05 March, 2014

Նոր կոստյում


Կոստյումս հնացել, գույնը գցել էր, հարկավոր էր նորը գնել։
- Բան չկա,- ասաց կինս,- բանաստեղծություններդ կտպագրվեն, հոնորարով կառնենք։
Բանաստեղծություններս տպագրվեցին, գունավոր հեռուստացույց գնեցինք։
- Ի՞նչ ես քիթդ կախել,- կինս ճիշտ էր, քիթս կախել էի,- պոեմդ կտպագրվի, նոր կոստյում կառնենք։

Պոեմս տպագրվեց, դաշնամուր գնեցինք, և կինս տեսնելով փչացած տրամադրությունս, հուսադրեց.
- Բան չկա, թանկագինս, թատրոնը կընդունի պիեսդ, կոստյումն էլ ետևից կգա։
Պիեսս թատրոնն ընդունեց, ետևից իմպորտնի գառնիտուրը եկավ։
Ես արդեն լրիվ հուսահատվել էի, բայց կինս՝
- Գիրքդ հենց որ տպագրվեց, աշխարհի ամենալավ կոստյումը կգնենք քեզ համար։
Գիրքս տպագրվեց, հոնորարը ստացա, կնոջս տրամադրությունը հասավ գագաթնակետին.

- Սիրելիս,- ասաց,- արի մենք էլ ուրիշների նման տուրիստական ուղեգրով մի քիչ պտտվենք և աշխարհ տեսնենք։
- Բա՞ կոստյումը...
- Ա՜խ, կոստյումը,- հիշեց կինս և տեղն ու տեղը գյուտ արեց,- ճանապարհորդական նոթեր կգրես, կոստյումիդ փողը կգա։

Իմ հին կոստյումով կնոջս հետ ելա արտասահմանյան ճանապարհորդության, մի ամսում գրքիցս եկած հոնորարը քամուն տվեցինք, և ես նոր կոստյում գնելու պայծառ հեռանկարով նոթերս հանձնեցի տպագրության, հոնորարը ստացա, և կինս հիշեց.
- Գիտես, չէ՞, վաղը մարտի ութն է։
- Հետո ի՞նչ...
- Ինձ համար մի լավ վերարկու կգնես։
- Իսկ կոստյո՞ւմս։
- Ասա, խնդրեմ, ո՞վ է լսել, որ կանանց տոնին կանայք իրենց ամուսինների համար որևէ նվեր գնեն։ Մեծ բան չէ, նստիր թերթի համար կանանց տոնին նվիրված մի հրաշալի բանաստեղծություն գրիր, կոստյումը կլինի։

Գրեցի, տպագրվեց, հոնորարը ստացա և որոշեցի այս անգամ չնահանջել ու սպառնացի.
- Կնի՛կ, եթե այս անգամ կոստյում չգնենք ինձ համար, քեզ կթողնեմ աշխատավարձիս հույսին կամ կբաժանվեմ։
Դա իսկապես ազդեց, խանութից մի հրաշալի կոստյում գնեցինք, տղաս, որ արդեն իմ բոյ-բուսաթին էր, մտավ իմ նոր կոստյումի մեջ և ասաց.
- Չափած¬կարած վրաս է։

Կինս խեղճ-խեղճ նայեց ինձ, վիզը խեղճ-խեղճ ծռեց.
- Արի երեխայի սիրտը չկոտրենք։
- Ուրեմն նորի՞ց մնամ առանց կոստյումի։
- Սիրելիս, ախր, ինչո՞ւ ես այդպես շուտ հուսահատվում, նստիր մի բան գրիր, տուր տպագրության, կոստյումիդ փողը կգա։
Եվ ես նստեցի ու գրեցի այս բանը։ Բայց, այնուամենայնիվ, տարակուսանքի մեջ եմ. «այս բանից» կոստյո՞ւմ դուրս կգա, կոստյումացո՞ւ, թե՞ տղամարդու գլխարկ։

No comments:

Post a Comment