11 November, 2013

Առականի

ՀԱՐԲԱԾ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Նապաստակը հարսանքատնից դուրս եկավ բարձր տրամադրությամբ ու ձենը գլուխը գցեց.
- Մի փիղ բերեք՝ խեղդե՜մ, երկու փիղ բերեք՝ խեղդե՜մ…
- Կեցցե՜ս, նապաստա՛կ,- ասաց սկյուռը,- ա՛յ թե համարձակն է, հա՜…
Նապաստակն ավելի ոգևորվեց ու ձայնն ավելի բարձրացրեց.
- Երեք փիղ բերեք՝ խեղդե՜մ, չորս փիղ բերեք՝ խեղդե՜մ...
- Կխեղդի՜, կխեղդի՜,- ձեռ առավ աղվեսը,- ախր, ո՞վ չգիտե քաջ նապաստակին։
Նապաստակն այստեղ կորցրեց չափն ու սահմանը.
- Տասը փիղ բերեք՝ խեղդե՜մ, քսան փիղ բերեք՝ խեղդե՜մ… Ամբողջ Ջունգլիստանի փղերը բերեք՝ խեղդեմ:
Եվ հանկարծ ընձուղտը կտրեց նրա ճանապարհն ու հարցրեց.
- Այդ ո՞ւմ ես ուզում խեղդել, շլդի՛կ…
Նապաստակի թուքը բերանում չորացավ.
- Ես հհենց աայնպես... Ես մմի քքիչ խխմել էի.... Իսկ դդուք փփիղն եք, չչէ՞ , հհզոր փփիղը…
- Ի՞նչ փիղ, ես ընձուղտն եմ, ընձուղտը...
Նապաստակը հենց իմացավ դիմացինը ընձուղտն է, հավաքեց իրեն ու ճչաց.
- Իսկ դուք ինչո՞ւ եք տնկվել իմ ճանապարհին, ես միայն փղերին եմ խեղդում, ողորմելի՜...



ՔՍՄՍՎԵԼՈՎ

Կատուն այնքան քսմսվեց դռնապահ ընձուղտի ոտքերին, որ ընձուղտը խղճաց նրան ու ներս թողեց։
Կատուն մտավ բաժնի վարիչ գայլի առանձնասենյակն ու հիմա էլ նրան քսմսվեց։
- Լավ, անցիր,- ասաց գայլը և բացեց հաջորդ դուռը։
Կատուն ընկավ առյուծի տեղակալ վագրի մոտ, մլավեց, շարժեց պոչը, և նրա առջև այս անգամ բացվեց մեծ դուռը։ Առյուծը բարձրացրեց գլուխն ու մռնչաց.
- Իսկ դու այդքան դռներն ինչպե՞ս ես բացել ու հասել այստեղ։
- Քսմսվելով,- պատասխանեց կատուն։



ԴԱՏԱՍՏԱՆ

Ավանակը թռչնապահական ֆերմայի վարիչ էր։ Կատուն եկավ, թե՝ թղթակից եմ, քսան փամփլիկ ճուտիկ անուշ արեց ու գնաց։
Առնետը եկավ, թե՝ բժիշկ եմ, մի հիսուն հավի կոկորդ ծակեց, արյունը խմեց ու գնաց։
Աղվեսը եկավ, թե՝ ռևիզոր եմ, ֆերման լրիվ մաքրազարդեց ու գնաց։
Գայլը եկավ, թե՝ դատախազ եմ, տեսավ, որ ֆերմայում այլևս հավ չի մնացել, ավանակի հաշիվը մաքրեց ու գնաց։



ԿԱՏՈՒՆ ԱՆՏԱՌՈՒՄ

Կատուն ընկավ անտառ ու հայտարարեց.
- Փախե՜ք, եկա... Ես Չինգիզ խանն եմ, Չինգիզ խանը…
Չգիտես որտեղից վագրը կտրեց նրա ճանապարհն ու մռնչաց.
- Դու որ Չինգիզ խանն ես, բա ես ո՞վ եմ, հիմա՛ր։
Կատուն ակնածանքով խոնարհեց գլուխը.
- Ձերդ գերազանցություն, դուք էլ Նապոլեոն Բոնապարտն եք։



ԷՇԸ ԹԱՄԱԴԱ

Փղի հարսանքին էշը կարգվեց թամադա։ Երբ մի քիչ խմեց, բոթեց գայլի կողն ու ասաց.
- Փչեմ՝ երկինք կբարձրանաս։
Տրամադրությունը որ քիչ էլ բարձրացավ, արջի վրա մատը... ներեցեք, ոտքը թափահարեց.
- Ապուշի մեկը, աչքերդ կհանեմ։
Իսկ հետո կորցրեց չափն ու սահմանը և գոռաց վագրի վրա.
- Ավանակի մեկը, ի՞նչ իրավունքով ես նստել կողքիս։
Գայլը, արջն ու վագրը մեծահոգաբար կուլ տվեցին վիրավորանքները և նույնիսկ ծիծաղեցին։ Էշը թամադա էր։



ԻՆԿՈՒԲԱՏՈՐԱՅԻՆԸ

Վառեկը սկսեց ծաղրել բակի հավերին.
- Ապրում եք ատոմի դարում և տեխնիկայից ոչինչ չեք հասկանում։
- Իսկ դու տեխնիկայից ի՞նչ ես հասկանում,- հարցրին հավերը։
- Տգետներ, ես ինկուբատորից եմ գալիս։



ԹՌՉՈՂ էՇԸ

Էշը որոշեց թռչել: Կանգնեց ժայռի կատարին, գլուխ տվեց ստորոտում կանգնած կենդանիներին, որոնք եկել էին իր թռիչքը դիտելու, և ասաց.
- Բավական է որքան ապրել եմ էշավարի, խաբվել մի բուռ գարիով ու տնքացել ծանր բեռան տակ։ Ես հիմա կապրեմ արծվավարի։
Եվ, ինչպես պատահում է հեքիաթներում, էշը թռավ ժայռից, պտույտներ գործեց օդում... բայց, ինչպես լինում է առակներում, ընկավ ժայռի տակ ու ջարդվեց։
- Ապուշ,- գլուխն օրորեց փիղը,- ախր այդ ի՞նչ քամի փչեց գլխիդ:
- Ծնվել եմ էշ, ապրել եմ էշ, մեռնում եմ որպես արծիվ,- պատասխանեց էշը և ավանդեց հոգին՝ որպես ավանակ։



ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Էշը մեղադրվում էր անկարգության մեջ։ Քննիչը ջորին էր։
- Անո՛ւնդ։
- Էշ:
- Ծնողնե՛րդ։
- Էշեր:
- Որտե՞ղ ես ծնվել։
- Էշանոցում։
- Ինչո՞վ ես զբաղվում։
- Էշությամբ:
- Ի՞նչ է,- ծաղրեց ջորին,- դուք ամբողջ ցեղով էշեր եք եղե՞լ։
- Ինչո՞ւ միայն էշեր,- գլուխն ամոթից կախեց էշը:- Պատահում էր, որ մեր և յաբուների խառնուրդից ծնվում էին քեզ նման ջորիներ։



ԳԱՌՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Այս առակում պատահեց հակառակը՝ գառը կանգնեց գայլի դիմաց ու սկսեց հայհոյել.
- Ա՛յ դու սրիկա գայլի լակոտ, այդ ի՞նչ իրավունքով ես հարձակվել հոտի վրա, պոկել իմ ցեղակիցների փափուկ դմակները։
- Ներիր, գառնուկ ջան,- պատասխանեց գայլը,- եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես սկի մսակեր էլ չեմ:
- Քո եղբայրը հո մսակե՞ր է։
- Ես մորս միակ զավակն եմ։
- Քո հայրը…
- Իմ հայրը քաղցից մեռավ։
- Ուրեմն՝ քո քեռին է։
- Ես քեռի չունեմ:
- Ձենդ կտրի՛ր, ավազա՛կ,- գոչեց գառը,- հիմա քո մսակեր ցեղակիցների ոխը քեզնից կառնեմ։
Գայլը թակարդում էր…



ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Ինչպես ասված է առակում՝ ագռավը մի գունդ պանիր առավ ու թառեց ծառին։ Աղվեսը կանգնեց ծառի տակ, փառաբանեց ագռավի անուշ ձայնն ու խնդրեց մի բան երգել։
Ագռավը, ինչպես ասված չէ առակում, կուլ տվեց մի գունդ պանիրն ու գոռաց.
- Ապո՛ւշ, ես դիրիժոր եմ և ոչ թե երգիչ։



ԱՆՀԱՋՈՂ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ

Աղվեսն ամեն կերպ աշխատում էր դուր գալ պետ վագրին։ Դե, մեջտեղ պաշտոնը բարձրացնելու հարց կար։
Եվ ահա եկավ հարմար պահը՝ հանկարծամահ եղավ վագրի կողակիցը: Աղվեսն այդ օրն այնքան արցունք թափեց, այնքան հառաչեց ու ծեծեց գլուխը, որ վագրը սկսեց կասկածել. «Կա-չկա, այս անիծվածը կնոջս սիրեկանն է եղել»։
Հաջորդ օրը աղվեսն ազատվեց պաշտոնից։



ԱՂՎԵՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չգիտես ինչ հրաշքով, աղվեսը դարձավ հիմնարկի դիրեկտոր։
- Սա անարդարություն է,- կնճիթը շարժեց տեղակալ փիղը:- Ախր, ո՞վ է տեսել կամ լսել, որ աղվեսը փոխարինի վագրին։
- Ես զայրույթից կպայթեմ,- փրփրեց կադրերի բաժնի վարիչ արջը:- Ո՞վ և ի՞նչ իրավունքով է աղվեսին մեզ վրա դիրեկտոր նշանակել։
- Բողոքենք վերադասին,- ըմբոստացան գայլը, հովազը, ընձուղտը և զեբրը։
Բայց չհասցրին։ Աղվեսը հաջորդ օրը փղին լարեց արջի դեմ, արջին՝ գայլի դեմ, գայլին՝ ընձուղտի, ընձուղտին՝ զեբրի, զեբրին՝ փղի դեմ... Հետո հրավիրեց ընդհանուր ժողով, քննարկեց նրանց վարքագիծն ու վտարեց աշխատանքից…



ԿՐԿԵՍԻ ԳԱՅԼԸ

Կրկեսի գայլը փախավ, հարձակվեց ոչխարի հոտի վրա, բայց նույն պահին շները վրա թափվեցին ու սկսեցին գզել նրան։
- Ի՞նչ եք անում,- բողոքեց գայլը,- ախր, ես կրկեսից եմ։
- Կրկեսի համարները մեզ մոտ չեն անցնում,- պատասխանեցին շներն ու գայլի բուրդը քամուն տվեցին։



ԽԱՂԱՂԱՍԵՐԸ

Աքլորն ու հնդկահավը սկսեցին վիճել։
- Ես հեծելազորի գեներալ եմ,- ասաց աքլորը,- առաջինը դու պիտի ինձ պատիվ տաս։
- Իսկ ես ադմիրալ եմ,- փքվեց հնդկահավը,- դու պարտավոր ես ենթարկվել ինձ։
- Դու դատարկ տակառի մեկն ես,- ծղրտաց աքլորը,- ես քեզ ոտքերիս տակ կտամ։
- Նավաստու ազնիվ խոսք եմ ասում, բմբուլներդ քամուն կտամ,- ղլղլացրեց հնդկահավը։
Եվ հանկարծ թփի ետևից դուրս նետվեց աղվեսը, ոլորեց երկուսի վիզն ու ասաց.
- Չեմ թողնի անկարգություններ անեք, ես խաղաղության կողմնակից եմ։



ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

Փիղն անցնում էր թոշակի։ Ո՞վ պիտի արենայում փոխարինի նրան։ Ամենից շատ մոպսն էր անհանգստանում։
- Իսկ ի՞նչ եք կարծում,- հարցրեց նա առյուծին,- ո՞վ կարող է փոխարինել փղին։
- Իսկ դու ինչո՞վ ես պակաս,- ձեռ առավ առյուծը։
Մոպսը հումորի զգացում չուներ, հավատաց ու սկսեց պտտվել փղի շուրջը, չափվել նրա հետ, հարցեր տալ և այնքան ձանձրացրեց, որ փիղը նրան առավ իր կնճիթի վրա, շպրտեց մի կողմ ու ասաց.
- Ի՞նչ ես ոտքի տակ ընկնում, հիմար...



ԱՎԱՆԱԿԻ ԿԱՐԾԻՔԸ

Հայտնի առակում սայլը տեղից չշարժվեց, որովհետև կարապը, գայլաձուկը և խեցգետինը այն քաշում էին տարբեր ուղղություններով։
Բայց ահա եկավ ավանակը, նայեց անշարժ սայլին ու ասաց.
- Անիվները խանգարում են, հարկավոր է հանել։



ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Մեռավ Առյուծստանի արքա Առյուծ 20-րդը։ Երբ աղվեսի փայլուն դամբանականից հետո հանգուցյալի դիակն իջեցրին գերեզման, կատուն բռնեց դագաղի կողքից ու ասաց.
- Ինձ էլ թաղեցե՜ք արքայի հետ... Ինձ էլ թաղեցե՜ք... Ես չեմ կարող դիմանալ այս ծանր հարվածին... Ես կխելագարվե՜մ։
- Թաղեցե՜ք, թաղեցե՜ք,- ծվծվացին մկները,- մենք խոսք ենք տալիս մեր միջոցներով դամբարան կառուցել նրա գերեզմանին։
Կատուն այս որ լսեց, ետ նետվեց գերեզմանից, գլուխ տվեց մկներին ու պատասխանեց.
- Զգացված եմ, սիրելիներս, չեմ թողնի, որ ավելորդ ծախսերի տակ ընկնեք։



ՀԵՌԱՏԵՍԸ

Արջին նշանակեցին մթերային խանութի վարիչ։
Պահեստի դռնով ներս մտավ ու գոռաց տեղակալ գայլի վրա.
- Չե՞ս տեսնում, որ այս դուռը վրաս նեղ է գալիս։
- Բայց դուք ազատորեն ներս մտաք։
- Անհեռատես հիմա՛ր, իսկ երկու ամսից հետո ինչպե՞ս պիտի դուրս գամ։



ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Գայլը շշնջաց արջի  ականջին։
- Լսե՞լ ես, վագրն ուզում է ամուսնանալ աղվեսի հետ։
- Ինչպիսի՜ հիմարություն,- գոռաց արջը և վազեց բորենու մոտ:- Լսի՛ր, մռո՛ւթ, վագրն ամուսնանում է չախկալի հետ։
- Ա՛յ քեզ խելք,- հռհռաց բորենին ու լուրը հասցրեց աղվեսին:- Աչքդ լույս, աղվե՛ս, վագրը նշանվել է նապաստակի հետ։
- Աստված իմ, ինչե՞ր եմ լսում,- պոչը ոլորեց աղվեսը և վազեց սկյուռի մոտ:- է՛յ, փռչոտապոչի՛կ, լսե՞լ ես, վագրն ամուսնանում է կատվի հետ։
- Ամո՜թ, ամո՜թ,- ծվծվաց սկյուռն ու վազեց ընձուղտի մոտ:- Իսկ դու, երկարավիզ, լսե՞լ ես նորությունը՝ վագրն ամուսնանում է մկնիկի հետ։
Ընձուղտը՝ էշին, էշը՝ կատվին, կատուն՝ կապիկին, կապիկը՝ թութակին, թութակը՝ ողջ աշխարհին։
- Լսեցեք, վագրն ամուսնացել է մկնիկի հե՜տ, վագրն ամուսնացել է մկնիկի հե՜տ...
Եվ զայրացած առյուծ արքան կանչեց վագրին ու մռնչաց.
- Անամո՛թ, էլ աշխարհում ուրիշ կենդանի չգտա՞ր, որ ամուսնացար մկնիկի հետ։
- Ի՞նչ ես ասում, տիրակալ,- զարմացավ վագրը,- ես ինչպե՞ս կարող եմ ամուսնանալ ինչ-որ քոսոտ մկնիկի հետ։
- Դու այսուհետև փոխարքա չես, քո տեղը զիջիր գայլին։
- Սո՛ւտ է,- բողոքեց վագրը:- Բամբասում են։
- Հասարակական կարծիքը բամբասանք չէ,- պատասխանեց առյուծ արքան և ստորագրեց գայլին փոխարքա նշանակելու հրամանը։



ՀԻՇԱՏԱԿԻ ՓԵՏՈՒՐՆԵՐԸ

Կաչաղակը դարձավ էստրադային երգիչ ու Մկստանում հանդես եկավ հյուրախաղերով։ Մկները, որպես հիշատակ, սկսեցին մի-մի փետուր պոկել կաչաղակից։ Այնքան պոկեցին, որ անվանի երգիչը լրիվ մերկացավ, այդ վիճակում էլ գնաց Կատվաստան՝ համերգների։
Բայց որովհետև խեղճ երգչի վրա այլևս հիշատակի փետուր չէր մնացել, կատուները համերգից հետո վրա թափվեցին և ջերմ մթնոլորտում... հոշոտեցին նրան։



ԿՐԿԵՍԻ էՇԸ

Կրկեսի էշն իր ցեղակիցներին հանդիպեց դաշտում արածելիս ու սկսեց նախատել.
- Աստված իմ, դուք էլի նույն ավանակն եք մնացել: Ախր, հասկացեք, կյանքն այնտեղ է՝ կրկեսում։
- Իսկ դու կրկեսում ի՞նչ ես անում,- հարցրին ցեղակիցները։
- Վազում եմ, պոչս շարժում, զռռում, թավալ տալիս... Մարդիկ ինձ հեծնում են, սայլ եմ քաշում…
- Բայց չէ՞ որ մենք այդ նույն բաները կատարում ենք նաև այստեղ։
- Իսկ ո՞վ է գնահատում ձեր արվեստը։



ՆՈՅԻ ԱԳՌԱՎԸ

Թռչունները սկսեցին պարծենալ իրենց պատմական անցյալով։
- Մեր հերոս նախնիներն են փրկել Հռոմը,- ճչացին սագերը։
- Իսկ իմ նախնիներն իրենց անուշ երգով հիացրել են Ալեքսանդր Մակեդոնացուն,- խոսեց սոխակը։
- Իմ նախատատը Նոյ նահապետի բարեկամն է եղել,- ասաց աղավնին։- Այդ նա է հայտնաբերել աշխարհի առաջին մայրցամաքը։
- Այ քեզ մեծաբերան,- կռնչաց ագռավը։- Բայց չէ՞ որ դրանից առաջ իմ պապի պապն է պայտնաբերել այդ մայրցամաքի առաջին... լեշը։



ՄՐՋՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՏԱՆ

Մրջյունը բարձրացավ փղի կնճիթով ու կանգնեց նրա ականջին։
- Դու այդ ինչո՞ւ տնկվեցիր այդտեղ,- հարցրեց փիղը:
- Ոչ թե դու, այլ՝ դուք,- ուղղեց մրջյունը:- Ես մրջյունների թագավորության արտաքին գործերի մինիստրի տեղակալն եմ։
- Իսկ ի՞նչ հարցով եք եկել ինձ մոտ։
- Բերել եմ իմ երկրի կառավարության նոտան։ Լիազորված եմ իմ կառավարության կողմից հայտարարելու, որ չխառնվեք մեր արտաքին ու ներքին գործերին և մեզ հանգիստ թողնեք։ Քիչ առաջ դուք տրորել եք հազար չորս հարյուր տասնհինգ զինվոր, ծանր վիրավորել երկու հազար քառասունութ խաղաղ բնակիչ, քառասունվեց բնակատեղի…
- Ներեցեք, իսկ որտե՞ղ է ձեր այդ թագավորությունը:
- Ձեր ոտքերի տակ։



ՀԱՎԵՐՆ ՈԻ ԿՌՈՒՆԿՆԵՐԸ

Ցանկապատի ետևում քուջուջ անող հավերը դարձան չվող կռունկներին.
- Այդ դեպի ո՞ւր, քույրիկներ:
- Դեպի տաք հարավ։
- Իսկ ի՞նչ կա հարավում:
- Կանաչ գարո՜ւն, պայծառ ա՜րև, զուլալ ջրե՜ր։
- Իսկ այդ հարավը շա՞տ է հեռու։
- Շա՜տ... քառասուն սարի, քառասուն ծովի ետևո՜ւմ։
- Երանի ձեզ,- ասացին հավերը։- Մենք էլ կուզենայինք ձեզ հետ անցնել քառասուն սարի, քառասուն ծովի վրայով, եթե չլիներ այս ցանկապատը։



ԽԱՌՆԱԿԻՉԸ

Խլուրդը հիմնարկում իրեն վատ էր պահում, քիթն անտեղի խոթում էր այստեղ ու այնտեղ, բամբասում ու զրպարտում։
Հնար չկար, հրավիրեցին ժողով, քննարկեցին հարցը և բանավոր նկատողություն արեցին։
Սակայն խլուրդն իր խլուրդությունն էր շարունակում։ Բանավոր նկատողությանը հետևեց գրավոր նկատողությունը, գրավոր նկատողությանը՝ վերջին նախազգուշացումը։ Չէ՛, խլուրդը չփոխվեց։
- Այս հիմնարկում կամ մենք, կամ խլուրդը,- բողոքեցին զեբրը, ձին, եղնիկը և ընձուղտը։
Նորից ժողով, նորից խլուրդի հարցը։
- Ի՞նչ անել։
- Հարկավոր է աղվեսին հանել աշխատանքից,- խոսեց փիղը:
- Իսկ ինչո՞ւ աղվեսին,- խոսեց արջը։- Չէ՞ որ մենք այստեղ խլուրդի հարցն ենք քննարկում։
Եվ փիղը պատասխանեց.
- Որտեղ աղվեսներ կան, խլուրդներն այնտեղ իրենց ազատ են զգում։



ԳԱՅԼՆ ՈՒ ՖԵՐՄԱՅԻ ՎԱՐԻՉԸ

Ու էլի, ինչպես ասված է առակում, գայլն անտառից փախավ գեղը, բայց չասաց. «Նեղն եմ, նեղը»։ Ուղղակի գնաց ֆերմայի վարիչի մոտ ու կարգադրեց.
- Ինձ համար երկու գլուխ ոչխար դուրս գրիր, թե չէ...
- Թե չէ՝ ի՞նչ կանես,- հարցրեց ֆերմայի վարիչը։
- Կգնամ կախվեմ, կերածդ ոչխարներն այլևս չես կարող ինձ վրա դնել:
Բայց գայլն անգրագետի մեկն էր, չհասկացավ, որ ֆերմայի վարիչն իր կերած ոչխարների համար նախօրոք ակտ է կազմում։



ՊՈՉԻ ՄԱԶԸ

Աղվեսը բարձր պաշտոն ստանալու նպատակով ամեն առավոտ պոչով մաքրում էր առյուծ արքայի ճանապարհի փոշին։ Այնքան մաքրեց, այնքան խաղացրեց պոչը, որ գրավեց ավագ դռնապահի պաշտոնը։
Այստեղ նա ավելի կրկնապատկեց իր եռանդը, ավելի ուժգին պոչը քսեց գետնին, բայց զարմանալի բան, առյուծը մի օր կանչեց նրան ու ասաց.
- Ձեզ այսօրվանից ազատում եմ աշխատանքից:
- Ո՜վ մեծ տիրակալ,- աղվեսը ցույց տվեց իր պոչը,- իսկ մի՞թե ես այսքան տարի վատ եմ ծառայել ձեզ։
Եվ առյուծը պատասխանեց.
- Սիրելիս, բայց ձեր պոչի վրա այլևս մազ չի մնացել։



ՁԵՌՆԱԾՈՒՆ

Գայլը մտավ փարախ, խոնարհ գլուխ տվեց ոչխարներին ու ասաց.
- Սիրելիներս, ես հայտնի ձեռնածու եմ, թույլ տվեք ձեզ զվարճացնել։
- Խնդրում ենք, զվարճացրո՜ւ,- մայեցին ոչխարները։
Գայլը մի գառ խցկեց պարկի մեջ, պարկը շուռ տվեց, կենդանի գառան փոխարեն բուրդն ու փորոտիքը թափվեցին։
- Դա ի՜նչ մեծ բան է,- մայեցին ոչխարները։- Իսկ մեր վարիչն այնպես է ոչխարներով լիքը փարախը շուռ տալիս, որ ոչ բուրդ է երևում, ոչ էլ փորոտիք։



ԱՎԱՆԱԿԻ ԲՈՂՈՔԸ

Կրկեսում նոր վարժեցնողը դուր չեկավ ավանակին, կոպիտ մարդ էր, ամեն դատարկ բանի համար բղավում էր. «Դու ավանակ եղել ես, ավանակ էլ մնացել ես»։
Եվ ավանակն, առանց երկար-բարակ մտածելու, դիմում գրեց.
«Նոր վարժեցնողը վիրավորում է իմ ավանակային արժանապատվությունը, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել»։
Դիմումն ուղղված էր առյուծ արքային, բայց վերջինս ժամանակ չուներ ավանակի հարցով զբաղվելու։ Մի ուրիշ նոր վարժեցնող էլ նրան ստիպում էր միանգամից ցատկել երկու վառվող օղակների միջով։



ՄԻ ՎԱՆԴԱԿՈՒՄ

Գայլն ու նապաստակը հայտնվեցին արենայում: Վարժեցնողի հրամանով նրանք նստեցին կողք-կողքի, գայլն իր թաթով շոյեց նապաստակի մեջքը, նապաստակը գլուխը դրեց գայլի կրծքին...
- Մեր գայլն ու շլդիկը մտերիմ բարեկամներ են,- խոսեց վարժեցնողը։- Նրանք քնում են նույնիսկ մի վանդակում։
- Մի վանդակո՜ւմ,- հառաչեց գայլը։- Ա՜խ, եթե այդ անիծյալ վանդակը չլինե՜ր։



ԱՐՋԸ ՌԵԿՈՐԴՍՄԵՆ

Արջը հաղթահարեց 200 կիլոգրամ ծանրաձողը:
- Ուռռա՜ա,- ոռնաց մարզիչ գայլը։- Սահմանվել է համաշխարհային նոր ռեկորդ։
Արջը ոգևորվեց և այս անգամ բարձրացրեց 250 կիլոգրամանոց ծանրաձողը։
- Բռավո՜,- նորից ոռնաց գայլը,- սահմանվել է համաշխարհային մի նոր ռեկորդ։
Արջի ոգևորությունը կրկնապատկվեց, հարձակվեց 300 կիլոգրամանոց ծանրաձողի վրա, մի կերպ պոկեց գետնից, աչքերը չռեց, ուժ տվեց, բայց չկարողացավ դիմանալ ծանրության տակ...
Դատավոր ավանակը մոտեցավ, հոտոտեց ռեկորդսմենի կեղտոտված ոտքերը և երկար ականջները թափահարեց.
- Իմ կարծիքով՝ երրորդ ռեկորդից նեխած տանձի հոտ է գալիս։



ԵՐԿՈՒ ԱՔԼՈՐ

Երբ բակում աքլորը մեկն էր՝ աքլորակռիվ չկար։ Եկավ երկրորդ աքլորը և երկու կարմրակատարների միջև շարունակ վեճ ու կռիվ էր տեղի ունենում։
Հավանոցի նախկին տիրակալն ասում էր նորեկին.
- Բակն էլ է իմը, հավանոցն էլ, դու ավելորդ ես։
Նորեկը ծղրտում էր.
- Իսկ դու արդեն քավթառել ես, այս բակում այլևս անելիք չունես։
Տերը տեսնելով, որ աքլորներն իրենց գործը թողած՝ հիմարություններով են զբաղվում, ասաց. «Չէ, ինչպես երևում է, երկու աքլորի համար մի բակն էլ է նեղ, հավանոցն էլ»։ Եվ երկուսին բռնեց ու մի կաթսայում եփեց:



ԱՐԴԱՐԱՄԻՏԸ

- Կենդանաբանական այգում ինձ չափազանց վատ են կերակրում,- տրտնջում էր գայլը:
Ավանակը խղճաց նրան ու զռռաց.
- Սա ի՞նչ անարդարություն է, ի՞նչ իրավունքով եք խեղճ կենդանուն քաղցաց պահում:
Կենդանաբանական այգու աշխատողները լսեցին արդարամիտ ավանակի բողոքն ու նույն օրը, գայլի պահանջները բավարարելու համար, երկարականջին քշեցին գայլի վանդակը:



ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Աղվեսն ու ճագարն իրար հետ չէին հաշտվում։ Աղվեսին հանեցին թռչնաբուծական ֆերմայի պահակի պաշտոնից և նշանակեցին բանջարանոցի պահակ, ճագարին էլ հանեցին բանջարանոցից ու դարձրին թռչնաբուծական ֆերմայի պահակ։
Եվ աղվեսի ու ճագարի միջև ստեղծվեց սերտ բարեկամություն։



ՆՈՐ ՊԵՏԸ

Կատուն մտավ մթերային խանութ և պահանջեց մի քանի մուկ կշռել։
- Մո՞ւկ,- զարմացավ մթերային խանութի վարիչ առնետը։
- Այո, մո՛ւկ։
- Սիրելիս, մեր մթերային խանութում մկան առևտուրն արգելված է։
- Իսկ այդ ո՞վ է արգելել։
- Մեր դիրեկտորը։
- Ձեր դիրեկտորն ո՞վ է։
- Դե, իհարկե, աղվեսը։
- Հիմա՛ր,- բարկացավ կատուն,- աղվեսին արդեն հանել են պաշտոնից։ Այսօրվանից ձեր դիրեկտորը ես եմ։
Առնետը խոնարհեց գլուխը։
- Խնդրեմ, իսկ ի՞նչ տեսակի մուկ եք ուզում՝ սառեցրա՞ծ, ապխտա՞ծ, աղա՞ծ, թե՞ կենդանի…



ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Գոմեշն ու այծը մտան բանջարանոց և տրորեցին մարգերը։ Տերը վրա հասավ, գոմեշին քաշեց ծանր լծի տակ, ապա բռնեց այծի ականջից, որպեսզի մի լավ ճիպոտահարի:
- Այդ ինչո՞ւ միայն ինձ ես պատժում,- բողոքեց այծը,- չէ՞ որ գոմեշն ու ես հավասարապես մեղք ունենք։
Տերը այս որ լսեց, այծին նույնպես քաշեց լծի տակ ու ասաց.
- Դե, գոմեշի հետ հավասար լուծ քաշիր։



ԱՆԽԵԼՔ ԱՔԼՈՐԸ

Գոմեշը նայեց գոմաղբի մեջ քուջուջ անող աքլորին ու հարցրեց.
- Այդ ի՞նչ ես որոնում։
- Ոսկի:
- Հիմար, եթե իմ փորում ոսկու հանք լիներ, տերս պոչիս տակ քթոց կկախեր, և այդ աղբն էլ աղբանոց չէր նետի։



ԳԱՅԼՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Գայլը բռնեց նապաստակին, ուզում էր խժռել, նապաստակը ճչաց.
- Ձեռքերդ հեռո՛ւ, իրավունք չունես...
- Այդ ինչո՞ւ իրավունք չունեմ,- զարմացավ գայլը։
- Հապա ցույց տուր քո որսորդմիության տոմսը։
- Խնդրե՛մ։
Գայլը հանեց մի տոմս, նապաստակը նայեց ու ասաց.
- Չես կարող խաբել, դա հակահրդեհային կամավոր ընկերության տոմսն է։
- Ուրեմն՝ այս մեկն է,- գայլը մեկնեց մի ուրիշ տոմս։
- Դա էլ բնության պաշտպանության ընկերության տոմսն է։
- Հապա այս մեկը տես։
- Անգրագետի մեկը, դա էլ ջրխեղդների փրկության ընկերության տոմսն է։
- Շլդիկ հիմա՛ր, ուրեմն, այսքան ընկերությունների անդամ լինելով հանդերձ՝ քաղցից մեռնե՞մ։ Քեզ հիմա կխեղդեմ հենց ջրխեղդների փրկության ընկերության տոմսով։



ՊՈՉԸ

Քանի որ աղվեսի պոչը վագրի համար փափուկ նստոց էր, վագրն ամենուր պաշտպանում էր այդ շողոքորթին։
Բայց պատահեց այնպես, որ մի անգամ, երբ ժողովում քննարկվում էր աղվեսի հարցը, վագրը տեղից ցատկեց ու գոռաց.
- Աշխատանքից վտարել այդ երկերեսանուն...
Աղվեսն այդ օրը սխալմամբ պոչը դրել էր նապաստակի տակ:



ԴՐԱԽՏԸ ԵՎ ԴԺՈԽՔԸ

Ծեր գայլը գնաց արջի մոտ ու ասաց.
- Բերանումս այլևս ոչ մի ժանիք չի մնացել, ոտքերումս ուժ չկա, աչքիս լույսը խավարել է:
- Ինչո՞վ կարող եմ օգնել,- հարցրեց արջը։
- Աղոթիր, որ մահից հետո հոգիս դրախտ գնա։
- Անխելքի մեկը, երբ բերանումդ ժանիք չկա, ոտքերումդ՝ ուժ, աչքերիդ մեջ՝ լույս, քեզ համար մեկ չէ՞- դրա՞խտ ես ընկնում, թե՞ դժոխք։



ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Ուղտը համատեղության կարգով շինվարչությունում աշխղեկ է, քաղառևտրում՝ ապրանքագետ, մշակույթի տանը՝ գեղմասվար, կենցաղային սպասարկման կոմբինատում՝ հաշվապահի օգնական, կահույքի ֆաբրիկայում՝ տնտեսագետ։ Գոմեշը մի օր հարցրեց նրան.
- Քեզ որտեղի՞ց են այդքան գիտելիքները։
- Ի՞նչ գիտելիքներ,- զարմացավ ուղտը,- ռոճիկացուցակներ ստորագրելու համար մի՞թե այդքան խելք է հարկավոր։



ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉԸ

Ուղտը հարցրեց փղին.
- Իսկ արենայում ծա՞նր է քո աշխատանքը։
- Ծանր չէ, բայց ստորացուցիչ է։
- Ի՞նչ ես անում։
- Չոքում եմ, նստում, պառկում, պարում…
- Այդտեղ ի՞նչ ամոթալի բան կա, դու պարզապես կրկնում ես ինձ։
- Ահա հենց դա է ստորացուցիչը։



ՏԵՂԵԿԱՆՔ

Գոմեշին հարկավոր էր տեղեկանք առ այն, որ ինքը գոմեշ է և ոչ թե նապաստակ կամ լու։
Խլուրդը, որ ցերեկները շատ վատ էր տեսնում, շոշափեց գոմեշի կողերը, կոտոշներն ու ոտքերը և տեղեկանքում նրան ներկայացրեց որպես այծ։
Բանից անտեղյակ գոմեշն այդ տեղեկանքը ներկայացրեց շինտրեստի կառավարիչ ուղտին։ Ուղտը կարդաց տեղեկանքը և գլուխն օրորեց.
- Սիրելիս, մեզ մոտ այծի հաստիքը վաղուց է կրճատվել։
- Ի՞նչ այծ,- զարմացավ գոմեշը,- մի՞թե չեք տեսնում, որ ես գոց ծանր բեռնված սայլի տակ միրուքը ցցած այծին ու հարցրեց.
- Եթե դուք գոմեշ եք, բա նա ի՞նչ է։
Այծը շինտրեստում աշխատանքի էր ընդունվել գոմեշի տեղեկանքով։



ԶԵՂԾԱՐԱՐԸ

Կատուն երկու ամիս աշխատեց ռեստորանի դիրեկտորի պաշտոնում՝ «Ժիգուլի» գնեց։ Արջը մի տարի աշխատեց՝ և՛ «ժիգուլի» գնեց, և՛ դաշնամուր։ Աղվեսը եկավ, կես տարի մնաց՝ «Ժիգուլի» էլ գնեց, դաշնամուր էլ, ու դեռ ամառանոց էլ կառուցեց։
Նապաստակը եկավ, մի ամիս աշխատեց և՝ «Հա՜յ, հարա՜յ, հասե՜ք, շլդիկը թալանում է»։
Եկան ստուգեցին, տեսան մի գազար է կրծել, գործ ստեղծեցին։
Բա ո՜նց, այդ ավազակը, որ մի ամսում մի գազար է կրծել, տեսեք մի տարում քանի գազար կկրծի։



ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ

- Մեղադրյալ Քուչի, արդյոք ճի՞շտ է, որ հավաբնի դուռը բացելուց առաջ աղվեսից մեծ գումար ես վերցրել։
- Տեր դատավոր, դա իմ հասցեին կեղտոտ զրպարտություն է։
- Մեղադրյալ աղվես, ամբաստանյալ Քուչին ձեզանից որքա՞ն գումար է վերցրել։
- Տեր դատավոր, դա բացարձակ զրպարտություն է։
- Բողոքատու աքլոր, դուք ի՞նչ կասեք։
- Ես հաստատում եմ՝ Քուչին աղվեսից կաշառք է վերցրել։
- Վկաներ ունե՞ք։
- Ունեմ, տեր դատավոր։
- Իսկ որտե՞ղ են նրանք։
- Աղվեսի փորում քուջուջ են անում։



ՁԱԽՈՂՎԱԾԸ

Ագռավն ամենուր տրտնջում էր, որ ինքն աշխարհի ամենատաղանդավոր թռչունն է, բայց որովհետև չունի ազդեցիկ բարեկամներ ու ծանոթներ, իրեն առաջ չեն քաշում։
Երբ սոխակի երգերն արժանացան մրցանակի, նա չկարողացավ զսպել զայրույթը, կռնչաց. «Ախր, անտաղանդ սոխակից ի՞նչ բանաստեղծ»:
Լույս տեսավ սարյակի բանաստեղծությունների ընտիր ժողովածուն, ագռավն իր նոր կռինչն արձակեց. «Ախր, ապաշնորհ սարյակից ի՜նչ պոետ»։ Իսկ երբ սիրամարգը նվաճեց «Գեղեցկուհի թռչուն» մրցանակը, նա թռավ արծիվ արքայի մոտ ու բողոքեց. «Ես այսքան տարվա ագռավ եմ, բայց մինչև հիմա հանդես գալու ասպարեզ չեն տալիս։ Ո՞րն է պատճառը»։
Եվ արծիվը պատասխանեց.
- Պատճառն այն է, որ դու այդքան տարվա ագռավ ես և ոչ թե սոխակ:



ՊԱՏԻԺ

Քաղառևտրի դիրեկտոր գայլը աղվեսին նշանակեց պահեստապետ, բայց հրամանով ձևակերպեց դռնապահ, ավանակին էլ նշանակեց դռնապահ, հրամանով՝ պահեստապետ։ Աղվեսը կերավ-խմեց և տարվա վերջին պահակի իրավունքով ըմբոստացավ. «Հասե՜ք, թալանեցին, տարա՜ն...»։ Եկան ստուգեցին և ավանակին, որպես պահեստապետի, նստեցրին մեղադրյալի աթոռին, աղվեսին, որ հրամանով դռնապահ էր, հայտնեցին շնորհակալություն։



ԳԱՅԼԻ ԽՈՍՏՈՒՄԸ

Գայլը ֆերմայի վարիչ էր. խոստացավ 100 մաքուց 150 գառ ստանալ, չորս տոննա բուրդ։
Տարվա վերջին եկան, տեսան ոչ մաքի կա, ոչ գառ:
- Ես ի՞նչ մեղք ունեմ,- արդարացավ ֆերմայի վարիչ գայլը, և ցույց տվեց փարախի մոտ դիզած մորթին,- տարին անբարենպաստ էր, հազիվ մորթու պլանն եմ կատարել։



ԿԱՏՈՒՆ ՄԵԿ ՕՐՈՎ ԴԻՐԵԿՏՈՐ

Կատուն մեկ օրով փոխարինում էր արջին։ Արջավարի փնթփնթաց, արջավարի թաթը սեղանին խփեց, հետո փորձեց արջավարի գոռալ, բայց մլավեց։
- Այդ մեկ չեղավ,- ասաց փիղը:- Արջին հասնելու համար ոչ միայն արջի ախորժակ, այլև արջի ստամոքս ու կոկորդ է հարկավոր։



ՁԵՎԱՄՈԼՆԵՐԸ

- Աշխարհը կլոր է,- ասաց ձմերուկը։
- Ո՛չ, սեխաձև է,- առարկեց սեխը։
- Աշխարհը դդմի ձև ունի,- գոչեց դդումը:
- Վարունգաձև է,- պնդեց վարունգը։
Բանջարաբույծը կտրեց ձմերուկը՝ խակ էր։ Փորձեց սեխը՝ անհամ էր։ Դդումը փուչ էր, վարունգը՝ դառն։
Եվ նա հավաքեց այդ փքվածներին, նետեց աղբանոց ու ասաց.
- Սրանց նայեցեք, բովանդակությունը թողել, ձևի ետևից են ընկել։



ԱՀԸ

Երկնքում ամպերը դղրդացին:
- Այդպես միայն առյուծը կարող է մռնչալ,- դողաց եղնիկը:
- Սխալվում ես,- պատասխանեց քարայծը:- Դա գայլի ոռնոցն է:
- Ոչ առյուծն է, ոչ էլ գայլը,- ականջները խլշեց շլդիկը:- Այդպես միայն շունը կարող է մռնչալ:
- Իսկ ինչո՞ւ շունը և ոչ թե աղվեսը,- կչկչաց հավը:- Մի՞թե ձայնից չեք ճանաչում, որ դա աղվեսն է:
Իսկ մկնիկը գլուխը հանեց բնից ու ասաց.
- Հիմարնե՜ր, փախե՜ք, այդ կատուն է մռնչալով գալիս:



ՈՒՂՏԸ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ

Ուղտը գնաց առողջարան՝ հանգստանալու։ Որ դռնով փորձեց մտնել, չկարողացավ, սապատները խանգարում էին։ Բայց դե ուղտն էլ հասարակ ուղտ չէր, հո չէին կարող ասել՝ սապատներդ խանգարում են, բեր կտրենք։ Հրավիրեցին ժողով և որոշեցին ուղտի համար հատուկ տաղավար կառուցել՝ իր բոլոր հարմարություններով։
Սակայն մինչև հատուկ տաղավարի համար հատուկ մասնագետներ հրավիրեն, հատուկ նախագիծ կազմեն, ուղտի արձակուրդի ժամկետը լրացավ, թողեց գնաց։
Իսկ տաղավարը կառուցվեց երեք տարվա ընթացքում և դեռ ճակատին էլ խոշոր տառերով գրվեց. «Այստեղ հանգստանում են ուղտերը»։
Ու մինչև այսօր էլ տաղավարը սպասում է ուղտերին։ Իսկ այն միակ ուղտը, որ հասարակ ուղտ չէր, վաղուց է վտարվել պաշտոնից։



ՀԱՄԱՐՁԱԿԸ

Նապաստակը ժողովում արջին անվանեց բյուրոկրատ, գայլին՝ թալանչի, բորենուն՝ գող և մնաց անպատիժ։ Չէ՞ որ դրանից առաջ նա առյուծին անվանել էր իմաստուն, վագրին՝ մեծահոգի, փղին՝ ուսուցիչ։



ՀԱՎԻԿԻ ՁՎԻԿԸ

Հավը կչկչալով դուրս եկավ բնից.
- Կա, չա՜, չա՜, չա՜, ձու եմ ածել… Կա, չա՜, չա՜, չա՜, ձու եմ ածել…
- Ծուղրուղո՜ւ,- թևերը թափահարեց աքլորը,- հավիկը մի մեծ ձու է ածել:
- Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ,- հաչեց շունը,- հավիկը ոսկե ձու է ածել:
- Ա, ղուլո՜ւ, ղուլո՜ւ, ղուլո՜ւ,- աղմկեց հնդկահավը,- հավիկը ձմերուկի չափ ձու է ածել:
Կատուն այս որ լսեց, թաքուն մտավ հավաբունը և շուրթերը լիզելով դուրս եկավ բակ:
- Միաո՜ւ, հավիկը սուտասանի մեկն է, ոչ մի ձու էլ չի ածել։



ՈՒՂՏԸ ԴԻՐԵԿՏՈՐ

Ուղտին թոշակի անցնելու նախօրյակին բարձր աշխատավարձով պաշտոն էր հարկավոր։ Չնայած անապատի զավակն առանձնապես հակում չուներ դեպի արդուզարդը, բայց նշանակեցին արդուզարդի կոմբինատի դիրեկտոր։
Ուղտը ուղտ էր, աջ քայլեց՝ փշրեց, ձախ քայլեց՝ ջարդեց, նստեց՝ կոտրատեց, կանգնեց՝ ջարդուփշուր արեց։ Կոմբինատն առաջին եռամսյակի պլանը թերակատարեց, իսկ երկրորդ եռամսյակում անելանելի դրության մեջ ընկավ։ Ժողով հրավիրեցին, ծանր խոսքեր ասացին դիրեկտոր ուղտի հասցեին, բայց, ահա, գոմեշը ձայն խնդրեց ու խոսեց.
- Հարկավոր է հարգել ծերուկի նախկին ծառայությունները։ Վեց ամիս դիմացել ենք, մի տարին ի՞նչ է, որ չդիմանանք։
Ստիպված համբերեցին, և երբ ուղտն անցավ թոշակի ու նրան փոխարինելու եկավ արջը, կոմբինատում այլևս ջարդելու բան չէր մնացել։



ՍՆԱՊԱՐԾԸ

Քանի նկուղը կատու չէր մտնում, ծեր մուկը սկսեց պարծենալ իր ցեղակիցների մոտ.
- Ես մի անգամ մի կատու եմ կերել։
Մկնիկները հավատացին, և ծեր մուկն ավելի փքվեց.
- Չեմ կերել, ուղղակի կուլ եմ տվել։ Ես հիմա կարող եմ միանգամից երկու կատու կուլ տալ:
Հաջորդ օրը նկուղում երևաց կատվի մի ձագ, և լեղապատառ մկները վազեցին ծեր մկան մոտ:
- Հասի՜ր, պապ,- ասացին,- ահա կատուն եկել է:
Ծեր մուկը գլուխը հանեց բնից ու նորից ետ քաշեց։
- Հաճույքով կուլ կտայի այդ անպիտանին, բայց մեղք է, թող մի քիչ էլ մեծանա:



ԶԱՆԳԸ ԿԱԽԵՑԻՆ

        ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ,-
        Գոչեց ջոջը, քաշեց պոչը:

«Մկների ժողովը»
Դա  հին առակում էր։ Նոր առակում ջոջը բոլորովին էլ չքաշեց պոչը։
- Այս զանգը,- ասաց,- մեռնեք էլ, պիտի կախեք կատվի վզից:
- Պիտի կախե՜նք,- ճստճստացին Բտոն, Խտոն ու Մկոն։
Եվ ի՞նչ եք կարծում, հաջորդ օրը եկան ու զեկուցեցին ջոջին, որ կատարել են իրենց խոսքը։
- Իսկ ինչպե՞ս կախեցիք,- հարցրեց ջոջը։
- Ես բռնեցի կատվի պոչից,- խոսեց Բտոն։
- Ես էլ քաշեցի ականջներից,- ասաց Խտոն:
- Ես էլ կախեցի զանգը,- գոչեց Մկոն։
- Իսկ որտե՞ղ էր այդ անիծված մռռանը,- հարցրեց ջոջը:
- Դե, նա ընկած էր աղբանոցում։



ՄԵՂՈՒՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Մեղուներն ըմբոստացան տիրոջ դեմ և որոշեցին թողնել փեթակները։
- Ա՛յ անպիտաններ,- նախատեց տերը,- ես ձեզ ի՞նչ վատ բան եմ արել։
- Իսկ մենք քո ինչի՞ն ենք պետք,- տզտզացին մեղուները,- երբ դու ինքդ ես շաքարից մեղր սարքում։
- Եթե դուք չլինեք, իմ սարքած մեղրն ինչպե՞ս կարող եմ արդար մեղրի տեղ ծախել։ Հիմա կարգը փոխվել է, այսուհետև դուք կտզտզաք, ես մեղր կանեմ։



ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ

Ծաղրածու կապիկը կապկեց աղվեսին՝ ծիծաղեցին։ Կապկեց գայլին՝ ծիծաղեցին։ Հետո կապկեց արջին ու վագրին՝ էլի ծիծաղեցին։
Կապիկը ոգևորվեց, հիմա էլ սկսեց կապկել առյուծ արքային: Պատկերացնո՞ւմ եք, ամենից շատ ծիծաղեց ինքը՝ առյուծ արքան, ապա գրկեց կապիկին, ամուր, այնքան ամուր սեղմեց կրծքին, որ խեղճ ծաղրածուի շունչը կտրվեց, լեզուն կախ ընկավ բերանից:
Այնուամենայնիվ, մնաց անհասկանալի՝ կապիկն ուրախությունից էր խեղդվե՞լ, թե՞ առյուծ արքան ոգևորությունից այնքան ամուր էր սեղմել նրան, որ… Մեծ աշխարհ է, ամեն ինչ կպատահի։



ՑԵՂԱԿԻՑՆԵՐԸ

Աղվեսն ասաց առյուծին.
- Տեր արքա, դուք գիտե՞ք, որ մենք ցեղակիցներ ենք:
- Իսկ այդ որտեղի՞ց իմացար։
- Թանգարանից: Իմ պապի կողքին դրված է քո պապի խրտվիլակը:
- Բայց որքան հիշում եմ, քո պապի մյուս կողքին էլ խլուրդի խրտվիլակն է։
- Արքա՛, դա թանգարանի աշխատողների անփութության հետևանք է։



ԹԱՏՐՈՆ

Աղվեսը բռնեց սագին, թե՝ արի թատրոն խաղանք:
- Ի՞նչ թատրոն:
- «Օթելլո»:
- Ես ի՞նչ պիտի խաղամ։
- Դու կլինես Դեզդեմոնա, ես՝ Օթելլո
- Բա  Յագո՞ն:
- Առնետն էլ կլինի Յագո։
- Իսկ նա ինձ չի՞ խեղդի:
- Անհոգ մնա, սիրելիս, Օթելլո աղվեսը հիմար չէ, որ իր Դեզդեմոնա սագիկին զիջի առնետ Յագոյին:



ՄԿՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Մկները գնացին վագրի մոտ բողոքի:
- Մեծդ փոխարքա,- ասացին,- մի՞թե ձեզ դուր է գալիս, որ ձեր ցեղակիցը՝ այդ անխիղճ մռռանը, մեզ հոշոտում է ու արատավորում ձեր ազնիվ անունը:
Զայրացած վագրը կանչեց կատվին ու մռնչաց.
- Ո՜վ ստահակ, դու այդ երբվանի՞ց ես դարձել իմ ցեղակիցը:
Կատուն ծուռ-ծուռ նայեց մկներին ու ասաց.
- Տիրակալ, այս ողորմելիներն են տարածել աշխարհով մեկ, թե իբր ես՝ նվաստս, ձեր ցեղակիցն եմ: Ես գիտեմ, որ դա պատիվ չի բերում ձեզ, դրա համար էլ որոշել եմ այս չարախոսներին վերացնել աշխարհի երեսից:



ՍԱՊԱՏԱՎՈՐ ԷՇԸ

Էշը զզվեց էշությունից և որոշեց ուղտ դառնալ։ Մեջքին երկու սապատ կպցրեց, մռութը կախեց ուղտավարի, ծռեց ոտքերը և միացավ ուղտերին։ Ուղտատերն էլ էշի շալակը ուղտի բեռ դրեց ու բռնեց հեռավոր Մեքքայի ճանապարհը։ Էշը սկզբում քայլում էր ուղտավարի, բայց երբ հասան անապատ, կախեց ականջները, չռեց ոտքերն ու խռնչաց.
- Բայց որտե՞ղ է այդ անիծյալ Մեքքան։
Տերը քթի տակ ժպտաց ու հարցրեց.
- Իսկ Մեքքան քո ինչի՞ն է հարկավոր, ուղտ իմ։
- Ուզում եմ մեղքերս քավել։
- Բայց այդ ի՞նչ մեղք ես գործել, ուղտ իմ։
- Ուղտ դառնալով՝ ես նորից հաստատեցի իմ էշությունը։



ԱՂՎԵՍԸ ՁՄԵՌ ՊԱՊ

 Նոր տարվա գիշերը աղվեսը կանգնեց հավաբնի առաջ ու ասաց.
- Իմ հավիկներ, իմ չալիկներ, իմ ջանիկներ, իմ բալիկներ, դուռը բացեք, եկել եմ։
- Իսկ դու ո՞վ ես, որ եկել ես,- ներսից կչկչացին հավերը։
- Ձեր հոգեհայր Ձմեռ պապն եմ։
Շունը, որ նստած էր հավաբնից քիչ հեռու, վեր թռավ ու բռնեց աղվեսի պոչը։
- Եկե՞լ ես, ես հենց քեզ էի սպասում…
- Ես հոգեհայր Ձմեռ պապն եմ,- ճչաց աղվեսը,- իսկ դու ո՞վ ես։
- Ես էլ հոգեառ Ձմեռ տատն եմ։



ԱՆՀԱՎԱՏԱՐԻՄ ՇՈՒՆԸ

Տիրոջից հալածված անհավատարիմ շունը գնաց միացավ գայլերի ոհմակին ու ինքն էլ սկսեց նրանց նման ոռնալ: Բայց որովհետև ոռնալու ժամանակ մեկ-մեկ էլ հաչում էր, գայլերը նրան խռիկ տվեցին իրենց ոհմակից: Անհավատարիմ շունը գնաց աղվեսների մոտ, այստեղ էլ սխալվեց ու գայլի նման ոռնաց: Աղվեսները նրան մի լավ դաս տվեցին ու ասացին.
- Գնա քո ցեղակիցների մոտ:
Շունը գնաց նորից իր ցեղակիցների մոտ, հիմա էլ սկսեց և՛ շան պես հաչել, և՛ գայլի պես ոռնալ, և՛ աղվեսի պես կաղկանձել:
Շներին այդ բանը դուր չեկավ, և նրանք ասացին.
- Դու տեսքով շուն ես, հավատով՝ գայլ, բնավորությամբ՝ աղվես: Գնա ու ստեղծիր քո նոր ցեղը:
Ահա թե ով է եղել շնագայլերի նախահայրը:



ՀԱՎԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Հավերն աղվեսի դեմ բողոք գրեցին ու ներկայացրին առյուծ արքային: Առյուծ արքան կարդաց նրանց բողոքը և ուսերը թոթվեց.
- Սիրելիներս, ես ի՞նչ կարող եմ անել, երբ դուք թռչուններ եք, իսկ թռչուններն օրենքով մտնում են արծիվ արքայի տիրապետության տակ:
Հավերը հիմա էլ գնացին արծիվ արքայի մոտ։ Արծիվը լսեց նրանց բողոքն ու պատասխանեց.
- Քանի որ աղվեսը առյուծ արքայի հպատակն է, ես նրան պատժելու իրավունք չունեմ:
Հավերը խելք-խելքի տվեցին ու գնացին տեր աստծո մոտ:
- Ո՜վ ամենակարող,- ասացին,- աղվեսը մեզ օր ու արև չի տալիս: Ախր, մենք էլ ենք քո ստեղծածը, մենք էլ ենք ապրել ուզում:
Աստծո աչքերից զայրույթի կայծեր ցայտեցին.
- Ես կհանեմ դրա աչքերը… Չէ՞ որ իմ սիրտն էլ է հավի միս ուզում:



ԳԱՅԼԻ ՍԽԱԼԸ

Ավանակը մոտեցավ վանդակի մեջ փակված գայլին ու գոռաց.
- Ավազա՛կ, հիմա ես քո աչքերը կհանեմ:
- Ես քեզ ի՞նչ վատություն եմ արել, իշուկ ջան:
- Հիշո՞ւմ ես, թե ինչպես մի անգամ հանդում ինձ լեղաճաք արեցիր:
- Սխալվել եմ, իշուկ ջան:
- Մի՞տդ է, թե ինչպես պոչիս կեսը պոկեցիր:
- Սխալվել եմ, իշուկ ջան:
- Բա էն ո՞նց եղավ, որ ջուր խմելիս ոռնացիր վրաս:
- Մեղավոր եմ, իշուկ ջան: Արի մոտս՝ ներողություն խնդրեմ:
Ավանակը հավատաց, վանդակը բացեց, մտավ ներս, գայլն իսկույն բռնեց նրա կոկորդն ու չոքեցրեց գետնին:
- Ավազա՛կ,- գոռաց էշը,- այդ ի՞նչ բանի ես…
- Սխալս ուղղում եմ, ավանա՛կ…



ԱՅԾԸ ԴԻՐԵԿՏՈՐ

Այծը դարձավ դիրեկտոր, ոչխարին նստեցրեց տեղակալի աթոռին, խոզին նշանակեց հաշվապահ, կատվին՝ բաժնի վարիչ:
- Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,- հարցրեց շունը:
- Մեզ կպաշտպանես գայլերից:
- Բա ե՞ս,- հարցրեց ձին:
- Բեռնակիր կաշխատես:
- Բա մե՞նք,- հարցրին գոմեշն ու եզը:
- Կվարեք, կցանեք, կհնձեք:
- Իսկ դո՞ւք:
- Մենք էլ կուտենք:



ԳԱՅԼԸ ՔԱՎԱՐԱՆՈՒՄ

Գայլն ընկավ քավարան, պահապան քերովբեներից մեկի բուռը մի ոսկի խոթեց ու ասաց.
- Դժոխքն եմ ուզում:
- Իսկ ինչո՞ւ դժոխքը,- զարմացավ պահապան քերովբեն:
- Դրախտում արդեն եղել եմ: Այնտեղ ոչ ոչխար կա, ոչ էլ՝ գառ:
- Կարծում ես՝ դժոխքում դրանցից լցվա՞ծ են:
- Բա լավ, այդ ոչխարներն ու գառներն որտե՞ղ են լինում:
- Կոլտնտեսությունների նախագահների ստանձնած պարտավորություններում:



ԱՌՅՈՒԾԻ ԲԱԺԻՆԸ

Քաղառևտրի դիրեկտոր արջը բռնվեց խոշոր յուրացումների մեջ:
- Դու այդ ինչպե՞ս ես այդքանը մենակ մսխել,- հարցրեց դատավոր առյուծը:
- Ինչո՞ւ մենակ, վագրն էլ իր բաժինն է ստացել։
- Մենակ վա՞գրը:
- Գայլը նույնպես:
- Ուրի՞շ…
- Բորենին, փիղը, ընձառյուծը…
- Ուրեմն՝ ես հե՞չ…
- Ինչո՞ւ հեչ, մի՞թե քո բաժինը աղվեսի միջոցով չես ստացել։
- Ահա թե ինչ,- մռնչաց առյուծը, և արջին իսկույն արդարացրեց ու նրա փոխարեն աղվեսին նստեցրեց մեղադրյալի աթոռին։



ԱՆՏԱՌԻ ՃԱՇԱՐԱՆՈՒՄ

Սկյուռը մտավ անտառի ճաշարան ու կերակուր խնդրեց.
- Մեզ մոտ ուտելու բան չկա,- պատասխանեց աղվեսը։
- Իսկ ինչո՞ւ արջն ուտում է։
- Արջը մեր ճաշարանի վարիչն է։
- Իսկ գայլն ո՞վ է։
- Շեֆ խոհարարը։
- Կատո՞ւն։
- Խոհարարի օգնականն է։
- Իսկ դու ինչո՞ւ ես ուտում։
- Ես ճաշարանի պահակն եմ,- պոչը ոլորեց աղվեսը։- Մեզ մոտ այդպես է, սիրելիս, ով աշխատում է՝ նա էլ ուտում է։



ԵՐԿՈՒ ՖԵԼԻԵՏՈՆԻՍՏ

Ֆելիետոնիստ նապաստակն այն աշխարհում հանդիպեց իր գրչակցին ու հարցրեց.
- Էլի գրո՞ւմ ես:
- Բա ո՜նց:
- Գրածներդ անցնո՞ւմ են:
- Բա ո՜նց: Անցած օրը մի բաժնի վարիչի մասին այնպիսի ֆելիետոն գրեցի, քարի վրա ածես՝ քարը կծակի:
- Եվ ի՞նչ արեցին այդ բաժնի վարիչին:
- Առաջ քաշեցին ու դարձրին դիրեկտոր:



ԹՈՒ3ԼԸ

Այս առակում ոչ արջի բախտը բերեց, ոչ՝ գայլի, ոչ էլ՝ նապաստակի, որովհետև երեքն էլ ընկել էին մի խոր փոսի մեջ:
Արջը, որ բոլորից ավագն էր, նայեց շուրջն ու փնթփնթաց.
- Մենք այստեղ քաղցից կսատկենք։ Ի՞նչ եք առաջարկում։
- Ով մեր մեջ թույլ է, բռնենք՝ ուտենք,- ասաց գայլը:
Շլդիկն այս որ լսեց, կանգնեց արջի թիկունքում ու գոչեց.
- Ով փորձի արջի քեֆին կպչել, ես նրա հերը կանիծեմ։

No comments:

Post a Comment