26 March, 2014

Թե՛ արձակում և թե՛ պոեզիայում Օվյանի խոսքը թարմ էր, ինքնուրույն


ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
գրող, հրապարակախոս

Վազգեն Օվյանը վառ արտահայտված անհատականություն էր մեր գրական անդաստանում՝ ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ նաև իր կեցվածքով, մարդկային դրսևորումներով։ Ի տարբերություն շատերիս, նա վաղ մտավ գրական աշխարհ, դեռ դպրոցական տարիներից նրա բանաստեղծություններն ու ֆելիետոնները տպագրվում էին «Խորհրդային Ղարաբաղում»։ Հատկապես ֆելիետոնները և երգիծական ոտանավորներն առաջ էին բերում ընթերցողների քրքիջն ու հրճվանքը։ Մարդիկ կարիք ունեին քրքջալ այն այլանդակ երևույթների վրա, որ կային կյանքում։

Երկար տարիներ մենք աշխատել ենք մարզային ռադիոյում, նստում էինք նույն աշխատասենյակում, դեմ-դիմաց։ Առավոտ կանուխ, մենք շուտ էինք գալիս աշխատանքի, նա բացում էր իրենից անբաժան թղթապանակը, այնտեղից հանում, ինչպես ասում են, դեռ թանաքը չչորացած թերթիկները ու սկսում կարդալ։ Գիշերները նա շատ էր աշխատում, կարդում էր նոր գրած բանաստեղծությունները, որոնք ի մեծի մասի երգիծական բնույթ ունեին։ Լավ հումոր էր, երբեմն կծու երգիծանք, քահ-քահ ծիծաղում էինք։

Վ. Օվյանի պոեզիայում նկատվում էր էպիկական շունչ, և նրան խորհուրդ էի տալիս, որ անցնի արձակի։ Իմ հորդո՞րն էր, թե՞ ուղղակի նրա տաղանդն էր հուշում, անցավ արձակի, և այստեղ էլ տեղի ունեցավ նույնը՝ կյանքի թարմ ընկալում, ինքնատիպ հուզական արձակ։ Ընդհանրապես, Վազգեն Օվյանը բազմակողմանի տաղանդի տեր էր և հետագայում, երբ հասունացել էր, գրեց դրամատիկական գործեր, որոնք հաջողությամբ բեմադրվեցին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։

Երբ առաջին բանաստեղծությունները, առաջին գիրքը հրատարակվեց, մամուլը, գրասեր հասարակությունը ծափողջույններով դիմավորեց... Թե՛ արձակում և թե՛ պոեզիայում Օվյանի խոսքը թարմ էր, ինքնուրույն։ Սիրում էին նրա պոեզիան, նույնը նաև նրա պատմվածքները. երբ առանձին գրքով լույս տեսան, նրանք, Շիրազի ասած, գարնանամուտի թարմություն էին բերել՝ իր գյուղից, իր ապրումներից, իր ծննդավայրից, իր լեռնային միջավայրից... Դա գալիս էր գրողի տաղանդի բնույթից, անձնական նկարագրից։

Անկեղծ էր ու հավատավոր, մանկան պես միամիտ։ Բառն ընկալում էր իր նախնական իմաստով, վարքագծի երկիմաստությունը չէր ընդունում, չէր ընկալում։ Նրան կարելի էր հեշտ մոլորեցնել։ Աշխատանքի բերումով, թերևս ընկերական հարաբերությունների թելադրանքով դիտողություն էի անում, նրա փոխարեն վրդովվում. Տնաշեն, ասում էի, ամեն ասածի մի հավատա։ Բայց ո՞ւմ ես ասում։ Մարդն այդպիսին էր, անկեղծ ու հավատավոր, և այդպիսին էլ մնաց գրականության մեջ։ Գուցե բնավորության և ի վերջո տաղանդի այդ գիծը այն երակն էր, որ իսկապես նրա գրականությունը դարձնում է արժեքավոր։

Մեր Արցախյան շարժման ամբողջ ընթացքում երկու բան կսկիծի նման անընդհատ հետապնդում էր. որ եթե մեր Շարժման մեջ կենդանի լիներ Սևակը, այն ինչպիսի հզոր լիցք կստանար նրա խոսքից։ Այս նույն միտքը ես կապում եմ նաև Վազգեն Օվյանի հետ. որ եթե նա կենդանի լիներ, ինչպե՜ս կփայլատակեր իսկապես նրա մեծ երգիծանքը, հատկապես ադրբեջանական մամուլի դեմ գաղափարական պայքարում։ Բայց, ավա՜ղ, կյանքը տնօրինեց այլ կերպ։

Սակայն, այնուամենայնիվ, այն գաղափարները, հանուն որոնց ապրում ու ստեղծագործում էր, նախակարապետը եղան այն գոյապայքարի, որ տեղի ունեցավ նրանից հետո։

2002 թիվ

                                                             *   *   *
Վազգեն Օվյանը մեր սերնդի այն գրողներից է, ովքեր ավելի վաղ հանդես եկան, վաղ ճանաչման արժանացան ոչ միայն գրական շրջաններում, այլև ընթերցողների լայն շրջանում՝ իր քնքուշ բանաստեղծություններով, նույնքան քնքուշ արձակով, անկրկնելի... այս բառը կարող եմ վստահաբար ասել՝ անկրկնելի հումորով։

Հրաշալի ֆելիետոններ էր գրում։ Եվ «Խորհրդային Ղարաբաղը» երբ ցանկանում էր մեկին սուր խոսք ասել, պարտադիր դրա հեղինակը Վազգեն Օվյանն էր։ Բացի այդ ամենից, նա և՛ իր ստեղծագործական բնույթով, և՛ իր մարդկային հատկանիշներով շատ մատչելի էր, այսպես ասած՝ «տանու տղայի» կարգավիճակով։ Դրա համար ընթերցողների մեջ այս՝ «մեր Վազգենը» բնութագրությունը կար։

Իր ստեղծագործություններում միշտ էլ մատը դրել է այն երակազարկին, որով ապրում էր հասարակությունը։ Եվ նրա շատ գործեր իսկույն տարածվում էին։ Կարող եմ հաստատել այն փաստը, որ 50-ականների վերջերին, 60-ականներից մինչև իր վաղաժամ մահը նա մեծ զանգվածների գրողն էր, նրանց մտքի, խոսքի արտահայտիչը։

Վազգեն Օվյանն իսկապես մնայուն գործեր է թողել, որոնք իրենց ընդհանրացումով և գեղարվեստական մակարդակով ապրում են։ Առօրյա փաստերին տվել էր այնպիսի ներուժ, որ դրանք ապրում են իրենից հետո էլ՝ երկար ու երկար տարիներ։ Սա է ճշմարիտ գրողի գնահատականը։

2013 թ.

No comments:

Post a Comment