ՆԱԽԱՏԻՆՔ
Նախատում են ինձ անդադար-
Ինչո՞ւ լեզուդ քեզ չես պահում,
Ի՞նչ ես գոռում գլխապատառ,
Ո՞ւմ համար է սիրտդ ցավում։
Քո ի՞նչ գործն է՝ պարողն ով է,
Շատերի պես դու էլ ծափ տուր,
Թթվին ասա մեղրածոր է,
Յաբուդ նստիր, սանձը թափ տուր։
Ի՜նչ անենք, թե այսինչ պետը
Անբան է ու կաշառակեր,
Քաղցր լեզու գտիր հետը,
Շնորհք ունես, դու էլ առ կեր։
Ուրիշները իրենց համար
Ծովափներին քեֆ են քաշում,
Իսկ դու գրչիդ կպել համառ,
Գիշեր-ցերեկ թուղթ ես նախշում։
Հա՜, գրում ես, հա՜, ջնջում ես,
Ինքդ քեզնից դուրս ես գալիս,
Սիզիֆի պես քեզ տանջում ես
Եվ զույգ ձեռքով գլխիդ տալիս։
Բայց վաստակիդ պտուղն ո՞ւր է,
Որ այրվում ես այդպես անբոց,
Ոչ սեփական «Վոլգա» ունես,
Ոչ էլ շքեղ ամառանոց։
Աշխարհից ի՞նչ պիտի տանես
Քո այդ խելքով պլատոնական,
Ախր դու ի՞նչ տղամարդ ես,
Սիրուհի էլ չունես անգամ։
Շաղակրատ ու շողոքորթին-
Հա՜ ճզմում ես գրչիդ տակին,
Եվ նրանք էլ կարծում են, թե
Նախանձում ես իրենց փառքին։
Դիրեկտոր ու պետ չես ասում,
Էլ չես ասում՝ ընկեր, ծանոթ,
Կոխկրտելով ո՞ւր ես վազում,
Յաբուդ պահիր, ա՛յ Դոն Կիխոտ։
Ի՞նչ ես դառնում վատամարդի,
Ինչո՞ւ աչքի փուշ ես դառնում,
Բառագունդդ հանել մարտի,
Խայթում ես ու չես կշտանում։-
Նախատում են՝ թող նախատեն,
Ես ոչ խուլ եմ, ոչ էլ հավկուր,
Հո չեմ կարող ուղտը նստել
Եվ կուզեկուզ ման գալ կյանքում։
Այն հեքիաթի մանկան նման
Լավ չէ՞ ասեմ՝ մե՜րկ է արքան,
Քան անհեթեթ գովեմ նրան
Ու վայելեմ փառք ու հարգանք։
1984 թ.
* * *
Ես ծաղրել եմ ու ծանակել հուդաներին այն եղծավոր,
Որոնք իրենց անմարդկային կշեռքով են
Մեր մարդկային ըմբոստ ոգու ճիչը կշռել:
Ես ծաղրել եմ ու ծանակել այն ստրկահաճ հպատակին,
Որ ջարդվել է կրունկի տակ դաժան տիրոջ,
Սակայն նորից սողացել է ու պատժողի աջն համբուրել:
Ես ծաղրել եմ ու ծանակել մարդուկներին այն երկդեմի,
Որ դավել են բազում անգամ հավատն իրենց,
Բայցև այսօր հանդգնում են Քրիստոսի խաչն համբուրել:
ԳՐԻՐ
Կարդա, այ իմ խելոք մանուկ...
Ալ. ԾԱՏՈՒՐՅԱՆ
Կարդա, այ իմ գրող բալա,
Սոնետ գրիր, գրիր օդա,
Հորինիր միշտ պոեմ, բալլադ,
Հորինելն է հիմա մոդա:
Կցմցելով հանգը վանկին,
Կգնաս ու հասնես Պառնաս,
Բնակարան կտան կարգին,
Լավ հոնորար դու կստանաս:
Գիրք տպելով առաջ կանցնես,
Աչքի կընկնես կռվով, դավով,
Մեկ էլ տեսար մի օր էլ քեզ
Անվանեցին տաղանդավոր:
Միջակության թոհուբոհում
Պնդաճակատ եղիր, տղաս,
Միշտ աղմկիր ու կռիվս տուր-
Տակիդ «Վոլգա» դու կունենաս:
Ճառեր ասա և մասնակցիր
Բանկետներին ու քեֆերին,
Հարգիր քեզնից դիրքով մեծին,
Շողոքորթիր քո շեֆերին:
Գրիր, թեկուզ գրածներդ
Չհավանեն ու չկարդան,
Միշտ ձևացիր ազնիվ՝ թեկուզ
Երդումներիդ չհավատան:
Գիշեր-ցերեկ գրիր, տղաս,
Գրիր մինչև շունչդ վերջին,
Լավ բանաստեղծ որ չդառնաս,
Հո կլինես լավ դանոսչիկ:
ՄԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ
Ո՞ւմ ենք մեծարում՝
Մի խեղկատակի,
Որ հանուն շահի
Կեղծել, ստել է,
Մի կաչաղակի,
Որ մեր գրական
Անդաստաններում
Միայն ծրտել է:
ՄԻ ՊՈԵՏԻ
Դու ոչ զուռնաչի եղար պատվական,
Ոլ էլ զուռնաչու դամքաշ մի կարգին,
Եվ բախտ չունեցան տաղերդ այնքան,
Որ այսօր քեզ հետ անցնեն թոշակի:
Է՜հ, բախտ է, էլի, գրողը տանի,
Մարդիկ գալիս են ու գնում հերթով,
Մեկը մեռած է՝ թեկուզ կենդանի,
Մյուսն ապրում է իր մահից հետո:
* * *
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
Նազարին, ճիշտ է, մենք նոր չենք թաղել,
Բայց արի ու տես, որ խոր չենք թաղել.
Հին Նազարն իր մեջ նոր Նազար սնել,
Հին Նազարից՝ նոր Նազար է ծնվել:
Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:
1981 թ.
* * *
Լինում է այնպես, հիմարն էլ հաճախ
Դառնում է հանճար,
Մեզ՝ խելոքներիս
Դասեր է տալիս,
Սովորեցնում, թե ինչպես անենք՝
Իր ձեռքով փոսը գլորած քարը
Այդ փոսից հանենք:
Եվ մենք, որ այնքան
Խելոք ենք կյանքում,
Հիմարին էլ ենք հաճախ ենթարկվում,
Նրա դհոլ ու զուռնի տակ պարում,
Մեծարում նրան ու ծափահարում:
Է՜հ, ես ի՞նչ ասեմ աշխարհին այս սին,
Հիմարի քարը մեր խելոք գլխին:
ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին...
Վարդան Հակոբյան
Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:
Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:
Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:
Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:
ՂԱՐԱԲԱՂԱՍԵՐԸ
Օղին խիստ թունդ է, գինին՝ անարատ,
Պանիրը՝ ընտիր, խորովածն՝ առատ.
Այս ճոխ սեղանը ո՞նց չհավանի.-
Մի բաժակ խմեց ու ցավը տարավ
Մելիք Ավանի,
Երկրորդ բաժակը նա ձեռքը առավ,
Թվաց, թե տակին սուրողը ձի է,
Գոռաց.
- Մաշտոցն էլ ղարաբաղցի է,
Ղարաբաղցի է քաջ Վարդանը մեր,
Ղարաբաղումն է Նելսոնը ծնվել... -
Երրորդ բաժակը երբ նա դատարկեց,
Նուրբ թելի նման սիրտը բարակեց.
- Ա՛խ, Ղարաբա՜ղը, իմ Ղարաբա՜ղը,
Քուչակի տա՜ղը,
Մեր թթի բա՜ղը,
Մեր Բովուրխանի դրախտ անտա՜ռը,
Մեր Ճարտար գյուղը, Քիրսի կատարը,
Մռավ սար տանող այն կածան-ուղին,
Մեր Խոթավանքը, մեր Պըլը-Պուղին... -
Խմեց ու հարբեց, փաթ ընկավ լեզուն.
- Ես Գանձասարի մեր վանքն եմ ուզում,
Խեղդվել եմ ուզում մեր Թարթառ գետում,
Մեռնեմ՝ կթաղեք Ստեփանակերտում...
Մեր ղարաբաղցիք քաջ են, անվրդով,
Ամեն մեկը մի խիզախ Մադաթով... -
Խմեց ու հարբեց, հարբեց ու խմեց,
Գլուխը դրեց սեղանին՝ քնեց,
Իսկ առավոտյան, երբ քունը առավ,
Բարձեց մեքենան ու իր հետ տարավ
Թթի թունդ օղի, յուղ, պանիր, կարագ,
Լոբի, կարտոֆիլ, թոնրի հաց բարակ,
Հոնի մուրաբա, նեկտար, բալասան...
Հետո վերջումն էլ դարձավ ու ասաց.
- Դե ես գնացի, իսկ դուք էլ կեցցե՛ք,
Մեր այս լեռները ամուր պահեցեք:
ՈՐԴԻՆ
Զանգեցին գյուղից. «Մայրդ հիվանդ է».
Նա պատասխանեց. «Բժիշկ կուղարկեմ»:
Նորից զանգեցին. «Վիճակը վատ է».
Նա պատասխանեց. «Կգամ, իհարկե,
Միայն թե, գիտե՞ք, կուշանամ մի քիչ,
Խորհրդակցություն և ժողով ունենք»:
Իսկ երեկոյան զանգեցին գյուղից.
«Մայրիկը մեռավ, վաղը թաղումն է»:
Չհասավ նա իր մոր վերջին խոսքին,
Սակայն թաղմանը ներկա էր արդեն,
Գնաց ու կանգնեց դագաղի կողքին...
Դե էլ ի՞նչ աներ, պաշտոնյա մարդ է:
Նա հո չի կարող ուրիշների պես
Հուզվել, հառաչել, անել սուգ ու լաց,
Մայրն էլ մեծ կին էր՝ ողջ գյուղին ի տես
Իր բաժին կյանքը ապրեց ու գնաց:
Եվ հետո եղան բաժակաճառեր,
Կենացներ՝ «««Մեր սուրբ մոր հիշատակին»,
Որ շատ անվանի որդի է ծնել,
Իսկ ինքը այսքան հասարակ մի կին:
Ինչո՞ւ տրտնջալ, որ այսքան տարի
Չի եղել որդին իրենց հարկի տակ,
Հասկացեք, ախր, ո՜վ բարի մարդիկ,
Գործերը շատ են, ժամանակը՝ թանկ:
Եվ խոսեց ինքը՝ պաշտոնյա որդին,
Խոսքի մեջ ճարտար, գործում՝ անբասիր,
Մոր մասին խոսեց ազնիվ ու անգին
Ու որդիական սուրբ պարտքի մասին:
Ասաց՝ հպարտ եմ, անչա՜փ բախտավոր,
Որ ինձ այդպիսի լավ մայր է ծնել,
Եվ խոստանում եմ՝ հիշատակն իմ մոր
Իմ միջոցներով հավերժացնել...
. . . . . . . . . . . . . . . . .
Սրան ի՞նչ կասեք՝ որդիական սե՞ր,
Թե հենց պարզապես պա՞րտք որդիական:
Լավ ճառ բոլորն էլ կարող են ասել,
Լավ որդի լինել... դա հեշտ չէ այնքան:
No comments:
Post a Comment