09 February, 2016

ՅՈԹԵՐՈՐԴ ԶԱՐԿԸ


Երկու շաբաթ, չգիտեմ քանի օր, մեր շենքի ջրածորակները ցամաքել էին։ Որոշեցի ջրային տնտեսության դիրեկտորի մասին մի ֆելիետոն գրել, կինս չթողեց։
- Խելքդ թռցրե՞լ ես, այ մարդ,- ասաց,- ջրային տնտեսության դիրեկտորի կինը մեր տեղամասային բժշկուհին է, մեկ-մեկ հիվանդության բյուլետեններից օգտվում եմ։

Դե լավ, մտածեցի, հիմա էլ բնակարանային շահագործման գրասենյակի ուստա Մուքելի մասին կգրեմ, ուրիշների բնակարանների հնացած գազօջախները փոխել է, մերը թողել նույնը։
Այստեղ էլ զոքանչս բռնեց գրիչս.
- էդպիսի բան չանես, բնակարանային շահագործման գրասենյակի պետի քենին ատամնաբույժ է, թող ատամներս նորոգեմ, հետո դու գիտես։

Աասունցի Դավթի նման էս մի զարկն էլ բաշխեցի զոքանչիս ու բռնեցի կապի բաժանմունքի գլխավոր վարպետ Օթելլո Ռուբենիչի փեշը։ Դե ոնց չբռնեմ, չորս տարի առաջ հեռախոսի համար դիմում եմ գրել, երկու տարի առաջ հերթս եկել, անցել է, բայց մինչև հիմա բնակարանումս հեռախոս չկա, որ ես էլ ուրիշների նման զանգեմ ու պետիս խաշի հրավիրեմ։
Գրասեղանի ետևում նոր էի տեղավորվել, գրիչը ձեռքս առել, հիմա էլ միջանկյալ նախադասության նման աղջիկս արանքն ընկավ.
- Պապա, այդ ի՞նչ բանի ես, Օթելլո Ռուբենիչի կինը մեր քիմիայի ուսուցչուհին է, իսկ դու, ինչպես գիտես, ես քիմիայից թույլ եմ։
Քիմիայի խաթրու էս մի զարկն էլ բաշխեցի աղջկաս։

Այդ օրը հրավիրված էի պետիս կնոջ ծննդյան տարեդարձին, և հանկարծ հիշեցի, որ երկու ամիս առաջ կոստյում էի պատվիրել։ Հո հին կոստյումով չէի կարող ներկայանալ այդպիսի հրաշալի միջոցառման։ Վազեցի արտել, վարպետ Պողոսն ակնոցի վերևից նայեց ինձ ու ասաց.
- Գիտե՞ս, պատվերները շատ են, հիմա Համբարձում Ներսեսովիչի կոստյումի վրա եմ աշխատում, որքան չլինի, ղեկավար մարմին է։
Տուն հասա, գրիչս ձեռքս առա, կանչեցի մուսայիս, բայց մուսայի փոխարեն բաջանաղս ներս մտավ։
- Այ մարդ,- ասաց,- էդ ի՞նչ բանի ես, բա դու չգիտե՞ս, որ վարպետ Պողոսի տղան՝ Սահակ Պողոսովիչը, մեր գլխավոր ինժեներն է, ինքն էլ ինձ հետ ոնց-որ եղբայր…
Այս մի զարկն էլ բաջանաղիս բաշխեցի։

Դե լավ, այդ դեպքում կգրեմ մեր դիմացի շենքի Պայազատի մասին։ Դրան նայեցեք, ոչ մի տեղ չի աշխատում հերիք չի, դեռ կոլտնտեսային շուկայում էժան գնով սեխ ու ձմերուկ է առնում, թանկ գնով վերավաճառում։ Հարկավոր է այդ սպեկուլյանտին ոտից-գլուխ մի լավ մերկացնել։
Ու սկսեցի...
Չէ՛, չհասցրի սկսել։ Չգիտեմ հարևանս որտեղից իմացավ այդ մասին, եկավ խնդրեց.
- Ցավդ տանեմ, էդ մի զարկն էլ ինձ բաշխիր։ Պայազատի աղջիկն ուզում ենք մեր տղայի համար, խնամախոսների պատվիրակության ցուցակում քո անունն էլ կա։
Հանուն ապագա խնամիների բարեկամության և հանուն սիրող զույգերի երջանկության, այդ մի զարկն էլ բաշխեցի։

Տեսնո՞ւմ եք, թե ինչ մեծահոգի մարդ եմ։ Սասունցի Դավիթն իր առաջին զարկը բաշխեց, երկրորդը բաշխեց, բայց երրորդը չբաշխեց, Թուր Կեծակին վրա բերեց, Մսրա Մելիքի կարկաժը բաժանեց երկու հավասար մասի։ Իսկ ես երրորդ զարկն էլ բաշխեցի, չորրորդն էլ, հինգերորդն էլ…
Բայց վեցերորդը չեմ բաշխի։ Եթե նույնիսկ կինս չէ, զոքանչս չէ, տեր աստված էլ իջնի երկնքից, չեմ բաշխի։ Ախր, Գեդեոն Նարպետովիչն ո՞վ է, որ ռեստորանից կերած-խմած գա, բակում բռնի ինձ ու ասի. «Առաջներում շարքային պահեստապետ էի, հիմա առևտրի ցանցում ռևիզոր եմ»։

Ես առանց ժամանակ կորցնելու, մտա աշխատասենյակս, կանչեցի իմ բոլոր մուսաներին ու սկսեցի… Ինչպիսի՜ փաստեր, քարի վրա ածես՝ քարը կտոր-կտոր կդառնա։ Ի՞նչ միջոցներով է Գեդեոն Նարպետովիչը մի տարում իր համար ամառանոց կառուցել, «Վոլգա» ավտոմեքենա գնել, աղջկան պսակել ու դեռ մի «Ժիգուլի» ավելացրել նրա օժիտին։
Փաստերն իսկապես զորավոր էին, հոյակապ ֆելիետոն ստացվեց…
Բայց, ավա՜ղ, հաջորդ օրը թերթի հերթական համարում ակնարկ էին տպագրել Գեդեոն Նարպետովիչի մասին… Եվ այն էլ ի՜նչ ակնարկ. Գեդեոն Նարպետովիչն աշխարհի ամենաազնիվ, ճակատի քրտինքով ապրող մարդն է, և այդ ազնիվ մարդուն առաջ են քաշել, դարձրել ռևիզոր։

Ես նույն օրն փողոցում բռնեցի հեղինակին, Սասունցի Դավթի նման գնացի-եկա, տարա-բերեցի և այն է՝ բռունցքս պիտի իջներ նրա դեմքին, այս անգամ միլիցիոները բռնեց ձեռքս.
- Ներեցեք, քաղաքացի, այդ ի՞նչ եք անում։
- Յոթերորդ զարկն իմն է,- գոչեցի,- վե՛րջ, չպիտի բաշխեմ։
Միլիցիոները քթի տակ խնդմնդաց ու ասաց.
- Էդքան զարկերը բաշխողը, յոթերորդն էլ կբաշխի…

31 January, 2016

ԹԱՐԽՈՒՆԱԳԵՏԸ


Իմ նախկին դասընկերները բանասիրական, գյուղատնտեսական, պատմական, կենսաբանական, փիլիսոփայական և չգիտեմ էլ ինչ գիտությունների թեկնածուներ են, իսկ ես գիտական ոչ մի կոչում չունեմ: Վաղես Մարուքյանը, որ պատմությունից այնքան փայլուն գնահատականներ չէր ստանում, պատմական գիտությունների թեկնածու է, և հիմա աշխատում է դոկտորականի վրա: Իսկ Ռուբեն Մնոյանը, որ իներտ գազերը շփոթում էր աղերի կամ թթուների հետ, և ամեն տարի քիմիայից աշնանային էր մնում, քիմիկոս է: Հիշում եմ, մի տարի առաջ քիմիկոս Մնոյանը փողոցում բռնեցրեց ինձ ու սկսեց նախատել.
- Ի՜նչ անտարբեր մարդ ես, ինչպե՞ս կարելի է մեր օրերում ոչ մի գիտական կոչում չունենալ ու լռել:

Իսկ պատմական գիտությունների ապագա դոկտոր Վաղես Մարուքյանը ընկերաբար ձեռքը դրեց ուսիս ու ասաց.
- Բարեկամս, դու պարզապես ետ ես մնում կյանքից: Հարկավոր է համարձակորեն կրծել գիտության ապառաժները:

Տանն էլ կինս չի հանգիստ տալիս.
- Քո ընկերները շուտով ակադեմիկոսներ կդառնան,- ասում է,- իսկ դու ամբողջ կյանքում կմնաս շարքային: Ես քո փոխարեն ամաչում եմ:

Որպեսզի կինս իմ փոխարեն չամաչի, ընկերներս չասեն՝ «Ի՜նչ անտարբեր մարդ ես», աղջիկս դպրոցում պարծենա՝ «Պապաս գիտնական է», որոշեցի դիսերտացիա գրել: Նախ սկսեցի ուսումնասիրել դասական գրողների կյանքն ու գրական գործունեությունը, բայց շուտով պարզվեց, որ բոլորի մասին էլ դիսերտացիաներ են գրվել, և ես հազիվ թե կարողանամ նոր խոսք ասել:

Հնար չկար, որոշեցի բռնել կենդանի գրողներից մեկի փեշից, բայց այդ կենդանի գրողն ավելի շուտ բռնեց իմ կոկորդն ու սպառնաց.
- Եթե ինձ չկանգնեցնես Պուշկինի ու Շեքսպիրի կողքին, դիսերտացիադ կտապալեմ և քեզ էլ աշխարհով մեկ կխայտառակեմ:

Ես այստեղ կտրուկ շրջադարձ կատարեցի ու համարձակորեն սկսեցի կրծել պատմության դարավոր ապառաժները: Բավականին փաստեր ու տեղեկություններ հավաքեցի Բաթու խանի ու նրա ժամանակաշրջանի մասին, վերազինվեցի հայտնի պատմաբանների ցիտատներով: Գործը թափով առաջ էր գնում, երբ հանկարծ իմ ղեկավարը գլխիս սառը ջուր մաղեց. «Բարեկամս,- ասաց,- այդ թեմայով վերջերս հինգ հոգի դիսերտացիա են գրել, և այժմ վեճ է գնում, թե այդ հինգից որին բախտը կժպտա»:

Եթե իմ փոխարեն ուրիշները լինեն, գուցե հուսահատվեն: Բայց ես որոշել եմ մինչև վերջ կրծել գիտությունների կարծր ապառաժները: Թող բերանումս ոչ մի ատամ չմնա, փույթ չէ, երբ կոչում ստանամ, կարող եմ պրոթեզով էլ յոլա գնալ:

Եվ մի գեղեցիկ օր ես ինձնից թափ տվեցի պատմության դարավոր փոշին, ընտրեցի ավելի ժամանակակից, ավելի հոգեհարազատ թեմա: Ասացեք խնդրեմ, գյուղատնտեսությունն ինչո՞վ է պակաս: Ի՜նչ թեմաներ ասես, որ չկան այստեղ՝ բանջարաբուծություն, անասնապահություն, պտղաբուծություն, հացագործություն... Ես անձամբ ճանաչում եմ մի գիտնականի, որը այծի և ոչխարի խաչասերումից ստացել է մի զարմանալի կենդանի: Այդ զարմանալի կենդանին այծի գլուխ ունի, ոչխարի դմակ, բայց, ավա՜ղ, դեռ ցուցահանդես չհասած, սատկել էր կես ճանապարհին:

Իսկ ես կընտրեմ ավելի հետաքրքիր թեմա՝ բանջարաբուծությունը: Բայց քանի որ բանջարեղենները շատ են, կանգնեցի իմ ամենասիրած բույսի՝ թարխունի վրա: Թերթեցի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» և գտա «թարխուն» բառը: «Թարխունը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող քիչ կծվահամ բազմամյա կանաչի է»:

Շատ հրաշալի է: Այժմ ինձ մնում է կենսագրություն ստեղծել բարդածաղկավորների ընտանիքին պատկանող այդ բազմամյա կանաչու համար: Սկսեցի շատ հեռվից՝ թարխունն առաջին անգամ հայտնաբերվել է վայրի վիճակում, եգիպտական թագավոր Թութմոս 3-րդի ժամանակաշրջանում: Ըստ առասպելի, Նոյ նահապետն առանձին մի թուլություն է ունեցել թարխունի նկատմամբ և նա՝ հանճարեղ Նոյը, աշխարհի առաջին բանջարաբույծը, մեծ ջրհեղեղից առաջ իր տապանում թարխունի արմատակալներ է պահել: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Քեոփս փարավոնը թարխունը համարել է արքայաբույս, իսկ հետագայում Ալեքսանդր Մակեդոնացին կարգադրել է զարկ տալ թարխունաբուծությանը:

Այնուհետև գտա, որ թարխունն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մեր թվարկությունից առաջ թարխունից պատրաստել են հրաշալի դեղորայքներ: Իսկ թե ովքեր են պատրաստել այդ դեղորայքները, ես այդ հարցը թողնում եմ բժշկագիտության ուսումնասիրությանը:

Դիսերտացիան, իմ կարծիքով, ստեղծագործություն է, և հեղինակը պարտավոր է ինչ-որ տեղ իրեն ազատ զգալ: Իսկ ինչո՞ւ չգրել, որ թարխունը մեր մյուս բանջարեղեններից տարբերվում է ոչ միայն համով ու հոտով, այլև բուժիչ հատկություններով: Եվ ես համարձակորեն հորինեցի. «Հեռու չէ այն ժամանակը երբ թարխունից ստացված դեղերը կբուժեն քաղցկեղն ու մի շարք այլ անբուժելի հիվանդություններ»:

Վերջում ես կոչ եմ անում՝ «Որքան կարողանում եք, թարխուն օգտագործեցեք: Թարխունը հոգեպես ջահելացնում է հասակավորներին, երկարացնում նրանց կյանքը, բուժում մի քանի տասնյակ հիվանդություններ»:
Դա եղավ սենսացիա: Կոլտնտեսային շուկայում թարխունի մեկ փունջը տասը կոպեկից բարձրացավ, դարձավ հիսուն կոպեկ, սպեկուլյանտները սկսեցին զբաղվել թարխունի առևտրով, մարդիկ իրենց բակերում, նույնիսկ ծաղկամաններում սկսեցին թարխուն աճեցնել:

Ի դեպ, մեր կողմերում ստեղծվեց թարխունաբուծական մի սովխոզ՝ իր թարխունագետներով: Հանդիսավոր ժողովում ինձ ընտրեցին սովխոզի պատվավոր անդամ, և սովխոզի դերեկտորը խոստացավ ապագայում, այսինքն՝ իմ մահից հետո, սովխոզը կոչել իմ անունով:

26 November, 2015

ԶՐՈՒՅՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ


Կուլտարան պահանջում է, որ մեկը մյուսիս սիրենք ու հարգենք, լինենք նրբանկատ ու զգույշ, մեծահոգի ու մեծասիրտ։
Եթե խնամիդ քո բանջարանոցի ջուրը կտրում ու իր բանջարանոցն է ջրում, կարիք կա՞ զուր տեղը սկանդալ սարքել։ Լա՞վ կլինի, որ նրա բանջարանոցը չորանա, քոնը կանաչի։ Դու սեղանդ զարդարես թաղից նոր կտրած վարունգով ու պոմիդորով, ռեհանով ու տաքդեղով, իսկ ինքը վիզը ծռած նայի ու բերանի ջուրը գնա։

Թե ազնիվ խնամի ես, թող քո բանջարանոցը չորանա ու քո բերանի ջուրը գնա։
Խանութում թարմ ձուկ են վաճառում, հերթը մոտ է, և մեկ էլ նայում տեսնում ես հարևանդ կանգնած է պոչում։ Մարդը որքա՞ն պիտի սպասի, որ հերթը հասնի իրեն։ Պարտադի՞ր է, որ այդ օրը դու թարմ ձուկ տապակես, հոտը գցես նրա քիթը։ Բա նա ի՞նչ կասի մտքի մեջ. «Փուշը բկիդ մնա,- կասի,- այդ ձուկը լեղի դառնա, քեզ սպանի»։
Որպեսզի ձուկը լեղի չդառնա՝ քեզ սպանի և ոչ էլ փուշը բկիդ մնա, տեղդ զիջիր նրան, այդ օրն էլ պոմիդորով, ձվածեղով յոլա գնա։ Որ հավատացյալները շաբաթներով պաս են պահում, ձուկ ու միս չեն ուտում, մեռնո՞ւմ են։

Հիմնարկում հաստիքների կրճատում է։ Կրճատման տակ է ընկել նաև այն սիրունիկ քարտուղարուհու հաստիքը, որը առավոտից մինչև երեկո բան ու գործ չունի, շրթունքներն ու եղունգներն է ներկում, սրան-նրան բամբասում, ազատ ժամերին խաչբառներ լուծում կամ հորանջում։
Եթե դու իսկապես սրտացավ մարդ ես, մտիր պետիդ մոտ ու ասա. «Խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից և իմ զբաղեցրած հաստիքի հաշվին այդ սիրունիկ քարտուղարուհուն աչքի լույսի պես պահեցեք ու պաշտեցեք»։
Բա ո՜նց, եթե այդ սիրունիկ քարտուղարուհին չլինի, ո՞վ պիտի ամեն օր պետիդ անուշ ժպտա, պետդ ո՞ւմ համար պիտի հալ ու մաշ լինի, պետիդ կինը ո՞ւմ պիտի խանդի և ամուսնուց ամիսներով խռով մնա։ Եվ, վերջապես, ո՞վ պիտի հիմնարկում եղած անցուդարձը պետիդ ականջը գցի։

Դու և ընկերդ սիրահարվել եք մի լավ աղջկա: Աղջիկը մեկն է, դուք՝ երկուսը։ Հո չե՞ք կարող ձեր սիրած էակին բաժանել երկու հավասար մասի։ Մարդ է, չէ՞, ձմերուկ չի և ոչ էլ տնամերձ հողամաս կամ մատաղացու ոչխար...
Իսկ եթե այդ աղջիկը քեզ է սիրում և ոչ թե ընկերոջդ...
Մեծ բան չի, գնա ասա՝ այ աղջիկ, ես շատ զզվելի մարդ եմ, ժլատի մեկն եմ, վատ բնավորություն ունեմ, էլ չեմ խոսում այն մասին, որ սկի լիարժեք տղամարդ էլ չեմ... Արի ինձնից ձեռք քաշիր, իմ ընկերոջ հետ սիրո կապերդ ամրապնդիր։
Եվ դա կլինի քո կողմից ասպետություն։ Եթե հայտնի սիրավեպերում կամ կինոնկարներում անձը զոհում են հանուն սիրո, ինչո՞ւ կյանքում սերը չզոհել հանուն ընկերության։

Բնակարանային շահագործման գրասենյակից քեզ կանչել են, թե եկել ու հասել է հերթդ, ահա նոր բնակարանիդ օրդերը։ Եվ դու ինչպե՞ս կարող ես ստորագրել այդ օրդերը, երբ քո ծանոթի աչքը նույն բնակարանի վրա է։ Մարդն ուզում է իր երեք սենյականոցը դարձնել չորս սենյականոց... Իսկ ինչո՞ւ չընդառաջել նրան։ Աշխարհը կքանդվի՞, որ քեզ հասանելիք բնակարանը զիջես նրան, գնաս նորից վերջից հերթ բռնես։ Դու չստանաս՝ տղադ կստանա։ Եթե տղադ էլ չստանա, իր ծանոթի նկատմամբ քեզ նման մեծահոգի գտնվի՝ թոռդ կստանա։ Թոռդ չստացավ, ծոռդ կստանա։

Անցած օրը իմ բարեկամներից մեկը եկավ, թե հարևանս կլյաուզնիկ է, գիշեր-ցերեկ անստորագիր նամակներ է գրում, զրպարտում անմեղ մարդկանց, ուզում եմ դրան մի լավ մերկացնել։
Ասացի՝ ա՛յ ախպեր, ամեն մարդ մի բանով ապրում է. մեկը վեպեր ու պիեսներ է գրում, մեկը տուն է կառուցում, մյուսը կառուցածն է քանդում, մի ուրիշն առնում ու ծախում է... Լավ, հարևանդ վեպ ու պիեսներ գրելու շնորհք չունի, մուրճ բռնել չգիտե, առնել-ծախելու հետ գործ չունի, մարդն հիմա ինչո՞վ զբաղվի։ Թուղթը բո՜լ, թանաքը բո՜լ, ժամանակը՝ շա՜տ... Թող որքան ուզում է՝ գրի։ Դրա համար հիմնարկներում մարդիկ կան, որ գնում են նամակների հետքերով, հատուկ հանձնաժողովներ են ստեղծում, ստուգումներ կատարում, կրքեր բորբոքում... Բա որ հարևանդ չգրի, այդ մարդիկ ինչո՞վ պիտի զբաղվեն և որտեղի՞ց աշխատավարձ ստանան։

Մի անգամ մի սպեկուլյանտի ետևից ընկա, ուզում էի դրան մի լավ խայտառակել։ Այս սպեկուլյանտը տեսավ ձեռք չեմ քաշում, ասաց. «Այ ընկեր, ինձնից ի՞նչ ես ուզում... Ախր, եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես օգտակար տիպ եմ։ Խնդրեմ, «Սալյուտ» ծխախոտի մի տուփն արժե 30 կոպեկ, բայց ես պետական խանութից 35 կոպեկով եմ վերցնում, և իմ հինգ կոպեկները դառնում են ռուբլիներ, մտնում վաճառողների գրպանները։ Այնուհետև շուկայում բարձրացնում եմ յուրաքանչյուր տուփի արժեքը, դարձնում 70 կոպեկ։ Դե հիմա տես՝ շուկայի դիրեկտորին ու նրա տեղակալին փող եմ տալիս, տեղամասայինը գալիս է իր բաժինը ստանում, ռևիզորն՝ իր բաժինը... Ես հո մենակ իմ տո՞ւնը չեմ պահում»։
Այստեղ նա ուզում էր մի տուփ «Սալյուտ» խոթել գրպանս, չթողեցի, ասացի՝ ծխող չեմ։ Փող առաջարկեց՝ հրաժարվեցի։ «Քո գործն է,- ասաց,- դու գիտես,- և շարժեց ուսերը։ -Չեմ հասկանում, ուրիշներին խայտառակելով ո՞նց պիտի տունդ պահես»։

Հիմա էլ մի կնամոլի մասին պատմեմ։
Սա էլ ութ անգամ պսակվել, ութ կնոջից տասնութ երեխա ունի։ Խեղճ մարդուն փոխանակ բազմազավակ հոր կոչում տան, քաշել են դատարան, թե՝ ինչո՞ւ զավակներիդ ալիմենտ չես վճարում։
Լավ, ձեզ եմ հարցնում, մարդը որտեղի՞ց և ինչպե՞ս ալիմենտ վճարի, երբ քիթը սրբելու ժամանակ չի գտնում, մեղրամիսը դեռ մի կնոջ հետ չավարտած, մի ուրիշ կնոջ է սրտի դռները բացում։ Ուրիշները վարում, ցանում են, քար են տաշում, պատ են շարում, ջրանցք են փորում, բարիքներ են ստեղծում... Սրա ձեռքովն էլ այսքանն է գալիս՝ պսակվում ու երեխաներ է ստեղծում։

Հիմա դառնանք ինձ:
Գրում եմ։ Ի՞նչ եմ գրում՝ ֆելիետոն, երգիծական պատմվածք, հոդված, պիես, ռեպորտաժ...
Կան մարդիկ, որ գրածներս կարդում ու ինձ հայհոյում են։ Իսկ ես բոլորովին չեմ վիրավորվում։ Իմ փոխարեն ուրիշը լիներ, կբռներ դրանց օձիքը ու կասեր՝ ա՛յ սպեկուլյանտ կամ կաշառակեր, ա՛յ բյուրոկրատ կամ կնամոլ, դուք ի՞նչ իրավունքով եք ճնշում քննադատությունը...
Բայց ես այդպիսի բան չեմ անում, որովհետև դրա համար էլ մի ուրիշ հիմնարկություն կա... Եվ հետո էլ այդ մարդիկ իմ հերոսներն են, իմ մուսան ու ներշնչանքի աղբյուրը... Իսկ այդ ո՞ր գրողն է, որ իր հերոսների վատն է ցանկանում։

21 October, 2015

Անծանոթ աղջիկը



Այդ տարիքի աղջիկները միշտ լուրջ են լինում։ Բայց նրա լրջության մեջ ինչ-որ ուրիշ բան կա։
Նա սկզբում ավտուբուսի բաց պատուհանից նայում էր ցորենի կանաչ արտերին, ճամփեզրի դալար բարդիներին և բլուրների վրա ցցված գաճաճ թփուտներին։ Գիշերը անձրև էր եկել, արտերի կանաչ թավիշը շողշողում է ծիածանի բոլոր գույներով։ Հեռագրալարերը նույնպես ոսկեգույն են, հեռագրասյուներին թառած թռչունները նման են մի կաղապարից դուրս եկած արձանիկների։

Նա նստած է իմ կողքին, պատուհանի մոտ։ Մեր ետևում տեղ են գրավել երկու երիտասարդ, մեկը՝ կապույտ պիջակով, մյուսը հագին ունի բաց-նարնջագույն բլուզ։ Կապույտ պիջակով տղան անեկդոտներ է պատմում, և որքան ես հասկացա, իր անեկդոտներով ուզում է գրավել կողքիս նստած աղջկա ուշադրությունը։

Նրանց ետևում նստած է քառասունհինգ-քառասունութ տարեկան կարմրաթուշ մի կին։ Տեղը երևի այնքան էլ հարմար չէր, տեղափոխվեց իմ դիմացի նստատեղին, պայուսակից հանեց թարմ բուլկիներ... և, աստվա՜ծ իմ, նա այնպես էր խժռում, կարծես առնվազն մի շաբաթ քաղցած է եղել։ Երբ կապույտ բլուզով տղան հերթական անեկդոտն էր պատմում ինչ-որ անհաջողակ սիրահարների մասին, կարմրաթուշ տիկինը, որ արդեն վեցերորդ բուլկին էր ոչնչացրել, այնպես ծիծաղեց, առաջին տեղերում նստածները գլուխները զարմացած շրջեցին։ Կապույտ պիջակով տղան արհամարհանքով նայեց նրան, և նրա հայացքը կարծես ասում էր. «Ում համար եմ պատմում, տեսեք ով է ծիծաղում»: Տղան ընկած տրամադրությամբ շուռ եկավ, գլուխը հանեց պատուհանից և երկար մազերը տվեց քամուն։

Մենք բավականին ճանապարհ ենք անցել։ Ավտոբուսի անիվների տակ ասֆալտը ճլճլում է, ինչպես յուղը՝ թավայի մեջ։ Պատուհանից երևում են լեռների ձյունածածկ գագաթները, ներքևում՝ մթամած անտառը։ Ես ուզում եմ ծխել և խնդրում եմ հարևանուհուս՝ տեղներս մի քանի րոպեով փոխել: Վառում եմ սիգարեթը, ծուխը բաց թողնում պատուհանից։ Այստեղ իսկապես զով է, աղջկան առաջարկում եմ գրավել իր տեղը, նա թեթևակի շիկնում է.
- Դե, ոչինչ, ինձ համար այստեղ էլ վատ չէ, եթե ուզում եք...

Ի՞նչ կարող ես անել, եթե նա հարգում է իմ ճերմակ մազերը, նշանակում է՝ կարիք չկա երկրորդ անգամ խնդրել։ Հերթական կայարանում մեր ավտոբուսը կանգնում է: Ավտովարորդը ճաշարան է շտապում, նրան հետևում են ուղևորները։ Իսկ կարմրաթուշ կինը տեղից շարժվելու միտք չունի, պատուհանից հանում է գլուխը, մի եփած հավ գնում, ձեռքում ծանրութեթև անում և ասում.

- Սրա գինը շատ լինի, շատ լինի՝ երեք ռուբլի, իսկ այդ սպեկուլյանտն ինձնից հինգ ռուբլի պոկեց։ Որտե՞ղ է մեր միլիցիան, որտե՞ղ է դրուժիննիկը։ Օրը ցերեկով թալանում են մարդկանց։ Անխիղճնե՜ր:

Երկար ճանապարհը հոգնեցրել է, ուզում եմ դուրս գալ ավտոբուսից, աղջիկը մեկնում է ինձ մի թղթադրամ։
- Խնդրում եմ, եթե կարելի է, ինձ համար մի շիշ ջուր բերեք։

Կարմրաթուշ կինը շուռ է գալիս, ակնհայտ չարությամբ նետում.
- Տեսեք, է՜, մայրիկի սիրունիկ բալիկը չի ուզում իջնել ավտոբուսից, և առանց ամաչելու ուրիշներին է շահագործում: Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքե՞ր չունես։

Աղջկա դեմքը կարծես ցավից կծկվում է, շուրթերը դողում են։ Նրա աչքերում աղերսանքի պես մի բան կա։ Ո՛չ, նա չի ուզում պատասխանել, և ես նրա փոխարեն պատասխանում եմ.
- Ներեցեք, տիկին, ուրիշների գործերին խառնվելն այնքան էլ լավ բան չէ։ Խորհուրդ չեմ տալիս։

Բուֆետից գնում եմ երեք շիշ հանքային ջուր, մտնում ավտոբուս։ Կարմրաթուշ տիկինն արդեն խժռել է հավը, հիմա էլ թարմ վարունգ է խրթխրթացնում։ Աղջկա և ինձ համար երկու շիշ եմ բացում, ճամպրուկից հանում խաշած միս, հաց ու պանիր։ Աղջիկը նույնպես բացում է իր ճամպրուկը, հանում տապակած ձուկ և երկու բաժակ։

- Հիմա կարգին քեֆ կանենք,- ասում եմ:
Տիկինը ցուցադրաբար շուռ է տալիս դեմքը։

Մենք նստել ենք մի ավտոբուսում, ճաշում ենք միասին և անծանոթներ ենք։ Ես չգիտեմ, թե ով է այդ աղջիկը, ուսանողուհի՞ է, թե՞ ինչ-որ հիմնարկում մեքենագրուհի կամ քարտուղարուհի։ Պարզապես լուրջ աղջիկ է, կարող ես հետը զրուցել լուրջ հարցերի շուրջ, կատակել ու ծիծաղել չափավորության սահմաններում։ Բայց մենք հիմա ծանոթներ ենք ավտոբուսում և այն էլ պատահական ծանոթներ։ Երեկոյան տեղ կհասնենք, նա իր ճանապարհով կգնա, ես՝ իմ: Գուցե վաղը կամ մյուս օրը փողոցում պատահաբար հանդիպենք և իրար բոլորովին չճանաչենք։

Ուղևորները ներս են մտնում: Կապույտ պիջակով տղան երկու մեծ փունջ մորի էր գնել, մի փունջը մեկնում է աղջկան.
- Վերցրեք, խնդրեմ, այս կողմերի մորին քաղցր է։
- Իսկ փունջը որքա՞ն արժե։
- Ինձ համար՝ ձրի։
- Այդ դեպքում թողեք ձեզ մնա։

Բաց-նարնջագույն բլուզով տղան ժպտում է.
- Մեկ-զրո:
Կարմրաթուշ տիկինը նորից չարացած նայում է աղջկան։
- Ա՛յ աղջիկ, դու էլ ի՞նչ ես ձևեր թափում, տալիս է՝ վերցրու։
Տղան ուզում է հաշիվը հավասարեցնել և դիմում է իմ օգնությանը.
- Քեռի, ասացեք՝ թող վերցնի։ Ես անկեղծ սրտով... Խնդրում եմ, ուրիշ բան չմտածեք։

Այ թե լավ բռնեցրեց՝ քեռի՜։ Իսկ գուցե՝ հայրիկ կամ պապիկ։ Եթե այս գեղեցիկ աղջիկը չլիներ, նա երբեք ինձ քեռի չէր անվանի։ Բայց ի՞նչ կարող ես անել, քառասուն տարեկանները միշտ էլ քսան տարեկանների համար քեռի են։
- Խնդրում եմ, քեռի,- տղան իսկապես խնդրում է, և ես քեռու իրավունքով հարցնում եմ.
- Քանիսո՞վ եք գնել։
- Դատարկ բան է, քեռի, կոպեկներ:
- Կայարաններում, բալիկ ջան, կոպեկներով մորու այսպիսի փնջեր չեն, վաճառում։

Նա իմ «բալիկ ջանն» ընդունում է այնպես, ինչպես երես առած երեխան կընդունի քեռու ապտակը։ Ես նրա բուռն եմ խոթում մեկ ռուբլանոցը, մորու փունջը տալիս աղջկան։ Բաց-նարնջագույն բլուզով տղան, որ հավանաբար սպորտսմեն է, հաշվում է.
- Երկու-զրո, այն էլ՝ տասնմեկ մետրանոցով։

Ավտոբուսը ծանր փնչոցներով հաղթահարում է վերջին վերելքը։ Կապույտ պիջակով տղան գրպանից հանում է խաղաթղթերը, խառնում և ընկերոջը հրավիրում խաղի։ Վեց բուլկի և մի հավ խժռող տիկինը նրան ցույց է տալիս իր կողքի ազատ տեղը։
- Եկեք միասին խաղանք։

Տղան երեք անգամ տանուլ է տալիս, նրա մրցակցուհին քրքջում է։
- Դե լավ, դե լավ, երեք անգամ դուռակ դարձար, դա էլ է հերիք։
Սպորտսմենը գլուխն առանց ամսագրից կտրելու, խաղավարի սառնասրտությամբ հաշվում է.
- Հաշիվը դարձավ 3։0։

Ավտոբուսը թեթև սահում է ուղիղ ու հարթ, ասես տողաշարով գծած ճանապարհով։ Երկինքը բաց կապույտ է, օդը հագեցած ճամփեզրի փշատենիների բուրմունքով։ Կարմրաթուշ տիկինը հենվել թիկնակին, քնել է կուշտ կերած երեխայի քնով, սպորտսմենը ամսագիր է կարդում, կապույտ պիջակով տղան լուռ նայում է պատուհանից։ Առաջին շարքում նստած շիկահեր մարդը, որ հավանաբար մեղվաբույծ է, իր տարիքն առած հարևանուհուն պատմում է, թե ինչպես կարելի է մի տարում միևնույն մեղվափեթակից երեք անգամ մեղր ստանալ։ Չնայած տարեց կինը նույնիսկ դեմքի շարժումով չի հակաճառում նրան, բայց մեղվաբույծը շարունակ կրկնում է. «Է՜, տեսնո՞ւմ եք, չեք հավատում»։

Աղջիկը մորու փունջը ինձ հետ կիսում է, և մենք հիմա զրուցում ենք որպես մոտիկ ծանոթներ։ Ես նրան պատմում եմ իմ փոքրիկ տղայի մասին, որ սիրում է քանդել իր խաղալիքներն ու նորից հավաքել։ Իսկ մի անգամ, երբ քանդելու բան չէր մնացել, աչքը գցել է հեռուստացույցին ու հարցրել. «Հայրիկ, իսկ հեռուստացույցը ե՞րբ պիտի փչանա, որ մի լավ քանդենք»։

*   *   *
Կայարանում կայարանի աղմուկն է։ Կարմրաթուշ տիկինն իր երկու խոշոր սնդուկներ հիշեցնող ճամպրուկները դրեց մայթեզրին, սպորտսմենը և կապույտ պիջակով տղան կանգնեցին բարդու շվաքում, իսկ աղջիկն ուշանում է։ Ես մոտեցա, նա կանգնած էր դռան մոտ. նայեց ինձ ու շշնչաց մի տեսակ մեղավոր.
- Իսկ գուցե օգնեք, ուզում եմ իջնել:

Կարմրաթուշ տիկինը ծամածռեց դեմքն ու՝
- Տեսեք, է՜, խնդրում է օգնել... Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքեր չունե՞ս։

Դա ոչ ոք չէր սպասում։ Աղջիկը նայեց նրան և ճչաց.
- Տիկին, չունեմ, պրոթեզ է, ի՞նչ եք ուզում ինձնից։

Նա երեխայի պես ծածկեց դեմքն ու սկսեց հեկեկալ։ Սպորտսմենն ու կապույտ պիջակով տղան կարծես տեղում քարացան, մեղվաբույծը մոտեցավ կարմրաթուշ տիկնոջը և գլուխն օրորեց.
- Տիկին, ինչպե՜ս չեք ամաչում։

11 May, 2015

Որդու նամակը հորը։ Հոր Պատասխան նամակը


ՈՐԴՈՒ ՆԱՄԱԿԸ ՀՈՐԸ

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, ընդունիր որդիական քաղցր բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ որդիական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ և մայրիկին, ինչպես նաև ձեր բարին ցանկացող բոլոր հարևաններին։ Եվ նմանապես ուզում եմ իմ որդիական սուրբ պարտքը կատարել իմ ծնողների հանդեպ, որոնք սրտատրոփ սպասում են նամակիս և ուզում են իմանալ որպիսությունս:

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ և, չնայած վերջերս ազատվել եմ աշխատանքից, արդեն չորսուկես ամիս է, գրպանումս ոչ մի կոպեկ չկա, բայց հոգով ու սրտով առույգ եմ։ Կարևորը, իհարկե, փողը չէ, այլ այն, որ չեմ ընկճվում ոչ բարոյապես և ոչ էլ հոգեպես։ Մի քանի ամիս առաջ կինս՝ Ժորժետինան, ինձնից բաժանվեց, սակայն ես տղամարդու պես դիմացա հարվածին և այդ էլ այն դեպքում, երբ գրպանումս նույնիսկ ավտոբուսի փող չունեմ ու կոպեկին «քեռի» եմ ասում:

Բայց դե մարդ փողով չի մարդ, ի՞նչ անենք, թե հարևաններիս վեց հարյուր ռուբլի պարտք եմ և չեմ կարողանում վերադարձնել։ Ձեզ եմ հարցնում, ինչպե՞ս վերադարձնեմ, երբ ոչ մի տեղ չեմ աշխատում և չգիտեմ սրա վերջը ինչ կդառնա։
Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրիր տեսնեմ խոզը մորթել ծախել եք, կարտոֆիլն ու սոխը շուկայում ի՞նչ գին ունեն, կովը ծնե՞լ է և, ընդհանրապես, ինչպե՞ս է այս տարվա բերքը։

Անցած օրը խանութում մի լավ մուշտակ տեսա, ուզում էի գնել քեզ համար, բայց գրպանումս կոպեկ չկար։ Մայրիկի համար նույնպես բրդե հրաշալի շալ եմ գտել, եթե փող ունենայի, կգնեի անպայման:
Ստացա իմ թանկագին քույրիկ Սիրուշի նամակը և շատ ուրախացա, որ արդեն նշանվել է։ Այնպե՜ս եմ ուզում եղբայրական պարտքս կատարել, գոնե մի ոսկե ժամացույց գնել սիրելի քրոջս համար... Եթե գրպանումս ճանապարհածախսի փող լիներ, անպայման կներկայանայի հարսանքին։ Ուրեմն՝ թող քույրիկս իմանա, որ իր հարազատ եղբայրն իր գրպանում նույնիսկ ծխախոտի փող չունի, այդ իսկ պատճառով ծխելը թողել է։

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ։
Քաղաքում եղանակները ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս, իսկ ես մի կարգին վերարկու չունեմ, որ հագնեմ։ Ճաշարանների ու ռեստորանների դռները փակ են իմ դիմաց, հանրակացարանի պարետն անընդհատ հիշեցնում է, որ չորս ամսվա վարձը չեմ մուծել, և ես ամոթից քիչ է մնում գետինը մտնեմ:
Եվ չնայած գրպանումս կոպեկ չկա, բայց ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, հոգով ու սրտով՝ ուրախ։

Որդիական բարևներով՝ մնամ ձեր որդի
Պատրիկ Պետրոսովիչ։

Հ.Գ.- Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրի տեսնեմ խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից որքա՞ն փող է եկել: Եթե քիչ է, մի երեք հարյուր ռուբլի էլ մեր թանկագին հարևաններից վերցրու՝ ուղարկիր։ Ամոթ բան է, որ ամանորի գիշերը հարազատներիս չտեսնեմ։ Եթե սիրելի քույրիկս դեմ չէ հարսանիքը մի երկու ամսով հետաձգելու, թող մի երկու հարյուր ռուբլի էլ ինքն ուղարկի, որպեսզի ձեզ տեսնելիս վրաս վերարկուից-բանից ունենամ։




ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ Պողոսով, ընդունիր հայրական անուշ բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ հայրական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ, ինչպես նաև քո բարին ցանկացող պարտքատեր հարևաններին։ Ես էլ նմանապես ուզում եմ հայրական սուրբ պարտքս կատարել իմ թանկագին որդու հանդեպ, որը սրտատրոփ սպասում է նամակիս և ուզում է իմանալ որպիսությունս։

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, չնայած վերջերս չեմ ազատվել աշխատանքից և գրպանումս փող կա։ Կարևորն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ կարողանում ես առանց փողի էլ չընկճվել ոչ հոգեպես, ոչ էլ բարոյապես։ Ցավում եմ, որ կինդ բաժանվել է քեզանից, բայց ուրախ եմ նաև, որ դիմացել ես այդ հարվածին, և այդ էլ այն դեպքում, երբ կոպեկին «քեռի» ես ասում: Լավ կլինի՝ ռուբլուն էլ «քեռակին» ասես:

Բայց դե մարդ փողով չէ մարդ։ Ինչ անենք, թե հարևաններիդ պարտք ես վեց հարյուր ռուբլի։ Քեզ եմ հարցնում՝ ինչպե՞ս վերադարձնես, երբ ոչ մի տեղ չես աշխատում ու չգիտես վերջն ինչ կդառնա։
Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզը մորթել՝ ծախել ենք, կարտոֆիլը շուկայում լավ գին ունի, կովը ծնել է և, ընդհանրապես, հիանալի է այս տարվա բերքը։ Նաև ուրախ եմ, որ ցանկացել ես ինձ համար մուշտակ գնել, մայրիկի համար՝ բրդե շալ, բայց ափսոսում եմ, որ գրպանումդ կոպեկ չի եղել։ Վնաս չկա, սիրելի որդի, հենց որ գրպանումդ փող լինի, այդ մուշտակն ու շալը անպայման կգնես ու կուղարկես։

Քույրիկդ, ինչպես արդեն գիտես, նշանվել է, և երկու ամսից հետո տեղի կունենա հարսանիքը։ Բայց, քանի որ գրպանումդ նույնիսկ ճանապարհի փող չկա, ի՞նչ կարիք կա անպայման ներկայանաս հարսանքին:
Մեզ մոտ էլ եղանակները նույնպես ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս։ Ափսոսում եմ, որ հագնելու կարգին վերարկու չունես, իսկ հանրակացարանի վարձը չմուծելու համար քիչ է մնում գետինը մտնես։

Թանկագին որդի, մենք էլ ողջ և առողջ ենք, գործով հաջողակ, հոգով ու սրտով ուրախ։
Հայրական բարևներով՝ մնամ քեզնով բախտավոր
 քո հայր Պետրոս Պողոսովիչ։

Հ. Գ.- Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից հազար ռուբլի փող է եկել։
Մեծ ուրախությամբ քույրիկիդ հարսանիքը կհետաձգեի, ու երկու ամսվա իր աշխատավարձը կուղարկեի, բայց, կարծում եմ, չարժե իզուր նեղություն քաշել և ամանորի գիշերը իզուր ծախսերի տակ ընկնել։ Եվ հետո այնքան էլ պարտադիր չէ, որ վերարկուից-բանից ունենաս։ Քո նախապապ և նախատատ Ադամն ու Եվան թզենու տերևներից բացի ոչինչ չունեին, բայց դրախտային կյանք էին վայելում...
Հայրական բարևներով՝ Պետրոս Պողոսովիչ:

21 November, 2014

Էպիգրամներ

     
         
* * *
Պիես գրելը մոդա է հիմա,
Ով ասես՝ պիես չի գրում այսօր,
Թքած տաղանդի ու ձիրքի վրա,
Միայն ունենաս ծանոթ ռեժիսոր:


            * * *
Անվերջ, անդադար հոխորտում է նա,
Որ դեռ ջահել է ու չի ծերացել,
Մինչդեռ վաղուց են գրքերը նրա՝
Իրենից առաջ թոշակի անցել:


            * * *
Նա այնքան պարզ է, այնքան անբասիր,
Համեստների մեջ միշտ համեստագույն,
Երբ խոսք է բացվում իր անձի մասին,
Գլխարկն հարգանքով հանում է իսկույն:


            * * *
Ինչ պաշտոն ասեք, որ նա չի վարել,
Բայց կհարցնեք, թե ինչ է արել.
Ներհիմնարկային ահեղ պայքարում
Իր բազկաթոռն է մի կերպ պաշտպանել:


            * * *
Ես չգիտեմ, որքանո՞վ է հնարավոր՝
Բանաստեղծը հարստանա հոնորարով:
Թե այդպիսի պոետներ կան երկնքի տակ,
Նրանց երգին ոչ մի անգամ չհավատաք:


            * * *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:


                                    Բ. Կ.-ին
Պուշկինն ապրեր, կգրեր՝
Բախտախնդիր, ինտրիգան,
Դու քո ամբողջ էությամբ
Քաղաքական խուլիգան:


            * * *
Ութ պետ է փոխել, տասը տեղակալ,
Ինքը՝ անփոփոխ, ինքը՝ բնակալ:


            * * *
Նարինջը տեսնի, կասի՝ կիտրոն է,
Ուր մատը դնի՝ այն էլ կենտրոն է:


            * * *
Ծախու գրչակն այս, որ մի ժամանակ
Չարենցի դեմ էր ժանիքներ սրում,
Հիմա առել է թուղթ, գրիչ, թանաք,
Չարենցի մասին հուշեր է գրում:


            * * *
- Ի՜նչ Թումանյան կամ ի՜նչ Չարենց,-
Գոռաց տգետն ամբարտավան,-
Նորարարը ես եմ հիմա,
Չեմ ճանաչում քեզ ու նրան:-
Բայց ինչո՞ւ մենք գլուխ դնենք
Դղրդացող թմբուկի հետ,
Տգետները մեծամիտ են,
Մեծամիտներն անբարտավան:


            * * *
Խրատ էի կարդում ցինին,
Բայց չլսեց, թռավ, գնաց,
Գայլը լսեց հորդորանքս,
Սակայն գառս առավ, գնաց.
Գող ագռավը հիսուն տարի
Աշակերտեց Սոկրատեսին,
Բայց այդպես էլ ամբողջ կյանքում
Նա լեշակեր ագռավ մնաց:


            * * *
Լպրծունն այս ներս մտնելու
Եվ դուրս գալու ձիրք ունի,
Վերևներում ամուր թիկունք
Եվ անսասան դիրք ունի.
Թեկուզ հայտնի գրագող է
Ու խայտառակ էպիգոն,
Բայց գիտե՞ք, թե փառաբանված
Քանի խոտան գիրք ունի:


            * * *
Առակ գրեցի. «Էշը թռչում է»,
Էշը բողոքեց՝ բա ես թռչո՞ւն եմ,
Ի՞նչ իրավունքով այդպես անտեղի
Վիրավորում ես մեր ազնիվ ցեղին:


            * * *
Տրեստի հաշվին նոր տուն կառուցեց,
Կերավ, լենք տվեց տրեստի հաշվին,
Եվ դատարանը երբ գործ հարուցեց,
Վնասը ծածկեց տրեստի հաշվին:


            * * *
                                                     Հ. Ալիևին
Քեզ ճանաչում ենք քո ժպիտից կեղծ,
Դու Թալեաթից նենգ, Թալեաթից տխեղձ...
Եվ գիտենք նաև, ով քծնու աղվես,
Որ սողալով ես բարձրացել այդպես
Եվ սողալով էլ մի օր կսատկես:


            * * *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:


            * * *
Երեք նախագահ փոխվեց վեց ամսում,
Չորրորդը եկավ՝ եղածը քանդեց.
Թերթում գրեցին, որ կոլխոզը սույն-
Անշեղ վերելքի ճամփին է արդեն:


            * * *
Այս հանգաբանը ճակատի զոռով
Մրցանակներ է անընդհատ շահում,
Ի՞նչ փույթ գործերը թույլ են ու ճապաղ,
Մարդը իր գրչով մի տուն է պահում:


            * * *
Խոսում է Կանտից, անում մեջբերում,
Բայց թանը կաթից նա չի տարբերում:


            * * *
                                                              Լ-ին
Թունոտ ես այնքան ու մաղձոտ՝ հոգիդ,
Որ ճանճը անգամ չի նստում դեմքիդ:


            * * *
Ահա ձեզ հայտնի «Ծիրանի ծառի»
Նորահայտ մշակն ու հեղինակը,
Թեկուզ ոչ երգի խոսքն է իրենը,
Ոչ եղանակը:


            * * *
Կարդացել է նա մի քիչ «Սասնա ծուռ»
Եվ «Վարդանանքից» երկու տող սերտել.
Հիմա ամեն տեղ նա կուրծքն է ծեծում.
- Պատմությունն հայոց ես անգիր գիտեմ:


            * * *
Մի քիչ Շոպեն է լսել, մի քիչ Բախ,
Որդու անունը դրել Շոպենբախ:


            * * *
Պաշտոն է ուզում, թեկուզև՝ ստոր,
Թեկուզև ռոճիկ չստանա կարգին,
Միայն թե ունենա փափուկ բազկաթոռ,
Կողքին՝ հեռախոս, «Վոլգան»՝ միշտ տակին:


            * * *
Վերջացրել է զույգ համալսարան,
Բայց մնացել է նույն էշի բալան:


            * * *
Նա այստեղ-այնտեղ այնքան բողոքեց.
«Կաշառակեր է Չոփուռ Արսենը»,
Որ այդ Չոփուռից մի քիչ փող պոկեց
Ու կտրեց ձենը:


            * * *
Նա հոր ջանքերով բուհում ընդունվեց,
Փեսի օգնությամբ դիպլոմ ստացավ,
Դիսերտացիան էլ խնամին գրեց,
Քեռու թիկունքով գիտնական դարձավ:


            * * *
Քանի՜ տարի է՝ եզան պես համառ
Պայքարում է նա պաշտոնի համար:
Պետեր են գալիս, պետեր են գնում,
Բայց տեղակալ է նա միշտ էլ մնում:


            * * *
Խաբեց՝ տուն քանդեց,
Լափեց՝ յուղ կապեց,
Իսկ երբ բռնվեց,
Իրար խառնվեց.
- Հա՜յ, հարա՜յ, հասեք,
Մարդիկ, օգնեցե՜ք,
Կերածս մարսեմ:


            * * *
Ոչ ջութակ էր նա՝ ջութակի նման,
Ոչ թութակ էր նա՝ թութակի նման:
Տեսան, որ մարդը խելք չունի կարգին,
Առաջ քաշեցին, դարձրին խմբագիր:


            * * *
                                           Մի քննադատի
Նա ունի ուրույն իր խոսքն ու ոճը,
Գնահատման հարցում անաչառ է խիստ,
Ծանոթի առջև շարժում է պոչը,
Անծանոթներին քացի է տալիս:


            * * *
Հարմար կաբինետ, փափուկ բազկաթոռ,
Շիք գրասեղան, երազներ բազում,
Թանաք, թուղթ, գրիչ, հաճելի անդորր...
Մուսան է միայն նրան պակասում:


            * * *
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
Նազարին, ճիշտ է, մենք նոր չենք թաղել,
Բայց արի ու տես, որ խոր չենք թաղել.
Հին Նազարն իր մեջ նոր Նազար սնել,
Հին Նազարից՝ նոր Նազար է ծնվել:
Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:
1981 թ.


            * * *
Լինում է այնպես, հիմարն էլ հաճախ
Դառնում է հանճար,
Մեզ՝ խելոքներիս
Դասեր է տալիս,
Սովորեցնում, թե ինչպես անենք՝
Իր ձեռքով փոսը գլորած քարը
Այդ փոսից հանենք:
Եվ մենք, որ այնքան
Խելոք ենք կյանքում,
Հիմարին էլ ենք հաճախ ենթարկվում,
Նրա դհոլ ու զուռնի տակ պարում,
Մեծարում նրան ու ծափահարում:
Է՜հ, ես ի՞նչ ասեմ աշխարհին այս սին,
Հիմարի քարը մեր խելոք գլխին: