24 August, 2014

ՊԱՅԾԱՌ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վազգեն Օվյան՝ անհանգիստ սուր միտք, հզոր ասելիք և աներևակայելի աշխատասիրություն։ Վկան նրա վերջերս հրատարակված ստեղծագործություններն են, գրականության գրեթե բոլոր ժանրերում հավասարապես հանդես գալու տաղանդը։ Մանավանդ երգիծելու բնագավառում նա մրցակից չուներ։
Ընդհանրապես Վազգեն Օվյանի ստեղծագործության նշանակությունը բացառիկ է։ Դրա վառ օրինակը «Այս Ղարաբաղն է» փայլուն երկն է։ Կարդում եմ այն, և թվում է հեղինակը գրել է ոչ թե տարիներ առաջ, այլ այսօր, մեր օրերում։ Կանցնեն տարիներ, և երբ ստեղծվի Արցախի մասին գրական-գեղարվեստական մի անթոլոգիա, ապա անշուտ այն գլխավորելու է այդ շքեղ պոեմը։

Դա կոչ է, պատգամ՝ ուղղված նաև գալիք սերունդներին։ Դա հզոր տաղանդով հնչեցրած ղողանջ է, գեղարվեստական անգերազանցելի հարստություն, Արցախում ձեռք բերած մեծագործություններից մեկը։ Սա սովորական պատում չէ, այլ Արցախի դիմանկարը, ոգու խոյանքները, ինչու չէ, նաև հայրենի երկրամասի վսեմ նկարագիրը։

Ես գրեթե միակ արցախցին եմ, որ դեռևս ուսանողական տարիներին՝ 1962 թ. լուրջ խոսակցություն եմ ունեցել Վազգենի հետ, նրա «Թևան-դհոլ» երգիծական, ծաղրանկարային, պոեմի առնչությամբ։ Սակայն հետագա տարիներին մոտիկից շփվելով նրա հետ, զգացի, որ Օվյանը չափազանց ինքնատիպ և բնությունից շնորհված տաղանդավոր անհատականություն էր։ Բայց ինչպես ինքն էր խոստովանել, այդ ժամանակ լավ չգիտեր Արցախ-Ղարաբաղի պատմությունը։ Դրա համար էլ սկզբնական շրջանում տարվել էր ժամանակի մտայնության թեմաներով։

Մի բան սակայն պարզ է. գրել էր ստեղծագործական մեծ պաթոսով, իրեն հատուկ շիտակությամբ ու արվեստի բարձր չափանիշներով։ Այն գրել էր բոլոր հինգ զգայարանների արտասովոր լարումով ու տաղանդի փայլատակումով, ժամանակի գաղափարական արտահայտչական եղանակով։

Հաստատապես կարող եմ պնդել, որ Վազգեն Օվյանին էր վիճակված գրել Արցախում Ադրբեջանի իրականացրած քաղաքական ցեղասպանության պատմությունը՝ խտացված և ամբողջացված ներկայացնել բանաստեղծական ներշնչանքով։ Այլ խոսքերով՝ չափածո ժանրում ուրվագծել էր Արցախի վերապրած ողջ մղձավանջը, արցախցու ազատաբաղձ տանջանքները։

Վազգեն Օվյանը սովորական մահկանացու չէր, այլ պայծառ անհատականություն, մեծ հայրենասեր, բոլորիս աչքի առաջ հալվող-մաշվող, հայաթափվող Արցախի բանաստեղծը, մի ամբողջ սերնդի ճակատագրի պատմիչը։

ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Երևան, սեպտեմբեր, 1999 թ.