Որ ճանապարհին ինձ չկորցնեմ,
Տու՛ր իմ մտքերին այնքան խորություն,
Արդարությունս արդարացնեմ։
Վազգեն Օվյան
Ողջույն, սիրելի՛ ընկերներ։ Մեր վերջին հանդիպումը իմ էջում եղել է հուլիսի ութին։ Ասեմ, որ պասիվությունս հարգելի էր և գուցե անորոշ ժամանակով շարունակվեր, եթե մի առիթ չստիպեր ինձ՝ կրկին ներկայանալու ձեզ։ Ի դեպ, մշակութային կյանքն ինձ մշտապես հետաքրքրել է, և ես համացանցի տարբեր աղբյուրներով բացակայությանս օրերին ժամանակ եմ գտել հաղորդակից դառնալու այդ ոլորտի հին ու նոր կարևոր իրադարձություններին։ Եվ ահա պատահաբար հանդիպեցի Արցախի տաղանդավոր գրող, եգիծաբան, հրապարակախոս Վազգեն Օվյանի ստեղծագործություններին։
Այնքան արդիական էին հնչում դրանք, որ ասես գրողը հենց նոր էր հեռացել գրասեղանից։ Հետաքրքրությունս ավելի մեծացավ, երբ ծանոթացա նրա անցած գրական ճանապարհին։ Եվ որքան շատ բան իմացա այդ մասին, այնքան ինձ մեղավոր զգացի։ Ասեմ՝ ինչու։ Ակամա զուգահեռ անցկացրի նրա ապրած ժամանակաշրջանի և ներկայիս գրական կյանքի միջև։ Այսօր բնավ էլ հերոսություն չէ, և ոչ մեկին չես զարմացնի քո բացախոսությամբ։ Բայց զարմանալու բան կա, այնուամենայնիվ, չափազանց հեշտ է մեր օրերում «համարձակ գրող դառնալը», մանավանդ ՖԲ-ի ստեղծագործողներիս համար ո՛չ գրաքննություն կա, ո՛չ քննադատ, ոչ էլ գոյատևելու խնդիր ես լուծում քո գրչով։ Գրի՛ր՝ ինչ ուզում ես և ինչքան ուզում ես։ Գրի՛ր, նույնիսկ երբ գրելու շնորհք չունես, միայն թե կարողացի՛ր հոգալ տպագրության հետ կապված ծախսերդ։ Գրի՛ր ու ինքդ քեզ ուրախացի՛ր, որ գրող ես...
Սարսափելի է, երբ զգում ես, որ ոմանց մոտ գրելը դարձել է ինքնանպատակ մի զբաղմունք, ասենք՝ արևածաղիկ չրթելու նման մի բան, երբ պարզապես աղբն է ավելանում, իսկ պատասխանատվությունը կորչում է գրողի ծոցը։ Հավատացե՛ք՝ այս պարագայում այնքան էլ կարևոր չէ՝ կարդացող ունե՞ս, թե՞ ոչ։ Չափազանց «տխուր» զավեշտ է, երբ զուգահեռներդ տանում են խորհրդային կարգերում ստեղծագործող մեր անվանի գրողներին, մասնավորապես նրանց, ովքեր ապրել ու ստեղծագործել են Լեռնային Ղարաբաղում։ Պատկերացնո՞ւմ եք։ Մի ծայրահեղությունից՝ մյուսը, մի ողբերգությունից՝ մյուսը։ Ու մտածում ես՝ այսքա՜ն էլ էժանանա՞լ կլինի. չէ՞ որ գրողն այն մարդն է, որին մի ժամանակ ակնածանքով, անգամ երկյուղածությամբ էին մոտենում։ Հիշեցի իմ տարեց ընկերներից մեկի պատմածը.«Գնում երկար կանգնում էինք գրողների միության դուռը, որպեսզի մի գրող դուրս գար, ու մեր աչքերով տեսնեինք նրան»։
Այո՛, ես մեղավոր եմ զգում ինձ։ Միակ արդարացումս այն է, որ գրելու պահանջն զգացել եմ՝ անկախ իմ կամքից, ու չեմ կարողացել չգրել։ Բայց գրելու պահանջն ուրիշ է, որպես գրող ներակայանալը՝ ուրիշ։ Ինչևէ։ Այս ֆոնի վրա առավել վեհանում է Վազգեն Օվյան գրողի և ԽԻԶԱԽ ՄԱՐԴՈՒ կերպարը։ Կներեք, որ մի փոքր հեռացա բուն ասելիքիցս։
Ո՞վ է Վազգեն Օվյանը։ Ավելի լավ է՝ խոսքը տանք նրան. «Երևի հարևանները ճիշտ էին զարմացել. մա՞րդն էլ էդքան «աչքածակ» լինի։ «Ախր ո՞նց կլինի՝ բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, լրագրող, դրամատուրգ, քննադատ, ֆելիետոնիստ... Ի՞նչ իրավունքով է Վազգեն Օվյանը զավթել գրականության բոլոր ժանրերը։ Գրականությունը նրա հոր սեփականությո՞ւնն է, թե՞ պապի կալվածքը»։ Ես ընդունեցի նրանց արդարացի բողոքներն ու սկսեցի գրել նաև կինոսցենարներ ու լիբրետոներ՝ օպերայի ու բալետի համար»։ Այս պատառիկը նրա երգիծական ինքնակենսագրականից է։
Հիմա հանգիստ թողնեմ գրողին ու շարունակեմ ինքս։ Նպատակս ամենևին էլ Վազգեն Օվյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության համապարփակ բնութագիր տալը չէ։ Այդ համարձակությունը կունենամ գուցե, երբ խորապես ծանոթ կլինեմ նրա ստեղծագործական ողջ ժառանգությանն ու հենց իրեն՝ Վազգեն Օվյան բացառիկ երևույթին։ Այսօր պարզապես ուզում եմ մի քանի խոսքով ներկայացնել այն ժամանակաշրջանը և քաղաքական մթնոլորտը, որոնց պայմաններում ստեղծագործելն ու անգամ գոյատևելը, անտարակույս, հերոսության նման մի բան էին։
Մեր սերնդակիցներին դժվար չէ պատկերացնել, թե խորհրդային կարգերում ապրող գրողն ինչ համարձակություն պիտի ունենար, որ, մեղմ ասած, քննադատորեն (էլ չեմ ասում՝ սատիրայի լեզվով) խոսեր արատավոր երևույթների մասին, որոնք խորունկ արմատներ էին գցել բոլոր ոլորտների վերնախավի մեջ, երբ ազգայինի յուրաքանչյուր դրսևորում որակվում էր իբրև ազգայնամոլություն՝ հնարավոր բոլոր ծանր հետևանքներով, երբ ազգերի միջև տարածքային սահմաները հարաբերական էին, և բոլոր ազգերն իրար «բարեկամ» էին՝ անկախ ունեցած վիճելի խնդիրներից և պատմության թելադրած թշնամանքից։ Եթե սրան էլ գումարենք Լեռնային Ղարաբաղում ապրելու հանգամանքը, ապա առավել քան նկատելի կդառնա այն հեղձուկ մթնոլորտը, որ շատերին ստիպեց ճարահատ թողնել իրենց դրախտային երկիրն ու գոնե կրթության խնդիրը հոգալ հայրենիքից դուրս։
Հայ մշակութային կյանքը կաթվածահար էր եղել, գրեթե դադարել գործելուց, արվեստի ու գրականության յուրաքանչյուր փայլատակում խեղդվում էր խավարի ճիրաններում։ Ադրբեջանը քայլ առ քայլ ջանում էր ջնջել հայկականության հետքերը՝ հենց հայի հայրենիքում։ Ամեն ինչ կառուցված էր սին գաղափարախոսության հիմքի վրա, որը ծառայում էր ոչ թե ժողովրդի բարեկեցությանն ու կրթական մակարդակի բարձրացմանը, այլ սոսկ գաղափարական միակարծության արմատավորմանը։
Համաձայնեք, որ իսկապես հերոսություն էր Արցախում մնալն ու ստեղծագործելը։ Վազգեն Օվյանը, սակայն, ձուլված էր իր հող ու ջրին և խիզախորեն մարտի դաշտ էր նետվել՝ լույս վառելու խավարում։ Նա գրականություն էր ստեղծում՝ այս բառի բոլոր իմաստներով, և այն էլ այն մթնոլորտում, երբ գաղափարը նույնացված էր կաղապարի հետ, ու այդ կաղապարն այնքան նեղ էր, որ շնչելու հնարավորություն չէր տալիս։ Ամեն ինչ երևում էր ծուռ հայելու մեջ։ Պատմությունը խուլ ու կույր էր ձևանում, և հուդաներն աստված էին դառնում, կռապաշտները՝ Քրիստոս, ճառասանները՝ իմաստուն, և ուր սուտն ու կեղծիքն ուղեկցվում էին ուռաներով ու ծափողջույններով։ Վազգեն Օվյանը թշնամու դեմ շարունակական պայքարից հոգնած ու խավարին բռնադատված արցախցուն վերադարձրեց իր ակունքներին, նրան կապեց մայր հողին, ուր Նոյն առաջին անգամ խաղող էր տնկել։ Նա իսկապես «Լուսավորչի կանթեղ էր», ինչպես նկատում է Վահրամ Աթանեսյանը, որ վառվեց Արցախի լեռներում։ Նա ապացուցեց, որ արծիվը չի կարող հավ դառնալ, որի թռիչքի բարձրությունը սահմանափակվում է թառով։ Արծիվը լեռներում է ծնվել և իրեն ծնող լեռների պես խրոխտ է ու վեհապանծ։ Նա, կանգնել էր ազգային ակունքների մոտ, և Շեքսպիրի հերոսի նման համարձակորեն տալիս էր, «Լինել թե չլինել» հարցի պատասխանը։ Դա մեկն էր՝ ԼԻՆԵԼ։
Վազգեն Օվյանը հաստատեց նաև մեկ այլ ճշմարտություն. հողն ու հայրենիքը սոսկ նրա համար չեն, որ պարզապես փառաբանես ու երգեր հորինես նրա մասին։ Դրանք ինքնին երգ են ու բանաստեղծություն, որ ապրում են հոգու մեջ՝ ձուլված նրա հետ։ Դրանք որքան երկրային են, նույնքան՝ երկնային՝ հոգևոր, և արյան ու ավշի հետ փոխանցվել են սերնդեսերունդ, դարձել ապրելու նախապայման։ Արցախի ամեն մի պատառ հող կարող է հիշեցնել քեզ քո ինքնության, քո կենսագրության մասին։ Նա «կենաց հացի» հող է, և նրան դիպչելիս յուրաքանչյուր պահ կարող ես հեթանոս հայի գինու կարաս հայտնաբերել ու անցյալի փառքի նշխարներ։ Օվյանի մտապատկերում հայրենիքը ներկայանում է տարակերպ դրսևորումներով, զգացմունքների տարաբնույթ հորձանքներով՝ սեր, խանդաղատանք, կարոտ, հպարտություն, նաև՝ ցասում, կործանարար հրաբուխ, երբ փորձում են ոտնահարել նրա սրբություններն ու իրավունքները.
Այս Ղարաբաղն է՝
Հեթանոս ու հին.
Նոյի տապանից թռած աղավնին
Տեղ է որոնում իջնելու համար,
ԵՎ տեղն այդ եղավ կատարն այն լեռան,
Որ Գտիչ վանքը պիտի բարձրանար։
Նա խստորեն նախազգուշացնում է Ղարաբաղին աչք տնկած թշնամիներին.
Այս Ղարաբաղն է.
Եվ զգույշ մի քիչ՝ հրաբուխն հանգած
Կարող է հանկարծ
Քո ոտքերի տակ բորբոքվել նորից...
...Եվ մի քիչ կամաց. հողն ականջ ունի,
Ձայներ է բերում, ձայներ է տանում,
Մեր պապերն իրենց գերեզմաններից
Կարող են գոռալ՝
Այդ ի՞նչ եք անում...
Անգամ քաղաքական դաժան իրողությունները չեն սասանում գրողի հավատը՝ վաղվա օրվա հանդեպ։ Օվյանը գրիչը թաթախում է կյանքի մեջ և տալիս իրականության ճշմարիտ նկարագիրը։ Նրա քննադատությունը ուղղված չէ լոկ արատավոր երևույթների բացահայտմանը, այլ ունի հաճախ կոնկրետ հասցեատերեր, այսինքն՝ հասցեական է, և դժվար չէ կռահել, թե ում է ուղղված պարսավանքի սպանիչ նետը։ Եթե ընդհանրացնենք, ապա դրանք Արցախը դավաճանորեն Ադրբեջանին հանձնողներն են կամ թրքացեղ ազերիներն ու թրքաբարո յուրայինները։ Դարձյալ մեջ բերեմ Վահրամ Աթանեսյանին. «Տուժում է ինքը, բայց շահում է ժողովուրդը»...
Օվյանի գրիչն առանձնապես սպանիչ է, ֆելիետոններում, առակներում ու հեքիաթներում։ Ինձ ավելի շատ հետաքրքրեցին նրա առակները, որոնցից երկու տասնյակը համարձակվեցի ներկայացնել բանաստեղծական իմ մեկնաբանությամբ՝ նախապես ստանալով մեր շատ սիրելի Վարդգես Օվյանի՝ գրողի որդու թույլտվությունը։ Վաղվանից ես դրանք կներկայացնեմ ձեր դատին, սիրելի՛ ընկերներ։ Օվյանի գրիչը բոլոր ժամանակների համար է. կարող են հին հասցեատերերին փոխարինել նորերը՝ մանավանդ որ չի թուլացել դրանց արդիական հնչեղությունը։ Կարդացե՛ք ու նրանց մեջ ինքնե՛րդ ճանաչեք նաև մեր ժամանակի հերոսներին։
ՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՍՅԱՆ
Hasmik Varosyan - ԱՐՑԱԽԻ ԱՐԾԻՎԸ
Hasmik Varosyan - ԱՐՑԱԽԻ ԱՐԾԻՎԸ