28 April, 2014

Ասք անմահության


(Հովհաննես Շիրազի հիշատակին)

Շիրազը Մասիս սարի բողոքն է
Ու հառաչանքը մեր Վանա ծովի,
Շիրազը Արաքս գետի մորմոքն է,
Անլուռ տանջանքը գերված Տարոնի:
Շիրազը հավերժ հոգու թրթիռ է:
Նոյի տապանից թռած աղավնին,
Մեսրոպ Մաշտոցի սրբացած գիրն է,
Տագնապի կանչը Ձենով Օհանի:
Շիրազն Ախթամար վանքի արցունքն է,
Չարից շղթայված Արտավազդ արքան,
Օտար ափերի հայի հարցմունքն է
Հայոց կռունկին՝ երկրից լո՞ւր չկա:
Շիրազը Սասնա հույսի Մհերն է,
Բախտի հենակը անտեր Սասնա տան,
Որբացած մանկանց արցունքի լեռն է՝
Լցված բաժակը ծով համբերության:
Շիրազն Անին է մեր ավերակված,
Արյունով գրված մեր պատմությունը,
Եվ մոխիրներից հրաշքով հառնված,
Վերածնված մեր Փյունիկ թռչունը:
Շիրազը գերված մեր Կարս քաղաքն է
Ու գետը Եփրատ՝ վշտից խելագար,
Մեր ոգու ցասումն ու աղաղակն է-
Ընդդեմ աստծո՝ կույր ու խլականջ:
Շիրազը հայոց դարավոր հարցն է
Եվ հարցականը չլուծված հարցի,
Շիրազը՝ պանդուխտ այն հայի լացն է,
Որ մոլորվել է ճամփեքին դարձի:
Շիրազը երգի գարնանամուտն է,
Գարնան հեղեղ է ու գարնան որոտ,
Երկնքում թևող զանգակ-արտույտ է,
Շողով ու ցողով բացվող առավոտ,
Շիրազն այն հզոր սիրո կրակն է,
Որ սրտերի մեջ երբեք չի մարում,
Եվ հայրենաշեն այն մեծ բանակն է,
Որի զինվորը չի դավաճանում:
Շիրազն հյութն է մեր անուշ խաղողի,
Կարասների մեջ գժվող մաճառը,
Շաղիկներ դարձած ժպիտն է հողի
Ու մեր դպրության անմահ հանճարը:
Շիրազն իմաստուն մեր ապուպապն է,
Մեր գերդաստանի մանուկն է անեղձ,
Եվ ավանդական մեր երգի թափն է՝
Նարեկից մինչև Եղիշե Չարենց:
Շիրազը մեր շեն օջախի ծուխն է,
Կարոտի լեռը ու խիղճը անբիծ,
Մեր ցավից պոռթկված այն հրաբուխն է,
Որ շպրտում է իր խառնարանից
Հրի փոխարեն՝
Լալ ու գոհարներ:
Շիրազն հավերժի հավերժող ձայնն է՝
Դարերից եկած՝ ուղղված դարերին,
Շիրազը հայոց վշտի արձանն է
Ու մոնումենտը գալիք օրերի:
Շիրազը չքնաղ մեր Երևանն է,
Արցախն ու Վանը, Եփրատն ու Անին,
Մեր Հրազդանն ու Մարութա սարն է,
Կապույտ ծփանքը՝ հրաշք Սևանի:
Շիրազը միշտ կա,
Մասիսը վկա,
Վկա Արագածն
Ու Սիսը վկա-
Քանի ապրում ենք այս երկնքի տակ-
Շիրազով պիտի մեր սիրտը բանանք,
Շիրազով պիտի չափենք մեր թափը,
Հայոց Շիրազով պիտի իմանանք
Մեր ոգու ուժն ու մեր սիրո չափը:

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
1984 թիվ, 17-ին մարտի

No comments:

Post a Comment