11 May, 2015

Որդու նամակը հորը։ Հոր Պատասխան նամակը


ՈՐԴՈՒ ՆԱՄԱԿԸ ՀՈՐԸ

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, ընդունիր որդիական քաղցր բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ որդիական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ և մայրիկին, ինչպես նաև ձեր բարին ցանկացող բոլոր հարևաններին։ Եվ նմանապես ուզում եմ իմ որդիական սուրբ պարտքը կատարել իմ ծնողների հանդեպ, որոնք սրտատրոփ սպասում են նամակիս և ուզում են իմանալ որպիսությունս:

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ և, չնայած վերջերս ազատվել եմ աշխատանքից, արդեն չորսուկես ամիս է, գրպանումս ոչ մի կոպեկ չկա, բայց հոգով ու սրտով առույգ եմ։ Կարևորը, իհարկե, փողը չէ, այլ այն, որ չեմ ընկճվում ոչ բարոյապես և ոչ էլ հոգեպես։ Մի քանի ամիս առաջ կինս՝ Ժորժետինան, ինձնից բաժանվեց, սակայն ես տղամարդու պես դիմացա հարվածին և այդ էլ այն դեպքում, երբ գրպանումս նույնիսկ ավտոբուսի փող չունեմ ու կոպեկին «քեռի» եմ ասում:

Բայց դե մարդ փողով չի մարդ, ի՞նչ անենք, թե հարևաններիս վեց հարյուր ռուբլի պարտք եմ և չեմ կարողանում վերադարձնել։ Ձեզ եմ հարցնում, ինչպե՞ս վերադարձնեմ, երբ ոչ մի տեղ չեմ աշխատում և չգիտեմ սրա վերջը ինչ կդառնա։
Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրիր տեսնեմ խոզը մորթել ծախել եք, կարտոֆիլն ու սոխը շուկայում ի՞նչ գին ունեն, կովը ծնե՞լ է և, ընդհանրապես, ինչպե՞ս է այս տարվա բերքը։

Անցած օրը խանութում մի լավ մուշտակ տեսա, ուզում էի գնել քեզ համար, բայց գրպանումս կոպեկ չկար։ Մայրիկի համար նույնպես բրդե հրաշալի շալ եմ գտել, եթե փող ունենայի, կգնեի անպայման:
Ստացա իմ թանկագին քույրիկ Սիրուշի նամակը և շատ ուրախացա, որ արդեն նշանվել է։ Այնպե՜ս եմ ուզում եղբայրական պարտքս կատարել, գոնե մի ոսկե ժամացույց գնել սիրելի քրոջս համար... Եթե գրպանումս ճանապարհածախսի փող լիներ, անպայման կներկայանայի հարսանքին։ Ուրեմն՝ թող քույրիկս իմանա, որ իր հարազատ եղբայրն իր գրպանում նույնիսկ ծխախոտի փող չունի, այդ իսկ պատճառով ծխելը թողել է։

Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ։
Քաղաքում եղանակները ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս, իսկ ես մի կարգին վերարկու չունեմ, որ հագնեմ։ Ճաշարանների ու ռեստորանների դռները փակ են իմ դիմաց, հանրակացարանի պարետն անընդհատ հիշեցնում է, որ չորս ամսվա վարձը չեմ մուծել, և ես ամոթից քիչ է մնում գետինը մտնեմ:
Եվ չնայած գրպանումս կոպեկ չկա, բայց ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, հոգով ու սրտով՝ ուրախ։

Որդիական բարևներով՝ մնամ ձեր որդի
Պատրիկ Պետրոսովիչ։

Հ.Գ.- Թանկագին հայրիկ Պետրոս Պողոսովիչ, գրի տեսնեմ խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից որքա՞ն փող է եկել: Եթե քիչ է, մի երեք հարյուր ռուբլի էլ մեր թանկագին հարևաններից վերցրու՝ ուղարկիր։ Ամոթ բան է, որ ամանորի գիշերը հարազատներիս չտեսնեմ։ Եթե սիրելի քույրիկս դեմ չէ հարսանիքը մի երկու ամսով հետաձգելու, թող մի երկու հարյուր ռուբլի էլ ինքն ուղարկի, որպեսզի ձեզ տեսնելիս վրաս վերարկուից-բանից ունենամ։




ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ Պողոսով, ընդունիր հայրական անուշ բարևներս։
Թույլ տուր նամակիս նախնական տողերում իմ հայրական անկեղծ երախտագիտությունը հայտնել քեզ, ինչպես նաև քո բարին ցանկացող պարտքատեր հարևաններին։ Ես էլ նմանապես ուզում եմ հայրական սուրբ պարտքս կատարել իմ թանկագին որդու հանդեպ, որը սրտատրոփ սպասում է նամակիս և ուզում է իմանալ որպիսությունս։

Ես ողջ և առողջ եմ, գործով հաջողակ, չնայած վերջերս չեմ ազատվել աշխատանքից և գրպանումս փող կա։ Կարևորն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ կարողանում ես առանց փողի էլ չընկճվել ոչ հոգեպես, ոչ էլ բարոյապես։ Ցավում եմ, որ կինդ բաժանվել է քեզանից, բայց ուրախ եմ նաև, որ դիմացել ես այդ հարվածին, և այդ էլ այն դեպքում, երբ կոպեկին «քեռի» ես ասում: Լավ կլինի՝ ռուբլուն էլ «քեռակին» ասես:

Բայց դե մարդ փողով չէ մարդ։ Ինչ անենք, թե հարևաններիդ պարտք ես վեց հարյուր ռուբլի։ Քեզ եմ հարցնում՝ ինչպե՞ս վերադարձնես, երբ ոչ մի տեղ չես աշխատում ու չգիտես վերջն ինչ կդառնա։
Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզը մորթել՝ ծախել ենք, կարտոֆիլը շուկայում լավ գին ունի, կովը ծնել է և, ընդհանրապես, հիանալի է այս տարվա բերքը։ Նաև ուրախ եմ, որ ցանկացել ես ինձ համար մուշտակ գնել, մայրիկի համար՝ բրդե շալ, բայց ափսոսում եմ, որ գրպանումդ կոպեկ չի եղել։ Վնաս չկա, սիրելի որդի, հենց որ գրպանումդ փող լինի, այդ մուշտակն ու շալը անպայման կգնես ու կուղարկես։

Քույրիկդ, ինչպես արդեն գիտես, նշանվել է, և երկու ամսից հետո տեղի կունենա հարսանիքը։ Բայց, քանի որ գրպանումդ նույնիսկ ճանապարհի փող չկա, ի՞նչ կարիք կա անպայման ներկայանաս հարսանքին:
Մեզ մոտ էլ եղանակները նույնպես ցրտել են, անընդհատ անձրևներ են գալիս։ Ափսոսում եմ, որ հագնելու կարգին վերարկու չունես, իսկ հանրակացարանի վարձը չմուծելու համար քիչ է մնում գետինը մտնես։

Թանկագին որդի, մենք էլ ողջ և առողջ ենք, գործով հաջողակ, հոգով ու սրտով ուրախ։
Հայրական բարևներով՝ մնամ քեզնով բախտավոր
 քո հայր Պետրոս Պողոսովիչ։

Հ. Գ.- Թանկագին որդի Պատրիկ Պետրոսովիչ, խոզի մսի և կարտոֆիլի վաճառքից հազար ռուբլի փող է եկել։
Մեծ ուրախությամբ քույրիկիդ հարսանիքը կհետաձգեի, ու երկու ամսվա իր աշխատավարձը կուղարկեի, բայց, կարծում եմ, չարժե իզուր նեղություն քաշել և ամանորի գիշերը իզուր ծախսերի տակ ընկնել։ Եվ հետո այնքան էլ պարտադիր չէ, որ վերարկուից-բանից ունենաս։ Քո նախապապ և նախատատ Ադամն ու Եվան թզենու տերևներից բացի ոչինչ չունեին, բայց դրախտային կյանք էին վայելում...
Հայրական բարևներով՝ Պետրոս Պողոսովիչ:

No comments:

Post a Comment