15 July, 2012

ՆՐԱ ՏԵՂԸ ՄՆԱՑ ԹԱՓՈՒՐ

Վազգեն Օվյանը կենդանության օրոք բոլորի կողմից ընդունված հեղինակություն էր, վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը: Քչերն են գրում տարբեր ժանրերով և ստեղծում արժեքավոր երկեր: Բնությունը շռայլ է եղել նրա նկատմամբ: Մտերիմները, ընկերները նշում են, որ նա շատ արագ էր գրում, գրում էր կենտրոնացած, մի տեսակ շտապում էր… Շտապում էր, որովհետև ասելիք ուներ:

Ժողովրդի հիշողության մեջ Օվյանը մնացել էր որպես երգիծանքի մեծ վարպետ: Օվյանական հումորը, սարկազմը առկա է նրա տարբեր ժանրերի ստեղծագործություններում: Ավագ սերունդը լավ է հիշում «Մախաթ» գրական-երգիծական հաղորդաշարը, որին միշտ անհամբեր սպասում էին: Սիրում էին նաև Օվյանի թատերգությունները: Դահլիճը միշտ լեփ-լեցուն էր լինում: Երկար ժամանակ մեր թատրոնի բեմից չէին իջնում «Մեծ լոռեցին», «Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց» պիեսները, որ ներկայացվել են 100-ից ավելի անգամ:

Բայց պիտի խոստովանել, որ Օվյանի մեծությունը խորությամբ չէր ընկալվում կենդանության օրոք: Երևի ժամանակ էր հարկավոր։ Հիշենք Սևակի արդեն թևավոր դարձած խոսքը. «կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը»: Իմ կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ գրողի լավագույն գործերը երկար ժամանակ անտիպ էին:

Ես բախտ եմ ունեցել լսել Օվյանին, հաղորդվել նրա խոսքի կախարդանքին: Այդ օրը Օվյանը տանտիրոջ իրավունքով սեղանն էր ղեկավարում և զուգահեռ ընթերցում իր բանաստեղծությունները՝ ավելի քան երկու ժամ: Մենք՝ երիտասարդներս, զարմացած, հիացած լսում էինք նրան: Կարծես կենդանի մարգարե լիներ մեր առջև նստած: Կարդում էր այն, ինչ այն ժամանակ ոչ ոք չէր համարձակվի բարձրաձայն ասել, իսկ գրելու մասին խոսք լինել չէր կարող:
Այդ օրը, ավելի ճիշտ՝ այդ մի քանի ժամը գրականության ամենալավ դասն էր մեր կյանքում:

Միայն տարիներ հետո՝ Արցախյան շարժման օրերին մեր ժողովրդի որոշ ներկայացուցիչներ պիտի ասեին այն, ինչ Օվյանը գրել էր շատ առաջ՝ ոչ թե ճառի տեսքով, այլ՝ գեղարվեստական խոսքի՝ պատկերավոր, համոզիչ: Միանգամայն այլ գրական կյանքով էր ապրում Վազգեն Օվյանը։ Երբ տպագրվեց ադրբեջանցի բանաստեղծ Ռասուլ Ռզայի բացահայտ հակահայկական ոգով գրված բանաստեղծությունը, Օվյանը որպես պատասխան գրեց. «Սմբատ և Բաբեկ» ստեղծագործությունը:

Վազգեն Օվյանի մահից անցել է ուղիղ քսանհինգ տարի: Անցած տարիները հաստատեցին, որ նա արցախահայ գրականության մեջ երևույթ էր, և նրա տեղն այդպես էլ մնացել է թափուր: Ցավալի է, իհարկե, սակայն անփոխարինելի մարդիկ, բարեբախտաբար թե դժբախտաբար, լինում են։ Գրողի գործընկեր Մարսել Պետրոսյանը գրել է. «Երբ հեռացավ կյանքից, կոլեկտիվում զգացին, որ խմբագրությունում սյուն է փլվել, սյուն, որ ահռելի տարածք էր պահում իր ուսերին... Նրան փոխարինեցին շատերը, բայց, ավա՜ղ, այնուամենայնիվ, նրա տեղը մնաց թափուր՝ ռադիոյում, գրողների շարքում, և անգամ թատրոնում, ու այսօր էլ այդ իրավիճակը մնում է անփոփոխ»։

Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը գրում է, որ Արցախյան շարժման օրերին իրեն երկու բան կսկիծի պես հետապնդում էր. «Եթե Սևակը կենդանի լիներ՝ նրա խոսքից ինչքան կշահեր մեր շարժումը և Վ. Օվյանը… առանձնապես նրա երգիծանքը ադրբեջանական մամուլի դեմ պայքարում»:

Նշանավոր գրողն իրավացի է: Այդ զգացումը շատերս ենք ունեցել: Հրապարակում կանգնած մարդիկ հաճախ էին հիշում Օվյանին, զգացվում էր նրա բացակայությունը:
Վ. Օվյանի բացակայությունը մենք զգում ենք նաև մեր օրերում: Քանի դեռ մեր կյանքում տեղ ունի սուտը, կեղծիքը, երկերեսանիությունը, քանի դեռ, Սայաթ-Նովայի բառերով ասած՝ սուտը ճշմարտության տեղ է անցնում, փուշը՝ վարդի, ագռավը՝ սոխակի, Վազգեն Օվյանը երբեք չէր լռի:

Նրա համար երգիծանքը, քննադատությունը ինքնանպատակ չէր. իր հողին ու ջրին նվիրված տաղանդաշատ գրողը շատ էր սիրում մեր լեռնաշխարհն ու նրա աշխատասեր, հպարտ ժողովրդին, և ուզում էր, որ արատավոր երևույթները կյանքում տեղ չգտնեին: Նրա համար հայրենասիրությունը վարքագիծ էր, ոչ թե կեցվածք:

Նա կյանքում ոչ մի իշխանավորի առջև գլուխ չի թեքել։ Երբ որոշ մտավորականներ իշխանավորների առջև ոչ միայն գլուխ էին թեքում, այլև հաճախ թևի տակից դուրս չէին գալիս, Օվյանը գրում էր իր հայրենասիրական լավագույն ստեղծագործությունները: Գրում էր, թեպետ գիտեր, որ դրանք չեն հրապարակվի։ Բայց արվեստագետը քաղաքացիական պարտքն էր կատարում: Ներքուստ համոզված էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր անտիպ ստեղծագործությունները կդառնան ժողովրդի սեփականությունը:

Վ. Օվյանի գրվածքները ոչ միայն ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունեն, այլև՝ գեղագիտական հզոր լիցք: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ «Այս Ղարաբաղն է», «Նկարիչ, Արցախ նկարիր», «Ղարաբաղ», «Արտ է, արոտ է», «Ղարաբաղ եմ ասում», «Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել», «Եզը» և ուրիշ շատ գործեր:

«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը մեր հպարտության երգն է, այն վաղուց է դարձել մի յուրատեսակ այցեքարտ մեր երկրի մասին: Այս տարի լայնորեն նշվում է Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակը: Ինձ թվում է, որ կառավարության կողմից ճիշտ կլիներ 2012 թվականը հռչակեին Վազգեն Օվյանի տարի: Վ. Օվյանի ստեղծագործությունները մեր օրերում հրատարակվում են, մարդիկ ընթերցում են, մեջբերումներ անում, տարբեր բեմերից արտասանում այս կամ այն գործերը: Այս ամենը խոսում է այն մասին, որ նա մեզ հետ է, մեր կողքին, և Վազգեն Օվյանի երկերը կշարունակեն բազում սերունդներ հուզել ու դաստիարակել:


ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ
Բանասեր

No comments:

Post a Comment