11 November, 2013

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» դրամայից


ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԲՈՂՈՔԸ

Օ՜, տեր իմ, տուր ինձ ուժ ու զորություն,
Որ ճանապարհիս ինձ չկորցնեմ,
Տուր իմ մտքերին այնքան խորություն-
Արդարությունս արդարացնեմ։
Տո՛ւր արիություն ու կամք մի համառ՝
Ամեն զուռնայի ձենից չպարեմ,
Մի խակ ու թթու խնձորի համար
Ծառն ամբողջովին չթափահարեմ։
Տո՛ւր ինձ այնպիսի նուրբ լսողություն-
Չխաբվեմ-տարվեմ դատարկ կանչերից,
Եվ այնպիսի ձայն, որ այս աշխարհում
Բան հասկացնեմ խլականջներին։
Տո՛ւր ինձ այնպիսի մի համառություն-
Շաղակրատին չծափահարեմ,
Փղի կամ ուղտի համբերություն տուր-
Հարկ եղած դեպքում լեզուս ինձ պահեմ։
Տո՛ւր ինձ այնքան ուժ, որ կարողանամ
Այս տգետներին զուր չդրվատել,
Կախարդանք՝ փակված դռները բանամ,
Գլուխ չթեքեմ հիմարների դեմ։
Տո՛ւր ինձ իրավունք և ոգու ուժ տուր-
Ապուշի վրա ես էլ մատ ճոճեմ,
Եվ տեր իմ, տուր ինձ համարձակություն,
Որ իրերն իրենց անունով կոչեմ։
Ձգողության ուժ տուր ինձ մագնիսի,
Որ ոսկուց ժանգոտ երկաթը զատեմ,
Եվ կարողություն, որ իմ ոսոխին
Ոսոխի նման մինչև վերջ ատեմ։
Տո՛ւր ինձ այնպիսի մի հաստատ հավատ,
Որ իմ հավատը չդավեմ հանկարծ.
Հեռու պահիր ինձ մարդկանցից կավատ
Ու զավզակներից նենգ ու բերանբաց։
Ա՛խ, տե՛ր իմ, տուր ինձ նաև չարություն,
Որ բարությանս գինը իմանամ,
Փխրունությանս կարծրություն տուր,
Որ ամեն ցավ ու վերքի դիմանամ...
Օ՜, տեր իմ, տուր ինձ,
Տո՛ւր ինձ, օ՜, տեր իմ։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Ա՛խ, մարդիկ, մարդիկ,
Ախր աշխարհին այդ ի՞նչ եք տվել,
Որ ետ վերցնել չեք կարողանում...
Մեկը մյուսիս ցավը տանելով այսպես ապրում ենք,
Մեկը մյուսիս ցավը տանելով իրար խաբում ենք.
Մեկը մյուսիս լցրած բաժակով խմում-հարբում ենք,
Մի արշին առած՝
Մեկը մյուսիս անվերջ չափում ենք։
Մեկը մյուսիս շնորհավորում
Բաժակ-կենացով փքուն ու շինծու,
Իրար այնքա՜ն ենք սիրուն խոսքերով ստից մեծարում,
Որ մեծերն իրենց գերեզմաններից
Մեր գլուխգովան հերն են անիծում։
Գրկում, համբուրում ու ջան ենք ասում մեկը մյուսիս,
Որ իբր տեսեք, սիրում ենք իրար, հոգի չենք ծռում,
Բայց հետո գաղտնի մեկը մյուսիս ջաղացի ջուրը
Գնում շուռ տալիս,
Մեր բոստանների պղպեղն ենք ջրում։
Մեկը մյուսիս քնքուշ շոյելով-
Մեր իլիկով՝ մեր որոգայթների թելը մանում ենք,
Մեկը մյուսիս աչքին նայելով-
Օրը ցերեկով մեկը մյուսիս աչքը հանում ենք։
Մեր չեղած փառքը երկինք ենք հանում,
Մեկը մյուսիս ձեռքի մեջ խրած փուշը հանում ենք,
Վրան... աղ ցանում։
Դեմ-դիմաց իրար միշտ հաստատում ենք,
Իրար քարկոծում՝ իրարից թաքուն,
Մեր ճանապարհը մեկտեղ հարթում ենք,
Իրարից ծածուկ հարթածը քանդում։
Դհոլ-զուռնայով մեկը մյուսիս փառաբանելով՝
Եղինջի նման տակից դաղում ենք,
Եվ հաջորդ օրը դուդուկ-թմբուկով
Մեկը մյուսիս տանում-թաղում ենք։
Կյանք է, խաղում ենք։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՂՈԹՔԸ

Մեղա՜ քեզ, աստված...
Եթե դու ունես ամբարած քո մեջ այդքան զորություն,
Տո՛ւր հոգուս կորով, սրտիս մխիթարանք, մեղքիս՝ թողություն,
Տո՛ւր այնպիսի ուժ, որ համբերությամբ իմ խաչը տանեմ,
Եվ այնպիսի խելք, որ ծուռ մտքերը իմ գլխից վանեմ։
Լսի՛ր ինձ, տե՜ր իմ, ամենակարող,
Այս փուչ աշխարհում այնքան բաներ կան, տանել չեմ ուզում.
Այդ ինչի՞ համար տերը քացի տա,
Սակայն նոքարը կոչվի անասուն.
Մի՞թե չի զգում ամենազորեղ երկնային տերը,
Որ առանց պոչի չեն կարող ապրել շողոքորթները։
Եթե աստված ես, ինչո՞ւ ես թողնում լիրբը սրբանա,
Ինչո՞ւ մենք դատենք, իսկ չդատողը ուտի, լրբանա.
Թե հավասար են աշխարհում ամեն մի մահկանացու,
Այդ ինչո՞ւ իմ և մելիքի միջև սահման ես գծում.
Ինչո՞ւ դու նրան տալիս ես այնքան, որքան ուզում է,
Իսկ ով որ չունի՝ նրան խուզում ես։
Ներիր, ես ծուռ եմ, խելառ ու խենթ եմ, լեզու ունեմ սուր,
Զի այս աշխարհում ճշմարտությունը խենթերն են ասում։
Թե որ ուժ ունես՝ տուր ինձ զորություն՝ չվիճեմ քեզ հետ,
Բերանս փակիր՝ համր քար դառնամ, լեզուս ինձ պահեմ։
Թե որ արդար ես՝
Ինձ ու մելիքին մի աչքով նայիր,
Թե որ սատար ես՝
Եկ բեռս կիսիր ու ինձ հետ քայլիր.
Քո իմաստությամբ հրաշքներ գործիր՝
Թե որ ճարտար ես,
Ախր ինչո՞ւ ես դու այդքան իջել-
Թե որ կատար ես։
Չէ, խոսքը մեր մեջ, ո՜վ երկնային տեր,
Դու անուն ունես, սակայն չունես խելք,
Չի՞ լինի, արդյոք, տեղներս փոխենք,
Փոխենք մեր դերը առանց երկյուղի-
Թող ես սուրբ կոչվեմ,
Դու՝ Պըլը-Պուղի։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՑԱՍՈՒՄԸ

Ես ծաղրել եմ ու ծանակել սուրբ հայրերին այն կեղծավոր,
Որոնք աստծո փեշը բռնել
Ու տեր աստծո անունով են
Մեր հավատն ու խիղճը խժռել։
Ես ծաղրել եմ ու ծանակել հուդաներին այն եղծավոր,
Որոնք իրենց անմարդկային կշեռքով են
Մեր մարդկային ըմբոստ ոգու ճիչը կշռել։
Ես ծաղրել եմ ու ծանակել այն ստրկահաճ հպատակին,
Որ ջարդվել է կրունկի տակ դաժան տիրոջ,
Սակայն նորից սողացել է ու պատժողի աջն համբուրել։
Ես ծաղրել եմ ու ծանակել մարդուկներին այն երկդեմի,
Որ դավել են բազում անգամ հավատն իրենց,
Բայց և այսօր հանդգնում են Քրիստոսի խաչն համբուրել։
Օ՜, բազում են իմ մեղքերը,
Ոչ դրախտում ես տեղ ունեմ,
Ոչ դժոխքում այն ահավոր.
Ծիծաղել եմ ու ծիծաղիս համար հաճախ լաց եմ եղել,
Լաց ու ծիծաղ իրար խառնած՝
Անցել եմ իմ ճանապարհով...
Իսկ դուք բերել, գլխիս ահա խեղկատակի գլխարկ դրել,
Ինձ խելառ ու խենթ եք կոչում։
Այս ծռված ու փուչ աշխարհում,
Այս զնդան ու մուրճ աշխարհում,
Այս անսիրտ ու մունջ աշխարհում
Ես չգիտեմ՝ որտեղ կորչեմ։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ

Կամոք Աստծո՝ ծնված օրից էլ ես հողապաշտ եմ,
Թե այս կյանքի հետ մեկ-մեկ անհաշտ եմ,
Այդ նրանից է, որ դուք ուզում եք ինձնից ինձ վանել
Եվ հողապաշտի իմ այս հավատը իմ մեջ սպանել։
Իսկ ես ստիպված գլխիս դնում եմ միմոսի գդակ,
Ճշմարիտ խոսքը ներկայացնում որպես սոսկ կատակ։
Ես ծիծաղում եմ արցունքիս միջից, ձեր ծուռը հարթում,
Ծիծաղս տեսնում, սակայն արցունքս դուք չեք նկատում։
Գլխից ձեռք քաշած լարախաղի պես
Կանգնում եմ թոկին ու թափահարում,
Բայց ամոթ ի ձեզ՝
Շներին կապկող խեղկատակին եք դուք ծափահարում։
Ես ճամփի վրա խնձորի ծառ եմ հավիտյան անտեր
Եվ ամեն համբակ պարտք է համարում վրաս քար նետել։
Ես աստվածադավ և աստվածապիղծ մի կռապաշտ եմ,
Ծուռ ու անհաշտ եմ,
Խելառ ու խենթ եմ, լեզու ունեմ սուր,
Զի այս աշխարհում ճշմարիտ խոսքը խենթերն են ասում։
Թե որ ուզում եք՝ հերետիկոս եմ,
Ինձնից հանեցեք իմ ըմբոստ ոգին
Եվ ենթարկեցեք սուրբ Քրիստոսի անլուր տանջանքին,
Միայն խնդրում եմ՝ այնպես կտրեցեք իմ այս վիզը խեղճ,
Որ Ղարաբաղը չսպանեք իմ մեջ։
1975 թ.



ՄԵԼԻՔ ԵՍԱՅՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ձերը լինեն ու ձեզ մնան պարտեզները ոսկեբեհեզ,
Հայրենաշեն մեր լեռների մի չոր քարն էլ հերիք է մեզ։
Ձերը լինեն ու ձեզ մնան պալատները ձեր փառավոր,
Մենք մեր անշուք խրճիթի մեջ և՛ իշխան ենք, և՛ թագավոր։
Ձերը լինեն ու ձեզ մնան հարեմները ձեր հեշտագին,
Մեր օրենքով սերը մեկն է, մենք տրված ենք միայն մեկին։
Ձերը լինեն ու ձեզ մնան աղոթքները ձեր մոգերի,
Մենք մեր ամուր հավատն ունենք, մեր հավատին ենք մենք գերի։

Ձերը լինեն ու ձեզ մնան և՛ գահ, և՛ թագ, և՛ փառք, անուն,
Սակայն այնպես դուք ապրեցեք այս աշխարհում,
Որ այլևս ձեր դաշտերի ագռավները մեր լեռներում չկռնչան,
Մեր սանձակոծ նժույգները ձեր դաշտերում չխրխնջան,
Մեր լեռների ջինջ գետերը չպղտորվեն ձեր հանդերում,
Ձեր աշխարհի սև հողմերը չգալարվեն մեր արտերում,
Ձեր կռվատենչ զինվորները մեր լեռներում չհառաչեն,
Մեր լեռների կայծակները ձեր աշխարհում չշառաչեն։



ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Վատ երազ տեսա՝ իբր մեռել եմ ու թաղող չկար,
Աղունս աղել, ջաղաց են տարել ու աղող չկար,
Թագուհի կինս կարմիր էր հագել, ո՜նց էր պար գալիս,
Ծով այգիներս լցվել բարիքով ու քաղող չկար։

Եվ հետո տեսա ճերմակ ձին հեծած Ծմակի մարդուն,
Որ թուրն էր ճոճում, ինչպես այդ կաներ հաղթողը մարտում,
Սուրբ հայրապետը նստել խորանում, սաղմոս էր կարդում,
Լքված ու անտեր դիակիս վրա խունկ վառող չկար։

Եվ Տիզակի տեր Մելիք Ավանին երազում տեսա,
Բռնեց օձիքս ու խոսեց էսպես՝ դավաճան փեսա,
Արդյոք կո՞ւյր ես դու, մի՞թե չես տեսնում, Ղարաբաղն է սա,
Քելեխիդ ալյուրն արդեն պատրաստ է, բայց մաղող չկա։

- Հե՜յ, հ՜եյ,- գոչեցի,- անաստված մարդիկ, կենդանի եմ դեռ,
Սա Վարանդան է, ու ես եմ նրան տիրակալ ու տեր,
Թուրս տվեք ինձ և շուտ բերեք ձիս, ես դեռ չեմ մեռել...
Ձայնս գալիս էր էն մութ աշխարհից ու լսող չկար։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԽՐԱՏԸ

Ապրելն ապրել է, ուրեմն եկեք մեծ հոգով ապրենք,
Ատելն ատել է, էլ ինչո՞ւ խաղանք, մինչև վերջ ատենք,
Հարբելն հարբել է, հերն էլ անիծած, մինչև վերջ հարբենք,
Բայց եկեք դնենք մեր խիղճը մեջտեղ՝ իրար չխաբենք։

Հավատն հավատ է, մեր հավատամքին հավատով մնանք,
Մեր լիքը սրտով, մեր լիքը գինու գավաթով մնանք,
Արդարության հետ, արդարության պես անվրդով մնանք,
Աշխարհին դեռ բան ունենք ասելու, կավատ չմնանք։

Իրար չկեղծենք, իրար չպղծենք, իրար չթաղենք,
Մեկը մյուսիս աչքին նայելով՝ տակից չդաղենք,
Եթե ծիծաղ է, ուրեմն եկեք այնպես ծիծաղենք,
Որ կյանքի վրա մեր այդ ծիծաղով արատ չմնանք։

Մեր լեռների ու ժայռերի նման կուռ ու վես մնանք,
Քանի ապրում ենք, մեր հանդում բուրող ուրցի պես մնանք,
Եվ Պըլը-Պուղին ասաց՝ հազա՜ր փառք մեր հող ու ջրին,
Մեր թոռների ու ծոռների աչքում պարզերես մնանք։



ՎԱՍՆ ՀՈՒԴԱՅՈՒԹՅԱՆ

Օ՜, Հուդա, Հուդա,
Դու չես վերանա, քանի որ ծնվել
Ու կծնվեն դեռ նոր Քրիստոսներ,
Նոր առաքյալներ կգան ասպարեզ-
Սուրբ Քրիստոսի լուսապսակով,
Միշտ էլ աշխարհում կշարունակվես,
Քանզի ապրում են հետնորդները քո։

Նոր ուժ ու կորով կառնեն քեզանից
Թոռնեթոռներն ու ծոռները Նեռի,
Համբույրներով ու երդումներով պիղծ-
Հարություն առած կքայլեն նորից.
Բանսարկուների դու քաջ դաշնակից,
Հզոր բարեկամ շողոքորթների։

Նոյից մինչ այսօր անհետ, անանուն
Կորել են քանի՜-քանի ազգ ու ցեղ,
Բայց դու անմահ ես, քանի աշխարհում
Հուդայությունը դեռ չի վերացել։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ

Դուք կթաղեք ինձ Սինգարա սարում,
Սինգարա սարի բարձր կատարին,
Ուր գարնան հովն է ծաղկանց հետ խաղում,
Սաղմոս է կարդում կաքավը քարին։

Չհնչեցնեք զանգեր աղոթքի,
Ինձ հարկավոր չէ և սուգը իմ տան,
Վարդապետները թող պատարագիս
Անմահ Քուչակի տաղերը կարդան։

Ոսկու, արծաթի ես աչք չեմ տնկել,
Գլուխ չեմ գովել, ստից չեմ ճառել,
Կյանքս ապրել եմ անդավ ու անքեն,
Ոչ կաշառել եմ, ոչ էլ կաշառվել։

Չեմ խաբել երբեք ոչ ինձ, ոչ էլ ձեզ,
Աղունս առանց հերթի չեմ աղել,
Բայց պատահել է, եղել է այնպես,
Որ գետի վրա ալյուր եմ մաղել։

Ինձ հարկավոր չեն մարմարե դամբան,
Իշխանավորի փառահեղ թաղում,
Տրեխներով եմ անցել իմ ճամփան,
Տրեխներով ինձ դրեք դագաղում։

Դրախտ ու դժոխք ինձ համար մեկ են,
(Թե մեղք եմ անում, տե՜ր աստված, ներիր),
Պըլը-Պուղին եմ, այն աշխարհում էլ
Ես պիտի պայտեմ սատանաներին։

Եվ պաղատում եմ, քար դրեք վրաս,
Մի հասարակ քար, մամուռը կողքին,
Այդ քարի վրա գրեցեք միայն.
«Այստեղ հանգչում է մեր Պըլը-Պուղին»։

1975-1978 թ.

No comments:

Post a Comment