22 April, 2014

Հարևանություն


Ես և Սեդրակ Մարգարիչը տասը տարվա պատը պատին հարևաններ ենք, և այդ տասը տարում իրար դեռ ոչ մի անգամ ցուրտ խոսք չենք ասել։ Բնակարանամուտի առաջին օրը նստած հեռուստացույց էի դիտում, մեկ էլ հանկարծ՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, և միջնապատի ծեփը շռնդալով թափվեց նոր գնած բազմոցի վրա։

- Սեդրակ Մարգարի՛չ,- գոռացի,- այդ ի՞նչ բանի եք։
- Բան չկա, հարևան ջան,- պատասխանեց,- մի երկու մեխ է, հիմա կվերջացնեմ։
Երբ նա վերջացրեց իր երկու մեխը, ես իսկույն խանութ վազեցի, կես կիլո մեխ գնեցի ու սկսեցի շարել պատին՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ...

Հիմա էլ Սեդրակ Մարգարիչը սկսեց այն կողմից.
- Արամ Ազատի՛չ, ի սեր աստծո, մի քիչ կամաց, պատին սվաղ չմնաց։
- Բան չկա, Սեդրակ Մարգարիչ,- պատասխանեցի,- մի կես կիլո մեխ է, շուտով կվերջացնեմ։

Երկու ամսից հետո Սեդրակ Մարգարիչն իր կնոջ ծննդյան օրն էր նշում։ Բաժակաճառեր, ծափ, ծիծաղ, աղմուկ ու աղաղակ։ Մրցություն էր ծավալվել, բոլորն էլ ուզում էին մեկը մյուսից բարձր գոռալ։
Բռունցքով ծեծեցի պատը՝ չլսեցին։ Կոշիկներով ծեծեցի՝ չլսելուն դրեցին։ Սկսեցի մուրճով ծեծել։

- Սեդրակ Մարգարի՜չ, խնդրում եմ մի քիչ կամաց, գլուխս պայթում է։
Սեդրակ Մարգարիչը գինով էր, բարձր տրամադրությամբ պատասխանեց.
- Հարևան ջան, ցավդ տանեմ, խնդրում եմ վատ բան չկարծես, այս աղմուկը բարի նպատակների աղմուկ է։

Հաջորդ կիրակի հավաքեցի մեր բակի հայտնի աղմկարարներին ու սկսնակ կլարնետիստներին և կնոջս ծննդյան օրն այնպիսի մակարդակով նշեցի, որ Սեդրակ Մարգարիչի նյարդերը չդիմացան, գլուխն առավ ափերի մեջ ու շատ քաղաքավարի բղավեց.
- Արամ Ազատի՛չ, ախր, գիշերվա ժամը մեկն է:
- Խնդրում եմ ներող լինեք, հարևան ջան,- պատասխանեցի,- այսօր կնոջս ծննդյան օրն է, կաշխատեմ առավոտյան ժամը վեցին լավ հարևանների կենացով ամեն ինչ հաջողությամբ վերջացնել։

Ձմեռնամուտին Սեդրակ Մարգարիչն իր բնակարանում վառարան դրեց, և խողովակը հրացանի փողի պես ուղղեց դեպի մեր պատշգամբը։
- Սեդրակ Մարգարի՜չ,- ասացի,- թույլ տվեք իմանալ, այս ի՞նչ ծուխ է։
- Բան չկա,- պատասխանեց,- փայտ չունենք, թեփ ենք վառում։

Ես, առանց երկար-բարակ մտածելու, իսկույն մեր վառարանի խողովակը հեռահար հրանոթի փողի պես ուղղեցի դեպի նրանց պատշգամբը։
- Արամ Ազատի՜չ,- վիզը պատշգամբից ձգեց Սեդրակ Մարգարիչը,- ախր, խեղդվեցինք, այս ի՞նչ զզվելի ծուխ է։
- Դատարկ բան է,- պատասխանեցի,- մազութ չեմ գտել, ստիպված սոլյարկա ենք վառում։

Սեդրակ Մարգարիչն իր աղջկա համար դաշնամուր գնեց, իսկ ես դաշնամուրի ձայնը խլացնելու նպատակով, տղայիս համար դհոլ գնեցի, ինձ համար՝ զուռնա, կնոջս համար՝ գալարափող, աղջկաս համար՝ ջութակ։
Սեդրակ Մարգարիչը մի պստիկ շուն գնեց, իսկ ես մեր բնակարանում տեղավորեցի գայլախեղդ հսկա մի գամփռ։ Երբ այն կողմից Սեդրակ Մարգարիչի խղճուկ շնիկը «ծա՛վ-ծա՛վ» էր անում, մեր գամփռն այնպիսի բասով էր պատասխանում, որ ամբողջ շենքը դղրդում էր։

Եթե վաղը Սեդրակ Մարգարիչը հանկարծ փորձի իր բնակարանում արջ պահել, ես Աֆրիկայից կամ Հնդկաստանից փիղ բերել կտամ։

No comments:

Post a Comment