11 November, 2013

ՊԱՐՈԴԻԱՆԵՐ


                 Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա...                 
                  Հովհ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա...
Տեսե՞լ ես, արդյոք, այն հովիտները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Որտեղ Լաչինից փախած քրդերը
Իրենց սեփական հոտերն են պահում։

Տեսե՞լ ես, արդյոք, այն այգիները,
Ուր թթենիներն արդեն չորացել,
Նրանց խնամող այգեպան-տերը
Ինչպես է ծանր վշտից կորացել։

Տեսե՞լ ես ինչպես Թարթառի ափին
Ղաչաղ Նաջաֆի թոռները վազում,
Խանանդա Ալին ականջը դափին-
Արցախի մասին շիքաստ է ասում։

Եվ դու տեսե՞լ ես ինստիտուտը մեր,
Դասախոսներին նրա հաստաբեստ,
Օ՜, դու կարող ես այնտեղ ընդունվել-
Կաշառքի համար եթե փող ունես։

Տեսե՞լ ես, արդյոք, մեր տղերքը քաջ՝
Ոնց են աթոռից իրար գլորում,
Եվ եղբայրության դրոշով ծպտված-
Ազգամոլներ են անվերջ որոնում։

Դու տեսե՞լ ես այն ծախու գրչակին,
Որ քարշ է գալիս շեֆի ետևից,
Եվ շողոքորթի ժպիտը շուրթին-
Երգեր է ձոնում կեղծավոր ու պիղծ։

Տեսե՞լ ես, արդյոք, դու մեր խմբագրին՝
Կիսագրագետ ու կիսատգետ,
Որ թերթում տպում հոդվածներ ջրիկ,
Սեղան է նստում ծախու մարդկանց հետ։

Ասա, տեսե՞լ ես հայ մարդը ինչպես
Վերանում է մեր հայ Ղարաբաղից,
Թե հայերեն խոսք ամբիոնից ասես,
Իսկույն կանվանեն քեզ նացիոնալիստ։

Եվ դու տեսե՞լ ես դրածո շեֆին,
Այդ ակնոցավոր օձին սրբապիղծ,
Զգույշ, բարեկամ, չդիպչես քեֆին,
Թե չէ՝ կքշի նա քեզ քո տնից։
Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա...



* * *
                                  Հիմի է՞լ լռենք...
                                  Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հիմա է՞լ լռենք, եղբայրք, հիմա է՞լ,
Երբ թուրքը եկել, մտել տունը մեր,
Ոտնատակ տվել այգի ու պարտեզ,
Օրը ցերեկով անպատվում է մեզ,
Ասում է՝ այստեղ այգի, բաղ չունեք,
Դուք այս աշխարհում Ղարաբաղ չունեք։

Հիմա է՞լ լռենք, երբ մեր քաղաքում
Շեյխի թոռները շիքաստ են երգում,
Իրենց համարում տիրակալ ու տեր,
Առևանգում են աղջիկներին մեր,
Կաշառքի ուժով պաշտոն են ճանկում,
Մեր սրբությունը ծաղրում, ծանակում։

Հիմա է՞լ լռենք, երբ ղաչաղ Նաբին,
Այդ մարդասպանը, ավազակը բիրտ-
Մաքուր ազգային հերոս է դարձել,
Մեր հայ թատրոնի բեմը բարձրացել,
Երբ Ռասուլ Ռզան ոռնում է ահա.
«Այս հողում ոչ մի Սմբատ չմնա»։

Հիմա է՞լ լռենք, ասեք, հիմա է՞լ,
Երբ մեր վանքերը փարախ են դառել,
Մեսրոպյան գիրը ջնջում քարերից,
Գրում են իրենց անունները պիղծ,
Թե՝ ձայն չհանեք, չխոսեք, տղերք,
Ձեր Ղարաբաղը միշտ մերն է եղել։

Հիմա է՞լ լռենք, երբ Ալի բաբան
Կեղծավոր լեզվով փակել մեր ճամփան,
Մեր ով լինելը, մեր պատիվը թանկ՝
Դրել է ահա հարցականի տակ,
Եվ ցանկանում է մեզնից մեզ վանել,
Իր ճախարակով մեր թելը մանել։

Հիմա է՞լ լռենք, երբ շողոքորթը
Համբուրում է մեզ խեղդողի ոտը,
Մեր տան դռները բացում է խնդուն
Եվ նրան «բարի գալուստ» է մաղթում,
Ոտի տակ ոչխար ու գառ է մորթում,
Թողած մեր աստծոն՝ նրան աղոթում։

Հիմա է՞լ լռենք, երբ գող Բասարը
Թողել իր օբան, թողել իր սարը,
Եկել մեր գլխին դառել տիրակալ,
Եկել մեր գլխին դառել բռնակալ,
Կոկորդ է պատռում. «Ալլահը վկա,
Ալլահից բացի այլ ալլահ չկա»։

Հիմա է՞լ լռենք՝ լռենք, չխոսենք,
Թող մեր փոխարեն քարերը խոսեն,
Մեր քաջ նախնիքը հարություն առնեն,
Թուք-նախատինքով մեզ խեղդեն, վառեն,
Ասեն՝ դուք պատիվ ու նամուս չունեք,
Մինչև ե՞րբ պիտի լռեք ու ներեք։

Մենք, որ ոչ մունջ ենք, ոչ անդամալույծ,
Չենք սարսել կյանքում ոչ մի թշնամուց,
Նույն ուժգնությամբ մեր երակներում
Թե մեր պապերի արյունն է եռում,
Ինչո՞ւ որբի պես մեր վիզը ծռենք
Եվ ինչո՞ւ լռենք։



* * *
                 Դու հպարտ չես, իմ հայրենիք...                                                   
                      Վ. ՏԵՐՅԱՆ

Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ,
Ինչո՞վ պիտի հպարտանաս-
Զավակներո՞վ քո տարաբախտ,
Թե ծխանիդ ծխով նվազ։
Այդ ե՞րբ այդքան դու հեզացար
Սանձին գերի նժույգի պես,
Քեզանից դու ո՞նց հեռացար,
Որ փնտրում ու չես գտնում քեզ։

Չար կատա՞կ չէր և խաղ մի խենթ,
Բարբարոսի հեգնանք անծիր-
Նշանեցին քեզ հայի հետ,
Բայց թուրքի հետ պսակեցին։
Անուն չունես, սակայն, ավաղ,
Չունես հիմա դու ազգանուն,
Եվ երբ ասում են Ղարաբաղ-
Ծռություն եմ ես հասկանում։



* * *
                 Մի՞թե վերջին պոետն եմ ես...                                                   
                      Վ. ՏԵՐՅԱՆ

Կկորչեն հավետ և փառք, և անուն,
Ինչպես հողմի դեմ ծաղկունքը անզոր,
Եվ կգա մի օր, որ Ղարաբաղում
Մի հայ չես գտնի հայերեն խոսող։

Ես կլինեմ քո պոետը վերջին,
Քո վերջին բողոքն ու նամականին։
Ձեռքս կդնեմ իմ անմեղ խղճին,
Ողբամ՝ օ՜, տուր ինձ ծուխն իմ ծխանի։

Քո ողբասացը կլինեմ վերջին,
Օտար ոտքի տակ տրորված ածուդ,
Կլինեմ վերջին հառաչանքը քո,
Վերջին հանդուգն ու վերջին ծաղրածուն։

Եվ ինձ կանվանեն ցնորված ու խենթ
Թոռն ու ծոռները նենգ Փեղամբարի,
Ինձ կքարկոծի ամբոխը անգետ-
Դասական ոճով քսաներորդ դարի։

Եվ ես կլինեմ մոռացված հավետ՝
Վերջին պոետը իմ լեռնաշխարհի։



* * *
             Հոտը գալիս է,                 
            Քոչը՝ ետևից...                   
                Հ. ՍԱՀՅԱՆ

Հոտը գալիս է,
Քոչը ետևից,
Քոչը գալիս է,
Պոչը՝ ետևից։
Գալիս են, գալիս
Ձորերով, հովտով,
Իրենց շարիաթով
Եվ մուղամաթով,
Ծորուն նամազով,
Օբա-վրանով
Եվ ամենազոր
Իրենց Ղուրանով։
Գալիս են հոտին
Հատուկ ծուլությամբ,
Բայց հաստատակամ
Իրենց հին դավով.
Գալիս են, ինչպես
Մորեխի սև ամպ,
Մորեխից անգամ
Բիրտ ու ահավոր։
Գալիս-ասում են՝
Սա մեր երկիրն է,
Սա մեր սուրբ հողն է
Ու մեր տաճարը,
Սա մեր տան սյունն է,
Ալլահի գիրն է,
Սա մեր խաղողն է
Ու մեր մաճառը...
Եվ դուրս է գալիս,
Որ Փեղամբարը
Այստեղ է ծնվել
Իր ապուպապով,
Եվ դուրս է գալիս-
Ղաչաղ Ղամբարը
Այստեղ է կռվել
Իր մեծ բանակով,
Եվ դուրս է գալիս,
Որ Ղուրանն անգամ
Այստեղ է գրվել
Ալլահի կամքով...
Սուտ են Գանձասարն
Ու Ամարասը,
Ճիշտը Ղուրանն է,
Մեկ էլ՝ նամազը...
. . . . . . . . . . . . . . .
Իրենց հեռավոր
Ապաստաններից,
Ավազոտ ու չոր
Տափաստաններից
Հոտը գալիս է,
Քոչը՝ ետևից...




* * *
Դլե յաման,
Քոչը եկավ սելավ ինչպես,
Վայ, դլե յաման,
Եկավ քշեց մեր հողից մեզ,
Յաման, յաման։

Դլե յաման,
Ավեր դարձան մեր տուն, ձեր տուն,
Վայ, դլե յաման,
Մեր Թարթառը տնքաց տրտում,
Յաման, յաման։

Դլե յաման,
Կայծակ խփեց Մռավ սարին,
Վայ, դլե յաման,
Թուրքը տիրեց մեր աշխարհին,
Յաման, յաման։

Դլե յաման,
Քուրդը եկավ նման մրրկի,
Վայ, դլե յաման,
Գանձասարը շինեց մզկիթ,
Յաման, յաման։

Դլե յաման,
Ղարաբաղում հայ չմնաց,
Վայ, դլե յաման,
Մեր հայրենին անտեր մնաց,
Յաման, յաման։

Դլե յաման,
Հողմը կենաց-ծառս պոկեց,
Վայ, դլե յաման,
Սև ուղտը մեր դռան չոքեց,
Յաման, յաման։
1975 թ.

ԱՐՑԱԽԱԿԱՆ

ԼԵՌՆԵՐԻ ԼԵԳԵՆԴԸ

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

Այս լեռները եղել են վեմ ու ամրոց,
Ամեն մի ժայռ թշնամու դեմ մի բանակ,
Ծառս են եղել նժույգները սանձակոծ,
Հառաչել է հողը նրանց ոտքի տակ։

Այստեղ ահա՝ Քառասուն կույս սարի մոտ
Հետքն է մնում քաջակորով առյուծի,
Այս լեռներով, կիրճերով այս քարքարոտ,
Արշավել է Դավիթ Բեկի այրուձին։

Ու շաչել են թրերը կեռ, լայնաշեղբ,
Շառաչել են այս լեռները անառիկ,
Ինչպես հողմի բերանն ընկած մի տաշեղ՝
Նենգ Կաջարը գլորվել է այս ժայռից։

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։
1962 թ.


*   *   *
Նկարեցի լեռներ
Ու լեռներին կակաչ,
Եվ գագաթներ ձյունե,
Աղբյուրների կարկաչ.
Հայրս նայեց երկար
Ու գլուխը կախեց.
- Թթի ծառը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի արտեր
Ու հնձաններ հուռթի,
Հազարագույն վարդեր,
Հրաշք ծառը թթի.
Մայրս նայեց դժկամ
Ու ժպիտը պաղ էր.
- Մռավ սարը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Մռավ՝
Արևն ուսին թիկնած,
Նկարեցի Քիրսը՝
Այգաբացից շիկնած.
Հորեղբայրս եկավ
Նայեց, աչքում ծաղր էր.
- Մեր Թարթառը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Թարթառ
Ու քարակերտ ձորեր,
Շուրջը զմրուխտ անտառ,
Արտույտներ ու լորեր.
Եվ տատս այս անգամ
Հոնքը դարձրեց աղեղ.
- Գանձասարը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Ես հասկացա մի բան,
Ղարաբաղ իմ անգին,
Փոքր ես դու, սակայն
Մե՜ծ է, մեծ քո ոգին.
Որ մաճառդ մնա
Ազնիվ գինու մաճառ,
Արծիվներդ՝ արծիվ,
Տաճարներդ՝ տաճար.
Օ՜, տուր ինձ՝ նվաստիս,
Ռաֆայելի վրձին
Ու Սարյանի հանճար։
1984 թ.



*   *   *
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
Լեռները դարձրու հավերժի արձան,
Գետերը՝ զնգուն տավիղների լար։
Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,
Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,
Արծիվներ՝ թառած լեռան կատարին,
Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։
Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,
Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,
Որ անզոր էին ջնջել սրտերից-
Աշխարհակործան յաթաղաններով։
Եվ ծռությունը նկարիր նաև
Ու մերկությունը ծռված աշխարհի,
Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել
Այս պատմությունը երկերեսանի։
Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
Տրորված օտար կրունկների տակ,
Ոգին նկարիր Մելիք Ավանի
Ու մեր լինելու ձգտումը արդար։
Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։
Որ մենք ենք ահա ու մեր լեռները,
Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,
Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։
1983 թ.



*   *   *
Քանի՜ հազար տարի,
Քանի՜ ցեղեր վայրի
Քեզ նեղել են,
Քանի՜ հազար տարի,
Հազար ու մի դավով
Քեզ շեղել են։

Քանի՜ հազար տարի
Եկել ու պղծել են,
Վառել տունդ,
Քանի՜ հազար տարի
Ծռել ու կեղծել են
Պատմությունդ։

Քանի՜ նենգ Փանահ խան
Եկել հացդ կտրել,
Քծնել են քեզ, ջանը՜ս...
Հետո գողի նման
Սուրը բկիդ դրել,
Տիրացել են տանըդ։

Քանի՜ հազար տարի,
Քանի՜ սուլթան ու բեկ
Եկել դուռդ թակել,
Քանի՜ հազար տարի
Քեզ խաբել են այդպես
Եվ թիկունքից զարկել։

Քանի՜ հազար անգամ
Քանի՜ ելուզակ քեզ
Իր հավատով երդվել,
Հետո ջրաղացիդ
Ջուրն են կտրել թաքուն
Ու լծկանդ մորթել։

Քանի՜ հազար անգամ
Կառուցել ես, կերտել
Ամրոցներ ու բերդեր,
Քանի՜ հազար անգամ
Արշավել են քո դեմ,
Կառուցածդ քանդել։

Քանի՜ հազար անգամ
Ամուր ձգել գոտիդ-
Դու քո հերկն ես հերկել,
Ագահ ու չարակամ
Գող ու ելուզակից
Դու քո երգն ես փրկել...

Հողը քո այս մի բուռ
Դու դարձրել ես եդեմ,
Լույսով ճամփադ հարթել,
Ի ցավ քո թշնամու
Կառուցելով ապրել,
Ապրելով ես հաղթել։
1984 թ.



*   *   *
Հազար տարվա անտառ,
Հազար տարվա ծառեր,
Դեմը բարձրակատար
Հազար տարվա սարեր։

Հազար շանթով վառված
Լեռների մութ կոպեր,
Դաշտեր հազար տարվա,
Ջարդած հազար խոփեր։

Հազար տարվա մի վանք
Ժայռի ծերպին թառել,
Ժայռի ոտքերի տակ
Հազար տարվա քարեր։

Հազար տարվա բերդեր,
Քարանձավներ խավար,
Հազար տարվա երգեր
Ու հաստատուն հավատ։

Հազար տարվա բարբառ՝
Հազար հրով անցած,
Եվ ո՞վ գիտե՝ քանի՜
Հազար տարվա Արցախ։
1984 թ.



ՂԱՐԱԲԱՂ

Ես քո կամը ու կալը քո,
Ես հոտաղն ու մաճկալը քո,
Ես մամռապատ խաչքարը քո,
Զորությունս դու ես։

Ես քո կաղնու լույս սաղարթը,
Ես ստուգված քո հավատը,
Ես կենացի քո գավաթը-
Խորությունս դու ես։

Ես հողի համն ու հոտը,
Ես սարերիդ ցուրտն ու տոթը,
Ես ամպերիդ խոլ որոտը-
Դարպաս-դուռս դու ես։

Ես քո շաղն ու ծիածանը,
Ես մրգաշատ քո հնձանը,
Ոլոր-մոլոր քո կածանը-
Օդս-ջուրս դու ես։

Ես արտույտդ լուսաբացի,
Ես աղբյուրդ՝ ծարավածին,
Ես բույրը քո անուշ հացի-
Թոնրատունս դու ես։

Ես քո տվածն ու թողածը,
Կռվում անհայտ քո կորածը,
Ես քո ծիծաղն ու քո լացը-
Թիկունք-կուռս դու ես։

Ես քո զանգի զիլ ղողանջը,
Աղբյուրներիդ ջինջ կարկաչը,
Ես քո երգը ու քո կանչը-
Մաքրությունս դու ես։

Ես քո տառը ու գիրը քո,
Ես հավատի ջրկիրը քո,
Ես շաղախը ու կիրը քո-
Ամրությունս դու ես։

Ես բեկորը քո մի ժայռի,
Ես տատրակը քո անտառի,
Ես վտակը քո Թարթառի-
Զուլալ հունս դու ես։

Արդ, ես գոհ եմ ինձ տրվածով,
Քո զրնգուն լուսաբացով,
Լեռնաստանում այս աստղացոլ՝
Տոհմատունս դու ես։
1984 թ.



*   *   *
Դու անուն չես սոսկ երգելու համար,
Դու հող ես, լեռ ես, երկինք ես, օդ ես,
Անտառ ես կանգուն ու այգի դալար,
Դու սրտերի մեջ սեր ու կարոտ ես։

Դու ձորերի մեջ շաչող Թարթառ ես
Եվ սրնգաձայն զեփյուռ ես սարի,
Դու Ամարաս ես ու Գանձասար ես,
Դու Մռավ սար ես ու մայր ես բարի։

Քո ժայռերի պես դու քարակերտ ես
Եվ քարերիդ պես ամուր ես ու կուռ,
Դարերում կանգնած անխորտակ բերդ ես,
Դու քաջի ձեռք ես, ոգի աննկուն։

Դու բույր ես ծաղկի ու թթի ծառ ես,
Խաղողի վազ ես բերքով ծանրացած,
Երկնքից կախված արտույտի ձայն ես
Ու արտերի մեջ խճճված կածան։

Աղբյուրներիդ պես զուլալ, արդար ես,
Կամք ու սատար ես հպարտ ոգուն մեր,
Դու ճարտարաձեռ մի նոր Ճարտար ես,
Նոր ճանապարհ ես, դու երգ ես անմեռ։

Աղջիկներիդ պես սիրող ու ջերմ ես,
Ջահելներիդ պես խիզախ ու արի,
Դու մեր լեռներից հոսող Խաչենն ես,
Ըմբոստ կաղնին ես Սինգարա սարի։

Ո՛չ, անուն չես սոսկ երգելու համար,
Դու վարդի թաղ ես, աղբյուր ես, բաղ ես,
Դու մեր սրտերի կարոտն ես անմար,
Հավիտյան կանաչ իմ Ղարաբաղն ես։
1962 թ.



*   *   *
Այստեղ ձորեր կան, լեռներ կապուտակ,
Ծաղիկներ պես-պես ու հովեր մաքուր,
Մի լույս աղբյուր կա ամեն ժայռի տակ,
Ամեն ձորի մեջ ջրերն են երգում։

Այստեղ կիրճեր կան, ուռիներ լացող,
Անդունդներ մթին, շառաչող գետեր,
Վարդեր կան վառված արևի բոցով
Եվ հնամենի քարակոփ բերդեր։

Այստեղ այգիներ, արտեր կան ծփուն,
Գյուղեր կան թառած լեռների լանջին,
Այգաբացներ կան երկնի պես կապույտ
Եվ մայրամուտներ՝ այգի նման ջինջ։

Այստեղ սրտահույզ երգեր կան այնքա՜ն.
Երգում է գետը, երգում է առուն...
Ասում են, իբրև, առաջին անգամ
Երգը ծնվել է իմ լեռնաշխարհում։
1962 թ.



*   *   *
Քեզ որոնեցի մեր հազարաբույր
Եվ հազարագույն ծաղիկների մեջ.
Դու հեզ մանուշակ ու նարոտ էիր։

Քեզ որոնեցի մեր հայրենախոս
Մագաղաթների տաղիկների մեջ.
Հրեշտակի պես ու խորոտ էիր։

Քեզ որոնեցի լեռներում մեր լուրթ,
Ձոր ու կիրճերում քեզ որոնեցի.
Դու գարնան հեղեղ ու որոտ էիր։

Քեզ որոնեցի դաշտերում կապույտ,
Խաս այգիներում քեզ որոնեցի.
Դու ցողաշաղախ առավոտ էիր։

Լեռներից հոսող խենթ գետակների
Զուլալության մեջ քեզ որոնեցի.
Այգաբացի պես դու շողոտ էիր։

Ես իմ մանկության ծանոթ վայրերում
Գիշեր ու ցերեկ քեզ որոնեցի.
Դու ոսկե երազ ու կարոտ էիր։
1981 թ.



*   *   *
Ղարաբաղ եմ ասում՝
Հոգիս բաց է լինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս լաց է լինում։

Ղարաբաղ եմ ասում՝
Երգս թև է առնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս սև է դառնում։

Ղարաբաղ եմ ասում՝
Երազներ եմ հինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Թևաթափ եմ լինում։

Ղարաբաղ եմ ասում՝
Հավքս ձագ է տալիս,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Պատս ճաք է տալիս։

Ղարաբաղ եմ ասում՝
Սիրտս պար է ընկնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Գլխիս քար է ընկնում։

Ղարաբաղ եմ ասում՝
Դրախտին եմ հասել,
Ղարաբաղ եմ տեսնում...
Ա՜խ, ես ձեր ինչն ասեմ։
1981 թ.



*   *   *
Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել,
Բայց ես ուղտ չէի, այլ՝ արշավաձի,
Հետո փորձեցին ինձ քեզնից պոկել,
Դարձնել թևատված, անարգված արծիվ։

Ես ամուր էի լեռներդ գրկել,
Քո հողի մեջ էր ուժն իմ առնացի...
Չկարողացան ինձ քեզնից պոկել,
Բայց քեզ ինձանից ինչպե՜ս պոկեցին։

Այդպես պոկում են սիրտը մարմնից,
Այդպես հոգին են հավատից վանում,
Այդպես խլում են լույսը աչքերից,
Այդպես հավատն են միայն սպանում։

Եվ կա՞ ավելի պատիժ մի դաժան,
Քան այս զրկանքը բիրտ ու ահավոր,
Երբ հողիդ վրա տերդ չես քո տան,
Քո տնկած ծառը ո՞ւմ է հարկավոր։



*   *   *
Թե իմ Մռավ սարից զատվեմ
Եվ ծուռ նայեմ Շաղասարիս-
Առվի նման պիտի հալվեմ,
Մնամ իմ կես ճանապարհին։

Թե որ լքեմ Գանձասարս,
Ջրաբերդս՝ լեռան արծիվ-
Կչորանա թթի ծառս,
Գտիչ վանքը ինձ կանիծի։

Թե իմ Կիշկում ծաղկաժպիտ
Բուն չունենա հավքը գարնան-
Սևաձորիս ժայռերը բիրտ՝
Սրտիս ծանր սար կդառնան։

Թե որ թողնեմ ճաք տա պատս,
Ցամաքի մեր դռան առուն-
Հարյուր պատան մաշած պապս
Շուռ կգա իր գերեզմանում։

Թե հանդերն այս չնաշխարհիկ
Ու լեռները թողնեմ անտեր-
Ամպրոպագոռ մեր Քիրս սարի
Կայծակները ինձ կշանթեն։

Թե որ դառնամ ես տարագիր
Ու ոտքիս տակ հող չունենամ-
Ղարաբաղս կաղաղակի.
- Քեզ պես որդին թող չունենամ։
1984 թ.



*   *   *
Արտ է, արոտ է,
Ամպի որոտ է,
Ջինջ առավոտ է
Այս Ղարաբաղը։

Հինավուրց վանք է,
Գանձերի հանք է,
Ճաքած մի զանգ է
Այս Ղարաբաղը։

Կաքավ է, լոր է,
Սար է ու ձոր է,
Կռվախնձոր է
Այս Ղարաբաղը։

Խոսում եմ՝ վայ է,
Լռում եմ՝ ցավ է,
Ո՞նց չասեմ հա՛յ է
Այս Ղարաբաղը։



ՁՈՆ

Գետակներն են կարկաչում խենթ,
Շուրջը մարմանդ փոշի մաղում,
Ծովացել է գետերի հետ
Գարունը իմ Ղարաբաղում։

Օրորվում են արտերը մեր՝
Կորած գարնան զմրուխտ շաղում,
Գեղեցկություն չես տեսել դեռ,
Թե չես եղել Ղարաբաղում։

Բռնիր ճամփան Շաղասարի,
Ոտքդ թրջիր գարնան շաղում,
Չես ծերանա հարյուր տարի,
Թե որ ապրես Ղարաբաղում։

Հազար երազ, կյանք կա ու տենչ
Պահված մեր ջերմ երգ ու տաղում.
Կուզեմ կյանքում երգել անվերջ,
Երգով մեռնել Ղարաբաղում։
1960 թ.



*   *   *
Գնամ խառնվեմ մեր գետերին
Ու գետերի հետ հորդանամ,
Ու գետերի հետ խենթանամ,
Ու գետերի հետ ընթանամ։

Գնամ խառնվեմ լուրթ ծովերին
Ու ծովերի մեջ զորանամ,
Ու ծովերի մեջ խորանամ,
Ու ծովերի մեջ ծովանամ։

Անտառները գնամ մտնեմ,
Կաղնիներից ուժ ստանամ,
Ծփանքներով հարստանամ,
Կաղնու նման ըմբոստանամ։

Գնամ ելնեմ լեռները մեր
Ու լեռների հետ ծառանամ,
Ու լեռների պես բարձրանամ,
Ու լեռների հետ կարծրանամ։

Գնամ, գնամ, վառվեմ, հալվեմ,
Լուրթ երկնքում ծիածանվեմ,
Արտերի հետ ծփամ նորեն,
Այգիներում պտղավորվեմ...
Այսքան սերը, կարոտն այսքան
Կրծքիս տակ ո՞նց տեղավորեմ։
1962 թ.



ՀՈՒԴԱՅԻՆ*

Դու ատում ես այն, ինչ հայկական է,
Մեսրոպագիր է ու մեսրոպատառ,
Քո դեմ մեր հայոց երգը ական է
Եվ ռումբ է հայոց երգը քեզ համար։

Մեր կոթողները քեզ դուր չեն գալիս,
Քեզ դուր չի գալիս Գանձասարը պերճ,
Ահով ես նայում դու մեր խաչքարին,
Տգեղը տեսնում գեղեցիկի մեջ։

Մեր հին ոսոխին անվանում քեռի,
Բամբասում ես մեզ, լկտի ծանակում,
Ճամփա ես տալիս շողոքորթներին,
Ճշմարտախոսի բերանը փակում։

Եղբայրություն ես ամբիոնից գոռում,
Երդվում դրոշով բարեկամության,
Բայց մեր հին վերքն ես նորից փորփրում,
Խարխլում ես դու սյուները մեր տան։

Եվ դու նենգում ես պատմությունը մեր,
Հատել ես ուզում մեր արդար լեզուն,
Մեզ անպատվում ես բիրտ ու լրբորեն,
Անամոթաբար մեզ չարախոսում։

Դու մտագարի ահեղ մոլուցքով
Ոտնահարում ես իրավունքը մեր,
Եվ Ներոնի պես խենթ ու կամակոր-
Մեզ ստիպում ես քեզ ծափահարել։

Այնքան լկտի ես՝ քո թթված թանը
Արդար յուղի տեղ շուկա ես հանել,
Եվ մեզ խաբել ես ուզում մեր տանը,
Դու ցանկանում ես մեզնից մեզ վանել։

Նյութում ես մեր դեմ դավեր նորանոր,
Բարուն դարձնում չար, չարին՝ բարի,
Եվ ընտրելով քեզ արդար դատավոր,
Մեր բախտի հացն ես դնում նժարին։

Դու դատում ես մեզ, բայց ո՞ւմ անունից
Եվ ովքեր են քո դատը պաշտպանում,
Այդ ո՞ւմ վրա ես գոռում ամբիոնից,
Ումնի՞ց ես այդպես դու վրեժ առնում։

Դու եղբայրության սուրբ դրոշի տակ,
Ազգի տարազով ծպտված մանեկեն,
Կեղծ նեյնիմների ուշացած թութակ,
Մեր դեմ ամբարված հին լուտանք ու քեն...

Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան
Քո նախորդները անբարիշտ ու չար,
Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք,
Դու հայրենադավ փառամոլ լաչառ*1։
1975 թ.



Բ. Կ.-ին

Դու ծախու հոգի, քծնության մերան,
Գոռոզ անհարկի ու մեծաբերան։
Դու բութ ու տգետ, խորամանկ սակայն,
Դու կործանիչ ձեռք ու լեզվի կապանք։
Դու դավով հզոր, դու նենգ քամելեոն,
Դու, ծափեր կորզող փառատենչ Ներոն։
Դու, մեր ոսոխի պնչից թռած բիճ,
Դու Ղարաբաղը կործանող դահիճ*։



ԲԱՍԱՐԱԿԱՆ

Բասարը քոչի մի փռչոտ շուն էր,
Հաչելուց բացի բան ու գործ չուներ։
Քոչի շների ավագը ինքն էր,
Առաջին լարի նվագը ինքն էր։

Սուր ժանիքներ ու ականջներ ուներ,
Գիշեր ու ցերեկ անվերջ ոռնում էր։
Բայց այնպես եղավ, որ այս Բասարը
Իր քոչը թողեց, թողեց իր սարը,

Սիրված շների ցուցակը մտավ,
Գնաց կրկեսում իր տեղը գտավ։
Հատակն էր ավլում պոչով իր փռչոտ,
Ցատկում շիկացած օղակի միջով։

Զույգ թաթի վրա տոտիկ էր անում,
Ցցում էր դունչը, արձան էր դառնում։
Դեռ պարում էլ էր «Մազուրկա», «Տանգո»,
Լեզու ցույց տալիս կոմիկի հանգով։

Չէ, ուրիշ շուն էր մեր այս Բասարը,
Կրկեսում չուներ իր հավասարը։
Բայց եկեք գործին մոտենանք հանգին՝
Ո՞վ է կրկեսում դեմք դարձել կարգին։

Կրկեսն արվեստ է, ոչ մեծ ասպարեզ,
Արենայից դուրս ո՞վ է հարգում քեզ։
Եվ չանցած տարի՝ հավուր պատշաճին
Մեր այս Բասարին առաջ քաշեցին։

Բասարը դարձավ Բաս Սարկիսովիչ,
Պաշտոն ստացավ, տիտղոսներ թովիչ...
Շեֆի ոտքերը անվերջ լիզում էր,
Ուրիշ շուն տեսնում՝ բռնում գզզում էր։

Փքված կանգնում էր հանդես շքերթում,
Ճառեր էր ասում ու տպում թերթում։
Ասում էր՝ ես եմ շեֆի մահակը,
Այդ ես եմ նրա արթուն պահակը։

Եվ ուներ նաև լեզու մեղրածոր-
Ինչպես աշխարհում ամեն դրածո։
Դե, շեֆն էլ, գիտեք, մեծ դիրքի մարդ էր,
Շուն ճանաչելու գործում մի հատ էր։

Հավատում էր նա խելոք Բասարին,
Ոնց հավասարը իր հավասարին։
Ախր, Բասարն էլ շուն չէր հասարակ,
Զնգուն հաչ ուներ, հաչելու ծարավ։

Սիրում էր կծել տեղի-անտեղի,
Պատիվն էր պահում շնային ցեղի։
Իր շեֆի միտքը կռահում արագ,
Քաշում տանում էր միս, բուրդ ու կարագ։

Ստից թվեր էր թղթերին շարում,
Թե պլաններ եմ գերակատարում։
Խոտը պակաս է, գոմը ճեղք ունի,
Հոտը նվազ է՝ ինքն ի՞նչ մեղք ունի։

Իր ինչ գործն է, թե ով է թալանում,
Ով է կաթին ջուր, յուղին թան խառնում։
Միսն ով է ուտում, ոսկորն ում տալիս,
Ով է ծիծաղում և ով է լալիս։

Գործը՝ իր շեֆի ոտը պաչելն էր,
Միշտ անմեղ մարդկանց վրա հաչելն էր։
Գործը ամենքին խոսքով խաբելն էր,
Բերան փակելն ու կաշառք լափելն էր։

Գործն աշխատողի հոգին մաշելն էր,
Շողոքորթներին առաջ քաշելն էր։
Բանկետ-խնջույքը գործի ոգին էր,
Որտեղ դուրսպրծուկ՝ նրա կողքին էր։

Է՜հ, ինչ անենք, թե մեկ-մեկ էլ լակում,
Գնում անպատեհ դռներ էր թակում։
Իր խաղն էր անում կրքերին գերի,
Կամ թե ձեռ առնում ենթականերին։

Կարգ ու կանոնը նա սիրում է խիստ,
Ճիշտ խոսք ասացիր՝ կդառնաս նացիստ։
Թե շեֆը կանչեց՝ հե՜յ, հասի՛ր, Բասա՛ր,
Պատրաստ էր Բասարն ինչպես մի վասալ։

Ում վրա ասես կարող էր հաչել,
Միայն վերևում իրեն ճանաչեն։
Ասեն Բասարը հոյակապ շուն է,
Իր հավասարը Արցախում չունի։

Բասարը՝ Բասար, գլուխը քարը,
Բայց ի՞նչ կլինի Արցախի ճարը,
Երբ բասարները իրենց ետևից
Նոր բասարներ են բերում նենգ ու պիղծ։

Երես են տալիս ու բնավորում,
Աղմկում անվերջ ճառերով ճոռոմ,
Եվ ապացուցել փորձում հականե,
Թե սուրբ հողը մեր Բասարական է*։



ՄԵՆՔ

Մենք այնքան խեղճ ենք ու այնքան անճար,
Վախկոտ ենք այնքան ու այնքան ենք թույլ,
Ամեն դուրսպրծուկ կարող է դառնալ
Մեր գլխին՝ նորին գերազանցություն։

Մենք այնքան տհաս ու այնքան մեղք ենք,
Այնքան միամիտ, անզոր ու անխելք,
Ամեն տգետ մեզ կարող է հերքել,
Ժխտել հիմնովին, որ մենք՝ այդ մենք չենք։

Մենք այնքան քնքույշ ու նուրբ ենք այնքան,
Այնքան բարակ են նյարդերը մեր,
Որ կարող են մեզ քառասուն անգամ,
Քառասուն ձևի գզզել ու մանել։

Մենք այնքան պարզ ենք ու անմտածված,
Մեր դուռն այնքան մեր սրտի պես բաց է,
Որ մենք կարող ենք մեր տունը մտած
Ամեն Հուդայի աստվածացնել։

Մենք այնքան փխրուն, այնքան ենք անձև
Եվ կավի նման ամորֆ ենք այնքան,
Որ ամեն ոք մեզ կարող է հունցել
Ու իր ցանկությամբ՝ ուզած տեսքը տալ։

Եվ մենք այնքան ենք մեր այս բախտից գոհ,
Որ թվում է, թե աշխարհը մերն է,
Թե սա կոչվում է ապրել մեծ կյանքով,
Հապա ասացեք՝ խեղդվելը ո՞րն է։




ՀԱՅՐԵՆԱԴԱՎԸ

Նա ամբիոններից այնպե՜ս է գոչում,
Ինչքա՜ն գեղեցիկ խոսքեր է ասում,
Հայրենասեր է իրեն հորջորջում,
Բայց չգիտե իր մայրենի լեզուն։

Գլուխը քարը, թող որ չիմանա,
Ապրի իր փքուն ճառերի վարձով,
Բայց տեսեք ահա՝ ցավն այն է, որ նա
Հպարտանում է իր չիմացածով։

Հպարտանում է, պարծենում անգամ,
Թե ինչպես է իր մայր լեզվից խորշում,
Չի եղել գյուղում իր հայրենական,
Հոր գերեզմանի տեղը չի հիշում։

...Հայրենադավը նրանք չեն միայն,
Ովքեր թշնամու բանակն են անցնում,
Լքում են տունն ու հողը հայրենի,
Օտար ափերում գտնում գրանցում։

Հայրենադավը նրանք են նաև,
Որ երկնքի տակ մեր ջինջ ու լազուր-
Իրենց հորջորջում հայրենասերներ,
Բայց մոռանում են իրենց մայր լեզուն։



ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ

Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ։
Քո քաված մեղքն եմ, քո անմեղ մեղան,
Խաչված Հիսուսդ՝ աշխարհին ի ցույց,
Ես՝ վանքում փակված քո խեղճ աբեղան,
Որ հառաչում է իր անհույս սիրուց։
Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ-
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո աղեղը, քո վահանը կուռ
Եվ քո ժայռերի կարծրությունն եմ։
Ամառվա տապին մեղմ զեփյուռ դառած-
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Հարսների աչքին արցունքով վառված-
Ես քո թախիծն ու տրտմությունն եմ։
Վաղվա գեղեցիկ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող-
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ։
Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո իմաստուն համբերությունն եմ,
Մելիք, խան ու բեկ կգան ու կանցնեն,
Ես, սրբազան հող, քո զորությունն եմ։
Ես՝ ապացուցված քո վեհությունը
Եվ քո ոգին ու երգը քաղցրաբառ,
Դու իմ հայրենի օջախն ու տունը,
Ճիչս Ղարաբաղ, խիղճս՝ Ղարաբաղ։
1975 թ.



ՀԱՅՐԵՆԻՔ

1.
Ես անբաժան եմ հավետ քեզանից,
Ինչպես արևի շողը՝ արևից։
Սնունդ եմ առել քո հողից, ջրից,
Ինչպես արևի շողը՝ արևից։
Ոչ ոք չի կարող քեզնից պոկել ինձ,
Ինչպես արևի շողը՝ արևից։

2.
Լույսդ տուր ինձ՝ չխարխափեմ,
Տու՛ր սերդ ինձ՝ սիրով արբեմ,
Տու՛ր հույզդ ծով՝ աներգ չմնամ,
Արևդ տու՛ր՝ անբերք չմնամ։
Տու՛ր ամպերը քո լեռների՝
Անձրև դառնամ,
Ծիածանի կամար կապեմ,
Տու՛ր զեփյուռդ՝
Բարդիների հետ սոսափեմ,
Տու՛ր ուժդ ինձ՝
Դառնամ ջրվեժ ու շառաչեմ,
Տու՛ր կրակդ,
Որ բքերի մեջ չսառչեմ,
Կարծրությունդ տուր պողպատե՝
Քո դեմ ճայթող շանթերի դեմ
Դառնամ վահան ու շանթարգել։
Երկի՛ր, տուր ինձ
Քո մայրական օրհնանքը ջերմ,
Որ քեզանով մնամ քո մեջ,
Դու ինձնով՝ քեզ
Եվ քեզանով՝ ինձ ճանաչես։



ՇԱՂԱՍԱՐ

Շաղասարս շաղոտ՝
Զնգուն-զուլալ առու,
Շաղասարս շողոտ՝
Կարմիր-կանաչ գարուն։
Ցող ու շողի գերի
Թիթեռների պարս-բույլք,
Ձորում խաս հավքերի
Հարսանիք ու կնունք։
Ժայռի ուսին՝ ծառեր
Ու խճճված մոշոտ,
Ոտքերի տակ քարեր
Ու սայլուղի փոշոտ։
Լորն է կանչում ձագին
Կապի կապույտ կիրճում,
Մոշահավը ծեգին
Այդ ո՞ւմ հետ է վիճում...
Շաղասարիս հավքե՜ր,
Շաղասարիս ծաղկունք,
Շաղասարիս ասքե՜ր,
Խնջու՜յք, ծնու՜նդ, երկու՜նք...
Շաղասարս երգ է,
Երգի հավերժ գարուն.
Շաղասարից եկել,
Շաղասար եմ գնում։
1982 թ.




ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
(շիրազյան մոտիվներով

Հին գայլ է եղել այս նենգ աղվեսը-
Ուշ ենք հասկացել,
Շլյապայով է փոխել իր ֆեսը-
Ուշ ենք հասկացել,
Եղբայրության դրոշով ծպտված
Մտել մեր տունը,
Թուրքացրել է Արցախի կեսը-
Ուշ ենք հասկացել*։

* * *
Մուհամեդի թոռները
Այծ ու գառ են գողացել,
Տաճարներից՝ սրբացած
Հուշաքար են գողացել,
Սակայն ինչո՞ւ զարմանալ,
Երբ նրանց գող պապերը
Մեր Հայաստան աշխարհից
Մասիս սար են գողացել։

* * *
Տուն-տեղս ինձնից խլել
Ու ասում ես՝ վայ չանես,
Ավեր Վանում, գերված Ղարսում
Քրիստոնյա հայ չունես,
Բայց ես ինչպե՞ս չըմբոստանամ,
Ասա՛, ինչպե՞ս ես լռեմ,-
Սիրտս կիսել երկու մասի
Ու ասում ես՝ վայ չանես։

* * *
Հին վերքերս, ա՜խ, այդ ինչպե՞ս նորացան,
Վշտի բեռից սեգ թևերս կորացան,
Այնքա՜ն արցունք խլեց Վանը իմ աչքից,
Որ չիմացա՝ Արցախս ո՞նց գողացան։

* * *
Նամազի պես ձեր շիքաստը
Սրտակեղեք ծոր եք տալիս,
Հառաչում եք ու հեկեկում,
Հազար ու մի ցավի գալիս,
Ավերելն ու թալանելը
Ձեր արհեստն է թեկուզ եղել,
Բայց աշխարհում ձեր երգերով
Ամենից շատ դուք եք լալիս։

* * *
Ծոռն Հուդայի տունս մտավ
Ու սկսեց վայրահաչել
Եվ մեր խաչված նախորդներին
Մի անգամ էլ նորից խաչել,-
Փեղամբարի թոռն է նրան
Կաշառել դիրք ու պաշտոնով,
Բայց ի՜նչ կարող էի անել,
Ախր տարին խիստ նահանջ էր*։

* * *
Երկու ժպիտ, երկու հավատ
Ու երկու դեմք ունի նա,
Ճամփան բաց է՝ որտեղ լինի
Եվ ում դուռն էլ նա բանա.
Մի թևի տակ Աստվածաշունչ,
Մի թևի տակ Ղուրանը,-
Մզկիթներում շեյխ է շունը,
Եկեղեցում՝ քահանա։

* * *
Բաքվում «Ղաչաղ Նաբի» երգում,
Երևանում՝ «Սիփան սար»,
Քելբաջարում խանանդա է,
Աբովյանում՝ մեծ գուսան.
Այս անաստված խեղկատակը
Երկու աստծո ծառայում,
Երկուսին էլ շողոքորթում
Ու խաբում է հավասար։

* * *
Ասում են, թե իրարից
հավատով ենք օտարանում,
Հոգով, լեզվով ու արյունով
մենք տարբեր ենք ու տարանուն,-
Հապա նայիր, տես ինչպես են
Քրիստոսն ու Փեղամբարը
Գինու թասը իրար զարկում
ու համբուրվում ռեստորանում։

* * *
Ուրիշներից թռցրած երգը
Չայխանայի տաղ է դարձել,
Պատմությունը կեղծելն անգամ
Տգետների խաղ է դարձել։
Ախր ինչպե՞ս մենք հավատանք
Երդումներին ձեր կեղծավոր,
Երբ մեր գերված Արարատը
Աթաթուրքի դաղ է դարձել։

* * *
Դուք փորձեցիք մեր վեհ ոգին
ձեր Ղուրանով «խրատել»,
Ողջ աշխարհում մի հայ թողնել,
մնացածին թրատել,
Բայց իմացեք, թե ալլահն էլ
իջնի անգամ վերևից-
Մեր այս գերված Արարատին
դուք չեք կարող թլպատել։

* * *
Արարատի սեգ կատարին
Ամպը նստել՝ ձյուն է դրել,
Ծիծեռնակը նորից եկել,
Տանիքիս տակ բույն է դրել.
Երազ տեսա, հրա՜շք երազ,
Իմ Տավրոսը ինձ էր կանչում.
- Հե՜յ, որտե՞ղ ես, խելառ տղա,
Պապդ Վանում տուն է դրել։

* * *
Մարդը մարդու դեմ լարողը
Ապականված դարն է եղել,
Ռումբ-ականի նախահայրը
Պարսատիկի քարն է եղել.
Չեմ հասկանում՝ Կայենն ինչպե՞ս
Սպանեց իր եղբորն անմեղ-
Կա թե չկա, Մուհամեդի
Մատն այստեղ խառն է եղել։

* * *
Ծոր է տալիս իր բայաթին
Կարա-Շաբան Ղարաբաղում.
«Դադե՜յ, ամա՜ն, կորցրել եմ
Ես իմ ճամփան Ղարաբաղում»։
Մեկը լինի ու հարցնի՝
Ի՞նչ ես սուգ ու շիվան անում,
Երբ փարոս է ճանապարհիդ
Ալի Բաբան Ղարաբաղում*։

* * *
Այս կեղծավոր պատմությունը
Կրկնում է սխալն իր հին,
Սուտ սրբերը աստվածացել,
Ծառայում են իրենց շահին։
Ի՜նչ ցնծություն, փառք ու պատիվ
Եվ ինչպիսի՜ դիֆիրամբներ-
Մարդի՛կ, մարդի՛կ, զգուշացեք,
Քաջ Նազարն է նստած գահին*։

* * *
Ծովից ինչպե՞ս անապատին գետ բերել,
Անսեր սիրտը անուշ սիրով գեթ գերել.
Վա՜յ, խեղճ Շիրազ, մանուկներին հավաքել,
Ցանկանում է Մասիս սարը ետ բերել։


-----------------------------------------------------
* «Հուդային» - Բանաստեղծությունն ուղղված է Ղարաբաղի նախկին տիրակալ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովին

* «Բ. Կ.-ին, Դու ծախու հոգի» - Նկատի ունի Բ. Կևորկովին

* «Բասարական» - Ակնարկում է Բ. Կևորկովին։ Վերնագիրն ընտրել է Կևորկովի «Բորիս Սարկիսովիչ» անուն-հայրանվան հապավումից՝ Բա-սար

* Թուրքացրել է Արցախի կեսը - Ուշ ենք հասկացել - Ակնարկում է Բորիս Կևորկովին

* «Ծոռն Հուդայի տունս մտավ...» - Նկատի ունի Բ. Կևորկովին

* «Երբ փարոս է ճանապարհիդ Ալի Բաբան Ղարաբաղում» - Նկատի ունի Բ. Կևորկովին, որի ղեկավարության տարիներին նրա իսկ թողտվությամբ ադրբեջանական տարբեր բնակավայրերից Արցախ էին գալիս և ընտանիքներով բնավորվում հազարավոր ադրբեջանցիներ

* Քաջ Նազարն է նստած գահին - Ակնարկում է խորհրդային ղեկավար Լ. Ի. Բրեժնևին


* «Ղարաբաղին» - «Փառաբանումն» բանաստեղծության տարբերակներից է (կա նաև արձակ բանաստեղծություն-տարբերակ՝ «Ոսոխիդ աչքում փշի պես ցցված...», տես՝ «Լեռների լեգենդը», 2003 թ.)

15 September, 2013

Երգիծական բանաստեղծություններ, էպիգրամներ, պամֆլետներ



ՆԱԽԱՏԻՆՔ

Նախատում են ինձ անդադար-
Ինչո՞ւ լեզուդ քեզ չես պահում,
Ի՞նչ ես գոռում գլխապատառ,
Ո՞ւմ համար է սիրտդ ցավում։
Քո ի՞նչ գործն է՝ պարողն ով է,
Շատերի պես դու էլ ծափ տուր,
Թթվին ասա մեղրածոր է,
Յաբուդ նստիր, սանձը թափ տուր։
Ի՜նչ անենք, թե այսինչ պետը
Անբան է ու կաշառակեր,
Քաղցր լեզու գտիր հետը,
Շնորհք ունես, դու էլ առ կեր։
Ուրիշները իրենց համար
Ծովափներին քեֆ են քաշում,
Իսկ դու գրչիդ կպել համառ,
Գիշեր-ցերեկ թուղթ ես նախշում։
Հա՜, գրում ես, հա՜, ջնջում ես,
Ինքդ քեզնից դուրս ես գալիս,
Սիզիֆի պես քեզ տանջում ես
Եվ զույգ ձեռքով գլխիդ տալիս։
Բայց վաստակիդ պտուղն ո՞ւր է,
Որ այրվում ես այդպես անբոց,
Ոչ սեփական «Վոլգա» ունես,
Ոչ էլ շքեղ ամառանոց։
Աշխարհից ի՞նչ պիտի տանես
Քո այդ խելքով պլատոնական,
Ախր դու ի՞նչ տղամարդ ես,
Սիրուհի էլ չունես անգամ։
Շաղակրատ ու շողոքորթին-
Հա՜ ճզմում ես գրչիդ տակին,
Եվ նրանք էլ կարծում են, թե
Նախանձում ես իրենց փառքին։
Դիրեկտոր ու պետ չես ասում,
Էլ չես ասում՝ ընկեր, ծանոթ,
Կոխկրտելով ո՞ւր ես վազում,
Յաբուդ պահիր, ա՛յ Դոն Կիխոտ։
Ի՞նչ ես դառնում վատամարդի,
Ինչո՞ւ աչքի փուշ ես դառնում,
Բառագունդդ հանել մարտի,
Խայթում ես ու չես կշտանում։-
Նախատում են՝ թող նախատեն,
Ես ոչ խուլ եմ, ոչ էլ հավկուր,
Հո չեմ կարող ուղտը նստել
Եվ կուզեկուզ ման գալ կյանքում։
Այն հեքիաթի մանկան նման
Լավ չէ՞ ասեմ՝ մե՜րկ է արքան,
Քան անհեթեթ գովեմ նրան
Ու վայելեմ փառք ու հարգանք։
                                              1984 թ.



* * *
Ես ծաղրել եմ ու ծանակել հուդաներին այն եղծավոր,
Որոնք իրենց անմարդկային կշեռքով են
Մեր մարդկային ըմբոստ ոգու ճիչը կշռել:
Ես ծաղրել եմ ու ծանակել այն ստրկահաճ հպատակին,
Որ ջարդվել է կրունկի տակ դաժան տիրոջ,
Սակայն նորից սողացել է ու պատժողի աջն համբուրել:
Ես ծաղրել եմ ու ծանակել մարդուկներին այն երկդեմի,
Որ դավել են բազում անգամ հավատն իրենց,
Բայցև այսօր հանդգնում են Քրիստոսի խաչն համբուրել:



ԳՐԻՐ

       Կարդա, այ իմ խելոք մանուկ...
         Ալ. ԾԱՏՈՒՐՅԱՆ

Կարդա, այ իմ գրող բալա,
Սոնետ գրիր, գրիր օդա,
Հորինիր միշտ պոեմ, բալլադ,
Հորինելն է հիմա մոդա:

Կցմցելով հանգը վանկին,
Կգնաս ու հասնես Պառնաս,
Բնակարան կտան կարգին,
Լավ հոնորար դու կստանաս:

Գիրք տպելով առաջ կանցնես,
Աչքի կընկնես կռվով, դավով,
Մեկ էլ տեսար մի օր էլ քեզ
Անվանեցին տաղանդավոր:

Միջակության թոհուբոհում
Պնդաճակատ եղիր, տղաս,
Միշտ աղմկիր ու կռիվս տուր-
Տակիդ «Վոլգա» դու կունենաս:

Ճառեր ասա և մասնակցիր
Բանկետներին ու քեֆերին,
Հարգիր քեզնից դիրքով մեծին,
Շողոքորթիր քո շեֆերին:

Գրիր, թեկուզ գրածներդ
Չհավանեն ու չկարդան,
Միշտ ձևացիր ազնիվ՝ թեկուզ
Երդումներիդ չհավատան:

Գիշեր-ցերեկ գրիր, տղաս,
Գրիր մինչև շունչդ վերջին,
Լավ բանաստեղծ որ չդառնաս,
Հո կլինես լավ դանոսչիկ:



ՄԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Ո՞ւմ ենք մեծարում՝
Մի խեղկատակի,
Որ հանուն շահի
Կեղծել, ստել է,
Մի կաչաղակի,
Որ մեր գրական
Անդաստաններում
Միայն ծրտել է:



ՄԻ ՊՈԵՏԻ

Դու ոչ զուռնաչի եղար պատվական,
Ոչ էլ զուռնաչու դամքաշ մի կարգին,
Եվ բախտ չունեցան տաղերդ այնքան,
Որ այսօր քեզ հետ անցնեն թոշակի:

Է՜հ, բախտ է, էլի, գրողը տանի,
Մարդիկ գալիս են ու գնում հերթով,
Մեկը մեռած է՝ թեկուզ կենդանի,
Մյուսն ապրում է իր մահից հետո:


* * *
Այնպես է փոխվում այս ժամանակը,
Որ դեմք է դառնում և ավանակը,
Երեկ փալան էր առած կռնակին,
Իսկ այսօր «Վոլգա» ունի իր տակին:
Բայց էշը էշ է, մեջքին միշտ մոխիր.-
Որքան ուզում ես փալանը փոխիր:


* * *
Նա երեկ իքսին կոչում էր տականք,
Այսօր տալիս է պատիվ ու հարգանք:
Չէ, մի առանձին բան չի պատահել,
Այդ տականք իքսը պաշտոն է շահել:


* * *
Մարդը մարդու դեմ լարողը
Ապականված դարն է եղել,
Ռումբ-ականի նախահայրը
Պարսատիկի քարն է եղել:

Չեմ հասկանում, Կայենն ինչպե՞ս
Սպանեց իր եղբորն անմեղ.-
Կա թե չկա՝ զրպարտիչի
Մատն այստեղ խառն է եղել:


* * *
Պաշտոն է ուզում, թեկուզև՝ ստոր,
Թեկուզև ռոճիկ չստանա կարգին,
Միայն թե ունենա փափուկ բազկաթոռ,
Կողքին՝ հեռախոս, «Վոլգան»՝ միշտ տակին:



ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ

         Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին...
                                   Վարդան Հակոբյան

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:



ՇԱՂԱԿՐԱՏԸ

Նա գիտե բոլոր գրողներին մեծ -
Պուշկինից մինչև Սերգեյ Եսենին,-
Ինչ բաժակով է Հյուգոն ջուր խմել,
Դյուման ում հետ է եղել մտերիմ,
Կոմս Տոլստոյը՝
ծերուկն իմաստուն,
Ինչպես է հյուրին պատվել ու հարգել,
Մայակովսկին -
ինչ գույնի կոստյում
Եվ ինչ համարի կոշիկ է հագել...
Սիրուհիներին՝
Շանդոր Պետեֆին
Ինչ թանաքով է նամակներ գրել,
Ում հետ է նստել Խայամը քեֆի,
Բալզակն ինչպիսի թիկնոց է կրել:
Նա գիտե նույնիսկ, թե Չեխով քեռին
Ջահել կանանց հետ ինչպես է կիսվել,
Պապ Կռիլովը կերակուրներից
Որն է ամենից շատ գերադասել...
Որ ձախ այտին խալ ուներ Ֆիրդուսին,
Չարաշահում էր Եսենինն օղին,
Որ թվականի որ օր ու ամսին
Բայրոնն ում հետ է մտել անկողին...
Հայնեն ինչպիսի խոզանակով էր
Իր ատամները ամեն օր մաքրում,
Դոստոևսկու քեռակինն ով էր,
Ում էր Ժորժ Սանդը շատ համակրում:
Թե անմահ Գյոթեն ծերության շեմին
Կանանց տեսնելիս ինչպես էր տխրել,
Պարույր Սևակը երգեր գրելիս
Մի ամսում քանի սիգար էր ծխել:-
Եվ ժպտում է նա հպարտ, ինքնագոհ,
Մաքրում քրտինքը ու հազում թեթև,
Այսինքն տեսեք, ընկերներ հարգո,
Մեծերի կյանքից որքան բան գիտեմ:
Ծափահարում ենք,
բայց ո՞ւմ և ինչի՞,
Շաղակրատին այս հում փաստակեր,
Որ կաչաղակի նման ոստոստում,
Եվ սղոցում է ականջները մեր -
Մայակովսկին ինչ գույնի կոստյում
Եվ ինչ համարի կոշիկ է հագել,
Ու թե ինչպես է ինքը մի անգամ
Մի բանաստեղծի
Կերած-խմածի
հաշիվը փակել:
                          1984 թ.



ՂԱՐԱԲԱՂԱՍԵՐԸ

Օղին խիստ թունդ է, գինին՝ անարատ,
Պանիրը՝ ընտիր, խորովածն՝ առատ.
Այս ճոխ սեղանը ո՞նց չհավանի.-
Մի բաժակ խմեց ու ցավը տարավ
Մելիք Ավանի,
Երկրորդ բաժակը նա ձեռքը առավ,
Թվաց, թե տակին սուրողը ձի է,
Գոռաց.
- Մաշտոցն էլ ղարաբաղցի է,
Ղարաբաղցի է քաջ Վարդանը մեր,
Ղարաբաղումն է Նելսոնը ծնվել... -
Երրորդ բաժակը երբ նա դատարկեց,
Նուրբ թելի նման սիրտը բարակեց.
- Ա՛խ, Ղարաբա՜ղը, իմ Ղարաբա՜ղը,
Քուչակի տա՜ղը,
Մեր թթի բա՜ղը,
Մեր Բովուրխանի դրախտ անտա՜ռը,
Մեր Ճարտար գյուղը, Քիրսի կատարը,
Մռավ սար տանող այն կածան-ուղին,
Մեր Խոթավանքը, մեր Պըլը-Պուղին... -
Խմեց ու հարբեց, փաթ ընկավ լեզուն.
- Ես Գանձասարի մեր վանքն եմ ուզում,
Խեղդվել եմ ուզում մեր Թարթառ գետում,
Մեռնեմ՝ կթաղեք Ստեփանակերտում...
Մեր ղարաբաղցիք քաջ են, անվրդով,
Ամեն մեկը մի խիզախ Մադաթով... -
Խմեց ու հարբեց, հարբեց ու խմեց,
Գլուխը դրեց սեղանին՝ քնեց,
Իսկ առավոտյան, երբ քունը առավ,
Բարձեց մեքենան ու իր հետ տարավ
Թթի թունդ օղի, յուղ, պանիր, կարագ,
Լոբի, կարտոֆիլ, թոնրի հաց բարակ,
Հոնի մուրաբա, նեկտար, բալասան...
Հետո վերջումն էլ դարձավ ու ասաց.
- Դե ես գնացի, իսկ դուք էլ կեցցե՛ք,
Մեր այս լեռները ամուր պահեցեք:



ՊԱՏԱՀԱՐ

Լեռներից այնկողմ մի փոքրիկ գյուղ կար,
Շուրջը անտառներ, դաշտեր ծաղկավետ,
Շատերին անհայտ այդ գյուղում ահա
Հայտնաբերվեց մի աննման պոետ:
Տրակտորիստ է չնայած, սակայն
Խոսքի վարպետ է, հրաշք գեղագետ,
Վեհ հոգի ունի բանաստեղծական,
Սրտով կապված է հանգ ու վանկի հետ:
Արտերի մասին երգեր է գրում
Մեկը մյուսից դյութիչ ու գերող,
Եվ ինչպես է նա խոսքը զարդարում
Զարմանահրաշ էպիտետներով:
Բնատուր տաղանդ, Թումանյան մի նոր -
Մեր պոեզիայի երկնակամարում
Ընդառաջել է նրան հարկավոր,
Մեծ ապագա է տղան խոստանում:
Եվ ինքն էլ, գիտե՞ք, առաջավոր է,
Բայց եթե դատենք խղճով մեր արդար՝
Տրակտոր կարող են բոլորը վարել,
Բանաստեղծություն գրելն է դժվար:
Եվ գյուղից նրան քաղաք բերեցին,
Նոր բնակարան տվին արտահերթ.
- Չափ տո՛ւր,- ասացին,- պոեզիայիդ ձին,
Դու այն գլխից էլ ծնվել ես պոետ:-
Եվ պոետ տղան ուզածին հասավ՝
Ստացավ պաշտոն, տուն ու տեղ դրեց
Ու մեծերի հետ օգտվեց հավասար
Գրական ֆոնդից, որպես բանաստեղծ:
Բայց արի ու տես, որ խելառ մուսան
Այդպես էլ նրան երբեք չայցելեց:
Եվ հետո եկան, անցան տարիներ,
Փոխվեց աշխարհում հազար ու մի բան,
Նոր բանաստեղծներ ծնվեցին, մինչդեռ
Մեր բնատուրը մնաց հանգաբան...

Հիմա հասկացա՞ք, թե ինչ կատարվեց,
Ինչի համար եմ ես հուզվում այսքան,-
Մի լավ հողագործ հողը կորցրեց,
Պոեզիան գտավ մի վատ բանաստեղծ:
                                                        1981 թ.



ԲԵՄԻ ԱՍՏՂԸ

Քառասուն տարի նույն դերն է խաղում,
Նույն տաշտի մեջ նույն ալյուրն է մաղում,
Թեկուզ բեմում դեմք չունի, ոչ էլ գույն,
Բայց ամենից շատ ինքն է բողոքում.
- Ախր մինչև ե՞րբ մնամ ես պոչում,
Մեծ է վաստակս, բայց չունեմ կոչում,
Անմահ «Պեպո»-ում Սամսոն եմ կերտել,
Իսկ «Քաջ Նազար»-ում՝ ցնորված տերտեր,
Ինձ մեծարել է Փափազյանն անգամ,
Ասել է. «Կեցցե՛ս, եղբայր պատվական,
Այսօր տերտեր ես կերտել հանապազ,
Իսկ վաղը անշուշտ արքա կդառնաս»:
Ձեզ բան չի՞ ասում այս փաստը միթե,
Բեմի հսկաներն ինձ շատ լավ գիտեն,
Ներսիսյանի հետ բաժակ եմ զարկել,
Ինքն է խմածիս հաշիվը փակել,
Քանի՜ անգամ է Դավիթ Մալյանը
Մեր Ավետի հետ նստել իմ տանը:
Աճեմյանն ինձ ո՜նց էր գնահատում,
Ասում էր. «Ապրես, շնորհք ունես դու,
Չնայած խոշոր դերեր չես կերտում,
Սակայն մեծերին ձեռնոց ես նետում»:
Բա Ղափլանյա՜նը. «Ա՛յ քեզ դերասան,
Ո՞վ գիտե, մեկ էլ Փափազին հասավ...»:
Բայց իմ կարծիքով ինչ որ բան ծուռ է,
Ինձ կամ չեն սիրում, կամ նախանձում են,
Իմ ընկերները ժողովրդական՝
Համլետ, Օթելլո, Ռիչարդ, Լիր արքա,
Բազում դերերում անուն են հանում,
Օրը ցերեկով փառքս գողանում:
Վաստակս վկա՜, մի հնար լիներ,
Թողնել այս բեմը, թատրոնը թողնել,
Բայց վախենում եմ, որ հանձինս ինձ -
Մի նոր գիսաստղ պակասի բեմից:
                                                    1978 թ.



ՊԶՈՒԿԸ

Ինչպիսի՜ աղմուկ, ի՜նչ իրարանցում,
Զանգերի հեղեղ, ախուվիշ, արցունք.
Ամբողջ հիմնարկն է իրարով անցել,
Օրը ցերեկով սգատուն դարձել:
Քարտուղարուհին, ջահել ու սիրուն՝
Հայելու առջև ուսերն է ցնցում.
- Տե՜ր աստված, ախր ես չեմ հասկանում,
Մեր բժիշկները ի՞նչ են մտածում.
Գոնե, հանուն մեր հիմնարկի պատվի՝
Հրավիրեն մի կարգին կոնսիլիում:-
Ու բաժնի ճաղատ վարիչն է խոսում.
- Ախր չգիտեմ, ո՞ւմ եք սպասում,
Ինչո՞ւ հենց հիմա Մոսկվա չզանգել,
Որ պրոֆեսոր շտապ ուղարկեն:
- Պա՛հ, բան ասացիր,- աչքով ու հոնքով
Նրան սաստում է հաշվապահ Մարգոն.-
Պրոֆեսորն ի՞նչ է, ակադեմիկո՜ս...
Այդպե՞ս եք հարգում Վռամ Մարկիչին,
Մեր բարեկամին ու մեր արարչին...
- Իսկ գո՞ւցե դիմենք հենց վերադասին...
- Թող վերադասը հոգա իր մասին,
Դեռ ինքնաթիռի հարցը չենք լուծել,
Սա կարևոր է, պիտի մտածել:
- Բայց ի՞նչ ինքնաթիռ...
- Ամենաընտիր,
Չորսմոտոռանի...
Աղմուկ ու ժխոր, նոր իրարանցում,
Հարցեր են տալիս ու անում հարցում.
- Հիմա ի՞նչ անենք:
- Երևան տանենք:
- Ռիգա...
- Սարատով...
- Խարկով կամ Ռոստով...
- Չէ՛, լավ կլինի դիմենք Մոսկվային,
Որ դեղը շտապ ուղարկեն փոստով:
Եվ գանձապահը այն մյուս կողմից՝
- Ի՜նչ Ռիգա, Ռոստով, Սարատով, ջանըմ,
Մի ընկեր ունեմ ես Անդիջանում,
Ամեն ինչից լավ գլուխ է հանում...
Եվ տեղակալն է խոսում վերջապես.
- Հարցը շատ լուրջ է, այդ ասում եմ ես,
Այս ձևով իրար չենք հասկանա մենք,
Մինչև որ ժողով չհրավիրենք...
Եվ աղմուկ կրկին ու իրարանցում,
Զանգերի հեղեղ, ախվիշ ու արցունք...
Իսկ ի՞նչ է եղել և հանուն ինչի՞
Ամբողջ հիմնարկը սև սուգ է ուսել.-
Թանկագին պետի՝ Վռամ Մարկիչի
Քթարմատին մի պզուկ է բուսել:
                                                   1980 թ.



ԼՈԹԻ ԱԲՈՆ

Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս,
Պա՛հ, էդ էր պակաս, որ լոթի Աբոն
Ազատ չքայլի իր ուզած ճամփով:
Փողը գրպանում, «Ժիգուլին»՝ տակին,
Խելքը շշի մեջ, աչքը՝ բաժակին -
Որտեղ որ աղմուկ՝ Աբոն այնտեղ է,
Որտեղ սկանդալ՝ Աբոն անմեղ է.
Դե ի՞նչ է արել տղան այս անգին,
Շշով խփել է Մադոյի գանգին,
Ճակատը պատռել, ծնոտը՝ շեղել,
Դիտմամբ չի՞ արել, հարբած է եղել:
Գո՞րծ են ստեղծել...
Պա՛հ, էդ էր պակաս,
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Հիմա հասկացա՞ք, թե ով է Աբոն
Եվ ուր է գնում նա այդպես թափով,
Ում հետ է նստում, ում հետ կատակում,
Ում հետ է բաժակ-բաժակի զարկում...
Չկարծեք, թե նա անուսում մարդ է,
Համալսարան է տղան ավարտել
Եվ դիպլոմ ունի առաջին կարգի,
Դա էլ հերիք է, ինչո՞ւ աշխատի -
Հագնելը ձրի, փողն էլ հո ծով է,
Ուտողը ո՞վ է.
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Դե մեծ աշխարհ է, ո՞ւմ չի պատահել,
Այդ ո՞վ չի կյանքում սիրուհի պահել.
Լավ, ասենք Աբոն սիրած էակին
Խաբել է անխիղճ ու չի առել կին,
Արդյոք կարի՞ք կա դռները թակել,
Մի բաժակ ջրում փոթորիկ սարքել.
Աբոն խաբեբա՞, անբարոյակա՞ն,
Ախր դուք գիտե՞ք, թե ինչ սարեր կան
Նրա թիկունքում.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Աբո, ի՜նչ Աբո, փառքի մարմնացում,
Ի՜նչ հարցեր ասես, որ նա չի լուծում,
Եվ ի՜նչ դռներ են նրա դեմ բացվում.
Գառնիտո՞ւր է պետք շքեղ ու սիրուն՝
Ծանոթներ ունի նա քաղառևտրում.
Կուրո՞րտ ես ուզում՝ Գագրա՞, թե՞ Սոչի,
Աբոյի համար դա հո մեծ բան չի,
Գետնի տակից էլ կարող է անգամ
Կառավարական ուղեգիր ճանկել,
Եվ ո՞վ կարող է նրան առարկել-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Օ՜, Լոթի Աբոն ֆուտբոլասեր է,
Ստադիոններում տիրակալ, տեր է,
Խաղ չի բաց թողել երբեք իր օրում,
Իր թիմին ո՜նց է նա ոգևորում,
Ինչպե՜ս է սուլում, ինչպե՜ս է գոռում,
Մրցավարներին ո՜նց է փնովում...
Ի՞նչ անենք, թե որ մեկ-մեկ արանքում
Խոսքեր է ասում մի քիչ անմաքուր,
Ֆուտբոլ է, էլի՜ ...
Այդ դու, այս էլ ես,
Լոթի Աբոյին ո՞նց մեղադրես.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:
Եվ պատահեց այն, ինչ պիտ պատահեր,
Եվ կատարվեց այն, ինչ պիտ կատարվեր.
Հզոր «Ժիգուլի» ու հարբած Աբո,
Իր ճանապարհով սուրում էր թափով,
Եվ մեկ էլ հանկարծ...

Օ՜, բախտ չարակամ,
Աբոն եղել է ու հիմա չկա:
Ի՜նչ ողբերգություն, ինչպիսի՜ ցնցում,
Եվ ովքե՜ր ասես, որ չեն ցավակցում.
Այնքա՜ն պսակներ, այնքա՜ն ծաղիկներ,
Նվագախմբեր, սգո տաղիկներ...
Ախր, հասարակ մարդ չի մահացել,
Լոթի Աբոն է, ո՞նց չցավակցել.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Գերեզմանատանը խոյացավ մի բերդ,
Պանթեոն խոյացավ մի մարմարակերտ,
Ոսկե տառերով գրած ճակատին.
«Խոնարհեցե՛ք ձեր գլուխը, մարդիկ,
Այստեղ հանգչում է Աբոն Անմուրազ -
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս»:
                                                     1978 թ.



ՈՐԴԻՆ

Զանգեցին գյուղից. «Մայրդ հիվանդ է».
Նա պատասխանեց. «Բժիշկ կուղարկեմ»:
Նորից զանգեցին. «Վիճակը վատ է».
Նա պատասխանեց. «Կգամ, իհարկե,
Միայն թե, գիտե՞ք, կուշանամ մի քիչ,
Խորհրդակցություն և ժողով ունենք»:
Իսկ երեկոյան զանգեցին գյուղից.
«Մայրիկը մեռավ, վաղը թաղումն է»:

Չհասավ նա իր մոր վերջին խոսքին,
Սակայն թաղմանը ներկա էր արդեն,
Գնաց ու կանգնեց դագաղի կողքին...
Դե էլ ի՞նչ աներ, պաշտոնյա մարդ է:
Նա հո չի կարող ուրիշների պես
Հուզվել, հառաչել, անել սուգ ու լաց,
Մայրն էլ մեծ կին էր՝ ողջ գյուղին ի տես
Իր բաժին կյանքը ապրեց ու գնաց:

Եվ հետո եղան բաժակաճառեր,
Կենացներ՝ «««Մեր սուրբ մոր հիշատակին»,
Որ շատ անվանի որդի է ծնել,
Իսկ ինքը այսքան հասարակ մի կին:
Ինչո՞ւ տրտնջալ, որ այսքան տարի
Չի եղել որդին իրենց հարկի տակ,
Հասկացեք, ախր, ո՜վ բարի մարդիկ,
Գործերը շատ են, ժամանակը՝ թանկ:
Եվ խոսեց ինքը՝ պաշտոնյա որդին,
Խոսքի մեջ ճարտար, գործում՝ անբասիր,
Մոր մասին խոսեց ազնիվ ու անգին
Ու որդիական սուրբ պարտքի մասին:
Ասաց՝ հպարտ եմ, անչա՜փ բախտավոր,
Որ ինձ այդպիսի լավ մայր է ծնել,
Եվ խոստանում եմ՝ հիշատակն իմ մոր
Իմ միջոցներով հավերժացնել...
. . . . . . . . . . . . . . . . .
Սրան ի՞նչ կասեք՝ որդիական սե՞ր,
Թե հենց պարզապես պա՞րտք որդիական:
Լավ ճառ բոլորն էլ կարող են ասել,
Լավ որդի լինել... դա հեշտ չէ այնքան:



ԱՌԱՆՑ ՊԵՏԻ

Չեմ հասկանում, առանց պետի
Մարդ ինչպե՞ս է, ապրում, շնչում,
Երբ պետ չունի իր թիկունքում,
Ինչպե՞ս է, որ նա չի կորչում:
Պետը կուռք է նախ և առաջ,
Փառք ու պատիվ, սուրբ աբեղա,
Իրավունք է, օրենք, պահանջ,
Բազկաթոռ ու գրասեղան:

Խոսափող է քո ականջին,
Կաբինետի շքեղ արձան,
Օրակարգի խոսքը վերջին,
Վճռական՝ առաջին ձայն:
Առանց պետի իմացության
Ասա, ինչպե՞ս կարծիք հայտնես,
Ո՞ւմ չոռ ասես, ո՞ւմ ասես ջան,
Ժողովում ո՞ւմ քննադատես:

Երբ խնջույքում պետդ չկա,
Ո՞ւմ կենացը պիտի խմես,
Ինչպե՞ս ասես՝ աստված վկա,
Դուն էն գլխեն իմաստուն ես:
Առաջինը ո՞ւմ բարևես,
Ո՞ւմ մոտենաս՝ քաղցր ժպտաս,
Ո՞ւմ մոտ հալվես,
Ո՞ւմ մոտ ծալվես,
Առանց պետի ո՞նց փռշտաս:
Երբ քո տանը պետդ չկա,
Ո՞ւմ մեծարման ճառեր ձոնես,
Քո տղայի կամ աղջկա
Ծննդյան օրն ինչպե՞ս տոնես:

Ո՞ւմ արշինով մարդկանց չափես,
Ո՞ւմ բռնես ու թափահարես,
Առանց պետի որի՞ն խաբես
Եվ ո՞ր մեկին ծափահարես:
Գլխիդ վերև երբ պետ չունես,
Առավոտներն ո՞ւմ ողջունես,
Ախր դու ո՞ւմ ցավը տանես,
Որի՞ն սիրես, որի՞ն վանես,
Առանց նրան, ասա, ինչպե՞ս
Ինքդ քեզնից գլուխ հանես:

Առանց պետի ախր ի՞նչ ես,
Ոչ գետակ ես, ոչ էլ լիճ ես.
Քո աղունը ինչպե՞ս աղաս,
Ումնի՞ց առնես դու խելքի դաս,
Ո՞ւմ հետ նստես նարդի խաղաս
Ու տանուլ տաս...
Ո՞ւմ վերարկուն պահես՝ հագնի,
Ո՞ւմ մոտ վարդի նման բուրես,
Առանց պետի իրավունքի
Կնոջդ ո՞նց կհամբուրես:

Ո՞ւմ անունով անվերջ երդվես,
Ո՞ւմ բերանով ճիշտը հերքես,
Ո՞ւմ թիկունքով թիկունք դառնաս,
Ո՞ւմ թևերով հզորանաս,
Որտե՞ղ և ո՞ւմ կեղտը հորես,
Ո՞ւմ աթոռի տակը փորես,
Որ չմնաս խեղճ ու հավկուր...
Չեմ հասկանում, առանց պետի
Մարդ ինչպե՞ս է ապրում կյանքում:
                                                   1981 թ.



ԴԻՐԵԿՏՈՐ-ԴՈՒՔՍ

Մեքենան տակին, կաբինետը՝ լյուքս,
Դիրեկտոր մի ասի, այլ իշխան կամ դուքս:
Թիվ է հարկավոր կամ զեկուցագիր,
Սեղմում է իսկույն կոճակը զանգի,-
Եվ նրա դիմաց միշտ պատրաստակամ
Խոնարհ կանգնած են քսան օգնական:
Երկար նստելուց հոգնե՞լ է մի քիչ.
- Շախմատ չխաղանք, Բարսեղ Նիկիտիչ:-
Թեյել է ուզում «գործի թունդ» պահին -
Դրա համար կա քարտուղարուհի:
Երբ պետք է վճռել կարևոր հարցեր,
Դուռը փակում է. «Խիստ զբաղված եմ»:
Առանց քեֆերի կյանքն անիմաստ է,
Ուր ուզի, գնա՝ «Վոլգան» պատրաստ է:
Հռետոր է ճարտար ասել-խոսելիս.
- Մի ողջ հիմնարկ եմ պահում ուսերիս:-
Հիմա դուք կասեք՝ ո՞վ է այդ մարդը,
Այդ պորտաբույծը, բյուրակրատը:-
Աղաչու՜մ եմ ձեզ, հեռուն չգնալ,
Ձեր մեջ կարող եք դուք գտնել նրան:
                                                          1982թ.



* * *
Օ՜, մեծեր, մեծեր,
Փառքերով արբած փառամոլ մեծեր,
Ժողովներից ու ամբիոններից
Դեռ չկշտացած՝ ճառամոլ մեծեր։
Դուք սիրում եք միշտ նույն ջուրը ծեծել,
Ապացուցել այն,
Ինչ ձեզնից առաջ
Ձեր նախորդներն են դեռ ապացուցել։
Որտեղ տեսնում եք թափուր պատվանդան,
Տանում-տնկում եք արձանները ձեր,
Եվ ընդունում եք այնպիսի կեցվածք,
Կարծես աշխարհը դուք եք ստեղծել։
Օ՜, հազար անգամ ու հազար ձևով
Մեծարված մեծեր,
Որ չեք հագենում սին դափնիներից,
Ու ճառ-ծափերից...

05 September, 2013

ՀՈՒԴԱՅԻՆ


Դու ատում ես այն, ինչ հայկական է,
Մեսրոպագիր է ու մեսրոպատառ,
Քո դեմ մեր հայոց երգը ական է
Եվ ռումբ է հայոց երգը քեզ համար։

Մեր կոթողները քեզ դուր չեն գալիս,
Քեզ դուր չի գալիս Գանձասարը պերճ,
Ահով ես նայում դու մեր խաչքարին,
Տգեղը տեսնում գեղեցիկի մեջ։

Մեր հին ոսոխին անվանում քեռի,
Բամբասում ես մեզ, լկտի ծանակում,
Ճամփա ես տալիս շողոքորթներին,
Ճշմարտախոսի բերանը փակում։

Եղբայրություն ես ամբիոնից գոռում,
Երդվում դրոշով բարեկամության,
Բայց մեր հին վերքն ես նորից փորփրում,
Խարխլում ես դու սյուները մեր տան։

Եվ դու նենգում ես պատմությունը մեր,
Հատել ես ուզում մեր արդար լեզուն,
Մեզ անպատվում ես բիրտ ու լրբորեն,
Անամոթաբար մեզ չարախոսում։

Դու մտագարի ահեղ մոլուցքով
Ոտնահարում ես իրավունքը մեր,
Եվ Ներոնի պես խենթ ու կամակոր-
Մեզ ստիպում ես քեզ ծափահարել։

Այնքան լկտի ես՝ քո թթված թանը
Արդար յուղի տեղ շուկա ես հանել,
Եվ մեզ խաբել ես ուզում մեր տանը,
Դու ցանկանում ես մեզնից մեզ վանել։

Նյութում ես մեր դեմ դավեր նորանոր,
Բարուն դարձնում չար, չարին՝ բարի,
Եվ ընտրելով քեզ արդար դատավոր,
Մեր բախտի հացն ես դնում նժարին։

Դու դատում ես մեզ, բայց ո՞ւմ անունից
Եվ ովքեր են քո դատը պաշտպանում,
Այդ ո՞ւմ վրա ես գոռում ամբիոնից,
Ումնի՞ց ես այդպես դու վրեժ առնում։

Դու եղբայրության սուրբ դրոշի տակ,
Ազգի տարազով ծպտված մանեկեն,
Կեղծ նեյնիմների ուշացած թութակ,
Մեր դեմ ամբարված հին լուտանք ու քեն...

Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան
Քո նախորդները անբարիշտ ու չար,
Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք,
Դու հայրենադավ փառամոլ լաչառ։

1975 թ.

08 August, 2013

Էդուարդ Պողոսյան. «ՍԻՐԵՑԻ ԱՅՍ ՀԵՂԻՆԱԿԻՆ...»

Վազգեն Օվյան եմ ընթերցում...
Մտածում եմ՝ ինչո՞ւ... Ինչո՞ւ ենք մենք այսքան անհեռատես, այսքան անհանդուրժող և ցուցամոլ, այսքան փոքր ու մանր: Չնկատել այս պոետին, անկախ ժամանակների, կարգերի, ասել է թե...
Ասենք, ինքներդ ընթերցեք և արեք հետևություններ...
Ես անձամբ ցավում եմ, որ այսքան ուշ եմ ճանաչել նման ստեղծագործողի և ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ճանաչելու: Շնորհակալություն նրա որդուն՝ Վարդգես Օվյանին, որ տվեց նման հնարավորություն...

Սիրեցի այս հեղինակին... առաջին իսկ տողերից: Հարազատ է այնքան, ասես կողքիս նստած լինի ու ժպտա: Ես էլ կարդում եմ այս գործը («Լոթի Աբոն») և... քրքջում...

Ղարաբաղ-Արցախի արժանավոր զավակներ Լևոն Ադյանի, Բագրատ Ուլուբաբյանի հետ միասին իմ սիրտը մտավ ևս մեկ տաղանդաշատ և ազնիվ քաղաքացի, գրող, լուսավոր մարդ:
Այս փոքրիկ աշխարհում այնքա՜ն տաղանդավոր անհատներ կան, որ բավական կլիներ մի խոշոր պետության՝ դարեր շարունակ հպարտանալու իր զավակներով:
Առայժմ ընթերցում եմ, ընթերցում և... չեմ հագենում:



ԷՔՍՊՐՈՄՏ

(Արձագանք լուսահոգի Վազգեն Օվյանի 
«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությանը)

Լուսավոր հոգի, աննման պոետ…
Այն, որ ծնվել ես դու Ղարաբաղում,
Որին Արցախ են այսօր անվանում,
Քո, այս գործի մեջ,- լա՛վ է երևում.
Անգամ ավելին՝երբ որ կարդացի.
Ինքս զգացի… ինձ իսկ Արցախցի:
Մենք հարևան ենք,- ես էլ Սյունեցի,
Լա՛վ գիտեմ համը քարե խորհրդի,
Որից էն քամել հացը արևշատ՝
Քամել ժողովուրդ հայ, տաղանդաշատ,
Գնով անարժան տառապանքների.
- Մնալով մաքուր… ի ցավ այլերի:

Թող այդ «այլեր»-ի ցավը խոր լինի՝
Եվ անբուժելի.
Ալլահով այսօր էլ չես զարմացնի՝
Անգամ տգետին
Իրենց էությամբ հավետ են պղծված՝
Պղծված են անդարձ,
Ու թե «հույս ունեն» խաբել աշխարհին,
Ապա կարող են լավագույն դեպքում,
Խրվել ճահիճում՝փնթի, անարգված,
Ու եթե հանկած, ձեռք մեկնեն՝ հանեն.
Նրանց իսկ նման,- անիծված լինեն.
- Ի փառըս Ալլահի…

Թե Ղարաբաղից այրեր չվեցին,
Թողնելով թափուր շեն ու օջախներ,
Մեծամասնությամբ հռչակ բերեցին,
Արցախ աշխարհին,- որին արժան էր:
Չկա աշխարհում որևէ երկիր,
Որտեղ չեն եղել սրիկա-շներ.
(Եղել են ու կան, և միշտ կլինեն),
Միայն Արցախցին ունի և գեներ,
Որին են հավետ ծուռ աչքով նայել,
Ահաբեկվել են՝ անգամ սարսափել,
Երբ հասկացել են,- անզոր են հերքել.
- Ինչ քարն է ծնել… զուլալը՝ սնել:

«Շեփորահար ու թմբուկ» պոետներ,
Որքան էլ ջանան, չե՛ն կարող մտնել,
Հավերժի տանող գետը այն վարար,
Որտեղ մտնում են պոետ-տաղանդներ,
Մտնում են անփորձ, դուրս գալիս՝ վարպետ,
Ափերի միջին՝աղեղ-գրիչ-նետ,
Աստծո օրհնանքը իրենց շրթերին,
Որոնք են կոչված ազգ պահել՝ լեզուն,
Դառնալ կրողը խղճի, հոգեկան,
Որ ազգայինը կոչվի դասական,
Որն էլ, իր հերթին,- լինի գանձարան.
- Ոչ թե սոսկ մնա… քարե թանգարան:

Ամարաս վանքում և Գանձասարում,
Այսօր Արցախյան շունչն է լոկ տիրում:
Ահել ու ջահել, գալիս են այստեղ,
Որ սուրբ խորանում աղոթք մրմնջան,
Որ մեր պապերին լինեն լոկ արժան,
Որ Ղարաբաղը Արցախ արդ կոչվի,
Որ օրրան լինի միմիայն հայի՝
Գա ու միանա Մայր Հայաստանին.
Հավե՛տ և ընդմի՛շտ, առանց կասկածի,
Այստեղ որ հանգչող հերոս-հայեցու,- հոգին որ չասի.
- Անտեղի գուցե… արյուն թափեցի:

Լավ գիտի, եղբա՛յր,- անգամ դրածոն,
Չունի անելիք որ Արցախ հողում,
Որ մարդիկ այստեղ համբերել գիտեն,
Քչով գոհանալ ու սիրել գիտեն,
Բայց, բա՛վ է խաղան նրա հոգու հետ,
Թե մեծ, թե մանուկ, առնելու են նետ,
Վտարելու են՝ ինչպես աղվեսին,
Որ, Արջի դիմաց ելել է կռվի,
Հույսը դնելով քանակի վրա,
Եվ մոռանալով, որ վերջը դրա,
Վաղուց է հայտնի,- փուչ դամբանական.
- Թմբուկ պոետին… միայն սազական:

Լեռները լուռ են,- արձագանքում եմ ես հեռուներից,
Նաև թող հիշեն, որ խուլ ու կույր չեն,
Ու թե խոսում են, լսե՛ք դուք նրանց,
Եթե, իհարկե, խուլ չեք՝ անզգամ:
Հավետ իմացե՛ք,- որ հրաբուխից,
Ծնվել, ծնվում են այրեր հայորդի:
Զևս էլ թե լինեք, շանթեր արձակեք,
Միայն կարող եք մեզ իսկ սրբացնել:
Իսկ արձագանքս՝ Վազգեն Օվյանին,
Թեկուզ և ուշ է,- տեղի՛ն է, տեղի՛ն:
Թե չի լսել նա,- կլսի որդին.
- Ողջո՛ւյն Սյունիքից… Արցախ աշխարհին:

ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ
Սանկտ-Պետերբուրգ
06.08.2013թ.

05 May, 2013

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

2012 թ. մայիսի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ Ելույթներ ունեցան գրողի ժամանակակիցներն ու գրչակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են նրա հետ, անձնապես ծանոթ են եղել, նաև մարդիկ, ովքեր անձամբ ծանոթ չեն եղել Վազգեն Օվյանին, բախտ չեն ունեցել տեսնել նրան, սակայն այսօր մեր գրականությունը չեն պատկերացնում առանց Վազգեն Օվյանի...

Գրողի հոբելյանական հուշ-երեկոյի մասին համառոտ պատմող տեսանյութը (Արցախի հանրային հեռուստատեսության).
http://www.youtube.com/watch?v=Jniw2I5eRnI

17 April, 2013

ԱՅՍՔԱՆ ԾԱՓ ՈՒ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ

Այսքան ծափ ու աղմուկի մեջ, այսքան դափ ու թմբուկի մեջ ախր ինչպե՞ս ես տարբերեմ հանճարեղին ու անճարին։ Եվ ստիպված ուրիշների նման ես էլ ծափ եմ տալիս, ու չգիտեմ, չեմ հասկանում՝ այս ծափերն ինձ ո՞ւր են տանում։ Ծափ տվողներն այնքան շատ են, որ ակամա ծափ ես դառնում։
Այսքան ճառ ու ներբողի մեջ, այսքան գովք ու կենացի մեջ քայլող կուռքերն այնքան շատ են, որ փողոցով երբ անցնում ես, չես իմանում, թե ում առջև գլուխ թեքես, որին մի լավ շողոքորթես, որի հանդեպ մոմի նման հալվես-փափկես...
Այնքան կուռքեր կան աշխարհում, որ չգիտես որին պաշտես։
Այս անաստված աշխարհի մեջ աստվածները շատ են այնքան, որ չգիտես՝ որն է գլխիդ կարկուտ բերում, որը՝ ամպրոպ կամ փոթորիկ... Որ ամեն մի քայլող ստվեր առաքյալն է թվում աստծո... Մեկը մեկին մեծարելով, մեծության հերն անիծելով, այս ինքնակոչ մեծություններն աշխարհն այնքան փոքրացրել և այնքան են լկտիացել, որ իրենցից բացի՝ կյանքում ոչ մի հանճար չեն ճանաչում։
Արձանները շատացել են, պատվանդանները չեն հերիքում։
Այսքան գովք ու ծափերի մեջ, այսքան սուտ ու խաբերի մեջ այնքան շատ են թեկնածուներն անմահության՝ ողջ աշխարհը թե որ հանկարծ դառնա հսկա մի պանթեոն, ա՛խ, հազիվ թե կարողանա իր գրկի մեջ տեղավորել աճյունները այդ ապագա անմահների...
Դարն առատ է հանճարներով, դափնիները չեն հերիքում։
Այսքան քեֆ ու խնջույքի մեջ, այսքան ճառ ու կենացի մեջ, այսքան գովք ու ծափերի մեջ, ախր, ձայնս ո՞վ է լսում, ո՞վ է ինձ հետ հաշիվ նստում, ո՞վ է ասում՝ ի՞նչ ես կորցրել, որ չես գտնում, լեզուդ ինչո՞ւ քեզ չես պահում...
Է՛հ, խրատներ կարդացողներն այնքան շատ են՝ ամբիոնները չեն հերիքում։