23 February, 2014

Ինքնակենսագրություն


Ծնվել եմ 1932-ի հունվարի վեցին, թե յոթին, լավ չեմ հիշում։ Հայրս ուզում էր անունս Կոմունա դնել, մայրս՝ Կոլխոզ, հորեղբայրս՝ Արքիմեդ։ Տատս գտավ, որ ամենալավ անունը Հայրոպլանն է, քեռիս կանգնեց Նաբուգոդոնոսորի վրա, մորաքույրս՝ Բեթհովենի, հորաքույրս՝ Պլատֆորմի, քեռակինս՝ Հովհաննես Թումանյանի։ «Իսկ ինչո՞ւ Նաբուփսոր, Բեթհովեն կամ Թումանյան,- ձայն խնդրեց քավոր Սահակը:- Աշխարհի ամենալավ անունը Պորտ Արտուրն է։ Եթե Պորտ Արտուրին դեմ եք՝ Խերսոն դնենք, աշխարհում Խերսոնից լավ քաղաք չկա»։ Այստեղ հայրս խիստ նեղացավ. «Ի՞նչ Պորտ Արտուր, ի՞նչ Խերսոն, ախր, սա հո քաղաք չի, երեխա է»։

Ուղիղ երկու շաբաթ ես անուն չունեի և, քանի որ ինձ ձայն չէր հասնում, ոչ ոք չհարցրեց կամքս, անունս դրեցին Վազգեն։ Ես մեր գյուղի առաջին Վազգենն էի։ Հետագայում շատ Վազգեններ ծնվեցին, և բոլորն էլ այնքան նման էին իրար, որ ծնողները մեկը մյուսից զանազանելու համար սկզբում տոտիկներից թել կապեցին, այնուհետև սկսեցին համարակալել՝ Վազզեն առաջին, Վազգեն երկրորդ, Վազգեն երրորդ, Վազգեն չորրորդ, հինգերորդ, վեցերորդ... Ես Վազգեն առաջինն էի... Խնդրում եմ ուրիշ բան չկարծեք՝ մեր գյուղի մասշտաբով էի առաջին։

Մայրս կիսագրագետ կին էր, տատս՝ լրիվ անգրագետ, հայրս չնայած միշտ լիկկայանում «երկուներ» էր ստանում, բայց կանոնավոր կերպով ներկայանում էր դասերին, որովհետև սիրահարվել էր ընկեր Անահիտին, և գիշերները, մորս թողած, նրան էր տեսնում երազում։Շուտով այդ մասին իմացավ գյուղխորհրդի նախագահ Սանթուրը, հորս կանչեց գրասենյակ, քսան ռուբլի տուգանեց ու ասաց. «Եթե մի անգամ էլ երազումդ տեսնես ընկեր Անահիտին, հարցդ դնելու ենք ընդհանուր ժողովում»։

Ես դպրոցում շատ աչքաբաց տղա էի։ Հիշում եմ, մի անգամ ուսուցչանոցի դռան բանալու անցքից նայեցի և գիտե՞ք ինչ տեսա՝ մեր ուսուցչուհին ու դպրոցի դիրեկտորը համբուրվում էին։ Իսկույն շուրջս հավաքեցի իմ դասընկերներին, ու սկսեցինք բղավել. «Տեսե՜լ ենք, տեսե՜լ ենք, տեսե՜լ ենք...»։ Մեղավորները մեծահոգաբար ընդունեցին մեր բարեկամական դիտողությունը և նույն օրն էլ դարձան մարդ ու կին...

Շատ արագ զարգացա։ Չորս տարեկանում արդեն գիտեի, որ բոլոր մայրիկները ոչ թե ծովից կամ գետից էին փոքրիկ բալիկներ բերում, այլ այդ գործում իրենց ներդրումն ունեին Նաբաթ ազին ու Մինա բիբին։ Իսկ թե հայրիկներն ինչ ներդրում ունեին, այդ հարցն ինձ համար երկար ժամանակ անհասկանալի էր մնում։

Առաջին անգամ սիրահարվեցի հինգ տարեկանում. ուզում էի կին առնել մեր հարևան Ալվարդ մորաքրոջը, որպեսզի ամեն առավոտ հագցնի շորերս, երեսս լվանա, շալակի տանի այգին, թութ քաղի ինձ համար ու ասի. «Ի՜նչ լավ բալիկ ես, ի՜նչ խելոք բալիկ ես»։ Եվ ես մի գեղեցիկ օր ասպետաբար խնդրեցի նրա ձեռքը։ Ալվարդ մորաքույրը մեծահոգաբար ծիծաղեց ու տվեց իր համաձայնությունը, բայց միայն մի պայմանով՝ «Սրանից դենը ինքդ պիտի հագնես քո շորերը»։

Գրել սկսել եմ երեք տարեկանից։Սկզբում գրում էի մեր տան պատերին, հորեղբորս կոնսպեկտների տետրերում, հորս աշխօրի գրքույկում, սեղանի սփռոցին... Քանի որ մերոնք իմ գրածներից բան չէին հասկանում, քննադատության կարգով քաշում էին ականջներս ու ասում. «Էշին տաք ջուր կտա՞ս, թե՞ ցուրտ»։ Ես ոչ տաքին էի դիմանում, ոչ ցրտին, դրա համար պատասխանում էի. «Ոչ տաք, ոչ ցուրտ՝ խառնո՛ւրդ»։

Իհարկե, ընդունեցի մերոնց քննադատությունը և սկսեցի զբաղվել նկարչությամբ։ Ածխով էի նկարում, և իմ ստեղծագործությունները զարդարեցին Մեհրի ազու տան պատերը։ Մեհրի ազին փշերով ընդունեց իմ արվեստը և վզակոթիս այնպես տվեց, որ նոր միայն հասկացա, թե որքան դժվար է տաղանդավոր արվեստագետի ճանապարհը։

Առաջին ոտանավորս հորինել եմ հինգ տարեկանում.
  Արտը հեղի, բակում թեղի,
  Կատուն նստի Նեսու բեղին:

Հարևան Նեսի ապան լսեց իմ ոտանավորը, ոչ միայն չբարկացավ, այլև շոյեց մազերս ու ասաց. «Ընկեր Վազիկ, մի անգամ էլ ասա»։ Ես մեծ բավականությամբ կրկնեցի ոտանավորս, Նեսի ապան մեծ բավականությամբ ոլորեց ականջս ու ասաց. «Սուկին սի՛ն»։

Դա իմ առաջին հոնորարն էր, որ ստացա Նեսի ապայից։ Ոչ միայն մեր թաղի, այլև մեր գյուղի ամենադիպուկ նշանառուն էի։ Որտեղ մի պուլիկ ու կարաս էի տեսնում, իսկույն ջարդում էի։ Գյուղում որքան կաղ ու կույր կատուներ կային, դրանց հեղինակը ես էի։ Այդ գործում այնքան առաջադիմեցի, որ հայրս ինձ փակեց գոմում։ Հո պարապ չէի կարող նստել, մեր կովի, ավանակի ու հորթի պոչը տակից խուզեցի, գտա, որ այծի միրուքը նույնպես ավելորդ է, դա էլ խուզեցի։ Հայրս տեսավ, որ այդ գործում շատ եմ առաջադիմում, ինձ տեղափոխեց նկուղ, որտեղ խուզելու կամ ջարդելու ոչ մի բան չկար...

Երազում էի դերասան դառնալ, և դպրոցում քիմիայից, հանրահաշվից ու երկրաչափությունից կանոնավոր կերպով «երկուներ» էի ստանում։ Մի անգամ մեր դիրեկտորն ուղղակի հայտարարեց. «Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ «Օհանջանյան» ազգանունն ազդում է ներվերիս»։ Որպեսզի խնայեմ մեր դիրեկտորի ներվերը, ես իսկույն փոխեցի ազգանունս, և մի քանի օրից հետո թերթում տպագրվեց առաջին ֆելիետոնս՝ «Օվյան» ստորագրությամբ։Իսկ ֆելիետոնիս հերոսը լավ մարդ դուրս եկավ, սեղմեց ձեռքս ու ասաց. «Փա՜ռք աստծո, վերջապես գտնվեց մեկը, որ ինձ մարդամեջ դուրս բերեց»։

Ինձ թատրոնում չընդունեցին և թատրոնից վրեժ առնելու համար սկսեցի կոմեդիաներ գրել։ Կոմեդիաներս ինձնից բախտավոր դուրս եկան, նրանք բարձրացան բեմ, իսկ ես մնացի դահլիճում։
Առաջին և վերջին անգամ ամուսնացա, երբ արդեն հասուն տղամարդ էի։ Հարսանիքս անցավ չափազանց ուրախ ու բովանդակալից, երբ թամադան խմում էր երկու ծաղիկների կենացը, ես հարևանի տանը՝ կպել ռադիոընդունիչին, ֆուտբոլային ռեպորտաժ էի լսում։

Չնայած կյանքում չափավոր մարդ եմ, բայց մի գեղեցիկ օր ընկերներս սկսեցին ինձ մեղադրել աչքածակության մեջ։Ախր այդ ո՞նց կլինի՝ բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, լրագրող, դրամատուրգ, քննադատ, ֆելիետոնիստ... Ի՞նչ իրավունքով է այդ Վազգեն Օվյանը զավթել գրականության բոլոր ժանրերը։ Գրականությունը նրա հոր սեփականությո՞ւնն է, թե՞ պապի կալվածքը։
Ես ընդունեցի նրանց արդարացի բողոքներն ու սկսեցի գրել նաև կինոսցենարներ ու լիբրետոներ՝ օպերաների ու բալետների համար:

Զբաղվել եմ սպորտով։ Սկզբում հանդես էի գալիս ֆուտբոլային թիմում՝ որպես դարպասապահ։ Մի անգամ առաջին խաղակեսում իմ պաշտպանած դարպասով այնքան գնդակ բաց թողեցի, որ հանդիսատեսներից մեկը բղավեց. «Տեղդ մի քար դիր՝ դուրս եկ խաղադաշտից»։ Ես մարզադաշտում հարմար քար չգտա, ստիպված գլխարկս դրեցի դարպասի մոտ ու գնացի թերթի համար ֆուտբոլային ռեպորտաժ գրելու։

Գեղասահքի մրցումներում այնքան վարպետացա, որ սահում էի փորիս ու մեջքիս վրա։ Մի անգամ աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հետ շախմատ եմ խաղացել։ Առաջին քայլի վրա մտածել եմ մեկ ժամ, երկրորդ քայլի վրա՝ երկու ժամ։ Էքսչեմպիոնը զգալով, որ երրորդ քայլի վրա պիտի մտածեմ երեք ժամ, առաջարկել է ոչ-ոքի, և ես մեծահոգաբար ընդունել եմ նրա առաջարկությունը։

Զբաղվել եմ նաև բռնցքամարտով և առաջին ռաունդում մրցակիցս այնքան մեծահոգի է գտնվել, որ ինձ պառկեցրել է գետնին։ Հակառակ դեպքում կարող էի մայկայով ու տրուսիկով հայտնվել փողոցում։
Սիրում եմ ձիասպորտը, բայց ձիերին տանել չեմ կարողանում։ Լավ լողում եմ, մանավանդ այնպիսի ջրավազաններում, որտեղ ջուրը հասնում է ծնկներիս։Պաշտում եմ ծանրամարտը։ Եթե Վասիլի Ալեքսեևի ուժն իմը լիներ, ես էլ կսահմանեի համաշխարհային ռեկորդներ:

Երաժշտությունն ինձ հրապուրել է քսան տարեկանում։ Որոշել էի ստեղծել չորս օպերա, երեք բալետ, քսանմեկ սիմֆոնիա, վեց օպերետա, երեսուն սոնատ... Բայց, ավա՜ղ, չկարողացա իրականացնել իմ այդ երազանքները, որովհետև ոչ մի գործիքի վրա չէի կարողանում նվագել, իսկ նոտաներից այնքան էի գլուխ հանում, որքան հանգուցյալ պապս՝ եռանկյունաչափությունից։

Սիրում եմ ճանապարհորդելը։Դա շատ հետաքրքիր է. տեսնում ես նոր աշխարհներ ու նոր քաղաքներ, բազմազան կենդանիներ ու թռչուններ, ծովեր ու օվկիանոսներ, գետեր ու անտառներ... Գուցե այդ է պատճառը, որ ես կյանքում արտասահմանյան ոչ մի քաղաքում չեմ եղել։

Չեմ մասնակցել Գրյունվալդի ու Ավարայրի ճակատամարտերին։ Ընդհանրապես՝ ոչ մի ճակատամարտի չեմ մասնակցել, որովհետև խաղաղության կողմնակից եմ։

Տարբեր առիթներով մի քանի անգամ դատապարտվել եմ։ Հարևանի այգուց ծիրան գողանալու համար Սեդրակ քեռին քաշել է ականջներս, դպրոցի գրադարանից գրքեր թռցնելու համար դպրոցի դիրեկտորի կողմից ստացել եմ խիստ նկատողություն, իսկ մի աղջկա առանց թույլտվության համբուրելու համար՝ մի շառաչուն ապտակ։

Ալեքսանդր Շիրվանզադեին երբեք չեմ հանդիպել։ Չնայած Ալեքսանդր Պուշկինը ոչ մի կարծիք չի հայտնել իմ մասին, բայց ես շատ բարձր եմ գնահատում նրա արվեստը։

Սեփական ավտոմեքենա չունեմ՝ ոչ «Մոսկվիչ», ոչ «ժիգուլի», ոչ էլ նույնիսկ մի հասարակ «Վոլգա»։ Եթե ինձնից հարցնեք, ամենահարմարը ինքնաթիռն է, նստիր ու թռիր. երկնքում ստուգման կետեր ու տեսուչներ չկան, որ հարցնեն՝ ինքնաթիռ վարելու իրավունք ունե՞ս։

Կոչո՞ւմ։ Մի ժամանակ երազում էի գիտնական դառնալ, բայց պարզվեց, որ կոչում ստանալու համար պիտի կրծել գիտության դարավոր ապառաժները։ Ես չէի ուզում զրկվել ատամներից, որովհետև սիրում եմ խորովածը։

Չեմ սիրում, երբ գրածներս թերթերի կամ ամսագրերի վերջին էջերում տպագրում են մանրատառերով կամ պատմվածքներս տպարան ուղարկելուց առաջ խմբագիրները կանչում են ու ասում. «Շատ է երկար, մի քիչ սեղմիր»։ Մի անգամ վիպակս այնքան սեղմեցի, որ դարձավ նովել։ Դա էլ սեղմեցի՝ ստացվեց ինֆորմացիա։ Իսկ երբ մի քիչ էլ սեղմեցի, տակին մնաց ազգանունս։

Չեմ սիրում նաև երբ տասնութ տարեկան աղջիկներն ինձ անվանում են քեռի, իսկ գեղեցիկ տիկինները հարցնում են. «Ամուսնացա՞ծ ես»։

Փառասեր չեմ, բայց երբ մեկ-մեկ թևերիս տակ ձմերուկներ են դնում, հավատում եմ, չնայած այդ ձմերուկները միշտ էլ դդմի պես անհամ են դուրս գալիս։ Մի քիչ տաքարյուն եմ. երբ բռնկվում եմ, տնեցիներն ինձ ձմռանը վառարանի տեղ են օգտագործում և վրաս ինչ կերակուրներ ասես, որ չեն եփում։ Չբռնկված ժամանակս փոխարինում եմ սառնարանին։

Չնայած իմ նախնիները հայտնի բանջարաբույծներ են, ես բանջարաբուծությամբ չեմ զբաղվում։ Ասեմ ինչու՝ բանջարեղենի մի փունջն արժե տասը կամ քսան կոպեկ, իսկ ոտանավորի մի տողը՝ հիսուն կոպեկից մինչև երկու ռուբլի։ Բայց տարօրինակն այն է, որ բանջարեղեն վաճառողներն ավելի լավ են վաստակում, քան ոտանավորներ հորինողները։ Իսկ ինչո՞ւ մեր կոլտնտեսային շուկայում ոտանավորների վաճառման խանութ կամ կրպակ չբացել։ Թող ոտանավորչիները խմբագրությունների կողմից մերժված իրենց ոտանավորներն էժան գներով վաճառեն։

Թերություննե՞ր... Իհարկե, ունեմ. պատահում է՝ հաճախ խոսքը ճակատին եմ ասում, լեզուս ինձ չեմ պահում և նարդի խաղալու ժամանակ պետերիս մարս եմ անում։
Տիրապետում եմ մի շարք լեզուների. ֆրանսիացու մոտ անգլախոս եմ, անգլիացու մոտ՝ ֆրանսախոս, գերմանացու մոտ՝ իտալախոս, իտալացու մոտ՝ գերմանախոս։ Ահա թե որքան ճկուն է մեր հայոց լեզուն։

Հասարակական հիմունքներով ջրխեղդների փրկության կազմակերպության լիազոր եմ, հարսանիքներում՝ թամադաների օգնական, կատակասերների ընկերության անպատասխանատու քարտուղար, զոքանչների պաշտպանության կոմիտեի նախագահ, ինչ-որ կամավոր ընկերության նախագահի տեղակալ։

Գրում եմ ամեն տեղից և ամեն ինչի մասին։ Ինչպե՞ս եմ գրում՝ շատ պարզ ու հասարակ. նստում եմ գրասեղանի առջև, վերցնում գրիչ ու թուղթ և մտքերս հանձնում թղթին։ Պատահում է՝ գրածս ֆուտբոլային ռեպորտաժ է դուրս գալիս, պատահում է՝ պատմվածք ու վիպակ է ստացվում, պատահում է, որ ոչինչ էլ դուրս չի գալիս, և ընթերցողներիս խնայելու համար գրածներս պատռում եմ ու նետում աղբարկղ։ Քննադատներիս հետ բարիդրացիական կապերի մեջ եմ, նրանց գրածները չեմ կարդում, որպեսզի ծայրահեղությունների մեջ չընկնեմ։

Կյանքում շատ անշնորհք մարդ եմ, ոչ մեկի աթոռի տակը չեմ քանդել, կաշառք վերցրած չկամ, ուրիշների կանանց վրա աչք չեմ գցել, խնջույքներում պետերիս աչքամիջին չեմ նայել ու երգել. «Դուն էն գլխեն իմաստուն իս...»։

Մինչև հիմա կլասիկ չեմ։ Չեմ շտապում, ախր մինչև կլասիկը շա՜տ աստիճաններ կան՝ շնորհալի, շնորհաշատ, անվանի, տաղանդավոր, ականավոր, մեծ, խոշոր, խոշորագույն, հանճարեղ... Առայժմ նստած եմ շնորհալիի աթոռին և հուսով եմ, որ շուտով ինձ առաջ կքաշեն։ Հակառակ դեպքում՝ շնորհալին էլ է ինձ բավարարում։
Շնորհակալություն՝ ուշադրության համար։

1 comment: