11 November, 2013

ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻ


* * *
Այդ ես չեմ երգում, երգում է հովը,
Զեփյուռն է արտի վարսերը շոյում,
Այդ գետն է երգում, երգում է ծովը,
Մեր աղբյուրներն են կարկաչում ձորում։

Այդ կաղնիներն են հպարտ շառաչում,
Կայծակն է ցոլում ամպերից մթին,
Այդ ծղրիդներն են դաշտերից կանչում,
Զեփյուռն է խաղում լեռան գագաթին։

Այդ արտույտներն են կախվել երկնքից
Ու ջրվեժներն են ծկլթում կիրճում,
Մի՞թե չեք լսում, այդ եղնիկներն են
Անտառի խորքում այդպես բառաչում։

Այդ ես չեմ երգում, երգում է առուն,
Գետակն է ձորում թմբուկն իր զարկում,
Այդ տերևներն են խշշում անտառում,
Քամին է մեր տան փեղկերը թակում։

Այդ աղջիկներն են, լսո՞ւմ եք նրանց,
Երգում են սիրո, կարոտի մասին,
Այդ ծաղիկներն են շշնջում կամաց,
Ողկույզն է դողում խաղողի վազին։

Այդ սիրուց մերժված տղաներն են մեր՝
Սիրածի համար այդպես հառաչում,
Այդ մայրն է խոսում կորած որդու հետ,
Այդ մանուկներն են անհոգ քրքջում։

Այդ ես չեմ երգում... Ես անտառներից
Շշուկ եմ պոկում կարոտով անանց,
Աղմուկն եմ բերում մեր գետակների
Եվ առանց վարձի բաժանում մարդկանց։

Ես սիրահարված պատանու նման
Լուսացնում եմ գիշերներն անքուն,
Ու լսում եք դուք երգերն այս հիմա
Եվ դուք կարծում եք այդ ես եմ երգում։
1963 թ.



ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Հիսուն տարին, ասում են,
Իմաստության տարի է,
Հիսուն տարում, ասում են,
Մարդիկ անչափ բարի են.
Թիկն են տալիս բազմոցին,
Անցած օրերն են հիշում,
Կարմիր-կանաչ մանկության
Սար ու ձորերն են հիշում,
Իրենց նախկին սերերի
Օրոր-շորորն են հիշում,
Կանաչ բեհեզ հանդերի
Թխլիկ լորերն են հիշում...

Եվ հիշում են, հիշում են,
Մայրական սուրբ օրհնանքի
Անուշ բառերն են հիշում,
Հեռվից կանչող ճամփեքի
Ծաղկած ծառերն են հիշում,
Իրենց ջահել օրերի
Խրոխտ պարերն են հիշում,
Եվ պատրանք ու հուշ դառած
Երազ յարերն են հիշում,
Հետո ապուպապերի
Շիրմաքարերն են հիշում։

Եվ հիշում են, հիշում են,
Կռիվ տարին են հիշում,
Եզը չոքած հերկի մեջ,
Կամը կալին են հիշում,
Ապին գնաց, լուր չկա,
Տատիկի սուգն են հիշում,
Փողոցներում գալարվող
Բորանն ու բուքն են հիշում,
Գտած ինչ-որ հրաշքով՝
Կորեկի հացն են հիշում,
Եվ այրերին սպասող՝
Մայրերի լացն են հիշում...
Հուշը հուշին դարսում են,
Հուշը չար ու բարի է...
Հիսուն տարին, ասում են,
Հասուն մտքի տարի է։
6 հունվարի, 1982 թ.



Ի Ն Ձ

Այս ծերանալը ինչպե՞ս է լինում.
Աշունը գլխիդ եղյամ է դնում,
Մի կարմիր-կանաչ գարուն ես հիշում,
Եվ հուշերիդ մեջ ամառն է խշշում,
Բայց հին իլիկով նույն թելն ես մանում՝
Տեսե՜ք, ջահել եմ ու չեմ ծերանում.-
Սիրուն կին տեսնում՝ խոր ախ ես քաշում,
Չէ, «ախս» ո՞րն է, հոգի ես մաշում,
Մտքում հազար մի նամակ ես գրում
Ջիվան օրերիդ թառլան սիրուհուն,
Եվ գլուխդ ես գովում զօր-գիշեր՝
Է՜հ, քանիսին եմ ես կյանքում մերժել...
Ձեռքովդ եկածն այդ է, ի՞նչ անես,
Էլ տակիդ Քուռկիկ Ջալալի չունես,
Քուռկիկ Ջալալուն հարմար թամբ չունես,
Էլ առաջվա պես ուժ ու թափ չունես,
Որ կրակ կտրած՝ անձրև ու ձյունին
Գնաս հասնես քո Խանդութ Խաթունին։

Այս ծերանալը ինչպե՞ս է լինում.
Քո լռության հետ մենակ ես մնում,
Մի երկու բաժակ գինուց հարբում ես,
Հուշ-պատրանքներով դու քեզ խաբում ես,
Քո այդ մանկության ճամփեքն ես չափում,
Ուր կաղնիներն են հպարտ սոսափում.
Հին երազներդ իրար ես խառնում,
Մի քաղցր խոսքից երեխա դառնում,
Երեխայի պես հրճվում ու ճչում,
Երազից խաբված տեղից վեր թռչում...
Եվ հետո աչքիդ էլ քուն չի գալիս,
Միտքդ նորից ես հուշերիդ տալիս,
Հուշերի թևով հեռուն ես թևում,
Լեռներ ես պատռում, երկինք ես ձևում,
Ու հանկարծ հիշում՝ շատ ես ուշացել,
Ջահելությունդ վաղուց է անցել...

Այս ծերանալը ինչպե՞ս է լինում.
Մտքիդ թելերից գորգեր ես հինում,
Մեկ-մեկ տրտնջում, մեկ-մեկ փնթփնթում,
Բան ես կորցրել, իբր չես գտնում,
Այն ես հավանում, այս չես հավանում,
Եվ քո ասածն ես հա առաջ տանում.
Բայց տեղն է գալիս՝ սիրտդ բարակում,
Կնոջդ անգամ դու չես առարկում,
Այնպես ես նրան «հոգի», «ջան» ասում,
Որ աղջկա պես ժպտում է, նազում...
Էլ ի՞նչ ես ուզում.
Թառլան կին ունես,
Ու ինքդ քո մեջ ջահելանում ես,
Էն նախկին սիրով վառվում, հալվում ես,
Հալվում, ծալվում ես,
Ծալվում, կես լինում...
Ծերանալն ահա այսպես է լինում։
1982 թ.



                       Աղջկաս՝ ՆԱՐԻՆԵԻՆ
Քանի կողքիս ես, ինձանից անմաս,
Հոգուս սատար ես ու սրտիս հենակ,
Հավք ես, կթռչես մի օր, կգնաս,
Բույնդ կհյուսես ուրիշ հարկի տակ,
Բայց նորից քո հին բույնը կհիշես,
Իմ գլխի ճերմակ ձյունը կհիշես։

Սիրավառ սիրտս քեզ ոսկե սինի,
Օրհնում եմ ճամփադ ես գորովանքով,
Գարնանամուտդ թող ծաղկով լինի,
Ամառնամուտդ՝ բերք ու բարիքով,
Ուր էլ որ լինես՝ քո տոհմին մնաս
Եվ քո հայրական տունը չուրանաս։
1982 թ.



         Աղջկաս՝ ՆՎԱՐԴԻՆ
Ծաղկում, բացվում ես,
Իսկ ես խարկվում եմ,
Կյանքով լցվում ես,
Ես ճերմակում եմ։
Դու կարկաչում ես,
Ես ցամաքում եմ,
Դու կանաչում ես,
Ես դատարկվում եմ։
Դու զորանում ես,
Ես կորանում եմ,
Դու նորանում ես,
Ես չորանում եմ։
Դու բոցկլտում ես,
Իսկ ես հալվում եմ,
Զնգում, հորդում ես,
Իսկ ես ծալվում եմ։
Ծիածանվում ես,
Իսկ ես հանգչում եմ,
Դու բարձրանում ես,
Իսկ ես իջնում եմ։
Դու հուր ես տալիս,
Իսկ ես ձյունում եմ,
Դու նոր ես գալիս,
Իսկ ես գնում եմ։
Օ՜, աղջիկ, իմ լույս,
Հոգուս երկինք մով,
Քեզ բարի գալուստ,
Ինձ՝ գնաս բարով։
1982 թ.



ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Երջանկությունը դա քո առաջին
Քայլերն է երեր՝ սեղանից՝ աթոռ,
Ձեր բակով հոսող առվակն է վճիտ,
Մորդ օրորը ջերմ ու սիրաթով։

Երջանկությունը՝ դա քո առաջին
Ժամադրությունն ու սերն է առկա,
Երբ դու առաջին անգամ քո կյանքում
Համբուրեցիր այն քնքուշ աղջկան։

Երջանկությունը այն է, որ գտար
Քո՛ ճանապարհը այս մեծ աշխարհում,
Հասկացար, որ լեռն ունի վեհ կատար
Եվ թևեր ունես՝ թռչելու հեռուն։

Երջանկությունը քո մաքուր խիղճն է,
Անկեղծությունը՝ հանդեպ քո խղճի,
Հարազատ որդուդ անդրանիկ ճիչն է
Եվ թոթովանքը նրա առաջին։

Երջանկությունը այն է, որ գիտես՝
Ինչի համար ես ապրում, պայքարում,
Քո նպատակն ու երազներն ունես
Եվ հայրենիքիդ պարտք ունես տալու։

Երջանկությունը դա օդից կախված
Շքեղ դղյակ չէ խաղաղ ու անդորր,
Ոչ էլ պատահմամբ գտած ինչ-որ գանձ
Կամ պաշտոնական փափուկ բազկաթոռ։

Երջանկությունը քո տնկած ծառն է,
Քո ցանած արտն է, եռանդդ անհուն,
Քո ձեռքով տաշած այն գլխաքարն է,
Որ տան պատերը ամուր է պահում։

Երջանկությունը այն է, որ մարդկանց
Սրտանց մաղթելու «բարի լույս» ունես,
Քեզ համար սիրուց տրոփող սիրտ կա
Եվ ինչ-որ մի տեղ սպասում են քեզ։

Երջանկությունը դա այն է, որ դու
Եվ կարողանաս ըմբոստ շառաչել,
Լինես լավ ընկեր և թիկունք մարդու,
Քո ապրած կյանքի համար չամաչես։

Երջանկությունը իրավունքն է քո
Աներկբայելի, քեզ հետ է ծնվել,
Այն, որ կարող ես քո ապրած կյանքով
Եվ ուրիշներին երջանկացնել։



* * *
Պոետներին մեծարել են,
Տվել փառք ու պատիվ անծիր,
Պոետներին քարկոծել են
Նենգ ու նախանձ փարիսեցիք։

Պոետներին զրպարտել են
Հուդաները փողի գերի,
Պոետներին բանտարկել են,
Գնդակել են պոետներին։

Դափնիներ են դրել կանաչ
Պոետների սեգ ճակատին,
Ձեռքը խոթել ատրճանակ,
Հրավիրել մենամարտի։

Պոետներին խարանել են,
Վառել նրանց երգերն ընտիր,
Պոետներին դարանել են
Դանտեսները բախտախնդիր։

Պոետներին տվել թևեր
Ու մղել են խոյանքների,
Պոետներին սիրահարվել
Ու լքել են պոետներին։

Պոետներին հայհոյել են,
Հալածել են ու այպանել,
Պոետները զենքը ձեռքին
Հայրենի հողն են պաշտպանել։

Պոետները չեն նահանջել
Ու չեն եղել փառքի գերի,
Փառքը ինքն է վստահորեն
Եկել գտել պոետներին։



* * *
Այս վազերը իմ ձեռքով եմ տնկել
Եվ ինչ գնով եմ երաշտից փրկել։
Թե դառն է մի քիչ իմ այս մաճառը,
Դուք ներող եղեք, ես եմ պատճառը։
Վատ մարդկանց ձեռքից շատ եմ դառնացել
Եվ մաճառիս է դառնությունն անցել։
1984 թ.



* * *
Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ։
Ճառ է հաղորդում ռադիոն երգի տեղ,
Վալսի փոխարեն՝ աղմուկ-աղաղակ։

Կուռքը տապալվել, բայց մի ուրիշ կուռք
Կանգնել է ահա նույն պատվանդանին,
Շողոքորթների ոհմակն ահարկու-
Կրկնում է նորից պատմությունը հին։

Ի՜նչ դիֆիրամբներ և ի՜նչ ցնծություն,
Թերթերում՝ ծափեր, եթերում՝ ծափեր,
Անմիտ ծափերն այս մեզ ու՞ր են տանում,
Այդ ո՞ւմ ենք ուզում ծափերով խաբել։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ-
Լեզուս հատեցե՜ք՝ չշողոքորթեմ,
Կտրեցե՜ք ձեռքս՝ որ էլ ծափ չտամ։



ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

1.
Ջան ես ասում, ես հալվում եմ-
Դե քո ջանը ո՞նց կլինի,
Դու ժպտում ես, ես վառվում եմ,
Սրտիս բանը ո՞նց կլինի.
Իմ գրկի մեջ տենչում ես ինձ,
Իմ գրկի մեջ հոգիս հանում,
Իմ գրկի մեջ ինձ դավում ես,
Դավաճանը ո՞նց կլինի։

2.
Ինչո՞ւ համար ահ ու դավով
Դարը այսքան բարդացնել,
Չէ՞ որ կյանքում երկրորդ անգամ
Մենք չենք կարող նորից ծնվել.
Խելոքները երբ անզոր են
Միտք-մտքի տալ, դատել արդար,
Հիմարներին ի՞նչ է մնում՝
Հողագունդը պայթեցնել։

3.
Այդ ո՞ւր է ուզում հասնել տգետն այս-
Սրան ու նրան անվերջ բոթելով,
Մարդիկ հո մորից կուզիկ չեն ծնվում,
Կուզիկանում են քիթը խոթելով.
Բայց կյանքն ունի իր օրենքը անխախտ,
Իր դատը ունի ու դատաստանը.
Աստիճաններից նա է գլորվում,
Ով բարձրանում է շողոքորթելով։

4.
                             Մեծ լոռեցուն
Երգիչներ եկան, երգիչներ անցան,
Մեր փառքի սյունն ու գերանը դու ես,
Որքան առուներ գետեր չդարձան,
Ծով հասած գետի մերանը դու ես։
Հազարան բլբուլ դու մեր դպրության,
Դարավոր կաղնի դու մեր անտառի,
Դու մեր տենչերի ու սրտերի ձայն՝
Մեր երգի ոսկե բերանը դու ես։

5.
Մի գիշեր մնամ՝ մեր հանդում մնամ,
Հերանց գնացող մեր արտում մնամ,
Ծղրիդների հետ, ա՜խ, արթուն մնամ,
Մի գիշեր մնամ՝ թող անտուն մնամ։
Մի գիշեր լսեմ շշուկն արտերի,
Մի գիշեր ըմպեմ բույրը վարդերի,
Մի գիշեր մնամ քո սիրուն ծարավ
Ու սիրահարված քո գիրկը դառնամ։

6.
Ես իմ երգերով զարմացնեմ ո՞ւմ,
Ո՞նց զարմացնեմ սրտերին անառ,
Երբ նորություն չէ մեր այս աշխարհում
Սոխակի երգը՝ սոխակի համար։
Ահա և քեզ կին, ահա և գինի,
Կյանքը՝ խաս պարտեզ, աշխարհը՝ գարուն...
Բայց ամեն սիրող Մեջնուն չի լինի,
Ամեն թաս բռնող Խայամ չի դառնում։

7.
Մի գնա, անգին, մի քիչ էլ մնա,
Թող որ ականջիս մի ճիչ էլ մնա,
Մի քիչ էլ մնա, որ տանջես մի քիչ,
Քո այդ սուրբ խաչով ինձ խաչես մի քիչ,
Մի քիչ էլ մնա՝ հառաչեմ մի քիչ,
Ափերից ելնեմ, շառաչեմ մի քիչ...
Քո խանդ ու դավից ինձ փրկիչ մնա,
Անգին մի գնա, մի քիչ էլ մնա։

8.
Խրատ էի կարդում ցինին,
Բայց չլսեց, թռավ գնաց,
Գայլը լսեց հորդորանքս,
Սակայն գառս առավ-գնաց.
Գող ագռավը հիսուն տարի
Աշակերտեց Սոկրատեսին,
Բայց այդպես էլ ամբողջ կյանքում
Նա լեշակեր ագռավ մնաց։

9.
Մեկն էլ գնաց իմ շեն գյուղից,
Սրտիս մի քար ծանրացավ,
Ապուպապիս շիրմի կողքին
Մի շիրիմ էլ բարձրացավ։
Մի խնձոր էլ պոկվեց ճյուղից,
Մի երազ էլ մոխրացավ,
Մեկն էլ գնաց մեր շեն գյուղից՝
Սրտիս մի քար ծանրացավ։

No comments:

Post a Comment