13 February, 2014

Հեղինակություն


Մի քանի տարի առաջ իմ համագյուղացի Բալասանը աղջկան բերեց մոտս, թե որքան չլինի, քաղաքում քեզ ճանաչում են, հեղինակություն ունես, թող էս աղջիկը ինստիտուտ ընդունվի։ Օգնությունս եղավ այն, որ աղջկան տարա ինստիտուտ, թղթերը հանձնեցինք: Այս աղջիկն էլ իմ բախտից աչքաբաց դուրս եկավ, առանց իմ միջամտության քննություններ հանձնեց և ընդունվեց։ Բալասանը մինչև երկինք ու գետին ինձնից շնորհակալ եղավ, մաղարիչի անունը տվեց, բարկացա. «Ի՞նչ մաղարիչ,- ասացի,- հո երկնքից աստղեր չե՞մ իջեցրել»։
Այդ էր ու այդ, անունս թնդաց մեր գյուղում։

Մակունց Ապետնակը գյուղից անունովս եկավ, թե երեք օր է տերը մեռած մի ցավ փորս է մտել, դուրս չի գալիս, հույսս դու ես։ Սրան էլ տարա հիվանդանոց, վիրաբույժն առանց իմ խնդրանքի հեռացրեց հիվանդի կույր աղիքը, և Մակունց Ապետնակն ինձ բարձրացրեց, դրեց աստծո կողքին:
Ազգակիցս, որ այդպես էլ չիմացա, թե ազգակցական այդ կապը պապիս կողմից էր գալի՞ս, թե՞ տատիս, եկավ, թե՝ անունիդ մատաղ, վիզս ծուռ է, դզացրու: Ուզում էի սրան էլ տանել հիվանդանոց։ «Չէ, - ասաց,- էս ծռությունն ուրիշ ծռություն է. ուզում եմ տունս հեռախոս գցել, մի դիմում պիտի գրես»։

Դիմում գրեցի, մի քանի ամսից հետո մարդն իրենց տնից զանգեց ու ասաց. «Ես քո գրչի զորությանը մատաղ, էս հեռախոսն ի՜նչ լավ բան է եղել, տանդ նստիր և, որքան ուզում ես, ծանոթներիդ ու բարեկամներիդ հետ զրուցիր։ Լավությունդ չեմ մոռանա»:
- Ցավդ տանեմ,- սա էլ հորաքույրս էր,- մեր էս հարսը չորս աղջիկ է բերել, վայ թե հինգերորդն էլ դրանից լինի։
Կատակ էր, արեցի.
- Հորաքույր,- ասացի,- բան չկա, կզանգեմ ծննդատուն, կխնդրեմ գլխավոր բժշկին, որ ձեռնարկեն բոլոր միջոցները։

Հորաքրոջս հարսը տղա բերեց, հորաքույրս մի տոննա օրհնանքի հետ մի խնդրանք էլ ուղարկեց. «Անունիդ ղուրբան, էս մի հարսս էլ է երեխով, արդեն երեք տղա ունի։ Չես կարո՞ղ գլխավորի հետ խոսել, որ էս մեկն էլ աղջիկ լինի»։ Հորաքրոջս երկրորդ հարսը երեք տղայի վրա մի աղջիկ էլ բերեց...

Ահա այստեղ էր, որ հեղինակությանս հետ բարձրացավ փառքս, և մարդիկ ինչ հարցերով ասես, որ չէին դիմում ինձ։ Մեկն ուզում էր որդու համար «Ժիգուլի» գնել, մեկը՝ ամուսնալույծ աղջկան վերապսակել, մյուսը՝ սանատորիայի ուղեգիր ձեռք բերել, մի ուրիշը՝ թոշակի անցնել... Հայրս, որ շատ բարձր է գնահատում իմ հեղինակությունը, ասում է. «Ա՛յ տղա, չե՞ս կարող այնպես անել, որ Ամերիկայի պրեզիդենտ Քարտերը քիթը չխոթի ուրիշ պետությունների գործերի մեջ»։ Իսկ մի անգամ էլ ուղղակի պահանջեց. «Մի նամակ գրիր էդ Չինաստանի հեգեմոնիստներին, թող իրենց կարգին պահեն... Որքան չլինի, քո խոսքը կլսեն»:

Անցած ամսին էր, հարևանիս տղան եկավ, թե՝ երկու աղջկա սիրահարվել եմ, ի՞նչ խորհուրդ ես տալիս, դրանցից որի՞ն առնեմ: Ասացի՝ հո չես կարող մի տան մեջ երկու կին պահել, մեկին առ: Նա լսեց խորհուրդս, գնաց մեկի հետ պսակվեց, երեխա ունեցավ և երեխային իմ անունով կոչեց։
Մի սկսնակ բանաստեղծ իր ոտանավորների տետրը հանձնեց ինձ, թե՝ ուզում եմ անպայման ձեր հեղինակավոր կարծիքն իմանալ։

Մի անգամ կարդացի՝ բան չհասկացա։ Երկրորդ անգամ կարդացի՝ էլի բան չհասկացա: Զգալով, որ հարյուր անգամ էլ կարդամ, էլի բան չեմ հասկանալու, ասացի՝ ուղարկիր «Գարուն» ամսագրին։
«Գարունն» իր հերթական համարներից մեկում տպագրեց «խոստումնալից բանաստեղծի» քերթվածքները, «խոստումնալից բանաստեղծը» ինձ հռչակեց հանճարեղ և խոսք տվեց իր ապագա բանաստեղծությունների ժողովածուն ձոնել ինձ։

Տեր աստված, երանի այդ ժողովածուն լույս չտեսնի։ Եթե հանկարծ լույս տեսավ, այսքան տարվա փառքս կորած է։
Ախր, դրանից հետո ո՞վ կհավատա հեղինակությանս։

No comments:

Post a Comment