- ՄԵԾ ՄԱՄԸ
- ՄԵԾ ՄԱՄԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
- ՇԱՐՄԱՂԸ
- ՀԱՐՍԱՆԻՔ
- ՈՒՏՈՂ-ԽՄՈՂ ՄԱՐԴԻԿ
- ՄԻՋՕՐԵ
- Ա՛Խ, ԻՄ ՃԱՄՓԵՆ...
- ՀՈՎՆԱՆԸ
- ՀԱԶԱՐԱՊԵՏԸ
- ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԻԿԸ
- ԾԱՓԵՐԸ
ՄԵԾ ՄԱՄԸ
Բոլորը եկան, մարդ չմնաց…
Շ. Ազնավուր
Եկել են բոլորը։ Ասես, պայմանավորվածության համաձայն, իջել են նույն գնացքի նույն վագոնից, միասին շտապել այստեղ՝ կանխագուշակելով, որ Մեծ մամի հետ բան է պատահել։ Բայց Մեծ մամը, ինչպես միշտ, ինչպես մի ամիս առաջ, ինչպես մի տարի, երկու տարի առաջ, նստած է իր հին տեղը՝ մոդայից ընկած բազմոցի մի անկյունում, բրդե շալը ծնկներին, գլուխը հակած կրծքին։ Որդու մահից հետո, դա նրա անփոփոխ տեղն է, չնայած ունի իր փոքրիկ ննջասենյակը, իր «անձեռնմխելի տնտեսությունը»՝ ճռճռացող զսպանակներով մի մահճակալ, գունավոր թիթեղներով երեսպատված մի սնդուկ, մահճակալից վերեւ կախած որդու մեծադիր լուսանկարը՝ գնդապետի համազգեստով։
Եկել է Հովակիմը՝ Մեծ մամի քրոջ որդին, դուրս ընկած այտոսկրերով, նոր ճաղատացող գլխով, կապույտ աչքերով մի մարդ, որ երկար տարիներ աշխատել է քաղառեւտրում որպես ապրանքագետ եւ հիմա ռեստորանի դիրեկտոր է։ Նա այստեղ նոր մարդ չէ, ինչպես ասում են՝ դուռը ոտքով է բացում, հետը բերած կոնյակի, օղու, գինու եւ չեխական գարեջրի շշերը ցուցադրաբար շարում սեղանին, ու առաջին հարցը լինում է. «Է՜, ո՞նց ես, Մեծ մամ… Չէ, աչքիս լավ ես երեւում, շատ լավ։ Դու տղամարդ կնիկ ես»։ Մեծ մամը հասկանում է, որ Հովակիմը դա անում է ի ցույց գնդապետ որդու, այսինքն՝ տեսնո՞ւմ ես, Գեղամ Համազասպովիչ, ես Մեծ մամին պակաս չեմ սիրում, քան դու։
Այստեղ է Սահակը՝ Մեծ մամի եղբորորդին. կոլտնտեսությունում գլխավոր գյուղատնտես է, թերթերում նրա լավ աշխատանքի մասին հաճախ են գրում։ Սահակը միայն մի անգամ է եղել հորաքրոջ տանը. գործով էր եկել քաղաք։ Թինան նույնիսկ նրա բարեւին չպատասխանեց, եւ երբ Մեծ մամն ասաց՝ Սահակն է, իմ եղբոր մեծ տղան, հարսը չլսելուն դրեց։ Եթե հարսը հյուրին չի ընդունում, հյուրը հո չի՞ կարող պնդաճակատություն անել. Սահակը գնաց հյուրանոց, իսկ առավոտյան պարզվեց, որ նա դատարկաձեռն չէր եկել, հետը մի բիդոն մաքուր մեղր էր բերել։ Թինայի սիրտը փափկեց, զանգեց հյուրանոց, բայց ուշ էր արդեն, Սահակն արդեն առավոտյան ավտոբուսով գյուղ էր գնացել։
Սահակի դիմաց նստած է Մեծ մամի ավագ թոռը, հաղթանդամ մի տղամարդ, ըմբշամարտի գծով սպորտի վարպետ։ Նա սպորտդպրոցում հիմա մարզիչ է եւ շարունակում է ապրել իր նախկին փառքով։ Հագել է իր տոնական կապույտ կոստյումը, կրծքին սպորտի վարպետի կրծքանշանն է, վարդագույն փողկապին շողշողում է ոսկե քորոցը։ Գեդեոնի համար Մեծ մամն իր դարն ապրած կին է, որը, չգիտես ինչու, հորեղբայր Գեղամի մահից հետո շարունակում է ապրել, չնայած դրանից առանձին մի հաճույք չի ստանում։
Գեդեոնի կողքին Մեծ մամի աղջկաթոռն է, մասնագիտությամբ՝ երաժիշտ, կոնսերվատորիա է ավարտել, երաժշտական ուսումնարանում կլարնետի դասեր է տալիս։ Նա ներկաների մեջ թերեւս ամենաինտելիգենտ մարդն է, որ ուզում է տարբերվել նրանցից եւ՛ իր ծանրակշիռ խոսքով, եւ՛ նուրբ ու ընտիր բառերով, եւ՛ վարվեցողությամբ։ Երբ գնդապետ քեռին մեռավ, ինքն էր այստեղ կարգադրություն անում, բոլորի ուշադրության կենտրոնում ինքն էր։ Մերթ վազում էր պսակների ետեւից, մերթ փողային նվագախմբին դիտողություն էր անում եւ բացատրում, թե ինչ սգո քայլերգ պիտի նվագել։
Մնացածները տնեցիներն են. Թինան՝ երկարահասակ, չորուկ դեմքով եւ ներկած մազերով մի կին, Լեւոնը՝ որդին, որ կաբելի գործարանում ինժեներ է, եւ սրա կինը՝ Վիոլետան։ Վերջինս չի մասնակցում զրույցին, իր սենյակում աշակերտների գրավոր աշխատանքներն է ստուգում ու մեկ-մեկ մատը թափահարում իր չարաճճի աղջկա վրա. «Հերիք է, Նունե, խանգարում ես, տե՛ս, կծեծեմ»։
Խոսողը հիմնականում Թինան է։ Նա այդ հանդիպմանը շատ լավ է նախապատրաստվել. խոսում է ազատ ու անկաշկանդ, ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ավելորդ ժեստ։ Այդպես կարող է միայն խոսել իր դերը վարժ սերտած այն դերասանուհին, որն հույս ունի մոտ ապագայում արժանանալու վաստակավորի կոչման։
- Դուք, հարազատներս, հիմա տեսնո՞ւմ եք իմ վիճակը,- հարցն ուղղված է բոլորին,- Լեւոնը շարունակ գործուղման մեջ է, Վիոլետան չի կարող բացակայել դասերից,- նա ակնհայտ չարությամբ նայեց դեպի հարսի սենյակը,- իսկ ինձ բուժում է հարկավոր, եղել եմ պրոֆեսոր Մանունցյանի մոտ։ Նա գտնում է, որ անպայման պիտի մեկնեմ Սոչի կամ Գագրա։ Հիմա ձեզ եմ հարցնում, որպես իմ հարազատների՝ ո՞վ պիտի խնամի պառավին։ Քառասուն տարի հարսնություն եմ արել, ոչ մի անգամ ծուռ աչքով չեմ նայել, չեմ ասել՝ Մեծ մամ, աչքիդ վերեւ հոնք կա։ Քառասուն տարի խնամել եմ, ինչպես մայրը կխնամի իր հարազատ երեխային։ Այդպես չէ՞, Մեծ մամ։
Մեծ մամը բարձրացրեց գլուխը, ակնոցի հաստ ապակիներից նայեց հարսին, հառաչեց.
- Թինա՜,- ասաց,- Թինա, այդ ինչե՞ր ես ասում։ Դու լավ գիտես, որ ես Գեղամի մահից առաջ այսպես չէի։ Ինձ դո՞ւրս ես անում տնից։ Շնորհակալ եմ, Թինա, շատ եմ շնորհակալ։
- Իսկ ո՞վ ասաց, թե քեզ դուրս եմ անում տնից,- Թինայի լարի պես բարակ շրթները դողացին։- Խնդրեմ, տեսնո՞ւմ եք, թե ինչեր է հորինում։ Վաղն էլ կասի՝ ինձ հարսս քաղցած-ծարավ է պահում։ Ես թաքցնելու բան չունեմ, այստեղ մերոնք են, օտար մարդիկ չկան…
- Պարզ է, թաքցնելու բան չկա,- ասաց Գեդեոնը եւ զգալով, որ իր խոսքը ներկաների վրա տհաճություն պատճառեց, ուղղեց փողկապը, մոտեցավ պառավին։- Մեծ մամ, դու ինձ ճանաչո՞ւմ ես,- եւ նորից զգաց, որ սխալ է գործել. իսկ եթե Մեծ մամն ասի՝ տար ինձ ձեր տունը, ես ուզում եմ ձեր տանն ապրել ու մեռնել, ի՞նչ դուրս կգա։
Մեծ մամը լարեց հիշողությունը, նայեց մշուշված աչքերով ու խոսեց.
- Լավ չեմ տեսնում, աչքերիս մեջ լույս չի մնացել։
- Մեծ մամ, ես Գեդեոնն եմ։
- Գեդեո՞նը,- պառավի խորշոմած դեմքին առկայծեց ժպիտի պես մի բան։- Գեդեոնը, հա՛, Գեդեոնը, մեր Գուրգենի տղան։ Ես քեզ ձեռքերիս վրա եմ պահել, ո՞նց չեմ հիշում։ Գուրգենս ինչպե՞ս է։
- Թոշակի է անցել, Մեծ մամ։
- Բա ինչի՞ չի եկել։
- Քաղաքում չէ, գնացել է բուժման։
- Ասում են՝ կնկանդ հետ չես հաշտվում, էդ ո՞նց կլինի, ցավդ տանեմ։
- Ես հաշտվում եմ, Մեծ մամ, ինքը չի հաշտվում,- աշխուժացավ Գեդեոնը։ Այդ լավ է, թող հիմա բոլորն էլ իմանան, որ Նյուրան չար կնիկ է. հազիվ թե պառավին ընդունի։- Նա նույնիսկ չհաշտվեց իր հարազատ մոր հետ, տնից դուրս արեց։ Կանանց հետ լեզու գտնելը դժվար, շատ դժվար բան է, Մեծ մամ։
- Այսինքն՝ զոքանչիդ դուրս արեց,- չարությամբ պարզություն մտցրեց Արթուրը՝ երաժիշտը։- Նշանակում է, բարեկամս, ձեր ջուրը մի առվով չի գնում։
Գեդեոնն այնպե՜ս կուզեր շշպռեր այդ զուռնա փչողին. «Հոպոպ, դու քեզանից խոսիր, երեք անգամ պսակվել ես, երեք կնոջից երեք երեխա ունես»։ Բայց պահեց իրեն, ձեռքերն անզոր տարածեց.
- Ինչ ճիշտ է՝ ճիշտ է, մի առվով չի գնում,- եւ, այնուամենայնիվ, չդիմացավ, խայթեց։- Ի՞նչ անեմ, հո չե՞մ կարող ուրիշների նման երեք անգամ ամուսնանալ։ Հա, մի հայտնի գրող ասել է. «Ինչպես մահից, այնպես էլ կնոջից չես կարող փրկվել»։
- Այդ հայտնի գրողն իր համար է ասել,- Թինան զայրացած նայեց նրան։- Գրողները շատ բան կարող են ասել,- ու դարձավ Արթուրին։- Արթուր, ինչպե՞ս է Ելենի առողջությունը։
Դա հերթական հարց չէր, նպատակային հարց էր, եւ Արթուրը անակնկալի եկավ։
- Շնորհակալ եմ, ոչինչ… Պարզապես մայրիկը այն չէ, ինչ որ առաջներում։ Անշուշտ, հին հիվանդությունն իրեն զգացնել է տալիս։
- Ես այդ հին հիվանդության մասին առաջին անգամն եմ լսում։
- Դե, կանացի հիվանդություն… Քեռակին, մի՞թե նա այդ մասին քեզ ոչինչ չի ասել։
- Ոչ, չի ասել։ Անցած ամսին եկավ, թե մամային շատ եմ կարոտել։ Գոնե, մի քանի օր մնար, տեսներ հալս։ Չմնաց։ Իսկ դուք չե՞ք կարող երկու ամիս պառավին պահել, մինչեւ բուժումից վերադառնամ։
- Մայրիկն ինձ այդ մասին բան չի ասել։
- Հասկանում եմ, դուք էլ եք ձեռքներդ լվանում։ Դուրս է գալիս, որ ձեր մեջ ամենաանխելքը ես եմ։ Ամո՛թ է, ամոթ։
Հովակիմի դեմքի մկանը թրթռաց. նայեց Սահակին, վերջինս փախցրեց հայացքը։ Նայեց Լեւոնին, եւ Լեւոնը հասկացավ նրան, ներվային շարժումով ետ քաշեց աթոռը։
- Մամա, հերիք է,- ձայնը դողաց։- Լսո՞ւմ ես, հերիք է։ Եվ, ընդհանրապես, ո՞ւմ է հարկավոր այս պրես-կոնֆերանսը։
- Դու լռի՛ր,- սաստեց Թինան։- Դու, ընդհանրապես, ինչո՞ւ ես խառնվում։ Ես վաղը ճանապարհվում եմ Սոչի։ Ես էլ եմ ուզում ուրիշների նման ապրել։
- Քեզ ոչ ոք չի խանգարում։
- Իսկ ո՞վ պիտի խնամի այս պառավին. կի՞նդ։ Նա առավոտից մինչեւ երեկո իր մազերով ու եղունգներով է միայն զբաղված։
- Մամա, ամո՛թ է, դու արդեն հորինում ես։
- Ես ե՞մ հորինում։ Քո հարազատ մայրը հորինում է, հա՞… տեսնո՞ւմ եք, թե նա ինչպես է խոսում ինձ հետ։
- Իսկ դու ինչպե՞ս ես վարվում Մեծ մամի հետ։
Հովակիմն արդեն դաշնակից էր գտել, չէր կարող չեզոք դիրք բռնել, դանդաղ բարձրացրեց թավ հոնքերը, խոսեց.
- Թինա քույրիկ, իմ կարծիքով, գործը ծուռ ես բռնել։ Երբ Մեծ մամը Մեծ մամ էր, ուրիշ ձեւով էիր խոսում։ Երբ Մեծ մամը տանդ լվացքն էր անում, եփում ու թխում էր, տունը հավաքում, շուկա գնում, երեսդ պարզ անում, մեր տեղը չգիտեիր, մեզ մարդատեղ չէիր դնում։
Թինան դրան չէր սպասում, դա թիկունքից հարված էր, եւ շիկացած Թինան թավայի մեջ լցրած յուղի պես թշշաց.
- Դու լռի՛ր…
- Որքան լռել եմ, հերիք է։
- Հասկացանք, մորաքրոջդ պաշտպանում ես… Ասա, խնդրեմ, ո՞վ է քեզ մարդ դարձրել։ Գեղամը չլիներ, քեզ քաղառեւտրից այնպե՜ս կքշեին…
- Ինձ քաղառեւտրից քշողը դեռ մորից չի ծնվել։
- Գեղամի թիկունքով… Մոռացել ես, չէ՞, գիշեր-ցերեկ մեր տնից դուրս չէիր գալիս։
- Ես երբեք դատարկ ձեռքով ձեր տուն չեմ մտել։
- Բերածդ ի՞նչ էր՝ երկու շիշ թթված գինի։
- Էդ ե՞րբ թթվեց։
- Դու շատ լավ գիտես, թե երբ թթվեց։ Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ ես քիթդ խցկում այնտեղ, որտեղ դրա կարիքը չի զգացվում։ Նախա՛լ…
- Թինա՜…
Դա անզուսպ մի ճիչ էր, բոլորը շրջվեցին Մեծ մամի կողմը։ Պառավը հենվեց բազմոցի թիկնակին, շարժեց չորացած շուրթերը, ուզում էր խոսել, չկարողացավ։ Լեւոնը բռնեց նրա ձեռքը։
- Մեծ մամ, կարիք չկա, ամեն ինչ լավ կլինի։
- Լավ կլինի, գիտեմ,- հոգոց հանեց պառավը,- մենակ չգիտեմ, թե այդ լավը երբ կլինի։ Իմ մեռնելուց հետո՞։ Ցավդ տանեմ, Լեւոն, ինձ տար իմ օթախը։ Տա՛ր, ես ձեզ չեմ խանգարի։
- Մեծ մամ, քեզ վա՞տ ես զգում։
- Չէ, շատ լավ եմ զգում։ Տա՛ր, բալաս։
Տիրեց լռություն։ Սահակը մի ծխախոտ վառեց, Հովակիմն ամփոփվեց ինքն իր մեջ, Գեդեոնը շարժեց ուսերը, Արթուրը մատները տկտկացրեց սեղանին։
- Լավ չի,- խոսեց մինչ այդ լուռ ու չեզոք Սահակը։- Չէ՛, լավ չի։
- Ի՞նչը չի լավ,- հարցրեց Թինան։
- Դե ո՞նց ասեմ… Պառավը մեղք է, նստեցրել եք այստեղ ու խոսք եք կռվեցնում։ Դա եղավ ի՞նչ,- եւ անսպասելի հայտարարեց։- Ես պառավին ինձ հետ կտանեմ գյուղ։
- Դու կտանե՞ս,- կարծես լավ չլսեց Հովակիմը։
- Որքան չլինի, Մեծ մամն իմ հորաքույրն է։
- Դու այդ սկզբից պիտի ասեիր, Սահակ… Իսկ ձերո՞նք…
- Մերոնք ի՞նչ պիտի ասեն։
- Շնորհակալ եմ, Սահակ,- Թինան թաշկինակը մոտեցրեց աչքերին,- երկու ամիսն ինչ է, որ յոլա չտանեք։ Հանգիստ պառավ է, ձեզ չի խանգարի։
Ամեն ինչ հարթվեց ու խաղաղվեց։ Բոլորը դարձան սրտացավ ու մտերիմ բարեկամներ, հիշեցին, թե Մեծ մամն ինչպես էր իրենց սիրում։ Թինան հարցրեց Սահակի ընտանիքից՝ ով որտեղ է աշխատում, ինչպես է վաստակում, եւ խոստացավ կրտսեր որդուն տեղավորել ինստիտուտում, հետո ասաց, որ գյուղում ապրելը հեշտացել է, յուղը՝ բո՜լ, մեղրը՝ բո՜լ, կեր ու խմիր եւ մաքուր օդում քեզ համար ման եկ։
Երբ սեղանն արդեն պատրաստ էր, երկու բաժակից հետո Գեդեոնի տրամադրությունը բարձրացավ, համբուրեց Սահակի ճակատն ու ասաց.
- Խմում եմ քո բաց ճակատի կենացը։ Խմում ու ասում եմ՝ պարտական մնաս, թե երկու ամսից հետո Մեծ մամին չուղարկես մեզ մոտ։ Մեր Նյուրան, իմ արեւը, ոսկե սիրտ ունի, մեր օխտը պորտի համար հոգի է տալիս։
- Այդ ե՞րբ ոսկի դարձավ,- խեթեց Արթուրը։- Քիչ առաջ ուրիշ բան էիր ասում։ Ո՛չ, բարեկամս, Մեծ մամը մենակ քո Մեծ մամը չի… Է՛հ, քեռին կենդանի լիներ,- ու արտասվեց։- Ախ, քեռի՜, քեռի՜, ինչո՞ւ այսօր մեզ հետ չես, մեր կողքին։
- Թե որ քեռին մեր կողքին նստած լիներ, Մեծ մամին ո՞վ պիտի դռնեդուռ գցեր,- Հովակիմն աչքի տակով նայեց Թինային։- Սահակ եղբայր, պառավը քեզ ամանաթ։
- Անհոգ եղեք, ես իմ խոսքի տերն եմ։
- Էդ լավ է, որ քո խոսքի տերն ես, բայց իմ կարճ խելքով պառավի հետ պիտի խոսել, գուցե սկի չի ուզում։ Լեւոն, Մեծ մամը քնա՞ծ է։
- Մեծ մամը միշտ ուշ է քնում։
- Գնա խոսիր հետը։ Ասա Սահակն ուրիշ չէ, քո հարազատ եղբորորդին է։
- Մեծ մամը կուրախանա, շատ կուրախանա,- Գեդեոնը բաժակները կոնյակ լցրեց։- Մեծ մամի կենացը։ Մեծ մամը մեր տոհմածառն է։
- Մեծ մամի կենացը,- բաժակը բարձրացրեց Հովակիմը,- մենք Մեծ մամի արած լավությունները թե մոռանանք, նշանակում է՝ մարդ չենք։
Լեւոնը Մեծ մամի ննջասենյակից դուրս եկավ, բացակա հայացքով նայեց ներկաներին, ասաց.
- Մեծ մամը ոչ մի տեղ էլ չի գնում… Մեծ մամը մեռել է։
1976 թ.
ՄԵԾ ՄԱՄԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Եկել են բոլորը, ճիշտ այնպես, ինչպես մի տարի առաջ, նույն հանդիսավոր տխրությամբ, նույն ընդգծված լրջությամբ եւ նույն հերթականությամբ։
Եկել է Հովակիմը, որ մի ժամանակ «Արցախ» ռեստորանի, իսկ հիմա էլ պանրագործարանի դիրեկտոր է, բավականին մեծ կոլեկտիվ է ղեկավարում, ունի իր շրջապատը, արդեն ճանաչված մարդկանց հետ է նստում-վերկենում, եւ այդ շրջապատում իրեն ազատ է զգում, ինչպես ձուկը՝ ծովում։ Շատերն են զարմանում, թե ինչպես եղավ, որ Հովակիմ Նավասարդովիչը թռավ ռեստորանից ու հայտնվեց ոչ թե մեղադրյալի, այլ պանրագործարանի դիրեկտորի աթոռին։ Բայց այստեղ առանձին մի գաղտնիք չկա, նոր շեֆը՝ Պարիս Կիրիկորովը, հոր կողմից ազգակից է գալիս. զանգել է գլխավոր դատախազին, կարգադրել՝ մի բաժակ ջրում փոթորիկ չբարձրացնել, գործը կարճել։ Մի տարվա մեջ Մեծ մամի քրոջ որդին կարգին չաղացել է, կամ, ինչպես նրան ճանաչողներն են ասում՝ Նավասարդիչը ռեստորանի կերածը նոր է սկսել մարսել։ Նա այնպես է նստել սեղանի մոտ, կարծես շատ կարեւոր անձնավորություն է, եւ իր ներկայությունը մեծ պատիվ է ներկաների համար։ Ի՞նչ եք ուզում, մարդը Պարիս Կիրիկորովին շաբաթը մի անգամ հրավիրում է իր տունը՝ խաշի, հետը նարդի է շրխկացնում, խորհրդակցություններում ու ժողովներում նրա ճառերից մեջբերումներ անում, խոսքի տակուգլխին հիշեցնում, որ Պարիս Սահակովիչի նման ղեկավարը գյուտ է մարզի համար։
Եկել է Սահակը՝ Մեծ մամի եղբորորդին, որ կոլտնտեսությունում գլխավոր գյուղատնտես էր, վերջերս անցել է թոշակի, մեղվաբուծությամբ է զբաղվում։ Քառասուն մեղվափեթակ ունի, կինը կոլտնտեսային շուկայում մեղր է վաճառում։ Ասում է՝ լավ մեղր է, ծաղկի մեղր է, բալասան է, իսկ ովքեր մեղրից գլուխ են հանում, հակառակն են պնդում՝ հիսուն տոկոսը շաքար է։ Սահակը երկու ամիս առաջ պսակել է ավագ որդուն, քաղաքում ապրող բարեկամներին ու ազգակիցներին չի հրավիրել հարսանքին։ Հովակիմը այնպե՜ս է ուզում շշպռել այդ «խորամանկ գեղջուկին», բայց չի շտապում, սպասում է հարմար առիթի։ Սահակը դեմքից հասկանում է նրան, ինքն էլ իր հերթին պատրաստ է մի լավ պոզահարել այդ փքվածին, եւ կորցնելու ոչինչ չունի. Պարիս Կիրիկորովն ի՞նչ պիտի անի իրեն, հո գյուղից չի՞ քշելու։
Այստեղ է Գեդեոնը՝ Մեծ մամի ավագ թոռը, որ սպորտդպրոցում ըմբշամարտի գծով ավագ մարզիչ էր, հիմա նոր աշխատանք է գտել՝ բուֆետապան է, մեկից երկու է վերցնում։ Չվերցներ, «Ժիգուլի» չէր գնի, կնոջ՝ Նյուրայի բերանը ոսկով չէր լցնի ու չէր ասի՝ հերն էլ անիծած, այս մեծ աշխարհից ի՞նչ պիտի տանեմ, ուտել-խմելն է մնում, մնացածը դատարկ բան է։ Գեդեոնի պիջակի դարձածալքի՝ սպորտի վարպետի կրծքանշանի կողքին փայլում է առեւտրի գերազանցիկ աշխատողի կրծքանշանը։ Ով՝ ով, Հովակիմ Նավասարդովիչը շատ լավ է հասկանում, թե ինչպես է նա արժանացել այդ կրծքանշանին, եւ եթե տեղը գա, կասի՝ դրանից մի հատ էլ ես ունեմ, արի քեզ տամ, դա էլ էն մի դոշիցդ կպցրու։
Գեդեոնի դիմաց, ինչպես մի տարի առաջ, այստեղ, այս նույն սենյակում եւ կարծես նույն աթոռին, նստած է Մեծ մամի աղջկաթոռը՝ երաժշտության դասատու Արթուրը։ Հնար լիներ, նա հիմա տեղը կփոխեր, որ չտեսնի այդ լպիրշ, մեծամիտ ու ամբարտավան գարեջրավաճառի դեմքը։ «Երկու ամիս առաջ մեր դիրեկտորի հետ եկա բուֆետդ, ասացի՝ որքան չլինի բարեկամ է, հյուրասիրությունը վրաս թեթեւ կնստի։ Դու է՛լ եկար մեզ հետ կերար-խմեցիր եւ վերջում էլ յոթ ռուբլի ավել փող պոկեցիր։ Բա բարեկամը բարեկամին այդպես անխիղճ կթալանի՞։ Իսկ մեր դիրեկտորին չպիտի հյուրասիրեի. հավատացրեց, թե՝ ուսմասվարի ամենահավանական թեկնածուն դու ես, բայց ուրիշին ընդունեց եւ աչքիս թոզ փչեց՝ դե ի՞նչ անեմ, վերեւներում չեն համաձայնում»։
Թինան հյուրերի համար թեյ բերեց։ Ուզում էր սեղանին մի շիշ կոնյակ դնել, փոշմանեց. «Հողեմ սրանց գլուխը, թեյն էլ է ափսոս. հլա սպասեմ, տեսնեմ այս գործի վերջն ինչ է դառնում... Ի՞նչ ասեմ, տղաս՝ Լեւոնն էլ միշտ կնոջ զուռնայի տակ է պարում, նրա խոսքովն է գնում։ Նրանց համար ոնց որ օտար լինեմ։ Առաջներում այդպես չէր, կինը՝ Վիոլետան, այդ օձը, փոխեց տղայիս»։
Եվ ինչպես մի տարի առաջ, երբ դեռ Մեծ մամը կենդանի էր, առաջինն ինքը սկսեց.
- Պատկերացնո՞ւմ եք, նրանք գիտեին, որ այսօր հյուրեր պիտի ունենանք, բայց չսպասեցին. Լեւոնը գնաց գործուղման, կինը՝ հերանց տուն։ Դրությունս տեսնում եք, չէ՞,- Թինան թաշկինակը մոտեցրեց աչքերին, փղձկաց,- մեղքս ո՞րն է, ես կյանքում մեկին ասած կլինե՞մ՝ աչքիդ վերեւ հոնք կա,- մի քիչ թսթսաց, ուսերը վեր քաշեց,- բախտի բան է, ի՞նչ կարող ես անել։ Ես հո չասեմ, դուք շատ լավ գիտեք, որ Մեծ մամը բոլորիս համար հարազատ մայր է եղել։ Լավ, ձեզ եմ հարցնում՝ մենք ինչպե՞ս կարող ենք նրան մոռանալ։
- Մայր է եղել, քույր է եղել, տատ է եղել,- Հովակիմը մատները մեկ-մեկ ծալեց ու մտքում հայհոյեց Թինային. «Լաչառ, իբր դու նրան հարսնությո՞ւն ես արել. խեղճ պառավին խեղդած ես պահել, դեռ վերջումն էլ ուզում էիր դռնեդուռ գցել, էլի փա՜ռք աստծո, մահը ժամանակին վրա հասավ ու փրկեց»,- եւ ծալեց հինգերորդ մատը.- Աստվա՜ծ է եղել, աստված։ Մեծ մամը աստվածային կին էր, ողորմի իրեն։
- Ողորմի՜, հազար ողորմի,- Սահակը նայեց առաստաղին, ասես աղոթում է.- Բա նրան մոռանալ կլինի՞… Մի աշխարհ էր, մի կանգնած ծով էր, բարեկամի տեղը միշտ իմացող,- դա ասաց Թինային խայթելու նպատակով,- հարեւանի հետ՝ հարեւան, երեխայի հետ՝ երեխա, մեծի հետ՝ մեծ։ Էդպիսի կին հիմա դժվար կգտնվի աշխարհում։
- Շնորհակալ եմ,- Թինան թաշկինակը սեղմեց ձեռքի ափում։- Դուք այդ ամենը ինձնից լավ գիտեք։ Ես նրա համար հարս եմ եղել, մայր եմ եղել, քույր եմ եղել, քոծ եմ եղել։ Գլխիս եմ պահել։ Ասել եմ՝ մեծ կին է, սրտի քեֆին չկպչեմ։ Ես եմ, որ դիմացել եմ նրա կապրիզներին։ Հիմիկվա հարսները իմ արածը չեն անի։ Դուք իմ հարազատներն եք, ես ձեզանից ոչինչ չեմ թաքցնում, սրտինս ասում եմ։ Ո՞վ պիտի նրա գերեզմանին մի քար դնի։ Որ այդ բանը չանենք, քաղաքում կծիծաղեն մեզ վրա։ Հա՛, կծիծաղեն, ազնիվ խոսք։
- Կծիծաղեն,- հաստատեց Գեդեոնն ու մտքում ասաց. «Գիտենք ինչպես ես հարսնություն արել. խեղճ պառավի գլխին պոպոք ես կոտրել, քո հերն անիծած։ Դիակը դեռ հողին չհանձնած, ծլկել ես Սոչի։ Մթամ չգիտենք՝ ինչու ես գնացել՝ որ լրբություն անես»,- բա որ մենք չկատարենք մեր հոգու սուրբ պարտքը, ո՞վ պիտի կատարի։ Ուրիշներն իրենց մեռելների վրա արձաններ են կանգնեցնում։
- Դա հետամնացություն է, քաղքենություն,- ասաց Արթուրը,- իսկ մենք քաղքենիներ չենք եւ ոչ էլ՝ չտեսներ։ Համեստությունը լավ բան է, ինչո՞ւ հետեւենք ուրիշների վատ օրինակին։
Գեդեոնը գլուխն առաջ թեքեց, ասես պատրաստվում էր դիմացինի հետ ըմբշամարտել։
- Վա՛յ, ես քո համեստ ջանին մատա՜ղ,- ծիծաղեց թունոտ,- բա ինչի՞ զոքանչիդ գերեզմանին թեւավոր հրեշտակներ ես տնկել։ Լաց ես լինում՝ փող չունեմ, փող չունեմ, պակաս եմ… Մի մեռելի վրա մի անգամ մի «Սիրեցի, յարս տարան ես» փչում, հարյուր ռուբլի պոկում։ Մի հարսանքում երկու «Ջեյրանի» ու մի «Քոչարի» ես ճլվստացնում, չորս հատ հարյուրանոց դնում գրպանումդ։
Արթուրը դա սպասում էր Գեդեոնից, պարտքի տակ չմնաց։
- Ես ազնիվ երաժիշտ եմ, ապրում եմ իմ ազնիվ վաստակով։
- Երաժի՜շտ եմ,- Գեդեոնը բերանը արհամարհանքով ծռեց, նրա տնազն արեց,- ազնիվ վաստակով եմ ապրում։ Չլինի՞ թե Բեթհովեն ես, Մոցարտ ես, Արամ Խաչատրյան ես կամ Շառլ Ազնավուր։ Դու զուռնաչի ես, ոչ թե կոմպոզիտոր։
- Իսկ դու թալանչի ես, ոչ թե առեւտրի գերազանցիկ աշխատող,- հարձակման անցավ Արթուրը։- Դու մեկին երկու ես վերցնում՝ չես կշտանում։ Հիշո՞ւմ ես, մի անգամ մեր դիրեկտորի հետ եկա բուֆետդ. յոթ ռուբլի ավել փող պոկեցիր։
- Ես թալանում եմ թալանողներին,- հանգիստ ու անվրդով պատասխանեց Գեդեոնը։- Դու ո՞ւմ փողերով էիր հյուրասիրում դիրեկտորիդ։
- Իմ ազնիվ վաստակած փողերո՜վ։
- Ազնիվ վաստակած փողերո՝վ… Ես էլ հավատացի, էլի։ Ռենա Բագրատովնայի լակոտին ինչպե՞ս չորս նշանակեցիր։
- Ի՞նչ Ռենա Բագրատովնա։
- Էն լիրբն, էլի, էն որ միասին բռնվեցիք։ Մոռացե՞լ ես։
- Շանտաժ ես անում։
- Հա, իհարկե, ճշմարտությունը քեզ համար շանտաժ է։ Բա ինչո՞ւ չնստեցիր ուսմասվարի աթոռին։
- Ես երաժիշտ եմ, ոչ մի աթոռի վրա աչք չունեմ։
- Երաժիշտ եմ, երաժիշտ եմ։ Ինչպես երեւում է, հալվա-հալվա ասելով, բերանդ քաղցրանում է։ Գուցե «Անուշ» օպերան դո՞ւ ես գրել։ Վայ թե՝ էն Չույկովսկին, որ ասում են, դու ես։
- Լսի՛ր, անգրագետի մեկը, Չույկովսկի չի, Չայկովսկի է։ Ստից սպորտի վարպետ ես դարձել, կարծում ես՝ աշխարհի տերն ես։ Բա ինչո՞ւ սպորտը թողեցիր։
- Դա իմ անձնական գործն է, ընկեր կոմպոզիտոր։
- Պահո՜,- նեղսրտեց Սահակը,- սա ոնց որ կռիվ դառավ։ Էդպես լավ չի, վեր կացեք իրար դնքսեցեք։ Բա ձեզ սազո՞ւմ է։ Արթուր, ես դա քեզանից չէի սպասում։
- Ես մեղք չունեմ, առաջինն ինքը սկսեց։
- Դո՛ւ ստիպեցիր,- Գեդեոնը գլուխը նորից առաջ մղեց։
- Ի՜նչ է, ես իրավո՞ւնք չունեմ իմ կարծիքը հայտնելու։
- Դու քո կարծիքը կարող ես ձեր տանը հայտնել։
- Վե՛րջ տվեցեք,- Թինան ձեռնափով խփեց սեղանին, չնայած նրա սրտովն է այդ վեճը. «Էդպե՛ս, ա՛յ այդպես, իրար կերեք, իրար ոսկոր կրծեցեք, դա ձեզ շատ է սազում, փողով հարբած լակոտներ»։- Այս ի՞նչ բան է, հազիվ մի անգամ իրար տեսնում եք եւ իրար զուր տեղից վիրավորում։ Ամոթ է, չէ՞, դուք հո երեխաներ չեք, բաժանելու ի՞նչ ունեք։
- Ամո՛թ է, իհարկե, ամոթ է,- Հովակիմը մոտ քաշեց մոխրամանը, սիգարետի մնացորդը ճզմեց մեջը։- Սա էլ դառավ բարեկամությո՞ւն։ ՝
- Ռեստորանում կլյաուզնիկները շառ դրեցին վրաս, քիչ էր մնում գործ ստեղծեին, մեկը դուռս չբացեց՝ հարցնի՝ Հովակիմ Նավասարդովիչ, էդ ի՞նչ կեղտ է, որ ուզում են կպցնել վրադ։ Բա որ մենք նեղ օրին իրար չօգնենք, ո՞վ պիտի օգնի։ Ի՞նչ կասես, Սահակ։
- Ի՜նչ ասեմ,- ուսերը շարժեց Սահակը,- բան չեմ հասկանում։
- Ներողություն, ինչո՞ւ չես բան հասկանում. երկու ամիս անգործ մնացի, չէի՞ր կարող մի քանի կիլո մեղր ուղարկել։ Բկիս կմնա՞ր։
- Հովակիմ, ով բարեկամությունից խոսի-չխոսի, դու չպիտի խոսես։ Սարից խոսիր, ձորից խոսիր, համա բարեկամությունից մի՛ խոսիր։
- Էդ ինչո՞ւ։
- Տղայիս հարսանքին հիսուն շիշ չեխական գարեջուր խնդրեցի՝ մերժեցիր։ Հո ձրի չէի ուզում։
- Չմերժեցի, Սահակ, քեզ մարդավարի հասկացրի, որ չեխական գարեջուրը մեզ հաշվով են տալիս։ Պարիս Սահակովիչն էր կարգադրել։ Դրա համար չհրավիրեցի՞ր։ Վախեցար՝ դատարկ ձեռքո՞վ գամ։
- Ես որդուս համար հարսանիք չեմ արել։
- Բա որ հարսանիք չես արել, Արթուրն ո՞ւմ հարսանքին է կլարնետ նվագել, հինգհարյուր ռուբլին ծալել, դրել գրպանը։
Գեդեոնը թշնամանքով նայեց Արթուրին, լաց է լինում, փո՜ղ չունեմ, փո՜ղ չունեմ… Բա հիմա երեսին չթքե՞մ։
Սահակը ծռմռվեց աթոռին, խոսեց բառերը ծամծմելով.
- Ուզում եմ ասել՝ առանձնապես մեծ հարսանիք չեմ արել, էնպես, թեթեւ բան էր։
- Հարսանիքը հարսանիք է, մեծս ո՞րն է, փոքրս ո՞րն է,- պատասխանեց Հովակիմը եւ մի նոր սիգարետ վառեց։
- Իսկ լավ կլինե՞ր, որ ես քեզ հյուրասիրեի թթված գարեջրով։
- Եղածով յոլա կգնայի։
- Դու եղածով յոլա գնացողներից չես։ Մեր Արփիկից յոթ կիլոգրամ մեղր ես վերցրել, փողն էլ չես տվել։ Ասել ես՝ Պարիս Կիրիկորովի համար է։ Ի՜նչ է, Պարիս Կիրիկորովը գլխիս տե՞րն է։
- Խաբում ես։
- Ո՞վ, ե՞ս…
- Բա ե՞ս… Պարիս Սահակովիչի անունն ինչո՞ւ ես շոշափում։
- Ես չեմ շոշափում, դու ես նրա անունով առեւտուր անում։ Չլիներ քո էդ Սահակովիչը, այսօր չէիր նստի պանրագործարանի դիրեկտորի աթոռին։ Կարծում ես, որ գյուղումն ենք ապրում, խո՞տ ենք ուտում։
- Սահակ, էդ խոսքերի համար դու տեղ չունես։
- Գնա խաբար տուր։ Գնա ասա՝ Պարիս Սահակովիչ, քարաշենցի Սահակ Վարդապետյանը ասել է՝ ես քեզանից չեմ վախենում։ Պարտական մնաս, թե չասես։ Թիկունքդ Կիրիկորովը չի՞…
- Հիմա ասա տեսնեմ՝ քո թիկունքն ո՞վ է։
- Կգտնվի։ Խնդրում եմ ազգակցիդ անունով թեւեր չառնես։
- Տե՜ր աստված,- հոգոց հանեց Թինան, բայց հոգու խորքում ցնծում է. «Լավ է, շատ լավ է, դուք էլ իրար կերեք։ Ա՛յ թե Սահակը դրան լավ քծծեց։ Տեղն է, թող քիթը շատ չբարձրացնի»։ Նա նախատող հայացքով նայեց Հովակիմին, ապա թեթեւակի ժպտաց Սահակին, գլուխը հանդիմանանքով շարժեց։- Չեմ հասկանում, ինչի՞ համար է այս աննպատակ վեճը։ Ասենք՝ Գեդեոնն ու Արթուրը ջահել են, չեն հասկանում, բա ձեզ ի՞նչ է եղել։ Է՛հ, Մեծ մամ, սրանք էլ քո բարեկամներն ու ազգակիցները…
Նա բնազդաբար նայեց դիմացի պատին, ուր մի տարի առաջ Մեծ մամի լուսանկարն էր՝ արծաթագույն շրջանակի մեջ։ Այդ նկարում Մեծ մաը Մեծ մամ չէր, այլ ջահել, գեղեցիկ ու ամոթխած նորահարս։ Մեծ մամի լուսանկարի տեղը մերկ աղջկա յուղանկար է, կիսադեմ կանգնած մեծադիր հայելու առջեւ, ասես զարմացած իր մերկության վրա։ Թինան ինքն էր իր ձեռքով իջեցրել Մեծ մամի նկարը ու կախել այդ մերկ գեղեցկուհու պատկերը, եւ դա էլ պատճառ էր դառել, որ մայր ու որդի նորից ընդհարվեն ու գժտվեն։
Գեդեոնը հավանաբար գիտեր այդ մասին, եւ նույն պահին բռնեց Թինայի հայացքը, իբր թե նոր միայն տեսավ մերկ աղջկա նկարը, եւ հարցրեց.
- Բա ո՞ւր է Մեծ մամի նկարը։
- Այնտեղ է, սնդուկում,- Թինան դեմքով ցույց տվեց դիմացի սենյակի սնդուկը։- Ուրիշ բան չկարծեք, շրջանակը հնաոճ էր…
- Հա՜, շրջանա՜կն էր հնաոճ,- երկիմաստ ժպտաց Գեդեոնը։- Մեծ մամը ուրիշ Մեծ մամ էր. նա սովորեցնում էր մեզ, որ հարգենք իրար, մեծի պատիվը պահենք։
- Տեսնում եմ ինչպես եք հարգում ու պատիվ պահում,- ձեռքն արհամարհանքով թափ տվեց Արթուրը։- Մեծ մամի մեծ թոռն էլ իբրեւ դու ես։
- Դու թո՞ռ չես,- հոնքը վեր նետեց Գեդեոնը։- Ես թոռ եմ, դու թո՞ռ չես։
- Ես աղջկաթոռն եմ։
- Աղջկաթոռը խո՞րթ է։
- Մի քիչ հեռու է։
- Բա ինչի՞ ես եկել, ախպեր ջան։ Այսօր կիրակի է, հարսանքի օր, ինչի՞ չես գնում շաբաշի։
- Չեմ ուզում, չեմ գնում։
- Շատ լավ էլ ուզում ես, Կուկույի խումբը ճանապարհդ փակել է։
- Կուկույի խո՜ւմբը,- Արթուրը ծիծաղեց։- Ցավդ տանեմ, Կուկուն ո՞ր օրվա երաժիշտն է։ Նա կարող է միայն քեզ նման հետամնացներին զարմացնել։
- Վա՛յ, ես քո առաջավոր ջանին մատաղ։ Բա որ էդքան զարգացած ես, ինչի՞ ես գնում «Հոռուն տակի» ճաշարանում վիզդ փոկ անում, տեսնես ով է մի երեքանոց տալիս, որ մի շիքյաստ նվագես։ Էդպես լավ չի, ընկեր կոմպոզիտոր, գլխարկդ հանիր, փայ հավաքիր։
Դա արդեն չափազանց էր, Արթուրն ընդոստ վեր թռավ աթոռից։
- Լսի՛ր, Գեդեոն ես, թե ինչ զիբիլ ես. ես քեզ համար լակոտ չեմ։ Եթե ռեխդ չփակես, Մեծ մամի գերեզմանովն եմ երդվում…
- Դու ինձ ի՞նչ պիտի անես,- Գեդեոնը նույնպես կանգնեց,- մի ասա տեսնեմ՝ դու ինձ ի՞նչ պիտի անես։ Դու ո՞ւմ շունն ես, որ Մեծ մամի գերեզմանով երդվում ես։
- Գեդեոն,- Հովակիմը նույնպես կանգնեց, բռնեց նրա ուսերից,- սարսաղություն չանես, տեղդ նստիր,- եւ ապա Արթուրին,- դու էլ տեղդ նստիր։ Սրանց նայեցե՜ք, աքլորացել են… Աննամուսների մեկը։
- Չէ, ջանըմ, սա չեղավ,- փնթփնթաց Սահակը,- դուք ձեր անձնական հաշիվների ետեւից եք ընկել, մեզ էլ մարդատեղ չեք դնում։ Եկեք մեր դարդ ու ցավից խոսենք։
- Դրանց դարդ ու ցավն իրար խայտառակելն է, էլ ուրիշ դարդ ու ցավ չունեն,- Թինան հավաքեց թեյի բաժակները։- Լավ չի, իրար վրա դանակ քաշեցեք։ Սահակ, խոսքդ ասա։
- Ես ավտոբուսից ուշանում եմ,- Սահակը նայեց ժամացույցին։- Դուք հիմա ինձ կոնկրետ ասեք՝ ի՞նչ գերեզմանաքար եք պատվիրում եւ որքա՞ն փող պիտի տամ։
- Իհարկե, ոչ սովորական գերեզմանաքար,- առաջ ընկավ Գեդեոնը՝ մեծ թոռան իրավունքով։- Մարմարից։ Իմ կարծիքով՝ վարդագույնը ավելի հարմար է։
- Ամենահարմարը սեւն է,- խոսեց Արթուրը,- հիմա սեւն է մոդա։
- Սեւ գերեզմանաքարը կտանես դնես քո զոքանչի գերեզմանին,- նետեց Գեդեոնը,- Մեծ մամին վարդագույնն է սազում։
Հովակիմը շարժեց գլուխը, բարձրացրեց ուսերը։
- Չեմ հասկանում, մարմարի ու հասարակ քարի արանքում ի՞նչ տարբերություն կա։ Եկեք մի քիչ էլ մեզ համեստ պահենք։ Էն որ չտեսներն իրենց հարազատների գերեզմաններին դամբարաններ են սարքում, կարծում եք, թե ճի՞շտ է։ Սրանից երկու ամիս առաջ Պարիս Սահակովիչը կոնֆերանսում տեսա՞ք ինչպես քննադատեց քաղքենիներին։
- Պարիս Սահակովիչն ուրիշներին քննադատում է, իսկ ինքն իր հոր գերեզմանին արձան է կանգնեցրել,- խայթելու հարմար առիթը բաց չթողեց Սահակը,- Ղարաբաղում մարմար չի թողել…
- Կերե՞լ է,- Հովակիմը ատելությամբ նայեց նրան,- ծախե՞լ է, գողացե՞լ է։ Սահակ, հարկավոր չի, դու բոլորին սեւացնում ես։
- Ես ասում եմ ճշմարտությունը։
- Սա ոչ կոնֆերանս է, ոչ էլ մարզային խորհրդակցություն։ Լավ, թող հիմա էլ գերեզմանաքարը մարմարից լինի։
- Մենակ քարը չի,- պարզություն մտցրեց Թինան,- ռեշոտկա էլ է հարկավոր։
- Ի՜նչ ռեշոտկա… Մեծ մամը առյո՞ւծ է, թե՞ վագր, որ դուրս գա փախչի,- սրամտեց Հովակիմը, բայց զգալով, որ դա շատ կոպիտ ստացվեց, մեղմացրեց խոսքը։- Մեծ մամը աշխարհի ամենահամեստ կինն էր, առանց ռեշոտկայի էլ կարող է յոլա գնալ։ Էն քաղքենությունը, որ ասում է Արթուրը, հենց ռեշոտկան է։ Գեդեոն, դու թվաբանությունից ուժեղ ես, հաշվիր տեսնենք որքան փող է նստում։
Գեդեոնը ծոցագրպանից հանեց բլոկնոտը, գրեց-ջնջեց, գումարեց-հանեց եւ կարծես չվստահելով իր գրածին, մտքում ինչ-որ մտմտաց ու հայտարարեց։- Մի գերեզմանաքարը մեզ վրա կնստի ուղիղ 500 ռուբլի։ Հինգ հոգի ենք, հինգհարյուրը բաժանած հինգի՝ հավասար է հարյուր։
- Շա՜տ լավ թվաբանություն է,- Թինան խռոված երեխայի պես շուռ տվեց դեմքը, թեւերը ծալեց կրծքին, շուտասելուկի պես վրա տվեց։- Ես Մեծ մամի համար հարս եմ եղել, մայր եմ եղել, հայր եմ եղել, քույր եմ եղել, քոծ եմ եղել. հասկանո՞ւմ եք, քո՜ծ, այսինքն՝ ծառա, նյանկա։ Ես Մեծ մամին գլխիս եմ պահել։ Դուք պիտի մտնեք իմ դրությունը, ստացած թոշակս հազիվ ուտելուն է հերիքում։
- Թինա, դու մոռանում ես, որ տղադ ու հարսդ աշխատում են,- ասաց Հովակիմը։
- Ես նրանց հետ գործ չունեմ։ Ե՞րբ են տղաս ու հարսս ինձ կոպեկ ցույց տվել։
- Այդ դեպքում հինգհարյուրը բաժանած չորսի,- Գեդեոնը բլոկնոտը դրեց գրպանում։- Ովքեր համաձայն են, թո՛ղ ձեռք բարձրացնեն։
- Սա ժողով չի,- դժգոհեց Արթուրը,- իմ բաժինը որքա՞ն է։
- Մի «Սիրեցի, յարս տարան»,- Գեդեոնը աչքով արեց Հովակիմին։- Բայց քանի որ Թինան չի կարող տղամարդկանց հետ ոտք բռնել, «Սիրեցի, յարս տարան»-ի վրա մի «Ջեյրանի» էլ ավելացրու, կդառնա ուղիղ հարյուր քսանհինգ ռուբլի։
- Այդքան փողով կարելի է երկու գերեզմանաքար պատվիրել,- Հովակիմը նայեց Սահակին, բայց վերջինս լուռ էր։- Դուք շատ լավ գիտեք իմ վիճակը, երկու ամիս չեմ աշխատել, պարտքերի մեջ թաղված եմ։ Խոսքը մեր մեջ, Թինա քույրիկ, դու էլ լավ բան չես անում։ Մեծ մամն ամբողջ կյանքում քեզ է ծառայել. էն նյանկան, որ ասում ես, Մեծ մամն է եղել։
- Քեզնից էլ նույնպես շնորհակալ եմ,- Թինան ցուցադրաբար ետ ընկավ աթոռին։- Հերի՛ք է, ի սեր աստծո, հերիք է։ Ձեր կեղտոտ փողերն ինձ հարկավոր չեն։ Դուք մանրախնդիր, գծուծ, քաղքենի, կոպիտ ու անտաշ մարդիկ եք։ Ես տուն-տեղ կծախեմ, օրվա հացին կարոտ կմնամ, բայց Մեծ մամի գերեզմանին քար կդնեմ։
Տիրեց լռություն։ Յուրաքանչյուրն իր մտքի հետ է, եւ այդ ամենը մեկնաբանում է յուրովի ու արդարացնում իրեն։
ՀՈՎԱԿԻՄ- Չեմ հասկանում, այս լաչառը մեզ ինչի՞ տեղ է դրել։ Բա հիմա չասե՞մ՝ խնայդրամարկղիդ գրքույկը բեր տեսնեմ։ Տղադ ինժեներ է, հարսդ՝ ուսուցչուհի, դու էլ ամիսը 120 ռուբլի թոշակ ես ստանում։ Է՜, կրակն ընկա՞, որ Մեծ մամի քրոջ որդին եմ։ Եթե ճիշտը վերցնենք, սրանց մեջ ամենահեռավոր բարեկամը ես եմ։ Մեծ մամի հոգեհանգստի միսը, հացը եւ գինին իմ հաշվին էր։ Ուղիղ 280 ռուբլի ծախսեցի։ Վա՛յ թե կարծում են՝ ռեստորանից ձրի եմ բերել։ Լա՛վ, հիմա էլ հաշվենք ձրի, դրությունը փոխվո՞ւմ է։ Մինչեւ ռեւիզորի հետ լեզու գտա, վնասը մի կերպ ծածկեցինք, հոգիս եկավ բերանիս հասավ։
ՍԱՀԱԿ - Մեծ մամի դագաղը ես էի պատվիրել. դագաղը 125 ռուբլի ։ Թագավորական դագաղ էր, ժողովուրդը հայիլ-մայիլ նայում էր։ Քելեխին 50 ռուբլի, քառասունքին՝ 60, դրան էլ հիմա գումարած 125 ռուբլի, կդառնա 360 ռուբլի։ Ի՜նչ է, ես Ռոկֆելլերի թո՞ռն եմ, թե՞ Մորգանի փեսան։ Որքա՞ն մեղր պիտի ծախեմ, որ դառնա 360 ռուբլի։ Մեջտեղ ամենից շատ տուժողը ես եմ։ Հիմա դառնամ ասեմ՝ Թինա քույրիկ, մի՞տդ է, էն որ մի գիշեր ինձ հյուր չպահեցիք, կասեն՝ Սահակը հիշաչար մարդ է։ Եվ շատ էլ լավ կանեն, ախր, ես այստեղ ի՞նչ գործ ունեմ։
ԱՐԹՈՒՐ - Բա ես այստեղ ի՞նչ գործ ունեմ։ Կուկուն այսօր ամենապակասը 300 ռուբլի փող կծալի դնի գրպանումը։ Կուկուն, այդ գռեհիկ զուռնաչին, այդ դատարկագլուխը… Տեսեք ով է գովում Կուկուին՝ գարեջրավաճառը, թալանչին, գողը, ստից սպորտի վարպետը… Բայց դե այս Թինան էլ մի բարի պտուղ չի, մի թալանչի էլ սա է. այնպես է լաց լինում, կարծես չգիտենք, որ դերասանություն է անում։ Քեռուս «Վոլգան» ծախել է տաս հազարով. ուզում էի ութհարյուրով վերցնել՝ չտվեց, եւ հիմա բարեկամությունից է խոսում։
ԳԵԴԵՈՆ - Գյադանե՜ր, չարչինե՜ր, կոպեկի համար մեռած ցիգաննե՜ր… Սրա՞նք են իմ բարեկամները։ Վա՛յ, ես ձեզ նման բարեկամները չունենամ։ Չէ, ես սրանց թայը չեմ, տղամարդ եմ, հիմա ցույց պիտի տամ իմ տղամարդությունը։ Բոլորին պիտի ստորացնեմ։ Մի գերեզմանաքարը որքա՞ն արժե… Գլուխ է, հա՜, գլուխ է, ո՞նց եմ մոռացել. մեր գեղի կողքին հին գերեզմանոց կա, հին գերեզմանաքարեր, հիմա ո՞վ է դրանց տերը։ Չէ, ես սրանց մի լավ սյուրպրիզ կանեմ...
- Դե լավ, եկեք վերջացնենք,- Գեդեոնը հանդիսավոր ելավ տեղից։- Մեծ մամի մեծ թոռը ես եմ։ Ինչպես տեսնում եք, ես չեմ մեռել, որ Մեծ մամն անհիշատակ մնա։ Հաշվեցեք՝ գերեզմանաքարը պատրաստ է։ Իմ հաշվին։
- Քո հաշվի՞ն,- Հովակիմը տարակուսանքով շարժեց ուսերը՝ չլինի՞ այս մասխարան մեզ ձեռ է առնում։- Ասացիր՝ իմ հաշվի՞ն։
- Ասացի՝ իմ հաշվին։
- Ուրեմն մենք հե՞չ, մեզ մարդատեղ չե՞ս դնում։
- Իսկ ինչո՞ւ մարդատեղ չպիտի դնեմ. գերեզմանաքարը կլինի մեր՝ բոլորի անունից հիշատակ։ Շատ չէ, յուրաքանչյուրդ կցնծաք երեսունական ռուբլի։ Չեք ուզում, հարկավոր չի։
- Ա՛խ, Գեդեոն, Գեդեոն,- Թինան համբուրեց Գեդեոնի ճակատն ու արտասվեց։- Ուրեմն Մեծ մամը ճիշտ էր, որ ամենից շատ քեզ էր սիրում,- պահարանից հանեց կոնյակի շիշը, բաժակները, մի տուփ շոկոլադ։- Դե լավ, օտարի տուն չեք եկել, լավ կոնյակ է, Լեւոնն է Երեւանից բերել, խմեցեք, ձեզ հալալ։
Ասես կախարդական գավազանի մի հարվածով ամեն ինչ փոխվեց, եւ բոլորն էլ սկսեցին կատակել ու ծիծաղել, սիրով ժպտալ, հիշել Մեծ Մամին, որ աստվածային կին էր։
- Գեդեո՛ն,- Հովակիմն իր բաժակը խփեց նրա բաժակին,- դու նամուսով տղա ես, քո բաց ճակատի, քո ազնիվ հոգու, քո նամուսի ու պատվի կենացը։ Ես առաջարկում եմ, որ բոլորդ մինչեւ վերջ դատարկեք ձեր բաժակները։
- Արժե, իմ արեւը, արժե,- ասաց Սահակը,- հալալ լինի, Գեդեոն, քո էդ բաց ճակատի կենացը։
Հետո Գեդեոնն ու Արթուրը հաշտվեցին, նույնիսկ երկու անգամ համբուրվեցին, Հովակիմը Սահակի բաժակն իր ձեռքով լցրեց ու ասաց. «Ախպեր ջան, բարեկամ եղել ենք, բարեկամ էլ կմնանք», տիկին Թինան կոնյակի երկրորդ շիշը դրեց սեղանին ու առաջարկեց Հովակիմի կենացը կանգնած խմել…
* * *
Իսկ շիրմաքա՞րը…
Շիրմաքարը հասարակ շիրմաքար էր, որի ճակատին մի շաբաթ առաջ գրված էր. «Այս է տապան լուսահոգի Հայկազ Ավագյանի, որ որդին է Առաքելի, ծնված 1782 ամի, վախճանյալ 1871 ամի…»։
Հին գրերն ընկան քարտաշ Սիմոնի «հրաշագործ» մուրճի տակ, ջնջվեցին, Սիմոնը Գեդեոնի պատվերով գրեց այսպես. «Այստեղ հանգչում է Մեծ մամը՝ Մարիամ Ավանեսի Մելիքյանը. ծնվել է 1888, վախճանվել է 1972 թվականին։ Հիշատակ նրա հարազատներ Գեդեոնից, Թինայից, Լեւոնից, Վիոլետայից, Հովակիմից, Ելենից, Մարատիկից, Նունեից, Աշոտիկից եւ Սահակից»։
Սահակը կարդաց ու դժգոհեց.
- Վա՜յ, ավազակներ, անունս էլ վերջն են գցել։
1980 թ.
ՇԱՐՄԱՂԸ*
Հիմա Շարմաղը կգա։ Կգա անտառի կողմից, ձորից կգա ցողաթաթախ ոտքերով, Սառնաղբյուրից կգա կուլան ուսին, այտերը՝ խոնավ, շուրթերը՝ խոնավ, ժպիտը՝ ցողոտ-շողոտ վարդ, բանջարանոցից կգա՝ քթոցը լիքը թաղից նոր կտրած պզուկոտ վարունգներով, կգա Վերին հանդից՝ կարմիր թաշկինակի մեջ մի քանի փունջ դաղձ ջրակոտեմ… Կգա այնպես կծիծաղի, որ Կողունց Մոսին փոշոտ հոնքերի տակից կճպճպացնի աչքերն ու կթոնթորի. «Իմ արեւը, էս հարսը ոնց որ խելառ է, գոնե, մարդու սրտից ծիծաղի ու ծիծաղն էլ ծիծաղ լինի»։ Կգա ու կանաչ խոտերի մեջ շուռ կտա քթոցը, մի անմոռուկ, մի բարձմենիկ, զանգակիկ կամ հովտաշուշան կպոկի ու կմեկնի ինձ. «Վերցրու, էս ծաղիկը քեզ համար եմ բերել»։ Ախր ծաղիկը որտեղի՞ց է բերել, ձեռքս մեկնեմ՝ մեկի փոխարեն քսան ծաղիկ կպոկեմ, քսան բարձմենիկ, քսան կուժուկոտրուկ, քսան զանգագիկ… Եվ կնայի դեմքիս, այնպես կնայի, որ խեղճանամ, վիզս ծռեմ ու ասեմ՝ ա՛յ անաստված, ինչո՞ւ ես ինձ տանջում, ի՞նչ հաշիվ ունես ինձ հետ, քեզ ի՞նչ եմ արել։ Բայց չեմ ասի, կլռեմ քարի պես կամ կվազեմ Թբղլուտը, ու մեկ էլ տեսար լաց եղա։
Շարմաղը կես աղջիկ է, կես հարս է։ Աչքում կես ժպիտ կա, կես լաց։ Մեկ էլ տեսար այդ լացն ու ժպիտն իրար խառնվեցին, եւ Կողունց Մոսին նայեց՝ չհասկանալուն տվեց, քթի տակ սկսեց նորից թոնթորել. «Է՜, էս հարսն իսկականից խելառ է»։
Շարմաղը Արշավիր անունով ամուսին ուներ, ոչ ու փուչ ամուսին, մի տեղ մոխիր չէր թափում, որ վրան կրակ աներ, սիրտ տաքացներ։ Արշավիրը Կողունց Մոսու մինուճարն է, գնաց քաղաք, եկավ, էլի գնաց, էլի եկավ, թե ավտովարորդ եմ, տրակտորիստ եմ, ավտոտեսուչ եմ… իբր թե սովորում էր հաշվապահական դասընթացներում… Հետո թատրոն գնաց, բեմի բանվոր էր, եկավ գյուղում փչեց, թե՝ «Նամուս»-ում Սեյրան եմ խաղում, եւ ապացուցելու համար, որ Սեյրան է խաղում, մազերը ցրիվ տվեց ու գոռաց. «Այն սուրը, որ սպանել է դավաճան հորը, կսպանի նաեւ ուրացող մորը»։ Բայց դա «Նամուս»-ից չէր, այլ «Սամվել»-ից, եւ այդ աննամուսը չհասկացավ, թե ինչի համար են տղաները հռհռում։
Կողունց Մոսին ուզում էր որդուն խելքի բերել, տանով անել. պսակեց Շարմաղի հետ։ Շարմաղն ինքն էլ չիմացավ, թե այդ ինչպես եղավ. երեւի ուզում էր ազատվել խորթ մորից ու չլսեր նրա ծկլթոցը. «Շարմա՜ղ, աղջի՜, Շարմաղ, անունդ քարին գրեմ»։ Ախր Շարմաղը որտե՜ղ, Արշավիրը որտե՜ղ։ Արշավիրը՝ ծույլ ու մեծաբերանի մեկը, հազար խոսք կասեր, հազարն էլ՝ սուտ։ Գնաց Կրասնոդար, վեց ամիս մնաց, ձեռքը բան չընկավ։ Եկավ շրջեց գյուղերը, թե շինվարչությունից են ուղարկել, փող տվեք՝ տախտակ ու ցեմենտ բերեմ։ Մարդկանց խաբեց ու բռնվեց։ Դատ եղավ՝ դատվեց ու մի անգամ չասաց՝ բա Շարմա՜ղը…
Կողունց Մոսին զայրացած ծեծում է գերանդին, որովհետեւ Շարմաղ անունով հարսն ուշանում է, Արշավիր անունով տղան փուչ դուրս եկավ, Հովսեփ անունով խնամին ամեն անգամ, երբ հանդիպում է, ասում է. «Հիմա չեմ հասկանում, մեր աղջկան հա՞րս եք տարել, թե տան ծառա»։ Զայրանում է նաեւ նրա համար, որ խոտը մարդաբոյի է, վայ թե չհասցնի գերանդել, չորացնել, հավաքել ու դիզել։
Արեւը կծոտում է, մեկ էլ տեսար՝ անձրեւ եկավ։ Շարմաղը կընկնի անձրեւի տակ, կթոնթորի՝ ինչի՞ եք ոտս կապել, բախտիս քար գցել։ Ախր ես հիմա ինչացո՞ւ եմ՝ ոչ կարգին հարս եմ, ոչ էլ կարգին աղջիկ։ Ոչ խնձորի ծառ եմ, ոչ չինարի։ Գլխիս սեւ լաչակ գցեմ՝ կասեն խելքը պակասել է, կարմիր գցեմ՝ կասեն հողս գլխիդ, բա դու նամո՞ւս չունես։
Կողունց Մոսին նայում է ձորի կողմը, եւ միտքը Շարմաղի վրա է, բայց ուրիշ բան է ասում. «Մի տարի ես ու Հաբունց Սարոն Վերին հանդում խոտ էինք հարում։ Խոտ, ի՜նչ խոտ, մախմուր։ Մեկ էլ տեսնեմ երկու կրիա. արմանք-զարմանք բան, էդ անտերները քիթ-քթի դնում, գնում-գալիս, չանաղներով իրար խփում են։ Ասացի՝ Սարո, սրանք ինչի՞ են կռվում, բաժանելու ի՞նչ ունեն։ Սարոն նայեց ու ծիծաղեց. «Տնաշեն,- ասաց,- էդքան տարվա մարդ ես, գլխի՞ չես ընկնում՝ ի՞նչ կռիվ, իրար սիրում են, դրանց սերն էլ էդ տեսակի է»։
Նա մի անգամ էլ ձեռքը դրեց ճակատին, նայեց ձորի կողմն ու երեւի մտքում ինքնիրեն հարց տվեց. «Մթամ էս հիմար պատմությունն ինչի՞ արեցի»։ Շարմաղը չէր երեւում, գերանդին ամրացրեց կոթին, խոսեց.
- Իմ արեւը, էս հարսից խելքս բան չի կտրում։ Ասում եմ՝ բերանս բացեմ, ասում եմ՝ խոսեմ, բայց ի՞նչ ասեմ, լեզուս կարճ է։ Արշավիրը կտրել, կարճացրել է, մարդամեջ խոսելու իրավունք չունեմ։ Ձայնազուրկ եմ։ Ցավդ տանեմ, Սառնաղբյուրը կորած չի, հրե՜ն քթիդ տակին… Ասենք՝ ո՞վ գիտե, գուցե դաղձով-մաղձով է ընկել, կինարմատ է, լեզուն երկար, աչքը՝ ծակ։ Մեր տղա, որքան չլինի, դու ջահել ես, գնա տես ինչի է ուշանում։ Բան չասես, ցավդ տանեմ, գործ չունես, դրա լեզվիցը պրծնողը չես։
Հիմա կգնամ ձորագլխից կնայեմ, ձորագլխից կկանչեմ՝ Շարմա՜ղ, հե՜ Շարմաղ։ Ա՛յ աղջի, չլինի թե աղբյուրը ցամաքել է, որ չես գալիս։ Չէ, ցուրտ խոսք չեմ ասի, ես ո՞վ եմ, որ ցուրտ խոսք ասեմ նրան։ Հերս ասել է՝ գնա Խաչահանդում գերանդի բռնիր, խոտը փչանում է։ Ասել է՝ ի՞նչ անենք, թե համալսարանում ես սովորում, հո գլխիս մինիստր չես։ Բան չկա, որ մինիստր դառնաս, էն ժամանակ ոտդ-ոտովդ կգցես ու կարգադրություն կանես. «Ալո, ընկեր Գարաշ, երկու օր ժամանակ եմ տալիս, խոտը հնձիր, դիզիր եւ լավ իմացիր, որ կաթը խոտից է գալիս, յուղն էլ՝ կաթից»։ Հայրս զարմանալի մարդ է, միշտ տարօրինակ բաներ է ասում եւ գյուղի բերանին անեկդոտ դառնում։
Ձորագլխից ձորի հատակը չի երեւում՝ ուռենիներ են, ընկուզենիներ, մոշուտ, շարմաշուղներ՝ շուլալված թփուտներին։ Թվում է՝ գետի թշշոցը գալիս է քառասուն սարի ետեւից, եւ ես քառասուն սարի ետեւից կանչում եմ.
- Շարմա՜ղ…
Ձայնս երեւի տեղ չի հասնում, իսկ այդ անիծված դեղնակարմիր դեղձանիկը նստել թբղլու ճյուղին, այնպես անուշ է գեղգեղում, որ քիչ է մնում աչքերս փակեմ ու նետվեմ ձորը։
Բռնում եմ կածանի տուտը, իջնում թփուտների արանքով, քարանում աղբյուրի կողքին։ Չէ, դա Շարմաղը չի, հավերժահարս է, ջրի մեջ կանգնած ճերմակ բոց է, եւ այդ ո՞նց է, որ ջուրը չի թշշում, գոլորշի չի բարձրանում։ Այդ սիրուն սրունքները, հղկված մարմարի պես թեւերը, ղումաշ մեջքը թե մեր ֆակուլտետի աղջիկներն ունենային, տղաները կթողնեին դասախոսությունները եւ Նահապետ Քուչակի ոճով ոտանավորներ կգրեին, կուղարկեին թերթերին ու ամսագրերին եւ, իհարկե, խմբագիրներն անպայման կմերժեին. «Մեր օրերում նման վուլգար բաներ չեն գրում»։
Խեղդված ձայնով կանչում եմ՝ Շարմա՜ղ… Ձայնս հազիվ ես եմ լսում եւ մեկ էլ այդ դեղնակարմիր դեղձանիկը, որ հիմա էլ եկել թառել է վայրի խնձորենու ճյուղին ու պապանձվել։ Շարմաղ, ի՜նչ Շարմաղ, անաստված-անաստվածի աղջիկ։ Այ անաստված-անաստվածի աղջիկ, ես քեզ ի՞նչ եմ արել, որ այդպես կանգնել ես գետի մեջ՝ մերկ ու անմեղ, եւ մերկ ու անմեղ ժպտում ես ու սպանում ինձ։ Բա որ գժվեմ, բա որ գլուխս առնեմ ու կորչեմ, ի՞նչ պատասխան պիտի տաս։
Շարմաղ, հիմա գնամ Կողունց Մոսուն ի՞նչ ասեմ։ Ասեմ՝ աշխարհ տեսած մարդ ես, որ հարսիդ հալը գիտես, ինչո՞ւ ես ինձ ուղարկում նրա ետեւից։ Ասեմ՝ քո Արշավիրը հիմարի մեկն է, խոզ է, խուլ է ու մի խոսքով՝ մարդ չի։
- Ի՞նչ ես տնկվել ու չտեսի նման բերանդ բացել…
Շարմաղը ներքեւից վերեւ է նայում ու ծիծաղում։ Նրա ծիծաղն անմեղ է, աշխարհը՝ մեղավոր։ Հոսող ջրի մեջ թրթռում է մի ճերմակ երազ, եւ ես ուզում եմ փախչել այդ երազից, ոտքս սայթաքում է, նա ջուրը շրմփացնում է դեմքիս ու քրքջում։
- Մի վախենա, այ տղա, մի վախենա, քեզ չեմ ուտի։
Ստվերախիտ ծառերի արանքից մի կտոր կապույտ երկինք է երեւում, իսկ դեղձանիկը թռել՝ գնացել, ճլվստում է ձորագլխին։
- Արի պսակվենք, ուսանող բալա,- Շարմաղը նորից է ծիծաղում, եւ նրա ծիծաղն այս անգամ մեղավոր է։- Արի մեղավորվենք ու մնացածի հերն էլ անիծած։
- Դու պսակված ես, Շարմաղ, դու մարդ ունես։
- Ո՞վ ասաց մարդ ունեմ։ Այդպիսի մարդը չունենալուց լավ է։ Ես մարդ չունեմ, անտեր եմ, ում ուզեմ՝ կսիրեմ, չեմ ուզի՝ չեմ սիրի։
Ես խեղդվում եմ նրա ճերմակ թեւերի մեջ. նրա տաք շունչը դիպչում է դեմքիս, ամեն ինչ թվում է զարմանալի երազ։ Գետը կարծես հոսում է ներքեւից վերեւ, ուռենիները կանգնել են գլխիվայր, երկինքը մոտիկացել է, ձեռքս մեկնեմ՝ կհասնի։
- Ես մարդ չունեմ, դու էլ գիտես, որ չունեմ… Լռի՛ր, չխոսե՛ս… Որ խոսես՝ ի՞նչ պիտի ասես։
* * *
Մենք բարձրանում ենք ձորից, քայլում կողք-կողքի, մի քիչ խռոված, մի քիչ տխուր, մի քիչ զարմացած։ Դեղձանիկն առաջվա պես իր երգն է երգում, գետը թշշում է, երկինքը կապույտ է, արեւը՝ հրաշեկ։
- Ես մեղավոր չեմ այս անմեղ աշխարհում,- նա կողքանց նայում է ինձ. դեմքը մռայլ է, աչքերում չարություն կա։- Որ ես մեղավոր չեմ, քեզ ի՞նչ է եղել։ Ես կես հարս եմ, կես աղջիկ, կես ծիծաղ, կես արցունք։ Կես-կես դառնալով ապրում եմ, կես-կես դառնալով հալվում։ Ինձ հայհոյիր, կուզես՝ ծեծիր, ձեն չեմ հանի։ Միայն խնդրում եմ՝ իմ մասին վատ բան չմտածես։
Կողունց Մոսին գերանդում է խոտը եւ կարծես մեզ չի նկատում։ Նա կուլան վերցնում է հարսի ձեռքից, հարսին չի տեսնում։ Խմելուց հետո պիտի ասեր՝ ուխա՜յ, սիրտս հովացավ, չի ասում։ Կողունց Մոսին իր ասելիքն ամբարել է սրտի մեջ եւ չի վախենում, որ սիրտը հանկարծ պայթի։ Չի էլ ասում՝ տղա, խոտ հարելը քո համալսարանը չի, գերանդու քիթը բարձր պահիր, որ քարու չտաս։ Երեկ ասում էր, մինչեւ կեսօր ասում էր, հիմա չի ասում։
- Ծանր խոտ է,- նա ուզում է ցրել մտքերը, իբր սրտին ծանրացած սար ու ձորը քիչ է, ուրիշ սար ու ձորով է ընկնում։- Հերու ես ու Սարոն Խամուտում խոտ էինք հարում, նայեմ տեսնեմ երկու կիխտար ձորն են իջնում։ Ոնց որ խռոված երեխաներ։ Կիխտարները, որ ծարավում են, իրարից խռովում են։ Էս Սարոն թե՝ կարոտ ունեն։ Ուրեմն, աստծու կենդանիները ձորը գնացին խռոված, քիթ-քթի տված վերադարձան։ Էդպես է աշխարհի բանը, ի՞նչ կարող ես անել։
- Զը՜նգ…
Գերանդին քարու եմ տալիս։ Քարը չեչոտ քար է, կուրացել ու չեմ տեսնում։ Կողունց Մոսին խլացել ու չի լսում։ Մոսու Շարմաղ հարսը պապանձվել ու ձեն չի հանում։ Որ ձեն հանի՝ ի՞նչ պիտի ասի։ Կասի՝ ապեր, կիխտարները հորինում ես, Խամուտում կիխտար չի լինում։ Կասի՝ ինչ ուզում ես հորինիր, բայց ես մեղավոր չեմ։ Ի՞նչ եմ արել, որ մեղավոր լինեմ…
- Զը՜նգ…
Չէ, քար չի, մի մեծ կրիա է. եկել ու գերանդուս բերանն է ընկել։
- Կրիա է,- ասում եմ,- ամուր մեջք ունի։
- Կրիան աստծու ստեղծածն է,- Կողունց Մոսին խարտոցում է գերանդին, թեւքով սրբում ճակատի քրտինքը։- Աստծու ստեղծած անասունը ոչ քեզ է խանգարում, ոչ ինձ, ոչ էլ ուրիշներին։ Թող ապրի։ Ապրողն ապրողին չպիտի խանգարի։ Այդպես է աշխարհի կարգը։
Հաջորդ օրը Շարմաղը խոտհարքի չի գալիս։ Ո՞վ պիտի մեզ համար Սառնաղբյուրից ջուր բերի, բանջարանոցի թաղից կտրած թարմ վարունգ, վերին հանդից՝ դաղձ ու ջրակոտեմ… Ո՞վ պիտի չորացած խոտը եղանով շուռ տա, երեքնուկի տերեւը մեկնի ինձ ու ասի. «Ուսանող բալա, սիրի-սիրի, մեկին սիրի»։ Եվ իմ պոկած թերթիկն անպայման ինքը պիտի լինի, որ հոգուս հետ խաղա. «Ձեր համալսարանի աղջիկնե՞րն են սիրուն, թե ես»։ «Մեր համալսարանի աղջիկների հերն անիծած, ես նրանց հետ գործ չունեմ»։ «Հիմա չունես՝ հետո կունենաս։ Հիմա չսիրես՝ հետո կսիրես։ Է՜, լավ, ձեզ էլ գիտեմ, ստից սուրբ եք ձեւանում»։
- Գլուխը ցավում է,- իմ չտված, բայց սրտիս ծանրացած հարցին պատասխանում է Կողունց Մոսին։- Ասենք ո՞վ գիտե, գուցե բան է պատահել։ Կին է, կինարմատ է, ի՞նչ իմանաս մտքինը։ Էդ կնանիքը, որ ծռվում են՝ պրծա՜վ։
Շարմաղը մյուս օրն էլ չի գալիս։ Կողունց Մոսին նոթերը այնպես է կիտել, որ չեմ համարձակվում խոսք ասել։ Բայց մտքինը գիտեմ, խոսել է ուզում. կլռի, կլռի ու կխոսի։
Եվ խոսում է.
- Շարմաղը եղած-չեղածը հավաքեց, գնաց հերանց տուն։ Ասում է՝ հերիք է, որքան ձեզ հարսություն եմ արել։ Ասում է՝ իմ մասին վատ բան չմտածեք։ Ասում է՝ ինչի՞ համար համ ձեզ խաբեմ, համ՝ ինձ։
* * *
Ես երեկոյան անցնում եմ Հաբունց Հովսեփի տան կողքով, ցանկապատի տակ իբր պատահաբար հանդիպում եմ Շարմաղին։ Նա չարացած նայում է ինձ, բայց աչքերում բոլորովին չարություն չկա։
- Շարմաղ,- ասում եմ,- վաղը գնում եմ։
- Դե որ եկել ես, ուրեմն պիտի գնաս։
- Գուցե նամա՞կ գրեմ։
- Նամա՞կ։ Ի՞նչ նամակ։
- Դե ոնց ասեմ… Նամակ, էլի։
- Ախր ես ո՞վ եմ, որ նամակ գրես։ Ես կես աղջիկ եմ, կես հարս։ Ծիծաղս գնաց, լացս մնաց։ Իմ ստանալիք նամակները վաղուց են այրվել ճանապարհներին եւ միայն մոխիրն է հասել ինձ։ Դու քո ճանապարհը ունես, ես՝ իմ։ Դու, ախր դու…
Պոկվում է տեղից, մոտենում, գրկում գլուխս, սեղմում կրծքին։
- Խնդրում եմ իմ մասին վատ բան չմտածես, ես մեղավոր չեմ։
- Դու մեղավոր չես,- հաստատում եմ,- աշխարհն է մեղավոր։
…Քանի՜-քանի տարի է անցել եւ քանի՜-քանի դեղձանիկներ են եկել ու երգել մեր Թբղլուտում։ Որքա՜ն ջրեր են հոսել մեր ձորի գետով, որքան անմեղ եղնիկներ են իջել ձորն ու մեղավորվել։ Հիմա էլ ականջիս մեջ է գերանդու զնգոցը, արեւի տակ չորացող խոտերի չրթչրթոցը, գետի վշշոցն ու դեղնակարմիր դեղձանիկի անուշ երգը եւ Շարմաղի ձայնը.
- Ես մեղավոր չեմ։
Հիմա կգնամ նստեմ գետափին, գլուխս կառնեմ ափերիս մեջ եւ կմտածեմ այս զարմանալի ու անբացատրելի, հետաքրքիր ու անըմբռնելի, գժվելու չափ գեղեցիկ ու ապրելու չափ ցանկալի աշխարհի մասին։
1974 թ.
*Տպագրվել է նաև «Տապը» վերնագրով։
ՀԱՐՍԱՆԻՔ
Օ՜, հարսանիքներ պատերազմական,
Սիրո գորգ՝ փռած հորի բերանին...
Եվ. Եվտուշենկո
Աշնան մթնած երկինքը մանր անձրեւ է մաղում։
Ինձ կանգնեցրին փեսայի կողքին, վառվող մոմը դրին ձեռքիս, ասացին՝ քեզ լուրջ պահիր, քավոր ես։ Իսկ ես իսկապես լուրջ էի. հովհարավոր գլխարկը իջել-ծածկել էր դեմքիս վերին մասը, նախշուն գուլպաները վեր էի քաշել մինչեւ ծնկներս, հագել ռազմաճակատում զոհված քեռուս ոտնամանները, որոնք ոտքերիս այնքան մեծ էին, որ քթերը փալասներ էի խոթել։ Կպչուն ցեխի մեջ ինձ համար դժվար էր քայլել. ձգում, մի կերպ քաշում էի ոտնամաններս եւ ոչ թե քայլում, այլ սողում էի։ Բայց դե հանաք բան չէ, ես քավոր եմ։
Փեսան՝ երկարահասակ, հաղթանդամ տղա էր, ես հազիվ էի հասնում նրա գոտկատեղին։ Նա նայեց ինձ, հոնքերը վեր քաշեց զարմացած, երեւի ուզում էր ասել. «Ա՛յ խոխա, այստեղ քո տեղը չի, ինչի՞ ես ոտնատակ ընկնում», բայց նկատելով ձեռքիս վառվող մոմը, աչքով արեց խաչեղբորն ու ծիծաղեց. «Վա՜յ, ցավդ տանեմ, քավոր ջան, բա ինչի՞ ձեն չես հանում»։
Զուռնան ծկլթաց։ Զուռնաչին ու դամքաշը կարծես մրցման մեջ էին մտել՝ տեսնեն ով կարող է ավելի շատ ուռցնել թշերը եւ չռել աչքերը։ Դհոլչին այնպես էր կոտրատվում, ուսերն այնպես էր եղանակի տակտի հետ շարժում, որ եթե ես քավոր չլինեի, մի կուշտ կծիծաղեի։ Երեւի դամքաշը կամ շատ բարձր էր վերցրել, կամ շատ ցածր. ավագ զուռնաչին բարկացած շրջվեց նրա կողմը, զուռնան հանեց բերանից ու ասաց. «Մի մատ բարձր վերցրու, չե՞ս տեսնում, որ չի բռնում»։
Հարսնահանդեսը ձգվեց փողոցով, եւ փեսան տեսնելով, որ ես ոտքերս հազիվ եմ քարշ տալիս խմորի պես հունցված ցեխի մեջ, ինձ պոկեց գետնից, առավ թեւի տակ ու նորից ծիծաղեց. «Վա՜յ, քավոր ջան, բա ինչի՞ ժամանակին չես ասել, որ քեզ համար ֆրոնտից հատուկ ավտոմեքենա բերեմ»։ Ես կատվի ձագի պես կախվել էի նրա թեւատակից, վառվող մոմը ամուր բռնել, իսկ ականջիս տակ զուռնան ծկլթում էր։
Մենք բարձրացանք քարե աստիճաններով. մի տարեց կին, երեւի հարսի մայրը, համբուրեց փեսային ու խաչեղբորը, նրանց ձեռքից վերցրեց մոմերը, հանգցրեց, ինձ չնկատեց։ Խաչեղբայրը, որ երեւի մինչ այդ մի երկու բաժակ տնկել էր, բարձր ծիծաղեց ու քաշեց գլխարկս.
- Վա՜յ, քավոր ջան, քեզ էլ մարդատեղ չդրեցին, բա դա արդարությո՞ւն է։
Ինձ նստեցրին հարսի կողքին, եւ ես թափանցիկ շղարշի տակ տեսա կավճի պես ճերմակ նրա դեմքն ու ճանաչեցի՝ Մանուշն էր, Մանուկ քեռուս սիրած աղջիկը։ Ուզում էի ինչ-որ բանով գրավել նրա ուշադրությունը, զգուշորեն քաշեցի թեւն ու հարցրի. «Մանուշ, դու ինձ ճանաչո՞ւմ ես, Մանուկն իմ քեռին է»։ Նա բռնեց ձեռքս, շշնջաց կամաց. «Հարկավոր չի, Վաղիկ, հարկավոր չի»։
- Դե, ուրեմն՝ դու Մանուկին չես սիրում,- ասացի եւ հետո հասկացա, որ սխալ եմ թույլ տվել. ապրողներն ինչպե՞ս կարող են սիրել մեռածներին։
- Մանուկին ես սիրում եմ,- նա թեքվեց, շշնջաց ականջիս։- Մանուկին ես չեմ մոռանա։ Ի՞նչ անեմ, այսպես ստացվեց։
- Իսկ դու դրան սիրո՞ւմ ես,- դեմքով ցույց տվեցի փեսային։- Ստից հիվանդացել է, փախել ֆրոնտից։
- Լռի՛ր, պետք չի, Վաղիկ, պետք չի,- նա ուղղակի թախանձում էր, եւ աչքերը լցվել էին արցունքներով, ձայնը դողում էր.- Դու երեխա ես, ոչինչ չես հասկանում։
Հարսանիքը գրեթե ինձ չէր հետաքրքրում, ես ուզում էի նրա՝ Մանուշի հետ զրուցել։ Փեսան նկատեց այդ, թեքվեց մեր կողմը, ոլորեց բեղն ու կատակով մատը թափ տվեց վրաս.
- Տե՛ս, հա՜, քավոր ջան, հարսին գլխից չտանես, թե չէ՝ ես քեզանից խիստ կնեղանամ։
Խաչեղբայրը կարծես դրան էր սպասում, հիմա էլ ինքը սկսեց.
- Քավոր ախպեր, քանի որ հարսանիք է, արի քեզ էլ պսակենք, որ հետագայում մեծ ծախսերի տակ չընկնես։- Ես նրան չպատասխանեցի, բայց նա ձեռք չէր քաշում ինձնից, սկսեց խաղալ հոգուս հետ.- Քավոր ջան, էդ նախշուն գուլպաները ո՞րտեղից ես գտել, չե՞ս տա՝ հագնեմ նկարվեմ, էլի քեզ կտամ։ Մի օրով, ավել չեմ ուզում։
Իսկ հարսանիքը շարունակվում էր, թամադան կենացներ էր առաջարկում, ամեն կենացի վրա զուռնան ծկլթում էր, զրնգում էին բաժակները, ջահել մատուցողուհիները հոլի պես պտտվում էին սեղանների շուրջը։ Ես հանկարծ նկատեցի, որ դամքաշի աջ ձեռքի երեք մատը չկա, նվագում էր երկու մատով։
- Լեզգինկա՜,- գոռաց Հաբունց Մարտունը. նա, որ չորս ամիս առաջ վերադարձել էր ռազմաճակատից՝ մի ոտքով։- Ես լեզգինկա պիտի պարեմ։ Սազանդա՜ր, լեզգինկա՛,- նա հարբած էր, զայրույթից դողում էր, եւ սազանդարը լեզգինկա նվագեց, Մարտունը մի ոտքով սկսեց պարել։ Նա իր կտրած ոտքի վրե՞ժն էր լուծում պատերազմից, թե զարմացնել էր ուզում հարսանքավորներին։
Երկու հոգի բռնեցին նրա թեւերը, եւ Մարտունը սկսեց հայհոյել.
- Լիրբը ինձ չհավանեց, ուրիշի հետ պսակվեց,- նա գրպանից հանեց մի լուսանկար,- տեսե՜ք, ժողովու՜րդ, իր ձեռքովն է գրել՝ հավերժ հիշատակ իմ աննման Մարտունին։ Մինչեւ կյանքիս վերջը քեզ պիտի սպասեմ։ Քո Ռոզա։ Բա ինչի՞ չսպասեց...
Մարտունին դուրս տարան, փեսան գլուխն օրորեց. «Դրան ո՞վ է հրավիրել. պա՛հ, զարմացնում է, մի ոտքով է պարում։ Մաքուր ցիրկ»։
- Քավորի կենացը,- ականջիս հասավ թամադայի ձայնը։- Ո՞րտեղ ես, քավոր, կանգնիր տեսնենք։
Ես չգիտեի՝ նման դեպքերում ինչ են անում. կանգնեցի, ճիշտ կլինի ասել, ցած իջա աթոռից եւ գլուխս հազիվ էր հասնում սեղանին։ Պայթեց ծիծաղը, ինչ-որ մեկն ասաց. «Բարձրացրեք էդ իգիթին, որ սֆաթը լավ տեսնենք»։ Խաչեղբորն էլ երեւի դա էր հարկավոր, բռնեց գոտկատեղիցս, բարձրացրեց ու գոռաց.
- Ժողովու՜րդ, էքստրա, քավորն ուզում է խոսել։
Իսկ ես այնպե՜ս էի ուզում, որ այդ անիծված հարսանիքը շուտ վերջանար... Բայց դա դեռ սկիզբն էր։
Երբ զուռնան նորից ծկլթաց, մի լղար մարդ բաղաձայն ծոր տվեց. «Վայ աման, ադե ջան, տանու՜մ են, հորից-մորից հանու՜մ են...»։ Դրսում արդեն բավականին մութ էր, եւ առաջվա պես մանր անձրեւ էր մաղում։ Ես կախվել էի հարսի թեւից, ոտքերս հազիվ էի քարշ տալիս ցեխակոլոլ փողոցով։ Վառված մոմը ծլծլում էր, թափվում շալվարիս փողքերի եւ գուլպաներիս վրա, ոտնամաններս կորել էին ցեխի մեջ, գլխարկն անգթորեն իջնում ու ծածկում էր դեմքս։ Քաղաքից եկած մի փարթամ կին, կարծեմ փեսայի հորաքույրը, շարունակ փնթփնթում էր։ Նրան ոչ մի բան դուր չէր գալիս.
- Բա սա եղավ հարսանի՞ք... Օրենքով աղջկա ծնողներն ինձ նվեր պիտի տային, չտվեցին։ Հապա քավորին նայեցե՜ք, գլխարկի տակին չի երեւում։ Սա ի՞նչ էթիկա է, երեխային ոտատակ են գցել, թե քավոր ես։ Ախր, սրանից ի՞նչ քավոր։
Ես կյանքում առաջին անգամ էի մասնակցում հարսանիքի, եւ ինձ համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ անպայման քավորը ես պիտի լինեմ եւ ոչ թե մի ուրիշը։ Անհասկանալի էր նաեւ հարսի ոտքերի տակ ափսե դնելը։ Հարսնեղբայրը օժիտի համար հարյուր ռուբլի պահանջեց, եւ երբ փեսայի հայրն ասաց. «Հիսուն ռուբլին հերիք է», հարսնեղբայրը բողոքեց. «Մենք ձեզ մաքուր ոսկի ենք տալիս, իսկ դուք ձեր ժանգոտած պղինձը խնայում եք»։
Հարսանիքը շարունակվեց համարյա նույն ծրագրով, ինչպես հարսենց տանը։ Թամադան առաջարկեց խմել երկու ծաղիկների կենացը, դհոլչին այդ կենացը ծաղկեցրեց ձանձրալի ինչ-որ երգով, հետո հերթը նորից հասավ քավորին, նորից խաչեղբայրն ինձ բարձրացրեց գետնից ու բղավեց. «Ժողովո՜ւրդ, էքստրա, քավորը...»։ Ո՛չ, չասաց քավորն ուզում է խոսել, այլ ուղղակի, անամոթաբար՝ «քավորի չիշիկը գալիս է»։ Այդ զավզակը գինին թափել էր տաբատիս։ Ամոթից դեմքս վառվում էր, եւ ես չիմացա ինչպես ճանկեցի գինու բաժակը, պարունակությունը թափով նետեցի նրա դեմքին ու ճչացի.
- Ես չեմ ուզում քավոր լինել, ինձ հարկավոր չէ ձեր հարսանիքը... Դուք վատ մարդիկ եք... Մանուշն իմ Մանուկ քեռու սիրած աղջիկն է...
Ես խելակորույս դուրս նետվեցի հարսանքատնից, մի կին չարացած շպրտեց. «Դրան նայեցե՛ք, մի թիզ չկա, բայց հարսանիք է խանգարում. ախր, ինչո՞ւ են դրան այդքան խմեցրել»։
Չգիտեի շուրջս ինչ էր կատարվում, դրսում մութ էր, ականջիս ձայն հասավ.
- Վաղիկ, ցավդ տանեմ, կանգնիր, բան եմ ասում։
Մանուշն էր, մոտեցավ, բռնեց թեւս, թաշկինակով մաքրեց արցունքներս, ասաց թախանձանքով.
- Գնանք, ցավդ տանեմ, գնանք։
- Չեմ ուզում,- գոչեցի,- չեմ ուզում։
- Ամո՛թ է, ցավդ տանեմ... ես ի՞նչ մեղավոր եմ, ես ի՞նչ մեղք ունեմ...
Նա ինձ ներս տարավ՝ ի ցույց ամենքի, ու դարձավ հարսանքավորներին.
- Ախր, ինչի՞ համար, այս անմեղ երեխան ձեզ ի՞նչ է արել...
Ես լալիս էի, արցունքներս հոսում էին անվերջ։ Խաչեղբայրն ու փեսան կախել էին գլուխները, կտրվել էր զուռնայի ծկլթոցը, թամադան ինձ համար սփոփանքի խոսքեր էր որոնում եւ կարծես գտավ.
- Բան չկա, տղա ջան, կատակ էր, էլի, կմեծանաս՝ կմոռանաս։
Բաներ կան, որ ամբողջ կյանքում հնարավոր չէ մոռանալ։
Վիրավորված անմեղությունը սուր հիշողություն ունի։
1978 թ.
ՈՒՏՈՂ-ԽՄՈՂ ՄԱՐԴԻԿ
Մկրտիչ պապն իր հաշվով 120 տարեկան է, որդու՝ Ներսեսի հաշվով՝ 112 տարեկան, գյուղսովետի տնտեսական մատյանով՝ 115 տարեկան։ Սրբուհի ազին, որ թվով Մկրտիչ պապի երրորդ կինն է, վերցնում է միջինը՝ 110 տարեկան։ Բայց պապն իր հարյուր քսանից չի հրաժարվում։ Ասում է՝ գեներալ Մադաթովին իմ աչքով տեսել եմ և հետն էլ զրուցել։ Մաթեմատիկայի ուսուցիչ Երանոս Պապիկյանը հաշվում է մտքում և չի համաձայնում.
- Խառնում ես, Մկրտիչ պապ, խառնում ես։ Եթե էդպես վերցնենք, ուրեմն գեներալ Մադաթովին հանդիպել ես 150 տարի առաջ։ Իսկ գուցե գեներալ Մադաթովը չի եղել, լավ միտդ գցիր։
- Ո՞նց թե՝ Մադաթովը չի եղել,- ծիծաղում է Մկրտիչ պապը,- ինչ է, ես գեներալ Մադաթովին չե՞մ ճանաչում։ Էսպես՝ լենք տված մարդ էր, բեղերը ոնց որ ագռավի թևեր, աքսելբանտերով, ոսկե թուրը կողքից կախած, սպիտակ ձին տակին պար էր գալիս, ինքն էլ ուտող-խմող մարդ էր։
Մկրտիչ պապը շատ է սիրում հիշել ուտող-խմող մարդկանց։ Հաթամենց Թավադը ուտող-խմող մարդ էր։ Ենովքենց Սահակը ուտող-խմող մարդ էր։ Ճաղունց Մազրանը կնստեր, միանգամից մի ոչխար կուտեր, կասեր՝ վայ, աշխարհ, աշխարհ, բրիշակ դառնաս, փորս բան չմտավ։ Գրբացենց Ծատուրը մի դույլ խաշած ձուկ էր ուտում, վրան մի կուժ ջուր խմում՝ վեջը չէր։ Կյալուստենց Թևանը մի նստելով օխտը խաշած հավ էր ուտում։
Ընկեր Պապիկյանը ժպտում է։ Է, լավ, այ ալևոր, ասում ես՝ պակաս ենք ապրել, ասում ես՝ գարի հացը գաթայի տեղ ենք ընդունել, բա էդ որտեղի՞ց եք էդքան կերել-խմել։ Ճաղունց Մազրանը, էդ մի ոչխար ուտողը, մորս կողմից պապիս հերն է։ Մայրս ասում է՝ գծուծի մեկն էր, մեջքը փորին կպած... Բա լավ, էդ տնաշենը մի ոչխարը ո՞նց է միանգամից կերել։
- Անհավատներ եք,- Մկրտիչ պապը չոր ու անարյուն մատներով ետ ու առաջ է տալիս թազբեհի սաթե հատիկները։- Աստծուն չհավատացիք։ Աստված էլ տեսավ, որ իրեն չեք հավատում, բարկացավ ու ինքն էլ իր հավատը փոխեց։
- Հավատը փոխեց՝ ի՞նչ դարձավ։
- Անհավատ։ Ձեզ նման անհավատ։ Աթասենց Արամի նման անհավատ։ Արմանն էլ, Բայանդուրի տղան, գնաց սուրբ Սարիբեկի մատուռը քանդեց, թե՝ աստված չկա, սուտ է։ Արսեն, գնա սրինգս բեր։
Արսենը Մկրտիչ պապի թոռան թոռն է, տասնութ տարեկան, սիրուն-սիրուն, թուխ բեղերով, կլոր դեմքով տղա։
Արսենը բերում է սրինգը, պապը մատները հարմարեցնում է անցքերի վրա ու նվագում։ Մեղեդին հին է, շատ է հին, ինչպես Սինգարա սարի կաղնի ծառը, ինչպես Խաչին տակի քարանձավը, ինչպես Քարահատի մամռապատ աղբյուրի գուռը և ինչպես ինքը՝ Մկրտիչ պապը։
- Այ հերամեռ, սիրտս կտոր-կտոր արեցիր,- Սրբուհի ազին բարձրացնում է գոգնոցի տուտը, մոտեցնում կարմրած աչքերին։- Այ հերամեռ, երկու կնկա գլուխ ես կերել, վախենում եմ իմ գլուխն էլ ուտես։ Այ գլխակեր ղուզղուն, ես քո ոսկե մատներին մատաղ, ես քո քաղցր բայաթուն մատաղ...
Մկրտիչ պապը չի լսում, ինքն իր հետ է, սարերի, ձորերի, քարերի, ծառերի ու ծաղիկների հետ է։ Մաննուտով ճերմակ ձին չափ գցել, Մուրսինի խամուտով իջել է Քահրիզի ձորն ու տեսել աղբյուրի մոտ կանգնած Նունուֆարին։
- Նունուֆար, աղջի, ծեգը-ծեգին ի՞նչ ունես այստեղ։
Նունուֆարի ատամները ձյունի պես ճերմակ են, ճակատը ճերմակ է, մատները՝ ճերմակ մոմեր, մեջքը բարակ և այդ բարակ մեջքը արծաթե գոտին օձի պես գրկել, խեղդում է։ «Մկրտիչ,- ասում է,- Մկրտիչ, սրնգիդ ձենը լսում եմ, համա քեզ չեմ տեսնում։ Այ, հիմա տեսա»։
- Մկրտիչ պապ,- ընկեր Պապիկյանը նստում է ծերունու կողքին,- այդ մեղեդին քանի՞ տարեկան կլինի։
- Քանի՞ տարեկան,- պապը ծիծաղում է միամիտ ուսուցչի միամիտ հարցի վրա։- Նոյը քանի՞ տարեկան կլինի։ Ադամը, Եվան, Հաբեթը, Տրդատ թագավորը, Ճաղունց Մազրանը, գեներալ Մադաթովը, Պըլը-Պուղին, գոռբագոռ Մելիք Շահնազարը քանի՞ տարեկան են։ Իմ աշխարհը, քո աշխարհը, իմ ու քո աշխարհը։ Այս երգն էլ՝ դրանց նման...
Գլուխը հակում է կրծքին, շվին դնում ծնկներին ու ննջում. ննջում է, որ Նունուֆարին լավ տեսնի։ Նունուֆարն աշխարհից ջահել-ջահել գնաց, կարոտած ու դարդոտած գնաց։ Մկրտիչը բռունցքով խփեց գլխին, կրծքին, գոռաց, ճչաց. «Նունուֆար, մեջքդ կոտրվի, էդ ինչի՞ մեջքս ջարդեցիր։ Նունուֆար, ախր երեխան մեղք է, ես մեղք եմ, դու մեղք ես, էսքան մեղքերի տակից ո՞նց դուրս գամ»։
- Պապի, քնելուդ ժամն է, գնանք տուն,- Արսենը բռնում է նրա թևը։- Պապ, լսո՞ւմ ես, վեր կաց։
- Այ գլխամեռ, վեր կաց,- Սրբուհի ազին հավաքում է փեշերը։- Ես քո ոսկի մատներին մատաղ, այ գլխամեռ։
Մկրտիչ պապը գլուխը դանդաղ բարձրացնում, հորանջում է և քնից նոր արթնացած երեխայի պես տրորում աչքերն ու դառնում ընկեր Պապիկյանին.
- Ուրեմն Նոյը սո՞ւտ է։
- Նոյը առասպել է։
- Չհասկացա։
- Հեքիաթ է։
- Հա, ապրես, շեն կենաս, հեքիաթ է։ Ուրեմն՝ էս սարերը, ձորերը, քարերը, ջրերը, հավքերը, ծաղիկները հեքիաթ չե՞ն։ Հեքիաթ են։ Հազարան բլբուլի հեքիաթը։ Մենք հեքիաթ չե՞նք։ Բա որ հեքիաթ չենք, ի՞նչ ենք։
- Իրական հեքիաթ ենք, պապ։
- Իրական,- Մկրտիչ պապը մտքում ծանր ու թեթև է անում այդ բառն ու ծիծաղում,- հերիք է, գնամ քնեմ։ Գնամ քնեմ, վեր կենամ, տեսնեմ քնել եմ, մնացել քնած։ Վեր կենամ, վայ տամ գլխիս... Ոնց որ Ավունց Ջումշուդը. ասում էր՝ բա ես իմ աչքով չտեսնե՞մ, թե ինչպես եմ մեռել։ Ողորմի նրան, ուտուղ-խմող մարդ էր։ Որքան ենք միասին քեֆ արել։
- Ախր էդ ի՞նչ եք կերել-խմել, ա՛յ գլխամեռ,- Սրբուհի ազին հուպ է տալիս շրթները, որ չծիծաղի։- Ուտող-խմող, ուտող-խմող... Քնում է՝ ուտող-խմող, արթնանում՝ ուտող-խմող...
Մկրտիչ պապը խեթ-խեթ նայում է կնոջը։
- Ի՜նչ է, քո հաշվով ուտել-խմելը մենակ փոր կշտացնե՞լ է։ Ուրեմն իմ ապրած կյանքը հե՞չ... Բա Նունուֆարը, Մուրսինի տափը, Քյահրիզի ձորը, Շաղասարը, Մաննուտի կաղնիները, Պետրուսանց Սողոմոնի հարսանիքը, իմ սպիտակ ձին, Սալբու ծիծաղը... Սալբին գնաց Նունուֆարի ետևից, դու եկար։ Ուրեմն՝ դու հե՞չ։ Իմ ուտող-խմողները ձեր ուտող-խմողների հետ չեն բռնում... Արսեն, պապը ցավդ տանի, սրինգը չմոռանաս։
Մկրտիչ պապը գնաց քնեց հանգիստ ու անխռով, սրինգը սեղմած կրծքին, երազում տեսավ Նունուֆարին, ասաց. «Նունուֆար, հա, գալիս եմ, Սալբուն ասա, որ գալիս եմ... Սիրտդ ի՞նչ է ուզում, ի՞նչ բերեմ քեզ համար։ Հա, սրինգը բերեմ. սրնգով եմ գալիս, Նունուֆար...»։
Հետո Մկրտիչ պապը մեռավ հանգիստ ու անխռով։ Սրբուհի ազին հանգուցյալի հոգեհացին խոսք ուներ ասելու և ասաց.
- Ժողովուրդ, կերեք, խմեցեք, քեֆ արեք... Մկրտիչը ուտող-խմող մարդ էր։
1976 թ.
ՄԻՋՕՐԵ
Օրվա այս ժամին գյուղամիջում ո՞վ պիտի լիներ։ Մի Մարտիրոս պիտի լիներ, որ շոգից կուչ ածեր աչքերն ու թնկթնկար.
- Հե՜յ, աշխարհ, աշխարհ, ես քո ինչն ասեմ։
Օրվա այս ժամին Մարտիրոսի կողքին պիտի նստած լիներ Համազ ամին, որ բեղերի արանքից թանձր ծուխը բաց թողներ, բռներ խոսակցի խոսքի տուտը և կորցներ իսկույն։
- Պա՛հ, մեր էս ղարաբաղցիք, ղարաբաղցիք ինչ ժողովուրդ են։ Անցած օրը Ռուբենը տղին պսակեց Մաթոսի աղջկա հետ. աղջիկը, ոչինչ, խոսք չունեմ, վատ աղջիկ չի... Պատը պատին հազար տարվա հարևաններ ենք, չկանչեց։ Ռուբենի տղան էլ լավ տղա է, բայց դե մենք էլ մարդ ենք։
Օրվա այս ժամին ընկեր Գրետան թևերը բաց արած, դույլերը զրնգացնելով, ջրի պիտի գնա, որ Մարտիրոսը նայի ու ձիգ տա.
- Համազ, սա Ավունց Իվանի հարսը չի՞։
- Հա, Իվանի վարժուհի հարսն է։ Խոսք չունեմ, լավ հարս է, բայց որ արևի էս ճնճռնոցին թևերը բաց է արել, սխալ է։
Ընկեր Գրետան լիքը դույլերով անպայման պիտի անցներ Մարտիրոսենց տան կողքով, աչքը գցեր պատշգամբին, նկատեր Մարտիրոսի թոռանն ու ասեր.
- Կարինե՜, այսօր լվացք ունեմ, արի օգնիր։
Կարինեն պարտավոր է օգնել ընկեր Գրետային, որովհետև քիմիայից աշնանային քննություն ունի։ Ընկեր Գրետան համ «երկու» է դրել, համ էլ ասել՝ «կգաս՝ կօգնեմ»։
Եվ հիմա օգնում է։ Ասում է՝ լվացքը պարզաջրիր, ջուրը տաքացրու, Վահրամիկի շորերը արդուկիր, սպիտակեղենը փռիր, տունն ու բակը ավլիր... Ասում է՝ Կարինե, կաթսան կրակի վրա այդքան չեն պահի, կօքսիդանա։
- Թոռդ խելոք աղջիկ է, Մարտիրոս։
- Խելոք է, մեզ ի՜նչ։ Իվանի Գրետա հարսը թողնո՞ւմ է, որ մի անգամ էլ մեր տան գործից բռնի։ Ասում են՝ դպրոցի դիրեկտոր Հովսեփի գլխին էն օյինն է դրել, որ խեղճ մարդը դիմում է գրել, թե կամ ես, կամ Իվանի հարսը պիտի մնա էս դպրոցում։ Հովսեփը լավ տղա է, ափսո՜ս..
Օրվա այս ժամին փողոցով պիտի անցներ Գաբրիելի աղջիկը և փոխեր ծերունիների զրույցի թեման։ Համազ ամին կարծես սպասում էր Գաբրիելի Ժասմեն անունով աղջկան, որ կարճ, ծնկներից վեր յուբկա է հագել, բաց արել սիրուն-սիրուն սրունքները և սիրուն-սիրուն շորորվում է։
- Մարդի՜, էս էլ Գաբրիելի աղջիկն է։ Բժիշկ պիտի դառնա, գա կանգնի գլխիդ վերև ու ասի. «Ընկեր Մարտիրոս, ինչի՞ց եք բողոքում»։ Գաբրիելի աղջիկ, հլա մի նեղություն քաշի, եկ էստեղ։
Ժասմենը եկավ թեթև-թեթև։ Գիտեր, որ Համազ ամին մի հարց պիտի տա, կամ շատ սովորական, կամ տարօրինակ մի հարց։
- Գաբրիելի աղջիկ, շատ ներողություն, մի հարց եմ տալիս, մենակ չծիծաղես։
- Ինչո՞ւ պիտի ծիծաղեմ,- ծիծաղեց Գաբրիելի աղջիկը։
- Գաբրիելի աղջիկ, էս ինչի՞ցն է, որ ընկեր Մարտիրոս Իսաջանովը քնած վախտը պառավոզի ձեներ է հանում։
Ժասմենը քրքջաց։ Համազ ամին նայեց նրա ճերմակ-ճերմակ ատամներին, կլոր-կլոր ուսերին, երկար-երկար եղունգներին, ներկած հոնքերին, հետո նայեց բաց սրունքներին ու հարցրեց.
- Գաբրիելի աղջիկ, հարցնելն ամոթ չլինի, էդ կեփերդ ինչի՞ ես բաց արել։
Գաբրիելի աղջիկը պիտի ասեր՝ անհարմար է, մեծ մարդ ես, բայց չասաց։ Պիտի կարմրեր, բայց չկարմրեց։ Շրջվեց, ծիծաղելով հեռացավ, և Համազ ամին նույնպես ծիծաղեց։
- Վա՜յ, քո ինչն ասեմ, Մարդի... Ադա, թամամ ցիրկ ես, ցիրկ։
Մարտիրոսն արթնացավ, տրորեց աչքերը, հորանջեց։
- Ի՞նչ ցիրկ, էլի էդ աչքակապները եկե՞լ են։
- Ջանըմ, ի՞նչ աչքակապներ։
- Միտդ չի՞, էն որ թաշկինակը շուռ է տալիս, նայում ես, բան չկա, մեկ էլ շուռ է տալիս, կարմիր-կանաչ թղթեր են թափվում։
- Չէ, էդ չեմ ասում։
- Բա ի՞նչ ես ասում։
- Գաբրիելի աղջիկն էր, եկավ բժշկեց ինձ ու գնաց։ Համա ի՜նչ խռմփացնում էիր, հա՜...
Օրվա այս ժամին Մարտիրոսը պիտի պատմեր իր երազը, պատմեց.
- Մթամ տեսնում եմ՝ մեր Ձորի ջրաղացում հերթ է։ Օղորմած հոգի Մակիչը կանգնել էր ջրաղացի նովի մոտ, ձեռքով էր անում։ Ես եմ, մեր Թարխանն է, Հաբեթանց Ծապին է, Առուստամի Կրիքորն է... Չգիտեմ, դու որտե՞ղ էիր գնացել, դու չկայիր։ Մեկ էլ ինչ տեսնեմ, ջրաղացի քարերը Շաղասարն ի վեր գնում են, ո՜նց են գնում։ Մեր Խեչանի կաղ Հերիքնազն էլ ծիծաղում է, հա, ծիծաղում է... Արսզ-արսզի կնիկը ոնց որ սարսաղվել է։ Չէ, դու չկայիր, քեզ չտեսա... Որտե՞ղ էիր գնացել։
- Շաղասարում խոտ էի հարում։
- Միտս չի, ես քեզ չտեսա։
- Որ տեսնեիր՝ ի՞նչ պիտի անեիր։
- Հե՜չ, խոսք է, էլի, ասում եմ։
Օրվա այս ժամին պիտի սպառվեր ծերունիների զրույցի թեման, որովհետև սոսկալի շոգ է, տանիքների թիթեղները շիկացել, հուրհրատում են, ծառերի ստվերները կծկվել, դարձել են մի բուռ։
Եվ շոգից խեղճացած Մարտիրոսը հորանջեց, լարեց հիշողությունը, հիշեց։
- Հա, Համազ, ցիրկ ասացիր, միտս ընկավ։ Հերու էր, մեր Արմանը տարավ ինձ Բաքու։ Պա՛հ, քաղաք է, հա՜... Սաբունչու վագզալից որ նայում ես, խելքդ գնում է։ Էն Արմենիքենդը որ ասում են, մեր Ստեփանակերտի օխտը չափ կա։ Ի՞նչ էի ասում...
- Ցիրկը...
- Ո՞ր ցիրկ...
- Ցիրկն էլի... Դու չասացիր՝ ցիրկ ասացիր, միտս ընկավ։
- Հա, ճիշտ է։ Ուրեմն Արմանն ինձ տարավ ցիրկ. ցիրկս ո՞րն է, մեր շկոլի օխտը չափ կա։ Մի կնիկ դուրս եկավ՝ պա՛հ, պա՛հ, պա՛հ... Իվանի վարժուհի հարսը նրա կողքին ի՞նչ է։ Էդ կատաղած-կատաղածի կնիկը պարանից կախվել, գնում-գալիս է, գնում-գալիս է... Ախր հագին էլ մի բան չկար՝ դիփ տկլոր։ Ասում եմ՝ այ տղա, Արման, ախր, էսպես ո՞նց կլինի... Ասում է՝ բան չկա, արտիստ է... Հետո ասաց...
Մարտիրոսը մոռացավ, թե հետո ինչ է ասել, Արմանն ինչ է պատասխանել։ Չհիշեց, թե Արմանն ու հարսը հաջորդ օրը ինչի համար վիճեցին, հարսն ինչի համար ամուսնուն ասաց. «Գեղացի եղել ես, գեղացի էլ մնացել ես»։ Արմանը պիտի մի լավ հայհոյեր լեզվանի կնոջը, չհայհոյեց։ Վա՜յ, վա՜յ, Արման, բա դու տղամա՞րդ ես, բա դու նամո՞ւս ունես...
- Է, էդ քաղաքի կնանոցից խելքս բան չի կտրում, Համազ։
- Ո՞ր կնանոցից, ցիրկի՞։
- Դե չէ, ի՜նչ ցիրկ։
- Օպերայի՞։
- Սարսաղվել ես, Համազ, սարսաղվել ես։
Խլուղի փեշը ձիգ տալով, սուրմաները զրնգացնելով, եկավ Նաբաթ ազին, թևերը կանթեց կողքին ու չարացավ.
- Մարդի, օրվա էս ժամին ի՞նչ ես շնթռնել պատի տակ, բա մենք տուն-տեղ չունե՞նք։
Մարտիրոսը ձեռքը ծույլ-ծույլ թափ տվեց.
- Այ ղարաչի, զահլես ի՞նչ ես տանում։ Գնա, գալիս եմ։
- Չէ՛, չէ՛, վեր կաց։
- Պահո՜, կրակն ընկանք, էլի։
Եվ օրվա այս ժամին Համազ ամին անպայման պիտի ծիծաղեր կնոջից վախեցող Մարտիրոսի վրա՝ ծիծաղեց։ Ծիծաղեց, որ սպանի օրը, որ շոգը ծիծաղով խեղդի, ծիծաղեց, որ չձանձրանա, չտխրի...
Եվ որպեսզի չտխրի, հիշեց ընկեր Գրետային, որ ջանի վրա ցրիվ է գալիս, հիշեց Գաբրիելի Ժասմեն անունով աղջկան, որ սրունքները բաց է ման գալիս... Հետո պատկերացրեց կրկեսի մերկ կնոջը՝ Մարտիրոսի կողքին կանգնած ու փռթկացրեց։
- Մարդի, բան չկա, արտիստ է։
Մարտիրոսը գլուխը դանդաղ շրջեց.
- Համազ, քանի գնում, սարսաղվում ես։
Պիտի ուրիշ բան ասեր։ Պիտի ասեր. «Ռուբենի հետ պատը պատին հազար տարվա հարևան ես, Ռուբենը տղին պսակել, քեզ մարդատեղ չի դրել»։
Օրվա այս ժամին մի կիսամերկ երեխա պիտի անցներ փողոցով, որպեսզի Համազ ամին նայեր ու հարցներ. «Այ լակոտ, դու Առուշանենց Մեխակի թոռը չե՞ս... Հա, տեսա՞ ր, ոնց իմացա։ Առուշանենց Մեխակը լավ մարդ էր, օղորմի հոգուն, դու էդ ո՞ւմ ես եկել»։
Հետո փողոցում պիտի տիրեր լռություն, որպեսզի Համազ ամին ամփոփվեր ինքն իր մեջ ու մատների վրա հաշվեր, թե իր հասակակիցներից ով է գնացել և ով է մնացել։ Գնացել են Ասլանենց Գերասիմը, Շիրինանց Խաչին, Զառունց Ակուփը, Ավունց Նեսին, Առուշանանց Մեխակը, Մկրտիչի Մոսին... Մնացել են Մարտիրոսը, Բաբունց Ակուն, Թոխունց Սարգիսը, Աղասունց Արտաշը... Սևունց Ռուբենը դեռ ջահել է, երեկվա երեխան, մի քանի տարի էլ կապրի։ Ռուբենը ցիգան-ցիգանի տղա է, դեռ կապրի...
Օրվա այս ժամին Համազ ամին երկնքում պիտի ամպի կտոր որոներ ու չգտներ։ Պիտի զայրացած նայեր զենիթում կանգնած հրաշեկ գնդին, ձեռքը դներ գլխին ու զայրացած գոչեր.
- Ա՜յ ավազակ, գլուխս թանախաշիլ ես արել, դե եկ լակի։
1971 թ.
Ա՛Խ, ԻՄ ՃԱՄՓԵՆ...
Երևի աշխարհի ոչ մի գյուղում այնքան հովեկներ չեն լինում, որքան՝ Քարաշենում։ Երևի աշխարհի ոչ մի գյուղում հովեկներին այնքան չեն հայհոյում, որքան՝ Քարաշենում։ Եվ երևի աշխարհի ոչ մի գյուղում հովեկներին այնքան չեն սպասում, որքան՝ Քարաշենում։
Անկախ այն բանից, թե իրենց հայհոյում են կամ չեն հայհոյում, սիրում են կամ չեն սիրում, սպասում են կամ չեն սպասում, հովեկներն ամեն ամառ գալիս են ու գալիս են։ Դրանք մեծամասամբ նախկին քարաշենցիներ են, քարաշենցու տղաներ ու աղջիկներ, փեսաներ ու հարսներ, թոռներ ու ծոռներ, որոնցից շատերը գյուղում ազդեցիկ երևալու համար շլյապա են կրում և իրար հետ խոսում ռուսերեն։ Եթե ֆրանսերեն իմանան, կխոսեն նաև ֆրանսերեն։ Գալիս են զուգված-զարդարված, իրենց բարեկամների ու ազգակիցների գիրկը նետվում, լալիս ու ծիծաղում, տխրում ու ուրախանում։ Ավելի փոքրերը, որ ծնվել են քաղաքում և քարաշենցի են հեռակա կարգով, զարմանում են՝ թութը, մոշը, մորին ձրի են, համարյա ձրի են տանձն ու խնձորը, վարունգն ու պոմիդորը, հոնն ու դեղձը, իսկ կինոն ու համերգը՝ կոլտնտեսության հաշվին։ Զարմանում են նաև, որ իրենց ծնողները այս հրաշք աշխարհը թողել, ապրում են քաղաքում, ուր ամեն ինչ փողով է։ Այդ ամենը վայելելուց հետո, շան լակոտներն այնքան են երես առնում, որ կախվում են Պետունց Անդրու սայլից՝ վարունգ, ծիրան, դեղձ, պոմիդոր թռցնում։ Անդրին երեսառածներին փախցնելու նպատակով ճիպոտը թափահարում է ու հայհոյում։ Այնքան թունդ է հայհոյում, այնքան պատկերավոր, որ Սալբունց Մարկոսի հարսը երեսը շուռ է տալիս, քիթը ծռմռում։
- Բեզսովեստնի, ռազվե տակ մոժնո՞։
- Մոժնո-մոժնո,- պատասխանում է Պետունց Անդրին ու տրտնջում,- ի՜նչ աներես մարդիկ են էս դաչնիկները։ Կաթը տալիս ես, մածուն են ուզում, մածունը տալիս ես, պանիր են ուզում... Կաթը սերուցքով են ուզում, պանիրը՝ յուղալի, մածունը՝ սալ-սալ։ Դեռ ասում են՝ ձուն էլ փոքր է։ Ձու ածողը հավն է, թուխս նստողը, ճուտ հանողը հավն է, ես մե՞ղք ունեմ։
- Ամա՜ն, էս դաչնիկները, էս դաչնիկնե՜րը,- բողոքում է բաղվանչի Գիրիշը,- լավ է մեր թթենու վրա կարկուտ գա, քան դաչնիկ։
Մինչև ուշ երեկո Կարապետի աղբյուրի մոտ թշշում է խորովածը, թռչում են շշերի խցանները, գլխատված հավերը թպրտում են, դուդուկը հեկեկում է։ Քելունց Տիգրանը գինու շիշը դրել գլխին, պարում է։ Պարում է շախով-շուխով, որովհետև տրամադրությունը բարձր է. տղան՝ Օնիկը, քաղաքում ռեստորանի դիրեկտոր է, հարսը՝ գլավբուխ, խնամին՝ գնդառանցքակալների գործարանի դիրեկտոր։ Պարում է, որովհետև հայրենի գյուղումն է, հայրենի հանդում, ոտի տակ հող կա։ Տիգրանը պարելով մոտենում է Անդրուն, զոռով իջեցնում սայլից ու նստեցնում իր կողքին։ Օնիկը փայլեցնում է ոսկե ատամնաշարը։
- Վա՜յ, Անդրի քեռի, ինչ լավ ես արել, որ եկել ես։ Հայրիկ, Անդրի քեռու բաժակը կոնյակ լցրու։ Հինգ աստղանոցից լցրու։
Անդրու համար հինգ աստղանոցը նույնն է, ինչ երեք աստղանոցը։ Քաղցր-մեղցր խմիչք է, երևի կանանց համար է։ Շամպայնն էլ չի հավանում, գարեջուրն էլ։ Տիգրանը աշխարհում շատ բան տեսած մարդու տոնով ծիծաղում է, բայց նրա ծիծաղը մի տեսակ անբնական է։ Ուզում է ցույց տալ, որ ուրախ է։
- Անդրի, պիվա խմիր, պիվա խմիր, թող ջանդ գա։
- Տեսնում եմ, յուղերդ ծլծլում են,- խայթում է Անդրին։- Արա՜, էդ չե՞ս, դատարկ բոստանի չոր-չափար։ Ի՜նչ է, էդ քաղաքներում հա՞ց չեն տալիս, որ ուտես։ Կենա՛ցդ, պարզերես լինենք։
- Սաղ լինես, Անդրի, շնորհակալ եմ։
Տիկին Ռոզիկը, որ ծնվել ու հասակ է առել քաղաքում, և հիմա զարմանում է, թե մարդիկ ինչպես են ապրում գյուղում, այս սարերի ու ձորերի մեջ, վիզը երկարում փքված հնդկահավի նման, կանչում է.
- Կառինե՜...
Թփուտների ետևից դուրս է նետվում նրա փոքրիկ տղան։
- Մամ, Կարինեն գետում լողանում է։
- Ո՞ւմ հետ է լողանում,- հերսոտվում է Ռոզիկը։
- Արարատի։
- Ի՞նչ Առառատ։
- Արարատ, Արարատ, պուրուժինի կարավաթ,- ծիծաղում է տղան։
- Քեզ եմ հարցնում՝ ի՞նչ Առառատ։
- Տրակտորիստ Արարատը, էլի, էն որ ամեն օր մորի է բերում Կարինեի համար։ Կավալեր է բռնել։
Տիկին Ռոզիկը նայում է ամուսնուն, տեղում անհանգիստ մի շարժում կատարում և նորից կանչում.
- Կառինե՜...
Ձայնն այնպես խեղդված է, կարծես շշի բերանից է դուրս գալիս։ Իսկ Կարինեն ձորում այնպես է ծիծաղում, որ թվում է այս կոնյակը, գինին, խորովածը, գարեջուրը իր համար նշանակություն չունեն։
Անդրին ուզում է բարձրանալ տեղից, Տիգրանը չի թողնում։ Անդրին նայում է սայլի կողմը։ Տիգրանը ձեռքը թափ է տալիս։
- Չէ՛, չէ՛, ինձ թաղես, Անդրի, չեմ թողնի։ Վերցրու բաժակը։ Հիմա խմենք ազնիվ աշխատավորի կենացը։
- Տիկո, դու է՞լ ես ազնիվ աշխատավոր։
- Բա ի՞նչ ես կարծում։
- Տղադ է՞լ։
- Տղաս էլ։
- Հարսդ է՞լ։
- Հարսս էլ։ Տնով-տեղով։
- Բա ազնիվ աշխատավորին էսքան փող որտեղի՞ց։
- Ի՞նչ փող,- չհասկանալուն է տալիս Տիգրանը։- Փողն այստեղ ի՞նչ գործ ունի։
- Էս գինին, օղին, կոնյակը, շանփայը...
- Շանփայ չի, շամպայն է։
- Թող էդպես լինի։ Պիվան, հավերը, խորովածը, պանիրը... էս մեկն ի՞նչ է։
- Չոռնի իկրա։
- Չոռնի իկրան, յուղը, կալբասը, հացը երկնքի՞ց են թափվել։ Փող եք տվել, չէ՞։
Տիգրանը չի պատասխանում։ Դուդուկը հեկեկում է. «Ախ, իմ ճամփեն մոլոր գնաց», և նա միտն է գցում Շաղասարի հունձը, Կաղնուտի անտառը, Դովթալաբ խութի կաքավների երգը, Դերունց ձորի միրհավերի կանչն ու փռռոցը... Աչքերն արցունքոտվում են, ճակատի երակները ուռչում...
- Տիկո, էնտեղ գործիդ անունն ի՞նչ է։
- Մագազինի վրա պահակ եմ,- կծկվում է Տիգրանը։
- Խի էստեղ չե՞ս կարող պահակ կանգնել։
- Ինչի՞ վրա։
- Այգիների վրա, արտերի վրա, բանջարանոցների, պահեստի վրա։ Ասում ես՝ տնե՞ր եք ստացել։
- Հա, վեցերորդ հարկում։
- Շա՛տ է բարձր, քեզ համար դժվար կլինի։
* * *
Ձորից դուրս է գալիս Կարինեն։ Մազերը թաց են, շորերը թրջվել, կպել են մարմնին, աչքերը ծիծաղում են։ Մայրն աչք-ունքով ինչ որ բան է ուզում հասկացնել, ուշադրություն չի դարձնում, սփռոցից մի կտոր հաց է վերցնում, վազում նորից դեպի ձորը։
- Կառինե՜,- կանչում է տիկին Ռոզիկը ու նորից հերսոտվում,- նիգադայ տի, նախալ տի...
Կարինեն չի պատասխանում, իսկ դուդուկը հեկեկում է, մղկտում, մղկտացնում Տիգրանին։ Արցունքի կաթիլը կախվում է բեղի ծայրից, ընկնում բաժակի մեջ։ Խանութի վրա պահակ է, ամիսը յոթանասուն ռուբլի աշխատավարձ է ստանում, հազար ռուբլու մրսում։
- Հողը քաշում է, Անդրի, քաշում է։
- Կքաշի՜,- հառաչում է Անդրին,- հողը նրա համար է, որ քաշի։
- Եկող ամռանը կգամ ու կմնամ։ Պառավն էլ քաղաքի օդն ու ջուրը չի վերցնում, ասում է՝ գնանք գյուղ։ Դու էլ աչքդ մեր տան վրա պահիր։ Էսքան բան։
- Միտքդ փոխե՞լ ես։
- Միտքս նոր չեմ փոխում։
* * *
Սայլը ճլվստալով մոտեցավ գյուղին։ Եզները թեքվեցին դեպի աղբյուրը և փնչացնելով ընկան ջրի վրա։ Անդրին նայեց խշշացող ընկուզենու տակ քիթ-քթի դրած զույգին։ Աղջիկը կանգնել էր ծառի դուրս պրծած հաստ արմատի վրա, և կարճ շրջազգեստը չէր հասնում ծնկներին։ Տղան թևը գցեց նրա ուսով, մյուս թևով գրկեց նրա մեջքը, բարձրացրեց ու նստեցրեց ծառի թեքված ճյուղին։ «Ապրես, հալալ լինի,- Անդրին մտքում ծիծաղեց,- անիծվածն ի՜նչ էլ սիրուն է, ոնց որ հնդուշկա Ռոզիկի աղջիկը չլինի»։
- Կառինե՜,- դիմացի տան պատուհանից վիզը երկարեց տիկին Ռոզիկը։
Կարինեն ծիծաղեց բարձր ու զնգուն։
- Կառինե՜, իդի դամո՜յ։
- Դե լավ, էլի, մամ։
- Քեզ ասում եմ՝ իդի դամոյ։
Ռոզիկը գլուխը քաշեց հաստ ուսերի մեջ, շրխկոցով փակեց պատուհանը։
Արարատը տուն եկավ ուշ երեկոյան, ընկավ դես ու դեն. կերակուրը վաղուց էր սառել, թեյը թշշացել, թափվել էր, կրակը հանգցրել։ Մի կտոր հաց ու պանիր վերցրեց և դրանով էլ բավականացավ։
- Էլի ժողո՞վ էր,- մահճակալը ճռճռացրեց Անդրին։
- Ժողով էր,- աթոռը ճռճռացրեց Արարատը։
- Էլի քննադատե՞լ ես։
- Մի քիչ։
- Ինչո՞ւ մի քիչ։
- Որ մի քիչ էլ վաղվա համար մնա։
- Բա լավ, ամեն օր ժողո՞վ կլինի։
- Կլինի, ապեր։
Անդրին ավելի պինդ ճռճռացրեց մահճակալը։ Մթամ ես էլ եմ իմ ժամանակին մեծերին նեղը լծել։ Մթամ զուր ես պոչդ խոր թաղում, տեսել եմ, գիտեմ։
- Արարատ, էն աղջիկն ո՞վ էր։
- Ի՞նչ աղջիկ։
- Էն էլի, էն։
- Ախր ո՞րը, է՜...
- «Կառինե, իդի դամո՜յ»։ Քելունց Տիգրանի թոռը։ Հերը ռեստորանի վրա դիրեկտոր է, մերը՝ գլավբուխ։ Որ ծառից ընկնի ոտը ջարդի, ի՞նչ պատասխան ես տալու տիկին Ռոզիկին։
Առավոտյան տիկին Ռոզիկը գլուխը հանեց պատուհանից, կանչեց.
- Կառինե՜...
Կարինեն էլ իր գլուխը հանեց Արարատի տրակտորի խցիկից, գլխաշորը թափահարեց։ Օնիկը վառեց գլանակը, նայեց տրակտորի ետևից։ Տրակտորը, բուռ-բուռ ծուխ շպրտելով, սողաց ճանապարհով։
- Էլ Քարաշեն չենք գա, ուժե նադայել,- ծվծվաց տիկին Ռոզիկը։- Ես ո՜ւր, Քարաշենը ո՜ւր։ Դրան նայեցե՜ք, տրակտորիստի ետևից է ընկել։
- Դե լավ, հերիք է,- բարկացավ Օնիկը,- առավոտից մինչև երեկո՝ Կառինե՜, Կառինե՜։ Գլուխս տարար քո Կառինեով։
- Կարիք չկա,- միջամտեց Տիգրանը,- մարդիկ կլսեն ու վատ բան կմտածեն։ Արարատը մեր Անդրու թոռն է։ Հերը լավ մարդ է, ինքն էլ լավ տղա է, գյուղի աչքը։
- Պադումայե՜շ, գյուղի աչքը...
Հարսն այնպես նայեց Տիգրանին, որ վերջինս կախեց գլուխը և ոտը սկսեց գետնին քսել։
* * *
Ամռան վերջերին Անդրին պատահաբար մտավ Արարատի սենյակը, նկատեց մահճակալի վերից կախած աղջկա լուսանկարը։
- Էս էն ժողովի աղջի՞կն է։
Արարատն ուռցրեց թշերը, բայց չծիծաղեց։ Չասաց՝ սուտ է, ժողով չի եղել։ Չասաց՝ ոչ ոքի չեմ քննադատել։ Չասաց՝ դու էլ գիտես, որ սուտ է... Խոսք էր, թռավ բերանից։
- Էդ ո՞ր ժողովի մասին ես խոսում։
- «Կարինե՜, իդի դամոյ»։
- Հա, Կարինեն,- ծիծաղեց։
- Գնա՞ց։
- Գնաց։
- Հետո՞։
- Էլի կգա։
- Բա որ չգա՞։
- Կգա... Տիգրան քեռու հետ։ Խոսք է տվել։
Զարմանալի բան, Պետունց Անդրին երևի կյանքում առաջին անգամ հովեկների մասին վատ բան չասաց։ Նա միայն կուզեր, որ աշունն էլ շուտ անցնի, ձմեռն էլ, գարունն էլ։ Հետո հիշեց դուդուկի սրտաճմլիկ «Ախ, իմ ճամփեն մոլոր գնաց»-ը, հիշեց Տիգրանին, որ հիմա պահակ է խանութի վրա, ամիսը յոթանասուն ռուբլի աշխատավարձ է ստանում, հազար ռուբլու մրսում։
Եվ ամբողջ գիշեր նա մտածում էր Տիգրանի մասին։ Տիգրանը հողի մարդ է, բայց ապրում է քաղաքում և հայրենի գյուղին կարոտում է վեցերորդ հարկից։
1968 թ.
ՀՈՎՆԱՆԸ
Ամպերը ղռղռացին: Ասես հսկայական ջրաղացքարեր էին պտտվում երկնքում. Դովթալաբի խութից, Կիշկի կատարից, Չախմախասարի կողմերից հատուկ հրանոթները ամպերի վրա կրակեցին, հատուկ հրանոթների քաղաքացիական համազգեստով հրամանատարները զեկուցեցին իրենց պետերին, թե քանի արկ են արձակել, արտերը, խաղողայգիները, բանջարանոցները փրկել կարկուտից։ Բայց կարկուտ, այնուամենայնիվ, եկավ, կարկուտը թափվեց Դովթալաբի խութի հրետանավորների գլխին, և ջոկի հրամանատար Վաղես Կնյազչյանը կատակի ձևով ասաց. «Տղերք, ինչպես տեսնում եք, մենք հերոսաբար հարվածը վերցրել ենք մեզ վրա. հուսամ, որ այս անգամ էլ վերևներում մեր հերը չեն անիծի»։
Քարաշենում կարկուտ չեղավ, կարկուտը ուրիշ կողմի վրա գնաց։ Հովնանը կալատեղերից ձին չափ գցեց դեպի Ուղտաքարի խամուտը, և այդ տրաք-տրաքոցների տակ իրեն գեներալ Մադաթով էր երևակայում, թե որ գեներալ Վալերիան Մադաթովի փարթամ բեղերն ունենար, գանգուր-գանգուր բակենբարդերն ունենար, կողքից կախած ոսկեպատյան թուր ունենար՝ պատրաստի պատկեր է, տեղավորիր արծաթագույն շրջանակի մեջ, տակին խոշոր տառերով գրիր՝ գեներալ Հովնան Փարսադանով, կախիր որևէ ցուցասրահում, դպրոցի երեխեքին բացատրիր. «Երեխաներ, սա գեներալ Հովնան Փարսադանյանն է, բոստանչի Առաքելի որդին. դպրոցում էլ խիստ աչքաբաց տղա էր, մերը կանչում էր՝ Հովնա՜ն, Հովի՜կ, ա՛յ շան լակոտ, ա՛յ տափու եկած, էլի հաշիվ-հաշվառքից երկո՞ւ ես ստացել»։ Իսկ Հովնանը մեծահոգաբար կլլում էր մոր վիրավորանքները, քանզի գիտեր, որ ինքը մի օր գեներալ պիտի դառնա։
Իսկ ձին լավ է չափ ընկել, անիծվածը ոնց որ հասկացել է գործի էությունը: Շունշանորդի Մարտին Հովսեփյանը տրակտորը շուռ է տվել Թեղուտի վրա, նոր հողամաս է յուրացնում։ Չի ասում՝ ընկեր բրիգադիր, որքան չլինի, նախագահից հետո գյուղում երկրորդ խոշոր դեմքը դու ես, խնդրում եմ թույլ տաս, որ անձնական նպատակների օգտագործման համար՝ մի քիչ հողամաս յուրացնեմ։ Թյո՛ւ, անարխիստ-անարխիստի տղա, տրակտորիստ է, կարծում է մեծ բանի վրա է։ Տակուգլուխ տներ է սարքել, ապրուստին ապրուստ չի հասնում, կնիկն էլ՝ խանում-խաթուն, քիթը երկինքներովն է ման ածում, ոնց որ հինգերորդի ծիպլի Համեստը չլինի՝ պատմությունից երեք, աշխարհագրությունից՝ երեք, մաթեմատիկայից՝ երկու, հայոց լեզվից էլ մի բան չէր, կանգնում էր գրատախտակի առջև, վիզը սագի պես ձգում, որ հուշեն։
- Գայլն ու գառը։ Մի ամլիկ գառ իրեն համար... Մի ամլիկ գառ իրեն համար...
- Սիմոնյան, մի ամլիկ գառ իրեն համար ի՞նչ էր անում։
- Արածում էր, ընկեր Ախշեն։
- Սիմոնյան, նստիր, երկու, դասդ չես սովորել։
- Ընկեր, լավ էլի, թող նորից սկսեմ։ Գառն ու գայլը։ Մի ամլիկ գառ իրեն համար արածում էր դաշտերում։
- Սիմոնյան, վաղը ծնողիդ կբերես դպրոց։
- Ընկեր Ախշեն, լավ էլի, խնդրում եմ, թող սկզբից նորից սկսեմ...
Ուրեմն, միջակ սովորող էր, բայց մանկավարժական տեխնիկում վերջացրեց, դառավ խանում-խաթուն ուսուցչուհի։ Ոնց որ վարսավիր Արտուշի աղջիկը չլինի։ Դե, Արտուշն էլի, ձեռքից ուրիշ բան չի գալիս, մորից էդպես վարսավիր է ծնվել, մի ձեռքին՝ մկրատը, մյուս ձեռքին՝ ածելին։ Մի անգամ Հունանի գլուխը կարգի էր բերում, թոռը մտավ վարսավիրանոց, թե՝ պապի, քսան կոպեկ տուր, կինո եմ գնում։ Եվ այս Արտուշն ի՞նչ ասի, որ լավ լինի. «Պապին քե մատաղ, բա չե՞ս տեսնում, որ քսան կոպեկի համար շուն եմ խուզում»։ Շունն էլ Հունանն է, էդպես կիսատ-պռատ գլխով վեր կացավ տեղից ու ասաց. «Շնորհակալ եմ, բրիգադիրիդ լավ պատիվ ես տալիս»։
- Ես քու ինքնագլուխ, ես քու լածիրակ հերն եմ անիծել,- Հովնան Փարսադանյանի միջից գեներալ Մադաթովն անհետացավ, տեղը զիջեց գնդապետին, գնդապետը դառավ կապիտան, կապիտանը մի քանի աստիճան իջավ, եղավ սերժանտ։ Այդպես էլ կար, Հովնան Փարսադանյանը բանակում սերժանտ էր, 48-ին սերժանտի ուսադիրներով, հաստ գոտին մեջքը պինդ գրկած, սապոգները փայլփլուն, գլխարկը թեքած աջ հոնքին, եկավ արձակուրդ, և չնայած մի կարգին ձայն չուներ, բայց մի գլուխ երգում էր, որովհետև սիրահարվել էր վարսավիր Արտուշի Համեստին, այսինքն՝ ընկեր Համեստին ու չգիտեր, որ Համեստը կապված է շարքային Մարտին Հովսեփյանի հետ։
- Ես քո էգոիստ հերն եմ անիծել,- Հովնանը մտրակեց ձիուն, ձին Ուղտաքարի սալուտում թափը կորցրեց, և մեկ էլ ո՞վ պիտի լինի, Կապի տակից ձենեց. «Մարտի՜ն, գեներալ Փարսադանովը եկավ, փախի՜ր»։ Դե էլ ուրիշ ո՞վ, անտառապահ Հազարապետն էր, Քարաշենի կիսափիլիսոփան, կիսախելոքը, կիսագրագետը, կիսախենթը՝ թանգարանային հրացանը մեջքին, հանգած «Ավրորան» բերանի մի պուճախում։ Հազարապետն առաջներում կոլխոզից էր աշխօր ստանում, նախագահ Հմայակ Առուշանյանը անտառապահի հաստիքը կրճատեց, Հազարապետը դառավ ձրի անտառապահ, բոլոր դիստանցիաներով նամակ գրեց, բողոքեց, վերևներից եկան անտառը պետականացրին, Հազարապետը դարձավ ռոճիկով անտառապահ...
Հովնանը քաշեց ձիու սանձը, ներքևից վերև ձենեց.
- Հազարապետ, դու հլա սպասիր, գլխիդ էնպիսի մի խաղ խաղամ...
- Էդ մեկը ղալաթ կանես,- Հազարապետի ձայնը լսվում, ինքը չէր երևում.- Հովնան, իմ թիկունքում պետությունն է կանգնած, բա քո թիկունքինը ո՞վ է՝ սղոցագործարանի դիրեկտոր Մանուկյան Նիկի՞տը։ Համա մեծահոգի տղամարդ ես, հա՜, կոլխոզի ճողպորուտը ծախեցիր Նիկիտին... Թե՞ ձրի տվեցիր, որ տղայիդ գործի ընդունի։
Փարսադանյանն ինքն իր մեջ տաքացավ, պլթպլթաց, եռ եկավ, թշշաց, իսկ ձին հոլի պես տեղում պտտվում էր, պտտվում էր, չգիտեր որ կողմի վրա գնա, ոնց որ կինոյի պատկեր, Հովնանին թուրն էր պակասում. մենամարտի տեսարան կստացվի։ Հազարապետն ինչ որ տեղից նայում ու ծիծաղում է. «Արա՜, դու հո ցիրկի կլոուն չե՞ս, էդ խեղճ անասունին ինչի՞ ես տանջում»։
- Հազարապե՜տ, էդ ե՞ս եմ ծախել ճողպորուտը,- Հովնանը հիմա տեսավ Հազարապետին։- Գոմի համար երկու գերանացու ուզեցի՝ չտվիր, մի՞տդ է։
- Միտս է,- Հազարապետն իր տեղն ավելի աշկառ արեց։- Ծմակը իմ հոր սեփականությունը չի, պետական է, իսկ ճողպորուտի հարցում դու մեծ մեղք ունես։
- Արա, ես ինչացո՞ւ եմ։
- Դու վարչության անդամ ես։
- Վարչության անդամ եմ, վարչության նախագահ չեմ։ Կամ իմ խոսքը, կամ քո խլամ հրացանը։
- Էդպես ենթարկվելով, էդպես նախագահիդ կարգադրությունները կատարելով, էդպես ձիդ քշելով որտե՞ղ պիտի հասնես, Հովնան։ Իմ հրացանը, ճիշտ է, տրաք չունի, բայց դու մարդ ես, հրացան չես։ Չէ, շատ լավ հրացան ես, բայց՝ ուրիշի ձեռքին։
Հովնանը կորցրել էր իր նախկին թափը, մեջը նախկին սերժանտությունից մնացել էր շարքայինը, և ձին անտառակողի կածանով քշեց՝ թիկունքին զգալով Հազարապետի ծաղրող հայացքը և կծու խոսքը. «Չէ, շատ լավ հրացան ես, բայց՝ ուրիշի ձեռքին»։ Մտքերը խառնվեցին իրար, մտքում ինքն իրեն տարավ դրեց կոլտնտեսության նախագահի տեղը, ձեռքն առավ կոլտնտեսային օրինակելի կանոնադրությունը, գտավ համապատասխան կետը, այդ համապատասխան կետով անտառապահ Հազարապետին ազատեց աշխատանքից, Մարտին Հովսեփյանին հայտարարեց խիստ նկատողություն ու մտքում ինքն իր վրա ծիծաղեց՝ ա՛յ հողս գլխիդ, աշխարհին իբր թե զարմացրեցիր։
Կարկտահար հրանոթները հիմա էլ Չախմախասարի կողմերից մի քանի անգամ դրմփացրին, քամին ինչ-որ տեղից մագնեզիումի ծանր հոտ բերեց, օդը մի տեսակ ծանրացավ, դարձավ խեղդուկ, անտառում ծլվլացող թռչունները սսկվեցին, մենակ չարդն էր լաչառություն անում։ Չախմախասարի կարկտահարների հատուկ ջոկատի պետ Սամվել Չալոյանը հեռադիտակով նայեց, տեսավ անտառակողի կածանով գնացող ձիավորին, ծիծաղեց. «Բաջանաղս է, Հովնանը, Քարաշենի գեներալը։ Արխերի տակից մի քիչ բոստանատեղ էի վերցրել, եկավ գլխիս կանգնեց, թե՝ բաջանաղ, էդպիսի որոշում չկա, դու կոլխոզնիկ չես, ծառայող ես։ Ասացի՝ ա՛յ մարդ, ձեր հանդերը ես եմ պաշտպանում կարկուտներից, էդ ո՞նց թե իրավունք չունեմ,- հարիֆը ձեռ առավ՝ համա պաշտպանում եք, հա՜... Առաջներում կարկուտը սպիտակ էր, հիմա դարձրել ես դեղնագույն:
Եվ ջոկատի պետ Սամվել Չալոյանը ձեռքը բարձրացրեց. «Կրա՛կ»։ Հրանոթը որոտաց, Հովնանը նայեց Չախմախասարի կողմը, թքեց՝ թյո՛ւ, ախմախ, շատ մեծ գործի վրա է, դեռ բոստան էլ է ուզում։
Մարտինը տրակտորի խցիկից տեսավ թե չտեսավ Փարսադանյանին, լսեց թե չլսեց նրա ձայնը.- Ինքնագլուխ սրիկա, հլա մի կանգնիր,- կարևորություն չտվեց, դիտավորյալ գազն ավելացրեց, «Բելոռուսը» շուռ տվեց ուղիղ Հովնանի ու ձիու վրա, ձին խրտնեց, իրեն մացառուտներին տվեց, Մարտինը գլուխը հանեց խցիկից, գոռաց.
- Ողջո՜ւյն Հովնան Փարսադանյանին։
- Բերանդ փակիր, անարխիստի մեկը։
Հովնանը թամբից ցատկեց, լկմանները հանեց ձիու բերանից, բաց թողեց կանաչուտում, լայն-լայն քայլեր գցելով, մոտեցավ, սապոգի քթով խփեց ծանր գուղձին:
- Տեսնում եմ,- ասաց,- մեծ բանի վրա ես,- ու գոռաց,- խոպաննե՞ր ես յուրացնում։
Մարտինը իջավ տրակտորից, պատիվ տվեց, և դա ձեռ առնել էր։
- Թույլ տվեք զեկուցել, ընկեր գնդապետ... ներողություն, ընկեր գեներալ, որոշել եմ այգի գցել։ Անհասկանալի հարցեր ունե՞ք։
- Մասխարա՞ ես անում,- Հովնանը մի սիգարեթ կպցրեց,- թատրո՞ն ես խաղում, ուզում ես քո էդ դերասանություններով բերանս փակե՞լ,- նայեց թեք ընկած մոխրատանձուն, և գիտեր, որ ծառը մի տարի առաջ էր չորացել, չիմանալուն դրեց.- Մենակ ես ծառի համար վրադ մի էնպիսի ակտ կկազմեմ... Որ կազմեմ, ի՞նչ պիտի անես։
- Կստորագրեմ,- Մարտինը ծիծաղեց ու վրա տվեց,- բանջարանոցների հողերը տվել ես սղոցագործարանին, իբր թե ավելցուկ հողեր են։ Ագրոնոմի դիպլոմով տղայիդ տեղավորել ես սղոցագործարանում։
- Դու քո տղայից խոսիր, Մարտին։
- Գիտես, իմը վերջացրել է գյուղատնտեսականը, գալիս է։
- Պինդ կպահես, որ չփախչի։
- Պինդ կպահեմ, որ չփախցնես։ Դու էլ ձիուդ թամբին պինդ կնստես, որ բարձրագույն կրթությամբ տղաս քեզ ձիաթափ չանի,- Մարտինը ձեռքը մեկնեց դեպի ներքև.- Հիշո՞ւմ ես,- մի տասը տարի առաջ այստեղ լավ խնձորայգի կար։
- Է՜, հա, կար։
- Էն ժամանակ դու էիր տրակտորի վրա։
- Խոսքդ ասա։
- Ավերեցիր խնձորայգին։
Հովնանը ներողամտաբար, իրեն հատուկ մեծահոգությամբ պատասխանեց.
- Ըստ էության, դո՛ւ էլ ուրիշների խոսքերն ես կրկնում։ Կոլխոզը որոշում ուներ, այդ առթիվ ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, իսկ ես այն ժամանակներում շատ փոքր մարդ էի։
- Իբր թե հիմա շա՞տ մեծ մարդ ես,- Մարտինը ծիծաղեց.- Հա, ասենք, Համո Առուշանյանի տեղակալն ես՝ քանդման գծով... Դե լավ, պարզ խոսենք՝ որոշել եմ այգի գցել։ Տղաս գալիս է կարմիր դիպլոմով, ինչի՞ վրա պահեմ։
- Դու գիտե՞ս, թե հանրային հողերն ինքնագլուխ կերպով շռայլելու համար ինչ են անում, բռնում են բրիգադիր Հովնան Փարսադանյանի կոկորդից ու ասում...
Մարտինը չթողեց շարունակի, վրա բերեց.
- Ընկեր Փարսադանյան, դու քո թերի կրթությամբ, կիսատ-պռատ գիտելիքներով, կուրորեն կարգադրություններ կատարելով որտե՞ղ ես գնում։ Ասում են՝ գյուղում ջահել չես թողել, քշել ես։
- Ե՞ս,- Հովնանը ձեռքը դրեց կրծքին,- էդ ե՞ս եմ քշել։
- Չէ, պապս է քշել։ Էնպես էլ անմեղանում ես... Բա ո՜նց, պաշտոնդ կխլեն, կասեն կիսագրագետ սերժանտն ի՞նչ իրավունքով է գրագետ լեյտենանտի վրա կարգադրություններ անում։ Կասեն՝ կոլխոզի հողերը շռայլում ես, հիմա էլ քարահանքերի դիրեկտորի հետ ես ախպերացել,- Մարտինը հերսոտվեց.- Արա, դու սկի մի քիչ ինքնասիրությո՞ւն չունես, ով որ բերանը բացում է, դու ծափ ես տալիս,- չսպասեց պատասխանի, մտավ խցիկը, գործի գցեց մոտորն ու գոռաց.- Դե ի՞նչ ես տնկվել, ռադդ քաշիր այստեղից։
Հովնան Փարսադանյանը ետ-ետ գնաց, իր ոտնահարված հպարտությունը գցեց ձիու թամբին, մացառուտներով ձին քշեց ու չգիտեր, որ իր հարգելի բաջանաղը, նա ինքը՝ հրետանավորների հատուկ անձնակազմի հրամանատար Սամվել Չալոյանը, ջոկատի տղաներին մի նոր անեկդոտ է պատմում.- Տղերք, ուրեմն մեր էս Հովնանը մի տատ ուներ, թատրոն էր, ցիրկ էր, կինո էր։ Մի օր մեր շենի դպրոցի նոր ուսուցիչը նայեց տեսավ պառավը բոստանում կանաչի է քաղում, հարցրեց՝ Եղիսե բիբի, էդքան կոտեմը ի՞նչ պիտի անեք։ Եղիսե բիբին թե՝ հընգեր Անդրանիկ, արաղ ենք քաշելու։- Բա լավ, գինձը ի՞նչ պիտի անեք։- Հընգեր Անդրանիկ, գինձից էլ բաքմազ ենք եփելու։ Էս հընգեր Անդրանիկը թե՝ Եղիսե բիբի, չէ, գինձի բաքմազին չեմ հավատում,- և էս պառավը տարավ բերեց ու ասաց. Այ վարժապետ, որ կոտեմի արաղին հավատում ես, գինձի բաքմազին ինչի՞ չես հավատում։
Չալոյանը մի ուրիշ անեկդոտ էլ էր ուզում պատմել, չհասցրեց, ամպերը ղռղռացին, անցավ իր ծառայողական պարտականություններին՝ էդ ղռղռոցի ուղղությամբ երեք սնարյադ... չէ, երկուսը հերիք է։
Դը՛մբ, դը՛մբ... Հովնանը գիտեր, որ դա իր բաջանաղի տրաքոցներն են, հայհոյեց՝ էշի կարկաժ, չի թողնում, թե մի քիչ անձրև գա, թխպերը ցրիվ է տալիս։ Հետո որտեղից-որտեղ, անտառապահ Հազարապետը կանգնեց դիմացը՝ թանգարանային հրացանը մեջքին, շինելի մի փեշը խրած գոտու տակ, մի փեշը գետնին, ասես անտառապահ չի, պատերազմական տարիներից մնացած պարտիզան է, իսկ ինքը՝ Հովնանը, թշնամական սպա է, մի «հինդի հոխ» է մնում, որ ձեռքերը բարձրացնի ու ասի՝ Հիտլեր կապուտ, ախպեր, ցավդ տանեմ, թվանգիդ լուլան դեն պահիր։
- Փարսադանյան Հովնան, փուքսդ նստե՞ց,- ասաց Հազարապետը քամահրանքով, մի տեսակ ոգևորված։- Մարդն այգի է գցում հասարակական հիմունքներով, իսկ դու կանգնել ես ճանապարհին, թե կոլխոզն էդպիսի որոշում չունի,- բռնեց ձիու սանձը, ներքևից վերև նայեց, և այնպե՜ս անմեղ են աչքերը, դու կասես Հիսուս Քրիստոսն է, հարություն է առել։- Հովնան, որ ես մեռնեմ, մեր քարաշենցիք իմ արարքների մասին մի լավ խոսք են ասելու։ Դու որ մեռնես՝ ի՞նչ պիտի ասեն։ Հա, կասեն՝ Հովնանը է՜, բոստանչի Առաքելի տղան, երբ առաջներում շարքային էր, լավ մարդ էր, բրիգադիր դառավ, պոզերը ցույց տվեց։
- Ցնդած,- Հովնանը դա ասաց բարեկամաբար,- երկու գերանացու ուզեցի, մեծ բան չէր։ Իսկ դու մեր ծմակները քեզ հետ էն աշխա՞րհն ես տանելու։
- Չէ մի՜,- Հազարապետը ձեռքը թափ տվեց,- մի դագաղացուն ինձ հերիք է։ Բայց դե, մեր էս ծմակներով ինձ հիշելու են, ողորմի ասեն։
- Ուղտաքարի գլխին արձանդ կանգնեցնելու են։
- Արձանի համար ես շատ փոքր մարդ եմ, արձանը քեզ է սազում։ Հրե՜ն, քարահանքերի դիրեկտոր Մակբեթ Ղավալյանը հատուկ քեզ համար, քո բոյին արձանացու է պատրաստում։ Խելոք գործ է բռնում, Պռիշնու տակի հողերը իրեն ես տվել։
- Էդ ինչի՞ ինձ եք ասում,- Հովնանը թեքվեց ձիուց,- էդ ինչի՞ կուժն ու կուլան իմ գլխին եք կոտրում, ես ինձանից ի՞նչ եմ ներկայացնում։ Ա՛յ ախպեր, իմ տեղ դու ես, ես չկամ, ես մեռել եմ։ Մակբեթ Ղավալյանի հերն անիծած, նա իմ ի՞նչն է։
- Դե լավ, գնա,- Հազարապետը բաց թողեց ձիու սանձը,- հրեն կոլխոզի նախագահ Համո Առուշանյանը կալատեղերում քեզ է սպասում։
Այդպես էլ կար. Հմայակ Առուշանյանը շլյապան թեքել հոնքին, կանգնել էր խանդակի ծայրին, ոնց որ՝ պատրաստի արձան, պատվանդանն էր պակասում։ Մի տասը քայլի վրա նախագահական ավտոմեքենան է, վարորդը բարձրացրել կապոտը, բզզում է, երևի ինչ-որ բան տեղում չէ։ Իսկ մեքենան բոլորովին նոր է, մի շաբաթ առաջ են ստացել, քարահանքերի դիրեկտոր Մակբեթ Ղավալյանի հատուկ ֆոնդից, Պռիշնին տակի հողերի դիմաց։ Մի հարցնող լինի՝ Համո Առուշանյան, դու էդ հողերի վրա քրտի՞նք ես թափել, որ էդպես հեշտ ու թեթև վերցրել, դրել ես Ղավալյանի ձեռքին, թե՝ բան չկա, մեր տնտեսության ներսում կարող ես դու էլ քո տնտեսությունը ստեղծել։ Եվ ստեղծեց, մի կողմում՝ թռչնաբուծարան, էն մի ծայրին էլ իր համար ամառանոց կառուցեց, որ կնիկը ամռան ամիսներին գա հանգստանա, գետում լողանա, տավարած Կուքանը Ցաքուտից նայի ու ասի. «Տեսնես էդ կնիկն ինչ է ուտում, որ էդքան սիրուն մարմին ունի»։
Առուշանյանը Հովնանին էր սպասում, Հովնանին չնայեց, թխպերին էր նայում՝ կանգնած գեղեցիկ ու ձիք, համարյա անթերի, և մոխրագույն կոստյումը վրան շատ լավ է նստել, ասես արտելից միասին են դուրս եկել, մի արշինով չափած, մի մկրատով ձևած, մի վարպետի ձեռքով կարած ու արդուկած։ Այդ կոստյումից քարահանքերի դիրեկտոր Մակբեթ Ղավալյանն էլ է հագնում, Առուշանյանը ամեն մի հարցում նրան է ընդօրինակում, բան է, եթե Մակբեթ Պայազատովիչը կնոջից բաժանվի, ինքն էլ նույն բանը կանի։
- Եկա՞ր, Փարսադանյան,- տնտեսության ղեկավարը տեղից չշարժվեց, ուզում էր Հովնանը մոտենա, գուցեև խելքը չկտրի, իջնի խանդակը, ներքևից իրեն նայի։- Էդ ի՞նչ է, ջիգիթությունդ բռնել է, ձի ես խաղացնում։ Հա, հասկացանք, ուզում ես Քարաշենի սիրուն հարսերի սիրտն առնել,- դա նրա խոսելու տոնն է, ուզում է մի քիչ ձեռ առնել։- Տնաշենի տղա, հիսունդ անցել է, էլի մնացել ես հին խելքին,- հանդիմանանքով շարժեց գլուխը.- Գիտես, չէ՞, հողերի հարցով գրել են։
- Ո՞ր հողերի,- Փարսադանյանը դեմքին մի քիչ զարմանք դրեց։
- Ջահանդամի հողերի։ Կնստես ու մի բացատրագիր կգրես։
- Ի՞նչ բացատրագիր։
- Որ կոլտնտեսության հողերն ինքնագլուխ կերպով շռայլել ես։
- Հմայակ Ավետովիչ, մենք օրենքից դուրս գո՞րծ ենք բռնել։
- Փարսադանյան, ինձ չխառնես,- Առուշանյանը թափ առավ, ցատկեց խանդակի վրայով, և դա նրա կողմից շա՜տ մեծ համարձակություն էր։- Լսո՞ւմ ես, ինձ չխառնես։
- Ես ընդամենը կարգադրություն կատարող եմ,- Հովնանը ուսերը բարձրացրեց, հավասարացրեց գլխին,- հետո էլ՝ որոշում կա, չէ՞։
- Չօգտագործվող հողերի մասին՝ այո, չօգ-տա-գործ-վող,- վանկարկեց տնտեսության ղեկավարը։- Դու կաղնուտի տափերն ի՞նչ իրավունքով ես տվել սղոցագործարանի դիրեկտորին։
- Գիտեմ, գրել են,- լեզուն սեղմեց ատամների տակ, որ չասի.- սղոցագործարանի դիրեկտորը քո ծանոթն է, ի՞նչ անեմ, որ արանքներով սև կատու է անցել։
- Մարդիկ տառաճանաչ են, ինչո՞ւ չպիտի գրեն։
- Հովսեփյան Մարտինը,- Հովնանը ձեռքը մեկնեց Թեղուտի կողմերը,- հրե՜ն, «Բելոռուսը» շուռ է տվել Թեղուտի վրա։ Ինձ էլ մարդատեղ չդրեց, վրաս քշեց։
- Դու Հովսեփյան Մարտինի հետ գործ չունես,- սաստեց տնտեսության ղեկավարը։- Խնդրում եմ քո անձնական հաշիվները չխառնես ընդհանուր գործին։ Մարտին Հովսեփյանի տղան գալիս է գյուղատնտեսի դիպլոմով, նշանածն էլ այգեգործ է, հերը՝ վաստակավոր մեխանիզատոր,- նա լո՞ւրջ է խոսում, թե՞ կատակում է.- Երիտասարդ կադրերին պիտի ընդառաջել՝ համեցեք, ձեր երիտասարդական ցավը տանեմ, բարով եք եկել, մենք մեր դարն ապրել ենք, հնացել ենք, արխիվի ենթակա ենք, մենք հին մեթոդներով որքան ղեկավարել ենք, հերիք է, եկեք արմատավորեցեք ձեր այդ նոր մեթոդները,- ու շեղակի նայեց Փարսադանյանին,- կարծում ես՝ Թեղուտի այգիների համար ճակատդ կպաչե՞ն։
- Ես կատարել եմ տնտեսության նախկին ղեկավար Անդրանիկ Սահակովիչի կարգադրությունը։
- Անդրանիկ Սահակովիչը չկա, մեռել է, վրան մի հսկայական քար են դրել, որ գերեզմանից պատանքով դուրս չգա պատասխանատվությունը վերցնի իր վրա, քեզ արդարացնի։ Քանի՞ ընկուզենի ես տվել սղոցագործարանի դիրեկտորին։
- Չլինի՞ էդ մեկն էլ վրաս դնես,- Հովնան Փարսադանյանը ձգեց, ուսերի միջից հանեց գլուխը։- Ես քանի՞ գլուխ ունեմ, որ առանց տնտեսության ղեկավարի կարգադրության էդ գյոզալական ծառերը տապալեմ։
- Գլուխ, իհարկե, ունես,- Առուշանյանը մի քանի քայլ գցեց դեպի ավտոմեքենան, շուռ եկավ.- Քո ազգուտակի, թուփուծուփի, քո անձնական շահերի համար գլուխ ունես։ Կնիկդ՝ գրադարանի վարիչ, եղբայրդ՝ թռչնապահական ֆերմայի վրա պահակ... Ասում եմ՝ հրետանավոր բաջանաղիդ էլ նշանակենք գյուղսովետի նախագահ, ի՞նչ ես ասում։ Թող իր այդ թնդանոթներից մեկը բերի դնի մեր էս կալատեղերում, որ կողքովդ անցնող չլինի։
- Բաջանաղս էստեղ գործ չունի,- Հովնանը գրպանից հանեց թաշկինակը, սրբեց դեմքի քրտինքը,- ես առանց բաջանաղի էլ յոլա կգնամ։ Իսկ ինչ մնում է իմ անձնական շահերին, իմ ազգուտակին, իմ թուփուծուփին, խնդրում եմ, Հմայակ Ավետովիչ, նման հարցերում ինձ չմեղադրես։
- Էդ ո՞նց չմեղադրեմ,- տնտեսության ղեկավարն արձակեց պիջակի կոճակները, ասես կոխ պիտի բռնի,- դու էդ ի՞նչ տոնով ես խոսում ինձ հետ։ Անցյալ տարի չորս հեկտարի վրա սոխ ես ցանել, մի հատ սոխ չենք պոկել։ Ես դրա համար քեզ պիտի դատի տայի։
Հովնան Փարսադանյանը մտքում ասաց՝ ապրե՛ս, կեցցե՛ս, մալադե՜ց ընկեր Հմայակ Ավետիսովիչ, լռել ես, ձեն չես հանել, սխալներս հիմա ես աշկառ անում։ Վերևներում կոշտուկներդ լավ տրորել են, դու էլ եկել, ուզում ես իմը տրորել, որ իմ ցավով քոնը մեղմես,- ու բարձրացրեց գլուխը, բարձրաձենեց.
- Ի՞նչ ես առաջարկում, խոսքդ ասա։
- Բացատրագիր, Փարսադանյան, բացատրագիր եմ ուզում։
- Այսինքն՝ իմ սխալները, քո թերությունները, գյուղատնտես աներձագիդ թերությունները շալակս առնեմ, դառնամ քավության նոխազ։ Բա մե՞ղք չեմ, ընկեր տնտեսության ղեկավար, էդ որ ուզում ես կուժն ու կուլան իմ գլխին կոտրել։ Ի՞նչ ես կարծում, վերևներում չե՞ն ասի՝ ներողություն, Առուշանյան Համո Ավետիսովիչ, բա դու քո բարձրագույն կրթությամբ որտե՞ղ էիր, որ Հովնան Փարսադանյանն իր յոթնամյա կրթությամբ էդքան սխալներ է թույլ տվել։ Չէ, ցավդ տանեմ, իմը ինձ հերիք է, քոնի համար դու ինքդ պատասխան կտաս։
- Փախչո՞ւմ ես,- Հմայակ Առուշանյանը կանգնեց նրա դիմաց,- վայ թե ականջիդ ձեն է հասել։ Լսի՛ր, Փարսադանյան Հովնան, ինձ որ գործից ազատեն, դիպլոմս ձեռքիցս չեն խլելու, դու քո մասին մտածիր։
- Իմ էլ բահը չեն ձեռքիցս խլելու, կլինեմ շարքային, դա ինձ ձեռք է տալիս։ Եթե նեղություն չէ, կարող ես էսօրվանից ինձ համարել շարքային։
- Ես իմ ֆունկցիաները գիտեմ,- Առուշանյանը կոճկեց պիջակը,- քո մնալ-չմնալու հարցը ես չեմ որոշում, դրա համար կա վարչություն։
- Վարչությունը դո՞ւ չես... Մենք ի՞նչ վարչություն ենք։ Մուրճն էլ է քո ձեռքին, մեխն էլ, որ կողմի վրա ուզում, էն կողմի վրա խփում ես։
- Փարսադանյան, դու վերջին ժամանակներս շատ ես ակտիվացել,- Առուշանյանը հեգնեց,- ակտիվությունը ինքնին լավ բան է, հատկապես ես դեմ չեմ։
- Իսկ դու ե՞րբ ես հենվել ակտիվի վրա,- և խոսքը կոնկրետացրեց,- գնա քեզ համար բրիգադիր գտիր։
- Դու քո լավնուվատը չես հասկանում,- տնտեսության ղեկավարը դա ասաց ընկերական կարգով, համարյա բարեկամաբար, համարյա սիրաշահելով։
Հովնանը չգայթակղվեց, մտքում ասաց՝ երեխա չեմ, էդ ինչի՞ ես ոտքերիս տակին նախշուն գորգ փռում, քոռ չեմ, տեսնում եմ, ոտքս դնեմ էդ նախշուն գորգին, կընկնեմ Մսրա Մելիքի սարքած հորի մեջ,- և բարձրաձենեց.
- Որտեղի՞ց հասկանամ, երբ քո լավնուվատը իմ լավնուվատի հետ համաձայնության չեն գալիս։ Քոնը Ղավալյանն է։
- Ղավալյանին ինչո՞ւ խառնեցիր,- Առուշանյանը կուչ ածեց աչքերը,- Ղավալյանն այստեղ ի՞նչ գործ ունի։ Ղավալյանը արդյունաբերություն է, մենք՝ գյուղատնտեսություն։
- Պռիշնին տակի հողերը մերը չե՞ն։
- Երբ ուզենք՝ ետ կվերցնենք։
- Ո՜նց չէ, ետ կվերցնենք։ Գուցե՞ էն իշխանական ամառանոցն էլ դարձնենք դաշտային օթևան։
Դովթալաբի խութից Մուղոզի ձորի ամպերի ուղղությամբ երեք արկ արձակեցին, եղած-չեղած ամպերը ցրիվ եկան, Չախմախասարից Սամվել Չալոյանը հեռադիտակով նայեց դեպի Դովթալաբի խութը, ծիծաղեց. «Ախմախ շան տղերք, էդ սնարյադներն ինչի՞ եք փչացնում,- և իր բաջանաղ Հովնանի մասին դատողություն արեց՝ թարս մարդ է, որ կողքին ընկավ՝ պրծավ, մորթես՝ խոսքից ետ չի կանգնի»։
...Եվ Հովնանը հիշեց, որ իր բաջանաղ Սամվել Չալոյանին վատություն է արել, թույլ չի տվել Արխերի տակի հողակտորն օգտագործել, կինը ասել է՝ երեսդ պարզ, մի գլուխ քո բարեկամներին վատություն ես անում, և հետո մտածեց, որ Մարտին Հովսեփյանի վերաբերյալ սխալվել է, որ Հազարապետը լավ մարդ է, որ, ընդհանրապես, ինքն իր լավնուվատը չի հասկանում: Հաստատակամ քայլեց ձիու կողմը, սանձն արձակեց թամբից, լկմանները խոթեց ձիու բերանն ու ասաց.
- Թե որ իմանամ ինձ պիտի գնդակահարեն՝ ես իմ խոսքից ետ կանգնողը չեմ։ Գնա քեզ համար բրիգադիր գտիր։
- Փախչո՜ւմ ես, փախչում ես,- տնտեսության ղեկավարը քիչ էր մնում մատները խոթեր բերանը և լակոտի պես սուլեր։- Ձիո՛վ, ձիո՛վ ես փախչում։ Դու հիմա ձիավոր ես,- ծիծաղեց,- դու հիմա կարգին հեծելազոր ես, կավալերիա։
- Սխալվում ես, Հմայակ Ավետիսովիչ,- նա նստեց թամբին,- սխալվում ես։ Ես իմ գյուղից, իմ սարուձորից, իմ տունուտեղից, ես ինձանից որտե՞ղ պիտի փախչեմ։ Ավտոմեքենան քո տակին է, փախչելը քեզ է սազում, և դա քեզ համար նորություն չէ։ Դպրոցի դիրեկտոր էիր, չհաշտվեցիր կոլեկտիվի հետ, ուսուցչի դիպլոմով դարձար պանրագործարանի դիրեկտոր, էդտեղից էլ հանեցին, մսամթերման կետում երկու տարի գլուխ պահեցիր, հետո տարան նստեցրին կենցաղսպասարկման դիրեկտորի տեղակալի աթոռին, մի երեք տարի պետիդ աթոռի տակը քանդեցիր, չէ, տեսար պինդ է նստած, ատամդ չի կտրում, փախար։ Էստեղից էլ որ քշեն, Ղավալյան Մակբեթը թիկունքիդ պինդ կանգնած է, տեղակալ կվերցնի։ Համո Առուշանյան, եղածդ էդ չի՞...
Հովնանը չսպասեց հարցի պատասխանին, չտեսավ տնտեսության ղեկավարի այլայլված դեմքը, գրեթե ասաց ամեն ինչ, և գիտեր, որ իր ետևից կամուրջները վառում է, բայց դրանից իրեն լավ զգաց։ Ձին թեթև է քայլում (թե՞ իրեն է այդպես թվում), երկնքում ամպի ոչ մի կտոր չկա, ցրվել գնացել են, ոչխարի հոտի նման՝ ինչ իմանաս, ո՞ր ձորում են մակաղել... Եվ նա մտածեց՝ ձին հիմա իմ ինչի՞ն է պետք, կտանեմ հանձնեմ անտառապահ Հազարապետին, կասեմ՝ ինձանից քսան տարով մեծ ես, լավ չի, որ ես ձիավոր եմ, դու՝ ոտավոր։ Ես գլուխս խոնարհում եմ քո առջև, որովհետև կարողացել ես մեր անտառները փրկել Առուշանյաններից։ Առուշանյանները գնացական են, մենք՝ մնացական։ Իսկ ես սխալներ եմ թույլ տվել, թիկունքիս ժողովուրդ էր կանգնած՝ չտեսա։ Չէ, կույր չէի, տեսնելը տեսնում էի, բայց մի տեսակ խլացել էի, մի տեսակ շատ էի ուժերիս վստահ, և իմ սխալները այդտեղից սկսվեցին...
Կարկուտներից փրկված այդ արևոտ օրը Հովնանը ձին քշեց Ցաքուտի խամուտներով, գնաց գետափով, քարքարոտ զառիվայրով բարձրացավ դեպի Պռիշնուն տակի տափերը, ձին գայթեց, դիմացը հսկա խանդակ էր. քարահանքերի դիրեկտոր Ղավալյանն իր տիրույթը անջրպետել էր դրսի աշխարհից, ինքն իր մեջ առանձնացել, ասես սուվերեն տերություն է, մնում է մի քանի սահմանապահ կանգնեցնել վերևներում ու ներքևներում, մի քանի սահմանաձող տնկել։ Հովնանը ձիու գլուխը շուռ տվեց այն ուղղությամբ, ուր պիտի լիներ երկաթակուռ դարպաս,- և այդպես էլ կար,- ասպանդակից հանեց աջ ոտքը, հրեց դարպասը, միջնադարյան ասպետի պես ներս մտավ տիրաբար, տեսավ ջրավազանի կողքին կանգնած Ղավալյանին։
- Էդ ո՞ւր, էդ ո՞ւր,- Ղավալյանը ձեռքերը թափահարեց և հագի տնական փայլփլուն խալաթի տակից երևաց նրա լավ դասավորված, կանոնավոր, իր սիրունությանը համապատասխանող մարմինը։- Ո՞ւր ես քշում,- գոռաց,- ճմոռած ո՞ւր ես գնում, ծաղիկներ են ցանած, մարդ ես, չէ՞։
- Պարզ է,- խաղաղասիրաբար ասաց Հովնանը,- մարդ չենք, բա ի՞նչ ենք։ Էսօրվա դրությամբ, Առուշանյան Համոյի ողորմածությամբ դեռ բրիգադիր ենք, այսինքն՝ այս հողերի տերը։
- Ի՞նչ հողեր,- Մակբեթ Ղավալյանը, շան որդի դիրեկտորը, այնքան սիրուն տղամարդ է, ասես պատկերք է, ցուցասրահից հանել, բերել են ու ասել՝ էս քարահանքերի վրա դիրեկտորություն արա։ Թյո՛ւ, բա տղամարդն էդքան սիրուն կլինի՞։- Ի՞նչ հողեր, ա՛յ մարդ, հո երազ չե՞ս տեսել։
- Կոլխոզի հողերը,- Հովնանը 30-ական թվականների մի երգ ձգեց.- Կոլխոզի հողե՜ր, տրակտորը վարում է։
- Լավ է անում, թող վարի,- Ղավալյանը երևի գաղափար չուներ այդ երգից,- իսկ դու որտե՞ղ ես խմել, հասցեդ մոռացել։
- Ջահել ժամանակներից հարբածությունս դեռ չի անցել,- և լրջացավ, դարձավ գործունյա.- Ներողություն, ես կարևոր գործով եմ եկել։ Նախ և առաջ դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք խանդակ փորել, կտրել ճանապարհը։ Այս դարպասը նույնպես ավելորդ է։
- Բա դու ո՞վ ես,- բարկացավ Ղավալյանը,- դու այստեղ ի՞նչ գործ ունես։
- Որ եկել եմ, նշանակում է՝ ունեմ։ Ես այսօրվա դրությամբ Քարաշենի կոլտնտեսության բրիգադիրն եմ։ Հարկ եղած դեպքում կարող եք ստուգել։ Դուք ի՞նչ իրավունքով եք յուրացրել կոլխոզի հողերը։
- Յուրացրե՞լ,- Ղավալյանը զարմացավ,- ինչպե՞ս թե յուրացրել։
- Այսինքն՝ գրավել, նվաճել, զավթել։
- Կարծեմ՝ Քարաշենի կոլտնտեսությունը նախագահ ունի։
- Ուզում եք ասել՝ Համո Ավետիսովիչը թույլ է տվել,- Հովնանը դիտավորյալ ձիուց չէր իջնում, վախենում է թափից ընկնի։- Դե, ուրեմն, ի գիտություն ձեզ՝ մեր կոլտնտեսության նախագահ Առուշանյանը կոլտնտեսության հողերը անօրեն կերպով շռայլելու համար շրջկոմի կողմից խիստ նկատողություն է ստացել։ Գուցե՞ ձեզ մոտ տեղակալ ձևակերպեք։
- Լռի՛ր,- գոչեց Ղավալյանը։- Դու այդ ի՞նչ ձևով ես խոսում ինձ հետ։
- Քննադատությունն ընդունում եմ և խնդրում եմ դուք էլ ինձ հետ դուք-ով խոսեք,- թեքվեց ձիու թամբից, ասաց.- Դուք այս իշխանական դղյակը ձեր փողերով չեք կառուցել, ճի՞շտ է։ Ճիշտ է։ Մենք այս թթենիները, խնձորենիները, տանձենիները հատուկ ձեզ համար չենք տնկել։ Ներողություն, ընկեր դիրեկտոր, դուք այսքան հողերն ի՞նչ պիտի անեք, ախր կալվածատեր չեք, երևի ձեզ մոտ էլ են լինում քաղխմբակների պարապմունքներ, կարող է՝ հենց դուք եք անցկացնում այդ պարապմունքները։
- Մալչի՛,- սաստեց Ղավալյանը,- բերանդ փակի՛ր,- գոռաց,- ես քեզ կալվածատեր ցույց կտամ։ Սրիկա՛։
- Էդ մեկը ձեր դիրքին, պաշտոնին, ձեր նստել-վերկենալուն չի սազում, ընկեր Ղավալյան,- Հովնանը միայն նոր տեսավ պատշգամբին կռթնած Ղավալյանի սիրուն կնոջը և ազդվեց։- Է՜, բա ո՞նց կլինի, մեր հողերին պինդ նստել եք, մեզ հայհոյում եք։ Դիցուք ես կուլտուրա չունեմ, շենացի մարդ եմ... Որ ինձ կոլխոզից հեռացնեն, դուք ձեր քարահանքերում ինձ կընդունե՞ք։ Չեք ընդունի, Առուշանյանը չի թողնի։
- Վերջացրի՞ր,- Ղավալյանը նայեց կնոջը,- Մարիա,- ասաց, դու կարող ես գնալ քաղաք, ես մի քիչ ուշ կգամ,- Մարիան շարժեց գլուխը.- «Դու կգաս հենց ինձ հետ»: Ղավալյանը իբր թե կարևորություն չտվեց կնոջ խոսքին, դարձավ Հովնանին.- վերջացրի՞ր։
- Իմ վերջացնելը ձեզանից է կախված։ Բրիգադի գործերը հանձնում եմ ուրիշին։ Էդ ուրիշը չի ընդունում, ասում է՝ Պռիշնուն տակի հողերը նույնպես պիտի հանձնես։ Ասում եմ՝ այ մարդ, համարիր հանձնված, ձեռ է առնում՝ էդ ո՞նց համարեմ հանձնված, երբ վրան ցանկապատ ու դարպաս է դրված։
- Լավ, գնա, ես Հմայակ Ավետիսովիչի հետ կխոսեմ։
- Խնդրում եմ ավել-պակասը ներեք,- Հովնանը շուռ տվեց ձիու գլուխը, բայց չշարժվեց,- էս դարպասը, էն խանդակը, վերևների ցանկապատը նույնպես չմոռանաք՝ կվերացնեք։ Հետո էլ՝ լավ կլինի, որ Համո Ավետիսովիչի հետ այդքան մեծ հույսեր չկապեք։ Հողերը իրենը չեն, հանրայի՛ն են։ Տնաշե՜ն, քարահանքերում նստել եք, ձեռքներդ տարածել, ինչ որ տեսնում եք՝ զավթում եք։ Է, լավ չի, ընդհանուրն ու սեփականը խառնել եք իրար, հենվել անհատականին։
Հովնանը Ցաքուտից նայեց՝ Ղավալյանի սիրուն կնիկը պատշգամբից վիճում է ամուսնու հետ, իսկ դիրեկտոր ամուսինը կանգնել ներքևում, մատաղացու ոչխարի պես կախել է գլուխը, չի կարողանում իր սիրուն տղամարդությունը ցույց տա։ Հսկա քարահանքեր է ղեկավարում, բայց կնկա հարցում խեղճ է, կինն է իրեն ղեկավարում։ Ասում են՝ աները մեծ պաշտոնի է, համարյա կես մինիստր է։ Բա պատի՞վ է բերում կես մինիստրի փեսային, որ Քարաշենի կոլտնտեսության կիսագրագետ բրիգադավարն անպատվի իրեն։
- Ես թքել եմ քո սիրուն տղամարդության վրա,- Հովնանը մտքում ծիծաղեց,- տգեղ եղիր, գեշուգրող եղիր, բայց կնոջդ առջև մի՛ խեղճացիր, ատամներդ ցույց տուր։ Իսկ դու նստեցրել ես գլխիդ, իրավունքներդ տվել իրեն, թույլ ես տալիս, որ ինքնուրույնությունդ շահագործի։ Թե՞ սկի ամբողջ կյանքում ինքնուրույն չես եղել. էդ ամառանոց-դղյակը քո կնոջ թելադրանքով չե՞ս կառուցել։ Հիմա էլ կնոջդ թելադրանքով կզանգես Քարաշեն ու կասես. «Առուշանյան, դու այդ երբվանի՞ց ես լիազորություններդ դրել բրիգադավարիդ ձեռքին։ Առուշանյանը Համո Ավետիսովիչը չի, ես եմ, պատասխանում եմ՝ քեզանից եմ սովորել, ես միշտ քեզ եմ ընդօրինակում։ Տնաքանդ, բա դու ինչի՞ քո սանձը դրել ես կնոջդ ձեռքին, և ինքն է ղեկավարում քեզ։ Որ ուրիշների սիրուն կնանիքը սեփական ամառանոցներում չեն հանգստանում՝ մեռնո՞ւմ են։ Կնկանդ շալվար ես հագցրել, շլյապադ էլ դիր գլխին, տեղներդ փոխեցեք»։ Բայց Առուշանյանն էդպիսի բան չի ասի, ուղղակի կկանչի Հովնան Փարսադանյանին և...
Եվ այդպես էլ կար, Հմայակ Առուշանյանն իջեցրեց լսափողը, քանի որ ներսում բավականին բարկություն էր կուտակել, պայթեց միանգամից.
- Նախալ տի,- գոռաց։- Շանտաժյոր,- բռունցքն իջեցրեց գրասեղանին,- ներողություն, Փարսադանյան, այս սեղանի ետևում հիմա ես եմ նստած, հիմա ե՛ս եմ...
- Դրության տերը,- հուշեց Հովնանը։
- Խնդրում եմ ինձ չընդհատես, ես իմ ֆունկցիաները լավ գիտեմ։
- Արդեն զանգե՞լ է։
- Քեզ ինչ՝ զանգել է, թե չի զանգել։
- Դե լավ, խնդրում եմ չտաքանաս, առանց այն էլ եղանակները տաք են, դրսի ու ներսի տաքությունից, ասում են, ռեակցիա է առաջանում։ Ես ուզում եմ հարցի մեջ կոնկրետություն մտցնել՝ մինչև մեր հողերը ետ չվերցնենք, ձայնս չեմ կտրի։
- Հողերը քո՞նն են։
- Դե որ իմը լինեին, գուցե թե Ղավալյանի էն սիրուն կնկա խաթրու ձենս կտրեի։ Հողերը հանրային են, կոլտնտեսության սեփականությունը, օրենքով հաստատված։ Մակբեթ Ղավալյանի թիկունքը կես մինիստր աներն է, իմ թիկունքին լրիվ մինիստրներ են կանգնած։ Քոնը քո իրավունքներն են, իմը՝ օրենքը։ Իմ օրենքը քո իրավունքներից ուժեղ է։ Դու գնացական ես, ես՝ մնացական։
Դեպքից մի շաբաթ անց, երբ Հովնանը գործերն արդեն հանձնել էր Մարտին Հովսեփյանին, տնտեսության ղեկավար Հմայակ Առուշանյանը Թեղուտի ճանապարհին կանգնեցրեց ավտոմեքենան, ձեռքով բարևեց նախկին բրիգադավարին, տատամսելով հարցրեց.
- Փարսադանյան, դու ինչո՞ւ շտապեցիր... Ենթադրենք մի քանի ցուրտ խոսք եմ ասել, ենթադրենք մի քիչ տաքացել եմ, ենթադրենք ինչ-որ տեղ սխալ եմ թույլ տվել... Ախր ղեկավար եմ, չէ՞, ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել։
Հովնանն ասաց.
- Ընկեր Առուշանյան, պառաված ձիուն քուրու-քուրու չեն անում, թթի ծառի վրա էլ ճողոպուրի չեն պատվաստում։ Ես քեզանից ինձ փրկեցի, որ արմատահան չլինեմ, մնամ իմ հող ու ջրին, իմ քար ու քարափին, իմ տան ու դռան։ Հիմա հերթը քոնն է, տեսնեմ դու ինչպես պիտի ինձանից փրկվես,- ու ավելացրեց,- բայց քեզ համար դժվար կլինի, ես մտնում եմ քո դրության մեջ. դու այստեղ արմատներ չունես։
1984 թ.
ՀԱԶԱՐԱՊԵՏԸ
Ապրիլին Քարաշենում մի դեպք պատահեց։ Կարելի էր առանձին կարևորություն չտալ դրան, ընկերական դատարանի միջոցով գործը հարթել առանց որևէ գլխացավանքի, բայց ընկերական դատարանի նախագահ Սերոբ Ասլանյանը քաղաք էր գնացել մեղվաբույծների հնգօրյա սեմինարին մասնակցելու կամ, ինչպես ինքն է կատակով ասում՝ լուսավորվելու։ Իհարկե, Սերոբ Ասլանյանը մեղվաբույծ չէ, Քարաշենի կոլտնտեսությունը մեղվաբուծությամբ չի զբաղվում, բայց կարգ է, հատուկ գրություն է ստացել, մեկը պիտի լինի, որ մասնակցի սեմինարին։ Քարաշենում դա էլ նորություն չի՝ գրքասերների ընկերության կոնֆերանս է, ագիտատորների հավաք է, հակահրդեհային ընկերության ժողով, գյուղատնտեսության առաջավորների խորհրդակցություն, և եթե պահանջեն՝ լավագույն զուռնաչիների օլիմպիադա է, ուղարկեցեք ձեր ներկայացուցիչը, էլի Սերոբ Ասլանյանին պիտի ուղարկեն։ Գյուղում մեկը պիտի լինի, որ մասնակցի այդ զանազան ժողովներին, կոնֆերանսներին, խորհրդակցություններին, սեմինարներին,- Սերոբ Ասլանյանը ամենահարմար թեկնածուն է, չի բողոքում, չի ասում՝ ա՛յ մարդիկ, ես մեղվաբուծության հետ ի՞նչ կապ ունեմ։
Իսկ այդ օրը շատ սովորական օր էր, դպրոցի բակում երեխաների երգ ու ծիծաղ կար, կալատեղերում Ցուլունց Սմբատ դային կոլտնտեսության առաջին տրակտորիստ, անհատական թոշակառու Բագրատ Ասլամազյանին ուզում էր ապացուցել, որ տրակտորից առաջ տանկն է ստեղծվել, այնպես որ՝ տանկն է տրակտորի նախահայրը։ Իսկ Բագրատը չի համաձայնում, ասում է՝ տրակտորն ավելի հին է, անգլիացիներն են առաջին անգամ տրակտորի վրա մի աշտարակ դրել, աշտարակին մի թնդանոթ տնկել, անունը դրել տանկ։
Ահա հենց այդ ժամանակ անտառապահ Հազարապետը եկավ, ո՜նց եկավ… Եվ ինչպե՜ս էր հայհոյում, ինչպե՜ս էր հայհոյում, ինչեր ասես, որ չէր ասում։ Չէ, Քելունց Հաբուդի նման կոպիտ ու անտաշ չէր հայհոյում, գրագետ, կուլտուրական էր հայհոյում, գեղեցիկ, պատկերավոր, և եթե գոռգոռալը չլիներ, բռունցքների թափահարելը չլիներ, անգլերենի ուսուցչուհի Նովելա Աշոտովնային կթվար՝ ոչ թե հայհոյում է, այլ Պեպոյի հանրահայտ մենախոսությունն է արտասանում, մերկացնում Արութին Զիմզիմովին. «Արա՜,- բղավում է Հազարապետը,- բա դու մա՞րդ ես, մարդկության ցուցակում քո անունն է՞լ են գրել… Ա՛յ, ես թուքել եմ քո բարձր ու սիրուն ճակատին»։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ ընկեր Շիլլեր Ղազարյանը, որ գործով եկել էր գրասենյակի բակում կանգնել, ուղղում է՝ ընկեր Հազարապետ, ոչ թե՝ թուքել եմ, այլ՝ թքել եմ։ Հայերենի որոշ փակ վանկերում ձայնավորները հնչյունափոխության են ենթարկվում. օրինակ՝ ջուր-ջրել, գիր-գրել, ծուխ-ծխել, ծուռ-ծռել և այլն։
Հերսոտված Հազարապետը նրա դիտողությանը ուշադրություն չի դարձնում.
- Ժողովո՜ւրդ, ժողովո՜ւրդ,- ժողովուրդն էլ կոլտնտեսության գրասենյակի բակում կանգնած ընկեր Ղազարյանն է, մեկ էլ՝ խուլ Սարիբեկը, ականջի տակ հրացան չէ, թնդանոթ պայթի, ճանճի տզզոցի տեղ չէր դնի.- Ժողովո՜ւրդ,- Հազարապետն այնպիսի դիրք է ընդունել, կարծես ճառ պիտի ասի, սպասում է ծափահարությունները դադարելուն.- Հարգելի ընկերներ, ես դիմում եմ ձեզ ու ձեր խղճին՝ ո՞վ է Շմավոն Մեսրոպյանը…
Շմավոն Մեսրոպյանը Քարաշենի կոլտնտեսության գլխավոր հաշվապահն է, ծնված օրից հաշվապահություն է անում։ Ուժեղ հաշվապահ է, լավ գլուխ ունի, իհարկե, համրիչը կողքին է, առանց համրիչի հաշվապահ չի, տավարած է, անասնաբույծ է, զոոտեխնիկ է, կարող է՝ գեներալ է, բայց հաշվիչը չկա՝ հաշվապահ չի։ Եթե փողոցում կանգնեցնեն ու հարցնեն՝ ութից հանած չորսն ի՞նչ է անում, կասի՝ չոթկս բեր՝ ասեմ ինչ է անում։ Շմավոնն ուժեղ է գրասեղանի ետևում, երբ կողքին հեռախոս կա, համրիչ կա, թանաքաման ու գրիչ կա։ Դեմքից ոչինչ, հանգիստ, անվնաս մարդ է, նույնիսկ՝ կուլտուրական, բայց մի շատ զզվելի սովորություն ունի՝ կմտնի անտառ, որտեղ մի շիմալ ծառ տեսնի, իսկույն կացինը կքաշի վրան։ Սրա կտրելն էլ մի ուրիշ կտրել է՝ ուղղակի հարձակվում է ծառի վրա, ասես դիմացինը ոչ թե ծառ է, այլ իր ոխերիմ թշնամին է, իր մոր սիրեկանն է, բերանը պատռած իր զոքանչն է… Եվ ինչպիսի՜ ցնծություն է ապրում, երբ ծառը շառաչյունով տապալվում է գետնին։ Հաղթողի իրավունքով ոտքը դնում է բնին, թևքով մաքրում ճակատի քրտինքն ու ասում՝ սա էլ էսպես գնաց։- Հիմա այդ ծառը նրա ոխերիմ թշնամին է գերանացու է, լոփա է, հենասյուն է, վառելափայտ է։ Մեծ բան չի, մի հաճարկի է, էլի, կտրել եմ, հո անտառը մի ծառով չի վերջանում։ Հաշվենք, սկի այս ծառը չի եղել։
Հազարապետն էլ իր ծնված օրից կոլտնտեսության անփոխարինելի անտառապահն է, մեկփողանի հրացանը մեջքին, խզակոթը կպած ուսին, փողը դեպի ներքև, բթամատը կաշվե փոկի տակ… Գյուղում ոչ ոք չի հիշում, թե այդ զենք կոչվածը երբ է կրակել և, ընդհանրապես, հնարավո՞ր է դրա ժանգոտած փողորակը փամփուշտ խցկել։ Բայց դա չի խանգարում իր ծնված օրից անտառապահ Հազարապետին, որ անտառագողին զգաստ կանգնեցնի կտրած ծառի կողքին ու ասի՝ չշարժվե՛ս, փորդ ծխով կլցնեմ։ Իսկ գլխավոր հաշվապահ Շմավոն Մեսրոպյանը Սերգունց վախկոտ Կարոն չի, որ ձեռքերը բարձրացնի ու ասի՝ Հազարապետ դայի, թող ուշքս դեն անեմ, հետո կրակիր։ Շմավոն Մեսրոպյանը հին աղվես է, պոչը ծաղիկ աղվես, նստել կտրած ծառաբնին ու ձեռ է առել Հազարապետին՝ դե հիմա փորս ծխով լցրու, տեսնեմ ոնց ես լցնում- Այսինքն, այսպես՝ Հազարապետ, ախր, հրացանդ հրացան չէ, մահակ է, փետի կտոր է, երկաթ է, գուցեև գնդացիր է, մաուզեր, հրանոթ է, բայց հրացան չի, դրանով դու ինձ չես վախեցնի։
- Շմավոն Մեսրոպյանը վնասարար է,- իր հարցին պատասխանում է Հազարապետը,- էդ ժուլիկը, էդ մախիրովնի շուլլերը որտեղ ոտը դնում է, կանաչ խոտ չի բռնում։
Խուլ Սարիբեկը հիմար-հիմար ծիծաղում է, բայց նրա ծիծաղն ուրիշ բանի վրա է։
- Հազարապետ, մի՞տդ է, որ հերու քեզ տելեվիզր գցեցին։ Ոնց որ Չարլի Չապլինը լինեիր, էնքա՜ն ծիծաղեցի, էնքան ծիծաղից թուլացա՜…
Դա անտառապահի օրվա նախօրյակին էր, հեռուստատեսությունից մարդիկ էին եկել, Հազարապետի հետ զրուցեցին, հարցեր տվեցին, Հազարապետն ասաց՝ անտառը մեր օդն ու ջուրն է, մեր բնության կանաչ ժպիտն ու ծիծաղն է, առանց անտառի՝ ոնց որ սոխակն առանց երգի, կերակուրն առանց համ ու հոտի… Հազարապետը խոսում էր, օպերատորը նկարում էր ու գլխով անում՝ ճիշտ է, հայրիկ, ճիշտ է, շարունակիր։
- Գլուխդ քարով տվիր, որ ծիծաղեցիր,- ասաց Հազարապետն ու քայլ գցեց նրա կողմը.- Քա՞ռ եմ, քաչա՞լ եմ, Շմավոն Մեսրոպյանի նման վնասարա՞ր եմ, անհամի մեկը, աշխարհը քեզ վրա է ծիծաղում, բա դու ո՞ւմ վրա ես քրքջում։
Անտառապահ Հազարապետն ավելի շատ բարկացած է նրա համար, որ Մեսրոպյանը կտրել է Սառնաղբյուրի կողքի կաղնի ծառը, այն ծառը, որի թանձր շվաքում ակումբավար, շրջանային թերթի արտահաստիքային թղթակից Միհրան Մինասյանը նստում, ոտանավորներ է գրում սիլոսի, ֆուրաժային կովի, կոմբի կորմի, բտման դրած խոզերի, ծխախոտի պլանտացիաների ու ծխախոտագործ աղջկա մասին։ Միհրան Մինասյանը գրում է նաև սիրային ոտանավորներ, և դրա իրավունքն ունի, թունդ սիրահարվել է անգլերենի ուսուցչուհի Նովելա Աշոտովնային։ Թերթում նրա թղթակցությունները տպում են, ոտանավորները՝ մերժում։ Ասում են՝ պիտի մշակել, վերամշակել, հղկել, մաքրել: Միհրան Մինասյանը տարակուսանքով ուսերը վեր է քաշում. «Ոտանավորը ծխախոտի պլանտացիա՞ է,- ասում է,- թե՞ խաղողայգի, որ մշակեմ՝ ռեկորդային բերք ստանամ։ Հանգն ու վանկը տեղն են, էլ ի՞նչ եք ուզում»։
- Հը՛, կերա՞ր, Սարիբեկ,- ընկեր Ղազարյանը հազում է բռան մեջ, աչքով անում Սարիբեկին ու նայում Հազարապետի հրացանին.- Հազարապետ, քանի՞ ռուբլի տամ՝ հրացանդ ինձ տաս։
- Դու հրացանիս հետ գործ չունես,- Հազարապետը գրպանից մի թուղթ է հանում,- ակտ եմ կազմել, խնդրում եմ ստորագրես։
- Ի՞նչ ակտ։
- Ակտ, էլի, մենք՝ ներքոստորագրյալներս, կազմում ենք սույնը այն մասին, որ կոլխոզի գլխավոր հաշվապահ Շմավոն Մեսրոպյանը կտրել է Սառնաղբյուրի կողքի կաղնին։
Ընկեր Ղազարյանը հրաժարվում է։ Փաստորեն սխալ կլինի, ասում է, որ ես ստորագրեմ, որովհետև իրավաբանորեն չեմ կարող ապացուցել՝ ինքն է կտրե՞լ, թե՞ մի ուրիշը, և սկզբունքորեն չեմ կարող խառնվել ձեր անձնական գործերին։
- Դու սեռի խոտ ես, տատանվողական, հարմարվողական,- Հազարապետը մի ուրիշ բառ էլ է որոնում, չի գտնում, չգտածն ուրիշ բառով է փոխում.- Դու անսկզբունքային ես։ Շմավոնի մերը ես պիտի լացացնեմ, էնպես լացացնեմ, որ հոր հարսանիքը միտը գցի։
Կոլտնտեսության գրասենյակի կիսաբաց դռան արանքից երևում է Շմավոն Մեսրոպյանի կիսադեմը։ Դուռը վերևից ներքև նրան բաժանել է երկու հավասար մասի։ Առանձին մի հանդիսավորություն կա նրա այդ պահվածքի մեջ, ասես թատրոն է խաղում, սպասում է մուտքին, և մուտքի ռեպլիկը Հազարապետը ուշացնում է։
- Ես Շմավոնի հերն էնպես անիծեմ,- վերջապես հնչում է ռեպլիկը, և Շմավոն Մեսրոպյանը մտնում է իր դերի մեջ։
- Մեծ մարդ ես, չե՞ս ամաչում, որ հայհոյում ես։
- Շնավո՞ն,- Հազարապետը ներքևից վերև է նայում, դիտավորյալ աղավաղում նրա անուն-հայրանունը.- Շնավոն Իխշանովիչ, հերդ՝ Իխշան, զոքանչդ՝ Ախշալույս, կնիկդ՝ Ախշեն, բա ձեզ հասնո՞ղ կլինի, ընկեր Շնավոն Իխշանովիչ, գյուղի իխշանությունը վերցրել եք ձեր ձեռքը, մեզ էլ մարդատեղ չեք դնում։
- Ասում եմ՝ մի հայհոյիր,- Շմավոն Իշխանովիչը մոտենում է բազրիքին,- չես ասում՝ մեծ կա, փոքր կա, կնիկարմատ կա։ Սա քեզ համար քո ծմակները չեն։
- Չես ասում մեծ կա, փոքր կա, կնիկարմատ կա,- ծաղրում է Հազարապետը։- Էդ ո՞նց կլինի, Իխշանի տղա Շնավոն, չես ասում ծմակապահ կա, գյուղխորհուրդ կա. կաղնի չես ասում, հաճարկի չես ասում, բոխի չես ասում, հացի չես ասում՝ կտրում ես։ Բա մարդ էդքան աչքածա՞կ կլինի։ Տեսե՜ք, ղեկավար եմ, գլխավոր հաշվապահ եմ։ Դու քանի՞ գլուխ ունես, որ ծմակը փչացնում ես։
- Չէ, գլուխը քոնն է, դեմագոգի մեկը։
- Էդ դեմագոգն էլ ե՞ս եմ, ծմակի աղվես։
- Ասում եմ՝ մի հայհոյիր։
- Ընկեր Շնավոն Իխշանովիչ, ես օրենքով եմ հայհոյում։ Էս ակտը ստորագրո՞ւմ ես, թե՞ փորդ ծխով լցնեմ։
- Բերանդ ցրիվ չտաս,- Շմավոն Իշխանովիչը իջնում է աստիճաններով, բայց չի մոտենում։- Անգրագետ տեղովդ փիլիսոփա ես դառել գլխներիս։
Հազարապետը անգրագե՞տ… Այն Հազարապետը, որ Րաֆֆու «Սամվելն» ու «Խենթը» անգիր գիտե, գրականության ուսուցիչ Սարմեն Գարաքյանին նեղն է լծում, Միհրան Մինասյանի թղթակցությունները կարդում է, չի հավանում, ասում է՝ Միհրան, գրածներիդ մեջ պողվատ չկա, ոնց որ գյուղխորհրդի ժողովի արձանագրություն լինի։ Բա որտե՞ղ մնաց մեր սոցիալիստական քննադատությունն ու ինքնաքննադատությունը։
- Շնավոն Իխշանովիչ, էդ ե՞ս եմ անգրագետ։
- Բա անգրագետ չես, ի՞նչ ես։
- Ես անգրագետ եմ, դու գրագետ ես, հա՞…
- Սորբոնի համալսարանն ես վերջացրե՞լ։
- Չէ, Սորբոնի համալսարանը հերդ՝ Իխշանանց Իխշանն է վերջացրել։ Որ չոթկը ձեռքիցդ վերցնեն, քեզանից ի՞նչ դուրս կգա։
- Դե լավ, Հազարապետ, կարիք չկա,- Շիլլեր Ղազարյանը արանքն է ընկնում,- անհարմար է։
- Անհարմարն ի՞նձ համար է, թե իր համար։ Չէ, Շնավոն Իխշանովիչ, մեր երկրում էդպիսի օրենք չկա։
- Օրենքի ստեղծողն էլ դու կլինես, ավարայի մեկը։
- Արա՜, ա՛յ հարիֆ, ավարան ո՞վ է…
Այստեղ կարելի է մի ուրախ կամ տխուր պատմություն հորինել՝ իբր թե Հազարապետի հարյուր տարվա ժանգ բռնած, չախմախը խարխլված, փողը ծռված հրացանը պայթել է… Իբր թե Շմավոն Իշխանովիչը բռնել է փորը, իբր թե անտառապահ Հազարապետը նայել է Շմավոն Իշխանովիչի դեղնած սֆաթին, հրացանը պարզել առաջ ու ասել՝ արա, ընկեր Շնավոն Իխշանովիչ, էդ ինչի՞ ես դերասանություն անում, բա էս զահուրմարի մեջ տրա՞ք կա…
Բայց տրաքոց իսկապես եղել է, դա կարող է հաստատել ֆիզկուլտուրայի ուսուցիչ Շիլլեր Ղազարյանը։ Միայն թե այդ տրաքոցը հրացանի տրաքոց չէր, հաշվապահի օգնական Թամարի լեթված ու անդաստիարակ լակոտի խաղալիք ատրճանակի տրաքոցն էր։ Կարող է ընկեր Ղազարյանը մի քիչ խտացնում է գույները, բայց դա կարևոր չէ, տրաքոց եղել է, և այդ տրաքոցը ողջ գյուղն է լսել։
Իսկ ամենամեծ տրաքոցը հետո եղավ։
Կոլտնտեսության նախագահ Համո Առուշանյանը մի օր Ծակուռի քերծից նայեց Տափուտի անտառին, աչքաչափով հաշվեց՝ հիսուն-վաթսուն հեկտար,- ասաց,- ի՜նչ հողեր են կորչում, ի՜նչ հողեր են փչանում,- ու գտավ, որ անտառն ավելորդ է, օգուտը՝ քիչ, վնասը՝ շատ։ Գյուղում նրան այնքան էլ լավ չհասկացան՝ կոլտնտեսությանը վարելահո՞ղ է հարկավոր, թե՞ վառելափայտ։
Այդ զրնգուն ապրիլին, կարմիր-կանաչ ապրիլին Տափուտի անտառը հառաչեց։ Մի կողմից՝ կացնավորները, մի կողմից՝ բուլդոզերն ու տրակտորը (տեխնիկայի մերը չմեռնի, մի տես ինչ է անում, է՜, հազար տարվա անտառը երկու օրում շուռ է տալիս ու դարձնում վա-րե-լա-հող, խոպանների յուրացում) սկսեցին իրենց անտառաջարդը։ Պա՛հ, մեծ բան չի, անտառ է, էլի, մի անտառով Ղարաբաղի տունը չի քանդվի։ Բնական գազը, ածուխը, սալյարկան, էլեկտրականությունը որ կան, անտառն ո՞ւմ է հարկավոր։ Թե որ ճիշտն եք ուզում իմանալ, անտառը հնի մնացուկ է, արջի, աղվեսի, գայլի բուն։ Գյուղթղթակից Միհրան Մինասյանի ոգևորությունը հասավ գագաթնակետին, նստեց ու մի շռնդալից թղթակցություն գրեց թերթին՝ Քարաշենի կոլտնտեսությունը նոր հողեր է յուրացնում և այդ գործում աչքի է ընկնում հատկապես Հովնան Փարսադանյանի բրիգադը, որ մի օրում հատել է այսքան հեկտար անտառ։
Հազարապետը եկավ կանգնեց Ծակուռի քերծի գլխին, ոնց Ձենով Օհանը, էն որ հորից դուրս բերեց Սասնա Դավթին,- և հայհոյում էր, ո՜նց էր հայհոյում։ Չէ, օրենքով էր հայհոյում և առանձնապես լավ էր նախշում բրիգադավար Հովնան Փարսադանյանի կնոջը, բայց այդ օրենքը չմտավ Հովնանի գլուխը, սա ներքևից վերև նայեց, տեսավ ձորագլխին կանգնած Հազարապետին, սկսեց ձեռ առնել. «Հազարապետ, քսանհազարապետ, հարյուր հազարապետ, միլիոնապետ, ակտ կազմիր, Միհրան Մինասյանին ասա՝ գազեթին նյութ գրի… Վա՜յ, թաղեմ քեզ, Հազարապետ, թատրոն ես, թատրոն»։
Հազարապետը ձորագլխից նորից աղաղակեց, լսող չեղավ, այդպես աղաղակելով, հայհոյելով, հրացանը մեջքին գնաց քաղաք, մի կայծակ հեռագիր ուղարկեց անտառտնտեսության մինիստրին, հետո հեռախոսով կապվեց կոլտնտեսության նախագահի հետ ու շրջգործկոմի նախագահի պաշտոնով սպառնաց՝ Առուշանյան, ա՛յ Առուշանյան, էդ որ անտառը ջարդում ես, տակից ինչպե՞ս ես դուրս գալու։ Առուշանյան, շան որդի, դու սեփական ուղեղ չունե՞ս, որ հաշվապահ Շմավոն Մեսրոպյանի զուռնայի տակ ես պարում։ Չխոսես, չխոսե՛ս, դու արժանի ես գնդակահարության…- Առուշանյանը չհասկացավ, որ դա անտառապահ Հազարապետն է, դասը վատ սերտած աշակերտի նման կմկմաց, լսափողը դրեց տեղը ու ասաց՝ պահո՜, էս գործի համար վայ թե շալվարս հանեն։
Վերևներից հատուկ հանձնաժողով եկավ, խմբագրությունից՝ ֆելիետոնիստ, ժողվերահսկողության կոմիտեից՝ հրահանգիչ, բնության պաշտպանության կոմիտեն իր ներկայացուցիչն ուղարկեց։ Կոլտնտեսության նախագահ Համո Առուշանյանը քրտնեց, քրտնեց, մի օրում երեք ներքնաշապիկ փոխեց ու մտքում ասաց՝ վա՜յ, Հազարապետ, եթե այս անգամ կարողացա չոր դուրս պրծնել, ես քո դեմագոգ հերն էնպե՜ս անիծեմ, էնպե՜ս անիծեմ…- Եվ որպեսզի աթոռը չզիջի մի ուրիշ Առուշանյանի, իր հասցեին արված քննադատությունը լիովին ընդունեց ու փրկվեց խիստ նկատողությամբ։
Հուլիսին էր, կոլտնտեսության գլխավոր հաշվապահ Շմավոն Իշխանովիչը չխկչխկացրեց համրիչը ու գտավ՝ կոլտնտեսությունը աննպատակ աշխօրներ է շռայլում։ Շեշտը դրեց անտառապահ Հազարապետի վրա։ Հիմա մարդկանց գիտակցությունը շատ է բարձրացել, ո՞ւմ է հարկավոր անտառապահը։- Համո Առուշանյանն էլ, իր հերթին, մտածեց ու համաձայնեց՝ ճիշտ է, ի՞նչ անտառապահ, կոլտնտեսությունը հո սոբես չի, որ ամեն պարապ-սարապ դնի գլխին՝ պահի։ Ու կանչեց անտառապահ Հազարապետին։ Իր մորից անտառապահ ծնված Հազարապետը հոգու խորքում վիրավորվեց, բայց չբողոքեց, գլխով արեց ու ասաց.
- Հա, բա ո՜նց, երեխա չեմ, հասկացողություն ունեմ, մարդկանց գիտակցությունը, հատկապես Շմավոն Իշխանովիչի գիտակցությունը շա՜տ է բարձրացել, ոսկին թափես առջևում, չի մոտենա, կասի՝ չի կարելի, սա ընդհանուրի արդար քրտինքն է։ Բայց մի ուրիշ հարց ունեմ, ընկեր տնտեսության ղեկավար։
- Խնդրեմ, լսում եմ։
- Որ ձրի անտառապահություն անեմ, կարո՞ղ եք ինձ մեղադրել։
- Այ մարդ, ձրի անտառապահս ո՞րն է,- այն կողմից ծիծաղեց Շմավոն Իշխանովիչը,- մենք մարդկանց բարձր գիտակցությունից ենք խոսում, իսկ դու՝ ձրի անտառապահություն անեմ։
- Հասարակական կարգով, ընկեր Շնավոն Իխշանովիչ, հասարակական կարգով,- ասաց Հազարապետը։- Ինչ իմանաս, մեկ էլ տեսար՝ ախորժակդ Մաննուտի անտառի վրա բացվեց, մյուս օրն էլ աչքդ տնկեցիր Տանձուտի անտառի վրա։ Գերանացու է հարկավոր, լոփա է հարկավոր, բիհր է հարկավոր… Համա աղվես ես, հա՜, Շնավոն Իխշանովիչ։
- Հազարապետ, էլի հայհոյում ես,- վիրավորվեց Շմավոն Իշխանովիչը։
- Ես օրենքով, օրենքով եմ հայհոյում… Դե հիմա հասարակական կարգով անտառապահություն եմ անում, դու էլ տղամարդ ես՝ ծմակի կողքովն անցիր։
Գյուղում լսեցին ու զարմացան։ Մեկն ասաց՝ Հազարապետի խելքը ոնց որ տեղը չի, մի ուրիշն ուրիշ բան ասաց։ Որքան մարդ, այնքան էլ կարծիք։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Շիլլեր Ղազարյանը կատակելու տրամադրություն ուներ, աչքով արեց Շմավոն Իշխանովիչին ու դարձավ Հազարապետին։
- Բա մի չիմանամ, թե դու ո՞ր օրվա հազարապետն ես, որ անունդ Հազարապետ են դրել։
Հազարապետն էլ աչքով արեց գյուղթղթակից Միհրան Մինասյանին, պատասխանեց.
- Ներողություն, ընկեր Ղազարյան, իսկ դու ո՞ր օրվա Շիլլերն ես, որ անունդ Շիլլեր են դրել։
Կատակ էր, արեցին ու ծիծաղեցին, ընկեր Շիլլեր Ղազարյանը հիմա էլ ուրիշ բան ասաց.
- Հազարապետ, ես քեզ չեմ հասկանում, աշխօր չես ստանում, փայտ չես ծախում, դրա համար քեզ չեն խրախուսում… Բա մարդ էլ ձրի անտառապահություն կանի՞։ Թե ճիշտ չեմ, ասա՝ ճիշտ չես։
- Ճիշտը՝ ճիշտ ես,- ասաց Հազարապետը,- բայց մի բան էլ կա՝ քո ճիշտը սկզբունքորեն է ճիշտ, իմն էլ ճիշտ է և՛ սկզբունքորեն, և՛ տեսականորեն։ Քոնը կեցությունն է, իմը՝ գիտակցությունը, Շմավոն Իշխանովիչինը՝ անտառագողությունը։ Իսկ թե մեզանից ով է ավելի ճիշտ, էդ էլ թողնենք մարդկանց խղճին։
Եվ Հազարապետը քայլերն ուղղեց դեպի անտառ։
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԻԿԸ
Այդ տարիքի աղջիկները միշտ լուրջ են լինում։ Բայց նրա լրջության մեջ ինչ-որ ուրիշ բան կա։
Նա սկզբում ավտուբուսի բաց պատուհանից նայում էր ցորենի կանաչ արտերին, ճամփեզրի դալար բարդիներին և բլուրների վրա ցցված գաճաճ թփուտներին։ Գիշերը անձրև էր եկել, արտերի կանաչ թավիշը շողշողում է ծիածանի բոլոր գույներով։ Հեռագրալարերը նույնպես ոսկեգույն են, հեռագրասյուներին թառած թռչունները նման են մի կաղապարից դուրս եկած արձանիկների։
Նա նստած է իմ կողքին, պատուհանի մոտ։ Մեր ետևում տեղ են գրավել երկու երիտասարդ, մեկը՝ կապույտ պիջակով, մյուսը հագին ունի բաց-նարնջագույն բլուզ։ Կապույտ պիջակով տղան անեկդոտներ է պատմում, և որքան ես հասկացա, իր անեկդոտներով ուզում է գրավել կողքիս նստած աղջկա ուշադրությունը։
Նրանց ետևում նստած է քառասունհինգ-քառասունութ տարեկան կարմրաթուշ մի կին։ Տեղը երևի այնքան էլ հարմար չէր, տեղափոխվեց իմ դիմացի նստատեղին, պայուսակից հանեց թարմ բուլկիներ... և, աստվա՜ծ իմ, նա այնպես էր խժռում, կարծես առնվազն մի շաբաթ քաղցած է եղել։ Երբ կապույտ բլուզով տղան հերթական անեկդոտն էր պատմում ինչ-որ անհաջողակ սիրահարների մասին, կարմրաթուշ տիկինը, որ արդեն վեցերորդ բուլկին էր ոչնչացրել, այնպես ծիծաղեց, առաջին տեղերում նստածները գլուխները զարմացած շրջեցին։ Կապույտ պիջակով տղան արհամարհանքով նայեց նրան, և նրա հայացքը կարծես ասում էր. «Ում համար եմ պատմում, տեսեք ով է ծիծաղում»: Տղան ընկած տրամադրությամբ շուռ եկավ, գլուխը հանեց պատուհանից և երկար մազերը տվեց քամուն։
Մենք բավականին ճանապարհ ենք անցել։ Ավտոբուսի անիվների տակ ասֆալտը ճլճլում է, ինչպես յուղը՝ թավայի մեջ։ Պատուհանից երևում են լեռների ձյունածածկ գագաթները, ներքևում՝ մթամած անտառը։ Ես ուզում եմ ծխել և խնդրում եմ հարևանուհուս՝ տեղներս մի քանի րոպեով փոխել: Վառում եմ սիգարեթը, ծուխը բաց թողնում պատուհանից։ Այստեղ իսկապես զով է, աղջկան առաջարկում եմ գրավել իր տեղը, նա թեթևակի շիկնում է.
- Դե, ոչինչ, ինձ համար այստեղ էլ վատ չէ, եթե ուզում եք...
Ի՞նչ կարող ես անել, եթե նա հարգում է իմ ճերմակ մազերը, նշանակում է՝ կարիք չկա երկրորդ անգամ խնդրել։ Հերթական կայարանում մեր ավտոբուսը կանգնում է: Ավտովարորդը ճաշարան է շտապում, նրան հետևում են ուղևորները։ Իսկ կարմրաթուշ կինը տեղից շարժվելու միտք չունի, պատուհանից հանում է գլուխը, մի եփած հավ գնում, ձեռքում ծանրութեթև անում և ասում.
- Սրա գինը շատ լինի, շատ լինի՝ երեք ռուբլի, իսկ այդ սպեկուլյանտն ինձնից հինգ ռուբլի պոկեց։ Որտե՞ղ է մեր միլիցիան, որտե՞ղ է դրուժիննիկը։ Օրը ցերեկով թալանում են մարդկանց։ Անխիղճնե՜ր:
Երկար ճանապարհը հոգնեցրել է, ուզում եմ դուրս գալ ավտոբուսից, աղջիկը մեկնում է ինձ մի թղթադրամ։
- Խնդրում եմ, եթե կարելի է, ինձ համար մի շիշ ջուր բերեք։
Կարմրաթուշ կինը շուռ է գալիս, ակնհայտ չարությամբ նետում.
- Տեսեք, է՜, մայրիկի սիրունիկ բալիկը չի ուզում իջնել ավտոբուսից, և առանց ամաչելու ուրիշներին է շահագործում: Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքե՞ր չունես։
Աղջկա դեմքը կարծես ցավից կծկվում է, շուրթերը դողում են։ Նրա աչքերում աղերսանքի պես մի բան կա։ Ո՛չ, նա չի ուզում պատասխանել, և ես նրա փոխարեն պատասխանում եմ.
- Ներեցեք, տիկին, ուրիշների գործերին խառնվելն այնքան էլ լավ բան չէ։ Խորհուրդ չեմ տալիս։
Բուֆետից գնում եմ երեք շիշ հանքային ջուր, մտնում ավտոբուս։ Կարմրաթուշ տիկինն արդեն խժռել է հավը, հիմա էլ թարմ վարունգ է խրթխրթացնում։ Աղջկա և ինձ համար երկու շիշ եմ բացում, ճամպրուկից հանում խաշած միս, հաց ու պանիր։ Աղջիկը նույնպես բացում է իր ճամպրուկը, հանում տապակած ձուկ և երկու բաժակ։
- Հիմա կարգին քեֆ կանենք,- ասում եմ:
Տիկինը ցուցադրաբար շուռ է տալիս դեմքը։
Մենք նստել ենք մի ավտոբուսում, ճաշում ենք միասին և անծանոթներ ենք։ Ես չգիտեմ, թե ով է այդ աղջիկը, ուսանողուհի՞ է, թե՞ ինչ-որ հիմնարկում մեքենագրուհի կամ քարտուղարուհի։ Պարզապես լուրջ աղջիկ է, կարող ես հետը զրուցել լուրջ հարցերի շուրջ, կատակել ու ծիծաղել չափավորության սահմաններում։ Բայց մենք հիմա ծանոթներ ենք ավտոբուսում և այն էլ պատահական ծանոթներ։ Երեկոյան տեղ կհասնենք, նա իր ճանապարհով կգնա, ես՝ իմ: Գուցե վաղը կամ մյուս օրը փողոցում պատահաբար հանդիպենք և իրար բոլորովին չճանաչենք։
Ուղևորները ներս են մտնում: Կապույտ պիջակով տղան երկու մեծ փունջ մորի էր գնել, մի փունջը մեկնում է աղջկան.
- Վերցրեք, խնդրեմ, այս կողմերի մորին քաղցր է։
- Իսկ փունջը որքա՞ն արժե։
- Ինձ համար՝ ձրի։
- Այդ դեպքում թողեք ձեզ մնա։
Բաց-նարնջագույն բլուզով տղան ժպտում է.
- Մեկ-զրո:
Կարմրաթուշ տիկինը նորից չարացած նայում է աղջկան։
- Ա՛յ աղջիկ, դու էլ ի՞նչ ես ձևեր թափում, տալիս է՝ վերցրու։
Տղան ուզում է հաշիվը հավասարեցնել և դիմում է իմ օգնությանը.
- Քեռի, ասացեք՝ թող վերցնի։ Ես անկեղծ սրտով... Խնդրում եմ, ուրիշ բան չմտածեք։
Այ թե լավ բռնեցրեց՝ քեռի՜։ Իսկ գուցե՝ հայրիկ կամ պապիկ։ Եթե այս գեղեցիկ աղջիկը չլիներ, նա երբեք ինձ քեռի չէր անվանի։ Բայց ի՞նչ կարող ես անել, քառասուն տարեկանները միշտ էլ քսան տարեկանների համար քեռի են։
- Խնդրում եմ, քեռի,- տղան իսկապես խնդրում է, և ես քեռու իրավունքով հարցնում եմ.
- Քանիսո՞վ եք գնել։
- Դատարկ բան է, քեռի, կոպեկներ:
- Կայարաններում, բալիկ ջան, կոպեկներով մորու այսպիսի փնջեր չեն, վաճառում։
Նա իմ «բալիկ ջանն» ընդունում է այնպես, ինչպես երես առած երեխան կընդունի քեռու ապտակը։ Ես նրա բուռն եմ խոթում մեկ ռուբլանոցը, մորու փունջը տալիս աղջկան։ Բաց-նարնջագույն բլուզով տղան, որ հավանաբար սպորտսմեն է, հաշվում է.
- Երկու-զրո, այն էլ՝ տասնմեկ մետրանոցով։
Ավտոբուսը ծանր փնչոցներով հաղթահարում է վերջին վերելքը։ Կապույտ պիջակով տղան գրպանից հանում է խաղաթղթերը, խառնում և ընկերոջը հրավիրում խաղի։ Վեց բուլկի և մի հավ խժռող տիկինը նրան ցույց է տալիս իր կողքի ազատ տեղը։
- Եկեք միասին խաղանք։
Տղան երեք անգամ տանուլ է տալիս, նրա մրցակցուհին քրքջում է։
- Դե լավ, դե լավ, երեք անգամ դուռակ դարձար, դա էլ է հերիք։
Սպորտսմենը գլուխն առանց ամսագրից կտրելու, խաղավարի սառնասրտությամբ հաշվում է.
- Հաշիվը դարձավ 3։0։
Ավտոբուսը թեթև սահում է ուղիղ ու հարթ, ասես տողաշարով գծած ճանապարհով։ Երկինքը բաց կապույտ է, օդը հագեցած ճամփեզրի փշատենիների բուրմունքով։ Կարմրաթուշ տիկինը հենվել թիկնակին, քնել է կուշտ կերած երեխայի քնով, սպորտսմենը ամսագիր է կարդում, կապույտ պիջակով տղան լուռ նայում է պատուհանից։ Առաջին շարքում նստած շիկահեր մարդը, որ հավանաբար մեղվաբույծ է, իր տարիքն առած հարևանուհուն պատմում է, թե ինչպես կարելի է մի տարում միևնույն մեղվափեթակից երեք անգամ մեղր ստանալ։ Չնայած տարեց կինը նույնիսկ դեմքի շարժումով չի հակաճառում նրան, բայց մեղվաբույծը շարունակ կրկնում է. «Է՜, տեսնո՞ւմ եք, չեք հավատում»։
Աղջիկը մորու փունջը ինձ հետ կիսում է, և մենք հիմա զրուցում ենք որպես մոտիկ ծանոթներ։ Ես նրան պատմում եմ իմ փոքրիկ տղայի մասին, որ սիրում է քանդել իր խաղալիքներն ու նորից հավաքել։ Իսկ մի անգամ, երբ քանդելու բան չէր մնացել, աչքը գցել է հեռուստացույցին ու հարցրել. «Հայրիկ, իսկ հեռուստացույցը ե՞րբ պիտի փչանա, որ մի լավ քանդենք»։
* * *
Կայարանում կայարանի աղմուկն է։ Կարմրաթուշ տիկինն իր երկու խոշոր սնդուկներ հիշեցնող ճամպրուկները դրեց մայթեզրին, սպորտսմենը և կապույտ պիջակով տղան կանգնեցին բարդու շվաքում, իսկ աղջիկն ուշանում է։ Ես մոտեցա, նա կանգնած էր դռան մոտ. նայեց ինձ ու շշնչաց մի տեսակ մեղավոր.
- Իսկ գուցե օգնեք, ուզում եմ իջնել:
Կարմրաթուշ տիկինը ծամածռեց դեմքն ու՝
- Տեսեք, է՜, խնդրում է օգնել... Ա՛յ աղջիկ, ի՞նչ է, դու ոտքեր չունե՞ս։
Դա ոչ ոք չէր սպասում։ Աղջիկը նայեց նրան և ճչաց.
- Տիկին, չունեմ, պրոթեզ է, ի՞նչ եք ուզում ինձնից։
Նա երեխայի պես ծածկեց դեմքն ու սկսեց հեկեկալ։ Սպորտսմենն ու կապույտ պիջակով տղան կարծես տեղում քարացան, մեղվաբույծը մոտեցավ կարմրաթուշ տիկնոջը և գլուխն օրորեց.
- Տիկին, ինչպե՜ս չեք ամաչում։
ԾԱՓԵՐԸ
Լեոնիդ Ենգիբարյանի պայծառ հիշատակին
Ձեռնածուն ուրիշ նոր ֆոկուս ցույց տվեց։ Նա ճերմակ թաշկինակը փաթաթեց ճերմակ թղթի մեջ, թափահարեց օդում, փոքրիկ փաթեթի միջից մի վարդագույն թաշկինակ ընկավ։ Վարդագույն թաշկինակը փաթաթեց՝ կապույտ թաշկինակ հանեց, կապույտը փաթաթեց՝ ոչ մի բան չհանեց։
- Հայրի՛կ,- առաջին շարքում նստած փոքրիկ շիկահեր տղան բռնեց հոր թևը, ականջին շշնջաց,- ես ծաղրածու եմ ուզում։
- Որ քեզ խելոք չպահես, ծաղրածուն կխռովի,- պատասխանեց հայրը։- Հապա մի լավ նայիր, տես ֆոկուսնիկ քեռին ինչ է անում։
Երկու տղամարդ ներս բերեցին երկու մեծ արկղ, ձեռնածուն ձեռքով մոտ կանչեց անկյունում կանգնած բաց սրունքներով աղջկան, պառկեցրեց դարչնագույն արկղի մեջ, կարմիր շորով ծածկեց։ Հաղթ ուսերով տղամարդը թեթև փետուրի պես մի ձեռքով վեր բարձրացրեց արկղը, պտտեցրեց ու դրեց գետնին։ Ձեռնածուն վերցրեց կարմիր ծածկոցը, հանդիսատեսներին ցույց տվեց դատարկ արկղը և ապա մոտեցավ, բացեց երկրորդ արկղի կափարիչը։ Երկրորդ արկղից թռավ բաց սրունքներով աղջիկը, ժպտաց հանդիսատեսներին։
- Հայրիկ, իսկ որտե՞ղ են ծաղրածուները,- հարցրեց տղան։- Որտե՞ղ են կարմիր, կանաչ, կապույտ թասակավոր ծաղրածուները։
- Եթե խելոք չմնաս, ես քեզ համար հեծանիվ չեմ գնի,- ասաց հայրը։
- Ես հեծանիվ չեմ ուզում, ծաղրածու եմ ուզում։
- Հապա նայիր, առյուծներն են գալիս։
ժոկեյի կանաչ տաբատով, երկար մազերով, երկարաճիտ կոշիկներով աղջիկը մտրակը թափահարելով ներս բերեց երկու առյուծի։ Մտրակի շրխկոցների տակ առյուծները խեղճացան ու պառկեցին գետնին։ Աղջիկը վառեց բարձր գմբեթից կախած օղակը, թափահարեց մտրակն ու գոչեց.
- Ալե՜յ, հո՛պ...
Առյուծներն իրար ետևից ցատկեցին հրե օղակների միջով։ Նույն բանը կրկնվեց երեք անգամ, միայն այն տարբերությամբ, որ վերջին ցատկի ժամանակ առյուծներն ավելի բարձր էին մռնչում։
Այնուհետև եկավ փիղը, աղջկա հրամանով չոքեց, պառկեց, կանգնեց զույգ ոտքերի վրա ու կնճիթը թափահարեց։ Ուղտերն իրենց բրդոտ սապատները ճոճելով, պտտվեցին կլոր հարթակում, արջերը մրթմրթալով հեծանիվ քշեցին, շները վազեցին ֆուտբոլի գնդակի ետևից, նապաստակն ու գայլը պառկեցին կողք-կողքի...
Տղայի համար առյուծները, ուղտերը, արջերը, գայլն ու նապաստակը խրտվիլակներ էին, բայց, այնուամենայնիվ, փիղը մեղք էր, որովհետև չոքում, զույգ ոտքերի վրա կանգնում էր մեծ դժվարությամբ, և ո՞վ գիտե, գուցե լա՞ց էր լինում։
- Ես ծաղրածու եմ ուզում, իսկական ծաղրածու,- գոչեց տղան և դահլիճը ծիծաղեց։
- Ամոթ է,- սաստեց հայրը,- ես քեզ այլևս կրկես չեմ բերի։
- Բայց ես ծաղրածու եմ ուզում,- նա թախանձանքով նայեց հոր դեմքին և ուռցրեց այտերը։- Որտե՞ղ են ծաղրածուները։
- Քեզանից լավ ծաղրածո՞ւ,- իբր սրամտեց հայրը։- Տզտզանի մեկը։
Երաժշտությունը թնդաց, նույն պահին հայտնվեցին օդային մարմնամարզուհիները՝ փայլփլուն, մարմիններն ամուր սեղմած մայկաներով ու կիսավարտիքներով, կախվեցին օղակներից, սկսեցին ճոճվել օդում՝ բարձր գմբեթի տակ։ Հզոր յուպիտերների լույսի ներքո նրանք գեղեցիկ էին, շլացուցիչ, գայթակղող ու եթերային։ Վարդագույն մայկայով ու կիսավարտիքով աղջիկը ակրոբատիկ ցատկեր կատարեց, գալարվեց օձի պես, տարածեց վարդագույն թևերը, նազանքով խոնարհվեց հանդիսատեսներին։
- Լավ է, չէ՞,- հայրը շոյեց տղայի գլուխը։
- Չգիտեմ,- տղան շարժեց ուսերը։- Ես ծաղրածու եմ ուզում։
- Դու քո ծաղրածուներով մեզ սպանեցիր։ Խնդրեմ, ահա նրանք գալիս են։
Ծաղրածուները երկուսն էին՝ մեկը կանաչ, ծոպավոր թասակով, բավականին մեծ-մեծ կոշիկներով և տաբատի նեղ փողքերով, մյուսը՝ երկար, նարնջագույն քթով, երկփեղկված ճաղատով ու պոմիդորի պես կարմիր այտերով։ Ճաղատը ապտակեց ծոպավոր թասակավորին, ծոպավոր թասակավորը գրպանից հանեց մուրճը, խփեց նրա գլխին, ճաղատից ճարճատելով կայծեր թռան։ Դահլիճը ծիծաղեց։ Ճաղատը հարձակվեց նրա վրա, պոկեց քիթը, և որովհետև դա քիթ չէր, այլ իսկական գազար, դանակով բաժանեց երկու հավասար մասի, կեսը վերադարձրեց տիրոջը, կեսն ինքը կերավ։ Դահլիճը ծիծաղեց։
Ճաղատը գրպանից հանեց օղու թե լիմոնադի շիշը, պարունակությունը դատարկեց թասակավորի կոկորդի մեջ, մատով սեղմեց նրա ճակատը, թասակավորի զույգ ականջներից ջուր շատրվանեց։
Դահլիճը ծիծաղեց։
Ճաղատ ծաղրածուն նայեց, տեսավ առաջին շարքում, հոր կողքին նստած շիկահեր մանչուկին, մոտեցավ, գրպանից մի կարմիր խնձոր հանեց, մեկնեց նրան ու ասաց.
- Բալի՛կ, սա այն հրաշք խնձորներից է, որ միշտ հեքիաթների վերջում ընկնում է երկնքից։ Հապա՛ փորձիր։
Տղան գիտեր, որ դա իսկական խնձոր չէր, այլ ծաղրածուի հերթական ֆոկուսն էր, պատասխանեց.
- Ծաղրածո՛ւ, չեմ ուզում, հեքիաթների խնձորները համ չունեն։
Դահլիճը և՛ ծիծաղեց, և՛ ծափահարեց։ Ծափերն ուղղված էին շիկահեր տղային, ծիծաղը՝ ծաղրածուին։
* * *
Նա առավոտյան պտտվեց կրկեսի շենքի շուրջը։ Ջրավազանի մոտ կանգնած անծանոթ մարդը նկատեց ու հարցրեց.
- Պստիկ, ո՞ւմ ես որոնում։
- Ես ուզում եմ խոսել ծաղրածուի հետ,- մեծավարի պատասխանեց տղան։
- Ծաղրածուները շատ են։
- Գիտեմ,- ասաց տղան։- Ես ուզում եմ խոսել այն ճաղատ ծաղրածուի հետ, որն ինձ երեկ ուզում էր հյուրասիրել հեքիաթի խնձորով։
- Ահա թե ի՜նչ,- անծանոթը մեկնեց ձեռքը։- Դե, ուրեմն, նախ և առաջ ծանոթանանք։ Անտոն Պլատոնովիչ։ Վաստակավոր արտիստ։
Տղան նույնպես ասաց իր անուն-հայրանունը ու հարցրեց.
- Իսկ ինչո՞ւ դուք ճաղատ չեք։
- Ես միայն արենայում ելույթների ժամանակ եմ ճաղատանում։ Իսկ դու ինչի՞ մասին ես ուզում խոսել ինձ հետ։
- Ես ուզում եմ ծաղրածու դառնալ։ Դրա համար ի՞նչ է հարկավոր։
- Հումորի զգացում, տղաս։ Իսկ դու այդ մեկն արդեն ունես, երեկոյան տեսանք։
- Բայց ես ուզում եմ մե՜ծ, շա՜տ մեծ ծաղրածու դառնալ։
- Դա, իհարկե, դժվար է, բայց ոչ անհնարին։
- Ես ուզում եմ, որ մարդիկ չծիծաղեն ծաղրածուների վրա։
- Չծիծաղեն ծաղրածուների վրա՞,- ծաղրածուն լրջացավ։- Բայց դա ինչպե՞ս հասկանալ։
- Ծաղրածուն մարդ է, չէ՞ ։
- Իհարկե, մարդ է։
- Ծաղրածուն ուզում է, որ ամենքը ծիծաղեն վատ մարդկանց վրա։
- Ահա թե դու ինչպիսինն ես, շեկլիկ,- ծաղրածուն քնքշանքով շոյեց նրա մազերը։- Այդքան պստլիկ ու այդքան մեծ երազներ։ Զարմանալի է։ Իսկ ո՞վ գիտե, գուցե մի օր մենք հանդիպենք։
* * *
Որտե՜ղ ասես, որ չտարան նրան ճանապարհները. Մոսկվայից՝ Վարշավա, Հեռավոր Արևելքից՝ տոթակեզ Ուզբեկստան, Պրահայից՝ Լոնդոն, Բոմբեյից՝ Վաշինգտոն, Հռոմից՝ Լյուքսեմբուրգ... Որտե՜ղ ասես, որ նրան չծափահարեցին ու չդրվատեցին նրա անզուգական արվեստը՝ կրկեսի նոր աստղ, աշխարհի ամենազարմանահրաշ կախարդը, մնջախաղի ամենամեծ վարպետը…
Երբ կլոր դահլիճում մարեցին ծափերի տարափները, նա հոգնած ու գոհ մտավ գրիմանոց, ծաղկեփնջերը դրեց հարդասեղանին ու ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Ո՞վ էր այդ ծերունին, որ նստել առաջին շարքում, այդպես եռանդով ծափահարում էր իրեն։ Զարմանալի է, ծաղիկները սովորաբար աղջիկներն ու ջահել կանայք են նվիրում արտիստներին, և հանկարծ այդ ծերուկը մոտեցավ, կարմիր վարդերի մի փունջ մեկնեց ու ասաց. «Շնորհակալություն, որդի՛ս...»։
Նա վառեց հանգած սիգարետը, փակեց աչքերը։ Շնորհակալություն, որդիս։ Ձայնը կարծես ծանոթ էր, հեռուներից, շա՜տ հեռուներից էր գալիս։ Որտե՞ղ է տեսել այդ կապույտ աչքերը, որ ժպտում են այդպես ջինջ ու խորհրդավոր։
- Ներեցեք, ես ձեզ խանգարեցի։ Դռան մոտ կանգնած է ինքը՝ առյուծաբաշ ծերունին։
- Խնդրեմ, հայրիկ,- ցույց տվեց նրան դիմացի բազկաթոռը։- Նստեցեք։ Ես նոր, հենց հիմա մտածում էի ձեր մասին։ Դուք ինձ կարմիր վարդեր նվիրեցիք,- դեմքով ցույց տվեց վարդերի փունջը։
- Տարօրինակ է, չէ՞,- ծերունին թեթևակի խոնարհեց գլուխը։- Ես Ձեզ մոտ եմ եկել մի հարցով։
- Լսում եմ, հայրիկ։
- Գիտե՞ք, ես քսանհինգ տարի առաջ հանդիպեցի մի հետաքրքիր մանչուկի։ Դա Կիսլովոդսկում էր։ Նա ինձ ասաց՝ ուզում եմ մարդիկ չծիծաղեն ծաղրածուների վրա։
Արտիստը վառեց մեծ լապտերը, նայեց ծերունու դեմքին։
- Սպասեցեք, հայրի՛կ, դուք այն ճաղատ ծաղրածո՞ւն չեք... Եթե չեմ սխալվում՝ Անտոն Պլատոնովիչը...
- Աստվա՜ծ իմ, հիշում եք... Ինչ լավ է, որ հիշում եք։
- Իմ սիրելի բարեկամ,- նա գրկեց ծերունուն, պտտեցրեց, նստեցրեց բազմոցին, մոտ քաշեց աթոռը։- Վաղո՞ւց եք թողել կրկեսը։
- Վաղո՜ւց,- խոր հոգոց քաշեց ծերունին։- Ես այդպես էլ չկարողացա գտնել այն, ինչ որ դուք էիք երազում։ Հանդես եկա առանց դիմակի՝ չստացվեց։ Դիմակով՝ չստացվեց։ Մոսկվայում առաջին անգամ տեսա ձեր ելույթը ու հիշեցի այն շիկահեր տղային, որին այսօր աշխարհն է ծափահարում։ Ձեր մնջախաղը հրաշք է, տղաս։ Շնորհակալություն։
Ջահել արտիստը բռնեց ծերունու ձեռքն ու մտածեց. «Իսկ ես վաղը նորից կգնամ ծափեր հավաքելու։ Ո՞վ գիտե, գուցե գտնեմ այն ծափերը, որ իր ամբողջ կյանքում որոնել է այս բարի ծերունին ու չի գտել»։