25 November, 2011

Վազգեն Օվյան քննադատը. անդրադարձ

«Նախաութսունութթվականյան» Արցախի գրական, թատերական, մշակութային կյանքը, ցավոք, առայսօր սպասում է իր ուսումնասիրողին։ Առանձին հրապարակումներ, իհարկե, արվել և արվում են։ Գրվել և գրվում են աշխատություններ։ Իմ ասածը նախընթաց շրջանի վրա մի համապատկերային հայացքի պակասի ընդգծում է։

Ցավում եմ, որ ժամանակ, թերևս հնարավորություն էլ չունեմ, որպեսզի ճգնեմ բացը լրացնել։ Այսպես կոչված «համակարգային» վերլուծությունն իմ կոչումը չէ։ Ես ավելի շատ «վրձնահարված»-ների ոճն եմ նախընտրում։

Այս հոդվածն էլ Վազգեն Օվյան քննադատի «դիմանկարն ուրվագծելու» մի փորձ է, որ ձեռնարկում եմ՝ հուսալով, որ թեմայի հուշումը մեզանում կոգեկոչի ավելի չափակշռված և, որ խիստ կարևոր է, մասնագիտական լուրջ պատրաստվածությամբ օժտված ուսումնասիրողի հետաքրքրությունը։

Իմ ձեռքի տակ զգալի նյութ կա, որ խնդրանքիս ի պատասխան սիրով տրամադրել է հանգուցյալ գրողի որդին։ Այն, կարծում եմ, ամբողջը չէ։ Ընդգրկում է 1969-86 թթ. հիմնականում «Սովետական Ղարաբաղ» և Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթում Վազգեն Օվյանի տպագրած գրական-քննադատական, թատերախոսական և թատերագիտական հոդվածները, առանձին գործիչների դիմանկարներն ու ընթացիկ գրախոսությունները։

Ի՞նչն է առաջին հերթին աչքի զարնվում։
Ըստ երևույթին Ստեփանակերտում այդ տարիներին ապրած և ստեղծագործած հեղինակների հանդեպ գրական քննադատությունն անարդարացիորեն վերապահ է մնացել։ Երևանում չեն ցանկացել «միջամտել հարևան հանրապետության գրական ներքին գործին», Բաքվում և Արցախում էլ կարող ուժեր քիչ են եղել։ Ուստի մեր գրական մշակներն ստիպված իրենց վրա նաև քննադատի, գրախոսի պարտականություն են դրել։ Նաև՝ թատերագետի և թատերախոսի, մշակութաբանի, ազգագրագետի։ Ուրիշ ի՞նչ պիտի անեին. եթե գիրք է տպագրվել՝ պիտի գրախոսվի։ Նոր ներկայացում է բեմադրվել՝ թատերախոսություն գրվի։ Չխոսած այն մասին, որ այս կամ այն դասական գրողի հոբելյանի առթիվ էլ եթե մարզային թերթում հոդված է տպագրվել, ապա դարձյալ՝ տեղի գրողներից մեկի ստորագրությամբ։ Հիմնականում։ Բացառություններ եղել են։ Եղած կլինեն։ Պետք է լինեին, բայց դա միայն հաստատում է օրինաչափությունը։

Մի կողմից դա, իհարկե, թերություն է՝ երբ պրոֆեսիոնալ գրական քննադատի հայացքի և ընկալումների պակաս կար։ Մյուս կողմից էլ, սակայն, մտածում ես, որ գուցե լավն այն է, որ չի եղել։ Մթնոլորտը բարի-հանդուրժողական, նույնիսկ՝ գուրգուրոտ է ստեղծվել։ Ներքին տարակարծություններ, խմորումներ, նույնիսկ լարվածություն, անշուշտ, պետք է որ մեկը մյուսի հանդեպ ունենար։ Ստեղծագործական միջավայրն առանց դրա անհետաքրքիր է։ Բայց որևէ գրգիռ, հակամետություն, գրական հակառակություն և այլն, կարծես, մամուլ չի սպրդել։ Ամեն ինչ մնացել է «վարագույրից այն կողմ»։ Որևէ բանավեճ հանրային կյանքի փաստ չի դարձել։

Հակված եմ կարծել, որ ազնիվ այդ հանդուրժողականությունն ի մեծի մասամբ «խմբային ինքնապաշտպանության» դրսևորում էր։ Քանի որ Բաքուն, միևնույն է, առանձին-առանձին նրանցից ոչ մեկին «երես չէր տալիս», իրենք էլ, ահա, մի լուռ պայմանավորվածությամբ գնահատանքի հրապարակային դրսևորումներում մեկը մյուսին թիկունք են կանգնել։ Ինձ այդպես է թվում։ Այդ զգացողությունն ունեմ, որ, գուցե, իրականության ճիշտ ընկալում չէ, բայց կուզենայի, որ սխալված չլինեի։

Եվ այսպես. 1970 թ. Վազգեն Օվյանը երկու գրախոսություն է տպագրել։ Երկուսն էլ՝ առաջին անգամ տպագրվող հեղինակների՝ Մաքսիմ Հովհաննիսյանի («Իմ հին լորենի», պատմվածքների ժողովածու) և Վարդան Հակոբյանի («Մեղեդիներ», բանաստեղծություններ) մասին։ «Հրապարակի վրա է Միսաք Հովհաննիսյանի (այն տարիներն գրողը հանդես էր գալիս կեղծանունով - Վ. Ա.) պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Իմ հին լորենի խորագրով»,- գրում է Օվյանն ու շարունակում. «Արժե նշել, որ վերոհիշյալ գրքի հեղինակը շնորհաշատ լրագրող է, կապված կյանքի հետ, ունի երևույթների մեջ խորանալու ընդունակություն, կենսափորձ»։ Գրախոսն, այսպիսով, հող է նախապատրաստում հիմնական ասելիքի համար. «Հովհաննիսյանի ստեղծած պատկերները բնական են, պայծառ ու համոզիչ։ Թվում է՝ խոսում են քեզ հետ, լսում ես լորենու մեղմ սոսափը, տեսնում «ամպերին նստած ոսկեհատ փոշին» (այս և չակերտների մեջ առնված հետագա հղումները հեղինակներից են քաղված - Վ. Ա.) և այդ փոշու նարնջագույն հատիկները, որ «դանդաղ իջնում են անտառի վրա, նստում ծառերի տերևներին, լուծվում տերևներում ու գույն տալիս»»։ Կամ՝ «Միսաք Հովհաննիսյանը լավ է ճանաչում իր հերոսներին, գիտե նրանց սիրտն ու հոգին։ Եվ մի պահ ընթերցողին էլ թվում է, թե նրանց հանդիպել է ինչ-որ տեղ, բայց որտե՞ղ, չի կարողանում հիշել»։

Գրականություն ոտք դնող հեղինակի մասին այս ջերմ, ազնիվ խոսքերը կարող է միայն գրականության նվիրյալն ասել։ Իր նման ասեմ. կարդում ես, թվում է՝ գրախոսը մեծ, շատ մեծ կենսափորձի մարդ է, արդեն փառքերի արժանացած «իմաստուն ծերունի», որ կարող է չնկատելու տալ ինչ-ինչ բաներ։ Մինչդեռ «մորեմերկ» մեկն էլ ինքն է, Մ. Հովհաննիսյանից՝ ընդեմենը երկու տարով ավագ։ Կարդում ես և մի թաքուն զգայարան կամ փաստի մասին իմացածդ քեզ հուշում է, որ գրախոսը հեղինակի պատմվածքները, ոչ, առաջին անգամ չէ, որ կարդացել է։ Դրանք ծնվել են նրա կողքին. նույն մարզային ռադիոյի մի ծխախեղդ սենյակում ինքն գրել՝ կարդացել է Մ. Հովհաննիսյանին, նա՝ իրեն։ Եվ նույն մթնոլորտում ծնված գործին, ահա, Վազգեն Օվյանը նայում է այն հայացքով, կարծես թե դա նաև իրենն է։

Համո Սահյանի բանաստեղծությունը հիշեցի՝ գյուղական պատանու և հացի մասին, որ Հրանտ Մաթևոսյանի գտած բացատրությամբ այն է, թե՝ միասին մեծացած տղան հացից ամաչում է, կարծես «ընկերոջը պիտի ուտի»։ Վազգեն Օվյանն էլ այնպես զգուշորեն է «շրջում» Մաքսիմ Հովհաննիսյանի առաջին ժողովածուի էջերը, որ կարծես վախենում է՝ նախնական զգացողության շունչն աղտոտվի գրախոսության ժանրի «թույնով»։ Ահավասիկ. «Իհարկե, «Իմ հին լորենին» գրքում կան նաև թերություններ։ Իմ կարծիքով, (ուշադրություն դարձրեք դիտողության ինտելիգենտականությանը՝ «իմ կարծիքով»-ին - Վ. Ա.) «Եվ սիրտն ասաց» պատմվածքում կա շատախոսություն, որը և ազդում է գործողության զարգացման վրա, ձգձգում սյուժետային գծի անցումը»,- բայց և ընդհանրացնում է. «Այնուամենայնիվ, առաջին հանդիպումը Միսաք Հովհաննիսյանի հետ հաճելի է։ Նա ունի իր հարազատ թեման, ասելիքը, գտել է իր ճանապարհը։ Ուրեմն սպասենք և հավատանք, որ երկրորդ հանդիպումը կլինի ավելի հետաքրքիր»։

Նույն սրտացավությամբ է շնչում «Երկու խոսք» վերնագրած՝ Վարդան Հակոբյանի «Մեղեդիներ» անդրանիկ ժողովածուի մասին գրախոսությունը։ Թերևս՝ ավելի. «Գալիս են նորերը, գալիս են նոր հույսերով ու նոր հույզերով։ Այդ նորերից է նաև Վարդան Հակոբյանը, որ արդեն ընթերցողի սեղանին է դրել «Մեղեդիներ» խորագրով բանաստեղծությունների իր փոքրիկ գրքույկը։ Բայց կարևորը, իհարկե, ծավալը չէ, այլ այն, որ այդ գրքույկը դարձել է նրա սրտի երգը»։

Ի՜նչ նուրբ դիտողականություն և գրական ընտիր ճաշակ է ունեցել, որ ի սկզբանե նկատել է Վարդան Հակոբյան բանաստեղծի ընկալումների մեջ այն, ինչ հետագայի ակադեմիական գրականագիտությունը պիտի անվաներ «բնազանցականի պոետական օրինաչափացում»։ Խնդրեմ. «Հակոբյանի բանաստեղծություններում ժայռը, քամին, տերևը, լուսինը, աղբյուրը խոսում են, խորհում, զգում և զգացնել տալիս իրենց»։ Եվ այնքան զորեղ է ապրել «ճանաչման հաճույքի» այդ ուրախությունը, որ նույնիսկ դիտողություններ անելիս կես-ճանապարհին կանգ է առել՝ «իսկ գուցե ճիշտը դա՞ է»։ Մեջբերեմ ամբողջությամբ. «Երիտասարդ բանաստեղծի մեղեդիներում աշնան խաշամի խշշոց կա, «այստեղից ծնված զուլալ աղբյուրների կարկաչ», աստղազարդ գիշեր, ամպեր, որ «հալվում են խոհերի նման», անձրևը մեղեդիներով է «փարվում աշխարհին», գարունների զարմանալի ցուցահանդես... Կարող ես վիճել, օրինակ, որ «Ձմերուկի շղարթի (այնքան է հրճվանք ապրել, որ «չի նկատել», ասես, «շղարթ» օտարամուտ բառի կարկատանը - Վ. Ա.) պես կիսված լուսինը հազիվ թե ծորա «լույսը կարմիր հյութի նման», բայց երբ դրան հետևում է՝

Մի տիեզերք ափսեի մեջ,
Իսկ աստղերը շուրջը փռված
Կորիզներ են ցրված կարծես,-
ուզում ես հավատալ այդ «կարմիր հյութին»»։

Տվարդովսկին է, կարծեմ, ասել՝ «դժվարը իրենից հասուն լինելն է»։ Ես վստահաբար այդ դժվարությունը հաղթահարած լինելու առավելություն եմ վերագրում քննադատ Վազգեն Օվյանին։ Կյանքի, մարդու, իր ժամանակի հետ՝ ուրիշներից անհաշտ բնութագրված՝ նա գրականության հանդեպ, իր հոդվածներն են վկայում, սիրահարված պատանու պաշտամունք և երկյուղածություն է ունեցել։ Եվ նողկալիորեն որքան անկատար, կեղծ ու նանիր է եղել իրականությունը, որ այդ «գանգրահեր պատանին» Թումանյանի ասած՝ երբեմն «շուրթերն անեծքով է պղծել»։ Սա՝ իբրև «քնարական շեղում»։

Վազգեն Օվյան քննադատը, որպես և պահանջել է գրականության նվիրյալի պարտքը, անուշադիր չի թողել «որդեգիրներին»։ Նա գրախոսել է և Մաքսիմ Հովհաննիսյանի, և Վարդան Հակոբյանի հաջորդ գրքերը նույնպես։ «Սովետական Ղարաբաղ» թերթի 1972 թ. փետրվարյան առաջին համարում տպագրվել է նրա հեղինակած «Երկրորդ հանդիպում» հոդվածը։ Սկսում է այնտեղից, որտեղ ավարտել էր. «Առաջին հանդիպումը Միսաք Հովհաննիսյանի հետ («Իմ հին լորենի») անկեղծ էր ու հաճելի։ Նա եկավ մի տեսակ լուռ ու աննկատ, չասաց՝ «Այդ ես եմ, թույլ տվեք ներկայանալ։ Առաջին գրքում նույնիսկ չկար հեղինակին ներկայացնող «երկու խոսք», սակայն կար գլխավորը՝ շնորհալի մի արձակագիր, որի ստեղծագործությունները կյանքից են գալիս, և նա լավ գիտե այն կյանքը, որի մասին պատմում է։ Պատմո՞ւմ։ Բայց չէ՞ որ ամեն ոք էլ կարողանում է պատմել, և ամեն պատմություն չէ, որ կարող է պատմվածք դառնալ։ Մինչև հիմա էլ «պատմություններ անող» հեղինակները շարունակում են ծեծել խմբագրությունների դռները և գրողի հավակնություններով պահանջում. «Տպագրեք մեզ»։

Ուրախալին այն է, որ Միսաք Հովհաննիսյանը կարողացել է գտնել պատմվածք ստեղծելու «գաղտնիքը»։ Եվ բանն այն է, որ այդ գաղտնիքը բոլորովին էլ գաղտնիք չէ, դա կյանքի լավ ճանաչումն ու գեղարվեստորեն ընդհանրացումն է»։

Վազգեն Օվյանը գրական քննադատության դասական կառուցվածքի մեջ է ամփոփում իր ասելիքը՝ մուտք, վերլուծություն, եզրակացություն։ Մուտքն այն էր, ինչ մեջբերեցի։ Հետևում են փաստական հիմնավորումները՝ հեղինակի պատմվածքները ենթարկվում են «անատոմիական» վերլուծության։ Եվ այդ ամենից հետո. «...Եվ «Գարնան կարոտ» երկրորդ ժողովածուն եկավ ու հաստատեց, որ մենք գործ ունենք մի ինքնատիպ հեղինակի հետ։ Ցանկանանք, որ երրորդ հանդիպումը լինի ավելի հաճելի, գրիչը՝ բեղուն»,- եզրահանգում է գրախոսը։

Ինձ հայտնի չէ՝ Մաքսիմ Հովհաննիսյանի երրորդ ժողովածուն Վազգեն Օվյանը գրախոսե՞լ է, թե՞ ոչ։ Հաստատ է, որ նրա հիսնամյա հոբելյանի զեկուցողն է եղել և «Սովետական Ղարաբաղ» թերթում էլ այդ առթիվ հոդված տպագրել է։ Կարծում եմ, Մաքսիմ Հովհաննիսյանի մասին երբևէ գրվածներից դա առանձնանում է ոչ միայն բացառիկ ջերմությամբ, այլև այնպիսի ընկալումներով, որ ոչ մի ակադեմիական գրականագետ-քննադատից չեն նկատվել։ Սա, մասնավորապես, վերաբերում է Մաքսիմ Հովհաննիսյանի գործի մեջ նույն հերոսների սոցիալ-հոգեբանական էվոլյուցիայի մասին արված դիտարկմանը։ Եթե մի քայլ էլ աներ՝ Վազգեն Օվյանը նկատելու էր, որ Մաքսիմ Հովհաննիսյանի մոտ առանձին-ինքնին գոյող պատումներ չկան։ Նրա գործը մի անընդմեջ պատում է։ Փույթ չէ։ Վազգեն Օվյանը դիպուկ բնութագրել է, որ հեղինակի հերոսները «ստույգ հասցե ունեն - ղարաբաղցի են»։ Դրանով շատ բան կամ գրեթե ամեն ինչ նկատված-հուշված է։ Նույնիսկ՝ այն, ինչ պատումի անընդմեջ ընդհանրության մասին քիչ առաջ որպես նորություն ընդգծեցի։

Տեսել, զգացել և մեկնաբանել է նաև Վարդան Հակոբյանի բանաստեղծական հասունացումը։ «Վարդան Հակոբյանը իր հասակակիցների թվում թերևս այն եզակիներից է, որ շատ շուտ կարողացավ պոկվել «մշտապես երիտասարդներից» և լավ հասկացավ, որ գրել նշանակում է ապրել, երազել, տեսնել, զգալ, չկարողանալ նաև չգրել»,- բանաստեղծի «Ծառի անունից» ժողովածուի գրախոսականն այս ճիշտ դիտարկմամբ է սկսել Վազգեն Օվյանը։ («Կոմունիստ», 27 հոկտեմբերի 1978 թ.)։ Ապա շեշտում է հիմնականը. «Բանաստեղծ Վ. Հակոբյանը ամուր է կանգնած հայրենի հողին, բարձր է նրա տան կտուրը, ամուր է հիմքը և հիմնաքարը, և փույթ չէ, եթե չի տալիս Թարթառ գետի, Քիրս ու Մռով սարերի անունները (ընդգծումն իմն է - Վ. Ա.)... Կարևորն այն է, որ նա սիրահարված է իր չքնաղ Ղարաբաղին ու նրա մարդկանց և իրավունք ունի հայտարարելու.

Քեզնից ծնվելը
Դեռ քիչ է՝
Որդիդ լինելու համար...»։

«Փույթ չէ՞, որ չի տալիս» այդ անունները։ Թե՞ սա գրախոսի տագնապի հեռավոր, գուցե իսկ՝ նրբաքողարկած հնչեցում է։ Տպագիր տեքստում այդ ընդգծմանը հաջորդող բազմակետերն իրենը՝ հեղինակի՞նն են, թե՞ խմբագրական «մկրատն» ինչ-որ «վտանգավոր մտքեր, այնուամենայնիվ, խուզել է»։ Անհնար է պարզել։ Բայց Վազգեն Օվյանն առանձնացրել է մեջբերված տողերը՝ կարծես բանաստեղծին ցույց տալու, որ հենց դա է նրանից իր և բոլորի մեծագույն ակնկալիքը։ Մանավանդ որ հոդվածի եզրափակիչ մասում էլ շեշտել է «Վերջերգ» բանաստեղծության այս տողերը.

Արձակիր սանձը այն
                                ճամփաների,
Որ ննջում էին իմ քայլերի մեջ,- և ավարտել. «Ընթերցողը հավատացած է, որ այս վերջերգը  (ընդգծումն իմն է - Վ. Ա.) կդառնա նրա հետագա գրքերի համար այսպիսի մի նախերգ՝
Արձակել եմ սանձն այն
                                ճամփաների,
Որ ննջում էին իմ քայլերի մեջ... (ընդգծումն իմն է - Վ. Ա.)

Դե եկ, ինչպես ասում են, մի տրվիր ընկալումներիդ գայթակղությանն ու մի ասա, որ գրախոս Վազգեն Օվյանն ըստ էության «եզոպոսյան լեզվով» բանավիճում է «Ծառի անունից»-ի հեղինակի հետ։ Ո՞վ պիտի բանաստեղծի համար «արձակի սանձը այն ճամփաների, որ ննջում էին նրա քայլերի մեջ», ումի՞ց և ի՞նչ ակնկալիք ունի նա՝ այս հարցերն են, ըստ երևույթին, մտահոգել գրախոսին։ Եվ դժվար խոկումներից հետո նա եկել է այն ընդհանրացմանը, որ դա գուժում է «ցավալի վրիպում», ուստի իրեն թույլ է տվել «վերաձևակերպել» Վարդան Հակոբյանին ու առաջարկել է, որ նա «ինքն արձակի այն ճամփաների սանձը, որ ննջում են նրա քայլերում»։

Իմ ձեռքի տակ գտնվող նյութերից  մի  գրախոսություն էլ Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունների «Կեսօր» ժողովածուի մասին է՝ տպագրված «Սովետական Ղարաբաղ» թերթի 1969 թ. մարտի  2-ի համարում։ Արձանագրելով, որ մանկագիրն ստեղծագործական «բավական ճանապարհ է անցել» և թվարկելով նրա «Ճուտիկներ», «Մեր գյուղի առավորտը», «Բարի լույս», «Այբուբենը երգերի մեջ» գրքերը, Վազգեն Օվյանը մատնանշում է, որ «հեղինակը հավատարիմ է մնացել իր հավատամքին՝ տեսնել լավն ու գեղեցիկը, առողջն ու կենսականը, փառաբանել աշխատասիրությունը... և, իհարկե, մեղմ հումորով ցույց տալ, որ ծուլությունը, մեծամտությունն ու անկարգապահությունը հատուկ չեն մեր կյանքի ծաղիկներին (ակնարկը վերաբերում է «Երեխաները մեր կանքի ծաղիկներն են»՝ խորհրդային մանկավարժության մեջ տարածված ասույթին - Վ. Ա.)»։

Այստեղ ևս գրախոսը հավատարիմ է իր տրամադրվածությանը՝ բանաստեղծի գրքում տեսնել հայրենիքի պատկերներ, բայց, քանի որ խոսքը մանկագրության մասին է, Վազգեն Օվյանը կատարում է մի նուրբ անցում և Գուրգեն Գաբրիելյանի մոտ տեսնում «երեխաների մեջ դեպի բնությունը և մեծերը սեր աթնացնելու» նպատակադրվածություն։ Ըստ էության, սա նույն վերաբերմունքն է, որ մենք տեսնում ենք թե Մաքսիմ Հովհաննիսյանի, թե Վարդան Հակոբյանի մասին վերոհիշյալ նկատառումներում։ Կարելի է, թերևս, եզրահանգել, որ Արցախում ստեղծվող գրականությունը գնահատելու հարցում Վազգեն Օվյանն առաջնորդվել է ոչ այնքան զուտ գեղագիտական, որքան, թող թույլ տրվի ասել, «օգտապաշտական» չափանիշներով, թե որքանո՞վ է այն ծառայում հոգևոր հայրենակերտման գործին։

Այս մոտեցումն ինչ-որ տեղ «մեղանչում» է քննադատական ընդհանուր սկզբունքների դեմ, բայց Վազգեն Օվյանը, կարծես, դա  երկրորդական է համարել։ Միտքը, որ չգիտեմ ինչպես ձևակերպվեց, պարզաբանման կարիք ունի։ Բանն այն է, որ բովանդակ խորհրդային երկրում գրականությունը և արվեստը «կանոնիկացված» էին՝ որպես պետական քարոզչության բաղկացուցիչ մաս։ Հայտնի է «գրականության գործը կուսակցության գործն է» ասույթը։ Այս վերաբերմունքը, որքան էլ զարմանալի թվա, ընդհանրության մեջ «սպանիչ» լինելով հանդերձ,- քանի որ գրողին, արվեստագետին պարտադրում էր ծառայել բացառապես կոմունիստական գաղափարաբանությանը,- հնարավորություն էր, որպեսզի սթափ հայացքի ստեղծագործողն իրեն հուզող խնդիրները շատ հաջող «փաթեթավորի» իբրև այդպիսին։ Մանավանդ՝ այսպես կոչված՝ խրուշչովյան «ձնհալից» հետո, երբ գրաքննությունն զգալիորեն «կորցրել էր զգոնությունը»։

Ըստ ամենայնի, անցյալ դարի 60-ական թվականներին Արցախում սկիզբ առած գրական-մշակութային զարթոնքը հենց այդ ընդհանուր հոսանքի դրսևորում էր։ Շուրջ կեսդարյա «մեռյալ»-ությունից Ստեփանակերտում ծնվել էր հայերեն գեղարվեստական խոսք և բարբառում էր Արցախի ու «նրա մարդկանց մասին»։ Այն իրավիճակում բացառված էր «հայ ժողովուրդ» ասել մարդկանց, ովքեր բնութագրում էին երկիր և հասարակություն էին։ Չափազանցությունների չտրվենք։ Գուրգեն Գաբրիելյանի «Կեսօր» ժողովածուն լույս էր տեսել մի ժամանակահատվածում, երբ Արցախի մտավորականության վրայից անցել էր «13»-ի գործի ծանր տոփանագլանը։ Ստեփանակերտը լքել էր Բագրատ Ուլուբաբյանը, մյուսները, այդ թվում և՝ գրախոսվող գրքի հեղինակն, ստացել էին խիստ տույժեր, աստիճանազրկվել։ Պետական, բայց մանավանդ՝ Բաքվի իշխանությունների, վերաբերմունքը նրանց հանդեպ մերժողական էր։ Եվ հանկարծ լույս է տեսնում «Կեսօր»-ը, այն էլ՝ «Հայաստան» հրատարակչության կողմից, Երևանում։ Նման «արգելված» հեղինակի «ոչ ցանկալի» գրքի գրախոսությունն իսկ արդեն քաղաքացիական քաջություն և նրա հետ համերաշխության մի ցույց էր։ Ու հանկարծ գրախոսը տողատակերում ակնարկում է, որ, ախր, այս գրքում հեղինակն ուրիշ ավելի կարևոր գործ չի արել, քան որ՝ «մանուկների մեջ սեր է արթնացնում դեպի բնությունը, հարգանք՝ մեծերի նկատմամբ»։

Այսօրվա սերունդը խորհրդային մամուլի հետ չի հարաբերվել։ Նրան անծանոթ է «գլավլիտի՝ ձվի մեջ մազ փնտրող» հայացքը։ Նա չգիտի, որ գրաքննիչը հոդվածից «հանգիստ խղճով» կարող էր հանել ցանկացած բառ, արտահայտություն, եթե նրան թվար, որ հեղինակը դրանով ինչ-որ բան է ակնարկում։ Խորհրդային իրականությունը և նրա «հայելի» մամուլը չէին հանդուրժում երկիմաստություն, ենթատեքստ։ Եվ այս պայմաններում, ահա, Վազգեն Օվյանը Գուրգեն Գաբրիելյանի մանկական բանաստեղծությունների ժողովածուի արժեք է համարում «օգտակարությունը», որ՝ դա մանուկ ընթերցողին հուշում է սեր առ բնությունը։ Անմեղ, գրաքննության աչքից վրիպած,- թե՞ գրաքննիչն էլ  «բաց է թողել»՝ ինչպես այն ժամանակ էին ասում,- մի ձևակերպում, որի իմաստն այն է, որ հենց այդպես էլ պիտի գրվեն նաև, գուցե՝ հատկապես, մանկական կոչվող բանաստեղծությունները։

Ուշադրություն դարձրեք գրախոսի հաջորդ հիմնավորմանը. «Մանուկները որքան պարզ ու անկեղծ են, այնքան էլ հետաքրքրասեր են իրենց շրջապատի նկատմամբ, ուզում են տեսնել և հասկանալ ամեն բան, (ընդգծումն իմն է - Վ. Ա.) որոնել, գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը»։ Հիշեցում չէ՞ այն ճշմարտության, որ «մանկան բերանով ճշմարտությունն է բարբառում», որ գրականությամբ չի կարելի անգամ մանուկներին միամտացնել, որ Գուրգեն Գաբրիելյանն, ի վերջո, ունի նաև «անհոտ ծաղիկներ»,- սա Վազգեն Օվյանի արտահայտությունն է, երբ «Կեսօր» ժողովածուն առհասարակ մի «հոտավետ ծաղկեփունջ» անվանելուց հետո մատնանշում է նաև թերություններ,- բայց դրանք մեծ վրիպում չեն հոգևոր հայրենակերտության գործին մանկագրի բերած անուրանալի վաստակի համեմատ։

Գուցե պարզ վերագրումնե՞ր եմ անում։ Ամենևին։ Ահա թե ինչ հիմնական դիտողություն է անում գրախոսը. «Լավ կլիներ, եթե հեղինակը գիրքը տպագրության հանձնելուց առաջ ազատվեր «ոնց», «բոյ», «օյին», «իսկի», «հալալ», «խութեր», «ազիզ» և նման բառերից»։ Թվարկածների մի մասը բարբառային, մյուսն օտարամուտ բառեր են։ Եվ Վազգեն Օվյանն անվերապահորեն արդարացի էր, երբ հեղինակին խորհուրդ էր տալիս մանուկների համար գրել բացառապես գրական ճիշտ հայերենով։ Քանի որ, թվում է, դրանով նա ակնարկել է, որ «մի ազգի պահողը լեզուն է»՝ ինչպես բանաձևել է հայ դասականը։ Ի դեպ, նույն կարգի դիտողությունն Օվյանն արել է նաև Մաքսիմ Հովհաննիսյանի լեզվի և ոճի վերաբերյալ և դարձյալ հորդորել, որ նա տուրք չտա բարբառի կոլորիտայնությանը։ Եվ եթե այս՝ լուրջ արձակի դեպքում դա կարող ենք ընդունել կամ ոչ, ապա Գուրգեն Գաբիրելյանի մանկական բանաստեղծությունների վերաբերմամբ քննադատությունն ընդունելի է լիովին։ Քանի որ մանկական բանաստեղծությունն ամեն ինչից զատ ունի նաև կրթադաստիարակչական մեծ կարևորություն։

Կարդում, վերընթերցում եմ Վազգեն Օվյանի հոդվածներն ու հրճվում։ Այո, չեմ չափազանցում։ Հրճվում եմ ոչ միայն խոսքի՝ նկատառումների, դիտողությունների և եզրահանգումների դիպուկությամբ ու միաժամանակ էլ՝ նրբանկատությամբ, այլև նրանով, որ նա իր ժամանակի գրական, թատերական, մշակությային քիչ թե շատ նշանակալի որևէ երևույթ, իրողություն հայացքից բաց չի թողել։ Գրախոսել է, դիցուք, Էռնեստ Բեգլարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ «Մարզում ապրող և ստեղծագործող գրողների տպագրած գրքերի դարակում ավելացավ ևս մի նոր գիրք։ Դա երիտասարդ բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի «Արև և նարինջ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն է»,- գրել է Վազգեն Օվյանը՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի 1970 թ. մայիսի  5-ի համարում և ավելացրել. «Երբ խոսք է բացվում երիտասարդ բանաստեղծի առաջին գրքի մասին, ընթերցողներին առաջին հերթին հետաքրքրում է մի շատ կարևոր հարց՝ ի՞նչ է բերել հեղինակն իր հետ, իսկ հետո՝ արդյո՞ք հաստատուն է նրա ձայնը»։ Սույն արդարացի հարցադրումներին ինքն էլ շտապում է պատասխանել, որ «Է. Բեգլարյանի ձայնն, իրոք, հաստատուն է»։ Եվ, թվարկելով ժողովածուի հաջողված գործերը, եզրահանգում է. «Դրանք իսկապես փոքրիկ քանդակներ են, որոնք ունեն և խորություն, և հուզականություն, և հաջող ավարտ»։

 Թերություննե՞ր։ Իհարկե, կան։ Գրախոսը, սակայն, հավատարիմ է իրեն։ Նա խոսքը եզրափակում է պայծառ լավատեսությամբ՝ հուսալով, որ բանաստեղծն իր ստեղծագործական ճանապարհի «միջօրեին արևից ավելի հասուն նարինջներ կքաղի»՝ նկատել տալով, որ իր խորազնին հայացքը ժողովածուից առանձնացրել է «Միջօրեին նարինջ եմ քաղում» բանաստեղծությունը։ Գուցե՝ միայն այդ, իրոք, գտնված տողը՝ չեմ կարող ասել։ Գրական փաստով Վազգեն Օվյանի վերաբերմունքի խորք թափանցելու հնարավորություն այս պահին չունեմ և հազիվ թե ունենամ, դրա համար հարկ է գտնել Էռնեստ Բեգլարյանի «Արև և նարինջ» ժողովածուն ու կարդալ։ Իսկ այդքան ժամանակ ո՞վ է տվել։ Մանավանդ, ինչպես ամենասկզբում եմ ասել, ուսումնասիրություն չէ, որ գրում եմ։ Ընդամենը փորձում եմ ապագայի համբերատար գրականագետին ինչ-որ հուշումներ անել։ Այս պահի հնարավորությունը դա է։

Այսօրվա հայացքին Միքայել Գասպարյան անունը, թող ինձ ներեն, ոչինչ չէր ասելու։ Իսկ եթե վաղվա մի բարեխիղճ ուսումնասիրող հիշի նրան, ապա պարտավորված է լինելու ընդգծել, որ դա՝ շնորհիվ Վազգեն Օվյանի «Լույսի համբույրով, անձրևի բույրով» գրախոսության, որ տպագրվել է «Սովետական Ղարաբաղ» թերթի 1983 թ. փետրվարի 19-ի համարում։ «Ծանր է, երբ երիտասարդ բանաստեղծին բարի գալուստ մաղթելուց հետո, մի քանի տարի անց, սրտի կսկիծով հրաժեշտի խոսք եմ ասում։ Միքայել Գասպարյանի առաջին գրքի մասին ես եմ գրել և հիմա էլ գրում եմ նրա երկրորդ բանաստեղծությունների՝ «Անձրևի բույրը» ժողովածուի մասին, երբ այլևս չկա այդ բարի, լավատես, կենսախինդ բանաստեղծը։ Նա չհասցրեց տեսնել իր երկրորդ գիրքը։ Գամված լինելով անկողնուն, նա զարմանալի կերպով կյանքոտ էր և երբեք ոչ մի տխուր բանաստեղծություն չգրեց»,- սա գրախոսության սկիզբն է։ Քննադատն իր վաղամեռիկ գրչակցին «լույսի բանաստեղծ» է անվանում. «Դա սիրո, կարոտի, պայծառ զգացմունքների լույս էր, ընդհանրապես լույսով են ողողված նրա բանաստեղծություններն, ու ինքը «լույս» բառին ոչ մի էպիտետ չէր միացնում, և դա հասկանալի է՝ եթե լույսն է, ուրեմն այն պայծառ պիտի լինի, գերող, հմայիչ, ճառագված։

Լույսը՝ հողերին հարսնացնող,
Լույսը՝ արթնացող ծիլերին,
Լույսը՝ կարոտին ծովացող,
Լույսը՝ խորախոր ձորերին»,- մեկնաբանել, այնուհետև մեջբերմամբ ասածը հաստատել է Վազգեն Օվյանը։ Եվ եզրափակել է. «Նա գնաց աշխարհից՝ իր հող ու քարին կարոտած (ընդգծումն իմն է - Վ. Ա.), մեր չքնաղ լեռնաշխարհին սիրահարված գնաց, և ինչպես ինքն է ասում.

Կանաչ օրերս
Անցան, գնացին,
Քեզ իմ սրտի մեջ
Կանաչ պահելով։
Եվ վաղամեռիկ բանաստեղծի երգը միշտ էլ կմնա կանաչ՝ լույսի համբույրով, անձրևի բույրով»։

Չարենցը մի տխուր դիտարկում ունի։ Ասում է՝ երբ Օրենբուրգում մեռավ Վահան Տերյանը, Հայաստանում դաշնակցական իշխանություն էր, այդ մահը «չնկատվեց», իսկ երբ մահկանացուն կնքեց Գառնիկ Քալաշյանը, Հայաստանում բոլշևիկյան իշխանություն էր, որ «դաշնակցական բանաստեղծի» վախճանն աննկատ թողեց։ Գառնիկ Քալաշյան բանաստեղծ հայ ընթերցողը չի ճանաչում։ Բայց եթե այդ անունը Չարենցից ընդգծվել է, ուրեմն նա իրոք բանաստեղծ է եղել։ Եվ Չարենցն ասել է, որ ոչ մի բանաստեղծի մահ աննկատ չպիտի մնա։ Հիմա, թեև համեմատությունը «կաղի էլ», պիտի ասեմ, որ Վազգեն Օվյանն այս դեպքում Չարենցի դիտունակությամբ է առաջնորդվել։ Անկախ այն բանից՝ ծանո՞թ էր Չարենցի խոսքին, թե՞ ոչ։ Իմ նկատառումը Վազգեն Օվյանի գուրգուրոտ վերաբերմունքի մասին է, ինչից, ցավոք, այսօր գրական միջավայրը գրեթե զուրկ է։ Այո, ասվածի ևս մի վկայություն էլ Սարգիս Աբրահամյանի՝ նույնպես հետմահու լույս տեսած, «Կարմիր մեխակներ»-ի գրախոսությունն է։ Իսկն ասած, «գրախոսությունն» այստեղ պիտի հարաբերականորեն ընդունել։

Հոդվածն ավելի շատ Սարգիս Աբրահամյանի գրական-հանրային դիմանկարի ուրվագիծ է։ Ահա. «Գրող Սարգիս Աբրահամյանը ապրեց կարճ, բայց բովանդակալից, հետաքրքիր մի կյանք։ Նա փայլուն մանկավարժ էր, փորձված կուսակցական աշխատող, նվիրված քաղաքացի, լավ հռետոր և թեկուզ ուշացած մտավ գրական ասպարեզ, բայց «էն գլխից» էլ գրող էր»,- ասելիքի հիմնական դրույթներն այսպես է նշագրել Վազգեն Օվյանը, իսկ արդեն անցնելով գրախոսվող ժողովածուին, նկատել է. «Ծնողները սովորաբար ամենից շատ սիրում են իրենց կրտսերին։ Աբրահամյան գրողը չկարողացավ տեսնել այդ «կրտսերը», և նրա գրչակից ընկերները որոշեցին այն կոչել «Կարմիր մեխակներ»։ Թող այդ կարմիր մեխակները զարդարեն այն հողաբլուրը, որի տակ հանգչում է մեր ավագ գրչեղբայր Սարգիս Աբրահամյանը»։ Արդյոք «գրչակից ընկերնե՞րը»։ Թվում է, Վազգեն Օվյանն այդպես ասելիս համեստություն է արել։

Մի ներքին ձայն հուշում է, որ «Կարմիր մեխակներ» խորագիրն ինքն է ընտրել։ Կամ՝ հուշել։ Քանի որ հոդվածի սկզբում «կարմիր մեխակներ է տանում» Սարգիս Աբրահամյանի շիրմին, իսկ վերջում էլ ընդհանրացնում. «Թող դա (այսինքն՝ գիրքը - Վ. Ա.) լինի կարմիր մեխակների այն անթառամ փունջը, որ մեր սիրելի Սարգիս Ավետովիչը պատվիրեց նվիրել իր հարազատ լեռնաշխարհին, իր ծնող ժողովրդին (ընդգծումն իմն է - Վ. Ա.)»։ Ոչ միայն գրախոսել, Վազգեն Օվյանն իմ կողմից ընդգծված հղումով, կարծես, ապագայի ուսումնասիրողին թեմա է հուշում։ Իսկ գուցե հիվանդ գրողի հետ հանդիպումների ժամանա՞կ է ծնվել «Կարմիր մեխակներ» խորագիրը։ Գուցե երկուսով՝ Սարգիս Աբրահամյանն ու ինքը միասի՞ն են դա ընտրել։ Գուցե Վազգեն Օվյա՞նն է հեղինակի պահոցներից հավաքել «կարմիր մեխակների այդ անթառամ փունջը»։ Հարցեր, հարցեր, հարցեր, որ կարոտ են քննական վերաբերմունքի, բանասիրական «սև աշխատանքի» ազնիվ ջանքի, որպեսզի անցյալ դարի 60-70-ական թվականների արցախյան գրական-հանրային կյանքի մասին պատկերացումներն ավելի ամբողջական դառնան։

Զարմանալի, այլև զարհուրելի անտարբեր ենք մեր ոչ հեռավոր անցյալի հանդեպ։ Ճաշակ չունենք, հետաքրքրություններ չունենք։ Ասես միանգամից «ծնվել ենք» 1988-ի փետրվարին։ Ո՞վ է «հղացել» մեզ, ինչպե՞ս, մեր «ծնունդն» ինչո՞ւ այդքան հանկարծական և չափազանց հասուն եղավ։ Կարծես ոչ թե «օրվա մանուկ», այլ առնվազը «գանգրահեր պատանի» ծնվեցինք՝ հայոց առասպելի Վահագնի նման, որ «բոց ուներ մորուք, և աչքերն էին արեգակունք»։ Ես, ուրեմն, չգիտեմ՝ ունե՞մ, թե՞ ոչ դրա իրավունքը, բայց հարցը դնում եմ այսպես. «Զարթոնքի, ինքնագիտակցման և բացահայտման ընդհանուր միջավայրի մե՞ջ ենք մենք ավելի ուժեղ, թե՞՝ երբ «անցյալ կորուսյալից» հրաժարվում ենք որպես «սատանայից»»։ Եվ պատասխանում եմ՝ ուժեղ ենք, երբ կարողանում ենք մեզ տեսնել «հղացում-ծնունդ-հասունացում» հաջորդայնության մեջ։ Կրկնում եմ՝ հաջորդայնության, որ ես հասկանում եմ այնպես, որ ես «երեկվա» մարդ եմ նաև, և երեկվաններն՝ «այսօրվա», և իմ հաջորդը պիտի լինի իմ այսօրվանը, որպեսզի կարողանա  ասել՝ «ես ես եմ»։

Այսօր, ահա, իմ ժամանակի ապրողներից առավել՝ Վազգեն Օվյանն օգնում է, որ ասեմ՝ «ես ես եմ»։ Նա ինձ մեծ հանդուրժողականություն է ներարկում։ Եվ որքան եմ ափսոսում, որ, ինչպես վերևում մի տեղ արդեն ակնարկել եմ, հետագայի նրան հասկանալ ճգնողներից շատերը պայծառ այդ մարդուն,- ես դատում եմ ըստ նրա գործի, հետն անձամբ ծանոթ լինելու պատեհություն ինձ չի տրվել,- ներկայացրել և դարձյալ ներկայացնում են որպես «մերժման ոգի», ինչը, կարծում եմ, շատ  հիմար մի վրիպանք է։ Ինչ մերժում, ինչ «ձաղկում», մարդը մեծահոգության մարմնացում է նույնիսկ իր քննադատի ամպլուայում։ Երգիծե՞լ է։ Այո։ Բայց այդ ո՞վ է ասել, թե երգիծաբանը «մերժման ոգի» է։ Ամենևին։ Երգիծանքը մեծ բարությունից է ծնվում, սիրուց։ Հանդուրժողականությունից, եթե երգիծանք է, ոչ թե՝ չարացած քաղքենու քսու բամբասանք։ Ցավում եմ, որ Վազգեն Օվյանն իր մեկնաբանին չի գտել։ Էլ առավել «մեկնաբան»-ին եմ խղճում, որ հեղինակային տեքստերի միայն մակերեսը տեսնել զորող հայացք է ունեցել։ Կամ ունի։

Շատ մեծ հանդուրժողականությանը երդվյալ մարդը միայն կարող էր իր շառաչուն երգիծանքի հարևանությամբ գնահատանքի արժանի տեսնել Իսրայել Պետրոսյանի առակները։ Ոչ միայն տեսնել, այլև այնքան արժևորել, որ նստեր ու «Հաղթողը կաղնին է» գրախոսություն հեղինակեր։ Վազգեն Օվյանն, ուրեմն, այդ մարդն էր։ 1983 թ. ապրիլի 10-ին գրել է. «Իսրայել Պետրոսյանի առակներում, ինչպես դասականների մոտ, հերոսները նույնանուն կենդանիներն են՝ աղվեսը, առյուծը, արջը, ագռավը, ուղտը, կատուն, սոխակը, աքլորը, էշը, սագը... Սակայն Պետրոսյանի աղվեսին չես կարող շփոթել ուրիշների առակների աղվեսներին»,- հետո համառոտ պատմել «Աղվեսը և այբուբենը» առակն ու եզրակացրել, որ «փոխվել է կյանքը, փոխվել են մարդիկ, և հասկանալի բան է՝ ուժեղ լույսի տակ ստվերներն ավելի են տեսանելի դառնում»։

Ինչո՞ւ հատկապես այս դիտարկումն իր վրա ուշադրություն հրավիրեց։ Ինձ թվում է, Վազգեն Օվյանի գրախոսության բուն ասելիքն այն չէ, որ «ուժեղ լույսի տակ ստվերներն ավելի են տեսանելի դառնում», այլ՝ որ Արցախում կենսունակ է առակագրությունը, որ Իսրայել Պետրոսյանը հայ առակագրության ավանդույթների շարունակողն է։ Իսկ եթե նույնիսկ դա չի էլ զգացվել այն ժամանակ, այսօր, անկասկած, ընկալման խթանն այդ է։ Թեկուզ՝ որպես արձանագրում իրողության, որ, այո, մեզանում ապրել և ստեղծագործել է նաև առակախոս Իսրայել Պետրոսյանը, ում համար, անշուշտ, հայ միջնադարյան առակը եղած պիտի լիներ ուղեցույց։ Քանի որ, ամեն ինչից զատ, Իսրայել Պետրոսյանը մտածել և գրել է հայերեն, նրա գործն էլ հայ առակագրության մասն է։ Լավ, թե վատ՝ այլ հարց է։ Վազգեն Օվյանն, ընդ որում, հեղինակի մոտ երգիծաբանի լուրջ կոչում է տեսել։ Ես այդ գնահատականը չեմ կիսում։ Ինքն էլ, հավանաբար, վերապահումներ ունեցել է։ Հակառակ դեպքում չէր գրի, թե «լավ խմբագրելու դեպքում... գրքում տեղ չէին գտնի մի քանի թույլ գործեր»։

Այլոց մասին էլ քննադատ Օվյանը նույն դիտողությունն արել է, բայց ես դրանք վերապահ վերաբերմունք չեմ համարել։ Քանի որ խոսքը նրանց առաջին գրքերին է վերաբերվել։ Այս դեպքում, մինչդեռ, գրախոսն ընդգծել է, որ Իսրայել Պետրոսյանը վեց ժողովածուների հեղինակ է։ Այսինքն, թվում է, ակնարկել է, որ նա արդեն վրիպումներ չպետք է ունենա։ Մանավանդ, իմ ձեռքի տակ է նույն հեղինակի մասին Օվյանի՝ 1970 թ. սեպտեմբերի 3-ին տպագրված հոդվածը։ Այն վերնագրված է՝ «Իսրայել Պետրոսյանի և նրա առակների մասին»։ Այստեղ էլ նա մատնանշում է թերություններ, բայց և «սպասել է նոր հանդիպումների»։ Ըստ երևույթին, առակագիրը քննադատի դիտողությունները շտկելու ջանք չի թափել կամ, առհասարակ, հնարավորությունների բերումով չի կարողացել, ուստի Օվյանն ստիպված է եղել դրանց անդրադառնալ ևս մեկ անգամ։
Այս մասին, թերևս՝ այսքանը։

Վազգեն Օվյանի՝ իմ տրամադրության տակ գտնվող հոդվածների մի զգալի մասը գրվել է հոբելյանական առիթներով։ Դրանք լրագրության պարտադրանքով խիստ սահմանափակ ծավալի ակնարկ-դիմանկարներ են։ Ընդ որում, Օվյանը գրել է ինչպես հայ, այնպես էլ խորհրդային այլազգի գրողների մասին։ Եթե Սողոմոն Տարոնցու և Վախթանգ Անանյանի դիմանկարներն առանձնապես ուշադրություն չեն հրավիրում, ինչի համար, իհարկե, Օվյանին որևէ «կշտամբանք» չարժե ներկայացնել, քանի որ «նյութն» այն է, որ ներկայացված է, ապա նույնը չես ասի Վահան Թոթովենցի 90-ամյակի առթիվ նրա հեղինակած հոդվածին։ Երկու անգամ՝ և սկզբում, և վերջում Օվյանը շեշտադրել է «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը։ Դա, ըստ ամենայնի, ընթերցողին արված պարզ մի հուշում է, որ Թոթովենցի հիմնական գործը հենց ինքնակենսագրական վիպակն է։ Տպավորությունն այնպիսին է, որ գրական դիմանկարի հեղինակը հորդորում-խնդրում-խորհուրդ է տալիս, որ ընթերցողն անպայման գրադարաններում փնտրի, գտնի ու կարդա «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»-ն։

Ինքը՝ Օվյանը, միայն մի տեղ է ակնարկում, որ Թոթովենցն «ստիպված էր ձեռքն առնել պանդուխտի ցուպը»։ Այն տարիների արցախյան մամուլում Արևմտյան Հայաստանի ողբերգության, հայոց ցեղասպանության հարցերի ընդգծումն արգելքի տակ էր։ Օվյանը կարող էր միայն ակնարկել։ Ակնարկել է։ Կարող էր հուշել՝ հուշել է՝ «կարդացեք «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»՝ Վահան Թոթովենցի գլխավոր գործը»։ Ավելին ասելու հարկ, թերևս, չկար էլ։ Շեշտեմ նաև, որ այն տարիների դպրոցական դասագրքերում էլ Թոթովենցի մասին գրեթե ոչինչ չէր ասված։ Ուզում եմ նկատել տալ, որ նա «կանոնիկացված» հեղինակ չէր։ Եվ փաստը, որ նրա գրական դիմանկարը տեղ է գտել «Սովետական Ղարաբաղ»՝ Ադր. ԿԿ ԼՂԻ մարզկոմի պաշտոնաթերթում, ինքնին վկայությունն է հեղինակի և խմբագրի ազնիվ հայրենասիրության և, ինչու չէ, քաղաքացիական համարձակության։

Այլազգի հեղինակներից Վազգեն Օվյանն անդրադարձել է Գրիգոլ Աբաշիձեին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ և Չինգիզ Այթմատովին։ Աբաշիձեին նվիրված հոդվածին, թերևս, արժե կարևորություն տալ այնքանով, որ իրողություն է. վրաց բանաստեղծի հոբելյանին անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում։ Մինչդեռ Չինգիզ Այթմատովի մասին հենց այդպես էլ վերնագրված խոսքը ճանաչում գտած հեղինակին նրա գրական դիմանկարն արցախցիներին ներկայացնելու, այսպես ասեմ՝ ինչ-որ չափով, գուցե, «լուսովորչական» առաքելություն ունի։ Կարծում եմ, այն տարիներին, իսկ հոդվածը տպագրվել է 1975 թ. սեպտեմբերի 28-ին, Արցախում շատ քչերը պիտի ծանոթ լինեին Չինգիզ Այթմատովին։

Ինձ դա հուշում է Վազգեն Օվյանը, ով նախ հանգամանալի ներկայացնում է Այթմատովի գրական ճանապարհը. «Չինգիզ Այթմատովը եկավ առանց նախազգուշացնելու և գրական ասպարեզ իջավ արդեն որպես հասուն գրող։ Դրա փայլուն վկան «Ջամիլյա» հրաշալի վիպակն է, որը արժանացավ Լուի Արագոնի ուշադրությանը և մեծ գրողի կողմից թարգմանվեց ֆրանսերեն։ Կարճ ժամանակամիջոցում տաղանդավոր գրողը հռչակվեց իր «Մայրական դաշտ», «Առաջին ուսուցիչը», «Բարդի իմ, կարմիր գլխաշորով», «Ուղտի աչքը», «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակներով և մի շարք պատմվածքներով, որոնք 1962 թվականին արժանացան Լենինյան, իսկ 1963-ին՝ ՍՍՀՄ պետական մրցանակների»,- հանրագիտարանային տեղեկություններ է հաղորդել հոդվածագիրը՝ կարծես թե բացատրելով, թե ինչու է ծնվել Չինգիզ Այթմատովին ներկայացնելու գաղափարը։ Այնուհետև Օվյանը շատ մանրամասնորեն խոսել է թվարկված գործերի մասին՝ երբեմն ներկայացնելով դրանց համառոտ սյուժեն, անդրադառնալով կերպարների սոցիալ-հոգեբանական բնութագրմանը։ Եվ ի՞նչ եզրակացության է հանգել. «Ըստ Չ. Այթմատովի, չկան լրիվ իդեալական, ինչպես նաև՝ լրիվ բացասական մարդիկ։ Մարդը մարդ է իր թերություններով և մարդկային թուլություններով հանդերձ... Տաղանդավոր հեղինակը մի առիթով ասել է. «...բոլորս ցանկանում ենք, որ գրականությունը օգնի մարդուն գիտակցելու իրեն իբրև գեղեցիկ էակ երկրի վրա»։ Ահա դրա համար էլ Չ. Այթմատովի ստեղծագործությունները հարազատ են բոլորին»։

Պատահակա՞ն է, արդյոք, որ Այթմատովի դիտարկումներից հենց մեջբերված միտքն է գրավել Վազգեն Օվյանի ուշադրությունը։ Չեմ կարծում։ «Մարդը մարդ է»՝ այս ձևակերպումը մտորելու տեղիք է տալիս։ Գրված է 1975-ին, երբ պաշտոնապես «գրականության գործը կուսակցության գործ» էր համարվում, երբ խորհրդային գրականությունը մեկ անգամ ևս ենթարկվում էր «ջարդարարության»։ Դեռ չէին լռել Պաստեռնակի հասցեին հնչեցված մեղադրանքները, Սոլժենիցինը վտարանդված կամ արգելված էր։ Հայ իրականությունը չէր հասցրել թոթափել Պարույր Սևակի ողբերգական մահվան ծանրությունը։ Մթնոլորտն ամպրոպային էր Լեռնային Ղարաբաղում։ Նույն տարվա, երբ տպագրվել է Օվյանի հոդվածն Այթմատովի մասին, մարտին տեղի էր ունեցել կոմկուսի մարզկոմի պլենում, որն ամբողջությամբ նվիրված էր «ինտերնացիոնալիզմի» հարցերին։

Ես այս հանգամանքի վրա հատկապես եմ հրավիրում ապագա ուսումնասիրողի, որ, հավատացած եմ, գալու է, ուշադրությունը։ Վերջերս Վազգեն Օվյանին վերագրվեց «կևորկովյան դարաշրջանի գլխավոր գաղափարախոսի դերակատարություն»։ Նրա ոչ գեղարվեստական, ոչ էլ գրական-քննադատական գործն, այնինչ, դա չի հաստատում։ Ավելին, հերքում է։ Եվ հերթական վկայությունը «Չինգիզ Այթմատով» հոդվածն է՝ վերոբերյալ եզրահանգմամբ հանդերձ։ Որևէ խոսք այդ դիմանկարը «պրոլետարական ինտերնացիոնալիզմի, բազմազգ խորհրդային գրականության մասին» չունի։ Ընդհակառակը, Վազգեն Օվյանն ընդգծել է Այթմատովի գրական հավատամքը, թե գրողը կոչված է օգնել, որ մարդն իրեն ամենակատարյալ էակը գիտակցի երկրի վրա։

Այս դիտարկումն անում եմ՝ նկատի ունենալով, որ ընթերցողը, հատկապես՝ գրող-ընթերցողը, որ մեծամասամբ ուսումնասիրող է, ուրիշի գործում, խոսքում, դիտարկումներում կարևորում է հատկապես այն, ինչ իրեն հոգեհարազատ է, իր ընկալումներին և պատկերացումներին համահունչ։ Հակառակը ոչ միայն անտրամաբանական, այլև ակադեմիական գրականագիտությունից մերժված է։ Մասնավոր օրինակ ասեմ։ Բոլորին է հայտնի, որ Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծության թումանյանական թարգմանությունը թարգմանական արվեստի կատարելություններից է։ Վստահաբար կարող եմ ասել, որ հայ իրականության մեջ երկրորդ նման հարազատություն դժվար թե մատնանշվի։ Պուշկինյան ծավալուն պոեզիայից, ահա, Թումանյանն ինչո՞ւ հատկապես այդ մեկն է հայկականացրել։ Որովհետև դրանով ապրել է։ Ահա, նմանապես, Այթմատով գրողից Վազգեն Օվյանն ինչո՞ւ գրականության վերգաղափարայնության, մարդկայնության, մարդուն մարդ դարձնելու առաքելության մասին նկատառումն է տեսել կարևոր, ընտրել և մեջբերել։ Դա անկասկած վկայությունն է նրա՝ այդ օրերի մտորումների, որոնք, գուցե, հեղինակին հուշել են նոր ստեղծագործական լիցք։ Իսկ ինչո՞ւ հատկապես՝ այն ժամանակ, երբ պետականորեն, թերևս՝ նաև «հանրայնորեն» այլ բան էր պահանջված՝ որ գրականությունը, գոնե այստեղ՝ Արցախում, ոչ, Լեռնային Ղարաբաղում ասեմ, որպեսզի միջավայրի ընկալումն ավելի համարժեք հուշվի, պետք է ծառայի կուսակցության գործին՝ մեկին փառաբանի,- հասկանալի է՝ «Ժողովուրդների բարեկամության ջատագովին», մյուսին, որ «սեպ է խրում՝ մերկացնի, ցույց տա նրա հակա դեմքն ու անարգանքի սյունին գամի»։

Մեր հեղինակն, այնինչ, Այթմատովի մասին խոսքի միջնորդավորմամբ, ցուցում է, որ «չկա իդեալական մարդ, ինչպես որ չկա կատարյալ բացասական տիպ, մարդը մարդ է՝ իր թերություններով և մարդկային թուլություններով հանդերձ»,- մեջբերեցի հիշողությամբ։ Խորհրդային «գերմարդու» պաշտոնական պանծացում, և՝ «չկա իդեալական մա՞րդ»։ Ինչ-որ «ժամանակավրեպ մի բա՞ն չէ» Օվյանի մտահանգումը։ Ընդդիմության անթաքույց դրսևորո՞ւմ։ Մարտահրավե՞ր։ Թերևս՝ սեփական ընկալումների վերագնահատո՞ւմ։ Գուցե՝ այդ բոլորը միասի՞ն,- սա ապագա ավելի քննական հայացքի կարող է պարզվել։ Ես արձանագրում եմ փաստը. 1975 թվականի՝ ամեն ինչով ծանր, ոչ գրական տարում Վազգեն Օվյանը շեշտադրել է գեղարվեստական խոսքի «ապաքաղաքականացման առաջնահերթությունը»։ Եվ այդ մասին բարձրաձայնել է։ Այն ևս՝ հրապարակավ, տպագիր խոսքով՝ կուսմարզկոմի պաշտոնաթերթում։

Այսօր, խոսքի և մամուլի ազատության՝ սահմանադրությամբ երաշխավորվածության և գրաքննության իսպառ բացակայության մեր ժամանակներում անգամ քչերը կհամարձակվեն, ավելի ստույգ՝ ոչ ոք չի համարձակվում ասել, որ այն, ինչ «հայրենասիրական գրականություն» է կոչվում, պարզապես, Տերյանի բառն եմ օգտագործելու, «մի սուռոգատ» է։ Եվ դեռ կան, մեր կողքին «ապրում և ստեղծագործում են գրողներ», որոնք «Արցախ» կամ «Արցախ աշխարհ» գրելիս «հորթի» հրճվանք են ապրում, իբր՝ «տեսնո՞ւմ եք, թե որքան քաջ և հայրենասեր ու նվիրյալ ենք»։ Մեզնից շուրջ ՔԱ-ՌԱ-ՍՈՒՆ տարի առաջ, մինչդեռ, ԼՂԻՄ՝ «անինքնավար» ինքնավարության գրեթե գավառային կենտրոն Ստեփանակերտում մարդը՝ Վազգեն Օվյան գրողն ու քննադատը, ոչ միայն ծայրեիծայր կարդացած է եղել իր դարաշրջանի իրական քաջերից մեկի՝ Չինգիզ Այթմատովի գործը, այլև՝ հասկացած, որ իսկական, մեծ, համամարդկային ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ հենց դա է, որ կոչված է մարդկանց մեջ սերմանել հանդուրժողականություն, և ոչ՝ «դասակարգային պայքար» կամ «պրոլետարական ինտերնացիոնալիզմի» կեղծիք։ Մարդը մարդ է, այլ ոչ՝ «շահագործող և շահագործվող», «կոմունիզմ կառուցող և լոդր», «ինտերնացիոնալիստ և նացիոնալիստ»։

Մարդը մարդ է՝ «իր թուլություններով և մարդկային թերություններով»։ Գուցե թե՝ «նացիոնալիզմով» ևս, բայց հակառակ ծայրից, կարծես, «ինտերնացիոնալիզմն» էլ մի թերություն կամ թուլություն է։ Կարծես ուզեցել է ասել. «Ի՞նչ եք ուզում մեզնից, ահա գրող, որ ոչ ինտերնացիոնալիզմ է քարոզում, ոչ նացիոնալիզմ «մերկացնում», ոչ դասակարգային պայքարի պատկերներ ունի, ոչ՝ «կոմունիզմի կերտման», բայց իսկական գրականություն է գրում, այնքան, որ և Լենինյան, և ՍՍՀՄ պետական մրցանակների է արժանացել»։ Ես, համենայնդեպս, այսպես եմ հասկանում։ Եվ կարծում, որ չեմ սխալվում։ Լուրջ հետազոտողը կպարզի, որ 1970-ական թվականների երկրորդ կեսից սկսած՝ Վազգեն Օվյանի գրական-հանրային ընկալումներում տեղի է ունեցել սկզբունքային բեկում, թերևս՝ «կտրուկ» շրջադարձ։ Բառը չակերտների մեջ առա, քանի որ այս պահին ավելի հարմար ձևակերպում դժվարացա գտնել։ Ըստ երևույթին, Այթմատովի գրական դիմանկարի դրդապատճառ են եղել մեր հեղինակին պաշարած ծանր խոկումները՝ «արդյոք չի վրիպե՞լ, չի՞ գերագնահատել կյանքում սոցիալ-պատմական տեղաշարժերի նշանակությունը, հայրենիքի պատկերն ա՞յն է միայն, ինչ գրվում է, թե՞ ունի այլ շերտեր ևս՝ ներկայանալու»։

Չեմ ուզում խորանալ։ Դա պահանջում է կատարյալ նվիրում և մեծ ջանք։ Ես ընդամենը հասցնում եմ նշագրել գրողի «հոգու էվոլյուցիայի» այն դրսևորումը, որ տվյալ պահին ինձ ընկալելի է Այթմատովի գրական գործին նրա տված գնահատականի ենթատեքստում։ Մնացածը թողնում եմ մասնագետին՝ նկատել տալով միայն, որ հենց այդ ժամանակ է Վազգեն Օվյանը «դեմքով շրջվել» դեպի պատմական անցյալն ու գրել «Եվ Պըլը-Պուղին մի առակ» պատմեց «սիմվոլիստական» դրաման ու «Արցախի արծիվը» պատմավեպը։ Ի դեպ, միակը, որ այստեղ գրվել է։

Ի՞նչ ենք տեսնում։ 1984 թ. նոյեմբերի 22-ին «Սովետական Ղարաբաղ»-ում տպագրվել է Վազգեն Օվյանի «Հայ նոր գրականության հիմնադիրը» հոդվածը։ Հասկանալի է, Խաչատուր Աբովյանի մասին՝ նրա ծննդյան 175-ամյակի առթիվ, որ սկսել է շատ խորհրդանշորեն. «1948 թվականի ապրիլի 2-ին, երբ նոր էր վարդագունել Արարատի ճերմակ կատարը, Խաչատուր Աբովյանը դուրս եկավ երևանյան իր տնից և այլևս չվերադարձավ։ Մեծ գրողի անհայտացման շուրջ հյուսվեցին բազմաթիվ հավաստի և ոչ հավաստի զրույցներ, սակայն բոլոր դեպքերում պարզ էր մի բան՝ Աբովյանը զոհ է գնացել խավարամոլ ուժերին։ Դա տվյալ ժամանակաշրջանի համար այնքան էլ նորություն չէր, Գրիբոյեդովը զոհվեց Պարսկաստանում, Պուշկինն ու Լերմոնտովը ընկան մենամարտում, Բելիսնկին միշտ գտնվում էր ցարի պնակալեզների հսկողության տակ»։

Փաստերը հավաստի են, բնութագրումները՝ շեշտակի։ Բայց ինչո՞ւ է «օրինաչափությունը խախտել» և սկսել ոչ թե Աբովյանի մանկությունից, այլ՝ նրա անհայտացման նկարագրումից։ «Ստանդարտը» պահանջում էր տալ պարսկական տիրապետության պատկերը, հետո Աբովյանին «բերել» Էջմիածին՝ «խավարամոլ կղերականության» միջավայր, ապա «տանել» Դորպատ՝ համալսարանական կրթության, հետո... Մի խոսքով՝ այնպես, ինչպես դասագրքերում էր գրված, ինչպես «ուսուցանում էին» բուհերում։ Օվյանն, այնինչ, «վախ իմ սկիզբն իմ վախճանը եղավ»՝ դուրյանական բնութագրումն է Աբովյանին հարազատ տեսել։ Շատ խորհրդանշական է այս սկիզբը, չափազանց շատ։ Մանավանդ՝ «որ Բելիսնկին միշտ գտնվում էր ցարի պնակալեզների հսկողության տակ»։ Հատկապես, որ Աբովյան գրողի, մանկավարժի, լուսավորչի, մտածողի ֆենոմենը դիտված է Գրիբոյեդով-Պուշկին-Բելինսկի շարքում։

Հետագա ընդգծումները գալիս են, որպեսզի խտացված մուտքի խոսքը հիմնավորեն։ «Խաչատուր Աբովյանի ամենամեծ խիզախությունը եղավ «Վերք Հայաստանին», դա հզոր մի պոռթկում էր, զարմանալի մի հրաբուխ, որը իր խառնարանից, թվում է, նետում է հրե ցասում և բողոք... մի դյուցազներգություն (վերջին բնութագրումն այլ պարբերությունից եմ մեջբերել - Վ. Ա.)... Խաչատուր Աբովյանի հերոսը՝ Աղասին, իր ժողովրդի զավակն է և նրա պոռթկումը, ըմբոստությունը պարսկական տիրապետության դեմ, տրամաբանական է՝ դա ազգային ազատագրական պայքար է, (ընդգծումն իմն է - Վ. Ա.) գոտեմարտ հանուն ազատության»։ Պարզապես քննական հայացք է աղերսում ընդգծված ձևակերպումը, որ զուտ հեղինակային է։ Հակառակ դեպքում ի՞նչ մի կարիք պիտի զգար՝ ընթերցողի ուշադրությունն ասելիքի վրա «տրամաբանական է» շեշտադրությամբ «Վերք Հայաստանի»-ում ազգային ազատագրական պայքարի դյուցազներգություն նկատելու վրա սևեռելու համար։ Ու նաև. «Խաչատուր Աբովյանը, ընդունելով ռուսական օրիենտացիան, օրհնելով այն «սհաթը», որ ռուսը ոտք է դրել հայկական հողի վրա, այնուամենայնիվ, պատմական խորաթափանցությամբ է նայում քաղաքական անցքերին (ընդգծումն իմն է - Վ. Ա.)»։

Փորձենք մի հարթության բերել այս և «Վերքում» ազգային ազատագրական պայքարի դյուզազներգություն հասկացած և նշած լինելու մասին վերն արված նկատառումը։ Խոսքի իմաստն, առհասարակ, լիովին ընկալվում է կոնտեքստի ընդհանրության մեջ։ Այս իմաստով «քաղաքական անցքերին պատմական խորաթափանցությամբ նայող» Աբովյա՞նն է, որ դյուցազներգել է ազգային ազատագրական պայքարը, թե՞ դյուցազներգող Աբովյանն է «խորաթափանցությամբ նայում քաղաքական անցքերին»։ Ի՞նչ է ակնարկել, առհասարակ, Վազգեն Օվյանը «քաղաքական անցքեր» ասելիս։ Խոսքի թեականությունը պարտադրում է մտածել, որ նա մի քայլ առաջ է անցել «ռուսական օրիենտացիայի» հարցում։ Տեսականորեն և, անշուշտ, գործնականում ոչ մի ժողովուրդ ազգային ազատագրական պայքար չի մղում, որպեսզի մի «օրիենտացիայից» անցնի մյուսին։ «Քաղաքական անցքերը», մինչդեռ հենց այդ էին՝ հայոց հողն ազատագրվել էր պարսկական տիրապետությունից և անցել ռուսական վերահսկողության տակ։ Օվյանն ասել է, որ Աբովյանը դրանց «նայում է պատմական խորաթափանցությամբ», թեև «ընդունել է ռուսական օրիենտացիա, օրհնել այն «սհաթը», որ ռուսը ոտք է դրել հայկական հողի վրա»։ Հետևո՞ւմ է դրանից, որ Օվյանն Աբովյանի գործում՝ «Վերք Հայաստանի»-ում ինչ-որ «երկրորդ շերտ» կամ «ենթատեքստ» է տեսել։

Հարցադրումն ամենևին էլ վրիպանք չէ։ Այդ տարիներին աբովյանագիտությունը շրջանառության էր դրել վարկած, համաձայն որի «ցարական իշխանությունները գրողին դատապարտել են աքսորի, որտեղ էլ նա կնքել է մահկանացուն»։ Հիմնավորումն այն էր, որ կայսրությունը, խիստ զգուշացած լինելով եվրոպական հակամիապետական շարժումներից, «անհուսալի անձանց» ուղղակի մեկուսացրել է։ Նկատել էր տրվում, որ Աբովյանը, կրթությունն ստացած լինելով ցարական ինքնակալության լծի տակ ճնշված Էստոնիայում, փաստացի՝ եվրոպական երկրում, տոգորված է եղել համաեվրոպական ազատամտությամբ և այդ պատճառով էլ իշխանությունների հետ լուրջ հակասություններ ունեցել և Թիֆլիսում, և Երևանում պաշտոնավարելիս։ Աբովյանին, հարկավ, դժվար է վերագրել «հակացարական խռովության» կամ «Ռուսաստանում դեմոկրատական հեղափոխության կազմակերպչի» առաքելություն։ Բայց նա, ըստ երևույթին, այլախոհ էր։ Եվ, ամենայն հավանականությամբ, դա բխում էր իր հայրենիքի բախտի ընկալումից։

Օվյանն, անշուշտ, քաջածանոթ է եղել Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմին և Բակունցի «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպից տպագրված հատվածներին։ Երկրորդում ոչ այնքան սրությամբ, բայց Չարենցի պոեմում գրեթե ուղղակի արծարծված է «հիասթափվածության» խնդիրը, մի իրողություն, որ նկատել է նաև գրականագիտությունը, սակայն ժամանակի պայմանների պարտադրանքով չի խորացել։ Ընդամենը Չարենցին վերագրել է «ազգային նիհիլիզմ», «անանցյալ անցյալի տեսաբանում» և հարցը փակված համարել։ Օվյանի դիտարկումները, սակայն, վկայում են, որ Աբովյանի, հատկապես՝ «Վերքի» մասին խոսելիս նա հոգեբանորեն գտնվել է ոչ արձանագրումների, այլ՝ հարցադրումների դաշտում։

Առհասարակ, «Վերքի» հանգամանքը նույնպես կարոտ է վերագնահատման։ Գրեթե բոլոր ժամանակակիցներն ու հաջորդները վկայում են, որ այդ վեպը ցարական իրականության մեջ գրեթե արգելված էր։ Այն հաճախ ընթերցվում էր գաղտնի։ Ու, եթե չեմ սխալվում, այն մեկ անգամ՝ միայն հեղինակի մահից տասը տարի անց է տպագրվել՝ ողջ նախախորհրդային շրջանում։ Ի՞նչն էր պատճառը, որ ցարական իշխանությունները «Վերք»-ի վրա արգելք էին դրել։ Եթե դա հայ ժողովրդի ռուսական «օրիենտացիա» ընդունելու փառաբանումն էր, ինչպես մեզ էին «ուսուցանում», ապա, ընդհակառակը, իշխանություններն իրենք պիտի շահագրգիռ լինեին, որպեսզի հայ երիտասարդությունը կարդար և ոգեշնչվեր։ Եվ եթե, այնուամենայնիվ, «Վերք»-ը հիմնականում «հեղափոխական» գիրք է համարվել, ապա չի՞ նշամակում, որ ցարական գրաքննությունն ավելի լավ և դիպուկ է ընկալել ազգային ազատագրական պայքարի դյուցազներգության բուն իմաստը, քան՝ մենք՝ խորհրդային ժամանակների իրոք թերուսներս։

Զուտ արդեն վարկածաբար ենթադրում եմ, որ «Հայ գրականության հիմնադիրը» հոդվածը գրելիս Օվյանը զուգահեռաբար աշխատելիս է եղել «Արցախի արծիվը»՝ իր կյանքի գործի վրա, որի պատմական ժամանակը նույնն է, ինչ որ՝ «Վերք»-ինը՝ պարսկական տիրապետություն, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքար, ռուսական զենքի հաղթանակների ծավալում դեպի Այսրկովկաս և այլն։ Կարծում եմ, որ «քաղաքական անցքերի» նկատմամբ «պատմական խորաթափանցություն» ասվածը նա ինչ-որ տեղ իրեն էլ անհրաժեշտ է տեսել։ Քավ լիցի, չեմ համեմատում։ Այսպես, թե այլ կերպ, իրողությունն այն է, որ «Վերք Հայաստանի» պատմավեպի գաղափարական շերտի գնահատման հարցում Վազգեն Օվյանն իր ապրած դարաշրջանի պարտադիր կաղապարները հաղթահարել և մեզ բավական խորհրդանշական հուշում արել է։ Իսկ դա նրա դիտողունակության, խնդրի «միջուկը» տեսնելու ջանքի և կարողության ու, հատկապես, քաղաքացիական այլախոհության ստույգ, առարկություն չվերցնող վկայությունն է։

Վազգեն Օվյանն, ըստ երևույթին, մտասևեռված է եղել «ցարական իշխանություն-ռուս դեմոկրատիա-ռուսական պայծառ գրականություն» խնդրի վրա, փորձել է այն դիտարկել հայ ժողովրդի պատմական ընտրության առնչակցությամբ։ Թերևս դրանով բացատրվի, որ նա 1986 թ. հուլիսի 26-ին տպագրել է «Կովկասի որդեգիրը» հոդվածը՝ նվիրելով ռուս բանաստեղծ Լերմոնտովի մահվան 145-ամյակին։ Գնահատականներն ու եզրահանգումներն այստեղ «ստանդարտին» մոտ են։ Բայց խիստ, շատ ընդգծված խորհրդանշական է սկզիբը. «Երբ Դանտեսը մենամարտում սպանեց Պուշկինին, Մարտինովն արդեն նշան էր բռնել Լերմոնտովին։ Մեծն Բայրոնը, հալածված լորդերից՝ մեռավ հեռավոր Աթենքում, ոսոխները վառված կրահոր նետեցին հունգար մեծ բանաստեղծ Շանդոր Պետեֆիին...»։

Ինչո՞ւ է այսպես սկսել։ Հանուն գեղեցիկ խոսքի՞։ Չեմ կարծում։ Քանի որ հետագա շարադրանքը նախաբանի հետ որոշակիորեն եթե առնչվում է, ապա միայն՝ որ ավելի շատ պատմում է Լերմոնտովի կարճատև կյանքը, քան թե բնութագրում նրա ստեղծագործությունը։ Մի բան, որ Օվյանն, անկասկած, կարող էր անել ավելի խորությամբ, բայց գերադասել է հատկապես շեշտադրել բանաստեղծի գործի և իշխանության վերաբերմունքի ողբերգական խզումը։ Ինձ այսպիսի մտահանգման է մղում Օվյանի շեշտադրումը Պուշկինի սպանության փաստի լերմոնտովյան ընկալման վրա.

Ընկավ պոետը - պատվի ջատագով,
Ամբաստանության զոհն անմեղսապարտ.
Խոցված կուրծքը լի վրեժի տենչով

Ու խոնարհելով գլուխը հպարտ,- մի մատնանշում, որ լիովին բացասում էր Պուշկինի մահվան «կենցաղայնության»՝ իշխանությունների մատուցած վարկածը, և աղաղակումն է առ իրականություն՝ որ բանաստեղծը դարձել է քաղաքական խարդավանքի զոհ։

Ինձ զարմացնում է գրեթե նույնականությունը՝ Աբովյանի և Լերմոնտովի մասին հոդվածների մուտք-նախաբանում, որ վստահաբար բուն ասելիքի «գաղտնաբառն» է։ Եվ այստեղ ինչ-որ «ֆատալիզմ»՝ ճակատագրապաշտություն չտեսնելը, կարծես, մեղանչում պիտի դիտվի։ Հարցն այնպես չպետք է հասկացվի, թե Վազգեն Օվյանն Աբովյանի կամ, առավել ևս, Լերմոնտովի հետ իրեն նույն շարքում է տեսել։ Թեև, իսկն ասած, ստեղծագործող ամեն անհատականություն յուրովի և «Աբովյան է», և «Պուշկին» կամ «Լերմոնտով»։ Այլապես ինչո՞ւ է գրիչ վերցնում։ Խոսքն, իհարկե, գրչակներին չի վերաբերում։ Նրանք զուրկ են «Պուշկին» ինքնագիտակցվելու տառապանքից։ Նրանցը «մեծարումների հաճույքն է»։

Ես հարցն այլ կերպ եմ դնում՝ ոչ ճակատային։ Ինձ հուզում է, թե Օվյանն ինչո՞ւ է այդքան ակնհայտի ընդգծել իսկական - ճշմարիտ գրականության և գրողի, մանավանդ, դիսիդենտականության հանգամանքը։ Դա արձագանք չէ՞ իր ժամանակի իրողությանը, երբ գրականությունը «կուսակցական գործ» էր դիտվում, և ոմանք ամենամեծ հաճույքով տրվում էին «գնահատված գաղափարախոս» լինելու՝ իրենց վերապահված «մեծ» դերակատարությանը։ Թեև սա էլ հակառակ կողմն ունի. բացառված չէ, որ այդ կերպ նրանք էլ ճգնել են գոնե մի փոքր «մարդկայնացնել» իշխանություններին։ Բայց սա շատ սայթաքուն ըմբռնում է։ Իրականությունն ու ժամանակի մասին վկայումները, մինչդեռ, հուշում են բոլորովին այլ մթնոլորտ ու բարքեր։ Եվ այս իրավիճակում «ոչ նոմենկլատուրային» գրող՝ Օվյանն իրավասու էր իրեն անգամ «Պետեֆի» տեսնել։ Եվ այդ ժամանակի նրա խոկումներին պատշաճ է գալիս Տերյանի մարգարեական բանաձևումը.

Դու նահատակ պիտի լինես...,- որ, ականատեսն է վկայել, բանտախցում անընդմեջ արտասանել է պայծառագույն Ակսել Բակունցը։ Ի՞նչ տարբերություն՝ բանտո՞ւմ է գրողը, թե՞ «մեծ բանտում»։ Բակունցը կալանավորված էր, Օվյանն՝ «ազատ կալանավոր»։ Լերմոնտովի «Պոետի մահը» գոնե արտասանվում էր, Օվյանի «Այս Ղարաբաղն է»-ն, մինչդեռ, գրվել, «ննջում էր» հեղինակի գզրոցում։ Երրորդեմ՝ խոսքն առհասարակ երևույթ է նշում, հոգեվիճակի ընդհանրություն։ Փակի տա՞կ էր Աբովյանի «Վերք»-ը։ Գրողի կենդանության օրոք, համենայնդեպս, այն չի տպագրվել։ Բայց չէ՞ որ «փոշեխեղդ էր լինում» նաև Վազգեն Օվյանի «Արցախի արծիվը»՝ մեր՝ ղարաբաղյան իրականության առաջին և առայժմ միակ պատմավեպը։ Եվ, զարմանալի բան, «Արցախի արծիվը» տպագրվեց հեղինակի մահից դարձյալ գրեթե 10 տարի անց՝ ինչպես որ Աբովյանի խորհրդավոր «անհայտացումից» մեկ տասնամյակ անց լույս տեսավ «Վերք»-ը։

Գրողն օժտված է մի «վեցերորդ» զգայարանով։ Այս դեպքում, կարծում եմ, Վազգեն Օվյանը ստույգ կանխազգացել է իր «երկրորդ կյանքը», իր գործի՝ հետմահու գալիք արժեքավորումը։ Եվ, իսկն ասած, չի սխալվել։ Ես չեմ առաջինը, որ ասում եմ. փաստն ինձնից առաջ, եթե չեմ սխալվում, Գեղամ Բաղդասարյանի դիպուկ հայացքով է արձանագրված, որ ետութսունութթվականյան մեր ժամանակներում Վազգեն Օվյանն արցախցի եզակի գրողն է, ով ընթերցողիս նաև անտիպ-արգելված գործերով է ներկայացել։ Լերմոնտովի մասին հոդվածը նա գրել է մահվանից առավելագույնը կես տարի առաջ։ Դա կարծես «հրաժեշտի» խոսք է։ Ինձ հատկապես «ինքնաբնութագրում» է հասկացվում հոդվածի ավարտը. «Նա ընդամենը 27 տարեկան էր, ի՞նչ երազներ ուներ, ինչպիսի՞ մտահղացումներ»։ Եվ՝ վերջին վրձնահարվածը՝ Չերնիշևսկուց մեջբերմամբ. «Լերմոնտովը արվեստի, լուսավորության և մարդասիրության ասպարեզում մեր ժողովրդի ապագա հաղթանակների գրավականն է»։

Ամենայն վստահությամբ կարող եմ ընդհանրացնել. նաև Վազգեն Օվյանն էր մեր ժողովրդի հաղթանակների գրավականը՝ իր և՛ գործով, և՛ ուրիշների գործի բացառիկ ինքնատիպ բնութագրումներով և՛, առանձնապես, դեռ այսօր էլ խորհուրդ ունեցող ՀՈՒՇՈՒՄՆԵՐՈՎ։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ