պահիր ինձ մարդկանցից կավատ
Ու զավզակներից նենգ ու բերանբաց։
Ա՛խ, տե՛ր իմ, տուր ինձ նաև չարություն,
Որ բարությանս գինը իմանամ,
Փխրունությանս կարծրություն տուր,
Որ ամեն ցավ ու վերքի դիմանամ...
Օ՜, տեր իմ, տուր ինձ,
Տո՛ւր ինձ, օ՜, տեր իմ։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Ա՛խ, մարդիկ, մարդիկ,
Ախր աշխարհին այդ ի՞նչ եք տվել,
Որ ետ վերցնել չեք կարողանում...
Մեկը մյուսիս ցավը տանելով այսպես ապրում ենք,
Մեկը մյուսիս ցավը տանելով իրար խաբում ենք.
Մեկը մյուսիս լցրած բաժակով խմում-հարբում ենք,
Մի արշին առած՝
Մեկը մյուսիս անվերջ չափում ենք։
Մեկը մյուսիս շնորհավորում
Բաժակ-կենացով փքուն ու շինծու,
Իրար այնքա՜ն ենք սիրուն խոսքերով ստից մեծարում,
Որ մեծերն իրենց գերեզմաններից
Մեր գլուխգովան հերն են անիծում։
Գրկում, համբուրում ու ջան ենք ասում մեկը մյուսիս,
Որ իբր տեսեք, սիրում ենք իրար, հոգի չենք ծռում,
Բայց հետո գաղտնի մեկը մյուսիս ջաղացի ջուրը
Գնում շուռ տալիս,
Մեր բոստանների պղպեղն ենք ջրում։
Մեկը մյուսիս քնքուշ շոյելով-
Մեր իլիկով՝ մեր որոգայթների թելը մանում ենք,
Մեկը մյուսիս աչքին նայելով-
Օրը ցերեկով մեկը մյուսիս աչքը հանում ենք։
Մեր չեղած փառքը երկինք ենք հանում,
Մեկը մյուսիս ձեռքի մեջ խրած փուշը հանում ենք,
Վրան... աղ ցանում։
Դեմ-դիմաց իրար միշտ հաստատում ենք,
Իրար քարկոծում՝ իրարից թաքուն,
Մեր ճանապարհը մեկտեղ հարթում ենք,
Իրարից ծածուկ հարթածը քանդում։
Դհոլ-զուռնայով մեկը մյուսիս փառաբանելով՝
Եղինջի նման տակից դաղում ենք,
Եվ հաջորդ օրը դուդուկ-թմբուկով
Մեկը մյուսիս տանում-թաղում ենք։
Կյանք է, խաղում ենք։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՂՈԹՔԸ

Մեղա՜ քեզ, աստված...
Եթե դու ունես ամբարած քո մեջ այդքան զորություն,
Տո՛ւր հոգուս կորով, սրտիս մխիթարանք, մեղքիս՝ թողություն,
Տո՛ւր այնպիսի ուժ, որ համբերությամբ իմ խաչը տանեմ,
Եվ այնպիսի խելք, որ ծուռ մտքերը իմ գլխից վանեմ։
Լսի՛ր ինձ, տե՜ր իմ, ամենակարող,
Այս փուչ աշխարհում այնքան բաներ կան, տանել չեմ ուզում.
Այդ ինչի՞ համար տերը քացի տա,
Սակայն նոքարը կոչվի անասուն.
Մի՞թե չի զգում ամենազորեղ երկնային տերը,
Որ առանց պոչի չեն կարող ապրել շողոքորթները։
Եթե աստված ես, ինչո՞ւ ես թողնում լիրբը սրբանա,
Ինչո՞ւ մենք դատենք, իսկ չդատողը ուտի, լրբանա.
Թե հավասար են աշխարհում ամեն մի մահկանացու,
Այդ ինչո՞ւ իմ և մելիքի միջև սահման ես գծում.
Ինչո՞ւ դու նրան տալիս ես այնքան, որքան ուզում է,
Իսկ ով որ չունի՝ նրան խուզում ես։
Ներիր, ես ծուռ եմ, խելառ ու խենթ եմ, լեզու ունեմ սուր,
Զի այս աշխարհում ճշմարտությունը խենթերն են ասում։
Թե որ ուժ ունես՝ տուր ինձ զորություն՝ չվիճեմ քեզ հետ,
Բերանս փակիր՝ համր քար դառնամ, լեզուս ինձ պահեմ։
Թե որ արդար ես՝
Ինձ ու մելիքին մի աչքով նայիր,
Թե որ սատար ես՝
Եկ բեռս կիսիր ու ինձ հետ քայլիր.
Քո իմաստությամբ հրաշքներ գործիր՝
Թե որ ճարտար ես,
Ախր ինչո՞ւ ես դու այդքան իջել-
Թե որ կատար ես։
Չէ, խոսքը մեր մեջ, ո՜վ երկնային տեր,
Դու անուն ունես, սակայն չունես խելք,
Չի՞ լինի, արդյոք, տեղներս փոխենք,
Փոխենք մեր դերը առանց երկյուղի-
Թող ես սուրբ կոչվեմ,
Դու՝ Պըլը-Պուղի։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՑԱՍՈՒՄԸ

Ես ծաղրել եմ ու ծանակել սուրբ հայրերին այն կեղծավոր,
Որոնք աստծո փեշը բռնել
Ու տեր աստծո անունով են
Մեր հավատն ու խիղճը խժռել։
Ես ծաղրել եմ ու ծանակել հուդաներին այն եղծավոր,
Որոնք իրենց անմարդկային կշեռքով են
Մեր մարդկային ըմբոստ ոգու ճիչը կշռել։
Ես ծաղրել եմ ու ծանակել այն ստրկահաճ հպատակին,
Որ ջարդվել է կրունկի տակ դաժան տիրոջ,
Սակայն նորից սողացել է ու պատժողի աջն համբուրել։
Ես ծաղրել եմ ու ծանակել մարդուկներին այն երկդեմի,
Որ դավել են բազում անգամ հավատն իրենց,
Բայց և այսօր հանդգնում են Քրիստոսի խաչն համբուրել։
Օ՜, բազում են իմ մեղքերը,
Ոչ դրախտում ես տեղ ունեմ,
Ոչ դժոխքում այն ահավոր.
Ծիծաղել եմ ու ծիծաղիս համար հաճախ լաց եմ եղել,
Լաց ու ծիծաղ իրար խառնած՝
Անցել եմ իմ ճանապարհով...
Իսկ դուք բերել, գլխիս ահա խեղկատակի գլխարկ դրել,
Ինձ խելառ ու խենթ եք կոչում։
Այս ծռված ու փուչ աշխարհում,
Այս զնդան ու մուրճ աշխարհում,
Այս անսիրտ ու մունջ աշխարհում
Ես չգիտեմ՝ որտեղ կորչեմ։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ

Կամոք Աստծո՝ ծնված օրից էլ ես հողապաշտ եմ,
Թե այս կյանքի հետ մեկ-մեկ անհաշտ եմ,
Այդ նրանից է, որ դուք ուզում եք ինձնից ինձ վանել
Եվ հողապաշտի իմ այս հավատը իմ մեջ սպանել։
Իսկ ես ստիպված գլխիս դնում եմ միմոսի գդակ,
Ճշմարիտ խոսքը ներկայացնում որպես սոսկ կատակ։
Ես ծիծաղում եմ արցունքիս միջից, ձեր ծուռը հարթում,
Ծիծաղս տեսնում, սակայն արցունքս դուք չեք նկատում։
Գլխից ձեռք քաշած լարախաղի պես
Կանգնում եմ թոկին ու թափահարում,
Բայց ամոթ ի ձեզ՝
Շներին կապկող խեղկատակին եք դուք ծափահարում։
Ես ճամփի վրա խնձորի ծառ եմ հավիտյան անտեր
Եվ ամեն համբակ պարտք է համարում վրաս քար նետել։
Ես աստվածադավ և աստվածապիղծ մի կռապաշտ եմ,
Ծուռ ու անհաշտ եմ,
Խելառ ու խենթ եմ, լեզու ունեմ սուր,
Զի այս աշխարհում ճշմարիտ խոսքը խենթերն են ասում։
Թե որ ուզում եք՝ հերետիկոս եմ,
Ինձնից հանեցեք իմ ըմբոստ ոգին
Եվ ենթարկեցեք սուրբ Քրիստոսի անլուր տանջանքին,
Միայն խնդրում եմ՝ այնպես կտրեցեք իմ այս վիզը խեղճ,
Որ Ղարաբաղը չսպանեք իմ մեջ։
1975 թ.



ՄԵԼԻՔ ԵՍԱՅՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻՆ

Ձերը լինեն ու ձեզ մնան պարտեզները ոսկեբեհեզ,
Հայրենաշեն մեր լեռների մի չոր քարն էլ հերիք է մեզ։
Ձերը լինեն ու ձեզ մնան պալատները ձեր փառավոր,
Մենք մեր անշուք խրճիթի մեջ և՛ իշխան ենք, և՛ թագավոր։
Ձերը լինեն ու ձեզ մնան հարեմները ձեր հեշտագին,
Մեր օրենքով սերը մեկն է, մենք տրված ենք միայն մեկին։
Ձերը լինեն ու ձեզ մնան աղոթքները ձեր մոգերի,
Մենք մեր ամուր հավատն ունենք, մեր հավատին ենք մենք գերի։
Ձերը լինեն ու ձեզ մնան և՛ գահ, և՛ թագ, և՛ փառք, անուն,
Սակայն այնպես դուք ապրեցեք այս աշխարհում,
Որ այլևս ձեր դաշտերի ագռավները մեր լեռներում չկռնչան,
Մեր սանձակոծ նժույգները ձեր դաշտերում չխրխնջան,
Մեր լեռների ջինջ գետերը չպղտորվեն ձեր հանդերում,
Ձեր աշխարհի սև հողմերը չգալարվեն մեր արտերում,
Ձեր կռվատենչ զինվորները մեր լեռներում չհառաչեն,
Մեր լեռների կայծակները ձեր աշխարհում չշառաչեն։



ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Վատ երազ տեսա՝ իբր մեռել եմ ու թաղող չկար,
Աղունս աղել, ջաղաց են տարել ու աղող չկար,
Թագուհի կինս կարմիր էր հագել, ո՜նց էր պար գալիս,
Ծով այգիներս լցվել բարիքով ու քաղող չկար։

Եվ հետո տեսա ճերմակ ձին հեծած Ծմակի մարդուն,
Որ թուրն էր ճոճում, ինչպես այդ կաներ հաղթողը մարտում,
Սուրբ հայրապետը նստել խորանում, սաղմոս էր կարդում,
Լքված ու անտեր դիակիս վրա խունկ վառող չկար։

Եվ Տիզակի տեր Մելիք Ավանին երազում տեսա,
Բռնեց օձիքս ու խոսեց էսպես՝ դավաճան փեսա,
Արդյոք կո՞ւյր ես դու, մի՞թե չես տեսնում, Ղարաբաղն է սա,
Քելեխիդ ալյուրն արդեն պատրաստ է, բայց մաղող չկա։

- Հե՜յ, հ՜եյ,- գոչեցի,- անաստված մարդիկ, կենդանի եմ դեռ,
Սա Վարանդան է, ու ես եմ նրան տիրակալ ու տեր,
Թուրս տվեք ինձ և շուտ բերեք ձիս, ես դեռ չեմ մեռել...
Ձայնս գալիս էր էն մութ աշխարհից ու լսող չկար։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԽՐԱՏԸ

Ապրելն ապրել է, ուրեմն եկեք մեծ հոգով ապրենք,
Ատելն ատել է, էլ ինչո՞ւ խաղանք, մինչև վերջ ատենք,
Հարբելն հարբել է, հերն էլ անիծած, մինչև վերջ հարբենք,
Բայց եկեք դնենք մեր խիղճը մեջտեղ՝ իրար չխաբենք։

Հավատն հավատ է, մեր հավատամքին հավատով մնանք,
Մեր լիքը սրտով, մեր լիքը գինու գավաթով մնանք,
Արդարության հետ, արդարության պես անվրդով մնանք,
Աշխարհին դեռ բան ունենք ասելու, կավատ չմնանք։

Իրար չկեղծենք, իրար չպղծենք, իրար չթաղենք,
Մեկը մյուսիս աչքին նայելով՝ տակից չդաղենք,
Եթե ծիծաղ է, ուրեմն եկեք այնպես ծիծաղենք,
Որ կյանքի վրա մեր այդ ծիծաղով արատ չմնանք։

Մեր լեռների ու ժայռերի նման կուռ ու վես մնանք,
Քանի ապրում ենք, մեր հանդում բուրող ուրցի պես մնանք,
Եվ Պըլը-Պուղին ասաց՝ հազա՜ր փառք մեր հող ու ջրին,
Մեր թոռների ու ծոռների աչքում պարզերես մնանք։



ՎԱՍՆ ՀՈՒԴԱՅՈՒԹՅԱՆ

Օ՜, Հուդա, Հուդա,
Դու չես վերանա, քանի որ ծնվել
Ու կծնվեն դեռ նոր Քրիստոսներ,
Նոր առաքյալներ կգան ասպարեզ-
Սուրբ Քրիստոսի լուսապսակով,
Միշտ էլ աշխարհում կշարունակվես,
Քանզի ապրում են հետնորդները քո։

Նոր ուժ ու կորով կառնեն քեզանից
Թոռնեթոռներն ու ծոռները Նեռի,
Համբույրներով ու երդումներով պիղծ-
Հարություն առած կքայլեն նորից.
Բանսարկուների դու քաջ դաշնակից,
Հզոր բարեկամ շողոքորթների։

Նոյից մինչ այսօր անհետ, անանուն
Կորել են քանի՜-քանի ազգ ու ցեղ,
Բայց դու անմահ ես, քանի աշխարհում
Հուդայությունը դեռ չի վերացել։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ

Դուք կթաղեք ինձ Սինգարա սարում,
Սինգարա սարի բարձր կատարին,
Ուր գարնան հովն է ծաղկանց հետ խաղում,
Սաղմոս է կարդում կաքավը քարին։

Չհնչեցնեք զանգեր աղոթքի,
Ինձ հարկավոր չէ և սուգը իմ տան,
Վարդապետները թող պատարագիս
Անմահ Քուչակի տաղերը կարդան։

Ոսկու, արծաթի ես աչք չեմ տնկել,
Գլուխ չեմ գովել, ստից չեմ ճառել,
Կյանքս ապրել եմ անդավ ու անքեն,
Ոչ կաշառել եմ, ոչ էլ կաշառվել։

Չեմ խաբել երբեք ոչ ինձ, ոչ էլ ձեզ,
Աղունս առանց հերթի չեմ աղել,
Բայց պատահել է, եղել է այնպես,
Որ գետի վրա ալյուր եմ մաղել։

Ինձ հարկավոր չեն մարմարե դամբան,
Իշխանավորի փառահեղ թաղում,
Տրեխներով եմ անցել իմ ճամփան,
Տրեխներով ինձ դրեք դագաղում։

Դրախտ ու դժոխք ինձ համար մեկ են,
(Թե մեղք եմ անում, տե՜ր աստված, ներիր),
Պըլը-Պուղին եմ, այն աշխարհում էլ
Ես պիտի պայտեմ սատանաներին։

Եվ պաղատում եմ, քար դրեք վրաս,
Մի հասարակ քար, մամուռը կողքին,
Այդ քարի վրա գրեցեք միայն.
«Այստեղ հանգչում է մեր Պըլը-Պուղին»։
1975-1978 թ.




ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* * *
Օ՜, մեծեր, մեծեր,
Փառքերով արբած փառամոլ մեծեր,
Ժողովներից ու ամբիոններից
Դեռ չկշտացած՝ ճառամոլ մեծեր։
Դուք սիրում եք միշտ նույն ջուրը ծեծել,
Ապացուցել այն,
Ինչ ձեզնից առաջ
Ձեր նախորդներն են դեռ ապացուցել։
Որտեղ տեսնում եք թափուր պատվանդան,
Տանում-տնկում եք արձանները ձեր,
Եվ ընդունում եք այնպիսի կեցվածք,
Կարծես աշխարհը դուք եք ստեղծել։
Օ՜, հազար անգամ ու հազար ձևով
Մեծարված մեծեր,
Որ չեք հագենում սին դափնիներից,
Ու ճառ-ծափերից...



* * *
Այո՛, դժվար է, երբ գրելիս
Կամ խմբագիրն է քո մեջ արթնանում,
Կամ քննադատն է խորհուրդներ տալիս՝
Տեսություններով գլուխդ տանում,
Բայց մի նվնվա, մի տրտնջա դու,
Նրանք հո նո՞ր չեն կյանքիդ մեջ մտել։
Ցավալին այն է, որ կան աշխարհում
Հատուկ շտամպի թերուս տգետներ-
Բռնած օրենքի տուտը և ոգին,
Սակայն սրտերում պահած ոխ ու քեն,
Կարդում են երգդ և տողատակին
Հայտնաբերում են հանցավոր մտքեր։
Քննադատների համարում ունեն,
Բելիկովները մեր այդ գերզգոն,
Որքան որ տգետ, նույնքան համառ են
Եվ ամեն ինչից մի տեսակ դժգոհ։
Նրանք կարող են և մեծարել քեզ,
Լույս տեսած գիրքդ դարձնել «Երգ-երգոց»,
Իսկ հաջորդ օրը պսակդ պոկել
Եվ հեշտ ու թեթև նետել աղբանոց։
Նույնիսկ ոխերիմ քո թշնամու հետ
Հարկ եղած դեպքում լեզու կգտնես,
Իսկ տգետներից այդ ամենագետ՝
Մահը կարող է միայն փրկել քեզ։
1984 թ.



ԳՐԱԿԱՆ ԽՈՒԺԱՆԸ

Այսօր Տերյան, վաղը Լորկա ու Սևակ է։
Երեկ Բայրոն, երկու օր անց Պաստեռնակ է։
Մի օր Չարենց, մի օր Սահյան կամ Պետեֆի,
Պետեֆու հետ մի անգամ (հանգի համար) նստեց քեֆի։
Եվ միմոսն այդ հանգի գերի-
Շատ է սիրում «պառնասեցու իր դիրքերից»
Հանճարներին միշտ քարկոծել.
- Ի՜նչ Շահազիզ, ի՜նչ Պատկանյան, ի՜նչ Վարուժան,
Դրանք վաղուց հնացել ու մոռացվել են,
Դոդոխյանն ու Սիամանթոն շատ են էժան,
Քուչակի և Նարեկացու դարն անցել է։-
Նա փորձ ունի արդեն կարգին,
Եվ լավ գիտե երգ թռցնելու,
Ու թռցրածը թաքցնելու
Հարմար ձևն ու եղանակը։
Հասկանում է՝ ինչ ձևով են փառաբանվում
Ու հորջորջվում տաղանդավոր,
Ո՞ւմ կարող է սևով ներկել
Եվ անվանել աղանդավոր...
Կուրծք է ծեծում ամբիոններից ու բղավում.
- Ճանաչեցեք ձեր հանճարին,
Ինչո՞վ եմ ես պակաս թեկուզ Վարուժանից։-
...Քննադատնե՛ր, փրկեցեք մեզ
Պառնաս խուժած այս գրական լիրբ խուժանից։



ՂԱՐԱԲԱՂԻՆ

Դարերի մուժից հրաշքով հառնած
Ես քո կիսավեր վանքը և տունն եմ,
Հարսների աչքին արտասուք դառած -
Ես քո խոր վիշտը և տրտմությունն եմ։

Մրրիկներից ու հողմերից թեքված
Ես քո դիմացկուն թթենու բունն եմ,
Քո գուսանների երգերում երգված
Ու փառաբանված արիությունն եմ։

Ոսոխիդ բիբում փշի պես ցցված
Քո Գանձասարի գմբեթն ու սյունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
«Ապրեմ-չապրեմի» տոկունությունն եմ։

Ամառվա տոթին մեղմ զեփյուռ դառած
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Բազում վերքերից խոցված ու վառված
Քո անտակ սրտի փխրունությունն եմ։

Վաղվա լուսաջինջ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող -
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ։

Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ -
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո զրահը, քո վահանն եմ կուռ,
Ես քո ժայռերի կարծրությունն եմ։

Դու իմ հինավուրց օջախն ու տունը,
Ես քո արյունն ու քո զորությունն եմ,
Ու ապացուցված քո վեհությունը,
Քեզնով հաստատված քո խորությունն եմ։

Երեկն ու այսօրն իրար կամրջող
Քո խոյակների շաղախն ու կիրն եմ,
Ես քո բարբառն եմ հավերժ կարկաչող,
Ես մեսրոպատառ քո անմահ գիրն եմ։

Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո տագնապող համբերությունն եմ,
Պղտոր ջրերը կհոսեն, կանցնեն,
Ես աղբյուրներիդ զուլալությունն եմ։

Քեզնով եմ կամքս պայքարում կռել,
Ես քո հավատն ու հպարտությունն եմ,
Հնարավոր չէ երբեք ինձ ծռել,
Ես հազարամյա քո պատմությունն եմ։
Հունիս 1975 թ.

---------------------------------
*«Փառաբանումն» բանաստեղծության տարբերակներից է (կա նաև արձակ բանաստեղծություն-տարբերակ՝ «Ոսոխիդ աչքում փշի պես ցցված...», տես՝ «Լեռների լեգենդը», 2003 թ.)



* * *
Բանաստեղծները վաղ են արթնանում՝
Տեսնեն ինչպես են ծաղկունքը բացվում,
Խոտերն ինչպես են ցողով լվացվում,
Ինչպես է ճյուղին բողբոջը պայթում,
Եվ կաքավները որտեղ են իրենց
Նոր ցայգալույսի սաղմոսը կարդում։

Վաղ են արթնանում բանաստեղծները,
Տեսնեն ինչպես են երգում հավքերը,
Լույսը ինչպես է ձորում թանձրանում,
Երբ է արծիվը երկինք բարձրանում,
Ինչից են այդպես վազերը լալիս,
Որ սարերից են հովերը գալիս։

Բանաստեղծները վաղ են արթնանում՝
Լսեն ինչպես է ծիծաղում առուն,
Ինչու է վիթը ձորն իջնում ծեգին,
Ով է ունկ դնում սարյակի երգին,
Եվ արեգակը իր լուրթ անհունում
Ինչ իլիկով է շողերն իր մանում...

Բանաստեղծներին ո՞վ է հասկանում։
1984 թ.



ԿՈՉՈՒՄԸ

Կոչումը պետք չէ բանաստեղծներին,
Ինչպես որ ծովին՝ ավելորդ ջուրը,
Կոչումը տվեք պարծենկոտներին,
Փառատենչներին տվեք կոչումը։

Կոչումը տվեք այն մարդկանց ուշիմ,
Որոնք շեֆերի շուքովն են ապրում,
Եվ նրանց կոշիկին նստած փոշին
Իրենց սեփական գլխարկով մաքրում։

Կոչումը տվեք այն անտաղանդին,
Որ վերադասին երգեր է ձոնում,
Եվ ամեն տարի տպում հատընտիր,
Ծննդյան օրն իր՝ մեծ շուքով տոնում։

Կոչումը տվեք կոչումի գերի
Խեղկատակներին ամորֆ ու անձև,
Կոչումը տվեք գերզգոններին,
Որ տաղանդներին մի լավ քարկոծեն։

Շողոքորթներին տվեք կոչումը,
Կոչումը տվեք սնապարծներին,
Ինչպես որ ծովին ավելորդ ջուրը՝
Կոչումը պետք չէ բանաստեղծներին։
1984 թ.



* * *
Դու իմ տան դուռը իմ դեմ փակել ես,
Քո շողոմ լեզվով միշտ ինձ խաբել ես,
Թռիչքիս պահին ոտքս կապել ես,
Հիմա ասում ես՝ եկ չմանրանանք։

Իմ ունեցածից միշտ ինձ զրկել ես,
Ինձ առաջ նետել, դու քեզ փրկել ես,
Ախր թիկունքից դու ինձ զարկել ես,
Հիմա ասում ես՝ հինը մոռանանք։

Իմ ջրաղացի ջուրը հատել ես,
Ինձ միշտ անարգել ու անպատվել ես,
Արդարությունս դու թրատել ես,
Հիմա կանգնել ես, թե՝ չխորանանք։

Իմ ճանապարհին դու հոր ես փորել,
Որ ընկնեմ՝ չելնեմ - միշտ խոր ես փորել,
Հորի բերանին գորգեր ես փռել,
Հիմա ասում ես՝ չթշնամանանք։

Ես սեր եմ երգել, իսկ դու խանդել ես,
Ես կառուցել եմ, դու միշտ քանդել ես,
Իմ ազատ ոգին ախր բանտել ես,
Հիմա ասում ես՝ եղբայրներ մնանք։

Ես լաց եմ եղել, դու ծիծաղել ես
Ի՞նչ ծիծաղ, տակից վառել, դաղել ես,
Եկել իմ տանը դու ինձ թաղել ես,
Հիմա ասում ես՝ բարեկամանանք։

Քո երդումի՞ն, թե՞ ստին հավատամ,
Ախր ո՞նց քո ծուռ սրտին հավատամ,
Թե բարեկամ ես մոտ ու հարազատ,
Ինձնից խլածը տուր ինձ՝ հավատամ։



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ

ՄՈՑԱՐՏԻ ՄԱՀԸ

Սրինգը ճչաց ու զնգաց ծնծղան,
Ջութակն հեկեկաց արծաթ արցունքով,
Ամբողջ կոկորդով շեփորը ճղղաց,
Գալարափողը փնթփնթաց դժգոհ։
Լռեց ֆլեյտան՝ կոկորդում արցունք
Եվ թավջութակը հառաչեց երկար.
Գալարվեց հողմը դատարկ փողոցում...
Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը չկա։



ԲՈԼՈՐԻՑ ԲԱՐՁՐ

Հաղթահասակ էր Մյուրատն Հովակիմ,
Մազերը գանգուր, աչքերը լազուր,
Երբ Նապոլեոնը կանգնում էր կողքին,
Հազիվ էր նրա ուսերին հասնում։

Եվ Բոնապարտը նեղվում էր մտքում՝
Մյուրատն իրենից ո՞նց բարձր լինի,-
Միշտ որոնում ու մի քար էր գտնում,
Հպարտ, փառահեղ կանգնում էր քարին։

Ահա մի անգամ Մոդենայի տակ,
Երբ Նապոլեոնը կանգնած էր քարին -
Գալիս է հեռվից ինչ որ սուրհանդակ,
Հարցնում՝ կայսրն ո՞վ է ձեզանից։

Մարշալ Մյուրատը իբր չի լսում,
Եկվորը կրկնում է իր հարցը նորից,
Եվ Մյուրատն այստեղ ժպտում է, ասում.
- Նա, որ բարձր է կանգնած բոլորից։



ՊԱՏԿԵՐ

Հռոմն էր վառվում։ Նայեց բարձունքից
Կայսր Ներոնը վառվող Հռոմին
Եվ աղաղակեց զվարթ, ցնծագին.
- Օ՜, հիասքանչ պատկեր է սա մի։
- Իրավ, նայեցե՛ք, ո՜վ ազնիվ այրեր,-
Գոչեց այլայլված սենատոր մի ծեր,-
Այսքան հիասքանչ, գեղեցիկ պատկեր
Կարող է միայն կայսրը ստեղծել։



ՊԱՏԱՍԽԱՆ

Պուշկինին ասաց մի պալատական.
- Վերջապես գոհ է ձեզնից մեր արքան,
Կարող եմ ասել, տիրակալը մեր՝
Ձեր նոր պոեմը շատ է հավանել։
Եվ պատասխանեց Պուշկինը այսպես.
- Մեր թագավորին ճանաչում եմ ես.
Այդ օրը, անշուշտ, կամ շատ է կոնծել,
Կամ էլ կարդացել ու չի հասկացել։



ԲԱԹՈՒ ԽԱՆ

Մեծ ավազակ էր ու մեծ սրիկա
Այս Բաթու խանը խորամանկ ու նենգ,
Ինչ երկրներ էլ նվաճում էր նա,
Թողնում էր մի հետք։
Բճեր էր թողնում օտար կանանցից,
Իր նման ճարպիկ, նեղաչք աղվեսներ,
Հրաման արձակում երեք տարի անց.
- Գնանք հավաքենք զավակներին մեր։
Հրով ու սրով գալիս են ջարդում,
Թալանում, վառում ու անում գերի,
Մեղքը ջարդվողի վրա են բարդում.
- Դուք ո՞նց գողացաք մեր զավակներին։
Բճերի մայրերն ի՞նչ պատասխան տան,
Նամուսի հարց է, դժվար է բանը։

Մեծ զորավար էր ու մեծ սրիկա
Խորամանկ ու նենգ այս Բաթու խանը։
1985 թ.



ԴԻՈԳԵՆԵՍ

Նա շատ քիչ բան էր աշխարհից ուզում՝
Թեկուզ դեն նետած տակառ մի դատարկ.
Որ անձրևներին չթրջվի դրսում,
Տոթին չվառվի բարկ արևի տակ։
Իսկ ինչո՞վ է վատ՝ տակառում քնել,
Ինչպես խրճիթում՝
հանգիստ,
փառավոր,
Երբ կարելի է բռով ջուր խմել,
Ավելորդ թասը ո՞ւմ է հարկավոր։
Մեծ փիլիսոփան այսպես էր ապրում
Ու բավարարվում աստծո տվածով,
Ոչ ոքի առջև գլուխ չէր ծռում,
Դռներ չէր ծեծում անձնական հարցով։
Մեծավորներին նա չէր դրվատում,
Կանանց ետևից նա քարշ չէր գալիս,
Մի կտոր չոր հաց, բուռ ոսպ էր ուտում,
Խեղճերին ձրի խորհուրդներ տալիս։
Իսկ ի՞նչ էր ուզում նա ապացուցել
Տեր ու ստրուկի իր դժվար դարում,-
Որ խելոք միտքը կարող է նաև
Ծնվել մի ինչ որ լքված տակառում։
1984 թ.



ՊԱԳԱՆԻՆԻ ԵՎ ՊՐՈՄԵԹԵՎՍ

Ճակատագրի ի՜նչ նմանություն
Պագանինիի և Պրոմեթևսի,
Մեկը կրակ էր պարգևում մարդուն
Ու արժանանում զայրույթին Զևսի,
Մյուսն անմահ հնչյուններ կորզել
Եվ իր ջութակով աշխարհն էր ցնցում,
Մեկն առասպելի անգո հերոս էր,
Մյուսն հասարակ մի մահկանացու,
Մեկին աստված է բիրտ ժայռին գամել
Անարդարության շղթաներով ձույլ,
Մյուսին նախանձ միջակությունն էր
Գիշեր ու ցերեկ անվերջ հալածում։
Եվ նույնն էր տենչը երկուսի սրտում՝
Ծառայել մարդուն խղճով անբասիր.
Ճակատագրի ի՜նչ նմանություն
Պագանինիի և Պրոմեթևսի։
1984 թ.



ԴՈՆ ԿԻԽՈՏ

Դեմս կանգնել ես ահա դու նորից՝
Քո ասպետական կեցվածքով տոչոր,
Ռոսինանտով քո, որ ընկել հալից,
Բայց դեռ վարգում է դարերի միջով։
Հուզված ես, գիտեմ, գուցեև դժգոհ,
Որ քո դարն այդպես էլ չհասկացավ
Եվ չգնահատեց սխրանքները քո,
Չձոնեց փառքիդ մարմարե արձան։
Սակայն փառք էիր դու տենչում մի՞թե,
Հարկավո՞ր էր քեզ բեռը այդ հետին,
Երբ սուրում էիր հողմաղացի դեմ՝
Ազնիվ մղումով խիզախ ասպետի։
Ընդդիմանալով ծաղրուծանակին,
Արհամարհելով հեգնանքը այրող,
Դու փորձում էիր ետ բերել կրկին
Դարն հանդուգների... նիզակիդ ծայրով։
Այս արևի տակ ո՞ր խելագարն է
Եղել քեզ նման այդքան հանճարեղ,
Ո՞ր ցնորվածը, ո՞ր մտագարն է
Աշխարհին այդքան ծիծաղ պարգևել։
Օ՜, Լամանչեցի փառապանծ ձախորդ,
Տխուր պատկերի ասպետ դու տոկուն,
Իսկ մի՞թե հեշտ է լինել Դոն Կիխոտ,
Ապրել խելագար, մեռնել իմաստուն։
Երեք դար ու կես զրահը հագին
Քայլել հավերժի ճամփեքով խոտոր,
Սանչո Պանսային արած զինակիր
Եվ հալից ընկած մի Ռոսինանտով։
1984 թ.



ԷՎՐԻԿԱ

Նա մտամփոփ էր, երբ բաղնիք մտավ,
Ցրված մի տեսակ, հենց իրեն հատուկ,
Ո՞ւր է օճառը։ Այստեղ է՝ գտավ,
Իսկ որտեղի՞ց է ցուրտ ջուրը կաթում։
Նոր տոգան էլի տանն է մնացել,
Բա ո՞ւր են խցկել գուլպաները նոր։
Էհ, ծառա Հեկոն շատ է ծերացել,
Հանգստանալ է նրան հարկավոր։
Չէ, այսօր պետք է լողանալ մի քիչ
Եվ շոգեհարվել, ինչպես որ հարկն է,
Մարմինը շատ է գոլ ջրի ծարավ,
Խոսք չկա, պիտի պահանջը հարգել։-
Եվ թասը լցրեց նա բերնեբերան,
Բռնեց զույգ ձեռքով, գլխին շուռ տվեց,
Ճերմակ ամպի պես գոլորշին ելավ,
Մեղմիկ ու թեթև բաղնիքում ցրվեց։

Թո՛ւհ, օճառն էլի թասի մեջ ընկավ,
Ավելորդ ջուրը հոսեց կողերից։
Նստեց ծալպատիկ ու նայեց երկար,
Թասի մեջ սուզեց օճառը նորից.
Կրկնեց նույն բանը մի քանի անգամ
Ու մատը դրեց օճառված քունքին։
Մենակ էր, կողքին ուրիշ մարդ չկար,
Վերուվար արեց նժարներն հոնքի
Եվ ցատկեց տեղից մերկ, առանց տոգա,
Նետեց իրեն բակ, գոռաց՝
Էվրիկա...

Ինչ որ դուռ բացվեց, ինչ որ մեկն ասաց՝
Մեր գիտնականը ցնդել է, աստված։
Ինչ որ մի լակոտ փողոցում ճչաց.
- Արքիմեդը մե՜րկ ու քամակը բա՜ց։-
Մի պառավ կնիկ դեմքը շուռ տվեց՝
Այդ անամոթին պետք է մի լավ ծեծ...
Բաղնիքի տերը՝ Աթոս Արգետին,
Որ շատ էր հարգում մեծ Արքիմեդին,
Քաշեց տարավ ներս և ասաց.
- Իմ տեր,
Խնդրում եմ, ասա, այդ ի՞նչ ես գտել։
Թե Արքիմեդը ինչ պատասխանեց,
Այդ պատասխանից բաղնիքի տերը
Ինչ գլուխ հանեց -
Դա կլինի մի երկար պատմություն։
Թող Արքիմեդը գնա իրենց տուն,
Հագնի նոր տոգան,
Հագնի նոր գուլպան...

Իսկ մենք զավակը լինենք մեր դարի,
Տիրոջ աչքերով նայենք աշխարհին,
Սիրող որդու պես մենք գրկենք նրան,
Մահվան զենքերից մենք փրկենք նրան,
Պահենք, պաշտպանենք գունդն այս արևկա,
Գտնենք, նոր միայն գոչենք՝ էվրիկա...



* * *
Երբ Բրունոյին առան կալանքի,
Վենետիկում ջինջ արև էր, գարուն,
Բակում ջնար էր նվագում մի կին
Եվ երկրագունդն իր պտույտն էր անում։

Երբ Բրունոյին նետեցին զնդան,
Երկինքը մութ էր, անձրև էր մաղում,
Խշշում էր նոճին բարձրակատար
Եվ երկրագունդն իր աղունն էր աղում։

Երբ Բրունոյին տարան քննության,
Մոմի թույլ լույսն էր խուցում թրթռում,
Եվ վերջանում էր կարճ օրը ձմռան,
Երկիրն արևի շուրջն էր պտտվում։

Երբ Բրունոյին մեղադրեցին,
Աստված հաճույքով իր փորն էր քորում,
Եվ վրնջում էր փողոցում մի ձի,
Երկիրն առանցքի շուրջն էր բոլորում։

Երբ Բրունոյի դատավճիռն էր
Կարդում ճիզվիտը հրապարակում,
Քամին երկնքից ամպերը ցրել,
Երկիրն իր պտույտն էր շարունակում։

Երբ Բրունոյին ձգեցին խարույկ՝
Անվանարկելով անհավատ ու պիղծ,
Հազար վեց հարյուր թիվն էր աշխարհում
Եվ պտտվում էր երկիրը նորից։

Երբ Բրունոյի մոխիրը դեռ տաք -
Հավաքել էին ու տվել քամուն,
Կղեմոս պապի թույլ ոտքերի տակ
Հողագունդը իր պտույտն էր անում,

Բակում ջնար էր նվագում մի կին,
Գալիլեյն արդեն դարձել էր հանճար,
Եվ պտտվում էր Նոլացու ոգին
Հողագնդի հետ հավետ անվախճան։

Եվ ծնվում էին նոր Բրունոներ՝
Ընդդեմ չարագույժ խավար ու մութի,
Որ Երկիր կոչվող մոլորակը մեր
Միայն արևի շուրջը պտտվի։
1984 թ.



ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ԿԱԽԱՂԱՆ

Կարծես կրծքիս տակ մակընթացում է
ծովը տեղահան.
Թագավորներին դեպի կախաղան...
Շանդոր ՊԵՏԵՖԻ

Սպան հարբած էր, դժվար էր քայլում,
Թեթև գինով էր սերժանտ Կոբերան,
Թեկուզ երգից բան չէին հասկանում,
Բայց գոռում էին դառած մի բերան.
- Թագավորներին դեպի կախաղան։
Երգը լսել են ինչ որ պանդոկում,
Երգում էր մաջար քարտաշի տղան,
Հռհռում էին ու աղաղակում.
- Գրողը տանի, ճի՛շտ է, կախաղա՛ն։

Եվ նրանք մտան լքված մի պարտեզ,
Մի մարդ էր ընկած թփի տակ վարդի,
Բայց ոչ, մեռած չէր, շարժվում էր կարծես,
Շշնջում կամաց՝ օգնեցե՜ք, մարդիկ։
Կողքին ընկած էր դեղնակազմ մի գիրք,
Ճակատին գրած՝ Շանդոր Պետեֆի։

Հռհռաց սպան.
- Է՛յ, սերժանտ Քիքի,
Այս մարդն ինչո՞ւ է պառկել իր քեֆին։
Ու կրակեց նա ատրճանակից,
Մռլտաց.
- Առ քեզ, հեղափոխական.
Այս մաջարները զզվեցրին ինձ...
Բայց սա մերոնցից չլինի հանկարծ։
- Ոչ, մերոնցից չէ,- սերժանտը ասաց,-
Խռովարար է, հերոս է տղան,-
Հետո քթի տակ նա երգեց կամաց.
- Թագավորներին դեպի կախաղան։

Սպան հարբած էր, տգետ ու ցանցառ,
Սերժանտը բութ էր, սակայն կյանքից գոհ,
Այդ տականքները արդյոք հասկացա՞ն
Ո՞ւմ են սպանել օրը ցերեկով։
Մեծ ու բոցաշունչ պոետի հունգար,
Որ հավասար էր անգամ Պուշկինին,
Եվ բռնության դեմ ելավ ինքնակամ,
Մարտակոչ նետեց աշխարհի դեմ հին։
Նա բարձր պահած դրոշը բոսոր՝
Բարիկադներում կանգնեց անվարան
Ու ձայնը նրա ղողանջեց հզոր.
- Թագավորներին դեպի կախաղան։



ՀԱՆՆԻԲԱԼ

Կարթագենն ընկավ, և Հաննիբալը
Փախավ հեռավոր ու անհայտ ափեր,
Այո, հիրավի մեծ է աշխարհը,
Բայց նա տեղ չուներ, որ իր ձին կապեր։
Եվ փնտրում էին հոռոմներն անգետ,
Որոնում էին հետքերը նրա,
Ի՜նչ գիտես, մեկ էլ նոր զորք հավաքեց,
Նորից հարձակվեց Հռոմի վրա։
Եվ Հաննիբալը գտավ վերջապես
Մի խաղաղ անկյուն աշխարհի ծայրին,
Նոր տուն կառուցեց, այգի ու պարտեզ,
Ստրուկներ վարձեց, առավ ջահել կին։
Այդպես ապրում էր զորապետը մեծ՝
Աշխարհի ծայրին, իր իսկ հարկի տակ,
Մեկ էլ չգիտես որտեղից հայտնվեց
Իր հին թշնամին՝ սենատոր Կատոնն։
Եվ Հաննիբալի որդուն նա գրկեց,
Գանգուր մազերը շոյեց հայրաբար.-
- Անունդ ի՞նչ է, տղաս,- հարցրեց,-
Եվ պատասխանեց տղան.
- Հաննիբալ։
Ծեր սենատորը գունատվեց հանկարծ,
Դողաց ողջ մարմնով, գոռաց շնչահեղձ.
- Մի Հաննիբալը քի՞չ էր, ո՜վ աստված,
Մի Հաննիբալ էլ աշխարհում ծնվեց։



ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Բանաստեղծներին ի՜նչ կյանք է տրված՝
Տառապանքներով ապրել ու երգել,
Զգալով սակայն, որ բախտն անկասկած
Իրենցից վաղուց երես է թեքել։
Ի՞նչ երջանկություն և ի՞նչ փառքի տենչ,
Այդպիսի փառքը ո՞ւմ է հարկավոր,
Երբ սուր փշեր կան դափնիների մեջ,
Թույնով թաթախված խոսքեր նենգավոր։
Արքունիքում տոն եղավ պարզապես
Եվ ամենից շատ ցնծաց ինքն՝ արքան,
Նվագախումբը վալս թնդացրեց,
Երբ մենամարտում Պուշկինը ընկավ։

Իսկ Ռուսաստանում այդ ո՞վ չգիտեր,
Թե ինչու զոհվեց իր ազնիվ որդին...
Երբ Պուշկինն ընկավ, Մարտինովն արդեն
Նշան էր բռնել մի այլ պոետի։
Նշան էր բռնել, ձեռքը չէր դողում
Եվ չէր կասկածում՝ վրիպի հանկարծ,
Իսկ Լերմոնտովին հայտնի էր վաղուց
Իրեն ինչպիսի բախտ է վիճակված։
Բանաստեղծները ծառեր են՝ կանգնած
Մայր հողի վրա հպարտ, հաստատուն,
Նրանց ճյուղերին՝ թունոտ ու նախանձ
Անտաղանդներն են միշտ քարեր նետում։
Բանաստեղծներին ի՜նչ ճակատագիր,
Ի՜նչ սիրտ է տրված բանաստեղծներին.
Տանել անմռունչ հարվածը կյանքի
Ու հպարտ նայել մահվան աչքերին։
Երբ բիրտ գնդակից Պետեֆին ընկավ,
Գարսիա Լորկան աշխարհ չէր եկել,
Բայց երկրի վրա այն դահիճը կար,
Որ նրան մի օր պիտի գնդակեր։
Հին պատմությունը նորից կրկնվեց
Եվ այն էլ կեսին քսաներորդ դարի,
Նա, ով Լորկային նշան էր բռնել,
Պղծեց շիրիմը անմահ Կոբզարի։
Ճիգե՜ր ապարդյուն...
Բռնակալները
Թող կրճտացնեն ատամներն իրենց -
Բանաստեղծներն են աշխարհի տերը
Ամենահզոր ու ամենամեծ։
Բանաստեղծներին մահ չկա հավետ -
Ծնվում, ապրում են, այրվում, լույս տալիս,
Եվ ապա ամեն նոր սերնդի հետ
Բանաստեղծները աշխարհ են գալիս։
1981 թ.



ՄԵԾԵՐԻ ԲԱԽՏԸ

Նշան բռնեցեք
բանաստեղծներին
Եվ պատմության մեջ
Կմնաք հավետ։
Ռ. ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԻ

Մեծերի բախտն է -
Կարծես նախօրոք կանխագուշակված,
Հատուկ պլանով
հղկված,
մշակված,
Հաստատված արդեն...
Պուշկինի դիմաց պիտի անպայման
Լիներ մի Դանտես,
Որ մենամարտեր,
սպանե՜ր նրան,
Մոցարտին պիտի դարանակալեր
Սալիերին թունոտ,
Իսկ Լերմոնտովին նշան պիտ բռներ
Ինչ-որ Մարտինով...
Գոռոզ լորդերի դավից չարագին -
Բայրոնը պիտի դառնար տարագիր,
Գրիբոյեդովը կամոք ի վերին՝
Զոհ գնար պարսիկ մարդասպաններին։

Մեծերի բախտ է -
Այո, այդպես է տերը կամեցել,
Որ Սենեկան իր երակը բացեր,
Եվ Սայաթ-Նովան՝
փառքերի արժան -
Օտարի հրին ու սրին գնար,
Աբովյանը՝
իր երկրում քարաշատ -
Անշիրիմ մնար,
Կրահորի մեջ Պետեֆին այրվեր,
Թոքախտից մեռներ Դուրյանը ջահել,
Որ մի սրիկա,
Իսպանացի մի ֆաշիստ անգետ -
Գրենադայի հանճարեղ երգիչ
Լորկային զարկեր...

Մեծերի բախտ է,
Եվ ո՞վ կարող էր այդ կարգը խախտել,
Խուսափել ահեղ ճակատագրից ...
Իսկ դու, բանաստեղծ,
Քո երգը գրիր,
Ճանապարհդ քո երգերով հարթիր,
Որ արժանանաս մեծերի բախտին՝
Ոչ միայն դարիդ «պարգևած» վերքով,
Այլև քո պայծառ և ըմբոստ երգով,
Եվ հիշիր նաև՝
որ մեծությունը
Չափվում է ոչ թե սոսկ ապրած կյանքով,
Այլ՝ ապրած կյանքի վսեմ խոյանքով։



ԹԱՄԲԻ ՎՐԱ

Պառկած էր մահճին հունաց մեծ արքան,
Բժիշկներն անվերջ գալիս են, գնում,
Բոլոր դեղերն էլ փորձել են, սակայն
Վիճակը նորից դեռ նույնն է մնում։
Եվ ինքն էլ՝ արքան հաշտվել էր կարծես
Մահվան մտքի հետ։ Էլ չէր բողոքում,
Անխուսափելին հեռու չէր, գիտեր,
Ինչ որ մի տեղից նայում է թաքուն։
- Բայց դեռ ապրում եմ,- և արքան կամաց
Բարձրացավ տեղից ու թիկնեց բարձին,
Նույն զորավարն եմ, նույն արքան հունաց,
Նույն Ալեքսանդր Մակեդոնացին։
- Բերել ձիս,- գոչեց,- զենքերս բերեք,
Ռազմի շեփորը թող հնչի կրկին,
Իմ բարեկամներ, ի զեն, շուտ ելեք,
Թե որ մեռնել է, թող մեռնեմ թամբին։

Նոր տերություններ նվաճեց արքան,
Բազմաթիվ նավեր խորտակեց կրկին
Եվ բերդեր գերեց... ու մեկ էլ հանկարծ
Նվաղած ձեռքը դրեց լայն կրծքին։
- Ահա քեզ գտա,- խնդաց մահը սին
Եվ զնգաց ժանգոտ գերանդին նրա։
Պատասխան տվեց Մակեդոնացին.
- Սակայն մեռնում եմ ես թամբի վրա։



ԱՅՍ ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ

Երկու դար ու կես քայլում է մեզ հետ,
Բռնած ծիծաղի անվախճան ուղին,
Իր խոսքով շիտակ, միշտ խելոք ու խենթ -
Ասք, լեգենդ դարձած այս Պըլը-Պուղին։

Մեզ հետ նստում է քեֆ ու խնջույքի,
Խայթում սուտ մարդկանց՝ առանց երկյուղի,
Դառնում պաշտամունք, դառնում է ոգի -
Մեծ ճամփա անցած այս Պըլը-Պուղին։

Մանկանց հետ մանուկ, մեծի հետ մեծ է,
Մեր Արցախի պես և՛ նոր է, և՛ հին,
Շիտակ է հոգով, սրտով անկեղծ է
Միշտ ճակատը բաց՝ այս Պըլը-Պուղին։

Մեր գինու նման քաղցր է ու թունդ,
Հրաշք է, ինչպես մեր թթի օղին,
Ապուպապերիս խոսքն է իմաստուն -
Պայծառ, սրտաբաց այս Պըլը-Պուղին։

Երկու դար ու կես քայլում է մեզ հետ,
Բռնած հավերժի անվախճան ուղին,-
Ղարաբաղաբույր, ղարաբաղակերտ,
Ղարաբաղացած այս Պըլը-Պուղին։
1983 թ.



ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակն ինչքան կուռքեր տապալեց,
Որքան ասպետներ կորան անանուն,
Հեշտ չէ ճակատին դափնիներ պահել
Մեր այս ահեղ ու անհանգիստ դարում։

Ապաշնորհն էլ փառք է երազում,
Փառքի են ձգտում տգետներն անգամ,
Թեկուզ քչերն են բարձրանում գագաթ,
Բայց անմահանալ բոլորն են ուզում։

Անմահությունը ոչ շքահանդես
Եվ ոչ էլ տոմս է վիճակախաղի,
Ծանրաձող չէ այն, որ գետնից պոկես,
Սահմանես ռեկորդ համաշխարհային։

Գրչով հաստատված կոչում չէ էժան
Կամ թե մրցանակ՝ սնդուկում պահես,
Եվ ոչ էլ մեդալ կամ շքանշան,
Որ տոն օրերին կուրծքդ զարդարես։

Այն ոչ կոդեքս է, ոչ էլ հրաման՝
Վավերացրված կնիք ու գրով,
Ոչ էլ մրողի մի թույլ դրամա,
Մեջքին հրելով բեմ տանես զոռով։

Նրանց համար չէ անմահությունը,
Ովքեր քծնությամբ պաշտոն ստանում,
Դրոշակ են դարձնում շեֆի անունը,
Նրա ճառերից մեջբերում անում։

Եվ ոչ էլ նրանց համար է, ովքեր
Սիրում են շուքով նիստ ու հանդիպում,
Եվ համարվելով ճանաչված դեմքեր,
Իրենց գրքերն են արտահերթ տպում։

Անմահությունը բրոնզե արձան չէ,
Որ կանգնեցնես տեսարժան վայրում,
Տեսնես ինչպես են բերանբացները
Զարմացած նրա սֆաթին նայում։

Անմահությունը... պատվանդան է դա՝
Ժամանակների ոգին անբասիր,
Վրան անունդ գրելուց առաջ՝
Մտածիր նաև պահելու մասին։

Այդ պատվանդանին թե որ ուզում ես
Հավերժի, փայլի փառքդ լուսահորդ,
Պիտի լինես կամ ըմբոստ Սերվանտես,
Կամ Լամանչեցի անմահ Դոն Կիխոտ։
1981 թ.



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ

Եվ տերը կանչեց սուրբ ղազավաթի
Գյավուրների դեմ, կեղտոտ հայերի,
Շեյխը կոչ արեց՝ խփեցեք իթին,
Թե չէ՝ կգան ու բազմանան էլի,
Խլեն մեզանից մեր տունն ու տեղը,
Մեր մուլք-դովլաթը, մեր գիտությունը,
Ա՛յ թող կտրվի դրանց գող ցեղը,
Վալլա՜հ, քանդեցին դրանք մեր տունը։

Եվ ելան նրանք՝ հպատակները
Սուրբ Մուհամեդի ու Փեղամբարի.
- Խփե՛ք գյավուրին, վառե՛ք տները,
Մի՛ թողեք քարը դնեն մի քարի.
Իրենց հավատը ինչո՞ւ չեն փոխում,
Ինչո՞ւ են կեղտոտ խոզի միս ուտում,
Մեր կոխած հողը ինչո՞ւ են կոխում,
Իրենց որդոց էլ դեռ չեն թլպատում։

- Յա՜, ալլահ, ալլա՜հ, հայից մեզ փրկիր,
Իրենց բերանի համն էլ չգիտեն,
Գինի են խմում, պահում են մի կին,
Շախսեյ-վախսեյին գնում են միշտ դեմ,
Իրենց մազերին հինա չեն դնում,
Նամազ չեն անում արքին ու սարքին
Քեչայի վրա երբեք չեն քնում
Մեզ նման՝ փալաս-փուլուսը հագին։
Եվ ելան նրանք՝ ցեղերը վայրի՝
Թալեաթով իրենց, իրենց շարիաթով.
Ինչո՞ւ է աստված ստեղծել հային՝
Թուրքերի կողքին՝ հայի մռութով։
Ինչո՞ւ են նրանց շորերը մաքուր,
Եվ կանայք ինչո՞ւ չադրա չեն կրում,
Շալվարի տակից թուման են հագնում,
Ոչ գողանում են և ոչ էլ խլում։

Երբ տերը կանչեց սուրբ ղազավաթի,
Եվրոպան դրել գլուխը բարձին,
Անկարաներից լսում բայաթի
Եվ այլ կողմից են մոտենում հարցին։
Թուրքերը, ճիշտ է, բարբարոս են, նենգ,
Բայց դե հայերը էլ ի՞նչ են ուզում,
Մի քանի հազար ոսկի է, տվեք,
Եվ ապրեցեք ձեր Վանում ու Կարսում։

Երբ Թուրքիան ելավ սուրբ ղազավաթի-
Հայացքը հառած բարձր Մասիսին,
Եվրոպան թուրքի պորտապարն էր
Ուսումնասիրում պատմության դասին։



ԱՐՔԱ ԱԼՖՈՆՍԸ

Դատարկ մարդ էր Ալֆոնս արքան
Գիշեր-ցերեկ քեֆ էր անում,
Եվ կոնծում էր շունը այնքան,
Որ շալվարը կինն էր հանում։
Հարբած արքան մրափում էր,
Ելնում հաջորդ օրվա կեսին,
Տերությունը թողած անտեր,
Չէր մտածում վաղվա մասին։
Այնպես եղավ, որ մի անգամ
Երկիր խուժեց թշնամին,
Բայց հարբած էր Ալֆոնս արքան,
Եվ այդ պահին նա ի՞նչ անի։
Կինն ամուսնու շորերն հագավ,
Կապեց զենքը ու հեծավ ձին.
- Ելե՜ք,- ասաց,- հանուն ի գահ,
Իմ զինվորներ առյուծածին։
Եվ զենքերը շաչեցին զիլ,
Քաղաքի տակ ոսոխն ընկավ,
Հետո հաջորդ օրվա կեսին
Քնից ելավ հարբած արքան։
Ելավ և ի՞նչ տեսնի գահին՝
Գինու բաժակ, գինու շիշ էր,
Եվ նա այստեղ դողաց ահից,
Բայց դե ուշ էր.
Թոկը վերից սև օձի պես
Ճանկեց նրա վիզը հանկարծ...
Ուրիշ ի՞նչ է հարկավոր ձեզ,
Դատարկ մարդ էր Ալֆոնս արքան։



ԽԱՉԱԿԻՐՆԵՐԸ

Նրանք ասացին.
- Երուսաղեմը ահա՝ ձեր ուզած,
Ահա և տիրոջ գերեզմանը սուրբ,
Մենք քանի՜ տարի պահել ենք ուսած՝
Այս սուրբ տապանը դարձրած սուրբ մասունք։

Եվ մենք ասացինք.
- Տիրոջ գերեզմանն ինչո՞ւ է ձեզ մոտ,
Ի՞նչ ունեն ձեզ մոտ մասունքները սուրբ,
Տաճարն ինչո՞ւ է այսքան գարշահոտ,
Արդյոք, մա՞րդ եք, թե՞ կեղտոտ անասուն։

Նրանք ասացին.
- Ալլահը վկա, լավ բան չեք անում,
Դատարկ տեղն ինչո՞ւ բազար եք բացում,
Սա մեր երկիրն է, մեր հողը, ջանըմ,
Մենք ոչ ձեր ճորտն ենք, ոչ ստրուկը ձեր։

Եվ մենք ասացինք.
- Լռեք, շան տղերք, ո՜նց չեք ամաչում,
Առանց ամոթի խոսում էլ եք դեռ,
Հիմա որտեղի՞ց իմանանք, սրանք
Սուրբ մասունքնե՞ր են, թե՞ շան ոսկորներ։

Նրանք ասացին.
- Յա՜, սուրբ Մուհամեդ, այս ի՞նչ պատիժ է,
Այս ո՞ւր ենք հասել, օգնի՛ր մեզ, ո՛վ տեր,
Անհավատներն այս կատարյալ գիժ են,
Ուզում են նորից մեր տունը քանդել։

Եվ մենք ասացինք.
- Քանի տարի է, արյուն եք թափում,
Ցեղեր եք ջնջում երկրի երեսից,
Դուք կեղծ մասունքով հիմա մեզ խաբում,
Ուզում եք դարձնել մեզ էլ սրբապի՞ղծ։

Նրանք ասացին...
Չէ, չթողեցինք, որ նրանք խոսեն,
Մենք դեռ առջևում թեժ մարտեր ունենք,
Նոր արյան գետեր դեռ պիտի հոսեն,
Մենք ազնիվ, արդար խաչակիրներ ենք։
Այդ սուրբ մասունքի հերն էլ անիծած,
Մերը մի թուր է, մի վահան, մի ձի,
Կշարունակենք կռիվն անկասկած,
Մերը կդարձնենք աշխարհը անծիր...

Եվ մենք այդպես էլ նրանց ասացինք։



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հրացան պայթեց փերունց քարափին,
Մի սև ձիավոր փախավ ձորն ի վեր,
Եկան ասացին, թե Ավան պապին
Օսմանցի Նիազ Մուսան է սպանել։
Եկան քննեցին ու հաստատեցին՝
Մուսան է որ կա, դա գործն է նրա,
Երեք տարի անց, տակին մի սև ձի-
Եղբոր հետ Մուսան Ղորանի վրա
Երդվելու եկավ՝ ալլահը վկա
Ավան քիրվային ես չեմ սպանել։
Նրա գրպանում ատրճանակ կար,
Տակի այդ սև ձին պապիս սև ձին էր,
Ուսերին պապիս յափնջին երկար։
- Ձիաթափ լինես,- տատս անիծեց,-
Երես էլ ունես, տունս ես մտել...
Ակտիվիստ Համոն մի քիչ մտածեց,
Հորս ականջին շշնջաց՝ Արտեմ,
Հաշտվեցեք գնա, հաշտվեցեք, ջանըմ,
Պատիվ ու անուն ունես շրջանում։
Եվ պատմությունն էլ հենց այստեղ ծռվեց,
Ինչ որ պատմագիր խառնեց ամեն բան,
Օսմանցի Մուսան Արցախում ծնվեց,
Իսկ մենք էլ դառանք ազգությամբ ալբան։
Դիմեցինք մինչև դիստանցիան վերջին,
Սրանք լսեցին, նախատեցին մեզ.
- Պատմությունը՝ դա սայլի անիվ չի,
Որ ուզածիդ պես նստես ու փոխես։
Չէ, մեզ էլ տեղն է. Մուսան ավազակ՝
Այդ ինչպե՞ս է մեր կողմերը ընկել,
Որ գա նստի մեր ընկուզենու տակ,
Ասի՝ էս ծառը իմ պապն է տնկել։
Օ՜, բարեկամներ ունենք սրբապիղծ,
Անամոթաբար իրենցն են անում,
Երեկ մեր հողերն առել մեզանից,
Մեր պատմությունն են այսօր գողանում։
Մաշտոց չի եղել ու Խորենացի,
Սուտ են Վարդանն ու թագավորն Արշակ,
Բաբեկ է եղել քաջ ու առնացի
Եվ Ղաչաղ Նաբի՝ ինքն էլ ֆեդմարշալ։-
Փաստերը մի՞թե խեղճ են ու անզոր.
Մուսան պղծել է մեր տոհմատունը,
Իսկ նրա թոռն ու ծոռները այսօր
Բռնած քերթում են մեր պատմությունը։



ՄԵԼԻՔ ԱՎԱՆ ՏԻԶԱԿՑԻՆ

Մեր Արցախը շատ քաջեր է ծնել,
Սակայն ուրիշ էր Ավան Տիզակցին.
Մի կողքից կախած հավլունի թուրն էր,
Մի կողքից՝ մաղախն արդար մեր հացի,
Նաև բազմաթիվ ոսոխներ ուներ,
Եվ բարեկամներ՝ լեռների արծիվ։
Երբ հետն ատելի ոսոխն էր խոսում,
Նա ձեռքը դեպի իր թուրն էր տանում,
Բարեկամին է երբ կողքին տեսնում,
Մաղախից հաց ու պանիր էր հանում։
Իսկ երբ չգիտեր խոսակիցն ով է,
Նենգ սրիկա՞ է, թե՞ քաջ դրացի,
Միշտ ձեռքի մեկը թրի վրա էր,
Իսկ մյուս ձեռքը մաղախին հացի։
Մեր Արցախը շատ քաջեր է ծնել,
Սակայն ուրիշ էր մելիք Տիզակցին։



ՄԵԼԻՔ ԵՍԱՅԻ

Շահը հյուր տարավ Մելիք Եսայուն,
Ցույց տվեց մարդկանց մեծ ու անվանի,
Եվ նայեց նրա աչքերին խոհուն
Ու ասաց.
- Որդի Մելիք Ավանի
Լսել եմ ես քո քաջության մասին,
Դու մարտերի մեջ լավ զորավար ես,
Իսկ ո՞վ կարող է դիպչել քո մազին,
Թե ինձ դաշնակցես, իմ կողքին լինես։
Ես քեզ կդարձնեմ պարսից զորապետ,
Եվ կունենաս դու շքեղ պալատներ,
Կնստես-ելնես միշտ մեծերի հետ,
Փառքերի արժան իշխան կլինես։
- Երկար տարիներ՝ շահին իմաստուն,-
Մելիք Եսային տվեց պատասխան,-
Լավ է իմ երկրում ճորտ լինեմ անտուն,
Քան օտար երկրում դրածո իշխան։



ՄԱՐԱՏ

Խփեցին նրան ուղիղ կռնակից
Եվ այն էլ փոքրիկ մի լողարանում,
Խփողը ստոր ու ծախու կին էր,
Փողոցային լիրբ՝ անտոհմ, անանուն։

Եվ ասում են, թե վերջին շնչում նա
Այսքանն է ասել տանջանքով անլուռ.
- Ափսոս՝ չմեռա ամբիոնի վրա,
Կամ զենքը ձեռքիս՝ բարիկադներում։



ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿՈԼՈՒՄԲՈՍ

Ամենից առաջ նա փառատենչ էր,
Խիզախ էր նաև ամենից առաջ,
Իր նավի վրա նա ամեն ինչ էր՝
Քաջ ծովակալ էր, հմուտ նավավար։

Հայտնաբերեց նա երկիրներ բազում,
Նոր ծովեր, գետեր, անտառներ մթին,
Իր առագաստն էր ամենուր պարզում
Ու մեկնաբանում հարցերը խրթին։

Բայց ինչպե՞ս եղավ, որ առաջինը
Նոր մայրցամաքը նա հայտնաբերեց,-
Չհասկացավ իր գտածի գինը,
Առանց տրտունջի ինքն իրեն ներեց։

Գուցե՞ փառքերից շատ էր շլացել,
Գլխապտույտ էր ապրում երևի,
Ամերիկա էր նա հայտնագործել
Եվ դա չլսված գյուտ էր հիրավի։

Իսկ գո՞ւցե իրոք մարգարե էր նա,
Գիտեր՝ երկիրն այդ շատ տարիներ անց
Աշխարհում մի նոր պատիժ կդառնա,
Իր փառքին ստվեր գցի անկասկած։

Եվ չէր ցանկանում հողագունդն անծիր-
Այդ Ամերիկան գտնելու համար
Իրեն անիծի։



ԼԵԳԵՆԴ ԱԴԱՄԻ ՄԱՍԻՆ

Երբ չէր ստեղծել Եվային աստված,
Ադամն իր քեֆին ապրում դրախտում,
Բարիքն էր խժռում աստծո տված
Եվ ծաղիկների բուրմունքով արբում։
- Իսկ նրա տաբատն ո՞վ էր կարկատում։

Ադամին պետք չէր տաբատ ու բլուզ։
Թափառում էր նա դաշտերում լազուր,
Պառկում քնում էր մինչև արշալույս՝
Հրեշտակների չքնաղ պարտեզում։
- Իսկ ի՞նչ էր տեսնում նա իր երազում։

Հեռո՜ւ-հեռավոր աշխարհ անծանոթ,
Ատոմային ռումբ ու սնկաձև ծուխ,
Հրանոթների ահարկու որոտ,
Աշխարհն անծանոթ՝ հրդեհի բոցում։
- Իսկ նա հեռավոր վշտից չէ՞ր կոնծում։

Դեռ չարն ու բարին չէր զանազանում,
Պերճ պարտեզներում թրև էր գալիս,
Սրինգ նվագում, երգեր հորինում
Ու արձանիկներ արարում քարից։
- Իսկ ո՞վ էր նրան հոնորար տալիս։

Ինքն էր իր գլխի տերը ու արքան,
Հարկավոր չէին նրան փառք ու գանձ,
Աչքածակ չէր նա և ոչ էլ ագահ,
Հոգին մաքուր էր ու սիրտը միշտ բաց։
- Երբ երջանիկ էր Ադամը այդքան,
Եվային ինչո՞ւ ստեղծեց Աստված։

Որ լինի Կայեն՝ Աբելի կողքին
Եվ մեծ ջրհեղեղ համաշխարհային,
Քրիստոսին մատնի Հուդան չարոգի,
Աշխարհն ավերեն հոները վայրի,
Խաչակիրները ելնեն արշավի,
Ավերեն գյուղ ու քաղաքներ անթիվ,
Եվ Մուհամեդը հանուն հավատի՝
Տանի իր հոտին սուրբ ղազավաթի...

Եվ լինեն ջարդեր, ազգասպանություն,
Հազար մի ձևի ճակատամարտեր,
Եվ որբեր, որբե՜ր անտեր ու անտուն,
Դեր-Զոր,
Օսվենցիմ...
Օ, ներիր ինձ, տեր,
Թե որ ճշմարիտ դատելու լինենք՝
Աշխարհի ընթացքն այդ դո՛ւ ես շեղել,
Անշուշտ այս գործում քո մատը խառն է,
Մեծ խառնակիչը՝
այդ դու ես եղել։
1984 թ.



ԼԵԳԵՆԴ ԽԱՆԴԻ ՄԱՍԻՆ

Ադամը ծեգին արթնացավ քնից
Ու կանչեց՝ Եվա՛...
Բայց չկար Եվան։
Ախր ո՞ւր պիտի գնար նա տնից,
Ոչ ծանոթ ունի, ոչ էլ հարևան։
Եվ կանչեց նորից Ադամը՝
- Եվա՜,
Պատասխան չկար,
տնքաց նա անհույս,
Հետո առաջին անգամ լաց եղավ
Ու սարսափեց նա մենակ մնալուց։
- Եվա՜,- հառաչեց թշվառ Ադամը,-
Դրախտն առանց քեզ դատարկ է ահա։
- Եվա՜,- աղաչեց շվար Ադամը,-
Իմ կյանքն առանց քեզ ի՞նչ արժե հիմա։
Իսկ Եվան չկար,
ու վշտից հեծեց
Անմիտ ու բարի նախահայրը մեր,
Սիրտը ահ ընկավ,
ու նա կասկածեց,
Որ Եվան իրեն դավաճանում է։
Քնեց Ադամը տխուր ու խռով,
Ուրիշ Եվայի երազում տեսավ,
Վառվեց նա ուրիշ Եվայի սիրով,
Ուրիշ Եվայի երազում գտավ,
Ուրիշ Եվայի նա ասաց՝ Եվա,-
Եվ ուրիշ Եվան շշնջաց՝ Ադամ,-
Աչքին ուրիշ մի աշխարհ երևաց՝
Գեղեցիկ ու պերճ
դրախտից անգամ։
Իսկ երբ արթնացավ, արդեն կեսօր էր,
Նայեց ու տեսավ Եվան իր կողքին,
Բռնեց մազերից, գոռաց խելահեղ.
- Այդ որտե՞ղ էիր կորել, ստոր կին։
- Քեզ էի փորձում,- ծիծաղեց Եվան,-
Հիմա հասկացա, որ ինձ ատում ես։
- Ախ, կասկածո՞ւմ ես,- Ադամը հևաց,
Իսկ Եվան ճչաց.
- Դու ինձ խանդում ես...
Ի՜նչ տուրուդմփոց, ի՜նչ կոծ ու կական,
Խոսքը խոսք բերեց,
առան, տվեցին...
Ահա աշխարհում առաջին անգամ
Կասկածն ու խանդը այսպես ծնվեցին
Ադամ-Եվայի ժամանակներում։
Ապահարզանը դեռ շա՜տ էր հեռու...



ՍԵՎ ՎԵԶԻՐԸ

Հ. Ալիևին

Երբ հաստատ էր գահին արքան,
Նրա աջը սև վեզիրն էր,
Նրա կեղտոտ գործի վկան
Եվ սուրբ խաչը սև վեզիրն էր։
Արքան որտեղ ճառ էր ասում՝
Ծափ տվողը սև վեզիրն էր,
Արքան խեր ու շառ էր խոսում՝
Չափ տվողը սև վեզիրն էր։
Ուր ոտք դնում տիրակալը՝
Նրա կողքին սև վեզիրն էր,
Մեջքին կանգնած ամուր սարը
Միտքն ու հոգին սև վեզիրն էր։
Ողջ տերության ծանր լուծը
Խալխի մեջքին ու վզին էր,
Իսկ պալատում մեծ արքայի
Խորհրդատուն սև վեզիրն էր։
Տերությունը իրար խառնվեց,
Եվ խառնողը սև վեզիրն էր,
Պալատն, ասին, գող է մտել,
Ու այդ գողը սև վեզիրն էր։
Երբ սթափվեց տիրակալը՝
Կյանքը արդեն օրհասական էր,
Եվ դղրդաց ողջ աշխարհը՝
Գահի վրա սև վեզիրն է։
1980 թ.




ՍՄԲԱՏ ԵՎ ԲԱԲԵԿ

...Նույն տարին միևնույն իշխան Սահլի Սմբատյանը
ձերբակալում է ապստամբ Բաբանին, որ մարդախող-
խող, աշխարհավեր, արյունարբու գազան էր, և հանձ-
նում ամիրմունիի ձեռքը։
(«Աղվանաց աշխարհի պատմություն»
Մովսես Կաղանկատվացի)

Լինի թեկուզ Թալեաթ հազար
Եվ նույնքան էլ՝
Փաշա Էնվեր,
Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա,
Սմբատները միշտ ծնվել են
Ու կծնվեն...
Որ պաշտպանեն երախտամոռ
Բաբեկներից պատիվը մեր,
Որ ինչ-որ մի քոչվորի թոռ,
Դարեր ի վեր
Անտուն, անտեր-
Չմտնի մեր տունն հայրենի
Ու հորջոջի իրեն տանտեր...
Սմբատները պիտի ծնվեն-
Ապացուցեն, որ աշխարհում
Որ այս հողում
Ոչ քո հայրը շիրիմ ունի,
Ոչ էլ պապը,
Որ ցեղիդ հետ եղած կապը
Ոչ թե այստեղ,
Այլ տոթակեզ
Անապատում գնաս փնտրես։
Սմբատները պիտի ծնվեն՝
Հատեն քո այդ լեզուն շողում,
որ առնես դաս,
Ուրիշներից խլած հողում
Ուրիշների պատմությունը
Չգողանաս...
Հիմա լսիր պատմությունն այս,
Ով հանգաթուխ Ռզա Ռասուլ,
Ունկ դիր և տես-
Մեսրոպագիր
Պատմիչները ինչ են ասում։

1.
Հալածված ահեղ հակառակորդից-
Դեմքին իր հոգու թույնը անթաքույց-
Անտուն, անօջախ քոչվորի որդի
Բաբեկը փախավ ջարդված, մազապուրծ,
Թողած լեռներում, ձորերում մթին-
Զոհեր բազմաթիվ։
Նրա աչքերում սարսափ կար վայրի
Եվ ատելություն աշխարհի հանդեպ,
Շուրջը լեռներ են տոչոր, ամայի,
Օտար ճամփաներ և օտար հանդեր։
Նա հայրենիք էր փնտրում աշխարհում,
Եվ ազգ կոչվելու ուժ ու իրավունք,
Դրա համար էլ ջարդում էր, վառում
Ու պատսպարվում ձորերում խորունկ։
Աղվանքում արյուն, մահ ու կոտորած,
Բաղաց գավառում թալան ու ավեր,
Սյունյաց աշխարհում արտասուք ու լաց,
Կին, մանուկ ու ծեր
Անտուն բնավեր...

Իսկ հետո... հետո այդ ինչպես եղավ,
Որ իր ոհմակը կրեց պարտություն.
Երկնքից կարծես հուր ու բոց տեղաց,
Հրաբուխ ժայթքեց ասես Սյունիքում։
Դա վերջն էր արդեն,
և ինքն էլ գիտեր,
Որ ոչ մի ալլահ իրեն չի փրկի,
Եվ այս աշխարհում դժվար է հաղթել,
Նրանց, ովքեր որ Հայրենիք ունեն։
Իսկ ո՞վ է ինքը, ինչ ազգ ու տոհմից.
Քոչվոր էր հայրը,
Եվ պապն էր քոչվոր,
Եվ ցեղն էր վայրի ու աստանդական,
Եվ նախնիները ավազակ ու գող,
Եվ ինքը հարկավ...

Օ, ալլահ, մի՞թե փրկություն չկա,
Գոնե մի գիշեր, մինչև լուսաբաց
Քներ ապահով...
Եվ հիշեց հանկարծ,
Բաբեկը հիշեց Սմբատ իշխանին,
Որ մոտը հյուր էր տարիներ առաջ.
Հիշեց կնոջը նրա գեղանի,
Որ ընդունել էր խառնածին հյուրին
Հարգանքով պատշաճ.
Քրոջը հիշեց իշխան Սմբատի-
Նազիրան, հպարտ ու թեթևաոտ,
Նրա բերանը կոկոն էր վարդի,
Ժպիտը գարնան բացվող առավոտ...
Օ, հայը գիտե պատվել իր հյուրին,
Հայը չի խփում երբեք թիկունքից.
Հայը իր տունն ու հայրենիքն ունի,
Սիրտը մաքուր է, մաքուր է հոգին...
- Դեպի դղյակը իշխան Սմբատի,-
Դարձավ նա ասաց իր զորախմբին.
Ուղեղում մի միտք ծնվեց տմարդի,
Աչքերին իջավ... նի՞րհ էր, թե՞ թմբիր...

2.
Իշխան Սմբատը իր հին դղյակում
Նրան ընդունեց բարեկամի պես,
Ճոխ սեղան բացեց ընդարձակ բակում,
Հոսեց յոթ տարվա գինին փրփրադեզ։
Ու գինովացավ Բաբեկը պարտված,
Կենացը խմեց իշխան Սմբատի.
- Թիկունքս,- ասաց,- դու ես անկասկած,
Շնորհակալ եմ իմ հզոր բաթիր,-
Եվ գիշեր եղավ մութ, ականակուր,
Սակայն չքնեց հյուրը սրբապիղծ,
Եվ երբ լռություն տիրեց դղյակում,
Քոչի շան նման զգույշ ու թաքուն
Բաբեկը սողաց, ելավ օթախից
Ու արթնացրեց քնած խուժանին։
- Շղթայել,- ասաց,- Սմբատ իշխանին,
Այդ գյավուրից իմ վրեժը կառնեմ...

Սմբատ իշխանը կանգնեց շղթայված,
Դարձավ Բաբեկին ու այսպես ասաց.
- Բաբեկ, դու Բաբեկ, գող շեյթանի ծոռ,
Քոչվորի պնչից թռած գարշահոտ,
Ես քեզ պատվեցի իմ աղ ու հացով-
Ոնց բարեկամի՝ հարազատ ու մոտ,
Իսկ դու եղկելի անամոթ ու պիղծ-
Իմ այս հարկի տակ շղթայում ես ինձ.
Ո՞րն է իմ մեղքը, ի՞նչ եմ արել քեզ։-
Պատասխան տվեց Բաբեկը այսպես.
- Իմ ցեղն է քոչվոր ու աստանդական,
Եվ իմ արյունն է քոչվորի արյուն.
Իսկ քո մեղքն այն է, որ ապրում ես, կաս,
Սեփական հողի վրա ես քայլում.
Դու ունես օջախ, հայրենիք ունես,
Քո գլխի վերև դու տանիք ունես,
Դու... գալիք ունես...

Եվ շղթայակապ իշխան Սմբատին
Դառն հեգնանքով ծանակեց.
- Բաթիր...
Եվ բռնաբարեց կնոջը նրա,
Եվ բռնաբարեց քրոջը նրա,
Հետո անպատվեց մորը ալևոր,
Ու դարձավ ասաց խուժանին վայրի.
- Հանուն ալլահի, իսլամի թոռներ,
Մեզ վիճակված է միայն թալանել,
Գողանալ, վառել, պղծել ու խաբել.
Գյավուրներն ինչո՞ւ աշխարհում ապրեն,
Ինչո՞ւ ունենան հայրենիք ու տուն,
Ո՞վ է սահմանել այսպիսի օրենք
ու արդարություն...

3.
Եվ լույսը բացվեց, եղավ առավոտ,
Իշխան Սմբատը զայրույթից գոռաց.
- Սուրհանդակ,- գոչեց,- սուրա թևավոր,
Իմ կտրիճներին տուր շուտվ իմաց,
Թող ձիեր հեծնեն, թռչեն հողմի պես,
Այդ անտուն շանը բռնեն կենդանի։-
Արփին բարձրացավ, օրը եղավ կես,
Թռան քաջերը Սմբատ իշխանի,
Եվ շառաչեցին թրերն հավլունի,
Եվ նժույգները ծառս եղան ցասկոտ,
Եվ հետո եղավ նորից առավոտ,
Եվ առավոտն այդ Բաբեկի համար
վերջինը եղավ...

Նա գիտեր հարկավ՝
Որ ուշ է արդեն, փրկություն չկա,
Եվ չէր հավատում ոչ մի հրաշքի,
Բութ էր հայացքը ու անասնական,
Եվ բթությունն էր կախվել ընչացքից.
Ու Սմբատն ասաց.
- Անտուն, անոթի
Անծուխ, անօրեն քոչվորի որդի,
Եվ թլպատված շուն նենգ ու տմարդի,
Ես ինքս հիմա կպատժեի քեզ,
Բայց իմ ձեռքերը ես չեմ կեղտոտի,
Կհանձնեմ նրանց, ումից փախել ես.
Այս ամրոցի մեջ գլխատել քեզ պես
գարշելի գերուն,
Իմ սրին, պատվին իմ ազգ ու տոհմին
պատիվ չի բերում։

4.
Տմարդը ընկավ մահով տմարդի,
Բայց չվերջացավ տմարդությունը,
Մի Ռասուլ Ռզա, Ռզայի որդի,
Իր գրչին խառնած նախանձն ու թույնը-
Թալեաթ փաշայի դրոշակն առել,
Ոռնում է մեր դեմ նենգ ու չարակամ,
Որ Սմբատները չպիտի ծնվեն,
Քանի աշխարհում դեռ Սմբատներ կան,
Բաբեկներն իրենց ազատ չեն զգում
Մայր հայրենիքում...
Իսկ Սմբատները պիտի ծնվեն դեռ,
Դառնան մի բռունցք, մի կամք անսասան,
Որ չհոշոտեն պատմությունը մեր-
Ոչ մի Բունիաթով կամ Ռասուլ Ռզա*։

-------------------------------------
*Այս ստեղծագործությունը պատասխանն է ադրբեջանական և ռուսական մամուլում Ռասուլ Ռզայի տպագրած մի զառանցանքի, որտեղ վերջինս հայ Սմբատ իշխանին մեղադրում էր ադրբեջանցի
Բաբեկին դավաճանելու մեջ, միաժամանակ՝ «մատնիչներ ու դավաճաններ» որակելով ողջ հայ ժողովրդին

No comments:

Post a Comment