ԱՌԱՋԱԲԱՆ
Ինչպես աշխարհի բոլոր նշանավոր քաղաքները, այնպես էլ Լեռնակերտն ունի իր կենսագրությունը։ Այստեղ հարգարժան Սիմոն Սարխոշյանցը (նա ինքը՝ Վարժապետ Սիմոնը) կարող է ինձ հակաճառել, որ Լեռնակերտը ոչ մի ծննդյան վկայական չունի, հետևապես չի կարող նշանավոր քաղաք կոչվել։ Սակայն Լեռնակերտն ինչո՞ւ նշանավոր չկոչվի, երբ նա աշխարհին տվել է Սիմոն Սարխոշյանցի նման խոշոր գլուխ։ Ի՞նչ անենք, թե այդ խոշոր գլուխը ծնվել է ինչ-որ գյուղում։ Բայց չէ՞ որ նա իր գործունեությունը ծավալել է հենց Լեռնակերտում, և եթե ճիշտը կուզեք իմանալ, ինքն է եղել մտքի այն հզոր կենտրոնը, որի շուրջն են պտտվել այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են պ. Սիլվեստը, Առուստամ Լալախանբեկյանը, Աղամ Բիրղամիչը, խմբապետ Խորենը, վաղամեռիկ Ապետնակ Մելիք Տեր-Աթաջանբեկնազարյանը, Գորոդովոյ Անտոնը և ինքը՝ Դուքան Սեդրակը։ Սրանք այն փայլուն արբանյակներն են, որոնք նույնիսկ իրենց փայլը կորցնելուց հետո, շարունակում են պտտվել այդ մտքի կենտրոնի շուրջը և սնվել նրա ճառագայթներից։
Թող ինձ ներեն Ուստա Ծատուրը և Նալբանդ Աթունը. ես ինձ թույլ եմ տալիս հայտարարելու, որ իմ այս վեպը կկորցներ իր համն ու հոտը, եթե չլիներ Սիմոն Սարխոշյանցը։ Նա իմ վեպի աղն է, իսկ առանց աղի կերակուրը համ չունի։ Եվ եթե Սիմոն Սարխոշյանցը գտնում է, որ Լեռնակերտը նշանավոր քաղաք չէ, դա գալիս է ոչ թե նրա հոգու չարությունից, այլ բացարձակ համեստությունից։
Ուրեմն Լեռնակերտը նշանավոր քաղաք է, զարմանալի մի հրաշք, ղարաբաղյան գլուխգործոց, անկրկնելի երգ-երգոց։ Ինքը՝ Գալիֆե Գուգուշը, այս ուրախ լեռնակերտցին կարող է հաստատել, որ Լեռնակերտը ոչ միայն նշանավոր, այլև մեծագույն քաղաք է։ Ինչպե՞ս կարելի է անտեսել աղյուսագործարանատեր Մամբրե Խաբարդանովիչին, որ չնայած ոչ մի կուսակցության չէր հարում, բայց ղարաբաղցու համառությամբ ձգտում էր Լեռնակերտը դարձնել ինդուստրիալ քաղաք։ Եվ դեռ չենք խոսում այն մասին, որ Գալիֆե Գուգուշն իր բաղնիս-համամով փորձում էր եվրոպականացնել Լեռնակերտը, իսկ Դուքան Սեդրակը, չնայած դեմ չէր առաջադիմական այդ քայլին, սակայն իր արարքներով երբեմն Լեռնակերտը պահում էր ասիական մակարդակի վրա։
Գիտեմ, ինձ կլինեն մեղադրողներ, և դա օրինաչափ է։ Եղել են այլ նշանավորներ, որոնց անունները չեմ հիշատակել իմ այս վեպում։ Բայց հարց է ծագում՝ որևէ խնջույքի, հարսանքի կամ քելեխի ժամանակ հնարավո՞ր է սպառել բոլոր կենացները։ Եթե նույնիսկ գինին էլ բավականացնի, միևնույն է, սեղանակիցները չեն կարող 20-րդ կենացից հետո բաժակ բարձրացնել։ Ուրեմն ամեն տեղ և ամեն ինչի մեջ կարևորը չափն է,- կասեր Լեռնակերտի անփոխարինելի թամադա Մուշեղ Չանչախովը։
Եթե Լեռնակերտը նշանավոր քաղաք է, ապա իր մեջ պիտի կրի ղարաբաղյան ոգին, և այդ ոգին, ինչպես սաղմը արգանդի մեջ, անպայման պիտի ձևավորվի, ստանա միս ու արյուն։ Բանաստեղծ-բժիշկ-փիլիսոփա Կարկազ Լեռնակերտցին իր աշխատություններում բավականին քրտինք է թափել և ի վերջո այդպես էլ չի կարողացել իր սկսած գործը հասցնել վախճանի, այսինքն ո՞րն է Լեռնակերտի ոգին, այն իրոք ղարաբաղյա՞ն է, թե՞ պարզապես բոլորովին նոր ոգի է, որ ձևավորվել է ինքնիրեն։ Այստեղ է, որ Սիմոն Սարխոշյանցը մատերիալիստական դիրքերից ապացուցեց, որ Լեռնակերտի ոգին զուտ ղարաբաղյան է, քանզի նրա բնակիչները ծագումով, միս ու արյունով, չափ ու ձևով, իրենց ղարաբաղյան կոշտ ու հաճելի բարբառով ղարաբաղցիներ են։
Լեռնակերտը նշանավոր է իր ղարաբաղյան ոգով։ Սա աքսիոմա է, իսկ աքսիոման, ինչպես հայտնի է երկրաչափության դասագրքերից, ապացուցման կարիք չի զգում։ Եվ, վերջապես, կա Ղարաբաղի բարբառ, որ լեզվաբանները երկար տարիներ ուսումնասիրել, գլուխ են ճաքացրել և ապացուցել, որ այդ բարբառը զուտ ղարաբաղյան է, հետևաբար Լեռնակերտն իր ոգով ղարաբաղյան հրաշք է։
Ուրեմն՝ հազար անգամ ոչ, բյուր հազար անգամ ոչ, Լեռնակերտը նշանավոր քաղաք է, ինչպես Աթենքն ու Հռոմը, Փարիզն ու Լոնդոնը, Նեապոլն ու Բաղդադը… Նշանավոր է իր զարմանալի համեստությամբ և ղարաբաղյան իր մեծահոգությամբ, նրանով նաև, որ հավակնություններ չունի նմանվելու եվրոպական նշանավոր քաղաքներին, ուզում է լինել ինքնատիպ, յուրովի։
Եթե Լեռնակերտը չլիներ նշանավոր քաղաք, ես ինչպե՞ս կհանդգնեի սույն վեպն ավարտելուց հետո, նորից գրիչ վերցնել ու գրել Առաջաբան։ Ինչպես նշանավոր մարդկանց, այնպես էլ նշանավոր քաղաքների մասին գրված վեպերը չեն կարող չունենալ Առաջաբան։ Առաջաբանը վեպի համար նույնն է, ինչ քարավանի համար նառը, գնացքի համար՝ շոգեքարշը, խմորի համար՝ թթխմորը, մերանը՝ մածնի համար և այլն։
Եվ թող իմ սիրելի հայրենակիցները չկարծեն, թե մեր նշանավոր քաղաքի մասին սույն վեպը գրել եմ միայն նրա համար, որպեսզի ես էլ Լեռնակերտի հետ մնամ նշանավոր ու անմահ։ Օ՜, ո՛չ, ինձ համար հաճելի է ամբողջ կյանքում մնալ Լեռնակերտի փառքի ստվերի տակ։ Դա ինձ համար կլինի շատ մեծ պատիվ։
Եվ, վերջապես, սա իմ մերած մածունն է, քաղցր դուրս կգա թե թթու՝ թողնում եմ ընթերցողի դատին։ Եթե մի քանիսին դառնացրել եմ, ես ոչ մի մեղք չունեմ. գրել եմ այն, ինչ գիտեմ, ինչ եղել է…
1980 թ. օգոստոս
ՄՈՒՏՔՆ ԼԵՌՆԱԿԵՐՏ
Այդ թվականին Լեռնակերտում կար վաթսուն ծուխ, մի զորանոց՝ իր պարապ-սարապ կազակներով, մի եկեղեցի, մի քահանա, որ կոչվում էր Տեր-Վասիլի, մի ժամկոչ Մանաս։ Տեր-Վասիլին «Աստվածաշունչն» այնպես արագ էր կարդում, որ թվում էր, թե հայհոյում է աստծուն։
Նա յուրաքանչյուր հավատացյալից մի փարչ օղի Էր վերցնում և աղոթում նրա հոգու փրկության համար՝ «Մեղայ ամենասուրբ երրորդութեանն հոր և որդվոյ հոգվոյն սրբոյ»։
Իսկ շտաբս-կապիտան Իոնես Խասապետովը երկարահասակ, սրած բեղերով, թաթարի նեղ աչքերով մի մարդ, որ ազգությամբ մթամ հայ էր, բայց հայերեն չէր խոսում, ամեն օր կռվում էր կնոջ՝ Կատինկայի հետ և նորից հաշտվում։
Ամռան վերջերին գուբեռնատն ու պրիստավը եկան Լեռնակերտ։ Կապիտան Խասապետովը նրանց պատվին լավ քեֆ սարքեց։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Իսկ այդ տարիներին Լեռնակերտում ապրում Էին երեք Ծատուր, երեք Աստվածատուր, երեք Սարգիս, երեք Աթուն, մի Պողոս, մի Սեդրակ, մի կոշկակար Ալեքսան։ Երեք Ծատուրներից միայն մեկն Էր Ուստա Ծատուր, մնացածները շարքային ծատուրականներ Էին, և նրանց համար Ուստա Ծատուրի խոսքն օրենք Էր։ Աթուններն էլ իրենց Ուստա Աթունն ունեին։ Ուստա Ծատուրը դարբին էր, Ուստա Աթունը՝ պայտառ։ Կոշկակար Ալեքսանին սկզբում ոչ ոք չէր համարձակվում «ուստա» անվանել։ Դե փինաչուց ի՜նչ ուստա։ Ավագ Ծատուրը մի գեղեցիկ օր զննեց նրա կարած չստերը, ժպտաց բեղի տակ ու ասաց. «Հալալ լինի, Ալեքսան, հիմա ուստա ես»։
Ալեքսանը Լեռնակերտի գրագետ մարդն էր, «Մշակ» էր կարդում, խնջույքներում ու հարսանիքներում «Դուն էն գլխեն» էր երգում, շոշափում քաղաքական կարևոր հարցեր, մեկ-մեկ էլ Տեր-Վասիլիին ձեռ առնում։ Տեր-Վասիլին չէր վիրավորվում, չէր հայհոյում, ընդհակառակը, նա գտնում էր, որ Ալեքսանը չափազանց խելոք մարդ է, և այդ խելոք մարդու տեղը թագավորի պալատն է։ Այդ նույնը հաստատում էր նաև Դուքան Սեդրակը և ապա ձայնը իջեցնում. «Ալեքսանի գլխում ծուռ գաղափարներ ու վտանգավոր մտքեր կան»։
Ալեքսանը լեռնակերտցիների աչքում բարձրացավ նաև իր «ծուռ» գաղափարներով ու վտանգավոր մտքերով, իր «Դուն էն գլխեն»¬ով ու քաղաքական հարցերով, իր ուրախ կատակներով ու զվարթ ծիծաղով։ Տեր-Վասիլին հաճախ էր լսում նրա՝ «Դուն էն գլխեն»-ը, և չնայած ոչինչ չէր հասկանում, շոյում էր շեկ մորուքն ու ասում. «Մալադեց Ալեքսան, տի նաստայաշչի պեվեց»։
Կապիտան Խասապետովը լավ գիտեր, որ Տեր-Վասիլին փարաջայի գրպանում օղու շիշ է պահում, լավ կոնծելուց հետո հայհոյում աստծուն, բայց լռում էր, որովհետև ինքն էլ պակաս կոնծողներից չէր։ Նա մի անգամ այնքան կոնծեց, որ ինքն էլ չիմացավ, թե ինչպես նետվեց փողոց, հանեց հեծելազորայինի երկար թուրն ու գոռաց. «Զամնո՜յ, օռլի...»։ Նույն պահին ցանկապատի ետևից դուրս պրծավ Նալբանդ Աթունի Օռլի անունով շունը, բռնեց հարբած կապիտանի շալվարից ու քաշեց։ Դա բավական էր, որպեսզի տարածվի Լեռնակերտում, թե իբր շտաբս-կապիտան Խասապետովը ներքնաշապիկ չի հագնում...
Կապիտան Խասապետովը հարբեցող էր, կնոջից վախենում էր, մեկ-մեկ գնում էր Շուշի, պրիստավի հետ թուղթ խաղում և տանուլ տալիս գրպանում եղած փողերը, բայց այնքան էլ վատ մարդ չէր։ Մի գիշեր, երբ գայլերը խուժեցին Լեռնակերտ, նա հրամայեց կազակներին, որ կրակ բացեն կապը կտրած գազանների վրա։ Կազակները կրակեցին, փախցրին գայլերին, բայց պատահական գնդակը կպավ Ուստա Աթունի էշի ճակատին ու փռեց ցանկապատի տակ։
Լեռնակերտն ապրում էր իր ձանձրալի կյանքով։ Ուստա Ծատուրը դարբնոցում երկաթ էր ծեծում, կոշկակար Ալեքսանը նորոգում էր կապիտան Խասապետովի Կատինկայի մաշիկները, Դուքան Սեդրակը հորանջում էր խանութի առջև, երբ հանկարծ փողոցը լցվեց աղմուկով։ Ուստա Ծատուրի դարբնոցի կողքին կանգնեց մի շքեղ կառք, կառքից դուրս եկան գավառապետն ու պրիստավը։ Գավառապետը հաստ ուսերով, կլոր փորով, շեկ բեղ ու մորուքով մարդ էր։ Պրիստավը ձիգ տված մաստակ էր, մանր աչքեր ուներ, երկար ծնոտ, նեղ ճակատ։ Նա տնկվեց գավառապետի կողքին ու արագ-արագ զեկուցեց.
- Վաշի բլագարոդիե, էտո Լեռնակերտ...
Գավառապետը քիթը ծռմռեց ու նայեց Ուստա Ծատուրի կողմը։ Ուստա Ծատուրը գոգնոցով մաքրեց դեմքի քրտինքը, մոտեցավ, գլուխ տվեց գավառապետին.
- Դոբրի դեն, վաշի վելիչեստվո։
«Վաշի վելիչեստվոն» ոտից գլուխ չափեց Ուստա Ծատուրին ու բարկացած հարցրեց.
- Վաշե իմյա։
- Վաշի բլագարոդեն, Ծատուր Լեռնակերտսկի,- պատասխանեց Ուստա Ծատուրը, ապա ներկայացրեց մյուս վարպետներին,- վաշի բլագարոդեն, էտո Նալբանդ Աթուն, էտո Ուստա Ալեքսան, էտո փուքս փչող Պողոս, ա էտո Դուքան Սեդրակ։
Լեռնակերտցիք հասկացան, որ գավառապետն ու պրիստավը լավ բանի համար չէին եկել, քաշվեցին մի կողմ ու սպասեցին։ Պրիստավը ինչ-որ բան ասաց գավառապետին ու դարձավ կանգնածներին.
- Ձեր մեջ հասկանա ո՞վ ռուսերեն լավ։
Բոլորի հայացքները ակամայից ուղղվեցին Դուքան Սեդրակի կողմը։ Դուքան Սեդրակը եղել է Ռուսաստանում, կապիտան Խասապետովի հետ մեկ-մեկ ջարդում է ռուսերեն ու հարբած ժամանակ երգում. «Վասադուլի վագարոդի, վասադուլի վագարոդի...»։
Գավառապետը նայեց Դուքան Սեդրակին, մտրակը թափահարեց օդում ու խոսեց։ Խոսեց սկզբում շատ հանգիստ, կամաց-կամաց տաքացավ, պլշեց աչքերը ու շուռ եկավ Դուքան Սեդրակի կողմը.
- Պոնյատնո՞... Նու, պերեվեդի՛...
Դուքան Սեդրակը, որ ոչինչ չէր հասկացել գավառապետի ռուսերենից, թուքը կուլ տվեց ու «թարգմանեց».
- Լեռնակերտի ժողովուրդ, պարոն գուբեռնատն ասում է՝ էդ դուք քանի՞ գլուխ ունեք ձեր ուսերին, որ ինձ նման թագավորական մարդուն էդպես եք դիմավորում։ Ասում է՝ ղուռումսաղներ, էս սահաթին ձեզ Սիբիր կքշեմ... Ասում է՝ տակոյ-սակոյ, հետո ուրիշ բաներ էլ է ասում և շատ էլ լավ է անում։
Ուստա Ծատուրը աչքի պոչով նայեց Ալեքսանին, Ալեքսանը՝ Նալբանդ Աթունին, իսկ վերջինս դարձավ Սեդրակին.
- Գասպադին վաշի վելիչեստվո է, ինչ զահրումար է, ասա՝ մեր Լեռնակերտը քեզ փեշքեշ։ Ասա՝ էս տերը մեռած գելերը ոչխար չեն թողել, որ ոտիդ տակ մորթենք։ Ասա՝ դե մենք էլ մարդ ենք մեզի գյորա, աքլորից բանից կմորթենք, եղածով յոլա գնա...
Դուքան Սեդրակն անցավ ռուսերենին.
- Վաշի վելիչեստվո, տամ լեսի, մնոգո վոլկի, մը բեդնի լյուդի... Ա եսլի տի պետուխ, պոժալուստա...
Գավառապետը կարմրեց ու պայթեց.
- Կտո՞ պետուխ, մերզավե՛ց։
- Վաշի բլագարոդեն, տի մնե նի պոնիլ։
- Նետ, նետ, կտո՞ պետուխ։
- Պետուխ՝ էտո մուժ կուրիցա։
- Կա՞կ, կա՞կ...
Սեդրակին թվաց, թե գավառապետը կյանքում աքլոր չի տեսել, թևերը թափահարեց, տեղում պտույտ տվեց և ապա ցատկեց, կանգնեց թթենու տակ ընկած դատարկ տակառին, վիզը ձգեց ու ծղրտաց աքլորավարի.
- Ծուղրուղու՜...
Փողոցը լցվեց հռհռոցով, գավառապետը օրորեց գլուխն ու նետեց.
- Վոտ, դուռա՛կ...
Բայց չգիտես որտեղից, հանկարծ փողոցում հայտնվեց զուգված-զարդարված Կատինկան, և գավառապետի բարկությունն իսկույն անցավ։
Առաջին անգամ լեռնակերտցիք վկա եղան այն բանին, թե ինչպես տղամարդը այդքան մարդկանց ներկայությամբ համբուրեց կնոջ ձեռքը։
- Վա՜յ, բեյնամուս կնիկ,- գլուխը շրջեց Նալբանդ Աթունը։- Այ բալամ, բա սրանք սկի աբուռ չունե՞ն։
- Եվրոպայում օրենքը էդպես է,- բացատրեց Դուքան Սեդրակը։- Եվրոպայում կնանիքը տղամարդկանց ներկայությամբ կարող են ծիծաղել, կարող են պռոշտի անել, կարող են ուրիշ ղալաթներ էլ անել...
- Իսկ որտե՞ղ է քո այդ Եվրոպան,- հարցրեց փուքս փչող Պողոսը։
Դուքան Սեդրակը ձեռքը մեկնեց դեպի Քիրս սարը.
- Հրե՜ն էնտեղ... Շատ ա հեռու։ Ֆայտոն պիտի նստես, հետո պոեզդ, հետո պարախոդ, որ հասնես Եվրոպա։ Եվրոպայում կնանիքն իրենց պռոշներին ներկ են քսում, ֆոկզտրոտ են պարում։ Մենք հետամնաց ժողովուրդ ենք։
- Եվրոպան Պարիժից մե՞ծ է,- էլի հարցրեց Նալբանդ Աթունը։
- Մեծ է, շատ է մեծ։
- Լեռնակերտը Պարիժ չի,- բարկացավ Նալբանդ Աթունը։- Ղարաբաղը Պարիժ չի, Բաքու չի, Թիֆլիս չի, Երուսաղեմ չի... Ղարաբաղը՝ Ղարաբաղ է։
Կոշկակար Ալեքսանը, որ մինչ այդ լուռ կանգնած էր մի կողմ, մոտեցավ Դուքան Սեդրակին։
- Լավ, Դուքան Սեդրակ, էդ գուբեռնատն ինչի՞ համար է եկել։
- Գուբեռնատը եկել է... դե երևի մի բան կա, որ եկել է։
- Իսկ մերզավեցն ի՞նչ բան է, ինչու քեզ մերզավեց անվանեց։
- Հորս անունը Միրզա է, ռուսերեն դուրս է գալիս մերզավեց։
Ալեքսանը քրքջաց.
- Դե հիմա հասկաց, մերզավեց Դուքան Սեդրակ, գուբեռնատը եկել է, որ բարձրացնի խարջը, մեզ պլոկի... Իսկ դու ռուսերեն էնքան ես հասկանում, որքան Նալբանդ Աթունը՝ ֆրանսերեն։ Հիմա պոնյատնո՞։
- Պա՛հ, ես քու ռուսեվուր հասկացող ջանին մատաղ։ Արա, բա չորս տարի Ռուսաստանում ի՞նչ եմ արել։
Ուստա Ծատուրն իր «Օրագրում» չի նշում, թե գավառապետը Լեռնակերտում ինչ Էր անում։ Սակայն ըստ Ժամկոչ Մանասի՝ «Պարոն գուբեռնատը երեկոները ռուսական եկեղեցու խորանում սիլի-բիլի Էր անում Խասապետովի Կատինկայի հետ, իսկ Տեր-Վասիլին ձևացնում Էր... Ասենք Տեր-Վասիլին Էլ մի բարի պտուղ չէր...»։
Նույնը հաստատում է նաև փուքս փչող Պողոսը, սակայն Ուստա Ծատուրը նրա վկայությունը համարում էր անվավեր, որովհետև «փուքս փչողին խոսք չի հասնում»։ Խոսքը հասնում էր Ալեքսանին, որ վերջին ժամանակները ավելի շատ է թերթ կարդում և Ուստա Ծատուրի ու Նալբանդ Աթունի համար արտասանում.
Շենին կլխեն հանգիստարան,
Քու հար ընդեղ թաղած ա«
Ըսօր-եքյուծ քեզ մհար Էլ
Կասին՝ «ընդեղ թաղած ա»։
Վերջը տա յա
Լաց մի ինիլ...
Նալբանդ Աթունի աչքերը արցունքոտվում են, կոկորդում շարժվում Է ինչ-որ բան. մուրճը ցած Է դնում, հիշում իր հայրենակից բանաստեղծ Լևոն Աթաբեկյանին ու հառաչում.
- Լոխ արազ ա, լաց մի ինիլ...
ԳՈՐՈԴՈՎՈՅ ԱՆՏՈՆԸ
Գուբեռնատը եկավ ու գնաց: Պրիստավը եկավ ու գնաց։ Խասապետովը քիթը կախել Է, իսկ Կատինկան ամեն օր եկեղեցում Տեր-Վասիլու հետ «Վասադուլի» Է պարում։
Հիմա Լեռնակերտը ոչ քաղաք Է, ոչ գյուղ։ Ամեն գիշեր ծմակում քաղցած գայլերը զուզա են տալիս։ Գավառապետին խնդրեցինք, որ մի բան անի, նա Էլ չգիտես որտեղից մի Գորոդովոյ Անտոն գտավ, ուղարկեց մեզ մոտ։ Ի՜նչ գորոդովոյ, բերանը կապած սարի անասուն։ Ակաս-մակաս գորոդովոյն Էր պակաս։ Ասում են՝ Ղրիմի հայ Է, բայց հայերեն կարգին չի խոսում։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Գորոդովոյ Անտոնը մի քիչ հայերեն գիտե, մի քիչ թուրքերեն, մի քիչ Էլ ռուսերեն։ Նրան Դուքան Սեդրակն Է հասկանում միայն, և Ուստա Ծատուրն ասում Է. «Ագռավը ագռավի լեզուն լավ կհասկանա»։
Կոլոտ մարդ Է Գորոդովոյ Անտոնը՝ գլուխը հսկա մի դդում, այդ հսկա դդումի վրա մի զույգ փոքրիկ անցքեր, որոնք մահկանացուների համար ծառայում են որպես աչքեր։ Առավոտից մինչև ուշ երեկո նստում Է Դուքան Սեդրակի խանութի առջև, գլուխն առնում ափերի մեջ, մտածում. ի՞նչ Է մտածում, այդ միայն իրեն Է հայտնի։ Ճաշին Սեդրակը մի թաս գինի Է տալիս.
- Անուշ արա, պարոն Անտոն, անուշ արա։ Եթե դու չլինես՝ մեր Լեռնակերտը կքշեն տանեն։
Գորոդովոյ Անտոնը դատարկում Է թասը, լիզում հաստ շուրթերը, երկար թուրը դնում ծնկներին և գլխով հաստատում։
- Դա՜, Լեռնակերտ ես պահեմ...
Դուքան Սեդրակը ծիծաղում Է լախ-լախ.
- Վա՜յ, մեռնես դու, Գորոդովոյ Անտոն։ Այ անաստված, դո՞ւ ես Լեռնակերտը պահում, թե՞ Լեռնակերտն Է քեզ պահում։
Գորոդովոյ Անտոնը բնավորությամբ մեղմ մարդ Է, ոչ ոքի չի վիրավորում, չի հայհոյում և ոչ ոքի վրա մատ չի թափահարում։ Իսկ եթե սուլիչը դնում Է բերանին, նշանակում Է Դուքան Սեդրակի բանջարանոցը այծ Է մտել։
- Պարոն Անտոն, մի բաժակ գինի Էլ տամ, ռուսեվուր մի բայաթի վեր կալ։
Անտոնը դատարկում Է հերթական թասը և խռպոտված ձայնով երգում.
- Է՛խ տի գուսի, դասվիդանիյա...
Երգում Է այնքան, որ Նալբանդ Աթունը զայրանում Է ու ձեռքերը թափահարում.
- Արա, ա շան տղա, խվատիտ, զահլես տարար։ Ա՛յ Սեդրակ, մի բաժակ Էլ տուր, թող ձենը կտրի։
- Բա փո՞ղը,- հարցնում Է Դուքան Սեդրակը։- Ասա տեսնեմ՝ փողն ո՞վ պիտի տա։
- Այ ցեխից բաքմազ քաշող մերզավեց, փողը ես կտամ, մենակ թող ձենը կտրի։
- Ցեխից բաքմազ քաշո՜ղ,- քրքջում Է փուքս փչող Պողոսը։- Ամեն բան լսել եմ, բայց ցեխից բաքմազ քաշող լսած չկամ։
Մի օր Էլ լուրը տարածվեց Լեռնակերտում, թե Գորոդովոյ Անտոնը, բերանը կապած սարի անասուն Անտոնը, ամեն գիշեր Խասապետովի Կատինկայի հետ անտառում «շալթայ-բալթայ» Է անում։ Սկզբում ոչ ոք չէր հավատում, ախր Կատինկան աղա կնիկ է, ի՞նչ է գտել նա Գորոդովոյ Անտոնի մեջ։
Դուքան Սեդրակը ստուգելու նպատակով մի լավ հարբեցրեց Անտոնին, թևը դրեց նրա ուսին ու հարցրեց.
- Պարոն Անտոն, Կատինկայի հետ ո՞նց ես։
Անտոնը, անշառ, լռակյաց Անտոնը մի ակնթարթում կարծես վերափոխվեց, շողշողացին մանր աչքերը, ձեռքը տարավ դեպի թուրը.
- Կատինկան ազիզ կնիկ, Կատինկային ով ծուռ նայել, ես իմ թրով նրա վիզը կտրել, աչքեր հանել...
- Այ անաստված, բա որ կապիտան Խասապետովն իմանա՞։
- Ես կապիտան Խասապետովի գործերին չխառնվել, ինքն էլ չխառնվել իմ գործ...
Դուքան Սեդրակը հասկացավ, որ այդ հարցում Գորոդովոյ Անտոնի հետ վիճելն անմտություն է, լցրեց գինու թասը, մեկնեց նրան.
- Խմի՛ր, ջանդ գա, պարոն Անտոն։
Անտոնը խմեց, լիզեց շուրթերը, ամփոփվեց իր մեջ։
- Պարոն Անտոն,- խոսեց Սեդրակը,- դու բալշևիկների կո՞ղմն ես, թե՞ մենշևիկների։
- Ես քաղաքական հարցեր չշոշափեմ։
- Ալեքսանդր Ծատուրյանին ճանաչո՞ւմ ես։
- Ալեքսան բարի մարդ, իմ գործերին չխառնվել։
- Ստեփան Շահումյանին ճանաչո՞ւմ ես։
- Հա՛, Ստեփան լավ տղա։
- Բոգդան Կնունյանցի անունը լսած կա՞ս։
- Իմ ի՞նչ գործ, ես գորոդովոյ։
- Պա՛հ, քո ինչն ասեմ, Գորոդովոյ Անտոն, ախր դրանք բալշևիկներ են, իշխանության դեմ են գնում։
- Նու չտոժ։
1917 թվականի հոկտեմբերը ցնցեց աշխարհը, իսկ Գորոդովոյ Անտոնը լայն հորանջեց ու անտարբեր հայացքը հառեց Դուքան Սեդրակի գինու տակառին։ Տարին անբարենպաստ էր, և դրա համար էլ Դուքան Սեդրակը Վարարակնի ջուրը շուռ էր տվել տակառի վրա։ Բայց նա իր հաշիվների մեջ սխալվեց. կազակները մի գիշերվա մեջ հավաքեցին իրենց եղած-չեղածը ու պատրաստվեցին թողնել Լեռնակերտը։ Եթե կազակները չկան, չկա նաև գինու առևտուրը։
Կապիտան Խասապետովի Կատինկան կուչ էր եկել կառքի մի անկյունում և լալիս էր անձայն։ Տեր-Վասիլին, որ հասցրել էր ճանապարհվելուց առաջ մի քանի բաժակ օղի կոնծել, տեղավորվեց Կատինկայի կողքին ու ասաց.
- Նե պլաչ, դոչինկա, վսյո բուդետ խորոշո։
- Չո՛ռ խորոշո, զահրումա՛ր խորոշո,- մրթմրթաց փուքս փչող Պողոսը։- Համ հետը ղալաթներ է անում, համ էլ դոչինկա ասում։
Հրաժեշտից առաջ, կապիտան Խասապետովը ազդեցիկ երևալու նպատակով, հագել էր տոնական մունդիր, կախել խաչերը, բեղերը ցցել։ Զնգացին սանձերը, եկեղեցու ճաքած զանգը տխուր ծլնգաց, և փողային նվագախումբը նվագեց Ինտերնացիոնալ։ Կապիտանի դեմքը կապտեց զայրույթից. կանգնեց ասպանդակին, հանեց թուրն ու գոռաց.
- Մալչա՛տ, սվոլուչի՛...
Շարքերը խառնվեցին իրար, մի աժդահա կազակ հայհոյեց Խասապետովին ու գոչեց.
- Դրուզյա, դազդրաստվույետ ռևոլյուցիա...
Դա առաջին խռովությունն էր Լեռնակերտում:
Խասապետովը թափահարեց թուրը, բղավեց, բղավեցին ուրիշները, շարքերը խառնվեցին իրար: Մի կազակ շուռ տվեց ձիու գլուխն ու քառատրոփ սլացավ անտառի կողմը։
Տեղի ունեցավ մի ուրիշ հրաշք. հայկական եկեղեցու կողքին, փոքր մեյդանում, Գորոդովոյ Անտոնը փակեց կառքի ճանապարհը, թևերը լայն տարածեց, բառաչելու պես բղավեց.
- Կատինկա՜, դորոգայա՜...
Դա կրծքից պոկված սիրահար ասպետի հառա՞չ Էր, թե՞ բողոք։ Կատինկան նույնիսկ չցանկացավ վերջին անգամ իր ասպետին արժանացնել իր մի փշուր ժպիտին։ Անտոնը երկար նայեց կառքի ետևից ու փռվեց փոշոտ փողոցում։ Միայն փուքս փչող Պողոսը մոտեցավ սիրահարված գորոդովոյին, բռնեց նրա ցնցվող ուսերից ու ասաց.
- Վե՛ր կաց, վաշի բլագարոդիե, վեր կաց, աշխարհը Կատինկայով չի վերջանում, ուրիշ Կատինկա Էլ կգտնես։
Անտոնը հառաչեց.
- Դու ինձ չհասկանալ, Պողոս, Կատինկան լավ կնիկ, ազիզ կնիկ։
ՎԱՐԺԱՊԵՏ ՍԻՄՈՆ ՍԱՐԽՈՇՅԱՆՑ
Կազակ Մատվեյը կայազորի հետ չգնաց։ Երկու օր թաքնվեց անտառում, երկու օր Պողոսը հաց ու ջուր տարավ նրա ետևից։ Ալեք Բարթուղյանը եկավ Լեռնակերտ, Մատվեյին տեղավորեց մեր դարբնոցի կողքին գտնվող փոքրիկ օթախում, կանչեց մեզ ու ասաց. «Ընկեր Մատվեյն Էսօրվանից ձեր ազիզ ախպերն Է. մի լավ աղջիկ Էլ կգտնեք, կամուսնացնենք հետը, և մարդը օրենքով լեռնակերտցի կդառնա»։
Աղջիկն ինքը՝ Մատվեյը գտավ, վանեցի որբ աղջիկ Էր, անունը՝ Եսթեր։ Պսակեցինք և նորապսակներին ցանկացանք երկար կյանք ու երջանկություն։
Լեռնակերտում մի ծուխ Էլ ավելացավ։
Իսկ Վարժապետ Սիմոնը որտեղի՞ց հայտնվեց...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Վարժապետ Սիմոնը Լեռնակերտում հայտնվեց այնպես, ինչպես Քրիստոսը՝ Երուսաղեմում։ Դուքան Սեդրակը քիչ Էր մնում բղավեր. «Ժողովո՜ւրդ, աչքդ լո՜ւյս, Հիսուս Քրիստոսը հարություն է առե՜լ»։ Բայց չբղավեց՝ մոտեցավ, գլուխ տվեց ու հարցրեց.
- Ներեցեք, պարոն, դուք բալշևի՞կ եք, թե՞ մենշևիկ։
Վարժապետ Սիմոնը նրա հարցին հարցով պատասխանեց.
- Էսիկ Բեռնակե՞րտն է։
- Ոչ թե Բեռնակերտը, այլ Լեռնակերտը,- ուղղեց փուքս փչող Պողոսը։- Իսկ դուք երևի առաջին անգամն եք լինում Լեռնակերտում ։
Վարժապետ Սիմոնը գեղեցիկ գավազանը խաղացրեց ձեռքում, հանեց ճերմակ ձեռնոցները, ժպտաց.
- Հարկավ, առաջին անգամ։ Ես աշխատավոր ժողովրդին շատ կհարգեմ:
- Ներեցեք, պարոն, դուք բալշևի՞կ եք, թե՞ մենշևիկ,- կրկին հարցրեց Դուքան Սեդրակը։
Վարժապետ Սիմոնը նորից հարցին հարցով պատասխանեց.
- Ահավասիկ, պարոն, ձեզ մոտ ի՞նչ կուսակցություններ կան։
- Կան էլի...
- Վասնզի ես առաջին անգամն եմ բարեհաճում լինել ձեր քաղաքում, ուստի պատիվ ունեմ հայտնելու՝ ես Սիմոն Սարխոշյանցն եմ։
- Դե որ էդպես է, բարով եք եկել,- Դուքան Սեդրակը նորից խոնարհեց գլուխը.- Հիմա դուք բալշևի՞կ եք, թե՞ մենշևիկ։
Վարժապետ Սիմոնը գեղեցիկ գավազանը խաղացրեց ձեռքում, հանեց ճերմակ ձեռնոցները, ժպտաց.
- Դուք ներկա էտապում ի՞նչ կուսակցության կարիք ունեք, վասնզի ես այստեղ նոր մարդ եմ։
- Կուսակցություններից կշտացած ենք,- ասաց Դուքան Սեդրակը,- իսկ էդ վասնզին, որ ասում ես, նոր կուսակցությո՞ւն է։
Նալբանդ Աթունը նկատեց անծանոթին, մոտեցավ, զննեց ու զարմացավ.
- Յա՞, սա մեր Վարժապետ Սիմոնն է։ Այ տնաշենի վարժապետ, էսքան տարի որտե՞ղ էիր կորել։
Վարժապետը սկզբում շփոթվեց, հետո հավաքեց իրեն ու կարծես ոգևորվեց.
- Ահավասիկ, ես նորից ձեզ մոտ եմ, հայրենակիցներ, կլսեմ ձեր անուշ ձայնը և ինձ կզգամ աշխարհի ամենաերջանիկ մահկանացուն, վասնզի այս շռնդալից ժամանակներում ինձ գործելու անհուն և անչափ ասպարեզ է պետք:
- Սիմոնը Սիմո՛նն է, համա չեմ հասկանում, թե ինչ լեզվով է խոսում,- ուսերը թոթվեց Նալբանդ Աթունը։
Դուքան Սեդրակին շլացրին Վարժապետ Սիմոնի գեղեցիկ գավազանն ու լայնեզր գլխարկը, փոքրիկ մորուքն ու խոսելաձևը և նորից հարցրեց.
- Ներեցեք, պարոն, դուք բալշևի՞կ եք, թե՞ մենշևիկ։
- Աշխարհի ամենաարդար կուսակցությունը, հարկավ, պարոններ, մենշևիկների կուսակցությունն է,- խոսեց վարժապետը։- Թույլ տվեք հայտնել, որ ես՝ Սիմոն Սարխոշյանցս, երդվյալ մենշևիկ եմ։ Ի դեպ, պարոններ, ինձ այստեղ է ուղարկել միստեր Սենգիստոնը։ Անգլիացիները ձեզ համար փթերով հաց են բերում, բերում են ազատություն...
- Անգլիացիները ղալաթ են անում,- մուրճը թափահարեց Նալբանդ Աթունը։- Նրանց ետևից կարմիր խնձոր ենք ուղարկե՞լ։ Թող չբերեն։
Մատվեյը շիկացած երկաթի ծայրով վառեց ծխախոտը, աչքով արեց Ալեքսանին։ Ալեքսանը կիպ մոտեցավ Վարժապետ Սիմոնին, նայեց ձեռքի գավազանին ու հարցրեց.
- Այդ գեղեցիկ գավազանը միստր Սենգիստո՞նն է նվիրել ձեզ։
- Հարկավ, միստեր Սենգիստոնը։
- Եվ դուք էլ փոխարենը նրան եք նվիրում Ղարաբա՞ղը։
- Պարոն, իսկ դուք ո՞վ եք, բոլշևի՞կ, թե՞ մենշևիկ։
- Ես արհեստավոր եմ, պարոն վարժապետ։
- Իսկ ես հարգում եմ արհեստավորներին։ Ահավասիկ, ուզում եմ հիշեցնել, որ միստեր Սենգիստոնը բոլշևիկների հետ երբեք չի կատակում։
Վարժապետ Սիմոնը Դուքան Սեդրակի աչքում դարձավ մի նոր Քրիստոս, և նա իր տան դռները բացեց վարժապետի առջև ու ասաց.
- Իմ տունը քո տունը հաշվիր, պարոն Սարխոշյանց։
Հյուրը կերավ, խմեց, թիկն տվեց թախտին ու հարցրեց.
- Պարոն Սեդրակ, դուք բոլշևի ՞կ եք, թե՞ մենշևիկ։
- Դե իհարկե, մենշևիկ։ Բոլշևիկը կազակ Մատվեյն է, Ալեք Բարթուղյանը, Ուստա Ծատուրը, փինաչի Ալեքսանը։ Ներեցեք, պարոն Սարխոշյանց, ուզում եմ մի բան իմանալ...
- Խնդրեմ, պարոն Սեդրակ։
- Ասում են՝ ժամանակավոր կառավարությունը վեց գունդ Է ուղարկում Լեռնակերտ, երեսուն թնդանոթ, երկու գեներալ, ճի՞շտ Է։
- Իսկ մենք ժամանակավոր կառավարության հետ ի՞նչ գործ ունենք... Մեր հիմնական նպատակն Է՝ Ղարաբաղը մաքրել բոլշևիկներից և ստեղծել անկախ պետություն։ Այդ գործում մեզ անշուշտ կօգնեն անգլիացիները։
Դուքան Սեդրակի տրամադրությունը հասավ գագաթնակետին։ Նա հիմա կուզեր համբուրել Վարժապետ Սիմոնի փեշերը, ոտքերը, գավազանը ու Լեռնակերտով մեկ գոռալ. «Դուք Հիսուս Քրիստոսն եք, իսկ ես ձեր խոնարհ աշակերտը»։ Սակայն նա հիշեց, թե ինչպես խաչեցին Քրիստոսին, ինչ դաժան բախտ վիճակվեց նրա աշակերտներին, քորեց ծոծրակն ու ասաց.
- Դուք հրաշք մարդ եք, պարոն Սարխոշյանց։
Երկու օր անց ռուսական կայազորի բակում տեղի ունեցավ ժողովի պես մի բան։ Վարժապետ Սիմոնը հավաքվածներին կոչ արեց. «Հավատալ միայն մենշևիկներին, որովհետև մենշևիկները աշխատավոր ժողովրդի բարեկամներն են»։ Խոսեց կես ժամ, մի ժամ, թափահարեց ձեռքերը, ինչ-որ տեղից ցիտատներ բերեց ու երբ նկատեց, որ բակում Դուքան Սեդրակից ու ժամկոչ Մանասից բացի՝ ուրիշ մարդ չկա, թաշկինակով մաքրեց քրտնած դեմքն ու հառաչեց.
- Ի՜նչ հետամնաց մարդիկ են այս լեռնակերտցիները։
Հետամնացը Նալբանդ Աթունն է, որ բաց արեց նրա փուչերը.
- Դատարկ մարդ է, մի տեղ մոխիր չի թափում. մեր շենում վարժապետություն էր անում, կիրակի օրերը ժամում «Քրիստոսը հարյա՜վ» երգում և պրիստավի վրեն շաբաթը մի անգամ թուղթ ուղարկում՝ էսինչ էսինչյանը թագավորի դրած օրենքին դեմ է գնում։ Տղերքը տվին, ջարդեցին քիթն ու մռութը, փախավ Չանաղչի։ Չանաղչեցիք էլ շան օր գցեցին, էնտեղից էլ փախավ... Մի խոսքով տիտռիկ-միտռիկ մարդ է։
ԱՊԵՏՆԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ
Ի՜նչ ժամանակներ են, հիմա արի գլուխ հանիր, դաշնակ, մենշևիկ, մուսավաթ, հնչակ, մնչակ... Շունը տիրոջը չի ճանաչում։ Բոլորն էլ մի գլուխ ազգի անունից են խոսում և ազգի անունով ազգին թալանում։ Պակասն էլ անգլիացին էր, տեսավ, որ էս շուն-շան տղերքը իրար ռեխ են պատռում, եկավ ու ինքն էլ մի կողմից սկսեց թալանել։
Պարոն Լալայանն ասում է՝ ազգի հույսը դաշնակցականներն են, Սիմոն Սարխոշյանցը՝ չէ՛, մենշևիկներն են, Խմբապետ Խորենը բողազը պատռում է՝ ազգի հույսն ու հավատը մաուզերն է...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Շուշին ցնցվեց մեծ դեպքերի առթիվ։ Պարոն Լալայանը օգտվեց այդ ցնցումից ու իր «բանակը» համալրեց բաշիբզուկներով։ Իսկ միստեր Սենգիստոնը որոշեց Ղարաբաղը դարձնել ազատ, անկախ պետություն։ Այսինքն՝ այնպիսի պետություն, ինչպես, օրինակ, Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը... Ղարաբաղը պիտի ունենա իր արտաքին ու ներքին գործերի մինիստրները, իր բանակը, գերբը, դրոշը և հիմնը։ Մեկը մյուսի ետևից սունկերի պես բուսան նոր մինիստրներ, և ապա «ազատ, անկախ պետություն»: Մինիստրները որոշեցին Ասկերանը դարձնել «Համայն Արցախաց երկրի» մայրաքաղաք, նախկին հայտնի ձիագող Ապետնակ Մելիք Տեր-Աթաջանբեկնազարյանին՝ ապագա անկախ պետության արքա։ Իսկ արքային հարկավոր Էր թագ ու գահ, նազիր-վեզիր, որ կարողանա երկիրը կառավարել, աջ ու ձախ հրամաններ արձակել. «Մենք՝ Համայն Արցախաց տիրապետության թագավորս՝ Ապետնակ առաջինս...»։
Եվ պարոն Ապետնակը դեռ գահ չբարձրացած, «ապագա պետությունը» ուժեղացնելու նպատակով սկսեց մինիստրներ նշանակել ավանսի կարգով։ Պարոն Համբարձում Լալայանին դարձրեց արտաքոց և ներքոց գործերի նախարար, Վարժապետ Սիմոնին՝ լուսավորության նախարար, Մերզավեց Դուքան Սեդրակին՝ առևտրի նախարար, Ղոչի Մոթալ Մինասին՝ գյուղատնտեսության նախարար, դեռ վրան էլ գումարած արդյունաբերությունը, ցարական բանակի նախկին սպա Խորեն Խանձիլյանին՝ սպարապետ։
Ամեն ինչ պատրաստ Է, դրված Է ապագա պետության հիմքը, մնում Է պայմանագիր կնքել Անգլիայի հետ և Կարմիր Ռուսաստանից խզել կապերը։ Բայց մինչև կապերը խզելը, պարոն Ապետնակը հրավիրեց պրես-կոնֆերանս և հայտարարեց.
- Պարոնայք մինիստրներ, նախքան մանր-մունր հարցերին անցնելը, ուզում եմ խորհրդակցել ձեզ հետ, թե ի՞նչ գույն պիտի ունենա մեր դրոշակը։
- Դեղին գո՜ւյն,- գոռաց Մոթալ Մինասը։
- Կապո՜ւյտ, կապույտ, - ճչաց պարոն Լալայանը։
- Պարոննե՛ր,- տեղից վեր թռավ ապագա սպարապետը,- ամենից հարմարը դարչնագույնն Է։
- Իսկ ինչո՞ւ դարչնագույն և ոչ թե նարնջագույն կամ սևի ու սպիտակի խառնուրդը, - խոսեց Դուքան Սեդրակը։
- Ապո՜ւշ,- բղավեց Մոթալ Մինասը,- ո՞նց թե՝ սևի ու սպիտակի խառնուրդը։
Ապագա մինիստրները սկսեցին գզգզել իրար, հայհոյել, ջարդել աթոռները, և պարոն Ապետնակը ստիպված պրես-կոնֆերանսը հայտարարեց ավարտված։
Սակայն կարճ տևեց պարոն Ապետնակի կառավարությունը։ Օրը ցերեկով խմբապետ Խորենը սպարապետի իրավունքով իր տղորանց հետ խուժեց ժամանակավոր կառավարության ժամանակավոր պալատ, բարձրացրեց մաուզերը և շատ հանգիստ ասաց.
- Ձերդ վսեմափայլություններ, ցրեցեք ձեր ապագա կառավարությունը և հրաժարվեցեք գահից։
Պարոն Ապետնակը, որ ոտը-ոտին գցած սեմիչկա Էր չրթում, զարմացավ.
- Էդ ինչի՞ համար։
- Նախ նրա համար, որ սեմիչկա չրթելը ոչ մի արքայի պատիվ չի բերում։ Հետո Էլ նրա համար, որ մենք Ապետնակ անունով ոչ մի արքա չենք ունեցել։ Ունեցել ենք Արշակ թագավոր, Արտաշես, Տիգրան, Պապ, Աշոտ, Գագիկ, բայց Ապետնակ անունով արքա ոչ մի դարում չենք ունեցել։ Դու ի՞նչ թագավորացու ես, որ մի կարգին անուն չես գտել։
Պարոն Ապետնակը հրաժարվեց գահից ու սեփական կամքով մաուզերի փողը դրեց ճակատին և ցրիվ տվեց իր թագավորական գլուխը։ Ինքը ցրիվ չտար, պարոն Խորենը ցրիվ կտար...
Պարոն Ապետնակին թաղեցին բարձր մակարդակով և եզրափակման խոսքը տվեցին խմբապետ Խորենին։
- Մենք հանձինս պարոն Ապետնակ Մելիք Տեր-Աթաջանբեկնազարյանի,- ասաց նա,- կորցրինք լավագույն մի մարդու, որի անունը մեր սրտերում միշտ անմեռ կմնա։ Պարոն Ապետնակը բոլշևիկների զոհն Է, և մենք երդվում ենք լուծել նրա վրեժը։
Լեռնակերտում մի խմբապետ Խորեն Էլ ավելացավ։ Խորեն-Սիմոն-Սեդրակ եռյակը ռուսական զորանոցը դարձրեց իր շտաբը, Վարժապետ Սիմոնին կարգեց շտաբի պետ ու որոշեց բանակցություններ վարել Շուշի քաղաքում նստած միստեր Սենգիստոնի հետ։
Միստեր Սենգիստոնը Լեռնակերտը միայն մի անգամ տեսավ և այն էլ հեռադիտակով՝ Շուշվա սարալանջից։ Նրա առջև տնկվեց ռուսական եկեղեցու թեքված խաչը։ Կարա-Բեքիրի ձեռքից վերցրեց կարաբինը, նշան բռնեց սև խաչի վրա ու քաշեց ձգանը։ Կարաբինը փռշտաց և գնդակը կուլ գնաց Մուղոզի ձորին։ Մուղոզի ձորից մինչև Լեռնակերտ ձիով մի ժամվա ճանապարհ է։ Նույնիսկ Մուղոզի ձորից ոչ մի գնդակ չի կարող հասնել Լեռնակերտ։ Սակայն Մոթալ Մինասը իր քաղցր լեզվով հաստատեց.
- Միստեր Սենգիստոն, գրազ կգամ, որ ձեր արձակած գնդակը կպել է խաչին։
Միստեր Սենգիստոնը թփթփացրեց նրա մեջքին.
- 0 քե՛յ, միստեր Մինաս, անգլիացին սուր աչք ունի։
- Անգլիացին գյոզալ մարդ է,- ժպտաց Կարա-Բեքիրը։- Անգլիացին հեռադիտակ ունի, վիսկի ունի, կարաբին ունի։ Անգլիացին մեզ կպաշտպանի բալշևիկներից։
Չնայած եկեղեցու զանգի վրա կրակելը սրբապղծություն է, բայց միստեր Սենգիստոնը այդ համարեց ջենտլմենություն ու հռհռաց։ Դա արդեն նվաճողի լկտի հռհռոց էր, եթե ուզում ես նվաճել մեկի երկիրը, հայհոյիր նրա սրբերին, անպատվիր նրա պաշտամունքը, և քեզ կհամարեն ուժեղ։
Եվրոպացու ուժը ավելի շատ խորամանկության մեջ է, քան զենքի։ Զենքը մի կույր գործիք է, որը հնազանդվում է խորամանկներին։ Միստեր Սենգիստոնը կրակել է եկեղեցու զանգի վրա, իր արձակած գնդակը հասել է Լեռնակերտ, ուրեմն օրենքով Լեռնակերտը պատկանում է իրեն։ Կարող է վաղն այնտեղ ստեղծել մի ձիաբուծարան, մի արգելանոց որսի համար, և Լեռնակերտ կոչվածը դարձնել սեփական կալվածք։ Կարա-Բեքիրին կնշանակի այդ կալվածքի վրա կառավարիչ ու կհրամայի՝ հաշվի՛ր, թե քանի խնոցի է լխկլխկում հարսների ոտքերի արանքում, որքան ոչխար կա, որքան կով կա, տարեկան քանի տոննա բուրդ կգա։
Միստեր Սենգիստոնը մի անգամ էլ հեռադիտակի փողը ուղղեց Լեռնակերտի վրա և դարձավ իր հրացանակիրներին.
- Լեռնակերտում կա՞ն ռուսներ։
- Չկան։
- Ի՞նչ ժողովուրդ են ապրում այնտեղ։
- Հայեր են,- պատասխանեց Մոթալ Մինասը։
- Թուրքեր են,- պատասխանեց Կարա-Բեքիրը։
- Միայն հայեր,- բարկացավ Մոթալ Մինասը։
- Չէ, թուրքեր,- կատաղեց Կարա-Բեքիրը։
- Երբ ասում եմ՝ հայեր, նշանակում է՝ միայն հայեր,- գոռաց Մոթալ Մինասը։
- Երբ ասում եմ՝ թուրքեր, նշանակում է՝ թուրքեր,- ոռնաց Կարա-Բեքիրը։
Միստեր Սենգիստոնը ժպտաց խորամանկ։ Ահա թե որտեղից կարելի է բռնել։ Նվաճողն առաջին հերթին իրար դեմ է լարում երկու ազգերին ու օգտվում առիթից։ Այդ միտքը դեռևս մի քանի տարի առաջ հայտնել է իր բարեկամներից մեկը՝ գեներալ Դենստերվիլը։ Իսկ գեներալ Դենստերվիլը հին գայլ է և վաղուց արդեն աչք ունի Բաքվի հարուստ նավթահանքերի վրա։ «Տվեք ինձ նավթաշատ Բաքուն,- ասել էր,- և ես ամբողջ Եվրոպան կխեղդեմ բռիս մեջ»։
- 0 քե՜յ, դուք նացիոնալիստներ,- հռհռաց միստեր Սենգիստոնը։- Ես հարգեմ ու սիրեմ հայեր և թուրքեր։ Հայեր և թուրքեր քաջ ժողովուրդ։ Միստեր Մինաս, ես ձեզ կարգել Ղարաբաղ փոխարքա։ Միստեր Կարա-Բեքիր, դուք Լեռնակերտ կառավարիչ, լինել խան, հարեմ պահել, գրկել սիրուն կնիկներ, ծխել ղեյլան...
- Շնորհակալ եմ, միստեր Սենգիստոն,- գլուխ տվեց Մոթալ Մինասը,- ես կարդարացնեմ ձեր հույսերը։
- Չոխ սաղոլ,- գլուխ տվեց Կարա-Բեքիրը,- ես կմնամ միշտ ձեր հավատարիմ ծառան ։
- 0 քե՜յ, ձեր Ղարաբաղ դարձնեմ դրախտ,- եզրափակեց անգլիացին:
ԳԱԼԻՖԵ ԳՈՒԳՈՒՇԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ
Գալիֆե Գուգուշի բաղնիս-համամը էսօրվա պես միտս է՝ երկու դարանդազ լողարան էր, մեկը կանանց համար, մյուսը՝ տղամարդկանց։ Կտրին նավթի երկու մեծ չան կար, մեկը տաք ջրի համար, մյուսը՝ սառը։
Գալիֆե Գուգուշի կնիկը՝ Թամամը, համ բիլեթ Էր ծախում, համ սապոն, ազատ ժամերին Էլ կեղ (թիզ) չափում։ Չոփուռ կնիկ Էր, տղամարդու ձայն ուներ։ Էդ Թամամի վրա Պողոսը Էսպիսի մի երգ Էր կապել.
Աղջի Թամամ, գնամ համամ«
Լավ լողանամ և հետո գամ
Քեզ գողանամ։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Առաջին բաղնիքը Լեռնակերտում, Լավաշչի Բադալի տան կողքին կառուցեց Գալիֆե Գուգուշը, ճակատին Էլ մի հսկա ցուցանակ կախեց, որի վրա խոշոր տառերով գրված Էր՝ «Պաղնիս-համամ Կալիփեյ Կուկուշի լավ լղանալ սապնաջուր և դուշ»։
Բաղնիսի աջ թևում տղամարդկանց լողարանն էր, ձախում՝ կանանց։ Կար նաև մի փոքրիկ խցիկ, որտեղ լողանալու իրավունքը վերապահված էր այնպիսի մարդկանց, ինչպիսիք են աղյուսագործարանատեր Մամբրե Խաբարդանովիչ Չոլախյանը, Թոկ ու չվան ծախող Մելիք Մուջուզբեկյանը, անփոխարինելի թամադա Մուշեղ Դոմբազովիչ Չանչախովը, ընթերցողներին արդեն հայտնի Սիմոն Սարխոշյանցը և այլ նշանավորներ։
Գալիֆե Գուգուշը գեղեցիկ սեռի հանդեպ այնքան էլ անտարբեր չէր, չնայած որոշ մարդիկ ասում էին՝ «Դրանը լեզուն է մենակ, ձեռքովը բան չի գալիս»։ Խնդրեմ, նա կանանց լողարանի միջանցքի պատից կպցրել է մի նկար, որտեղ պատկերված է առասպելական Եվան այնպիսի վիճակում, որ կանայք ամոթից կարմրում և չանչ էին անում. «Ա՛ռ է՜, հողս գլխիդ, բա դու նամուս ունե՞ս»։ Եվայի մի ձեռքում հայելի էր, մի ձեռքում օճառ, իսկ այդ նշանակում է, որ նա՝ առասպելական Եվան, իր Ժամանակին բարձր է գնահատել բաղնիքը։
Տղամարդկանց լողարանի միջանցքի պատին Ադամն է, որն իր մանր աչքերով ու բութ դեմքով հիշեցնում է Գորոդավոյ Անտոնին, չնայած վերջինս պնդում է, որ դա հենց ինքը Գալիֆե Գուգուշն է, իսկ էն մյուսը՝ Եվան, Գուգուշի կնիկ Թամամն է։ Թե այդ նկարները որտեղից են հայտնվել Լեռնակերտում, այդ մասին հավաստի տեղեկություններ չունենք։ Օրինակ, Մեռել լողացնող Մանգասարը պնդում է, որ իբր Գալիֆե Գուգուշը մտել է ռուսի ժամը և «Աստվածաշնչից» պոկել Ադամի ու Եվայի նկարները, ինչպես նաև գողացել Տեր-Վասիլիի փիլոնը և ուրիշ թանկարժեք իրեր։
Շաբաթ և կիրակի օրերը տղամարդիկ իրենց լողարանն են շտապում, կանայք՝ իրենցը։ Երկու լողարանի միջև ընկած միջնապատն այնքան բարակ է, որ կանանց զրույցն ու վեճը հասնում է տղամարդկանց, տղամարդկանց վեճն ու զրույցը, ինչպես նաև անտաշ կատակները, կանանց։ Լեռնակերտի Տավարած Մուխանը կարող էր կանգնել միջնապատի մոտ ու իր կնոջն այսպիսի խոսքեր ասել. «Աղջի, Համասփյուռ, բա չլողացա՞ր պրծար, որ ռադ լինես, կորչես մեր տունը»։ Կամ Բոստանչի Սրափիոնի Քոլան էն կողմից կարող էր մատը թափ տալ ամուսնու վրա ու կարգադրել. «Սրափիոն, սրանից դենը Մեռել լողացնող Մանգասարին թարխուն չտաս, հողեմ դրա գլուխը»։ Մանգասարի կնիկն էլ իր ամուսնուն՝ «Մանգասար, որ էդ տափու եկած Սրափիոնը մեռնի, չլողացնես»...
Ինչպես տեսնում եք, լեռնակերտցիներն իրենց ընտանեկան վեճերը շարունակում էին Գալիֆե Գուգուշի բաղնիս-համամում, քննարկում կարևոր հարցեր, հայտնում զանազան մտքեր ու ծաղրում մեկը մյուսի մարմնական թերությունները...
Կան հավաստի տեղեկություններ առ այն, որ Սիմոն Սարխոշյանցը լողարանում հրավիրել է ժողով, ներկաներին բացատրել, թե մենշևիկյան և դաշնակցական կուսակցություններն ինչով են տարբերվում իրարից։ Բայց այդպես էլ ներկաները բան չեն հասկացել նրա ճառից և ձեռ են առել վարժապետին. «Ա՛յ վարժապետ, քո էդ կուսակցությունները մի կտոր սապոն են դառնո՞ւմ, որ էդքան դուրս ես տալիս»։
Պատահեց այնպես, որ զավզակի մեկը բարակ պատից ճեղք բացեց դեպի կանանց լողարանը։ Այդ ճեղքն առաջինը նկատեց Դուքան Սեդրակը, նայեց ու հռհռաց։ Մեռել լողացնող Մանգասարը նույնպես նայեց ու հռհռաց։ Ժամկոչ Մանասը, որ ամբողջ կյանքում կնոջ հետ խոսած չկար, նայեց, զույգ ձեռքերով երեսը փակեց։ Ճեղքի մոտ մի մեծ հերթ գոյացավ և հռհռոցը դարձավ բազմաձայն։
- Սա էլ մեր քաղաքի պռաժեխտրն է,- Դուքան Սեդրակը պռաժեխտր ասելով նկատի ուներ այն հրաշքը, որ տեսել է Ռուսաստանում, այսինքն՝ կինոն։- Ժողովո՜ւրդ, լավ նայեցե՜ք, էն Մամբրե Խաբարդանովիչի կնիկը չի՞... Պա՛հ, պա՛հ, պա՛հ, ի՜նչ ջան ունի, մի էդպիսի կնիկ ունենաս, գրկես ու աշխարհի հերն անիծես։
Հաջորդ օրը միջնապատին բացվեց մի ուրիշ ճեղք, ապա երրորդը, չորրորդը... և տղամարդիկ այլևս մոռացան լողանալը. գալիս նայում են բացված ճեղքից ու հռհռում։ Դա նրանց համար և՛ թատրոն էր, և՛ կինո, և՛ օպերա, և՛ բալետ։
Բայց ահա մի անգամ Դուքան Սեդրակը մոտեցավ ճեղքին և ի՞նչ տեսնի, որ լավ լինի՝ իր կողակիցը, իր աննամուս Նոյեմը կանգնել է ճիշտ այնպես, ինչպես նկարի Եվան։ Արյունը խփեց գլխին, և ինքն էլ չիմացավ, թե ինչպես մերկանդամ հայտնվեց կանանց լողարանում ու գոռաց.
- Ա պռաժեխտրի լիրբ, չե՞ս կարողանում մեր խարաբումը լողանալ...
Սա այն դեպքն էր, որ շոշափեց լեռնակերտցիների պատիվը։ Կանայք երեսները շուռ տվեցին Գալիֆե Գուգուշի բաղնիս-համամից, հաճախորդ տղամարդկանց թիվը նույնպես պակասեց, և Մամբրե Խաբարդանովիչը Դուքան Սեդրակին անվանեց մունդռիկ, իսկ Գալիֆե Գուգուշին կարգադրեց միջնապատը քանդել, տեղն աղյուս շարել։
Այդպես է Մամբրե Խաբարդանովիչը, որ մեկին բարի լույս է ասում, չի մոռանում հիշեցնել. «Դե լավ, կորած տեղ չի, վաղն արի մի երեք հարյուր աղյուս տամ»։ Դա էլ ասում է այնպիսի տոնով, կարծես ձրի է տալիս և տվածն էլ ոչ թե աղյուս է, այլ ոսկի։
Ամռան օրերին լեռնակերտցիք առանձին մի հաճույքով են իջնում գետափ, լողանում, պառկում տաքացած ավազների մեջ, կատակում, ծիծաղում, վիճում, բամբասում, երգում ու քեֆ անում։
Քանի այդ օրերին բաղնիքը հաճախորդ չի ունենում, Գալիֆե Գուգուշը մի տախտակ է կախում պատուհանից՝ «Բաղնիս-համամ կապիտալնի ռեմոնտ», և Մեռել լողացնող Մանգասարի հետ իջնում գետափ։
Այստեղ է Լեռնակերտի մերանն ու սերուցքը։ Գալիս է Մամբրե Խաբարդանովիչը՝ Մնացական Դանդարովի ֆայտոնով, գալիս Է կնոջ՝ Հերիքնազ Առնավուդովնայի ու չքնաղաչյա աղջկա՝ օրիորդ Օլյայի հետ։ Հերիքնազ Առնավուդովնան համարվում Է Լեռնակերտի ամենալուսավորյալ կինը. գիրք Է կարդում, թուղթ խաղում, տղամարդկանց հետ վեճի բռնվում, սակայն, չգիտեմ ինչու, օրիորդ Օլյան մոր հանդեպ այնքան Էլ ուշադիր չէ կամ, ինչպես Սրափիոնի կինն է վկայում՝ «Մեր ու աղջիկ ամեն օր իրար ուտում են»։
Այստեղ են Սիմոն Սարխոշյանցն ու Մուշեղ Դոմբազովիչ Չանչախովը, բժիշկ Առաքել Սերմաքաշյանն ու Ֆոտո Գավրուշը, Դուքան Սեդրակն ու Ժամկոչ Մանասը...
Թամամը ամուսնու ետևից մի քանի անգամ կանչում է ու հիշեցնում. «Գուգո՜ւշ, շատ չխմես, ցավդ տանեմ, կռիվ բան չանես, քեզ լավ կպահես»։ Գուգուշը պատասխանում է. «Ա՛յ կնիկ, յանի կյանքում դու ինձ հարբած տեսած կա՞ս...»։
Սիմոն Սարխոշյանցը հանգիստ, փիլիսոփայի տրամաբանությամբ առաջ Է տանում զրույցը։ Աշխարհը, ասում Է, հիմնված Է մատերիայի վրա։ Բնության մեջ ոչ մի մատերիա չի կորչում, մատերիան փոխվում ու դառնում Է մի ուրիշ մատերիա։ Ահավասիկ, կավահողը երեկ հող Էր հասարակ, այսօր՝ աղյուս։
Մամբրե Խաբարդանովիչը լցվում Է անհուն հպարտությամբ ու երախտագիտությամբ՝ հանդեպ Սիմոն Սարխոշյանցի, որ իր աղյուսն արժանացրեց այդքան մեծ պատվի և չի մոռանում հիշեցնել՝ «Եթե աղյուս Է հարկավոր, վաղը մի երեք հարյուր հատ կուղարկեմ։ Բան չկա, փողը կարող ես մյուս օրն Էլ տալ»։
- Մարդը նույնպես մատերիա Է,- Սարխոշյանցին լրացնում Է Մուշեղ Չանչախովը։- Մարդը մեռնում և դառնում Է որևէ միջատ՝ բզեզ, մորեխ, լու, փայտոջիլ...
- Մեռել լողացնող Մանգասարը մահից հետո ի՞նչ պիտի դառնա,- շատ լուրջ տոնով հարցնում է Դուքան Սեդրակը։
- Կամ լու, կամ ոջիլ,- հռհռում է Մուշեղ Դոմբազովիչը։
- Մատերիալիստական ուսմունքը շատ հին ուսմունք է,- իր զրույցն է շարունակում Սիմոն Սարխոշյանցը։- Հույն հանճարեղ փիլիսոփաներ Արիստոտելն ու Սոկրատեսը իրենց ուսմունքով հաստատել են շատ կարևոր մի բան՝ մատերիան դա հենց ինքը շարժում է։ Ահավասիկ, այս գետի ջուրը, որ հոսում է ՝ ամեն րոպե փոփոխական է, ինչպես...
- Ինչպես, ասենք, ձեր կուսակցությունների գաղափարախոսությունը,- խայթում է Աղամ Բիրղամիչը։- Տո՜, գլուխներս տարար քո մատերիայով, բան ասա, բան հասկանանք։
Գալիֆե Գուգուշը, որի գլուխը ոչ մի մատերիա էլ չի մտնում, երկու բաժակից հետո փափկում, մոմ է դառնում, բոլորին նայում քաղցր աչքով ու հերթով բոլորի ցավը տանում։
- Ցավդ տանե՛մ, Մամբրե Խաբարդանովիչ, դու լավ մարդ ես, Լեռնակերտում քեզ նման լավ մարդ չկա... Ախր Էնքան լավ ես, որ քիչ Է մնում պառկեմ Էս գետի կողքին, աչքերս փակեմ ու մեռնեմ։
Մեռել լողացնող Մանգասարի աչքերն այնպես են փայլում, որ թվում Է՝ հիմա կճանկի մոմ դառած Գուգուշին ու կսկսի իր մեռելալողոցը։ Բայց Գուգուշը դեռ ջահել Է ու պինդ, ապրելու շատ տարիներ ունի։ Այ, Մամբրե Խաբարդանովիչի հայրն իսկապես մեռնելու ապրանք Է, բայց չի մեռնում։ «Քավթառի հագի շորերն Էլ հնացել են,- մտածում Է Մանգասարը - գոնե նորը առնեն, որ հավեսով լողացնեմ»։ (Ընթերցողներին հիշեցնենք, որ Մանգասարի վարձը լողացրած մեռելի համար՝ հանգուցյալի զգեստներն են)։
- Գալ տարի թազա բաղնիս կկառուցեմ,- խոստանամ Է Գալիֆե Գուգուշը։- Թազա մոդի բաղնիս, ամեն ինչը տեղը։ Մենակ աշխարհում թող խաղաղություն լինի,- նա այստեղ այնպես Է նայում Վարժապետ Սիմոնին, կարծես աշխարհի պատերազմն ու խաղաղությունը նրանից Է կախված։- Որ խաղաղություն լինի, հացը բոլ կլինի, աղյուսը՝ շատ, բաղնիքում լողացողները աստղերի չափ... Վա՜յ, խաղաղության ցավը տանեմ... Թե չտանեմ, Նալբանդ Աթունի էշի տղան դառնամ։
Օրվա այդ ժամին է, որ հառաչում, հեկեկում, մղկտում է Ուստա Կարոյի դուդուկը և շուշեցի Շաշան ծոր է տալիս անուշ.
Դարդս լացե՜ք, սարի սմբո՜ւլ,
Ալվան, ալվան ծաղիկնե՜ր...
Չէ, Շաշայի դարդին դարդ չի հասնի։ Շաշայի դարդը թափես անտակ ծովը, ծովը կցամաքի, վարար գետի բերանը տաս, գետը կծովանա... Մենակ Օլյան է, Օլյայի սիրտն է, որ քար է դառել ու չի լսում Շաշայի կլկլոցը, նրա դարդին դարման չի անում։
Արցունքները բուռ-բուռ հոսում են Գալիֆե Գուգուշի աչքերից, գրկում է դարդոտված Շաշայի գլուխը, համբուրում ճակատն ու հառաչում.
- Շաշա ախպեր, դարդդ տուր ինձ՝ ես մեռնեմ։ Թե չմեռնեմ, հազար ամոթ ինձ...
Շաշան փոխում է երգը.
Քեզ ո՞նց գովեմ ես սազով,
Սպանեցիր ինձ քո նազով...
Օրիորդ Օլյան լցնում է գինու բաժակը, ժպտում, բայց ուշքն ու միտքը ուրիշ տեղ է։ Լեռնակերտի անփոխարինելի թամադա Մուշեղ Դոմբազովիչ Չանչախովը առաջարկում Է խմել Մամբրե Խաբարդանովիչի կենացը, որովհետև առանց Խաբարդանովիչի Լեռնակերտն աղյուսագործարան չԷր ունենա, ինչպես նաև զրկված կլիներ այնպիսի հազվագյուտ էակից, ինչպիսին օրիորդ Օլյան է։
- Մեր Լեռնակերտը փոքրիկ Պարիժ է,- իր բաժակաճառը առաջ է տանում Մուշեղ Չանչախովը և այն միտքը զարգացնում, որ Լեռնակերտցիք ավելի կուլտուրական են, ավելի քաղաքակիրթ, քան իրենք՝ պարիժցիք։- Իսկ այդ գալիս է նրանից,- նա քնքշանքով նայում է Օլյայի աչքերին,- այդ գալիս է նրանից, որ մեր նոր սերունդն ունի իր հատուկ վերաբերմունքը կյանքի հանդեպ, իր աշխարհայացքը, ֆալանգան, ֆաբուլան, ամպուլան և նկատառումները։
Մուշեղ Չանչախովը աշխատում է խոսքը համեմել նոր բառերով և փույթ չէ, թե ինչ են ներկայացնում այդ բառերն իրենցից։ Օրինակ, մի խնջույքի ժամանակ նա լեռնակերտցիներին համեմատել է տրոյացիների հետ և գտել, որ Լեռնակերտը մոխիրներից հառնած Փյունիկ թռչուն է։
Բայց այդ դեռևս չի նշանակում, թե Մուշեղ Չանչախովը զավզակի մեկն է, հիմարություններ է դուրս տալիս։ Այդ էր պակաս։ Մարդը, Մեռել լողացնող Մանգասարի ասելով՝ Սորբոն է ավարտել, Գալիֆե Գուգուշի ասելով՝ «պորտը գրքերի մեջ է կտրվել», իսկ այդ երիցս անիծված Պողոսը, որ չգիտե, թե որտեղ ինչ է դուրս տալիս, նրան, այսինքն՝ Մուշեղ Չանչախովին, անվանել է ծակ փիլիսոփա։ Այդպես է, տան տերտերին օրհնյա չկա։ Հիմա, որ Մուշեղ Դոմբազովիչը Լեռնակերտը թողնի գնա, չեն ասի, թե Լեռնակերտում մի լավ գլուխ կար, այն էլ գնաց։ Կասեն։
- Ես քո ազիզ ցավը տանեմ, Մուշեղ Չանչախով,- Գալիֆե Գուգուշը պատռում է կոկորդը և նրան թվում է, որ իրեն չեն լսում, վիրավորվում է, ձայնն ավելի բարձրացնում.- Հիմա կգնամ գետը ընկնեմ ու խեղդվեմ։ Բա որ խեղդվեցի, բա որ Լեռնակերտը առանց բաղնիսի մնաց, ո՞վ պիտի պատասխան տա։
Երբ Ուստա Կարոյի դուդուկը հառաչեց ու լռեց, խանանդա Շաշան դափը գրկած մրափ մտավ ուռենու տակ, Գալիֆե Գուգուշը երևի գետում խեղդվելու պայծառ հեռանկարներով փռվեց գետափին... Երբ Մամբրե Խաբարդանովիչը, Մուշեղ Չանչախովը և նույնիսկ Հերիքնազ Առնավուդովնան ընկան Մորփեոսի գիրկը, օրիորդ Օլյան գլուխը բարձր բռնած, թեթևաքայլ եղնիկի պես սահեց դեպի ձորը։
Եթե լեռնակերտցիք ուզում են իմանալ, թե ինչ բան է հեքիաթային հավերժահարսը, թող այն որոնեն ոչ թե Պուժունց Մոսու նաղլերում, այլ Բալայի ձորում, Բալայի ձորի փրփուր ջրերի մեջ։ Բայց ո՞վ կարող է ծուռ աչքով նայել օրիորդ Օլյային։ Նայելու իրավունքը տրված է միայն Փուքս փչող Պողոսին։ Այսինքն՝ այն Պողոսին, որ գոմեշի վիզ է ոլորում, մի ձեռքով խաղացնում է ծանր կռանը, բռունցքը դեմ անում Մոթալ Մինասի քթին ու ասում՝ «Հասած տանձ է, կե՛ր»։
Ուրեմն այսպես, օրիորդ Օլյան շարժվեց դեպի ձորը, Պողոսը մոշու թփի ետևից հանեց գլուխը, և հենց այդ պահին գետափին տնկվեց Մոթալ Մինասը, ձգեց կարճ վիզն ու բառաչեց.
- Աղջի՜, Օլյա, գժվելս եկե՜լ է։
Ու մինչ Օլյան ափերով կփակեր դեմքը, ու մինչ հարբած Շաշան կբացեր աչքերը, որ մի անգամ էլ նայի իր հավերժահարսին, Բալայի ձորում լսվեց Մոթալ Մինասի բառաչը.
- Հասե՜ք, սպանեցի՜ն...
Սպանողը այդ արջ-արջի տղա Պողոսն էր, սպանվողը՝ Մոթալ Մինասը, իսկ օրիորդ Օլյան թաց շորերով նստել ժայռի կողին, անխիղճ-անխիղճ ծիծաղում է Պողոսի բռունցքների տակ թավալվող Մոթալ Մինասի վրա։
- Վո՜ւյ, Օլյա՜ս,- ճչաց Հերիքնազ Առնավուդովնան։- Լեռնակերտը պաժառ կտա՜մ, բրիշակ կդարձնե՜մ։
- Հանգստացիր, Հերիքնազ Առնավուդովնա,- շան որդի Չանչախովն էլ այնպես է գրկել Հերիքնազ Առնավուդովնայի վիզը, կարծես իր սեփական կնիկն է։- Առանձնապես բան չկա, Հերիքնազ Առնավուդովնա, օրիորդ Օլյային առանձնապես բան չի պատահել։
- Բա այն ո՞ւմ են սպանում,- Հերիքնազ Առնավուդովնան հանգստանալու միտք չունի.- Վո՜ւյ, Օլյա՜ս, աղջի՜կս...
Այդ դեպքից հետո լեռնակերտցիք նոր միայն հասկացան, որ Փուքս փչող Պողոսը սեր է կապել օրիորդ Օլյայի վրա, որ Օլյան կատակով նրան Պողոսիկ է անվանում, որ Հերիքնազ Առնավուդովնան մատը թափահարել է աղջկա վրա ու կրկնել Հովհաննես Թումանյանի հայտնի պոեմի հայտնի տողերը՝ «Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի»։
Իսկ Օլյան արհամարհանքով նայել է մորն ու պատասխանել.
- Դու քեզանից խոսիր, մարդդ գլխիդ կանգնած, աչքդ էդ զավզակ Մուշեղ Չանչախովի վրա է։
Հերիքնազ Առնավուդովնան հերսոտվել է ու ճչացել.
- Մալչի՛, նեգոդնիցա՛…
ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ
Հենց որ ցրտերն ընկնում են, էդ անունավոր լեռնակերտցիները ցրտից խեղճանում, արջաքուն են մտնում։ Պատահում է փողոցում մեկ-մեկ երևում են Գալիֆե Գուգուշն ու Թոկ ու չվան ծախող Մուջուզբեկյանը, իրար ծուռ-ծուռ նայում են ու հայդա՛, պոչները քաշում։ Իսկ Մեռել լողացնող Մանգասարն անընդհատ տրտնջում է՝ Գալիֆե ախպեր, ապրուստը դժվարացել է, մեռնող չկա…
Թու՛, քու մարդ ասողին...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Լեռնակերտը հարավային լինելով հանդերձ՝ որոշ չափով էլ հյուսիսային է, որովհետև դեկտեմբերին այստեղ այնպիսի ցուրտ քամի է փչում, որ Մեռել լողացնող Մանգասարը գրկում է վառարանի խողովակն ու տրտնջում՝ «Թու՛, էլի շան եղանակները սկսեցին, բա մարդ էլ Լեռնակերտո՞ւմ ապրի։ Չէ՛, օրներս վատ տեղ մթնեց»։
Ձյունը գալիս դիզվում է փողոցներում ու բակերում, տների կտուրներին ու բանջարանոցներում, և երդիկներից ձգվում է բարակ ծուխը։
Տարվա այդ եղանակին Սիմոն Սարխոշյանցը, ինչպես ասում են՝ լրիվ ամփոփվում է ինքն իր մեջ և Լեռնակերտի համար կանխագծում նոր հորիզոններ։ Ինչո՞ւ Լեռնակերտը չունենա իր օրաթերթը։ Առանց տպագիր օրգանի ի՞նչ քաղաքական պայքար։ Իսկ ի՞նչ ուղղություն պիտի ունենա այդ թերթը՝ միապետակա՞ն, թե՞ հանրապետական, դեմոկրատակա՞ն, թե՞ պահպանողական, նացիոնալիստակա՞ն, թե՞ ինտերնացիոնալիստական... Եվ պատասխանը միշտ լինում է նույնը՝ «Նայած, թե որտեղից է քամին փչում»։
Պարոն Սիլվեստին ամենից շատ հետաքրքրում է Կարմիր Ռուսաստանը։ Ի՞նչ է տեղի ունենում բոլշևիկյան Ռուսաստանում։ Ինչպե՞ս կվերջանան Կոլչակի, Դենիկինի, Վրանգելի, Յուդենիչի արշավանքները։ Նա իր սենյակում կախել է աշխարհի քարտեզը, աշխարհի պետությունների թնդանոթներն ուղղել Կարմիր Ռուսաստանի վրա։ Խոսում է ոգևորված և, չնայած նրան լսում է միայն պարոն Լալայանը, բայց խոսքի տակ ու գլխին գոչում է՝ պարոնա՜յք, հիմա մենք համոզվեցինք, որ Կարմիր Ռուսաստանի բախտը մազից է կախված։
Լալայանը գլուխն օրորում է. «Համա էդ մազը ոնց որ շատ ամուր մազ դուրս եկավ։ Լավ, ասենք թե Անտանտը հաղթեց, ասենք թե պարոն Կոլչակը դարձավ թագավոր, մեզ ի՞նչ օգուտ»։ «Իսկ մենք Ղարաբաղը կհռչակենք ինքնուրույն պետություն,- ակնոցն ուղղում է պարոն Սիլվեստը։- Քեզ անպայման կդարձնենք արտաքոց գործերի նախարար։ Իսկ դրա համար, պարոն Լալայան, անպայման պիտի սովորես անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուները»։
Քաղաքական պայքարը երբեք չի հետաքրքրել և չի հետաքրքրում Հերիքնազ Առնավուդովնային, որովհետև, նրա կարծիքով, կանայք քաղաքական պայքարի մեջ կորցնում են իրենց կանացիական թովչանքը և դառնում կոշտ ու կոպիտ արարածներ։ Եվ նա շարունակում է նամակները՝ Թիֆլիսում ապրող իր քրոջը.
«Սիրելիդ իմ քույր Հերիսելիա։
Դու մանկությունից էլ հետաքրքրասեր աղջիկ ես եղել և քո հարցասիրությամբ մեզ շատ ես տանջել։ Դու գրում ես, թե ի՞նչ քաղաք է Լեռնակերտը, և ինչպե՞ս ենք ապրում այստեղ, կիրակի օրերն ինչո՞վ ենք զբաղվում. ընդհանրապես ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնակերտը։
Դրանք այնպիսի հարցեր են, որ միանգամից չեմ կարող սպառել։
Օլյան առաջվա պես ինձ չի լսում, և մենք հաճախ ենք իրար հետ ընդհարվում ու օրերով խռովում։ Մամբրեն նրան շատ է երես տվել, և հիմա չգիտեմ, թե ինչ կլինի այդ կամակոր աղջկա վերջը։
Երեկ Մուշեղ Դոմբազովիչը մեր հյուրն էր։ Նա չափազանց կուլտուրական և նրբանկատ մարդ է, և ես կուզեի, որ կյանքդ կապած լինես այդպիսի մարդու հետ։ Պատկերացնո՞ւմ ես, նա ընդհանրապես ինձ շատ է հարգում ու մեծարում։ Նա ինձ ասում է՝ «Հերիքնազ Առնավուդովնա, դուք քանի գնում, ավելի եք գեղեցկանում։ Նայում եմ ձեզ և թվում է՝ տասնութ տարեկան աղջիկ եք։ Ախր գրողը տանի, մեկ էլ տեսաք սիրահարվեցի»։
Սիրելիդ իմ քույր Հերիսելիա, քեզ չի՞ թվում, որ ժամանակները կամաց-կամաց փոխվում են դեպի ոչ ցանկալին։ Չնայած ես քաղաքական հարցերով չեմ զբաղվում, բայց, այնուամենայնիվ, զգում եմ, որ այդ բոլշևիկները մեր գլխին մի օր մի նոր խաղ պիտի խաղան։ Ահա այստեղից էլ ապագան աչքիս երևում է մի տեսակ անհասկանալի, ինչպես մեր Մամբրեի միտքը...»։
Հերիքնազ Առնավուդովնայի նամակը թողնենք կիսատ և բացենք Գալիֆե Գուգուշի դուռը։
Այստեղ են Դուքան Սեդրակն ու Ժամկոչ Մանասը, Վարսավիր Արտուշն ու Ֆոտո Գավրուշը։ Զառերը գլորվում են նարդու խաղատախտակին, Գալիֆե Գուգուշը ոգևորված ծափ է տալիս.
- Վա՜յ, ձեր ցավը տանեմ, ախպեր զառեր։ Դե հիմա էլ մի սե բիր տվեք, որ պարոն Արտուշի ոտը կապեմ։
Վարսավիր Արտուշը սրտին մոտ է ընդունում Գալիֆե Գուգուշի կատակը.
- Արա՜, էդ ո՞ւմ ոտ ես կապում։
- Խնդրում եմ իմ տանը ինձ վրա չբղավես,- զառերը ձեռքում խաղացնում է Գալիֆե Գուգուշը։- Աշխարհում դեռ չի ծնվել էն մարդը, որ կարողանա իմ տան մեջ ինձ վրա բղավել։
- Իսկ ես կբղավեմ։
- Ցավդ տանե՜մ, դու ո՞վ ես, որ ինձ վրա բղավես։
Վեճի ամենաթունդ պահին ներս են մտնում ձյունակոլոլ Մանգասարը և Մոթալ Մինասը։
- Նորությունը լսե՞լ եք,- Մանգասարը առաջ է մղում նորության հեղինակին՝ Մոթալ Մինասին։- Ասում են՝ բոլշևիկները Մոսկովում սեպարատ հաշտություն են կնքել։
- Սեպարատը չգիտեմ, բայց հաշտությունից ի՞նչ վնաս ունենք,- Գալիֆե Գուգուշը մի կողմ է հրում նարդին։- Սեպարատն ո՞վ է։
- Սեպարատը... - Մոթալ Մինասը նայում է սեղանին դրած օղու կիսատ շշին։- Սեպարատը, պարոն Սարխոշյանցի ասելով, այնքան էլ լավ բան չի։ Բաքվի բանվորներն էլի սկսել են...
- Պա՛հ, նորություն ասաց, - Դուքան Սեդրակր քրքջում է։ - Դա անցած տարում էր։ Որոշված է՝ Կափկազը պիտի դառնա նեյտրալնի։
- Նեյտրալնին ի՞նչ է,- Գալիֆե Գուգուշը դիմում է Դուքան Սեդրակին։
- Ցենտրալնու մի տեսակը։ Մենք պիտի ունենանք մեր թագավորը, զորքը, զորապետը... Պարոն Սարխոշյանցն էդպես է ասում։
- Բա բաղնի՞սը. առանց բաղնիսի պետություն կլինի՞,- վրդովվում է Գալիֆե Գուգուշը։
- Բաղնիսը ի՜նչ մեծ բան է. առաջներում որ բաղնիս չի եղել, Ղարաբաղը քանդվե՞լ է։
- Սեդրա՛կ, սխալ բաներ ես ասում,- գոռում է Գալիֆե Գուգուշը,- բա որ բաղնիս չլինի, տերության մեծամեծերն իրենց կեղտերը որտե՞ղ պիտի մաքրեն։ Առանց բաղնիսի ի՞նչ պետություն, ցավդ տանեմ։
- Բա տերության մեռելներն ո՞վ պիտի լողացնի,- արանքն է ընկնում Մեռել լողացնող Մանգասարը։
Վարսավիր Արտուշն ասում է՝ էլ ի՜նչ պետություն, որ չունենա իր հատուկ վարսավիրանոցը, Ֆոտո Գավրուշը բղավում է. «Առանց ֆոտոյի տերություն չկա։ Ձեզ եմ հարցնում, պարոնա՛յք, տերության ղեկավարները որտե՞ղ պիտի նկարվեն, որ խալխին ցույց տան իրենց սփաթները»։ «Ինչպես բոլոր մահկանացուները, այնպես էլ տերության ղեկավարները,- խոսում է Ժամկոչ Մանասը,- պիտի եկեղեցի հաճախեն։ Ես գտնում եմ, որ պետությունը սկսվում է եկեղեցուց»։ Մեռել լողացնող Մանգասարը ընդհատում է նրան՝ «Ուրեմն ձեր խելքով պրեմիերները, թագավորները, մինիստրները չե՞ն մեռնում։ Բա ո՞վ պիտի լողացնի նրանց, եկեղեցի՞ն...»։
Դրսում ոռնում է քամին, ձյան փաթիլները պար են բռնել օդում։ Հերիքնազ Առնավուդովնան շարունակում է իր կիսատ նամակը.
«Լեռնակերտում այնքան ձյուն է եկել, որ հնարավոր չէ դուրս գալ փողոց։ Աղյուսի գինը ընկել, ջրի գին է դարձել, իսկ այս քավթառը՝ կեսրայրս, խելքը լրիվ թռցրել ու հիմարություններ է դուրս տալիս։ Օրինակ, երեկ տեղից վեր թռավ, թե՝ «Տեսա՞ք ոնց իմացա։ Լուն ոջիլի կնիկն է, թախտաբիթին՝ մոծակի զոքանչը, իսկ ես Հիսուս Քրիստոսն եմ»։
Ե՜րբ պիտի սատկի այս քավթառ առնետը։ Ա՛յ, եթե կարողանաս մի քիչ մկնդեղ ուղարկել... մեր պադվալը լցվել է մկներով»։
Բայց այդպես էլ մեզ բախտ չվիճակվեց մինչև վերջ հետևել Հերիքնազ Առնավուդովնայի նամակին։ Շրխկոցով բացվում է դուռը և ներս է խուժում ծերունի Խաբարդանը, այսինքն Մամբրե Խաբարդանովիչի հարազատ հայրը։
- Եկե՜լ եմ,- գոռում է։- Եկե՜լ եմ, ես Հիսուս Քրիստոս Նազարեթցին եմ, ցո՛ւյց տվեցեք, որտե՞ղ է իմ Գողգոթան։
Քանի որ ցնդած ծերունին իրեն երևակայում է Հիսուս Քրիստոս, Հերիքնազ Առնավուդովնան մեծ բավականությամբ նրան ենթարկում է Հիսուս Քրիստոսի չարչարանքներին, այսինքն ճիպոտով դաղում է կողերը, փակում ցուրտ ներքնահարկում ու ասում.
- Քավթառ, ահա՛ և քո Գողգոթան։ Դե հիմա գնա վայելիր։
Եվ Լեռնակերտի ցուրտ երկնքում, ձյան փաթիլների ու սանձարձակ քամու հետ գլուխկոնծի Է տալիս ցնդած Խաբարդանի խեղդված ձայնը.
- Քրիստոնյանե՜ր, ազատեցե՜ք ձեր Քրիստոսին դժոխքից։
Բայց լսողն ո՞վ Է։ Մամբրե Խաբարդանովիչն իր կիսամութ սենյակում շարունակում Է հաշվել աղյուսի առևտրից եկած փողերը, Սիմոն Սարխոշյանցը ապագա թերթի համար քաղաքական պայքարի լայն ճանապարհ Է հարթում, Մուշեղ Չանչախովը գործով գնացել Է Շուշի, որպեսզի հորից՝ մանրավաճառ Դոնբազից, կարողանա մի քանի ոսկի պոկել, Գալիֆե Գուգուշը, Վարսավիր Արտուշը, Դուքան Սեդրակը, Մոթալ Մինասը, Ժամկոչ Մանասը և Մեռել լողացնող Մանգասարը շարունակում են իրենց վեճը սեպարատ հաշտության և նեյտրալնի պետության շուրջ... Իսկ Օլյան քաշվել իր սենյակը, կարդում Է Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթերը», երազում Պողոսին ու աչքերից բուռ-բուռ արցունքներ թափում։
Լեռնակերտը մրսում է։
ԱԶԳԻ ՀՈՒՅՍԸ
Թիֆլիսից մի մարդ եկավ՝ հագին խրոմի սապոգներ, գլխին թուխ փափախ, բինոկոլը դոշին, գոտուց մաուզերը կախ։ Շան տղան բեղերը սրած եկավ, գլուխը մի պարկ արյուն առած եկավ. իջավ ձիուց, սանձը նետեց իր թիկնապահին ու գոռաց.
- Քյոփօղլու Խորեն, Էս սահաթին փորդ ծխով լցնեմ...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Իսկ քյոփօղլու Խորենի փորում ծուխ լցնելու տեղ չկար, գինով արդեն լիքն Էր։ Նա ոտի վրա հազիվ Էր կանգնում, լեզուն Էլ չէր բռնում, որ խոսի։ Թիֆլիսից եկածը ձեռքը դրեց մաուզերի կոթին, ոտքը խփեց գետնին, փոշի բարձրացավ։
- Քյոփօղլու Խորեն, քեզ հետ խոսում է Նորին մեծության գնդապետ Ապոլոն Պահլևունին։ Զգա՛ստ։
Խմբապետ Խորենը մեջքը դեմ տվեց Դուքան Սեդրակի խանութի պատին, ոտքերը չռեց, որ կարողանա կանգնած մնալ։
- Լսո՛ւմ եմ, ձձերդ գգերազանցություն...
- Զորքդ որտե՞ղ է։
- Ձձերդ գգերազանցություն, զզորքը սսպասում է ձձեր հհրամանին։
Պարոն Պահլևունին ձեռքերը հանգուցեց թիկունքին, գնաց-եկավ, գնաց-եկավ և շրա՛խկ, խփեց խմբապետ Խորենի դեմքին։
- Քյոփօղլու Խորեն, ասա տեսնեմ որտե՞ղ է պարոն Ապետնակը։
Խորենը բռնեց քիթը, փլվեց պատի տակ ընկած կոճղի վրա։ Նույնիսկ չփորձեց պաշտպանվել, չասաց՝ «Ձերդ գերազանցություն, դուք ի՞նչ իրավունքով եք ձեռք բարձրացնում Համայն Արցախաց աշխարհի սպարապետի վրա»։
Վարժապետ Սիմոնը աչքով արեց Դուքան Սեդրակին, վերջինս երկտակվեց պարոն Պահլևունու առջև ու խոսեց.
- Ձերդ գերազանցություն, երկար ճանապարհ եք եկել, հոգնած եք, գուցե մի քիչ հանգստանա՞ք...
Պարոն Պահլևունին մտրակի կոթով թեքեց փափախը, հանեց ոսկե ծխատուփը, գլանակը ծուռ կծեց ու ոտքով խփեց Դուքան Սեդրակի հետույքին.
- Հայվան, վառի՛ր ծխախոտս։
Սեդրակը վառեց լուցկին, պարոն Պահլևունին ծուխ արեց, կորավ ծխի մեջ, հետո գլանակի քոթուկը նշան բռնեց, մատի ծայրով նետեց Դուքան Սեդրակի վրա ու ծիծաղեց։ Ծիծաղեց պաուզաներով ու լրջացավ.
- Ձեզ եմ հարցնում, ապուշներ, որտե՞ղ է պարոն Ապետնակը։
- Պարոն Ապետնակը,- Վարժապետ Սիմոնը թաշկինակը մոտեցրեց աչքերին, սրբեց քիթը.- Ձերդ գերազանցություն, պարոն Ապետնակը, պարծանքը մեր հոգու և սրտի, հերոսի մահով... Մենք նրա պայծառ հիշատակը մեր սրտերում միշտ վառ կպահենք։
- Պարոն Ապետնակը բալշևիկների անմեղ զոհն է,- հառաչեց Դուքան Սեդրակը։- Պարոն Ապետնակը գնաց, Ղարաբաղը թողեց որբ։
- Իսկ դուք այստեղ տանձի կո՞թ եք, թե՞ ձմերուկի կորիզ,- ոտքը նորից գետնին խփեց պարոն Պահլևունին։- Որտե՞ղ է ձեր հեծելազորը, որտե՞ղ են ձեր կտրիճները...
Ստեղծվեց զինվորական հանձնաժողով, պարոն Սիլվեստը նշանակվեց հանձնաժողովի վարչապետ, Վարժապետ Սիմոնը՝ տեղակալ։ Արշավանքից առաջ պարոն Պահլևունին ճառ ասաց և վերջում հանեց թուրն ու գոռաց.
- Օ՜ն, անդր առա՜ջ... Դեպի Չանաղչի՜...
Թալանը եղավ այնպես, ինչպես որոշել էր պարոն Պահլևունին։ Յուրաքանչյուր ծուխ պարտավոր է իր ունեցած զնգուն ոսկին հանձնել ապագա պետության մեծամեծին։ Պարոն Պահլևունու քսակը կամաց-կամաց լցվեց, տռզեց ու ծանրացավ։ Քսակի հետ տռզեց ու ծանրացավ նաև պարոն Պահլևունին, ու մատը ճոճեց խմբապետ Խորենի վրա.
- Քյոփօղլու Խորեն, դե հիմա պատմիր տեսնեմ՝ պարոն Ապետնակին ինչպես դեռ գահ չբարձրացած՝ գահընկեց արեցիր։
Խմբապետ Խորենը, որ սպասում էր այդ հարցին, գլուխ տվեց ու պատասխանեց.
- Ձերդ գերազանցություն, պարոն Ապետնակը բալշևիկների անմեղ զոհն է։
- Իսկ դու, տանձի կոթ, ինչո՞վ կարող եմ համոզված լինել, որ կմնաս միշտ ինձ հավատարիմ։
- Երդվում եմ իմ կյանքով... Դուք, պարոն գնդապետ, մեր ազգի հույսն եք։
Բայց հաջորդ օրը «ազգի հույսն» արդեն չկար։ Չկար ոչ նրա թիկնապահը և ոչ էլ ոսկու քսակը։ Խմբապետ Խորենը փափախը գետնովը տվեց, վիրավորված գայլի պես սկսեց ոռնալ.
- Վա՜յ, էդ Թիփլիզի կինտո՞ն մնաց, որ խաբի ինձ...
Իսկ Ուստա Ծատուրը այդ առթիվ իր «Օրագրում» գրեց, «Խմբապետ Խորենը Չանաղչուց եկավ խիստ կատաղած, հայհոյեց Սիմոն վարժապետին.
- Դու մարդ չես,- ասաց,- փալաս ես, ասենք թե՝ ես հարբած եմ եղել, բան չեմ հասկացել, ասենք թե՝ պարոն Սեդրակը ապուշի մեկն է, բա դու ինչպե՞ս ես հավատացել այդ ավազակ շան որդուն։
Հետո զայրույթի մի մասն էլ թափեց պարոն Սիլվեստի վրա. «Դու էլ Համադանի էշ ես, փալանդ է պակաս»։ Պարոն Սիլվեստը խոսքի տակ չմնաց. «Համադանի էշը հենց դու ես,- ասաց,- որ Լեռնակերտում դարձար խաղք ու խայտառակ»։
Իրար լավ անպատվեցին, իրար շան տեղ կապեցին, խմբապետ Խորենն Էլ տվեց ջարդեց պարոն Սիլվեստի շուշաբանդները և գոռաց.
- Չորսաչքանի ղուռումսաղ, դե հիմա գնա քեզ համար սպարապետ գտիր։ Ա՜յ, ես ձեր կնիկն ու մերը, ես ձեր...
Թոքու՜շ, Խորեն, թոքու՜շ»։
ԳԺԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Ղարաբաղում որտեղ մի խելառ ու գիժ կա, մի օր, ի վերջո, հայտնվում է Լեռնակերտում...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Մեծահարուստ, գորգերի ու կտորեղենի վաճառական Բիրղամ Դոնբազովի քալլագյոզ, ղումարբազ, քեֆչի Աղամը Ղազանչեցոց ժամի բակում տեսավ հայտնի ձիավաճառ Ամիրբար Չարչիխանյանի աղջկան, երակներում արյունն ասես կրակի պես թշշաց, գլուխը պտտվեց. չլսեց զանգերի երկար ու ձիգ ղողանջը, չիմացավ, թե ինչպես մտավ աստծո սուրբ տունը, չլսեց, թե տեր Հովսեփը ինչ էր խոսում բեմից։ Նրա ուշքն ու միտքը Բարիշկայի վրա էր, Բարիշկայից բացի՝ ուրիշ ոչինչ չէր տեսնում։
Որքա՞ն մնաց եկեղեցում, կողքին ո՞վ էր կանգնած՝ այդ էլ չիմացավ. խելակորույս դուրս վազեց, կանգնեց բակում, և երբ Բարիշկան ուզում էր ֆայտոն նստել, մոտեցավ, գլուխն ասպետավարի խոնարհեց ու խոսեց.
- Ինչո՞վ կարող եմ ծառայել օրիորդ Բարիշկային։
Օրիորդ Բարիշկան ոչ միայն նրան չարժանացրեց իր մեն մի ժպիտին, այլև չնայեց՝ տեսնի շո՞ւն է հաչում, թե՞ կատու է կլավում։ Աղամի սրտում մի բան փլվեց, ինքն էլ հաստատ չիմացավ, թե ինչ փլվեց, արյունը ոնց որ քլթքլթաց երակներում, և այնպե՜ս հառաչեց, որ ձիերը խրտնեցին, փախցրին ֆայտոնում նստած Բարիշկային, տարա՜ն, տարա՜ն, տարան… թե ուր տարան, դա Աղամի իմանալու բանը չէ։
Վա՜յ, անմուրազ Աղամ, սարսաղ Աղամ, Ամիրբար Չարչիխանյանի աղջիկը քեզ մի քնձռոտ, քոսից սատկող շան տեղ չդրեց, չնայեց տեսնի՝ դու իսկապես մա՞րդ ես, թե՞ մայմունի մեկը։ Դե հիմա գնա գլուխդ ժամի պատերովը տուր, գնա կանգնիր Ջըդըռ-դուզում, Համադանի ավանակի նման զռռա, թող խալխը նայի ու մի կուշտ ծիծաղի։ Արա՜, ինչպե՞ս է, որ էն հացը աչքերդ չի քոռացնում, էն լակած արաղը և գինին քթովդ չեն թափվում… Վա՜յ, անմուրազ Աղամ, խաղք ու խայտառակ Աղամ…
Աղամը հերսոտվեց, դիվոտվեց, գժվեց, գրպանից հանեց հինգ տրաքչանի նագանը, հինգ անգամ կրակեց օդում, հայհոյեց Բիրղամ աղային, իր ողորմածհոգի պապին ու տատին, որ այդ գծուծ, փողի համար հոգի տվող Բիրղամին օրորոցում չեն խեղդել: Հետո իրեն գցեց Մնացական Դանդարովի ֆայտոնի մեջ ու բղավեց.
- Քշի՛ր, Մնացական, քշի՛ր… Ուր ուզում ես՝ քշիր, ուր ուզում ես՝ տար, թեկուզև դժոխքի դուռը։ Հա՛ դժոխքի դուռը, ես դրախտում տեղ չունեմ, դրախտն ինձ համար չի։
Կուշտ կերած ձիերը նույնպես դիվոտվեցին, թռցրին ֆայտոնը, և քիչ էր մնում գիժ Ատանին ոտնատակ անեին։ Տկլոր, անտուն, անոթի, բայց իր մերկությամբ բախտավոր, իր գժությամբ երջանիկ, իր հիմարությամբ խելոք, իր դժբախտությամբ ուրախ Ատանը հարկ չհամարեց հայհոյել շաշված ֆայտոնչի Մնացական Դանդարովին ու դիվոտված Աղամին՝ խելագար-խելագար ծիծաղեց ու ոռնաց.
- Ո՜ւո՜ւո՜ւ… Աղա՜մը, Աղամ Բիրղամի՜չը…
Աղամն ի՞նչ։ Մի հարցնող լինի, տո՛, քամակը բաց շաշի գլուխ, Աղամն ի՞նչ, գի՞ժ է, սարսա՞ղ է, տկլո՞ր է… Ախր, Աղամն ի՞նչ, այ վանքի տավար։
- Դեպի Ջըդըռ-դուզ,- Աղամը գրպանից հանեց հինգ տրաքչանին, ուզում էր Թոփխանայի մեյդանում էլ աղմուկ բարձրացնել, բայց փամփուշտ չկար, վերջացել էր, իսկ Թոփխանան վաղուց էր դատարկվել. մարդիկ գնացել էին իրենց գործին։
Ջըդըռ-դուզում մղկտում էր Չանաղ Հաբեդի քամանչան, Խանանդա Շաշան, դժբախտ Շաշան, իր ծնված օրից՝ կանանց համար հոգի տվող Շաշան այնպես էր կլկլացնում, կարծես աշխարհի վերջն է, և աշխարհն էլ ըստ նրա կլկլոցի՝ ընկույզի պես մի փուչ բան է, խնձորի նման որդնած, երկնքի պես ունայն։ Վա՜յ, փուչ աշխարհ, դատարկ աշխարհ, անտեր աշխարհ, ինչո՞ւ ես ստեղծվել։
Խանանդա Շաշան տեսավ դիվոտված Աղամին, դափը դրեց ականջին ու կլկլացրեց մի ուրիշ երգ.
Էս աշխարհը ստեղծվել է չարի համար,
Տառապում եմ հավատարիմ յարի համար,
Ինչի՞ս են պետք ոսկի, արծաթ ու աբրեշում,
Կյանքս կտամ մի սիրունի խալի համար։
Խանանդա Շաշան մի քիչ Սայաթ-Նովա է, մի քիչ Միսկին Բուրջի, մի քիչ Հաֆեզ, մի քիչ էլ Օմար Խայամ։ Ամենից մի քիչ վերցնում է, դարձնում իրենը, կլկլացնում, և ավազակը լավ է երգում։
Աղամը դափը խլեց նրա ձեռքից ու բղավեց.
- Հերի՛ք է, գլխակեր բայղուշ։
Չասաց, թե ինչու է հերիք։ Աշխարհն արդեն դադարել էր նրա համար գոյություն ունենալուց. Թոփխանայի մեյդանն արդեն մեյդան չէր, այլ դատարկ տարածություն, Բիրղամ աղան մեյմունի մեկն էր, տեր Հովսեփը սև ագռավ էր, իսկ այն սև ագռավը, որ թառել էր ծառին, կոկորդ էր պատռում, սև շվաք էր։ Աշխարհը նրա համար մի արմաղ-շարմաղ Բարիշկա էր, աշխարհում Բարիշկայից բացի ոչինչ չկար։
Աղամի կոկորդը քոր եկավ, աչքերը լցվեցին, մոռացավ, որ ատրճանակը դատարկ է, պաղ փողը դրեց ճակատին, բայց որովհետև անտերն առանց փամփուշտի գանգ չի ցրիվ տալիս, գոչեց.
- Խանանդա Շաշա, բա էս անտեր կարկաժս ո՞նց ցրիվ տամ։
- Աղամ, դու տղամարդ ես,- Շաշան գրկեց նրա գլուխը,- Աղամ, դու Բիրղամ աղայի տղան ես։
Աղամի հոգում նոր նինջ մտած դևերն արթնացան։
- Բիրղամ աղայի հերն անիծած, քու էլ հերն անիծած։ Ես էն տղամարդու հերն էլ կանիծեմ, որ մինչև առավոտ ինձ հետ քեֆ չանի։ Աշխարհում մեռնել կա, իսկ մեռնելուց առաջ ինչո՞ւ այնպես չապրենք, որ մեռնելուց հետո ասեն՝ էս շան տղան կյանքը տվեց իր սիրուհու խալի համար։
Խորովածը մանղալի վրա ճլճլաց, Չանաղ Հաբեդի քամանչան մղկտաց, մղկտացրեց աշխարհի քար սրտերը։ Աղամի արդեն բարակած, մի թելից, մի մազից կախված սիրտը ծլնգաց ու ծլծլաց հալվող մոմի պես, և նա հառաչեց.
- Բարիշկան ինձ քոսոտ շան տեղ չդրեց, Բարիշկա՜ն…
Աղամը լալիս ու ծիծաղում է, ծիծաղում ու լալիս է, բղավում ու հայհոյում է, և ամենից շատ հայհոյում է Բիրղամ աղային, որ իրեն լույս աշխարհ է գցել, արժանացրել Հիսուս Քրիստոսի չարչարանքներին։ Հետո հիշեց իր սիրեկան Ալմաստին, որ Գուրզա օձի նման փաթաթվում է իրեն, օձի նման լեզու է բանեցնում, օձի նման գալարվում է ու ասում. «Աղամ, եթե հանկարծ սիրես ուրիշին, կգնամ ինձ Ջըդըռ-դուզի քերծից գցեմ ձորը, շներին ու ղուզղուններին բաժին դառնամ…»:
- Լիրբը ստում է,- Աղամը գինու բաժակը սեղմեց ափի մեջ ու փշրեց, գինին արյան պես կաթկթեց նրա մատներից։- Հիմա ո՞նց եք, որ գնամ էդ լրբին բերեմ էստեղ, լրիվ մերկացնեմ։ Թող Շուշին թամաշա անի։ Թող որքան մերկ կնկա կարոտ մարդիկ կան՝ գան թամաշա անեն։
Շուշին շատ թամաշաներ էր տեսել, այդ մեկն էլ որ տեսներ, էլի ոչինչ չէր փոխվի, ոչինչ չէր պակասի. Ջըդըռ-դուզը կմնար նույն Ջըդըռ-դուզը, Քաջքի մահլեն՝ նույն Քաջքի մահլեն, Գիժ Ատանը՝ նույն Գիժ Ատանը, Բիրղամ աղան՝ նույն ժլատ Բիրղամ աղան։ Իսկ արմաղ-շարմաղ Բարիշկան, մեղրն ու յուղն իրար խառնած Բարիշկան… Հնար լիներ, գլուխդ դնեիր ծնկներին… Չէ, ինչո՞ւ ծնկներին, ոտքերի տակ դնեիր, լաց լինեիր, այնքան լաց լինեիր, որ մեռնելդ գա։ Որ մեռնում ես, շունշանորդի, լավ մեռիր, այնպես մեռիր, որ Ղարաբաղը դրնգա։
Խանանդա Շաշան հասկացավ Աղամ Բիրղամիչին, Չանաղ Հաբեդին մի բան ասաց, Չանաղ Հաբեդը մղկտացրեց քամանչան, Խանանդա Շաշան այդ մղկտոցին խառնեց իր երգը.
Երվում եմ յանա-յանա,
Ա՛յ անջիգյար, էս ի՞նչ բանա,
Մի անգամ էլ թող քեզ նայեմ,
Գուցե սիրտս քիչ դինջանա։
- Չէ՛, սիրտ չի մնացել,- Աղամը գլուխը դրեց սեղանին, փակեց աչքերը։
Նա քնեց խռոված, խռոված արթնացավ, բայց միտքը՝ պոչն ու ականջները կտրած շան պես դեռ արթուն էր։ Այդպես խռոված անցավ Թոփխանայով, Քաջքի մահլեյում մի քիչ դիվոտվեց, բարձրացավ Ծակուռի ձորով, գնաց մտավ Բիրղամ աղայի դուքանը։
Կեսօր էր, Շուշին ուղտաքուն էր մտել, ճանճ տզզար, տզզոցը Պեխ աղբյուրից կլսվեր։ Բիրղամ աղայի գործակատար Երանոսը գլուխը դախլին դրել, այնպես էր քուն մտել, կարծես գիշերը Շոշի Սանգարներում կարճ կորեկ էր հնձել։ Աղամը բռնեց նրա ուսերից, թափահարեց, ասես թթի ծառ է, հիմա թութը խշշալով կթափվի,- քաշեց դեպի իրեն, հայացքով ցույց տվեց երկաթե դախլը։
- Մեջը որքան փող կա, հանիր տուր ինձ։
- Բիրղամ աղան կսպանի,- վախեցավ Երանոսը,- գնամ հարցնեմ։
- Ի՜նչ հարցնես, ախմախ,- Աղամը գժվեց,- քեզ ո՞վ է ասում հարցրու։ Բիրղամ աղան քեզ ի՞նչ պիտի անի։ Թե որ բերանը բացեց՝ էն աստվածը, փորը ծխով կլցնեմ։ Վախենում ես՝ չլցնե՞մ։ Քո արևը, կլցնեմ։
Աղամը չհաշվեց վաճառասեղանի վրա թափված թղթադրամները, հավաքեց, լցրեց գրպանները, գնաց ուղիղ Բերդինկա Սանասարի «Լավ խորոված, լավաշ հաց» խորտկարանը, գրպանից հանեց փողերը, ասաց.
- Բերդինկա ախպեր, մեր ախպերությունը վկա, թե որ մի բան պակաս լինի, թափանթրիքդ ցրիվ եմ տալու։ Վախենում ես ցրիվ չտա՞մ։ Էդ մեկ։ Կրկնիր՝ էդ մեկ։
Սանասարը կրկնեց.
- Էդ մեկ, Աղամ ախպեր։
- Իմ անունից մարդ ես ուղարկում Ամիրբար Չարչիխանյանի մոտ։
- Աղամ ախպեր, ես էդ մըզմըզի հետ խռով եմ։
- Իմ ի՞նչ գործն է, թե խռով ես. գնա ոտը պաչիր ու հաշտվիր։ Չէ՛, մարդ չես ուղարկում, դու ինքդ գնում ես ու հրավիրում… ինչպե՞ս են ասում…
- Ընտանյոք հանդերձ։
- Ըհը՛, ընտանյոք հանդերձ, էդ երկու։
- Էդ երկու։
- Երրորդը և ամենակարևորը. եթե օրիորդ Բարիշկան այդ ընտանյոք հանդերձում չեղավ, լավ իմացիր, քո ազիզ ախպերը, հրե՜ն, տեսնո՞ւմ ես, էն չափարի տակին թազնած շունն է լինելու։
Աղամը երկու բաժակ թթի օղի խմեց, կանչեց Գիժ Ատանին, բուռը մի արծաթե դրամ խոթեց ու պահանջեց հաշվել, թե աստծո Շուշի քաղաքում քանի գիժ կա։
Ատանն ամեն գժի անվան վրա մի հռհռոց արձակելով հաշվեց.
- Պել Վանին, քոսը ընդրա ջանին՝ հի՜, հի՜, հի՜… Տավար Ըռքելը, ես նրա մերը՝ հի՜, հի՜, հի՜… Ճապաղ Գյուլումը, մեր թաղի զուլումը՝ հի՜, հի՜, հի՜… Կռեչան Խեչանը, թող դուրս գա ջանը՝ հի՜, հի՜, հի՜…
Հաշվեց, չմոռացավ նաև իր անունը։ Եղավ քսաներկու գիժ։
- Ատան,- Աղամը ժպտաց,- իսկ դու չե՞ս կարծում, որ մեր արքայական Շուշի քաղաքի համար քսաներկու գիժը շատ է քիչ։ Ինձ էլ հաշվիր։ Ես գժերի գիժն եմ, գժերի թագավորը։
- Փա՜ռք քեզ, աստված,- Ատանը դեմքին խաչ հանեց և երկու ձեռքը պարզեց վեր,- փա՜ռք քեզ, տեր երկնային, մենք էլ արդեն թագավոր ունենք։
Երևի Շուշին իր ստեղծման օրից այդպիսի փառահեղ խնջույք չէր տեսել։ Հրավիրվել էին Խանանդա Շաշան ու Չանաղ Հաբեդը, Դուդուկ Ենովքն ու Թառչի Մակարը, Դափչի Գարան ու Քյանդիրբազ Մամիկոնը, Աշուղ Գարաքն ու Նաղարա Սրափիոնը, Պատիֆոն Զիզին ու Գրամաֆոն Գափռյելը, Դուխավոյ Անդրուշան ու Գարմոն Մուխայել Բաբուռյանը… Լեռնակերտից հրավիրվել էր ինքը՝ թամադաների թամադա Մուշեղ Չանչախովը։
Երբ Ամիրբար Չարչիխանյանն ընտանյոք հանդերձ իջավ ֆայտոնից, քառասուն հրացանից քառասուն կարմիր բոց ժայթքեց, քառասուն ջահելներ քառասուն գորգ փռեցին թանկագին հյուրերի ոտքերի տակ։ Այդպես լինում է միայն հեքիաթներում։ Թամադաների թամադա Մուշեղ Չանչախովը այնքան լավ խոսեց, այնքան անուշ խոսքեր ասաց այդ շանորդին, որ Ամիրբար Չարչիխանյանի բերանը բաց մնաց։ Դուդուկը մղկտաց, զուռնան ծկլթաց, քամանչան հեծկլտաց, Շաշան երգեց աշխարհի ամենալավ երգը։ Շաշան, այդ բայղուշը, լացացրեց, ամա՜ն, լացացրեց։
Ղարաբաղում ալվան վարդ ես, այ իմ գոզալ,
Շուշվա բաղում դու մի հատ ես, այ իմ գոզալ,
Ջըդըռ-դուզի քերծից գնամ ձորը ընկնեմ,
Չեմ հասկանում, թե ինչ մարդ ես, այ իմ գոզալ։
Այդ պահին Աղամ Բիրղամիչի համար աշխարհում մի ուրիշ աշխարհ կար, և այդ աշխարհը Բարիշկան էր։ Երկնքի միլիոնավոր աստղերի մեջ մի աստղ կար, և այդ աստղը Բարիշկան էր։ Աշխարհի անմուրազների ու դժբախտների մեջ մի դժբախտ կար, և այդ դժբախտը Աղամն էր։ Հիմա կգնա ու կմոտենա Բարիշկային, կողքից կախած սուրը կհանի ու կասի. «Բարիշկա, հոգիս, ջանս, կյանքս, առ էս ղամեն, սիրտս խրիր ու վերջացրու։ Մի օր ծնվել եմ, մի օր էլ պիտի մեռնեմ։ Դե որ մեռնել է, թող քո ձեռքով մեռնեմ»։
Հետո Աղամը զգաց, որ հարբած է, լեզուն ամուր պահեց ատամների տակ, զսպեց երակներում թշշացող արյան հոսքը, նայեց տեսավ Բարիշկան աչքն իր աչքին է գցել, (թե՞ այդպես թվաց) սիրտը թունդ ելավ. ո՞նց էր, որ չասաց՝ շնորհակալ եմ, թանկագինս, որ ինձ հիմա շան տեղ ես դնում։ Ուզո՞ւմ ես գնամ ձեր բակում վեր ընկնեմ, պոչս գետնին քսեմ, ձեռքերդ ու ոտքերդ լիզեմ և ուրախությունից կլանչեմ։ Դու քո սիրուն ձեռքերով ինձ շղթայիր, կապիր ձեր դարպասի կողքից, և մարդ չէ, հավքն էլ այդ կողմերով չի անցնի։
- Աղամ Բիրղամիչի կենացը…
Երևի թամադաների թամադա Մուշեղ Չանչախովը շատ լավ խոսքեր ասաց, թե չէ՝ ինչո՞ւ պիտի Բարիշկան այդպես նայեր Աղամին ու ժպտար։ Այդ նա չէ՞ր, որ ասաց՝ Աղամ Բիրղամիչ, ձեր կենացը։- Նա էր, աստվա՜ծ իմ, նա էր, նրա ձայնն էր։ Ոնց որ ժայռից պոկված զուլալ աղբյուր. խմես, խմես, չկշտանաս, գլուխդ թաղես այդ զուլալության մեջ ու խեղդվես։
- Սազանդար, տո՛ւշ…
Աղամը կարծես չզգաց, որ դա իր ձայնն է, որ իր երակներում իր սեփական արյունն է հոսում, որ այդ ոտքերն ու ձեռքերն իրենն են… Դա մի խելագար պոռթկում էր, խելագար մի հողմապար, և պարողն ինքն էր՝ շուշեցի մեծահարուստ Բիրղամ աղայի մինուճար որդի Աղամը։ Ականջներում լեռնաղբյուրի կարկաչն էր, աչքերում անծայրածիր մի տարածություն, և այդ տարածությունը լցված էր Բարիշկայով։ Շուշի քաղաքում ոչ ոք Աղամի պես չէր կարող պարել, Աղամի պարն ուրիշ է, ուրիշ են նրա ցասկոտ պտույտներն ու ոտքերի խաղը։ Գիժ Ատանը, որ կանգնել թթենու տակ, նայում էր, զարմացած ոռնաց.
- Ո՜ւո՜ւո՜ւ… Աղամը…
Այսինքն՝ Աղամը տղամարդ է, պրիստավին, ոստիկանապետ Լալաևին, դատավոր Մարտիրոս Բուռնոթքաշյանին, գավառապետին շան տեղ չի դնում։ Դե հիմա թող Տմբլաչի Խաչանն իր դհոլին խփի, ժուռնալներում ու գազեթներում ինչ ուզում է՝ գրի։ Թող վարժապետ Սպանդարը կարդա նրա գրածները ու ծիծաղի։ Թող Բիրղամ աղան տեսնի իր դատարկված դախլը ու կատաղի։
Հետո...
Հետո Աղամ Բիրղամիչը չի հիշում, թե ով էր իր ականջին շշնջում. «Բարիշկայի սիրտը սեր ես գցել, այ քափուռ»։ Չի հիշում, թե ովքեր իր թևերն ընկան ու տարան։
Արթնացավ, գլուխը պտտվում էր, բերանը չորացել էր. տրորեց աչքերը, տեսավ մահճակալի կողքին կանգնած կիսամերկ Ալմաստին, կռնչաց.
- Բայղո՜ւշ, առանց ինձ քունդ չի՞ տանում։
Ալմաստը լրբածիծաղ տվեց։
- Էդ ո՞ւմ համար էիր քեֆ սարքել։ Կարծում ես՝ չգիտե՞մ։ Բա ինչի՞ անտեր շան նման քուչեքն ես ընկել։ Թողնեմ, որ Շուշի քաղաքում խաղք ու խայտառակ դառնա՞ս։
Աղամը չխոսեց, հագավ շորերը, դուրս եկավ փողոց, գնաց Թոփխանայի կողմերը։ Ատանը իր ատանությունն էր անում, խալխին ծիծաղեցնում։ Տեսավ Աղամին, աչքով արեց, էլի ծիծաղեց, բայց խելոք բան ասաց.
- Գժերի թագավոր, օրիորդ Բարիշկայի ոտքերի տակ շան պես թազնես, շան պես սատկես։
- Ռեխդ փակի՛ր, Ատան,- բարկացավ Աղամը։
- Աղամ Բիրղամիչ, Գժերի թագավորության մեջ բոլոր գժերն էլ հավասար իրավունք ունեն։
Գիժ Ատանն իսկապես խելոք էր խոսում։ Չէ՛, Շուշիում միայն երկու գիժ կա, մեկը Ատանն է, մյուսը՝ ինքը։ Իսկ այդ երկու գժերից ո՞վ է ավելի խելոքը։
- Ռեխդ փակի՛ր, Ատան…
- Կարծում ես՝ փակելը հե՞շտ է։ Իսկ ինչո՞ւ երեկ դու չփակեցիր քո ռեխը։ Ինչե՜ր էիր դուրս տալիս։ Ասում էիր՝ ամբողջ Շուշին չարժե Բարիշկայի մի մազին։
- Ատան, կսպանեմ։
- Բարիշկային երկինք բարձրացրիր, գնացիր մտար լիրբ Ալմաստի ծոցը։ Բարիշկան քեզ լրիվ կգժվեցնի, և մենք սրտակից ընկերներ կդառնանք, գժերի թագավոր Աղամ Բիրղամիչ։
Աղամը մի բան պիտի աներ, որ Շուշին ցնցի։ Գնաց դուքանների կողմը, Դուդուլ Դավութի խորտկարանում երկու բաժակ օղի գցեց. գրպանում մի սև շահի չէր մնացել՝ գազազեց, նորից հայհոյեց ժլատ ու ագահ Բիրղամ աղային. դուրս եկավ խորտկարանից, ու տեսավ նրան՝ Ավագջան Բարաթքարհունջյանի կտորեղենի խանութի կողքին, մոտեցավ ասաց.
- Բարիշկա, ես քու շունն եմ, ինչո՞ւ ես ինձ սպանում։
Նրա ձայնը պատռեց կեսօրվա տաք լռությունը. վաճառասեղանների ետևից վաճառականները զկռտալու պես փռթկացրին, բազազ Սարգիսը հռհռաց, հաշպաս Սաղաթելը ծիծաղից բռնեց փորը, գինեվաճառ Մուխանը տակառի ետևից բարձրացրեց մերկ գանգն ու այնպես ծիծաղեց, կարծես ձայնը դուրս էր գալիս գինու կարասից… Բարիշկան թեթևակի շարժեց հոնքը, բայց չխոսեց, գլուխը բարձր բռնած, շորորվելով հեռացավ։ Աղամը լաց լինելու նման ծիծաղեց, ծիծաղելու նման լաց եղավ, լացն ու ծիծաղն իրար խառնեց, բայց գտավ, որ ինքը ճշմարտությունն է ասել, և փույթ չէ, թե ով ինչպես կհասկանա այդ ճշմարտությունը։ Կողքին կանգնած էր իր մերկությամբ ու գժությամբ երջանիկ Ատանը, իր անգիտությամբ բախտավոր Ատանը, և նա հաստատեց.
- Դու ճիշտ ես, ո՜վ գժերի անմուրազ թագավոր Աղամ Բիրղամիչ*։
ԻՆՏԵՐՄԵԴԻԱ
Սիրուց մերժված, վառված, տոչորված ու թալանված Աղամ Բիրղամիչը Կանաչ ժամի գմբեթից թքած ունեցավ իր հայր Բիրղամի ճակատին, մի զույգ ատրճանակ խրեց գոտու տակ, փափախը քաշեց ճակատին, նստեց Մնացական Դանդարովի ֆայտոնը, երեք անգամ կրակեց օդում ու հրամայեց.
- Դեպի Լեռնակերտ։
Նա Շուշիում այլևս անելիք չուներ, հոր վրա ատրճանակ էր քաշել, Գիժ Ատանի ճակատը համբուրել և համարել Շուշի քաղաքի ամենախելոք մարդը, ու դարձել բեղից ընկած բրինձ։ Ինքն էլ չգիտեր, թե ինչու ասաց՝ դեպի Լեռնակերտ, քանզի այդ պահին ավելի հարմարը ջահանդամն էր։ Բայց նրա միտքը գործում էր ճիշտ այն ժամացույցի պես, որի մեծ ու փոքր սլաքներն իրարից անկախ պտտվում են իրենց առանցքի շուրջ։
Աղամ Բիրղամիչը Լեռնակերտ հասավ ճիշտ այն ժամին, երբ Վարժապետ Սիմոն Սարխոշյանցն իր ստամոքսի պահանջով պտտվում էր Դուքան Սեդրակի տան շուրջը։ Եվ Ղարաբաղի չթագադրված գժերի թագավոր Աղամ Բիրղամիչին դիմավորեց հենց ինքը՝ Սիմոն վարժապետը։
Այդպես միայն Գերմանիայի արտաքին գործերի մինիստրը կարող էր դիմավորել Մեծ Բրիտանիայի պրեմիեր-մինիստրին։
- Ողջունում եմ ձեր գալուստը, մեծարգո Աղամ Բիրղամիչ,- ասաց նա,- արդարացի է ձեր հզոր պոռթկումը, քանզի դուք ձեր այդ վեհ իդեալներով ընդունակ եք ավելի փառապանծ գործերի։ Դուք, ով մեծապատիվ հերոս, գործունեություն եք ծավալում այնպիսի պատմական ժամանակաշրջանում, երբ Ղարաբաղը կանգնած է հրաբուխների վրա։ Իսկ ինչո՞ւ դուք չդառնաք հրաբուխի խառնարանից ժայթքող լավան, որ ահավասիկ շուտով կշառաչի Լեռնակերտում։ Թույլ տվեք անձամբ սեղմել ձեր աջը։
Աղամ Բիրղամիչը Վարժապետ Սիմոնի այս ճառից համարյա բան չհասկացավ, բայց քանի որ հերոս էր հռչակվել, հանեց ատրճանակն ու հարցրեց.
- Առաջինն ո՞ւմ թափանթրիքը ցրիվ տամ,- ու նկատեց Դուքան Սեդրակին և նշան բռնեց նրա փորին։- Ես հիմա մի գնդակով այդ ախմախին կպառկեցնեմ։ Բիրղամ աղային թաղեմ, թե չպառկեցնեմ։
Դուքան Սեդրակն առանց գնդակի արդեն պառկել էր գետնին ու ոռնում էր.
- Բիրղամիչ, հերոս Բիրղամիչ, չկրակես, ես էլ եմ ձերոնցից։
- Լավ, գնդակը խնայեցի,- մեծահոգաբար ժպտաց Աղամ Բիրղամիչը, ատրճանակը խրեց գոտու տակ ու դարձավ Սարխոշյանցին.- Իսկ քո էդ ճառից փորս չկշտացավ… Բա հերոսին էդպե՞ս են դիմավորում։
- Հարկավ, այս նշանավոր օրը կնշենք,- Վարժապետ Սիմոնը մոտեցավ Դուքան Սեդրակին,- թշվառական, դու այդպե՞ս ես հարգում հերոսին։
Խորովածի հոտը բռնեց Լեռնակերտը։ Խմբապետ Խորենը եկավ իր երկու թիկնապահներով, պարոն Սիլվեստը մաքրեց ակնոցի քրտնած ապակիներն ու Լալախանբեկյանի ականջին ասաց.
- Աղամ Բիրղամիչը թափով տղամարդ է երևում, մենք անշուշտ նրան կդարձնենք մենշևիկ, եթե, իհարկե, Վարժապետը չխլի մեր ձեռքից։
Ճաշկերույթն անցավ այնպիսի բարեկամական ու անկեղծ մթնոլորտում, որ Խմբապետ Խորենը, լավ կոնծելուց հետո, հանեց մաուզերն ու բղավեց.
- Պարոնայք, ցրում եմ Լեռնակերտի նախկին կառավարությունը։ Լիազորված եմ հայտարարելու, որ այսօրվանից երկիրն անցնում է զինվորական իշխանության ձեռքը, և պարոն Լալախանբեկյանին նշանակում եմ պրեմիեր-մինիստր։
Պարոն Սիլվեստին դուր չեկավ Խմբապետ Խորենի այդ լկտիությունը, բռունցքն իջեցրեց սեղանին ու գոչեց.
- Իրավունք չունեք, պարոն նախկին գեներալ-գնդապետ։ Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել խառնվել քաղաքական հարցերին։ Դուք տհաս եք այդ գործում։ Ես, պարոնայք, մենշևիկյան կուսակցության անունից առաջարկում եմ Աղամի Բիրղամիչին նշանակել զինված ուժերի մինիստր, իսկ պարոն Խորենին ձերբակալել ու հանձնել զինտրիբունալին։
- Շուշաբանդներդ կջարդեմ,- Խմբապետ Խորենը ձեռքը տարավ դեպի գինու շիշը, սակայն Աղամ Բիրղամիչը բռնեց նրա ձեռքը։
- Պարոն Խորեն ես, թե ինչ զիբիլ ես,- ասաց,- եթե քեզ կարգին չպահես, էս սահաթին կճապաղացնեմ։
- Քածի գերի շան տղա,- Խմբապետ Խորենը փրփրեց,- Շուշի քաղաքում մի քածի համար քեզ խայտառակել ես։ Ես թքել եմ քո Բարիշկայի վրա։
Աղամ Բիրղամիչը բռունցքի մի հարվածով տապալեց խմբապետին, կրծքին չոքեց ու ասաց.
- Խմբապետ Խորեն, եթե ներողություն չխնդրես, հենց էս սահաթին վերջդ է։
Պարոն Սիլվեստը այս դեպքն արձանագրեց որպես քաղաքական լուրջ հեղաշրջում, սեղմեց Բիրղամիչի ձեռքն ու ասաց.
- Դուք արդարացրիք մեր հույսերը։
Լեռնակերտում սկսվեց գժերի իշխանությունը։
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԼԱԼԱԵՎ
1919 թվականի դեկտեմբերին Ղարաբաղի գեներալ-նահանգապետը Լեռնակերտի վրա ոստիկանապետ նշանակեց Լալաևին, որպեսզի զսպի խառնակիչներին ու խռովարարներին։ Լալաևը Լեռնակերտ մտավ ութ ստրաժնիկներով։
(Ուստա Ծատուրի օրագրից)
- Պարոն գեներալ-նահանգապետ, Ձերդ գերազանցություն, պատիվ ունեմ զեկուցելու, որ սույն թվականի դեկտեմբեր ամսույս 6-ին հանդիպեցի Լեռնակերտի քաղաքագլուխ Աղամ Բիրղամովիչ Տոմբազովին, նա ինքը՝ Ձեզ հայտնի շուշեցի վաճառական Բիրղամ աղայի հարազատ որդին, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, նախկինում եղել է յառնիյ կարտոժնիկ, սկանդալիստ, պիանիսկա, շուլլեր ու ժուլիկ… Նա ինքը, որ մի քանի տարի առաջ Շուշի քաղաքում շատ մեծ աղմուկ բարձրացրեց մի աղջկա համար և անպատվեց իր հորը՝ Բիրղամ աղային։ Սակայն ներկայումս, դատելով Աղամ Բիրղամիչի վարքագծից, նա նշանավոր անձնավորություն է Լեռնակերտում և, կարծում եմ, որոշ հարցերում կօգնի մեզ՝ իրագործելու մեր նպատակները։
Պատիվ ունեմ հայտնելու նաև, որ Սիմոն Սարխոշյանցն ինձ է տրամադրել մի խումբ խռովարարների ցուցակը։ Ահա դրանք՝ Մալաքյան Ալեքսան, Պետրոսյան Ծատուր, Առաքելյան Հարություն, Սամոգրադով Մատվեյ, Սահակյան Պողոս…
(Լեռնակերտի ոստիկանապետ Լալաևի գաղտնի զեկուցագրից)
Ոստիկանապետ Լալաևը կառքից իջավ Մեծ մեյդանում, կարգադրեց իր ստրաժնիկներին լինել զգույշ, առայժմ չդիմել խիստ միջոցների։ Նրան թվում էր, թե իրեն անպայման պիտի դիմավորեր քաղաքապետը, բայց միակ դիմավորողը Գորոդովոյ Անտոնն էր, որը գլուխ տվեց ոստիկանապետին ու ասաց, որ Աղամ Բիրղամիչը կարգադրել է իր մոտ անցնել ժամը երկուսին։ Դա իսկապես զայրացրեց ոստիկանապետ Լալաևին, ու սև բաշլուղի մեջ փաթաթված այդ կարճահասակ մարդը բղավեց Գորոդովոյ Անտոնի վրա.
- Իսկ դու այդ ինչպե՞ս ես կանգնել։ Զգա՛ստ, սրիկա՛։ Ես հիմա կգնամ քո քաղաքապետի հերը անիծեմ։
Պարոն ոստիկանապետը հենց առաջին օրը սխալվեց իր հաշվիների մեջ։ Աղամ Բիրղամիչը պատմության ուսուցիչ Արտավազդ Կարմիրյանի հետ դուռակի էր խաղում և, տեսնելով իր անկոչ հյուրին, նայեց ժամացույցին ու ասաց.
- Պարոն ոստիկանապետ, մինչև ժամը երկուսը դեռ երեք ժամ կա, այդ ինչո՞ւ եք շտապել։
Ոստիկանապետ Լալաևը չնահանջեց, երեք քայլ առաջ եկավ ու պատասխանեց.
- Պարոն քաղաքապետ, այսօրվանից գեներալ-նահանգապետի հրամանով ես նշանակված եմ այստեղ, այս քաղաքում ոստիկանապետ։ Դուք պարտավոր եք…
- Ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ,- հանգիստ ասաց Աղամ Բիրղամիչը։- Նախ ես ոչ թե քաղաքապետ, այլ քաղաքագլուխ եմ, երկրորդ՝ ոչ մի շունշանորդի չպիտի խառնվի իմ գործերին։ Երրորդ և ամենագլխավորը՝ քո այդ գեներալ-գնդապետը քեզանից կարող է կնյազ ու թագավոր սարքել, բայց ես թքել եմ բոլոր կնյազների ու թագավորների վրա։ Այնպես որ, պարոն ոստիկանապետ, ոչ թե քաղաքագլուխն է ենթարկվում ոստիկանապետին, այլ ոստիկանապետն է ենթարկվում քաղաքագլխին։ Ո՞վ է լսել, որ գլուխը ենթարկվի ոտքերին։
- Դուք մոռանում եք, որ ինձ գեներալ-նահանգապետն է նշանակել, և դուք պարտավոր եք ենթարկվել…
- Ենթարկվե՞լ… Ո՞ւմ ենթարկվել,- Աղամ Բիրղամիչը ծիծաղեց ու դարձավ Արտավազդ Կարմիրյանին,- այս տավարին կարո՞ղ ես բան հասկացնել։- Հետո հավաքեց սեղանին փռված խաղաթղթերը, դարսեց ու ձեռքով մոտ կանչեց ոստիկանապետին.- Թուղթ խաղո՞ւմ եք։ Դուռակի։ Խաղում ենք քո գեներալ-նահանգապետի վրա։
Ոստիկանապետ Լալաևը լսել էր Աղամ Բիրղամիչի մասին, բայց այն, ինչ տեսավ, իր պատկերացրածից վեր էր։
Նա այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե գեներալ-նահանգապետին ուղղված իր գաղտնի զեկուցագիրն ինչպես է Աղամ Բիրղամիչի ձեռքն ընկել։
«Լեռնակերտում ոչ մի խռովարար չկա։ Սրանից դենը քո այդ գեներալ-գնդապետին ինչ գրես, ինձ ցույց կտաս,- եզրափակեց Աղամ Բիրղամիչը։- Այսօրվանից քո այդ թուլաներն իմ հրամանատարության տակ են»։
Ուստա Ծատուրն ասում է, որ Բիրղամիչն իր սարքած օյինբազություններից հաճույք է զգում և հաճույք պատճառում ուրիշներին։ Արդյոք պատճառը նորից այդ հաճո՞ւյքը չէր, որ նա հունվարի սառնամանիքին, Մեծ մեյդանում շարք կանգնեցրեց կիսամերկ ստրաժնիկներին, թե պիտի զինավարժություն անեք։ Հրամանատարությունն էլ հանձնեց Գորոդովոյ Անտոնին։ Որպեսզի այդ տեսարանը կատարյալ լինի, նա շարքի առջևում կանգնեցրեց հարբած ոստիկանապետին ու ասաց.
- Ձերդ գերազանցություն, լսեցեք ու կատարեցեք պարոն Անտոնի հրամանները։
Իսկ Գորոդովոյ Անտոնը, այդ բերանը կապած անասունը, այնքան էր ոգևորվել, որ իր քաջարի բանակին հրամայեց փորսուղ տալ Մեռել լողացնող Մանգասարի տան կողքի աղբանոցում ու սպասել Աղամ Բիրղամիչի հերթական հրամանին։
1920 թ. փետրվարին Շուշիի գավառի Լեռնակերտ քաղաքի ոստիկանապետ Լալաևը գեներալ-նահանգապետից ստացավ հատուկ հանձնարարություն՝ մեկնել Խնածախ, Դաշբուլաղ և Խանաբադ գյուղերը՝ ձերբակալելու մի խումբ խռովարարների։ Ոստիկանապետ Լալաևն իր ստրաժնիկներով առավոտյան ճանապարհվեց, երեկոյան վերադարձավ քիթն ու մռութը ջարդված։ Խանաբադցիները իրենց գործը լավ են տեսել, և հիմա ոստիկանապետ Լալաևը չգիտե ինչ պատասխանի գեներալ-նահանգապետին։ Նրան փրկեց Աղամ Բիրղամիչի հնարամտությունը, և նրա թելադրանքով գրեց.
«Պարոն գեներալ նահանգապետ,
Ձերդ գերազանցություն,
Պատիվ ունեմ զեկուցելու, որ Խնածախ, Դաշբուլաղ, Խանաբադ գյուղերում ընդհանրապես ոչ մի խռովության դեպք չի եղել, չհաշված այն փաստը, որ հարբածի մեկը Խանաբադում հայհոյել է Խմբապետ Խորենին, վերջինս ապտակել է նրան ու անվանել խռովարար։
Պատիվ ունեմ զեկուցելու նաև, որ պարոն Առուստամ Լալախանբեկյանը հաճախակի է նման սխալ տեղեկություններով պղտորում ջրերը։ Թույլ տվեք հավաստիացնել Ձերդ գերազանցությանը, որ մեր ծառայությունը կատարում ենք անձնվիրաբար և այդ գործում մեզ օգնում է քաղաքագլուխ Աղամ Բիրղամիչը։
Լեռնակերտի տեղամասի ոստիկանապետ
Մ. Գ. Լալաև»։
Արդյոք հասկանո՞ւմ էր ոստիկանապետ Լալաևը, թե քաղաքագլուխ Բիրղամիչն ինչ խաղ է խաղում իր գլխին։ Հասկանո՞ւմ էր, որ ինքը ենթարկվում է մի մարդու, որն, ինչպես Ալեքսանն է ասում՝ մեր ժամանակների Քաջ Նազարն է, միայն այն տարբերությամբ, որ Քաջ Նազարը վախկոտի մեկն էր, իսկ Բիրղամիչը համարձակ ու ճարպիկ արկածախնդիր է։
Եվ այս Բիրղամիչը նստել աշխարհի ուսերին, ծիծաղում է աշխարհի վրա, ինչպես հայտնի հեքիաթի Քաջ Նազարը… Եվ ինչու զարմանալ, երբ ոստիկանապետ Լալաևն իր մի այլ զեկուցագրում Ձերդ գերազանցությանը թախանձագին խնդրում է «նկատի առնել Բիրղամիչի անձնվեր ծառայությունները»։
ՇՈԳԸ
Խմբապետ Խորենը թողեց Լեռնակերտը, գնաց գյուղերում ավազակություն անելու։ Դե Լեռնակերտում բան չի մնացել, թալանել է։ Վարժապետ Սիմոնը և Դուքան Սեդրակը էլի առաջվա պես լիզում են միստեր Սենգիստոնի ոտքերը։ Թո՛ւ, շան տղերք, խեղճ շների հացն էլ կտրեցին։
Ժամկոչ Մանասը գողացավ ռուսական եկեղեցու զանգն ու փոխեց չորս գրվանքա գարու հետ։
Երաշտ տարի Է, բերք չկա։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Շոգը չոքեց Լեռնակերտի բկին։ Ուստա Ծատուրի դարբնոցում փուքսը հևաց ու թանչին տվեց։ Պողոսը ջրի կուլան գլխին քաշեց, կլկլացրեց, սիրտը չհովացավ։ Նալբանդ Աթունը փակեց արհեստանոցը, որովհետև այդ շոգին անասուն պայտելը մեղք Է։ Դուքան Սեդրակը ծուլորեն տարածեց թևերն ու հորանջեց.
- Շոգ Է, խեղդվում եմ։
- Էս շոգը համաշխարհային մասշտաբի շոգ Է,- ասաց Վարժապետ Սիմոնը։- Էսպիսի շոգ կարող Է լինել միայն Եգիպտոսում։
«Համաշխարհային մասշտաբի շոգը» դարձավ լայն քննարկման առարկա, և պայտառ Աթունը հարցրեց Ալեքսանին.
- Ալեքսան, բա լավ, խեղճ պարիժեցիք ինչպե՞ս են դիմանում Էս շոգին։
- Պարիժի հերն անիծած, դու Լեռնակերտից խոսիր,- բարկացավ Ալեքսանը։- Դու Դուքան Սեդրակից խոսիր, որ հոր գլխի գինը դրել Է շաքարի վրա։ Պարոն Լալայանից խոսիր, որ անգլիացու զուռնայի տակ պապալ-պապալ Է անում։ Դու խոսիր խմբապետ Խորենից, որ գյուղերը թալանում Է։ Քեզնից խոսիր, Ուստա Ծատուրից խոսիր, ինձնից խոսիր...
Բայց Պարիժը մտել Էր Նալբանդ Աթունի գլուխը, դուրս չէր գալիս։
- Չէ, Ալեքսան, աստծուն քարով մի տուր, ախր պարիժեցիք էլ մեզ նման հայ քրիստոնյաներ են։
- է՛դ որտեղի՞ց իմացար։
- Գազեթում գրած ա։
- Այ ցավդ տանեմ, դու գազե՞թ ես կարդում։
- Ալեքսան, էդպես մի խոսիր, Պարիժը լավ քաղաք ա։
- Իսկ դու Պարիժում եղե՞լ ես,- հարցրեց Պողոսը։
- Եղել եմ, չեմ եղել, էդ քո գործը չի, դու փուքս փչող ես, գնա փուքսդ փչի։
Ալեքսանը գլուխն օրորեց։ Զարմանալի մարդ է Նալբանդ Աթունը, մեկ էլ տեսար գլխում տարօրինակ մի հարց ծագեց։ Անցած օրն էլ բռնել էր Վարժապետ Սիմոնի բկից, թե վարժապետ, կարո՞ղ ես ասել, աշխարհում քանի՞ քաղաք կա, քանի՞ կին և քանի՞ հավատ։
Գորոդովոյ Անտոնը՝ Լեռնակերտի առաջին և վերջին ոստիկանը, երկար թուրը բռնած կողքից, լնգլնգալով անցավ ցանկապատին քսվելով։ Այդպես անցնում է տիրոջ խնամքից զրկված շունը՝ նոր տեր գտնելու հույսով։ Եվ եթե Լեռնակերտը չի կարողանում մի խեղճ ոստիկան պահել, նշանակում է կորցրել է իր գլուխը։
Մերզավեց Դուքան Սեդրակը շրխկոցով փակեց խանութի դուռը և քթի տակ աշխարհի հերն անիծեց։ Լեռնակերտցիք այլևս իր խանութը չեն մտնում, առևտուր չեն անում։ Գինին քացախ է կտրել, շաքարը խոնավացել է, կարագից շնահոտ է գալիս է։ Եթե այդպես շարունակվի, կթողնի Լեռնակերտն ու կտեղափոխվի կամ Թիֆլիս, կամ Թավրիզ, կամ Թեհրան, կամ ջահանդամը։ Թող Լեռնակերտը մնա առանց խանութի, թող Գորոդովոյ Անտոնը քաղցից զկռտա, թող Վարժապետ Սիմոնը իր յուղի մեջ տապակվի։
Ա՜զգ, ազգային գործիչնե՜ր, ազգային վեհ գաղափարնե՜ր...
Ազգս ո՞րն Է, ազգ չկա։ Կան ազգի անունով ազգի տունը քանդողներ, կան ազգային աղվեսներ։ Անհավատ ժողովուրդ են լեռնակերտցիք, եկեղեցի են գնում միայն նրա համար, որպեսզի ծիծաղեն ժամկոչ-տիրացու Մանասի վրա։ Ուստա Ծատուրին ասում են՝ «Աստված պահի երեխաներիդ»։ Ուստան ձեռքը թափ Է տալիս.
- Թե որ աստված պահող լինի, իր որդի Քրիստոսին կպահեր, դռնեդուռ չէր գցի՝ Գորոդովոյ Անտոնի նման։
Իսկ ժամկոչ Մանասն էլ՝ «Քրիստոս հարյա՜վ... »։ Զահրումար, բոյդ թաղեմ...
Դուքան Սեդրակը մի անգամ էլ անիծեց աշխարհի հերը ու հևալով գնաց տուն։
- Կթողնեմ Լեռնակերտը,- բղավեց նա։- Ինձ համար Լեռնակերտ չկա։ Լեռնակերտը սուտ է, ինչպես Քրիստոսը հարյավ...
Լեռնակերտ։
Լեռնակերտն երկու անհայտով հավասարում է Վարժապետ Սիմոնի համար։ Մի անհայտը դաշնակցական կոմիտեն է, մյուսը՝ միստեր Սենգիստոնը։ Որի՞ կողմը թեքվի։ Երկու անհայտների պատասխանը մեկն է՝ զրո։ Զրոն առանց միավորի թիվ չի, դատարկություն է, Գորոդովոյ Անտոնի գլուխն է։ Սկզբում նա երկուսին էլ հավասարապես ծառայում էր, բայց հետո, չգիտես որտեղից, նորից գլուխ բարձրացրին էսէռներն ու մենշևիկները, հնչակներն ու մուսավաթիստները, անարխիստներն ու կարիերիստները, աջերն ու ձախերը, հավատացյալներն ու անհավատները... Պակասն էլ լրացրեց մենշևիկ Սիլվեստը: Եկավ Թիֆլիսից, մեծ ընկուզենու տակ ժողով արեց և ինքն իրեն ընտրեց Լեռնակերտի մենշևիկյան կուսակցության պարագլուխ։ Մթամ եղած պարագլուխները քիչ են։ Եվ բոլոր դրոշները խառնվեցին իրար, պարագլուխները սկսեցին իրար գզգզել, անպատվել աջ ու ձախ, ձախ ու աջ...
Նալբանդ Աթունը գլուխը հանեց արհեստանոցի փոքրիկ լուսամուտից ու ասաց.
- Հերի՜ք է, հերի՜ք է, այ շան տղերք, ձե՛զ էլ, ձե՛ր գաղափարներին էլ, ձեր ետևներից եկողներին էլ...
1918 թվականի սեպտեմբերին այդ աղմուկն ավելի սաստկացավ։ Բաքվում տապալվել էր Կոմունան, իշխանությունը անցել մուսավաթների ձեռքը։
Վարժապետ Սիմոնը շտապեց Շուշի, միստեր Սենգիստոնի մոտ լիցքավորվելու։ Նա սեղմեց միստերի լավ խնամված ձեռքը ու նստեց բազմոցին։ Միստեր Սենգիստոնը վառեց կարճ ծխամորճը, փռվեց պատուհանի տակ դրած բազմոցին, ոտքը ոտքով գցեց։ Մոթալ Մինասն ու Կարա-Բեքիրը հնազանդ թիկնապահների իրավունքով գրավեցին նրա աջ ու ձախ կողմերը։ Միստերը խաղաց գրպանի ժամացույցի ոսկե շղթայով, փստացրեց ծխամորճն ու դարձավ Վարժապետ Սիմոնին.
- Միստեր Սիմոն, Լեռնակերտը լա՞վ...
- Լեռնակերտն այսօր ավելի օ քե՜յ, միստեր Սենգիստոն, - դեղնած ատամները ցուցադրեց Վարժապետ Սիմոնը։- Վերջացա՜վ, Փարիզի կոմունան այլևս չկա։
- Ալլահը անգլիացուն երկար կյանք տա,- շողոքորթեց Կարա-Բեքիրը։- Մենք առանց անգլիացիների կորած ենք։
- Անգլիացին ջենտլմեն է,- խոր գլուխ տվեց Մոթալ Մինասը։- Ղարաբաղն օրենքով պատկանում է անգլիացուն։
...Միստեր Սենգիստոնը երկար ճեմեց գորգի վրա ու շուռ եկավ Վարժապետ Սիմոնի կողմը.
- Խոսեցե՛ք, միստեր Սեմեոն, ես ձեզ լսել։
Սիմոնը խոնարհեց գլուխը.
- Ուզում ենք իմանալ, թե միստեր Սենգիստոնը ինչպե՞ս Է զգում իրեն։
- Դուք միայն դրա համար եկե՞լ...
- Մենք շատ ուրախ ենք, որ անգլիացիները կարողացել են Բաքվում վերջ տալ...
Միստեր Սենգիստոնը չթողեց, որ նա ավարտի խոսքը, ոտը խփեց հատակին.
- Լռե՛լ, միստեր Սեմեոն, անգլիացին ազնիվ ջենտլմեն։ Կոմունիստների գործին չխառնվել։ Կոմունարներին գնդակահարել ոչ անգլիացի։ Կոմունարներին դուք ինքներդ գնդակահարել։
Վարժապետ Սիմոնը ջրից հանած ձկան պես բերանը բաց ու խուփ արեց, որոնեց հարմար բառեր, չգտավ։ Միստեր Սենգիստոնը ծխամորճը լցրեց, փլվեց բազմոցին ու ծուխը ագահորեն ներս քաշեց։
- Անգլիացին ազնիվ Է,- ասաց նա։- Անգլիացին ձեզ օգնել, դուք խոզեր, չհասկանալ։
- Անգլիացին ազնիվ Է,- թևերը կրծքին ծալեց Կարա-Բեքիրը։ - Անգլիացին արյուն չի թափում։
- Այդպես Է,- հաստատեց Մոթալ Մինասը։- Անգլիացիները աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդն են։
Վարժապետ Սիմոնը քրտնեց։
Տոթ Է, սոսկալի տոթ։
Ի՜նչ կլինի Լեռնակերտի վերջը։
Փողոցով դղրդոցով մի կառք անցավ, ինչ-որ մեկը կանչեց.
- Մածո՜ւն, լավ մածո՜ւն, գոմեշի մածո՜ւն...
Նրա ձայնը խլացավ աղմուկի մեջ։
Ի՞նչ կլինի Լեռնակերտի վերջը։
ԿԵՑՑԵ ԱՆԿԱԽ ԼԵՌՆԱԿԵՐՏԸ
Ղարաբաղի պրեմիեր-մինիստր Աղամ Բիրղամիչն ուղիղ մի ամիս քափ ու քրտինքի մեջ մտած գրքեր էր թերթում, որպեսզի իմանա, թե ինչ բան է «պրեմիեր-մինիստրը»։ Նա խճճվեց պատմության էջերում, և քանի որ դպրոցում էլ պատմությունից թույլ էր, վարժապետ Հայրոն ասում էր. «Ապուշ ծնվել ես, ապուշ էլ կմեռնես», նա հազիվ մի կերպ հասկացավ, որ պրեմիեր-մինիստրը թագավորին հավասար բան է, իսկույն հրավիրեց պրես-կոնֆերանս ու հայտարարեց.
- Պարոնայք, ինչպես երևում է, Ղարաբաղը այնքան էլ փոքր տերություն չէ։ Ուստի ես գտնում եմ, որ մեր հարաբերությունները հարկավոր է խզել Շուշի քաղաքից և Լեռնակերտը հռչակել անկախ տերություն։
- Կեցցե անկախ Լեռնակերտը,- գոչեց Դուքան Սեդրակը։
- Ձենդ կտրի,- Վարժապետ Սիմոնը խփեց Դուքան Սեդրակի գլխին,- իսկ դու ո՞վ ես, որ խառնվում ես մեր գործերին,- և ապա դարձավ Աղամ Բիրղամիչին.- Հարկավ, անկախությունը այս խառն օրերին մեզ շատ է հարկավոր, սակայն պարոն պրեմիերը մոռանում է գլխավորը՝ այդ անկախությունը մեզ կտանի դեպի կործանում։
Աղամ Բիրղամիչը կյանքում երբեք քաղաքական հարցերով չէր զբաղվել, և նա սկսեց նախատել իր մինիստրներին, որոնք չեն ուզում հետաքրքրվել իրենց պրեմիերի անձնական կյանքով։
- Պարոնայք,- նա մի բաժակ օղի լցրեց ու խմեց,- պարոնայք, մի՞թե ձեզ դուր է գալիս, որ այդ Ամիրբար Չարչիխանյանը չի ուզում իր գեղեցկուհի Բարիշկային ինձ կնության տալ։ Բա որտե՞ղ է ձեր արժանապատվությունը։ Կամ՝ Բարիշկան, կամ՝ Լեռնակերտը կքանդեմ։
Նույն օրը խնամախոսները՝ պարոն Սիլվեստը, Վարժապետ Սիմոնը և Առուստամ Լալախանբեկյանը, ճանապարհվեցին Շուշի։
Ամիրբար Չարչիխանյանը թանկագին հյուրերին ընդունեց ընդգծված քաղաքավարությամբ, հրավիրեց հյուրասենյակ, առատ սեղան բացեց։
Առաջինը խոսեց պարոն Սիլվեստը.
- Պարոն Ամիրբար Չարչիխանյան, փոթորկուն օրեր է ապրում մեր Ղարաբաղը։ Ռուսաստանում տապալվեց թագավորը, և դա օրինաչափ երևույթ է։ Ժամանակավոր կառավարությունը չդիմացավ, փլվեց, դա նույնպես օրինաչափ է։ Բայց տեղի ունեցավ մեծ սխալ՝ Ռուսաստանում իշխանությունն անցավ բոլշևիկներին։ Օ՜, ոչ, պարոնայք, մենք չենք թողնի, որ այդ նույն բանը տեղի ունենա Ղարաբաղում։ Իսկ դրա համար հարկավոր է միայն ու միայն հենվել մենշևիկների վրա։ Եվ դուք, պարոն Չարչիխանյան, պարտավոր եք անդամագրվել մենշևիկյան կուսակցությանը։ Ես այս բաժակը բարձրացնում եմ ի փառս մենշևիկյան կուսակցության։
Ապա խոսեց Վարժապետ Սիմոնը.
- Մեծարգո և նմանապես հարգարժան պարոն Ամիրբար Չարչիխանյան, մեր չքնաղ Ղարաբաղը գտնվում է հրաբուխների վրա։ Ահավասիկ, եկել է ընդվզման ժամը, որ հանուն ազգի փրկության, ելնենք ընդդեմ ոսոխաց արյունախում։ Թող մեզ զորավիգ լինեն Վարդան Մամիկոնյանն ու Գայլ Վահանը, թող մեր երկնքում սավառնի ոգին մեր նախնյաց… Միայն դաշնակցական կառավարությունը կփրկի մեր ազգին։ Ուրեմն խմենք մեր փառապանծ դաշնակցական կուսակցության կենացը։ Ուռռա՜ա, պարոններ…
Բակում Ամիրբար Չարչիխանյանի կատաղած շունը հաչեց։
Առուստամ Լալախանբեկյանը շատ հեռվից սկսեց՝ համաշխարհային ջրհեղեղից։ Ասաց, որ Նոյ նահապետը ազգությամբ անպայման հայ պիտի լինի և ինքն էլ կամ դաշնակցական, կամ մենշևիկ։ Ու երբ եկավ, հասավ Ղարաբաղի մելիքներին, երևի խմիչքի ազդեցության տակ կորցրեց մտքի թելն ու դիմեց պարոն Սիլվեստին.
- Սակայն, պարոն Սիլվեստ, մենք ի՞նչ նպատակով ենք եկել այստեղ։
- Իհարկե, բարի նպատակով,- պատասխանեց պարոն Սիլվեստը,- մենք ամեն տեղ հետապնդում ենք միայն բարի նպատակ։ Հարգարժան պարոն Չարչիխանյան, դուք հավանաբար գիտեք մեր պրեմիեր-մինիստրին…
- Իսկ ո՞վ է,- հարցրեց Չարչիխանյանը։
- Ազգային հերոս… Աղամ Բիրղամիչը…
- Դա էն Աղամը չի՞, որ թալանել է հորը։
- Ներեցեք,- գլուխն օրորեց Վարժապետ Սիմոնը,- Աղամ Բիրղամիչը շատ մեծ դեմք է։ Ահավասիկ, մենք եկել ենք հայտնելու, որ նա սիրում է ձեր դուստր օրիորդ Բարիշկային։
- Այո, սիրում է մեծ սիրով,- հաստատեց պարոն Սիլվեստը։- Դուք այս հարցում անպայման կշահեք, պարոն Չարչիխանյան։
Հավանաբար, խնամախոսությունը կավարտվեր հաջողությամբ, եթե այդ պահին ներս չխուժեր Բիրղամ աղան։
- Լեռնակերտի աղվեսներն էստեղ են,- նա ծիծաղեց բարձր ու մոտեցավ սեղանին,- գնացեք ձեր այդ մունդռիկ Աղամին ասեք, որ անունն իմ դավթարից ջնջել եմ։ Պրծավ, ես Աղամ անունով տղա չունեմ…
Խնամախոսներն ուշ երեկոյան վերադարձան Լեռնակերտ։ Աղամ Բիրղամիչը զայրույթից գալարվում էր։
- Ես այդ Ամիրբար Չարչիխանյանին և Բիրղամ աղային շանսատակ կանեմ,- ու ձեռքն հավաքեց Վարժապետ Սիմոնի օձիքը,- էս սհաթին Խմբապետ Խորենին ետ ես կանչում ռազմաճակատից և ուղարկում օրիորդ Բարիշկայի ետևից։
Աղամ Բիրղամիչը հանեց ատրճանակը, կրակեց պատուհանից ու գոչեց.
- Կեցցե անկախ Լեռնակերտը։
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Խմբապետ Խորենը իրիկնամուտին գրոհեց Ավետարանոց-Չանաղչու վրա, առավոտյան նահանջեց։ Չէր նահանջի, եթե Խմբապետ Աղաջանը ժամանակին օգնության հասներ։ Բայց Խմբապետ Աղաջանն էլ իր հերթին օգնության կարիք ուներ։ Սա էլ առավոտյան հարձակվեց Ննգու վրա, կեսօրին նահանջեց։
Խմբապետ Խորենի գրոհը տակտիկական նկատառումներով էր, նահանջը՝ ստրատեգիական։
Խմբապետ Աղաջանի հարձակումը ստրատեգիա էր, ծլկելը՝ տակտիկա։ Խմբապետ Խորենը, ժամանակակից ռազմագետների վկայությամբ, ընտրել էր Ալեքսանդր Մակեդոնացու կռվելու ոճը, իսկ Խմբապետ Աղաջանը՝ Նապոլեոն Բոնապարտի, այսինքն՝ ավելի նոր ոճ ու մեթոդ, և չնայած ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի ոճն ու մեթոդն իրենց չարդարացրին, այնուամենայնիվ, կարողացան ժամանակակից ռազմագիտության մեջ նորություն մտցնել, և կարևորն էլ հենց այդ նորությունն էր։
Մինչ երկու զորապետները ստրատեգիա ու տակտիկա էին մշակում ամենալավագույն նկատառումներով, Սիմոն Սարխոշյանցն ու պարոն Սիլվեստն էլ իրենց հերթին թեորիա և պրակտիկա էին մշակում մեկը մյուսին սևացնելու հրապուրիչ հեռանկարներով։ Երկու լիդերներն իրենց հույսը դրել էին Խմբապետ Խորենի վրա, իսկ Խմբապետ Խորենը միանգամայն ուրիշ նպատակ էր հետապնդում՝ իր զորքը համալրել նոր ուժերով և այնպիսի հանդիսավորությամբ մտնել Լեռնակերտ, ինչպիսի հանդիսավորությամբ Գարիբալդին էր մտել Հռոմ։ Խմբապետն ատամ ուներ Աղամ Բիրղամիչի՝ այդ շառլատանի ու ղումարբազի վրա, և սպասում էր Խմբապետ Աղաջանի օգնությանը։
Ի վերջո, երկու զորապետները հանդիպեցին Քռասնի գյուղի մոտ։ Բանավոր աղբյուրների վկայությամբ, այդ հանդիպումն այնքան էլ սրտառուչ չէր։ Խմբապետ Աղաջանը նայեց Խմբապետ Խորենի ճերմակ չերքեզկային, թավ հոնքերն իրար տվեց ու մռլտաց. «Հարիֆ, ոնց որ տեսնում եմ, դու եկել ես ոչ թե կռվելու, այլ աղջիկ առնելու»։ Խմբապետ Խորենը նայեց Խմբապետ Աղաջանի կուբանկա փափախին, բայց ուրիշ բան ասաց. «Կոմիտեն,- ասաց,- որոշել է միացյալ ուժերով շարունակել պայքարը ոսոխաց դեմ»։ «Ես թքել եմ քո Կոմիտեի վրա,- փրփրեց Խմբապետ Աղաջանը։- Ուզում ես բանակի ընդհանուր հրամանատարությունը ձեռքդ վերցնե՞լ, հա՞… Ա՛ռ քեզ, համա կվերցնես»։ Եվ Խմբապետ Աղաջանը բռունցքի միջից ցցեց բթամատը։
Այո, սիրելի ընթերցող, գործը կարող էր հասնել արյունահեղության, բայց Խմբապետ Խորենը լեզուն պահեց ատամների տակ, չուզեց գլուխ դնել այդ վայրենու հետ։ Դա կլիներ դոնկիխոտություն, որովհետև Խմբապետ Աղաջանն իր թիկունքում ուներ թալանչիների մի մեծ ավազակախումբ, իսկ ինքը՝ բավականին փոքրիկ մի ջոկատ։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու Լեռնակերտի խմբապետն զգում էր Խմբապետ Աղաջանի օգնության կարիքը և ինչու լեզուն քաշեց ատամների տակ, երբ այդ վայրենին թքեց Կոմիտեի վրա։
Այնուամենայնիվ, Խմբապետ Խորենը չհրաժարվեց իր մտադրություններից. նա որոշել էր Լեռնակերտ մտնել ընդգծված հանդիսավորությամբ, հին իշխանությունը տապալելու, նոր իշխանություն ստեղծելու մտադրությամբ։ Նրա հաշիվը Սիմոն Սարխոշյանցի և պարոն Սիլվեստի հետ չէ։ Նա հաշիվ ուներ Աղամ Բիրղամիչի հետ։ Եվ որոշեց Ռուբիկոնն անցնել։
Ամռան զով երեկո էր Լեռնակերտում։ Մոթալ Մինասը գրազ էր բռնել Աղամ Բիրղամիչի հետ՝ ղոչի բռնել աղյուսագործարանատեր Մամբրե Խաբարդանովիչի Փելա անունով բուղայի հետ։ Մեծ մեյդանում ահագին մարդ էր հավաքվել՝ դիտելու Լեռնակերտի պատմության մեջ այդ անսովոր մենամարտը։ Մարտավկան Փուքս փչող Պողոսն էր։
Հապա պատկերացրու, սիրելի ընթերցող, դեմ դիմաց կանգնած են կատաղած ցուլն ու հարբած Մոթալ Մինասը։ Մեկը կոտոշներ ունի գլխին, մյուսն անկոտոշ է։ Նրանք գնում-գալիս, ճակատ-ճակատի են խփում. Մոթալ Մինասն ինչպիսի՞ ամուր գանգ պիտի ունենա, որ դիմանա կատաղած բուղայի կոտոշներին։
Ամբոխի աղմուկ-աղաղակի ներքո, Տավարած Դուդուլը մեյդան դուրս բերեց Փելա բուղային, Պողոսը՝ Մոթալ Մինասին։ Առաջինը Պողոսը մարտակոչ նետեց Մոթալ Մինասին. «Մոթալ Մինաս, հուլ, հուլ, հուլ»։ Նրա օրինակին հետևեց Տավարած Դուդուլը, և սա էլ ասաց. «Փելա, հուլ, մի քեզ տեսնեմ՝ հուլ, հուլ, հուլ»։ Փելա բուղան ոտքերով քանդեց գետինը, նույն բանն արեց Մոթալ Մինասը… Բայց ավա՜ղ, մենամարտն ընդհատվեց, որովհետև նույն պահին մեյդան խուժեցին Խմբապետ Խորենի կտրիճները։
Ահա այստեղ էր, որ Աղամ Բիրղամիչը, Լեռնակերտի քաղաքագլուխն ու պրեմիերը մոտեցավ Խմբապետ Խորենին և բոլորին պարզ ու լսելի ձայնով ասաց. «Խմբապետ Խորեն, հասարակական կարգը խախտելու համար դուք ձերբակալված եք»։ Իսկ դա եղավ այնքան անսպասելի, որ Խմբապետի հավատարիմ տղերքը չկարողացան ձայն հանել։
- Սա դավաճանություն է,- գոռաց Խմբապետ Խորենը։- Սա խայտառակություն է ազգային։
Խմբապետը չէր կարողանում ոտքի վրա կանգնել, բայց դա վախից չէր, նա Քռասնի գյուղում բավականին շատ էր կոնծել։ Աղամ Բիրղամիչն իրեն հատուկ սառնասրտությամբ մի դույլ ջուր շմփացրեց նրա դեմքին ու ասաց.
- Բաղնիքդ անուշ, Խմբապետ Խորեն,- ապա դարձավ Մոթալ Մինասին.- երեք սուտկա նստեցնել, որպեսզի խելքը գլուխը հավաքի։
Մինչ իր հաշիվների մեջ սխալված Խմբապետ Խորենը մութ գոմում գալարվում ու հայհոյում էր Աղամ Բիրղամիչին, Սիմոն Սարխոշյանցը բարձր տրամադրությամբ դուռակի էր խաղում Առուստամ Լալախանբեկյանի հետ։ Նրա միտքը սավառնում էր ուրիշ մի աշխարհում, որովհետև… սիրահարվել է։ Այո, այո, Սիմոն Սարխոշյանցը սիրահարվել էր, չնայած երդում ուներ՝ սեփական անձը, այդ թվում՝ նաև սերը, ողջակիզել հանուն վեհ գաղափարների։ Բայց նա դրժեց այդ երդումը, որովհետև սերը նույնպես հայրենասիրական վեհ զգացում է։ Լեռնակերտի ծխական դպրոցի թվաբանության ու երգեցողության ուսուցչուհի Ելիզավետա Շեկունցը մտել էր Սիմոն Սարխոշյանցի սիրտը։
- Պարոն Սարխոշյանց, դուք այսօր մի տեսակ եք,- Առուստամ Լալախանբեկյանը սեղանից հավաքեց խաղաթղթերը։- Նշանակում է ձեզ անտարակույս ուրախացրել է այն փաստը, որ Աղամ Բիրղամիչը շատ անարդար է և նմանապես անարդար գործ բռնեց։
- Հարկավ, դա այնքան էլ անհաճելի բան չէ,- գլուխը շարժեց Սիմոն Սարխոշյանցը,- սակայն ելնելով որոշ հանգամանքներից, դա միակ ճիշտ քայլն է, որ կատարեց Աղամ Բիրղամիչը։
- Իսկ այդ ի՞նչ հանգամանքներ են։
- Խմբապետ Խորենն ավանտյուրիստ է։
- Փաստեր ունե՞ք…
- Ահավասիկ, զորավոր փաստեր։ Եթե Աղամ Բիրղամիչը չդիմեր այդ քայլին, մենք այս պահին այստեղ մեզ համար հանգիստ նստած դուռակի չէինք խաղա։
- Նշանակում է ձեր մատը խառն է, այսպես ասած, այդ գործին։
- Քավ լիցի։
- Ցտեսություն, պարոն Սարխոշյանց։
- Ցտեսություն, պարոն Լալախանբեկյան։
Քիչ հետո Վարժապետն Աղամ Բիրղամիչին ասաց. «Խմբապետ Խորենին հովանավորում է նաև Առուստամ Լալախանբեկյանը»։
Ասաց և ձուլվեց գիշերվա խավարին։ Այդ խավարի մեջ նրան առաջնորդում էր սիրավառ սիրտը։ Աղյուսագործարանատեր Մամբրե Խաբարդանովիչի վարձով տված տան երկրորդ հարկի պատուհանի լույսն էր այդ պահին նրա փարոսը։ Նա քայլում էր այն կատվի զգուշավորությամբ, որը տան մի պուճախում մուկ է տեսել։
Սիմոն Սարխոշյանցը մտքում արդեն կոնսպեկտավորել էր իր ասելիքը։ Աստիճաններով բարձրացավ դանդաղ ու զգույշ, կանգնեց դռան ետևում, բայց հանկարծ վարանեց։ Շտապում եմ, մտածեց Սիմոն Սարխոշյանցը, ենթարկվելով իմ սրտի թելադրանքին, մոռացել եմ գլխիս տեղը։ Ի՞նչ կմտածի օրիորդ Ելիզավետան. փողոցում ընդամենը մի անգամ եմ հանդիպել, բարևել ու անցել։ Ուրիշ ոչինչ։
Նա զգույշ ու դանդաղ իջավ աստիճաններով, բայց այդ պահին ինչ-որ մեկը պատշգամբից մի դույլ լվացքաջուր նետեց նրա՝ Սիմոն Սարխոշյանցի վրա, իսկ մի ուրիշն ինչ-որ տեղից նետեց.
- Բաղնիքդ անուշ, վարժապետ։
Ոտքից-գլուխ լվացքաջրով ողողված Սիմոն Սարխոշյանցը սթափվեց, ծեծված շան պես քաշեց պոչն ու, ցանկապատներին քսվելով, հեռացավ։
- Ո՜վ ժամանակներ, ո՜վ բարքեր,- կասեր Լեռնակերտի ծխական դպրոցի պատմության ուսուցիչ Արտավազդ Կարմիրյանը և ապա կավելացներ.- այսպես է ասել հռոմեացի հռչակավոր հռետոր Ցիցերոնը,- և ապա,- ահա թե որտեղ է թաղված շան գլուխը։
Իսկ Սիմոն Սարխոշյանցն այդ օրը միայն մի բան ասաց։ Նա արտաբերեց երեք բառ. «Ինչպիսի՜ աննախադեպ խայտառակություն»։
ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ
(Ըստ անհայտ հեղինակի)
Եվ ամենակարողն իր յոթն առաքյալներից մեկին, որ ամենախորամանկն էր և ամենագիտունը և, որ ըստ «Աստվածաշնչի», կոչվում էր Ղուկաս առաքյալ, ուղարկեց Լեռնակերտ ու պատվիրեց այսպես՝ իմացիր, թե ինչ ժողովուրդ են այդ լեռնակերտցիները, ինչով են զբաղվում և ինչ դավանանք ունեն։
Եվ Ղուկաս առաքյալը Մազե կամուրջին հանդիպեց Գորոդովոյ Անտոնին ու հարցրեց.
- Ո՛վ մահկանացու Գորոդովոյ Անտոն, ապա ինձ ասա՝ ո՞ր ճանապարհով և ինչպե՞ս կարելի է ապահով հասնել Լեռնակերտ։
Գորոդովոյ Անտոնը, որ այդ օրը երևի քիչ կոնծել էր, բայց բարեբախտարար խելքի մնացորդը գինու հետ դեռ կուլ չէր տվել, շատ քաղաքավարի հարցին հարցով պատասխանեց.
- Թույլ տուր իմանալ, խելքդ տե՞ղն է:
- Իհարկե, տեղն Է։
- Դե որ տեղն Է, Էլ ինչո՞ւ ես հարցնում, գնա քո ճանապարհով, ես Լեռնակերտի հետ գործ չունեմ և պոլիտիկայով չեմ զբաղվում։
Ղուկաս առաքյալը, որ հավանաբար հեռու Էր քաղաքական հարցերից, բան չհասկացավ առաջին հանդիպած մարդուց, կեսօրին մտավ Լեռնակերտ, բացեց Դուքան Սեդրակի խանութի դուռն ու տեսավ, թե ինչպես այդ ողորմելին ջուր Է խառնում քացախած ու թթված գինուն ու քթի տակ երգում՝ «Երդվենք տիրոջ խաչերով, գինին խմենք փարչերով...»։
Եվ Ղուկաս առաքյալը հանեց մեղքերի իր դավթարն ու գրեց. «Առաջին մահկանացուն, որին տեսա Լեռնակերտում, խաբեբայի ու սրիկայի մեկն Է, և նրա տեղը դժոխքն Է»։
Գրեց ու մեղքերի դավթարը թևի տակ մտավ Գալիֆե Գուգուշի համամ-բաղնիսը։
- Ողջո՜ւյն, ո՛վ մահկանացու Գալիֆե Գուգուշ։
Գալիֆե Գուգուշը, տեսնելով աստծո առաքյալին, տեղից վեր թռավ.
- Վա՜յ, ես քո սեփական ցավը տանեմ, պարոն Ղուգյազ առաքել... Համամ-բաղնիսս քեզ փեշքեշ, մտիր մի լավ լողաց, թե քեզանից մի կոպեկ վերցնեմ, Բոստանչի Սրափիոնի սև Էշի տղան դառնամ։
Եվ Ղուկաս առաքյալը մեղքերի իր դավթարում գրեց. «Երկրորդ մարդը, որին հանդիպեցի, շողոքորթի ու զավզակի մեկն Է»։ Ապա ծեծեց Սիմոն Սարխոշյանցի դուռը, բարևեց ու հարցրեց.
- Ո՛վ Վարժապետ Սիմոն մահկանացու, դու ի՞նչ դավանանքի մարդ ես և...
Եվ Վարժապետ Սիմոնը չթողեց, որ աստծո առաքյալն ավարտի իր խոսքը, իսկույն վրա տվեց.
- Քրիստոնյա եմ, կաթոլիկ, ինչպես նաև մենշևիկ, դաշնակցական, Էսէռ, հնչակ, համ էլ բունտական, աջ սոցիալիստ, ձախ սոցիալիստ...
Եվ Ղուկաս առաքյալը սպիտակով սևին գրեց... (աստծո առաքյալները իրենց արձանագրությունները միշտ գրում են սև թղթի վրա, որովհետև աստված այդպես է կամենում) հա, ուրեմն գրեց. «Երրորդ մարդը, որին հանդիպեցի Լեռնակերտում, երկերեսանիի մեկն է»։
Ղուկաս առաքյալը դեռ չէր թեքվել ռուսի ժամի կողքով, երբ դեմ առ դեմ հանդիպեց Ժամկոչ Մանասին։ Վերջինս իսկույն գրկեց սուրբ առաքյալին, ուրախության ճիչեր արձակեց և, օգտվելով առիթից, թռցրեց նրա գրպանից աստծո ձեռքով ստորագրված առաքելության մանդատն ու ծլկեց։
Ղուկաս առաքյալը այստեղ քորեց ծոծրակն ու գրեց. «Ապա աստծո տան մոտ հանդիպեցի մի ստահակի, որին կարող եմ ազատորեն անվանել խաչագող»։
Գրեց ու շարունակեց իր ճանապարհը։
Պարոն Սիլվեստը քափ ու քրտինքի մեջ մտած, ճառ էր ասում, և նա Ղուկաս առաքյալին ընդունեց պատշաճ հարգանքով ու ասաց.
- Պարոն առաքյալ, հուսամ, որ դուք էլ ցանկություն ունեք մտնելու մենշևիկյան կուսակցության շարքերը։
- Ես միայն աստծո կուսակցության անդամն եմ,- պատասխանեց Ղուկաս առաքյալը,- ես ենթարկվում եմ միայն աստծուն։
- Նշանակում է դուք տգետի մեկն եք, և հավանական է, որ այն չեք, ինչ ձեզանից ներկայացնում եք։ Ես կհրամայեմ ձեզ բանտարկել։
Եվ Ղուկաս առաքյալը արձանագրեց՝ պարոն Սիլվեստը քաղաքական ինտրիգանի մեկն է։
Գրեց ու էլի շարունակեց իր ճանապարհը։
Ուստա Ծատուրը ցաքատ էր ջրդեղում, Նալբանդ Աթունը պայտում էր շոշեցի Երկար Խաչու ձին, երբ Ղուկաս առաքյալը մոտեցավ նրանց ու ողջունեց.
- Բարի օր, ով Լեռնակերտի քրտնաջան արհեստավորներ։ Ինձ աստված է ուղարկել ձեզ մոտ։ Ես Ղուկաս առաքյալն եմ։
Ուստա Ծատուրը ցաքատը հանեց ջրից, դրեց զնդանի վրա ու բեղի տակ ժպտաց.
- Ախպեր, այնքա՜ն առաքյալներ են եկել Լեռնակերտ ու գնացել... Սիլվեստ առաքյալ, Խորեն առաքյալ, Պահլևունի առաքյալ, Կարկազ Լեռնակերտցի առաքյալ, Վարժապետ Սիմոն առաքյալ, Մուշեղ Չանչախով առաքյալ...
- Դրանք կեղծ առաքյալներ են,- Ղուկաս առաքյալը հորանջեց, ձեռքը տարավ դեպի գրպանը, որ ցույց տա աստծու ձեռքով ստորագրված առաքելական մանդատը, բայց հիշեց, որ այն թռցրել են։- Իսկական առաքյալը ես եմ։
Նալբանդ Աթունը խփեց ձիու վերջին ոտքի վերջին նալի վերջին մեխն ու մոտեցավ նրան.
- Դու մենշևի՞կ ես, թե՞ դաշնակցական։
- Ես Ղուկաս առաքյալն եմ։
- Հնչա՞կ ես, թե՞ էսէռ։
- Ես աստուծո առաքյալն եմ։
- Իսկ աստված աջերի կո՞ղմն է, թե՞ ձախերի։
- Աստված, դա ինքը ամենակարողն է՝ տեր-երկնայինը։
- Դե ուրեմն մենք էլ լեռնակերտցի ենք՝ տեր-երկրայինը։ Մենք, որ չենք խառնվում ձեր երկնային գործերին, դուք ինչո՞ւ եք խառնվում մեր երկրային գործերին։ Մենք աշխատավոր մարդիկ ենք, մեր գործն ու հոգսն ունենք, գնա բանիդ։ Ադա՛, Ծատուր, բա սրան պոլիտիչեսկի մի լավ չպայտե՞մ...
- Լեռնակերտցիները անհավատներ են, հեթանոսներ են լեռնակերտցիները,- սարսափահար գոչեց Ղուկաս առաքյալը, մեղքերի դավթարը նետեց հնոցի մեջ ու համբարձվեց այնտեղ, որտեղից եկել էր։
Ասում են՝ այդ օրվանից աստված ոչ մի առաքյալ չուղարկեց Լեռնակերտ։
ԲԱԶԱՐԸ
Այնտեղ, որտեղ վերջանում է Լեռնակերտը, մի ժամանակ Բոստանչի Սրափիոնի հայրը՝ Բոստանչի Սամսոնը, բողկ էր վարում։ Ցարական կայազորի նախկին շտաբս-կապիտան Լոզանսկին նայում էր հողի մեջ տռզած բողկերին ու զարմացած շարժում գլուխը։ Էդ տնաշենի տղան ոնց որ կյանքում առաջին անգամն է բողկ տեսնում։ Ահա հենց այստեղ էլ ծնվեց բազարը, որի հիմնադիրն ու կնքահայրը եղավ ինքը՝ Մամբրե Խաբարդանովիչի հայրը՝ Խաբարդան աղան։ Առաջինը նա այստեղ բացեց իր դուքանը և բազարն էլ կոչեց իր անունով՝ Բազար Խաբարդան։
Ինչե՜ր ասես, որ չէր վաճառում Խաբարդան աղան՝ Նախիջևանի աղ, Տողի քյալլա պանիր, Կուսաբերդի գինի, Շամախու լավաշ, Նուխիի հալվա, Թարթառի ձուկ, Տրապիզոնի թութուն, անգլիական ծամոն... Ինքն էլ այնպիսի քաղցր լեզու ուներ, որ կարող էր մազութը դոշաբի տեղ վաճառել։
Դուքան Սեդրակն այն ժամանակ դեռ Դուքան Սեդրակ չէր, այլ հասարակ նոքար Սեդրակ, ծառայում էր Խաբարդան աղայի մոտ։ Նա շատ բան սովորեց իր ուսուցչից, և չանցած երկու տարի, բացեց իր սեփական դուքանը՝ «Դուքան Սեդրակ»։ Գինի էր վաճառում, հետո գինուն ավելացավ Շոշի օղին, Շոշի օղուն՝ Սարուշենի արդար յուղը, բայց Դուքան Սեդրակը դեռ նշանավոր մարդ չէր։
Լեռնակերտի բազարի երկրորդ նշանավոր դեմքը ազոխցի Կանդազ Կյափին էր (գրոց անունը՝ Կափռիյել)։ Սա էլ իր խանութի ետևում քոչից մնացած հիվանդ ոչխարներ էր մորթում ու այնպիսի խորոված էր սարքում՝ ճենճահոտը բռնում էր ամբողջ Լեռնակերտը, գրգռում շտաբս-կապիտան Լոզանսկու ախորժակը։
Կանդազ Կյափին կարճ ժամանակամիջոցում կարողացավ լեզու գտնել շտաբս կապիտան Լոզանսկու հետ, և Լեռնակերտի մսի առևտուրը վերցրեց իր ձեռքը։ Երկու տարում նա այնքան բարձրացավ, որ Խաբարդան աղան չհամբերեց, կանգնեց նրա ճանապարհին ու գոռաց.
- Էդ հի՞նչ ա, Կյափի, մարդ ես դարձել, ինձ էլ օզում չըս մարդատեղ դնես։ Էս բազարը իմն ա, քոնը չի։
Կանդազ Կյափին անկուլտուրական մարդ էր, անպատվեց Խաբարդան աղային՝ դու չարչի ես, ասաց, դու կոպեկի համար հոգի տվող մարդ ես. որ մի անգամ փռշտամ, քեզ նման քսան Խաբարդան կտնկվի մեր շահարում։
Խաբարդան աղան շատ խիստ զայրացավ, բողոք գրեց Շուշի քաղաքում նստած պրիստավին. «Ձերդ գերազանցություն, համարձակվում եմ զեկուցել, որ էդ սվոլոչ Կանդազ Կյափին ինձ անպատվել է խալխի առջև, ինչպես և հոտած միս է ծախում իր դուքանում, կարտ է խաղում, կանանց ծուռ աչքով է նայում, և սուկին սինը օրենքից չի վախենում»։
Կանդազ Կյափին նույնպես թուղթ գրեց. «Վաշի բլագարոդնի, այդ ոջիլ ուտող Խաբարդան աղան ինձ այնպիսի փիս-փիս խոսքեր է ասել, որ եթե լսես՝ մազերդ բիզ-բիզ կկանգնեն։ Հարկ եմ համարում հայտնել նաև, որ այդ պադլեցը հասարակ բյազը ծախում է շոլկի տեղ, բաքմազի հետ մազութ է խառնում։ Թե սուտ ասեմ, էն սև էշի տղան դառնամ»։
Պրիստավը երկուսին առանձին-առանձին կանչեց իր գրասենյակը, երկուսից առանձին-առանձին կաշառք վերցրեց, հետո նստեցրեց կողք-կողքի ու գոռաց.
- Ի՞նչ եք շների նման իրար փաղաղում։ Դուք մա՞րդ եք, թե՞ տավար։ Տեսեք, հա՜, սրանից հետո թե ձեզ մարդավարի չպահեք, երկուսիդ էլ Սիբիր կքշեմ։ Վսյո, կորե՛ք աչքիցս։
Բազարի երրորդ դեմքը Սիրեկան Պետոն է, որն իր ձեռքն էր վերցրել բրդի, թաղիքի, օճառի առևտուրը, և այծի մազի հետ մի քիչ բուրդ էր խառնում ու ներկայացնում որպես ղարաբաղյան զտարյուն ոչխարի բուրդ։ Պետոյի բախտը թղթախաղում չէր բերում, բայց սիրո հարցում մրցակից չուներ։ Կանդազ Կյափին պնդում է, որ Խաբարդան աղայի Մամբրե անունով լակոտն աչք-ունքով, բոյ-բուսաթով նման է Սիրեկան Պետոյին։ Աղա Խաբարդանն էլ աչքի տակով նայում էր Կյափու Սիրանուշ անունով աղջկան ու ասում. «Սիրեկան Պետոն լհա վեր սաբիր ա եկալ, էս շան քածը դաստի ստեղ վենն ա կացալ»։
Այս նշանավոր եռյակին հետևում են ուրիշ նշանավոր և աննշան առևտրականներ, որոնք չնայած խոշոր դեմքեր չեն, բայց էլի դեմքեր են, կամ ինչպես Նալբանդ Աթունը կասեր՝ ծմակում գայլ չեղած տեղը՝ աղվեսն էլ է գազան կոչվում։ Արժե դրանցից հիշատակել Վերբյլուդ Վարդազարին։ Կրասկա Վարդանին, Լաչառ Լալազարին, Խոնչա Խուրշուդին, Կռապաշտ Կնյազին, Խախալ Պապաշին։ Ահա սրանց մեջ Կրասկա Վարդանը իսկապես դեմք էր՝ մի օր՝ կանաչ, մի օր՝ կարմիր, մի օր՝ դարչնագույն, մի օր՝ կապույտ կամ դեղին... նայած, թե այդ օրը ում դուռը կամ պատշգամբն ինչ գույնով է ներկել։ Վարդանը կատակչի մարդ է, մի անգամ շոշեցի Ադամի էշը բռնել, շերտ-շերտ ներկել էր ու դարձրել աֆրիկյան զեբր, կրկնապատիկ գնով վաճառել խնածախցի Հասրաթին ու ասել. «Սա զագրանիչնի սորտի ավանակ է, գիշեր-ցերեկ բեռնիր ու քշիր, հոգնել չունի»։
Սակայն Լեռնակերտի բազարը կլիներ ձանձրալի, կարգ ու կանոն չէր լինի, եթե չլիներ նրա գլխավոր դեմքը՝ Օրենք Օհանը։ Սա մի կարճահասակ, բավականին մեծ գլխով, ծուռ-ծուռ ոտքերով մարդ է, որի գոռոցից ցնցվում էր ամբողջ քաղաքը, և Հերիքնազ Առնավուդովնան նրա ձայնը լսելուն պես, մատներով փակում էր ականջներն ու ծկլթում.
- Վո՜ւյ, նաստայաշչի ասյո՜լ, նաստայաշչի դիկա՜ր...
Օրենք Օհանը հենց որ երևում է շուկայում, առաջինն իր բարձր ու զիլ զռռոցով նրան դիմավորում է քարաշենցի Գալուստի ավանակը։ Թե Գալուստի ավանակի և Օրենք Օհանի միջև ինչ ազգակցական կապ կա, այդ հարցին չի կարող նույնիսկ պատասխանել Սիրեկան Պետոն։
Օրենք Օհանը դանդաղ շարժվում է դեպի Կանդազ Կյափու դուքանը, իր ձեռքով լավ տեղից մի երեք գիրվանքա միս կտրում ու հարցնում.
- Հը՛, Կափռիյել, էլի էդ ախմախ Խաբարդանը էշիդ չու է ասե՞լ։
- Ոտերս կերել է,- Կյափին ցցում է կուրծքը։- Սուդից հետո ձենը կտրել է։
Օրենք Օհանը հիմա էլ շտապում է Խաբարդան աղայի մաղազինը։
- Բարի լույս, Խաբարդան Հաբուդովիչ։
- Լույսը բարի, պարոն Օհան։
- Քիչ առաջ էդ մութլախ Կանդազ Կյափուն շանը տեղը կապեցի։ Նա ո՞ւմ թուլան է, որ քեզ վրա բերան բացի։ Թիֆլիսից լավ ապրա՞նք ես բերել։
- Բա Կանդազ Կյափու աչքն էլ չե՞մ հանել։ Լավ աբրեշում ունեմ, մի երկու արշին կտրեմ՝ տուր կնկանդ։ Իսկ էդ Կյափու անունը էլ չտաս մոտս։
Ժամանակները փոխվեցին, ժամանակների հետ փոխվեց նաև օրենք Օհանը։ Դաշնակցականները եկան, ստիպեցին, որ մաուզեր կախի կողքից։ Օրենք Օհանը ենթարկվեց, այսինքն դարձավ դաշնակցական։ Մենշևիկները եկան, խլեցին մաուզերը, նագան տվեցին։ Օհանը դարձավ մենշևիկ։ Բունտականները խլեցին ատրճանակն ու կողքից մի թուր կախեցին։ Իսկ էսէռները խլեցին թուրը, մի լավ դնքստեցին ու ասացին՝ պաշոլ տի վոն, երկերեսանի ավանակ։
Լեռնակերտի բազարի նախկին ահ ու սարսափը դարձավ մի կոպեկանոց, խմում ու հարբում էր, ձենը գլուխը գցում.
Կուզես՝ բալշևիկ լինեմ.
Կուզես՝ մենշևիկ լինեմ,
Կուզես մաուզեր կապեմ,
Խաբարդան աղայի
Փորտիքը թափեմ։
Օրենք Օհանի տեղը եկավ բռնեց Բայղուշ Բալասանը։ Անկուշտ մարդ էր, ուտում էր ու չէր կշտանում։ Բոլորից փող էր հավաքում, ասում՝ էսքան պիտի տամ դաշնակցականներին, էսքան՝ մենշևիկներին, էսքան՝ էսէռներին, էսքան՝ բունտականներին։ Բայց ահա մի անգամ ներկարար Վարդանը դրա գլխին լավ խաղ խաղաց. տարավ իր հաշվին լավ խմեցրեց, այնքան խմեցրեց, որ Բայղուշ Բալասանը մոռացավ սեփական բերանի տեղը. հետո ոտից-գլուխ մերկացրեց, ոտից-գլուխ կանաչ-կարմիր-դեղին ներկեց, բաց թողեց շուկայում։ Ի՜նչ աղմուկ, ի՜նչ աղաղակ՝ հա՜յ, հարա՜յ, փախե՜ք, սատանան եկավ։ Մարդիկ բերանները բաց նայում էին ու հարց տալիս իրար՝ սատանան՝ սատանա է, բայց որտե՞ղ են դրա պոչն ու պոզերը։
Այս խայտառակությունից հետո Բայղուշ Բալասանը չերևաց ոչ միայն Լեռնակերտի բազարում, այլև՝ ոչ մի տեղ։ Բայղուշ Բալասանի տեղը հիմա էլ բռնեց Խմբապետ Աղաջանի ադյուտանտ Հազարապետ Զանազանովը։ Սա էլ շուկա էր գալիս իր շքախմբով, մաուզերը հանում, կրակում էր օդում ու բղավում.
- Զգա՜ստ, ձեզ հետ խոսում է նորին մեծության ադյուտանտ Հազարապետ Զանազանովը։ Ուշադրությո՜ւն, պարոններ. դաշնակցական կոմիտեն որոշել է ազգի պատիվը բարձրացնելու համար գրավել ամբողջ Կափկազը և ստեղծել նոր տերություն՝ ծովից-ծով Ղարաբաղ։ Իսկ դրա համար մեզ ոչ միայն զենք, այլև փող է հարկավոր։
Հազարապետ Զանազանովը երկու ամսում դարձավ մեծահարուստ մարդ, որոշեց բռնել Խմբապետ Աղաջանի տեղը։ Իհարկե, Խմբապետ Աղաջանը քնած չէր, հենց ուղիղ շուկայում ձեռքն հավաքեց իր ադյուտանտի օձիքը, մի շառաչուն ապտակ հասցրեց նրա մռութին ու գոռաց.
- Մութլա՜խ, էս սահաթին չոքի՛ր և պաչիր ոտքերս։
Հազարապետ Զանազանովը կատարեց հրամանը, Խմբապետ Աղաջանը չբավարարվեց դրանով, պայտած սապոգով տվեց նրա փորին, խլեց փողերն ու քշեց Լեռնակերտից։
Լեռնակերտի բազարը երկար ժամանակ ձեռքից ձեռք էր անցնում: Ի վերջո այն անցավ մենշևիկ Սաղաթել Քոլաքաշյանի տրամադրության տակ, սա էլ Դուքան Սեդրակին նշանակեց բազարկոմ։
Դուքան Սեդրակը դարձավ նշանավոր անձնավորություն։
ՄՈԼՈՐՎԱԾԸ
Դոխտուր Առաքել Սերմաքաշյանը Լեռնակերտ եկավ այն օրերին, երբ արդեն թագավորին թախտից գցել էին։ էդ տնաքանդի տղան ոնց որ ուղտի ականջում քնած... Ասացինք՝ թագավորին դալոյ են արել, ոչ շառ խոսեց, ոչ խեր։ Ասացինք՝ Կերենսկին իշխանության գլուխն է անցել, թե՝ «էդ ո՞վ է, չեմ ճանաչում»։ Նալբանդ Աթունը հարցրեց՝ «Այ բալամ, բոլշևի՞կ ես, թե՞ մենշևիկ, դաշնա՞կ ես, թե՞ հնչակ»։ Սա գլուխը շարժեց՝ «Գործ չունեմ, բԺիշկ եմ»։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Երբ համայն Արցախաց աշխարհի արքայացու Ապետնակ Առաջին (ու վերջին) Մելիք Տեր-Աթաջանբեկնազարյանն ատրճանակի փողը հերոսաբար դրեց ճակատին ու ցրիվ տվեց իր գանգը, ըստ օրենքի պիտի լիներ մեկը, որ հաստատեր այդ քաջարի անձնավորության մահը։ Այդ մեկը եղավ բժիշկ Առաքել Սերմաքաշյանը։ Այո, առաջինը նա մտավ Ղարաբաղի այդ երևելի մարդու դղյակը, աջ ականջը (ձախը խուլ է) հպեց հանգուցյալի արքայական կրծքին ու ասաց՝ «Ոնց որ մեռած լինի»։ Իսկ երբ նկատեց դդումի պես ցրիվ եկած գանգը, պլշեց աչքերն ու սարսափահար ճչաց՝ «Պարոնա՛յք, նա արդեն մեռած է»։
- Ներեցեք, հարգարժան բժիշկ,- Սիմոն Սարխոշյանցը հանեց շլյապան ու հարցրեց դողացող ձայնով.- Դուք այդ ինչպե՞ս իմացաք։
Բժիշկ Սերմաքաշյանը մի բաժակ ջուր խմեց, հանգստացավ ու ցուցադրեց իր փայլուն բժշկագիտությունը։
- Առաջին՝ մարդը պառկել է անշարժ։ Երկրորդ՝ չի շնչում։ Երրորդ՝ ձեն չի հանում ու աչքերը տեղը չեն։ Եվ վերջապես չորրորդ՝ գլուխն ամբողջովին ցրիվ է եկել։
- Իսկ դուք գիտե՞ք ով է այս մարդը,- Սիմոն Սարխոշյանցը թաշկինակը մոտեցրեց աչքերին ու մաքրեց քիթը.- Ղարաբաղի պարծանքը։ Դուք հաստատեցիք այս անմահ մարդու մահը, և դա ձեզ համար մեծ պատիվ է։ Շնորհակալություն ուշադրության համար։
- Չափազանց ուրախ եմ և զգացված, - գլուխը խոնարհեց Բժիշկ Սերմաքաշյանը,- որ հաստատեցի այդ մեծ մարդու մահը։ Եթե առաջիկայում նման մահեր լինեն, դիմեցեք ինձ։
Հետագայում Բժիշկ Սերմաքաշյանը առանց դիահերձումի հաստատեց նաև Գորոդովոյ Անտոնի մահը ու արձանագրեց հետևյալը. «Ինքնասպանություն կախաղանի միջոցով։ Մահը վրա է հասել կախվելուց հետո։ Կախվելուց առաջ կենդանի է եղել։ Ողորմի հոգուն»։
Միջահասակ, ճաղատ գլխով, ցանցառ բեղ ու մորուքով մարդ է բժիշկ Առաքել Սերմաքաշյանը։ Որովհետև ձախ ականջը չի լսում, քայլում է աջ կողքի վրա թեքված, շրջվում է աջ կողքի վրա, խոսելու ժամանակ միշտ աջն է շարժում։ Գուցե դա է պատճառը, որ պարոն Սիլվեստը մի ժամանակ նրան մեղադրում էր «աջ թեքման» մեջ և գտնում, որ այդ սուբյեկտը կաշառված է իսպանացիների կողմից։ Իսկ թե ինչու իսպանացիների կողմից և ոչ թե անգլիացիների կամ գերմանացիների,- դա արդեն պարոն Սիլվեստի անձնական գործն էր։
Այնուամենայնիվ, Վարժապետ Սիմոնը ժխտեց պարոն Սիլվեստի կարծիքը՝ ելնելով այն փաստից, որ Բժիշկ Սերմաքաշյանը հավասարապես դեղահաբեր է վաճառում և՛ դաշնակցականներին, և՛ մենշևիկներին, և՛ հնչակներին, և՛ էսէռներին, հետևաբար նա կոսմոպոլիտ է։
Պակասը լրացրեց Մուշեղ Չանչախովը.
- Ի՜նչ կոսմոպոլիտ, - ասաց,- նա կամ ֆուտուրիստ է, կամ կաթոլիկ։ Գրազ կգամ, այդ մարդը մեր Լեռնակերտի գլխին մի օր խաթա կբերի։
- Իմ արևը, իմ աչքին էլ պղտոր մարդ է երևում,- իր կարծիքը հայտնեց Դուքան Սեդրակը։- Գլխացավի դեղին էլ ասպիրին է ասում։ Էդ Ասպիրինը Իսպանոց աշխարհի արտաքոց գործերի նախարարն է։
- Ավանակ,- եզրափակեց Աղամ Բիրղամիչը,- ասպիրինը հենց դեղի անունն է...
Իսկ Բժիշկ Սերմաքաշյանը գլուխը կախ իր գործին, իր այցելուներին միշտ միևնույն խորհուրդներն Է տալիս՝ «Գլխացավի դեպքում՝ ասպիրին, մալարիայի դեպքում՝ խինին, փորացավի դեպքում՝ լուծողական, մրսելու դեպքում՝ բանկա, ճիճուների դեմ՝ դդումի կորիզ»։
Լեռնակերտցիներն Էլ տարօրինակ մարդիկ են, տարօրինակ ու անշնորհակալ, փոխանակ գնահատեն մարդու ծառայությունները, նրան անվանեցին «դդումի կորիզ»։
Մենակ այդ չի, երբ քաղքենի մայրիկները ուզում են իրենց սիրասուն բալիկներին վախեցնել, ասում են՝ թե որ ձենդ չկտրես, Դդումի կորիզին կասեմ՝ գա քեզ տանի։ Կամ վերցնենք ավարա Դուքան Սեդրակին. մեկ էլ տեսար փողոցից կանչեց՝ պարոն Դդումի կորիզ, մեր Նոյեմի փորը ցավում է, ի՞նչ անեմ։ Իսկ մի անգամ Բժիշկ Սերմաքաշյանը շատ խիստ վիրավորվեց ու պատասխանեց՝ նիգադա՛յ, տի նիգադա՛յ, էլ ի՞նչ պիտի անես, կլիզմա արա՛։
Մամբրե Խաբարդանովիչը, ելնելով մարդասիրական վեհագույն նպատակներից, որոշեց ամուսնացնել Բժիշկ Սերմաքաշյանին։ Նույնիսկ գտավ հարսնացու, հարսնացուն Մեռել լողացնող Մանգասարի քույրն Էր՝ Սուսամբարը, որ մինչև այդ երեք անգամ պսակվել Էր ու երեք անգամ բաժանվել։
Հարսանքի թունդ պահին, երբ Մուշեղ Չանչախյանը թամադայի իրավունքով հերթական ճառն Էր ասում, փեսացուն ելավ տեղից, ներողություն խնդրեց թամադայից ու խոնարհաբար ասաց.
- Պարոններ, իմ քնելու ժամանակն Է, թույլ տվեք գնալ։
Հարսանքավորները զարմացած նայեցին իրար, իսկ հարսնացուն վեր թռավ տեղից ու թափահարեց բռունցքը.
- Վո՜ւյ, հողեմ ես քո կարկաժը, մթամ դու Էլ մա՞րդ ես։
Սակայն Սուսամբարը չէր ուզում չորրորդ ամուսնությունից հետո էլ կույս մնալ, և դեն նետեց դեմքի քողն ու ճչաց.
- Վո՜ւյ, չթողնեք, դուռը փակեցեք...
Այդպես էլ նա ամբողջ կյանքում մնաց կույս, այդպես Էլ Բժիշկ Սերմաքաշյանն ամբողջ կյանքում մնաց ամուրի։
Աշխարհում փետրվարյան հեղափոխություն եղավ, Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն եղավ աշխարհում, Բժիշկ Սերմաքաշյանը խխունջի պես գլուխը քաշեց իր պատյանի մեջ, և միայն նէպ-ի տարիներին դուրս սողաց իր պատյանից, նայեց շուրջն ու հարցրեց Դուքան Սեդրակին.
- Լեռնակերտում էս ի՞նչ է կատարվում։
Նէպ-ը չմտավ նրա գլուխը, և երբ տարիներ հետո Լեռնակերտի երկնքում առաջին անգամ ինքնաթիռ տեսավ, տարակուսանքով շարժեց ուսերն ու շշնջաց.
- Բա այսքան ժամանակ ես որտե՞ղ էի։
Նալբանդ Աթունը նայեց նրա ետևից ու վրա բերեց.
- Ջահանդամի տակին։
ՆԱՀԱՆՋ
Երեկ միստեր Սենգիստոնը թողեց Շուշին և ծլկեց։ Դե որ միստեր Սենգիստոնը ծլկել Է, նշանակում Է վերջը լավ կլինի...
(Ուստա Ծատուրի օրագրից)
Անգլիական հրանոթները մի քանի անգամ փռշտացրին ու լռեցին։ Դա արդեն լուրջ փռշտոց չէր։ Միստեր Սենգիստոնը Ղարաբաղի զտարյուն նժույգները քշեց Անգլիա, ինքն էլ պոչը ծալեց ու պոկ եկավ։
Մոթալ Մինասն ու Կարա-Բեքիրը հայհոյեցին միստեր Սենգիստոնին, հետո նրանից հիշատակ մնացած հեռադիտակի ու կարաբինի համար ջարդեցին իրար քիթ ու մռութ։ Մոթալ Մինասը եկավ նորից Լեռնակերտ, որ կամ պարոն Սիլվեստի ոտքերը լիզի, կամ Վարժապետ Սիմոնի առջև պոչ խաղացնի։
Մոթալ Մինասը մտավ Նալբանդ Աթունի տունը, մի պուլիկ մեղր լափեց, վրան մի պուլիկ մածուն դատարկեց, հետո առաջը քաշեց մի դույլ կեռաս...
Աթունը դույլը խլեց նրա ձեռքից.
- Այ խիղճդ թաղեմ, այդքան լափել կլինի։
Մոթալ Մինասը փսփսալով տեղից վեր կացավ.
- Վա՜յ, մեջքդ կոտրվի, Նալբանդ Աթուն...
Մեջքդ կոտրվի, Նալբանդ Աթուն, ինչո՞ւ չես թողնում Մոթալ Մինասը մի պուլիկ մեղրի, մի պուլիկ մածնի վրա մի դույլ կեռաս էլ ուտի, մի դույլ թան խմի, մի դույլ... զահրումար ու ղաֆրան։
Հիմա էլ Լեռնակերտը Վարժապետ Սիմոնի համար դարձավ երեք անհայտով հավասարում։ Նա մի օր դաշնակցական է, մի օր մենշևիկ, մի օր բոլշևիկ։ Նրան քաշում են նժարների ծանր կողմերը, իսկ այդ ծանր կողմերը եղանակների պես փոփոխական են։
Դուքան Սեդրակը նստել թթենու շվաքում, թերթ էր կարդում։ Իսկ երբ Սեդրակը թերթ է կարդում, նշանակում է տրամադրությունը տեղը չի։
Վարժապետ Սիմոնը բացեց դարպասը, մտավ ներս, նստեց Սեդրակի կողքին ու հորանջեց։
- Նարդի չխաղա՞նք։
- Գլուխ չունեմ,- նետեց Սեդրակը։
- էհ, առանց գլխի էլ յոլա կգնաս, գլուխն ինչի՞դ է։
- Հերիք է, Սիմոն, հերիք է։
- Այ մարդ, գիշերը հո վատ երա՞զ չես տեսել։
- Տեսել եմ, շուն եմ տեսել, գել եմ տեսել, սև կատու եմ տեսել... Ձեր այդ Խմբապետ Խորենը խոզ է, միստեր Սենգիստոնը աղվես է, պարոն Սիլվեստը չորսաչքանի օձ է։
- Սեդրա՛կ, ես թույլ չեմ տա, որ անպատվես մեր ազգային փառապանծ հերոսներին։ Թույլ չեմ տա։
- Իսկ քո Էդ ազգային հերոսները ինչո՞ւ մկան ծակին հազար թուման են տալիս։ Ինչո՞ւ փինաչի Ալեքսանը ապրում Է, ինչո՞ւ բալշևիկ Մատվեյը գիշերները մանիփեստ Է կարդում։ Ինչո՞ւ Ուստա Ծատուրն ինձ մերզավեց Է անվանում, որտե՞ղ Է քո միստեր Սենգիստոնը։
Դուքան Սեդրակը հևում Է։ Քրտինքը հոսում Է դեմքով, աչքերը բներում պար են գալիս։
- Դե խոսիր Է՜, խոսիր, սիրտս պայթում Է։
Վարժապետ Սիմոնը հորանջեց.
- Ա՜խ Է՜... Ա՛ շաշ, ինչի՞ ես քեզ սպանում։ Դու դուքան ունես, ապրուստիդ ապրուստ չի հասնի։
- Դուքանս բալշևիկները կխլեն։
- Հա՜յ, հա՜յ, ինչպես չէ, կխլե՛ն։ Սաղ աշխարհի տերությունները հրեն Կարմիր Ռուսաստանի վրա են թափվել, որ տեղը վարեն, բոստան ցանեն։ Պարոն Դենիկինն ասել է՝ մինչև աշխարհից Ռուսաստանը չջնջեմ, չեմ դինջանա։ Միստեր Սենգիստոնն էլ Լոնդոնում հրավիրել է պառլամենտ ու հայտարարել. «Պարոն դեպուտատներ, Արցախաց աշխարհը հույսով ու հավատով մեզ է սպասում։ Տվեք ինձ հարյուր թնդանոթ, և ես Արցախը կդարձնեմ դրախտ»։ Միստեր Չերչիլը հարցրել է. «Իսկ Արցախում ունե՞ս այնպիսի մարդ, որ կարողանա ղեկավարել երկիրը»։ Միստեր Սենգիստոնը պատասխանել է. «Ունեմ։ Այդ մարդը մեծարգո Սիմոն Սարխոշյանցն է»։ Եվ որոշել են առաջին հերթին ջնջել Կարմիր Ոուսաստանը։
- Բա որ չջնջե՞ն։
- Որ ասել են, կջնջեն։
- Հաստա՞տ։
- Հաստա՛տ։
- Երդվի՛ր։
- Քո ազիզ արևը։ Խորենին թաղեմ, թե սուտ ասեմ։
Դուքան Սեդրակը հանգստացավ։
- Ներիր, վարժապետ ջան, ախր շատ Էի տաքացել։ Դու իմ մեծ ախպերն ես, քեզնից, թաքցնելու բան չունեմ։
- Խոսի՛ր, փոքր ախպեր։
- Ախր Էդ չեշմակավոր ղուռումսաղը հոգիս կերավ, Է՜ ։
- Պարոն Սիլվե՞ստը։
- Հա, հա, Էդ դալնիբոյնի շան որդին։
- Ի՞նչ Է ուզում։
- Օղի Է ուզում, յուղ ու բրնիձ Է ուզում, գինի Է ուզում։ Տվեցի։ Հիմա Էլ մաուզերը դեմ Է արել ճակատիս, թե՝ ոսկի տուր, մաքուր, զնգուն ոսկի։
- Յա՜,- տեղից բարձրացավ վարժապետը։- Պարոն Սիլվեստը հիմա Էլ էդպիսի ղալաթներ Է անո՞ւմ։ Ես դրա պոչիցը մի վեդրո կկախեմ և սաղ Լեռնակերտի շները վրեն հուշտ տամ։ Էդ Թիֆլիսի կինտոն Է մնացե՞լ, որ մեր նամուսը տափովը տա։
Հնդկահավը թփրտաց Դուքան Սեդրակի ոտքերի տակ, թշշաց խորովածը, և Վարժապետ Սիմոնը քաղցած շան նման լիզեց շուրթերը։
Չէ, Դուքան Սեդրակի հաշվին դեռ կարելի Է ապրել։
...Բոստանչի Ավագը դարբնոց մտավ չանգռոտված, գլուխը փալասով փաթաթած։ Դեմքին չորացել Էր արյունը, աչքերը վառվում Էին զայրույթից։ Ուստա Ծատուրը մուրճով խփեց զնդանին և խոժոռեց դեմքը.
- Այ տղա, ի՞նչ Է պատահել։
- Ծեծեցին, լավ ծեծեցին, ուստա։
- Էդ ո՞նց ծեծեցին։
- Հա՛, ծեծեցին։
- Ախր ովքե՞ր Է՜։
- Մոթալ Մինասն ու Կարա-Բեքիրը։
- Ինչի՞։
- Բոստանում վարունգ չմնաց, պոմիդոր չմնաց, լափեցին, ջհանդամը, միայն ձենները կտրեն։ Չկտրեցին։ Հիմա Էլ կանգնել են, թե ձմերուկ ենք ուզում։ Այ ուստա՛, ցավդ տանեմ, ախր ինձ ձմերուկ որտեղի՞ց...
Ուստա Ծատուրը արձակեց գոգնոցը, նետեց փուքսի վրա, հետո դարձավ Պողոսին՝ գնացինք։
Պողոսի բռունցքները ծանրացան, դարձան կողքից կախված փթանոցներ, հոնքերը բարդ-բարդ կուտակվեցին և արյունը եռաց։ Նա Լեռնակերտի ամենահանգիստ և ամենաուժեղ տղան է։ Պողոսը ոլորում է գոմեշի վիզը, ծանր կռանը խաղացնում մի ձեռքով և այնպես է թափահարում Նալբանդ Աթունի թթենին, որ գետինը շարժվում է։
Մեծ մեյդանում Մոթալ Մինասն ու Կարա-Բեքիրը սեմիչկա են չրթում։ Ուստա Ծատուրը մոտեցավ, ոտից գլուխ չափեց նրանց։
- Սրտներդ ձմերուկ է ուզո՞ւմ, շան տղերք,- ասաց ու բռունցքը մոտեցրեց Մոթալ Մինասի մռութին։ Կարա-Բեքիրը ձեռքը տարավ դեպի մաուզերը, սակայն նույն պահին նրա գլուխը ճռճռաց Պողոսի թևի տակ։ Կարա-Բեքիրը մորթվող եզան պես բառաչեց ու փռվեց փողոցում։
Լեռնակերտը հուզվեց ու նորից խաղաղվեց։ Ալեքսանը ծոր տվեց.
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատվելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան...
Նալբանդ Աթունը օրորեց գլուխը.
- Իմ արևը, մեր Ալեքսանի նման երգիչ Պարիժում էլ չկա...
Իսկ Դուքան Սեդրակը դատարկեց օղու հերթական բաժակը, ձեռքը խփեց սեղանին.
- Վարժապետ, ուզում եմ իմանալ, Լեռնակերտի վերջն ի՞նչ կլինի։
- Լավ կլինի, Սեդրակ, լավ կլինի։
- Հա, գիտեմ, որ լավ կլինի, համա մենակ չգիտեմ, թե Էդ ո՞ւմ համար լավ կլինի...
ԿԱՐԿԱԶ ԼԵՌՆԱԿԵՐՏՑԻ
Լավ միտս չի, թե էդ Կարկազը երբվանից երևաց Լեռնակերտում։ Կամ տասնութ թվի վերջերին էր, կամ տասնինի կեսերին։ Էդ խառնիխուռն տարիներին էնքան մարդիկ են եկել ու գնացել, էդքանին ես ո՞նց միտս պահեմ։
(Ուստա Ծատուրի օրագրից)
Ժամկոչ Մանասը ռուսի ժամի զանգը գողանալուց հետո, միշտ տարօրինակ երազներ էր տեսնում։ Եվ ինքը՝ Ժամկոչ Մանասն էլ, ամբողջությամբ վերցրած, մի տարօրինակություն է. գլուխը սեխի պես ձգված, ոտքի մեկը կարճ, մյուսը՝ երկար, հոնքի մեկը սև, մյուսը՝ շեկ, իսկ թևերն այնքան երկար են, որ քիչ է մնում գետնին քսվեն։ Կարծես ինչ-որ մեկը տարբեր տեղերից հավաքել է մարդկային մարմնի այդ զանգվածները, կցմցել իրար, զոռով մարդ սարքել, անունը դրել Ժամկոչ Մանաս։ Դրա համար էլ Նալբանդ Աթունն ասում է. «Էս տնաշենի Ժամկոչի մոտ ոչ մի բան էլ իրենը չի… Ոնց որ Կյալուստ Խախալյանի ֆայտոնը՝ մի անիվը փետից է, մի տիվը՝ ռեզինից, ծածկոցը՝ ժեժտից, դիշտին՝ երկաթից, լծասարքը՝ կանեփից…»:
Եվ ահա, մի գիշեր Ժամկոչ Մանասը իբրև երազում տեսավ Տեր-Վասիլիին։ Տեր-Վասիլին նրան երևաց սուրբ Պետրոսի տեսքով ու ասաց. «Ռուսի ժամի խորանում ոսկի ունեմ պահած. զանիծվի զնա, ով զձեռք մեկանի զոսկուս»։
Ժամկոչ Մանասն այս ամենը Դուքան Սեդրակին պատմեց որպես իրական դեպք, և հանդիսավոր կերպով մի անգամ էլ կրկնեց Տեր-Վասիլիի խոսքերը. «Զանիծվի զնա, ով զձեռք մեկանի զոսկուս»։
Երբ Լեռնակերտը խաղաղ քնած էր, և Սիմոն Սարխոշյանցը երազում անարգանքի սյունին էր գամում իր գաղափարական ախոյաններին, Աղամ Բիրղամիչը Մոթալ Մինասի հետ զբաղված էր թղթախաղով, պարոն Սիլվեստն ու Լալախանբեկյանն իրենց ապագա գործողությունների համար նոր ծրագիր էին մշակում, Խմբապետ Խորենը Խմբապետ Աղաջանի հերն էր անիծում և պահանջում հարձակվել Լեռնակերտի վրա ու գահընկեց անել Աղամ Բիրղամիչին… Երբ Նալբանդ Աթունի շունը եռանդով հաչում էր լուսնի վրա, Դուքան Սեդրակը վերցրեց բահն ու քլունգը, շտապեց Տեր-Վասիլիի գանձերը հայտնաբերելու։ Նա հավատացյալի պես նախ դեմքը խաչակնքեց, բայց քանի որ ոչ մի աղոթք չէր հիշում, հայհոյեց պարոն Սիլվեստին ու Վարժապետ Սիմոնին, մտավ խորանն ու անցավ գործի։
Ծանր սալաքարը շարժվեց նրա ոտքի տակ, ականջին կարծես ոսկու զնգոց հասավ, ախորժալուր, գայթակղիչ զնգոց։ Շուռ տվեց սալաքարն ու սկսեց էլի փորել։ Փորեց մի ժամ, երկու ժամ, և հանկարծ գլխավերևում, լուսանցքից ներս ընկած լուսնի շողերի տակ նկատեց մի դեղնագույն գանգ։ Դա Ժամկոչ Մանասի սեխն էր։
- Սեդրակ…
Դուքան Սեդրակը բահը բարձրացրեց՝ սեխին իջեցնելու համար, բայց զգաց, որ դա անմտություն կլինի. դեռ ոսկին չգտած, ինչո՞ւ զուր տեղը արյուն թափել։
- Սեդրակ,- Ժամկոչ Մանասը նախատող հայացք ուներ և աչքերում հետաքրքրություն կար,- էդ ո՞նց կլինի, Սեդրակ, երազը ես եմ տեսել, բայց դու ուզում ես գողանալ իմ երազի ոսկին։ Դա արդար չի, Սեդրակ։
- Հավասար կիսում ենք,- Սեդրակը ներքևից վերև նայեց,- դե ի՞նչ ես տնկվել հոգեառ հրեշտակի պես, արի օգնիր։
Սկսեցին փորել միասին, հերթով։ Փորեցին և այնքան խորացան, որ երբ Դուքան Սեդրակը մի անգամ էլ նայեց վերև, աչքերը մթնվեցին։
- Արա, այ սարսաղ, բա ո՞նց պիտի դուրս գանք։
Ժամկոչ Մանասի սեխի ներսում հետաքրքիր մի միտք ծագեց.
- Արի էնքան փորենք, որ հասնենք աշխարհի էն մի ծերը։
- Էն մի ծերը Ամերիկան է,- Դուքան Սեդրակն ինքն էլ զարմացավ իր հայտնագործությունից։- Մենակ չգիտեմ՝ գլխների՞ս վրա պիտի դուրս գանք Ամերիկա, թե՞ ոտքներիս վրա։
Թե ինչպես մեր ոսկեխույզները դուրս եկան իրենց փորած հորից, դա մեզ անհայտ է։ Հայտնի է միայն այն, որ հաջորդ օրն էլ սկսեցին քանդել լուսանցքի ձախակողմյան պատը և հայտնաբերեցին շտաբս-կապիտան Խասապետովի Կատինկայի ներքնաշապիկը, կամ ինչպես զավզակ Սեդրակն է ասում՝ ուրախության տոպրակը։
Իսկ հիմա մեր հերոսներին թողնենք իրենց գտած գանձի կողքին քոռ ու փոշման նստած, պատմենք Կարկազ Լեռնակերտցու մասին։
Այդ օրը ռուսի ժամի բակում իր օյինբազություններն էր ցուցադրում հռչակավոր Համբալ Արշակը։ Երբ նա մի ձեռքով գետնից պոկեց հինգ փթանոց ծանրաքարը, լեռնակերտցիք ծափահարեցին, Համբալ Արշակը երես առավ ու դարձավ հանդիսատեսներին.
- Մի՞թե ձեր քոսոտ քաղաքում չկա մեկը, որ իր ուժերը փորձի ինձ հետ։
Այստեղ էր, որ հայտնվեց Կարկազ Լեռնակերտցին, լայն-լայն քայլերով մոտեցավ նրան ու գոռաց.
- Քո գոմշի ուժով շուտով չքացիր այստեղից, անպետք։
Ներկա օրերում լեռնակերտցիներին գաղափար է պետք։
Դա բավական էր, որ Կարկազ Լեռնակերտցու բանաստեղծ-իրավաբանի համբավը տարածվի քաղաքում։ Եվ Դուքան Սեդրակի ու Ժամկոչ Մանասի գործը հանձնվեց նրան։
Դուքան Սեդրակը մեղադրվում էր գողության ու սրբապղծության մեջ։ Այդ ավազակը քանդուքար էր արել ռուսի ժամի խորանը և տիրացել Ժամկոչ Մանասի երազում տեսած ոսկուն։ Դա հաստատեց ինքը՝ Ժամկոչ Մանասը։
Դատը տեղի ունեցավ նախկին զորանոցի ներսում։ Ովքեր ասես, որ չէին եկել ներկա լինելու այդ հետաքրքիր դատին։ Կարկազ Լեռնակերտցին նախ մի հայացք նետեց ներկաներին, ապա նայեց Դուքան Սեդրակին ու հարձակվեց Սիմոն Սարխոշյանցի ու պարոն Սիլվեստի վրա, նրանց համարեց բուրժուական փտած գաղափարախոսներ և գոչեց.
- Քնից արթնացեք, ով քաղաքացիներ,
Ու ճանաչեցեք ոսոխներին ձեր.
Ժամն է տարաժամ, կյանքը խառնածին,
Կեցցե հավիտյան մեր քաջ այրուձին։
- Կեցցե՜ հավիտյան մեր քաջ այրուձին,- տեղից վեր թռավ Դուքան Սեդրակը,- կեցցե՜ Կարկազ Լեռնակերտցին։
Կարկազ Լեռնակերտցին թևը դրեց Դուքան Սեդրակի ուսին ու ասաց.
- Արդարացված է ձեր արդարությունը, ով քաջդ Սեդրակ…
Ուրեմն Կարկազ Լեռնակերտցին պատահական անձնավորություն չէր Լեռնակերտում, և պատահական չէր նրա գաղափարական պայքարը Սիմոն Սարխոշյանցի ու պարոն Սիլվեստի դեմ։
Իր ծավալուն աշխատություններից մեկում («Հնարավոր է ներկա պայմաններում Լեռնակերտը դարձնել մտքի կենտրոն») Կարկազ Լեռնակերտցին առաջ քաշեց մի շարք մտքեր, որոնցից մի քանիսը հարկ ենք համարում ներկայացնել ընթերցողներին.
ա) Լեռնակերտը կդառնա մտքի կենտրոն, եթե միտքը իշխի հոգու վրա, և պարոն Սիլվեստն ու Սիմոն Սարխոշյանցը հրաժարվեն իրենց փտած ու արխայիկ գաղափարախոսությունից.
բ) բանվոր դասակարգը պարտավոր է չեզոք դիրք բռնել գյուղացիության հանդեպ և հրաժարվել քաղաքական հարցերից.
գ) ներկա պայմաններում հարկավոր է այնպիսի մի հզոր գլուխ, որ կարողանա անշեղորեն պայքարել ամեն ձևի կուսակցությունների դեմ և ղեկավարել Լեռնակերտի մտքի կենտրոնը։ Ես իմ գլուխն ամբողջովին նվիրում եմ այդ մեծ ու նվիրական գործին։ Կեցցե՜ անկուսակցական կուսակցությունը։
Եվ Կարկազ Լեռնակերտցին իր գլուխը կամավոր դրեց Լեռնակերտի կենտրոնում, հավաքեց պ. Սիլվեստի, Վարժապետ Սիմոնի, Խմբապետ Խորենի, Ապետնակ առաջինի և վերջինի դրոշները, կցմցեց իրար ու ստացավ, ինչպես Ուստա Ծատուրն է ասում՝ աջաբսանդալ։
Մի շարք գրավոր ու բանավոր տեղեկություններից երևում է, որ Կարկազ Լեռնակերտցին եղել է մեծ մտքի ու կարողությունների տեր անձնավորություն։ Նրա ձեռագիր մատյանի 367-րդ էջում կարդում ենք այսպիսի հանճարեղ մտքեր. «Լուսինն է ցուրտ, և խոնավ, ջրային, գիշերային, իգական և չարահար։ Իշխէ մաղձին, ուղղոյ, կզակին, ձախ աջին», կամ՝ «Յորժամ հիվանդն զգայ զցավ, տուր իրա ըմբել մին կերակրոյ գըդալով զմագնէզիա, քանզի մագնէզիաս տրորել ի մեջ ջրոյ, խափանէ զփսխումն և տայ հիվանդին լուծանել»։
Սիմոն Սարխոշյանցը, ծանոթանալով այս տողերին, այն միտքն է հայտնել, որ իբր Կարկազ Լեռնակերտցին իր մտքերը թռցրել է Էֆիմերտիից։ Իսկ ո՞վ է իմանում, գուցե Էֆիմերտին է իր մտքերը թռցրել Կարկազ Լեռնակերտցուց։ Այդ վիճելի հարցով թող զբաղվեն փիլիսոփաները։
Կարևորն այն է, որ Կարկազ Լեռնակերտցին շատ զարգացած անձնավորություն էր, և հենց նա էր փրկել Դուքան Սեդրակի կյանքը։
Այո, այո, այն տխուր օրը, երբ Դուքան Սեդրակը նստած էր մեղադրյալի աթոռին, իրեն խիստ վատ զգաց՝ փորացավն ու գլխացավը խառնվել էին իրար։ Բայց Կարկազ Լեռնակերտցին կանխեց վտանգը. «Առավոտյան մեկ գոմեշի դոզայի լուծողական, երեկոյան՝ երկու»։ Երկու օր խեղճ Սեդրակը քնում էր զուգարանում և այնպիսի ձայներ էր արձակում, որ կինը՝ Նոյեմը, չանչ էր անում դեպի զուգարանն ու ասում. «Զահրումար, էշի մեկը»։
Շուտով ուրիշ լուր տարածվեց. Կարկազ Լեռնակերտցին որոշել է Լեռնակերտում ստեղծել ուղտաբուծարան։ Դրան իսկույն հետևեց Կարկազ Լեռնակերտցու դասախոսությունը «Ուղտի կաթը երկարացնում է մարդկանց կյանքը» թեմայով։
- Երկար ուսումնասիրություններից ու փորձերից հետո,- ասաց նա,- ես գտել եմ, որ հիմալայան ուղտի կաթն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար պիտանի բազմաթիվ վիտամիններ։ Դա հնարավորություն կտա, որպեսզի մենք ապրենք երկու հարյուր տարուց ոչ պակաս։
Իսկ Հիմալայ հասնելու և այնտեղից ուղտեր բերելու համար միջոցներ են հարկավոր։ Առաջինն իր քսակը բացեց Դուքան Սեդրակը, որ նույն օրն էլ հեռակա կարգով նշանակվեց ապագա ուղտաբուծարանի կառավարիչ։ Դուքան Սեդրակին հետևեցին աղյուսագործարանատեր Մամբրե Խաբարդանովիչ Չոլախյանը, թոկ ու չվան ծախող Մելիք Մուջուզբեկյանը, Գալիֆե Գուգուշը և այլ երևելի անձինք։
Սրտահույզ էր հրաժեշտի տեսարանը։ Մամբրե Խաբարդանովիչը գրկել էր Կարկազ Լեռնակերտցուն և ասում էր. «Մենք քեզ երբեք չենք մոռանա, ով մեծագործ մարդ։ Քո անունը պատմության էջերում ոսկե տառերով կգրվի և ամեն մայր աշխարհ եկած իր արու զավակին քո անունով կկոչի»։
Բայց, ցավոք սրտի, ոչ մի ուղտ էլ չհասավ Լեռնակերտ։ Իսկ ինքը՝ Կարկազ Լեռնակերտցին (գրոց անունը՝ Կարապետ Կազյան) ինչպես հայտնվել էր, այնպես էլ անհետացավ։
Ասում են, իբրև, ճանապարհին ուղտերը կատաղել ու հոշոտել են այդ մեծ մարդուն։ Մի ուրիշն էլ պնդում է, թե Կարկազ անունով մի հայտնի գիտնական իրեն հերոսաբար նետել է գնացքի անիվների տակ ու գոչել.
- Կեցցե՜ Լեռնակերտը…
Սակայն հայտնի չէ. նա գնացքի անիվների տակ նետվելուց առա՞ջ է գոչել՝ «Կեցցե Լեռնակերտը», թե՞ անիվների տակ ճխլտվելուց հետո։ Խոսք եղավ նաև այն մասին, որ իբր Ռոստովում Կարապետ Կազյան անունով մի անասնաբույժ հայտարարել է, որ իբր ինքըՄովսես Կաղանկատվացու տոհմի վերջին շառավիղն է, որոշել է Նոր Նախիջևանում հիմնել թանգարան և տեղի հայերից բավականին գումար է կորզել ու փախել անհայտ ուղղությամբ։
Դժվար է ասել, թե այս տեղեկությունները որքանով են հավաստի։ Փաստն այն է, որ երբ Սիմոն Սարխոշյանցը լսում է այդ մարդու անունը, թքում է անհայտ ուղղությամբ ու նետում.
- Ժուլիկ ավազա՛կ…
- Սինլքոր ավանտյուրի՛ստ,- ավելացնում է պարոն Սիլվեստը։
- Եվ դուք չթողեցիք, որ ես դրա բուրդը քամուն տամ,- բարկանում է Աղամ Բիրղամիչը։
- Գլուխս ոնց վարեց,- Դուքան Սեդրակը բռնում է գլուխը։
- Ախր ձեր էդ կարկաժը որտե՞ղ էր, որ հավատացիք էդ Կարկազին,- ծիծաղում է Նալբանդ Աթունը։- Տեղն է ձեզ, դե հիմա ուղտի կաթ լակեցեք…
No comments:
Post a Comment