Մայիսի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ Ելույթներ ունեցան գրողի ժամանակակիցներն ու գրչակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են նրա հետ, անձնապես ծանոթ են եղել, նաև մարդիկ, ովքեր անձամբ ծանոթ չեն եղել Վազգեն Օվյանին, բախտ չեն ունեցել տեսնել նրան, սակայն այսօր մեր գրականությունը չեն պատկերացնում առանց Վազգեն Օվյանի...
10 տարի առաջ, 2002-ի մայիսի 21-ին, երբ այդ նույն դահլիճում նշվում էր «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» 10-ամյակը, հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ, բարեգործ Մկրտիչ Մկրտչյանն առաջին անգամ լսեց Վ. Օվյանի «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը։
«Ես, աթոռիս մեջ մխրճված և մարմինս փշաքաղված, ունկնդրում էի այդ սքանչելի գործը։ Երբ մեծ ծափահարություններով քերթվածքն ավարտվեց, իմ քով նստած, իմ մոտիկ բարեկամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Բորյա Ալավերդյանին հարցրի, թե ով է այդ գլուխգործոց բանաստեղծության հեղինակը և խնդրեցի այդ քերթվածքից մի օրինակ գտնել ինձ համար»,- գրել է Մկրտիչ Մկրտչյանը։
Մի տարի հետո նրա օժանդակությամբ Երևանում տպագրվեց Վազգեն Օվյանի լավագույն անտիպ ստեղծագործությունների մի մասն ընդգրկող «Լեռների լեգենդը» ժողովածուն, որոնց մեջ էր նաև «Այս Ղարաբաղն է» պոեմ-բանաստեղծությունը։
Վերոհիշյալ հուշ-երեկոյին ներկա էր նաև Մ. Մկրտչյանը։
«Ասիկա ինձի համար մեծ անակնկալ է, որովհետև ես Ղարաբաղ եկա 3 օր առաջ, որպեսզի մայիսի 9-ի հսկայական տողանցը դիտեմ... Ես բախտ ունեցա 10 տարի առաջ գտնվել այս նույն սրահում, լսել նրա «Այս Ղարաբաղն է»-ն ու ծանոթանալ նրա ընտանիքի հետ... Ես այդ բանաստեղծությունը Տորոնտոյի մեջ արտասանեցի և տորոնտոցիները մեկեն շվարեցան, թե Ղարաբաղի մեջ մշակույթ կա, այդպիսի նշանավոր բանաստեղծ կա...»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը։
Ելույթներ ունեցան լրագրող, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ԼՂՀ նախագահի օգնական Ռուդոլֆ Մարտիրոսյանը, ԱրՊՀ հոգեբան, հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Խաչատրյանը, Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի լեզվի և գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, ԼՂՀ ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը և ուրիշներ։
ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, երիտասարդ դերասան Էրիկ Ավագյանը, Արցախի պետհամալսարանի ուսանողուհի Լաուրա Գաբրիելյանը և ուրշներ ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործություններից։
Հանրապետության ժողովրդա-կան արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը գրողի հետ ստեղծագործական համագործակցության մասին հուշեր պատմելուց հետո կատարեց Վ. Օվյանի խոսքերով գրված, արցախցիների սիրելի «Ստեփանակերտ» երգը։ Նշեցին, որ Վազգեն Օվյանի «Այդ ես չեմ երգում», «Լեռների հետ», «Ղարաբաղ», «Դերունց ծորումը», «Տմբլաչի Խաչանը» և տասնյակ այլ բանաստեղծությունների խոսքերով երգեր են գրել Գեղունի Չիթչյանը, Արմեն Նասիբյանը, Կիմ Առաքելյանը և այլ կոմպոզիտորներ ու գուսաններ։ Նրա երգերը հնչում են հանրահայտ երգիչներ Ռուբեն Մաթևոսյանի, Ֆլորա Խորենյանի, Թովմաս Պողոսյանի, Նաիրուհի Ալավերդյանի և այլոց կատարմամբ։
Հուշ-երեկոյին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, հարյուրավոր արվեստասերներ ու Վազգեն Օվյանի տաղանդի երկրպագուներ։
Հատվածներ ելույթներից.
ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ - Ես բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ, ավելին՝ աշխատելու նրա անմիջական ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ Վազգեն Օվյան երևույթին։ Դա արել է ժողովուրդը և դա արել է ամենաանաչառ դատավորը՝ Ժամանակը։
Ցավոք սրտի նա չապրեց մինչև ղարաբաղյան շարժումը։ Հիշում եմ, մեր մեծանուն դերասան Բենիկ Օվչյանը պատերազմի այն դժնդակ տարիներին խրամատից խրամատ, նկուղից նկուղ էր անցնում, արտասանում էր Վազգեն Օվյանի
«Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ»
հրաշք բանաստեղծությունն ու բարձրացնում էր մարդկանց ոգին...
Հայրենասիրական դաս՝ որպես այդպիսին, ես առել եմ նաև հենց Վազգեն Օվյանից, նրա գրվածքներից։ Ամեն առավոտ, երբ մենք ներկայանում էինք աշխատանքի, Վազգեն Օվյանը հավաքում էր երիտասարդներիս և սկսում էր կարդալ իր նոր գրած բանաստեղծությունները, պատմվածք կամ մանրապատում... Ուղղակի շռնդալից տաղանդ էր նա, և հազար ափսոս, որ ժամանակից շուտ հեռացավ կյանքից։ Սակայն, այնուամենայնիվ, այն, ինչ իրենից հետո թողեց Վազգեն Օվյանը, հատկապես այն գործերը, որ հետմահու են տպագրվել, խոսում են նրա մեծ տաղանդի մասին...
ՌՈՒԴՈԼՖ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Ես պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ՝ մարզային ռադիոյում. ինքը գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիրն էր, ես՝ մարզային ռադիոյի հաղորդավար։ Ինձ համար մի նոր հայտնություն էր նա։ Ես փորձում էի հասկանալ՝ ո՞վ է Վազգեն Օվյան ֆենոմենը, այդ հայտնությունը մեր գրական աշխարհում...
Ես նկատում էի, որ նրա հայրենասիրական բանաստեղծություններում միանգամայն այլ ենթատեքստ կա, կանխազգում էի, որ հաստատ նա կունենա անտիպ ստեղծագործություններ... Այսօր եզակի գրողներ կլինեն, որ ցույց տան թեկուզ մի թերթ ու ասեն՝ ես այս բանաստեղծությունը գրել եմ այն տարիներին՝ կայսերապետական գրաքննության տարիներին...
Եվ ես վերջապես ինքս ինձ համար պարզեցի, որ նա որքան պարզ ու հասարակ էր, այնքան՝ տաղանդավոր, և որքան տաղանդավոր էր, այնքան՝ պարզ ու հասարակ...
ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ - Բավականին երկար ընդմիջումից հետո մենք հավաքվել ենք արժեվորելու մի բանաստեծի, մի գրողի, որին թվում էր, թե փորձում էինք առօրյայում մոռացության տալ։ Եվ այսօր այս գեղեցիկ դահլիճում մենք խնկարկենք Վազգեն Օվյանի հիշատակն ու ասենք՝ իրոք մեծ քաղաքացի էր, մեծ հայ էր, մեծ արցախցի էր և մեծ գրող էր։
Այսօրվա մեր սերունդը կարդալով Վազգեն Օվյանի ստեղծագործությունները, միգուցե դրանք սովորական թվա նրան, բայց երբ մտովի տեղափոխվում ենք այն ժամանակահատվածը, որում ապրել է Վազգեն Օվյան բանաստեղծը, դրամատուրգը, երգիծաբանը, որը փորձ է կատարել բարձրաձայնել մի այնպիսի ժամանակահատվածում, երբ մարդիկ վախենում էին խոսել այնպիսի երևույթների մասին, որ կարողանում էին ասել միայն Շիրազի, Սևակի նման բանաստեղծները, նրա մեծությունը դառնում է ավելի հզոր, և այսօր կարդալով նրա բանաստեղծությունները, հասկանում ենք, որ իրոք մեծ բանաստեղծ, մեծ գրող է նա...
Այն տարիներին իրոք նրա յուրաքանչյուր ստեղծագործություն նորույթ էր, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն հայաշունչ էր, Ղարաբաղով հագեցված էր ու հնրավոր չէր չկարդալ ու չսիրել նրան...
Հուշ-երեկոյի վերաբերյալ Արցախի հեռուստատեսությամբ հեռարձակված նյութը (video)
http://www.youtube.com/watch?v=Jniw2I5eRnI
Հուշ-երեկոյի վերաբերյալ Արցախի հեռուստատեսությամբ հեռարձակված նյութը (video)
http://www.youtube.com/watch?v=Jniw2I5eRnI
No comments:
Post a Comment