Լեռնակերտ. Բ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ
Այո, սիրելի ընթերցող, օրինական հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Աղամ Բիրղամիչը Կարկազ Լեռնակերտցու բուրդը քամուն չտվեց։ Ինչպե՞ս կարող է Աղամ Բիրղամիչի նման հայրենասերը հանդուրժել այդ դուրսպրծուկին, երբ Լեռնակերտի պատիվն իր պատիվն է։ Ղարաբաղյան պարադոքս՝ կասեր պատմության ուսուցիչ Արտավազդ Կարմիրյանը, մի շատ կուլտուրական մարդ, որի համար, ինչպես պնդում են բերանբացները, աղյուսագործարանատեր Հերիքնազ Առնավուդովնան հոգի է տալիս։ Եվ այստեղ է, որ Լեռնակերտի բազարի տեր ու տնօրեն Օրենք Օհանի (որի մասին մենք կպատմենք հետո) ամուսնալույծ քույրը՝ Սաթենիկ Կերոբովնան, ճաք-ճաք է լինում, թե տեսնո՞ւմ եք, այս Լեռնակերտի նարոդը գռեհիկ ու չտես է, պրոստո դիկար, պրոստո ազիացի... «Բեսսովեստնի,- ասում է,- նեուժելի մի անգամ չեք նայում ձեր պադշիվկա արած տրուսիկներին ու նոր միայն ուրիշների վրա ծիծաղում։ Օյ, օյ, օյ, պրոստո ուժասնո»։
Ինչպես տեսաք, Սաթենիկ Կերոբովնան նույնպես բարձր կուլտուրայի տեր անձնավորություն է, Բոստանչի Սրափիոնի պատմելով՝ թութը ասեղով է ուտում և ամեն առավոտ գոգլի-մոգլի է խմում, որպեսզի ձայնը չխզվի։ Այդ նա է, որ Մամբրե Խաբարդանովիչի բանկետները զարդարում է իր հիասքանչ ձայնով և այնպես է «Քելե-քելե» երգում, որ Դուքան Սեդրակը հոնգուր-հոնգուր լաց է լինում ու լացի միջից ասում. «Էդ կնիկն իմը լիներ, գիտե՞ք ինչ կանեի…»: Դուք հավանաբար կռահեցիք, որ Դուքան Սեդրակն անպայման մի հիմարություն պիտի ասի, որպեսզի Սիմոն Սարխոշյանցը գլուխն օրորի ու նախատի. «Դու մարդ չես, մաքուր էշ ես, քո տեղը գոմն է»։
Բայց մենք շեղվեցինք մեր պատմությունից։
Ուրեմն, այդ ինչպե՞ս եղավ, որ Աղամ Բիրղամիչը Կարկազ Լեռնակերտցու բուրդը քամուն չտվեց։
Ասում են՝ այդ օրերին Լեռնակերտի պրեմիեր-քաղաքագլուխը իբր գտնվում էր Կիսլովոդսկում և, Մոթալ Մինասի հավաստի տեղեկություններով, հորաքույրն իր հարստությունը կտակել էր եղբորորդուն։ Մոթալ Մինասն ուրիշ բան է ասում. Աղամ Բիրղամիչը բացակայում էր այդ օրերին, որովհետև գտնվում էր Շուշիում, Բարիշկայի սերը նորից նրան գլխահան էր արել։ Բայց դա կատարյալ բամբասանք է…
Բամբասանք կարելի է համարել նաև Տավարած Դուդուլի կնոջ քսփսոցը. մթամ ինքն իր աչքով Աղամ Բիրղամիչին տեսել է ծմակում՝ մի սիրուն կնոջ հետ, և այդ սիրուն կինը ձախ այտին սև խալ ուներ։ Իսկ թե ով է այդ սիրուն կինը, որ ձախ այտին սև խալ ունի, Տավարած Դուդուլի կողակիցը չի ասում։ «Չեմ ասի,- ասում է,- որ ասեմ, մեր Դուդուլն ինձ ցաքի կրակի մեջ կդնի»։
Դուքան Սեդրակը լսում է այս ամենը ու քթի տակ ժպտում։ Այսինքն՝ մեր էս լեռնակերտցիք էշի ականջում ոնց որ քնած լինեն։ Ի՜նչ Շուշի, ի՜նչ Կիսլավեսկե,- և զգուշորեն շուրջն է նայում ու պատմում անհավատալի բաներ։ Ուրեմն, այն օրը, երբ Աղամ Բիրղամիչը շան օր գցեց Խմբապետ Խորենին, դպրոցի պատմության ուսուցիչ Արտավազդ Կարմիրյանի հետ գնաց թվաբանության ու երգեցողության ուսուցչուհի Ելիզավետա Շեկունցի տունը։ Այնտեղ էին նաև հայոց լեզվի ուսուցչուհի Համեստ Ազատյանը, Հերիքնազ Առնավուդովնան, Սաթենիկ Կերոբովնան, Մոթալ Մինասը։ Դուռակի էին խաղում։ Դուքան Սեդրակը չի շարունակում, «Էսքան բան»,- ասում է, բայց նրա կինը՝ Նոյեմը, շարունակում է պատմությունը։ Ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, ձեր գործն է. լվացքաջուրը Սիմոն Սարխոշյանցի վրա է շպրտել Համեստ Ազատյանը, Աղամ Բիրղամիչն էլ ասել է. «Բաղնիքդ անուշ, վարժապետ»։
Բայց այդ ինչպե՞ս եղավ, որ Սիմոն Սարխոշյանցն այսքանից հետո ներեց Աղամ Բիրղամիչին։ Դեռ ավելին, նա մի լավ շշպռեց Դուքան Սեդրակին. «Էշ ծնվել ես, էշ էլ կսատկես։ Հասկացիր, խոզի գլուխ, Աղամ Բիրղամիչն այդ օրերին Կոմիտեի հանձնարարությամբ գտնվում էր Թիֆլիսում»։ Ղարաբաղյան պարադո՞քս… Օ՜, ո՛չ, Սիմոն Սարխոշյանցին հարկավոր էր Աղամ Բիրղամիչի աջակցությունը, որովհետև իր և պարոն Սիլվեստի միջև ծագած կոնֆլիկտը հասել էր գագաթնակետին։ Երկու քանդիրբազները չէին կարող խաղալ մի թոկի վրա, և նա Դուքան Սեդրակին ասաց. «Մենք այդ ակնոցավոր իժի դիմակը համարյա պատռելու վրա ենք։ Այդ ավանտյուրիստ սրիկան դավաճանում է մեր կուսակցությանը»։
Բայց ի զարմանք Դուքան Սեդրակի, պարոն Սիլվեստն իրեն բոլորովին դավաճանի պես չէր պահում։ Առավել զարմանալին այն է, որ այդ ժլատ ու ագահ Մամբրե Խաբարդանովիչն իր քսակը բացեց Սիլվեստի առջև, բավականին գումար տրամադրեց նրան, որպեսզի Լեռնակերտում ստեղծի հատուկ զորախումբ։
Ստեղծվեց հատուկ զորախումբը՝ տասնչորս աժդահա տղամարդ՝ Խմբապետ Աղաջանի մոր ծիծը տակից կտրողներից, որոնք ձերբակալեցին Ալեքսանին, ապա ռուս Մատվեյին ու Նալբանդ Աթունին՝ որպես հայրենիքի դավաճանների։ Հարցաքննությունը վարում էր ինքը՝ պարոն Սիլվեստը, և հենց այդ նույն օրը կարծես երկինքը փուլ եկավ։ Շարժն այնքան ուժգին էր, որ Ելիզավետա Շեկունցի փոքրիկ օթախը օրորվեց։ Հերիքնազ Առնավուդովնան կպավ Աղամ Բիրղամիչին, Սաթենիկ Կերոբովնան գրկեց Մոթալ Մինասին, հայոց լեզվի ուսուցչուհի Համեստ Ազատյանը բռնեց պատմության ուսուցիչ Արտավազդ Կարմիրյանի ձեռքն ու քիչ էր մնում սարսափից խոստովաներ իր սերը, իսկ Արտավազդ Կարմիրյանը ցույց տվեց, որ ինքը վախկոտներից չէ, ու հիշեց նապոլեոնյան հին գվարդիայի գեներալ Կոմբրոնի թևավոր խոսքը Վաթեռլոյի ճակատամարտում. «Գվարդիան մեռնում է, բայց չի հանձնվում»։
Բայց այստեղ ի՞նչ գործ ունի գվարդիան, երբ հօդս էր ցնդել Խմբապետ Խորենի տրամադրության տակ գտնվող զինանոցը, այսինքն՝ երկու մեծ տակառ վառոդ։
Պարոն Սիլվեստի իշխանությունը միայն մի շաբաթ տևեց։ Հատուկ զորախմբի հրամանատարը հարբեց և բերանից թռցրեց, որ իբր զինանոցն իրենք են պայթեցրել՝ պարոն Սիլվեստի հատուկ հանձնարարությամբ։ Աղամ Բիրղամիչը չսպասեց, մտավ պարոն Սիլվեստի շտաբը, նստեց սեղանի վրա, մի ծխախոտ վառեց ու խոսեց.
- Դուք ախմախ եք, պարոն Սիլվեստ։ Դուրս է գալիս, որ ամենամեծ դավաճանը հենց դուք եք։ Լա՛վ, ժամանակ չունեմ, այն փողերը հանիր։
- Ի՞նչ փողեր,- պարոն Սիլվեստի ակնոցը քրտնեց։
- Չգիտե՞ս։ Դե լավ, կհիշեցնեմ. Մամբրե Խաբարդանովիչից պոկած փողերը։ Ժամանակ չունեմ, պետական կարևոր գործեր կան։ Իսկ ընդհանրապես արդեն ձանձրացել եմ պրեմիեր-մինիստրություն անելուց, պետություն-պետություն խաղալուց։
Օ, ոչ, ընթերցող, Աղամ Բիրղամիչը հարբած չէր։ Թող Վարժապետ Սիմոնը պնդի, թե նրա մեջ քնել է հայրենասերի խիղճը և արթնացել խռովարարի ոգին։ Թող Առուստամ Լալախանբեկյանը պարոն Սիլվեստի ականջին շշնջա. «Եվ այս ղումարբա՞զը պիտի բարձրացնի ազգի ոգին»։ Թող Հերիքնազ Առնավուդովնան իր աննամուս ամուսնու քթի տակ Բիրղամիչի հետ կաբարդինսկի լեզգինկա պարի։ Թող Լեռնակերտի անփոխարինելի թամադա Մուշեղ Չանչախովը շարունակի իր չարախոսությունները. «Օ, ոչ, պարոնայք, այս Աղամ Բիրղամիչը քաղաքական շուտնիկ է»։ Աղամ Բիրղամիչը թքած ունի այդ կարծիքների վրա։ Ինչ ուզում՝ այն էլ անում է։
- Բայց սպասեցեք,- Սիմոն Սարխոշյանցը զույգ ձեռքով բռնում է գլուխը,- իսկ ո՞րն է Աղամ Բիրղամիչի իդեալը, ընդհանրապես ո՞վ է այս ազգային հերոսը՝ միապետակա՞ն է, թե՞ հանրապետական, բոլշևի՞կ է, թե՞ մենշևիկ, բունտակա՞ն է, թե՞ օկտյաբրիստ… Իսկ գուցե ծախու մի հոգի է, որ Կոմիտեի գաղտնիքները հայտնում է թշնամուն։ Ինքը՝ Առուստամ Լալախանբեկյանն է պնդում, որ վերևից եկած «գաղտնի նամակներն» ու հրահանգները տեսել է զուգարանում՝ շատ անհարմար վիճակում։
Հիմա էլ այդ անիծյալ պարադոքսը թխսահավի պես նստեց Սիմոն Սարխոշյանցի ուղեղում։
Մինչդեռ Լեռնակերտից դուրս գործերը շատ վատ են։ Խմբապետ Խորենն ու Խմբապետ Աղաջանը նորից ընդհարվել են, մաուզեր քաշել իրար վրա։ Խմբապետ Աղաջանի գրաված գյուղերը Խմբապետ Խորենն է գրավում, Խմբապետ Խորենի գրավածը Խմբապետ Աղաջանն է գրավում։ Իսկ հանգամանքներից օգտվում են հարևան թուրքերը՝ ասպատակելով հայկական գյուղերի վրա։
ԻՆՏԵՐՄԵԴԻԱ
Պարոն Սիլվեստը նիստ հրավիրեց և Լեռնակերտում տեղի ունեցած վերջին խայտառակ դեպքերի համար մեղադրեց Աղամ Բիրղամիչին։
Խմբապետ Խորենն առաջարկեց կալանավորել քաղաքագլուխ Աղամ Բիրղամիչին և նրա փոխարեն քաղաքագլուխ նշանակել Մուշեղ Չանչախովին։ Սիմոն Սարխոշյանցն ու Առուստամ Լալախանբեկյանը պաշտպանեցին նրա առաջարկությունը և ապա հանդես եկան մի նոր առաջարկութամբ.
- Այս խառնակությունների համար, պարոնայք,- խոսեց Սիմոն Սարխոշյանցը,- առաջին հերթին մեղավոր են բոլշևիկ Ալեքսանը և Մատվեյը։ Ձեզ եմ հարցնում, պարոնայք, նրանք ի՞նչ իրավունքով են խայտառակում մեր ազգի փառապանծ հերոս Խմբապետ Խորենին։
Ապա ընդարձակ ճառով հանդես եկավ Մուշեղ Չանչախովը։ Նա խոստացավ ուղիղ մի շաբթում կարգ ու կանոն հաստատել Լեռնակերտում, կալանավորել Ալեքսանին ու Մատվեյին, քարուքանդ անել Ուստա Ծատուրի, Նալբանդ Աթունի արհեստանոցները։
Դահլիճում դեռ չէին լռել ծափահարությունները, երբ հանկարծ դուռը շրխկոցով բացվեց ու ներս մտավ Աղամ Բիրղամիչը՝ երկու ղոչու հետ։ Բիրղամիչի մի ձեռքում մաուզեր էր, մյուս ձեռքում՝ նագան։
- Նիստը համարում եմ փակ,- գոչեց Բիրղամիչը։- Ես, որպես պրեմիեր-մինիստր և նմանապես քաղաքագլուխ, առաջարկում եմ, որ հենց այսօր Խմբապետ Խորենը Լեռնակերտից հեռանա էշը հեծած… Դուք, պարոն Սիլվեստ, հրապարակայնորեն պիտի հրաժարվեք ձեր ախմախ գաղափարներից։ Նույնը վերաբերում է նաև պարոն Սարխոշյանցին… Իսկ դուք, հարգարժան պարոն Չանչախով, հենց հիմա պիտի կանգնեք այս սեղանին ու «Լեզգինկա» պարեք։
Դա Աղամ Բիրղամիչի հերթական օյինբազությունն էր։ Մուշեղ Չանչախովը խայտառակությունից փրկվելու համար ցատկեց պատուհանից ու մինչև գոտկատեղը տնկվեց Դուքան Սեդրակի աղբանոցում։ Մի խայտառակությունից փրկվեց և ընկավ մի ուրիշ խայտառակության մեջ։ Ինչ խոսք, դա էլ հերոսություն է։ Աղամ Բիրղամիչը նույն օրը Մնացական Դանդարովի ֆայտոնով սլացավ Շուշի, վաճառեց իր հայրական տունը և իր Բարիշկայի հետ մեկնեց… Առայժմ անհայտ է, թե որտեղ մեկնեց Աղամ Բիրղամիչը։ Ասում են՝ Թիֆլիսում մի քանի ամիս ախպեր-տղորանց հետ քեֆ էր անում։ Թիֆլիսից գնաց Բաքու, Բաքվից՝ Միջին Ասիա…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՄԵԼԵՈՆ
Էդ ստից Սորբոնն ավարտած Մուշեղ Չանչախովը միշտ իշխանության անունից Էր խոսում։ Քանի թախտին թագավոր կար, թագավորական էր. տեղը Կերենսկին նստեց, գլուխն իսկույն Կերենսկու նման կլոր խուզեց և ժամանակավոր կառավարության անունից հայտարարում էր, թե ազգի փրկությունը դաշնակներն են։ Հենց որ Կարմիր բանակը եկավ, Չանչախովը սկսեց համաշխարհային հեղափոխության անունից չանչախություն անել։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Շուշեցի մանրավաճառ Դոնբազի՝ Մուշեղ անունով արու զավակը 20 թվականի մայիսին խաչ քաշեց դաշնակցականների իշխանության վրա և Ալեք Բարթուղյանի ներկայությամբ մի մեծ ճառ ասաց համաշխարհային հեղափոխության օգտին։ Ալեք Բարթուղյանը բանի տեղ չդրեց նրա ճառը և այդ մեծաքանքար, ճարտարախոս, անփոխարինելի թամադա մարդուն անվանեց «երկերեսանի քաղաքական լիրբ»։
Մուշեղ Չանչախովը չազդվեց, չընկճվեց և աչքը չթարթեց, ցիտատներ էր բերում Մարքսից ու էնգելսից, քննադատում օպորտունիստներին ու անարխիստներին։ Նա իր համար հետաքրքիր կենսագրություն ստեղծեց. իբր Սորբոնում սովորելու ժամանակ նեղը լծեց բուրժուական գաղափարախոսներին, և իբր 17 թվականի փետրվարյան հեղափոխության թունդ պահին, մի խումբ կտրիճների հետ խուժել է ցարի պալատը, կանգնել այդ բռնակալի, այդ արյունարբու ցարի դիմաց ու գոչել. «Հրե՛շ, ահա և եկել է հատուցման ժամը, պատասխան պիտի տաս»։
Այն օրերին, երբ աղյուսագործարանատեր Մամբրե Խաբարդանովիչը ծանր կացության մեջ էր, Մուշեղ Չանչախովը համարձակորեն բացեց նրա դուռը, մոտ երկու ժամ խոսեց համաշխարհային հեղափոխության դերի ու միջազգային նշանակության մասին, մի վայրկյանում հողմացրիվ արեց կապիտալիզմի փտած ամրոցները և ապա շուռ եկավ Հերիքնազ Առնավուդովնայի կողմն ու ասաց.
- Եվ ահա, ելնելով ներկա բարդ իրադրություններից ու պայմաններից, ես քաղաքական նկատառումներով եկել եմ խնդրելու օրիորդ Օլյայի ձեռքը։
Քանի որ Հերիքնազ Առնավուդովնան իր գեղեցկությունն ու առողջությունը չփչացնելու համար քաղաքականությամբ չէր զբաղվում, նայեց ամուսնուն, վերջինս ճռճռացրեց մանրբուրժուական աթոռն ու հարցրեց.
- Ներեցեք, իսկ այդ ի՞նչ քաղաքական նկատառումներ են։
- Ամուսնանալով Օլյայի հետ,- Չանչախովն այստեղ նայեց օրիորդ Օլյային և մեծահոգաբար ժպտաց,- ես կամրապնդեմ ձեր քաղաքական դիրքերը, այսինքն՝ դուք կունենաք համաշխարհային հեղափոխությանը նվիրված փեսա և կապրեք ապահով։
- Օհո՜, տեսե՜ք, կամրապնդի մեր քաղաքական դիրքե՜րը,- Օլյան ծիծաղեց,- դուք, պարոն Չանչախով, գլուխ ունե՞ք ձեր ուսերին։
- Եվ այն Էլ հոյակապ գլուխ։
- Խելոք լինելու համար գլուխը դեռևս քիչ Է, հարկավոր Է ունենալ նաև խելք,- և այդ ասաց օրիորդ Օլյան, ապա մոտեցավ այդ անպատկառին ու շրա՛խկ, այնպես ապտակեց, որ Չանչախովի աչքերը մթնվեցին։- Մենք քո ողորմությամբ չէ, որ պիտի ապրենք։ Դո՛ւրս այստեղից, քաղաքական քամելեոն։
Մուշեղ Չանչախովի համար այդ անսպասելի էր, և երբ մի քանի օրից հետո Օլյան ամուսնացավ Պողոսի հետ, նա հանդես եկավ մի ճառով, որտեղ Պողոսին մեղադրեց բազում թեքումների մեջ, Հեղկոմի նախագահ Ալեքսանին անվանեց «բուրժուական փտած բերդերի ծպտված իշխան», և ուրիշ շատ բաներ։
Մուշեղ Չանչախովը հրապարակ էր որոնում իր հայացքները լրիվ դրսևորելու համար, և այդ հրապարակը շուտով նրան տրամադրեց Խմբապետ Աղաջանը։ Խմբապետ Աղաջանը ավազակախմբի հետ «ազգի փրկության» լոզունգի տակ արշավում էր գյուղերի վրա, ծեծում, գողանում, սպանում, թալանում ու բղավում. «Կեցցե՜ ազատ ու անկախ հեղափոխությունը»։
Արցախի նոր տիրակալի «սխրագործությունները» անմահացնող պատմագիր էր հարկավոր, և պատմագրի պատվավոր պարտականություններն իր վրա վերցրեց Մուշեղ Չանչախովը։
Կարծում եմ, ընթերցողը դեմ չի լինի, եթե նրան ներկայացնենք Մուշեղ Չանչախովի գրչի փայլատակումներից մի քանի դրվագ։
«20 թիվ, սեպտեմբեր։ Խմբապետ Աղաջանը հայհոյեց շտաբի պետ Ղուկասին, անվանեց նրան քաչալ ղազ, աղբի ոջիլ, քոսոտ մոզի, ավանակի ականջ և այլն։ Ղուկասը շտաբի պետի իրավունքով երդվեց՝ «Թե ես Էդ շան փորից եկածի բեղը չկտրեմ, ետևիցս շան թուլա կանչեցեք»։ Բայց նա չհասցրեց կատարել իր երդումը, որովհետև հաջորդ օրը Խմբապետ Աղաջանը ընկավ կարմիրների սարքած դարանը և գլուխը փրկելու համար ինքն իր ձեռքով կտրեց իր բեղը։ Սեփական բեղը»։
«20 թիվ, հոկտեմբեր։ Խմբապետ Թյունին սպանվեց, տասնապետ Վանին փախավ-միացավ կարմիրներին, հարյուրապետ Հաբեթը թքեց Արջ Մաթոսի դեմքին ու անվանեց նրան «Քրիստոսի օրհնած ավանակ»։
Մեծ պայքարը դեռ առջևումն Է»։
«20 թիվ, դեկտեմբեր։ Ցուրտը կատու է խանձում։ Երեկ մեր քաջերից վեց հոգի հերոսաբար սառչեցին պոստում։ Շան տղերքը լակած պառկել, քնել են ու այդպես Էլ մնացել քնած։
Խմբապետը կարգապահությունը բարձրացնելու նպատակով հրամայեց թալանը կատարել կազմակերպված, դիմադրողներին պայտել»։
«21 թիվ, հունվար։ Այսօր տեղի ունեցավ ռազմական տրիբունալի հերթական հավաքը։ Երեք հոգի մեղադրվում են դավաճանության մեջ։ Տրիբունալի նախարարը Քաչալ Ղուկասն Էր, տեղակալը՝ Տեր-Մուջուզը։ Ղուկասը նոր Էր սկսել իր ճառը, երբ հանկարծ մաուզերը թափահարելով ներս խուժեց Խմբապետ Աղաջանն ու գոռաց՝ «Կարմիրները գալիս են, փախե՜ք»։ Տեր-Մուջուզը տակը իսկականից լցրեց, իսկ Աղաջանը սկսեց հռհռալ՝ «Վա՜յ, շան տերտեր, ախր կատակում էի»։
«21 թիվ, մարտ։ Մի գլուխ նահանջում ենք։ Ղարաբաղը փոքրացել ու հիմա նեղ է գալիս մեզ վրա։ Չեմ հասկանում, ինչո՞ւ գլուխս զուր տեղից գցեցի շառի մեջ։ Ի՞նչ պիտի լինի սրա վերջը»։
«21 թիվ, ապրիլ։ Ի՜նչ դաշնակցական, ի՜նչ Աղաջան, ի՜նչ Ղուկաս ... Ես այն գլխից պայքարել և այսօր էլ շարունակում եմ պայքարել հանուն համաշխարհային հեղափոխության վերջնական հաղթանակի: Խիղճս մաքուր է, և ես մաքուր խղճով գոչում եմ՝ «Կեցցե...»։
Այստեղ ընդհատվում է Մուշեղ Չանչախովի ձեռագիրը և, ինչպես տեսնում եք, նրա «կեցցեն» մնում է կիսատ։ Գուցե մարդու թոքերում այնքան օդ չկար, որ ավարտեր իր «կեցցեն» կամ, ո՞վ գիտե, գուցե կաթվածը վրա էր հասել այն պահին, երբ ուզում էր արտաբերել՝ «համաշխարհային հեղափոխությունը»։
Առածն ասում է՝ սարը սարին չի հանդիպում, մարդը մարդուն հանդիպում է։ Այդ է վկայում Ուստա Պողոսի այս փոքրիկ պատմությունը.
«41-ին, երբ Կարմիր բանակը մտավ Թեհրան, հանկարծ նկատեցի մի ճաղատ մարդու՝ փողոցում թարխուն վաճառելիս։ Նա ցատկեց տեղից ու գոչեց՝ «Կեցցե՛ ազատարար Կարմիր բանակը»։ Դեմքը ծանոթ էր։ Մոտեցա, նայեցի մոտիկից... Պա՛հ, քո ինչն ասեմ, Մուշեղ Դոմբազովիչ Չանչախովն էր։
- Հը, պարոն Չանչախով,- ասացի,- քեֆդ ո՞նց է։
Նա չհասցրեց իմ հարցին պատասխանել: Փողոցում հայտնվեց անգլիական մի զառամ գնդապետ, նույն պահին Չանչախովը ձեռքը պարզեց վեր ու ճչաց՝ «Կեցցե՛ պարոն Սենգիստոնը»։
Չէ, Չանչախովը էլի նույն քաղաքական քամելեոնն էր մնացել։
ՖՈՏՈ ԳԱՎՐՈՒՇԸ
...էն տարիներին Լեռնակերտն ուներ մի կլուբ, երեք խանութ, երկու անտեր ժամ, երկու ֆայտոն, մի լուսանկարչատուն, որ կոչվում էր «Նկարեմ տամ», մի ճաշարան, մի շուկա, մի գլխավոր փողոց, մի փոքրիկ դեղատուն, մի բաղնիք...
(Տարեգրություն անհայտ հեղինակի)
...Հա՛, էդպես էր։ «Նկարեմ տամ»-ի ապարատչին Գալիֆե Գուգուշի աներտղան էր, որը հետագայում դարձավ Մամբրե Խաբարդանովիչի հորաքրոջ ամուսինը։ Ոտանավորներ էլ էր հորինում։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Բարակ, սրված քթով, ծուռ սանրված նոսր մազերով, երկարավիզ, նեղ ուսերով և իրարից բավականին մոտիկ, անգույն աչքերով մարդ է Ֆոտո Գավրուշը։ Նրա մոտ ընդհանրապես ամեն ինչ սրված են՝ և՛ ականջները, և՛ նույնիսկ ոտնամանների քթերն ու հոնքերը։ Նա այն հազվագյուտ մահկանացուներից է, որոնց դեմքին նայելով՝ չես կարող ասել, թե քանի տարեկան է, և, որոնց քաշը ո՛չ ավելանում է, ո՛չ պակասում։ Այստեղ տեղին է հիշել Գալիֆե Գուգուշի խոսքը՝ «էդ տնածակի տղան հացը պակաս տարում կշռվեց՝ հիսունից չանցավ, մորեխի տարում հիսուն էր, հիմա էլ հիսուն է. ո՛չ ավելանում է, ո՛չ էլ պակասում»։
Նալբանդ Աթունը նրան Գալուշ է անվանում, երեխաները՝ «Ապարատի ծակին նայիր», Պողոսը, երևի նկատի առնելով նրա կանացի ձայնն ու կանացիական բնավորությունը՝ «Մադումազել Գրուշկա»։
Ֆոտո Գավրուշը Լեռնակերտի առաջին բանաստեղծն է այն իմաստով, որ նրա ոտանավորները միայն Լեռնակերտի մասին են ու լեռնակերտցիների։ Հիշատակման արժանի է «Տաղ ի վերա Լեռնակերտի» ոտանավորը, որտեղ հեղինակը ոգևորված գոչում է.
Բացված ալ վարդ ես ծմակի միջին,
Դու սոսկ քաղաք չես, այլ պայծառ եդեմ.
Ես սիրում եմ քո այդ վիճի-վիճին,
Դու իմ կարոտն ես վաղուց և արդեն։
Լուսանկարիչ Գավրուշն իր արվեստը ռեկլամելու նպատակով «Նկարեմ տամ» ցուցանակի կողքին կախել է ժպտադեմ աղջիկների նկարներ։
Նալբանդ Աթունը մի անգամ նայեց այդ նկարին ու հարցրեց.
- Գալոշ ախպեր, էս սիրուն կնիկն ո՞վ է։
Գավրուշը կատակով պատասխանեց.
- Չգիտե՞ս, մեր Պետոյի կնիկն է։
- Պետոն ո՞վ է։
- Բալունց Առաքելի տղան։
- Բալունց Առաքելն ո՞վ է։
- Քաչալ Մոսու թոռը։ Ճանաչեցի՞ր։
- Ճանաչելը՝ չճանաչեցի, մենակ չիմացա, թե էս սիրուն կնիկն ո՞վ է, որ էսպես սիրուն-սիրուն ինձ է նայում։
- Ասացի, չէ՞, Պետոյի կնիկն է։
- Տո՜, Պետոյի հերն անիծած, նրա հետ ի՞նչ գործ ունեմ... Եկել եմ պատկերքս քաշես։
- Բա պատկերքդ երեկ չե՞մ քաշել։
- Դե որ երեկ ես քաշել՝ տուր գնամ։
Նալբանդ Աթունը նայեց իր պատկերքին ու հարցրեց.
- Գալուշ ախպեր, էս մարդն ո՞վ է։
- Չճանաչեցիր։
- Քո արևը, չէ։
- Դու ես, քո պատկերքը։
Նալբանդ Աթունն իսկապես իրավունք ուներ չհավատալու, որովհետև դա ավելի շուտ Գավրուշի հերթական անհաջող նեգատիվն էր։
- Ա՛յ տնածակի տղա,- չարացած թափահարեց լուսանկարը,- հիմա ասա տեսնեմ, սա իմ սա՞ղ վախտվա լուսանկարն է, թե՞ մեռած։
Գավրուշի լուսանկարչական ապարատը, որով նա վաստակում է օրվա իր հացը, գունաթափ ու քրքրված մի արկղ է՝ եռոտանու վրա, և երբ նա սև մահուդը բարձրացնում, գլուխը ծածկում է այդ մահուդի տակ, եռոտանին դառնում է հնգոտանի։
Եթե ապարատի առջև երեխա է նստած, նա լայն ժպտում է ու ասում՝ «Ապարատի ծակին նայիր, հիմա ծիտը դուրս կգա»։ Կանանց նկատմամբ խիստ կուլտուրական է և հարգալից՝ «Ապա, խնդրում եմ, հնարավորին չափ ուղիղ նայեցեք», իսկ ջահել աղջիկներին՝ «Գեղեցկուհի, ժպտա, ժպիտը հոգու հայելին է»։
Նրա համար բոլոր կանայք, նույնիսկ Դուքան Սեդրակի Նոյեմը, գեղեցկուհիներ են՝ աֆրոդիտեներ, լիլիթներ, կարմեններ, դեզդեմոնաներ... Իսկ դա վկայում է այն մասին, որ Ֆոտո Գավրուշը բավականին զարգացած մարդ է, գաղափար ունի համաշխարհային գրականությունից։ «Ես հասարակ ֆոտոգրաֆ չեմ,- ասում է նա,- ես ժամանակին լուսանկարել եմ Լև Տոլստոյին, Հռոմի պապին, Պետրոս Ադամյանին, գեներալ Մադաթովի թոռանը, Ղազարոս Աղայանին...»:
Ֆոտո Գավրուշը ամուրի է, և ամեն անգամ, երբ փեսան՝ Գալիֆե Գուգուշը, խոսք է բացում ընտանիքավորվելու մասին, Գավրուշը մինչև վերջ խոնարհ աշակերտի պես լսում է ու փիլիսոփայում.
- Այո, ամուսնությունը մարդուս կյանքում շատ կարևոր հանգամանք է, ընտանիք կազմելը երկու կողմերի փոխադարձ կապերի փոխադարձ համաձայնություն։
Գալիֆե Գուգուշը բարկությունից տրաքվում է.
- Արա, դու ցի՞րկ ես, թե՞ թատրոն: Որ էդքանը իմանում ես, էլ ո՞ւմ ես սպասում, պսակվիր էլի, պսակվիր և միանգամից այդ կապերն ու հանգամանքները պարզեցրու։
Մայիսյան մի պայծառ օր, երբ արևը ոսկե ծիրան էր թափում Լեռնակերտի վրա, երբ Ուստա Ծատուրը ծռմռված երկաթը դրել էր զնդանի վրա ու մտածում էր՝ «Թե սրանից բան դուրս եկավ, Դուքան Սեդրակից էլ մարդ դուրս կգա...», երբ Նալբանդ Աթունը նայում էր թթենու շվաքում նստած Ժամկոչ Մանասի դեղնագույն գանգին ու միտք անում՝ «Ախր էդ տնաքանդի մոտ ոչ մի բան իրենը չէ, է՜, ոնց որ հավաքովի...», երբ Դուքան Սեդրակն իր դատարկված խանութում ճանճ էր բռնում, թևերը պոկում ու ինքն իրեն խորհում՝ «Տեսնես էս անտերները դաշնակցականների՞ կողմն են, թե՞ մենշևիկների կամ բոլշևիկների...», ահա այդ ժամանակ Ֆոտո Գավրուշի քրքրված արկղի առջև նստեց շքեղ մի տիկին։ Ֆոտո Գավրուշն ընդգծված քաղաքավարությամբ մոտեցավ նրան ու ասաց.
- Ապա, խնդրում եմ, հնարավորին չափ ուղիղ նայեցեք։
Շքեղ տիկինը հարմար դիրք ընդունեց ու ժպտաց, և նրա ժպիտն այնքան դուր եկավ Գավրուշին, որ ձեռքը տարավ, մոտեցրեց նրա ծնոտին ու շարունակեց.
- Այսպես, ահա այսպես... Դե, խնդրում եմ չշարժվել։
- Ձե՜ռքդ,- տիկինը խփեց Գավրուշի ձեռքին ու ոլորեց աչքերը.-Ես ձեզ համար գավառացի աղջիկ չեմ։
Այո, այդ շքեղ տիկինը գավառացի չէր, լեռնակերտցի չէր և ոչ էլ շուշեցի. Մամբրե Խաբարդանովիչի հարազատ հորաքույրն էր, որ ծնվել էր Թիֆլիս քաղաքում և ամուսնու մահից հետո որոշել էր այլևս չամուսնանալ կամ ծայրահեղ դեպքում... Տիկին Հեղինեն «ծայրահեղ դեպքը» դրեց հարցականի տակ, մի անգամ էլ ժպտաց նազանքով ու հարցրեց.
- Ձեր լեռնակերտցիք ի՞նչ կմտածեն իմ մասին։
Ֆոտո Գավրուշը բարի նպատակով նստեց նրա դիմաց, բռնեց նրա փամփլիկ ձեռքն ու բարի նպատակով պատասխանեց.
- Հուսամ, որ վաղը նորից կհանդիպենք։
...Ֆոտո Գավրուշի և Հեղինեի ամուսնությունը տեղի ունեցավ այնքան արագ, որ նույնիսկ Դուքան Սեդրակի բոշբողազ Նոյեմը չհասցրեց կարգին բամբասել և բավարարվեց այսքանով՝ «Չեմ հասկանում, Գավրո՞ւշն է առել էդ կնկանը, թե էդ կնիկն է առել Գավրուշին»։
Սակայն դա չխանգարեց Ֆոտո Գավրուշին, որպեսզի նա հետագայում ունենա մեկը մյուսից սիրուն արու զավակներ և երդվի իր կնոջ անունով.
- Հեղինեիս արևը, էնպե՜ս պատկերքդ քաշեմ...
Գավրուշը Լեռնակերտի առաջին տղամարդն էր, որ հանդգնեց երդվել կնոջ անունով։
ԻՆՏԵՐՄԵԴԻԱ
Սիրտս քեզ հետ, սերս քեզ հետ,
Հրաշք քաղաք իմ Լեռնակերտ,
Սրտիս այգում բացված վարդ ես,
Ղարաբաղում դու մի հատ ես։
Ֆոտո Գավրուշ
Լեռնակերտը քաղա՞ք է, թե՞ գյուղ։ Դա մի հարց էր, որ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս այն երևելի լեռնակերտցիներին, ովքեր խորովածն ու մածունը պատառաքաղով էին ուտում, թութը՝ ասեղով, Գալիֆե Գուգուշի համամ-պաղնիսին ասում էն բանյա, օղին խմում ուղտի աչքի չափ ռյումկաներով, երեկոները թևանցուկ արած դուրս գալիս զբոսանքի, և երբ ուզում էին զարմանալ, ոչ թե Նալբանդ Աթունի նման «պահ» էին անում կամ Բոստանչի Սրափիոնի պես «վի...», այլ ուղղակի՝ չուդնո...
Ապետնակ Մելիք Տեր-Աթաջանբեկնազարյանը ինքնասպանություն գործեց՝ չուդնո։ Օրիորդ Օլյան սեր կապեց Պողոսի վրա՝ չուդնո։ Դուքան Սեդրակը բաղնիսում իր կնոջ կողերը ջարդեց և անվանեց «պրաժեխտրի լիրբ»՝ չուդնո։ Կարտոժնիկ Կևին ու Պիանիսկա Աղամը Բաղեն շենում իրար մի լավ դնքսեցին՝ չուդնո։ Քաղցած գելերը գիշերվա կեսին մտան Լեռնակերտ՝ չուդնո, Պարոն Սիլվեստը ծեծեց պարոն Լալայանին՝ չուդնո, Պողոսը քիչ էր մնում շանսատակ աներ Մոթալ Մինասին՝ չուդնո։ Գալիֆե Գուգուշը որդու անունը Հեղկոմ դրեց՝ չուդնո... Ասացեք, խնդրեմ, ո՞ր գյուղում կարող եք այսքան չուդնո գտնել։ Դե, ուրեմն, Լեռնակերտը ոչ թե գյուղ է, այլ՝ քաղաք։
Եթե դատելու լինենք Մամբրե Խաբարդանովիչի խոսելաձևից ու շարժումներից, Հերիքնազ Առնավուդովնայի ծաղկանկար հովհարից ու նախշուն տուֆլիներից, ինչպես նաև նրանց երկհարկանի տնից, որ ունի սպալնի ու բոլշոյ զալ, բալկոն ու սադ, ջրավազան ու տուալետ, ուրեմն Լեռնակերտը քաղաք է։
Լեռնակերտը քաղաք է Սիմոն Սարխոշյանցի ու Մուշեղ Չանչախովի հեղինակավոր կարծիքով, որովհետև այս ընտիր լեռնակերտցիները փողոց են դուրս գալիս շլյապայով ու ձեռնափայտով, փայլփլուն ոտնամաններով ու նախշուն փողկապներով, շոշափում քաղաքական հարցեր և ծանոթներին հանդիպելիս հանում շլյապաները, խոնարհաբար թեքվում և ասում՝ «Ողջույններիս ամենահավաստիքը...»։
Բայց այստեղ ուրիշ մի հարց է ծագում՝ Լեռնակերտն ինչպիսի՞ քաղաք է՝ կենտրոնակա՞ն, թե՞ ծայրամասային, գավառակա՞ն, թե՞ պարզապես քաղաք։ Գավառականը դեռևս կատարյալ քաղաք չէ, ինչպես ողորմած հոգի պարոն Ապետնակը, որ արքա էր ավանսի կարգով։ Կամ Դուքան Սեդրակը, որի մասին Նալբանդ Աթունն ասում էր՝ «Ո՛չ կարող ես ասել մարդ է, ո՛չ էլ կարող ես ապացուցել, որ մարդ չի»։
Թող Հերիքնազ Առնավուդովնան որքան ուզում է իր շուրթերն ու եղունգները ներկի, բինոկոլով պատշգամբից նայի աջ ու ձախ... Թող Սիմոն Սարխոշյանցը Մամբրե Խաբարդանովիչին հանդիպելիս հանի շլյապան ու գոչի՝ «Ողջույններիս ամենահավաստիքը փռում եմ ոտքերիդ տակ...»։ Թող Կարտոժնիկ Կևին դանակ քաշի Պիանիսկա Աղամի վրա ու սպառնա՝ «Պադլեց, հիմա ո՞նց ես, որ թափանթրիքդ շաղ տամ...»։ Թող Գալիֆե Գուգուշը օրական քսան անգամ Լեռնակերտի և լեռնակերտցիների ցավը տանի... միևնույն է, Լեռնակերտը Լեռնակերտ է, ճիշտ այնպես, ինչպես Մամբրե Խաբարդանովիչը Մամբրե Խաբարդանովիչ է, Դուքան Սեդրակը՝ Դուքան Սեդրակ, դեռ մերզավեցն էլ վրեն։
Բայց Բոստանչի Սրափիոնը և Տավարած Մուխանը այլ կարծիքի են, և չես կարող նկատի չառնել նրանց կարծիքը։
Նախ՝ Լեռնակերտում չկան սալահատակած փողոցներ, շքեղ ցուցափեղկերով խանութներ, գավառապետ ու պրիստավ, բանտ ու սուդ, բուլվար ու թատրոն, ակսելբանդերով գեներալ-նահանգապետ ու բեղերը սրած ոստիկանապետ, փափուկ ֆայտոններ ու դուխավոյ օրկեստր...
Մյուս կողմից՝ լեռնակերտցիները այծ ու ոչխար են պահում, բուրդ են գզում, էշ ու ձի ունեն, կով են կթում, բոստան են անում, կալ կալսում, և իրար հետ այնպիսի լեզվով են խոսում, որ նույնիսկ Գաղթական Պետրոսը զարմանում է՝ «Ճանը՜մ, էս լեռնակերտցիք ի՞նչ լեզվով կխոսին»։ Բա Տավարած Մուխանը, որ ծեգը-ծեգին ձենը գլուխն է գցում.
- Լեռնակերտի խա՜լխ, տավարը բերե՜ք, քշո՜ւմ եմ...
Վա՜յ, վա՜յ, վա՜յ... բա քաղաքում տավար են պահո՞ւմ, բա պարիժեցին թո՞ւյլ կտա, որ բուլվարի կողքով նախիր քշեն։ Ո՞վ է տեսել, որ էշն օր-ցերեկով բաղնիսի բակում զռռա, խանգարի Հերիքնազ Առնավուդովնայի անուշ քունը, իսկ Փանոսյան Արիստոտելի այծը բարձրանա Մեռել լողացնող Մանգասարի կտուրը, պոզահարի չորս ամուսնությունից կույս մնացած օրիորդ Սուսամբարին։
Ուրեմն Լեռնակերտը գյուղ է և այն էլ աստծո աչքում ընկած գյուղ։ Բոստանչի Սրափիոնը «աստծո աչքում ընկած գյուղ» ասելով նկատի ունի այն, որ Ժամկոչ Մանասը գողացել է ռուսի ժամի զանգը և փոխել մի փութ կորեկի թե գարու հետ։ Ուրիշ փաստեր էլ կան։ Հանգուցյալ Խմբապետ Խորենը, այդ համադանի էշը, այնքան է լակել, որ փսխել է ժամի պատի տակ, Հերիքնազ Առնավուդովնայի ներկայությամբ շալվարի կոճակներն արձակել է ու... Թոքու՜շ, Խորեն, թոքո՜ւշ... Իսկ Մեռել լողացնող Մանգասարը «Աղոթարան»-ի էջերը պոկել, բռնոթու տոպրակներ է սարքել։
- Լեռնակերտը շեն է, լեռնակերտցիք՝ շենացիներ,- մահակն օդում թափահարում է Տավարած Մուխանը։- Բա որ քաղաք է, որտե՞ղ են ձեր թատրոնն ու բուլվարը, դավթարխանան ու բանկը...
Բայց ահա Մամբրե Խաբարդանովիչը հայտնվում է փողոցում, նույն պահին երևում է Մնացական Դանդարովի ֆայտոնը, Հերիքնազ Առնավուդովնան պատշգամբից հեռադիտակով նայում է... աստված գիտե, թե ում, Ֆոտո Գավրուշը մի տզտզան երեխայի ստիպում է, որ ապարատի ծակին նայի, իսկ շան լակոտը ոչխարի պես բառաչում է՝ «Ես ապարատի ծակին չեմ նայում, ապարատի ծակին չիշիկ անեմ»։
Հապա Վարսավիր Արտուշի «Վարսավիրանոց-Դալլաքխանա-Պարեկմախտրսկի»-ին, ուր ամեն շաբաթ թրաշվում են Մամբրե Խաբարդանովիչն ու Սիմոն Սարխոշյանցը, Մուշեղ Չանչախովն ու Գալիֆե Գուգուշը, իսկ Մկր. Սազանդարովը այդտեղից միշտ դուրս է գալիս դեմքին բամբակ կպցրած ու բացում իր հայհոյանքների տոպրակը.
- Էդ ծմակից բռնած անգլամազ արջը երեսիս սաղ տեղ չի թողել։
- Ես ինչ մեղավոր եմ,- արդարանում է Վարսավիր Արտուշը։- Հենց որ նայում եմ տնաքանդի տղի քթին, ծիծաղս բռնում է։ Եթե իմ փոխարեն ուրիշը լիներ, քիթը քոքից կկտրեր։
Վարսավիր Արտուշը ասող-խոսող մարդ է, և չես հասկանում, թե նրա ասածներից որն է ճիշտ, որն է սուտ։ Օրինակ, պատմում է, որ ինքն անձամբ թրաշել է Իրանի շահին և այնպես է թրաշել, որ շահը քնել է ածելու տակ ու հաջորդ օրը խնջույքի հրավիրել իրեն, նստեցրել կողքին, ասել՝ «էս աշխարհում երկու մեծ մարդ կա, մեկը դու ես, մյուսը՝ ես»։ Ասում ու երդվում է՝ «Թե սուտ ասեմ, էն Դուքան Սեդրակը շուն դառնա... Մեռել լողացնող Մանգասարին թաղեմ, թե սուտ ասեմ»։
- Լեռնակերտը քաղաք է, էն էլ շահար քաղաք,- ածելին թափահարում է Վարսավիր Արտուշը։- Որ քաղաք չլինի, ես այստեղ ի՜նչ ղալաթ եմ անում։ Հրե՜ն, Իրանի շահը քսան մարդ է ուղարկել իմ ետևից... Թե սուտ ասեմ, Մոթալ Մինասը հազար ցավի գա, Դուքան Սեդրակի տունն էլ պաժառ ընկնի։
Եվ նորից հարցը ֆուտբոլի գնդակի պես գլորում են դես ու դեն, Սիմոն Սարխոշյանցը հմուտ ձեռնածուի պես ձեռնափայտը պտտում է ձեռքում՝ «Այո՜ս, Լեռնակերտը քաղաք է, բայց որոշ չափով պրովինցիալ քաղաք», Գալիֆե Գուգուշը բղավում է.
- Ա՛յ ցավդ տանեմ, քաղաքը քաղաք է, բա էդ պրովինցիալն ինչի՞ ես կպցնում։ Իբր Լեռնակերտի կարկատանները քի՞չ են, մեկն էլ դու ես ավելացնում։
- Մեռնեք էլ, շեն է,- իրենից դուրս է գալիս Տավարած Մուխանը։-Ես որ ասում եմ շեն է, ուրեմն շեն է։ Դե որ քաղաք է, ձեզ համար կարգին տավարած գտեք, ես չկամ։
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ...
Խմբապետ Խորենն ու Խմբապետ Աղաջանը Ննգի գյուղում իրար վրա մաուզեր են քաշել, ավել-պակաս խոսք ասել ու դարձել թշնամիներ։ Աղաջանն իր խմբով քաշվել Է ծմակները, Խորենը կորեկով ծախած շան նման էլի եկել է, Լեռնակերտում շնթռնել:
Վարժապետ Սիմոնը, պարոն Սիլվեստը և Դուքան Սեդրակը հաշտվել են Խմբապետ Խորենի հետ։ Միասին էլ լակում են ու գոռում. «Հանուն հայրենյաց կռվենք ու մեռնենք...»։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Ռուսաստանում կապիտան Խասապետովի Կատինկայի բախտը չբերեց։ Խասապետովը ժամանակավոր կառավարության տապալումից հետո միացավ սպիտակգվարդիականներին, շարժվեց Պետրոգրադի վրա ու... աստված նրա հոգին լուսավորի։ Կատինկան ամուսնուն կորցնելուց հետո, չկարողացավ սև զգեստներ գտնել, ստիպված երեք անգամ ամուսնացավ, երեք ամուսիններն Էլ փուչ դուրս եկան։ Եկավ Աստրախան, Աստրախանում սիրահարվեց մի բոցմանի, պարոն բոցմանը ուղարկեց նրան Բաքու, ինքը գնաց անհայտ ուղղությամբ։
Եվ Կատինկան կարոտեց Լեռնակերտին, կարոտեց նրա փոշոտ փողոցները, կարոտեց Գորոդովոյ Անտոնին, կարոտեց Դուքան Սեդրակի սֆաթին, եկավ։ Եկավ ու հանդիպեց պարոն Սիլվեստին, պարոն Սիլվեստը ասպետավարի չոքեց նրա առջև, համբուրեց փամփլիկ ձեռքն ու ասաց.
- Կատյա, Կատինկա, Կատյուշա՛, սիրում եմ ձեզ։
Կատյա-Կատինկա-Կատյուշան տվեց իր համաձայնությունը։ Վարժապետ Սիմոնը դարձավ քավոր, Խմբապետ Խորենը՝ խաչեղբայր, ուտել-խմելը Դուքան Սեդրակի հաշվին էր։
Հարսանիքը տեղի ունեցավ ռուսական եկեղեցում։ Նորապսակներին օրհնեց Ժամկոչ Մանասը։ Նա Աստվածաշունչը թարս բռնեց ու վրա տվեց.
- Օրհնիալս պարոն Սիլվեստոյ և օրիորդոյ Կատինկոյ, ամե՛ն։ Աստված ծնեալ Իսահակ, Իսահակ ծնեալ Հակոբ, Հակոբ ծնեալ Հուդա...
Նորահարս Կատինկան չհամբերեց.
- Նո՛ւ, դուռաչոկ, կուդա՞, կուդա՞...
Խմբապետ Խորենը զգալով, որ ծալը պակաս ժամկոչը կարող Է ուրիշ ափեղցփեղություններ Էլ դուրս տալ, վռնդեց նրան եկեղեցուց ու խմեց «երկու անթառամ ծաղիկների կենացը»։
Մինչև ուշ գիշեր կերան, խմեցին, մինչև ուշ գիշեր երգեցին. «Հանուն հայրենյաց կռվենք ու մեռնենք», ու մրափ մտան։
Իսկ առավոտյան...
Առավոտյան պարզվեց, որ նորահարսը իր ամուսնուն շփոթել Է պարոն Խորենի հետ։ Այդ դեռ ոչինչ, նման բան պատահում Է։ Բայց ցավն այն Է, որ ինչ-որ մեկը մտել Է զորանոց, հավաքել զենքերն ու հեռացել։ Գոնե, մի թուր Էլ չի թողել, որ պարոն Խորենը պահակի թափանթրիքը ցրիվ տա։
Եվ Խմբապետ Խորենը տրորեց կարմրած աչքերը, մոռացավ գիշերվա դեպքը ու մտրակը թափահարեց օդում.
- Եթե զենքը չհանձնեք, Լեռնակերտը կվառեմ։
Չազդեց։
- Բոլորին կճոճեմ կախաղանի վրա։
էլի չազդեց։
Նկատեց թթենու տակ կանգնած փուքս փչող Պողոսին, մոտեցավ, բռնեց օձիքից։
- Հիմա կխոսե՞ս, թե՞ ոչ։
Պողոսը չխոսեց, ուղղակի բռնեց նրա գոտկատեղից, բարձրացրեց, պտտեցրեց օդում ու նետեց Դուքան Սեդրակի խանութի կողմը։ Դուքանի դուռը պոկվեց, լսվեց կանացի մի սուր ճիչ։ Խանութից դուրս եկան կիսամերկ Կատինկան և պարոն Սիլվեստը։ Փողոցում բարձրացավ հռհռոց, Դուքան Սեդրակը, որ երեկվանից հարբած էր, թռավ թթենու առջև ընկած դատարկ տակառի վրա ու երկու ձեռքը բարձրացրեց.
- Պարոննե՛ր, այդ ի՞նչ իրավունքով եք ձեռք բարձրացնում...
Հրացան չպայթեց, թրեր չշաչեցին. Փուքս փչող Պողոսը ոլորեց Խմբապետ Խորենի ձեռքերը, կանգնեցրեց թթենու տակ և հայտարարեց.
- Ժողովո՛ւրդ, էս ավազակի դատը մեր ձեռքովն ենք անում։
Բայց Խմբապետ Խորենին բախտ չվիճակվեց լսելու «դատարանի» արդար որոշումը. նա պոկվեց տեղից, մի ակնթարթում մոտեցավ Գորոդովոյ Անտոնին, պատյանից դուրս քաշեց նրա երկար թուրը, կոթը դեմ արեց գետնին, ընկավ վրան։ Դա Խմբապետ Խորենի առաջին և վերջին քաջագործությունն էր։
ԹԱՐԽԱՆ ԹԵՐԽԱՇՅԱՆ
Նէպի տարիներին Լեռնակերտի մեյդանում՝ հայոց ժամի մոտ Թարխան Թերխաշյանն ու Մկրտիչ Սազանդարովը մագազին բացեցին։ Էդ մագազինի վրա Նալբանդ Աթունը էսպիսի մի խաղ կապեց.
Գնացի մագազին՝
Գինին՝ բոչկա-բոչկա,
Արաղը լիտրով,
Գինին բոչկա-բոչկա։
Կերա ու խմեցի,
Փորս հեչ բան չընկավ։
Նէպը չբերեց Դուքան Սեդրակի բախտը, և նա իր խանութը դարձրեց խաշարան։ Թերխաշյանն ու Սազանդարովն իրենց նէպը մի քիչ շուտ սկսեցին: Իսկ երբ իսկական նէպը եկավ, սկսեցին քչփչալ. թազա կարգերը շուտով կվերանան, և մեկ էլ տեսար՝ թագավորին նորից թախտին նստեցրին...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Օգոստոսին Թարխան Թերխաշյանը Թիֆլիսից եկավ՝ գլխին երկար կզրոկով կեպի, բլուզի օձիքն օսլայած, գոտին արծաթե, շալվարը գալիֆե, մորուքը եռանկյունի, բեղերը ցից-ցից, ոտքերին ճռճռացող սապոգներ։ Ոտքը աջ Է դնում՝ ճը՜ռռ, ձախ Է դնում՝ ճը՜ռռ, կանգնում Է՝ Էլի ճը՜ռռ։
Ու Թարխան Թերխաշյանը ճռճռացող սապոգներով քայլեց Լեռնակերտի ծուռ ու մուռ փողոցներով, ռուսերեն բարևեց ծանոթներին ու անծանոթներին, ռուսերեն զարմացավ, ռուսերեն ուրախացավ, ռուսերեն հայհոյեց Դուքան Սեդրակին ու վերջում էլ ատամների արանքից լեզվի ծայրով նետեց.
- Կը չորտովո մատերի։
Դուքան Սեդրակը խոսքի տակ չմնաց, պատասխանեց.
- Կը չորտովո մատերի Էլ, կը չորտովո դեդուշկա էլ, բաբուշկա էլ, հալա ուրիշ բաներ էլ...
Թարխան Թերխաշյանը Լեռնակերտում նորություն էր։
Փոստի Մադաթը փոշի բարձրացնելով եկավ, կանգնեց Ուստա Ծատուրի դարբնոցի բակում և ասաց. Թարխան Թերխաշյանը յառիյ կամերսանտ է, Թիֆլիսի բանկերը փողով լցրել է, հիմա էլ ուզում է Լեռնակերտում մագազին բացել։ Ով հավատում էր՝ հավատաց, ով չէր հավատում, ասաց՝ «ՉԷ մի, էշի պոզեր»։ Դե լեռնակերտցու համար ինչ կա, կուզի ուղտի վրա էլ պոզեր կդնի, կուզի Դուքան Սեդրակի քամակից մի մեծ պոչ կկպցնի։ Որ կպցրեց, պրծավ, պոկողն ո՞վ է։
Նալբանդ Աթունը կամերսանտ Թարխանին բռնեց ու սկսեց իր հարցաքննությունը։
- Տավարիշչ Թարխան, դուք Թիֆլիսի՞ց եք։
Թարխան Թերխաշյանը ռուսերեն մտածեց, վրացերեն շվշվացրեց, հայերեն պատասխանեց.
- Ծնյալս ի քաղաքն Թիֆլիս, Հավլաբարո թաղին մեջ։
- Պեպոյին ճանաչո՞ւմ ես:
- Ի՞նչ Պեպո:
- Պեպոն, էլի, էն, որ ասում է՝ ես քու սեփական հերն եմ անիծել, Արութին Զիմզիմովյան, բա դու նամուս չունե՞ս, դու սկի մարդ չե՞ս...
- Լսած չկամ:
- Հովհաննես Թումանյանին ճանաչո՞ւմ ես։
- Չգիտեմ, չեմ լսել։
- Ղազարոս Աղայանին գիտե՞ս։
- էդ ո՞վ է։
- Աշուղ Ջիվանու անունը լսած կա՞ս։
- Դա ո՞վ է։
- Լավ, դե որ Թիֆլիսումն ես ծնվել, թող քո ասածով լինի... Հիմա ասա տեսնեմ Քռի մեջ քանի՞ վեդրո ջուր կլինի։
- Չգիտեմ։
- Արա՛, տնածակ-տնածակի տղա, Պեպոյի անունը լսած չկաս, Թումանյանին չես ճանաչում, Աղայանին չգիտես, Ջիվանու անունը լսած չկաս, չգիտես, թե Քռի մեջ քանի վեդրո ջուր կա, բա դու էդ ո՞նց ես ծնվել Թիֆլիսում։ Լավ մտածիր, գուցե ոչ մի տեղ էլ չես ծնվել...
Թարխան Թերխաշյանն ասաց, որ չնայած ինքը ծնվել է Թիֆլիսում, բայց իրեն հոգով-սրտով համարում է լեռնակերտցի, սիրում է Ղարաբաղն ու ղարաբաղցիներին։
- Չէ, չէ, ասա տեսնեմ ո՞նց ես ծնվել Թիֆլիսում,- Նալբանդ Աթունը ոտքը խփեց գետնին։- Թահր ու թուհրիցդ երևում է, որ բանվոր դասակարգ չես, գյուղացի չես, մաճ չես բռնել, երկաթ չես ծեծել։
- Ինտելիգենտ եմ։
- Հայեվուր ասա՝ հասկանամ։
- Ինտելիգենտը քո խելքի բանը չի։
- Ուրեմն՝ Ղարաբաղն էլ քո խելքի բանը չի։
Կամերսանտ Թարխանը ճռճռացրեց սապոգները, ճռճռալով քայլեց մեյդանով, նստելու տեղ չգտավ։ Վախենում էր գալիֆե շալվարը կեղտոտի։ Վախենում էր Սրափիոնի ցանկապատի կողքի կոճղին մեջքը հենի, որովհետև կոճղը բորբոսնած է, ճեղքերից ինչ-որ կարմրագույն բլոճներ են դուրս եկել, ուլունքների պես շարվել կողք-կողքի։ Վախեցավ նաև Դուդուլի ականջներն ու պոչը կտրած Բողարից, որ ընդհանրապես ոչ ոքի վրա չի հաչում։ Բողարն իր այդ խաղաղասիրությունը հավանաբար ժառանգել էր հանգուցյալ Գորոդովոյ Անտոնից։
Եվ որպեսզի կամերսանտ Թարխանը տրաքվի, կտոր-կտոր դառնա, Դուքան Սեդրակը երգում է.
Ղարաբաղ բաղ եմ արել,
Ջիգարս դաղ եմ արել,
Դոստ ու դուշմանի միջին
Քեֆս միշտ չաղ եմ արել։
Բայց կամերսանտ Թարխան Թերխաշյանը չի տրաքվում, կտոր-կտոր չի դառնում. երկարակոթ գլանակ է ծխում. օսլայած օձիքով բլուզ է հագնում, ճռճռացնում սապոգները։ Կարծես շան որդին Լեռնակերտ է եկել միայն նրա համար, որ օսլայած օձիքով բլուզ հագնի, երկարակոթ գլանակ ծխի և ճռճռացնի սապոգները։ Մթամ այդ ամենը չէր կարող Թիֆլիսում անել։ Թիֆլիսը մեծ քաղաք է, կարելի է։
Նալբանդ Աթունի ջղերն այլևս չդիմացան.
- Արա՛, էդ տերը մեռածներին խի՞ չես մի քիչ մազութ քսում, որ ձեն չհանի... Առավոտը՝ ճը՛ռռ, կեսօրին՝ ճը՛ռռ, իրիկունը ճը՛ռռ... Ի՞նչ է, գլխներիս գեներալ Մադաթո՞վն ես, թե՞ կնյազ Կուտուզովը։
- Գեներալ Մադաթովն ո՞վ է։
- Գեներալ Մադաթովին չգիտե՞ս,- ու Նալբանդ Աթունը քրքջաց.- Վա՛յ, կամերսանտ՝ կամերսանտի տղա։
- Մադաթովն ո՞վ է,- նորից հարցրեց Թարխան Թերխաշյանը։
- Իսկ կնյազ Կուտուզովին գիտե՞ս։
- Չէ, չգիտեմ։
- Որ կնյազ Կուտուզովին չգիտես, գեներալ Մադաթովն ինչի՞դ է։
Դուքան Սեդրակը գլուխը հանեց իր խանութի նեղլիկ պատուհանից, հռհռաց, հռհռաց, ու էլի պիտի հռհռար, բայց փուքս փչող Պողոսի նետած պոմիդորը սեպվեց նրա բերանի մեջ, ու հռհռոցը փոխվեց ղլղլոցի։
Օգոստոսի վերջերին Լեռնակերտի մեյդանում տնկվեց Թարխան Թերխաշյանի և Մկրտիչ Սազանդարովի «Թ. Տերխաշով - Մ. Սազանդարով էժան գներով ապրանքների ու մթերքների մաղազին»-ը։ Վաճառասեղանի ետևում երևաց բուլղարական սորտի մի կարմիր տաքտեղ, այսինքն Մկրտիչ Սազանդարովի քիթը, որ հափշտակել էր իր տիրոջ դեմքի մեծ մասը։ Լեռնակերտցիք սկզբում մոռացած առևտուրը, նայում էին Սազանդարովի հրաշք քթին և քիչ էր մնում հարցնեին՝ էդ տաքտեղը քանիսո՞վ ես ծախում...
Օգոստոսի վերջերին Դուքան Սեդրակի խանութի ճակատին երևաց մի ցուցանակ. «Մտեք, անուշ արեք քաղցր ճաշեր»։ Քաղցր ճաշերը՝ առավոտյան խաշ, երեկոյան խաշ, կեսօրին խաշ։ Փուքս փչող Պողոսը «ճաշեր»-ը ջնջեց, դարձրեց՝ ճանճեր, Թարխան Թերխաշյանը եկավ կարդաց, երեսը զզվանքով շուռ տվեց. «Թո՛ւ, պադլեց»։
Մկրտիչ Սազանդարովն ուրիշների հաշվին ուտող-խմող, կոպեկի համար հոգի տվող մարդ է։ Ուրեմն, այս Սազանդարովը Թարխան Թերխաշյանի համար և՛ գլխավոր գործակատար է, և՛ գլխավոր հաշվապահ։ Մկրտիչ Սազանդարովը ամեն երեկո շրխկացնում է համրիչի հատիկները, հաշվում օրվա եկամուտը, հետո բավականությունից ծպացնում շրթունքներն ու ծոր տալիս.
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատա՜ղ...
Բայց որովհետև չգիտե երգի շարունակությունը, երաժշտության տակտով հայհոյում է Դուքան Սեդրակին.
Հերն եմ անիծել Դուքան Սեդրակի,
Որ Լեռնակերտի մեջ հարյավ ու ավա՜ղ...
Կռիվ չեղավ, արկեր չպայթեցին, բայց եղավ երկրաշարժ։ Նէպման Թարխանը հարուստ-հարուստ քնեց, արթնացավ աղքատ։ Եկան ասացին՝ հերիք է որքան փող ես դիզել, քո «էժան գներով ապրանքների ու մթերքների մաղազինը» պիտի հանձնես պետությանը և ապրես ճակատիդ քրտինքով։
Պետությունը Ուստա Ծատուրն ու Նալբանդ Աթունն են, փուքս փչող Պողոսն ու փոստի Մադաթն են... Նախրապան Դուդուլը, որ վերջապես գտել էր գրոց անունը, դարձել Դուրասան, նույնպես պետություն էր: Դուքան Սեդրակը պետություն չէր, կոտր ընկած վաճառական էր։ Դուքան Սեդրակը կանգնեց թթենու տակ, խելագար-խելագար ծիծաղեց, խելագար-խելագար բռունցքը խփեց կրծքին և լուրջ-լուրջ մատը տնկեց վեր.
- էնտեղ աստված կա, աստված տեսնում է։
Ու Լեռնակերտը նրա աչքին օրորվեց, Թարխան Թերխաշյանն օրորվեց, Մկրտիչ Սազանդարովն օրորվեց, աշխարհն օրորվեց։ Ու նրան թվաց, թե ճռնչաց Թարխան Թերխաշյանի մաղազինը, նստեց ու տափակեց գետնին։ Հիմա Դուքան Սեդրակը կարող է քայլել իր մրցակիցների փլատակների վրայով, բարձրացրեց ոտքը, չհասավ, էլի բարձրացրեց, կորցրեց հավասարակշռությունն ու փռվեց գետնին։
- Համա լակել է, հա՜,- ծիծաղեց Ուստա Ծատուրը։
Թարխան Թերխաշյանը պիտի ծիծաղեր, բայց ո՞ւմ վրա, երբ աշխարհը հիմա իր վրա էր ծիծաղում։ Ու նա կեպին քաշեց աչքերին, քայլեց։ Սապոգները պապանձվել, չէին ճռճռում։ «Մի նագան լիներ, կարկաժս ցրիվ կտայի»,- մտածեց նա դառն հեգնանքով և կարծես մի պահ տեսավ իր փշրված գանգը ընկած փողոցում, ցատկեց, որ անցնի վրայով, դեմ առավ Նալբանդ Աթունին։ Նալբանդ Աթունը ձեռքը մեկնեց դեպի դարբնոցը, ցույց տվեց պատից կախած թուղթը։
- Կարդա՛ ։
Թարխան Թերխաշյանը կարդաց. «Այսօր՝ ժամը 8-ին, իրիկունը ռուսի ժամում թատրոն։ Շիրվանզադե։ «Պատվի համար»։ Հանդես է գալիս Հովհաննես Աբելյանը իր խմբով»։
Եվ Նալբանդ Աթունը հարցրեց.
- Հովհաննես Աբելյանին ճանաչո՞ւմ ես։
- ճանաչում եմ։
- Ո՞վ է։
- Արտիստ է։
- Արտիստ չի, դերասան է։
- Շիրվանզադեին ճանաչո՞ւմ ես։
- Պիսատել է։
- Պիսատել չի, գրող է։
- Որ ի՞նչ,- հոնքերը վեր քաշեց Թարխան Թերխաշյանը։
- Ոնց թե՝ ինչ... Բջիջի քարտուղար Ալեքսանին էլ պիտի ճանաչես, ընկեր Մատվեյին էլ, Ուստա Ծատուրին էլ, ինձ էլ, Պողոսին էլ, փոստի Մադաթին էլ։
- Իսկ դուք ո՞վ եք,- համարյա ճչաց Թարխան Թերխաշյանը։- Դուք ո՞վ եք։
- Մենք Լեռնակերտն ենք։
ՈԻՍՏԱ ԾԱՏՈԻՐԻ ՕՐԱԳՐԻՑ
Վարժապետ Սիմոնը շլյապան փոխեց կեպիով՝ չօգնեց։ Մորուքը խուզեց, բեղերը խուզեց, ասաց՝ ես բանվոր դասակարգ եմ, Նալբանդ Աթունը ծուռ-ծուռ նայեց նրան ու հարցրեց. «Բա որ դու բանվոր դասակարգ ես, մե՞նք ինչ ենք»։ Սիմոն Սարխոշյանցը լարեց ուղեղը, մտածեց, մտածեց և տեսավ, որ բան չի ստացվում, բռնեց Միջին Ասիայի ճանապարհը։ Ասաց՝ ես մեծ մասշտաբի մարդ եմ, պիտի մեծ-մեծ քաղաքներում ապրեմ։
Պարոն Սիլվեստը ծլկեց Լեռնակերտից։ Ծլկեց, էն էլ ինչպե՜ս ծլկեց։ Տնաքանդի տղան մի անգամ էլ ետ չնայեց, տեսնի որտեղ մնացին Դուքան Սեդրակն ու Վարժապետ Սիմոնը։ Անտոնը չկարողացավ տանել այդ «անհավասարությունը», թուրը հանեց թախտի տակից, փոխեց մի շիշ գինու հետ, խմեց, հարբեց։ Եվ խեղճ ու կրակ Գորոդովոյ Անտոնը թոկը գցեց վիզը, կախվեց Դուքան Սեդրակի դուքանի առջևի թթենուց։ Խե՜ղճ Անտոն, խե՜ղճ, ինչո՞ւ եկար, ինչո՞ւ գնացիր։
Դուքան Սեդրակը մի օրում ցածրացավ, իջավ և հասավ Գորոդովոյ Անտոնի մակարդակին։ Դուքան Սեդրակն Էլ պիտի գնար պարոն Սիլվեստի հետևից, չգնաց։ Ասաց՝ ես Լեռնակերտի մասշտաբի մարդ եմ, ազնիվ ծնվել եմ, ազնիվ Էլ կմեռնեմ։ Եվ որպեսզի իր ազնվությունը ապացուցի, նավթ Էր վաճառում, վաճառվող նավթի հետ ջուր Էր խառնում, և լեռնակերտիցների ճրագները ավելի շատ ծուխ Էին արձակում, քան՝ լույս։ Հեղկոմի նախագահ Ալեքսանը մի օր Էլ կանգնեց Դուքան Սեդրակի խանութի մոտ ու հարցրեց. «Լավ, հիմա քեզ հետ ի՞նչ անենք. առաջներում գինուն Էիր ջուր խառնում, հիմա Էլ՝ նավթին»։
Ժամկոչ Մանասը խուզեց ցանցառ մորուքը, ցերեկները հայհոյում Էր աշխարհի բոլոր սրբերին, գիշերները աղոթում աստծուն։ Հայհոյեց, աղոթեց, հայհոյեց, աղոթեց և տեսավ, որ բան չի ստացվում, խելքի մնացորդները գլուխն հավաքեց ու խելառվեց։
Դուքան Սեդրակը և Վարժապետ Սիմոնը դարձան, ինչպես Հեղկոմի նախագահ Ալեքսանն է ասում՝ երկու անհայտով հավասարում։ Պողոսը հայտնին գտնելու համար դարբնոցի պատին ածխով գրեց. Վարժապետ Սիմոն + Դուքան Սեդրակ + Պարոն Սիլվեստ = Օ։ Ուստա Ծատուրը էդ զրոյի կողքին մի զրո էլ նկարեց, զրոներին քիթ ու բերան ավելացրեց, աչք ու ունք ավելացրեց և առջևում մի հարցական տնկեց։
Մամբրե Խաբարդանովիչն առերես նոր կարգերն ընդունեց, բայց դե վա՜յ էն ընդունելուն, էլի միտքը ծուռ էր. հավաքում էր գլխին, քսի-փսի անում, ասում կարիք չկա հուսահատվելու, նոր կարգերը երկար չեն դիմանա։ Իսկ աղջիկը՝ Օլյան, հորը բանի տեղ չդրեց, ամուսնացավ Պողոսի հետ։
Գալիֆե Գուգուշը... Վա՜յ, մեռնես դու, Գուգուշ. մի գլուխ հեղափոխության ցավն էր տանում։ Տղայի անունն էլ Հեղկոմ էր դրել. Թամամը համ օրորոցը օրորում է, համ էլ երգում.
Խորհրդային նոր զակոնով
Բայ-բայ արա, Հեղկոմ բալա,
Հորով լինես, լինես մորով,
Շուտ մեծանաս, Նարկոմ դառնաս։
ՕԹԵԼԼՈՆ, ԴԵԶԴԵՄՈՆԱՆ, ԱԲԵԼՅԱՆԸ ԵՎ ՆԱԼԲԱՆԴ ԱԹՈՒՆԸ
Օհաննես Աբելյանը ռուսի ժամի բակում իջավ Մնացական Դանդարովի ֆայտոնից, երեսը կատակով խաչակնքեց ու ասաց.«Վայ թե լեռնակերտցիք բռնեն ու վերջում Էլ ինձ քահանա օծեն»։ Աբելյանի հետ մի սիրուն կնիկ Էլ Էր եկել, Դեզդեմոնա պիտի խաղար։ Մեր Էս Նալբանդ Աթունը նայեց Էդ սիրույն կնկանն ու գլուխն օրորեց. «Մթամ աշխարքում մենք Էլ ենք ապրում, Աբելյանն էլ»։ Աբելյանը լսեց ու քթի տակ ծիծաղեց։
Ուրեմն երեկոյան Աբելյանը ռուսի ժամում Օթելլո խաղաց, Էս Նալբանդ Աթունը թատրոնի Էն թունդ վախտը մի Էնպիսի անհամություն արեց, մի Էնպիսի՜ անհամություն, որ սկի ոչ ասելու բան է, ոչ էլ գրելու բան...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Թատրոնը Լեռնակերտում նորություն էր։ Նորություն էր նաև մարմարի պես ճերմակ դեմքով այն դերասանուհին, որ թևանցուկ արեց Աբելյանին, գլուխը նազանքով ետ գցեց ու քրքջաց։ Կարծես չոր անապատում աղբյուր կարկաչեց։
- Վա՜յ, սատանա-սատանայի կնիկ,- ասաց Նալբանդ Աթունը։- Մթամ աշխարհում մենք էլ ենք ապրում, Աբելյանն էլ։
- Չեմ ասե՞լ՝ արսըզ-արսըզ դուրս չտաս,- բարկացավ Ուստա Ծատուրը,- Աբելյանը ժողովրդական մարդ է, դու ինչո՞ւ ես նրա հետ չափվում։
- Որ էդ սիրուն կնիկն ինձ էլ պադրուշկա անի, ես էլ ժողովրդական կլինեմ,- պատասխանեց Նալբանդ Աթունը և նորից կրկնեց.- Վա՜յ, սատանա-սատանայի կնիկ։
Մի աֆիշ Ուստա Ծատուրի դարբնոցի պատից կախեցին, մի աֆիշ Նալբանդ Աթունի դարպասից, մի աֆիշ փոստի շենքի ճակատից։ Որովհետև մի քանի օր առաջ «Պատվի համարը» ցնցել էր Լեռնակերտը, հիմա բոլորը սրտատրոփ սպասում են «Օթելլո»-ին։ Երեկոյան դեմ փոստի Մադաթը կանգնեց բոստանչի Սրափիոնի կտրին, վիզը երկարեց ու կանչեց.
- Լեռնակերտի ժողովո՛ւրդ, Աբելյանի թատրոնը սկսվում Է, եկե՛ք...
Տավարած Դուդուլը «Օթելլո»-ի մասին որոշ բաներ լսել Էր Փոստի Մադաթից։ Փոստի Մադաթն ասել էր՝ Օթելլոն արաբ է, իրա կնիկը կամ ինգլիզ է, կամ ֆռանցուզ։ էդ արաբը նամուսով մարդ է, կնկա ղալաթները չի կարողանում տանել, բռնում՝ խեղդում է։ Տավարած Դուդուլը հիշեց Փոստի Մադաթի պատմածն ու ռեկլամեց ներկայացումը.
- Ժողովո՛ւրդ, Հովհաննես Աբելյանն էս թատրոնում իրա լիրբ կնկանը պիտի խեղդի, եկեք թամաշա արեք։
- Եվ աչքն էլ կհանի,- լուրջ-լուրջ արձագանքեց բոստանչի Սրափիոնը։- Իսկական տղամարդը Աբելյանն Է, բա Մամբրե Խաբարդանովիչի նման կլինի՜... Դուդուլ ախպեր, մի անգամ էլ կանչի, թող էդ աննամուս Մամբրե Խաբարդանովիչը լավ լսի։
- Իմ անունը Դուդուլ չի,- նեղացավ Դուդուլը։- Դուդուլը էն քյոհնա վախտերումն է եղել։ Իմ իսկական անունը Դուրասան է։
- Յա՜,- զարմացավ Սրափիոնը,- դու էդ ե՞րբ դերասան դարձար։
- Ասացի՝ Դուրասան։
- Է՜, լավ. ի՞նչ տարբերություն կա Դուրասանի ու Դերասանի միջև։
Ու եկան։ Ռուսական եկեղեցում ասեղ գցեիր, գետնին չէր ընկնի։ Եկել էր Մամբրե Խաբարդանովիչը՝ Հերիքնազ Առնավուդովնայի հետ, Սիմոն Սարխոշյանցն էր եկել՝ կեպին քաշած աչքերին, Մեռել լողացնող Մանգասարն ու Ժամկոչ Մանասը, Գալիֆե Գուգուշն ու Թամամը, Ֆոտո Գավրուշն ու Վարսավիր Արտուշը... Եկել էին հարևան Քարաշեն, Արմենավան, Խնածախ, Շոշ գյուղերից, և բոլորն էլ լոզունգներով. «Կեցցե՜ սոցիալիստական թատրոնը, կորչի՛ բուրժուական փտած արվեստը»։ Վարագույրները քաշեցին, բեմում երևաց մի արաբ՝ ականջներից կլոր-կլոր օղեր կախ արած, ատամները ճերմակ, հագին թանկարժեք զգեստներ։ Արաբը խոսեց ինչ-որ Յագոյի հետ, հետո ներս մտավ Դեզդեմոնան՝ երեսը ճերմակ, թևերը ճերմակ, պարանոցը ճերմակ, շորերը ճերմակ։ Փոստի Մադաթին մնում էր միայն զարմանալ, թե այդ արաբը որտեղից գիտե հայերեն, և թեքվեց ու շշնջաց Դուդուլի ականջին. «Ուրեմն՝ էս արաբը հայ է, և ինքն էլ Հայաստանի հայ...»:
Ու երբ Օթելլոն զայրացավ կնոջ վրա ու գոռաց.
«Դև՛, դև՛, դև՛։
Երկրի արգանդը եթե հղանար կնոջ արցունքից,
Ամեն կաթիլից մի կոկորդիլոս կծնվեր։ Կորի՛ր,
Կորի՛ր իմ աչքից...»,- դահլիճն ավելի լարվեց, վիզն ավելի երկարեց դեպի բեմը։ Բոլորն անհամբեր սպասում են, թե ինչով պիտի ավարտվի արաբի ու նրա գեղեցիկ կնոջ պատմությունը։
Ու եկավ այդ պահը։ Երբ կատաղած Օթելլոն նետվեց Դեզդեմոնայի վրա, բռնեց կոկորդն ու ասաց՝ «էլ ուշ է», տեղի ունեցավ զարմանալի բան. Նալբանդ Աթունը վեր թռավ տեղից, նետվեց բեմ ու Օթելլոյին հրեց մի կողմ.
- Ի՞նչ ես անում, այ տնաքանդ-տնաքանդի տղա, հո ալան-թալան չի։
Մեծահռչակ Աբելյանը, որ հիմա Նալբանդ Աթունի համար միայն արաբ է, շրջվեց, նայեց Աթունին... բռնեց փորն ու քրքջաց։ Նրա այդ քրքիջը դուր չեկավ Նալբանդ Աթունին. դուր չեկան կլոր-կլոր օղերը, ճերմակ-ճերմակ ատամներն ու փայլփլուն զգեստները, և ձայնն ավելի բարձրացրեց.
- Չէ՛, ասա մի տեսնեմ՝ խի՞ ես ուզում խեղդել էդ սիրուն կնկան։ Ախպեր, չես կարողանում պահել, տուր մենք պահենք։
Դահլիճը պայթում էր ծիծաղից, իսկ Նալբանդ Աթունը կպել էր Աբելյանից ու իրենն էր քշում.
- Չէ՛ , ասա մի տեսնեմ՝ խի՞ ես ուզում խեղդել էդ անմեղ կնկանը։
Շփոթված Դեզդեմոնան կուչ էր եկել մի անկյունում, լուռ նայում էր, թե այդ ամենն ինչով պիտի վերջանա։
Այո, ինչպես Ուստա Ծատուրն է վկայում՝ «շատ անհամ բան ստացվեց»։ Բայց դե ներկայացումը պիտի ավարտել, և Աբելյանը ելքից դուրս գալու համար որոշեց լեզու գտնել Նալբանդ Աթունի հետ։ Ասաց, որ ինքը Դեզդեմոնային իսկականից չի խեղդում, և խնդրեց, որ հարգարժան Նալբանդը թողնի բեմը։ Բայց Նալբանդ Աթունը առոք-փառոք նստեց Դեզդեմոնայի մահճակալին ու գլուխն օրորեց.
- Չէ, արաբ ախպեր, ես էստեղից հեռացողը չեմ։ Ես չեմ թողնի, որ Լեռնակերտում, էն էլ աստծու տանը, կնիկ խեղդեն։
Աբելյանը տեսավ, որ Նալբանդ Աթունը տեղում պինդ է նստել, իսկ ներկայացումն էլ մնացել է թերատ, ստիպված կատարեց Օթելլոյի վերջին մենախոսությունը, հանեց սուրը, գոչեց՝ «Ահա այսպես» և զարկված ընկավ գետնին։ Նալբանդ Աթունը զարմանքից պլշեց աչքերը, անմեղ-անմեղ նայեց դահլիճին ու ասաց.
- Պա՛հ, քու շառը կտրվի, հա՜...
Այսպես ավարտվեց Նալբանդ Աթունի, Օթելլոյի և Դեզդեմոնայի պատմությունը։ Ավարտվե՞ց... Չէ՛, չավարտվեց։ Ամբողջ մի ամիս Լեռնակերտում այդ մասին էին խոսում և ծիծաղում։
Ասում են՝ հաջորդ օրը Նալբանդ Աթունը մոտեցել է Աբելյանին ու հարցրել.
- Ուրեմն էդ Օթելլոն հայացած արա՞բ է։
- Չէ, մավր է։
- Մավրն ի՞նչ է։
- Ցեղ է։
- Իսկ էդ սիրուն կնիկը ֆռանցու՞զ է, թե՞ ինգլիզ։
- Իսկ ինչու՞ ֆռանցուզ կամ ինգլիզ։
- Ես էլ էդ եմ ասում էլի՜, էդ եմ ասում։ Բա ֆռանցուզի կնիկը արաբի վրա սեր կկապի՞... Ուրեմն էդ բոլորը ստից սարքած բանե՞ր են...
- Հա, սարքած։
- Բա Էդ ո՞վ Է սարքել։
- Շեքսպիրը։
- Շեքսպիրն ո՞վ Է։
- Անգլիացի Է։
- Պա՛հ, ձեր ինչն ասեմ։ Էդ ինչի՞ մեր հայերի ղորթից սարքած բաները թողել, անգլիացու ստից սարքած բաների ետևից եք ընկել։
Ու Աբելյանը քահ-քահ ծիծաղել, ձեռքը դրել Է Նալբանդ Աթունի ուսին և ասել.
- Համա դու Էլ հետաքրքիր մարդ ես, հա՜... Այ տնաշենի նալբանդ, քիչ Էր մնում Էդ կնկա պատճառով ինձ սպանեիր։
- Վա՜յ, քու ցավը տանեմ, ընկեր Աբելյան, ինձանից հո չե՞ս նեղացել։
- Չէ, չեմ նեղացել։
- Դե որ չես նեղացել, գնանք մի-մի թաս արաղ խմենք։
Ու Նալբանդ Աթունը մեծահռչակ Հովհաննես Աբելյանին հրավիրել է իրենց տուն, բաժակ-բաժակի խփել, ասել.
- Ախպեր Աբելյան, քո էդ շնորհքի կենացը։ Քո էդ բաց ճակատի կենացը։ Քո էդ Դեզդեմոնի կենացը։ Քո թատրոնի կենացը։ Քանի Նալբանդ Աթունը սաղ է, Լեռնակերտի դռները քո առաջ միշտ բաց կլինեն։
Հովհաննես Աբելյանը դատարկել է բաժակը, խորամանկ-խորամանկ նայել Նալբանդ Աթունի աչքերին, լուրջ-լուրջ հարցրել.
- Ախպեր Աթուն, դրուստն ասա, հո սեր չե՞ս կապել էն սիրուն կնկա վրա։
- Ի՞նչ սիրուն կնիկ,- մթամ չի հասկացել Նալբանդ Աթունը, փորձել է խոսքը շուռ տալ.- մի-մի թաս էլ չխմե՞նք։
- Խմելը՝ կխմենք, մենակ դրուստն ասա։ Դեզդեմոնային սիրահարվե՞լ ես։
- Դեզդեմոնը ո՞վ է։
- Խոսքդ ինչո՞ւ ես կտուրը գցում, աչքերիցդ երևում է...
- Ախպեր Աբելյան, էդ ի՞նչ արաբայի շառ է։
- Չէ, ճիշտն ասա։ Բա էլ որտե՞ղ մնաց մեր ախպերությունը։
Նալբանդ Աթունը երեխայի պես կարմրել է, նայել դես ու դեն ու վիզը խեղճ-խեղճ ծռել.
- Դե լավ էլի՜, ախպեր Աբելյան, էսքան տարվա պահած աբուռս ինչի՞ ես թափում։ Մի քար դու դիր էդ բանի վրեն, մի քար՝ ես, մի քար՝ մեր Ծատուրը, մի-մի քար էլ՝ մեր լեռնակերտցիք, մենակ աշխարհով մեկ չանեք։
ՆԷՊ
ՆԷՊ-ը, Ալեքսանի ասելով, նշանակում է՝ նոր տնտեսական քաղաքականություն, Փոստի Մադաթի բացատրությամբ՝ «Հլա սպասեցեք, նոր պլատֆորմի վերջն ուրիշ բան է դուրս գալու», ըստ Դուքան Սեդրակի՝ «Ասում էի, չէ՞, աշխարհն էսպես չի մնա», Գալիֆե Գուգուշի խելքով՝ «Տղա ես, տակդ ու գլուխդ լցրու»։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Այսօր՝ ահա մենք համարձակ
պարզում ենք նէպ,
Որ իմանանք ով է մեր դեմ«
ով է մեզ հետ։
(Խոսք անհայտ բանաստեղծի)
Իսկ Մամբրե Խաբարդանովիչը ոչինչ էլ չասաց, որովհետև նախ նա ոչ թե խոսքի, այլ գործի մարդ է, և հետո էլ՝ իր մտքերը բարձրաձայն արտահայտելու սովորություն չունի։
Նա այդ օրը արթնացավ բարձր տրամադրությամբ, թրաշվեց, Հերիքնազ Առնավուդովնայի այտը համբուրեց, դուրս եկավ փողոց։ Հերիքնազ Առնավուդովնան նայեց ամուսնու ետևից, քրթմնջաց դժգոհ. «Հողե՜մ գլուխդ, գիշերները բարձը գրկում՝ խռմփացնում է կուշտ կերած արջի նման, ցերեկներն՝ ինձ միտը գցում»։
- Բարի՜ լույս, Մամբրե Խաբարդանովիչ,- նրան առաջինը ողջունեց Գալիֆե Գուգուշը,- լավ բաղնիս ունեմ, համեցեք։
- Մեծապես շնորհակալ եմ,- պատասխանեց Մամբրե Խաբարդանովիչը,- ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, ուշանում եմ։
- Բարի՜ լույս, Մամբրե Խաբարդանովիչ,- երկտակվեց Մեռել լողացնող Մանգասարը։- Ինչպե՞ս է հայր Խաբարդանի թանկագին առողջությունը։
- Հիանալի։
Մեռել լողացնող Մանգասարը հոնքերը կախեց ու հայհոյեց մտքում. «Քավթառը պինդ ճակատ ունի, ոտը դեմ է արել, չի ուզում մեռնել»։
- Բարի՜ լույս, Մամբրե Խաբարդանովիչ,- Դուքան Սեդրակը ցուցամատով նետեց թևերը պոկած ճանճը, վիզը երկարեց։- Բա որ ասում եմ աշխարհն էսպես չի մնա՜...
- Բարի՜ լույս, Մամբրե Խաբարդանովիչ,- խխունջի պես գլուխն իր խցիկից հանեց Բժիշկ Սերմաքաշյանը։- Գլխացավի հիանալի հաբեր ունեմ։
- Հարգանքներիս ամենահավաստիքը,- բարձրագոչ ողջունեց Սիմոն Սարխոշյանցը,- դեհ, ի՞նչ կասեք, հարգարժան Մամբրե Խաբարդանովիչ, ձեզ չի՞ թվում, որ ժամանակները նորից փոխվում են հօգուտ մեզ։
- Հնարավոր է,- Մամբրե Խաբարդանովիչը արագացրեց քայլերը, չցանկանալով զրույցի բռնվել Սիմոն Սարխոշյանցի հետ։
Բայց Վարժապետ Սիմոնը իսկույն հասավ նրան, բռնեց թևը.
- Ներեցեք, Մամբրե Խաբարդանովիչ, մի բան պիտի խնդրեմ։
- Ի՞նչ կա։
- Ինչպես ասում են՝ ես փողի խիստ տագնապ եմ զգում, եթե հնարավոր է, հանուն մեր բարեկամության...
- Իսկ այն պարտքերն ո՞վ պիտի վերադարձնի։
- Ներեցեք, ինձ ճանապարհածախս է հարկավոր, վաղը պիտի մեկնեմ Միջին Ասիա։
- Բարի ճանապարհ։
Սիմոն Սարխոշյանցը ուզում էր նրան մի լավ շշպռել՝ բուրժուական տզրուկ, հլա սպասիր, բոլշևիկներն այնպե՜ս թոզդ քամուն տան... Բայց լեզուն պահեց ատամների տակ, չէր ուզում ճանապարհվելուց առաջ բոլոր կամուրջները վառել։
- Ողջո՜ւյն Մամբրե Խաբարդանովիչին,- իր քրքրված ապարատ-արկղի կողքից ձեռքր պաթետիկ տոնով առաջ պարզեց Ֆոտո Գավրուշը։- Ե՞րբ կբարեհաճեք լուսանկարվել ընտանյոք հանդերձ։
Ուստա Ծատուրը սովորականի պես իր գործին էր, Նալբանդ Աթունը հիմա էլ Ժամկոչ Մանասին թողել, բռնել էր Մեռել լողացնող Մանգասարի օձիքը՝ «Յանի փեշակդ մեռել լողացնելը չի՞... Յանի դու էլ քեզ մարդ ես հաշվո՞ւմ»։
Մամբրե Խաբարդանովիչը փեսայի՝ Պողոսի հետ պինդ էր խռովել, ասել էր՝ ես ոչ Պողոս անունով փեսա ունեմ, ոչ էլ Օլյա անունով աղջիկ։ Նա աչքի պոչով նայեց շիկացած երկաթի հետ կոխ բռնած փեսային, սիրտը փափկեց։
- Մեր տղա, Օլյան ինչպե՞ս է։
Պողոսը երկաթը թշշացրեց ջրի մեջ ու պատասխանեց.
- Օլյան լավ է։
- Չեք գալիս, չեք գնում։
- Չենք գալիս, չենք գնում,- Պողոսը ժպտաց քթի տակ։- Ախր ինչո՞ւ գանք, ինչո՞ւ գնանք։
- Նեղացա՞ծ եք։
- Չէ մի։ Ումնի՞ց և ինչի՞ պիտի նեղանամ։
- Լավ, ես գործ ունեմ, հետո կխոսենք։
Մամբրե Խաբարդանովիչը վիճելու տրամադրություն չուներ, նա գործի մարդ է, նրա համար կարևորը և գլխավորը այն է, որ կարողանա ետ բերել իր նախկին փառքը։ Աղյուսագործարանի կողքին կկառուցի կահույքի ֆաբրիկա, Մեծ մեյդանում կունենա իր գրասենյակը, հետո կբարձրանա և թքած կունենա այդ Գուգուշի, Սեդրակի, Գավրուշի... այդ չարչիների, այդ չախկալների, այդ քնձռոտների վրա։ Ժամանակը հիմա խոսում է Մամբրե Խաբարդանովիչի օգտին, հարկավոր է շտապել, շտապել, նորից շտապել։
Շինությունը, որի ճակատին մի ժամանակ գրած էր՝ «Դուռը բաց, կեր խորոված», և երբ խորոված ուտելու ախորժակով Ժամկոչ Մանասը դուռը բացեց, այնտեղ արդեն մկներն էին պարում,- հետագայում դարձավ մանր-մունր ապրանքների մաղազին, 18 թվականի վերջերին, Գալիֆե Գուգուշի և Մուշեղ Չանչախովի համառ ջանքերով՝ կլուբ։ Ինչո՞ւ Թիֆլիսը, Բաքուն, Երևանը, Շուշին կլուբ կունենան, Լեռնակերտը՝ ոչ։
Դա ծխից սևացած պատերով, նեղ լուսամուտներով երկարավուն մի օթախ էր, որտեղ ամեն երեկո Լեռնակերտի նշանավորները թուղթ էին խաղում, զառեր գլորում ու քննարկում զանազան հարցեր։ Երբ Թարխան Թերխաշյանն ու Մկր. Սազանդարովը հայտնվեցին Լեռնակերտում, Գալիֆե Գուգուշը օրակարգի մեջ մտցրեց Թերխաշյանի ճռճռան սապոգները և Մկր. Սազանդարովի բալգարսկի տաքտեղ քիթը։
- Լեռնակերտի պատմության մեջ այդպիսի քիթ չի եղել և չի լինի,- ասում էր Գալիֆե Գուգուշը։- Լեռնակերտը պիտի հպարտանա, որ Սազանդարովի նման մարդը դարձել է իր օրինական բնակիչը։
Այդ օրը Գալիֆե Գուգուշը երկու բաժակից հետո փափկել և մոմ էր դառել։ Նա ասաց, որ ինքը կամավոր կերպով ՆԷՊ-ի ցավը տանում է, և որովհետև դա շատ մեծ երևույթ է Լեռնակերտում, խոստանում է շուտով իր բաղնիս-համամի ճակատին խփել նոր ցուցանակ՝ «Նոր էրայի պաղնիս»։
Ահա այդ ժամանակ էլ բացվեց կլուբի դուռը և երևաց Մկր. Սազանդարովի բուլղարական տաքտեղը։ Գալիֆե Գուգուշը լայն տարածեց թևերը, խոնարհեց գլուխն ու ասաց.
- Մկրտիչ Սազանդարով, ես քո բոլգարսկի տաքտեղ քթի ցավը տանեմ։ Թե չտանեմ, հազար ամոթ ինձ։ Այդ քիթը որ իմը լիներ, ցիրկում բոլ-բոլ փող կաշխատեի...
Մկր. Սազանդարովը, այդ տգետը, այդ ողորմելին, որ պարտավոր էր քաղցր ժպտալ Գալիֆե Գուգուշին, ասել՝ շնորհակալ և զգացված եմ, որ իմ քթի մասին այդպիսի մեծ կարծիք ունեք, ոտնահարեց քաղաքավարության տարրական նորմերը և ապտակեց Լեռնակերտի պարծանք Գալիֆե Գուգուշին։
Լեռնակերտի ընտիր հասարակության ներկայությամբ ապտակել Գալիֆե Գուգուշին, դա արդեն անպատվություն է և պազոր։ Բայց Գուգուշը նամուսով մարդ է, գլխին կնկա լաչակ չէր կապել, որ կուլ տար այդ ահավոր վիրավորանքը։ Նա բռնեց իր ախոյանի ուսերից և գլխով, ինչպես Դուքան Սեդրակն է վկայում՝ բաշկոյ տվեց։
- Որ բաշկոյ տվեց,- հաստատում է Մեռել լողացնող Մանգասարը,- էս Մկրտիչ Սազանդարովը պարկի պես փռվեց հատակին, դարձավ լողացման ենթակա մեռել։
- Ես որ թատրոն եմ ասում, դուք կինո հասկացեք, որ կինո եմ ասում՝ ցիրկ հասկացեք, որ ցիրկ եմ ասում՝ ինչ ուզում եք հասկացեք,- պատմում է Ուստա Ծատուրը.- Ոնց որ Չարլի Չապլինի լազաթ բաները։ Սաղ Լեռնակերտի խալխը հավաքվել ու թամաշա էր անամ։ Սկի Խանանդա Շաշայի համերգին էդքան մարդ չէր գալիս։ Գուգուշս ո՞րն է, շան տղան ասլան էր կտրել։ էս Թերխաշյանը գլուխը բարձրացրեց, Գուգուշս սրա կարկաժին՝ դըրա՛խկ։ Դուքան Սեդրակը կոտրած գդալի պես մեջ ընկավ, Գուգուշս սրա գլխին՝ շըրա՛խկ։ Մեռել լողացնող Մանգասարը բերանը բացեց՝ թըրա՛խկ։ Դե հիմա եկեք ձեր մեռելացուները տարեք։
Երբ Պողոսը կապը կտրած նէպմանականներին դուրս արեց կլուբից, վեճը բորբոքվեց մեծ ընկուզենու տակ։ «էն աշխարհը գնացած, ետ եկած» Մկր. Սազանդարովը իսկապես ցուցադրեց իր արտակարգ տաղանդը և ապացուցեց, որ ինքը ոչ միայն մեծ քթի, այլև հոյակապ հայհոյանքների վարպետ է։ Նա հայհոյում էր չափազանց պատկերավոր, էպիտետները օգտագործում տեղին ու դիպուկ և անում այնպիսի համեմատություններ, որ նույնիսկ Ֆոտո Գավրուշը կնախանձեր նրան։
- Գալիֆե Գուգուշ, դու ռուսի ժամի պատի տակին պպզած անգլիական բուլդոգ շուն ես։ Հավլաբարի քուչեքումը մոլորված մեյմունի թանձրագույն տեսակ... Դաբաղից ընկած ոչխարի որդնած ու պիղեծնած կճղակ... Դու մարդ չես, այլ մարդկային կերպարանքով ողորմելի մի պոչավոր, որին Չարլզ Դարվինն անվանել է կապիկ։ Դու ատամները թափած հիմալայան սապատավոր ուղտի քուռակ և անապատում սատակած զոլավոր գորտի ձագ ես...
Գալիֆե Գուգուշը, որ քիչ առաջ առյուծ էր կտրել, մեծ բավականությամբ ընդունեց Մկր. Սազանդարովի բերանից թափվող լալա-ջավահիրները, նույնիսկ քիչ էր մնում հուզմունքից արտասվեր, սակայն տղամարդու պես զսպեց իրեն, ձեռքը դրեց կրծքին ու ասաց.
- Վա՜յ, ես քո սոբստվեննի ցավը տանեմ, Մկրտիչ Սազանդարով։ Արա՜, դու հրաշք մարդ ես, դու մեծ, Չարլի Չապլինից էլ, Թարխան Թերխաշյանից էլ, Կարկազ Լեռնակերտցուց էլ մեծ մարդ ես։ Եվ ես, անապատում սատկած ճերմակ զոլավոր գորտս, մինչև հիմա այդ չեմ հասկացել։ Թե սրանից դենը քո թանին թթու ասեմ, հազար ամոթ ինձ։ Թե սրանից հետո բաղնիսս մտնես, քեզանից մի կոպեկ վերցնեմ, Նալբանդ Աթունի շան կողքին պպզեմ ու Մեռել լողացնող Մանգասարի վրեն հաչեմ...
Մամբրե Խաբարդանովիչը, ինչպես արդեն վերևում ասացինք, գործի մարդ է, այս զավզակների, բերանբացների, անտաշների ու սանձարձակների հետ ոտք մեկնելու իրավունք չունի։
Երկար ընդմիջումից հետո աղյուսագործարանը ծուխ արեց, հունցած կավը շիկացավ, ձևափոխվեց ու դարձավ աղյուս, ապա սկսեց գործել տաբուրետի ֆաբրիկը, դրա կողքին «Պատվերներով գլխարկ»-ը և, վերջապես, Մամբրե Խաբարդանովիչն էր, որ Լեռնակերտում առաջին անգամ բացեց «Պապիրոս-թամբաքի-մուշտուկ-չիբուխ» խանութը։
Ճիշտ է, լուրեր տարածվեցին, որ իբր Մամբրե Խաբարդանովիչը թամբաքու հետ թբղլու չորացած տերև է խառնում, նրա արտադրած տաբուրետները մի շաբաթ էլ չեն դիմանում, որ իբր Հերիքնազ Առնավուդովնան ամեն օր՝ կեսօրին, ճիպոտով ծեծում և անկյուն է կանգնեցնում իր կեսրայրին, թե իբր Մամբրե Խաբարդանովիչը ամեն երեկո իր հարազատ հոր վրա գոռում է՝ «Վերջապես ինչո՞ւ չես ուզում պատվով սատկել, քավթառ ղուզղուն»։ Բայց այդ ամենը դատարկ բաներ են, այսինքն խալաստոյ կրակոցներ, որ Մամբրե Խաբարդանովիչը ականջի ետևն է գցում ու քթի տակ ծիծաղում։
Բայց տեղի ունեցավ փոքրիկ մի դեպք, որն, ինչ խոսք, չէր կարող պատիվ բերել Մամբրե Խաբարդանովիչին, մի մարդու, որ անզուգական ամուսին է, հիանալի հայր, լավ ընտանիքի հրաշալի զավակ։
Մի տոթ օր, երբ հոգնած ու բեզարած Լեռնակերտը գլուխը դրել զով անտառի ծոցում և հանգիստ ու համաչափ ննջում էր, ծերունի Խաբարդանը՝ Մամբրե Խաբարդանովիչի հարգարժան հայրը, բարձրացավ Դուքան Սեդրակի խանութի կտուրը, զգեստները ցուցադրաբար մեկ-մեկ հանեց, նետեց փողոց, կտրի ծերին կանգնեց մերկանդամ ու խզված բասով գոռաց.
- Ա՜յ խալխ, ես Հիսուս Քրիստոսն եմ, հարություն եմ առել, եկեք թամաշա....
Եվ ցնդած ծերունին սկսեց պարել, չնայած Աստվածաշնչի ոչ մի Էջում խոսք չկա այն մասին, որ Հիսուս Քրիստոսը խաչվելուց առաջ պար Է բռնել մերկանդամ և այն Էլ Լեռնակերտում՝ Դուքան Սեդրակի խանութի կտրին։ Ուրեմն, ըստ ցնդած Խաբարդանի, Քրիստոսը երկու անգամ Է խաչվել, մի բան, որին չի կարող հավատալ նույնիսկ Ժամկոչ Մանասը։
Ջահելները հռհռացին, կանայք շուռ տվեցին իրենց երեսները, այրի Սուսամբարը չորս անգամ խաչ հանեց դեմքին ու նետեց.
- Վո՜ւյ, հողս քավթառ գլխիդ, բա դու սկի աբուռ չունե՞ս։
Դա ծերունի Խաբարդանի վերջին պարն Էր։
Երբ լեռնակերտցիք հարգանքով ու պատվով ծերունու դիակը պահ տվեցին հողին, Գալիֆե Գուգուշը մեռելահացին բարձրացրեց բաժակն ու ասաց.
- Խաբարդան Հաբուդովիչի ցավը տանեմ, ապրեց մեծ կյանքով և իր գեղեցիկ մահով զարդարեց մեր Լեռնակերտը։ Երանի նրան, ով իր մահից առաջ կկարողանա պարել այնպես, ինչպես այդ իմաստուն ծերունին Էր պարում Դուքան Սեդրակի խանութի կտրին։ Խաբարդան հայրիկը ժողովրդական մարդ Է։
- Բա ո՜նց,- կոտրած գդալի պես մեջ ընկավ Դուքան Սեդրակը։- Մարդ ժողովրդական պիտի լինի, ինչպես, օրինակ, ես։ Այդ ո՞ր հիմարը կթողեր, որ մերկանդամ մարդը պարի իր կտրին, բայց ես թողեցի և դա մեծ պատիվ Է ինձ համար։ Խաբարդան հայրիկի շատ թանկագին կենացը։ Լազաթ մարդ էր և լազաթ-լազաթ էլ մեռավ։ Օղորմի՜ իրեն։
Իսկ Մեռել լողացնող Մանգասարը խիստ նեղացավ, որ իր կենացը մոռացան, նեղացավ նաև նրա համար, որ Մամբրե Խաբարդանովիչը ծերունու հին զգեստներն Էր տվել իրեն, որպես մեռելալողացի վարձ։
Փոքրիկ օղակները միանում իրար, դառնում են մեծ շղթա։ Մամբրե Խաբարդանովիչի կարծիքով՝ կարևորը շղթայի ծայրն է։ Այդ շղթայի ծայրը աղյուսագործարանն է, որ իր ձեռքում պիտի ամուր պահեր։ Այն արտելը, որ հիմնել է Ծատուր-Աթուն-Պողոս եռյակը, աղյուսագործարանի կողքին ոչինչ Է։ Բայց, այնուամենայնիվ, արտելն ու արտելականները սղոցում են Խաբարդանովիչի ուղեղը, և նա ամեն օր նույն հարցն Է տալիս իրեն՝ «Ախր սրա վերջն ի՞նչ կլինի»։
Կլուբում տեղի ունեցավ ժողով, և այդ ժողովին չհրավիրվեց ոչ Մամբրե Խաբարդանովիչը, ո՛չ Գալիֆե Գուգուշը, ո՛չ Թարխան Թերխաշյանը, ո՛չ Մկր. Սազանդարովը և ո՛չ Էլ Դուքան Սեդրակը։
Ժողովում խոսեցին Փոստի Մադաթն ու Ուստա Ծատուրը, ռուս Մատվեյն ու Նալբանդ Աթունը... Դուքան Սեդրակը, որ կանգնել Էր կլուբի դռան ետևում, իր ականջով լսեց, թե ինչպես Ալեքսանը ասաց. «Ընկերներ, սա կապիտալիզմի մնացուկների ժամանակավոր աշխուժացում Է։ Սրա վերջն Էլ կտանք։ Մենք Լեռնակերտում պիտի հիմնենք մեր արտելները... Իսկ հիմա մի քանի խոսք կոոպերացիայի մասին...»։
Դուքան Սեդրակը չհասցրեց մինչև վերջ լսել, որովհետև այդ պահին Մատվեյը բացեց դուռը ու ոտքով տվեց նրա փափուկ տեղին.
- Պաշոլ տի վոն, մերզավե՛ց։
Հաջորդ օրը կլուբի պատից կախված Էր այսպիսի մի չափածո կոչ.
Թող չքվեն-կորչեն
Մամբրե ու Թերխաշ,
Հիմա մեր կոչն Է՝
Հպարտ քայլով մարշ։
Մենք ենք Լեռնակերտի
Իսկական տերը.
Կորչի՛ վաշխառուն,
Կեցցե՛ արտելը։
Մամբրե Խաբարդանովիչի մարմնով ահեղ սարսուռ անցավ, մեջքը հենեց Արտուշի վարսավիրանոցի պատին, որ չընկնի։ Վարսավիր Արտուշը ներսում զրույցի էր բռնվել Ֆոտո Գավրուշի հետ. «Հա, իմ արևը,- ասում էր,- որքան մտածում եմ, էս արտելը խելքի մոտիկ բան է։ Որ արտել դառնանք, իրար թիկունք լինենք, մեր կողքովն ո՞վ պիտի անցնի»։
Մամբրե Խաբարդանովիչը շարունակությունը չլսեց, անցավ դարբնոցի կողքով, քայլերն ավելի արագացրեց, տուն հասավ անտրամադիր, պառկեց ու քրտնեց.
- Բանկա կպցնե՞մ,- Հերիքնազ Առնավուդովնան ձեռքը դրեց ամուսնու ճակատին.- Վո՜ւյ, կրակի պես վառվում է։
- Մրսում եմ,- Մամբրե Խաբարդանովիչը մշուշված աչքերով նայեց կնոջը։- Մրսում եմ...
- Դոկտոր Սերմաքաշյանին կանչե՞մ...
- Չեմ ուզում։ Էս ցուրտն ուրիշ ցուրտ է, բուժում չկա։
- Դե լավ, երեխա չես։
- Արտելը մեր տունը կքանդի։ Հա՛, կքանդի։ Դուրս է գալիս, որ ես գետի վրա նստել, ալյուր եմ մաղում։ Գալիֆե Գուգուշը, Վարսավիր Արտուշը, Ֆոտո Գավրուշը նույնպես արտել են գրվել։
- Է՜, դու էլ գրվիր։
- Ի՞նչ գրվեմ, արտե՞լ,- Մամբրե Խաբարդանովիչը թիկնեց բարձին,- գրվեմ, հա՞, գրվեմ... որ ունեցվածքս քամո՞ւն տամ... որ դու էլ լրբությո՞ւն անես։ Ուզածդ էդ չի՞...
Նա չլսեց, թե կինն ինչ պատասխանեց, և ամբողջ գիշեր տաքության մեջ զառանցում էր.
- Արտե՜լը, արտե՜լը տունս կքանդի...
ՊԼԱՏՖՈՐՄ, ՊԼԱՏՖՈՐՄ...
Չեմ հասկանում, թե էս Լեռնակերտի բանը ինչ կլինի. ոչ գյուղի նման գյուղ է, ոչ ավանի նման ավան, ոչ էլ քաղաքի նման քաղաք... Հին Լեռնակերտը կամաց-կամաց նահանջեց, մեջքը դեմ արեց Վարարակնի ձորի բերանին, ասաց՝ սպանեք էլ, տեղիցս շարժվողը չեմ։ Ասաց՝ դուք էդտեղ ապրեցեք նոր կյանքով, թողեք ես էստեղ հին կյանքով մեռնեմ...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Լեռնակերտի հետ նահանջեց Դուքան Սեդրակն իր խարխլված խանութի շենքով, գինու դատարկված տակառներով: Դառնացած նահանջեց: Մի գլուխ հայհոյում էր Սիմոն Սարխոշյանցին, որ հիմա ապրում է ով գիտի որտեղ, և ոչ մի թուղթ չի գրում՝ հարցնի իր զինակցի որպիսությունը...
Նահանջեց նաև Թարխան Թերխաշյանը, խորացավ ձորում, ամուր ցանկապատ քաշեց, և որպեսզի Դուքան Սեդրակի երեսը չտեսնի, չլսի նրա ծղրտոցը, (վա՜յ, կամերսանտ-կամերսանտի տղա) տան դռներն ու պատուհանները բացեց դեպի արևմուտք ու մտածեց. «Էն արևը, որ արևելքից է դուրս գալիս, հալբաթ մի օր էլ արևմուտքից դուրս կգա»։
Հետո Թարխան Թերխաշյանը զոռ տվեց ուղեղին և գտավ, որ աշխարհում մի նոր նէպ էլ կլինի, նորից խանութ կբացի, կապրի աղավարի։
Նէպ չեղավ։ Ճռնչացին մեյդանի փայտաշեն ու կավաշեն տները, բարձրացավ թանձր փոշի, Դուքան Սեդրակը ձորից վիզը երկարեց, Թարխան Թերխաշյանը վիզը երկարեց, երկու անհաշտ թշնամիները ատելությամբ նայեցին իրար և համարյա միասին գոչեցին.
- Քաղաքը քանդում են։
Եվ որովհետև քաղաքը քանդում են, իսկ իրենք էլ բաժանելու բան չունեն, ատելությունը կամաց-կամաց նահանջեց, ու իրենք էլ չիմացան, թե ինչպես հաշտվեցին, դարձան նախ հին ծանոթներ, հետո մտերիմներ ու բարեկամներ։ Թարխան Թերխաշյանը հանեց նէպի ժամանակից մնացած հնամաշ կեպին ու խոսեց։ Ասաց՝ Ալեք Բարթուղյանը ժողով է արել ու էդ ժողովում ասել՝ «Մեր պլատֆորմը հիմա նոր պլատֆորմ է»։
«Պլատֆորմը» Դուքան Սեդրակի գանգի մեջ չտեղավորվեց, մտքում մի քանի անգամ կրկնեց, «պլատֆորմ, պլատֆորմ, պլատֆորմ» անծանոթ բառը մտքում խախալեց, մաղեց, ծամծմեց ու բացատրեց.
- Ուրեմս դրանք որոշել են Լեռնակերտը քանդել, տեղը պլատֆորմ շինել։
- Պլատֆո՞րմ,- Մկր. Սազանդարովը Վարսավիր Արտուշի ածելու տակ այնպես շարժվեց, որ օճառված վրձինը խցկվեց նրա քթանցքը.- Ասում ես պլատֆորմ, է՞լի... Իսկ այդ պլատֆորմը մենակ Ղարաբաղի համա՞ր է, թե՞ մեժդունարոդնի...
- Մեժդունարոդնի է,- Վարսավիր Արտուշը մաքրեց նրա քթանցքը,- բանվոր դասակարգի համար է։ Ես էլ եմ բանվոր դասակարգ։ Գալիֆե Գուգուշը՝ նույնպես։ Իսկ դու Թարխան Թերխաշյանից կապերդ խզե՞լ ես։
- Թարխանը ժուլիկ է, աղվես է Թարխանը, պադլեց է։
- Երևի փողերը հավասար չի կիսել։
- Ես թուքել եմ նրա փողերի վրա։
- Թուքել չի, թքել է,- ուղղեց Արտուշը։
- Թող քո ասածով լինի՝ թքել եմ։ Էդ պլատֆորմը շո՞ւտ կլինի։
- Ալեքսանն ասում է՝ կլինի։
- Թող լինի, ինձ ի՜նչ, ես էլ եմ բանվոր դասակարգ։
Իսկ Թարխան Թերխաշյանի համար, որ պլատֆորմը ոչ այլ ինչ Է, եթե ոչ նէպի նման մի բան, հարգանքով նայեց Դուքան Սեդրակին ու գլխով հավանության նշան արեց։ Դուքան Սեդրակն էլ որոշեց իր գիտելիքներով ավելի զարմացնել նէպմանականին ու հիշեց Սիմոն Սարխոշյանցի «ահավասիկը», կպցրեց այն պլատֆորմին ու համոզված տոնով հաստատեց.
- Ահավասիկ, պլատֆորմ...
Պլատֆորմը Փոստի Մադաթի համար այն զարմանալի սարքերն էին, որ բերեցին Բաքվից, ասացին՝ տելեֆոններ են։ Փոստի պետ Կարապետյանը պտտեց փոքրիկ բռնակը, լսափողը սեղմեց ականջին, ասաց՝ «Ալո՛, ալո՛... Քարաշեն, լսո՞ւմ ես»։ Քարաշենը լռում էր, և փոստի պետ Կարապետյանը կարգադրեց՝ «Բջիջների քարտուղարների ժողով է, ընկեր Առաքելյանին ուղարկեցեք»։
Երեկոյան Փոստի Մադաթը ականջը հպեց այդ փոքրիկ արկղին, ձայն չհանեց։ Պտտեց բռնակը, վերցրեց ընկալուչը, հակառակ կողմի վրա սեղմեց ականջին ու գոռաց. «Քարաշեն, ալո... Արա, ընկեր Առաքել, էդ ինչի՞ ձայնդ ներքևից է գալիս»։ Այդ պահին ներս մտավ Դուքան Սեդրակը, ոտքի ծայրերի վրա մոտեցավ, ինքն էլ դեմ արեց ականջը։
- Խանգարում ես,- Փոստի Մադաթր ոլորեց աչքերն ու շարունակեց հեռախոսազրույցը.- Ասում եմ՝ ձայնդ տելեփոնի էն մի կողմովն է գալիս... թա՞րս եմ բռնել,- ընկալուչը շուռ տվեց։- Հա՜, հիմա իսկականից ալո՜...
Հեռախոսավարուհի Թամարը ճանաչեց Փոստի Մադաթի ձայնը, հուպ տվեց շրթունքներն ու պատասխանեց.
- Ի՞նչ Քարաշեն, սա Մոսկովն է, Մոսկովը լսում է։ Մադաթը շփոթվեց, բայց չկորցրեց իրեն.
- Մոսկո՞վն է... Ալո, Մոսկով, Լեռնակերտից է... Լսո՞ւմ ես։
- Լսում եմ, լսում եմ։
- Մեզ բոլ-բոլ ցեմենտ է հարկավոր, տրուբա է հարկավոր, էն լույսի ստանցու համար սարքեր են հարկավոր... Ալո, լսո՞ւմ ես։
- Լսում եմ, էլ ի՞նչ է հարկավոր։
- Շոլկի նոր փաբրիկ ենք կառուցել, գիտե՞ս։
- Գիտեմ։
- Էդ փաբրիկի համար նոր չարխեր են հարկավոր։ Ընկեր Բարթուղյանն ասել է՝ էդ բաները Մոսկովը պիտի ուղարկի, ինչի՞ չեք ուղարկում։ Ալո, լսո՞ւմ ես։
- Լսում եմ։ Իսկ ձեզ մոտ գործերն ինչպե՞ս են գնում։
- Շատ լավ են գնում... այսինքս՝ պլատֆորմով...
Հեռախոսավարուհի Թամարի համար «պլատֆորմը» անծանոթ բառ Էր, շրջանցեց.
- Ալո, ալո... խոսողն ո՞վ Է։
- Փոստի Մադաթն Է։
- Ուրեմն, ընկեր Փոստի Մադաթ, ձեր պատվերը կատարված Է։ Ցտեսություն։
Փոստի Մադաթն ընկալուչը կախեց, փքված-փքված գնաց-եկավ ու կանգնեց Դուքան Սեդրակի դիմաց։
- Հը՛, տեսա՞ր։
- Հալալ Է, ախպեր... Բա սրանից հետո քեզ հետ խոսե՞լ կլինի... Բայց էդ պլատֆորմն ի՞նչ բան է...
- Պլատֆորմը չգիտե՞ս,- Մադաթը ծիծաղեց,- մինչև հիմա էդ հասարակ բանը չգիտե՞ս։
- Չգիտեմ, ախպեր։
- Բա ինչո՞ւ չգիտես։ Ինչո՞ւ ուրիշ բաներ գիտես, բայց մեր հարազատ պլատֆորմը չգիտես։ Որ չգիտես, ինչո՞ւ ես մտել խորհրդային փոստը։ Գնա Ֆոտո Գավրուշի մոտ, թող բացատրի։
Ֆոտո Գավրուշը նոր ապարատ էր ստացել, տրամադրությունը բարձր էր, Դուքան Սեդրակի հարցին չափածո պատասխանեց.
Հին աշխարհը քանդել ենք,
Ցմփորներին բանտել ենք,
Պլատֆորմը շեն կենա,
Խորհրդային արտել ենք։
Երբ մի շաբթից հետո ապագա հիդրոկայանի սարքերը Եվլախից տեղափոխեցին Լեռնակերտ, Փոստի Մադաթը փոշի բարձրացնելով գնաց Ուստա Ծատուրի մոտ ու հարցրեց.
- Ուստա Ծատուր, հիմա ես ինչպիսի՞ տղա եմ։
- Այսինքն՝ ո՞ր կողմանի։
- Պլատֆորմի կողմանի։
- Պլատֆորմի՞,- Ուստա Ծատուրը մանր-մանր ծիծաղեց:- Ախպեր, Էս ի՞նչ բան Է, Թարխան Թերխաշյանն Է խոսում՝ պլատֆորմ, Դուքան Սեդրակն Է խոսում՝ պլատֆորմ, Նալբանդ Աթունը մի գլուխ՝ պլատֆո՜րմ, պլատֆո՜րմ, պլատֆո՜րմ... Լավ, մի չիմանա՞նք, թե ինչ բան Է Էդ պլատֆորմը։
Թարխան Թերխաշյանն ասաց՝ պլատֆորմը նէպի մի նոր տեսակն է, Դուքան Սեդրակը չհամաձայնեց նրա հետ. «Պլատֆորմը,- բացատրեց նա,- ահավասիկ, դա հենց ինքը պլատֆորմ է, դեռ մի բան էլ ավելի»։
Նալբանդ Աթունը նայեց Փոստի Մադաթին.
- Բա լավ, մի չիմանա՞նք, թե էդ պլատֆորմն ինչ բան է...
ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնակերտի ժողովուրդն իր աչքով իսկական ավտոմոբիլ տեսավ։ Փոստի Մադաթը նոր պլատֆորմով ճառ ասաց, Խանանդա Շաշան էդ ավտոմոբիլի վրեն նոր երգ վեր կալավ։
Մաշինեն եկավ, յարո ջան,
Ակները մա՜նր, բեռները ծա՜նր,
Արի՜, մի գնա, արի՜, մի գնա,
Եկել ես, մնա՜…
Էդ նշանավոր օրը Հաբունց Ղուշին ջուխտ երեխա բերեց, տղայի անունը Ավտոմոբիլ դրեցին, աղջկա անունը՝ Մաշինե։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Լեռնակերտը քաղա՞ք Է, թե՞ գյուղ։
Մեր ձեռքի տակ Է Հեղկոմի նախագահ Ալեքսանի հաշվետվությունը, որտեղ գրված Է. «Լեռնակերտը մի վայր Էր, ուր ավերակներից բացի ուրիշ ոչինչ չկար, հատ ու կենտ մարդիկ ստվերների պես Էին երևում փողոցում»։
Իսկ որտեղ գնացին Մամբրե Խաբարդանովիչի երկհարկանի տունն ու աղյուսի գործարանը, Գալիֆե Գուգուշի պաղնիսն ու Վարսավիր Արտուշի «Վարսավիրանոց-Դալլաքխանա-Պարիկմախտերսկի»-ն, կլուբն ու Դուքան Սեդրակի խանութը, ինչպես նաև Բազար-Լեռնակերտն ու Թարխան Թերխաշյանի գովական մաղազինը։ Ինչպե՞ս եղավ, որ այդ ամենը դարձան ավերակներ։
Հավանական Է, որ Մամբրե Խաբարդանովիչը Լեռնակերտից ծլկելուց առաջ ավերակ Է դարձրել իր աղյուսագործարանը և երկհարկանի տունը։ Այդ մասին Ուստա Ծատուրն իր «Օրագրում» ոչինչ չի հիշատակել, իսկ Նալբանդ Աթունը հետագայում մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասել Է. «Էդ նէպման ղուռումսաղները վերջում շատ վնաս տվեցին մեր գյոզալ Լեռնակերտին»։
Իսկ այդ տարի Ղարաբաղում այնքան փոշի չկար, որքան միայն Լեռնակերտում։ Նալբանդ Աթունը ոտքը դնում էր գետնին՝ փոշի էր։ Բեղերը շոյում էր՝ փոշի էր։ Արխալուղը թափ էր տալիս՝ փոշի էր։
- Ախպեր,- ասում էր,- էս էսեռ-մեսեռից, հնչակ-մնչակից մի կերպ ազատվեցինք, բա էս փոշուց ո՞նց ազատվենք։
Օգոստոսին Դուքան Սեդրակը սեմիչկա էր վաճառում։ Շուտով Մեռել լողացնող Մանգասարն էլ սկսեց սեմիչկա վաճառել։ Սեմիչկայի առևտուրը ոգևորեց նաև Մկրտիչ Սազանդարովին, ապա Գալիֆե Գուգուշի Թամամին ու Մոթալ Մինասին։ Մեծ մեյդանը Դուքան Սեդրակինն էր, ռուսի ժամի դուզը՝ Թամամինը, բազարը պատկանում էր Մկր. Սազանդարովին։ Մոթալ Մինասը տեղ չուներ, բնակալը կորցրած հավի նման դես ու դեն էր վազում ու հայհոյում. «Թո՛ւ, ես ձեզ մարդ ասողին... Սաղ տեղերը վերցրել են, կարծես իրենց հետ գերեզման պիտի տանեն»։
- Հինգ սեմիչկավաճառը Լեռնակերտի համար շռայլություն է,- բողոքեց Մկր. Սազանդարովը և անցավ բոված եգիպտացորենի վաճառքին։
- Լավ խամբա՛ր, Թիֆլիսի խամբա՜ր...
Դուքան Սեդրակը կարծես դրան էր սպասում, ինքն էլ անցավ եգիպտացորենի վաճառքին և եղավ տուրուդմփոց։
- Մերզավեց շանորդի, ինչո՞ւ քո ախոռում չես զռռում,- բղավեց Մկր. Սազանդարովը։- էդ էլ նէպ-ի ժամանակները չեն, թե ինչ ուզես՝ անես։
Թարխան Թերխաշյանը կամերսանտ էր, դարձավ առաջին կարգի սպեկուլյանտ։ Ո՞վ կմտածեր, որ Թիֆլիսում պաղպաղակ կա, և այդ պաղպաղակը հատուկ արկղներով կարելի է տեղափոխել Լեռնակերտ՝ վաճառել։ Թերխաշյանը փող աշխատելու ձևը գիտեր, և նա այս անգամ հրաժարվեց Սազանդարովից ու գործընկեր ընտրեց Մոթալ Մինասին։
- Մարոժնի՜, պերոժնի՜, դարոժնի՜,- կանչեց Մոթալ Մինասը։ Նա պերոժնին ու դարոժնին ավելացնում էր պարզապես հանգի համար, և աչքածակի տղան, որ անկուշտի մեկն էր, գրազ բռնեց Մկր. Սազանդարովի հետ, միանգամից քսանհինգ պաղպաղակ կերավ, բայց չմարսեց. այնպես էր դողացնում, ատամները խփում իրար, Մեռել լողացնող Մանգասարը քիչ էր մնում հրճվանքից ճչար. «Արա, էլ ո՞ւմ ես սպասում, մեռիր էլի, մեռիր, մի էնպես լողացնե՜մ, որ քեֆդ գա»։
Մոթալ Մինասը մի շաբաթ տանջվեց։ Բժիշկ Սերմաքաշյանը զննեց հիվանդին ու ասաց՝ դատելով այն բանից, որ հիվանդը դողացնում է, ուրեմն ուժեղ մրսել է։ Սակայն ելնելով այն հանգամանքից, որ ստամոքսից ինչ որ հեղուկ է բաց թողնում, ոչ այն է՝ կաթ է, ոչ այն է՝ շմաթ, ուրեմն կարելի է ասել, որ դա փորլուծություն է։
Բայց շարունակենք մեր պատմությունը։
Դուքան Սեդրակը որոշեց Գորոդովոյ Անտոնի օրինակով կախվել, թոկը փտած դուրս եկավ և մի կողմից էլ Նոյեմը ձենը գլուխը գցեց, թե՝ հա՜յ, հարա՜յ, Սեդրակս ձեռքից գնաց, հասե՜ք։ Թո՛ւ, լաչառ, մարդ կարգին մեռնելու իրավունք էլ չունի։
Լեռնակերտն ապրում էր իր սովորական կյանքով, երբ տեղի ունեցավ ոչ սովորական մի դեպք։ Փոշու կծիկը ետևից քարշ տալով, փնչալով, տնքալով հրապարակ խուժեց Լեռնակերտի առաջին ավտոմոբիլը։
- Մաշինեն եկա՜վ,- իրենց կտրից ծկլթաց չորս անգամ պսակված և չորս անգամ բաժանված (եթե Բժիշկ Սերմաքաշյանին էլ հաշվենք) Սուսամբարը։- Այ խա՜լխ, աչքներդ լո՜ւյս, մաշինեն եկավ։
Մաշինեն հրապարակում երկու պտույտ գործեց, երկու տոննա փոշի երկինք հանեց, փրթփրթաց ու կանգնեց։ Շոֆերը Լազգունց Ստեփանն էր, դուրս եկավ ավտոմոբիլից, թափ տվեց շորերի փոշին ու խոսեց.
- Համա քաղաք եք պահում, հա՜, սաղ փոշի է։
Փոստի Մադաթը Լեռնակերտի նշանավոր ճառախոսը, որ վերջին ժամանակները սկսել էր քաղաքական բառարաններ ուսումնասիրել, որոշեց օգտագործել պատեհ առիթն ու ճառ ասաց.
- Ընկերներ, այսօր մեզ համար էքսպրոմտ օր է։ Մենք վստահորեն և անշեղորեն, շեշտակիորեն ջախջախեցինք օպորտունիստների դոգմատիզմը։ Հապա նայեցե՜ք, Լեռնակերտը, բուրժուական նախկին քաղաք կոչվածն այսօր ավտոմոբիլ ունի...
Այնուհետև հռետորը խոսեց այն մասին, որ գիտությունն ու տեխնիկան զարգանում են մեծ արագությամբ, խարխլվել են բուրժուական անտոգոնիստական կարգերը, մինչև վերջ պայքարը շեշտակիորեն պիտի շարունակել նացիոնալիզմի ու դոգմատիզմի դեմ։
Փոստի Մադաթի ճառը մեծ ազդեցություն գործեց լեռնակերտցիների վրա և քիչ անց լուսանկարչական արկղ-ապարատը հրապարակ քարշ տվեց Ֆոտո Գավրուշն ու ձեռքը բարձրացրեց.
- Մոմե՛նտ, նկարում եմ։
Ապարատը չխկաց, Նալբանդ Աթունը նկատեց Թարխան Թերխաշյանին ու Մկր. Սազանդարովին, մատը ատրճանակի փողի պես տնկեց ու կրակեց.
- Դուք ուպուրտունիստներ եք, մենք՝ ավտոմոբիլիստներ։
...Ուրեմն այսպես, նախ հեռախոսը մուտք գործեց Լեռնակերտ, հետո այն պատմական ավտոմոբիլը, որից այսօր դժբախտաբար ոչինչ չի մնացել, այնուհետև Մկր. Սազանդարովի գրամաֆոնը, կամ ինչպես Նալբանդ Աթունն է ասում՝ ճլվստափոնը։
Դա մի հրաշք գրամաֆոն էր, երևի տեխնիկայի նախավերջին կամ ուղղակի վերջին խոսքը, որն առավոտից մինչև ուշ երեկո նույն երգն էր խզխզացնում։
Գացեք տեսե՛ք, ով է կերել զէծ,
Գացին տեսան գելն Է կերել զէծ։
Բայց Մկր. Սազանդարովի «տեխնիկայի վերջին խոսքը» չդիմացավ քննության, իր տեղը զիջեց Թարխան Թերխաշյանի Չանչախ (Մուշեղ Չանչախովի ականջը կանչի) անունով թութակին, որը գիշեր-ցերեկ հայհոյում Էր Դուքան Սեդրակին, Մկր. Սազանդարովին, Գալիֆե Գուգուշին, Մամբրե Խաբարդանովիչին, Հերիքնազ Առնավուդովնային։ Հայհոյում էր, ինչպես ամենավերջին խուլիգանը և այնպիսի խոսքեր էր ասում, որ Հերիքնազ Առնավուդովնան մատները խրում էր ականջներն ու ճչում.
- Վո՜ւյ, այդ Ջունգլիստանից փախածը, այդ Թարխան Թերխաշյանը էս ինչե՞ր է սարքել։
Բայց ահա եկավ ՌԱԴԻՈՆ։
Չէ, նախ Փոստի Մադաթը եկավ Բաքվից, ջախջախեց Մկր. Սազանդարովի բուրժուական գրամաֆոնն ու Թարխան Թերխաշյանի քաղքենիական թութակը, կոչ արեց՝ «Բոլորս մի մարդու պես հայացքներս թեքենք դեպի ռադիոն»։
Մոնտյոր Բագրատն առաջին ռադիոապարատը կախեց Ուստա Ծատուրի դարբնոցի կողքի հեռագրասյունից, Նալբանդ Աթունը ականջը հպեց հեռագրասյունին, լսեց լարերի տժժոցը, գլուխն օրորեց.
- Ձենը գալիս է, մենակ չեմ հասկանում, թե ինչ լեզվով է խոսում։
- Պա՜հ, էնպես էլ ռադիո եք ասում,- աչքերը ճպճպացրեց Դուքան Սեդրակը։- Թող ձեն հանի էլի՜, բա ինչի՞ ձեն չի հանում։
- Թե ձեն հանեց,- խոսեց Գալիֆե Գուգուշը,- Մեծ մեյդանում կկանգնեմ և շան նման կհաչեմ։ Թե չհաչեմ, հազար ամոթ ինձ։
Եվ հանկարծ տարօրինակ ապարատը թշշաց ու սկսեց խոսել.
- Խոսում է Մոսկվան...
Սազանդարովը նայեց Գալիֆե Գուգուշին և նրա հայացքն ասում էր՝ ո՞ւմ ես սպասում, գնա Մեծ մեյդանում կանգնիր և շան նման հաչիր։ Դուքան Սեդրակը նայեց աջ ու ձախ և, ոտքերը քարշ տալով, թողեց ասպարեզը, իսկ Թարխան Թերխաշյանը թևքով մաքրեց ճակատի քրտինքն ու մռլտաց.
- Դաաա՜...
ԸՆԿԵՐ ԼԻԿԿԱՅԱՆԸ
Ապրիս, ընկեր լիկկայան,
Համ ես դարձա գրագետ,
Համ էլ ազին ու այան։
Նալբանդ Աթուն
Պողոսը ակումբի ճակատից լոզունգ կախեց՝ «Կորչի՛ անգրագիտությունը, կեցցե՛ Լիկկայանը»։ Վերջին բառը մեծատառով էր գրել և երևի դրա համար էլ Նալբանդ Աթունը Ստեփանակերտի առաջին լիկկայանի առաջին ուսուցչուհի ընկեր Վերգինեին սկզբում ընկեր Լիխկարյան էր անվանում։
Լիկկայանը բացելուց առաջ, ակումբում մեծ ժողով եղավ, որտեղ ընկեր Ալեքսանը խոսեց գրագիտության կարևոր դերի ու նշանակության մասին, վերջում կոչ արեց՝ «Կեցցե՛ համատարած գրագիտությունը։ Բոլորս դեպի լիկկայան»։
Նալբանդ Աթունը կոշտ ու կոպիտ մատներով կավիճը սեղմեց գրատախտակին, կավիճը փշրվեց։ Մատիտը սեղմեց թղթին, մատիտի սուր ծայրը ջարդվեց։ Թափով գրիչը թաթախեց թանաքամանի մեջ, թանաքը ցայտեց, կեղտոտեց իր և Ուստա Ծատուրի ձեռքերը։
- Աթուն, մի քիչ կամաց,- ասաց Ուստա Ծատուրը,- սա քեզ համար բոյախանի կարաս չի, թանաքաման Է։
Ընկեր Վերգինեն բռնեց Նալբանդ Աթունի ձեռքը, ժպտաց քնքշանքով ու ասաց.
- Վարպետ Հարություն, գրիչն ահա այսպես են պահում։ Մի սեղմիր, ազատ, ազատ... Դե հիմա էլ դու ինքդ փորձիր։
Վարպետ Հարությունը մինչև նկարեց իր անվան սկզբնատառը, կորավ քափ ու քրտինքի մեջ և մտքում ասաց՝ «Լավ է միանգամից չորս գոմեշ նալեմ, քան մի տառ գրեմ»։
- Հիմա էլ «թ» գրիր,- հուշեց ընկեր Վերգինեն։
- Չէ, ես էդ տառը չեմ գրի,- գլուխը շարժեց Նալբանդ Աթունը։
- Ինչո՞ւ։
- Ախր, ընկեր Լիխկարյան, ես ինչի պիտի էդ Թարխան Թերխաշյանի անվան տառը գրեմ։ Փիս մարդ է։
Ընկեր Վերգինեն ծիծաղեց, այնքան գեղեցիկ ծիծաղեց, որ երբ Նալբանդ Աթունը նայեց նրա Ճերմակ ատամներին ու ժպտուն աչքերին, մտածեց՝ «Լավ աղջիկ է, մեր Վարդանի համար պիտի առնեմ»։
Վարդանը Նալբանդ Աթունի կրտսեր եղբայրն է, Լեռնակերտի առաջին ինժեները, որ նոր էլեկտրակայան կառուցելու հարցով մեկնել էր Մոսկվա։
Ուստա Ծատուրը, Ուստա Պողոսը, Փոստի Մադաթը և էլի մի քանի հոգի աչքաբաց սովորողներ էին, այսինքն՝ էն գլխից էլ գրել-կարդալն իմանում էին, դրա համար ընկեր Վերգինեն նրանց միանգամից փոխադրեց չորրորդ դասարան։ Ուստա Ծատուրն իր բանիմացությամբ մի երկու գլուխ բարձր էր նույնիսկ Փոստի Մադաթից. այնպիսի հարցեր էր տալիս ընկեր Վերգինեին, որ Փոստի Մադաթի բերանը մնում էր բաց։ Ասում էր՝ ընկեր Վերգինե, ախր այդ ինչպե՞ս եղավ, որ Փարիզի կոմունան տապալվեց։ Բա Ֆրանսիայի բանվոր դասակարգն ի՞նչ բանի էր։ Ի՞նչ տարբերություն կա բուրժուական և սոցիալիստական հեղափոխության միջև, և որն է Պլեխանովի էական սխալը։
- Մեր Ծատուրը պրոփեսորի խելք ունի,- հպարտանում էր Նալբանդ Աթունը։- Մի տեսեք ի՜նչ է ասում, է՜, էական։ Ես էլ պակաս գլուխ չունեմ, բայց շատ ափսոս, կըրթս մի քիչ պակաս է։
Եվ նա իր պակաս «կըրթը» լրացնելու նպատակով սկսեց ավելի շատ մատիտներ ու գրչածայրեր ջարդել։ Տանը նրան աղջիկն էր օգնում, արտելում՝ Ծատուրն ու Պողոսը։ Պատահում էր, դասերը սկսվելուց առաջ, ակումբի բակից կանչում էր.
- Աղջի՛, Վարսեն։
- Լսում եմ, ապե՜ր։
- Ցավդ տանեմ, էն քիթը ծուռ տառի անունն ի՞նչ է։
Նալբանդ Աթունը մի տարում սովորեց այբուբենի տառերը, և մի օր ընկեր Վերգինեն նրա թևի տակ մի հաստ գիրք տեսավ ու հարցրեց.
- Վարպետ Հարություն, այդ ի՞նչ գիրք է։
- Մեր Վարդանի գրքերից է, ուրեմն ընկեր Կարլ Մարքսն է գրել, անունը «Կապիտալ» է։
Ընկեր Վերգինեն ներողամտաբար ժպտաց.
- Վարպետ Հարություն, «Կապիտալը» հիմա քեզ համար դժվար կլինի։
- Բա ինչի՞ մեր Վարդանի համար դժվար չի։
- Վարդանը բարձրագույն կրթություն ունի։
Քանի որ խոսք բացվեց Վարդանի մասին, Նալբանդ Աթունը նայեց շուրջը և, ինչպես լիկկայանում, մատը տնկեց վեր.
Ընկեր Վերգինե, կարելի՞ է մի հարց։
- Խնդրեմ։
- Նշանվա՞ծ ես։
- Չեմ հասցրել,- շիկնեց ընկեր Վերգինեն։
- Եկ մեր Վարդանի հետ պսակենք, համ ինձ դարձրու համատարած գրագետ, համ՝ մերոնց:
Ընկեր Վերգինեն ծիծաղեց, և քանի որ գեղեցիկ էր ծիծաղում, նրա ծիծաղն անմեղ աղջկա ծիծաղ էր, Նալբանդ Աթունը չվիրավորվեց։
Վարդանը Մոսկվայից վերադարձավ, շուտով ձորում որոտաց դինամիտը, Թարխան Թերխաշյանը նայեց Մկր. Սազանդարովին ու ասաց.
- Սկսվեց։
- Ի՞նչը սկսվեց,- բուլղարական տաքտեղ քիթը շարժեց Մկր. Սազանդարովը։- Չլինի՞ թե կռիվ է։
- Կռիվ է, էն էլ թունդ կռիվ։
- Ո՞ւմ դեմ։
- Իմ դեմ, քո դեմ, Մամբրե Խաբարդանովիչի դեմ, Դուքան Սեդրակի դեմ, Լեռնակերտի դեմ։
- Ես ձեր ցուցակում չկամ,- հերսոտվեց Մկր. Սազանդարովը։- Ինձ էդ ցուցակից հանիր։
Գալիֆե Գուգուշը ձորի գլխին կանգնեց, նայեց ժայռերի հետ կռիվս տվող բանվորներին ու դարձավ Դուքան Սեդրակին.
- Ախր, ցավդ տանեմ, ջրից ո՞նց կարող են լույս ստանալ, էսքան տարի բաղնիս եմ պահել, ինչի՞ մի անգամ էդ լույսը չտեսա։ Թե էդ բանը գլուխ գա, կգնամ Մեծ մեյդանում կանգնեմ, կովի պես բառաչեմ։
Եվ լույսը եկավ ու հասավ Լեռնակերտ։ Ստվերները կամաց-կամաց չքացան։ Մեծ մեյդանում երկու հարյուր մոմանոց լապտերը ճառագեց, ընկեր Ալեքսանը սեղմեց ինժեներ Վարդանի ձեռքը, Ուստա Պողոսը կարդաց իր ոտանավորը.
Լեռնագէս, Լեռնագէս,
Սիրտս քեզ, հոգիս քեզ,
Մեր սիրուն քաղաքը
Դարձել է մի պարտեզ։
Ուստա Ծատուրը այդ դեպքից մի շաբաթ անց գրեց իր օրագրում. «Լեռնագէսի կանաչ-կարմիր լույսի տակ տեղի ունեցավ ընկեր Վերգինեի և Վարդանի հարսանիքը։ Թամադան ընկեր Մատվեյն էր։ Մեր Աթունի տրամադրությունը բարձրացավ, խոսք խնդրեց ու էսպիսի մի ոտանավոր վեր կալավ.
Ո՞վ կարող է հասնել մեզ,
Հիմա ունենք Լեռնագէս.
Ապրիս, ընկեր լիկկայան,
Համ ես դարձա գրագետ,
Համ էլ ազին ու այան։
Լեռնակերտը բանաստեղծների քաղաք է դառնում»։
ԻՆՏԵՐՄԵԴԻԱ
Թեհրանաբնակ Միհրան Չանչախովը, որդին Մուշեղ Դոմբազովիչ Չանչախովի, նայեց աշխարհագրական քարտեզին, մատը շարժեց Սև ու Կասպից ծովերի, Քուռ ու Արաքս գետերի արանքում, գտավ Ղարաբաղը, բայց Լեռնակերտը չգտավ։
- Ծերունին,- ասաց,- իր կյանքի վերջին օրերին երևի խելքը թռցրել էր. աշխարհում Լեռնակերտ անունով քաղաք չկա։
Ծերունին նրա հանգուցյալ հայրն էր, Մուշեղ Չանչախովը, որ մահվան մահճում հաճախ էր հիշում Ղարաբաղը և որդուն խորհուրդ տալիս՝ կգնաս քո աչքով տեսնես Լեռնակերտը... Պարտական մնաս, թե չտեսնես։
Անգլիացի միստեր Սենգիստոնի թոռը՝ Չարլզ Սենգիստոնը, իր մառախլապատ Լոնդոնում կարդաց պապի հուշերը, ուր գրված էր. «Ես Շուշի քաղաքի բլրալանջից հեռադիտակով տեսա Լեռնակերտը։ Օ՛ քեյ, ես այն կդարձնեմ իմ սեփական կալվածքը»։
Չարլզ Սենգիստոնը քարտեզի վրա գտավ Կովկասը, ապա Բաքուն, Երևանը, Թբիլիսին, Բաթումին, Կիրովականը, Լենինականը, բայց Լեռնակերտը չգտավ, թափ տվեց ձեռքը.
- Երևի հանգուցյալի աչքին է երևացել,- ասաց,- Կովկասում Լեռնակերտ անունով քաղաք չկա։
Փարիզում հրատարակվող հայատառ մի թերթում պարոն Սիլվեստը հանդես եկավ հոդվածով, ուր իրեն ներկայացնում էր ղարաբաղագետ։ Նա ընթերցողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ղարաբաղ կոչվածը լեռնոտ մի երկիր է, ուր միայն ապրում են խաշնարածներ, և միակ պտղատու ծառը թթենին է։
Մի զբոսաշրջիկ, որի պապը եղել է նախկին լեռնակերտցի, տասնինը կամ քսան թվականներին չվել է Ղարաբաղից՝ օտար ափերում բախտ որոնելու... Մի զբոսաշրջիկ, որի երակներում հոսում էր ղարաբաղցու արյունը, բայց նա չգիտեր, թե դա ինչ արյուն է, ոտք դրեց մեր հրաշք հողին, նայեց շուրջն ու հարցրեց մի պատանու, որ թոռն էր Նալբանդ Աթունի թե Ուստա Ծատուրի.
- Ներեցեք, ինչպե՞ս է կոչվում այս քաղաքը։
- Լեռնակերտ։
- Իսկ որտե՞ղ է հին Լեռնակերտը։
- Հին Լեռնակերտը հանգչում է նոր Լեռնակերտի ոտքերի տակ... Դուք ի՞նչ եք կորցրել հին Լեռնակերտում։
- Իմ հարազատ պապի ոտնահետքերը։
- Ցավում եմ,- պատասխանեց պատանին,- դու մեր քաղաքում կարող ես գտնել միայն նրանց ոտնահետքերը, ովքեր հին Լեռնակերտը դարձրել են նոր Լեռնակերտ։
ԷՊԻԿԱԿԱՆ ԱՆՏՐԱԿՏ
Ահա և ընթերցող, մենք ետևում թողեցինք հին Լեռնակերտը և հասանք նոր Լեռնակերտ։ Դա երկար ու դժվարին մի ճանապարհ էր, սակայն բոլոր դեպքերում մեզ համար ուղեցույց փարոս էր Ուստա Ծատուրի հանրահայտ «Օրագիրը» և Նալբանդ Աթունի այն միտքը՝ թե մի բան, որ սկսում ես, պիտի վերջացնես։ Գուցեև Ուստա Ծատուրն իր «Օրագրում» գույները խտացրել է մի քիչ, և հեղինակն էլ ինչ-որ տեղ զոռ է տվել իր երևակայությանը։ Բայց շարունակենք։
Լեռնակերտը՝ ծառերի, ծաղիկների, երգ ու ծիծաղի այս քաղաքն ունի մուտքի երկու դուռ։ Գլխավոր մուտքը սկսվում է Բաղեն շենից, ուր ճանապարհի խաչմերուկում կանգնած է հսկա մի առյուծ՝ քարե պատվանդանին։ Երկրորդ մուտքը սկիզբ է առնում Մազե կամրջից։ Այստեղ ոչ մի Մազե կամուրջ չկա, կողք-կողքի երկու լարակոփ կամուրջներ են, հին կամրջի տակ Գորոդովոյ Անտոնի գյոլն է։ Լեռնակերտի առաջին և վերջին ոստիկանը միշտ լողանում էր այդ գյոլում և, ասում են, մահից առաջ նա կտակել էր՝ երբ շունչս փչեմ, աճյունս կհանձնենք Մազե կամրջի գյոլին։
Մտնում ես Լեռնակերտ, և առաջինը քեզ ողջունում են բժշկական ուսումնարանի ուսանողուհիները։ Այո, այո, «ուհիները» և ակամա մտածում ես՝ հավանաբար այս ուսումնարանում ընդունում են միայն Ղարաբաղի գեղեցկուհիներին։ Եթե Գալիֆե Գուգուշը ջահել լիներ, ինչպիսի՜ ոգևորությամբ կտաներ այս սիրունների ցավը. «Ա՛յ գյոզալներ,- կասեր,- էնքան ապրեմ, որ դուք բժիշկներ դառնաք, ընկնեմ ձեր նշտարի տակ, մեռնեմ՝ դարդս չի...»։
Ի դեպ, երբ ուսումնարանը նոր էր բացվել, բժիշկ Առաքել Սերմաքաշյանին հրավիրեցին դասավանդելու մարդու անատոմիա։ Հարգարժան բժիշկը ձեռքի տակ չունենալով մարդակազմության վերաբերյալ նկարներ, անընդհատ գորտեր էր հերձում և փորձում ապացուցել, որ կապկից առաջ, մարդու նախահայրը գորտն է եղել։ Սերմաքաշյանի մանկավարժական գործունեությունը շատ կարճ տևեց. ապագա բժշկուհիներն ու բուժքույրերը նրան ձեռ էին առնում. անվանում գորտաբան, ցնդած հեքիմ և այլն։
Կարո՞ղ եք Լեռնակերտ մտնել, հանկարծ չայցելել Ուստա Ծատուրին ու Նալբանդ Աթունին։ Դա կլինի անարդարություն։ Եթե Ուստա Ծատուրը Լեռնակերտի կենդանի հանրագիտարանն ու պատմությունն է, ապա Նալբանդ Աթունը այդ պատմության ու հանրագիտարանի փաստացի հաստատումն է ու պատասխանատու խմբագիրը։
Լեռնակերտը լեռնակերտցիների համար նույնն է, ինչ Մոսկվան՝ մոսկվացիների, Երևանը՝ երևանցիների համար։ Նրանք իրենց սիրուն քաղաքը զարդարել են ծառերով ու ծաղիկներով, շուրջը ստեղծել այգեստաններ։ Քայլում ես քաղաքի կենտրոնական պողոտայով՝ ծառեր են, անցնում ես Թումանյանով՝ ծառեր են, մտնում ես Ստեփան Շահումյանի անվան քաղաքային մարզադաշտ՝ ծառեր են։ Բայց տարօրինակն ու զարմանալին այն է, որ լեռնակերտցի բանաստեղծները մինչև այսօր իրենց սիրուն քաղաքի մասին մի այնպիսի բանաստեղծություն չեն գրել, որ Ուստա Ծատուրը կարդա ու ասի. «Ուխա՜յ, հոգիս փառավորվեց»։
Իսկ այդ տարիներին Լեռնակերտում յուրաքանչյուր գրագետ մարդ ոտանավոր էր գրում։ Առանձնապես լայն տարածում էին գտել սոնետներն ու նոնետները, տերցիններն ու տրիոլետները։ Իրենց նորարար համարող պոետները գրում էին հարյուր, նույնիսկ երկու հարյուր տողանոց սոնետներ, տասնչորս տողանոց տրիոլետներ, գազելներով պոեմներ, ինչպես նաև՝ պոեմներով գազելներ։ Շառաչուն հանգերի համար շատ մեծ պայքար էր ծավալվել։
Շուտով գյուղատնտեսական տեխնիկումը դարձավ քաղաքի բանաստեղծական կենտրոնը։ Ապագա ագրոնոմներն ու անասնաբույժներն իրար հետ խոսում էին չափածո, ժողովներում չափածո ելույթներ ունենում, չափածո նամակներ գրում իրենց սիրածներին, ուսուցիչների տված հարցերին պատասխանում չափածո։ Ճիշտ այնպես, ինչպես դրամատիկական պոեմներում։ Նրանք առանձնապես ուշադրություն էին դարձնում խոսքի արտաքին գեղեցկությանն ու շառաչուն հանգերին։
Այսպես.
ՈՒՍՈՒՑԻՉ- Ասա՛, մայր հողին ի՞նչ կխոստանաս,
Որ հեկտարներից շատ բերք ստանաս։
ՈՒՍԱՆՈՂ - Այն խոր կհերկեմ խոփով իմ ցնծուն
Եվ ժամանակին տամ պարարտացում։
ՈՒՍՈՒՑԻՉ - Դու, ահավասիկ, անասնաբույժ ես,
Կովը դաբաղից ինչպե՞ս կբուժես։
ՈՒՍԱՆՈՂ - Մենք նոր կովերի հզոր ցեղ ունենք
Եվ դաբաղի դեմ հուժկու դեղ ունենք։
Մկր. Սազանդարովի գրելացավը նույնպես բռնեց, և որպեսզի ունենա իր ներշնչման աղբյուրը, սիրահարվեց Մեռել լողացնող Մանգասարի քրոջը՝ Սուսամբարին ու նէպից հիշատակ մնացած հաշվապահական մատյանում սկսեց արտագրել Օմար Խայամի քառյակները։ Ճիշտ է, նա չկարողացավ Օմար Խայամ դառնալ, բայց դրա փոխարեն կոնծելու մեջ այնքան առաջադիմեց, որ գինին ուղղակի շշից էր խմում։
Գրական դիսպուտներն ու գրական դատերը տեղի էին ունենում տեխնիկումի ակումբում, և այն վարում էր շռնդալից բանաստեղծ Ջումի Ջուրշատունցը։ Պատահում էր, որ գործը հասնում էր բռնցքամարտի ու ըմբշամարտի, և տեխնիկումի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աղաբեկ Գագունցը հաղթողներին ընդգրկում էր սպորտային հատուկ սեկցիաներում, ասում. «Այ լակոտներ, հերի՛ք է որքան ոտանավորներ եք գրել, հիմա էլ սպորտով զբաղվեք»։
Ջումի Ջուրշատունցն իրեն համարում էր Լեռնակերտի առաջին պաշտոնական բանաստեղծը։ Դա նիհար, շիլաչք, ծռված բերանով մի երիտասարդ էր, ուղղակի Մեռել լողացնող Մանգասարի կենդանի պարոդիան։ Հագնում էր ժանգագույն կոստյում և փողոցով այնպես էր քայլում, կարծես ոչ ոքի չի նկատում։
Գրական դատը հրապուրեց նաև Մկր. Սազանդարովին (գրական անունը՝ Մկրտիչ Սազանդար) և որոշեց մեղադրել Օմար Խայամին, որ մեծ բանաստեղծ լինելով հանդերձ, թռցրել է իր՝ Մկր. Սազանդարովի մտահղացումները և քառյակներ սարքել։ Վկան պիտի լիներ Գալիֆե Գուգուշը, բայց վերջինս իր տեղը զիջեց Վարսավիր Արտուշին։ Արտուշը, որ ընդհանրապես իր մասնագիտությանը համապատասխան փափուկ սիրտ ուներ, հրապարակայնորեն հայտարարեց՝ «Օմար Խայամը լավ մարդ է, Խերսոնում եղած ժամանակս մի քանի անգամ թրաշել եմ նրան և «Եվրոպա» ռեստորանում միասին մի պոչինկա գինի ենք խմել»...
Բայց դու ներիր ինձ, ընթերցող, որ ես այստեղ ընդհատում եմ պատմությունս։ Մեղավորը Մամբրե Խաբարդանովիչն է, որ այդպես հանկարծակի ինքնասպանություն գործեց։ Դա սույն վիպակի համար չնախատեսված մահ էր։
Այն տխուր օրը, երբ Մամբրե Խաբարդանովիչը հարստահարվեց, գտավ, որ իր ապրելն ավելորդ է։ Նա սպասում էր մի նոր նէպի, բայց նոր նէպ չեղավ։ Դա ամռանն էր, պայծառ մի օր, Պաժառնի Վաղոն Մամբրե Խաբարդանովիչի դիակը հանեց Լեռնագէսի ջրավազանից։
Մամբրե Խաբարդանովիչի մահը ցնցեց... իհարկե, երկրաշարժ չեղավ, այդ ցնցումն այնքան աննշան էր, որ Մեռել լողացնող Մանգասարը բոլորովին չզարմացավ. նա հանգուցյալին պառկեցրեց տախտակների վրա ու սկսեց երեսերանք տալ. «Տեսար, չէ՞, Խաբարդանի տղա Մամբրե Խաբարդանովիչ, դու էլ գնացիր։ Հը՛, հիմա ի՞նչ կասես՝ քիթդ այնպես էիր ցցել, ոնց որ աշխարհի տերը լինեիր։ Վաղվանից կոստյումդ ես պիտի հագնեմ. մի քիչ հնացել է, բայց ոչինչ... Խոսքը մեր մեջ, Խաբարդանովիչ, դու լավ մարդ չես։ Աշխարհը կքանդվե՞ր, որ էն բոլ-բոլ փողերից մի քանի մանեթ էլ ինձ տայիր։ Հիմա ո՞նց ես, որ չլողացնեմ, թողնեմ՝ ինչպես կեղտոտ եկել ես, կեղտոտ ապրել ես, էդպես կեղտոտ էլ ներկայանաս տիրոջ արդար դատաստանին»։
Անշուք էր Մամբրե Խաբարդանովիչի թաղումը. ոչ ոք դամբանական չասաց, քելեխի ներկաները մի երկու բերան հառաչեցին, հիշեցին հանգուցյալ Գորոդովոյ Անտոնին ու Մամբրե հայրիկին, գտան, որ աշխարհում ամեն ինչ անցավոր է, և ինչպես ապրելը, այնպես էլ մահը, օրինաչափ երևույթ է այս անցավոր աշխարհում։
ՆՈՑԱ ԿԵՆԱՑԸ
Կանաչավանն առաջներում կոչվում էր Հափուռ մահլա։ Մելիք Մուջուզբեկյանն ուզում էր այստեղ թոկ ու չվանի փաբրիկ բացել, Արջ խեղդող Արշակը ծմակից գոռաց. «Արա՜, հե՜յ, դու ո՞ւմ շունն ես, որ ուզում ես քո թոկ ու չվանով մեր Մալինկի Թիփլիզը կեղտոտել։ Դե հաշտուփուշտադ քաշիր, քանի կարկաժդ չեմ ճղել»։
Կանաչավանի ներքևի թաղը կապված է Քարաշենի հետ, վերին թաղը՝ Լեռնակերտի։ Իսկ այդ նշանակում է, որ կանաչավանցիք հոգով գյուղացի են, սրտով՝ բանվոր դասակարգ։ Էդ մասին Ֆոտո Գավրուշը էսպիսի մի ոտանավոր է հորինել.
Համ քաղաք ենք, համ գյուղ ենք,
Համ մետաքս ենք, համ յուղ ենք,
Լեռնակերտը կանաչ ծառ,
Մենք այդ ծառին մի ճյուղ ենք։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Հափուռ մահլայի ամենահարգված մարդը Այս է տապան Համբարձին է, մի արհեստավոր, որ գերեզմանաքարեր էր տաշում, վրան գրում. «Այս է տապան լուսահոգի...» և հասկանալի պատճառով բաց էր թողնում ապագա հանգուցյալի անուն-ազգանունը, ծննդյան ու մահվան թվերը։ Համբարձին դժգոհ էր իր արհեստից. «Սա ի՞նչ փեշակ է,- ասում էր,- բա մարդ էլ հանգուցյալների վրա մի մեծ քար դնի ու ասի՝ հողը ձեզ վրա թեթև լինի՞»։
Հափուռ մահլան փոխվեց, շենք ու շնորհքով ավան դարձավ։ Այս է տապան Համբարձին մի քար տաշեց, վրան գրեց. «Այս է տապան լուսահոգի Հափուռ Մահլայի», տարավ դրեց Արջ խեղդող Արշակի ղարադամի կտրին ու ասաց. «Պրծա՜վ, սա իմ վերջին տապանաքարն է, սրանից դենը նոր կառուցվող շենքերի համար եմ քար տաշելու»։
Խոսել կանաչավանցիների մասին և հանկարծ մոռանալ Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչին, նշանակում է մտնել պատկերասրահ ու չտեսնել աշխարհահռչակ նկարչի գլուխգործոցը կամ լինել Եգիպտոսում, անտարբեր անցնել աշխարհի այն յոթ հրաշալիքներից մեկի կողքով, որ կոչվում է Քեոփսի բուրգ։
Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչը ոչ միայն Կանաչավանի, այլև Լեռնակերտի ամենապերճախոս և փաստական հարուստ գիտելիքների տեր մարդն է։ Նա այնքան գեղեցիկ է խոսում, որ հարսանքավորներն ուտել-խմելը մոռանում, բերանները բաց նրան են լսում։ Իսկ թաղումների ժամանակ այնպես է անմահացնում հանգուցյալներին՝ Գալիֆե Գուգուշն ուզում է կյանքում մի անգամ մեռնել, այնպես մեռնել, որ կարողանա լսել, թե Բադալ Մարկոսովիչն ինչպիսի ընտիր բառերով է մեծարում իրեն։ Հետո մարդիկ զարմանում են նաև, որ այդ պերճախոս մարդը հասարակ հաշվապահ է և ոչ թե մեծագույն պատմաբան կամ գրող։ Առանձնապես հիացած էր Նալբանդ Աթունը. «Մեր էս Բադալ Մարկոսովիչի գլուխը գլուխ չի է՜,- ասում է,- գլուխ չի, քաղաքային գրադարան է, ինչ ուզես՝ կգտնես»։
Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչի ղեկավարած հարսանիքներն ուրիշ համ ու հոտ ունեն. նրա թավշյա ձայնը, հռետորի կեցվածքը, աչքերի փայլը... Ահա նա բարձրանում է տեղից դանդաղ ու հանդիսավոր, մի տիրական հայացք է նետում հարսանքավորների վրա ու սկսում։ Հեռուներից է սկսում, այնքան հեռուներից, որ Փոստի Մադաթն իր գիտելիքներին նոր գիտելիքներ բազմապատկելու հեռանկարով, գրպանից հանում է մատիտն ու բլոկնոտը, նշումներ կատարում։
- Հարսանյաց հանդեսներն այնքան հին են,- ասում է Բադալ Մարկոսովիչը,- որքան հին է այս մոլորակը, որ կոչվում է Երկիր։ Դեռևս նախնադարյան համայնական կարգերում, երբ դեռևս ոչ մի խոսք չէր կարող լինել քաղաքակրթության մասին, սերը, որպես մարդկային սրտի վեհագույն զգացում, գոյություն ուներ։ Իսկ երբ սերը գոյություն ուներ, նշանակում է գոյություն ուներ նաև ամուսնությունը, այդ պարտադիր ոսկե շղթան, որ սուրբ կապանքներով շղթայում է երկու հրաբորբ սրտերն ու ասում՝ և եղիցե լույս։
Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչը վերջապես Քարե դարից գալիս հասնում է Պղնձե դար, կամաց-կամաց մոտենում Երկաթե դարին, և դեռ չհասած Ոսկե դար, Փոստի Մադաթը նշումների տետրակը թե բլոկնոտը ծնկներին ննջում ու այնպես է խռմփացնում, որ Գալիֆե Գուգուշը ստիպված նկատողություն է անում. «Արա՜, ընկեր Մադաթ, ի՞նչ ես խեղդվում, չե՞ս կարողանում մարդավարի խռմփացնել, հարսանիքը խանգարում ես»։ Ինչ կարող ես անել, աշխարհում ամեն մարդ ունի իր թերությունը. Փոստի Մադաթի թերությունն էլ հարսանիքներում ու ժողովներում քնել-խռմփացնելն է։
Եթե Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչը հարսանիքների անփոխարինելի թամադան է, ապա Կտո պրիշոլ Պավլին թամադայի անփոխարինելի օգնականն է՝ սեղանը ծաղկեցնելու գծով։ Նա արհեստով թիթեղագործ է, և մի հետաքրքիր սովորություն ունի՝ փողոցում ում հանդիպում է, ծանոթ լինի, թե անծանոթ, թևերը բարձրացնում է ու գոչում. «Օ՜յ, օ՜յ, օ՜յ, կտո՞ պրիշոլ, կտո՞ պրիշոլ... Պրիվետ իզ դալոկովո Կափկազա բեզ աթկազա»։ Դա նրա և՛ բարի լույսն է, և՛ բարի օրը, և՛ բարի երեկոն։ Ռուսերեն էլ մի քիչ գրաճանաչ է, Պուշկինի «Ձմռան երեկոն» այնպես է արտասանում, որ եթե հեղինակը կենդանի լիներ ու լսեր, կասեր՝ բանաստեղծությունը ոնց որ իմն է, բայց թե ինչ լեզվով է արտասանում, չեմ կարող ասել։
Կտո պրիշոլ Պավլին, որ հրաշալի ձայն ունի, այդ չի կարող ժխտել նույնիսկ Ղարաբաղի հռչակավոր Խանանդա Շաշան։ Տնաշենի տղան այնպես է նայում Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչին ու կլկլացնում. «Դուն էն գլխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի անի», որ Բադալ Մարկոսովիչը կուրծքը հպարտ ցցում է, գլխով համաձայնության նշան անում, այսինքն դու ճիշտ ես, ես էն գլխից էլ իմաստուն եմ եղել, հարկ եղած դեպքում, հանուն մեր Կանաչավանի, իմաստուն էլ կմեռնեմ։
Գալիֆե Գուգուշը պնդում է, որ Կտո պրիշոլ Պավլու կոկորդը շատ հազվագյուտ կոկորդ է, իտալացի մի հայտնի պրոֆեսոր մեծ գումար է խոստացել այդ կոկորդի համար։ Դուքան Սեդրակը զարմանքից չռում է աչքերը։
- Իսկ Պավլու կոկորդը պրոֆեսորն ի՞նչ պիտի անի։
- Ուզում է ուսումնասիրել, տեսնի դա ի՞նչ բողազ է, որ էդպիսի անուշ ձայներ է հանում։
- Է՜, թող Խանանդա Շաշայի կոկորդն ուսումնասիրի։
- Խանանդա Շաշայի կոկորդը ստից բան է։
Կանաչավանի նշանավոր մարդկանցից է նաև Էվրիկա Արտուշը, որի միտքը գիշեր-ցերեկ բևեռված է մի շատ կարևոր գյուտի վրա՝ ստեղծել հավերժական շարժիչ։ Այսինքն՝ այնպիսի մի շարժիչ, որ առանց նավթի, բենզինի, մազութի, էլեկտրական հոսանքի՝ աշխատի։ Նա այդ նպատակով հավաքել է բազմաթիվ անիվներ ու թափանիվներ, տարբեր չափսերի առանցքակալներ ու ավտոմեքենաների մասեր, և ամեն օր, երբ աշխատանքից տուն է գալիս, փակվում է իր փոքրիկ արհեստանոցում, սկսում աշխատել։ Քանդում է, հավաքում է, հավաքածը նորից է քանդում ու հավաքում։ Ասում են՝ նա պրակտիկապես գտել է հավերժական շարժիչ ստեղծելու եղանակները, բայց թեորիապես չի կարողանում ապացուցել, թե ինչպես է գտել այդ եղանակները։
Կանաչավանցիների հարգելի հյուրն է Ֆոտո Գավրուշը։ Կարգ է, որտեղ հարսանիք, այնտեղ էլ Ֆոտո Գավրուշը՝ իր եռոտանի ապարատով։ Այն պահին, երբ Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչը առաջարկում է խմել «երկու անթառամ ծաղիկների» կենացը, Ֆոտո Գավրուշը ներս է քաշում ապարատը, ձեռքը հանդիսավոր կերպով բարձրացնում ու գոչում. «Մոմենտ, չշարժվե՛լ, անմահացնում եմ»։
Ֆոտո Գավրուշը երևի Լեռնակերտի միակ տղամարդն է, որ երդվում է իր կնոջ անունով. «Հեղինեիս ազիզ արևը վկա, էնպես մի նկար հանեմ, որ հայիլ-մայիլ մնաս»։ Ընդհանրապես արժե երդվել այդպիսի կնոջ անունով, մի գլուխ արու զավակներ է պարգևում Ֆոտո Գավրուշին։ Նալբանդ Աթունն ասում է՝ մեր էս Գավրուշի մոտ երեխաներ ստեղծելն ավելի հեշտ է ստացվում, քան պատկերք քաշելը։ Այստեղ է, որ Դուքան Սեդրակը նախանձից ճաք-ճաք է լինում, զինքը ցրիվ է տալիս, քիչ է մնում թոկը գցի վիզը՝ խեղդվի։ «Ա՛յ բալամ,- ասում է,- մեր Նոյեմն էլ է շնչում նույն օդը, նույն ջրից խմում, մենակ չեմ հասկանում, թե էդ ինչիդ է՝ իմ կնիկը փիս «խոզի նման մենակ էգեր է ծնում»։
- Էդ նրանից է,- բացատրում է Նալբանդ Աթունը,- որ Ֆոտո Գավրուշը ազնիվ աշխատավոր է, իսկ դու կեղտոտ՝ նավթի հետ ջուր ես խառնում։
Այդ տարիներին Կանաչավանում հարսանիքներն այնքան շատ էին, որ Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչը համատեղության կարգով մի օրում երկու-երեք հարսանիք էր ղեկավարում, ցուցադրում թամադայական իր հրաշալի տաղանդը, Փոստի Մադաթը մասնակցում էր բոլոր հարսանիքներին, և որ չքնի, ձայն էր խնդրում ու ելույթ ունենում։ «Ներկա էտապում մենք կանգնած ենք նոր պլատֆորմի վրա,- ասում էր,- ուստի կարևորը ոչ թե մարդուս արտաքին գեղեցկությունն է, այլ՝ հոգու մատերիալիստական մակարդակը, իդեալիստական մաքրությունը և հումանիստական երջանկությունը»։
Ըստ տեղեկությունների, մի օրում Կանաչավանում տեղի է ունեցել չորս հարսանիք և Կտո պրիշոլ Պավլին այնպիսի թափով է երգել «Մի բալա է էս իմ յարը», որ Կրասկա Վարդանը բռնել է թխլիկ Սոֆիկի ձեռքը, գնացել նրա հոր՝ Փոստի Մադաթի մոտ, ասել՝ ես և Սոֆիկը իրար սիրում ենք մատերիալիստական բարձր մակարդակով, իդեալիստական մաքրությամբ, ուստի խնդրում ենք ձեր հայրական հումանիստական համաձայնությունը։
Փոստի Մադաթը, չնայած լավ էր ճանաչում Կրասկա Վարդանին, բայց նրա իդեալիստական մակարդակը ստուգելու համար պահանջել է լրացնել հատուկ անկետա, մի տեղեկանք միլիցիայից բերել, մի տեղեկանք՝ թաղկոմից, մի տեղեկանք էլ՝ Բադալ Մարկոսովիչից՝ «առ այն մասին», որ ինքը ազնիվ աշխատավորի զավակ է, կապիտալիստական երկրներում բարեկամներ չունի, կյանքում առաջին անգամ է ամուսնանում և այլն։ Կրասկա Վարդանը բարեխղճորեն կատարել է իր ապագա աներոջ պահանջները, ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, բայց Փոստի Մադաթը չի բավարարվել, ասել է. «Համաձայնը՝ համաձայն եմ, բայց մի պահանջ էլ ունեմ՝ ձեր հարսանիքը պիտի կատարվի նոր պլատֆորմով՝ ձևով իդեալիստական, ոգով՝ հայրենասիրական։ Ուստի հարկավոր է մի տեղեկանք էլ կոմսոմոլից»։
Ահա այդ զրնգուն պայծառ աշնանը, երբ Կարկառը ձորում իր հին երգն էր մանում, Կտո պրիշոլ Պավլին Հայկասար Ճաղարովիչի տանիքն էր թիթեղապատում ու քթի տակ դնդնում. «Ես պուճուր, յարս պուճուր...», լուր տարածվեց Կանաչավանում, թե Էվրիկա Արտուշը վերջապես ավարտել է հավերժական շարժիչի գյուտը։ Մարդիկ շտապեցին շնորհավորելու տաղանդավոր մեխանիկ-գյուտարարին, և երբ ներս մտան նրա արհեստանոցը, ի՞նչ տեսնեն, որ լավ լինի... Էվրիկա Արտուշը, էդ անաստված-անաստվածի տղան, գրկել էր Նարգիզ բիբու շեկլիկ Նազիկին, անուշ-անուշ պռոշտի էր անում։
- Արա՜, ընկեր Արտուշ, բա որտե՞ղ է քո հավերժական շարժիչը,- քրքջաց Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչը, և քանի որ խոսելու առիթը եկել էր, ինքն էլ բաժակաճառ ասելու լավ տրամադրություն ուներ, վերցրեց ձեռքն ընկած բաժակը, երկու կողմերին ցանկացավ փոխադարձ երջանկություն, մի տուն լիքը շեկ ու թխահեր մանուկներ, և նույն պահին Ֆոտո Գավրուշը ներս մտավ իր եռոտանի ապարատով.
- Մոմե՛նտ։ Չշարժվե՛լ, անմահացնում եմ։
Եվ երբ ապարատը չխկաց, Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչն իր խոսքը եզրափակեց այսպես.
- Աշխարհի գլխավոր ու հավերժական շարժիչ ուժը սերն է և կարիք չկա ուրիշ հավերժական շարժիչ որոնել։ Ուրեմն, հարգելի սեղանակիցներ ու սեղանակիցուհիներ, թույլ տվեք խմել նոցա կենացը, ովքեր ծնվել ու ապրում են սիրո համար, քանզի սերն է բոլոր գեղեցիկ գործերի այն ոգեշունչ ուժը, որին բանաստեղծներն անվանում են Մուսա։
Կտո պրիշոլ Պավլին սպասել չտվեց, ոտքի վրա կլկլացրեց. «Դուն իմ մուսան ես, առանց քեզի ապրել չեմ կարող» և զնգացին բաժակները՝ նոցա կենացը։
Չէ, կանաչավանցիները հետաքրքիր մարդիկ են, արժե խմել նոցա կենացը։
ՊԱԺԱՌՆԻ ՎԱՂՈՆ
Վաղոյի՞ն եք հարցնում։ Մեր քաղաքում քանի՜ Վաղո կա, հա՜...Պրյամոյ Վաղո, Սվաղչի Վաղո, Մեխանիկ Վաղո, Չոռնի Վաղո, Սեկրետնի Վաղո, Կաչագար Վաղո, Շոֆեր Վաղո, Պաժառնի Վաղո... Յանի Լեռնակերտում մա՞րդ կա, որ Պաժառնի Վաղոյին չճանաչի։ Բեղեր ունի՝ ըհը՛, ծայրերը կարող ես տանել ետևից քշկռել։ Ճիշտ է, մի երկու անգամ հակահրդեհային կանոնները խախտելու համար մեզ էլ է տուգանել, բայց խոսք չունեմ, ազիզ մարդ է։
(Ուստա Ծատուրի օրագրից)
- Մազերիս համրանքով պաժարներ եմ հանգցրել։
Դա ասում է քաղաքի հակահրդեհային ջոկատի պետ Պաժառնի Վաղոն, որի գլուխն ընդհանրապես զուրկ է բուսականությունից։ Եթե ասեր բեղերիս մազերի համրանքով, ավելի ճիշտ կլիներ, որովհետև քաղաքում նրա փարթամ բեղերի պես ոչ ոք բեղեր չունի։ Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչն ասում է՝ Պաժառնի Վաղոն ամեն առավոտ բեղերը սև ներկ է քսում, բայց դա բամբասանք է, և պատիվ չի բերում Մարկոսովիչի նման մեծահռչակ թամադային։ Եթե ասեր՝ քաղաքում հենց որ մի սիրուն կնիկ է տեսնում, ձեռքը տանում է դեպի մերկ գլուխն ու ասում՝ ախր մազն ի՜նչ է, որ չի բուսնում, սև չլինի՝ սպիտակ լինի, դեղին լինի, կանաչ լինի, միայն թե լինի՝ էլի մարդիկ կհավատան։
Պաժառնի Վաղոյի խոսակցության հիմնական թեման հրդեհն է։ Եթե որևէ մեկն անցած տարիներից ուզում է ինչ-որ դեպք հիշել, նա իսկույն ճշտում է օրը. «Հա՛, ոնց չէ, միտս է, դա էն օրն էր, որ նէպման Մամբրե Խաբարդանովիչն իրեն գցեց Ստեփգէսի հովուզը՝ խեղդվեց։ Ողորմի՜ իրեն, փիս մարդ էր»։ Եթե նրան հարցնելու լինեն՝ ո՞ր ամսի և որ օրին է մեր թատրոնը բեմադրել Վաղարշ Վաղարշյանի «Օղակումը», իսկույն կպատասխանի. «Դա այն ժամանակ էր, որ ֆաշիստները Ռայխստագը վառեցին, որպեսզի շառը դնեն կոմունիստների վրա։ Համա ընկեր Դմիտրովը, կեցցե՛ս, հալալ լինի, դատի ժամանակ դրանց շանը տեղը կապեց, ո՜նց կապեց...»:
Ինչպես տեսնում եք, Պաժառնի Վաղոն տեղեկություններ ունի նաև համաշխարհային մասշտաբի հրդեհների, ինչպես նաև դրանց ծագման պատճառների մասին։ Նա կարող է ասել, թե կայսր Ներոնը որ թվականին է վառել Հռոմը, մոնղոլական նվաճողները ինչ քաղաքներ են վառել, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհում քանի խոշոր հրդեհ է եղել... Կարճ ասած, Պաժառնի Վաղոն, Փոստի Մադաթի վկայությամբ, հրդեհների ցիկլոպեդիա է, իսկ Դուքան Սեդրակի չարախոսությամբ՝ պաժառնի շլանգ։
Ահա փողոցով տագնապի ազդանշան հնչեցնելով սլանում է հրշեջ կարմիր ավտոմեքենան։ Կողքի հատուկ նստատեղին, գլխին պղնձագույն սաղավարտ, ձեռքին ջրացայտ խողովակը, թավ բեղերը կտրիճավարի ցցած՝ հրշեջ ջոկատի պետն այնպիսի դիրք է ընդունել, կարծես այդ պահին Ֆոտո Գավրուշն ապարատը դեմ է արել ու հրամայել. «Չշարժվել, ստո՛պ, նկարում եմ։ Մոմենտ։ Չը՛խկ։ Ապրես, պատկերդ պատրաստ է, կտանես տեսնես՝ եթե դու ես, քեզ նման է՝ կվերցնես, եթե դու չես՝ կտաս ձեր հարևանին, կարող է՝ ինքն է»։
Եվ արժե նկարել Պաժառնի Վաղոյին։
Երբ Թարխան Թերխաշյանը փորձեց հրդեհել արդեն պետականացված աղյուսագործարանը, այդ ո՞վ նրա ձեռքից խլեց նավթի շիշն ու ասաց. «Հլա մի կաց, ա՛յ նեպման թերխաշ աղվես, բա մենք քնա՞ծ ենք, որ օրը ցերեկով ուզում ես ոչնչացնել մեր հարազատ ժողովրդի սոցիալիստական սեփականությունը»: Պաժառնի Վաղոն չէ՞ր, որ Կարմիր մեբել ֆաբրիկայի չորանոցում Մոթալ Մինասի ձեռքից լուցկին խլեց, ոլորեց նրա կարկուտ թակած ականջներն ու ասաց. «Հը՛, Մոթալ Մինաս, էշին տաք ջուր կտա՞ս, թե՞ ցուրտ»։ Պաժառնի Վաղոն էր։ Այդ նա էր, որ իր քաջ տղաներով հանգցրեց Արտիստների շենքում ծագած հրդեհն ու արժանացավ թատրոնի դիրեկտոր ընկեր Կարպիս Ալամյանի գովասանքին. «Մալադեց Վաղարշակ Վարդանովիչ, այսօրվանից դու մեր թատրոնում քո պատվավոր տեղն ունես»։
Եթե Պաժառնի Վաղոն հրդեհներ հանգցնելու գործում իսկական կտրիճ է, ապա կանանց ներկայությամբ իրեն այնպես է կորցնում, որ նույնիսկ Ղըռչի Ակուփի կինը՝ Համասփյուռը, ասում է. «Վու՜յ, աղջի, էս խեղճը ո՞նց պիտի կնիկ առնի, բերանումը ոնց որ լեզու չլինի»։
Ամռան մի տոթ օր, երբ Դուքան Սեդրակը պառկել էր թթենու շվաքում ու բերանը լայն բացել, և աներես ճանճերը ներս ու դուրս էին անում նրա բերանից... Երբ Մեռել լողացնող Մանգասարը արդեն լրիվ ցնորված, քայլում էր փողոցով, ծեծում պատահած դարպասն ու հարցնում. «Ձեր տանը մեռել չկա՞, գամ լողացնեմ» ու ծիծաղում ցնդած-ցնդած... Երբ Թարխան Թերխաշյանն ու Սուսամբար Աղաջանովնան լեզվակռվից անցել էին բռնցքամարտի, և դժվար էր կանխագուշակել, թե ով պիտի հաղթի... Երբ Մկր. Սազանդարովը ցանկապատի արանքից հանել էր իր բուլղարական տաքտեղ քիթն ու մտիկ էր տալիս նրանց մենամարտին, քաղաքի շենքերից մեկում հրդեհ բռնկվեց։ Նույն պահին փողոցով դղրդալով անցավ հրշեջ ավտոմեքենան։ Դեպքի վայրը հասնելուն պես, Պաժառնի Վաղոն ցատկեց ավտոմեքենայից, սանդուղքն ամրացրեց երկրորդ հարկից ծուխ ժայթքող բնակարանի լուսամուտին ու նետվեց կրակի ու ծխի մեջ։ Նման դեպքերում հրշեջի պարտքն է առաջին հերթին փրկել մարդկային կյանքը։ Իսկ աղյուսագործարանի հաշվապահուհի Լիդիա Պետրովնան մոռացել էր իր թանկագին կյանքը, ուշակորույս ընկել մահճակալին։
Եվ Պաժառնի Վաղոն գրկեց նրան, երկրորդ հարկից իջեցրեց, ցույց տվեց առաջին օգնությունը...
Երբ Լիդիա Պետրովնան բացեց մշուշված աչքերը, հրշեջ ջոկատի պետը հանուն այդ աչքերի պատրաստ էր նետվելու թեկուզև բոցավառված բենզինի բաքի մեջ։ Աչքեր չէին, կապույտ մանուշակներ էին, ի՜նչ բուրմունք, ի՜նչ բուրմունք...
Պաժառնի Վաղոյի սրտում այնպիսի մի հրդեհ բռնկվեց, այնպիսի մի հրդեհ, որ ոչ մի հրշեջ չէր կարող հանգցնել այդ կրակը։
Ասում են՝ սեպը սեպով են հանում, և կյանքում այնպիսի հրդեհ կա, որ մարում են միայն... հրդեհով։
Հրշեջ ջոկատի պետն առավոտյան շատ վաղ արթնացավ, Վարսավիր Արտուշի մոտ էքստրնի թրաշվեց, բարձրացավ արդեն ծանոթ շենքի ծանոթ աստիճաններով, ծեծեց դուռը, ճակատի քրտինքը թաշկինակով մաքրեց, շատ քաղաքավարի բարևեց Լիդիա Պետրովնային ու ասաց.
- Լիդիա Պետրովնա, խնդրում եմ իմ մասին վատ բան չմտածեք։ Ես եկել եմ հրդեհի պատճառներն արձանագրելու։ Դա մտնում է իմ անմիջական պարտականությունների մեջ։
Լիդիա Պետրովնան հրշեջ ջոկատի պետին շատ քաղաքավարի ներս հրավիրեց, աթոռ առաջարկեց, պատասխանեց նրա հարցերին ու հիշեց երեկվա դեպքը։
- Ընկեր պետ, ես ձեզանից շնորհակալ եմ,- և նա այնպես նայեց Պաժառնի Վաղոյին, այնպես անուշ-անուշ ժպտաց, որ միայն անսիրտ մարդիկ կարող էին չզգալ, թե այդ պահին ինչ էր կատարվում հրշեջ ջոկատի պետի սրտում։ Ի՜նչ հայացք, ի՜նչ քնքշանք, ի՜նչ ժպիտ, ի՜նչ շուրթեր։- Դուք փրկել եք իմ կյանքը,- շարունակեց Լիդիա Պետրովնան։- Դուք իմ փրկարարն եք, և ես երբեք դա չեմ մոռանա։
- Դե, առանձնապես...,- Վաղոն շփոթվեց, քրտնեց, կարմրեց, կակազեց։ Կարծես այն Վաղոն չէր, որ համարձակորեն նետվում էր բոցերի մեջ, այդ թավ բեղերն էլ իրենը չեն, կպցրած են, ինչպես թատրոնում։- Լիդիա Պետրովնա, նման դեպքերում մենք իրավունք ունենք... նո՛ւ, ինչպես ասում են, գրկել թեկուզև քաղաքացուհիներին։ Կյանքի հարց է։ Իսկ դուք, խնդրում եմ, իմ մասին վատ բան չմտածեք։ Ես սա ասում եմ բարի մտքով։ Եթե դեմ չեք, վաղը ես ինքս կգամ և ձեր ծխնելույզը... Հասկանո՞ւմ եք, օրենքով պիտի վերացնել հրդեհի օջախը։
Լիդիա Պետրովնան էլ կարծես դեմ չէր հրդեհի օջախը վերացնելուն, մանավանդ, որ այդ հրդեհը հասարակ հրդեհ չէր, սրտի հրդեհ էր։
Հաջորդ օրը Վաղարշակ Վարդանովիչին նա, այսինքն՝ Լիդիա Պետրովնան, հյուրասիրեց մուրաբայով ու թեյով, մյուս օրը՝ կոնյակով, իսկ մի շաբաթից հետո, աշխարհի ամենաքաջ և ամենաամոթխած մարդը բռնեց նրա թևն ու ասաց.
- Լիդիա Պետրովնա, ես ձեզ սիրում եմ անկեղծորեն և խնդրում եմ իմ մասին վատ բան չմտածեք։
Լիդիա Պետրովնան էլ, իր հերթին, շատ քաղաքավարի պատասխանեց.
- Եթե դուք ինձ իսկապես սիրում եք, ես էլ ձեզ եմ սիրում, խնդրում եմ դուք էլ իմ մասին վատ բան չմտածեք։
Շարունակությունը նման է ուրախ հեքիաթի։
Երբ թամադաների թամադա Նոցա կենաց Բադալ Մարկոսովիչը մեկ ու կես ժամ խոսեց ամուսնության դերի ու նշանակության մասին, և ապա անցավ Հաննիբալի արշավանքին ու Գրյունվալդի ճակատամարտին, նոր էր սկսել պատմել Ալեքսանդր Մակեդոնացու հերոսական ճակատամարտերի մասին, Ուստա Ծատուրը չհամբերեց, տեղից գոչեց. «Գորկո՜, գորկո՜...»։ Եվ Պաժառնի Վաղոն աչքերը փակեց ու նորահարսի ականջին շշնջաց.
- Լիդիա Պետրովնա, մասսան պահանջում է... եթե կարելի է... խնդրում եմ վատ բան չկարծեք։
- Կարելի է, կարելի է, Վաղարշակ Վարդանովիչ,- ժպտաց Լիդիա Պետրովնան, և այտը մոտեցրեց Պաժառնի Վաղոյի պապակված շուրթերին։
Այդ օրը կյանքում առաջին անգամ Պաժառնի Վաղոն համբուրեց այն հրաշք էակին, որ տղամարդկանց սրտերում հրդեհներ է առաջացնում, և որի պատճառով վառվեց Տրոյան, Օթելլոն խանդից գալարվեց, Պաղտասար աղբարը բղավեց. «Օ՜հ, կինե՜ր, կինե՜ր», Սեյրանը, Ռոմեոն, Մեջնունը, Համլետը, Արբենինը, Սոսը, Սարոն... Բայց դրանք անցած-գնացած սերեր են։ Պաժառնի Վաղոն այդ օրը հասկացավ շատ կարևոր մի բան՝ առանց կնոջ աշխարհում գոյություն չունի ոչ սեր, ոչ կարոտ, ոչ խաղաղություն և ոչ էլ... սրտի հրդեհ։
Առաջ անցնենք։
Պատերազմի առաջին տարում Պաժառնի Վաղոն ոտքից վիրավորվեց ու ընկավ պարտիզանների մոտ։ Նա փոխեց իր մասնագիտությունը՝ հրշեջ ջոկատի նախկին պետը սկսեց ինքն իր ձեռքով վառել։ Վառում էր թշնամու զինանոցները, մթերքների պահեստները, պայթեցնում կամուրջները, քանդում երկաթագծերը։ Երբ հրեդեհների հրաշեկ բոցերը լիզում են երկինքը և որոտում ռումբերը, խաչակիր տանկերով բեռնված գնացքները գլորվում են անդնդախոր ձորերը՝ բոլորն ասում են, որ դա Պարտիզան Վաղոյի գործն է։ Նա այնպես էր վառում, որ պարտիզանական գնդի հրամանատար Անդրեյ Մարտինյուկն ասաց. «Գրողը տանի, ո՞վ կհավատա, որ դու երբևիցե հրշեջ ես եղել»։
Երեք տարուց ավելի Պարտիզան Վաղոն վառեց, քանդեց, պայթեցրեց, ֆաշիստներին մատների վրա այնպես խաղացրեց, որ էսէսականները նրա գլխի համար մեծ գումար նշանակեցին։ Բայց իր գլխից բեզարածն ո՞վ է, որ ձեռք բարձրացնի Պարտիզան Վաղոյի վրա։
Քառասունհինգին, երբ կարմիր բանակը գրոհում էր Բեռլինի վրա, Պարտիզան Վաղոն կնոջը նամակ գրեց, ջերմ ու կարոտալի նամակ. «Իմ աննման Լիդիա Պետրովնա, իմ թանկագին երեխաների մայր, Բեռլինի վրա եմ գնում, և խնդրում եմ իմ մասին վատ բան չմտածես»։
Լիդիա Պետրովնան կարդաց ամուսնու նամակն ու պատասխան գրեց, սրտահույզ ու բովանդակալից պատասխան. «Իմ թանկագին Վաղարշակ Վարդանովիչ, իմ աննման երեխաների հայր, ուրախ եմ, որ Բեռլինի վրա ես գնում։ Ես քեզ սպասում եմ ու կսպասեմ թեկուզև հազար տարի, խնդրում եմ դու էլ իմ մասին վատ բան չմտածես»։
...Տարիներ են եկել ու անցել, աշխարհի գետերով շատ ջրեր են հոսել։ Այսօր էլ Պաժառնի Վաղոն չի փոխվել, կարծես նույն Վաղոն է մնացել։ Նույն փարթամ բեղերը, նույն ուրախ դեմքը և նույնն է նրա տրտունջը՝ իր բուսականությունից զուրկ գլխի նկատմամբ։ Եվ նույնն է նրա սրտի կրակը։
ԻԲՐԵՎ ՎԵՐՋԱԲԱՆ
Մի պարոն Սիլվեստ, որ տարվա բոլոր եղանակների հետ փոխում է իր համոզմունքներն ու դրոշը, քսանական թվականներին ծլկեց արտասահման, կանգնեց տարբեր դրոշների տակ և Հայրենական մեծ պատերազմից հետո, հանկարծ հայտնվեց եթերում. «Ի՜նչ Ղարաբաղ, ի՜նչ բան,- բարբառեց նա,- դա հետամնաց մի երկրամաս է։ Իսկ այդ Լեռնակերտը գավառական հետամնաց մի ավան է, որի բնակիչները հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ»։
Պարոն Սիլվեստը փչեց մի տարի, երկու տարի, այնքան փչեց, որ թոքերը թուլացան, և մի օր էլ զգալով՝ փչոցները տեղ չեն հասնում, իրեն նետեց գնացքի տակ ու «անմահացավ որպես ազգային հերոս»։
Մի բախտախնդիր Կարա-Բեքիր, մուսավաթական մի տականք, քսանչորս թվականին բռնվեց անասնագողության մեջ, հետո անցավ սահմանը, հայտնվեց Անկարայում։ Նա այստեղ հանդես էր գալիս որպես «Ղարաբաղի հայրենասեր մուսուլմանների ներկայացուցիչ», կազմակերպում էր պրես-կոնֆերանսներ ու կոչ անում. «Ուղղափառնե՜ր, ժամանակն է, մենք պիտի արշավենք Ղարաբաղի վրա, քշենք բոլոր հայերին ու փրկենք մեր նախնիների սուրբ հողը»։ Ասում են՝ մինչև այսօր էլ Կարա-Բեքիրը Անկարայից շարունակում է ոռնալ Ղարաբաղի վրա։
Մի օյինբազ Աղամ Բիրղամիչ Սամարղանդում հանդիպեց Սիմոն Սարխոշյանցին, տարավ ռեստորանում իր հաշվին հյուրասիրեց ու սկսեց ձեռ առնել։ Վարժապետ Սիմոնին նա մեծարեց զանազան էպիտետներով, հետո զգալով, որ նա հումորի զգացում չունի, ասաց. «Չէ՛, վարժապետ, քո մեջ ղարաբաղցու արյուն չկա, էլի էն ցնդած վարժապետն ես»։
Ահա և ընթերցող, վերջացրինք մեր ասքը Լեռնակերտի մասին։ Վերջացրի՞նք... Օ՜, ոչ, մենք պարզապես հասանք այնտեղ, որտեղից սկսվում է Նոր Լեռնակերտը։ Հորիզոնները երբեք չեն վերջանում, հորիզոններից այն կողմ նոր հորիզոններ ու նոր հեռաստաններ կան*։
1972-1982 թթ.
ք. Ստեփանակերտ
-------------------------------------------------------------------
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ։ Վեպի առաջին տարբերակը 1973 թ. տպագրվել է «Խանքենդուց մինչև Ստեփանակերտ» և «Խանքենդի» վերնագրերով։ Ժամանակին այն լայն ընդունելություն էր գտել ընթերցողների շրջանում, և հեղինակը ձեռնամուխ է եղել վեպի նոր՝ երկրորդ մասը գրելուն։ Այնուհետև գրել է նաև երրորդ մասը։
Սույն «Լեռնակերտ»-ը կազմվել է վեպի առաջին և երկրորդ մասերից։ Մենք հիմք ենք ընդունել հեղինակի կազմած, զգալիորեն վերամշակված տարբերակը, միաժամանակ, նպատակահարմար գտնելով ավելացնել հեղինակի կողմից դուրս թողնված գլուխներ («Ապետնակ թագավորը», «Ձմեռային հեքիաթ», «Ազգի հերոսը», «Գժերի թագավորը», «Ոստիկանապետ Լալաև», «Կեցցե անկախ Լեռնակերտը», «Աննախադեպ խայտառակություն», «Կարկազ Լեռնակերտցի»), որոնք ավելի են ամբողջացնում վեպի կառուցվածքը և հնարավորություն են տալիս ավելի լայն պատկերացում կազմել Վ. Օվյանի նշանավոր այս երկի մասին։
* - «Գժերի թագավորը» - Այս գլուխը հեղինակն անջատել էր վեպից և առանձնացրել որպես առանձին պատմվածք: Բնականաբար, նա վեպից դուրս էր թողել նաև այն գլուխները, որ առնչվում են «Գժերի թագավորի»՝ Աղամ Բիրղամիչի հետ:
* - «Վերջաբան» - Իրականում այստեղ ավարտվում է վեպի երկրորդ մասը: Երրորդ մասը, որի գործողությունները կատարվում են նախապատերազմյան և հետպատերազմյան տարիներին (1940-1945 թթ.), բացառությամբ երեք գլուխների «Էպիկական անտրակտ», «Նոցա կենացը» և «Պաժառնի Վաղոն»), հեղինակը նպատակահարմար չի գտել օգտագործել «Լեռնակերտ»-ում:
ՀԱՏՎԱԾ ՎԵՊԻ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾԻՑ։ Վազգեն Օվյանի «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչև Ստեփանակերտ») վիպակն իր «ելման» կետում առնչություններ ունի Չարենցի «Երկիր Նաիրի»-ի, Բակունցի «Կյորես»-ի, Խանզադյանի «Մատյան եղելությանց»-ի հետ (թեև խիստ տարբեր են մատուցման եղանակները, յուրօրինակ են կերպն ու հայացքը)։ Ապա և անուղղակի շոշափումներ կան «Լեռնակերտի» և Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակի միջև, քիչ այն կողմ է նաև Մահարու «Այրվող այգեստանները»։
Օվյանն իր «Լեռնակերտ» վիպակով դառնում է մեր նախորդների ավանդների շարունակողներից մեկը... Եթե նյութի ընտրության կամ ելակետի հարցում գրողը հենվում է նախորդների վրա, ապա ոճի, արվեստի, արտահայտման եղանակների տեսակետից այս վիպակը միանգամայն ուրույն երկ է՝ համեմված շատ հաճախ նրբին հումորով, հաճախ էլ սարկաստիկ ծիծաղով։ Ընդհանրապես, Օվյանի արձակն աչքի է ընկնում հումորի, երգիծանքի ուրույն միջոցների հարստությամբ: Առանձին դեպքերում, այս մարզում նա հասնում է ակնհայտ նվաճումների:
Վազգեն Օվյանն արագ էր աշխատում: Զարմանալի եռանդով նա պիեսին զուգահեռ գրում էր պատմվածք կամ նովել, բանաստեղծության հետ ընթերցողի դատին էր հանձնում որևէ առակ կամ հումորեսկ: Իր գրական գործունեության երեսուն տարում քիչ գործ չի արել Վ. Օվյանը՝ և՛ իբրև գրող, և՛ իբրև քաղաքացի: Միշտ զբաղված, բայց զարմանալի կերպով աշխույժ, սրտաբաց ու սրտամոտ, կատակասեր ու եռանդուն, չափազանց բարի ու անկեղծ,- ահա այսպիսինն է, բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, իր հողին ու ջրին նվիրված, ղարաբաղյան իր շիտակությամբ պարզ ու պայծառ Վազգեն Օվյանը։
ՍԵՐԳԵՅ ԱԹԱԲԵԿՅԱՆ
գրականագետ
Subscribe to:
Posts (Atom)