13 March, 2014

Եղիշե Չարենց


Ընկեր Անդրանիկը մեղադրվում է Եղիշե Չարենցի հարցով։ Չարենցի հարցով ընկեր Խաչատրյանին հեռացրել են դպրոցից։ Չարենցի հարցում Պետունց Աշոտին սեղմել են պատին։ Եղիշե Չարենցը... Սո՛ւս, լռի՛ր, այդ անունն էլ չտա՛ս։
Գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը նայեց ակումբի բակում կանգնած Թարխանենց Եղիշեին, ծուռ-ծուռ նայեց. «Արա՛, այ հավարա, հերդ աշխարհում էլ ուրիշ անուն չի՞ գտել, որ անունդ Եղիշ է դրել։ Երկու օր քեզ ժամանակ, տար անունդ փոխիր»։

- Հորեղբայր, Եղիշե Չարենցն ո՞վ է։
Հորեղբայրս իբր զարմացած նայում է ինձ.
- Ի՞նչ Եղիշե Չարենց։
- Բա քեզ ինչո՞ւ են պատին սեղմել։

Նա նայում է շուրջը և շշնջում.
- Եղիշե Չարենցը բանաստեղծ է։
- Ի՞նչ է արել։
- Բանաստեղծություններ է գրել... Իսկ դու քիթդ մի՛ խոթիր, երեխա ես՝ գնա երեխայությանդ ետևից։
Գյուղսովետի նախագահ Սիմոն Ամիրյանը դուրս է գալիս ընկեր Անդրանիկենց տնից՝ թևի տակ մի քանի գիրք։
- Եղիշե Չարենցի գրքերն են,- ասում է քեռիս։- Է՜, ընկեր Անդրանիկին էլ կմեղադրեն։

Ընկեր Անդրանիկը հասնում է Սիմոն Ամիրյանին, ինչ որ բան է ասում, Սիմոն Ամիրյանը բղավում է.
- Ձե՛նդ, չարենցակա՛ն...
Երեկոյան հորեղբայրս գրքեր է թաքցնում մեր տանիքի տակ։ Ես լսում եմ նրա ձայնը.
Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված…

Դա ի՞նչ հին դաշտ էր, ի՞նչ խելագարված ամբոխներ էին, ո՞ւմ դեմ էին կռվում այդ խելագարված ամբոխները։ Յոթերորդ դասարանում սովորող քեռիս թերթում է իր դասագիրքը, ցույց տալիս ինձ թեք սանրած մազերով, մեծ քթով մարդու մի նկար. «Սա Եղիշե Չարենցն է»։ Նկարին երկար եմ նայում։ Կարդալ չգիտեմ, չեմ հասկանում տակն ինչ է գրած։ Քեռիս հիմա էլ բացում է իր քերականության դասագիրքը, մի նախադասություն կարդում. «Մեր սիրելի գրողներն են՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Ակսել Բակունցը»։

Սիմոն Ամիրյանը թևերը թիկունքին դրած, քայլում է փողոցով։ Քեռիս ականջիս փսփսում է, և ես բարձր, զրնգուն ձայնով կանչում եմ.
- Սիմո՛ն, Չարենցը եկավ, փախի՜ր...
Նա շրջվում է, դանդաղ մոտենում, բռնում ականջս.
- Լակո՛տ, դու էլ ես չարենցակա՞ն։
Ես դեռ Չարենց չկարդացած՝ չարենցական էի:

«Կապույտ տարիներ» վիպակից

No comments:

Post a Comment