Նազար-նամե (պոեմ)

 

    ՆԱԽԵՐԳ

Եվ մեր ասքը վիպենք այսպես՝
    Փա՛ռք Նազարին
    Նազարասիրտ,
    Փա՛ռք ու պատիվ
        հազարական.
    Փա՛ռք Նազարին,
    Նրա գահին,
    Նրա թագին
        Նազարական,
Եվ փա՛ռք նաև արքայական՝
Արքայուհուն՝ Փեփուշ խանում,
    Փա՛ռք իշխանին
    Մազրանանուն,
Եվ հետո փառք մտքի մերան
Ուստիանին մեծաբերան,
    Ու նրա հետ
    Տեր-վարժապետ
Բաղդասարին ասենք և փա՛ռք,
Հոգուն՝ կորով, մտքին՝ սխրանք,
    Եվ Ղուզղունին
    Մեծ զորապետ
Թող լինի փա՛ռք հազարական,
Եվ հետո փա՛ռք նազարական
    Խելքի մառան
    Գոմեշպատռան
Մեծ վեզիրին մեծ Նազարի.
Նախարարներ գյադաներին
    Թող փա՜ռք լինի
    Հազարական,
Որ միշտ բարձր պահեն փառքը
    Նազարական։


Շարունակենք մեր ասքն այսպես՝
Հազար բարև ու բարին ձեզ,
Պատանիներ արբունքահաս,
Գեղուհիներ՝ երազ անհաս,
Հոգու հատոր տիրուհիներ,
Սիրակարոտ սիրուհիներ,
Բեղ-մորուքով ծերունիներ,
Շատ բան տեսած ծերուհիներ-
Եկեք հիմա ձեզ տանեմ ես
Նազարածին Հազարստան,
Քափուռաբերդ ես տանեմ ձեզ
Եվ երկիրը Մազրանստան,
Հետո գնանք, գնանք հասնենք
Նազարակերտ Նազարստան։

Եվ ասք չէ սա մի հասարակ՝
Հանգը տեղը, տողը սահուն,
Ոչ հեքիաթ է, ոչ էլ առակ
Կամ ֆելիետոն մի անանուն...
Հանուն գահի արքայական,
Հանուն թագի, փառքի հանուն -
Այս արևի, երկնքի տակ
Ինչե՜ր ասես չեն պատահում։
Աշխարհը մեծ, սակայն նեղ է
Արքաների համար այսքան.
Իսկ պատմական դե՞մք է եղել
Մեր հերոսը՝ Նազար հսկան։
Ի՜նչ պատմություն, ի՜նչ պատմական,
Է՜հ, հերիք է, չանենք բազար.
Որտեղ գահը, այնտեղ արքա,
Որտեղ թագը, այնտեղ Նազար,
Որտեղ անտեր-անտիրություն՝
Այնտեղ կռիվ ու զորություն,
Որտեղ խաբկանք ու ծռություն՝
Այնտեղ էլ միշտ նազարություն։



     ԱՍՔ ԱՌԱՋԻՆ

        1.
Կար մի երկիր՝ Հազարստան,
Երկինքը լուրթ, օդը հստակ,
Գետերը հորդ, ձորերն անտակ,
Աղբյուրները զնգուն զանգակ,
Արտույտները թե որ ծեգին
Ծլնգում են բիլ երկնքից,
Ձոր ու հովիտ, գետերն արծաթ՝
Ղողանջում են զանգեր դարձած։
Հազարստան երկրում վերուստ
Եվ աղքատ կար, և կար հարուստ.
Հարուստն ուներ անթիվ հոտեր,
Արտ ու հովիտ, շատ արոտներ,
Յուղ ու պանիր, պուրպուր գինի,
Միշտ սեղանին լիքը սինի,
Եվ իրավունք, և իրավունք՝
Թե որ ես կամ, իսկ ո՞վ եք դուք...
Իսկ աղքատը... բանիդ գնա,
Էլ ի՞նչ աղքատ, որ ունենա։
Որ ունենա ի՞նչ կլինի՝
Ունեցածը քիչ կլինի,
Հանուն հարուստ ժառանգության
Տանը սուգ ու ճիչ կլինի։
Ու այդ երկրում Հազարստան,
Կար թագավոր ուժին վստահ,
(Թագավորին պետք չէ խելքը
Երբ ուժեղ է նրա ձեռքը),
Որ երկիրն է կառավարում,
Օրենք քանդում, օրենք հանում,
Նախորդներին արհամարհում,
Իրեն խելքի ծով համարում,
Պատերազմներ հայտարարում,
Տերություններ իրար խառնում,
Միշտ ավերում, վառում, քանդում,
Կռիվներում պարտվում, հաղթում,
Իսկ ամբոխը խավար ու կույր -
Տրորում է դատարկ փորը,
Վիզը ձգում ու բղավում.
- Հաստատ մնա թագավորը։-
Իսկ այնտեղ, ուր կա թագավոր,
Հա՜, ծնվում են օրենքներ նոր.
Ամեն մի շեն ունի ավագ,
Կոռ-բեգյարի հարկահավաք՝
Կով ես պահում՝ յուղ պիտի տաս,
Այծ ես պահում՝ տուր այծի մազ,
Ոչխար ունես՝ բուրդը մերն է,
Տանդ հավ կա՝ ճուտը մերն է,
Արտ ես հնձել՝ գարին դու կեր,
Հարդը մնա՝ ցորենը բեր...
Բեղ ես պահում քթիդ տակին,
Բեղահարկ տուր ժամանակին,
Իսկ ով բեղը խուզի հանկարծ,
Կտուգանվի նա անկասկած։
Ուր թագավոր, այնտեղ էլ հարկ -
Փափախահարկ, մորուքահարք,
Չիբուխահարկ ու ծխահարկ,
Մեռելահարկ, ապրելահարկ,
Սիրելահարկ, խաբելահարկ...
Հարկ առնելու հազար  մի կարգ։
Եվ աշխարհում ուր թագավոր,
Այնտեղ էլ միշտ գորգերի տակ
Անտակ մի հոր,
Գլխիդ՝ մազից կախված մի թուր,
Դեմդ փակված հազար մի դուռ...

        2.

Հազարստան կոչված երկրում,
Նազարստան գյուղում մի խուլ՝
Մի կին արու զավակ ծնեց
Եվ անունը Նազար դրեց։
Իսկ թե ինչի համար Նազար,
Ոչ թե Թաթոս և կամ Ղազար,
Տիրոջ կամքն է, ճակատագիր,
Մենք բոլորս ենթարկվում ենք
Նրա կամքին։
Տեր-Բաղդասար վարժապետը,
Գյուղի միակ գրագետը,
Գրիչն առավ, գրեց այսպես.
«Կամքն աստծու ամենատես,
Նազարստան շեն գյուղում մեր,
Երբ հաշանը կալին էր դեռ,
Օրը տոթ էր, տարին նահանջ,
Չոլախ Հուռին ծնեց մի մանչ-
Յոթ ամսական, յոթ օրական.
Ունի զույգ աչք, երկու ականջ,
Շունչը տեղն է ու ձայնը զիլ,
Բարի լինի ծնունդը իր...
Եվ այդ գիշեր (փա՜ռք քեզ, աստված),
Պոչով աստղ մի երևաց
Կապույտի մեջ, լուսնի կողքին.
Այս Նազարե շունշանորդին
Վայ թե դառնա նշանավոր
Մեծ ավազակ կամ թագավոր»։
Մի տղամարդ, որ պիտ լիներ
Արու զավակ Նազարին հեր,
Հրաժարվեց հերությունից,
Փախավ գնաց տերությունից,
Ամենուր դուրս տվեց անխիղճ,
Թե կնիկս ծնել է բիճ,
Եվ այդ բիճը աչք-ունքով իր
Նման է տեր-Բաղդասարին։
Եվ փչանին բերանբաց
Ով ուզում էր, նա հավատաց,
Ով չէր ուզում, ասաց՝ ջանըմ,
Աշխարհից բան չեմ հասկանում.
Է՛հ, ինչ անենք, թող բիճ լինի,
Միայն բիճն այդ կտրիճ լինի։

                    3.

Եվ մանուկը հասակ առավ,
Մի իսկական Նազար դառավ,
Տեր-Բաղդոյին աշակերտեց,
Ավետարանն իբր սերտեց,
Կակազելով կարդաց տառ-տառ,
Բայց կարկաժը բան չմտավ,
Զի այն գլխից բութ էր ծնվել,
Ծույլ, ապուշ ու մութ էր ծնվել,
Վարժապետն էլ գլուխը ծակ,
Տեղովը մեկ տզզան մոծակ՝
Իր Նազարե ապուշ մոնթին
Այնքան տվեց ճիպոտի տակ
Ու հետույքին տվեց քացի,
Որ գրերը խեղճի աչքին
Սատանաներ երևացին։
Այս Նազարն էլ չհամբերեց,
Սիրտ առավ ու տարավ-բերեց.
- Լավ է մնամ ես անասուն,
Քան գիր սերտեմ, առնեմ ուսում.
Ի՜նչ տիրացու, ի՜նչ վարժապետ,
Ի՜նչ մուղդուսի, ի՜նչ վարդապետ,
Հանուն որդո և հանուն հոր,
Պիտի դառնամ ես թագավոր.
Խելքն ինչիս է, չամի՞չ է, թե
Գրպաններս լցնեմ՝ չրթեմ.
Բա՜խտը, բախտն է հա կարևոր,
Բախտ ունենամ՝
Համ իշխան եմ, համ թագավոր։-
Մեծ բերանն այս ծույլ ու վախկոտ,
Ինքնահավան ու ինքնագոհ -
Հավատալով իր մեծ բախտին,
Գնաց նստեց իրենց թախտին.
Ոչ վարում էր, ոչ էլ հնձում,
Ոչ ցանում էր, ոչ էլ խրձում,
Ամբողջ օրը նստած հովտում,
Իր գլուխն է միայն գովում.
- Հե՜յ, աֆարիմ իգիթ Նազար,
Ո՞վ կլինի քեզ հավասար,
Որ հունարն այդ քոնն է, ախպեր,
Ինչի՞ ես զուր տեղը ամպել...
Վե՛ր կաց քյոհլան էշդ թամբիր,
Էդ հավլունի թուրդ կապիր,
Թոփ-թվանքդ մեջտեղ հանիր,
Ջարդիր, փշրիր ու թալանիր,
Հետո հանգիստ նստիր թախտիդ,
Օրենք հանիր, օրենք քանդիր,
Գլուխ կտրիր, կարկաժ ջարդիր
    Ու քեզ համար
Հա՜ քեֆ արա՝
Դադե՜յ-դադե՜յ, ջանըմ ամա՜ն,
Ջանըմ ամա՜ն, դադե՜յ-դադե՜յ...-
Դուռը հանկարծ թե ճռնչում,
Մեր իգիթը վեր է թռչում,
Գոռում, ճչում.
    - Հարա՜յ, հասե՜ք,
Բուբու՜շ, Կուբու՜շ, Բայղու՜շ, Բարսե՜ղ,
Ձիս թամբեցեք, բերեք թուրս,
Աջ ու ձախից պահեք կուռս։-
Հերսոտվում է չոլախ Հուռին.
- Բոյդ հողեմ, վախկոտ ճուռի,
Մեկը կատվից որ վախենա,
Ո՞նց թագավոր պիտի դառնա...
- Ի՞նչ ես խոսում սարսաղ-սարսաղ,
Կատուն ո՞րն է, մի փիղ է սա,
Ոնց իմանաս, այ տնավեր,
Թե մտքումը ինչ է դրել.
Անխելք Հուռի, ի՞նչ ես կարծում,
Սաղ աշխարհն է ինձ նախանձում։
- Դե, դե, լեզուդ շուտ տեղը դիր...
Փսլնքոտին հլա մտիկ,
Գիշեր-ցերեկ գլուխ տանում,
Երեսն էլ դեռ չի լվանում։-
Կատաղում է Նազարն այստեղ.
- Դու մե՞ր ես, թե կծու տաքդեղ,
Քո գեղջուկի լեզվով քոսոտ՝
Ի՞նչ ձևով ես ինձ հետ խոսում.
Աշխարհն հրեն կատու դառած,
Ոչ կենդանի, ոչ էլ մեռած,
Կուչ է եկել ձեռքիս տակին,
Աչքը գցել մկան ծակին։
- Վու՜յ, աշխարհը խոր թաղի քեզ։-
Ու ամեն օր ահա այսպես
Որդին մորը, մայրը՝ որդուն,
Տալիս են ու իրար ուտում։
Լակոտներն էլ կանգնում բակում,
Ծիծաղում են ու ծանակում.
- Աղա Նազար, աղա Նազար,
Տանենք բազար, առնենք գազար,
Կատվի փեսա, խոզի քավոր,
Էշստանի էշ թագավոր։-
Ծուլ է լինում իգիթը մեր
Ու բղավում.
    - Շան լակոտնե՜ր,
Ես ձեր պապի, ձեր հոր թա՞յն եմ,
Ձեռքս ընկաք, ես ձեր վայն եմ։-
Եվ Նազարը կրակ ու ցավ,
Հայհոյելում վարպետացավ.
Հայհոյում է ավանակին,
Որ չի զռռում ժամանակին,
Հայհոյում է գիժ աքլորին,
Որ հանգիստ չի մնում թառին,
Հայհոյում է կատվի ձագին,
Որ պառկել է թախտի տակին...
Իսկ թե մեկը խոսք է բացում,
Թե՝ գտել եմ լավ հարսնացու,
Ոնց կլինի, որ պսակվես,
Խալխի նման տուն-տեղ դնես,-
Մեր փեսացուն ինքն իր քթում
Մզմզում է ու փնթփնթում.
- Է՜, գործերս շատ են էնքան...
Հոգսեր ունեմ իշխանական.
Ողջ աշխարհի դարդն իմ մեջքին,
Ախար ինչպե՞ս ես առնեմ կին։

        4.

Նազարստան գյուղին մոտիկ
Կար մի գյուղակ, անունն Ուտիկ,
Իսկ ուտիկցի Կոպալ Խոջան
Աղջիկ ուներ մի մինուճար՝
Սիրտը մաքուր ու ձենը զիլ,
Խելքը տեղը, ցեղը՝ ազնիվ։
Թշերը ոնց թոնրից հանած,
Թոնրում վառված կորեկի հաց՝
Վրան ցանած մի բուռ խաշխաշ,
Ականջները մի-մի լավաշ...
Իսկ փողոցում կաքավելիս
Ջանի միսը պար էր գալիս։
Հե՜յ Ուստիան, չքնաղ փերի,
Ողջ աշխարհը տեսքիդ գերի...
Բայց դե սերը բախտի բան է,
Բախտ կոչվածը մի գութան է,
Մեկ էլ տեսար քարին առավ,
Խոփը տասը կտոր դառավ.
Բախտդ բերեց՝ կառնես մուրազ,
Թե չբերեց՝ տան կմնաս։-
Մեր Նազարը տեսավ նրան,
Տեսավ և գույն առավ նռան,
Տեսավ և ո՜նց սիրահարվեց,
Մոմի նման վառվեց, հալվեց.
Էլ ի՜նչ իշխան, որ իր կողքին
Չունենա մի մսալի կին,
Սիրի, ծեծի, պաչի թուշը,
Ասի՝ դու ես կյանքիս ղուշը։
Եվ Նազարը մեր Նազարոս,
Մարդ ուղարկեց խնամախոս.
Ուրախացավ Կոպալ Խոջան,
Մեջտեղ քաշեց լիքը խոնչան,
Ասաց՝ փա՜ռք քեզ, տեր երկնային,
Բախտը բացվեց Ուստիանի...
Ի՜նչ Ուստիան, նորած լուսին,
Կհավանի՞ Նազարոսին։
Բայց արի տես, Ուստիանն էլ
Նազարին էր սիրահարվել,
Ամեն գիշեր նա երազում
Նազարին էր միայն տեսնում։

Եվ հարսանիք եղավ շատ մեծ,
Ջրի նման գինին հոսեց,
Աշուղ Ղազարն առավ սազը
Ու դատարկեց լիքը թասը,
Լարին զարկեց նա խնդագին,
Փառաբանեց երկու ծաղկին.
- Գովքը անեմ սարի արծիվ,
Սարի առյուծ մեր Նազարի,
    Հե՜յ, Նազարի...
Գովքը անեմ սարի ծաղիկ,
Սարի շաղիկ Ուստիանի,
    Ուստիանի՜...
Ուստիանն ու Նազարն արծիվ
Թող ծերանան միշտ մի բարձի,
    Հե՜յ, մի բարձի...
Մեր Նազարը մի թագավոր,
Թագավորի պես հարգևոր,
    Հե՜յ, հարգևոր...
Ուստիանը մի թագուհի,
Թագուհու պես մի գեղուհի,
    Հե՜յ, գեղուհի...-
Ու խմեցին մինչ լուսաբաց,
Բղավեցին հարբած-հարբած,
Կատակեցին դատարկ-մատարկ,
Քուն մտան բաց երկնքի տակ։
Նազարն այնքան շատ էր խմել,
Որ չիմացավ ոնց է քնել
Ախոռի մեջ ավանակի,
Եվ ճիշտ հենց այդ ժամանակին
Դեմ է արել կովն հետույքն իր,
Թրքել ուղիղ նրա դեմքին։
Իսկ տեր Բաղդոն մեր պատվական՝
Մատյանի մեջ իր ծխական
    Գրեց այսպես.
    «Օրհնանքս ձեզ,
Կամոքն աստծո ամենազոր
Կատարեցի պսակ այսօր.
Այսինչ թվի այսինչ ամսին,
Այսինչ օրի երից պասին
Նազարն առավ Ուստիանին,
Ուստիանն էլ՝ մեր Նազարին.
Լավ խմեցինք ու լավ կերանք,
Ծիծաղելուց վերջը մեռանք.
Անտեր կովը ծեգը-ծեգին
Թրքել էր մեր փեսի դեմքին»։

                 5.

Մեղրամիսը անցավ արագ,
Ի՜նչ մեղրամիս, ասա կարագ.
Նորահարսը չաղլիկ մի լոր,
Իսկ Նազարն՝ մի թագավոր՝
Գնում-գալիս իրար լիզում,
Ջան են ասում ու ջան լսում.
- Արեգակ իմ լուսաբացի...
- Իմ լեռնային խիզախ արծիվ...
- Ա՛յ Ուստիան՝ խունջիկ-մունջիկ...
- Այ իմ Նազար՝ հոգուս չղջիկ...
- Դու իմ հաչան.
- Դու իմ աղվես.
- Դու իմ լաչառ.
- Դու իմ մողես.
- Դու իմ չանչախ.
- Դու իմ ջաղաց.
- Դու իմ պուճախ.
- Դու իմ թաղված...
Եվ սիրեցին իրար այսպես
Կտրիճ փեսան ու հարսը հեզ,
Մեղրամիսը հենց որ անցավ,
Իսկույն շուն ու կատու դարձան՝
- Գլուխ խոզի։
- Քոսոտ մոզի։
- Կեղտոտ բվեճ։
- Տերտերի բիճ։
- Քերթած գազար։
- Վախկոտ Նազար։
Չոր քամին էր պարում դաշտում,
Ուտելու հաց չկար տաշտում,
Իսկ խեղճ Հուռին կողին ընկել
Եվ ոտքերն էր արդեն տնկել,
Թքել երկրի գործերին ծուռ,
Հոգին բաշխել իր տեր աստծուն։
Եվ ամեն օր կռիվ ու վեճ
Նազարի և իր կնոջ մեջ.
Ամուսինը մեկն էր ասում,
Ուստիանը հազար ու մեկ՝
Է՛լ քնձռոտ շուն, է՛լ անասուն,
Խոզի ճակատ, աքլորի խելք,
    Մոխրաթավալ,
    Վանքի տավար,
    Կատվի բողազ,
    Քավթառած ղազ...
Լակոտներն էլ ո՜նց են գալիս
Հա քրքջում ու ծափ տալիս.
- Իրար կերան, իրար տվին
Մեր թագավորն ու թագուհին.
Դե քեզ տեսնենք, վախկոտ Նազար,
Ուստիանին սարքիր մեզար։-
Նազարն էլ ոնց չասի հիմի.
- Չէ, չի բռնում սազը սիմին.
Ախր հասկաց, այ չբեր կով,
Մենք ազնիվ ենք ազգ ու տակով՝
Պապիս պապը, անունն Արգամ,
Ծագում ուներ իշխանական,
Իսկ ողորմած տատիս նանին
Թոռն է եղել գայլ Վահանի։-
Եվ Ուստիան, Ուստիան դու,
Ոնց շերեփով չտա մարդուն,
Ոնց չճայթի, ոնց չթնդա.
- Ձե՛նդ կտրի, վախկոտ գյադա՛,
Համ մեծբերան, համ սուտասան,
Դրսում կատու, տանը՝ ասլան,
Ախր դու ի՞նչ տղամարդ ես,
Ոտի տակ ես...
- Լռիր, ջոջ եմ։
- Այծի պոչ ես։
- Ամա՜ն, հասե՝ք, դողս բռնեց,
Սրան պիտի տամ շնածեծ...
Հլա լսիր, այ թախտի ցեց,
Թե որ ինձ հետ բան պատահեց,
Տերությանն ու աշխարհին այս
Ի՞նչ պատասխան դու պիտի տաս։
- Ախր էդ ի՞նչ տերություն է,
Այ գլխամեռ։
    - Շահը հրե՜ն,
Չինմաչինից թուղթ է գրել,
Թե այ իգիթ, մեր կյանք, մեր օր,
Արի սարքենք քեզ թագավոր։
Բայց չեմ գնում։
    - Ինչի՞, իմ տեր։
- Մի տերության համար շատ եմ։
Թող չորսը տան, սիրտս շահեն,
Գնամ նստեմ կառավարեմ։
- Տրաքվելս եկավ, Նազա՜ր...
- Նախանձից է։
    - Տո՛, այ սարսաղ,
Տո հավարա, լակոտ բճի,
Նախանձում եմ ես քո ինչի՞ն։
- Կնախանձես, կնախանձես
Եվ մի օր էլ կպապանձվես։
- Վախկոտ կատու, հլա կաց դեռ,
Ես կարկաժդ պիտի ջարդեմ,-
Ուստիանը մահակն առնում,
Տանում-բերում, բերում-տանում...
Նազարն ու՞ր է... Մեր իգիթը
Թուխս է նստել հավաբնում։

                   6.

Նազարստան գյուղի վրա
Լուրթ երեկոն իջավ ամռան.
Լուսնյակից կաթ է ծորում,
Քչքչում է գետը ձորում,
Ծղրիդները արտում, այգում
Իրենց անուշ երգն են երգում,
Կալում ինչ-որ քնձռոտ Բողար
Փռչոտ պոչը արած օղակ՝
Դունչը դեպի սարալանջը,
Բռնել է իր լուսնահաչը։
Եվ բակ ելավ իգիթը մեր,
(Մարդը մի բան պիտի աներ),
Բռնեց քիթը ու փռշտաց,
Ի՜նչ փռշտոց, հլա դու կաց,
Ոնց-որ շենում մի թոփ պայթեց,
Թե կայծակը սարից շանթեց։
Իր իսկ ձենից սրտապնդված
Աղա Նազարն այսպես ասաց.
- Կնիկ, հենց որ փռշտացի,
Սիրտս տվեց գլխիս քացի.
Գիտե՞ս, թե դա ինչ նշան է -
Իգիթություն պիտի անեմ։-
Ուստիանը նայեց ծուռ-ծուռ
Ու չանչ արեց.
    - Վախկոտ ճպուռ,
Իգիթը ուր, Նազարը ուր.
Հը՛, կողերդ էլի դաղե՞մ։
Դե տուն մտիր, բոյդ թաղեմ։-
Բայց Նազարը հո Նազար է,
Չե, ի՜նչ Նազար, ասա սար է.
Բեղը շոյեց, խոսեց.
    - Կնիկ,
Ես մա՞րդ եմ, թե՞ կովի թրիք։
Ինչ եմ տանը զուր վեր ընկել,
Ղազի նման քիթս տնկել
Ու մնացել կնկա հույսին...
Թու՛ իմ բեղին, իմ նամուսին,
- Այ հավարա, ախր ո՞վ ես,
Ոչ կարգին ցուլ, ոչ էլ կով ես։
- Ես, աշխարհի շահը ես եմ,
 Որտեղ խավար՝ ջահը ես եմ,
Դու հո կույր չես, լավ ես տեսնում,
Ավազակաց մահը ես եմ։
Գնա, էլի, իմաց արա,
Իմ հունարը դիմաց արա,
Ի՜նչ ես նստել տանը եսիր,
Կդառնաս ինձ նազիր-վեզիր։
Ուստիանը բռնեց փորից
Ու քրքջաց.
    - Թագավոր ջան,
Իմ կյանք, իմ շունչ, իմ միս, արյուն,
Ասա, ի՞նչ եք հրամայում։
- Թուրս տուր ինձ՝ կռիվ անեմ,
Ավազակաց սիրտը խառնեմ,
Քարվան կտրեմ, գլուխ թռցնեմ,
Թալան անեմ, տունը լցնեմ։-
Ուստիանը՝
    - Հավարա շուն,
Ի՞նչ ես լուսնի վրա հաչում,
Հեռու պահիր ինձնից խաթեդ,
Կտամ հիմա, գանգդ ջարդեմ։-
Ու փրփրեց Քյոռօղլին մեր,
Օ՜, փրփրել, ի՜նչ փրփրել.
- Տո՛ շան կնիկ, տո՛ իշի ձագ,
Ես իմ գլխին ունեմ գդակ,
Բա որ հանկարծ կատաղեցի,
Բա որ... բա որ բաց ընկավ ձիս,
Ի՞նչ պատասխան դու պիտի տաս
Այս աշխարհին, այ անմուրազ։-
Ուստիանը եռաց հերսից,
Դուռը իսկույն փակեց ներսից.
- Գնա, հողը գլխիդ,- ասաց,-
Մեռնես՝ դուռը չեմ անի բաց.
Հրե՜ս, վեր կալ, էս քո թուրը,
Էս մեր տունը, էս կտուրը,
Էլ չբացես դու էս դուռը։-
Վա՛յ դու Նազար, Նազար աղա,
Դողը բռնեց, սիրտը խաղաց.
- Այ Ուստիան, այ իմ խանում,
Հոգիդ սիրեմ, ի՞նչ ես անում.
Ախր էսքան զորքերի դեմ
Ինչպե՞ս պիտի մենակ կռվեմ...
Դե դուռը բաց, խեղճ եմ, գթա,
Որ էս խալխին վնաս չտամ։-
Եվ Նազարը հա՜ աղաչեց,
Հա՜ պաղատեց, հա՜ բառաչեց
Ու վերջը զոռ տվեց խելքին,
Գնաց նստեց պատի տակին,
Սրտում հազար անեծք ու մուռ,
Կծկվեց ու դարձավ մի բուռ։
    Շուն է հաչում՝
    Վեր է թռչում,
    Հավք է ճվում՝
    Գայլ է թվում...
Եվ չիմացավ ոնց մտավ քուն,
Աքլորը ոնց կանչեց բակում.
Երբ արթնացավ՝ առավոտ էր,
Արեգակը նոր էր ծագել։
Ճլմկոտեց՝ առույգացավ,
Թե կատու էր, առյուծ դարձավ,-
Հենց այդ պահին ճանճ ու մոծակ
Տզտզացին ականջի տակ,
Քամուց արագ, արագ հողմից,
Վրա տվին ամեն կողմից,
Բայց Նազարը հո Նազար է,
Կայծակի դեմ ծառ չի, սար է,
Սար է թեկուզ՝ չհամբերեց,
Ձեռքը իսկույն տարավ-բերեց,
Հե՜յ, Քյոռօղլի, Քյոռօղլու թոռ,
Հե՜յ դու առյուծ, առյուծի ծոռ՝
    Բերեց-տարավ,
    Տարավ-բերեց,
Ամա՜ն, ամա՜ն,
Եվ ինչ արեց՝
Մի հարվածով բնաջնջեց
Մժղուկների ոհմակ մի մեծ.
Քանի՜-քանի՜ սրտեր վառեց,
Քանի՝-քանի՜ տուն ավերեց,
Որքան կյանքեր կուտ գնացին,
Որքան ճանճեր որբ մնացին.
Հե՜յ ջան իգիթ սարի արծիվ,
Սարի առյուծ հերոս Նազար,
Այդ որտեղից որտեղ հասար։-
Առած մի բուռ ճանճ ու մժեղ,
Նազարն անհաղթ, Նազարն ուժեղ -
Փորձել ուզեց հաշվել մեկ-մեկ.
Երկու, երեք... քսաներեք...
Երեսունհինգ, երեսունվեց...
Հաշիվն այստեղ նա կորցրեց,
    Քանի որ դեռ
    Հերոսը մեր
Մինչ քառասուն հաշվել գիտեր։
Դե հաշվելն ի՜նչ, դատարկ բան է,
Կարևորը հիմա այն է,
Որ մի ձեռքով տարավ-բերեց,
Ողջ Ճանճստանը ավերեց։
Բա որ խփեր երկու ձեռքով,
Երկու ձեռքով, երկու ոտքով,
Երկու անգամ երկու խփեր,
Ի՜նչ կլիներ, երկնային տեր։
Նազար ասա, սարի ջեյրան,
Ուստիանը թող քեզ հեյրան.
Ոտի վրա բուսավ նոր ոտ,
Վազեց գնաց Բաղդոյի մոտ.
Իմ տեր, իմ հայր, իմ վարժապետ,
Ամենազոր, ամենագետ,
Դու իմաստուն Տեր-Բաղդասար,
Որ մի զարկի, ջարդի հազար-
Ահա նայիր՝ ինչ եմ արել,
Ճանճանց աշխարհն եմ ավերել։
Եվ Տեր-Բաղդոն օրհնեց նրան.
- Ո՜վ Նազարե իմ աննման,
Այսօրվանից ճակատդ բաց,
Դու մտնում ես շարքն հսկայաց,
Նվաճում ես փառք ու անուն,
Զի աստված է այդ կամենում։-
Եվ տեր-հայրը ամենագետ,
Որքան խելոք, այնքան էլ խենթ,
Մի փալասի կտոր առավ,
Այսպես ահա գրեց վրան.
«Անվախ հերոս Քաջն Նազար,
Որ մի զարկեց, ջարդեց հազար»։
Հե՜յ դու հսկա, հսկայի թոռ,
Բայց դեռ անթագ մի թագավոր,
Հազարստան երկրի արծիվ,
Ո՞ւր է թուրդ և ո՞ւր է ձիդ,
Եվ որտե՞ղ է քո զորքը գոռ,
Բայց զորքն ինչի՞դ է հարկավոր,
Տեղովդ մեկ մի բանակ ես,
Ում դեմ ելնես՝ հաղթանակ ես։-
Ու նա լաթը ձողից կապեց,
Մտավ գոմը, էշը թամբեց,
Մի հայացքով անմահության
Սահմանը մի շնչում չափեց,
Կողքից կախեց ժանգոտ թուրը,
Ոտքով տվեց, բացեց դուռը,
Գոչեց այսպես.
    - Հե՜յ, Ուստիան,
Դադե՜յ-դադե՜յ, ամա՜ն-ամա՜ն.
Դե իմացիր, քո թայը չեմ,
Էս աշխարհում քո փայը չեմ.
    Հարգ ու փառքով,
    Ազգ ու տակով,
    Ապ ու պապով,
    Կշիռ-չափով
Ազնիվ է մեր ցեղը եղել
Ու իր ճամփան նա չի շեղել.
Բախտը, բախտն է միշտ կարևոր,
    Բախտ ունենաս,
    Այ անմուրազ,
Համ իշխան ես, համ թագավոր,
Մեր հերոսը նստեց էշը
Եվ գոտու տակ խրեց փեշը,
Դրոշն ուսին, ճակատը բաց,
Հույսի ձեռքին բախտը դրած՝
Գնա՜ց, գնա՜ց...




                     ԱՍՔ ԵՐԿՐՈՐԴ

                             1.
...Գնաց, գնաց բախտին հլու, ուժին վստահ,
Գնաց հասավ մի այլ երկիր՝ Մազրանստան։
Ինքն է ընտրե՞լ այդ ճամփան, թե՞ ավանակը,
Հետագայում դա ցույց կտա ժամանակը,
Պատմագետներն այնքան պիտի գլուխ ջարդեն,
Այնքան պիտի գրեն-ջնջեն, որ հաստատեն
Հաստատվածը։ Բայց դա արդեն գործն է նրանց,
Ուր պատմություն՝ այնտեղ հազար ու մի վարկած,
Իրարամերժ բազում կարծիք և հիպոթեզ,
Գլուխ ջարդոց, հերքում, ժխտում՝ դու՝ ինձ, ես՝ քեզ...
Սակայն թողնենք այդ ամենը ապագային
Եվ հետևենք մեր հերոսի ամեն քայլին.
Շուրջը՝ լեռներ, մութ անտառներ, քար ու կապան,
Չկորցրեց քաջ Նազարն իր բախտի ճամփան,
Իսկ այդ ճամփան բախտն է նրա բարդ ու խրթին,
Ի՜նչ խելք, քանի հավատում է մարդն իր բախտին։
Խելքն ո՞ւմ է պետք՝ գիտուններին խելքի եսիր,
Թող ենթարկվեն չարչարանքին Քրիստոսի,
Հազար ձևով ապացուցեն՝ ո՛րն է սուտը,
Թե ինչպես են առաջանում լույսն ու մութը,
Կամ թե ինչ է երկաթն իր մեջ պարունակում,
Այդ ո՞նց է, որ կաթիլ ջուրը քար է ծակում,
Որտեղի՞ց են աստղերն իրենց լույսը առնում,
Ինչի՞ համար նախ ձմեռ է, հետո՝ գարուն,
Որ եղել են դարեր առաջ գիտուններ վես՝
Մեծ Արքիմեդ, Արիստոտել և Սոկրատես,
Եվ ինչ-որ տեղ ինչ-որ Կեսար Հռոմեացի՝
Թուրը հանել, չափ է գցել իր այրուձին,
Ինչ-որ Ներոն, ինչ-որ Թութմոս... Հերիք է, կա՛ց,
Քո Կեսարի, քո Ներոնի հերն անիծած...
Առանց դրանց ի՞նչ է փոխվում այս աշխարհում,
Ախր խելքով ո՞ր խելոքն է աշխարհ պահում։
Պատմությունը ի՞նչ է, ջանըմ՝ շամփուրի միս,
Ով ոնց ուզում՝ ծերից բռնած շուռ է տալիս,
Ստից-ղորթից բռնեցնում ծեղը-ծեղին,
Վերագրում ամենը իր ազգ ու ցեղին՝
Սա մեր հողն է, մեր օջախն է, երկիրն է մեր,
Հայր Ադամից առաջ ենք մենք աշխարհ եկել,
Ջահանդամը գնան դրանք իրենց խելքով,
Դու բախտ ասա և հավատա միշտ բախտին քո,
Մեկ էլ տեսար խնձոր ընկավ երկնքից ցած,
Կամ թե ոսկե ձուկը ցանցիդ մեջ թպրտաց,
Բախտ ունենաս՝ և՛ կպատվես, և՛ կհարգվես,
Կուտես-խմես ու քեզ համար հանգիստ պառկես.
Ախպեր, ախր հանաք բան չի, աշխարհք է մեծ,
Մեկ էլ բախտի ղուշը եկավ գլխիդ թառեց,
Հավաքվեցին փլան-փստան, դեսից-դենից,
Թե՝ Նազար ջան, դու թագավոր, մենք քեզ վեզիր,
Հը, որտե՞ղ ես, այ պատմություն, հիմա արի
Փեշը բռնիր, ոտը ընկիր Քաջ Նազարի.
Դե հեռու կաց, անտուն-անտեր շունշանորդի,
Նազար հսկան կարո՞տ է քո սուտ ու ղորթին։

Եվ գնում է Նազար հսկան բազմած էշին։
Էշն էլ էշ է, տատասկ տեսնում ձորի փեշին,
Ձգում է իր երկար վիզը, բույսը պոկում,
Ականջները թափ է տալիս, ձենը քոքում։
Նրա ձենից դմբդմբում են ձոր ու անտառ
Ու փախչում են գազանները լեղապատառ.
Դեմը կիրճեր, գետեր վարար, քերծեր հազար,
Եվ անծանոթ այս վայրերում մի Քաջ Նազար։
Հա, վախը՝ վախ, բայց լեռների օդում մաքուր՝
Էշին կրթնած՝ ննջելուց լավ ի՞նչ կա կյանքում։
Նինջս ո՞րն է, դու մեղրի ծոր, շարբաթ ասա,
Մեկ էլ քնած՝ դու դրախտի դուռը հասար։
Բախտի բան չի՞, որ չի խրտնում էշը հանկարծ
Ու իր բեռը ժայռի ծերպից գլորում ցած։
Թե Մորփեոսը գիրկը չառներ մեր իգիթին,
Նա իր աչքով տեսներ մի պահ կիրճը մթին,
Ոնց կգոռար, ոնց կճչար սարսափահար.
«- Էս ինչ բան է, էս որտե՞ղ եմ հասել, աման...»։
Դե հիմա եկ՝ որքան կուզես խելքիդ զոռ տուր,
Խելքի ձեռքին կրակ ընկած այ իմաստուն.
Իսկ լավն այն չէ՞ մարդ ունենա մի մատնոց բախտ,
Քան մի կարաս խելքով մնա կյանքում անբախտ։
Եվ քայլում է ավանակը ու խռնչում,
Պոչով տալիս՝ ճանճ ու մժեղ բնաջնջում.
Ու հիմարը հավանաբար չի հասկանում,
Որ իր մեջքին ողջ աշխարհի բախն է տանում,
Անշուշտ կգա մի ժամանակ, մարդիկ կասեն՝
Այս էշով է Քաջ Նազարը փառքի հասել։
Եվ կկերտեն իր արձանը մեյդանում բաց՝
Ականջները կախած շախ¬շախ, պոչը ցցած,
Իսկ մարմարե պատվանդանի գլխաքարին՝
«Սա պատմական ավանակն է Քաջ Նազարի»։
Է՜հ, մարդ կա, որ չունի պատիվ ավանակի,
Ավանակ կա, որ կհասնի շահի փառքին։

Իսկ այս երկրում ավանակը երկարականջ,
Դու մի ասի՝ նորություն է նախ և առաջ,
Նրա ձենից արջ ու վագր, առյուծ ու գել
Հա փախչում են ձորերն ի վար, սարերն ի վեր.
Ավանակ չի, այլ շանթերի դեմ շանթարգել,
Ո՞վ կարող է Քաջ Նազարի ճամփան փակել։
Հենց քիչ առաջ մի ձիավոր ճանապարհին
Տեսնելուն պես դրոշակը  Քաջ Նազարի,
Շուռ տվեց իր ձիու սանձը, հայդե, ծլկեց,
Մեր հսկայի թրի զարկից կյանքը փրկեց։
Ծլկեց գնաց մարդկանց պատմի՝ բա չե՞ք ասի,
Այդ ասլանի ասլան որդին առյուծասիրտ՝
Գալի՜ս, գալիս, ո՜նց է գալիս սարի դոշից,
Այ, էն ամպն էլ որ տեսնում եք՝ ծուխ է, փոշի...
Մի է զարկում՝ հազար բրդում, հազար ջարդում,
Երկու զարկում՝ երկու հազար տուն է քանդում,
Թե որ հանկարծ հազար զարկի՝ ամա՜ն, աման,
Երկրի վրա գլուխն ուսին մա՞րդ կմնա։
Հրաշք բան է, առանց զորքի այդ ո՞ր հսկան
Առյուծ կտրած կգա հասնի Մազրանստան...
Դե շուտ թռչենք, գնանք հասնենք Բերդաքափուռ,
Աստված կանչենք, փակենք ամուր դարպաս ու դուռ։
Օ՜, ժամանակ, օ՜, ժամանակ, ի՞նչ ես անում,
Դու գիտե՞ս, թե ում ես տանում, ուր ես տանում,
Եվ ովքեր են ի հեճուկս առեղծվածի¬
Գնում հասնում տիրակալի թախտ կոչվածին։

                                   2.

Գնաց հասավ Նազար հսկան Բերդաքափուռ,
Տեսավ փակված դարպասները երկաթակուռ։
Սա ի՞նչ բան է, ի՞նչ հրաշք է, այս խալխն ինչի՞
Հավաքվել ու թաք է կացել բերդի միջին։
Գուցե խոլեր կամ այլ ցավ է տարածվել,
Քաղցն է գուցե մեծ ու փոքրին մեկ¬մեկ հնձել,
Կամ թե աստված զայրացել է, իրենն արել՝
Մեծ ու փոքրի, տուն-տնովի շանթահարել։-
Բայց այդ պահին ո՞նց իմանար Նազար հսկան,
Որ անունն իր արդեն հասել Մազրանստան
Ու հավար է ընկել.
    - Հարա՜յ, եկա՜վ, փախե՜ք,
Այս ահը ձեր ականջին օղ արեք կախեք,
Նազարը կա՝ մի զուլում է, աման, զուլում,
Իր մի զարկով հազար մարդու կյանք է խլում։-
Մեծ իշխանի սուրհանդակը՝ Գոռ Ճոռունին,
Որ այս բերդում քաջաց քաջի համբավ ունի,
Հենց ինքն է իր աչքով տեսել, եղել վկա,
Թե ինչպես է այդ անաստված Նազար հսկան
Բռնում վագրի երկար պոչից ու շպրտում,
Նրա ձայնից ձոր ու քարափ ոնց են թնդում,
Եվ տակին էլ մի գազան կա՝ առյուծն ի՞նչ է,
Նրա կողքին Ջունգլստանի փիղը քիչ է.
Ո՜նց է գոռում զուլում-զուլումն այդ հաստավիզ,
Ցաք ու տատասկ պոկում տակից ու կուլ տալիս։
Կանգնեց այսպես Նազար հսկան բերդի դիմաց
Ու սողոսկեց սիրտը նրա բազում կասկած՝
Որտեղի՞ց և ինչ իմանաս այս խալխին դու,
Գուցե քո դեմ հիմա ինչ-որ դավ է նյութում։-
Բայց նա բերդից ո՞ւր հեռանա, որտե՞ղ գնա,
Ինչպե՞ս մենակ այս ամայի դաշտում մնա։
Մեկ էլ տեսար ինչ որ տեղից մի ավազակ
Վրա տվեց՝ հը, այդ դո՞ւ ես, հերոս Նազար.
Ի՞նչ ես ընկել սար ու ձորեր, շունշանորդի,
Կյանքիդ վերջն է հասել արդեն, դե աղոթիր,
Կամ թե գելը թռավ հասավ մութ ծմակից,
Սմբակներն ու պոչը թողեց ավանակից։
Ասում են, թե այս սարերում, ձորերում խոր,
Գել ու արջից աղվեսներն են վտանգավոր։
Նազարն այստեղ աստված գոչեց մտքում կամաց,
Նրա բախտից ավանակը իսկույն զռռաց,
Հինգ հրանոթ պայթեց ասես միանգամից,
Ու դղրդաց բերդն այդ ահեղ տարաժամին,
Բերդապետը՝ այդ քաջ մարդը նույնիսկ դողաց,
Լեղապատառ, ոչ կենդանի, ոչ էլ մեռած,
Մազրան իշխան Քալլագյոզի դուռը գնաց,
Խոսեց այսպես.
    - Ով մեծ իշխան, քիչ առաջ հենց՝
Քաջ Նազարը կռվի շեփոր հնչեցրեց,
Ճիշտ է, մենք զորք ու զորապետ ունենք կարգին,
Բայց դե մեկ է, չենք դիմանա նրա զարկին։
Թույլ տուր գնանք աղ ու հացով՝ փեշը պաչենք,
Լիզենք նրա ոտի փոշին ու աղաչենք,
Որ գթա մեզ, գթա կանանց ու մանկանց մեր,
Ասենք՝ մենք քեզ հպատակ ենք, իսկ դու մեզ տեր։
- Այլ ելք չկա,- պատասխանեց մեծ իշխանը,-
Այդ աժդահան պինդ է նստել մեր դռանը,
Ով իմանա, թե մտքումը ինչ է դրել
Եվ տեր աստված մեր ճակատին ինչ է գրել։

Բերդապետը ճերմակ դրոշն առած գնաց,
Աշտարակի բարձր ծերից նայեց նա ցած,
Խոսեց այսպես.
    - Ո՜վ Քաջ Նազար, հերոս Նազար,
Որ մի զարկես և մի զարկով ջարդես հազար,
Դու մեր հյուրն ես, դարպասները բացենք վռազ,
Աղաչում ենք, ժողովրդին վնաս չտաս։-
Հե՜յ, Քաջ Նազար, դու Քաջ մեր մեծանուն,
Այս աշխարհի գործից ո՞վ է գլուխ հանում,
Որ դու հանես։ Հերոսությու՜ն, խիզախությու՜ն,
Էդ բոլորը դատարկ բան են՝ սարսաղություն։
Քեզ ի՞նչ է պետք այս աշխարհում՝ ջանսաղություն.
Դու կանգնել ես ահա այստեղ անտուն-անտեր,
Մինչդեռ բախտը ինքն է եկել ու քեզ գտել։
Այս ամենը բախտ կոչվածի սկիզբն է դեռ,
Դե հունարդ հիմա ցույց տուր, ի՞նչ ես տնկվել։-
Հզորների հզոր հսկան խուլ մռլտաց,
Բեղը շարժեց, ձայնը քոքեց ու որոտաց.
- Գյադեք, գիտե՞ք, թե ես ով եմ։
    - Նազարը քաջ։
- Էլ ի՞նչ գիտեք։
    - Քո հաղթական թրի առաջ
Չի դիմացել այս աշխարհում ոչ մի բանակ,
Ավերել եք անթիվ բերդեր, բազում քաղաք։
- Իսկ ինչի՞ եմ այդ հունարը բանեցրել։
- Ոտիդ տակն ես այս աշխարհը ուզում գցել։
- Հա, էդ էլ կա,- Քաջ Նազարը մտքում խնդաց,
Տարավ բերեց, բերեց տարավ, նորից թնդաց.
Թուլեք, քանի՞ գլուխ ունեք դուք ձեր ուսին,
Որ մնջվել եք ձեր բերդի մեջ սուսիկ-փուսիկ։
Էդ ինչպե՞ս եք դարպասները փակել իմ դեմ,
Ո՞նց եք հիմա, որ ձեր քոսոտ բերդը քանդեմ։
- Հերոս Նազար, խիզախ Նազար, գթա դու մեզ,
Ոտքիդ տակին մորթենք հիմա քառասուն եզ։
- Դե շուտ բացեք դարպասները, հարամզադեք,
Որ լավ մտիկ անեմ տեսնեմ, թե ինչ խալխ եք։
Ճռնչացին դարպասները երկաթակուռ,
Եվ բացվեցին հազար լուսանցք և հազար դուռ.
Բերդապետը բռնած սանձը ավանակի,
Իսկ Նազարը նստած թամբին, դրոշը՝ ձեռքին,
Եվ բերդապահ զինվորները աջ ու ձախից
Փառք են գոչում, բայց դողում են ներքուստ վախից՝
Ինչ իմանաս այս Նազարին, մեկ էլ տեսար,
Մտքում դրեց, թուրը հանեց, ջարդեց հազար։
Մազրան իշխանն առաջ եկավ աղ ու հացով,
Ազատություն տվեց լեզվին իր մեղրածոր.
- Բարով եկար, հերոս Նազար, մեր կյանք, մեր սեր,
Մենք քո մասին շատ վաղուց ենք արդեն լսել։
Մենք քեզ ծառա, դու մեզ վրա տեր-տիրակալ,
Մենք քեզ գերի, դու մեզ վրա շահ ու արքա.
Երջանիկ ենք, որ աշխարհում ապրում ես, կաս,
Քո շվաքը լինի մեզնից թող անպակաս։
- Իմ շվաքը,- ու Նազարը հոնքը կիտեց։-
Իմ շվաքը մի աշխարհ է, գյադա, գիտե՞ս.
Ինչացո՞ւ եք, որ ապրում եք իմ շվաքում,
Հրեն շվաքն իմ շվաքի՝ դրած վանքում,
Մեռոնի տեղ բաժանում են ժողովրդին։-
Մեծ իշխանին վախեցրեց ճառն այս խրթին,
Թախանձանքով դիմեց նրան.
    - Ներիր, ով քաջ,
Սարի մարդ ենք, անուսում ու խելքներս կարճ։
- Լավ, ներեցի, դուք էլ խալխի նման մարդ եք,
Բայց ներելով՝ այս աշխարհը ինչպե՞ս քանդեմ։
Քանդեմ, էլի, քանդեմ՝ գնա, ինչի՞ս է պետք,
Այնպես քանդեմ, որ չմնա աշխարհից հետք։
- Ժողովուրդը մեղք է ախր, աստված վկա...
- Ի՞նչ ժողովուրդ։
    - Դե խալխն, էլի...
        - Հա՜, էդ էլ կա։

                             3.

Շեփորներով, թմբուկներով խոլ ու թնդուն-
Քաջ Նազարին առան տարան իշխանատուն։
Էլ ի՜նչ հարգանք, էլ ի՜նչ պատիվ, ի՜նչ մեծարում,
Գավաթներում գինիներն են ծիածանվում,
Շորորում են աղջիկները հեզաճկուն,
Նուրբ նազանքով նրա առջև այնպես չոքում,
Որ Նազարը քիչ է մնում սիրուց հալվի,
Ելնի տեղից, ինքը նրանց առջև ծալվի։
Մեկը նրա քիթն է մաքրում վառ ատլասով,
Մի ուրիշը ոտքն է մաքրում խաս փալասով.
Թե Նազարը ձևի համար շարժում բեղը,
Իշխան ու բեկ քարանում են իրենց տեղը։
Նույնիսկ նրա ավանակին մոխրաթավալ՝
Երեք սինի չամիչ-չիրով փլավ տարան
Ու ջրի տեղ խմեցրին մի դույլ գինի։
Հարբած էշը էլ ի՞նչ անի, որ լավ լինի.
Կտրեց կապը, զիլ զռռոցով դուրս վազեց բակ,
Գառ ու մաքի տվեց ջարդեց սմբակի տակ,
Փռնչոցով, խռնչոցով իր անհարկի,
Մեծ իշխանի ձիու պոչը պոկեց տակից։
Հեյ, Ուստիան, դու կռապաշտ ու գլխակեր,
Այսքան տարի ո՞նց ես մարդուդ ճամփան փակել,
Այդ ինչպե՞ս ես տանը պահել այս առյուծին,
Ո՞նց ես ախր բազեն դարձրել չափարածիտ։
Վա՜յ, Ուստիան, բախտը թողած՝ խելքի գերի,
Ողորմի քո պապի կողքի մեռելներին։

Ու տաքացավ խրախճանքը իշխանական,
Ամեն կողմից ամեն ձևի հյուրեր եկան.
Եկան հեռու Փոչաբերդից, Քոչաբերդից,
Լոփաբերդից,
    Խոփաբերդից,
        Թոփաբերդից,
Ուզածին պես մի լավ կերան ու խմեցին,
Հարցեր տվին Քաջ Նազարին առյուծածին.
Առաջինը խոսեց Փոչին՝ Փոչաբերդից.
- Հերոս Նազար, հերոսներիդ հերոսը վես,
Այդպես անվերջ ջարդելով ո՞ւր պիտի հասնես։
Եվ Նազարը պատասխանեց նրան այսպես.
- Թե տա աստված՝ պիտի հասնեմ Սարսաղստան,
Սարսաղ շահի բերդը քանդեմ՝ անեմ բոստան։-
Եվ հարց տվեց իշխան Քոչին՝ Քոչաբերդից.
- Խիզախ Նազար, խիզախության ուժ ու ոգի,
Ո՞նց ես կռվում այդպես մենակ՝ առանց զորքի։
Եվ Նազարը պատասխանեց նրան այսպես.
- Տո, ավանակ, խոզ էլ ասեմ, քիչ կլինի,
Զորքս ո՞րն է, զորքի կռվածն ի՞նչ կլինի,
Զորքը հունար թե ունենա ու խելք կարգին,
Ինչի՞ պիտի ոչխար դառնա թրիս տակին։-
Եվ հարց տվեց իշխան Լոփին՝ Լոփաբերդից.
- Իգիթ Նազար, իգիթության պարծանք ու փառք,
Քանի՞ աշխարհ ունես հիմա քո ձեռքի տակ։-
Եվ Նազարը պատասխանեց նրան այսպես.
- Շատ, անհաշիվ։ Հարյուր ասեմ՝ հազար հասկաց,
Հազար ասեմ, հազարից էլ էն կողմը կաց։
Եվ հարց տվեց իշխան Խոփին՝ Խոփաբերդից.
- Քաջդ Նազար, դու քաջության արև մի նոր,
Քեզ ո՞նց կոչենք՝ զորապե՞տ ես, թե՞ թագավոր։-
Եվ Նազարը պատասխանեց նրան այսպես.
- Ղազի կտուց, ի՞նչ է, խու՞լ ես, չե՞ս լսում դու՝
Իմ անունից էս աշխարհը ոնց է թնդում.
Թագավորն ու զորապետը ախր ի՞նչ են,
Կդառնան հող, մոխիր, փոշի, թե որ փչեմ։-
Եվ հարց տվեց իշխան Թոփին՝ Թոփաբերդից.
- Գիտուն Նազար, իմաստության ոսկե սինի,
Քո կարծիքով աշխարհի վերջն ի՞նչ կլինի։-
Եվ Նազարը պատասխանեց նրան այսպես.
- Գյադա, վերջն այս փուչ աշխարհի՝ պարզ է արդեն՝
Իմ ձեռքի՞ն չի, կուզեմ պահեմ, կուզեմ՝ քանդեմ։-
Ու հարց տվեց մեծ իշխանը իր քաջ հյուրին.
- Կտրիճ Նազար, դու ես հիմա երկրի տերը,
Ո՞նց հասկանալ՝ քանդե՞լն է հեշտ, կառուցե՞լը։
Եվ Նազարը պատասխանեց նրան այսպես.
- Դե երկուսն էլ դատարկից էլ դատարկ գործ են,
Ես որ քանդեմ՝ քանդածս ո՞նց կկառուցես,
Որքան կուզես դու կառուցիր, իսկ ես քանդեմ,
Կառուցածդ ի՞նչ պիտ լինի քանդածիս դեմ։-
Եվ հորանջեց Նազար հսկան, նինջը եկավ,
Նաժիշտները իսկույն նրա թևերն ընկան,
Քնքշանքով պառկեցրին փափուկ թախտին,
Որ երազում բաց չթողնի գտած բախտն իր։

                              4.

Մեկը լիներ ու հարցներ՝ հերոս Նազար,
Բախտդ բերեց՝ Քափուռաբերդ եկար հասար,
Բա դրանից դենը էլ ո՞ւր պիտի գնաս,
Որ տեղ հասնես ավանակիդ հետ անվնաս։
Այսպիսի մի Քափուռաբերդ որտե՞ղ գտնես,
Որ խալխը գա ոտդ ընկնի ու պատվի քեզ,
Պառկեցնի փափուկ թախտին իշխանական,
Ասի՝ դու ես մեր իշխանը և մեր արքան.-
Քաջ Նազարը օրվա կեսին քնից ելավ,
Շուրջը նայեց՝ հեքիա՞թ է սա, թե՞ սուտ երազ.
Նաժիշտները եկան արագ, խոնարհվեցին.
- Ձեր ծառան ենք, ի՞նչ եք ուզում, առյուծածին։
Ճտով փլա՞վ կկամենաք՝ հետը դոնդող,
Թե վարազի ու ոչխարի խորոված կող։-
Իսկ Նազարն ի՞նչ պատասխանի, որ լավ լինի՝
- Երկու կարաս Հնդուստանա խումար գինի...։-
Հնդուստանն ո՜ւր, քաջ Նազարն ո՜ւր, խոսք էր, ընկավ,
Բայց դե պիտի խոսքի տակից պատվով դուրս գալ։
- Հնդուստանա թագավորը, գյադեք, ասեմ,
Եկել է ու կոկորդիս է արդեն հասել։
Ձեզ եմ հարցնում, որ աշխարհում ես կամ հիմի,
Հնդուստանա թագավորը ինչո՞ւ լինի։
Հնդուստանից գնամ պիտի Ճանճառոտի,
Կտրեմ վիզը Չանգինբասար թագավորի,
Հետո գնամ, գնամ, գնամ... Գնամ՝ վայ թե
Էս ղյամաթ աշխարհումը մնաք անտեր։
Հրեն Փստան փադիշահը զորքը առած
Գալիս է ձեր բերդի վրա՝ ասլան դառած։
Որ ես գնամ Հնդուստանա սարսաղի դեմ,
Դուք առանց ինձ կարա՞ք նրան մի լավ ջարդել։
- Իգիթ Նազար,- տեղից ելավ մեծ իշխանը,-
Ի՞նչ իմանաս այս աշխարհի գործն ու բանը,
Մենք առանց քեզ ինչպե՞ս հաղթենք փադիշահին,
Մնա մեզ մոտ ու մեր բերդը ինքդ պահիր։
- Պահո՜, եկա ղոնախ ընկա, կրակն ընկա.
Ձեր գլխինը փափա՞խ է, թե՞ լաչակ կնկա,
Փադիշահը մթամ ի՞նչ է,
Որ չբռնենք նրա յախից
Եվ ինքներդ ձեր ձեռքով գաք նրա հախից։
- Քաջդ Նազար, թիկունք չունենք քեզնից բացի...
- Որ ասում եք, շատ եք ուզում... լա՛վ, մնացի։
Գլխի համար երկու երեք թագավորի
Ինչի՞ թողնեմ ղոշունը գա ձեզ տրորի։
Դրոշակս տարեք տնկեք բերդի գլխին,
Ղյամաթը վնաս չտա էս խեղճ խալխին,
Թե որ հանկարծ զորքից-մորքից եկավ ձեր դեմ,
Իմաց տվեք՝ թուրս առնեմ, գնամ ջարդեմ։
- Ապրած մնա Քաջ Նազարը մեր փրկարար...
- Հերոս Նազար, մենք քեզ որդի, իսկ դու մեզ հայր...
- Փառք Նազարին մեր թանկագին...
        - Եվ փառք նրա ավանակին։
Մեկը լիներ ու հարցներ, իգիթ Նազար,
Որտե՞ղ է այդ թագավորը Չանգինբասար,
Ո՞վ է Փստան փադիշահը և ի՞նչ ցեղից,
Ի՞նչ ես կպել արքաների մորուք-բեղից։
Ասողն ո՞վ է, հո Նազարը երեխա չի,
Ցրիվ կգա հսկա բերդն այս, թե որ փչի։
Թիկնեց նորից մեր հերոսը փափուկ թախտին,
Կերավ-խմեց ու ծոր տվեց իր բայաթին։
Քաջ Նազա՞րն է այս աշխարհում հերոս դարձել,
Թե՞ աշխարհն է Նազարի հետ սարսաղացել։

                        5.

Իշխան Մազրանն ալեմորուս
Ուներ տանը աղջիկ մի լույս,
Օ՜, ի՜նչ աղջիկ, պալատի ջահ,
Ծոցը սիրո մի սուրբ տաճար,
Աչքերը հուր, հոնքը կամար,
Մատները մոմ, կոնքը մարմար,
Շրթունքները ղումաշ ու խաս,
Իսկ մարմինը ճերմակ մետաքս.
Գնաս ու գաս, գնաս ու գաս,
Հայիլ-մայիլ նայես, նայես,
Դեմը չոքես, աղոթք անես։
Եվ երեսից կաթ է կաթում,
Եվ շուրթերից վարդ է կաթում,
Լույս է կաթում աչքերից լույս,
Լույս է կաթում թևերից լույս,
Երբ ճեմում է խաս պարտեզում
Շորորելով մեջքը նազուկ,
Շուշան, մեխակ, վարդ ու կակաչ
Խոնարհվում են նրա առաջ.
Այդքան լույսն ու հուրը անշեջ,
Ախ, այդ անմեղ մեղավորի,
Մեր իգիթը իր սրտի մեջ
Ի՞նչ հրաշքով տեղավորի։
Նայեց տեսավ, տեսավ նայեց
Նազար հսկան այս անսասան
Ու կախարդվեց ու հմայվեց,
Դրախտների դուռը հասավ։
Ի՜նչ հրաշք է սերը, բալամ,
Մարդուս քունը ոնց է խլում.
Հե՜յ, իգիթին տվեք ղալամ,
Դավթար տվեք, տաղ է գրում։
Նաժիշտ-մաժիշտ, շուտ վազ տվեք,
Հենակ դարձեք, ընկեք կուռը,
Սանթուր տվեք ու սազ տվեք,
Որ բաց անի սրտի դուռը։
Աշխարհ, աշխարհ, տունդ վառվի,
Ավանակը տա քեզ քացի,
Բա Նազարը սիրահարվի
Ու չկարա՞ սիրտը բացի...-
Գնաց-եկավ, եկավ-գնաց
Հերոսների հերոս ոգին
Ու կախարդված կանգնած մնաց
Հուրի-փերու դռան կողքին։
Այն լույսը, որ ինքը տեսավ
Լույս օթախի դռան ճեղքից,
Սուրբ ոգի է, մտքում ասաց,
Ո՞նց ազատվեմ ես այս մեղքից։
Գուցե՞ աստծո հրեշտակն է,
Սատանան է ախր գուցե,
Որ աղջկա տեսքով եկել,
Նազարին է ուզում փորձել։
Եվ դրախտի դուռը բացվեց,
Ոնց լինում է այդ հեքիաթում,
Հսկաների հսկան մեր մեծ -
Ոչ քնած է, ոչ էլ արթուն։
Բերեք գուսան՝ գուսանն ասի,
Սազ տվեցեք՝ սազը խոսի,
Քնար բերեք, տավիղ բերեք...
Հեյ, որտե՞ղ ես, մեծ Ֆիրդուսի։
Չէ, դու տես քո գլխի ճարը,
Դու ես հիմա խոսքիդ արքան,
Ինչ Ֆիրդուսի, բա Նազարը
Մի Ֆիրդուսու չափ էլ չկա՞։
- Օրիորդ Փեփուշ, հըմ, արի դե
Սիրտդ նրան բացիր կարգին։-
Աշխարհն հիմա գնամ քանդեմ,
Բերեմ դնեմ ոտքիդ տակին։
- Չանես, չանես, հերոս Նազար,-
Խոսեց Փեփուշը արմազան,-
Մի կզարկես, ջարդես հազար,
Խալխը մեղք է, գթա նրան։
- Թե որ դու կաս, խալխն ինչի՞ս է,
Ոչ մածուն է, ոչ էլ մերան,
Խալխն ավելորդ շունչ ու միս է
Եվ ավելորդ ուտող բերան։
Ի՞նչ ես ասում, բա չգնա՞մ
Շեներ քանդեմ, բերդեր պոկեմ,
Ազգ ու ցեղի թրիս տակ տամ,
Վառեմ, ավլեմ ու պլոկեմ։
- Թե սիրում ես դու ինձ սրտով,
Գթա խալխին, առյուծածին։-
Ժպտաց Նազարը սիրաթով.
Որ ասում ես, լա՛վ, գթացի։
Եվ սեր տվին, և սեր առան,
Սիրո անմահ դրախտն ընկան.
Փառավորվիր, իշխան Մազրան,
Քո փեսան է Նազար հսկան։
Ո՞վ կարող է այսուհետև
Սիրտ անել՝ քեզ հրամայել,
Ինչ շահ, ինչ խան, արքա կամ տեր
Կարա՞ն քեզ ծուռ աչքով նայել։
Քաջ Նազարի անունը տուր
Ու խթանիր քո այրուձին,
Քաջ Նազարի անունը տուր՝
Թուրդ հանիր ու հարվածիր,
Քաջ Նազարի անունը տուր՝
Որքան փակված դուռ կա՝ բացիր,
Քաջ Նազարի անունը տուր՝
Այս աշխարհի հերն անիծիր։
Փառավորվիր, Քափուռաբերդ,
Դու բերդ չես սոսկ, այլ՝ արծվի բուն,
Ո՞վ կփորձի քեզ նայել խեթ,
Դու հավերժ ես ու հաստատուն։
Հողմեր կգան, կերթան հողմեր,
Հողմերի դեմ բերդ կմնաս,
Նազար հսկան քանի կա դեռ,
Հաղթանակի երթ կմնաս։

                    6.

Փառքը բախտի դուստրն է մեծ,
Բախտը ուզեց, աստված տվեց,
Աստված ասաց՝ գնա, Նազար,
Անցիր ձորեր, սարեր հազար,
Էշդ քշիր, գործիդ մտիկ,
Բախտը կգա ու քեզ գտնի։-
Մունետիկը լուսաբացին
Կանչեց բերդից.
    - Լսի՛ր, ո՜վ խալխ,
Քաջ Նազարը արյուծածին
Եվ Փեփուշը մեր արմաղան,
Կամոքն իրենց, կամոքն աստծո,
Սուրբ գրքով ու եկեղեցով
Պսակվում են օրինական,
Հարսանիքն է իշխանական։
Ի՜նչ հարսանիք, հարսանիք չէր
Մի չլսված տոն ու հանդես,
Բազում հյուրեր էին կանչվել,
Սազանդարներ նաև պես-պես.
Ի՜նչ նվերներ, ի՜նչ պարգևներ,
Խաս ու ատլաս, մետաքս պուպուշ,
Խալիչաներ յոթ ուղտաբեռ,
Ութ ձիաբեռ քիշմիշ ու նուշ,
Քափուռ բերդի իշխանը մեծ
Որ մորթել էր քառսուն հատ եզ,
Քառսուն գինու կարաս բացեց,
Քառսուն գուսան հանեց հանդես,
Եվ անունը Քաջ Նազարի
Առան տվին բերնե-բերան,
Պատմեցին ու իրար տվին,
Ձողը դարձրին հսկա գերան,
Նազարը չէ՞ր, որ մեն մենակ
Ջարդեց զորքին Դուման խանի,
Ժողովրդին դառավ հենակ,
Ասաց՝ ա՛յ խալխ, ես կամ քանի
Ու կանգնած եմ քո թիկունքին,
Գլխիցդ մազ չի պակասի։-
Նազարը չէ՞ր, որ աշունքին
Գնաց հասավ Շեն-բալասի,
Խերխան խանի բերդը քանդեց,
Ելավ քսան ղոշունի դեմ...
Կռի՞վ էր, թե տաշի-տուշի՝
Զարկեց, ջարդեց, արեց փոշի։
Պատմողն՝ իրենք, ասողն՝ իրենք,
Հորինողն ու լսողն՝ իրենք-
Հաստատողը՝ քաջ Նազարը,
Ստուգողը՝ խաբված դարը։
Իսկ եղածը ձնագու՞նդ չէր,
Ձնագունդ էր, բայց չփլչեց,
Հա՜ գլորվեց սարերն ի վար,
Մի բլուր էր, դարձավ մի սար.
Սարն էլ սար է, հող է թե ձյուն,
Բարձրություն է, խնդրեմ, հարգիր,
Ճիշտն ու սուտը՝ ստի դարում
Օգտվում են նույն իրավունքից...

                  7.

Իսկ հերոսի դրոշակը,
Հերոսական նրա փառքը
Ինչու՞ թողնել, որ բորբոսնի
Թանգարանում։
Ժամանակը՝ կյանքին ի ցույց
Իր դիվական խաղն է անում,
Ով օգտվում է պատեհ քամուց,
Հաղթանակը նա է տանում։
Քաջ Նազարի դրոշն առած
Քյալլագյոզը իշխան Մազրան-
Գնաց առավ հողը Ծոփաց,
Գնաց քանդեց բերդը Հազրան,
Եվ Թոփաբերդը գրավեց,
Քոչաբերդը արեց գերի,
Խոփաբերդը գնաց վառեց,
Հողը հասավ շաբանների։
Ազգեր ջնջեց, ջնջեց ցեղեր
Ու չթողեց քարը քարին,
Թալան արավ, խալխին նեղեց՝
Դրոշն առած Քաջ Նազարի։
Եվ լուր տարան Գույժ արքային.
- Ո՜վ դու արև մեր մշտարթուն,
Գահիդ նստել ես արխային՝
Քեֆ ես քաշում քո պալատում,
Իսկ Մազրանը՝ աղվեսն այդ հին,
Քո երկիրն է հիմա քանդում։
Շեն չթողեց, բերդ չթողեց,
Ողջն ավերեց, քանդեց տարավ,
Փրկիր դու մեզ, ով արքադ մեծ,
Լույս տուր դու մեր մտքին խավար։-
Արքան կիտեց հոնքը մթին,
Սև ամպերից ամպրոպ պայթեց.
- Հո չի գժվել շունշանորդին,
Կորցրել է խելքը վայ թե...
Խաբար արեք, խաբար տարեք,
Եվ հրաման թագավորաց,
Այդ չախկալին մոտս բերեք,
Թող գա ոտս ընկնի ձեռաց։-
Արին խաբար, խաբար տարան՝
Այսպես, այսպես, իշխան Մազրան,
Կամ կենդանի, կամ էլ մեռած՝
Թագավորի ոտը պիտի
Ընկնես ձեռաց։-
Քաջ Նազարը հենց որ լսեց
Անունը Գույժ թագավորի,
Խուլ մռլտաց.
        - Էդ ի՞նչ բան է,
Ո՞վ է տեսել զռռա ջորին.
Որտե՞ղ է էդ թագավորը,
Այդ կարկաժը, այդ ցմփորը,
Բա վայ չտա՞մ դրա օրին,
Քարը առնեմ, դնեմ փորին։
Քանի ես կամ՝ արքան ի՞նչ է,
Ո՞վ է խոզը այդ շատակեր,
Ես աշխարհում մթամ քիչ եմ,
Արքա էլ են գլխիս տնկել։
Նազարական խաբար արեք,
Խաբար տարեք արքա Գույժին,
Նազարական խաբար տարեք՝
Թող գա ինձ հետ չափի ուժն իր։
Խաբար արեք, խաբար տարեք՝
Աշխարհում կա իգիթ Նազար,
Խաբաթ արեք, խաբար տարեք,
Որ մի զարկի, ջարդի հազար։-
Իսկ ո՞վ խաբարն առնի տանի,
Ո՞վ կգնա Արքայաբերդ,
Թոփն իգիթի երկինք հանի,
Լեզու գտնի արքայի հետ։
Հե՜յ, որտե՞ղ ես, խոսքի մերան,
Ճարտարախոս Գոմեշպատռան.
Ոնց աղեղից պոկված մի նետ,
Շտապ թռիր Արքայաբերդ,
Մեծահամբավ արքայաց դուռ,
Ճարտար լեզվիդ ուժը ցույց տուր։-
Գոմեշպատռան հսկան գնաց,
Թագավորին տվեց իմաց.
- Ես երկրից եմ Բերդաքափուռ,
Արդ, եկել եմ արքայադուռ,
Ազգս Քաջաց, տոհմս Առան,
Անունս է Գոմեշպատռան։-
Արքա Գույժը դիմեց նրան.
Խոսիր լսենք, Գոմեշպատռան։
- Ո՜վ թագավոր, մեր գլխի տեր,
Քաջ Նազարից լուր եմ բերել։
- Հա՜, Քաջ Նազար... շատ եմ լսել,
Բայց չգիտեմ, թե հեքիաթն այդ
Ով է հյուսել։
- Հեքիաթ չէ սա, մեծ թագավոր,
Ուր է, հեքիաթ լիներ թե որ...
Հսկա է նա, մեծ, անվանի
Եվ Փեսան է քաջ Մազրանի՝
Ինքը մի լեռ, ձեռքը մի սար,
Հսկա ասեմ, հասկաց Նազար,
Մի է զարկում, ջարդում հազար։
Բայց հերոս չի նա հասարակ,
Ոչ զորք ունի, ոչ էլ բանակ,
Ինքն է զարկում, ինքն է ջարդում,
Ինքն է քանդում, ինքն է հարթում,
Ինքն է մենակ առաջ թռչում
Եվ մի գլուխ բնաջնջում։
Փուքսը նստեց Գույժ արքայի
Ու կարկամեց մի պահ լեզուն.
- Գոմեշպատռան, ասա դու ինձ,
Այդ Քաջ Նազարն ի՞նչ է ուզում։
- Քաջ Նազարի նպատակն է
Աշխարհն իրեն հպատակել,
    Եվ մտքումն էլ
Դրել է դեռ
Ինչ կա-չկա, ծովը լցնել
Ու նոր աշխարհ մի կառուցել
Իր չափածով, իր կտրածով,
Իր կշռով ու իր ուզածով։
- Հավատու՞մ եք դուք էդ բանին։
- Որ դրել է մտքում՝ կանի։-
Եվ հավաքեց Գույժը արքա
Որքան նազիր ու վեզիր կա,
Մտածեցին, միտք արեցին,
Քաջ Նազարին թուղթ գրեցին.
«Անվախ հերոս Քաջդ Նազար,
Դալար մնա աջդ, Նազար,
Որ մի զարկես՝ ջարդես հազար,
Երկու զարկես՝ հաղթես հազար.
Հազար-հազար բարով նորից,
Հազար բարով թագավորից,
Քաջաց քաջին նախ և առաջ
Փառք ու պատիվ, հարգանք պատշաճ.
Այս աշխարհի տերը դու ես,
Որքան ցեղ կա՝ հերը դու ես.
Կարգադրիր, հրամայիր,
Բայց մեզ քաղցր աչքով նայիր,
Դու մեր տերը՝ մենք հպատակ,
Թող ապրենք քո արևի տակ։
Եղիր փառքը մեր տերության,
Արև դարձիր մեր սերության.
Մեր երկիրը Մազրանստան՝
Հռչակում ենք այսօրվանից
ՆԱԶԱՐՍՏԱՆ։

Թուղթը կտրեց լեռներ հազար,
Գետեր հազար, ձորեր հազար,
Լճեր հազար, կիրճեր հազար,
Քաջ Նազարին գնաց հասավ։




                  ԱՍՔ ԵՐՐՈՐԴ

                           1.

Իսկ այդ ժամանակ մեր Նազար հսկան
Խաս պարտեզի մեջ, ծառի տակ նստած,
Ամբողջ աշխարհի հոգսերն իր ուսին
Միտք էր անում կյանք կոչվածի մասին։
Եվ մտածում էր, թե ինչպես անի,
Որ հողագունդը մի ձեռքով բռնի,
Իսկ մյուս ձեռքով ոլորի բեղը,
Ինչ-որ կա՝ առնի, դնի իր տեղը։
Երբ նրա միտքը թռավ շատ հեռուն,
Հասավ աստղերին, ծովերին անհուն,
    Խղճի կշեռքը
    Առավ իր ձեռքը,
Մի նժարի մեջ աշխարհը դրեց,
Իսկ մի նժարին իր քարը դրեց,
Նոր էր լծակը դեռ ձեռքը առել,
Ուզում էր ծանր ու թեթև անել՝
Արդյոք ի՞նքը, թե՞ հողագունդն է մեծ...
Գոմեշպատռանը եկավ խանգարեց.
- Ո՜վ ոգու թռիչք և մտքի օվկիան,
Արքայակերտից մեր արքայական,
Ինչպես մեծական, նաև հայրական
Ողջույն եմ բերել թագավորական...
Եվ նա իր խոսքը չէր ավարտել դեռ,
Ու մեկ էլ հանկարծ...
        Սուրբ երկնային տեր,
Այս ի՞նչ աղմուկ է, չլինի մեկ էլ
Մի նոր Նազար է լույս աշխարհ ընկել.
- Հե՜յ, հարա՜յ, հասե՜ք, ամա՜ն, շուտ հասե՜ք,
Հերոս Նազարին գնացեք ասեք՝
Օգնիր, քանդվում է մեր տեղ ու տունը,
Քեզնից է կախված մեր փրկությունը.
        Մեր բախտը դու ես,
        Մեր թախտը դու ես,
Ուժը քո ձեռքին,
Մեր լախտը դու ես։
- Ի՞նչ է պատահել,- դողաց Նազարը,-
Այդ ո՞վ է տեսել, որ դողա սարը,
Թե սարը դողաց այդպես անհարկի,
Ուրեմն շանթ ու կայծակ կարձակի։
- Այդ ի՞նչ է եղել,- բղավեց հսկան,-
Կո՞ւյր եք, չե՞ք տեսնում, ես այստեղ եմ, կամ։-
Առաջ եկավ գոռ Թոփուշը, խոսեց.-
- Ով հերոսներից դու ամենամեծ,
Մի հզոր վագր, վագրի բիրտ ցեղից,
Ինչ-որ աշխարհի ինչ-որ մի տեղից
Եկել՝ մեր խալխին ջարդում է, լափում,
Լափելս որն է, արյուն է թափում։
- Վագր է, էլի, կլափի, ջանըմ,
Դրանով աշխարհն հո չի վերջանում։
- Լափելով կգա անկուշտ դևի պես,
Կգա, Քաջ Նազար, ու կհասնի մեզ։
- Էլ ինչ եք կանգնել,- Նազարը գոռաց,-
Հասեք՝ գլուխը պոկեցեք ձեռաց,
Բերեք, որ կաշին ես ինքս քերթեմ,
Փեփուշ խանումի ոտքի տակ նետեմ։
Հազար ամոթ ինձ, թե որ չքերթեմ,
Հազար ամոթ ինձ, թե որ չնետեմ։
- Քաջ Նազար, մեր տեր, մեր դրոշ ու փառք,
Ախր գազան չէ դա մի հասարակ,
Վագր եմ ասում՝ հասկացիր արծիվ,
Արծիվ եմ ասում՝ դու փիղ հասկացիր։
- Է՜, առյուծ լինի, էլի մի բան է,
Կգնամ հիմա խեղդեմ, սպանեմ...
Եղած-չեղածը ախր վագր չի՞,
Գլխին տվեցեք, թող գնա կորչի։
Բա որ Նազարը վագրի համար մի
Նստի քյոհլան ձին, ձեռը թուր առնի,
Գյադա, աշխարհը գիտե՞ս ինչ կասի՝
Կչարախոսի ու կբամբասի.
Կասի էդ չի՞ ձեր Նազարը գոված,
Վագր է խեղդում՝ առյուծը թողած։
Հե՜յ, Գոմեշպատռա՜ն։
    - Այստեղ եմ, իմ տեր։
- Վեր կաց, շուտ գնա դրոշակս բեր,
Իգիթի նման պինդ կանգնիր տակին,
Մի քանի գյադա լավ տեղից ջոկիր
Ու էդ գազանի գլուխը պոկիր։
- Ինչե՞ր ես ասում, ամա՜ն, այ ամա՜ն,
Ախր քո փառքը ես ո՞նց գողանամ...
- Գուդռո՛ւշ, իմացիր Նազարի հարգը,
Իմ ինչի՞ն է պետք այդ քոսոտ փառքը։
    Ես որ կամ՝ փառք եմ,
    Շնչում եմ՝ փառք եմ,
    Նստում եմ՝ փառք եմ,
    Ննջում եմ՝ փառք եմ,
    Փստում եմ՝ փառք եմ,
    Խնչում եմ՝ փառք եմ.
Ձեր ճանապարհը ձեր ձեռքով բացեք
Եվ իմ փառքերով փառք վաստակեցեք։
- Գթա մեր խալխին, ո՜վ հերոս Նազար,
Աշխարհում չկա այդպիսի գազան։
- Գթա՜,- ամբոխը գոչեց խելահեղ,-
Փրկիր գազանից այս խալխին անմեղ։
- Լավ, որ ասում եք, աղաչում եք շատ...
Վայ, տունդ քանդվի, տնաքանդ աշխարհ,
Նազարը գնա վագր սպանի՞.
Գիտե՞ք աշխարհը թե ձեզ ինչ կանի։
Հե՜յ, Գոմեշպատռա՜ն, Ղուզղուն Ամիրա՜,
Զորք հավաքեցեք, անեմ հրաման,
Ցույց տամ, թե ոնց են վագր սպանում։
Ախպեր, ինչ չխմազ երկիր եմ ընկել,
Չգիտեն վագր սպանելը դեռ...
Նազարը գնաց, զորքը ետևից,
Թիկնապահները աջ ու ձախ թևից,
Ու առաջ նետվեց քաջաց այրուձին,
Զարկեցին թրով, սրով զարկեցին,
Եվ հարձակվեցին ամբողջ ճակատով,
Տվին-խփեցին կացնով, ցաքատով,
Զարկեցին աջից, զարկեցին ձախից,
Զարկելով եկան գազանի հախից...
Եվ լուրը անցավ բերանից-բերան,
Աշխարհից-աշխարհ՝ Իրան ու Թուրան,
Մազրանստանից մինչ Ցանցառստան,
Հազարստանից մինչ Սարսաղստան...
Որ  Քաջ Նազարը վագրին ձի արել,
Դնչին սանձ դրել, թուրը ձեռքն առել՝
Հա մի է զարկում՝ հազար է ջարդում,
Երկու է զարկում՝ հազար է քանդում,
Իսկ նրա կողքին կանգնած անվարան
Գոմեշպատռանն ու Ղուզղուն Ամիրան-
Այնպես են գոռում. «Զարկի՜ր, ո՜վ մեր տեր»,
Որ նրանց ձայնից քանդվում են բերդեր։
Այդպես քանդելով ու ավերելով,
Գետեր ու ծովեր իրար խառնելով,
Սելավի նման գալիս են, ամա՜ն,
Ի՜նչ զորք պիտի, որ նրանց դիմանա։

                      2.

Փառքը եկավ, թագն է մնում,
Թագն էլ կգա, դու բանիդ կաց,
Իսկ ով թագ է գլխին դնում,
Պիտի սերտի վարքն արքայաց։
Այսինքն՝ ո՞նց նստել թախտին,
Ինչպե՞ս քայլել ճոխ պալատում,
Թագուհու հետ ի՞նչ ձևով են
Արքաները փլավ ուտում։
Բանը մենակ փլավը չէ,
Հարկավոր է լավ իմանալ,
Պալատում ոնց պիտի խնչել,

Զուգարանում որքան մնալ։
Ուրիշ երկրի արքաներին
Ի՞նչ կարգով են դիմավորում,
այդ փսլնքոտ վեզիրներին
Ի՞նչ խոսքով են վիրավորում։
Ո՞ր օրին են բաղնիք գնում
Ու լողանում արք ու կարգով,
Արքաները ո՞նց են քնում՝
Առանց շապկի՞, թե՞ շապիկով,
Եվ ամիսը քանի՞ անգամ
Պետական հարց պիտի լուծել,
Իսկ կարո՞ղ է երկրի արքան
Իր թագուհի կնկան ծեծել։
Բա չիմանա՞ս՝ գահին նստած
Վիզն ու մեջքը ոնց են քորում.
Հազար աչք կա, հազար ականջ,
Քսփսացին մեկ էլ տեսար,
Սա արքա՞ է, թե՞ սարի արջ,
Չի տարբերում գորգ ու մեզար։
Գահը թախտ չի մի հասարակ,
Այլ ձի է մի՝ կրակի պես,
Կտա քեզ իր ոտքերի տակ,
Սանձը ամուր թե չպահես։
Բայց սպասիր, ո՞ւր ես շտապում,
Գլխավորը ախր մնաց,
Հո չես գնում քո պապունց տուն
Խաշ ուտելու, այ անաստված։
Տերը տվեց ու մի զարկով
Սպանեցիր բազում, բյուր ճանճ,
Ճանճասպանի քո այդ փառքով
Միշտ չես կարող գնալ առաջ։
Վագր էլ կա, բայց մինչև այդ
Ասա, ուրիշ ի՞նչ ես արել,
Շնթռնել ես անհոգ անդարդ,
Ոչ ցանել ես, ոչ էլ վարել,
Գիշեր-ցերեկ քո այդ լաչառ
Ուստիանի թուքն ես առել։
Կանչիր հիմա դպրապետին,
Հրամայիր՝ Քերթող Քառաց,
Արի վռազ կողքիս նստիր,

Դավթար սարքիր՝ «Վարք Նազարաց»։
Եվ Քառացը դպիր-քերթող,
Եկավ կանգնեց մելան առած,
Եվ Նազարը «հը՜մ» ասաց ու
Դարձավ նրան.
    - Տո, ա՛յ մեռած,
Էդ ո՞նց է, որ մինչև հիմա
Մեր մասին մի դավթար չկա,
Բա աշխարհը ի՞նչ իմանա,
Թե ինչ մարդ է Նազար հսկան։
Գնա նստիր, գլխիդ զոռ տուր,
Գրիր՝ ինչ մեր մասին գիտես,
Ինչ որ խալխն է հիմա պատմում,
Ոնց ռամիկն է մեծարում մեզ։
- Դյուցազնավե՞պ կուզեք, հերոս,
Ռոստոմ Զալի հանգ ու վանկով,
Թե՞ ազգային մի նոր էպոս՝
Սասնա Ծռաց օրինակով։
- Չխմազ, ո՞վ է Ռուստամ Զալին,
Անունս տուր՝ սիրտը ճաքի...
Որը լավ է ու դուրալի,
Նրանից էլ գնա սարքիր։
- Վագրի մասին գրեմ հարկավ,
Թե հերոսը ոնց արեց ձի։
- Տո, ի՜նչ վագր, ասա չախկալ,
Կատու կամ մուկ ասա՝ պրծիր։
Քաջ Նազարը, խելքի պուտուկ,
Հո վագր չի մենակ խեղդել,
Քանի՜ շահ է խմել թթուս,
Քանի՜ հազար խան եմ մորթել։
Զամբար, Ղամբար, Չամբար շահին
Նազարը չի՞ քուֆթա շինել,
Իսկ այդ Նադիր շահն իմ ահից
Հարյուր անգամ մուկ է դառել։
Ասա, ո՞վ է փադիշահին
Թախտից գցել՝
    Քաջ Նազարը։
Ո՞վ է Ղուլի էլ Բուլահին
Սայլին լծել՝
    Քաջ Նազարը։
Ո՞վ է Հեբեշ թագավորի
Զորքը հնձել՝
    Քաջ Նազարը։
Ո՞վ է, գյադա, իր հունարով
Աշխարհ ցնցել՝
    Քաջ Նազարը։
Գիտե՞ս ով է պապիս պապը։
- Այդ չգիտեմ, փառքի լուսին։
- Պապիս պապի պապ Ղուգյազը
Աշակերտն է Քրիստոսի։
- Ձեր ակնարկը հարկավ, նուրբ է,
Պետք է անշուշտ գրի առնել։
- Բա ո՜նց, ազգ ու տակով սուրբ ենք,
Գյադայաց հետ մեզ չխառնեք։
Երբ աշխարհում ազգ էինք մենք,
Եվ ունեինք պալատ ու տուն,
Քո պապերը գիշեր-ցերեկ
Մուկ ու մորեխ էին ուտում։-
...Ահա այսպես աշխարհ եկավ
Հռչակավոր «Նազար-նամե»-ն,
Նոր վիպերգը նազարական՝
Դարձավ դարի կոթողն անմեռ։
Մինչ Նազարն իր օթախում
Վարքն էր սերտում թագավորաց-
Փառքը նրա դուռն էր բախում
Դեսպանի պես երես առած։
Ովքեր ասես, որ չեն գալիս
Նազարանիստ Քափուռաբերդ,
Խորհուրդ հարցնում, հարցեր տալիս
Ու նկարվում հերոսի հետ։
Եվ ինչպե՜ս են տենչում նրանք
Տեսնել թեկուզ վագրի մորթին,
Պոկել մի մազ սուրբ հիշատակ
Ու պահպանել որդոց-որդի։
Իսկ դեսպանը Ծոփաց երկրի
Ջանքեր գործեց ու եռանդ մեծ,
Որ թույլ տվին... և Նազարի
Ավանակի հետ նկարվեց։
Ու թե փառքը դա մի հունդ է
Պարարտ հողում, երկնի տակ մով,
Փառքն էլ հենց մի ձնագունդ է,
Գլորվում է մեծանալով։

                    3.

Թագավորին տվին իմաց.
- Ո՜վ մեծություն հասարակած,
Նազարը սոսկ Նազար չէ այր,
Ոչ էլ հերոս սովորական,
Նման դյուցազն դարը միայն
Պարգևում է լոկ մի անգամ։
Ողջ աշխարհը հիմա նստած
Ընթերցում է «Նազար-նամե»,
Ձեզ չի՞ թվում, որ այդ բանում
Մեծն աստծո մատը խառն է։-
Մտքի անդունդն ընկավ արքան,
Խորհեց երկար, թե ինչ անի,
Ինչ պարգև տա, որ այս անգամ
Քաջ Նազարի սիրտը շահի։
Հավաքվեցին նազիր-վեզիր
Գահի շուրջը Գույժ արքայի,
Որոշեցին՝
Քաջ Նազարին առյուծասիրտ՝
Հանուն թագի, հանուն գահի-
Հերոս կոչել միջազգային,
Եվ նվիրել ոսկե մի թուր,
Ոսկե մի գուրզ մարգարտաշար,
Արձան ձուլել մաքուր ոսկուց
Ու հիմնել նոր շքանշան՝
«Վագրին հաղթող հերոս Նազար,
Որ մի զարկի, ջարկի հազար»։
Որոշումն այդ արժանացավ
Հավանության Խորհուրդաց Մեծ,
Տերությունը գործի անցավ,
Լեռը տնքաց... առյուծ ծնեց։
Թագավորն իր շքախմբով
Աճապարեց Քափուռաբերդ,
Եվ հանդիպեց տերը երկրի
Նազար հերոս դյուցազնի հետ։

        ԱՐՔԱ
Քաջաց քաջին ողջու՜յն սրտանց,
Փառք ու պատիվ քաջաց քաջին
Եվ օրհնանքը ժողովրդաց
Եվ զորություն նրա աջին։
Բերել եմ ձեզ մեր տերության
Պարգևների պարգևը մեծ՝
Ոսկե թուր ու շքանշան
Եվ այլ տեսակ շատ նվերներ։

        ՆԱԶԱՐ
Յա՜, թագավոր Գույժը դո՞ւ ես,
Ասա տեսնեմ, ա՛յ խեղճ զուլում,
Էդ դու քանի՞ գլուխ ունես,
Որ իմ խալխին լավ չես նայում։

        ԱՐՔԱ
Խալխը ինքը, հերոս Նազար,
Անբարիշտ է, խռովարար,
Թե որ մի տաս, կուզի հազար,
Կռիվ սարքի ամեն դատարկ
Բանի համար։

        ՆԱԶԱՐ
Խալխը քանի՞ գլուխ ունի,
Որ էդպիսի բան է անում։
Գնա ասա մեր անունից՝
Տեղը կարգին նստի, ջանը՜մ։

        ԱՐՔԱ
Կասեմ, հերոս։
Արդ խնդրում եմ թախանձագին,
Որ այս ոսկե թուրը առնեք,
Պաշտպան կանգնեք մեր քաջ ազգին։

        ՆԱԶԱՐ
Էդ բաներից, թագավոր տեր,
Քաջ Նազարը ի՞նչ կշահի։
Բոլ է որքան ազգ եմ պահել,
Ազգը հիմա թող ինձ պահի։
        ԱՐՔԱ
Եվ կպահի ազգը անշուշտ
Փառաբանված իր հերոսին.
Մեր խալխն ահա դառած աշուղ՝
Երգում է ձեր փառքի մասին։

        ՆԱԶԱՐ
Բա ո՜նց, կարգ է, խալխը պիտի
Իր հերոսի թարիֆն անի։

        ԱՐՔԱ
Մեծ փառքի եք դուք արժանի։

        ՆԱԶԱՐ
Ո՞նց է գործը թագավորաց,
Կռիվ-մռիվ չկա՞, անենք,
Ազգ ու մազգեր գտնենք կորած,
Ջարդենք, փշրենք, հոգին հանենք։

        ԱՐՔԱ
Կցանկանա՞ արդյոք հսկան
Կոչումն առնել զորավարի։

        ՆԱԶԱՐ
Ապրած կենա մեր մեծ արքան,
Բա աշխարհն ո՞վ կառավարի։

        ԱՐՔԱ
Մեծ է աշխարհն, անծայրածիր,
Չունի սահման։

        ՆԱԶԱՐ
Քաջ Նազարին
Հիմա բեր տուր մի քյոհլան ձի,
Գնամ հասնեմ հողը Ալման։
Մեծս ո՞րն է, մեծը ես եմ,
Լավ իմացիր հարգը քաջի,
Ո՞նց ես հիմա՝ տամ ու կիսեմ,
Բերեմ դնեմ ափիդ միջին։

        ԱՐՔԱ
Արդ չի՞ ցանկա հերոսը մեր՝
Մեզ հյուր լինել։

        ՆԱԶԱՐ
Թագավոր տեր,
Մտքներումս ուրիշ բան ենք
Հիմա դրել։

        ԱՐՔԱ
Հույժ կարևո՞ր...

        ՆԱԶԱՐ
Հնդուստանից թուղթ եկավ նոր։

        ԱՐՔԱ
Հնդուստանի՞ց...

        ՆԱԶԱՐ
Թուրանից էլ, Իրանից էլ։
Ֆրանկն էլ է թուղթ ուղարկել։

        ԱՐՔԱ
Ի՞նչ է ուզում Ֆրանկ արքան։

        ՆԱԶԱՐ
Ջանսաղություն։ Գնամ Ալման
Թագավորին զարկեմ ու գամ։

        ԱՐՔԱ
Ասել է թե՝ աշխարհում նոր
Պատերազմի հոտ է փչում։

        ՆԱԶԱՐ
Է՜հ, թող փչի, ա՛յ թագավոր,
Կռվողն ո՞վ է՝ Քաջ Նազարը,
Ջարդողն ո՞վ է՝ Քաջ Նազարը.
Հաղթողն ո՞վ է՝ Քաջ Նազարը.
Կոտորվողը էդ խալխը չի՞,
Թո՛ղ կոտորվի, գնա կորչի։
        ԱՐՔԱ
Առանց խալխի ո՞վ կպահի
Թագավորաց։

        ՆԱԶԱՐ
    Տո՜, բանիդ կա՜ց,
Կգնա խալխ ու խալխ կգա,
Խալխը խալխով չի վերջանում,
Գնա թախտդ դու պինդ պահիր,
Մենք էլ տեսնենք ինչ ենք անում։

Իր խմբի հետ արքան գնաց
Սրտում հազար ու մի կասկած.
Քաջ Նազարն էլ կապեց թուրը,
Գնաց բռնեց կնոջ կուռը.
- Ո՞նց է,- ասաց,- Փեփուշ խանում,
Համ փառք ունեմ, համ էլ անուն.
Շատ եմ ջարդել, քիչ եմ ջարդել,
Այդ աշխարհը գիտե արդեն...
Հը, ի՞նչ կասես, մի չգնա՞մ
Խալխի գլխին արքա դառնամ,
Կռիվ անեմ, ազգեր ջարդեմ,
Աշխարհ պահեմ, աշխարհ քանդեմ։
- Թագավոր ջան,- և Փեփուշը
Բռնեց պաչեց նրա թուշը։-
Դու թագավոր, ես՝ թագուհի,
Ինչ լավ բան է... հի՜, հի՜, հի՜...
Նազարն ուզեց, Նազարն արեց,
Արքայի դեմ գնաց լարեց
Նազիր-վեզիր, իշխան ու բեկ,
Լուր տարածեց աշխարհով մեկ՝
Բա չեք ասի, գահի վրա
Նստել է մի վախկոտ գյադա,
Ոչ խելք ունի նա բնական,
Ոչ էլ ծագում իշխանական.
Նրա պապի պապի պապը,
Նրա տատի տատի տատը
Ազգ ու տոհմով, փոքր ու մեծ
Ղուլն են եղել Քաջ Նազարենց։

                      4.

Տեր-Բաղդասարը հենց լսեց լուրը,
Տարավ հասցրեց Նազարի կնկան.
- Ուստիան խանու՜մ, հլա բաց դուռը։
Հրաշք պատահեց, հրաշք իրական։
- Էդ ի՞նչ հրաշք է, ցնդած վարժապետ,
Էլի երազում կռի՞վս ես տվել
Սատանայի հետ։
        - Չոլի անասու՛ն,
Վարժապետի հետ հերոս Նազարի
Ինչպե՞ս ես խոսում։
        - Նազարը հերո՞ս...
- Ջնջել, բրդել է ազգաց բարբարոս։
- Ի՜հ, ուրիշ Նազար կլինի, ջանը՜մ,
Մեր ծույլ Նազարը ախր էդտեղ ի՞նչ
Ղալաթ է անում։
    - Ուստիան խանում,
Քո էդ Նազարը էլ չկա, գնաց,
Նազար եմ ասում՝ դու իշխան հասկաց,
Իշխան եմ ասում, իմացիր արքա։
Իրան ու Թուրան,
Ֆրանկ ու Ալման
Այնպես են դողում նրա անունից...
- Չէ՜, ա՛յ վարժապետ, հեքիաթ կլինի։
- Հեքիաթս որն է, Ուստիան խանում,
Ախր, գազեթում գրել են արդեն.
«Այս Նազարը քաջ, նաև մեծանուն,
Կատաղած վագրին քաջությամբ հաղթեց»։
- Ի՜հ, հողս դրա պապազին քածի,
Ո՞նց է վագրի հետ իր ուժը չափել...
Իսկ չի պատահո՞ւմ որ պոզը այծի
Դուրս պրծել՝ գայլի փորտիքն է թափել։
Թե որ Նազարս, այդ վախկոտ կատուն
Էլ չի վախենում գազանի ահից,
Եվ անունն էլ են գրել գազեթում-
Նշանակում է վերջն է աշխարհի։




           ԱՍՔ ՉՈՐՐՈՐԴ

                           1.

Ողորմի ասենք Գույժ թագավորին,
Ողորմի ասենք նրանց մեռելոց,
Գույժ թագավորը մեռավ այն օրը,
Երբ սիրտը մտավ կասկածը սև օձ։
Մեռա՞վ իր կամքով, թե թունավորվեց
Ինչ-որ չարանենգ վեզիրի կողմից,
Կարգն այս աշխարհում նոր չի սահմանվել,
Մեռածին պիտի ասել ողորմի։
Ողորմի՜... հետո ուզում ես որքան
Հա չարախոսիր, փնովիր անվերջ.
Գող, ավազակ է եղել մեր արքան,
Տանջել, վառել է ժողովրդին խեղճ.
Իբր պահել է սիրուհիք անթիվ
Ու դավաճանել թշվառ թագուհուն,
Կերել, խմել է, մեկնվել թախտին,
Իր երկրի համար չի թափել արյուն։
Եվ չի հասկացել գործը պետական,
Գլուխ չի հանել հարցերից խրթին...
Բա ինչպե՞ս աչքի ընկնի նոր արքան,
Թե չզրպարտի նա իր նախորդին։
Սակայն չխառնվենք վարքին արքայաց,
Քշել ենք մեր ձին, էլ ետ չնայենք,
Թող այս հարցերի մասին այս անգամ
Դիպլոմատները փիլիսոփայեն։
Հե՜յ, հե՜յ, որտե՞ղ ես, քաջածին Նազար,
Արի տիրացիր այս թափուր գահին,
Արքա հռչակվիր, գավազանդ առ,
Բախտը որոշիր այս ծուռ աշխարհի։
Չէ՞ որ քո բախտը աշխարհի բախտն է,
Աշխարհի բախտը քո բախտի թախտն է,
Նստիր այդ թախտին, բեղդ ոլորիր,
Բախտիդ անիվը առաջ գլորիր։
Քո պապը իշխան, պապիդ պապն իշխան,
Տոհմդ ազնիվ է, ազնիվ է ցեղդ,
Ի՞նչ Տեր-Բաղդասար և ի՞նչ Ուստիան,
Վաղուց ես նրանց հերը անիծել։

                          2.

Եվ Արքայաբերդ մտավ մեր հսկան
Բազմած փառահեղ իր ավանակին,
Բեղերն ու կուրծքը ցցած հաղթական,
Ընձենու մորթին քուրք արած հագին։
Նրա մի կողքին Գոմեշպատռանն է,
Իսկ մյուս կողքին Ղուզղուն Ամիրան,
Իշխան Մազրանը թիկունքին մի լեռ,
Դրոշակակիրը՝ Թոփուշն անվարան։
- Ողջու՜յն արքային մեր առյուծածին,-
Ընտիր գունդն էր դա գոչում խելահեղ,
Եվ ծնծղաները զվարթ ցնծացին,
Եվ թմբուկները թնդացին ահեղ,
Եվ շեփորները քրքջացին զիլ,
Եվ տավիղները մեղմ կարկաչեցին,
Եվ երգիչները արքայատեսին
Խիզախ Նազարի փառքը երգեցին.
- Փա՜ռք մեր արքային,
        Փա՜ռք հավերժական,
Փա՜ռք հազարական,
        Փա՜ռք Նազարական,
Փառք նրա թրին ու հաղթանակին,
Փառք նրա մտքին ու ավանակին,
Հետո փառք Փեփուշ խորոտ թագուհուն,
Որ վարդ շուրթեր ու աչքեր ունի հուր,
Հետո փառք նաև իշխան Մազրանին,
Հետո փառք նաև Գոմեշպատռանին,
Գոռ Թոփուշին ու Ամիրանին փառք,
Եվ ապա նորից քաջ արքային փառք.
    Փա՜ռք արքայական,
    Փա՜ռք հազարական,
         Փա՜ռք հավերժական,
         Փա՜ռք Նազարական։-
Եվ հրամանով սուրբ Վեհափառի
Զանգեր հնչեցին սուրբ եկեղեցում,
Եվ հրամանով սուրբ վեհափառի
Վարդապետ, տերտեր, տեր ու տիրացու
Բարի մաղթանքի խոսքեր ասացին
Նոր Քրիստոսին՝ զավակին աստծու,
Գլխին դրեցին սուրբ լուսապսակ,
Սրբերի շարքը նրան դասեցին,
Եվ այսինչ թվի օրին ու ամսին
Աշխարհի հոգսերն առած իր ուսին,
Վստահ իր ուժին, թրին հաղթական՝
Գահ բարձրացավ մեր Քաջ Նազար հսկան։

                               3.

Եվ գահ բարձրացավ հսկան Քաջ Նազար՝
Ուսին ծիրանի, գլխին ոսկե թագ,
Թիկնեց հերոսը գահին անսահման,
Արձակեց երկրին նոր հրովարտակ.
- Մենք՝ տիրակալս Նազար Առաջին,
Մեծը մեծերից, արքան արքայաց-
Մազրանստանից մինչև Չինմաչին,
Հազարստանից մինչև հողն Արյաց,
Քափուռաբերդից մինչև Մեծ Հոբաց,
Խաբարստանից մինչև Բուրաստան,
Ծուփ ծովից մինչև երկիրը Չոփաց -
Մենք անվանում ենք Մեծ Նազարստան։
Եվ հրաման ենք անում ամենքին՝
Աշխարհում որքան ազգ ու ցեղեր կան,
Պիտի ենթարկվեն միայն մեր կամքին
Հարգ ու պատիվ տան մեզ արքայական։
Իսկ ով չենթարկվի՝ կախաղան հանել,
Ճզմել ու ջարդել ճանճի պես չնչին.
Արդ ուժի մեջ է հրամանը մեր՝
Արքայաց արքա Նազար Առաջին։
Եվ հրամանով մեծ տիրակալի,
Որի կամքովն է արևը ծագում,
Ծովը շառաչում, ափերին տալիս,
Ձյուները հալվում, հավքերը երգում,
Եվ որի կամքով ծլում է հունդը,
Անձրև, կարկուտ է թափվում երկնքից,
Եվ որի կամքով երկրագունդը
Պտույտ է գործում շուրջն իր առանցքի-
Ղուզղուն Ամիրան կարգվեց զորապետ,
Գոմեշպատռանը՝ առաջին վեզիր,
Իշխան Թոփուշը դարձավ խազնապետ,
Մազրան իշխանը՝ ի պատիվ փեսի՝
Նախարարապետ նախարարների...
Ու՞ր ես, Ուստիան, ականջդ կանչի,
Դե հիմա ասա, սա բախտի բան չի՞...
Բա՞խտ... Բախտս ո՜րն է,
    Թե մնար բախտին,
Նազարը ինչպե՞ս կնստեր թախտին.
Այդ բախտի կողքին
    Հունար էլ է պետք,
Հունարի կողքին՝
    Շատ չէ, մի քիչ խելք,
Որ կարողանա քո չիմացածով
Իմացողների բերանը փակել,
Իսկ չիմացածով՝
Չիմացողների գլուխը ծակել։
Ազգեր ու ցեղեր հանիր իրար դեմ,
Իրար թող բրդեն,
Թող իրար ուտեն,
Իսկ երբ կտեսնես շատ են շնանում
Ու համը հանում -
Բռնիր ու քաշիր նրանց ականջից,
Ճզմիր, ինչպես որ դու մի ժամանակ
Ճզմել ես ճանճին.
- Տո՜, ախմախ գյադե՜ք,
Տո՜, ծակ գլուխնե՜ր,
Ձեր գլխին ունեք թագավոր ու տեր,
Ախր իրարից այդ ի՞նչ եք ուզում,
Ինչո՞ւ եք իրար այդպես բզբզում։
Ուժ ունես, կտաս կարկաժին դրանց,
Կաշին կքերթես քառասուն անգամ,
Եվ մեկ էլ տեսար...
        Փա՜ռքդ շատ, աստված,
Քեզ համարեցին խալխի բարեկամ։
Տերությունը մի կարաս է հսկա՝
Լցված ապուրով՝ ուտողին արժան,
Ով որ ուժ ունի՝ թող շերեփով գա,
Ով որ ուժ չունի՝ գդալն էլ է շատ։
- Գոմեշպատռա՜ն, հե՜յ...
        - Լսում եմ, իմ տեր։
- Չե՞ս կարող կամաց գոռալ, անասու՛ն,
Սա քեզ համար հո գոմ չի, պալատ է։
Ի՞նչ են մեր մասին գյադեքը խոսում։
- Ո՜վ արևափայլ և ճաճանչափայլ,
Դուք եք տերության սյունը հաստատուն,
Աշխարհում չկա թագավոր մի այլ,
Որ լինի ձեր չափ այդքան իմաստուն։
- Պա՜հ, էդ էր պակաս...
Ոչխարի կարկաժ,
Քանի դեռ մենք կանք ու գահին ենք մեր,
Ուրիշներն ինչպե՞ս իմաստուն լինեն։
Կյանքը ինչպե՞ս է։
- Թագավոր լուսե,
Կյանքը հոսում է ուրախ զնգոցով,
Ապրում են մարդիկ լիության մեջ ծով.
Եվ ի՜նչ խնջույքներ ու խրախճանքներ,
Երկիրը նման բան չի տեսել դեռ,
Ճիշտ է, այս տարի հացը բարակ է,
Բայց տները լի յուղ ու կարագ են։
- Ի՞նչ ես դուրս տալիս, գլուխ ոչխարի,
Էդ ինչի՞ համար խալխը լավ ապրի։
Երբ վագրեր էինք խեղդում անտառում,
Ասա տեսնեմ՝ քո խալխն ի՞նչ էր անում։
Նազարը կռվի, թալանի, վառի,
Քոսոտ խալխն ապրի արքայավարի՞.
Թե որ երես տանք այդ ստահակին,
Կնստեցնի մեզ օձի ծակին։
- Ի՞նչ կցանկանաք, տիեզերքի տեր։
- Պետք է հարկերը ավելացնել։
Ախպերք, ապրում եք մեր արևի տակ,
Լույս եմ տալիս ձեզ՝ տվեք լուսահարկ։
Գեղում եք ապրում՝ գեղահարկ տվեք,
Բեղեր եք պահում՝ բեղահարկ տվեք,
    Տվեք տեղահարկ,
    Տվեք ցեղահարկ...
Գլուխս պայթեց, ինչի՞ց է, վեզիր։
- Շատ եք մտածում մեր խալխի մասին։
- Մթամ թե սա էլ օրենք է, էլի՜,
Ես շատ մտածեմ, խալխը վայելի։
Տես էդ կողմերում ինչ տերություն կա,
Թող զորքը գնա,
    Կռիվ տա, գերի,
Եղած-չեղածը թալանի բերի։
- Կողմաց հարավի կա մի տերություն,
Ոչ շատ ուժեղ է և ոչ էլ շատ թույլ։
- Ի՞նչ տերություն է։
    - Դանգլամազստան։
- Թագավորն ո՞վ է։
    - Ղանավուզ Փստան։
- Բա էլ ինչի՞ ենք էսքան վախտ լռել,
Դու վեզիր ես, թե մեռելի մակառ։
- Մտքի օվկիանոս, դուք ճիշտ եք հարկավ,
Սակայն մինչև այդ՝ հարկ է գումարել
Խորհուրդաց-խորհուրդ թագավորական։
- Էդ է՞լ ես անեմ։
Թող զորքը գնա կռվի սրամերկ,
Մենք այդ խորհուրդը հետո էլ կանենք։
- Ոգի քաջության, լույսի տիեզերք...
- Քունս տանում է, ժամանակ չունեմ,
Հայտնում ես զորքին հրամանը մեր.
«Մենք՝ թագավորս Նազար առաջին,
Հանուն տերության պատվի ու խղճի-
Թագավորական պահանջներ ունենք
Դանգլամազստան տերության հանդեպ -
Էդ ինչի՞ համար Ղանավուզ արքան
Մեզ հարկ չի տալիս հարևանության.
Ինչի՞ մեր երկրի գետերը գնան
Նրանց աշխարհում զուր ծովեր դառնան.
Եվ դրա համար մենք պատրաստ ու կազմ
Հայտարարում ենք արդար պատերպազմ»։
Կարգ է աշխարհում և ավանդական,
Զորքը կռվում է, հաղթում է արքան,
Ջարդվում է խալխը մարտում ահարկու,
Սակայն արքան է փառքը վաստակում։
Նազար առաջինն իսկ թե չլիներ,
Ինչպե՞ս կարող էր բանակը կռվել.
- Ով է զորքերին տալիս հրաման.
    - Ղուզղուն Ամիրան։
Ղուզղուն Ամիրան ենթարկվում է ո՞ւմ,
Ո՞ւմ անունով ու դրոշով կռվում.
    -  Արքա Նազարի։
Դե ուրեմն փա՜ռք արքային արի,
    Փա՜ռք հազարական,
    Փա՜ռք Նազարական։
- Նախարարապետ, Իշխանանց Մազրան։
- Լսում եմ, իմ տեր։
    - Արա հրաման,
Թող այդ նախարար գյադեքը շուտ գան,
Մեջլիս ենք անում թագավորական։
- Ո՜վ մեծ տիրակալ, անեմ հրաման,
Որ այդ նախարար գյադեքը շուտ գան
Եվ մեջլիս անենք թագավորական։-
Եկան ջոջերը մեծ արքունիքի,
Եկան շարվեցին կարգով հերթական,
Ըստ պաշտոնի և գրաված դիրքի։
Կարգ է արքայաց. Գոմեշպատռանը
Պիտի միշտ կանգնի արքայի կողքին,
Նախարարապետ իշխան Մազրանը
Կանգնի թիկունքին։
    Փեփուշ թագուհին...
Վերացրել է արքան կարգը հին,
Կինը թող գնա բազմի իր բարձին,
Նա ինչո՞ւ խառնվի պետական գործին.
Ի՞նչ, կնո՞ջն էլ տանք մարդու իրավունք,
Տո՛, հարամզադե՛ք, հո չեք գժվել դուք.
Կնիկը ի՞նչ է՝ երկանքի տուտուշ,
Ծանր քարերը իրար են ուտում,
Իսկ ինքը մեջտեղ գլուխ է պահում...
Լաչառներին տանք իրավո՞ւնք...
        - Հայ-հու՜յ,
Չլինի Նազար արքան մեռել է,
Կամ հալվայի տեղ խելքը կերել է։
Կնիկը թող իր մարդուն փայփայի,
Գուրգուրի, սիրի, լավ աչքով նայի,
Շորերը լվա, ոտքերը քերի
Եվ ժամանակին երեխա բերի։-
- Նորին մեծության օրենսգետ Ցացուն,
Դու կանանց մասին ի՞նչ ես մտածում։
- Կին կա, տիրակալ, որ տղամարդ է,
Իսկ տղամարդ կա՝ կնոջից վատ է։
- Պա՜հ, ավանակի պոչը բան ասաց,
Քո օրենքի մեջ էդպե՞ս է գրած.
Կգնաս ջնջես և գրես էսպես՝
«Տեր, կնոջ շառից մեզ հեռու պահես»։
Եվ հետո արքան նայեց ակընդետ
Բժշկապետին ու շարժեց ձեռը.
- Նազարաց երկրի մեծ հեքիմապետ,
Ապրողներն են շա՞տ, թե՞ մեռնողները։-
Եվ բժշկապետ Սաբոսը նրան
Տվեց պատասխան.
    - Աշխարհի տերը
Թող որ իր գահին միշտ հաստատ մնա,
Որքան սերունդ է լույս աշխարհ գալիս,
Նույնքան սերունդ է գնում աշխարհից։
- Էհ, բարով գնան, կարգ է բնական,
Ուտող բերանը կլինի սակավ...
Իսկ թե մեր գլխից պակասի մի մազ,
Դու քո կարկաժով պատասխան կտաս։
Խոսիր, Խազնապետ Թոփուշ Լոփունի՝
Տերությունն ինչքան գանձ ու մանձ ունի։
- Մեր գանձերի գանձ արքադ Քաջ Նազար,
Դիզել ենք արդեն գանձեր բյուր հազար,
Նաև մարգարիտ, հակինթ ու գոհար...
- Էդ գոհարից ու ոսկուց ինձ համար
Ասա այնպիսի մի քյամար սարքեն,
Որ տեսնողները նախանձից ճաքեն։
Հա, չմոռանաս, մի լավ էլ քյամար
Թող սարքեն բերեն թագուհու համար։
- Ով ճարտարներից ամենաճարտար,
Հրամանքդ կատար։
    - Ձենդ չեմ լսում,
Լուսավորության նախարար Բադալ։
- Ապրի մեր արքան մեզ թև ու սատար,
Ձեր պայծառ լույսով խավարը ցրել,
Լուսավորել ենք ժողովրդին մեր։
- Ղալաթ ես արել, ծմակի մայմուն,
Ինչի՞ համար ես լույսս շռայլում.
Գիտությունը ուր, ժողովուրդը ուր,
Դու նրա ձեռքը մաճ ու քլունգ տուր,
Թող վարի, ցանի, հնձի ու կալսի,
Մեր հրամանին պատրաստ սպասի։
Զորապետ Ղուզղուն, զորքը պատրա՞ստ է։
- Պատրաստ է, իմ տեր։
    - Յա՜, խելքի պտուկ,
Բա էլ ինչի՞ ես այստեղ վեր ընկել,
Գնա տերության համար կռիվ տուր։
- Իմաստուններից մեծ ու իմաստուն,
Ո՞ր տերության դեմ կցանկաք կռվել։
- Ո՞վ է ծուռ աչքով նայում գահին մեր։
- Արևաճաճանչ, ստույգ այդ մասին
Թող մեր արտաքոց նախարարն ասի։-
Արտաքոց գործի նախարար Բզդեն
Խոր գլուխ տվեց և խոսեց այսպես.
- Խաղաղություն է աշխարհում, իմ տեր,
Իմ կարծիքով, դա օգտակար է մեզ։
- Տո՜, կտուց բադի և ոչխարի խելք,
Խաղաղությունից ի՞նչ օգուտ ունենք.
Խաղաղությունը, այ գեղի տերտեր,
Սառույցի տակով հոսող մի գետ է,
Բայց մեկ էլ տեսար՝ սառույցը չրթաց
Եվ տերությունը գլորված գնաց։
Բարբաջիր տեսնենք։
    - Կողմաց արևելք,
Կողմաց հյուսիսո, հարավո կողմաց
Մենք ոչ մի վտանգ չունենք անկասկած,
Սակայն տիրակալ, կողմաց արևմուտք
Կուտակվել են ու դիզվել ամպեր մութ.
Տերության Ծոփաց նոտա եմ հղել,
Որ եթե փորձեն պատերազմ մղել...
- Վա՜յ, վա՜յ, վա՜յ, տես է՜...
    Խե՜ղճ տերություն, խե՜ղճ...
Իսկ մեր թոփերի լուլաների մեջ
Հա՞վ է թուխս նստած, մածո՞ւն է մերած։
- Տիրակալ, սակայն...
    - Չէ՛, հլա մի կաց,
Այդ ինչի՞ պիտի սպասենք այնքան,
Որ ուրիշները վրա տան ու գան։
- Դուք ճիշտ եք, իմ տեր։
- Պահ, էդ էր պակաս, որ սխալ լինեմ։
Նազարն իր գործը ջրի պես գիտե.
- Դե վեր կաց մի փիղ բեր՝ խեղդեմ։
- Փի՞ղ...
    - Փիղ էլի, փիղ, փիղը չգիտե՞ս։
Թե փիղ չգտնես՝ առյուծ կբերես։-
Ինքնագոհ արքան թեք ընկավ գահին,
Ծիծաղեց քահ-քահ,
    Եվ հենց այդ պահին
Մի աներես ճանճ եկավ ու նստեց
Նրա ճակատին։
    Փոթորիկ պայթեց,
Եռաց, փրփրեց արքան զայրույթից.
Սա գոմ չէ ախր, ոչ էլ թոնրատուն,
Ի՞նչ ղալաթ ունի ճանճը պալատում։
Իսկ գուցե սա մի ճանճ չի հասարակ,
Մեծ արքայի դեմ թակա՞րդ է լարած,
Ինչ-որ տերության լրտես է գուցե,
Վրեժ է ուզում Նազարից լուծել...
Նախարարները իրարով անցան,
Զարկեցին, տվին, տվին, զարկեցին,
Մեջտեղ քաշեցին թուր ու հրացան,
Ճանճի հաշիվը իսկույն մաքրեցին...
Թեք ընկավ գահին մեր Նազար արքան,
Աշխարհի վրա ծիծաղեց քահ-քահ...

                          4.

Նազարստանի մեծ Նազար արքան
Աշխարհի վրա ծիծաղեց քահ-քահ,
Եվ հետո գնաց գրկեց թագուհուն,
Հարցրեց.
- Ո՞վ է աշխարհը պահում.
Այդ ո՞ւմ կամքով է արևը ծագում,
Բողբոջը պայթում, նշենին ծաղկում,
Երկինքը ամպում, ծովը շառաչում,
Կատուն մլավում, կովը բառաչում...
Փեփուշ թագուհին կոտրատվեց, ծալվեց,
Վառվեց մոմի պես, մոմի պես հալվեց.
- Ա՜խ, թագավորս, արևս, օրս...
- Կպատասխանե՞ս իմ հարցին, լորս...
- Ծոփաց աշխարհի թագուհին, իմ տեր,
Ասում են մատին ունի մի սուտակ,
Օ՜, այդպիսի գանձ չես կարող գտնել
Այս արևի ու այս երկնքի տակ։-

Եվ հրամանը թնդաց նույն պահին,
Ղուզղունը զորքն իր գրոհի տարավ,
Եղավ պատերազմ համաշխարհային՝
Ծոփաց թագուհու մատանու համա՞ր...
Մատանու համա՞ր, թե՞ ուրիշ բանի,
Նման հարցերից ո՞վ գլուխ հանի...
    Մեր գործն է գոչել.
    - Քաջ Նազարին փա՛ռք,
    Փա՜ռք հազարական,
     Նրա գահին փա՛ռք,
    Փա՜ռք նազարական։





         ԱՍՔ  ՀԻՆԳԵՐՈՐԴ

                    1.

Փա՜ռք Նազարին,
        Նազարին փա՛ռք
            Հազարական,
Փա՜ռք արքային,
        Արքային փա՛ռք
            Նազարական,-
Հերոսները փառք գոչեցին, փառքով ընկան,
Չընկնողները հանուն գահի արքայական՝
Գրոհեցին ալիք-ալիք ու զարկեցին.
Նետվեց առաջ ու այրուձին,
Ծոփաց կողմից հրանոթներ փռշտացին,
Հրանոթներ և պայթեցին Քաջաց կողմից,
Ընտիր գունդը սուրաց առաջ նման հողմի
Եվ ձայները խուլ թնդացին աղոթքի պես.
- Փա՛ռք քեզ, փա՛ռք քեզ,
        Փա՛ռք քեզ նորից.
Ինչ երջանիկ բախտ է այսօր վիճակվել մեզ՝
Ջարդել հանուն թագավորի,
Հաղթել հանուն թագավորի,
Մահից հետո անմահանալ՝
Հանուն մեր տեր թագավորի։-
Իսկ այդ պահին Նազար արքան իր պալատում
Բազմած գահին՝ զորապետի թուղթն էր կարդում.
«Արևափայլ, եղան զոհեր հազար-հազար,
Բայց ջարդվելով մենք թշնամու բերդին հասանք,
Հասանք, սակայն ներս չմտանք, զի այդ ժամին
Զորքաց գլխին լավա թափեց նենգ թշնամին։
Չորս շաբաթ է՝ մաքառում ենք հերոսաբար
Ոջիլների, լվերի դեմ լիրբ ու ագահ,
Իսկ մոծակներն այդ զզվելի, ով տեր արքա,
Մեր թշնամուց ահավոր են հազար անգամ։
Մի կողմից էլ սովը ագահ հրեշի պես՝
Դաշինք կնքած թշնամու հետ՝ նեղում է մեզ,
Բայց մենք նորից դիմանում ենք,
Դիմանում ու իմանում ենք,
Որ չենք կարող դիմադրել այդքան երկար
Եվ մեզ անշուշտ կօգնի հզոր Նազար արքան»։
- Գոմեշպատռա՜ն,- Քաջ Նազարը որոտաց զիլ,-
Էդ ո՞նց է, որ դեռ չենք հաղթել մեր թշնամուն.
Քեզ եմ ասում, իմ անունից փութա շտապ,
Ութ ուղտաբեռ մեդալ ճամփիր ռազմաճակատ։
Թող պարգևեն պատկերքներս զինվորաց քաջ,
Որ լավ կռվեն, փառքով մեռնեն։ Ո՛չ մի նահանջ։
- Տեր իմ, սակայն դրությունը լավ չէ այնտեղ։
- Իմ ի՞նչ գործն է, սկսել ենք, պիտի հաղթենք։
- Գուցե արքան կկամենա զորքերին մեր
Անձամբ ինքը իր տեսությամբ ոգևորել։
- Բա երկիրն ո՞վ ղեկավարի, գլուխ ղազի,
Ժողովրդին ո՞վ տերության խոսքը ասի։
- Տեր իմ, երկրում սկսել է ինչ որ հուզում,
Ժողովուրդը...
        - Ժողովուրդը ի՞նչ է ուզում։
- Խաղաղություն ու հաշտություն։
        - Է՜, լա՛վ, ուրի՞շ։
- Ինչպես և հաց։
        - Բա չի ուզու՞մ խուրմա, քիշմիշ,
Տապակած հավ, լուլաքաբաբ, թավաքաբաբ,
Նռան գինի, յուղ ու մեղր, անուշ շարբաթ...
Ժողովրդին շատ երես տաս՝ կուզի աստառ.
Մերը ազգն է, ազգը պիտի պահենք հաստատ։
- Սակայն ազգը, իմաստության շտեմարան,
Ժողովուրդն է՝ ձեր հպատակն ու ձեր ծառան։
- Իշի ախոռ, ժողովուրդը բաց-բերան է,
Ազգ ասածը մեր տերության յուղ-մերանն է.
Մեր անունից շուտ հրաման արա հիմա,
Թող էդ խալխը տեղը նստի, խելոք մնա։
        - Պա՛րզ է, իմ տեր։
- Մեկ էլ թե որ էս դռնովը ներս ես մտել,
Աստված վկա, կարկաժ-մարկաժ կտամ ճղեմ։
Պա՞րզ է, գյադա՛։
        - Պա՛րզ է, իմ տեր։
    - Շուտ չքվի՛ր դե,
Թագուհու հետ պետական գործ պիտի վճռեմ։-
Եվ թագուհին եկավ հեզիկ ու ողջունեց.
- Ո՞նց է գնում գործն արքայաց, թագավոր մեծ։
- Ջրի նման, ես նստում եմ փափուկ թախտին,
Գործը գալիս ու գնում է ինքն իր բախտին։
Իմ թագուհին ի՞նչ է այդպես հոնքը կիտել։
- Իմ թանկագին, իմ աննման թագավոր տեր,
Շատ անախորժ լուր է հասել իմ ականջին։
- Էդ ի՞նչ լուր է հասել, աղջի՛...
- Որ իբր թե Քաջ Նազարը՝ մեր մեծ արքան
Չի ունեցել ոչ մի ծագում իշխանական։
- Յա՜, էդ ո՞վ է բերան բացել։
        - Ինչ որ մի կին։
- Լավ դու գնա, էս սահաթին հրաման անեմ,
Առնեն հոգին։
        - Նրան արդեն բանտարկել են։
- Ի՜նչ մեծ բան է, կասեմ՝ կախեն,
Ուրիշները որ վախենան...
Գոմեշպատռա՜ն...
    - Լսում եմ ձեզ, տեր իմ բարի։
- Շունշանորդիք, մոտս բերեք էդ լաչառին,
Տեսնեմ քանի գլուխ ունի այդ լիրբ ջորին,
Որ ուզում է խայտառակել թագավորին։-
Իսկ այդ պահին կռահո՞ւմ էր Նազար արքան,
Որ այդ կինը Ուստիանն է մեր պատվական,
Ճամփաներ է կտրել անցել, և վերջապես
Մախաղն ուսին հասել է նա Արքայաբերդ...
Քաջ Նազարը որտեղի՞ց և ո՞նց իմանար,
Որ Տրոյան վառվել է մի կնոջ համար,
Որ կանայք են դարձել պատճառ բյուր չարիքաց,
Որտեղ կինը, այնտեղ էլ միշտ մի նոր արկած։

                  2.

- Յա՜, Ուստիա՞ն...
        - Ըմբո՜, Նազա՞ր...
Էդ ո՞նց եկար էստեղ հասար։
- Խելքիս ուժով, թրիս զոռով,
Կոտորելով ու ջարդելով։
- Կոտորողն էլ դու ես եղե՞լ։
- Կոտորել եմ, վառել, նեղել,
Իրար խառնել ազգ ու ցեղեր,
Կոտորելով ու ջնջելով
Անցել մազե կամուրջներով։-
Ուստիանը նայեց գահին,
Նայեց գահին ու Նազարին,
Նայեց նրա ոսկե թագին
Ու քար կտրեց նա զարմանքից.
- Հիսուս Քրիստոս, երկնային տեր,
Էս ամենքը երա՞զ է, թե...
Նազարը ո՞ւր, պալատը ո՞ւր.
Սատանայի ականջը խուլ,
Որքան գիտեմ քեզ մեր գեղից,
Քո տոհմից ու ազգ ու ցեղից՝
Մի բան չէիր... Էդ ո՞նց եղավ։
Տեր երկնային, մեղա՜, մեղա՜...
- Ձենդ կտրի՛,- թնդաց արքան,
Ելավ տեղից, գնաց եկավ,
Գնաց եկավ, նորից գոռաց.-
Ձենդ կտրի, գեղի չախկալ,
Սա պալատ է թագավորաց,
Թագավորի խոսքն օրենք է.
Ասա տեսնեմ, ո՞ւր ես եկել։
- Ըմբո՛, Նազար...
        - Տո՛, ա՛յ լաչառ,
Ոչ թե Նազար, այլ լուսափայլ,
Արևափայլ ու գերագույն,
Իմաստություն ու սրբություն...
Իսկ դու կյանքում եղել ես ղազ
Ու այդպես էլ ղազ կմնաս։
- Ինչ ասացի՞ր... հլա մի կաց...
- Չէ՛, Ուստիան, էն Նազարը,
Որ եղել է, չկա, գնա՜ց.
Թիկունքումս, հրեն, նայիր,
Սարի նման զորք է կանգնած։
Ասա տեսնեմ, թե դու ով ես,
Ուսիդ քանի գլուխ ունես,
Որ խալխի մեջ անպատվես մեզ։
- Հը, խաբարը քե՞զ է հասել.
Ինչ որ ճիշտ է, էն եմ ասել։
- Սարսաղ կնիկ ու հավարա,
Իր աքլորից զրկված կուկու,
Ճշմարտության վրա հիմա
Ո՞վ է թքում։
Ճշմարտությունը քո ասած,
Մուկ է՝ կատվից միշտ հալածված։
- Ո՞նց ես, որ հենց էս սահաթին
Աշխարհում քեզ խայտառակեմ։
- Էդ չար լեզուդ շուտ տեղը դիր,
Թագավորին պիտի հարգել։
Տիրակալ ենք, խոտ չենք ուտում,
Մենակ էստեղ, հենց պալատում
Ունեմ վաթսուն նախարարներ,
Երկու էդքան ղուլեր-մուլեր։
Ասա տեսնեմ, ի՞նչ ես ուզում,
Գեղում ինձնից ի՞նչ են խոսում։-
Ուստիանը փափկեց, հալվեց,
Եվ արքայի առջև ծալվեց.
- Թագավոր ջան, ոտիդ հողն եմ,
Վեր եմ կացել տուն-տեղ թողել,
Եկել մոտդ, որ ինձ գթաս,
Իշխանուհու իրավունք տաս,
Գնամ գեղը կառավարեմ,
Քո գործերին հեչ չխառնվեմ։
- Բայց թե մեկ էլ ձեն ես հանել,
Տես, շանսատակ կգամ անեմ։
- Հա, Նազար ջան, ոտդ պաչեմ։
- Պաչի՛ր, բա ո՜նց, սուրբ եմ, խաչ եմ։
- Օրհնվես, Նազար...
        - Յա՜, ի՞նչ Նազար,
Մտքի տաճար,
Ոգու հանճար,
Իմաստության գագաթնակետ,
Թշնամոց դեմ մի անառ բերդ...
- Էդքան բաներն ինչպե՞ս ասեմ։
- Դրա համար ես արքա եմ,
Իսկ դու ղազ ես։
Կասեմ հիմա անեն հրաման՝
Նախ և առաջ քեզ պատիվ տան,
Հետո նորից հրաման անեմ՝
Նստեցնեն ավտոմոբիլ,
Առոք-փառոք քեզ գեղ տանեն։
- Թագավոր ջան, արև անմար,
Միշտ կաղոթեմ ես քեզ համար։
- Պա՜հ, պա՜հ, պա՜հ, պա՜հ,
        հլա մի տե՜ս,
Էդ էր պակաս, որ չաղոթես։
Ո՞նց է Բաղդո վարժապետը։
- Տեր Բաղդոյին քշի գետը,
Խեղճ ու կրակ մարդ է, էլի,
Բախտը թողած, խելքին գերի։
- Գոմեշպատռան,- թնդաց արքան,
Մեծ վեզիրը եկավ մտավ։-
Այս կնիկը մեր ազգական
Ուստիանն է։
        - Իրա՞վ, իմ տե՛ր։
- Իրավ և դեռ մի բան ավել։
Ուստիանին հենց այսօր մենք
Իշխանուհի պիտի կարգենք։
- Պա՛րզ է, իմ տեր։
    - Հլա կաց դեռ.
Տեր-Բաղդասար վարժապետին
Սաղ երկիրը հիմա գիտի.
Թուղթ ես գրում նրա համար
Եվ կարգում ես սուրբ վեհափառ։
- Հրամանդ, տեր իմ, կատար։
- Դե լավ, չքվիր,- թնդաց արքան,
Էլի գնաց, էլի եկավ,
Աչքով արեց.
        - Հը՛, Ուստիա՞ն,
Դու ի՞նչ կասես հիմա սրան։
- Թագավոր ջան, երազ է սա։
- Չէ՛, ի՞նչ երազ, բախտ, բա՛խտ ասա,
Ղումաշ պալատ ու թախտ ասա.
Բախտը տվեց՝ իշխան դարձա,
Մի հարվածով գահին անցա...
- Հապա խելքը՞։
        - Հա՛, էդ էլ կա,
Առանց խելքի էլ ինչ արքա։
Կարդացե՞լ ես, «Նազար-Նամե»-ն։
- Յա՜, ուրեմն էդ ճիշտ բա՞ն է։
- Թագավոր եմ, դատարկ դդում,
Համ ուժեղ եմ, համ իմաստուն.
Դե լավ, գնա քո բանին կաց,
Խորհուրդ ունեմ թագավորաց։

                   3.

Արքան տվեց, արքան արեց,
Խաղաթուղթը ինքը խառնեց,
Հաղթաթուղթը գնաց-եկավ
Եվ արքային բաժին ընկավ։
Զորքը կռվեց, զորքը հալվեց,
Ջարդված օձի նման ծալվեց,
Եվ նախարար Բղդեն եկավ,
Թագավորի ոտը ընկավ.
- Հերիք եղավ, արքա,- ասաց,-
Անգրավ է հողը Ծոփաց,
Հարկ է կռվի վրա թքել
Եվ հաշտության դաշինք կնքել։
- Հաշտությունս ո՞րն է, ախմախ,-
Քաջ Նազարը դողաց հերսից,-
Դա գլո՞ւխ է, թե՞ քոռ չախմախ,
Բա մեր ազգը ի՞նչ կասի ինձ։
Էդ հաշտության դաշինքը թող
Ծոփաց երկրի արքան կնքի,
Մենք հաղթող ենք, իսկ նա պարտվող,
Պարտվողներն են գալիս ծնկի։
- Նա ծնկի է եկել արդեն,
Հաշտություն է հիմա ուզում։
- Դե ուրեմն ես եմ հաղթող,
Ի՞նչ ես լռել, ախմախ ուզուն։
- Թո՞ւյլ եք տալիս, թագավոր մեծ,
Հայտարարել ժողովրդաց,
Որ մեր զորքը կռվում հաղթեց,
Ծոփաց երկիրն ընկավ պարտված։
- Զորքը հաղթե՞ց...
        Հլա մի կաց,
Զորքն առանց ինձ ո՞նց է հաղթում,
Ո՞նց է կռվում զորքն առանց ինձ,
Թե չլիներ արքան արթուն,
Բա՞ն կմնար քո այդ զորքից։
Հրամանքս թագավորաց-
Կատարում եք հիմա ձեռաց.
Արձաններս թող լավ սարքեն,
Քաղաքներում տանեն տնկեն,
Մեծ ու փոքր անգիր անեն
Հռչակավոր «Նազար-նամեն».
Թե այդ էլ ե՞ս գնամ անեմ։
- Տեր իմ, խալխը շատ է տենչում
Տեսնել իր մեծ տիրակալին,
Նա ձեզնով է ապրում, շնչում,
Դուք եք նրա հայրը բարի։
- Չհասկացանք, խալխ ասածդ
Ո՞վ է մթամ։
    - Ազգը մեր մեծ։
- Է՜հ, պատկերքս տվեք իրենց
Թող մտիկ տան։
- Սակայն կարգ է օրինական,
Ով տերության փառք ու պարծանք։
- Լա՛վ, էդ ազգից բա չպրծա՞նք.
Վագր տվին՝ ձի արեցի,
Գահը բերին՝ արքա դարձա,
Զորքը կռվեց՝ ես հաղթեցի...
Ծուլանալս թե չլիներ,
Քո այդ ազգի երկար լեզուն
Հենց կոկորդից կհանեի...
Հա, ուզում են՝ է՛ս տուր, է՛ն տուր,
Եվ տվածս մթամ քիչ է,
Հիմա էլ թե՝ ազատությու՜ն,
Դեմո... դեմո... անունն ի՞նչ է...
- Դեմոկրատիս, թագավոր տեր։
- Ի՜նչ անուն են համա գտել.
Աշխարհում ինչ չխմազ բան կա,
Էդ խալխերից պիտի դուրս գա։
- Դեմոկրատիան, մեծ տիրակալ,
«Դեմոս» բառն է հին հունական։
- Տո՛, դեմոսի հերն անիծա՛ծ,
Մենք նրանից ունե՞նք մի խեր,
Հենց այդ չխմազ բառի համար
Որքան հույն կա՝ պիտի խեղդել։-
Եվ այդ պահին դրսում թնդաց
Աղաղակը գոռ ամբոխաց.
- Պահանջում ենք խաղաղությու՜ն,
Ազատությու՜ն ու հաշտությու՜ն։-
Եվ ծովացավ ամբոխը հոծ,
Ելավ լցվեց մեյդան, փողոց,
Ճչաց, գոռաց խենթ ու մոլի..
- Մենք տեսնել ենք ուզում մեր տեր
Թագավորին։
Օ՜, ինչ պահ էր, ի՜նչ թանկ վայրկյան՝
Պատմության մեջ անմահացավ.
Պատշգամբին կանգնեց արքան,
Ձեռքը պարզեց, խալխին դարձավ.
- Իմ ժողովու՛րդ, խեղճ ու անճար,
Դուք միշտ կապրեք, քանի ես կամ։
Ես քանի կամ, դուք կլինեք
Ամենայն տեղ և ամենուր,
Զի մենք դուք եք, իսկ դուք էլ՝ մենք
Եվ տերն այդպես է կամենում։
Բայց թե մեկ էլ ձեն եք հանել,
Բերան բացել տերության դեմ,
Շունշանորդի՛ք, լա՛վ իմացեք,
Կարկաժներդ կգամ ջարդեմ։-
Ի՜նչ ցնծություն, ի՜նչ գոչյուններ,
Ի՜նչ կեցցեներ, պատիվ, հարգանք.
Հապա տեսեք, քաջ արքան մեր
Որքան պարզ է ու հասարակ.
Խալխին կոչեց խեղճ ու անճար,
Շունշանորդի խալխին ասաց,
Պիտի լինել միայն Նազար,
Որ այդպիսի ճառերով ջերմ՝
Կարողանաս սիրտ նվաճել։
    Դե ուրեմն՝
    Փա՛ռք Նազարին
Հազարական,
Փա՛ռք արքային
Հազարական։
              
               4.

Թագավորը թե որ չասեր
Վարել, ցանել,
Հնձել, կալսել,
Ո՞վ կվարեր, ո՞վ կցաներ,
Ո՞վ կհնձեր, ո՞վ կկալսեր...
Մեծ տերություն և մեծ հոգսեր՝
Հրովարտակ, բողոք, նոտա.
Օտար երկրից ինչ-որ միստեր,
Որ կոչվում է Հարիս Նոդար,
Եկել հասել Արքայաբերդ
(Եվ դեռ հետն էլ առած կնկան),
Ցանկանում է արքայի հետ
Հարցեր վճռել քաղաքական։
Միստերն ասաց.
    - Հերոս Նազար,
Մի զարկո՞վ եք ջարդել հազար։
Նազարն ասաց.
    - Հա, մի զարկով,
Չորս փթանոց մի մահակով։
Միստերն ասաց.
    - Այդ մահակը
Երկաթի՞ց էր, թե՞ պողպատից։
Նազարն ասաց.
    - Մաքուր փայտից։
Միստերն ասաց.
    - Թե գաղտնիք չէ,
Մեծ թագուհին ի՞նչ է անում։
Նազարն ասաց.
    - Իր օթախում
Լաբլաբու է չարազ անում։
Միստերն ասաց.
    - Մեծ տիրակալ,
Դուք գիտե՞ք, որ Ծոփաց արքան
Լուրջ բողոքներ ունի ձեր դեմ։
Նազարն ասաց.
    - Թող գա՝ ջարդեմ։
Միստերն ասաց.
    - Ճի՞շտ է արդյոք,
Որ ջարդել եք Նադիր շահին։
Նազարն ասաց.
    - Էշի կտոր,
Դա հայտնի է ողջ աշխարհին։
Իսկ ի՞նչ էին գրում թերթերն այդ ժամանակ.
«Դիպլոմատին արքան դարձրեց մի ավանակ։
Ու աշխարհին ապացուցեց, որ ինքը հենց
Եվ հանճարեղ դիպլոմատ է, և դեսպան մեծ»։
«Նազարափայլ» թերթն հերթական իր համարում
Քաջ Նազարին կոչեց մտքի տիտան փայլուն.
«Հուշտրիկը» առաջնորդող մի հոդվածում
Պատմում էր, թե արքան ոնց է խմում հում ձուն,
Եվ ինչպես է բեղը շոյում ու ծիծաղում,
Բաղնիք գնում, թագուհու հետ նարդի խաղում,
Լվացվելիս ինչ օճառ է օգտագործում,
Վեզիրներին սուր խոսքերով ոնց է խոցում։
- Հեքիմապե՛տ։
    - Լսում եմ ձեզ, ո՛վ փառապանծ։
- Պատմիր տեսնենք ոնց է վիճակը հիվանդաց։
- Մեռածներին պատանում ենք, թաղում արագ,
Որ երկրի մեջ չտարածեն ոչ մի վարակ։
- Պա՜հ, աֆերիմ մեր տերության հեքիմապետ,
Լավ դաշինք է կնքել արքայի հետ։-
Ի՜նչ հռհռոց, ի՜նչ քրքիջներ հոմերական,
Ո՞վ կարող է չծիծաղել,
Երբ ծիծաղին տոն է տալիս ինքը՝ արքան։
Բայց թե արքան հանկարծ կիտեց հոնքը մթին,
Տղամարդ ես, պալատի մեջ տեղդ գտիր։




              ԱՍՔ ՎԵՑԵՐՈՐԴ

         ԷՊԻԿԱԿԱՆ ԱՆՏՐԱԿՏ

Քաջ Նազարն ասաց.
- Ծաղրածու, ես եմ հզո՞ր, թե՞ աստված։
Ծաղրածուն այսպես պատասխան տվեց.
- Տիրակալ իմ մեծ,
Մորուքը թեկուզ պատվավոր է, բայց
Բեղը նրանից բարձր է կանգնած։
Քաջ Նազարն ասաց.
- Կարո՞ղ է հանկարծ այնպես պատահի,
Որ իմ փոխարեն դու նստես գահին։
Ծաղրածուն այսպես պատասխան տվեց.
- Տիրակալ իմ մեծ,
Անգղի բնում, թեկուզ անտեր,
Ինչպե՞ս կարող է ծիտը թուխս նստել։
Քաջ Նազարն ասաց.
- Ո՞ւր կհասնեիր՝ իմ խելքն ու միտքը
Թե քոնը լիներ։
Ծաղրածուն այսպես պատասխան տվեց.
- Գժանոց, իմ տեր։
Քաջ Նազարն ասաց.
- Դե չքվիր արագ,
Դատարկագլուխ հիմար խեղկատակ։
Ծաղրածուն նրան պիտ ասեր այսպես.
«- Թե որ դատարկ է իմ գանգը, ով տեր,
Ինչո՞ւ այդ թագը գլխիս չեն դրել...»։
Բայց ոչինչ չասաց,
Զի իր գլուխը թանկ է ավելի,
Քան թագն արքայի։
Արքան կիտեց հոնքը մթին՝
Շանթ կար պահված ամպի տակին.-
Ուստիանը այդ մոլագար,
Խելքը պակաս, լեզուն երկար՝
Փախել-հասել Ծոփաց երկիր,
Յուղ է լցրել թեժ կրակին։
Ինչ-որ թերթի մի թղթակից,
Շունշանորդի անգիտակից,
Այդ խենթի հետ, աշխարհին ցույց,
Ունեցել է հարցազրույց,
Եվ չի թողել քարը քարին,
Անպատկառը, լիրբը անպետք։
Եվ ահա թե թերթը Ծոփաց
Իր մի էջում ինչ է տպել.
«Քաջ Նազարը իրոք քա՞ջ է,
Թե՞ թղթերից սարքած խաչ է»։

    ԹՂԹԱԿԻՑ
Ճի՞շտ է, արդյոք, հարգո տիկին,
Որ դուք անձամբ ճանաչում եք
Նազարին քաջ։

    ՈՒՍՏԻԱՆ
Ցավս չոքի դրա բկին,
Նա իմ մարդն է եղել առաջ։

    ԹՂԹԱԿԻՑ
Ներեցեք ինձ, իշխանուհի,
Թագավորին պիտի հարգել։

    ՈՒՍՏԻԱՆ
Թագավորի՞ն... հի՜, հի՜, հի՜, հի՜...

    ԹՂԹԱԿԻՑ
Ծիծաղելու բան կա մի՞թե...

    ՈՒՍՏԻԱՆ
Խաչը իմն էր, պիսիր ախպեր,
Զորությունը ես լավ գիտեմ։

    ԹՂԹԱԿԻՑ
Իսկ ի՞նչ գիտեք։

    ՈՒՍՏԻԱՆ
Էդ Նազարը համ վախկոտ է,
Համ հավարա, համ էլ սարսաղ,
Տղամարդ չի մեր մեջ ասած...
Իր գլուխն էր անվերջ գովում,
Սրան-նրան հա փնովում.
Վախից տնից դուրս չէր գալիս,
Տիտռիկ-միտռիկ դուրս էր տալիս...
Է՜, բան ունես, բանից խոսիր։

    ԹՂԹԱԿԻՑ
Իսկ ի՞նչ կասեք վագրի մասին։

    ՈՒՍՏԻԱՆ
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ...
        Ես կգնամ
Էն մեյդանում կանգնեմ զռռամ,
Թե Նազարը էդ բերանբաց
Կյանքում վագր լինի տեսած։

    ԹՂԹԱԿԻՑ
Քաջ Նազարին վերջին անգամ
Անձամբ որտե՞ղ եք հանդիպել։

    ՈՒՍՏԻԱՆ
Իր պալատում թագվորական.
Համա՜ ոնց էր ուռե՜լ, փքվե՜լ...
Եվ հայվանն էդ՝ ծալը պակաս,
Իշխանուհուս անվանեց ղազ։

    ԹՂԹԱԿԻՑ
Երբ դուք որպես ամուսիններ
Ապրում էիք մի հարկի տակ,
Չէի՞ք գտնում, որ Նազարը
Շնորհք ուներ մի արտակարգ։


    ՈՒՍՏԻԱՆ
Բա ո՜նց, ուներ... նստում տանը,
Ուսին առնում էս աշխարհի
Հոգսն ու բանը,
Թալանում էր, վառում, ջարդում,
Ո՜նց էր ջարդում Նազարս քաջ։

    ԹՂԹԱԿԻՑ
Ջարդածն ի՞նչ էր։

    ՈՒՍՏԻԱՆ
Հե՛չ, մի բուռ ճանճ։

    ԹՂԹԱԿԻՑ
Չեմ հասկանում, ճանճ ջարդելով
Ինչպե՞ս դառավ նա թագավոր։

    ՈՒՍՏԻԱՆ
Ես էլ նստել միտք եմ արել.
Էդ բոլորը բախտի բան է։

                   2.

Նազարստան տերությունը
Ծոփաց երկրին նոտա հղեց.
«Անհավատներ, այդ ինչպե՞ս եք
Անպատվում մեր արքային մեծ.
Եվ ո՞վ է այդ Ուստիանը,
Որ մեյդան եք նրան հանել,
Ամոթ չի՞, որ մինչև հիմա
Չեք կարդացել «Նազար-նամեն»։
Տերությունը Նազարստան
Պահանջում է Ծոփաց երկրից՝
Նազարստան երկրին հանձնել
Բանսարկուին այդ սրբապիղծ»։
Եվ նոտայում ասված է, որ
Ուստիանը հանցագործ է,
Շատ անվանի մարդկանց հանդեպ
Կատարել է մահափորձեր,
Եվ նոտայում ասված է, որ
Դա ոչ թե կին, այլ իժ է, նեռ,
Նա իր ձեռքով քսան ջրհոր,
Տասը գյուղ է թունավորել,
Նոտան գնաց, նոտան եկավ,
Ամրոցի դեմ կանգնեց ամրոց,
Մինչդեռ հայտնի մի գիտնական
Գիրք գրեց չորս հատորանոց,
Ողջ աշխարհին ապացուցեց,
Որ Նազարը ամենազոր-
Կամոքն աստծո սերվել է հենց
Տոհմից Նաբուգոդոնոսոր։
Հանրահռչակ մի պատմաբան
Մի գիրք գրեց՝ էջից հազար՝
«Տրոյայից մինչ Հաննիբալ,
Հաննիբալից մինչև Նազար»։
Մի բանաստեղծ պոեմ գրեց,
Վեպ հորինեց մի վիպասան,
Մի նկարիչ նկար ներկեց
Ու անվանեց «Խիզախ Նազար»։
Մեջլիսներում համազգային՝
    Քաջ Նազարը,
Կոնգրեսներում միջազգային՝
    Քաջ Նազարը,
Լրագրերի էջն առաջին՝
    Քաջ Նազարը,
Հնդուստանից մինչ Չինմաչին՝
    Քաջ Նազարը։

                    3.

Եվ աշուն եղավ Նազարստանում,
Եվ ձմեռ եղավ, եղավ և գարուն,
Մեռնողներ եղան, եղան ծնվողներ,
Եղան կռիվներ թեժ, արյունահեղ,
Ու ամենայն տեղ՝
    «Ապրի՛ մեծ արքան,
Կեցցե՜ Նազարը մեր հաստատակամ...»։
Դե Նազարին ի՜նչ,
Արժե կյանք քաշել այդպիսի դարում,
Երբ հիմարներն են խելոք համարվում,
Տգետ արքայի փռշտոցն անգամ
Մեծ երևույթ է, այն էլ... պատմական։
Դպիրներն ո՞ւր են, թող առնեն գրի
Արքայի հուշերն անմոռանալի,
Այն մասին, ինչպես Նազարը տոկուն՝
Առյուծ էր խեղդում մանուկ հասակում,
Իր բազուկներն էր մարտերում պրկում,
Մարդկային ցեղը դևերից փրկում,
Դաժան թշնամուն երբեք չէր ներում
Եվ խաչակրաց արշավանքներում,
Թեև պատանի անբեղ, անմորուս,
Սակայն հռչակվեց գեներալիսիմուս։
Այն վայրում, որտեղ Նազարն է կռվել,
Իսկույն խոյացան նոր հուշարձաններ,
Այնտեղ, ուր արքան սանձել է վագրին,
Նրա մարմարե արձանը դրին,
Իսկ հռչակավոր ամսագիր «Ծամե»-ն
Հրատարակեց նրա «ԻՄ ՆԱՄԵ»-ն28 ։
Օ՜, վիպասանի ի՜նչ փայլուն գրիչ,
Ինչպիսի՜ տաղանդ, ինչպիսի՜ թռիչք,
Նազարստանի փառապանծ արքան
Օժտված է ձիրքով և գրողական,
Մեծ Հոմերոսի թափն ունի իր մեջ
Եվ Վերգիլիուսի կրակը անշեջ,
Հռետոր է նա և խոհուն պոետ,
Կարող է չափվել մեծ Գյոթեի հետ,
Այդպիսի ոճով՝ և՛ հստակ, և՛ ձույլ
Լոկ հանճարներն են ստեղծագործում։
...Իսկ ի՞նչ կարող է երկնել արքան մեծանուն,
Ահա թերթերը թե ինչ են գրում.

    «ՁԱՅՆ ՆԱԶԱՐԱԿԱՆ»
Նոր գիրքն արքայի հոյակապ է, քան
Մեծ Հոմերոսի ասքը՝ «Իլիական»։
Իմաստուն արքան՝ Նազարը արի
Հանճարեղ միտքն ու ոգին է դարի։
    
    «ՁԱՅՆ ՀԱԶԱՐԱԿԱՆ»
Նազարստանի փառապանծ արքան
Իր էպոպեն է հյուսել իրական.
Ի՜նչ Գյոթե, և ի՜նչ Բալզակ ու Շիլլեր,
Բոլորից մեծը Քաջ Նազարն է մեր։

    «ՁԱՅՆ ԱՍՊԵՏԱԿԱՆ»
Ի՜նչ ոճ, ի՜նչ լեզու և ի՜նչ խորություն,
Համաշխարհային ի՜նչ մեծ նորություն.
Քաջ Նազարն առած խոսքի մկունդը՝
Թափահարում է ողջ հողագունդը։
.    .    .   .    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .   .    .    .    .    .    .    .    .    .    .    .
Բայց ինչպես եղավ, ոչ ոք չիմացավ,
Թե ինչպես լուրը շուրթից-շուրթ անցավ,
Որ իբր արքան արքա չէ կարգին,
Միշտ գիշերները... միզում է տակին։
Օ՜, ամո՜թ, ամո՜թ բյուր հազար անգամ,
Ինչպե՞ս կարող է տերության արքան
Պալատի մախմուր բուրմունքը շնչել,
Բայց  լակոտի պես իր տակը թրջել,
Արքան կարող է գերել, թալանել,
Չսիրած մարդկանց մորթազերծ անել,
Գոռալ, բղավել, թքել ու խնչել,
Բայց տակը թրջե՞լ...
Խայտառակություն և՛ համազգային,
Խայտառակություն և՛ միջազգային,
Համապետական խայտառակություն,
Համաշխարհային անառակություն։
Հե՜յ, ելե՛ք ոտքի, ժողովուրդ ի՛ զեն,
Մեր թագավորը իր տակին միզել,
Խայտառակել է պատիվը երկրի
Գեղջուկի նման տգետ ու բութ։
Ա՜յ քեզ տիրակալ, ա՜յ քեզ թագավոր,
Այդպիսի արքան ո՞ւմ է հարկավոր։
Մի տիրակալ, որ նման լակոտի՝
Անամոթաբար տակը կեղտոտի,
Ինչպե՞ս կարող է տերություն պահել,
Չափվել մեծամեծ արքաների հետ,
Նախարարներին ծաղրել, ծանակել,
Կամ դեսպանների բերանը փակել,
Եվ երկրի վրա կախվեց մթին ամպ,
Եվ պալատ խուժեց ամբոխն ապստամբ,
Կորչի՜ Նազարը, բռնակալ արքան,
Վերջ Նազարներին վախկոտ ու ագահ-
Գոչեց ամբոխը...
    Բայց Նազարն ո՞ւր է,
Նազարը չկա, գահը թափուր է,
Ամայություն է տիրում պալատում,
Բաց են ամենուր պատուհան ու դուռ,
Արքայի թուրն ու դրոշը չկան,
Եվ չկա թագը թագավորական,
Առեղծված չէ՞ սա...
    Եվ հենց այդ պահին
Լսվեց Նազարի ծիծաղն արխային.
- Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜...
    Խելառված գյադե՛ք,
Թեկուզ աշխարհն էլ ավերեք, քանդեք,
Նազարները միշտ եղել են ու կան,
Նազարները միշտ կծնվեն, կգան,
Առանց Նազարի տերություն չկա...
Ձեզնից ում դնեք այդ գահի վրա,
Նա վաղը անշուշտ Նազար կդառնա։
Նազարությունը իշխանություն է,
Իշխանությունն էլ նազարություն է...
Նազարները չե՞ն ձեզ կռվի տանում,
Նազարները չե՞ն օրենքներ հանում,
Եվ գիշեր-ցերեկ շեփոր-թմբուկով
Նազարներին եք դուք փառաբանում։
Թախտից գցել եք այսօր ինձ այստեղ,
Վաղն արքա կօծեն ինձ մի ուրիշ տեղ...
.    .    .   .    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .   .    .    .    .    .    .    .    .    .    .    .
Թերթերն աշխարհի չորս ամիս հետո
Ավետի՞ս տվին, թե՞ բերին բոթը՝
Մեծ Փլան երկրի Փստան քաղաքում
Գահ է բարձրացել Նազար Երկրորդը։

                   ՎԵՐՋ

No comments:

Post a Comment