15 July, 2012

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ


Մայիսի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ Ելույթներ ունեցան գրողի ժամանակակիցներն ու գրչակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են նրա հետ, անձնապես ծանոթ են եղել, նաև մարդիկ, ովքեր անձամբ ծանոթ չեն եղել Վազգեն Օվյանին, բախտ չեն ունեցել տեսնել նրան, սակայն այսօր մեր գրականությունը չեն պատկերացնում առանց Վազգեն Օվյանի...

10 տարի առաջ, 2002-ի մայիսի 21-ին, երբ այդ նույն դահլիճում նշվում էր «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» 10-ամյակը, հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ, բարեգործ  Մկրտիչ Մկրտչյանն առաջին անգամ լսեց Վ. Օվյանի «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը։

«Ես, աթոռիս մեջ մխրճված և մարմինս փշաքաղված, ունկնդրում էի այդ սքանչելի գործը։ Երբ մեծ ծափահարություններով քերթվածքն ավարտվեց, իմ քով նստած, իմ մոտիկ բարեկամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Բորյա Ալավերդյանին հարցրի, թե ով է այդ գլուխգործոց բանաստեղծության հեղինակը և խնդրեցի այդ քերթվածքից մի օրինակ գտնել ինձ համար»,- գրել է Մկրտիչ Մկրտչյանը։

Մի տարի հետո նրա օժանդակությամբ Երևանում տպագրվեց Վազգեն Օվյանի լավագույն անտիպ ստեղծագործությունների մի մասն ընդգրկող «Լեռների լեգենդը» ժողովածուն, որոնց մեջ էր նաև «Այս Ղարաբաղն է» պոեմ-բանաստեղծությունը։
Վերոհիշյալ հուշ-երեկոյին ներկա էր նաև Մ. Մկրտչյանը։

«Ասիկա ինձի համար մեծ անակնկալ է, որովհետև ես Ղարաբաղ եկա 3 օր առաջ, որպեսզի մայիսի 9-ի հսկայական տողանցը դիտեմ... Ես բախտ ունեցա 10 տարի առաջ գտնվել այս նույն սրահում, լսել նրա «Այս Ղարաբաղն է»-ն ու ծանոթանալ նրա ընտանիքի հետ... Ես այդ բանաստեղծությունը Տորոնտոյի մեջ արտասանեցի և տորոնտոցիները մեկեն շվարեցան, թե Ղարաբաղի մեջ մշակույթ կա, այդպիսի նշանավոր բանաստեղծ կա...»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը։

Ելույթներ ունեցան լրագրող, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ԼՂՀ նախագահի օգնական Ռուդոլֆ Մարտիրոսյանը, ԱրՊՀ հոգեբան, հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Խաչատրյանը, Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, Ստեփանակերտի թիվ  11  դպրոցի լեզվի և գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, ԼՂՀ ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը և ուրիշներ։

ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, երիտասարդ դերասան Էրիկ Ավագյանը, Արցախի պետհամալսարանի ուսանողուհի Լաուրա Գաբրիելյանը և ուրշներ ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործություններից։

Հանրապետության ժողովրդա-կան արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը գրողի հետ ստեղծագործական համագործակցության մասին հուշեր պատմելուց հետո կատարեց Վ. Օվյանի խոսքերով գրված, արցախցիների սիրելի «Ստեփանակերտ» երգը։ Նշեցին, որ Վազգեն Օվյանի «Այդ ես չեմ երգում», «Լեռների հետ», «Ղարաբաղ», «Դերունց ծորումը», «Տմբլաչի Խաչանը» և տասնյակ այլ բանաստեղծությունների խոսքերով երգեր են գրել Գեղունի Չիթչյանը, Արմեն Նասիբյանը, Կիմ Առաքելյանը և այլ կոմպոզիտորներ ու գուսաններ։ Նրա երգերը հնչում են հանրահայտ երգիչներ Ռուբեն Մաթևոսյանի, Ֆլորա Խորենյանի, Թովմաս Պողոսյանի, Նաիրուհի Ալավերդյանի և այլոց կատարմամբ։

Հուշ-երեկոյին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱԺ  մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, հարյուրավոր արվեստասերներ ու Վազգեն Օվյանի տաղանդի երկրպագուներ։

Հատվածներ ելույթներից.

ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ - Ես բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ, ավելին՝ աշխատելու նրա անմիջական ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ Վազգեն Օվյան երևույթին։ Դա արել է ժողովուրդը և դա արել է ամենաանաչառ դատավորը՝ Ժամանակը։
Ցավոք սրտի նա չապրեց մինչև ղարաբաղյան շարժումը։ Հիշում եմ, մեր մեծանուն դերասան Բենիկ Օվչյանը պատերազմի այն դժնդակ տարիներին խրամատից խրամատ, նկուղից նկուղ էր անցնում, արտասանում էր Վազգեն Օվյանի
«Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ»
հրաշք բանաստեղծությունն ու բարձրացնում էր մարդկանց ոգին...
Հայրենասիրական դաս՝ որպես այդպիսին, ես առել եմ նաև հենց Վազգեն Օվյանից, նրա գրվածքներից։ Ամեն առավոտ, երբ մենք ներկայանում էինք աշխատանքի, Վազգեն Օվյանը հավաքում էր երիտասարդներիս և սկսում էր կարդալ իր նոր գրած բանաստեղծությունները, պատմվածք կամ մանրապատում... Ուղղակի շռնդալից տաղանդ էր նա, և հազար ափսոս, որ ժամանակից շուտ հեռացավ կյանքից։ Սակայն, այնուամենայնիվ, այն, ինչ իրենից հետո թողեց Վազգեն Օվյանը, հատկապես այն գործերը, որ հետմահու են տպագրվել, խոսում են նրա մեծ տաղանդի մասին...

ՌՈՒԴՈԼՖ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Ես պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ՝ մարզային ռադիոյում. ինքը գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիրն էր, ես՝ մարզային ռադիոյի հաղորդավար։ Ինձ համար մի նոր հայտնություն էր նա։ Ես փորձում էի հասկանալ՝ ո՞վ է Վազգեն Օվյան ֆենոմենը, այդ հայտնությունը մեր գրական աշխարհում...
Ես նկատում էի, որ նրա հայրենասիրական բանաստեղծություններում միանգամայն այլ ենթատեքստ կա, կանխազգում էի, որ հաստատ նա կունենա անտիպ ստեղծագործություններ... Այսօր եզակի գրողներ կլինեն, որ ցույց տան թեկուզ մի թերթ ու ասեն՝ ես այս բանաստեղծությունը գրել եմ այն տարիներին՝ կայսերապետական գրաքննության տարիներին...
Եվ ես վերջապես ինքս ինձ համար պարզեցի, որ նա որքան պարզ ու հասարակ էր, այնքան՝ տաղանդավոր, և որքան տաղանդավոր էր, այնքան՝ պարզ ու հասարակ...

ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ - Բավականին երկար ընդմիջումից հետո մենք հավաքվել ենք արժեվորելու մի բանաստեծի, մի գրողի, որին թվում էր, թե փորձում էինք առօրյայում մոռացության տալ։ Եվ այսօր այս գեղեցիկ դահլիճում մենք խնկարկենք Վազգեն Օվյանի հիշատակն ու ասենք՝ իրոք մեծ քաղաքացի էր, մեծ հայ էր, մեծ արցախցի էր և մեծ գրող էր։
Այսօրվա մեր սերունդը կարդալով Վազգեն Օվյանի ստեղծագործությունները, միգուցե դրանք սովորական թվա նրան, բայց երբ մտովի տեղափոխվում ենք այն ժամանակահատվածը, որում ապրել է Վազգեն Օվյան բանաստեղծը, դրամատուրգը, երգիծաբանը, որը փորձ է կատարել բարձրաձայնել մի այնպիսի ժամանակահատվածում, երբ մարդիկ վախենում էին խոսել այնպիսի երևույթների մասին, որ կարողանում էին ասել միայն Շիրազի, Սևակի նման բանաստեղծները, նրա մեծությունը դառնում է ավելի հզոր, և այսօր կարդալով նրա բանաստեղծությունները, հասկանում ենք, որ իրոք մեծ բանաստեղծ, մեծ գրող է նա...
Այն տարիներին իրոք նրա յուրաքանչյուր ստեղծագործություն նորույթ էր, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն հայաշունչ էր, Ղարաբաղով հագեցված էր ու հնրավոր չէր չկարդալ ու չսիրել նրան...

Հուշ-երեկոյի վերաբերյալ Արցախի հեռուստատեսությամբ հեռարձակված նյութը (video)
http://www.youtube.com/watch?v=Jniw2I5eRnI

ՆՐԱ ՏԵՂԸ ՄՆԱՑ ԹԱՓՈՒՐ

Վազգեն Օվյանը կենդանության օրոք բոլորի կողմից ընդունված հեղինակություն էր, վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը: Քչերն են գրում տարբեր ժանրերով և ստեղծում արժեքավոր երկեր: Բնությունը շռայլ է եղել նրա նկատմամբ: Մտերիմները, ընկերները նշում են, որ նա շատ արագ էր գրում, գրում էր կենտրոնացած, մի տեսակ շտապում էր… Շտապում էր, որովհետև ասելիք ուներ:

Ժողովրդի հիշողության մեջ Օվյանը մնացել էր որպես երգիծանքի մեծ վարպետ: Օվյանական հումորը, սարկազմը առկա է նրա տարբեր ժանրերի ստեղծագործություններում: Ավագ սերունդը լավ է հիշում «Մախաթ» գրական-երգիծական հաղորդաշարը, որին միշտ անհամբեր սպասում էին: Սիրում էին նաև Օվյանի թատերգությունները: Դահլիճը միշտ լեփ-լեցուն էր լինում: Երկար ժամանակ մեր թատրոնի բեմից չէին իջնում «Մեծ լոռեցին», «Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց» պիեսները, որ ներկայացվել են 100-ից ավելի անգամ:

Բայց պիտի խոստովանել, որ Օվյանի մեծությունը խորությամբ չէր ընկալվում կենդանության օրոք: Երևի ժամանակ էր հարկավոր։ Հիշենք Սևակի արդեն թևավոր դարձած խոսքը. «կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը»: Իմ կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ գրողի լավագույն գործերը երկար ժամանակ անտիպ էին:

Ես բախտ եմ ունեցել լսել Օվյանին, հաղորդվել նրա խոսքի կախարդանքին: Այդ օրը Օվյանը տանտիրոջ իրավունքով սեղանն էր ղեկավարում և զուգահեռ ընթերցում իր բանաստեղծությունները՝ ավելի քան երկու ժամ: Մենք՝ երիտասարդներս, զարմացած, հիացած լսում էինք նրան: Կարծես կենդանի մարգարե լիներ մեր առջև նստած: Կարդում էր այն, ինչ այն ժամանակ ոչ ոք չէր համարձակվի բարձրաձայն ասել, իսկ գրելու մասին խոսք լինել չէր կարող:
Այդ օրը, ավելի ճիշտ՝ այդ մի քանի ժամը գրականության ամենալավ դասն էր մեր կյանքում:

Միայն տարիներ հետո՝ Արցախյան շարժման օրերին մեր ժողովրդի որոշ ներկայացուցիչներ պիտի ասեին այն, ինչ Օվյանը գրել էր շատ առաջ՝ ոչ թե ճառի տեսքով, այլ՝ գեղարվեստական խոսքի՝ պատկերավոր, համոզիչ: Միանգամայն այլ գրական կյանքով էր ապրում Վազգեն Օվյանը։ Երբ տպագրվեց ադրբեջանցի բանաստեղծ Ռասուլ Ռզայի բացահայտ հակահայկական ոգով գրված բանաստեղծությունը, Օվյանը որպես պատասխան գրեց. «Սմբատ և Բաբեկ» ստեղծագործությունը:

Վազգեն Օվյանի մահից անցել է ուղիղ քսանհինգ տարի: Անցած տարիները հաստատեցին, որ նա արցախահայ գրականության մեջ երևույթ էր, և նրա տեղն այդպես էլ մնացել է թափուր: Ցավալի է, իհարկե, սակայն անփոխարինելի մարդիկ, բարեբախտաբար թե դժբախտաբար, լինում են։ Գրողի գործընկեր Մարսել Պետրոսյանը գրել է. «Երբ հեռացավ կյանքից, կոլեկտիվում զգացին, որ խմբագրությունում սյուն է փլվել, սյուն, որ ահռելի տարածք էր պահում իր ուսերին... Նրան փոխարինեցին շատերը, բայց, ավա՜ղ, այնուամենայնիվ, նրա տեղը մնաց թափուր՝ ռադիոյում, գրողների շարքում, և անգամ թատրոնում, ու այսօր էլ այդ իրավիճակը մնում է անփոփոխ»։

Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը գրում է, որ Արցախյան շարժման օրերին իրեն երկու բան կսկիծի պես հետապնդում էր. «Եթե Սևակը կենդանի լիներ՝ նրա խոսքից ինչքան կշահեր մեր շարժումը և Վ. Օվյանը… առանձնապես նրա երգիծանքը ադրբեջանական մամուլի դեմ պայքարում»:

Նշանավոր գրողն իրավացի է: Այդ զգացումը շատերս ենք ունեցել: Հրապարակում կանգնած մարդիկ հաճախ էին հիշում Օվյանին, զգացվում էր նրա բացակայությունը:
Վ. Օվյանի բացակայությունը մենք զգում ենք նաև մեր օրերում: Քանի դեռ մեր կյանքում տեղ ունի սուտը, կեղծիքը, երկերեսանիությունը, քանի դեռ, Սայաթ-Նովայի բառերով ասած՝ սուտը ճշմարտության տեղ է անցնում, փուշը՝ վարդի, ագռավը՝ սոխակի, Վազգեն Օվյանը երբեք չէր լռի:

Նրա համար երգիծանքը, քննադատությունը ինքնանպատակ չէր. իր հողին ու ջրին նվիրված տաղանդաշատ գրողը շատ էր սիրում մեր լեռնաշխարհն ու նրա աշխատասեր, հպարտ ժողովրդին, և ուզում էր, որ արատավոր երևույթները կյանքում տեղ չգտնեին: Նրա համար հայրենասիրությունը վարքագիծ էր, ոչ թե կեցվածք:

Նա կյանքում ոչ մի իշխանավորի առջև գլուխ չի թեքել։ Երբ որոշ մտավորականներ իշխանավորների առջև ոչ միայն գլուխ էին թեքում, այլև հաճախ թևի տակից դուրս չէին գալիս, Օվյանը գրում էր իր հայրենասիրական լավագույն ստեղծագործությունները: Գրում էր, թեպետ գիտեր, որ դրանք չեն հրապարակվի։ Բայց արվեստագետը քաղաքացիական պարտքն էր կատարում: Ներքուստ համոզված էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր անտիպ ստեղծագործությունները կդառնան ժողովրդի սեփականությունը:

Վ. Օվյանի գրվածքները ոչ միայն ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունեն, այլև՝ գեղագիտական հզոր լիցք: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ «Այս Ղարաբաղն է», «Նկարիչ, Արցախ նկարիր», «Ղարաբաղ», «Արտ է, արոտ է», «Ղարաբաղ եմ ասում», «Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել», «Եզը» և ուրիշ շատ գործեր:

«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը մեր հպարտության երգն է, այն վաղուց է դարձել մի յուրատեսակ այցեքարտ մեր երկրի մասին: Այս տարի լայնորեն նշվում է Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակը: Ինձ թվում է, որ կառավարության կողմից ճիշտ կլիներ 2012 թվականը հռչակեին Վազգեն Օվյանի տարի: Վ. Օվյանի ստեղծագործությունները մեր օրերում հրատարակվում են, մարդիկ ընթերցում են, մեջբերումներ անում, տարբեր բեմերից արտասանում այս կամ այն գործերը: Այս ամենը խոսում է այն մասին, որ նա մեզ հետ է, մեր կողքին, և Վազգեն Օվյանի երկերը կշարունակեն բազում սերունդներ հուզել ու դաստիարակել:


ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ
Բանասեր