07 February, 2018

Հեքիաթ փառամոլ էշի մասին


Ես այս հեքիաթն իմ պապից եմ լսել,
Իմ պապն՝ իր պապից, սա էլ՝ իր պապից,
Հեղինակն ո՞վ է, դժվար է ասել...
Բայց եկեք հիմա չշեղվենք ճամփից,
Այսպես սկսենք.
Ժուկով ժամանակ
Կար մի ավանակ,
Ուտում էր գարի,
Առանց պատճառի
Զռռում, խռնչում,
Առյուծի նման,
Բայց էշավարի
Մեկ-մեկ մռնչում:
Դե էշ էր, էլի, երբ տեղն էր գալիս,
Վազում՝ մոխրի մեջ թավալ էր տալիս,
Տնկում էր պոչը, ձայներ արձակում
Եվ ուրախանում...
Իր էշությունն էր մի խոսքով անում:

Պատահեց այնպես, որ առյուծ արքան*
Մի չար դիպվածով իր թախտից ընկավ,
Ավանդեց հոգին:
Գայլն ու աղվեսը, օգտվելով պահից,
Ճիշտ ժամանակին,
Առաջ քաշեցին մեր ավանակին
Ու նստեցրին արքայի գահին:
Դա չար կատա՞կ էր,
Թե՞ անմիտ դիպված,
Ախր այս բանը որտե՞ղ է լսված,
Որ հաստագլուխ մոխրաթավալին,
Այդ շաշ տավարին
Տանեն ու դնեն արքայի գահին,
Ասեն՝ գիտության օվկիանոս ու ծով,
Կբարեհաճե՞ք ելույթ ունենալ
Հեռուստացույցով,
Լավ սևացնել փլան-փստանին,
Հետո ընդունել այսինչ դեսպանին,
Քնքուշ սեռի հետ պարել մի քիչ վալս
Ու հրավիրել պրես-կոնֆերանս...

Ավանակին էլ այդ էր հարկավոր,
Իրեն հռչակեց մեծն թագավոր,
Թքեց դարմանի ու խոտի դեզին,
Աղվեսին կարգեց առաջին վեզիր,
Գայլին՝ փոխարքա,
Կատվին՝ զորապետ,
Դոդոշին՝ դպիր ու սենեկապետ,
Խլուրդին դրեց երկրորդ տեղակալ
Ու պորտֆել տվեց մինիստրական,
Եվ բժշկապետ առնետից սարքեց,
Ցեղակից ջորուն ծովակալ կարգեց,
Հետո արձակեց մի հրովարտակ.
- Իմ իշխանության, իմ դրոշի տակ
Թե այծ, թե ոչխար և թե բորենի՝
Որտեղ էլ լինեն, ով էլ որ լինի -
Թե վագր, թե փիղ, թե շուն և թե մուկ՝
Ունեն հավասար ձայն ու իրավունք:
Գոմեշն ու եզը պիտի աշխատեն,
Վար ու ցանքս անեն, ճանապարհ հարթեն,
Իսկ ուղտը և ձին բեռ տանեն-բերեն,
Իմ հրահանգով միշտ ղեկավարվեն,
Ապրեն բոլորն էլ խաղաղ ու անքեն,
Նորին էշությանն հարգեն ու պատվեն:

Եվ այնուհետև արքայից-արքան
Խորհուրդ գումարեց թագավորական -
Իբր վագրը՝ այդ նենգ սրիկան,
Հանցանք է գործել հակապետական,
Հովազը գող է աշխարհին ի տես,
Ծուռթաթ արջուկը՝ ծպտված լրտես,
Հապա գետաձի՜ն. նստել է գետում
Եվ տերության դեմ կոչեր է նետում
Ու դաշնակցում է կոկորդիլոսին,
Այդ նացիոնալիստ ստոր միմոսին:-
Այստեղ մեր էշը զռռաց արխային,
Մի նոր որոշում հանեց էշային.
- Մենք նրանով ենք աշխարհում արդար,
Որ չենք ընդունում ոչ մի գաղափար,
Մեր մեծ իդեալն է իմ կաղապարը,
Թող կորչի հավետ այն գաղափարը,
Որ իշխում է մեր ուղեղին, մտքին,
Եվ թուլացնում մեր անմահ ոգին...
Կորչե՛ մտքերի հին գեշությունը,
Կեցցե՛ն էշերը և էշությունը:

Եվ ավանակը էշությամբ իր բաց՝
Շատ հեռուն գնաց.
Նորին մեծություն իրեն հռչակեց,
Մեծ կոչումներ ու տիտղոսներ ճանկեց.
Դարձավ գիտնական՝
Ակադեմիկոս, փայլուն հռետոր,
Աշխարհում որքան
Շքանշաններ ու մեդալներ կան,
Հավաքեց, բերեց,
Իր կրծքին շարեց*
Եվ այսպես ճառեց.
- Ինչքան խոսք ունեմ՝ դարձնել հատորներ,
Արձանս տնկել
Քաղաքներում մեր:
Երբ ականջներս ես թափահարեմ,
Դուք պարտավոր եք ինձ ծափահարել,
Ձեզ համար թանկ է իմ խռնչյունը,
Պոչիս շարժումը և մռնչյունը,
Ես ձեր հավատն եմ, աստվածը փրկիչ,
Ձեր տիրակալը՝ Էշ Ավանակիչ...
- Ապրի մեր արքան,- գոչեցին խնդուն
Աղվեսը, գայլը, դոդոշն ու կատուն,-
Ձեզնով հաստատ ու շեն է մեր տունը,
Կեցցե՜ իմաստուն ձեր էշությունը:

Էշ Ավանակիչ.
Քաղաքական ու ռազմական գործիչ,
Գիտության տաճար,
Եզակի հանճար.
Լրագրերում ու հանդեսներում
Միշտ նրանից են ցիտատներ բերում.
Էշը ասել է. «Գարին լավ բան է,
Հնձելուց առաջ նախ պիտի ցանել»,
Կամ՝ ինչպես ասաց ավանակը մեր.
«Ամեն օր պիտի քնելուց առաջ
Առաջին հերթին շորերը հանել»:
Գոմեշ ու զեբր, սկյուռ ու կատու,
Նրա ճառերն են մի գլուխ կարդում,
Իսկ հնդկահավը նրա անունով
Փքվում է, ուռչում,
Նրա կոչով է մեր աքաղաղը
Ծուղրուղու կանչում...
Եվ ամեն տեղ էլ՝ Ավանակիչը,
Դարի մեծ խիղճը-
Նրա շողով է ծիլը բարձրանում,
Նրա ցողով է միրգը քաղցրանում,
Առուն գետ դառնում,
Գետը դառնում ծով,
Օրը բացվում է նրա զռռոցով:
Եվ ինքն էլ իրեն համեստ է պահում,
Ոչ մի կոչումից չի հրաժարվում՝
Ե՛վ դիպլոմատ է, և՛ հմուտ դեսպան,
Քաղաքագետ է, փորձված տեսաբան,
Արվեստաբան է, գիտության կաճառ,
Ակադեմիայի պատվավոր անդամ,
Խոհուն ղեկավար, գործիչ անթերի,
Դափնեկիր բազում մրցանակների*.
Նա է աշխարհը պահող վեհ սյունը,
Թող կեցցե՜ հավերժ մեր էշությունը:

Բայց էշը էշ է, գլխին թեկուզ թագ,
Նա իր էշային փառամոլությամբ
Այնքան զռզռաց ու զահլա տարավ,
Որ երկրի վրա պատուհաս դառավ...
Եվ այստեղ ահա գայլն ու աղվեսը
Միտք արին կրկին,
Գահից ցած բերին մեր ավանակին,
Ասացին՝ գնա,
Մոխրում թավալվիր,
Առատ գարի կեր, լենք տուր, ծավալվիր,
Հերիք է որքան քանդես մեր տունը,
Թող կորչի՛ էշը և էշությունը:

Բայց արի ու տես, որ էշից հետո
Շատ արքաներ են գահ նստել հերթով-
Իրենց նախորդից տգետ ու անգետ՝
Լոկ էշություն են նրանք ժառանգել...
Եվ ամեն անգամ պալատ մտնելիս
Անպայման մեկին քացի են տալիս,
Պոչերն են շարժում, զռռում, խռնչում,
Առյուծի նման, բայց էշավարի
Մեկ-մեկ մռնչում...
                                       1978 թ.

---------------------------------------------------
* - «Պատահեց այնպես, որ առյուծ արքան...» - Նկատի ունի խորհրդային ղեկավար Ի. Ստալինին:
* - «Հավաքեց, բերեց, իր կրծքին շարեց» - Ակնարկում է Լ. Բրեժնևի մեդալասիրությունը:
* - «Դափնեկիր բազում մրցանակների» - Ակնարկում է Լ. Բրեժնևի անհամեստությունն ու փառասիրությունը: