ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ


ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՏՈՂԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ԷՐ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՀ ԶԳԱՑՈՒՄԸ


Բացեցի գիրքը. առաջին էջում մակագրված էր՝ «Այս անփոխարինելի գիրքը պատկանում է ինձ՝ Մ. Հ-ին»: Գրքի հեղինակն էր Վազգեն Օվյանը: Արցունքն աչքերիս կարդացի «Լեռների լեգենդը» գրքի ամեն մի բանաստեղծություն, ամեն պատմվածք... Գրեթե ամեն տողի հետ ավելի էր բարձրանում իմ ազգային պատկանելության վեհ զգացումը, որն առանց այդ էլ սահմաններ չունի: Ավելի ու ավելի սիրահարվեցի հայի տեսակին՝ մաքուր ու պարզ, այն հային, որ հայկական է, և միայն մեզ է բնորոշ:

Ափսոսում եմ, որ կյանքիս 21 տարիների ընթացքում չեմ ճանաչել Վազգեն Օվյան գրողին, մարդուն, որին իրավամբ կարող ենք կոչել «անկախության» երգիչ, այն անկախության, որի մասին նա այդքան երկար երազել էր և, ցավոք, չկարողացավ վայելել:

Մի քանի օր առաջ կայքերից մեկում մի հիասքանչ հոդված կարդացի: Հոդվածն այնքան հետաքրքրեց, որ փորձեցի պարզել հեղինակի անունը: Եվ կարդացի ՕՎՅԱՆ ազգանունը, որը երբևէ անհնար է մոռանալ և այն իմ գեղարվեստական նկրտումներում իր ուրույն հետքն է թողել:
Ցանկանում եմ, որ հայ գրականության էջերին անմահանա ՕՎՅԱՆ ազգանունը և սերունդները շարունակեն ՕՎՅԱՆՆԵՐԻ առաքելությունը ու պայծառ պահեն մեծն Վազգեն Օվյանի հիշատակը:

ՆԱՐԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երևան



ՍԻՐԵՑԻ ԱՅՍ ՀԵՂԻՆԱԿԻՆ...

ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ
բանաստեղծ

Վազգեն Օվյան եմ ընթերցում...
Մտածում եմ՝ ինչո՞ւ... Ինչու ենք մենք այսքան անհեռատես, այսքան անհանդուրժող և ցուցամոլ, այսքան փոքր ու մանր: Չնկատել այս պոետին, անկախ ժամանակների, կարգերի, ասել է թե...
Ասենք, ինքներդ ընթերցեք և արեք հետևություններ...
Ես անձամբ ցավում եմ, որ այսքան ուշ եմ ճանաչել նման ստեղծագործողի և ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ճանաչելու: Շնորհակալություն նրա որդուն՝Վարդգես Օվյանին, որ տվեց նման հնարավորություն...

Սիրեցի այս հեղինակին... առաջին իսկ տողերից: Հարազատ է այնքան, ասես կողքիս նստած լինի ու ժպտա: Ես էլ կարդում եմ այս գործը («Լոթի Աբոն») և...քրքջում...

Ղարաբաղ-Արցախի արժանավոր զավակներ Լևոն Ադյանի, Բագրատ Ուլուբաբյանի հետ միասին իմ սիրտը մտավ ևս մեկ տաղանդաշատ և ազնիվ քաղաքացի, գրող, լուսավոր մարդ:
Այս փոքրիկ աշխարհում այնքա՜ն տաղանդավոր անհատներ կան, որ բավական կլիներ մի խոշոր պետության՝ դարեր շարունակ հպարտանալու իր զավակներով:
Առայժմ ընթերցում եմ, ընթերցում և... չեմ հագենում:


ԷՔՍՊՐՈՄՏ
(Արձագանք լուսահոգի Վազգեն Օվյանի 
«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությանը)

Լուսավոր հոգի, աննման պոետ…
Այն, որ ծնվել ես դու Ղարաբաղում,
Որին Արցախ են այսօր անվանում,
Քո, այս գործի մեջ,- լա՛վ է երևում.
Անգամ ավելին՝երբ որ կարդացի.
Ինքս զգացի… ինձ իսկ Արցախցի:
Մենք հարևան ենք,- ես էլ Սյունեցի,
Լա՛վ գիտեմ համը քարե խորհրդի,
Որից էն քամել հացը արևշատ՝
Քամել ժողովուրդ հայ, տաղանդաշատ,
Գնով անարժան տառապանքների.
- Մնալով մաքուր… ի ցավ այլերի:

Թող այդ «այլեր»-ի ցավը խոր լինի՝
Եվ անբուժելի.
Ալլահով այսօր էլ չես զարմացնի՝
Անգամ տգետին
Իրենց էությամբ հավետ են պղծված՝
Պղծված են անդարձ,
Ու թե «հույս ունեն» խաբել աշխարհին,
Ապա կարող են լավագույն դեպքում,
Խրվել ճահիճում՝փնթի, անարգված,
Ու եթե հանկած, ձեռք մեկնեն՝ հանեն.
Նրանց իսկ նման,- անիծված լինեն.
- Ի փառըս Ալլահի…

Թե Ղարաբաղից այրեր չվեցին,
Թողնելով թափուր շեն ու օջախներ,
Մեծամասնությամբ հռչակ բերեցին,
Արցախ աշխարհին,- որին արժան էր:
Չկա աշխարհում որևէ երկիր,
Որտեղ չեն եղել սրիկա-շներ.
(Եղել են ու կան, և միշտ կլինեն),
Միայն Արցախցին ունի և գեներ,
Որին են հավետ ծուռ աչքով նայել,
Ահաբեկվել են՝ անգամ սարսափել,
Երբ հասկացել են,- անզոր են հերքել.
- Ինչ քարն է ծնել… զուլալը՝ սնել:

«Շեփորահար ու թմբուկ» պոետներ,
Որքան էլ ջանան, չե՛ն կարող մտնել,
Հավերժի տանող գետը այն վարար,
Որտեղ մտնում են պոետ-տաղանդներ,
Մտնում են անփորձ, դուրս գալիս՝ վարպետ,
Ափերի միջին՝աղեղ-գրիչ-նետ,
Աստծո օրհնանքը իրենց շրթերին,
Որոնք են կոչված ազգ պահել՝ լեզուն,
Դառնալ կրողը խղճի, հոգեկան,
Որ ազգայինը կոչվի դասական,
Որն էլ, իր հերթին,- լինի գանձարան.
- Ոչ թե սոսկ մնա… քարե թանգարան:

Ամարաս վանքում և Գանձասարում,
Այսօր Արցախյան շունչն է լոկ տիրում:
Ահել ու ջահել, գալիս են այստեղ,
Որ սուրբ խորանում աղոթք մրմնջան,
Որ մեր պապերին լինեն լոկ արժան,
Որ Ղարաբաղը Արցախ արդ կոչվի,
Որ օրրան լինի միմիայն հայի՝
Գա ու միանա Մայր Հայաստանին.
Հավե՛տ և ընդմի՛շտ, առանց կասկածի,
Այստեղ որ հանգչող հերոս-հայեցու,- հոգին որ չասի.
- Անտեղի գուցե… արյուն թափեցի:

Լավ գիտի, եղբա՛յր,- անգամ դրածոն,
Չունի անելիք որ Արցախ հողում,
Որ մարդիկ այստեղ համբերել գիտեն,
Քչով գոհանալ ու սիրել գիտեն,
Բայց, բա՛վ է խաղան նրա հոգու հետ,
Թե մեծ, թե մանուկ, առնելու են նետ,
Վտարելու են՝ ինչպես աղվեսին,
Որ, Արջի դիմաց ելել է կռվի,
Հույսը դնելով քանակի վրա,
Եվ մոռանալով, որ վերջը դրա,
Վաղուց է հայտնի,- փուչ դամբանական.
- Թմբուկ պոետին… միայն սազական:

Լեռները լուռ են,- արձագանքում եմ ես հեռուներից,
Նաև թող հիշեն, որ խուլ ու կույր չեն,
Ու թե խոսում են, լսե՛ք դուք նրանց,
Եթե, իհարկե, խուլ չեք՝ անզգամ:
Հավետ իմացե՛ք,- որ հրաբուխից,
Ծնվել, ծնվում են այրեր հայորդի:
Զևս էլ թե լինեք, շանթեր արձակեք,
Միայն կարող եք մեզ իսկ սրբացնել:
Իսկ արձագանքս՝ Վազգեն Օվյանին,
Թեկուզ և ուշ է,- տեղի՛ն է, տեղի՛ն:
Թե չի լսել նա,- կլսի որդին.
- Ողջո՛ւյն Սյունիքից… Արցախ աշխարհին:

ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ
Սանկտ-Պետերբուրգ
06.08.2013թ.

No comments:

Post a Comment