Գուշակուհին քառասունն անց, կարմիր թշերով, թուխ աչք-ունքով կին էր, և ինչպես բոլոր գուշակները, պնդերեսի մեկն էր։
Տիկին Անուշն ուզում էր դուռը փակել նրա առջև, բայց փոշմանեց ու ասաց.
- Լավ, խոսիր՝ տեսնենք։
Գուշակուհին բռնեց նրա ձեռքն ու ասաց.
- Ձեր տան վրա մի սև օձ է կախվել, ուզում է քեզ խայթել:
Տիկին Անուշը հիշեց իր տեգերկնոջ վեճն ու շարժեց գլուխը.
- Հա, այդ մեկը ճիշտ է։
Գուշակուհին ասաց.
- Քեզ հետ վերջերս մի անախորժ դեպք է պատահել։
Տիկին Անուշը մի քանի օր առաջ ինչ-որ դատարկ բանի համար գժտվել էր ամուսնու հետ, և խոնարհեց գլուխը.
- Այո։
Գուշակուհին ասաց.
- Մոտ ապագայում ձեզ հետ մի տխուր դեպք պիտի պատահի... Մի հուզվիր, վիշտը թեթև կլինի։
Տիկին Անուշը հիշեց հարյուրամյա պապին և համարյա նույն տարիքի կեսրոջն ու ճպճպացրեց աչքերը։
- Լավ, շարունակիր։
Գուշակուհին շարունակեց.
- Այս շենքում մի կին քո բարին չի ցանկանում։ Իսկ դու չափազանց անկեղծ կին ես, ամենքի առաջ սիրտդ բացում ես։
- Այդպես է,- չգիտես ինչու ուրախացավ տիկին Անուշը և աթոռ առաջարկեց նրան։- Խնդրում եմ, շարունակիր։
Գուշակուհին աչքը գցեց սեղանին դրած արծաթե մոխրամանին ու ասաց.
- Դու կասկածում ես ամուսնուդ հավատարմության վրա։ Մի կին, որ քո մատի եղունգը չարժե, ուզում է խաղալ քո բախտի հետ։
- Այդպես է,- հառաչեց տիկին Անուշը։- Այդ զզվելին աշխատում է ամուսնուս մոտ։ Տնտեսագետ է։
Գուշակուհին գույնզգույն թելեր պահանջեց, թելերը կցմցեց իրար ու ասաց.
- Այս մի սև թելով սև օձի բերանն եմ փակում, այս մի դեղին թելով վատդ ցանկացողի ոտն եմ կապում, այս կանաչ թելով էդ տնտեսագետի աչքն եմ հանում, այս մի կարմիր թելով բացում եմ բախտիդ դուռը։ Եղավ քառասուն ռուբլի։
Գուշակուհին ստացավ պահանջած գումարը, ելավ տեղից, ժպտաց խորամանկ ու արագ-արագ վրա տվեց.
- Ձեր տանն այսօր անհաճելի վեճ ու զրույց կլինի և մի թեթև կորուստ։
- Կորո՞ւստ,- ճչաց տիկին Անուշը, բայց գնչուհին արդեն փողոցումն էր։
Երեկոյան, երբ տիկին Անուշն այս ամենը պատմեց ամուսնուն, վերջինս խիստ զայրացավ, անվանեց նրան քաղքենի, հետամնաց ու տգետ։
Տիկին Անուշն էլ իր հերթին վիրավորական խոսքեր ասաց ամուսնուն ու նետեց.
- Այո, նա ամեն ինչ ճիշտ է գուշակել։ Նա այդպես էլ ասաց. «Այսօր ձեր տանը խոսք ու զրույց կլինի և...»։
Ամուսինը ծխախոտ վառեց, ծուխը ներս քաշեց, ուզում էր լուցկու վառած հատիկը նետել մոխրամանի մեջ, և մոխրամանը, որ միշտ սեղանին էր լինում, հիմա այնտեղ չէր:
- Եվ ի՞նչ,- հարցրեց ամուսինը։
Տիկին Անուշը նոր միայն հասկացավ, որ արծաթե մոխրամանը գուշակուհին թռցրել է, ընկավ բազմոցին ու փշրված ձայնով ասաց.
- Եվ մի կորուստ: Մոխրամանը չկա...
No comments:
Post a Comment