11 November, 2013

Սատիրիկոն


  • Երգիծական բանաստեղծություններ
  • Էպիգրամներ
  • Պամֆլետներ
  • Պարոդիաներ
  • Չափածո առակ-հեքիաթներ
  • Կրկես (պոեմ սատիրական)
  • Միկրոառակներ




Երգիծական բանաստեղծություններ, 
էպիգրամներ, պամֆլետներ, պարոդիաներ


ՆԱԽԱՏԻՆՔ

Նախատում են ինձ անդադար-
Ինչո՞ւ լեզուդ քեզ չես պահում,
Ի՞նչ ես գոռում գլխապատառ,
Ո՞ւմ համար է սիրտդ ցավում։
Քո ի՞նչ գործն է՝ պարողն ով է,
Շատերի պես դու էլ ծափ տուր,
Թթվին ասա մեղրածոր է,
Յաբուդ նստիր, սանձը թափ տուր։
Ի՜նչ անենք, թե այսինչ պետը
Անբան է ու կաշառակեր,
Քաղցր լեզու գտիր հետը,
Շնորհք ունես, դու էլ առ կեր։
Ուրիշները իրենց համար
Ծովափներին քեֆ են քաշում,
Իսկ դու գրչիդ կպել համառ,
Գիշեր-ցերեկ թուղթ ես նախշում։
Հա՜, գրում ես, հա՜, ջնջում ես,
Ինքդ քեզնից դուրս ես գալիս,
Սիզիֆի պես քեզ տանջում ես
Եվ զույգ ձեռքով գլխիդ տալիս։
Բայց վաստակիդ պտուղն ո՞ւր է,
Որ այրվում ես այդպես անբոց,
Ոչ սեփական «Վոլգա» ունես,
Ոչ էլ շքեղ ամառանոց։
Աշխարհից ի՞նչ պիտի տանես
Քո այդ խելքով պլատոնական,
Ախր դու ի՞նչ տղամարդ ես,
Սիրուհի էլ չունես անգամ։
Շաղակրատ ու շողոքորթին-
Հա՜ ճզմում ես գրչիդ տակին,
Եվ նրանք էլ կարծում են, թե
Նախանձում ես իրենց փառքին։
Դիրեկտոր ու պետ չես ասում,
Էլ չես ասում՝ ընկեր, ծանոթ,
Կոխկրտելով ո՞ւր ես վազում,
Յաբուդ պահիր, ա՛յ Դոն Կիխոտ։
Ի՞նչ ես դառնում վատամարդի,
Ինչո՞ւ աչքի փուշ ես դառնում,
Բառագունդդ հանել մարտի,
Խայթում ես ու չես կշտանում։-
Նախատում են՝ թող նախատեն,
Ես ոչ խուլ եմ, ոչ էլ հավկուր,
Հո չեմ կարող ուղտը նստել
Եվ կուզեկուզ ման գալ կյանքում։
Այն հեքիաթի մանկան նման
Լավ չէ՞ ասեմ՝ մե՜րկ է արքան,
Քան անհեթեթ գովեմ նրան
Ու վայելեմ փառք ու հարգանք։
1984 թ.



* * *
Ես ծաղրել եմ ու ծանակել հուդաներին այն եղծավոր,
Որոնք իրենց անմարդկային կշեռքով են
Մեր մարդկային ըմբոստ ոգու ճիչը կշռել:
Ես ծաղրել եմ ու ծանակել այն ստրկահաճ հպատակին,
Որ ջարդվել է կրունկի տակ դաժան տիրոջ,
Սակայն նորից սողացել է ու պատժողի աջն համբուրել:
Ես ծաղրել եմ ու ծանակել մարդուկներին այն երկդեմի,
Որ դավել են բազում անգամ հավատն իրենց,
Բայցև այսօր հանդգնում են Քրիստոսի խաչն համբուրել:



ԳՐԻՐ

       Կարդա, այ իմ խելոք մանուկ...
         Ալ. ԾԱՏՈՒՐՅԱՆ


Կարդա, այ իմ գրող բալա,
Սոնետ գրիր, գրիր օդա,
Հորինիր միշտ պոեմ, բալլադ,
Հորինելն է հիմա մոդա:

Կցմցելով հանգը վանկին,
Կգնաս ու հասնես Պառնաս,
Բնակարան կտան կարգին,
Լավ հոնորար դու կստանաս:

Գիրք տպելով առաջ կանցնես,
Աչքի կընկնես կռվով, դավով,
Մեկ էլ տեսար մի օր էլ քեզ
Անվանեցին տաղանդավոր:

Միջակության թոհուբոհում
Պնդաճակատ եղիր, տղաս,
Միշտ աղմկիր ու կռիվս տուր-
Տակիդ «Վոլգա» դու կունենաս:

Ճառեր ասա և մասնակցիր
Բանկետներին ու քեֆերին,
Հարգիր քեզնից դիրքով մեծին,
Շողոքորթիր քո շեֆերին:

Գրիր, թեկուզ գրածներդ
Չհավանեն ու չկարդան,
Միշտ ձևացիր ազնիվ՝ թեկուզ
Երդումներիդ չհավատան:

Գիշեր-ցերեկ գրիր, տղաս,
Գրիր մինչև շունչդ վերջին,
Լավ բանաստեղծ որ չդառնաս,
Հո կլինես լավ դանոսչիկ:



ՄԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Ո՞ւմ ենք մեծարում՝
Մի խեղկատակի,
Որ հանուն շահի
Կեղծել, ստել է,
Մի կաչաղակի,
Որ մեր գրական
Անդաստաններում
Միայն ծրտել է:



ՄԻ ՊՈԵՏԻ

Դու ոչ զուռնաչի եղար պատվական,
Ոլ էլ զուռնաչու դամքաշ մի կարգին,
Եվ բախտ չունեցան տաղերդ այնքան,
Որ այսօր քեզ հետ անցնեն թոշակի:

Է՜հ, բախտ է, էլի, գրողը տանի,
Մարդիկ գալիս են ու գնում հերթով,
Մեկը մեռած է՝ թեկուզ կենդանի,
Մյուսն ապրում է իր մահից հետո:


* * *
Այնպես է փոխվում այս ժամանակը,
Որ դեմք է դառնում և ավանակը,
Երեկ փալան էր առած կռնակին,
Իսկ այսօր «Վոլգա» ունի իր տակին:
Բայց էշը էշ է, մեջքին միշտ մոխիր.-
Որքան ուզում ես փալանը փոխիր:


* * *
Նա երեկ իքսին կոչում էր տականք,
Այսօր տալիս է պատիվ ու հարգանք:
Չէ, մի առանձին բան չի պատահել,
Այդ տականք իքսը պաշտոն է շահել:


* * *
Ծախու գրչակն այս, որ մի ժամանակ
Չարենցի դեմ էր ժանիքներ սրում,
Հիմա առել է թուղթ, գրիչ, թանաք,
Չարենցի մասին հուշեր է գրում:


* * *
Մարդը մարդու դեմ լարողը
Ապականված դարն է եղել,
Ռումբ-ականի նախահայրը
Պարսատիկի քարն է եղել:

Չեմ հասկանում, Կայենն ինչպե՞ս
Սպանեց իր եղբորն անմեղ.-
Կա թե չկա՝ զրպարտիչի
Մատն այստեղ խառն է եղել:


* * *
- Ի՜նչ Թումանյան կամ ի՜նչ Չարենց,-
Գոռաց տգետն ամբարտավան,-
Նորարարը ես եմ հիմա,
Չեմ ճանաչում քեզ ու նրան:-
Բայց ինչո՞ւ մենք գլուխ դնենք
Դղրդացող թմբուկի հետ,
Տգետները մեծամիտ են,
Մեծամիտներն անբարտավան:


* * *
Խրատ էի կարդում ցինին,
Բայց չլսեց, թռավ, գնաց,
Գայլը լսեց հորդորանքս,
Սակայն գառս առավ, գնաց.
Գող ագռավը հիսուն տարի
Աշակերտեց Սոկրատեսին,
Բայց այդպես էլ ամբողջ կյանքում
Նա լեշակեր ագռավ մնաց:


* * *
Լպրծունն այս ներս մտնելու
Եվ դուրս գալու ձիրք ունի,
Վերևներում ամուր թիկունք
Եվ անսասան դիրք ունի.
Թեկուզ հայտնի գրագող է
Ու խայտառակ էպիգոն,
Բայց գիտե՞ք, թե փառաբանված
Քանի խոտան գիրք ունի:


* * *
Անվերջ, անդադար հոխորտում է նա,
Որ դեռ ջահել է ու չի ծերացել,
Մինչդեռ վաղուց են գրքերը նրա՝
Իրենից առաջ թոշակի անցել:


* * *
Առակ գրեցի. «Էշը թռչում է»,
Էշը բողոքեց՝ բա ես թռչո՞ւն եմ,
Ի՞նչ իրավունքով այդպես անտեղի
Վիրավորում ես մեր ազնիվ ցեղին:


* * *
Պիես գրելը մոդա է հիմա,
Ով ասես՝ պիես չի գրում այսօր,
Թքած տաղանդի ու ձիրքի վրա,
Միայն ունենաս ծանոթ ռեժիսոր:


* * *
Նա այնքան պարզ է, այնքան անբասիր,
Համեստների մեջ միշտ համեստագույն,
Երբ խոսք է բացվում իր անձի մասին,
Գլխարկն հարգանքով հանում է իսկույն:


* * *
Ինչ պաշտոն ասեք, որ նա չի վարել,
Բայց կհարցնեք, թե ինչ է արել.
Ներհիմնարկային ահեղ պայքարում
Իր բազկաթոռն է մի կերպ պաշտպանել:


* * *
Տրեստի հաշվին նոր տուն կառուցեց,
Կերավ, լենք տվեց տրեստի հաշվին,
Եվ դատարանը երբ գործ հարուցեց,
Վնասը ծածկեց տրեստի հաշվին:


* * *
Ես չգիտեմ, որքանո՞վ է հնարավոր՝
Բանաստեղծը հարստանա հոնորարով:
Թե այդպիսի պոետներ կան երկնքի տակ,
Նրանց երգին ոչ մի անգամ չհավատաք:


* * *
                                           Հ. Ալիևին
Քեզ ճանաչում ենք քո ժպիտից կեղծ,
Դու Թալեաթից նենգ, Թալեաթից տխեղձ...
Եվ գիտենք նաև, ով քծնու աղվես,
Որ սողալով ես բարձրացել այդպես
Եվ սողալով էլ մի օր կսատկես:


* * *
Իմ հին բարեկամ, Ճանաչում եմ քեզ,
Ես քո բնույթը գիտեմ շատ վաղուց,
Առյուծի կողքին շողոմ աղվես ես,
Աղվեսի դիմաց՝ կատաղած առյուծ:


* * *
Երեք նախագահ փոխվեց վեց ամսում,
Չորրորդը եկավ՝ եղածը քանդեց.
Թերթում գրեցին, որ կոլխոզը սույն-
Անշեղ վերելքի ճամփին է արդեն:


* * *
Այս հանգաբանը ճակատի զոռով
Մրցանակներ է անընդհատ շահում,
Ի՞նչ փույթ գործերը թույլ են ու ճապաղ,
Մարդը իր գրչով մի տուն է պահում:


* * *
Խոսում է Կանտից, անում մեջբերում,
Բայց թանը կաթից նա չի տարբերում:


* * *
                Բ. Կ.-ին
Պուշկինն ապրեր, կգրեր՝
Բախտախնդիր, ինտրիգան,
Դու քո ամբողջ էությամբ
Քաղաքական խուլիգան:


* * *
Ութ պետ է փոխել, տասը տեղակալ,
Ինքը՝ անփոփոխ, ինքը՝ բնակալ:


* * *
Նարինջը տեսնի, կասի՝ կիտրոն է,
Ուր մատը դնի՝ այն էլ կենտրոն է:


* * *
                                          Լ-ին
Թունոտ ես այնքան ու մաղձոտ՝ հոգիդ,
Որ ճանճը անգամ չի նստում դեմքիդ:


* * *
Ահա ձեզ հայտնի «Ծիրանի ծառի»
Նորահայտ մշակն ու հեղինակը,
Թեկուզ ոչ երգի խոսքն է իրենը,
Ոչ եղանակը:


* * *
Կարդացել է նա մի քիչ «Սասնա ծուռ»
Եվ «Վարդանանքից» երկու տող սերտել.
Հիմա ամեն տեղ նա կուրծքն է ծեծում.
- Պատմությունն հայոց ես անգիր գիտեմ:


* * *
Մի քիչ Շոպեն է լսել, մի քիչ Բախ,
Որդու անունը դրել Շոպենբախ:


* * *
Պաշտոն է ուզում, թեկուզև՝ ստոր,
Թեկուզև ռոճիկ չստանա կարգին,
Միայն թե ունենա փափուկ բազկաթոռ,
Կողքին՝ հեռախոս, «Վոլգան»՝ միշտ տակին:


* * *
Վերջացրել է զույգ համալսարան,
Բայց մնացել է նույն էշի բալան:


* * *
Նա այստեղ-այնտեղ այնքան բողոքեց.
«Կաշառակեր է Չոփուռ Արսենը»,
Որ այդ Չոփուռից մի քիչ փող պոկեց
Ու կտրեց ձենը:


* * *
Նա հոր ջանքերով բուհում ընդունվեց,
Փեսի օգնությամբ դիպլոմ ստացավ,
Դիսերտացիան էլ խնամին գրեց,
Քեռու թիկունքով գիտնական դարձավ:


* * *
Քանի՜ տարի է՝ եզան պես համառ
Պայքարում է նա պաշտոնի համար:
Պետեր են գալիս, պետեր են գնում,
Բայց տեղակալ է նա միշտ էլ մնում:


* * *
Խաբեց՝ տուն քանդեց,
Լափեց՝ յուղ կապեց,
Իսկ երբ բռնվեց,
Իրար խառնվեց.
- Հա՜յ, հարա՜յ, հասեք,
Մարդիկ, օգնեցե՜ք,
Կերածս մարսեմ:


* * *
Ոչ ջութակ էր նա՝ ջութակի նման,
Ոչ թութակ էր նա՝ թութակի նման:
Տեսան, որ մարդը խելք չունի կարգին,
Առաջ քաշեցին, դարձրին խմբագիր:


* * *
                         Մի քննադատի
Նա ունի ուրույն իր խոսքն ու ոճը,
Գնահատման հարցում անաչառ է խիստ,
Ծանոթի առջև շարժում է պոչը,
Անծանոթներին քացի է տալիս:


* * *
Հարմար կաբինետ, փափուկ բազկաթոռ,
Շիք գրասեղան, երազներ բազում,
Թանաք, թուղթ, գրիչ, հաճելի անդորր...
Մուսան է միայն նրան պակասում:


* * *
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
Նազարին, ճիշտ է, մենք նոր չենք թաղել,
Բայց արի ու տես, որ խոր չենք թաղել.
Հին Նազարն իր մեջ նոր Նազար սնել,
Հին Նազարից՝ նոր Նազար է ծնվել:
Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:
1981 թ.


* * *
Լինում է այնպես, հիմարն էլ հաճախ
Դառնում է հանճար,
Մեզ՝ խելոքներիս
Դասեր է տալիս,
Սովորեցնում, թե ինչպես անենք՝
Իր ձեռքով փոսը գլորած քարը
Այդ փոսից հանենք:
Եվ մենք, որ այնքան
Խելոք ենք կյանքում,
Հիմարին էլ ենք հաճախ ենթարկվում,
Նրա դհոլ ու զուռնի տակ պարում,
Մեծարում նրան ու ծափահարում:
Է՜հ, ես ի՞նչ ասեմ աշխարհին այս սին,
Հիմարի քարը մեր խելոք գլխին:




ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ

         Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին...
                        Վարդան Հակոբյան


Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:




ՇԱՂԱԿՐԱՏԸ

Նա գիտե բոլոր գրողներին մեծ -
Պուշկինից մինչև Սերգեյ Եսենին,-
Ինչ բաժակով է Հյուգոն ջուր խմել,
Դյուման ում հետ է եղել մտերիմ,
Կոմս Տոլստոյը՝
ծերուկն իմաստուն,
Ինչպես է հյուրին պատվել ու հարգել,
Մայակովսկին -
ինչ գույնի կոստյում
Եվ ինչ համարի կոշիկ է հագել...
Սիրուհիներին՝
Շանդոր Պետեֆին
Ինչ թանաքով է նամակներ գրել,
Ում հետ է նստել Խայամը քեֆի,
Բալզակն ինչպիսի թիկնոց է կրել:
Նա գիտե նույնիսկ, թե Չեխով քեռին
Ջահել կանանց հետ ինչպես է կիսվել,
Պապ Կռիլովը կերակուրներից
Որն է ամենից շատ գերադասել...
Որ ձախ այտին խալ ուներ Ֆիրդուսին,
Չարաշահում էր Եսենինն օղին,
Որ թվականի որ օր ու ամսին
Բայրոնն ում հետ է մտել անկողին...
Հայնեն ինչպիսի խոզանակով էր
Իր ատամները ամեն օր մաքրում,
Դոստոևսկու քեռակինն ով էր,
Ում էր Ժորժ Սանդը շատ համակրում:
Թե անմահ Գյոթեն ծերության շեմին
Կանանց տեսնելիս ինչպես էր տխրել,
Պարույր Սևակը երգեր գրելիս
Մի ամսում քանի սիգար էր ծխել:-
Եվ ժպտում է նա հպարտ, ինքնագոհ,
Մաքրում քրտինքը ու հազում թեթև,
Այսինքն տեսեք, ընկերներ հարգո,
Մեծերի կյանքից որքան բան գիտեմ:
Ծափահարում ենք,
բայց ո՞ւմ և ինչի՞,
Շաղակրատին այս հում փաստակեր,
Որ կաչաղակի նման ոստոստում,
Եվ սղոցում է ականջները մեր -
Մայակովսկին ինչ գույնի կոստյում
Եվ ինչ համարի կոշիկ է հագել,
Ու թե ինչպես է ինքը մի անգամ
Մի բանաստեղծի
Կերած-խմածի
հաշիվը փակել:
1984 թ.



ՂԱՐԱԲԱՂԱՍԵՐԸ

Օղին խիստ թունդ է, գինին՝ անարատ,
Պանիրը՝ ընտիր, խորովածն՝ առատ.
Այս ճոխ սեղանը ո՞նց չհավանի.-
Մի բաժակ խմեց ու ցավը տարավ
Մելիք Ավանի,
Երկրորդ բաժակը նա ձեռքը առավ,
Թվաց, թե տակին սուրողը ձի է,
Գոռաց.
- Մաշտոցն էլ ղարաբաղցի է,
Ղարաբաղցի է քաջ Վարդանը մեր,
Ղարաբաղումն է Նելսոնը ծնվել... -
Երրորդ բաժակը երբ նա դատարկեց,
Նուրբ թելի նման սիրտը բարակեց.
- Ա՛խ, Ղարաբա՜ղը, իմ Ղարաբա՜ղը,
Քուչակի տա՜ղը,
Մեր թթի բա՜ղը,
Մեր Բովուրխանի դրախտ անտա՜ռը,
Մեր Ճարտար գյուղը, Քիրսի կատարը,
Մռավ սար տանող այն կածան-ուղին,
Մեր Խոթավանքը, մեր Պըլը-Պուղին... -
Խմեց ու հարբեց, փաթ ընկավ լեզուն.
- Ես Գանձասարի մեր վանքն եմ ուզում,
Խեղդվել եմ ուզում մեր Թարթառ գետում,
Մեռնեմ՝ կթաղեք Ստեփանակերտում...
Մեր ղարաբաղցիք քաջ են, անվրդով,
Ամեն մեկը մի խիզախ Մադաթով... -
Խմեց ու հարբեց, հարբեց ու խմեց,
Գլուխը դրեց սեղանին՝ քնեց,
Իսկ առավոտյան, երբ քունը առավ,
Բարձեց մեքենան ու իր հետ տարավ
Թթի թունդ օղի, յուղ, պանիր, կարագ,
Լոբի, կարտոֆիլ, թոնրի հաց բարակ,
Հոնի մուրաբա, նեկտար, բալասան...
Հետո վերջումն էլ դարձավ ու ասաց.
- Դե ես գնացի, իսկ դուք էլ կեցցե՛ք,
Մեր այս լեռները ամուր պահեցեք:



ՊԱՏԱՀԱՐ

Լեռներից այնկողմ մի փոքրիկ գյուղ կար,
Շուրջը անտառներ, դաշտեր ծաղկավետ,
Շատերին անհայտ այդ գյուղում ահա
Հայտնաբերվեց մի աննման պոետ:
Տրակտորիստ է չնայած, սակայն
Խոսքի վարպետ է, հրաշք գեղագետ,
Վեհ հոգի ունի բանաստեղծական,
Սրտով կապված է հանգ ու վանկի հետ:
Արտերի մասին երգեր է գրում
Մեկը մյուսից դյութիչ ու գերող,
Եվ ինչպես է նա խոսքը զարդարում
Զարմանահրաշ էպիտետներով:
Բնատուր տաղանդ, Թումանյան մի նոր -
Մեր պոեզիայի երկնակամարում
Ընդառաջել է նրան հարկավոր,
Մեծ ապագա է տղան խոստանում:
Եվ ինքն էլ, գիտե՞ք, առաջավոր է,
Բայց եթե դատենք խղճով մեր արդար՝
Տրակտոր կարող են բոլորը վարել,
Բանաստեղծություն գրելն է դժվար:
Եվ գյուղից նրան քաղաք բերեցին,
Նոր բնակարան տվին արտահերթ.
- Չափ տո՛ւր,- ասացին,- պոեզիայիդ ձին,
Դու այն գլխից էլ ծնվել ես պոետ:-
Եվ պոետ տղան ուզածին հասավ՝
Ստացավ պաշտոն, տուն ու տեղ դրեց
Ու մեծերի հետ օգտվեց հավասար
Գրական ֆոնդից, որպես բանաստեղծ:
Բայց արի ու տես, որ խելառ մուսան
Այդպես էլ նրան երբեք չայցելեց:
Եվ հետո եկան, անցան տարիներ,
Փոխվեց աշխարհում հազար ու մի բան,
Նոր բանաստեղծներ ծնվեցին, մինչդեռ
Մեր բնատուրը մնաց հանգաբան...

Հիմա հասկացա՞ք, թե ինչ կատարվեց,
Ինչի համար եմ ես հուզվում այսքան,-
Մի լավ հողագործ հողը կորցրեց,
Պոեզիան գտավ մի վատ բանաստեղծ:
1981 թ.



ԲԵՄԻ ԱՍՏՂԸ

Քառասուն տարի նույն դերն է խաղում,
Նույն տաշտի մեջ նույն ալյուրն է մաղում,
Թեկուզ բեմում դեմք չունի, ոչ էլ գույն,
Բայց ամենից շատ ինքն է բողոքում.
- Ախր մինչև ե՞րբ մնամ ես պոչում,
Մեծ է վաստակս, բայց չունեմ կոչում,
Անմահ «Պեպո»-ում Սամսոն եմ կերտել,
Իսկ «Քաջ Նազար»-ում՝ ցնորված տերտեր,
Ինձ մեծարել է Փափազյանն անգամ,
Ասել է. «Կեցցե՛ս, եղբայր պատվական,
Այսօր տերտեր ես կերտել հանապազ,
Իսկ վաղը անշուշտ արքա կդառնաս»:
Ձեզ բան չի՞ ասում այս փաստը միթե,
Բեմի հսկաներն ինձ շատ լավ գիտեն,
Ներսիսյանի հետ բաժակ եմ զարկել,
Ինքն է խմածիս հաշիվը փակել,
Քանի՜ անգամ է Դավիթ Մալյանը
Մեր Ավետի հետ նստել իմ տանը:
Աճեմյանն ինձ ո՜նց էր գնահատում,
Ասում էր. «Ապրես, շնորհք ունես դու,
Չնայած խոշոր դերեր չես կերտում,
Սակայն մեծերին ձեռնոց ես նետում»:
Բա Ղափլանյա՜նը. «Ա՛յ քեզ դերասան,
Ո՞վ գիտե, մեկ էլ Փափազին հասավ...»:
Բայց իմ կարծիքով ինչ որ բան ծուռ է,
Ինձ կամ չեն սիրում, կամ նախանձում են,
Իմ ընկերները ժողովրդական՝
Համլետ, Օթելլո, Ռիչարդ, Լիր արքա,
Բազում դերերում անուն են հանում,
Օրը ցերեկով փառքս գողանում:
Վաստակս վկա՜, մի հնար լիներ,
Թողնել այս բեմը, թատրոնը թողնել,
Բայց վախենում եմ, որ հանձինս ինձ -
Մի նոր գիսաստղ պակասի բեմից:
1978 թ.



ՊԶՈՒԿԸ

Ինչպիսի՜ աղմուկ, ի՜նչ իրարանցում,
Զանգերի հեղեղ, ախուվիշ, արցունք.
Ամբողջ հիմնարկն է իրարով անցել,
Օրը ցերեկով սգատուն դարձել:
Քարտուղարուհին, ջահել ու սիրուն՝
Հայելու առջև ուսերն է ցնցում.
- Տե՜ր աստված, ախր ես չեմ հասկանում,
Մեր բժիշկները ի՞նչ են մտածում.
Գոնե, հանուն մեր հիմնարկի պատվի՝
Հրավիրեն մի կարգին կոնսիլիում:-
Ու բաժնի ճաղատ վարիչն է խոսում.
- Ախր չգիտեմ, ո՞ւմ եք սպասում,
Ինչո՞ւ հենց հիմա Մոսկվա չզանգել,
Որ պրոֆեսոր շտապ ուղարկեն:
- Պա՛հ, բան ասացիր,- աչքով ու հոնքով
Նրան սաստում է հաշվապահ Մարգոն.-
Պրոֆեսորն ի՞նչ է, ակադեմիկո՜ս...
Այդպե՞ս եք հարգում Վռամ Մարկիչին,
Մեր բարեկամին ու մեր արարչին...
- Իսկ գո՞ւցե դիմենք հենց վերադասին...
- Թող վերադասը հոգա իր մասին,
Դեռ ինքնաթիռի հարցը չենք լուծել,
Սա կարևոր է, պիտի մտածել:
- Բայց ի՞նչ ինքնաթիռ...
- Ամենաընտիր,
Չորսմոտոռանի...
Աղմուկ ու ժխոր, նոր իրարանցում,
Հարցեր են տալիս ու անում հարցում.
- Հիմա ի՞նչ անենք:
- Երևան տանենք:
- Ռիգա...
- Սարատով...
- Խարկով կամ Ռոստով...
- Չէ՛, լավ կլինի դիմենք Մոսկվային,
Որ դեղը շտապ ուղարկեն փոստով:
Եվ գանձապահը այն մյուս կողմից՝
- Ի՜նչ Ռիգա, Ռոստով, Սարատով, ջանըմ,
Մի ընկեր ունեմ ես Անդիջանում,
Ամեն ինչից լավ գլուխ է հանում...
Եվ տեղակալն է խոսում վերջապես.
- Հարցը շատ լուրջ է, այդ ասում եմ ես,
Այս ձևով իրար չենք հասկանա մենք,
Մինչև որ ժողով չհրավիրենք...
Եվ աղմուկ կրկին ու իրարանցում,
Զանգերի հեղեղ, ախվիշ ու արցունք...
Իսկ ի՞նչ է եղել և հանուն ինչի՞
Ամբողջ հիմնարկը սև սուգ է ուսել.-
Թանկագին պետի՝ Վռամ Մարկիչի
Քթարմատին մի պզուկ է բուսել:
1980 թ.



ԼՈԹԻ ԱԲՈՆ

Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս,
Պա՛հ, էդ էր պակաս, որ լոթի Աբոն
Ազատ չքայլի իր ուզած ճամփով:
Փողը գրպանում, «Ժիգուլին»՝ տակին,
Խելքը շշի մեջ, աչքը՝ բաժակին -
Որտեղ որ աղմուկ՝ Աբոն այնտեղ է,
Որտեղ սկանդալ՝ Աբոն անմեղ է.
Դե ի՞նչ է արել տղան այս անգին,
Շշով խփել է Մադոյի գանգին,
Ճակատը պատռել, ծնոտը՝ շեղել,
Դիտմամբ չի՞ արել, հարբած է եղել:
Գո՞րծ են ստեղծել...
Պա՛հ, էդ էր պակաս,
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Հիմա հասկացա՞ք, թե ով է Աբոն
Եվ ուր է գնում նա այդպես թափով,
Ում հետ է նստում, ում հետ կատակում,
Ում հետ է բաժակ-բաժակի զարկում...
Չկարծեք, թե նա անուսում մարդ է,
Համալսարան է տղան ավարտել
Եվ դիպլոմ ունի առաջին կարգի,
Դա էլ հերիք է, ինչո՞ւ աշխատի -
Հագնելը ձրի, փողն էլ հո ծով է,
Ուտողը ո՞վ է.
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Դե մեծ աշխարհ է, ո՞ւմ չի պատահել,
Այդ ո՞վ չի կյանքում սիրուհի պահել.
Լավ, ասենք Աբոն սիրած էակին
Խաբել է անխիղճ ու չի առել կին,
Արդյոք կարի՞ք կա դռները թակել,
Մի բաժակ ջրում փոթորիկ սարքել.
Աբոն խաբեբա՞, անբարոյակա՞ն,
Ախր դուք գիտե՞ք, թե ինչ սարեր կան
Նրա թիկունքում.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Աբո, ի՜նչ Աբո, փառքի մարմնացում,
Ի՜նչ հարցեր ասես, որ նա չի լուծում,
Եվ ի՜նչ դռներ են նրա դեմ բացվում.
Գառնիտո՞ւր է պետք շքեղ ու սիրուն՝
Ծանոթներ ունի նա քաղառևտրում.
Կուրո՞րտ ես ուզում՝ Գագրա՞, թե՞ Սոչի,
Աբոյի համար դա հո մեծ բան չի,
Գետնի տակից էլ կարող է անգամ
Կառավարական ուղեգիր ճանկել,
Եվ ո՞վ կարող է նրան առարկել-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Օ՜, Լոթի Աբոն ֆուտբոլասեր է,
Ստադիոններում տիրակալ, տեր է,
Խաղ չի բաց թողել երբեք իր օրում,
Իր թիմին ո՜նց է նա ոգևորում,
Ինչպե՜ս է սուլում, ինչպե՜ս է գոռում,
Մրցավարներին ո՜նց է փնովում...
Ի՞նչ անենք, թե որ մեկ-մեկ արանքում
Խոսքեր է ասում մի քիչ անմաքուր,
Ֆուտբոլ է, էլի՜ ...
Այդ դու, այս էլ ես,
Լոթի Աբոյին ո՞նց մեղադրես.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:
Եվ պատահեց այն, ինչ պիտ պատահեր,
Եվ կատարվեց այն, ինչ պիտ կատարվեր.
Հզոր «Ժիգուլի» ու հարբած Աբո,
Իր ճանապարհով սուրում էր թափով,
Եվ մեկ էլ հանկարծ...

Օ՜, բախտ չարակամ,
Աբոն եղել է ու հիմա չկա:
Ի՜նչ ողբերգություն, ինչպիսի՜ ցնցում,
Եվ ովքե՜ր ասես, որ չեն ցավակցում.
Այնքա՜ն պսակներ, այնքա՜ն ծաղիկներ,
Նվագախմբեր, սգո տաղիկներ...
Ախր, հասարակ մարդ չի մահացել,
Լոթի Աբոն է, ո՞նց չցավակցել.-
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս:

Գերեզմանատանը խոյացավ մի բերդ,
Պանթեոն խոյացավ մի մարմարակերտ,
Ոսկե տառերով գրած ճակատին.
«Խոնարհեցե՛ք ձեր գլուխը, մարդիկ,
Այստեղ հանգչում է Աբոն Անմուրազ -
Հայրը՝ դիրեկտոր, մայրը՝ դատախազ,
Աները՝ դոկտոր, քեռին՝ վերադաս»:
1978 թ.



ՈՐԴԻՆ

Զանգեցին գյուղից. «Մայրդ հիվանդ է».
Նա պատասխանեց. «Բժիշկ կուղարկեմ»:
Նորից զանգեցին. «Վիճակը վատ է».
Նա պատասխանեց. «Կգամ, իհարկե,
Միայն թե, գիտե՞ք, կուշանամ մի քիչ,
Խորհրդակցություն և ժողով ունենք»:
Իսկ երեկոյան զանգեցին գյուղից.
«Մայրիկը մեռավ, վաղը թաղումն է»:

Չհասավ նա իր մոր վերջին խոսքին,
Սակայն թաղմանը ներկա էր արդեն,
Գնաց ու կանգնեց դագաղի կողքին...
Դե էլ ի՞նչ աներ, պաշտոնյա մարդ է:
Նա հո չի կարող ուրիշների պես
Հուզվել, հառաչել, անել սուգ ու լաց,
Մայրն էլ մեծ կին էր՝ ողջ գյուղին ի տես
Իր բաժին կյանքը ապրեց ու գնաց:

Եվ հետո եղան բաժակաճառեր,
Կենացներ՝ «««Մեր սուրբ մոր հիշատակին»,
Որ շատ անվանի որդի է ծնել,
Իսկ ինքը այսքան հասարակ մի կին:
Ինչո՞ւ տրտնջալ, որ այսքան տարի
Չի եղել որդին իրենց հարկի տակ,
Հասկացեք, ախր, ո՜վ բարի մարդիկ,
Գործերը շատ են, ժամանակը՝ թանկ:
Եվ խոսեց ինքը՝ պաշտոնյա որդին,
Խոսքի մեջ ճարտար, գործում՝ անբասիր,
Մոր մասին խոսեց ազնիվ ու անգին
Ու որդիական սուրբ պարտքի մասին:
Ասաց՝ հպարտ եմ, անչա՜փ բախտավոր,
Որ ինձ այդպիսի լավ մայր է ծնել,
Եվ խոստանում եմ՝ հիշատակն իմ մոր
Իմ միջոցներով հավերժացնել...
. . . . . . . . . . . . . . . . .
Սրան ի՞նչ կասեք՝ որդիական սե՞ր,
Թե հենց պարզապես պա՞րտք որդիական:
Լավ ճառ բոլորն էլ կարող են ասել,
Լավ որդի լինել... դա հեշտ չէ այնքան:



ԱՌԱՆՑ ՊԵՏԻ

Չեմ հասկանում, առանց պետի
Մարդ ինչպե՞ս է, ապրում, շնչում,
Երբ պետ չունի իր թիկունքում,
Ինչպե՞ս է, որ նա չի կորչում:
Պետը կուռք է նախ և առաջ,
Փառք ու պատիվ, սուրբ աբեղա,
Իրավունք է, օրենք, պահանջ,
Բազկաթոռ ու գրասեղան:

Խոսափող է քո ականջին,
Կաբինետի շքեղ արձան,
Օրակարգի խոսքը վերջին,
Վճռական՝ առաջին ձայն:
Առանց պետի իմացության
Ասա, ինչպե՞ս կարծիք հայտնես,
Ո՞ւմ չոռ ասես, ո՞ւմ ասես ջան,
Ժողովում ո՞ւմ քննադատես:

Երբ խնջույքում պետդ չկա,
Ո՞ւմ կենացը պիտի խմես,
Ինչպե՞ս ասես՝ աստված վկա,
Դուն էն գլխեն իմաստուն ես:
Առաջինը ո՞ւմ բարևես,
Ո՞ւմ մոտենաս՝ քաղցր ժպտաս,
Ո՞ւմ մոտ հալվես,
Ո՞ւմ մոտ ծալվես,
Առանց պետի ո՞նց փռշտաս:
Երբ քո տանը պետդ չկա,
Ո՞ւմ մեծարման ճառեր ձոնես,
Քո տղայի կամ աղջկա
Ծննդյան օրն ինչպե՞ս տոնես:

Ո՞ւմ արշինով մարդկանց չափես,
Ո՞ւմ բռնես ու թափահարես,
Առանց պետի որի՞ն խաբես
Եվ ո՞ր մեկին ծափահարես:
Գլխիդ վերև երբ պետ չունես,
Առավոտներն ո՞ւմ ողջունես,
Ախր դու ո՞ւմ ցավը տանես,
Որի՞ն սիրես, որի՞ն վանես,
Առանց նրան, ասա, ինչպե՞ս
Ինքդ քեզնից գլուխ հանես:

Առանց պետի ախր ի՞նչ ես,
Ոչ գետակ ես, ոչ էլ լիճ ես.
Քո աղունը ինչպե՞ս աղաս,
Ումնի՞ց առնես դու խելքի դաս,
Ո՞ւմ հետ նստես նարդի խաղաս
Ու տանուլ տաս...
Ո՞ւմ վերարկուն պահես՝ հագնի,
Ո՞ւմ մոտ վարդի նման բուրես,
Առանց պետի իրավունքի
Կնոջդ ո՞նց կհամբուրես:

Ո՞ւմ անունով անվերջ երդվես,
Ո՞ւմ բերանով ճիշտը հերքես,
Ո՞ւմ թիկունքով թիկունք դառնաս,
Ո՞ւմ թևերով հզորանաս,
Որտե՞ղ և ո՞ւմ կեղտը հորես,
Ո՞ւմ աթոռի տակը փորես,
Որ չմնաս խեղճ ու հավկուր...
Չեմ հասկանում, առանց պետի
Մարդ ինչպե՞ս է ապրում կյանքում:
1981 թ.



ԴԻՐԵԿՏՈՐ-ԴՈՒՔՍ

Մեքենան տակին, կաբինետը՝ լյուքս,
Դիրեկտոր մի ասի, այլ իշխան կամ դուքս:
Թիվ է հարկավոր կամ զեկուցագիր,
Սեղմում է իսկույն կոճակը զանգի,-
Եվ նրա դիմաց միշտ պատրաստակամ
Խոնարհ կանգնած են քսան օգնական:
Երկար նստելուց հոգնե՞լ է մի քիչ.
- Շախմատ չխաղանք, Բարսեղ Նիկիտիչ:-
Թեյել է ուզում «գործի թունդ» պահին -
Դրա համար կա քարտուղարուհի:
Երբ պետք է վճռել կարևոր հարցեր,
Դուռը փակում է. «Խիստ զբաղված եմ»:
Առանց քեֆերի կյանքն անիմաստ է,
Ուր ուզի, գնա՝ «Վոլգան» պատրաստ է:
Հռետոր է ճարտար ասել-խոսելիս.
- Մի ողջ հիմնարկ եմ պահում ուսերիս:-
Հիմա դուք կասեք՝ ո՞վ է այդ մարդը,
Այդ պորտաբույծը, բյուրակրատը:-
Աղաչու՜մ եմ ձեզ, հեռուն չգնալ,
Ձեր մեջ կարող եք դուք գտնել նրան:
1982թ.



* * *
Օ՜, մեծեր, մեծեր,
Փառքերով արբած փառամոլ մեծեր,
Ժողովներից ու ամբիոններից
Դեռ չկշտացած՝ ճառամոլ մեծեր։
Դուք սիրում եք միշտ նույն ջուրը ծեծել,
Ապացուցել այն,
Ինչ ձեզնից առաջ
Ձեր նախորդներն են դեռ ապացուցել։
Որտեղ տեսնում եք թափուր պատվանդան,
Տանում-տնկում եք արձանները ձեր,
Եվ ընդունում եք այնպիսի կեցվածք,
Կարծես աշխարհը դուք եք ստեղծել։
Օ՜, հազար անգամ ու հազար ձևով
Մեծարված մեծեր,
Որ չեք հագենում սին դափնիներից,
Ու ճառ-ծափերից...




ՊԱՐՈԴԻԱՆԵՐ


ԱՌՅՈՒԾԱՄՈՒՏ
(Հովհաննես Շիրազ)


Մասիսները ուսերիս ու Սիփանը ձեռքերիս,
Ու Զեյթունը այտերիս, ու Սասունը կրծքիս տակ,
Ու Սևանը հոգուս մեջ, ու Արցախը աչքերիս,
Ու Վանա ծովը լեզվիս,- Սիսից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով ամենուր՝
Սեգ պոեմներ, բալլադներ ու հայրեններ վարդաբույր,
Մասիսավառ տերցիններ, արաքսափայլ սոնետներ,
Նարեկավառ տաղիկներ, անիաշեն նոնետներ,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ զարմանքից քար կտրեցին,
Տեսան ուրիշ մի պոետ, ուրիշ Շիրազ՝ վագրածին.
- Ի՜նչխ առյուծ է,- ասացին,- որտեղի՞ց է,- ու բացին
Իրենց սրտի դռները, մինչդեռ իմը ես բացել՝
Ասում էի ես նրանց՝ մերն են Մասիս ու Սիփան
Արարատի կատարին մեր դրոշները կծփան,
Ես ոչ ոքից ահ չունեմ, ճամփաները լավ գիտեմ,
Դավթի թուրը ինձ տվեք, գնամ Վանը ազատեմ,
Տվեք ինձ քաջ Վարդանի հողմաշառաչ այրուձին,
Ելե՜ք, ի զեն և եղեք թև ու թիկունք առյուծին:-
Կարծես մի ողջ Հայաստան տարվեց մի լույս հեքիաթով,
Սյունիք, Տարոն ու Արցախ երգում էին հոգեթով...
Անցնում էի աշխարհով՝ Մասիսները ուսերիս,
Ու Սիփանը ձեռքերիս, ու Զեյթունը այտերիս,
Սեգ պոեմներ շաղ տալով, ասք ու լեգենդ կրծքիս տակ,
Փառքի դափնին ճակատիս, հատորներս թևիս տակ,
Անցնում էի տիրաբար, անցնում էի առնացի,
Արևները հայացքիս ու հայացքս առյուծի:




ԻՆՉ ՈՐ ՊԻՏԻ ԵՍ ԳՐԵԻ
(Գևորգ Էմին)


Հղացումներ շատ ունեի
Իմ շառաչուն հանգ ու վանկով,
Ինչ որ պիտի ես գրեի՝
Գրեց ինքը՝ Եվտուշենկոն:
Ատոմի ուժ ունի լուցկին,
Էյնշտեյնը դա չի հերքում,
Եվ դեռ չկար Բորիս Սլուցկին,
Որ ես Հեգել էի հեգում:
Համզաթովը դեռ չէր ծնվել,
Որ ես եղա Ղարաբաղում,
Ինչ Բլոկը պիտի գրեր,
Ես գրել եմ դեռ շատ վաղուց:
Ահա այսպես քանի՜ տարի
Ինքս իմ մեջ բարկանում եմ,
Ինչ որ պիտի ես գրեի՝
Հիմա նստել թարգմանում եմ:




ԵՍ ԿՈՒԶԵՆԱՅԻ
(Համո Սահյան)


Ի՞նչ կուզենայի... Ես կուզենայի
Որ այս աշխարհում ամեն մի գրող
Դառնար խղճաչափն իր ապրած դարի,
Սուրբ ներշնչանքով գրված ամեն տող
Գոհար հռչակվեր համամարդկային:
Ես կուզենայի,
Որ փակվեր ճանփան միջակությունների,
Հանգաթուխներին երես չտային,
Անհույզ ու անկիրք
Ամեն ձևի գիրք
Խոտան համարվեր համաշխարհային:
Ես կուզենայի,
Որ տաղանդներին ճանապարհ տային,
Եվ գնահատեին բանաստեղծներին
Ոչ թե գրքերի բազում քանակով,
Քննադատների հանաք-մանաքով,
Այլ՝ գրքի ոգու մեծ հաղթանակով:
Ես կուզենայի, որ ամեն գրչակ
Հարայ-հրոցով իր տխրահռչակ-
Վեճի չմտներ ավագների հետ,
Էմինի կողքին ինչ-որ մի անճար
Իրեն չանվաներ Նաիրյան պոետ:
Ես կուզենայի,
Որ ավագությունը անժխտելի-
Ոչ թե լավ գինու խաղցրությամբ խաբվեր,
Այլ սահյանական Նաիրյան բարդու
Անուրանալի բարձրությամբ չափվեր:
Եվ, առհասարակ, ես կուզենայի
Ոչ մի ժամանակ
Ամեն զուռնաչի
Չդառնար երբեք գրքի հեղինակ:
Ես կուզենայի,
Որ բիբլիական տապանը Նոյի
Մեր լուրթ Սևանում
Կամ Վանա ծովում
Տիրաբար ճոճվեր,
Առագաստ բացեր ընդդեմ հողմերի
Եվ խաղաղության շոգենավ կոչվեր:
Եվ կուզենայի,
Որ շողոքորթը իր շեֆի համար
Հանրային հոտից ոչխար չմորթեր,
Եվ անարժանը՝ քեռու թիկունքով
Բարձր պաշտոն ու կոչում չշորթեր:

Եվ հետո նաև ես կուզենայի՝
Մեր գարունները հայերեն գային
Եվ մեր ձյուները հայերեն լային:
Մեր լույս ամառը շոգեր հայերեն,
Եզը լուծն ուսին չոքեր հայերեն,
Աղին անալուց ջոկվեր հայերեն:
Մեր ցանած հունդը հայերեն ծլեր,
Ապաշնորհը հայերեն լռեր
Եվ Վահե Քաչան հայերեն գրեր:
Եղնիկը հանդում խրտներ հայերեն,
Հնձվորը արտում քրտներ հայերեն,
Օրը լուսանար, մթներ հայերեն:
Տրակտորն իր հերկը հայերեն հերկեր,
Սխալն ու սուտը հայերեն հերքվեր,
Շառլ Ազնավուրը հայերեն երգեր:
Կռունկն իր բույնը հյուսեր հայերեն,
Հայը թե հայ է՝ խոսեր հայերեն,
Իմ Որոտանը հոսեր հայերեն:
Ձյունը աշխարհում հայերեն տեղար,
Մեր ջրաղացը հայերեն աղար,
«Արարատ» թիմը հայերեն խաղար:
Վարպետն իր պատը շարեր հայերեն,
Մեր անսամբլը պարեր հայերեն,
Ոչ թե պարսկերեն կամ ֆրանսերեն.
Մեր աղջիկները հայերեն սիրեն
Հետո, վերջապես, ես կուզենայի,
Որ հատընտիրս տպվեր... ռուսերեն:




Օ՜, ՈՉ, ՆԱ ՉԷ...
Եվգենի Եվտուշենկո)


Օ՜, ոչ, նա չէ հայ եղբայրը ռուսի,
Ով ռուսներից պաշտոն է շորթում,
Տափակ երգեր է գրում մեր մասին,
Ռուսական դպրոց ուղարկում որդուն։
Այլ նա,-
Մոտ է ում սրտին ու հոգուն
Հայկական ոգին, հայոց վիշտը ծով,
Ով ռուս եղբորը չի շողոքորթում,
Հային զրպարտում ռուսերեն լեզվով։
Մենք եղբայրության անունից կյանքում
Ճառեր ենք ասել ամբիոնից այնքա՜ն,-
Նրանք, ովքեր սոսկ լոզունգն են հարգում,
Չեն կարող ռուսին լինել բարեկամ։
Դրանից չէ՞, որ երեկվա գյադան
Ազգամոլներ է փնտրում ամեն տեղ,
Եվ սասանելով սյուները իր տան,
Ապստամբում է հայոց լեզվի դեմ։
Ես գիտեմ, մի օր աշխարհից արար
Կջնջվեն բոլոր շողոքորթները,
Եվ ծիածանը կկապի կամար,
Ամեն ազգ կլինի իր բախտի տերը...
Իսկ թե ոչ...
(Միայն թե ուժս ների,
Չմեղադրեն շովինիստներն ինձ).
Մաշտոցի գիրը կառնեմ ուսերիս,
Փրկեմ աննամուս ու կեղծ հայերից։
1984 թ.




Չափածո առակ-հեքիաթներ


ՓՇԿՈ ԿԱՏՈՒՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

1.
Կար մի կատու՝ հարգված, համեստ,
Կյանքում ուներ լոկ մի արհեստ՝
Մուկ էր որսում մկստանում,
Ուտում, պառկում, հանգստանում։
Ո՞վ կարող էր բռնել բեղից,
Փշկոն էր նա՝ վագրի ցեղից,
Եվ համարձակ, և՛ միտքը սուր,
Փարիզում էր առել ուսում.
Ու չափազանց գրագետ էր,
«Գազանագիրքն» անգիր գիտեր,
Արքաներին երգեր ձոնում,
Առակներ էր և հորինում.
Շրջել էր նա շատ երկրներ,
Սովորել էր շատ լեզուներ՝
Ընձուղտերեն, վարազերեն,
Աղվեսերեն, հովազերեն,
Իսկ լեզուն չալ կաչաղակի
Արդեն վաղուց գիտեր անգիր։

Բայց արի տես՝ առյուծ արքան,
Թագավորը մեր պատվական,
Արքունիքում չուներ հարմար
Գրաճանաչ մի քարտուղար,
Որ բազմի իր կաբինետում,
Հրամաններ գրի հատու,
Շարադրի ճառն արքայի,
Իր համարձակ գրչով փայլի։
Մի ժամանակ առնետը կար,
Բայց առնետից ի՜նչ քարտուղար,
Կարճամիտ էր, խրթին ոճով,
Տարվում դատարկ ճառ ու մառով,
Եվ արքայի անունն էլ դեռ
Միշտ գրում էր փոքրատառով։

Լուրը հասավ արքայաց դուռ -
Հրաշք է մեր Փշկո կատուն,
Գրագետ է, խելոք, ուսյալ,
Նրա վրա պիտի հուսալ,
Քաղաքական ամեն հարցում
Եվ փորձ ունի, և մոտեցում.
Է՛լ Ծտստան, է՛լ Ճտստան,
Է՛լ Չարդստան, փլան-փստան
Եկել են ու խնդրել նրան՝
Արի դարձիր մեզ քարտուղար,
Կստանաս մեծ աշխատավարձ
Եվ կլուծես ամեն մի հարց։
Բայց մերժել է կատուն նրանց,
Պոչը շարժել ու զայրացել.
- Ո՜վ տգետներ, ինչ եք կարծել,
Ի՞նչ ձեր թայն է Փշկո կատուն,
Որ դառնա ձեզ խորհրդատու։

2.
Հրամանով ավանդական,
Հրավերով արքայական
Եվ խնդրանքով առյուծական -
Պալատ տարան Փշկո կատվին
Ու նույն օրն էլ նրա պատվին
Հիսուն անգամ սալյուտ տվին,
Հռչակեցին խոնարհաբար
Արքունիքի մեծ քարտուղար։
Էլ ի՜նչ հարգանք, խորտիկ ընտիր,
Եվ նաժիշտներ եկան անթիվ,
Հա բեղերն են սիրով շոյում,
Վարդաջրով դեմքը ցողում,
Եղունգները մաքրում, ներկում,
Ականջի տակ անուշ երգում.
- Փշկո կատու, Փշկո կատու,
Մեր արքայի պարծանքն ես դու։-
Ու քայլում են պոչը բռնած
Գայլ ու աղվես, վիթ ու քարայծ,
Մեծարում են, փառաբանում,
Փառքը նրա երկինք հանում։

Ու պիտակով քաջ մռռանի
Էլ ի՜նչ կոնյակ, էլ ի՜նչ գինի,
Օծելիքներ հազարաբույր
Եվ մուշտակներ հազարագույն.
Մեկը թե մի մանչ է ծնում,
Անունն էլ են Փշկո դնում.
Փռշտում է թե մեր կատուն,
Ամեն կողմից խոնարհաբար
Ձայն են տալիս, բացականչում.
- Առողջությու՜ն, մեծ քարտուղար։

3.
Ահա այսպես թափով հատու
Առաջ գնաց Փշկո կատուն.
Հրաման էր անվերջ գրում,
Կոնֆերանսներ հրավիրում,
Պատերազմներ հայտարարում,
Խաղաղության դաշինք կնքում,
Երկիրներին՝ մոտ կամ օտար,
Հղում հարյուր ձևի նոտա,
Ճարպկությամբ ուսյալ կատվի
Արժանանում փառք ու պատվի։
Եվ որտեղ մեր արքան անդուլ,
Այնտեղ էլ մեր Փշկո կատուն -
Բեղը սրած, պոչը տնկած,
Վագրի նման ուռած-փքված՝

Աջ էր գնում՝ ձախ մլավում,
Ձախ էր գնում՝ աջ կլավում,
Թե՛ պալատում և թե՛ դրսում
Ինչ-որ տեսնում, ինչ-որ լսում,
Լուն դարձնում ուղտ և ուղտը՝ լու,
Արքային է տանում հասցնում -
Այս ի՞նչ բան է, ո՞վ կկարծեր՝
Արջը գահին աչք է գցել,
Իսկ վագրը թաքուն-թաքուն
Թագուհուն է սիրահետում,
Կամ ահա այս կապիկը ծուռ,
Այս միմոսը, այս ծաղրածուն՝
Թե՛ փողոցում, թե՛ պուրակում
Արքային է միշտ ծանակում։

4.
Եվ հրաման մեծ արքայից.
«Հանուն թագի, հանուն գահի,
Հանուն պատվի ու սերության,
Հանուն արդար մեր տերության՝
Արջի կեղտոտ դունչը դաղել
Ու կենդանի վագրին թաղել,
Միմոս կապկին շտապ բանտել,
Պոչը կացնով տակից հատել,
Իսկ մեր Փշկո փռշտանին,
Մեծ արքայի մեծ պաշտպանին՝
Պատվի արժան, փառքի արժան
Տալ մեդալ ու շքանշան
Ու հռչակել իմ պալատում
Դիպլոմատ ու խորհրդատու։
Հրամանս կատար ածել
Եվ գալ իսկույն մեզ զեկուցել»։

5.
Հաստատ բան է, որ աշխարհում
Փառքը իր հետ փառք է բերում...
Բայց մնում է կատուն կատու,
Թեկուզ լինի խորհրդատու.
Հավաբուն է մտնում թաքուն,
Ճուտ փախցնում կամ ձու լակում,
Նրա գրած նոտաներից
Մլավոցի հոտ է գալիս,
Որ երբ կարդում օտար երկրում,
Կատակում են ու հռհռում.
- Չլինի՞, թե առյուծը ծեր՝
Փոխվել է ու կատու դարձել։
Էլ չենք խոսում այն մասին դեռ,
Որ հիմարը շատ է փքվել,
Եվ ինչ որ տեղ ասել է, թե՝
«Թագաժառանգն ես եմ արդեն,
Պետք է անշուշտ պատրաստ լինել,
Ծեր առյուծին փոխարինել...»։-
Ո՞վ կասի՝ լուրն ո՞վ է փախցրել
Ու արքային տարել հասցրել։

6.
Իսկ պալատում արքայական
Խիստ բազմացան մկներն այնքան,
Որ էլ անկյուն, տեղ չմնաց,
Էլ մորուք ու բեղ չմնաց -
Հա գալիս են կրծում, քաշում,
Խեղճ արքայի սիրտը մաշում,
Կամ թագուհու ծոցն են մտնում,
Խուտուտ տալիս ու խլվրտում,
Դուրս են գալիս պատի ծակից,
Ճտեր հանում գահի տակին,
Թագավորի թագին նստում,
Լպիրշ-լպիրշ ճլվստում,
Գանձարանում ու մառանում
Գիշեր-ցերեկ խաղ են անում
Ու ձեն տալիս, ու ձեռ առնում.
- Ի՜նչ առյուծ ու Առյուծստան,
Սա երկիրն է մեր Մկստան,
Մենք ենք այստեղ տեր-տիրակալ,
Թող որ կորչի Առյուծ արքան։

Այստեղ արքան բարկացավ խիստ,
Հրավիրեց արտակարգ նիստ.
- Այս անիծված մկներն,- ասաց,-
Չարչարում են մեզ անկասկած.
Գտեք հնար,
Արեք մի ճար,
Որ փրկվենք այդ ցեղից լաչառ։-
Ու ձայն խնդրեց Փշկո կատուն՝
Մեծ դպիրն ու խորհրդատուն.
- Ո՜վ մեր արքա ճաճանչափայլ,
Արեգակից հզոր ու վառ,
Դու գիտության անհուն տաճար,
Իմաստության անմահ կաճառ.
Մեր տերության դրոշի տակ
Ունեք որքան դուք հպատակ՝
Փիղ ու հովազ, գել ու վարազ,
Աղվես և ուղտ, շուն ու լուսան՝
Հանուն գահի ձեր անսասան -
Այսօրվանից թող մուկ որսան.
Մեծդ արքա, աստված վկա,
Մուկից անուշ խորտիկ չկա։-

Փշկո կատվին արքան լսեց,
Հոնքը կիտեց, այսպես խոսեց.
- Ո՜վ փռշտան Փշկո սարսաղ,
Կատուն դու ես, մե՞նք մուկ որսանք...
Իմ հրամանն ահա և քեզ՝
Բավական է գլուխ պահես,
Շուտ ճանկերդ սրիր վերստին,
Անցիր իսկույն քո արհեստին,
Թե մուկ տեսա պալատում մեր,
Քո աչքերը պիտի հանեմ։-
Հրամանով ավանդական
Եվ կնիքով արքայական -
Հենց նույն օրը Փշկո կատվին
Մուկ բռնողի մանդատ տվին,
Քաշեցին բեղն ու ասացին.
- Դե ծառայիր մեծ Առյուծին։-

Ահա այսպես Փշկո կատուն՝
Նախկին դպիր խորհրդատուն,
Հանուն գահի ու տերության,
Հանուն պատվի ու սերության,
Պոչը քաշեց, քիթը կախեց,
Անցավ նորից մուկկերության.
Որտեղ պուճախ, մի մութ անկյուն,
Այնտեղ էլ մեր Փշկո կատուն։

7.
Եվ ասում են այսօր էլ դեռ
Նա իր հույսը չի կորցրել,
Սպասում է առաջ քաշեն
Ու մեծավոր նորից հաշվեն.
Մեծ ջանքեր է գործադրում,
Բողոք, դիմում, նամակ գրում,
Բարձրանալու տենչը սրտում,
Պատուհան ու դուռ չանգռտում
Եվ քսմսվում սրան-նրան,
Իմաց տալիս, որ իմանան՝
Ոնց է գահին թիկունք դարձել
Ու մկների հերն անիծել։
Ձախ է գնում՝ աջ քսմսվում,
Աջ է գնում՝ ձախ քսմսվում,
Պոչն է շարժում ու մլավում,
Ոտքերի տակ անվերջ ծալվում...

Դուռն են փակում, բայց նա նորից
Ներս է մտնում պատուհանից,
Պատուհանն են թե որ փակում,
Տան կտուրն է գնում ծակում...
Եվ ասում են՝ ժամանակին
Դիմել է նա նույնիսկ ՄԱԿ-ին,
Թե անտեղի հալածել ինձ
Ու զրկել են իմ պաշտոնից։-
Բայց մնում է կատուն կատու,
Թե՛ խրճիթում, թե՛ պալատում,
Թեկուզ ինչ-որ մի ժամանակ,
Ինչ-որ մեկի դրոշի տակ
Եղել է նա ժիր ու անդուլ
Քարտուղար ու խորհրդատու։
. . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . .
Իսկ ականջդ հիմա դես բեր,
Քեզ բան պիտի ասեմ ես դեռ.
Չէ՛, գաղտնիք չէ սա պետական,
Սոսկ զրույց է մի անձնական.
Դե կատուն ի՞նչ, կատուն հարց է,
Կատուներ են եկել, անցել,
Բայց ցավն այն է, որ աշխարհում
Կատվությունը չի վերացել։
21 օգոստոսի 1978 թ.



ՀԵՔԻԱԹ ԴԱՏԱՎՈՐ ԱՂՎԵՍԻ ՄԱՍԻՆ

Ու եղավ այնպես, ինչպես այդ լինում
Կամ պատահում է շատ հեքիաթներում,
(Նայած թե բախտը ինչպես է բերում),
Հզորստանի Առյուծի քավոր
Աղվեսը դարձավ արդար դատավոր,
Իր փռչոտ պոչը սանրեց ու կոկեց,
Օրենսգրքերից ցիտատներ պոկեց,
Բազմեց աթոռին ու հայտարարեց.
- Ես դատավորս, ազնվագույն աղվես,
Պահանջ եմ դնում խիստ օրինական.
Մեր տերության մեջ որքան գազան կա՝

Շնագայլ, չախկալ,
Եղջերու, ճագար,
Կզաքիս ու խոզ,
Կամ գայլ բարբարոս,
Ընձառյուծ ու վիթ,
Գետաձի լայնքիթ,
Վարազ՝ մազը բիզ,
Գոմեշ հաստավիզ,
Լուսան խորամանկ,
Վախկոտ նապաստակ,
Ընձառյուծ դաժան,
Անգամ ավանակ
Կախելու արժան-

Պիտի ենթարկվեն իմ այս օրենքին.
Գայլը չպիտի հոշոտի մաքի,
Առնետը հավի կոկորդը ծակի,
Արջը իրավունք չունի անոթի
Մռութը այստեղ ու այնտեղ խոթի,
Բորենին թող իր երախը չափի,
Երբեք անտեղի արյուն չթափի։
Կատուն, լիրբ կատուն, իր փորին գերի,
Հարկ է, որ հանգիստ թողնի մկներին...

Կաշառքը պիտի վերանա անշուշտ,
Թող կորչեն բոլոր գռփողներն անկուշտ,
Շողոքորթների լեզուներն հատել,
Բյուրոկրատին օրենքով դատել...
Եվ աղվեսն աղվես, աղվեսի որդի,
Աղվեսաթոռ ու առյուծին քավոր
Օրենքի տառը և ոգին շուրթին,
Մեծ օրենսգետ է ու մեծ դատավոր,
Այն օրենսգիրքը, որ ինքն է գրել,
Առյուծը վրան իր թաթն է դրել։
Եվ ահա մեղուն եկավ բողոքեց.
- Թող հաստատ մնա դատավորը մեծ,
Այդ բրդոտ արջը մեզ շատ է տանջում,
Մեղրն ուտում է, մեզ բնաջնջում։

Եվ դատավորը կանչեց ծուռ արջին,
Բղավեց վրան.
- Ստո՛ր, թալանչի՛,
Գնում ես խալխի վաստակը լափում
Ու փեթակներն էլ ջարդում ու թափում,
Եվ չես հասկանում, բռի անասուն,
Առյուծի սիրտն էլ մեղր է ուզում,
Սրանից դենը ինչ ղալաթ անես,
Հիշիր՝ արքային բաժին պիտ տանես։
Եկավ ոչխարը, կանգնեց խոնարհ, հեզ.
- Արդար դատավոր, ի՞նչ մեղք ունեմ ես,
Որ ագահ գայլը, ավազակն այդ պիղծ,
Իմ երկու գառից եկավ զրկեց ինձ։-
Գող գայլին իսկույն բերին դատարան,
Աղվեսը մի լավ հայհոյեց նրան.
- Անխի՛ղճ, բարբարոս,
Դու թանձրագույն խո՛զ,
Որ երկու անմեղ գառ ես թալանել,
Ինչո՞ւ արքային բաժին չես տարել...

Ուրեմն լինի սա դեպքը վերջին,
Թե չէ՝ այնպիսի օր կգցեմ քեզ,
Փառք կտաս արջին։
Հապա աքլորը ո՜նց է կատաղել.
Առնետն իրենից կաշառք է առել...
Դատավորն այստեղ այնպես բարկացավ,
Որ նրա մորթուց կայծեր բարձրացան.
- Օրենքը ես եմ, սակայն դու, սադիստ,
Ինչ որ առնետի կաշա՞ռք ես տալիս։-
Եվ նա ոլորեց պոչը պատվական
Ու հրավիրեց ժողով դատական,
Իր փայլուն ճառը սկսեց այսպես.
- Ո՜վ մեծ առյուծի հպատակներ հեզ,
Մեր Հզորստան երկրում այս ազատ
Չպիտի ապրի ոչ մի ավազակ,
Բայց արի ու տես, որ աշխարհում մեր
Ունենք շատ բացեր ու թերություններ...

Խոսենք փաստերով, ասացե՛ք, ինչո՞ւ
Այդ ապուշ էշը մեր օդն է շնչում,
Իսկ երկարավիզ ընձուղտը թաքուն
Արքայաց ծառի ճյուղերն է պոկում։
Ո՞վ է գոմեշը՝ եղջյուրնեը ծուռ,
Որ մեր մարգերն է անվերջ արածում,
Եվ կծան շունն էլ դեռ չի ամաչում,
Մեր հացն է ուտում, մեզ վրա հաչում...
Կամ թե ոչխարը՝ զուր տեղը մայում
Ու մեր ջղերն է միայն քայքայում...
Արդ, լսեցեք ինձ, գայլ, վագր ու արջ,
Հովազ, բորենի ու փիղ խլականջ-
Մեր օրենսգրքի հոդվածով այսինչ,
Ես՝ դատավորս, Աղվես Աղվեսիչ,
Հայտարարում եմ ահա ամենքին՝
Բարձր պահել մեր օրենքի ոգին.
Երբ էշը մոխրում թավալ է գալիս,
Մեր տերությանը վնաս է տալիս։

Ինչպե՞ս հանդուրժել այդ նապաստակին,
Որ պպզում է թփերի տակին,
Օրենքն անտեսում
Եվ մեզ լրտեսում.
Ասացեք, ո՞վ է այծին թույլ տվել,
Որ պոզ է պահում ազատ երկրում մեր,
Իսկ այդ խելառ ձին ի՞նչ նպատակով
Մեզ սպառնում է միշտ իր սմբակով,
Հապա այդ մեղուն, տեղովը մեկ թույն՝
Մեր խեղճ ու կրակ արջին է խայթում...
Եվ այս ամենը թե այսպես գնա,
Մեր արևի տակ գազա՞ն կմնա։
Տերության վրա կախվել են ամպեր,
Պետք է լրբերին շուտ զինաթափել,
Ուրեմն, ի զեն, և պատրաստ եղեք,
Ձեր հերոսական ճամփան մի շեղեք,
Ջարդեցեք անդուլ, խեղդամահ արեք,
Արքայի բաժինն արքային տարեք։

Այստեղ ավարտեց աղվեսն իր ճառը,
Դե ճառ էր, էլի, գլուխը քարը,
Բայց ցավը այն է, որ աշխարհում դեռ
Կան դիպլոմավոր իրավաբաններ՝
Մեկին՝ պաշտպանում, մյուսին՝ դաղում,
Աղվեսություն են ողջ կյանքում խաղում
Եվ աղվեսությամբ գլուխ են պահում...
Իսկ պե՞տք է այստեղ անուն-ազգանուն...
26 օգոստոսի 1978 թ.



ՀԵՔԻԱԹ ՄԵԾ ԳԱՅԼԻ, ՇՆԱԳԱՅԼԻ ԵՎ ԱՅԼՈՑ ՄԱՍԻՆ

Թե գորշ գայլը ոնց բարձրացավ
Մեծ արքայի պոչը դարձավ,
Իրավունքներ առավ ձեռը...
Ինքը գիտե, մեկ էլ տերը։
Որ իր դիրքերն ամրապնդի,
Իր խմորն իր ձեռքով գնդի՝
Առաջ քաշեց շնագայլին,
Գայլաձկանն ու չախկալին,
Ուներ ինչքան ծանոթ-մանոթ,
Հավաքեց ու բերեց իր մոտ։
Պաշտոն տվեց ագռավ ազուն,
Քոչից փախած քոսոտ թազուն,
Ձու թռցնող կաչաղակին
Ու պճնամոլ սիրամարգին,
Եվ զեկուցեց արքային մեծ.
- Հզոր արքա մեր մեծանուն,
Կյանքն ուրախ է Գայլստանում,
Հին կաբինետն իսպառ ցրել,
Կարգ ու կանոն եմ մտցրել,
Վերացել են սուրբ հողից մեր՝
Շողոքորթ ու կաշառակեր,
Բյուրոկրատ, շաղակրատ,
Քաշքշուկ ու զոռբայություն,
Ամեն ձևի թայփայություն.
Աղվես ու եզ, կատու և ցին
Նվիրված են ձեր մեծ գործին,
Ձեր անունով երդվում նրանք
Եվ ասում են՝ արքային փա՜ռք,
Նրա պայծառ գաղափարով՝
Կքայլենք մեր ճանապարհով։-

Շոյվեց այստեղ առյուծը ծեր,
Գովեց գայլին իր անձնվեր.
- Ես շատ ունեմ լավ մարզպաններ,
Բայց ոչ մեկը չի հասել դեռ
Քո այդ բարձր մակարդակին,
Արժանի ես իրոք փառքի։-
Գայլին դա էր հենց հարկավոր,
Իսկույն սարքեց օրենք մի նոր
Ու ցեղակից իր ոհմակին
Առավ տվեց նա ահագին
Իրավունքներ ազատության.
- Հիմա տերը դուք եք ձեր տան։-
Իր ամբիոնից այսպես գոչեց,-
Այլ ցեղերը պիտի կորչեն,
Կամ գայլերին հպատակվեն
Եվ ընդունեն հավատը մեր...

Ըստ պատմական տվյալների՝
Լեռնաստանի արծիվներին
Մենք տվել ենք և՛ տեղ, և՛ տուն,
Դրա հետ էլ ազատություն... -
Ու ոհմակը ոռնաց ահեղ.
- Լեռնաստանը մերն է եղել,
Մեր օջախը և մեր բունը.
Կեցցե՜ արդար պատմությունը։
Եվ պատմագետ շնագայլը,
Կեղծ պատմության փորձված հայրը,
Գրիչն առավ, գրեց թափով
Աշխատություն մի հաստափոր,
Որ իբր թե երկրի վրա
Առաջներում արծիվ չկար,
Ստեղծվել է այդ ցեղը պիղծ՝
Ագռավներից ու չարդերից։

Ի սկզբանե գայլն է եղել,
Գայլությունը շատ հին ցեղ է,
Վկայել են հենց այդ մասին
Պատմիչ բուն ու ագռավ ազին,
Գիշանգղը՝ մտքի մերան,
Եվ խլուրդը՝ ոսկեբերան։-
Շնագայլը՝ փառքի ծարավ,
Մեծ դոկտորի կոչում առավ,
Իսկ գայլերը զիլ ոռնացին.
- Լեռնաստանում՝ ոչ մի արծիվ։
Ու գիշատչի ոհմակն այդ հին
Ախորժակով իր գայլային՝
Շնագայլին դարձրեց ների,
Խուժեց հողը արծիվների։
Ի՜նչ հուշարձան ու կոթող կար,
Որմնանկար ու շիրմաքար,
Ավերեցին,
Թալանեցին
Ու վառեցին...

Հետո եղավ աղմուկ շատ մեծ,
Ով բողոքեց, նա էլ տուժեց,
Չարչարանքի ենթարկվեց խիստ
Ու համարվեց նացիոնալիստ։
Իսկ ագռավը այդ նենգ ու չար՝
Ամբիոն ելավ ու կռնչաց.
- Խենթ արծիվներ, ի՞նչ եք անում,
Ի՞նչ եք իզուր աղմուկ հանում,
Գայլերն ախր ազգ են բարի,
Փարոս են ձեր ճանապարհին,
Անձամբ ինքը՝ գայլապետը,
Գայլերի քաջ միապետը -
Գիշեր-ցերեկ արթուն, անքուն
Ձեր մասին է միայն հոգում,
Որ խավար ու մութ չմնաք,
Մեր լույս դարում բութ չմնաք,
Արյունարբու ոսոխներին
Կյանքում երբեք կուլ չգնաք։

Իսկ գայլապետ գայլը արդեն
Ծեր առյուծի լեզուն գտել,
Քսմսվում է, շողոքորթում,
Իրավունքներ անվերջ շորթում
Ու զեկուցում, որ իբր թե
Ցեղային հարցն ինքն է հարթել,
Եղբայրներ են վաղուց դառել
Արծիվներն ու գայլերը մեր։-
Եվ փառամոլ առյուծ արքան
Բաշը թե որ թափահարում,
Առաջինը ինքն է նրան
Կեցցե՛ գոչում, ծափահարում.
Բամբակով է շվաքն առնում
Եվ ինչպե՜ս է փառաբանում՝
Արևափա՜յլ,
Արևահա՜յր,
Քեզնից բացի ոչ եղել է,
Ոչ կլինի արև մի այլ,
Դու մեր փառքի դարպաս ու դուռ,
Տիեզերքի մեծ լուսատու։-

Ու ետևից միշտ ինքնակամ
Միզանոթն է բռնած տանում,
Թե բաղնիք է մտնում արքան,
Նրա տաբատն ինքն է հանում.
Ինքն է նրա դեմքն առաջին,
Ինքն է նրա մեծ քիսաչին,
Ինքն է նրա կոչը մանրում,
Ինքն է նրա պոչը սանրում...
Ու թե արքան ճառ է ասում,
Առաջինը ինքն է նրան
Ծափահարում։
Դե, գայլերն էլ Լեռնստանում
Ինչեր ասես, որ չեն անում...

Շնագայը, դոկտորն այդ ծեր -
Մի նոր գիրք է տպագրել
Ու մեծարել գող գայլերին,
Որ իբր թե այդ «ցեղը հին»
Ադամից է սկիզբ առել,
Տիեզերքում լույս արարել,
Առյուծները որպես նոր ցեղ՝
Գայլերից են առաջացել,
Իսկ Հռոմը, ո՞վ չգիտե,
Գայլի ձագերն են կառուցել,
Ամերիկան առաջինը
Հենց գայլերն են հայտնագործել,
Եվ գայլային ցեղը պիտի
Ողջ աշխարհին տիրապետի։

* * *
Քանի գահին առյուծ արքան
Ավանակ է երկարականջ-
Կատուները փիղ կդառնան
Եվ գայլերը հա՜ կըոռնան...
28 օգոստոսի 1978 թ.




Կ Ր Կ Ե Ս
(պոեմ սատիրական)


          Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել...
                             Պ. ՍԵՎԱԿ

ՊՐՈԼՈԳ

Վճռել եմ... Եվ դա փաստ է,
Բայց վճիռն իմ ձևական է,
Դուք կարող եք այն հաստատել
կամ բեկանել,
Կամ էլ՝ ինչպես ստադիոնում՝
Սուլե՜լ, գոռա՜լ, աղմուկ հանել.
- Մրցավարին դաշտից հանե՜լ...
Վճռել եմ,
Ուզեմ-չուզեմ,
Պիտի խոսեմ.
Այդ դուք ահա, այս էլ ես եմ,
Դուք հո գիտեք, որ ծաղրածուն
Նոր աշխարհ չի հայտնագործում,
Նա պարզապես
Մարդ է ձեզ պես,

Բայց կրկեսի հոտն ու համն է,
Եվ ինչ-որ տեղ դառն հաբ է,
Մեկի համար տաշի-տուշ է,
Մեկի համար աչքի փուշ է,
Մեկի համար սոսկ ծիծաղ է,
Իսկ մյուսի վերքին աղ է,
Մեկի համար լոկ ծաղրածու,
Իսկ մյուսի՝ մասխարա ծուռ...
Մեկի համար մկրտության
ավազան է,
Մի ուրիշի վիզ ու մեջքին
խարազան է։
Իսկ ծիծաղը այս աշխարհում
Միշտ եղել է ու կլինի,
Ով մեղրը շատ է սիրում,
Մեղվի խայթն էլ թող ընդունի։

1.
Դե, ուրեմն զվարճացե՜ք,
Թեկուզ ձրի...
Սակայն հարց է,
Զվարճացողն ո՞վ է հիմի
Եվ ո՞վ պիտի իր կատարին
Խեղկատակի գդակ կրի։
Հե՞շտ է լինել
Աճպարար կամ ծաղրածու,
Ապացուցել,
Որ աքլորը ձու է ածում...
Որ ձեր ճերմակ թաշկինակը
Թաշկինակ չէ,
այլ աղավնի,
Որ ձեր սիրած կին-էակը
Դարձրել է ձեզ խաղալիք...

Որ ուզում եք ամբողջ կյանքում
Գամված մնալ ձեր աթոռին
Ու մեռնել ձեր կաբինետում։
Երազում եք միայն շահել,
Մեռնել թեկուզ հանուն շահի,
Եվ ուզում եք մի կին պահել,
Բայց ունենալ յոթ սիրուհի -
Այս աննամուս աքլորի պես։
Եվ հիմա էլ ինձ թույլ տվեք՝
Ես ողբամ ձեզ։
Կամքը ձերն է, չեմ բռնանում,
Ծաղրածու եմ, խաղս եմ անում.
Համարեցեք լուրջ մարդ չեմ ես,
Լրիվ մարդ չեմ, այլ մարդ ու կես։

Բայց ինչի՞ եք գալիս կրկես -
Որ տեսնեք ինձ ու ծիծաղեք,
Որ լսեք ինձ ու նվաղեք,
Եվ ծիծաղով
Բացն ու թերին ձեր սվաղեք
Ու ձեր մտքում ինձ հայհոյեք -
«Ծաղրածու չէ, այլ ճիվաղ է»։
Չէ, ներեցեք...
Եթե ես ձեզ
Երբեք ձանձրույթ չեմ պատճառում,
Դե ուրեմն
Ձեզ հարուցած իմ ծիծաղը
Այդքան էժան չեմ վաճառում։

Չէ՞ որ ես ձեզ ստիպում եմ
Իմ խախալով ձեզ խախալեք,
Իմ այս մաղով ձեզ լավ մաղեք
Ու ձեզ վրա դուք ծիծաղեք։
Եվ մի քիչ էլ ձեզ տանջում եմ,
Ախպոր նման պահանջում եմ,
Որ ձեր կուզը շտկեք մի քիչ,
Մեզ ձեզանից փրկեք մի քիչ,
Քիչ հանգիստ տաք ձեր սիրուհուն,
Ձեր կնոջն էլ գրկեք մի քիչ,
Ինձ էլ, գիտե՞ք,
Ձեզ ծաղրելուց զրկեք մի քիչ։

Չէ, չեմ խլում ձեր ունեցած
Կամ չունեցած դատարկ փառքը,
Իմ դիմակով,
Իմ դանակով
Ես պատռում եմ ձեր դիմակը,
Որովհետև բանն այն է հենց -
Իմ դիմակը իսկական է,
Իսկ ձերը՝ կեղծ։
Դե ես ո՞վ եմ՝
մի ծաղրածու...
Հաստատ բան է,
Որ աքլորը...
ձու չի ածում։

2.
Իսկ աքլորը եթե հանկարծ
Սեռը փոխի և ձու ածի՞...
Կզարմանաք դուք անկասկած՝
Սա ի՞նչ բան է, աստվածածի՜ն...
Ի՜նչ զարմանալ, կզայրանաք
Ու կգոռաք աշխարհով մեկ,
Եվ այդ աքլոր անիծվածին
Անշուշտ պիտի մեղադրեք
Սեռափոխման հանցանքի մեջ,
Եվ այդ աքլոր կոչված քածին
Դուք քարկոծեք պիտի անվերջ,
Եվ այդ աքլոր առեղծվածին
Պիտի դատեք,
Պիտի բանտեք
Եվ սիրունիկ պոչը քանդեք.-

Ի՜նչ է, ի՜նչ է,
Աքլորությունը ուրացել
Ու մի հատիկ ձու է ածել։
Իսկ գուցե դա ձու չի իսկի,
Այլ՝ խարդախված ու կեղծ ոսկի,
Զենք է մի նոր,
Ատոմից էլ,
Նեյտրոնից էլ
Վտանգավոր ու գերհզոր,
Որը իր մեջ ջրածնային
Զիբիլներ է պարունեկում։
Այդ աքլորը,
Այդ գարշելին,
Այդ սրիկան,
Այդ խորշելին
Ինչո՞ւ պիտի շրջի բակում
Ու ծուղրուղու անվերջ կանչի,
Ես որձակ եմ մթամ, տեսե՜ք.
Ես այդ ես եմ,-

Ախր գուցե նա որձակ չի,
Այլ ծպտված մի լրտես է,
Ավանտյուրիստ ու սադիստ է,
Աքլորակերպ շովինիստ է,
Կամ ֆաշիստ է...
Իսկ հավերն էլ եթե հանկարծ...
Է՛հ, հավերի ու աքլորի
հերն անիծած,
Նրանց ցավը մեզ չեն տվել,
Թռչնագետ գիտունները
Նրանց գործով թող զբաղվեն։
Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Երբ հաճախ ձեր դեմքն եք փոխում,
Ձեր ժպիտն ու երգն եք փոխում,
Եվ ոչ միայն դերն եք փոխում,
Այլև՝ դուք ձեր սեռն եք փոխում,
Ձեզ ժխտում եք ու ձեզ հերքում,

Ուրիշների հերկն եք հերկում,
Ապաշնորհ արտիստի պես
Չգիտեք, թե ինչ եք երգում,
Ում ներկով եք դուք ձեզ ներկում,
Ում զուռնայի տակ եք պարում
Եվ ում պատեֆոնն եք լարում...
Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Որ ոչ միս եք և ոչ էլ ձուկ,
Ոչ ցերեկ եք, ոչ էլ մութ եք,
Այլ երկուսի մի խառնուրդն եք,-
Ո՞ւմ առջև եք դուք վիզ ծռում,
Ո՞ւմ ոտքի տակ գորգեր փռում,
Ո՞ւմ կենացն եք սիրով խմում,
Ձեզնից բացի -
Ձեր կնոջ հետ ո՞վ է քնում,
Ձեզանից շատ ձեր սիրուհուն
Ո՞վ է սիրում ու գուրգուրում։
Եվ չգիտեք -

Ում աղունն եք անհերթ աղում,
Ում վրա եք կուշտ ծիծաղում,
Ում թանին եք քաղցր ասում,
Ում եք ձեզնից բարձր դասում,
Ում վրա եք մատ թափ տալիս,
Ում եք այդքան շատ ծափ տալիս...
Որ չգիտեք -
Ինչի համար ում եք խանդում
Եվ ում տունն եք անհերթ քանդում,
Ում ճամփան եք դզում, հարթում,
Ում ջրաղացն եք ջրատում,
Ինչ եք կարդում,
Ում եք կարդում,
Ում և ինչու եք զրպարտում,
Ում եք պաշտում ու հավատում,
Ում եք առանց դանակ մորթում,
Ում եք այդպես շողոքորթում...

Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Դարձած ժխոր,
Դարձած աղմուկ -
Նույն դարմանն եք տալիս քամուն,
Նույն մաստակն եք անվերջ ծամում,
Եվ չգիտեք՝
ինչ եք անում,
Ում ծննդյան օրն եք տոնում,
Ձեր թթված երգն ում եք ձոնում,
Ում ոտքի տակ ոչխար մորթում,
Որ աստծոն եք աղոթում...

Բայց դուք,
Ա՛յ, դուք,
Սկզբունքով՝ անսկզբունք,
Որ չգիտեք, թե ձեր ծնկին
ով է կռնում,
Ում նժույգի սանձն եք բռնում,
Ովքեր են ձեր տունը գալիս,
Ում եք այդպես պատիվ տալիս...
Եվ բռնել եք մի աքլորից,
Հոլովում եք տարին կլոր...
Վա՜յ, խեղճ աքլոր,
Մեղքդ ո՞րն է -
Ինչ-որ թշվառ մի ծաղրածու
Հորինել է,
Թե աքլորը ձու է ածում։

3.
Լավ, եկեք հիմա
Աքլորի հարցը համարենք լուծված։
Դե, ախր, իմ էլ հերը անիծած,
Ինչո՞ւ բռնեցի մի խեղճ աքլորից
Եվ ոչ թե փղից։
Այո, այն փղից,
Որ եթե էգ է՝
Ծնում է յոթը տարին մի անգամ,
Իսկ եթե արու՝
Հավանական է, որ հայր է դառնում։
Փիղը,
այդ հսկան,
Որ արենայում հիմա շոգում է.
Եվ ի՜նչ տոկուն է,
Ասում են՝ չոքիր,
և նա չոքում է,
Ասում են՝ պարիր,
և նա պարում է,
Ասում են՝ ցատկիր,
և նա ցատկում է,
Ասում են՝ սատկիր,
և նա սատկում է։

Ի՜նչ փիղ, ի՜նչ հսկա,
Գինն իր չիմացող խոնարհ ենթակա,
Իսկական մի եզ,
Եվ ճիշտ նրանց պես,
Որ տղամարդ են չնայած կոչվում,
Սակայն կարող են պետերին թույլ տալ,
Որ իրենց կանանց շոյեն ու գրկեն,
Միայն պաշտոնից հանկարծ չզրկվեն։
Կամ այս Կապիկը,
Այս խուլիգանը,
Այս խուժանը և ինտրիգանը,
Որ համարում ենք
Վերջին հետնորդը մեր նախապապի...

Հապա ինչպե՜ս է կորցրել չափն իր-
Եվ էլ ում ասես, որ չի ծանակում,
Լեզու ցույց տալիս,
Գլխարկը ճանկում,
Սուտ տեղից լալիս,
Անվերջ աղմկում,
Որ ունի թեկուզ կենսագրություն
վեհ ու փառապանծ,
Բայց պատշաճին չէ անձն իր գնահատված...
Գիտե՞ք ում նման-
Այն երես առած մարդուկ սագերի,
Որ տրտնջում են
Ու պահանջում են
Իրենց արձաններն ամեն տեղ տնկել,
Իբր Հռոմը իրենք են փրկել։

Եվ այս Առյուծը,
Այս պորտաբույծը,
Այս նախկին լորդը և նախկին արքան,
Որ կորցրել է
Իրավունքներն իր թագավորական,
Բայց թիկն է տվել
Արքայավայել
Ու պահանջում է, որ իրեն երբեք
Չկարգադրեն,
Չհրամայեն։
Բայց տեղն է գալիս,
Իր մռնչյունի ահեղ շառաչով
Ցատկում է վառված օղակի միջով,
Ու փառք է տենչում,
Տիտղոս ու կոչում,
Դեռ հավատում է այս նախկին բոռը՝
Կգա իր օրը,
Եվ սպասում է հույսով ակնդետ,
Որ շուտով իրեն կընտրեն...
պրեզիդենտ։

Եվ Շնագայլն այս,
Որ ցերեկը շուն,
գիշերը գայլ է.
Ուզում է իրեն և ազգ համարեն,
Եվ հետը խոսեն շնագայլերեն։
Բողոքում է նա,
դիմում,
պահանջում,
Գայլի պես ոռնում,
Շան նման հաչում
Եվ իր գող ու պիղծ
Ցեղի անունից
Ամեն տեղ կրքեր բորբոքում նորից...
Դե հիմա արի
Այս նենգ տականքին
դու ապացուցիր,
Որ նա ոչ շուն է,
Ոչ գայլ է կարգին,
Այլ երկու ցեղից սերված խառնածին,
Մեղմ ասած մի քիչ՝
Ապօրինի, բիճ...

Եվ կամ էլ՝ այս բուն,
Ավերակների պահակը անքուն,
Որ հռչակված է նաև իմաստուն,
Այսինքն դոկտոր ու պրոֆեսոր,
Մասնագիտությամբ՝ փորձված պատմաբան...
Եվ մինչև այսօր
Գիտությունների դոկտորն այս անբան
Ճիգեր է գործում ապացուցելու
Շատ կարևոր բան՝
Գիտության համար
Խավարը լույս է,
Իսկ լույսը՝ խավար...
Որ գիտությունը խավարից սերվում
Խավարի մեջ է լուսնի պես փայլում։
Տգետաբանն այս ունի հետնորդներ.
Հեռուն չգնանք,
Թեկուզ Թուրքիայում։

Եվ Շնիկը այս -
Պոչը թավամազ,
Բոյը՝ թիզ ու կես,
Ինքն էլ այնքան հեզ.
Պարում է տանգո,
Ոռնում պոլոնեզ,
Ծաղրածուների փեշերից կառչում
Եվ հրահանգով սողում որդի պես,
Պատվերով հաչում...
Ի՜նչ շուն,
հնազանդ մի կամակատար,
Քծնու մի սողուն, սակայն բախտից գոհ,
Ստանում է միշտ մսի մի պատառ,
Տաքուկ մի անկյուն,
Մի կտոր ոսկոր։

Եվ կրկեսում նա իր տեղը ունի,
Իր դերը ունի և իր մոտիվը,
Նա ունի նաև իր տոհմանունի
Հարգն ու պատիվը
Հարազատ ու թանկ՝
(Բա հանաք բան չի)
Սողալ ոտքի տակ,
Պատվերով հաչել,
Առյուծի կողքին ձևանալ գազան,
Ոնց ամերիկյան հնազանդ վասալ։
Այս Արշավաձին -
Թե անկեղծորեն մոտենանք հարցին՝
Ձին պիտի սուրա փոշոտ ճամփեքով,
Դաշտ ու լեռ հատի,
Իր համար հանդում ազատ արածի
Եվ լինի նաև մի քիչ կամակոր՝
Ունենա քացի -
Խիզախությունը իր ըմբոստ ցեղի...

Սակայն որտեղի՜ց.
Կրկեսը ունի օրենքներն իր,
Վարգի սահմանը ու չափը վարգի,
Եվ ձին էլ ձի չէ,
այլ մի խաղալիք,
Զրկված իր նախկին
Պատիվ ու փառքից -
Նման այն խղճուկ բանաստեղծներին,
Հանգաբաններին այն վայրիվերո,
Որ հանուն շահի ու հոնորարի
Ոտանավոր են գրում պատվերով։

Եվ ապա նաև այս Աքաղաղը,
Այս խեղճ միմոսը,
Էժան ծաղրածուն.
Ուրիշ գործ չունի, պրծել է խաղը,
Աճպարարի թելադրանքով
Կանչում ծուղրուղու,
Եվ ձու է ածում՝
Միայն ծիծաղի հանդիսատեսը,
Հումորը հարգի.
Ի՜նչ է կրկեսը
Առանց կատակի։
Փույթ չէ, թող թքեն և իր նամուսին
Ու հավանոցում վատ կարծիք կազմեն
Իր անձի մասին,
Թող ոտնահարեն իր աքլորային
Հպարտությունը
Ու փակեն իր դեմ հավերի բունը,
Եվ էլի փույթ չէ,
արտիստ է կարգին,
Բարձր արվեստից գլուխ է հանում,
Ցեղակիցների նման իր տգետ՝
Աղբանոցներում քուջուջ չի անում.
Արվեստագետ է, հասկացեք, ջանը՜մ։

Եվ Հնդկահավն այս՝ շքեղ ու փայլուն,
Ուռած ու փքված
Այնպես է քայլում
Ու այնպես հպարտ ղլղլացնում,
Կարծես աշխարհն է իրենով լցնում,
Եվ ինքն է, որ կա՝
խելոք,
ծանրաքայլ,
Գիտունների մեջ իմաստուն մի այր,
Բայց չգնահատված մարգարիտ, բեհեզ,
Բերել են կրկես՝
առաջ չեն քաշում,
Չեն ուզում տեսնել կատարը նախշուն,
Տաղանդավոր է՝ հանճար չեն հաշվում։-
Քանի՜ տարի է՝
Պայքարում է նա էշի պես համառ
Ու չի հասկանում,
Որ բարձր կոչում կորզելու համար
Պիտի ունենալ ոչ թե փքուն դեմք,
Այլ կարողություն
Եվ բնական խելք։


Կամ թե այս Արջը՝
անունը Միշկա,
Կրկեսն իր տունն է և ինքը միշտ կա,
Եվ ակրոբատ է, և ծանրորդ հայտնի,
Հմուտ ֆուտբոլիստ,
ըմբշամարտիկ,
Ծաղրածու կայտառ
Ու մենակատար.-
Պարը՝ արջային,
Խելքը՝ արջային,
Սակայն փնթփնթան,
Մեկ-մեկ ջղային,
Բայց ընդհանրապես չափազանց բարի՝
Ոչ փառք է տենչում
Եվ ոչ էլ կոչում,
Միայն թե այստեղ՝ կրկեսում պարի,
Մեռնի կրկեսում,
Քանի արվեստը զոհ է պահանջում։

Եվ Սիրամարգն այս-
Ոտից մինչ գլուխ ատլաս ու մետաքս,
Լալազար, գոհար
Եվ պոչը հովհար,
Ասես ոչ թե հավք, այլ ծիածան է,
Զուգված-զարդարված մի տոնածառ է,
Խանութ է ասես արդուզարդերի,
Ինքն հավերժահարս,
Աշխարհն՝ իր գերին։
Ա՜յ քեզ քաղքենի,
Եվ ո՜նց է փքվել՝
նման այն կանանց՝
Իրենք իրենցով միշտ սիրահարված,
Որ ամենից շատ սիրում են գույնը,
Ձևեր են թափում այնպե՜ս հավեսով,
Ու իրենց հոգու սնանկությունը
Ծածկել են ուզում փալաս-փլուսով։

Եվ այս Թութակը -
Որ մի օր դուդուկ, մի օր ջութակ է,
Ինչ որ ուզում ես՝
վրան նվագիր,
Հապա կարո՞ղ ես՝
բերանը փակիր.-
Տաղանդավոր է իրեն համարում,
Սակայն դժգոհ է,
ինչպես որ հարկն է՝
Չեն ծափահարում
Ու չեն մեծարում,
Որ իր փառքն իբր իրենից խլել,
Տարել են անմիտ սոխակին տվել։
Լավ, այս տգետին ո՞նց հասկացնես,
Որ շատ ծափերից երես են առնում,
Եվ ընդհանրապես՝
Կրկնելով երբեք հանճար չեն դառնում։

Կամ թե այս Կատուն,
Որ մուկը թողած՝ երշիկ է ուտում
Ու սրան-նրան անվերջ քսմսվում,
Թե՝ տեսեք, հայտնի դեմք եմ կրկեսում,
Հասարակ կատվից որտե՜ղ եմ հասել.-
Էլ չեմ կլավում գիշերվա մթնում,
Մառան չեմ մտնում,
և այն էլ ասեմ՝
Ես մուկ չեմ ուտում։
Ինձնից ջնջել եմ նախկին կատվային
զզվելի բիծը,
Դա կվկայի հզոր վագրը՝
իմ ցեղակիցը,
Ինչպես նաև՝ իմ հայրենակիցը։-
Եվ դու կարո՞ղ ես
«Փիշտ» ասել թեկուզ՝ այս գաճաճ կատվին,
Է՛հ, մեկ էլ տեսար իր տոհմը կապեց
Մակեդոնացուն կամ Բոնապարտին։

Կամ Ուղտը, որի
Պարը բռնում է կամրջի վրա,
Եվ ո՞ւմ չէ հայտնի զայրույթը նրա։
Սակայն կամրջին պարելու դարը
վաղուց է անցել,
Եվ ոչ մի պարող նոր Ամերիկա
չի հայտնագործել։
Իսկ ինչո՞ւ հիմար փղի պես լռել,
Քանի կարող է թքել ու մրել,
Անստորագիր նամակներ գրել՝
Հա՜յ, հարա՜յ, հասե՜ք,
Սա կրկես չի, այլ՝ անտեր գժատուն,
Ուղտի բաժինը առյուծն է ուտում։-
Դե ապացուցիր,
Որ այդ առյուծը ոչ էշ է, ոչ ձի,
Կամ ուղտ՝
ուղտի պես,
Եվ խոտ չի ուտում նա ընդհանրապես։

Կամ այս Չղջիկը-
Արտաքուստ հանգիստ,
Բայց փորսուղի պես
Գիշերն՝ օպտիմիստ,
Իսկ ցերեկները՝
ինդիվիդուալիստ...
Եվ պայծառ լույսը նրա ինչի՞ն է,
Երբ անհանգիստ է
Ու խառն է դարը.
- Թո՛ղ կորչի լույսը,
Կեցցե՛ խավարը...-
Չղջիկը՝ չղջիկ,
կա,
կլինի դեռ,
Նա էլ իր տեղն ունի կրկեսում,
Բայց մի՞թե քիչ կան չղջիկ մարդուկներ,
Որ մութ գործն իրենց՝
գիշերն են տեսնում։

Եվ մեկ էլ ահա երկարականջն այս,
Որին կոչում ենք Էշ կամ Ավանակ,
Որ մի ժամանակ
միայն էշ էր հեզ,
Դարման էր ուտում ու թավալ տալիս
Իր հռչակավոր նախորդների պես։
Եվ կրկեսում էլ
Հլու ծառան ձեր՝
Իր էշությունը դեռ չի մոռացել։
Թեկուզ ավանակ,
հապա մի տեսեք՝
Ինչպես է փքվել և ինչ է ասում.
- Ես այսքան տարվա հարգված արտիստ եմ,
Ժանգլյոր՝ կրկեսում,
Բայց ինչո՞ւ կողքին անվանիների
Ես իմ պատկերը երբեք չեմ տեսնում։

Կամ այս Աղվեսը,
Առակների մեջ անշուշտ հարկավոր,
Այսքան հասարակ,
բայց հռչակավոր,
Ճկուն դիպլոմատ,
Մտքի մարմնացում,
Սկզբունքային՝
իր փորի հարցում,
Հավեր թռցնելում
խիզախ,
աներեր,
Պոչը թաքցնելում՝
ուժեղ կամքի տեր։
Չլիներ աղվեսը,
Եզոպոսն հազիվ Եզոպոս լիներ
իր առակներով,
Եվ Կռիլովն էլ
Դժվար թե դառնար
անմահ Կռիլով։

Բայց խոսքը մեր մեջ,
Անպոչ աղվեսներն հիմա այնքան են
մեր մեջ բազմացել,
Որ պոչավորներն իրենց արհեստը
թողել-հեռացել,
Եկել կրկեսում արտիստ են դարձել։
Աղվեսն էլ գնաց։
Մնաց... ո՞վ մնաց։
Հա, մնաց այս Լուն.
Կասեք կրկեսում լուն ի՞նչ է անում.
- Ռոճիկ է ստանում։
- Բայց ինչի՞ համար։

- Ամբողջ կրկեսը իրար է խառնում,
Առնում է, տալիս,
Տալիս է, առնում.
Էլ որտե՞ղ ասես քիթը չի խոթում,
Խտուտ է տալիս,
Անվերջ կծոտում,
Ուղտի ականջն է մտնում՝
ցատկոտում,
Գնում կանգնում է առյուծի քթին,
Կամ պոչի տակին... դե հիմա գտիր
Խառնակիչ ու նենգ այս ավազակին։
Նա միշտ անպատեհ տեղեր է մտնում,
Իր ստոր գործը տեսնում է մթնում։
Ասացե՜ք խնդրեմ,
Նրա պաշտոնը ինչպե՞ս կրճատես,
Հիմար պիտ լինել կամ էլ կարճատես,
Որ նրա քեֆին դու կպչես հանկարծ,
Լվի թիկունքում սարեր են կանգնած։

4.
Երկարացրի
Ու այն էլ ձրի,
Եվ դուք լսեցիք մի ծաղրածուի,
Որ ձեզ ծիծաղ է բաժանում, հուզում,
Բայց փոխարենը ոչինչ չի ուզում։
Հոգնե՞լ եք, գուցե,
Թե ձանձրալի եմ, ինձ չեք հավանում,
Կարող եք ուրիշ ծաղրածու վարձել
Կամ կրկես չգալ։
Ձեզ եմ հարցնում՝
եթե կարիք կար
Մի կնոջ համար Տրոյան վառել,
Ինչո՞ւ կես րոպե ծափերի համար
Մի ժամ չճառել։
Շատ ճառ ասելուց այդ ո՞վ է մեռել։

Եթե կարիք կա մի գայլի համար
Վառել մի անտառ
ու հարա՜յ կանչել,
Իսկ ինչո՞ւ մի ժամ քնելու համար
Երկու կամ երեք ժամ չհորանջել։
Եթե առիթ կա մի տասը տարի
Պետի աթոռի համար պայքարել
Ու նրա տակից աթոռը հանել,
Իսկ ինչի՞ համար հենց այդ աթոռին
Մի երկու ամսով
Գահընկեց պետին չփոխարինել
առանց խորշանքի
Եվ մաքուր խղճով անցնել թոշակի։

Ձեզ եմ հարցնում՝
Ինչպե՞ս է տանում այն մարդուն հողը,
Որ մկան համար կարաս է ջարդում։
Իսկ մկան համար կարաս ջարդողը
Կարող է և մի փոր խաշի խաթրու
Ոչ թե ոչխար, այլ գոմեշ մորթել
(Սեփականը չէ, հա - նը - րա - յի - նը)՝
Չմուծել գինը։
Գոմեշ մորթողը բռնվելու դեպքում
Ո՞ւմ ասես, որ չի կարող կաշառել,
Եվ ամբողջ կյանքում
Առաքինության մասին հա՜ ճառել...

Ձեզ եմ հարցնում՝
Եթե կարիք կա ճշմարիտ,
սակայն
Մի կծու խոսքի համար նախատել
Սրտացավ մարդուն,
իսկ ինչի՞ համար
Չդատել նրանց, չքառահատել,
Ովքեր որ հազար ձվով՝
կես տարում
Հինգ հարյուր հազար
Ձվի պլան են գերակատարում,
Թղթերի վրա,
ձվի փոխարեն
Թվեր նկարում։
Եթե իսկապես հնարավոր է
Անկուշտ անգղից հաշվապահ սարքել,
Իսկ ինչո՞ւ հենց նույն ֆերմայի վրա
Խելոք աղվեսին վարիչ չկարգել։


Է Պ Ի Լ Ո Գ

Բայց սա ի՞նչ եղավ՝
Հռետորությո՞ւն,
Թե՞ խոսքի մարզանք.
Մի խեղճ աքլորի պոչից բռնեցինք
Հապա ո՜ւր հասանք։
Իսկ եթե բռնենք եզ ու գոմեշից՝
Ո՞ւր կհասնեինք, դուք ի՞նչ եք կարծում՝
Ուղիղ տեր աստծուն։
Արդ,
համոզվեցի՞ք,
որ հեշտ չէ այնքան
Լինել հումորիստ
Կամ թե ծաղրածու,
Եվ ապացուցել, որ աքլորն իրոք
Աքլոր չէ միայն
և ձու է ածում։
   Օգոստոս 1981 թ.


----------------------------------------------------------------------------

*20 «Պատահեց այնպես, որ առյուծ արքան...» - Նկատի ունի խորհրդային ղեկավար Ի. Ստալինին

*21 «Հավաքեց, բերեց, իր կրծքին շարեց» - Ակնարկում է Լ. Բրեժնևի մեդալասիրությունը

*22 «Դափնեկիր բազում մրցանակների» - Ակնարկում է Լ. Բրեժնևի անհամեստությունն ու փառասիրությունը

*23 «Թե գորշ գայլը ոնց բարձրացավ» - Նկատի ունի Հ. Ալիևին

*24 «Լեռնաստանի արծիվներին» - Ակնարկում է Արցախն ու արցախցիներին

*25 «Եվ պատմագետ շնագայլը» - Նկատի ունի Զ. Բունիաթովին

*26 «Ու համարվեց նացիոնալիստ» - Ակնարկում է 1960-ական թթ. կեսերի հայ-ադրբեջանական ընդհարումներն ու արցախցի մտավորականների հայտնի նամակից հետո սկիզբ առած հալածանքները հայերի նկատմամբ

*27 «Քանի գահին առյուծ արքան Ավանակ է երկարականջ» - Նկատի ունի Լ. Բրեժնևին


---------------------------------------------------------------------------



ՄԻԿՐՈԱՌԱԿՆԵՐ

Բաղեղն ասաց կաղնուն.
- Եթե հանկարծ ուժեղ քամի փչի, ի՞նչ կլինի մեր վիճակը, պատկերացնո՞ւմ ես:
- Պատկերացնում եմ,- շառաչեց կաղնին,- ես կազատվեմ քեզանից։


* * *
Իժը նստեց բարձր ժայռի կատարին, գլուխը ցցեց ու ասաց.
- Այսուհետև ես եմ թռչունների արքան։
- Իսկ դու այդ ինչպե՞ս հասար այստեղ,- զարմա-ցավ արծիվը։
- Սողալով, սիրելիս, սողալով...


* * *
Զրպարտչի մահից երկու օր էր անցել, բայց մարդիկ չէին համարձակվում նրա մարմինը հողին հանձնել։
Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար մատերիալ գրեց, թե ինձ կենդանի են թաղել։


* * *
Ոստոստում է տեղում, անվերջ ոստոստում է այս ջրածիտը։ Տեղից-տեղ է թռչում, ոստոստում նորից։ Նրան թվում է, թե աշխարհը հանկարծ կարող է փլվել իր բարակ տոտիկների տակ, և ամուր հենարան է փնտրում։
Չգիտեմ, աշխարհի ամրության վրա կասկածելու համար կարի՞ք կա աշխարհ գալ։


* * *
Հոպոպը սխալմամբ թուխս նստեց կաչաղակի ձվերի վրա, կաչաղակի ձվերից կաչաղակի ձագեր դուրս եկան։
- Տեր աստված,- զարմացավ հոպոպը,- ուրեմն մինչև հիմա կաչաղակ եմ եղել ու չեմ հասկացել։


* * *
Ժայռից մի քար պոկվեց, քարից՝ մի բեկոր, բեկորն ընկավ մրջնանոցի վրա։ Մրջյուններն իրենց մատյանում արձանագրեցին. «Եվ սույն թվականին աշխարհում եղավ մեծ երկրաշարժ»։


* * *
Սիրամարգը թիթեռին ասաց.
- Ենթադրում են, որ միլիոն տարի հետո աշխարհում կյանքը կդադարի գոյություն ունենալուց։
Թիթեռը պատասխանեց.
- Ի՞նչ կա որ, կապրենք՝ կտեսնենք։


* * *
Երբ ձուկը լճումն էր, աշխարհը նրա աչքին այնքա՜ն մեծ էր՝ ոչ սկիզբ ուներ, ոչ էլ վերջ։
Իսկ երբ նրան հանեցին լճից, զարմանքից աչքերը չռեց.
- Ինչո՞ւ աշխարհն այսքան փոքրացավ։


* * *
Կատուն այնպես մլավեց, որ վագրը վախից քիչ էր մնում լեղաճաք լիներ։
Ուժեղը ոչ թե կատուն էր, այլ այն գրասեղանը, որի ետևում նստած էր կատուն։


* * *
Կուշտ կատուն հանդիպեց մկնիկին ու մեծահոգաբար ժպտաց«
- Հուսամ, սիրելիս, որ վաղը մենք նորից կհանդիպենք։


* * *
Դոդոշը խոշորացնող հայելու մեջ տեսավ իր պատկերն ու գոչեց.
- Ողջու՜յն քեզ, ո՜վ Նեղոսի հզոր զավակ:


* * *
Գորտը նայեց արծվի մագիլների մեջ կծկված իր ցեղակցին ու հառաչեց.
- Ափսո՜ս, աշխարհից մի կյանք էլ գնաց։


* * *
Էշին անվանեցին դոդոշ, էշը բողոքեց.
- Պատիվ եմ պահանջում։


* * *
Ճնճղուկը՝ ագռավին.
- Ագռավ դառնալու համար ի՞նչ է հարկավոր։
- Անուշ ձայն։
- Եթե անուշ ձայն ունենամ, սոխակ կդառնամ…


* * *
Վազքի չեմպիոնատում նապաստակը գրավեց առաջին տեղը։ Նրան հետապնդում էր գայլը:


* * *
Մոծակը նստեց կրիայի մեջքին ու գոչեց.
- Այո՜, իրավացի է Բրունոն. երկրագունդը կլոր է։


* * *
Շնաճանճը խճճվեց սարդի հյուսած ցանցի մեջ ու տզտզաց.
- Իսկ որտե՞ղ է արդարությունը։


* * *
Շնիկը յոթերորդ հարկից նայեց բակում գզվռտացող շներին ու նվնվաց.
- Իսկ որտե՞ղ է ձեր շնային արժանապատվությունը։


* * *
Շունը դեռ շուն չէր իսկական, այլ փոքրիկ լակոտ, երբ առաջին անգամ սկսեց հաչել բակի հավերի վրա։ Մի քիչ հասակ առավ ու հարձակվեց կատվի վրա, հետո սկսեց հաչել փողոցով անցուդարձողների վրա։
Իսկ երբ մեծացավ, դարձավ իսկական գամփռ, սկսեց հաչել լուսնի վրա։


* * *
Ձուկը ցամաքն ընկավ, բերանը բաց ու խուփ արեց.
- Խեղդվո՜ւմ եմ, օ՜դ…


* * *
Խխունջը գլուխը հանեց պատյանից ու ասաց կրիային.
- Ողջո՜ւյն, ցեղակից:


* * *
Մուկն ընկավ դատարկ կարասը, դուրս եկավ հարբած ու հոխորտաց.
- Ահա թե ինչպես են կոնծում։


* * *
Երամից ետ մնացած կռունկը հառաչեց.
- Մենակ մնացի։
- Մի՛ վախենա, ես քեզ հետ եմ,- ասաց նրա պոչին կպած ճանճը։


* * *
Բոռերը բանող մեղուներին վտարեցին փեթակից ու հարցրին մայր մեղվին.
- Մեզ էլ ի՞նչ է մնում անել։
- Քաղցից սատկել։

* * *
Ճուտիկը ձվից դուրս եկավ, թափ տվեց իրեն ու դարձավ թխսահավին.
- Անխիղճ, ինչո՞ւ ես ինձ խցկել այս դատարկ անոթի մեջ։ Բա որ խեղդվեմ...


* * *
Խոզը սպանդանոցում ճղճղաց.
- Ինձ ինչո՞ւ եք այստեղ բերել։ Ես գաստրիտ ունեմ։


* * *
Աղվեսն ընկավ թակարդը և վիզը երկարեց դեպի հավաբունը.
- Սիրելիներս, ինչո՞վ կարող եմ ձեզ լավություն անել։
- Շնորհակալ ենք, այդ մեկն էլ հերիք է,- կչկչացին հավերը:


* * *
«Դայլայլ» ակումբի տնօրեն ագռավը դուրս եկավ բեմ ու հայտարարեց.
- Չափարածտի հիվանդության պատճառով համերգը հետաձգվում է:
- Իսկ նա ի՞նչ է անում երգչախմբում։
- Ծիվ-ծիվ...


* * *
Կատուն փքվել էր.
- Ես կարող եմ մի գոմեշ ուտել։
Գոմեշը բարձրացրեց գլուխն ու ասաց.
- Խնդրեմ, արի կեր, տեսնեմ ո՞նց ես ուտում։
- Կենդանի չէ, մորթած։


* * *
Մոծակը տզտզաց փղի ականջին.
- Ես եմ, քո ցեղակիցը։
- Իսկ ինչո՞վ ես ինձ ցեղակից։
- Չէ՞ որ ես էլ կնճիթ ունեմ։


* * *
Կոճղը՝ սեպին.
- Վերջապես ի՞նչ ես ուզում ինձնից։
- Գլուխ չունեմ,- տնքաց սեպը։
- Իսկ որտե՞ղ է քո գլուխը։
- Մուրճի տակ։


* * *
Մեծատառը՝ փոքրատառին.
- Հարկավոր է հարգել մեծություններին։


* * *
Գամփռը՝ մոպսին.
- Դո՞ւ էլ ես շուն։


* * *
Անձրևորդը.
- Գիտության ու տեխնիկայի այս հզոր դարում ինչպե՞ս կարելի է կրիայի քայլերով առաջ ընթանալ։

* * *
Աղվեսն իր վանդակից նայեց առյուծի վանդակին ու ծաղրեց.
- Ողջո՜ւյն, մեծափառ արքա։ Հիմա ասա տեսնեմ՝ քո և իմ միջև ի՞նչ տարբերություն կա։
Եվ առյուծը պատասխանեց.
- Տարբերությունը մեծ է։ Ես առաջվա պես առյուծի իմ բաժինն եմ ստանում, իսկ դու՝ աղվեսի։


* * *
Խխունջը՝ կրիային.
- Ինչո՞ւ մի անգամ դուրս չե՞ս գալիս պատյանից՝ աշխարհ տեսնես։
- Իսկ ինչպե՞ս ներս մտնեմ։


* * *
Ոզնին կրիային պատերազմ հայտարարեց՝ նկատի առնելով իր սուր փշերը։ Կրիան հենվելով իր ամուր զրահի վրա, պատասխանեց.
- Դուք արդեն պարտված եք։


* * *
Նա քելեխից ընկավ հարսանքատուն և առաջարկեց «երկու ծաղիկների» անթառամ հիշատակը հարգել հոտնկայս։


* * *
Պետը ձիուց ընկավ, ջարդեց ոտքն ու գլուխը և սկսեց վայնասուն բարձրացնել։
- Դե ի՞նչ ես քեզ սպանում,- նախատեց կինը:- Ձիուց ես ընկել, հո աթոռից չես գլորվել:


* * *
Պետը հոխորտաց.
- Այս սեղանի ետևում նստածը ես եմ, և իմ խոսքն օրենք է:
Աթոռը ճռճռաց.
- Իսկ քեզ պահողն ո՞վ է։


* * *
Նա այնքան մեծ կարծիք ունի իր մասին, որ կարող է բոլոր ենթականերին ազատել. «Կոլեկտիվն այդ ես եմ»։


* * *
Նա երկու ձեռք ունի։ Մի ձեռքով իր շեֆի ոտքի տակ հոր է փորում, մյուս ձեռքով՝ այդ հորի վրա գորգեր փռում։


* * *
Բյուրոկրատն ամուր էր կառչել իր աթոռին, աթոռին էլ կառչած մեռավ։ Թերթում գրեցին. «Նա մեռավ իր պոստում»։


* * *
Փողի կարիք էր զգում՝ «Մոսկվիչը» վաճառեց՝ «ժիգուլի» գնեց։ Եթե մի անգամ էլ փողի կարիք զգա, «Ժիգուլին» անպայման կծախի և «Վոլգա» կգնի։


* * *
Որդու անունը Պետիկ դրեց, բայց երբ Պետիկը մեծացավ, այդպես էլ չարդարացրեց իր հոր հույսերը. նա ամբողջ կյանքում մնաց տեղակալ։


* * *
Ավագ Բարսեղովիչը շատ համեստ մարդ է. ժողովներում միշտ նստում է վերջին շարքում, որպեսզի չանհանգստացնի ժողովականներին իր խռմփոցներով։


* * *
Ուղտը հարցրեց ձիուն.
- Եթե չլինեին իմ սապատները և ծուռ-ծուռ ոտքերը, պատկերացնո՞ւմ ես, թե ինձնից ինչ դուրս կգա։
- Հիանալի ավանակ։


* * *
Ոսկե ատամը պարծենում էր.
- Ես ազնիվ մետաղ եմ։
Բնական ատամը պատասխանեց.
- Միևնույն է, կեղծ ես։

* * *
Նա իր պետին անվանեց հանճար, պետը խիստ վիրավորվեց:
Մարդը նոր էր աշխատանքի ընդունվել, որտեղի՞ց իմանար, որ պետի անունն իսկապես Հանճար է և նրան պիտի կոչեր՝ Հանճար Մարկոսովիչ։


* * *
Իր գրասեղանի ետևում վագր է, պետի գրասեղանի առջև՝ կատու։ Դե՛ ի՞նչ կա որ. կատուն ու վագրը ցեղակիցներ են։


* * *
Տզրուկը.
- Իմ բժշկական երկարամյա փորձով հանգել եմ այն ճշմարտությանը, որ արյունը կարմիր գույն ունի։


* * *
Ավանակը՝ զեբրի մասին.
- Նավաստի լինելը նավաստի է, բայց ինչո՞ւ սմբակներ ունի։


* * *
- Վովա փիղը վշտից կատաղել է։
- Իսկ ի՞նչ է պատահել։
- Նրան բաժանել են իր կողակցից։
- Ուրեմն՝ ոչ թե վշտից է կատաղել, այլ ուրախությունից է խենթացել։


* * *
Քաջ Նազարը.
- Թումանյան Օհանեսն իմ մասին գրեց՝ անմահացավ։ Իսահակյան Ավետիքը գրեց՝ անմահացավ։ Դերենիկ Դեմիրճյանն ինձ թատրոն սարքեց՝ անմահացավ։ էլ ի՞նչ եք ուզում, աշխարհին երեք մեծ գրող եմ տվել։


* * *
Գաճաճ թուփը՝ կաղնուն.
- Մինչև ե՞րբ պիտի մնամ քո ստվերի տակ։
- Մինչև իմ տապալվելը։
- Դա ե՞րբ կլինի։
- Երբ դու այլևս չես լինի։


* * *
- Ես թռչում եմ,- կռկռաց գորտը և քարից ցատկեց ճահճի մեջ:
- Իսկ ինչո՞ւ ոչ թե դեպի վերև ես թռչում, այլ ներքև,- հարցրեց ձուկը։
- Որովհետև Նյուտոնի օրենքն այդպես է պահանջում:


* * *
Հնդկահավը ոսկու մի հատիկ գտավ, կուլ տվեց և ավելի փքվեց.
- Ես,- ասաց,- աշխարհի ամենաթանկարժեք թռչունն եմ։ Տերը չգիտեր այդ մասին, և նա շուկայում փքվածին վաճառեց… իր իսկ արժեքով։


* * *
- Եվ այսպես«- շարունակեց գիտությունների դոկտոր բուն,- Քրիստափոր Կոլումբոսն աշխարհում առաջինը հայտնաբերեց այն մայրցամաքը, որ կոչվում է Ամերիկա։
- Սխալ է,- կռնչաց ագռավը:- Իմ նախապապը Կոլումբոսից առաջ էլ ապրել է Ամերիկայում։

* * *
Հարբած մուկը կատվի ճանկն ընկավ ու սկսեց.
- Թաթերդ հեռու, ես առյուծն եմ։
- Բան չկա,- պատասխանեց կատուն,- մուկ չեղած դեպքում մենք առյուծ էլ ենք ուտում։


* * *
Աղվեսը.
- Եթե ես չլինեի, Եզոպոսը հազիվ մեծ առակախոս դառնար։


* * *
Հեռուստացույցը՝ անտենային.
- Ես տեխնիկայի վերջին խոսքն եմ։
- Միևնույն է, ես քեզնից ավելի բարձր եմ կանգնած։


* * *
Դուռը հոխորտաց.
- Գիտե՞ք, թե ես ով եմ։
- Իմ խոնարհ ծառան,- պատասխանեց բանալին։


* * *
Ֆուտբոլի գնդակը հպարտությունից փքվել էր.
- Քանի՜-քանիսին եմ դարձրել սպորտի վարպետ։


* * *
- Երկրագունդն իմ կրկնօրինակն է,- ասաց ձուն։
- Ոչ թե քո, այլ իմ արտադրանքի կրկնօրինակն է,- ուղղեց հավը։


* * *
Դդումն այնպե՜ս էր փքվել.
- Ես ոսկու և մեղրի գույն ունեմ։
Սեխը պատասխանեց.
- Միևնույն է, դդում ես:


* * *
- Մի քիչ բարձր, չեմ լսում,- գոռաց բարձրախոսը հեռախոսի ականջին:
- Չեմ կարող, գաղտնիք է... աշխարհով մեկ կանես։


* * *
Նապաստակը.
- Եթե փղի կնճիթն իմը լիներ՝ ո՞վ կհամարձակվեր կողքովս անցնել։


* * *
Նվնվանը.
- Իսկ որտե՞ղ են այդ գիտությունն ու տեխնիկան, ձուն առաջվա պես ձեռքով ենք կլպում։


* * *
Ցուլը՝ ցլամարտիկին.
- Ապերախտ, հացդ ու փառքդ ինձնով ես վաստակում և ինձ սպանում ես։


* * *
Վերջակետը.
- Ես իմ խոսքն արդեն ասացի։

* * *
Ծխնելույզը.
- Քանի՜ տարի է՝ ծխում եմ... Թե որ ինձ մնար, վաղուց կթողնեի այդ վնասակար սովորությունը։


* * *
Կապիկը՝ երեխաներին.
- Բալիկներս, ինչո՞ւ եք ծիծաղում, չէ՞ որ ես ձեր նախահայրն եմ։ Մեծերին պիտի հարգել:


* * *
Արցունքը.
- Ես այն թուլությունն եմ, որով կանայք հաղթում են իրենց ամուսիններին։


* * *
Խոզը.
- Մորթեցեք ինձ, քերթեցեք ինձ... Բայց միևնույն է, այդ հարցում ես ձեզ հետ համամիտ չեմ։


* * *
Թիթեռը.
- Տարին ունի երեք եղանակ՝ առավոտ, կեսօր, գիշեր։


* * *
Մուկը.
- Իմ կարծիքով՝ կատվի ճանկերն ու ատամներն ավելորդ են:


* * *
Բյուրոկրատը.
- Այս տեղեկանքում թույլ է տրված կոպիտ սխալ՝ պետի և քարտուղարի ստորագրությունների միջև համապատասխան տարածություն չի պահպանվել:


* * *
Արագիլը.
- Ես մի ոտքի վրա կանգնում եմ ոչ թե հանգստանալու նպատակով, այլ աշխարհի բեռը թեթևացնելու համար։


* * *
Հեռախոսը.
- Խոսելու կուլտուրան սովորեցեք ինձնից, ի՞նչ եք գոռգոռում:
Բոռը.
- Եթե ես մեղր չեմ պատրաստում, այդ չի նշանակում, թե դեմ եմ մեղր ուտելուն։


* * *
Սիրամարգը.
- Կարևորը ձևն է և ոչ թե բովանդակությունը... Ճաշակի հարցում չեն վիճում։


* * *
Հոպոպը.
- Սեփական բո՞ւն... Ներեցեք, ես դեմ եմ մասնավոր սեփականությանը։


* * *
Հավակնոտը.
- Հանճարները զերծ չեն թերություններից՝ Հոմերոսը կույր է եղել, Բայրոնը՝ կաղ, Բեթհովենը՝ խուլ… Երևի իմ թերությունն էլ իմ գրչի մեջ է։


* * *
Ավանակը բռնեց կռունկին, կտրեց կտուցի ու ոտքերի կեսը, քանդեց պոչը:
- Այդ ի՞նչ ես անում, անխիղճ,- բողոքեց կռունկը:
- Խմբագրում եմ:


* * *
Կենդանաբանական այգում էլ չկա հավասարություն,- բողոքեց աղվեսը:- Հապա նայեցե՜ք, ընձուղ-տին հսկա մի վանդակ են տրամադրել, իսկ ինձ խցկել այս փոքրիկ արկղիկը:


* * *
Ապաշնորհը.
- Ես արդեն ստեղծել եմ իմ գրական շկոլան։ Մեր գրողների ութսուն տոկոսը օգտվում է այն թանաքից, որով ես եմ գրում։


* * *
Նրա կյանքը պայքար էր աթոռի համար։ Հետաքրքիր է, այդ փառամոլը զգո՞ւմ էր, որ քառասուն տարվա համառ պայքարով նվաճած աթոռը պիտի կորցնի մի օրում։


* * *
Հայտնի առակում սայլը տեղից չշարժվեց, որովհետև կարապը, գայլաձուկը և խեցգետինը այն քաշում էին տարբեր ուղղություններով։
Բայց ահա եկավ ավանակը, նայեց անշարժ սայլին ու ասաց.
- Անիվները խանգարում են, հարկավոր է հանել։


* * *
Առյուծի մահից հետո վագրը տապալեց նախկին արքայի կիսանդրին ու հրովարտակ արձակեց.
- Այսուհետև մեզ մոտ վերանում է անձի պաշտամունքը:
- Կորչի անձի պաշտամունքը, կեցցե՛ վագր արքան՝ մեծ ու իմաստուն,- գոչեց աղվեսը և թափուր պատվանդանին ցցեց վագրի կիսանդրին:


* * *
Ինչպես ասված է առակում՝ ագռավը մի գունդ պանիր առավ ու թառեց ծառին։ Աղվեսը կանգնեց ծառի տակ, փառաբանեց ագռավի անուշ ձայնն ու խնդրեց մի բան երգել։
Ագռավը, ինչպես ասված չէ առակում, կուլ տվեց մի գունդ պանիրն ու գոռաց.
- Ապո՛ւշ, ես դիրիժոր եմ և ոչ թե երգիչ։


* * *
Արջին նշանակեցին մթերային խանութի վարիչ։
Պահեստի դռնով ներս մտավ ու գոռաց տեղակալ գայլի վրա.
- Չե՞ս տեսնում, որ այս դուռը վրաս նեղ է գալիս։
- Բայց դուք ազատորեն ներս մտաք։
- Անհեռատես հիմա՛ր, իսկ երկու ամսից հետո ինչպե՞ս պիտի դուրս գամ։


* * *
Ուղտը հարցրեց փղին.
- Իսկ արենայում ծա՞նր է քո աշխատանքը։
- Ծանր չէ, բայց ստորացուցիչ է։
- Ի՞նչ ես անում։
- Չոքում եմ, նստում, պառկում, պարում…
- Բայց այդտեղ ի՞նչ ամոթալի բան կա, դու պարզապես կրկնում ես ինձ։
- Ահա հենց դա է ստորացուցիչը։


* * *
Կատուն ընկավ անտառ ու հայտարարեց.
- Ես Չինգիզ խանն եմ, Չինգիզ խա՜նը…
Չգիտես որտեղից վագրը կտրեց նրա ճանապարհն ու մռնչաց.
- Դու որ Չինգիզ խանն ես, բա ես ո՞վ եմ, հիմա՛ր։
Կատուն ակնածանքով խոնարհեց գլուխը.
- Ձերդ գերազանցություն, դուք էլ Նապոլեոն Բոնապարտն եք։


* * *
Գոմեշը նայեց գոմաղբի մեջ քուջուջ անող աքլորին ու հարցրեց.
- Այդ ի՞նչ ես որոնում։
- Ոսկի:
- Հիմար, եթե իմ փորում ոսկու հանք լիներ, տերս պոչիս տակ քթոց կկախեր, այդ աղբն էլ դեն չէր նետի։


* * *
Ճահիճը.
- Իմ ժամանակին ես էլ օվկիանոս էի... Այդ անիծված գորտերն այնքան կռկռացին, որ դարձա ճահիճ...


* * *
Նա այնքան էր ուզում հիմնարկում լինել առաջին դեմք և այնքան պայքարեց այդ դեմքի համար, որ ամբողջ կյանքում մնաց անդեմք։


* * *
Ծառի բարձր ճյուղից դդումը նայեց իր թաղին ու ծիծաղեց.
- Ողորմելի՜, հապա տես որտեղից որտեղ եմ հասել...


* * *
- Ինչո՞վ ես ինձնից բարձր,- ասաց ճագարը փղին:- Ես մի տարում տասնյակ ձագ եմ ծնում, իսկ դու յոթ տարում՝ մի ձագ:
- Բայց ես փիղ եմ ծնում, ոչ թե ճագար:


* * *
Սագին հարցրին.
- Դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում:
- Մեծն Դյուման ու Շիլլերն իրենց գլուխգործոցները իմ փետուրներով են գրել:


* * *
Ջորին.
- Իմ նախորդների ապօրինի հարաբերությունները ստիպում են ինձ լինել բարոյապես մաքուր։


* * *
Ընձուղտը հպարտությունից փքվել էր.
- Ինձ ամենաբարձր վանդակն է բաժին հասել:


* * *
Վառեկը սկսեց ծաղրել բակի հավերին.
- Ապրում եք ատոմի դարում և տեխնիկայից ոչինչ չեք հասկանում։
- Իսկ դու տեխնիկայից ի՞նչ ես հասկանում,- հարցրին հավերը։
- Տգետներ, ես ինկուբատորից եմ գալիս։


* * *
Նապաստակը ժողովում արջին անվանեց բյուրոկրատ, գայլին՝ թալանչի, բորենուն՝ գող և մնաց անպատիժ։ Չէ՞ որ դրանից առաջ նա առյուծին անվանել էր իմաստուն, վագրին՝ մեծահոգի, փղին՝ ուսուցիչ։


* * *
Տգետը.
- Արքիմե՜դը... Ի՞նչ է, նա Պելեից մե՞ծ մարդ է...


* * *
Խոզն աղբանոցում խռնչաց.
- Ահա և դրախտը:

No comments:

Post a Comment