Դեռ մանկությունից անմահության տենչն ինձ հանգիստ չէր տալիս։ Ինչ գիրք որ կարդում էի, ուզում էի անպայման նմանվել դրանց հերոսներին։ Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն» վեպի հերոսի օրինակով ես էլ մեր շաքարամանից շաքար թռցրի, բայց հորեղբայրս փոխանակ մատը խրելու բերանս, սկի ձևի համար չհարցրեց. «Ա՛յ տղա, էդ ի՞նչ ես խրխրթացնում»։
Ի՜նչ անտարբեր մարդ է: Որ ես անմահանամ, մի քիչ էլ այդ անմահությունից իրեն տամ, աշխարհը կքանդվի՞։
Որոշեցի նմանվել Հովհաննես Թումանյանի Գիքորին. մոտեցա հորս ու ասացի. «Հայրիկ, ի՞նչ կլինի, որ գյուղացի Համբոյի նման ձեռքս բռնես, տանես քաղաք, գործի տաս, որ մարդ դառնամ»։ Հայրս տարավ բերեց, թե՝ «Ես հիմա որտեղի՞ց մի Բազազ Արտեմ գտնեմ, որ վզակոթիդ տա ու ասի. «Հը՛, բալը թա՞նկ է»։
Իսկ ինչո՞ւ չհետևել Ավետիք Իսահակյանի Աբու Լալա Մահարուն։ ճիշտ է, մեր գյուղում ուղտեր չկան, բայց դրանց փոխարեն ամեն գոմում մի ավանակ կա: Ուղտերին վստահել չի կարելի, մեկ էլ տեսար կատաղեցին և անապատի ավազուտների մեջ ինձ հոշոտեցին։ Ավանակներն ավելի անվնաս կենդանիներ են։
Մի գիշեր, երբ գյուղը խաղաղ քնած էր, լուսնից նարինջ էր ծորում, գոմից հանեցի մեր և մեր հարևանների ավանակները, կազմեցի շքեղ մի քարավան ու բռնեցի հեռավոր անապատի ճանապարհը։ Առջևի էշին փառահեղ բազմած, Աբու Լալա Մահարու նման մտածում էի աշխարհի ունայնության մասին, քննադատում կնոջն ու ընկերոջը, բարեկամին ու ծանոթին, մեկ էլ դեմս ելավ անտառապահ Ենովքը, զարմացած նայեց ինձ ու հարցրեց.
- Ա՛յ տղա, էդ էշերը ետևդ գցած ո՞ւր ես գնում։
- Դեպի արևավառ անապատը,- գոչեցի ըմբոստ։- Ուզում եմ ընկերանալ օձերին ու կարիճներին,- և պաթոսով վրա բերեցի.- Սրիկա է նա, ով հայր է լինում,- ապա,- Լավ է մակույկով հանձնվել ծովին, քան թե հավատալ կնոջ երդումին։
- Յա՜, էս լակոտի գլխի վինտը ոնց որ պակասել է,- աչքերը ճպճպացրեց անտառապահ Ենովքը։- Տո, լակոտի մեկը, ո՞նց թե սրիկա է նա, ով հայր է լինում... Դե շուտ քարավանիդ գլուխր շուռ տուր ետ...
Իմ Աբու Լալա Մահարին տապալվեց։ Բան չկա, հիմա էլ Շիրվանզադեի «Նամուսը» կսկսեմ: Խնդրեմ, ես ի՞նչ պակաս Սեյրան եմ, մեր հարևան Ավագ քեռին ի՞նչ պակաս Բարխուդար է։ Ավագ քեռու Մարիամն ի՞նչ պակաս Սուսան է:
Մի շնչում սիրահարվեցի Մարիամին, Սեյրանի նման թաքուն մտա նրանց բակը, բայց Մարիամը փոխանակ ինձ նման հալումաշ լինի, իրենց կատաղած շունը վրաս քսի տվեց ու ետևիցս շպրտեց. «Սրան նայեցե՜ք, խնձորի գող է եկել»։
Ես այդպես էլ չկարողացա նմանվել իմ սիրելի հերոսներին, և մի օր էլ գրիչը ձեռքս առա ու մտածեցի. «Իսկ ինչու ինքս հերոսներ չստեղծեմ և անմահանամ իմ ստեղծած հերոսների մեջ»:
Բայց խոսքը մեր մեջ, ես անմահանալուց շատ եմ վախենում։ Ախր, անմահության թեկնածուներն այնքան շատ են, որ եթե աշխարհը դառնա մի հսկա պանթեոն, հազիվ թե բոլորին տեղավորի։ Իսկ լավն այն չէ՞ մնամ հասարակ մահկանացու, ոտքերս մեկնեմ իմ վերմակի չափով։
No comments:
Post a Comment