04 August, 2018

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ


- Մեղադրյալ Քուչի, արդյոք ճի՞շտ է, որ հավաբնի դուռը բացելուց առաջ աղվեսից մեծ գումար ես վերցրել։
- Տեր դատավոր, դա իմ հասցեին կեղտոտ զրպարտություն է։
- Մեղադրյալ աղվես, ամբաստանյալ Քուչին ձեզանից որքա՞ն գումար է վերցրել։
- Տեր դատավոր, դա բացարձակ զրպարտություն է։
- Բողոքատու աքլոր, դուք ի՞նչ կասեք։
- Ես հաստատում եմ՝ Քուչին աղվեսից կաշառք է վերցրել։
- Վկաներ ունե՞ք։
- Ունեմ, տեր դատավոր։
- Իսկ որտե՞ղ են նրանք։
- Աղվեսի փորում քուջուջ են անում։

-----------------------------------------------------

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ այս առակը գյումրեցի բանաստեղծուհի ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՍՅԱՆԻ չափածո ներկայացմամբ։

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ
(ըստ Վազգեն Օվյանի համանուն առակի)

Միշտ հաղթող է լինում սուտը,
Երբ շատ խորն է ստի տուտը,
Ու թե դուք ինձ չեք հավատում,
Լսեք առակն ինչ է պատմում։
Մեղք էր գործել պահակ Քուչին,
Թե չէ, իրոք, հանաք բան չի,
Որ աղվեսը լոկ իր ջանքով
Բակ խցկվի էդ հնարքով։
Բայց դե հիմա ու՞մ ինչ ասես.
Տնից էր գողն՝ արի ու տես,
Որ աղվեսը հենց բակ մտավ,
Հավանո՛ցը իսկույն գտավ։
Ու սրատես քաջ աքլորը
Աչքով տեսավ էս բոլորը,
Թե գլխակեր անաբուռը
Հենց որ Քուչին բացեց դուռը,
Փողը ինչպե՞ս բուռը դրեց,
Ու էդ գողին մեջտեղ հրեց։
Աղմուկն ընկավ հավախուցը,
Ու չօգնեցին քաջ աքլորի ո՛չ կտուցը,
Ո՛չ ճանկերն ու ծղրտոցը.
Հավ չմնաց հավանոցը։
Եվ Աքլորը նույն առավոտ
Գնաց ուղիղ քննիչի մոտ։
Երկուսին էլ բերին ատյան,
Որ դատ անեն ու դատաստան։
Դատավոր Գայլն ասաց հուզված՝
Վրդովմունքից ձայնը խզված.
-Ամբաստանյա՛լ Քուչի, ասա՛,
Ի՞նչ գումար է տվել քեզ սա։
-Ոչ մի կոպեկ, տե՛ր դատավոր,
Երդվում եմ սուրբ պատվով իմ հոր.
Չարախոս է էս ծաղրածուն,
Զառանցա՜նք է, զրպարտությու՜ն։
-Հիմա, Աղվե՛ս, դե դու ասա՝
Մեղադրյալ Քուչին փեսա
Ինչքա՞ն գումար է ստացել,
Որ քո առաջ դուռ է բացել։
Ի՞նչ գումար, տե՛ր... հիմարությու՜ն,
Սու՜տ է, կեղտոտ զրպարտություն։
-Դու՞ք ինչ ունեք ասելու նոր,
Բողոքարկու՛ պարոն Աքլոր։
-Տե՛ր դատավոր, նոր բան չունեմ.
Ինչ ասել եմ՝ էլի նույնն են.
Կաշա՛ռք տվեց աչքիս ի տես,
Էս աղվեսը՝ պիղծ, աներես,
Ու Քուչին էլ դուռը բացեց,
Անիծվածին հավնոց գցեց։
Լա՜վ...Վկաներ ունե՞ք. ու՞ր են,
Թող դատարան հիմա բերեն։
Հա՛, բա չունե՞մ, այն էլ ինչքա՜ն,
Բայց թե ինչպե՞ս դատարան գան,
Երբ քուջուջ են անում խորում՝
Սրտամեռի անտակ փորում։

10. 07. 2018թ.

ԳԱՌՆ ՈՒ ԳԱՅԼԸ


Այս առակում պատահեց հակառակը՝ գառը կանգնեց գայլի դիմաց ու սկսեց հայհոյել.
- Ա՛յ դու սրիկա գայլի լակոտ, այդ ի՞նչ իրավունքով ես հարձակվել հոտի վրա, պոկել իմ ցեղակիցների փափուկ դմակները։
- Ներիր, գառնուկ ջան,- պատասխանեց գայլը,- եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես սկի մսակեր էլ չեմ:
- Քո եղբայրը հո մսակե՞ր է։
- Ես մորս միակ զավակն եմ։
- Քո հայրը…
- Իմ հայրը քաղցից մեռավ։
- Ուրեմն՝ քո քեռին է։
- Ես քեռի չունեմ:
- Ձենդ կտրի՛ր, ավազա՛կ,- գոչեց գառը,- հիմա քո մսակեր ցեղակիցների ոխը քեզնից կառնեմ։
Գայլը թակարդում էր…

-----------------------------------------------------

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ այս առակը գյումրեցի բանաստեղծուհի ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՍՅԱՆԻ չափածո ներկայացմամբ։

ԳԱՌՆ ՈՒ ԳԱՅԼԸ
(ըստ Վազգեն Օվյանի համանուն առակի)

Այս առակում՝ ոնց պատահեց՝
Գառը գայլի ճամփան փակեց.
Չէր մոռացել դեռ հերվանը՝
Ցեղի գլխին եկած բանը,
Թե ոնց անմեղ էն գառանը,
Անտառ տարավ հոգեհանը։
Գառը բեկ-բեկ ձայնը զլեց,
Գայլին մի լավ թքեց-մրեց.
-Մի դու մտիկ՝ էս լակոտին,
Աչք է տնկել մեր սուրբ հոտին,
Դմա՞կ է պետք, արջինը կեր,
Բերանիդ մեջ մեր հա՞մն է դեռ։
-Ների՛ր, գառնու՛կ, ոտդ պաչեմ,
Ախր սկի մսակեր չեմ։
-Է, եղբայրդ էր՝ փուչ կաթնակեր,
Գնա, նրան իմ ոտը բեր։
-Մինուճար եմ, չունեմ եղբայր։
-Դե ուրեմն գայլն էր քո հայր։
Հա՞յրս... ավա՜ղ, մեռավ սովից։
-Ա՜խ, ուզում ես խաբե՞լ նորից։
Լա՛վ, քեռիդ էր...
-Քեռի չունեմ...
-Ոխը քեզնից ես կհանեմ.
Չեմ մոռացել մեր հին դարդը,
Քեզ համար է էս թակարդը։
Ասավ, գայլին գլխով հրեց
Ու թակարդը վրա բերեց։
Բա՜, էսպիսի վախճան էլ կա,
Ու սպասիր Աստծո դատին,
Նետած քարդ մի օր կգա,
Ուղիղ կտա քո ճակատին։

ԹՌՉՈՂ էՇԸ


Էշը որոշեց թռչել: Կանգնեց ժայռի կատարին, գլուխ տվեց ստորոտում կանգնած կենդանիներին, որոնք եկել էին իր թռիչքը դիտելու, և ասաց.
- Բավական է որքան ապրել եմ էշավարի, խաբվել մի բուռ գարիով ու տնքացել ծանր բեռան տակ։ Ես հիմա կապրեմ արծվավարի։
Եվ, ինչպես պատահում է հեքիաթներում, էշը թռավ ժայռից, պտույտներ գործեց օդում... բայց, ինչպես լինում է առակներում, ընկավ ժայռի տակ ու ջարդվեց։
- Ապուշ,- գլուխն օրորեց փիղը,- ախր այդ ի՞նչ քամի փչեց գլխիդ:
- Ծնվել եմ էշ, ապրել եմ էշ, մեռնում եմ որպես արծիվ,- պատասխանեց էշը և ավանդեց հոգին՝ որպես ավանակ։

-----------------------------------------------------

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ այս առակը չափածո և յուրօրինակ ներկայացրել է գյումրեցի բանաստեղծուհի ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՍՅԱՆԸ

ԹՌՉՈՂ ԷՇԸ
(ըստ Վազգեն Օվյանի համանուն առակի)

Հոգնել էր շատ ավանակը,
Ծռմռվել էր բեռան տակը
Ու մտածեց իրեն-իրեն.
«Ո՞վ է էս փուչ կարգը դրել՝
Արծիվն՝ օդում թևերը բաց,
Իսկ ես՝ անվերջ մեջքս ծռա՞ծ»։
Եվ որոշեց ինքն էլ թռչի.
Հերիք եղավ հողին կառչի։
Թող բոլորն էլ մինչ օրվա կես,
Լինեն ցատկին ականատես։
«Դարն էկել է թռչող էշի,
Բավ է մարդն իր էշը քշի,
Թող դաս լինի և ուրիշին,
Երբ պատմական օրն այս հիշի»։
Եվ էշն ահա կեսօրին հենց
Բարձր ժայռի ծայրին կանգնեց,
Ու իշու պես՝ ծանր ու մեծ,
Ոտքը դեպի ձորը մեկնեց,
Ուր անհամբեր շատ գազաններ՝
Մի մասը՝ դեմ, մյուսը՝ թեր,
Ցածում կանգնած սպասում էին,
Թե էդ թշվառ, անմիտ խեղճը
Ինչպե՞ս կտա ինքն իր վերջը։
Ու էշն ասաց՝ նայելով ցած.
-Ասեմ հիմա բացեիբաց,
Թող էլ խոսքս շատ չերկարի.
Բավ է ապրել իշավարի,
Խաբով ուտել մի բուռ գարի,
Ու քար քաշել ամբողջ տարի,
Տնքալ ծանր բեռների տակ.
Քաշածս ի՞նչ է՝ էսպես էլ կյա՞նք։
Լավ է ապրել արծվավարի.
Տերը բարին թող կատարի...
Այս ասելն էր՝ մեկից թռավ,
Օդում չորս-հինգ պտույտ արավ,
Ու բախվելով քարերին տաք՝
Ջարդված ընկավ մի ժայռի տակ։
-Ապու՜շ,- փիղը վիզն օրորեց,
Ասա՝ խելքիդ ի՞նչ էր փչեց,
Ապրում էիր իշավարի,
Քեզ ո՞վ ասաց՝ օդում պարի։
-Ծնվել եմ էշ,
Ապրել եմ էշ,
Մեռնում եմ հանց արծիվ խենեշ,-
Էշն իրենը էլի պնդեց
Ու նոր հոգին իր ավանդեց։
-Էշը՝ արծի՞վ... Ա՜յ քեզ տափա՜կ.
Մեկ է՝ մեռար հանց ավանակ...

09. 07. 2018թ.