19 October, 2016

Մուկը


- Օգնեցե՜ք...
Տիկին Վարդուհին այնպես ծկլթաց, որ Մակար Ադամիչը շապկանց դուրս թռավ մահճակալից ու նետվեց խոհանոց։

- Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա ու բռնեց կնոջ ձեռքը։
- Մո՛ւկը,- կինը մատով ցույց տվեց խոհանոցի ձախ անկյունը։- Մե՜ծ, շատ մեծ մուկ էր։

Տիկին Վարդուհին այնպես էր դողում, որ կարծես տեսածը ոչ թե մուկ էր, այսինքն՝ այն մկներից, որ վազվզում են նկուղներում, այլ առնվազն աֆրիկյան ընձառյուծ կամ կոկորդիլոս։
Մակար Ադամիչը շուռ ու մուռ տվեց կաթսաները, նայեց պահարանի ու գազօջախի տակը, կատվի նման մլավեց, բայց շատ անհաջող և, կնոջը հանգստացնելու համար, ասաց.
- Սիրելի՛ս, իսկ գուցե աչքիդ է երևացել։

- Դու ինձ ինչի՞ տեղ ես դրել,- բարկացավ տիկին Վարդուհին։- Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում,- և ոտքը խփեց հատակին։- Այս տանը կամ ես, կամ մուկը։

Տիկին Վարդուհին հագավ վերարկուն, մի անգամ էլ սպառնալից հայացք ձգեց ամուսնու կողմը և շարժվեց դեպի դուռը։
- Գնում եմ մերոնց մոտ։ Մինչև այդ մուկը չբռնես, չգամ իմ աչքով տեսնեմ, այստեղ չեմ մնա։
Մակար Ադամիչը շուկայից մեկի փոխարեն չորս թակարդ գնեց, լարեց ու դրեց խոհանոցի անկյուններում, սպասեց երկու օր, երեք օր, բայց մուկը չկա ու չկա։
Անցավ մի ամբողջ շաբաթ։ Կարոտեց կնոջը, հավաքեց զոքանչի հեռախոսի համարը։ Տիկին Վարդուհին շատ կարճ կտրեց. «Մինչև մուկը չբռնես, չգամ տեսնեմ... Հասկացա՞ր»։

Մակար Ադամիչը երկար խորհեց և վերջապես գտավ ելքը։ Պետք է ինչ-որ տեղից կենդանի մուկ գտնել։ Դիմեց հարևան շենքում ապրող ծանոթ տակառագործին, ապա դռնապանին ասաց, որ մուկն իրեն պետք է գիտական փորձերի համար և խոստացավ վարձատրել։

Երկու օր հետո Մակար Ադամիչը դռնապանից հինգ ռուբլով գնած մուկը տեղավորեց թակարդում, բարձր տրամադրությամբ զանգահարեց կնոջը։
- Դե, սիրելիս, կարող ես շնորհավորել, վերջապես բռնեցի այդ անիծյալ մուկը։ Պատկերացնո՞ւմ ես, կենդանի եմ բռնել։

Տիկին Վարդուհին ուղղակի ներս խուժեց, տեսավ ցանցե թակարդի մեջ ցատկոտող գազանիկին ու նետվեց ամուսնու գիրկը։
- Սիրելի՜ս, թանկագին կատվի՜կս...

Բայց այդ պահին հնչեց դռան զանգը, ներս մտավ անծանոթ մի ծերունի ու շատ քաղաքավարի հարցրեց.
- Ներեցեք, սա Մակար Ադամիչի բնակարա՞նն է։

Ադամիչի լեզուն բերանում ծանրացավ, սառը քրտինքը վրա տվեց.
- Իսկ ի՞նչ եք ուզում։
Ծերունին կաշվե պայուսակից հանեց լրագրի մեջ փաթաթած մի մեծ անոթ, հանդիսավոր դրեց սեղանին.
- Ինձ ասացին, որ դուք կենդանի եք գնում, կարծեմ՝ հատը հինգ ռուբլի։

Տիկին Վարդուհին հոնքը ծռեց, շուրթերը դողացին, փայլատակեցին աչքերը, և նա պայթեց.
- Խաբեբա՛, ուրեմն՝ մուկը գնե՞լ ես, հա՞... Էն էլ հատը հինգ ռուբլի՞։ Դա քեզ վրա թանկ կնստի։
Իսկ ծերունին չհասկանալով, թե բանն ինչումն է, ձեռքերը թափահարելով՝ մեջն ընկավ.
- Ի սեր աստծո, խնդրում եմ չվիճեք, ես ավելի էժան եմ վաճառում՝ հատը երեք ռուբլի։

26 March, 2016

Մեծ մարդը


Մկրտիչ Ապետնակիչը մեծ մարդ է, մեծ... Մկրտիչ Ապետնակիչի նման հեղինակավոր, իր խոսքին տեր, սրամիտ ու սրտամոտ մարդ ոչ մի տեղ չես կարող գտնել։ Եթե նա ասում է՝ Պիկասոն բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ է, ուրեմն՝ չպիտի առարկել։ Ի՜նչ մեծ բան է, մարդը կարող է հայտնի նկարիչ Պիկասոյին շփոթել ֆուտբոլիստ Պելեի հետ, Ֆիրդուսուն՝ Ֆիգարոյի հետ և ապացուցել, թե ինքը մի քանի շաբաթ առաջ Սև ծովի ափին թենիս է խաղացել Գրիգոր Նարեկացու հետ։

Մկրտիչ Ապետնակիչը կարող է հանճարեղ Դանթեին միջնադարից քարշ տալ իրենց բնակարանը, հետը բաժակ բաժակի խփել և քննադատության կարգով ասել.
- Դանթե ջան, բայց քո գրած բայաթիներում թույլ բաներ էլ կան։
Կարող է նաև ոլորել Միկիտան Սաքոյի ականջներն ու բղավել.
- Շուն շանորդի, դու ի՞նչ իրավունքով ես յուրացնում սոցիալիստական սեփականությունը։
Խնդրեմ, անցյալ օրը հեռախոսով բղավում էր ինչ-որ մարդու վրա, երբ հանկարծ տեղակալը ներս մտավ, Մկրտիչ Ապետնակիչը ցած դրեց լսափողը և շատ հանգիստ տոնով ասաց.
- Մինիստրին լավ հուպ տվեցի։

Ու Ապետնակովիչը հեռախոսով մերթ մինիստրին է «հուպ տալիս», մերթ «Սպարտակի» ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանին բացատրում, թե որն է ժամանակակից ֆուտբոլի ոգին։ Բալզակին խորհուրդ է տալիս, որ կյանքը լավ արտացոլի իր ստեղծագործություններում, իսկ Չոմբեի վրա գոռում. «Տո, խոզի գլուխ, ինչո՞ւ քեզ կարգին չես պահում»։
Չէ, Մկրտիչ Ապետնակիչը մե՜ծ մարդ է, մե՜ծ... Նա պատմում է, որ, իբր, Բուդյոննու հետ ջարդել է սպիտակգվարդիականների մի ամբողջ բանակ և Օմար Խայամի հետ երկու տակառ գինի խմել։ Եվ, ինչպես ինքն է պնդում, անձամբ ճանաչում է Ֆիդել Կաստրոյին ու Նաղաշ Հովնաթանին, աչքիդ մեջ նայում… Փավստոս Բուզանդի մասին հուշեր է պատմում։
Բայց մի օր էլ վերևից եկան, ստուգեցին Մկրտիչ Ապետնակիչի ղեկավարած հիմնարկը և գտան, որ նա այլևս...

Եվ ի՜նչ եք կարծում, Մկրտիչ Ապետնակիչը բոլորովին էլ չկորցրեց իրեն։ Նա ժպտաց բեղի տակ ու շատ հանգիստ ասաց.
- Էհ, ես ինչո՞վ եմ պակաս Օմար Խայամից կամ Ղազարոս Աղայանից։ Ես էլ նրանց նման կանցնեմ կենսաթոշակի։ Ոչ ոք չծիծաղեց, ոչ ոք չառարկեց նրան, որովհետև Մկրտիչ Ապետնակիչն իրոք նրանց թայ մարդ է։

04 March, 2016

Օգնություն սկսնակ սիրահարներին


Այ տղա, անունդ ի՞նչ է։ Առաքե՞լ... Չէ, Առաքելը հնացած անուն է, ապագա սիրածիդ այդ անունով չներկայանաս։ Առնոլդն ավելի հարմար է։ Գիտես, չէ՞, ժամանակակից աղջիկներն իմպորտնի անուններով այնքան են հրապուրվում, որքան իմպորտնի հովանոցներով, կոշիկներով ու երաժշտությամբ։ Ա՛յ, մեր հարևանի տղան տանն է մնացել, առնող չկա, որովհետև անունը Մովսես է։ Փոխանակ Մոպսիկ, Միկո, Ջիկո, Դիկո, Միլորդ Մոնտեկառլո կամ Կառլամենտո լինի, Մովսես է։ Բա Մելորա կամ Միմի անունով աղջիկը ո՞նց պսակվի Մովսես անունով տղայի հետ։

Հա, սիրելի Առաքել... ներողություն, Առնոլդ կամ Ակսոլդ, որոշել ես ծանոթանալ մի սիրուն աղջկա հետ և պսակվե՞լ։ Դու էլ, երևի, գիտես, որ սիրուն աղջիկները շատ են ու բազմազան, ինչպես, ասենք, այն ներկերը, որոնց օգնությամբ աղջիկներն ավելի են սիրունանում, մայրիկները օրիորդներ են դառնում, տատիկները՝ ջահել տիկիններ... Բայց դու չխաբվես գույներով, հանկարծ չկպչես մի թխահերի, այդ թխահերը կարմրահեր կամ շիկահեր դուրս կգա։
Որպեսզի չխաբվես, մի քանի օր կնստես բաղնիքի կողքին ու աչքդ վրան կպահես, տեսնես լողարանից ո՞ր աղջիկն է իր բնական գույնով ու դեմքով դուրս գալիս։ Տես, հա՜, կանանց «Կոսմետիկայի» դռան մոտ չկանգնես. տգեղները «Կոսմետիկա» են մտնում՝ գեղեցիկ դուրս գալիս, գեղեցիկները մտնում են՝ տգեղ դուրս գալիս։
Եվ այսպես, ծանոթացե՞լ ես սրտիդ ուզած աղջկա հետ... Բայց տես, հա՜, սրտիդ թելադրանքով չգնաս, որովհետև մարդուս սիրտն ու ուղեղը տարբեր բաներ են, ինչպես որոշ մարդկանց խոսքն ու գործը։ Սիրտը թույլ կամքի տեր արարած է, ում փեշից բռնեց, կասի՝ բաց չթողնես։ Ուղեղն ուրիշ է, հազար ու մի բջիջ ունի, այդ բջիջներով պիտի անցկացնես սրտիդ ընտրածին, որպեսզի խախալի, մաղի, հունցի, քացախացնի և նոր միայն իր խոսքն ասի։
Ծանոթացար պրծա՞ր։ Հիմա էլ պիտի իմանաս, թե ովքեր են աղջկա ծնողները, ամիսը որքան աշխատավարձ են ստանում, եկամտի ինչ աղբյուրներ ունեն, այդ աղբյուրները վարա՞ր են, թե՞ մեր քաղաքի շենքերի հինգերորդ հարկերի ծորակների նման են...

Մոռացա ասել. աղջիկն իր սովորության համաձայն, սկզբում մի քիչ չեմ ու չեմ պիտի անի։ Բա ո՜նց, իսկույն գիրկդ չի նետվելու, թե ես քեզ համար խելագարվում եմ։ Նախ և առաջ կասի՝ դեռ երեխա եմ, ուսումս պիտի շարունակեմ... Չնայած չորս-հինգ տարի է՝ ինստիտուտի դռներն է մաշում, բայց ոչ շպարգալկաներն են օգնում, ոչ ծանոթությունը, ոչ էլ ազդեցիկ ազգականի հեռախոսազանգերն ու փողը։ Ախր, ի՞նչ երեխա, երեխաները մանկապարտեզ են գնում և քանիերո՜րդ անգամ լսում են իրենց դաստիարակչուհու պատմած «Կարմիր գլխարկ» հեքիաթը։

Ուրեմն՝ ճանկեցի՞ր աղջկա սրտի բանալին... Այստեղ քեզ ի՞նչ է մնում՝ այդ բանալիով բանալ նաև աղջկա ծնողների սրտի դռները։ Չէ՛, օժիտի մասին չխոսես, ուղղակի հետախուզության կարգով նայիր ապագա աներոջդ ու զոքանչիդ աչք-ունքին, տես քանի «Վոլգայի» ու «Ժիգուլիի» փող ունեն, թիկունքներում ինչպիսի մարդիկ են կանգնած, ում հետ են նստում-վերկենում, սեղանին քանի աստղանի կոնյակի շիշ են դնում... Աշխատիր ապագա զոքանչիդ սիրտը մտնել, մեկ-մեկ էլ նրան շփոթիր սիրածիդ հետ, որպեսզի օժիտի «Ժիգուլին» «Վոլգա» դառնա։ Լավ իմացիր, այդ հարցում հայրն այնքան կարևոր չէ, որքան մայրը։
Հետախուզությունդ ավարտեցի՞ր...

Դե՛, հիմա կարող ես նշանվել։ Հիշիր, սա շատ կարևոր հանգամանք է՝ մեկ, երկու ոսկե մատանիով չբավարարվես, նշանածիդ թևը ոսկե ժամացույց էլ կապիր, վզից ոսկե մեդալիոն կախիր, ականջից՝ սուտակե օղեր... Կորած տեղ չի, էլի ձեր տունն է բերելու։
Նշանվեցիր պրծա՞ր...
Չշտապես պսակվել և ժամանակից շուտ ամուսնական լծի տակ ընկնել, մեկ էլ տեսար, վիզդ ջարդվեց։ Մի երկու-երեք տարի էլ նշանված մնա, շաբաթը երկու-երեք անգամ վայելիր աներոջդ սեղանի առատ բարիքները։ Դեռ կարող ես նրանց հաշվին հարսնացուիդ հետ շուրջերկրյա ճանապարհորդություններ կատարել, աշխարհներ տեսնել ու մի անգամ էլ համոզվել, որ երկրագունդն, իրոք, կլոր է։

Այսքանից հետո քեզ ի՞նչ է մնում՝ պսակվել։ Հիմա էլ պիտի մտածես, թե ինչպիսի մարդկանց ես հրավիրում հարսանքիդ, հրավիրվածները ինչպիսի նվերներ պիտի բերեն, որ և՛ հարսանքի ծախսերը հիմնովին փակես, և՛ դեռ մի այդքան էլ շահույթ ստանաս։
Պսակվեցի՞ր... Ապրես, սրանից դենը այլևս չեմ կարող քեզ խորհուրդներ տալ, որովհետև արդեն շատ մեծ փորձ ես կուտակել և ուրիշներին էլ դու կարող ես խելք սովորեցնել։ Կարող ես նաև մի քանի անգամ ևս հաջողությամբ պսակվել, բայց, խոսքը մեր մեջ, այդ մեկը խորհուրդ չեմ տալիս, որովհետև ծխելու կամ խմելու նման հետագայում դա կարող է վատ սովորություն դառնալ, սովորությունն էլ՝ բնավորություն...
Դե ինչ, հաջողություն քեզ։ Ամուսնական երկար տարիների երջանկություն եմ ցանկանում։

09 February, 2016

ՅՈԹԵՐՈՐԴ ԶԱՐԿԸ


Երկու շաբաթ, չգիտեմ քանի օր, մեր շենքի ջրածորակները ցամաքել էին։ Որոշեցի ջրային տնտեսության դիրեկտորի մասին մի ֆելիետոն գրել, կինս չթողեց։
- Խելքդ թռցրե՞լ ես, այ մարդ,- ասաց,- ջրային տնտեսության դիրեկտորի կինը մեր տեղամասային բժշկուհին է, մեկ-մեկ հիվանդության բյուլետեններից օգտվում եմ։

Դե լավ, մտածեցի, հիմա էլ բնակարանային շահագործման գրասենյակի ուստա Մուքելի մասին կգրեմ, ուրիշների բնակարանների հնացած գազօջախները փոխել է, մերը թողել նույնը։
Այստեղ էլ զոքանչս բռնեց գրիչս.
- էդպիսի բան չանես, բնակարանային շահագործման գրասենյակի պետի քենին ատամնաբույժ է, թող ատամներս նորոգեմ, հետո դու գիտես։

Աասունցի Դավթի նման էս մի զարկն էլ բաշխեցի զոքանչիս ու բռնեցի կապի բաժանմունքի գլխավոր վարպետ Օթելլո Ռուբենիչի փեշը։ Դե ոնց չբռնեմ, չորս տարի առաջ հեռախոսի համար դիմում եմ գրել, երկու տարի առաջ հերթս եկել, անցել է, բայց մինչև հիմա բնակարանումս հեռախոս չկա, որ ես էլ ուրիշների նման զանգեմ ու պետիս խաշի հրավիրեմ։
Գրասեղանի ետևում նոր էի տեղավորվել, գրիչը ձեռքս առել, հիմա էլ միջանկյալ նախադասության նման աղջիկս արանքն ընկավ.
- Պապա, այդ ի՞նչ բանի ես, Օթելլո Ռուբենիչի կինը մեր քիմիայի ուսուցչուհին է, իսկ դու, ինչպես գիտես, ես քիմիայից թույլ եմ։
Քիմիայի խաթրու էս մի զարկն էլ բաշխեցի աղջկաս։

Այդ օրը հրավիրված էի պետիս կնոջ ծննդյան տարեդարձին, և հանկարծ հիշեցի, որ երկու ամիս առաջ կոստյում էի պատվիրել։ Հո հին կոստյումով չէի կարող ներկայանալ այդպիսի հրաշալի միջոցառման։ Վազեցի արտել, վարպետ Պողոսն ակնոցի վերևից նայեց ինձ ու ասաց.
- Գիտե՞ս, պատվերները շատ են, հիմա Համբարձում Ներսեսովիչի կոստյումի վրա եմ աշխատում, որքան չլինի, ղեկավար մարմին է։
Տուն հասա, գրիչս ձեռքս առա, կանչեցի մուսայիս, բայց մուսայի փոխարեն բաջանաղս ներս մտավ։
- Այ մարդ,- ասաց,- էդ ի՞նչ բանի ես, բա դու չգիտե՞ս, որ վարպետ Պողոսի տղան՝ Սահակ Պողոսովիչը, մեր գլխավոր ինժեներն է, ինքն էլ ինձ հետ ոնց-որ եղբայր…
Այս մի զարկն էլ բաջանաղիս բաշխեցի։

Դե լավ, այդ դեպքում կգրեմ մեր դիմացի շենքի Պայազատի մասին։ Դրան նայեցեք, ոչ մի տեղ չի աշխատում հերիք չի, դեռ կոլտնտեսային շուկայում էժան գնով սեխ ու ձմերուկ է առնում, թանկ գնով վերավաճառում։ Հարկավոր է այդ սպեկուլյանտին ոտից-գլուխ մի լավ մերկացնել։
Ու սկսեցի...
Չէ՛, չհասցրի սկսել։ Չգիտեմ հարևանս որտեղից իմացավ այդ մասին, եկավ խնդրեց.
- Ցավդ տանեմ, էդ մի զարկն էլ ինձ բաշխիր։ Պայազատի աղջիկն ուզում ենք մեր տղայի համար, խնամախոսների պատվիրակության ցուցակում քո անունն էլ կա։
Հանուն ապագա խնամիների բարեկամության և հանուն սիրող զույգերի երջանկության, այդ մի զարկն էլ բաշխեցի։

Տեսնո՞ւմ եք, թե ինչ մեծահոգի մարդ եմ։ Սասունցի Դավիթն իր առաջին զարկը բաշխեց, երկրորդը բաշխեց, բայց երրորդը չբաշխեց, Թուր Կեծակին վրա բերեց, Մսրա Մելիքի կարկաժը բաժանեց երկու հավասար մասի։ Իսկ ես երրորդ զարկն էլ բաշխեցի, չորրորդն էլ, հինգերորդն էլ…
Բայց վեցերորդը չեմ բաշխի։ Եթե նույնիսկ կինս չէ, զոքանչս չէ, տեր աստված էլ իջնի երկնքից, չեմ բաշխի։ Ախր, Գեդեոն Նարպետովիչն ո՞վ է, որ ռեստորանից կերած-խմած գա, բակում բռնի ինձ ու ասի. «Առաջներում շարքային պահեստապետ էի, հիմա առևտրի ցանցում ռևիզոր եմ»։

Ես առանց ժամանակ կորցնելու, մտա աշխատասենյակս, կանչեցի իմ բոլոր մուսաներին ու սկսեցի… Ինչպիսի՜ փաստեր, քարի վրա ածես՝ քարը կտոր-կտոր կդառնա։ Ի՞նչ միջոցներով է Գեդեոն Նարպետովիչը մի տարում իր համար ամառանոց կառուցել, «Վոլգա» ավտոմեքենա գնել, աղջկան պսակել ու դեռ մի «Ժիգուլի» ավելացրել նրա օժիտին։
Փաստերն իսկապես զորավոր էին, հոյակապ ֆելիետոն ստացվեց…
Բայց, ավա՜ղ, հաջորդ օրը թերթի հերթական համարում ակնարկ էին տպագրել Գեդեոն Նարպետովիչի մասին… Եվ այն էլ ի՜նչ ակնարկ. Գեդեոն Նարպետովիչն աշխարհի ամենաազնիվ, ճակատի քրտինքով ապրող մարդն է, և այդ ազնիվ մարդուն առաջ են քաշել, դարձրել ռևիզոր։

Ես նույն օրն փողոցում բռնեցի հեղինակին, Սասունցի Դավթի նման գնացի-եկա, տարա-բերեցի և այն է՝ բռունցքս պիտի իջներ նրա դեմքին, այս անգամ միլիցիոները բռնեց ձեռքս.
- Ներեցեք, քաղաքացի, այդ ի՞նչ եք անում։
- Յոթերորդ զարկն իմն է,- գոչեցի,- վե՛րջ, չպիտի բաշխեմ։
Միլիցիոները քթի տակ խնդմնդաց ու ասաց.
- Էդքան զարկերը բաշխողը, յոթերորդն էլ կբաշխի…

31 January, 2016

ԹԱՐԽՈՒՆԱԳԵՏԸ


Իմ նախկին դասընկերները բանասիրական, գյուղատնտեսական, պատմական, կենսաբանական, փիլիսոփայական և չգիտեմ էլ ինչ գիտությունների թեկնածուներ են, իսկ ես գիտական ոչ մի կոչում չունեմ: Վաղես Մարուքյանը, որ պատմությունից այնքան փայլուն գնահատականներ չէր ստանում, պատմական գիտությունների թեկնածու է, և հիմա աշխատում է դոկտորականի վրա: Իսկ Ռուբեն Մնոյանը, որ իներտ գազերը շփոթում էր աղերի կամ թթուների հետ, և ամեն տարի քիմիայից աշնանային էր մնում, քիմիկոս է: Հիշում եմ, մի տարի առաջ քիմիկոս Մնոյանը փողոցում բռնեցրեց ինձ ու սկսեց նախատել.
- Ի՜նչ անտարբեր մարդ ես, ինչպե՞ս կարելի է մեր օրերում ոչ մի գիտական կոչում չունենալ ու լռել:

Իսկ պատմական գիտությունների ապագա դոկտոր Վաղես Մարուքյանը ընկերաբար ձեռքը դրեց ուսիս ու ասաց.
- Բարեկամս, դու պարզապես ետ ես մնում կյանքից: Հարկավոր է համարձակորեն կրծել գիտության ապառաժները:

Տանն էլ կինս չի հանգիստ տալիս.
- Քո ընկերները շուտով ակադեմիկոսներ կդառնան,- ասում է,- իսկ դու ամբողջ կյանքում կմնաս շարքային: Ես քո փոխարեն ամաչում եմ:

Որպեսզի կինս իմ փոխարեն չամաչի, ընկերներս չասեն՝ «Ի՜նչ անտարբեր մարդ ես», աղջիկս դպրոցում պարծենա՝ «Պապաս գիտնական է», որոշեցի դիսերտացիա գրել: Նախ սկսեցի ուսումնասիրել դասական գրողների կյանքն ու գրական գործունեությունը, բայց շուտով պարզվեց, որ բոլորի մասին էլ դիսերտացիաներ են գրվել, և ես հազիվ թե կարողանամ նոր խոսք ասել:

Հնար չկար, որոշեցի բռնել կենդանի գրողներից մեկի փեշից, բայց այդ կենդանի գրողն ավելի շուտ բռնեց իմ կոկորդն ու սպառնաց.
- Եթե ինձ չկանգնեցնես Պուշկինի ու Շեքսպիրի կողքին, դիսերտացիադ կտապալեմ և քեզ էլ աշխարհով մեկ կխայտառակեմ:

Ես այստեղ կտրուկ շրջադարձ կատարեցի ու համարձակորեն սկսեցի կրծել պատմության դարավոր ապառաժները: Բավականին փաստեր ու տեղեկություններ հավաքեցի Բաթու խանի ու նրա ժամանակաշրջանի մասին, վերազինվեցի հայտնի պատմաբանների ցիտատներով: Գործը թափով առաջ էր գնում, երբ հանկարծ իմ ղեկավարը գլխիս սառը ջուր մաղեց. «Բարեկամս,- ասաց,- այդ թեմայով վերջերս հինգ հոգի դիսերտացիա են գրել, և այժմ վեճ է գնում, թե այդ հինգից որին բախտը կժպտա»:

Եթե իմ փոխարեն ուրիշները լինեն, գուցե հուսահատվեն: Բայց ես որոշել եմ մինչև վերջ կրծել գիտությունների կարծր ապառաժները: Թող բերանումս ոչ մի ատամ չմնա, փույթ չէ, երբ կոչում ստանամ, կարող եմ պրոթեզով էլ յոլա գնալ:

Եվ մի գեղեցիկ օր ես ինձնից թափ տվեցի պատմության դարավոր փոշին, ընտրեցի ավելի ժամանակակից, ավելի հոգեհարազատ թեմա: Ասացեք խնդրեմ, գյուղատնտեսությունն ինչո՞վ է պակաս: Ի՜նչ թեմաներ ասես, որ չկան այստեղ՝ բանջարաբուծություն, անասնապահություն, պտղաբուծություն, հացագործություն... Ես անձամբ ճանաչում եմ մի գիտնականի, որը այծի և ոչխարի խաչասերումից ստացել է մի զարմանալի կենդանի: Այդ զարմանալի կենդանին այծի գլուխ ունի, ոչխարի դմակ, բայց, ավա՜ղ, դեռ ցուցահանդես չհասած, սատկել էր կես ճանապարհին:

Իսկ ես կընտրեմ ավելի հետաքրքիր թեմա՝ բանջարաբուծությունը: Բայց քանի որ բանջարեղենները շատ են, կանգնեցի իմ ամենասիրած բույսի՝ թարխունի վրա: Թերթեցի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» և գտա «թարխուն» բառը: «Թարխունը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող քիչ կծվահամ բազմամյա կանաչի է»:

Շատ հրաշալի է: Այժմ ինձ մնում է կենսագրություն ստեղծել բարդածաղկավորների ընտանիքին պատկանող այդ բազմամյա կանաչու համար: Սկսեցի շատ հեռվից՝ թարխունն առաջին անգամ հայտնաբերվել է վայրի վիճակում, եգիպտական թագավոր Թութմոս 3-րդի ժամանակաշրջանում: Ըստ առասպելի, Նոյ նահապետն առանձին մի թուլություն է ունեցել թարխունի նկատմամբ և նա՝ հանճարեղ Նոյը, աշխարհի առաջին բանջարաբույծը, մեծ ջրհեղեղից առաջ իր տապանում թարխունի արմատակալներ է պահել: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Քեոփս փարավոնը թարխունը համարել է արքայաբույս, իսկ հետագայում Ալեքսանդր Մակեդոնացին կարգադրել է զարկ տալ թարխունաբուծությանը:

Այնուհետև գտա, որ թարխունն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մեր թվարկությունից առաջ թարխունից պատրաստել են հրաշալի դեղորայքներ: Իսկ թե ովքեր են պատրաստել այդ դեղորայքները, ես այդ հարցը թողնում եմ բժշկագիտության ուսումնասիրությանը:

Դիսերտացիան, իմ կարծիքով, ստեղծագործություն է, և հեղինակը պարտավոր է ինչ-որ տեղ իրեն ազատ զգալ: Իսկ ինչո՞ւ չգրել, որ թարխունը մեր մյուս բանջարեղեններից տարբերվում է ոչ միայն համով ու հոտով, այլև բուժիչ հատկություններով: Եվ ես համարձակորեն հորինեցի. «Հեռու չէ այն ժամանակը երբ թարխունից ստացված դեղերը կբուժեն քաղցկեղն ու մի շարք այլ անբուժելի հիվանդություններ»:

Վերջում ես կոչ եմ անում՝ «Որքան կարողանում եք, թարխուն օգտագործեցեք: Թարխունը հոգեպես ջահելացնում է հասակավորներին, երկարացնում նրանց կյանքը, բուժում մի քանի տասնյակ հիվանդություններ»:
Դա եղավ սենսացիա: Կոլտնտեսային շուկայում թարխունի մեկ փունջը տասը կոպեկից բարձրացավ, դարձավ հիսուն կոպեկ, սպեկուլյանտները սկսեցին զբաղվել թարխունի առևտրով, մարդիկ իրենց բակերում, նույնիսկ ծաղկամաններում սկսեցին թարխուն աճեցնել:

Ի դեպ, մեր կողմերում ստեղծվեց թարխունաբուծական մի սովխոզ՝ իր թարխունագետներով: Հանդիսավոր ժողովում ինձ ընտրեցին սովխոզի պատվավոր անդամ, և սովխոզի դերեկտորը խոստացավ ապագայում, այսինքն՝ իմ մահից հետո, սովխոզը կոչել իմ անունով: