Հա, սիրելի Առաքել... ներողություն, Առնոլդ կամ Ակսոլդ, որոշել ես ծանոթանալ մի սիրուն աղջկա հետ և պսակվե՞լ։ Դու էլ, երևի, գիտես, որ սիրուն աղջիկները շատ են ու բազմազան, ինչպես, ասենք, այն ներկերը, որոնց օգնությամբ աղջիկներն ավելի են սիրունանում, մայրիկները օրիորդներ են դառնում, տատիկները՝ ջահել տիկիններ... Բայց դու չխաբվես գույներով, հանկարծ չկպչես մի թխահերի, այդ թխահերը կարմրահեր կամ շիկահեր դուրս կգա։
Որպեսզի չխաբվես, մի քանի օր կնստես բաղնիքի կողքին ու աչքդ վրան կպահես, տեսնես լողարանից ո՞ր աղջիկն է իր բնական գույնով ու դեմքով դուրս գալիս։ Տես, հա՜, կանանց «Կոսմետիկայի» դռան մոտ չկանգնես. տգեղները «Կոսմետիկա» են մտնում՝ գեղեցիկ դուրս գալիս, գեղեցիկները մտնում են՝ տգեղ դուրս գալիս։
Եվ այսպես, ծանոթացե՞լ ես սրտիդ ուզած աղջկա հետ... Բայց տես, հա՜, սրտիդ թելադրանքով չգնաս, որովհետև մարդուս սիրտն ու ուղեղը տարբեր բաներ են, ինչպես որոշ մարդկանց խոսքն ու գործը։ Սիրտը թույլ կամքի տեր արարած է, ում փեշից բռնեց, կասի՝ բաց չթողնես։ Ուղեղն ուրիշ է, հազար ու մի բջիջ ունի, այդ բջիջներով պիտի անցկացնես սրտիդ ընտրածին, որպեսզի խախալի, մաղի, հունցի, քացախացնի և նոր միայն իր խոսքն ասի։
Ծանոթացար պրծա՞ր։ Հիմա էլ պիտի իմանաս, թե ովքեր են աղջկա ծնողները, ամիսը որքան աշխատավարձ են ստանում, եկամտի ինչ աղբյուրներ ունեն, այդ աղբյուրները վարա՞ր են, թե՞ մեր քաղաքի շենքերի հինգերորդ հարկերի ծորակների նման են...
Մոռացա ասել. աղջիկն իր սովորության համաձայն, սկզբում մի քիչ չեմ ու չեմ պիտի անի։ Բա ո՜նց, իսկույն գիրկդ չի նետվելու, թե ես քեզ համար խելագարվում եմ։ Նախ և առաջ կասի՝ դեռ երեխա եմ, ուսումս պիտի շարունակեմ... Չնայած չորս-հինգ տարի է՝ ինստիտուտի դռներն է մաշում, բայց ոչ շպարգալկաներն են օգնում, ոչ ծանոթությունը, ոչ էլ ազդեցիկ ազգականի հեռախոսազանգերն ու փողը։ Ախր, ի՞նչ երեխա, երեխաները մանկապարտեզ են գնում և քանիերո՜րդ անգամ լսում են իրենց դաստիարակչուհու պատմած «Կարմիր գլխարկ» հեքիաթը։
Ուրեմն՝ ճանկեցի՞ր աղջկա սրտի բանալին... Այստեղ քեզ ի՞նչ է մնում՝ այդ բանալիով բանալ նաև աղջկա ծնողների սրտի դռները։ Չէ՛, օժիտի մասին չխոսես, ուղղակի հետախուզության կարգով նայիր ապագա աներոջդ ու զոքանչիդ աչք-ունքին, տես քանի «Վոլգայի» ու «Ժիգուլիի» փող ունեն, թիկունքներում ինչպիսի մարդիկ են կանգնած, ում հետ են նստում-վերկենում, սեղանին քանի աստղանի կոնյակի շիշ են դնում... Աշխատիր ապագա զոքանչիդ սիրտը մտնել, մեկ-մեկ էլ նրան շփոթիր սիրածիդ հետ, որպեսզի օժիտի «Ժիգուլին» «Վոլգա» դառնա։ Լավ իմացիր, այդ հարցում հայրն այնքան կարևոր չէ, որքան մայրը։
Հետախուզությունդ ավարտեցի՞ր...
Դե՛, հիմա կարող ես նշանվել։ Հիշիր, սա շատ կարևոր հանգամանք է՝ մեկ, երկու ոսկե մատանիով չբավարարվես, նշանածիդ թևը ոսկե ժամացույց էլ կապիր, վզից ոսկե մեդալիոն կախիր, ականջից՝ սուտակե օղեր... Կորած տեղ չի, էլի ձեր տունն է բերելու։
Նշանվեցիր պրծա՞ր...
Չշտապես պսակվել և ժամանակից շուտ ամուսնական լծի տակ ընկնել, մեկ էլ տեսար, վիզդ ջարդվեց։ Մի երկու-երեք տարի էլ նշանված մնա, շաբաթը երկու-երեք անգամ վայելիր աներոջդ սեղանի առատ բարիքները։ Դեռ կարող ես նրանց հաշվին հարսնացուիդ հետ շուրջերկրյա ճանապարհորդություններ կատարել, աշխարհներ տեսնել ու մի անգամ էլ համոզվել, որ երկրագունդն, իրոք, կլոր է։
Այսքանից հետո քեզ ի՞նչ է մնում՝ պսակվել։ Հիմա էլ պիտի մտածես, թե ինչպիսի մարդկանց ես հրավիրում հարսանքիդ, հրավիրվածները ինչպիսի նվերներ պիտի բերեն, որ և՛ հարսանքի ծախսերը հիմնովին փակես, և՛ դեռ մի այդքան էլ շահույթ ստանաս։
Պսակվեցի՞ր... Ապրես, սրանից դենը այլևս չեմ կարող քեզ խորհուրդներ տալ, որովհետև արդեն շատ մեծ փորձ ես կուտակել և ուրիշներին էլ դու կարող ես խելք սովորեցնել։ Կարող ես նաև մի քանի անգամ ևս հաջողությամբ պսակվել, բայց, խոսքը մեր մեջ, այդ մեկը խորհուրդ չեմ տալիս, որովհետև ծխելու կամ խմելու նման հետագայում դա կարող է վատ սովորություն դառնալ, սովորությունն էլ՝ բնավորություն...
Դե ինչ, հաջողություն քեզ։ Ամուսնական երկար տարիների երջանկություն եմ ցանկանում։
No comments:
Post a Comment