31 January, 2016

ԹԱՐԽՈՒՆԱԳԵՏԸ


Իմ նախկին դասընկերները բանասիրական, գյուղատնտեսական, պատմական, կենսաբանական, փիլիսոփայական և չգիտեմ էլ ինչ գիտությունների թեկնածուներ են, իսկ ես գիտական ոչ մի կոչում չունեմ: Վաղես Մարուքյանը, որ պատմությունից այնքան փայլուն գնահատականներ չէր ստանում, պատմական գիտությունների թեկնածու է, և հիմա աշխատում է դոկտորականի վրա: Իսկ Ռուբեն Մնոյանը, որ իներտ գազերը շփոթում էր աղերի կամ թթուների հետ, և ամեն տարի քիմիայից աշնանային էր մնում, քիմիկոս է: Հիշում եմ, մի տարի առաջ քիմիկոս Մնոյանը փողոցում բռնեցրեց ինձ ու սկսեց նախատել.
- Ի՜նչ անտարբեր մարդ ես, ինչպե՞ս կարելի է մեր օրերում ոչ մի գիտական կոչում չունենալ ու լռել:

Իսկ պատմական գիտությունների ապագա դոկտոր Վաղես Մարուքյանը ընկերաբար ձեռքը դրեց ուսիս ու ասաց.
- Բարեկամս, դու պարզապես ետ ես մնում կյանքից: Հարկավոր է համարձակորեն կրծել գիտության ապառաժները:

Տանն էլ կինս չի հանգիստ տալիս.
- Քո ընկերները շուտով ակադեմիկոսներ կդառնան,- ասում է,- իսկ դու ամբողջ կյանքում կմնաս շարքային: Ես քո փոխարեն ամաչում եմ:

Որպեսզի կինս իմ փոխարեն չամաչի, ընկերներս չասեն՝ «Ի՜նչ անտարբեր մարդ ես», աղջիկս դպրոցում պարծենա՝ «Պապաս գիտնական է», որոշեցի դիսերտացիա գրել: Նախ սկսեցի ուսումնասիրել դասական գրողների կյանքն ու գրական գործունեությունը, բայց շուտով պարզվեց, որ բոլորի մասին էլ դիսերտացիաներ են գրվել, և ես հազիվ թե կարողանամ նոր խոսք ասել:

Հնար չկար, որոշեցի բռնել կենդանի գրողներից մեկի փեշից, բայց այդ կենդանի գրողն ավելի շուտ բռնեց իմ կոկորդն ու սպառնաց.
- Եթե ինձ չկանգնեցնես Պուշկինի ու Շեքսպիրի կողքին, դիսերտացիադ կտապալեմ և քեզ էլ աշխարհով մեկ կխայտառակեմ:

Ես այստեղ կտրուկ շրջադարձ կատարեցի ու համարձակորեն սկսեցի կրծել պատմության դարավոր ապառաժները: Բավականին փաստեր ու տեղեկություններ հավաքեցի Բաթու խանի ու նրա ժամանակաշրջանի մասին, վերազինվեցի հայտնի պատմաբանների ցիտատներով: Գործը թափով առաջ էր գնում, երբ հանկարծ իմ ղեկավարը գլխիս սառը ջուր մաղեց. «Բարեկամս,- ասաց,- այդ թեմայով վերջերս հինգ հոգի դիսերտացիա են գրել, և այժմ վեճ է գնում, թե այդ հինգից որին բախտը կժպտա»:

Եթե իմ փոխարեն ուրիշները լինեն, գուցե հուսահատվեն: Բայց ես որոշել եմ մինչև վերջ կրծել գիտությունների կարծր ապառաժները: Թող բերանումս ոչ մի ատամ չմնա, փույթ չէ, երբ կոչում ստանամ, կարող եմ պրոթեզով էլ յոլա գնալ:

Եվ մի գեղեցիկ օր ես ինձնից թափ տվեցի պատմության դարավոր փոշին, ընտրեցի ավելի ժամանակակից, ավելի հոգեհարազատ թեմա: Ասացեք խնդրեմ, գյուղատնտեսությունն ինչո՞վ է պակաս: Ի՜նչ թեմաներ ասես, որ չկան այստեղ՝ բանջարաբուծություն, անասնապահություն, պտղաբուծություն, հացագործություն... Ես անձամբ ճանաչում եմ մի գիտնականի, որը այծի և ոչխարի խաչասերումից ստացել է մի զարմանալի կենդանի: Այդ զարմանալի կենդանին այծի գլուխ ունի, ոչխարի դմակ, բայց, ավա՜ղ, դեռ ցուցահանդես չհասած, սատկել էր կես ճանապարհին:

Իսկ ես կընտրեմ ավելի հետաքրքիր թեմա՝ բանջարաբուծությունը: Բայց քանի որ բանջարեղենները շատ են, կանգնեցի իմ ամենասիրած բույսի՝ թարխունի վրա: Թերթեցի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» և գտա «թարխուն» բառը: «Թարխունը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող քիչ կծվահամ բազմամյա կանաչի է»:

Շատ հրաշալի է: Այժմ ինձ մնում է կենսագրություն ստեղծել բարդածաղկավորների ընտանիքին պատկանող այդ բազմամյա կանաչու համար: Սկսեցի շատ հեռվից՝ թարխունն առաջին անգամ հայտնաբերվել է վայրի վիճակում, եգիպտական թագավոր Թութմոս 3-րդի ժամանակաշրջանում: Ըստ առասպելի, Նոյ նահապետն առանձին մի թուլություն է ունեցել թարխունի նկատմամբ և նա՝ հանճարեղ Նոյը, աշխարհի առաջին բանջարաբույծը, մեծ ջրհեղեղից առաջ իր տապանում թարխունի արմատակալներ է պահել: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Քեոփս փարավոնը թարխունը համարել է արքայաբույս, իսկ հետագայում Ալեքսանդր Մակեդոնացին կարգադրել է զարկ տալ թարխունաբուծությանը:

Այնուհետև գտա, որ թարխունն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մեր թվարկությունից առաջ թարխունից պատրաստել են հրաշալի դեղորայքներ: Իսկ թե ովքեր են պատրաստել այդ դեղորայքները, ես այդ հարցը թողնում եմ բժշկագիտության ուսումնասիրությանը:

Դիսերտացիան, իմ կարծիքով, ստեղծագործություն է, և հեղինակը պարտավոր է ինչ-որ տեղ իրեն ազատ զգալ: Իսկ ինչո՞ւ չգրել, որ թարխունը մեր մյուս բանջարեղեններից տարբերվում է ոչ միայն համով ու հոտով, այլև բուժիչ հատկություններով: Եվ ես համարձակորեն հորինեցի. «Հեռու չէ այն ժամանակը երբ թարխունից ստացված դեղերը կբուժեն քաղցկեղն ու մի շարք այլ անբուժելի հիվանդություններ»:

Վերջում ես կոչ եմ անում՝ «Որքան կարողանում եք, թարխուն օգտագործեցեք: Թարխունը հոգեպես ջահելացնում է հասակավորներին, երկարացնում նրանց կյանքը, բուժում մի քանի տասնյակ հիվանդություններ»:
Դա եղավ սենսացիա: Կոլտնտեսային շուկայում թարխունի մեկ փունջը տասը կոպեկից բարձրացավ, դարձավ հիսուն կոպեկ, սպեկուլյանտները սկսեցին զբաղվել թարխունի առևտրով, մարդիկ իրենց բակերում, նույնիսկ ծաղկամաններում սկսեցին թարխուն աճեցնել:

Ի դեպ, մեր կողմերում ստեղծվեց թարխունաբուծական մի սովխոզ՝ իր թարխունագետներով: Հանդիսավոր ժողովում ինձ ընտրեցին սովխոզի պատվավոր անդամ, և սովխոզի դերեկտորը խոստացավ ապագայում, այսինքն՝ իմ մահից հետո, սովխոզը կոչել իմ անունով: