ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
Այս Ղարաբաղն է-
Օջախը մեր սուրբ, ծուխը ծխանի,
Որ բարձրացել է եղեգան փողից,
Տագնապի կանչը Ձենով Օհանի,
Որ Սասնա Դավթին դուրս բերեց հորից,
Հեռատես աչքը Մելիք-Ավանի,
Որ կամուրջ ձգեց Արցախի կողմաց
Մինչ կողմը Ռուսաց...
1.
Կսապա՞տ, թե՞ Կուսապատ։
Լեգենդը պատմում է.
Կար մի իշխան, անունը Գույժ, որ քաջ նետաձիգ էր և քաջ որսորդ, իր շքախմբով անցնում էր այս կողմերով։ Կեսօրին նա մի աղբյուրի մոտ վրան խփեց՝ հանգստանալու։ Իշխանը լսեց ծառերի սոսափն ու հավքերի դայլայլը, շրջեց զովասուն անտառում, տեսավ եղնիկներ ու այծյամներ, միրհավեր ու կաքավներ, նորից ջուր խմեց սառնորակ աղբյուրից և դարձավ իր մարդկանց. «Ես այս չնաշխարհիկ բնության գրկում կկառուցեմ մի դղյակ և միշտ կապրեմ այստեղ»։
Գույժ իշխանը մոտիկ ու հեռու գյուղերից վարպետներ բերեց, որ ամրոցի համար հիմք փորեն, քար տաշեն, պատ շարեն։
Հիմք փորեցին, քար տաշեցին, սկսեցին պատ շարել։ Եվ մի օր իշխանը գնաց որսի, նայեց տեսավ անտառի կանաչ բացատում երկու սիրուն եղնիկ գգվում են իրար սիրատենչ։ Իշխանը լարեց նետն ու աղեղը, նշան բռնեց վարուժանին, արձակեց նետը։ Վարուժանն ընկավ խոցված, կանաչը ներկեց արյունով, և այնժամ էգը լեզու առավ, անիծեց Գույժ իշխանին. «Ո՜վ անգութ իշխան, ինչպես իմ սերը, այնպես էլ քո պատը թող հար-հավիտյան կիսատ մնա»։
Եվ ասում են այդ օրից էլ ամրոցի պատը մնաց կիսատ։ Վարպետները մինչև ուշ երեկո քարը դնում են քարի վրա, բարձրացնում են պատը, առավոտյան գալիս՝ տեսնում շարածը քանդված։ Այսպես մի շաբաթ, երկու շաբաթ, բայց պատը չի բարձրանում։ Եվ իշխան Գույժը հիշեց եղնիկի անեծքն ու ասաց. «Այս պատն այլևս չի բարձրանա, սա իմ գործած մեղքի հատուցումն է»։
Այդ օրվանից այս վայրի անունը մնում է Կսապատ, այսինքն կիսատ պատ։
Եվ ապա մի ուրիշ լեգենդ պատմում է.
Արյունախում, լիրբ ու անամոթ Աբդուլ խանը հարձակվում է կուսանոցի վրա, որպեսզի առևանգի կույսերին, տանի իր հարեմը։ Երեսուն կույսեր փախչում են վանքից, անցնում մթին ձորերով ու անտառներով և կանչում. «Տե՜ր աստված, փրկության մի դուռ բացիր մեզ համար»։ Եվ հանկարծ նրանք հասնում են բարձրաբերձ մի պատի, թաքնվում ետևում։ Անցնում է մի օր, երկու օր՝ շուրջը մութ անտառ, գայլերի ոռնոց. ի՞նչ անեն խեղճ ու թշվառ կույսերը։ Եվ նրանք նորից են դիմում աստծուն. «Ո՜վ ամենակարող, մեզ համար դուռ ես բացել, բայց մենք ինչպե՞ս ապրենք այդ դատարկ պատերի ետևում»։
Ասծտո կամքո՞վ, թե՞ իրենց սրտի թելադրանքով, երեսուն ջահել ու սիրուն կտրիճներ գալիս առնում են կույսերին, կառուցում մի գյուղ... և Կսապատը դառնում է Կուսապատ։
Հովհանես Աթաբեկյանն այս լեգենդը լսել է իր հորից, հայրն էլ՝ իր Աթաբեկ պապից, Աթաբեկ պապն էլ՝ երևի իր պապից։ Այն ժամանակ Հովհաննեսը դեռ պատանի էր տակավին, Զարգար Աթունի արհեստն էր սովորում։ Խառն ժամանակներ էին, Ղարաբաղի մելիքների արանքով նորից սև կատու էր անցել, այդ սև կատուն Իբրահիմ խանն էր։ Նոր դարասկիզբը հնի տխուր շարունակությունը եղավ։ Ղարաբաղի մելիքները կորցրին իրենց նախկին փառքն ու ուժը, չկար Մելիք-Ավանի ուժեղ ձեռքը, որ հավաքեր ու համախմբեր նրանց։
Այդ խառն ժամանակներում ռուսական բանակը մտավ Ղարաբաղ։
Վարանդայի և Ջրաբերդի մելիքները չէին կարող սպասել դեպքերի հետագա ընթացքին, երբ արդեն Իբրահիմ խանն իրեն հռչակել էր Ղարաբաղի տիրակալ, նպատակ ունենալով վերացնել հայ մելիքությունները։ Հասել է ժամը, հարկավոր է օգնել ռուսական բանակին։ Մելիք Ջումշուդին և մելիք Ադամին, Գյուլիստանի մելիք Բաղիրը և Տիզակի մելիք Ղահրամանը արձագանքեցին սոսկ խոսքով, իսկ Խաչենի մելիքը մնաց ձեռնպահ։ Ջրաբերդի գյուղերը սովից ու ժանտախտից համարյա դատարկվել էին, մարդիկ թողել հայրենի վայրերը, բռնել էին Թիֆլիսի, Շիրվանի, Աստրախանի ու Դերբենդի ճանապարհները, Վարանդայում, Տիզակում և Գյուլիստանում դրությունը նույնպես լավ չէր։ Եվ երբ Պետերբուրգի իր հայրենիքի ճակատագրով մտահոգված Մինաս Լազարյանը նամակով դիմեց Ղարաբաղի մելիքներին, թե ինչու չեն կազմակերպում զորագնդեր, մելիք Ջումշուդը պատասխանեց. «Դուք հավատացած եղեք, որ մենք հեշտությամբ կարող էինք անել այդ, և այն էլ առանց ուրիշի օգնության, եթե այժմ մենք տեր լինեինք մեր առաջվա հարստությանը և ժողովրդին, որը, սովի և ժանտախտի պատճառով, ցրիվ եկավ դեպի Շիրվան ու Վրաստան...», և ապա, շարունակում է Մելիք Ջումշուդը. «... Եթե դուք ցանկանում եք, որ հայոց ժողովուրդը ազատվի բարբարոսների բռնակալությունից, եթե ցանկանում եք, որ բոլորը (գաղթածները) կրկին վերադառնան իրենց հայրենիք, պահպանեն կանոնավոր զորագնդեր և լավ ծառայություններ մատուցանեին մեր ամենաողորմած թագավորին, պետք է որ դուք միջնորդեք, 1-ին՝ որ հրամայեն մեր ցրիվ եկած ամբողջ ժողովրդին, որոնք գտնվում են Շիրվանում և Վրաստանում, որ նրանք կրկին վերադառնան իրենց հայրենիքը (Ղարաբաղ)։ 2-րդ՝ որ նրանք ազատ լինեին բոլոր հարկերից և տուրքերից երեք տարի ժամանակով։ Իսկ 3-րդը այն է, որ մեր հայերը չլինեին թուրքերի իշխանության ներքո, որովհետև դրանք չեն կարող միշտ հավատարիմ մնալ մեր քրիստոսապսակ թագավորի կառավարությանը...»։
Մելիք Ջումշուդը հարցին մոտենում է տրամաբանորեն. «...նշանակեն մեզ համար մի գումար, որով մենք կարողանայինք պատրաստել հարկավոր եղած զենքերը այն զորագնդերի համար, որ պետք է կազմակերպել, որպեսզի, միշտ, առանց որևիցե պակասության, պատրաստ լինեն պատերազմ գնալու ռուսաց զորքերի հետ»։
Մնացած մելիքները նույնպես համամիտ էին մելիք Ջումշուդի հետ, և նրանք նույնիսկ առաջարկեցին, որ խանի փոխարեն նշանակեն մի ռուս աստիճանավոր և մելիքներին տան իրենց նախկին արտոնությունները։
Անհեռատես, ինքնասիրահարված Ալեքսանդր Առաջինը, որին միայն հետաքըրքրում էին ռուսական բանակի գործողությունները Ղարաբաղում, մինչև վերջ չկարդաց Մինաս Լազարյանի ուղարկած խնդրագիրը։ Իհարկե, նրան դուր եկավ խնդրագրի սկիզբը՝ «Ձերդ պայծառափայլություն, մեր իմաստուն ու բարեգութ հայր թագավոր» և այլն, մեծ բավականությամբ ընդունեց այդ մեծարանքները և դարձավ արտաքին գործերի մինիստր Բուդբերգին. «Սրանք ուրիշ էլ ի՞նչ են ուզում. ես արդեն մի լավ քաշել եմ թագաժառանգ Աբասի ականջը»։ Բուդբերգն ասաց, որ չնայած այդ պարտությունը շատ ծանր է նստել Աբասի վրա, բայց նա մտադիր է շարունակելու իր արշավանքները, Արաքսի ափին նորից նոր զորքեր է կուտակում։
Թագավորն արհամարհանքով ձեռքը թափ տվեց՝ կջարդեմ, էլի կջարդեմ, այնքան կջարդեմ, որ ոչ թե իր դեսպանին, այլ իրեն՝ Ֆաթհ Ալի շահ Բաբա խանին ուղարկի հաշտություն աղերսելու...
Այդ պահին թագավորի մտքովը երբեք չէր կարող անցնել, որ դա կլինի ուշ, շատ ուշ, իր հետնորդ Նիկոլայ առաջինի օրոք։ Բայց քանի որ գահի վրա ինքն է, հավատացած է, որ կիշխի առնվազն մի հիսուն տարի, գուցեև շատ։
Գնդապետ Կարյագինին իրավունք չէր վերապահված, որ զբաղվի Ղարաբաղի մելիքների գործերով, կատարի նրանց պահանջները։ Նա բավարարվեց նրանով, որ հայկական գյուղերի վրա գյուղապետներ նշանակեց, իրավունք տվեց զինվել ինչպես կարող են։
Կուսապատում գյուղապետ նշանակվեց Հովհաննես Աթաբեկյանը։
Գյուղը լքածները կամաց-կամաց վերադարձան, ծխաներից ծուխ բարձրացավ, եկեղեցու զանգերը նորից ղողանջեցին, մաճկալն իր հորովելը ծոր տվեց, ջրվորի բահը զնգաց բոստաններում, ծնունդ եղավ, նշանդրեք ու հարսանիքներ եղան։ Հաց է հարկավոր, և Հովհաննես յուզբաշին հացի վրա ավելացրեց նաև թուրն ու հրացանը։ Յուրաքանչյուր կուսապատցի տղամարդ պիտի ունենա իր զենքն ու ձին։ Կամավորականների ջոկատի հրամանատար նշանակվեց Հակոբ յուզբաշին, Մուրադ յուզբաշին՝ օգնական։ Մաճկալի ձեռքին մաճն է, մեջքին հրացանը։ Հոտաղի ձեռքին ճիպոտն է, կողքին՝ թուրը։ Մաճկալը կեսօրին արձակում է եզները, զբաղվում զինավարժությամբ։
Մուրադ յուզբաշին Ջրաբերդից մի սիրուն աղջիկ առավ, եղավ հարսանիք։
Կտրիճին սազական հարսանիք էր. գյուղի ջահելները պար պարեցին, և նրանց պարը զենքի շառաչ էր։ Աղջիկները երգ երգեցին՝ նրանց երգը մարտակոչ էր։ Գյուղի ահելները կենաց ասացին՝ Մռավ սարի նման հաստատ մնաս, այ փեսա, թուրն ու թվանքդ ձեռքումդ ամուր մնա։ Գյուղի մայրերը օրհնանքի խոսք ասացին՝ բարով ես եկել, այ հարս, Մուրադին ամուր թիկունք լինես։
Հարսանիք էր, և հարսանքավորները հիշեցին իրենց քաջ նախնիներին՝ Մելիք-Ավան քաջին, Մելիք-Եսայի խիզախին, մելիք Մեժլումին անվախ...
Լուռ էր Հովհաննես յուզբաշին, իր մտքերի հետ։ Բոլորն էլ խելոք են խոսում և ճիշտ են յուրովի։ Քաջ են նաև։ Ահա Մուրադի կողքին փառահեղ բազմել է խաչեղբայր Սմբատը։ Դա այն Սմբատն է, որ ղզլբաշի անունը լսելուն պես փախավ Թիֆլիս։ Այն մեկն էլ Կարապետի որդին է՝ Մացակ Ղուկասյանը. կանգնել գյուղամիջում, կոչ էր անում. «Ժողովո՜ւրդ, տուն-տեղ մեզ համար կյանք չի դառնալու, ո՞ւմ եք սպասում, գնանք ռսի հողը»։ Գնացին, ուրիշներին էլ տարան իրենց ետևից։ Եվ հիմա եկել են։ Լավ են արել, որ եկել են, բայց ի՞նչ իմանաս, եթե վաղը կռվի հոտը առնեն, չե՞ն փախչի։
Եվ խոսեց Հովհաննես յուզբաշին.
- Ուրախության սեղաններին բոլորս էլ քաջ ենք։ Դու, խաչեղբայր Սմբատ, այդ ո՞րտեղ էիր, որ Մուրադը պարսիկի դեմ կռվում էր։ Ինչո՞ւ չկանգնեցիր նրա թիկունքում։ Դու, Մացակ, Կարապետի որդի Մացակ, Ռուսաստանում ի՞նչ էիր կորցրել, տուն-տեղ թողեցիր՝ փախար։ Դու, Իշխանյան Սահակ, ինչո՞ւ մինչև հիմա հրացան չունես։ Սպասում ես՝ պարսիկը գա, թուրը դնի բկիդ և աննամուսի նման ոտքերն ընկնե՞ս։ Իսկ դու, ջրաբերդցի Հայկ, շատ լավ խոսքեր ասացիր, հիմա ասա տեսնեմ՝ Ջրաբերդում քանի հրացան բռնող ունես։ Աբաս Միրզան Ղարաբաղի ճանապարհը սովորել է, էլի կգա։ Իսկ ինչո՞ւ մենք նրան այնպես չհասցնենք, որ այդ ճանապարհը հար-հավիտյան մոռանա։
Մի ձմեռ էլ անցավ իր ձյունաբուքերով։
Տաք քամի փչեց հարավից, գյուղի մեծերն ասացին.
- Վայ թե տարին երաշտի է։
Լուսնի խավարում եղավ, գյուղի պառավներն ասացին.
- Վայ թե տարին կռվի է։
Ամպերը դղրդացին, կայծակները ծալվեցին, գյուղի հարսներն ասացին.
- Հաստատ կռիվ կլինի։
Անձրևն եկավ ու անցավ, ծիածանը կամարվեց երկնքում.
- Կռվից հետո,- ասացին,- խաղաղություն կլինի աշխարհում։
2.
Իբրահիմ խանը եղբորը՝ Մուհամեդ Հասան աղային Թեհրան ուղարկեց Աբաս Միրզային հանդիպելու։ Շահի պայծառ ստվերը, շահերի ծովերի գոհարը, Պարսկաստանի աստղերի աստղը Թեհրանում չէր, հանգստանում էր քաղաքամերձ իր ամառանոցում և ոչ ոք չգիտեր, թե նա երբ կվերադառնա։ Նա փախել էր ոչ թե մայրաքաղաքի շոգից ու փոշուց, այլ իր ավագ եղբայրներից՝ խառնածին, հիվանդոտ ու մաղձոտ Մուհամեդ Վալի Միրզայից և Շիրազի տիրակալ, ծույլ ու վավաշոտ, նախանձ ու տգետ Հուսեյն Ալի Միրզայից։ Աբասը նրանց տանել չէր կարողանում. առաջինն իր ոչխարային լռությամբ, երկրորդն իր զզվեցնող խորհուրդներով հոգի են հանում։ Կար նաև մի ուրիշ պատճառ՝ Ֆաթհ Ալի շահը ամուսնացել է իր չորրորդ կնոջ՝ Բագյումից ծնված աղջկա հետ, այսինքն հենց նրա հետ, որին Աբասը որոշել էր արշավանքից վերադառնալուն պես տանել իր հարեմը։ Քավթառը ոնց որ հասկացել էր որդու միտքը։
Ամառանոցում շահզադեին սպասում էին իր երեք սիրուհիները, և հավանաբար իրար մի լավ դնքսել են՝ շահերի ծովերի գոհարին առաջինը տիրանալու համար։ Աբասը հենց այդպես էլ ասում է նրանց՝ հապա տեսնենք ձեզանից ով առաջինն այսօր կտիրանա Պարսկաստանի աստղերի աստղին։ Շահը նրանց մեկական ոսկե մատանի նվիրեց և ասաց. «Վաղը երեքիդ էլ կուղարկեմ հարեմ և դուք կլինեք իմ օրինավոր կաքավները»։ Նա սկզբում դա ասաց կատակով, բայց հաջորդ օրը գտավ, որ երեքն էլ արժանի են իր հարեմին։
Թագաժառանգը դեռ Թեհրան վերադառնալու միտք չուներ։ Կարևոր գործեր կան, անհետաձգելի գործեր։ Որոշեց ժամանակ չկորցնել և կանչեց իր բոլոր սարթիփներին ու սարհանդներին՝ խորհրդակցելու։ Ինչպես սպասվում էր, Ելիզավետպոլի մոտ կրած պարտության համար բոլորին էլ շշպռեց։ «Մեր թոփչիները,- ասաց նա,- իսկական ավանակներ են, իսկ բաշ թոփչիները՝ դդումներ»։ Հետևակների և հեծելագնդերի հրամանատարներն էլ նույնպես ստացան իրենց բաժին թուքն ու նախատինքը։ Մի քանի հոգու աստիճաններն իջեցրեց և կարգադրեց՝ պատրաստվել նոր արշավանքի։
Նա Մուհամեդ Հասան աղային ընդունեց իր շքեղ օթախում, բայց ոչ ի նշան հարգանքի։ Ալլահի ստվերը դիմացինին ծաղրելու համար սիրում է թիկնել փափուկ թախտին։ Ծաղրածուներին տանել չի կարողանում, և մի առիթով ասել է. «Ինչի՞ս են պետք ծաղրածուները, երբ իմ բոլոր ստորադրյալները կատարում են նրանց պարտականությունները»։ Աբասը Մուհամեդ Հասան աղայի բարևին չպատասխանեց, չնայած վերջինս շատ գեղեցիկ խոնարհվեց, և եթե մի քիչ էլ ջանասիրաբար դա աներ, ճակատը պիտի դիպչեր հատակին։ Շահին դուր են գալիս նման թաշախուսները և, ընդհանրապես, սխալ է այն կարծիքը, թե նա շողոքորթություն չի ընդունում։ Ինչպես բոլոր բռնակալները, Աբաս Միրզան նույնպես սիրում է, երբ իրեն մեծարում են գեղեցիկ էպիտետներով՝ փոխարինող արևի, ո՜վ մեծ լուսատու, աստղերի աստղ, աշխարհի հույս ու հավատ...
- Հասկացա, Իբրահիմ խանն է ուղարկել,- Աբասը գլխով նշան արեց, որ նա բարձրանա։ - Այդ ճարպագունդը քանի՞ երես ունի։ Երևի Մեհթի խանին էլ ուղարկել է ռուսների հետ բանակցելու։
- Ալլահի պայծառ ստվեր, Իբրահիմ խանը մեղք չունի,- չասաց շահի ստվեր, այլ ուղղակի՝ ալլահի պայծառ ստվեր, և դա դուր եկավ Աբասին։
- Առանց պոչի աղվես չի լինում, առանց մեղքի շեյթան չի լինում,- շահզադեն ժպտաց, բայց դա ժպիտ չէր, կարծես աչքից թույն կաթեց։ Ո՞վ է բերդի դարպասները բացել ռուսների առջև։
- Ալլահի պայծառ ստվեր, Փիր Ղուլի խանի մեղքով...
- Փիր Ղուլի խանը չկա, մեռելները չեն լսում, ինչ ուզում ես՝ ասա։
- Սարդարների սարդար, դեռ Արաքսի ափից է Փիր Ղուլի խանը հայտնել, որ Շուշին գրավելուն պես առաջինը կկտրի Իբրահիմ խանի գլուխը։
Աբասը հոնքերը կիտեց։ Փիր Ղուլի խանը պարզապես կրկնել է իր խոսքը։ Եթե ինքը այդ բանը չասեր նրա ներկայությամբ, հազիվ թե Փիր Ղուլի խանը դիմեր նման բերանբացության։ Բայց դա անցած-գնացած պատմություն է, կարիք չկա անդրադառնալ։
- Լավ, աղվեսի միտքն ի՞նչ է, գործից խոսիր։
- Ծառայել շահերի ծովերի մարգարիտին։
- Դու էլ պակաս աղվես չես,- Աբասը ոտքի կանգնեց։ - Ինչո՞ւ է խանը որդուն ուղարկել ռուսների մոտ։
- Մեծ սարդար, խաբելու ռուսներին։
- Հավատում եմ։ Բայց քեզ այստեղից բաց չեմ թողնի։
- Դա հենց իմ ցանկությունն է, ալլահի պայծառ ստվեր։
- Մուհամեդ Հասան աղա, ալլահի պայծառ ստվերը Ֆաթհ Ալի խանն է,- Աբասը փորձող հայացքով նայեց նրան։
Մուհամեդ Հասան աղան իսկույն պատասխանեց.
- Իսկ ինչո՞վ վատ կլինի, եթե ալլահը երկու պայծառ ստվեր ունենա։
Ա՛յ, դա խելոք ու ճարպիկ պատասխան է, և շահզադեն շոյեց մորուքը։ Մեծություններին պիտի կարողանալ մեծարել։ Երեք օր առաջ մի բանաստեղծ երկու դավթար դաստաններ էր ուղարկել իրեն, բայց Աբասը միայն մի քառատող է հավանել և հիմա հիշում է.
Երկու արև կա աշխարհում, մեկը դու ես,
Իսկ այն մեկն էլ քո ստվերն է երկնքում.
Երկնքինը քո շողերն է ուղարկում քեզ,
Եվ քեզ համար գիշեր-ցերեկ աղոթում։
Ֆաթհ Ալի խանն էլ է բանաստեղծություններ գրում, բայց կանանց մասին։ Ծերուկը վաղուց է արդեն մոռացել իր էգերի հաշիվը։ Երևի նրանց մեջ, Աբասը չի կասկածում, կան այնպիսիները, որ մինչև հիմա շահը երեսները չի տեսել, և խեղճերը կույս են դեռ։
- Դու կմնաս ինձ մոտ,- թագաժառանգը հորանջեց։- Մենք դեռ կխոսենք։ Դու եկել ես ի՛նձ մոտ և ոչ շահի։ Պա՞րզ է, Մուհամեդ Հասան աղա։
- Պարզ է, ալլահի պայծառ ստվեր։
Աբասը մայրաքաղաք չվերադարձավ ոչ հաջորդ օրը, ոչ էլ մի շաբաթ անց։ Թավրիզում հեծելագնդեր կան։ Շիրազում նույնպես, Արաքսի ափին ութհազարանոց բանակ ունի՝ հարկավոր է մի անգամ ևս ստուգել. այդ պորտաբույծ սարհանդներն ու սարթիփները իրենց ստամոքսներն են մեծացնում սարբազների հաշվին։ Բողոքներ կան՝ ամիրները կարգապահությանը չեն հետևում։ Հարկավոր է ստեղծել ռազմական դատարան, մի քանիսին գլխատել, բանակից փախչողներին գնդակահարել սարբազների աչքի առաջ։
Նա մայրաքաղաք վերադարձավ փետրվարին։ Շահը սպասում էր իր ստվերին, լուրեր ուներ հայտնելու։ Գեներալ Ցիցիանովին սպանել են Բաքվում, և նրան փոխարինում է ինչ-որ Նաբոլզին թե Նեբոլսին։ Սուլթանը պատրաստվում է ռուսների դեմ պատերազմելու։
- Նա դեռ պատրաստվում է,- դժգոհեց Աբասը,- միշտ պատրաստվում է։ Գանձարանը դատարկվե՞լ է։
- Կբերի լցնի,- ասաց շահը։
- Դա առաջներում էր, ռուսներն է՛լ այն ռուսները չեն։
- Ե՞րբ կսկսի շահզադեն,- հարցրեց շահը։
- Երբ հրամայի ալլահի պայծառ ստվերը,- պատասխանեց Աբասը, և գիտեր, որ նման պատասխանները հայրն ընդունում է մեծ հաճույքով։
- Նորի՞ց Գյանջայի վրա,- շահը մեկ-մեկ, աննկատ խայթում է որդուն, բայց ոչ չարությամբ։ Իհարկե, նա ակնարկում է վերջին պարտությունը, և նրան դուր է գալիս, երբ թագաժառանգը տաքանում է։
- Ո՛չ, նախ կգրավեմ Շուշին, հետո կամրանամ Ասկերանի բերդում։
Շահը գլխով հավանություն տվեց, չնայած լավ գիտեր, որ Աբասը մի բան է ասում, բայց կատարում միանգամայն հակառակը։ Դա էլ էր դուր գալիս Ֆաթհ Ալի խանին՝ այդպես են մեծ զորավարները, իրենց միտքը արշավանքից առաջ թաքցնում են նույնիսկ հարազատներից։ Աղա Մուհամեդ Կաջարն էլ այդպես էր։
Աբասը հրաժեշտ տվեց խանին, գնաց իր պալատը։
Ներքնապետը սպասում էր շահզադեին, խոնարհեց գլուխը, հարցրեց.
- Շահերի ծովերի մարգարիտը ո՞րին կցանկանա։
Աբասը, ճիշտն ասած, ինքն էլ չէր որոշել, թե այդ գիշեր իր կանանցից որի հետ կքնի։ Նա հիմա նման էր այն քաջ հեծվորին, որ ունի հարյուրավոր ձիեր՝ մեկը մյուսից գեղեցիկ ու արագավազ, բայց ձիարշավից առաջ դժվարանում է ընտրել ամենալավագույնը։
- Նորերից այն երկուսին բեր։ Այն մեկը, որ այտին խալ ունի, թող մնա հաջորդ օրվան։
Աբասը պառկեց փափուկ թախտին։ Մինչև գարուն շատ քիչ ժամանակ է մնացել։ Գեներալ Ցիցիանովին սպանել են։ Նեբոլսի՞ն։ Գեներալ Նեբոլսին՝ ո՞վ է, ռո՞ւս է, թե՞ ջհուդ։
Նեբոլսին, Նեբոլսին... Հիշեց։ Կա այդպիսի մեկը։ Ոչ, նա չէ, սա ուրիշ գեներալ է։
Ներքնապետը դուռը բացեց.
- Պատրաստ են, շահերի ծովերի մարգարիտ։
- Լավ, գնա,- շահզադեն հորանջեց և կրկնեց,- Նեբոլսին, Նեբոլսին...
3.
1806 թվականը Կովկասի տարեգրության մեջ մտավ որպես անսպասելի անակնկալների տարի։ Գեներալ Ցիցիանովի սպանությունը Բաքվում, խռովություններ Շամախիում ու Լենքորանում, Դաղստանի լեռնականների նոր հուզումները, Իմերեթիայի թագավոր Սողոմոնի պահանջը՝ ռուսական զորքերն անհապաղ պիտի հեռանան Քութաիսից։ Երևանի սարդարն էլ իր հերթին պատրաստվեց Շորագյալի շրջանը ետ խլել Ռուսաստանից, Թուրքիան սպասում է հարմար առիթի...
Աբաս Միրզայի «պատկերավոր մտածողությամբ», Կովկասը Ռուսաստանի համար մի այնպիսի պատ է, որ հնարավոր չէ առաջին իսկ հարվածով փլել։ Հարկավոր է անվերջ ու անդադար հարվածել, այնքան հարվածել, որ այդ պատը ճաք տա ու փլվի։ Նման հարվածները, ինչ խոսք, շահական գանձարանի վրա շատ ծանր կնստեն, գանձարան, որ որքան արագ է լցվում, նույնքան արագ էլ դատարկվում է։ Բանակը կլանում է ոսկին. ամուր թնդանոթներ են հարկավոր, իսկ թնդանոթներն էլ իրենք իրենց չեն ձուլվում։ Պատերազմում հաղթում է ոսկին։ Ֆրանսիացի մաջարախտներին՝ ոսկի, անգլիացի թնդանոթներ ձուլող վարպետներին՝ ոսկի, արշավանքի համար դիմացկուն ու արագավազ ձիեր են հարկավոր, ձիերը ոսկու գին ունեն... Իսկ շահական հարեմնե՞րը, այդ հարեմների վրա կատարած անթիվ, անքանակ ծախսե՞րը։ Շահզադեն, իհարկե, հարեմներին դեմ չէ, էլ ինչ շահ կամ շահզադեներ, որ չունենան իրենց հարեմները, բայց լավ կլինի պահպանել նաև չափ ու սահմանը։ Նա մի անգամ շահի ներկայությամբ ասել է. «Եթե մեր հարեմների կանանց կշռով մեկ ես ոսկի ունենայի, կնվաճեի ամբողջ աշխարհը»։ Շահի ավագ որդին, հիվանդոտ ու մաղձոտ Մուհամեդ Վալի Միրզան, լրջորեն ընդունելով եղբոր կատակը, մի ամբողջ օր նստել հաշվել է, թե հարեմներում որքան կին կա։ Վերցրել է միջին մի կշռաչափ, այն բազմապատկել կանանց քանակով և ասել. «Շահի ստվեր, իսկ մի՞թե մենք մեր գանձարանում 4687 փութ ոսկի չունենք»...
Աբաս Միրզան այս անգամ Ղարաբաղ մտավ քսան հազարանոց բանակով։ Նրա համար հիմա կարևորը ոչ թե զինվորների քանակն է, այլ մարտունակությունը։ Շահզադեն հավատում է իր բանակի մարտունակությանը, և հաղթանակը կասկած չէր հարուցում։ Ոչ, անմիջապես չհարձակվեց Շուշիի բերդի վրա։ Նա Շոշ գյուղի մոտ, լեռան բարձրավանդակի վրա ամրացավ, նախօրոք ֆրանսիացի գեներալի հետ հաշվումներ կատարեց, նկատի առնելով ձորի խորությունը, և այն, ինչպես տեղադրել թնդանոթները, որ արձակած ռումբերը չխփեն միայն մի կետի։
Սակայն Շահզադեն ճակատամարտելու համար նորից սխալ տեղ էր ընտրել։ Առջևում անդնդախոր ձորն է, աջ կողմի վրա՝ Շոշ գյուղը, ուր մելիք Ջումշուդի հեծելագունդը սպասում է ռուսական բանակին, ետևում Ավետարանոցն ու Տառնավազն են՝ իրենց հեծելազորներով։
- Եթե չհանձնվեն,- հայտարարեց Աբասը,- ես հիմնովին քարուքանդ կանեմ Շուշին ու այնտեղ կկառուցեմ նոր քաղաք։
Աբասը դեռ հույս ունի, թե Իբրահիմ խանի եղբայր Մուհամեդ Հասան աղան ներսում անպայման խռովություն կբարձրացնի, հակառակ դեպքում՝ կփախցնի խանին, իսկ խանը շահզադեին շատ է հարկավոր, նրա մարդիկ կկանգնեն պարսիկների դրոշի տակ, Շուշիի անկումը կդառնա Գյանջայի անկման նախերգանքը։
Շուշին անհանգիստ էր։
Հասան աղան դեռ երկու օր առաջ էր եկել ոտքի կանգնեցնելու իր մարդկանց։ Իսկ դա չհաջողվեց այն պարզ պատճառով, որ մելիք Ջումշուդի սրատես աչքից ոչինչ չէր վրիպում։ Մնում էր փախցնել Իբրահիմ խանին։ Նա արդեն գտել էր այդ ճանապարհը՝ Հոնուտ գյուղի կողմից։ Մեհթի խանը, որ երեկ փրկարար հորեղբոր ձեռքերն էր համբուրում, հանկարծ միտքը փոխեց։
- Ես բերդից երբեք չեմ հեռանա,- ասաց նա,- ես իմ կանանց հետ կմնամ այստեղ։
- Եվ ճակատագրական սխալ կգործես,- ասաց Իբրահիմ խանը,- Աբաս Միրզան կգրավի բերդը և առաջինը քո գլուխը կկտրի։
Դա չազդեց, Մեհթի խանը ծիծաղեց.
- Գուցե Աբասի թնդանոթների արձակած ռումբերը հասնեն Շուշի, բայց ինքը՝ Աբասը, չի հասնի։
Ըստ պայմանավորվածության, Մուհամեդ Հասան խանն իր մարդկանցով Իբրահիմ խանին պիտի սպասեր Ջըդըռ-դուզի ձորաբերանին։ Կեսգիշերին խանն իր ընտանիքով դուրս եկավ պալատից և նույնիսկ չուզեց հրաժեշտի խոսք ասել որդուն՝ Մեհթի խանին։ Բայց այդպես էլ նրան բախտ չվիճակվեց հասնել Ջըդըռ-դուզ։ Մելիք Ջումշուդը իր հեծելախմբով փակեց նրանց ճանապարհը և գոչեց.
- Ողջո՜ւյն, Իբրահիմ խան։ Սա ի՞նչ գիշերային զբոսանք է և այն էլ ամբողջ ընտանիքով։
Խանը հասկացավ, որ դա իր վերջն է։ Դալի մայորը գլուխ ցավեցնելու ժամանակ չուներ, կարճ կտրեց. «Հանուն մեր հայր թագավորի՝ գլխատել երդումնազանց, խաբեբա, դավաճան Իբրահիմ խանին»։
Բռնակալը, ստոր դահիճն ու երկերեսանի սրիկան խնդրեց, որ թաշկինակով կապեն աչքերը և այնպես գլխատեն, որ ոչ մի ցավ չզգա։ Իսկ երբ թաշկինակով կապեցին նրա աչքերը, խանը հանկարծ չոքեց, տարածեց թևերը, աղաղակեց.
- Հանուն ալլահի խղճացե՜ք, աղաչո՜ւմ եմ, խղճացե՜ք, էլ չեմ անի...
Մելիք Ջումշուդը հանեց թուրը և ասաց.
- Իբրահիմ խան, թեկուզև ուշացած, ես պարտավոր եմ ուղղել իմ հոր սխալը...
Աբաս Միրզան դեռ սպասում էր։
Շող գյուղի բարձրավանդակից հայացքով նա չափում էր Շուշիի բերդը, մտածում, թե որտեղ պիտի կառուցի իր նոր ամառանոցը, քանի օթախ պիտի ունենա, քանի կին, ով պիտի հետագայում փոխարինի այդ ճարպագունդ Իբրահիմ խանին... «Ես հենց այստեղից էլ կշարունակեմ իմ արշավանքները Ռուսաստանի վրա,- երազում էր Աբասը,- կգրավեմ Վրաստանը, ապա Դաղստանը։ Բաքուն երբեք չեմ զիջի թուրք սուլթանին։ Մեր թրերը դեռ կխաչվեն, կգա այդ օրը»։
- Իբրահիմ խանը ուշանում է,- շահզադեն նայեց կողքին կանգնած իր նոր աջուդան-բաշի Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրին,- բանաստեղծ, այս Ղարաբաղին պիտի տիրեմ... Մենակ այս անհավատ հայերից գլուխ չեմ հանում. ինչո՞ւ են պաշտպանում խոզակեր ռուսներին։
- Շահերի ծովերի մարգարիտ, դա նրանից է, որ երկուսի հավատը է մեկն է, իրար լավ են հասկանում։
Աջուդան-բաշի, ես կստիպեմ հայերին, որ ընդունեն մեր արդար հավատը։ Չէ, խոսքով չէ, թրո՛վ, թրո՛վ ես դրանց հավատափոխ կանեմ։
Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրը չպատասխանեց, բայց պատասխան ուներ՝ թրով կարող ես սպանել, բայց փոխել հավատը՝ չես կարող, ով շահերի ճահիճների անկուշտ շնաձուկ։
4.
Գեներալ-մայոր Նեբոլսինը 1806 թվականի մայիսին, այսինքն Աբաս Միրզայի ներխուժումից տասնութ օր առաջ, տրոիցկյան իր զորագնդով մտավ Ելիզավետպոլ։ Նրա գալստյան մասին գնդապետ Կարյագինին դեռ մի ամիս առաջ են հայտնել Թիֆլիսից։ Բայց կոնկրետ չեն ասել՝ գալիս է փոխարինելո՞ւ հանգուցյալ իշխան Ցիցիանովին, թե՞ ստուգելու Ելիզավետպոլյան զորագունդը։
Նեբոլսինը չշտապեց, նա դեռ կարևոր գործեր ուներ Թիֆլիսում։ Արդեն հայտնի էր, որ Աբասը պատրաստվում է նոր արշավանքի, և գեներալը մեռնելուց առաջ գլխավոր հրամանատարությանը ներկայացրեց իր պահանջները. այն է՝ Ելիզավետպոլում ձեռքի տակ ունենալ ոչ թե եգերների մեկ կամ երկու գումարտակ, այլ լավ զինված երկու գունդ։ Կոմս Գուդովիչն ասաց, որ կարիք չկա այդքան շտապել և կատակով ավելացրեց. «Ելիզավետպոլի մոտ հասցրած մեր շառաչուն ապտակից հետո, արեգակների արեգակ, աստղերի աստղ, առյուծների առյուծ, սարդարների սարդար Աբասը դեռ ուշքի չի եկել»։ Նեբոլսինը պատասխանեց. «Ձերդ պայծառափայլություն, լուսատուների լուսատուն ուշքի է եկել ճիշտ այն օրը, երբ Ղարաբաղում կրեց իր առաջին պարտությունը։ Ղաջարների վրիժառու տոհմի շնագայլը չի կարող այդքան հեշտ կուլ տալ ռուսների ապտակը»։
Գեներալը ժամանակ չուներ զբաղվելու այն զանազան խնդրագրերով, որ ուղարկել էին ինչ-որ բեկեր, ինքնակոչ խաներ, մոլաներ, խոջաներ, մեծահարուստ վաճառականներ, չարչիներ։ Նոր սարդարին շնորհավորելու եկավ ինչ-որ Ասլան բեկ՝ հաղթանդամ, կոպիտ դիմագծերով, երկար բեղերով, եզան խոշոր աչքերով մի մարդ։ Նա փեշքեշով է եկել, և այն դրեց գեներալի ոտքերի տակ, խոնարհեց գլուխը.
- Սարդարների մեծ սարդար, մեծ թագավորի ոսկեփայլ ուսադիրներով և արծաթե թրով գեներալ, արեգակի նման միշտ ճաճանչափայլ, լուսնի նման բարձր, աչքերդ շողշողուն աչքեր, որ լույս են տալիս նաև գիշերները, դու առյուծի նման ուժեղ ես, վագրի նման հզոր, կայծակի նման շանթում ես արևափայլ թագավորի թշնամիներին...
- Ի՞նչ է ուզում,- անհամբեր թարգմանչին հարցրեց Նեբոլսինը։
- Ձերդ պայծառափայլություն, առայժմ դեռ ոչինչ չի ասել, նա ձեզ մեծարում է, համեմատելով զանազան լուսատուների հետ։
- Դրան ասա, որ ես դրանց կարիքը չունեմ, ի՞նչ է կամենում։
Բեկը բողոք ուներ։ Գյուլիստանի հայ մելիքը սրանից ուղիղ 178 տարի առաջ խլել է իր պապական հողերը, և հիմա պահանջում է, որ հայ մելիքին քշեն Գյուլիստանից, իրեն իր պապական հողերի վրա խան նշանակեն։
Գեներալ Նեբոլսինը շատ էր լսել այդ խաների ու բեկերի կամայականությունների, բանսարկությունների, խարդախությունների մասին, բայց այն, ինչ հիմա լսեց, չափազանց էր։ Նա ոտքի հարվածով դեն նետեց բեկի բերած փեշքեշն ու գոչեց.
- Եթե մի անգամ էլ երևաս այստեղ, ես իմ ձեռքով քեզ կգնդակահարեմ, կեղտոտ շուն։
Ելիզավետպոլում շոգ էր, փոշի. ցերեկները արևն էր վառում, գիշերները մոծակները հանգիստ չէին տալիս մարդկանց։ Իսկ ժամանակը թանկ է, Աբասը շուտով կհայտնվի Շուշիի բերդի պարիսպների տակ։ Գեներալը ստուգեց մարտկոցները, զրուցեց զինվորների հետ, կրկին հավաքեց հրամանատարներին, կարգադրեց լինել պատրաստ, երբեք խուճապի չմատնվել, սատանան այնքան էլ սարսափելի չէ, ասաց, երբ լավ ես բռնում նրա պոչը։ «Դուք, եղբայրներ, արդեն մի անգամ Աբասին ցույց եք տվել ռուսական զենքի ուժը, իսկ այս անգամ այնպես պիտի ցույց տաք ձեզ, որ նա ամբողջ կյանքում չմոռանա»։
Նեբոլսինին հետաքրքրում էր նաև շատ կարևոր մի հարց՝ հայ կամավորականները, արդյոք, պատրա՞ստ են օգնելու ռուսական բանակին։
- Նրանք միշտ էլ պատրաստ են, ձերդ պայծառափայլություն,- պատասխանեց գնդապետ Կարյագինը։ - Սակայն, թույլ տվեք հայտնել, որ նրանց կատարած ծառայությունները չի գնահատվում ըստ արժանվույն։
- Ես դա գիտեմ,- Նեբոլսինը հոգոց հանեց,- մայոր Կոտլարևսկին ինձ պատմել է։ Մենք կաշխատենք ուղղել հին սխալները։ Ի դեպ, Պավել Միխայլովիչ, ձեր այդ քաջ յուզբաշու մասին այնպիսի բաներ են պատմում, լսում ու մտածում ես՝ սրանք եղած դեպքե՞ր են, թե՞ հորինել են։
- Ձերդ պայծառափայլություն, ոչ մի բան էլ չեն հորինել։ Հանգուցյալ գեներալ-իշխան Ցիցիանովը նրան նույնպես ներկայացրել է պարգևատրության... Բայց մենակ Հովհաննես յուզբաշին չէ, նրա եղբայրը՝ Հակոբ յուզբաշին, իսկական հերոս է, Մուրադ Իշխանյանը՝ նույնպես։ Մելիք Ջումշուդ Շահնազարյանի մասին կարծեմ գիտեք։
- Գիտեմ։ Ինչու՞ իշխանը չհաշտվեց նրա հետ։
- Ներեցեք, ձերդ պայծառափայլություն, հանգուցյալը խիզախ ու համարձակ գեներալ էր, բայց Ղարաբաղի մելիքների համախմբման հարցում սխալվեց։ Ճիշտ է, հետագայում նա զգաց իր սխալը, սակայն այն ուղղելու համար ժամանակ էր հարկավոր... դա չհասցրեց։
- Պավել Միխայլովիչ, ես կուզեի ծանոթանալ այդ մարդկանց հետ։
- Ե՞րբ կբարեհաճեք։
- Որքան՝ շուտ, այնքան՝ լավ։
- Ես մարդ կուղարկեմ նրանց ետևից։
- Խնդրում եմ։
Նրանք եկան այն օրը, երբ արդեն Աբաս Միրզան պատրաստվում էր անցնել Արաքսը։ Մելիք Ջումշուդը՝ հաղթահասակ, գեղեցկադեմ, բայց արդեն ճերմակող քունքերով, քառասունն անց մի տղամարդ։ Հովհաննես Աթաբեկյանը՝ ածխի պես սև աչքերով ու հոնքերով, թուխ մազերով, նույնպես հաղթանդամ... Գեներալին թվաց, թե նա երևի կլինի 26-27 տարեկան, մինչդեռ նա մելիք Ջումշուդին հասակակից է։
- Հետաքրքիր է,- գեներալը օրորեց գլուխը,- քիչ էր մնում ես քեզ դիմեի այնպես, ինչպես հայրը որդուն։
Հովհաննեսը պատասխանեց.
- Ձերդ գերազանցություն, համարեցեք, որ ես ձեր որդին եմ։ Հրամանատարը իր բոլոր զինվորների համար հայր է։
- Այդ դեպքում երևի իմ տղան քո տղային հասակակից է,- գեներալը ժպտաց։ - Ի՞նչ եք կարծում, չխմե՞նք քաջ հայրերի և նրանց գործը շարունակող քաջ որդիների կենացը։
...Եվ կանցնեն տարիներ, Հովհաննես Աթաբեկյանը կհանդիպի ջահել մի ռուս սպայի՝ Ալեքսանդր Նիկոլաևիչ Նեբոլսինին, որին գեներալ Երմոլովը կգրկի ու կասի. «Շնորհակալ եմ, Սաշա, դու ապացուցեցիր, որ քո հոր՝ գեներալ Նիկոլայ Նեբոլսինի արժանի զավակն ես...»։
5.
Աբաս Միրզան դեռ Շոշի բարձրավանդակին սպասում էր Իբրահիմ խանին, երբ գեներալ Նեբոլսինը տրոիցկյան զորագնդով, գնդապետ Կարյագինն եգերյան զորագնդով դուրս եկան Ելիզավետպոլից։ Հովհաննես յուզբաշին իր հեծելախմբով Ասկերանի բերդի մոտ հասավ ռուսական գնդերին։ Նեբոլսինը որոշեց մի գումարտակ թողնել Ասկերանի բերդում՝ պորուչիկ Լադինսկու հրամանատարությամբ։ «Աբասը կարող է օգտագործել առիթը,- ասաց նա Կարյագինին,- Ասկերանի դռները բաց են, իսկ ինչո՞ւ չպոկվել Շուշիից ու գրավել Ասկերանի բերդը»։
Աբասը դեռ սպասում էր, բայց դա սպասել չէր, բարկությունից շուրթերն էր կրծոտում՝ չլինի՞ այդ ճարպագունդը միտքը փոխի ու նորից միանա ռուսներին։ Նա դեռ էլի պիտի սպասեր, եթե խանի եղբայրը չգար հայտներ, որ Իբրահիմ խանը գլխատված է։ Ռուսները փախուստի ճանապարհին բռնել ու գլխատել են Շուշիի տիրակալին։
- Լավ չեն արել,- մռայլվեց Աբասը,- դրան ես պիտի գլխատեի, բայց քո ձեռքով։ Երկուսդ էլ մի ծառի պտուղ եք։ Ռուսներն առաջ ընկան, ես դրա համար դրանց մի լավ կպատժեմ։
Բայց ռուսներն այստեղ էլ առաջ ընկան թագաժառանգից. բերդից առաջինը կրակ բացեցին։ Շուշին ավելի բարձր է, և հակառակորդը խփում է վերևից ներքև։ Աբասը հավատացած է, որ շուտով կսպառվեն այդ խոզակերների ռումբերը, ստիպված կանցնեն խուլ պաշտպանության։
Շահզադեն միշտ էլ մարտերից առաջ հավատում է իր հաղթանակին, և երբ բերդից սկսեցին կրակել կարտեչներով, ծիծաղեց՝ պա՛հ, տեսեք է՜, ուզում են զարմացնել։
Մի սարբազ բռնեց գլխից, չոքեց խոտերի մեջ, և Աբասի կողքին կանգնած ֆրանսիացի գեներալին թվաց, թե նա նամազ է անում։ Բայց դա նամազ չէր, դեմքից արյուն էր հոսում։ Քիչ անց մի ուրիշ սարբազ նստեց գետնին, բարձրացրեց բլուզը. կարտեչը ձևել էր նրա փորը, և սարբազը զարմացած նայում էր իր փորոտիքին։
Աբասը կատաղեց ու բղավեց ամիր-թոփխանեի վրա.
- Ու՞մ ես սպասում, լռեցրու այդ շան որդիներին։
Հրանոթներից բոցեր ցայտեցին, ծուխը ժայթքեց, կաղկանձեցին արկերը, գետինը շարժվեց։ Մի ռումբ ընկավ ձորաբերանին կանգնած հինգ սարբազների վրա, հինգ սարբազներից մնաց արնաթաթախ մի մսագունդ։
- Ավազակնե՜ր,- բղավեց թագաժառանգը,- բերանները բաց նայում են, կարծում են ռուսները ռումբերի փոխարեն խուրմա են ուղարկում իրենց համար,- և շուռ եկավ ֆրանսիացի գեներալի կողմը.- Գեներալ, ալլահը վկա, ռուսներն ուժեղ թնդանոթներ ունեն։
- Մեծ սարդար, ուժեղը ոչ թե ռուսների թնդանոթներն են, այլ թնդանոթների ետևում կանգնած զինվորները,- պատասխանեց գեներալը։ Ձեր սարբազները մինչև մի ռումբ են արձակում, քսան անգամ ալլա՜հ, ալլա՜հ են կանչում, իսկ նրանք քսան ռումբ են արձակում և մի անգամ հիշում աստծուն։
Բայց առյուծների առյուծն ուրիշ ոչինչ չի ուզում տեսնել՝ դիմացը Շուշին է, ուղեղում՝ Շուշին քարուքանդ անելու ձգտումը։
Ռուսական երկու գումարտակ, գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ, Վանի յուզբաշու ուղեկցությամբ, շրջանցելով Շոշը, Շաղասարի փեշերով արագ ու աննկատ անցան, հայտնվեցին հակառակորդի թիկունքում։ Գեներալ Նեբոլսինի գունդը գրոհ ձեռնարկեց Շոշի կողմից։ Մելիք Ջումշուդի, Վանի յուզբաշու և տառնավազցի կամավորականների հեծելազորները, պաշտպանելով եգերների աջ թևը, անսպասելի կերպով անցան հարձակման։ Աբասի քրոջ ամուսինը, Շիրազի հեծելագնդի սարթիփ Բելիլ խանը դուրս եկավ նրանց ընդառաջ և ընկավ եգերների ուժեղ կրակի տակ։
Աբասը զգա՞ց, որ դա անցյալ տարվա ճակատամարտի անփառունակ և ավելի խայտառակ շարունակությունն է։ Բելիլ խանը գլխապատառ ետ նետվեց, ցատկեց ձիուց և ասաց. «Սարդարների սարդար, մենք շրջապատված ենք»։ Արեգակի կրկնօրինակը շառաչուն ապտակեց փեսայի դեմքին. «Վախկոտ շուն, աշխարհում դեռ չի ծնվել այն սարդարը, որ կարողանա Աբաս Միրզային գցել ծուղակի մեջ։ Ի՜նչ է, կո՞ւյր ես, չե՞ս տեսնում, որ Շուշիի բերդի դարպասները բացվել են»։
Աբաս Միրզան կրկին սխալվեց. դարպասները, այո, բացվել են, որպեսզի մայոր Լիսանևիչը հրանոթներն ավելի մոտեցնի և հնարավորություն ստեղծի ռուսների սրընթաց գրոհի համար։ Նա ճանապարհ էր բացում Նեբոլսինի հեծելազորի համար։
Աբաս Միրզայի պատմագիրներն ու տարեգիրները միշտ էլ զանազան պատճառներ են գտել արդարացնելու մեծ սարդարի պարտությունները։ Մի դեպքում, վճռական պահին, երբ ալլահի ստվերը վագրի պես ցատկում, նստում է ձիու թամբին, որ հեծելագունդը տանի հաղթական գրոհի, այդ անիծված ձին սայթաքում ու ընկնում է, մի այլ դեպքում անսպասելի կերպով բռնում է թագաժառանգի գլխացավը կամ ոտքն է ճմլվում... Եվ այս ճակատամարտում էլ նույնպես տեղի ունեցավ անսպասելին. «Երբ ռուսների անհաշիվ ու անքանակ զորքերը փորձեցին շրջապատել մեր անպարտելի ու անհաղթ բանակին, սարդարների սարդար վալիհադ Աբաս Միրզան առյուծի պես մռնչաց, վագրի նման ոստնեց, ցաք ու ցրիվ արեց գեներալ Նեբոլսինի անթիվ-անքանակ գնդերը։ Ես իմ ականջներով լսեցի՝ ռուս ասկյարները գոռում էին՝ փախե՜ք, առյուծների առյուծը գալիս է։ Եվ ալլահի ստվերը կայծակի պես տվեց-ջարդեց ռուսներին, Շոշի բարձրավանդակից պոկվեց, գնաց Ասկերանի բերդի վրա, որպեսզի կատարյալ դարձնի իր փայլուն հաղթանակը»։
Շահզադեի պատմագիրն ու տարեգիրը, իհարկե, չէր կարող գրել, որ սարդարների սարդարին ուրիշ ելք չէր մնում, փախչելն էլ տվյալ դեպքում հերոսություն էր։ Դա արդեն առյուծ Աբասը չէր, այլ աղվես Աբասը՝ հարկավոր է դուրս պրծնել օղակից, ամրանալ Ասկերանի անառիկ բերդում, փակել Շուշի-Ելիզավետպոլ գլխավոր անցուղին։ Շահն անհապաղ մեծ բանակով կհասնի օգնության, կջարդի Նեբոլսինի բանակը, կպաշարի Շուշին, իսկ ինքը՝ Աբասը, կգնա Գյանջայի վրա։ Սակայն Աբասը չգիտեր, որ Ասկերանի բերդն արդեն ռուսների ձեռքին է։ Մայոր Լիսանևիչն իրենից մի ժամ առաջ էր իր գումարտակով եկել միացել Լադինսկու հրամանատարության տակ գտնվող գումարտակին։ Բերդից Աբասին «դիմավորեցին» թնդանոթների որոտներով, իսկ հակառակորդին կրնկակոխ՝ հետապնդող Նեբոլսինը չուշացավ, և ռուսները դիմեցին սվինամարտի։
Թագաժառանգի հարգարժան տարեգիրը հիմա ինչ-որ բան պիտի հորիներ և հորինեց. «Սակայն խորամանկ ռուսները իմանալով, որ ալլահի ստվերը հայերին շատ է սիրում, այդ անօրենները հայ կանանց ու երեխաներին առաջ գցեցին և իրենք նրանց թիկունքից սկսեցին կրակ բացել։ Մեծահոգի Աբասը չցանկացավ վնաս պատճառել հայերին և բերդը գրավելու մտադրությունից հրաժարվեց, ասելով թե՝ ես երբեք չեմ թափի իմ հպատակների արյունը»։
ՍԵՅՖՕԼԼԱ ՎԱՀԻԴ էԼ ՓՈՒՐ. Մեզ Ասկերանի բերդի մոտ շատ լավ ջարդեցին։ Բերդից ռուսական գումարտակը, թիկունքից Նեբոլսինը, գետափից՝ հայերը... Ես հեռվից տեսա նրան՝ Հովհաննես յուզբաշուն։ Նա իր հեծելախմբով ջախջախեց Աբասի առաջապահներին, գետը ողողեց նրանց արյունով։ Աբասի բախտն այս անգամ էլ բերեց՝ դուրս պրծավ։ Նա այդ պահին նման էր այն երես առած լակոտին, որ չնայած լավ ծեծ է կերել հարևան փողոցի իր հակառակորդներից, բայց էլի լեզուն իրեն չի պահում՝ և՛ փախչում է, և՛ բղավում. «Հլա սպասեցեք, ես դեռ ձեզ ցույց կտամ»։
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԵԲՈԼՍԻՆ. «Կովկասյան գծի գլխավոր հրամանատար, գեներալ-փոխմարշալ կոմս Գուդովիչին։ Ձերդ պայծառափայլություն, սույն թվականի հունիսի 13-ին իմ հրամանատարության տակ գտնվող բանակը Շուշիի բերդից ոչ հեռու գտնվող Շոշ գյուղի մոտ, ապա Ասկերանի բերդի մատույցներում գլխովին ջախջախեց Աբաս Միրզայի քսան հազարանոց բանակին։ Մեր զինվորները կռվում էին առյուծի պես և հայերն էլ պակաս չէին։ Հովհաննես Հարությունովիչ Աթաբեկյան յուզբաշու քաջագործությունների մասին շատ էի լսել, բայց այն, ինչ տեսա, իմ սպասածից էլ վեր էր։ Այդ քաջակորով հայը արժանի է ոչ միայն շքանշանի, այլև ռուսական բանակի սպայի կոչման, թեկուզ և պոդպորուչիկ։ Նույնը կարելի է ասել նրա եղբոր՝ Հակոբ Աթաբեկյանի և մելիք Ջումշուդ Շահնազարյանի մասին, որոնք նորին կայսերական մեծության դրոշի տակ ցուցաբերեցին զարմանալի խիզախություն»։
ԿՈՄՍ ԳՈՒԴՈՎԻՉ. «Տրվում է Հովհաննես յուզբաշի Հարությունովին (և հավանաբար նորից գրագիրների մեղքով հայրանունը դարձել է ազգանուն) առ այն, որ նա գտնվելով գեներալ-մայոր և ասպետ Նեբոլսինի զորախմբում, որ գործում էր պարսիկների դեմ, 1806 թվականի հունիսի 13-ի մարտում ցույց տվեց գերազանց քաջություն, որի համար Նորին Կայսերական Մեծության ամենախոնարհ հպատակիս ներկայացումով, Ամենաբարեգութը բարեհաճել է նրան տալ արծաթե մեդալ՝ պարանոցին կարմիր ժապավենով կրելու համար, որի մի կողմում Նորին Մեծության դիմանկարն է, իսկ մյուսում՝ «քաջության համար» մակագրությունը։ Ուղարկելով սույնը, մնում եմ հույսով, որ վեհագույն Միապետի այսպիսի առատաձեռնությունը կնպաստի դեպի Նորին Կայսերական Մեծությունը ունեցած ծառայությունը դարձնելու ջանասեր, առավել խորիմաստ։
Նորին Կայսերական Մեծության Ամենաբարեգութ իմ արքայի անունից Կովկասյան գծի, Վրաստանի ու Դաղստանի զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-փոխմարշալ, Աստրախանի նահանգի, Կովկասի ու Վրաստանի քաղաքացիական գործերի կառավարիչ, և ռուսական բոլոր շքանշանների ասպետ կոմս Գուդովիչ»։
6.
Աբաս Միրզայի երկրորդ պարտությունը, Իբրահիմ խանի գլխատումը և գեներալ Նեբոլսինի հայտարարությունը՝ հայ մելիքներին իրավունք է տրվում ունենալու իրենց հեծելազորները, մեծ ցնծություն առաջացրին Ղարաբաղում։ Չկա մեծ դահիճն ու խաբեբան, խորամանկ ու ագահ բռնակալը։ Եվ դա շնորհիվ մայոր Լիսանևիչի ու մելիք Ջումդուդ Շահնազարյանի։
Տիզակի մելիք Ղահրաման Ավանյանը իր մարդկանցով շտապեց Ասկերան՝ շնորհակալություն հայտնելու մայորին։ Գեներալ Նեբոլսինը երկու գումարտակ թողնելով Ասկերանում, մեկնել էր Ելիզավետպոլ, գնդապետ Կարյագինը՝ Թիֆլիս՝ բուժվելու։
Տիզակի մելիքը դատարկաձեռն չէր եկել, իր հետ բավականին գինի էր բերել, ինչպես նաև երեսուն ոչխար, թթի օղի, մոթալի պանիր և այլն։ Լիսանևիչը գինին բաժանեց եգերներին և ասաց. «Արժե նշել մեր հաղթանակը։ Մեր զինվորները ծանր օրեր շատ էին տեսել, թող մի քիչ ուրախանան», և ինքն էլ իր հերթին հրավիրեց Իվան յուզբաշուն, Տիզակի մելիքին ու իր մտերիմներին՝ ճաշի ու զրույցի։
Առավոտյան մայոր Լիսանևիչը պորուչիկ Լադինսկուն կարգադրեց շարքի կանգնեցնել բոլոր եգերներին։ Եգերները եկան շարվեցին գետափին։ Քիչ անց եկավ Հովհաննես յուզբաշին՝ իր հեծելախմբով։
- Զգա՜ստ,- հրամայեց Լադինսկին ու զեկուցեց մայոր Լիսանևիչին.- Ձերդ գերազանցություն, 17-րդ եգերյան գնդի երրորդ ու չորրորդ գումարտակները շարված են ձեր հրամանով։
Մայորը ողջունեց եգերներին ու հայ կամավորականներին, ասաց.
- Եղբայրնե՜ր, Աբաս Միրզան ջարդվել է՝ շնորհիվ ձեր ցուցաբերած խիզախության... Բայց այդ դեռ չի նշանակում, որ մեր թրերը դնենք պատյանում։ Աբասն էլի կգա ու էլի կջարդվի։
Եղբայրնե՜ր, այսօր մեր հայ բարեկամները բաժանվում են մեզանից, գնում են իրենց վար ու ցանքսին, բայց մենք նրանց ասում ենք ոչ թե գնաք բարով... Ասում ենք՝ մենք նորից կհանդիպենք և թշնամու դեմ նորից կկռվենք միասին։ Նորին գերազանցություն գեներալ Նեբոլսինի անունից և ձեր անունից, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր խիզախ հայ եղբայրներին։
Թնդաց «ուռան», Հովհաննես Աթաբեկյանն ու մայոր Լիսանևիչը համբուրվեցին ու փոխանակեցին իրենց թրերը։
7.
Միապետը մարգարե է, նա ամեն ինչ գիտե։ Նայում է դիմացինի դեմքին և իսկույն կռահում նրա միտքը՝ շքանշան է ուզում։ Իսկ ինչո՞ւ այդ շքանշանի հետ չբարձրացնել նրա աստիճանը՝ թող մայորը լինի գնդապետ, գնդապետը՝ գեներալ։ Գեներալները որքան շատ լինեն, բանակն այնքան ուժեղ կլինի, կարգապահությունը՝ բարձր։
Մինիստրներին նույնպես շքանշաններ են հարկավոր, առանց շքանշանի ի՜նչ մինիստր։ Եվ միապետն այս հարցում առատաձեռն է, շքանշանով ոգևորում է, շքանշանով խաբում է, շքանշանով կաշառում է, շքանշանով շողոքորթում է, շքանշանով սպանում է նաև։ Ավելի շատ շքանշան, Ռուսաստանը մետաղներով հարուստ երկիր է, չի աղքատանա։
Թագավոր Ալեքսանդրը իր մտերիմների շրջանում այն կարծիքն է ստեղծել, որ Ռուսատանը ոչ ոք այնքան լավ չգիտե, որքան ինքը։ Մինչդեռ նրա մինիստրներին հայտնի է, որ միապետը Ռուսաստանը գիտե քարտեզով, այն էլ ոչ լրիվ։ Եթե նա Նուխիի կամ Շիրվանի խանությունները մեկ-մեկ շփոթում է Ղարաբաղի հետ, ոչինչ, ներելի է, բայց երբ Ելիզավետպոլը որոնում է Սև ծովի ափերին, այնքան էլ լավ չէ։ Պարծենկոտ է կայսրը, սիրում է հոխորտալ՝ ես պարսիկներից շուտով կխլեմ Էրեվանը,- ասում է չափազանց ինքնավստահ և համոզված։ - Արարատի կատարին կտնկեմ մեր հաղթական դրոշը, իմ տերության սահմանները կձգվեն ավելի հեռո՜ւ, հեռու... Կասպից և Սև ծովերը պիտի ակոսեն ռուսական նավերը, միայն ռուսական նավերը...
Թագավորին այնքան էլ չի հետաքրքրում երկրի ներքին դրությունը, նրա ուշքն ու միտքը Ռուսաստանի սահմաններն ընդարձակելու վրա է։ Մուժիկը դժգո՞հ է, իսկ ինչո՞ւ է դժգոհ, նշանակում է տերը թույլ է, դրա կողերը մի լավ չի ջարդում։ Լուսավորությո՞ւն...Թող լինի լուսավորություն, բայց ոչ այնպիսի լուսավորություն, որ ինչ-որ Ռադիշչև գիրք գրի՝ «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա», ու բղավի. «Սա շղթաներով գամվածի վիճակ է, սա մռայլ զնդանի մեջ բանտարկվածի վիճակ է, սա լծված եզան վիճակ է»։ Իսկ ի՞նչ արեց թագուհի Եկատերինան՝ այդ խռովարարի մահվան դատավճիռը փոխեց աքսորով։ Ա՜յ քեզ մտահոգություն...
Ուժեղ միապետը, երկար բազուկներ ունի. մայրաքաղաքից ձեռքը մեկնում է մինչև Ղարաբաղ, բռնում քաշում Աբաս Միրզայի ականջն ու ասում. «Թագաժառանգ Աբասիկ, եթե քեզ խելոք չպահես, ես քո հերը կանիծեմ»։ Նա մատը ճոճում է թուրքական սուլթանի վրա, Նապոլեոն Բոնապարտին արհամարհանքով ասում է՝ տես, հա՜, կորսիկացի թզուկ, Ռուսաստանը քեզ համար ոչ Անգլիա է, ոչ էլ Եգիպտոս...
Թագավոր Ալեքսանդրը Աբասի դեմ տարած երկրորդ հաղթանակը Ղարաբաղում համարեց իր անձնական հաղթանակը։ Կոմս Գուդովիչին ընդունեց բարձր տրամադրությամբ։ «Կոմս,- ես այդ Աբասիկին լավ քոթակեցի, չէ՞ ... Իսկ Նեբոլսինը, կեցցե՜, քաջ գեներալ դուրս եկավ, արժանի է շքանշանի»։ Բայց թագավորի ականջին ձայն էր հասել. «Ես նրա քաջությունն ընդունում եմ, կոմս, սակայն ինձ հայտնի է, որ նրա հրամանատարության տակ կան դժգոհ տարրեր... Ո՞վ է այդ գնդապետ Կարյագինը, կոմս»։ Գուդովիչը հասկացավ բանն ինչումն է՝ գնդապետ Կարյագինն ինչ-որ մեկի ներկայությամբ ասել է՝ մեր հայր թագավորը աստիճաններն ու շքանշանները բաժանում է ոչ թե ըստ կատարած ծառայությունների, այլ ըստ մորուքների։ Կոմսը նրան՝ Կարյագինին, որոշել է ներկայացնել շքանշանի ու աստիճանի բարձրացման։ Փորձեց դրությունն ինչ-որ ձևով հարթել. «Ձերդ պայծառափայլություն,- ասաց,- հեռուներից եկած լուրերին այնքան էլ չպիտի հավատալ։ Գնդապետ Կարյագինը խիզախ մարդ է»։ Նա համառոտակի պատմեց Ելիզավետպոլի մոտ տարած նրա փայլուն հաղթանակի և այն մասին, թե ինչպես է հայ Հովհաննես յուզբաշու օգնությամբ իր փոքրիկ գումարտակով դուրս եկել թշնամու օղակից։
- Ուրեմն այդ հայը խիզախ մարդ է։
- Չեք սխալվում, ձերդ պայծառափայլություն։
- Կոմս, դուք կարող եք նրան ներկայացնել արծաթե մեդալի... Իսկ այդ Կարյագինին...,- նա կնճռոտեց դեմքը,- առայժմ խոսք լինել չի կարող դրա աստիճանի բարձրացման մասին։ Շքանշանը հերիք է։
Միապետը մեծահոգի է նաև, ոխ չի պահում։
Հետո նրան հանկարծ հետաքրքրեց Շուշիի խանությունը։
Կոմս Գուդովիչը պատմեց համառոտ։ Մայոր Լիսանևիչը հայազգի մելիք Ջումշուդ Շահնազարյանի օգնությամբ բերդը ոչ միայն պաշտպանել է, այլև բերդից հարվածել է Աբաս Միրզային։
- Իսկ խանը,- միապետը մոռացել է նրա անունը,- ի՞նչ եղավ խանը։
- Ձերդ պայծառափայլություն, Իբրահիմ խանին դավաճանության համար գլխատել են։
- Գլխատե՞լ,- թագավորն օրորեց գլուխը,- կոմս, դա դաժան պատիժ է, շատ է դաժան։ Պիտի գնդակահարեին և ոչ թե գլխատեին։ Մենք չպիտի իջնենք այդ վայրենի Աբասիկի աստիճանին։ Ինչպե՞ս է մայորի ազգանունը։
- Լիսանևիչ, ձերդ պայծառափայլություն։
- Ներկայացնել շքանշանի և աստիճանի բարձրացման։ Հայ մելիքին նույնպես... Ես գնահատում եմ նաև իմ տերության տակ մտնող մյուս ազգերի ծառայությունները։ Ես նրանց նույնպես համարում եմ իմ հարազատ զավակները։
Ներկաները ցնծացին.
- Ինչպիսի՜ մեծահոգություն...
8.
Խարդախ ու խորամանկ Իբրահիմ խանին փոխարինեց որդին՝ մոռացկոտ, մտացրիվ, կասկածամիտ ու վախկոտ Մեհթի խանը։ Նա հավատարմության երդում տվեց ռուսական կառավարությանը, երդվեց Ղուրանով, ալլահի, սուրբ Մուհամեդի, Փեղամբարի սուրբ անուններով երդվեց, որ միշտ հավատարիմ կմնա արեգակների արեգակ, մարգարեների մարգարե, աստծո կրկնօրինակ Ալեքսանդր փադիշահին։- Սա էլ իրեն շրջապատեց թեթևամիտ, կասկածելի վարքի տեր մարդկանցով, իր գործունեությունը սկսեց կերուխումներով։ Ի՞նչ անենք, թե Ղուրանը դեմ է խմիչքին. եթե ռուսները խմում են, հայերը խմում են, ինչո՞ւ ինքը չխմի։ Ոչինչ, ալլահը կների, ալլահը մեծահոգի է։ - Մտացրիվ խանը հաճախ մոռանում է իր երեկվա տված հրամանը, իր ձեռքով ստորագրած հրամանները շարունակ փոփոխում է, գյուղեր ու կալվածքներ է պարգևում իր ազգակիցներին, մի քանի ամսից հետո այդ գյուղերն ու կալվածքները խլում նրանցից, տալիս մի ուրիշին։ Երկչոտ ու հարբեցող խանը ամեն կերպ ձգտում է սիրաշահել իր հակառակորդներին, և երբ Հովհաննես յուզբաշին պահանջեց խանական հարկեր չվերցնել կուսապատցիներից, Մեհթի խանը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև Գյուլաթաղ և Մոխրաթաղ գյուղերը նույնպես հանձնեց իր յուզբաշի քիրվային, տվեց նրան մելիքի իրավունքներ։
Կարգ ու կանոնները խանական պալատում փոխվեցին։ Խանը վեզիրների համար «Ձերդ պայծառափայլություն» է, գլխավոր վեզիրը պարտավոր է շաբաթը մի անգամ հաշիվ տալ նրան՝ գործերի վիճակի մասին. որքան ոչխար է մորթվել, կանանց վրա որքան փող է ծախսվել, որքան հյուրեր են ընդունել, ինչ փեշքեշներ են ստացել, հարճերն ինչ պահանջներ ունեն, ռուսները բերդում որքան սալդաթ են պահում, և նման բաներ։ Բայց գլխավոր վեզիրը միշտ չէ, որ խանին գտնում է սթափ վիճակում։ Խանը կոնծում է գիշեր-ցերեկ, և նրա սիրած խմիչքը ռոմն է։ Գլուխը ցավում է՝ խմում է՝ փորը ցավում է՝ խմում է, լյարդը ցավում է՝ խմում է, բարկանում է՝ խմում է, ուրախանում՝ խմում է։ Հարճերը, սազանդարները, գրագիրները և մնացած ղուլուղչիները խանի գանձարանի վրա չնայած ծանր են նստում, բայց նա պահում է պորտաբույծների այդ հսկա ոհմակը, գտնելով, որ առանց դրանց խանությունը կկորցնի իր հմայքը։
Պալատը լցվեց զանազան բեկերով։ Նախկին ջորեպաններն ու ախոռապանները արժանացան «բեկ» տիտղոսին։ Նույնիսկ հետին ծառաներն իրար այդպես էլ դիմում են՝ ա՜յ սալա՜մ, սալամ, Նազիմ բեկ։ Այ ալեքում սալամ, Նովրուզ բեկ։ Խանի քիսաչին բեկ է, ֆայտոնչին բեկ է, բոստանչին բեկ է, ոչխարապահը բեկ է, խոհարարը բեկ է, հացթուխը բեկ է, գիշերանոթը պահողը բեկ է, դռնապահը բեկ է... և ինքը՝ Մեհթի խանն է մի անգամ կատակով ասել՝ չեմ հասկանում, այսքան բեկերը որտեղի՞ց եկան, շան ես խփում՝ բեկ է դուրս գալիս, բեկի ես խփում՝ շուն է դուրս գալիս։
Արդյոք Մեհթի խանը տեղյա՞կ էր, թե Պարսկաստանում ինչ է կատարվում։ Գիտե՞ր, որ Աբաս Միրզան պատրաստվում է նոր արշավանքի։ Չէր կարող չիմանալ։ Աբասը նորից կխուժի Ղարաբաղ և կպաշարի Շուշին։ Բայց ինչո՞վ կավարտվի այդ հարձակումը։ Խանը մարգարե չէ, չի կարող կռահել, թե ով կհաղթի և ով կպարտվի, որ անցնի հաղթողի կողմը։ Շահզադեի նպատակը պարզ է՝ տիրել Ղարաբաղին։ Իսկ Լիսանևիչին փոխարինող գնդապետ Ասսեևը մի տեսակ փակ մարդ է, մտքինը երբեք չես կարող իմանալ։
Մեհթի խանը մտատանջության մեջ է։ Ինչո՞ւ է այդ Հովհաննես յուզբաշին իր հեծելախմբով հաճախակի հայտնվում Շուշիում։ Ի՞նչ մտադրություններ ունի, գուցե հենց իրեն՝ Մեհթի խանի՞ն է հետևում։ Խանը հատուկ մարդիկ ունի, նրանք պարտավոր են ամեն ինչ իմանալ և հայտնել իրենց տիրակալին, բայց նրանք ոչինչ չկարողացան իմանալ։
Հովհաննես Աթաբեկյանը ոչ միայն Ղարաբաղի բոլոր ճանապարհները լավ գիտե, այլև այն ճանապարհը, որ Արաքսի ափից տանում է Թեհրան, մինչև Աբաս Միրզայի զորակայան, ուր իր պաշտոնական պարտականություններն է կատարում շահզադեի աջուդան-բաշի Սեյֆօլլա Վահիդ էլ Փուրը։ Աբասի բանակում կատարվող փոփոխությունները, տեղաշարժերը, պետական գաղտնիքները գաղտնիք չեն մնում, իսկույն այդ մասին իմանում են Ղարաբաղում։ Այն, ինչ կատարվում է Թեհրանում՝ փակ վարագույրների ետևում, Ղարաբաղի ռուսական բանակի հրամանատարությունը տեսնում է։ Սարդարների սարդարը շարունակում է բանակցությունները Նապոլեոնի հետ, անգլիացիներից հրանոթներ է գնում, թուրքական սուլթանին ջերմ ողջույններ է հղում... Պարսկաստանի աղվեսապոչ առյուծը հայերի նկատմամբ լավ է տրամադրված, ասել է՝ այս հայերը գլուխ ունեն, դրանց գլուխները հիմա ինձ շատ են հարկավոր, իսկ երբ նվաճեմ Կովկասը, ես իմ ձեռքով կկտրեմ խելոքների գլուխը։ ԵՎ ապա՝ նորջուղայեցի շահի բժշկապետ Դավիթ-խան Մկրտչյանի նամակը Ղարաբաղի հայ մելիքներին. «Աբաս Միրզայի քաղցր խոսքերին երբեք չհավատաք, նա ուզում է հայերին զատել ռուսներից, նվաճել Ղարաբաղը և ձեզ դարձնել իր հլու կամակատարները»։
Ռուսական հրամանատարությունը գոհ է Հովհաննես Աթաբեկյանից և չէր կարող չգնահատել նրա ծառայությունները։
Ահա՝
«Սույնը տրվում է Ղարաբաղի տիրույթի հայ յուզբաշի Հովհաննեսին այն մասին, որ նա ինչպես ինձ նախորդող գնդապետ Կարյագինի, նույնպես մինչ իմ գալը այս պաշտոնը գրավող հրամանատար գնդապետ Լիսանևիչի (որը հիմա գեներալ- մայոր է ու եգերյան 9-րդ գնդի պետը), նմանապես Կոտլյարևսկու, իսկ հետո սկսած 1807 թվականից մինչև սույն 1811 թվականը իր հրամանատարության տակ եղած ժամանակ, թագավոր կայսերը ծառայելիս իր վրա դրված բոլոր հանձնարարությունները նա կատարել է գերազանց փութաջանությամբ ու եռանդով։ Բազմիցս իր ենթականերին ուղարկել է Պարսկաստան՝ իմանալու հակառակորդի բոլոր մտադրությունները, մահափորձերի մասին և, այդպիսով, նա ինձ համար բերել է ստույգ տեղեկություններ։ Իսկ գլխավորապես նա մեզ օժանդակում է ամենավտանգավոր պահերին։ Պահակակետերում նշանակված թաթարները տեղեկանալով հակառակորդի զորքերի մոտենալու մասին, իսկույն փախչում են, իսկ նա՝ յուզբաշի Հովհաննեսը, պոստային ողջ ծառայությունը կատարում է իր ենթականերով, առանց որևէ հատուցման և բազմիցս նրանց շատ կարևոր հաղորդումներով Ելիզավետպոլ է ուղարկել որպես բանագնաց և, ինչպես ինձ հայտնի է, նա այդ նպատակով ծախսել է բավականին քանակով իր սեփական փողերը։ Դրա համար, արդեն փորձով ապացուցված, նման ջանասիրությունը ես պարտավոր եմ անկողմնապահորեն բացատրել ու երաշխավորել վերադաս հրամանատարության առաջ, որ նա՝ Հովհաննես յուզբաշին, այս դեպքում արժանի է միապետի պարգևին և ի հարգանքս դրա տրվում է սույն իմ ստորագրությամբ ու իմ կնիքի զինանիշի դրոշմով։
Ղարաբաղի տիրույթի ի բարեբախտ բերդը Շուշի, հունիսի 16-րդ օր 1811 ամի։
Գնդապետ Ասսեև»։
Մի ուրիշ վկայագիր՝
«Տրվում է սույնը հայերից հարգելի յուզբաշի Հովհաննեսին այն մասին, որ 17-րդ եգերյան գնդի հրամանատար եղածս ժամանակ, ես նկատեցի նրա մեջ Ռուսաստանի նկատմամբ իսկական համակրություն։ Դրանցից էլ առավել նրա վրա իմ կողմից դրված բոլոր հանձնարարությունները կատարվում էր առանձնահատուկ փութկոտությամբ, և հաճախ է իր ենթականերին ուղարկել պարսկական սահմանը, որպես լրտեսներ, ընդ որում, Թարթառի պահակակետում պահանջվող քանակով կազակներ ու թաթարներ չունենալով՝ հակառակորդից սպասվող վտանգի առաջն առնելու համար, նա զբաղվում էր պետական թղթակցությունները առաքելով, որը կատարում էր առանց որևէ թերացման, որի համար ես կարող եմ արժանին հատուցել նրան՝ Հովհաննեսին, քանի որ նա արժանի է պատշաճ պարգևատրման, դրա համար էլ սույնը հաստատում եմ իմ ստորագրությամբ ու 17-րդ եգերյան գնդի դրոշմով։
Տրվում է ի բարեբախտ բերդը Շուշի, Ղարաբաղյան տիրույթում, սեպտեմբերի 25-րդ օրը 1811 ամի, թիվ 427։
Փոխգնդապետ Սնակսարև»։
9.
Եկավ 1812 թիվը։
Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև կնքված պայմանագիրը կորցրեց իր ուժը։ Երկու տերությունների երիտասարդ թագավորները, որ չորս տարի առաջ Տիլզիթի հաշտության պայմանագիրը ստորագրելիս իրար սիրաշահելու ռևերանսներ էին անում, հանկարծ սկսեցին դժգոհել։ Կայսրերը ըստ պայմանագրի, պայմանավորվել էին, որ Ֆրանսիան ազատ գործողությունների ազատություն է ստանում Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանը՝ Եվրոպայի հյուսիսում և Հյուսիս-արևելքում։ Ստացվեց այսպես՝ չնայած Նապոլեոնը Պրուսիայից խլած լեհական հողում ստեղծեց վարշավյան հերցոգությունը, բայց չկարողացավ հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում, Ռուսաստանը հարկադրված էր իր առևտրական կապերը խզել Անգլիայի հետ։ Ո՞վ էր ում խաբել՝ Նապոլեոնը Ալեքսանդրի՞ն, թե՞ Ալեքսանդրը Նապոլեոնին։ Թերևս կորսիկացին ինչ-որ տեղ շահել էր. նա վարշավյան հերցոգությունը դարձրեց Ռուսաստանի դեմ պատերազմի պլացդարմ և հակառակորդի 590 հազարանոց բանակի դեմ արդեն ուներ մեկ միլիոն 200 հազար զինվորից բաղկացած հզոր բանակ։
Հիմա Աբաս Միրզան այնքան էլ չի շտապում, Նապոլեոնն է շտապեցնում։ Պարսկաստանի առյուծը սպասում է, որ Ռուսաստանն իր հիմնական ուշադրությունը բևեռի Արևմտյան սահմանների վրա։ Այդպես էլ եղավ, Կովկասից մի քանի գնդեր ետ քաշվեցին դեպի արևմտյան սահմանները։ Դեռևս 1811 թվականի մայիսին փորձ կատարվեց միավորել թուրքական ու պարսկական զորքերին՝ ռուսական բանակին համատեղ հարված հասցնելու համար, բայց այն անհաջողության մատնվեց. Աբասը ենթադրում էր, որ հաջողության դեպքում ստիպված կլինի իր «ավարը» կիսել սուլթանի հետ։ «Ես Անդրկովկասից մի բուռ հող անգամ չեմ զիջի սուլթանին՝ թեկուզև թաղվելու համար»,- ասաց շահզադեն։ Նա Անդրկովկասն արդեն համարում էր իրենը։
Կովկասյան գծի գլխավոր հրամանատարության շտաբում տեղի ունեցող փոփոխությունները դարձան սովորական երևույթ։ Նոր հրամանատարները գալիս են իրենց մարդկանցով, անպայման թերագնահատում իրենց նախորդներին, գնդերում, վաշտերում, գումարտակներում, մարտկոցներում անընդհատ վերափոխություններ կատարում։ Եթե նախկին գնդի հրամանատարը ավելի շատ ուշադրություն էր դարձրել թեթև հրանոթներին, գտնելով, որ դրանք լեռնային պայմաններում գործելու լայն հնարավորություններ ունեն, նորերը դա համարում են միանգամայն սխալ, գտնելով, որ հաղթանակի բախտը որոշում է ծանր հրետանին։ Կայազորների միջև չկար հստակ կապ. Բաքվի կայազորի հրամանատարը չգիտեր, թե ինչ է կատարվում Ելիզավետպոլում, իսկ Ելիզավետպոլի նոր հրամանատարը դեռ չէր հասցրել կարգին իմանալ, թե Ասկերանի բերդը ներկա պատերազմում ինչ դեր կարող է խաղալ։
Տրոիցկյան գումարտակի հրամանատար մայոր Ժինեն, որ նույնպես նոր մարդ էր, Ելիզավետպոլից հրաման ստացավ տեղափոխվել Թարթառ գետի մոտ գտնվող Սուլթան-բուդ կոչվող ձմեռանոցը, այսինքն Մեհթի խանի ձմեռային նստավայրը։ Մայորը կոնկրետ չգիտեր իր անելիքը՝ խանին հսկելու համա՞ր է եկել այստեղ, թե՞ թեթևամիտ ու հարբեցող կապիտան Օլովյաշնիկովի հետ վիճելու։ Կապիտանը զինվորների հետ վարվում է այնպես, կարծես նրանք իր ճորտերն են։ Նա գիշեր-ցերեկ խանի հետ կոնծում է, զբաղվում թղթախաղերով և մեկ-մեկ էլ աչքը գցում խանական հարճերի վրա։
Ղարաբաղի խանության ժառանգորդ Ջաֆար Ղուլի աղան, որ փախել էր Շուշիից և ծառայում էր Աբաս Միրզային, արդեն տեղյակ էր, թե ինչ է կատարվում Սուլթան-բուդում։
1812 թվականի հունվարին պարսիկները նորից խուժեցին Ղարաբաղ և պաշարեցին խանի ձմեռանոցը։ Մայոր Ժինեն սպանվեց առաջին օրը, և նրան փոխարինեց կապիտան Օլովյաշնիկովը։ Նոր հրամանատարը, առանց կռվի, հենց հաջորդ օրը՝ լուսաբացին, սպիտակ դրոշակ բարձրացրեց և հանձնվեց, իսկ Մեհթի խանը դեռևս գիշերն էր թողել իր ձմեռային նստավայրը և փախել Շուշի։
Երբ Հովհաննես Աթաբեկյանը 200 եգերներով և երկու հրանոթով դուրս եկավ Շուշիից, չգիտեր, թե ինչ է տեղի ունեցել Սուլթան-բուդում։ Գումարտակի հրամանատար մայոր Իլյաչենկոն շտապեցնում էր և հավատացած էր, որ Տրոիցկյան զորագունդը կդիմադրի մինչև օգնության հասնի Շուշիի եգերյան գումարտակը։
Նրանք դեռ նոր էին մոտեցել Շահբուլաղին, երբ լուր ստացան, որ մայոր Օլովյաշնիկովը, առանց որևէ դիմադրության, հանձնվել է։
Գումարտակը նորից չէր կարող վերադառնալ Շուշի. Աբաս Միրզան իր հեծելագնդերով արդեն հասել էր Ասկերան, իսկ Ջաֆար Ղուլին գալիս էր Շահբուլաղի վրա։
Կրկնվեց յոթ տարի առաջ տեղի ունեցած պատմությունը։
Բայց հիմա բերդը պաշարել էր ոչ թե Աբաս Միրզան, այլ Ջաֆար Ղուլին, Մեհթի խանի եղբորորդին, «ռուսներին ծախված» հորեղբոր ոխերիմ թշնամին։ Բանակցություններ վարելու համար նա կանչեց որևէ սպայի, և քիչ անց բերդի պարսպի վրա երևաց Հովհաննես Աթաբեկյանը։
- Այդ դո՞ւ ես, Հովհաննես յուզբաշի,- զարմացավ Ջաֆար Ղուլին։
- Չես սխալվում, Ջաֆար Ղուլի, ես եմ։
- Եվ նորի՞ց ռուսների մեջ։
Հովհաննես յուզբաշին հարցին հարցով պատասխանեց.
- Եվ դու էլ նորի՞ց ղզլբաշիների մեջ։ Ի՞նչ ես կորցրել Ղարաբաղում, Ջաֆար Ղուլի։
- Ես եկել եմ իմ վաթանը, եկել եմ իմ պապական հողից քշելու ռուսներին։
- Ստում ես, քո պապերը Ղարաբաղում երբեք հող չեն ունեցել։ Ջաֆար Ղուլի, քո պապերը քոչվորներ են եղել, անտուն ու անտոհմ քոչվորներ։
Ջաֆար Ղուլին թունոտ ծիծաղեց.
- Վալլա՜հ, էս հայերից խելքս բան չի կտրում։ Աշխարհը կքանդվի՞, որ ձեր հոժար կամքով, առանց արյուն թափելու, էս Ղարաբաղը մեզ փեշքեշ անեք, դուք էլ գնաք մի ուրիշ տեղ ապրեք։
Հովհաննես յուզբաշին պատասխանեց.
- Վալլա՜հ, Ջաֆար Ղուլի, իմ խելքն էլ ձեզանից չի բան կտրում. աշխարհը կքանդվի՞, որ դուք էլ հրաժարվեք թալան ու գողությունից, գնաք ապրեք ձեր ճակատի հալալ քրտինքով։ Ի՜նչ խալխ եք, դատարկ գերեզման եք տեսնում, իսկույն մեջն եք մտնում, թե սա մեզ համար մեր ալլահն է փորել։
- Ուժեղին պիտի ենթարկվել։ Էն ձեր ավետարանը չի՞ ասում՝ եթե ձախ երեսիդ մուշտի են տալիս, աջը դեմ արա։ Վալլա՜հ, խելոք է ասել։
- Ջաֆար Ղուլի, մեր ավետարանը մի ուրիշ բան էլ է ասում,- պատասխանեց Հովհաննես յուզբաշին։
- Ի՞նչ է ասում...
- Հրաժարիմք ի խաբեութենե... Բայց միևնույն է, դա քո խելքի բանը չի, գող ու շողոքորթ ծնվել ես, շողոքորթ ու գող կմեռնես։ Հիմա ասա տեսնեմ՝ ուզածդ ի՞նչ է։
- Մայոր Ժինեի զորքը հանձնվել է։
- Հասկացանք։
- Իսկ դուք ի՞նչ եք մտածում։
- Մտածելու համար ժամանակ է հարկավոր։
- Մինչև առավոտ ժամանակ եմ տալիս... Բայց տես, հա՜, մի անգամ դուրս ես պրծել էս բերդից, էս անգամ չես կարող։
Ջաֆար Ղուլին փակել էր բերդի բոլոր անցուղիները։ Դա Հովհաննես Աթաբեկյանը լավ գիտեր։ Սակայն Ջաֆար Ղուլին չգիտեր, որ բերդն ունի ուրիշ մի ճանապարհ, որ անցնում է լեռներով։
10.
Աբաս Միրզայի ձմեռային արշավանքը Ղարաբաղի վրա նրա տարեգիրները համարեցին ձմեռային զբոսանք և ապա ավելացրին. «Պարսկաստանի առյուծների առյուծի նույնիսկ թեթևակի զբոսանքն ավարտվեց փայլուն հաղթանակով։ Շահերի ծովերի ադամանդը կայծակի պես շանթեց, մի ակնթարթում ջարդեց Սուլթան-բուդի ռուսական մեծ բանակին, գերի վերցրեց բոլորին, այդ թվում նրանց գեներալ Օլովյաշնիկովին, նրա սարհանդներին ու ամիրներին»։ Պարզ է, եթե Օլովյաշնիկովի գումարտակը մեծ բանակ է դարձրել, իսկ ինչո՞ւ կապիտանի ուսերին ավելի շքեղ ուսադիրներ չդնեն՝ դարձնեն գեներալ։
Ղարաբաղի ինքնակոչ խան Ջաֆար Ղուլիի բախտը այս անգամ էլ չբերեց։ Մեհթի խանը փախավ ձեռքից, իսկ այդ Հովհաննես յուզբաշին ոչ միայն չհանձնվեց, այլև բերդում մի նամակ թողեց՝ «Ջաֆար Ղուլի, աղվեսին խաբողը՝ կատվին էլ կխաբի»։
Ջաֆար Ղուլին մի ավազակություն պիտի աներ. իր հեծելախմբով արշավեց Շոշի վրա՝ թալանի։ Բայց դեռ չհասած Մազե կամրջին, մելիք Ջումդուշի հեծելագունդը այնպիսի մի ջարդ տվեց ինքնակոչ խանին, որ հազիվ մի քանի հոգով փախավ՝ միանալու Աբաս Միրզայի բանակին։ Շահզադեն արդեն գիտեր, որ Ղարաբաղի ռուսական զորքերի հրամանատար է նշանանակվել գեներալ Կոտլյարևսկին, նպատակահարմար գտավ ստվեր չձգել իր «փայլուն հաղթանակի» վրա, քաշվեց Արաքսի այն ափը։
ՍԵՅՖՕԼԼԱ ՎԱՀԻԴ էԼ ՓՈՒՐ. Ես չմասնակցեցի Աբաս Միրզայի ձմեռային արշավանքին։ Շահզադեն ինձ նշանակել է իր փառքը գովերգող գրչավորների գլխավոր։ Ալլա՜հ, ալլա՜հ, այս ի՞նչ պատիժ է։ Ինչե՜ր ասես, որ չեն հորինում այս ողորմելիները. «Սարդարների սարդարը Պարսկաստանը դարձրել է դրախտ, Ֆիրդուսին մեր երկրի ամենամեծ բանաստեղծն է, Աբաս Միրզան՝ ամենամեծ զորավարը։ Բայց այս երկուսից ո՞րն է զորավոր, իհարկե՝ Աբասը։ Այն, ինչ չկարողացավ անել Ֆիրդուսու Ռոստամ Զալը, արեց սարդարների սարդար Աբաս Միրզան։ Լիություն է երկրում, նույնիսկ հասարակ շինականն իր կնոջը լողացնում է կաթի մեջ»։ Բայց ինչո՞ւ շինականը և ոչ թե Ֆաթհ Ալի շահն ու նրա որդի Աբաս Միրզան։
Շաբաթ օրը ալլահի ստվերը մեզ հրավիրեց պալատ։ Տրամադրությունը բարձր էր։ Փառահեղ սև մորուք, խորամանկ աչքեր, կպչուն հայացք, նենգ ժպիտ, հաստ շուրթեր, իսկ ատամները ճերմակ են։ Ես զարմանում եմ, թե այդ մարդակերը ինչպե՞ս կարող է այդքան ճերմակ ատամներ ունենալ։
Ֆարիդ էլ Մանսուրը մի բանաստեղծություն կարդաց՝ ձոնված աշխարհի ամենամեծ սարդարին, Աբասը լսեց և չհավանեց այն տողը, ուր բանաստեղծը նրան համեմատում է կաղնի ծառի հետ։ «Դա սխալ է, շահիր,- ասաց Աբասը,- կաղնուն կացինը կտրում է, կայծակը վառում է, որդը ուտում է, մկները նրա փչակում բուն են դնում։ Կաղնին կդարձնես աշխարհների երկրորդ արև»։
Մյուսներն էլ կարդացին իրենց գրածները։ Աբասի բանակը համեմատեցին երկաթե մորեխների, պողպատե օձերի, պղնձաձև գիշանգղերի, յոթգլխանի վագրերի և չգիտեմ էլ ինչերի հետ։ Շահզադեն «երկաթե մորեխներն ու պողպատե օձերը» շատ հավանեց։ Հետո խոսեց ինքը՝ ալլահի ստվերը. «Ես շուտով ալլահի կամքով և իմ թրի զորությամբ ծնկի կբերեմ ամբողջ Ղարաբաղը,- ասաց նա,- ապա կգրավեմ Գյանջան, կառնեմ Վրաստանը, հետո թրիս հարվածով Դաղստանը կպոկեմ ռուսներից։ Մինչև իմ դաշնակից Նապոլեոնը մոտենա Մոսկվային, ես կնվաճեմ ամբողջ Կովկասը։ Իմը կլինեն Կասպից և Սև ծովերը։ Կասպից ծովը կդառնա Աբասի ծով, իսկ Սև ծովը ես կկոչեմ մեր մեծ և իմաստուն շահի անունով»։
Ծիծաղելին այն է, որ բոլորն էլ հավատում են ալլահի ստվերին։
11.
Փառքի տենչը չէր մարկիզ Պաուլուչչիին բերել Կովկաս։ Նա եկավ կովկասյան գծի գլխավոր հրամանատարին փոխարինելու այնպիսի խառն ժամանակներում, երբ հնարավոր չէր կռահել, թե որտեղից է վտանգ սպառնում՝ Իմերեթիայի՞ց, Դաղստանի՞ց, Աբխազիայի՞ց, Շիրվանի խանությունի՞ց, թե՞ Արաքսի այն ափից։ Դաղստանում մոլլաներն ու շեյխերը «Ղազավաթ» են գոռում և իրենց ներկայացուցիչներն ուղարկում Թեհրան՝ բանակցություններ վարելու Աբասի հետ։ Ղարաբաղի Մեհթի խանին չպիտի հավատալ, նա սպասում է հարմար պահի, որպեսզի կանգնի նժարի ծանր կողմին, ինչպես իր հայրը՝ Իբրահիմ խանը։
Մարկիզը մեծ զորավարի հավակնություններ չուներ, սակայն չէր կարող չտես-նել, որ կայազորների միջև կապն անկայուն է, պահակակետերում տիրում է անտիրություն, գնդերի հրամանատարներն իրենց ձեռքի տակ չունեն գործողության հստակ պլան, անբարեկարգ ճանապարհների հետևանքով հրանոթները շաբաթներով մնում են ձյունի ու անձրևի տակ, սայլերը ժամանակին չեն հասցնում ռումբերն ու կարտեչները, իսկ պարսկական լրտեսները վխտում են ամենուր։
Տրոիցկյան զորագնդի խայտառակ պարտության լուրը գլխավոր շտաբում մեծ աղմուկ բարձրացրեց։ Շտաբայինների մի մասը այն կարծիքին է, որ դա կատարվել է Մեհթի խանի մեղքով, մի մասը մեղադրում է Ելիզավետպոլում նստած բանակի հրամանատարին, որ գումարտակը վստահել է վախկոտներին ու դավաճաններին։
Մարկիզն այդ մասին լսեց Ղուբայում և առավոտյան իր զորագնդով շտապեց Շուշի։ Ցուրտ ձմեռ էր, տափաստանում՝ ձյունամրրիկ, քամի, սառնամանիք։ Ելիզավետպոլի մատույցներում, ճանապարհից մոտ երկու վերստ հեռու նա նկատեց մի պահակակետ։ Թեքվեց ճանապարհից, մոտեցավ. փոքրիկ փայտաշեն հոլիկից դուրս եկավ մի եգեր, ձեռքը տարավ քունքին, բայց որովհետև չգիտեր ով է իր «անկոչ հյուրը», ուսերը տարակուսանքով շարժեց, քթի տակ ինչ-որ փնթփնթաց։
- Որտե՞ղ է քո հրացանը,- հարցրեց մարկիզը։
- Այնտեղ, ձերդ պայծառափայլություն,- եգերը ձեռքով ցույց տվեց հոլիկը։
- Իսկ ինչո՞ւ այնտեղ և ոչ թե ձեռքիդ։
- Ձերդ գերազանցություն, դատարկ հրացանով ո՞ւմ պիտի վախեցնեմ։
- Իսկ ինչո՞ւ է դատարկ։
- Ձերդ գերազանցություն, մեր պրապորշչիկն ասում է՝ պահակակետում կարելի է առանց հրացանի էլ յոլա գնալ։
- Իսկ ո՞վ է ձեր պրապորշչիկը։
- Իվան Տիմոֆեևիչ Դուբինինը, ձերդ գերազանցություն։
- Լավ,- մարկիզը դարձավ իր թիկնապահին,- դրա անունը հիշիր։
Մարկիզը շտապում էր, չմտավ Ելիզավետպոլ։ Շուշի հասավ ուշ երեկոյան, մայոր Իլյաչենկոն զեկուցեց գործերի վիճակի մասին։
- Մեհթի խանին ենթարկել տնային կալանքի,- հրամայեց մարկիզը։
- Իսկ մելիք Ջումշուդին և Հովհաննես Աթաբեկյանին հրավիրել ինձ մոտ։
- Հենց հիմա՞, ձերդ պայծառափայլություն։
- Մեհթի խանին կալանքի ենթարկել հենց հիմա, իսկ մելիք Ջումշուդին և Հովհաննես յուզբաշուն հրավիրել առավոտյան։
- Լսում եմ, ձերդ պայծառափայլություն։
... Խանին հարցաքննում էր ինքը՝ մարկիզ Պաուլուչչին։
- Խան,- ասաց նա,- ինձ որքան հայտնի է, դուք երդվել եք, որ միշտ հավատարիմ կմնաք հայր թագավորին։
- Ճիշտ է, ձերդ պայծառափայլություն,- Մեհթի խանը խոնարհեց գլուխը,- իմ երդմանը ես հավատարիմ եմ մնում։
- Իսկ ինչով բացատրել ձեր փախուստը Սուլթանբուդից։
- Ձերդ պայծառափայլություն, երբ մայոր Օլովյաշնիկովը որոշել էր հանձնվել, ինձ մնում էր միայն փախուստի դիմել։
- Բայց չէ՞ որ Ջաֆար Ղուլին ձեր եղբորորդին է։
- Նա առաջինը իմ գլուխը կկտրի։
- Իսկ ինչո՞վ կարող եք հաստատել, որ չեք դավաճանել։
- Ձերդ գերազանցություն, նրանք, ովքեր պիտի վկայեն, հանձնվել են պարսիկներին։
Ճաշից հետո մարկիզը խորհրդակցեց մելիք Ջումշուդի և Հովհաննես յուզբաշու հետ։
Մելիք Ջումշուդն ասաց.
- Ձերդ գերազանցություն, ես, ինչպես Իբրահիմ խանի, այնպես էլ նրա որդի Մեհթի խանի հակառակորդներից եմ։ Մեհթի խանը հիմա չի խաբում, բայց միևնույն է, մի օր կխաբի։
- Կխաբի, դա ինձ հայտնի է... Ես ուզում եմ, որ դուք, Մելիք Ջումշուդ, փոխարինեք այդ Մեհթի խանին։ Ես նրան կաքսորեմ Սիբիր։
- Ձերդ գերազանցություն, ես զինվոր եմ։
- Դուք հիմա ռուսական բանակի գնդապետ եք։
- Գնդապետ եմ, ձերդ գերազանցություն, բայց թույլ տվեք ասել՝ գնդապետ՝ առանց գնդի։ Մենք՝ Ղարաբաղի մելիքներս, նամակով դիմել ենք մեր հայր թագավորին, որ միջոցներ տրամադրի, որպեսզի ունենանք մեր գունդը... Ո՞վքեր են իմ զինվորները՝ հովիվներ, մաճկալներ, բոստանչիներ, մարդիկ, որ վտանգի ժամին իրենց գործը թողնում, գալիս են կռվելու թշնամու դեմ։
- Հասկանում եմ,- մարկիզը գլխով արեց,- իհարկե, դժվար է։ Ես կզեկուցեմ մեր հայր թագավորին,- ու դարձավ Հովհաննեսին.- Դե, քաջ յուզբաշի, դուք ի՞նչ կասեք։
- Ձերդ պայծառափայլություն, ես համամիտ եմ մելիք Ջումշուդի հետ։ Թշնամու դեմ կռվել ցանկանալը դեռևս քիչ է, մեզ զենք է հարկավոր... Իսկ այդ մայոր Օլովյաշնիկովին ես լավ եմ ճանաչում։
- Ի՞նչ տեսակետից։
- Ոչ լավ տեսակետից, ձերդ պայծառափայլություն։ Նա վախկոտ է։ Մայորը կարող էր դիմադրել, բայց նա չսպասեց մեր օգնությանը։
- Պարզ է,- մարկիզը շեշտակի նայեց Աթաբեկյանին,- յուզբաշի, այդ ի՞նչ է, դուք մինչև հիմա ռուսական բանակի սպայի կոչում չունեք։
- Ձերդ պայծառափայլություն, ես աստիճանի և շքանշանի համար չեմ ծառայում ռուսական կայսրությանը։ Ես կռվում եմ իմ ժողովրդի ազատության համար։
- Յուզբաշի, դուք հենց դրա համար էլ արժանի եք շքանշանի և զինվորական աստիճանի։
12.
1812 թվականի մարտի 17-ին մարկիզ Պաուլուչչին հատուկ գրությամբ դիմեց ռազմական մինիստրին. «Գեներալ-մայոր Կոտլյարևսկին երաշխավորում ու ներկայացնում է ինձ ղարաբաղցի պաշտոնյա Հովհաննես յուզբաշի Հարությունովին, որ աչքի է ընկել իր ծառայության նկատմամբ ունեցած օրինակելի ջանասիրությամբ ու հակառակորդի դեմ՝ քաջությամբ...»։
1812 թվական մայիսի 16-ին, վաղ առավոտյան, Ելիզավետպոլի զորանոցում, «վեր կաց»-ին հետևեց շեփորի կանչը։ Գումարտակների, մարտկոցների հրամանատարները զինվորներին հրապարակում կանգնեցրին շարքի, և քիչ անց իր թիկնապահներով, նարնջագույն զամբիկով երևաց գեներալ-մայոր Պյոտր Ստեպանովիչ Կոտլյարևսկին։ Հնչեց «զգաստը», գնդապետը զեկուցեց գեներալին։ Կոտլյարևսկին իր թիկնապահի ձեռքից վերցրեց թուղթն ու կարդաց բարձր ու խրոխտ.
- «Հարգելի ղարաբաղցի Հովհաննես-յուզբաշի Հարությունով։
Նորին կայսերական մեծությունը պարոն գեներալ-լեյտենանտ, Վրաստանում հրամանատար՝ մարկիզ Պաուլուչչիի ամենահպատակ երաշխավորությամբ ծառայության նկատմամբ ունեցած ձեր գերազանց ջանքերի, հակառակորդի դեմ տարբեր պայմաններում հերոսություններ ցուցաբերելու համար, ամենաբարեգութը կամեցավ այդպիսի ծառայությունների համար որպես պարգև շնորհել ձեզ պրապորշչիկի կոչում, նշանակելով սույն կոչմանը համապատասխան՝ տարեկան 200 ռուբլի թոշակ։ Միապետի այս ուշադրությանը արժանանալու համար շնորհավորում եմ ձեզ, մնում եմ լիիրավ հույսով, որ դուք, քաջալերվելով այսպիսի պարգևով, կջանաք նորին կայսերական մեծությանը ավելի եռանդով ծառայել։
Մնամ ձեր եռանդուն բարեկամ՝ Նորին կայսերական մեծության, ամենաբարեգութ իմ արքայի անունից՝ բանակի գեներալ-լեյտենանտ, Վրաստանում ու կովկասյան գծում տեղադրված զորքերի գլխավոր հրամանատար, Աստրախան նահանգի, կովկասյան ու Վրաստանի քաղաքացիական մասի ու սահմանագծային վարչության պետ, կասպիական ռազմական նավատորմի հրամանատար, սբ. Աննայի 1-ին աստիճանի, սբ. Գեորգիի 4-րդ դասի ասպետ՝ Ռտիշչև»։
13.
Պարսկաստանը 200 հազար թուման հարկի դիմաց Անգլիայից ստացավ 12 թնդանոթ, 12 հազար լիցք, 12 հազար եվրոպական նոր ձևի հրացան, մահուդ՝ 12 հազար սարբազների զգեստավորման համար։ 1812 թվականի հոկտեմբերի 12-ին Աբաս Միրզան 12 սարթիփների հետ, սևաթույր նժույգը հեծած, փառահեղ մորուքը ծածանելով, եկավ արշավանքից առաջ ողջունելու իր 12 հազարանոց բանակին։ 12 շեփորահարներ և 12 թմբկահարներ որոտաձայն ողջունեցին շահզադեին և թնդաց հրետանային 12 համազարկ։ Տասներկուսը Աբասի սիրած թիվն է, նրա բլուզը զարդարում են 12 ադամանդե կոճակներ, արշավանքի համար ունի 12 ընտիր նժույգներ և 12 թիկնապահներ։ Խորամանկ անգլիացիները նկատի առնելով շահզադեի այդ թուլությունը, նրան շողոքորթել են 12 թնդանոթով, 12 հազար լիցքով, 12 հազար հրացանով...
Բարձր է Աբասի տրամադրությունը. Նապոլեոնը դեռ անցած ամսի 2-ին գրավել է Մոսկվան, Կովկասից ռուսներն էլի մի քանի գունդ ետ են քաշել և Ղարաբաղում մնացել են եգերյան մի քանի գումարտակներ։ Շահզադեն որոշել է անակնկալի բերել ռուսներին՝ Արաքսն անցնել Ասլանդուզի կողմից, և այդ անցումը պիտի լինի այնքան արագ, որ հակառակորդը չհասցնի նույնիսկ դիմադրել։ Գեներալ Կոտլյարևսկին իր տրամադրության տակ ունի 1500 զինվոր, աննշան քանակով թնդանոթներ, անփորձ սպաներ,- դա նույնպես հայտնի է Աբասին, և նա գործողությունների ընդարձակ պլան է մշակել՝ գրավել բոլոր խոշոր բերդերը, Ղարաբաղը հիմնովին մաքրել ռուսներից, այնուհետև Թուրքիայի հետ համաձայնության գալով, ձեռնարկել նոր հարձակում և ռուսներին հետ շպրտել կովկասյան լեռներից։ Ասում են՝ մի առիթով Աբասն իր մտերիմների շրջանում հայտարարել է.«Նապոլեոնի բանակն իմը լիներ, ես վաղուց նստած կլինեի ռուսների մայրաքաղաքում»։
Թագաժառանգի այս հայտարարությունը մեկնաբանվեց այսպես՝ Աբասը համոզված է, որ ինքը Բոնապարտից ավելի խելոք զորավար է, սակայն իր երկաթե մորեխները, պողպատե օձերը և պղնձե գիշանգղներն ինչ-որ տեղ զիջում են ֆրանսիական զինվորներին։
Գեներալ Կոտլյարևսկուն արդեն հայտնի է Աբասի պլանը։ Բանակի հրամանատարությունն ընդունելուն պես, նա մելիք Ջումշուդի և Հովհաննես Աթաբեկյանի օգնությամբ ստեղծեց 800 հոգուց բաղկացած հայ կամավորականների հեծելագունդ։ Ջրաբերդցիների հեծելախմբի հրամանատար նշանակվեց Հովհաննես Աթաբեկյանը, Վարանդայի հեծելախմբի հրամանատար՝ Թորոս Ներսիսյանը, Տիզակինը՝ մելիք Ավանյանը։ Գնդապետ մելիք Ջումշուդը նշանակվեց երեք հեծելախմբերի գլխավոր հրամանատար։
1812 թվականի հոկտեմբերի 12-ին պարսկական բանակի զորահանդեսը ներ-կայացման պես մի բան էր։ Շահզադեն արշավանքից առաջ պիտի բարձրացնի իր սարբազների մարտական ոգին։ Սևաթույր նժույգը պար էր գալիս նրա տակ, արեգակի շողերի տակ փայլում էր կեռ թուրը, պահվածքը հույս էր ներշնչում։ «Հիշեցեք, իմ պողպատե սարբազներ,- խոսեց Աբասը,- ալլահի կամքով ձեզ արշավանքի է տանում ալլահի ստվերը։ Ձեր երկաթե ճիրաններում խեղդեցեք այդ կեղտոտ գյավուրներին, կտրեցեք դրանց գլուխները, վառեցե՛ք, ավերե՛ցեք, քանդեցե՛ք դրանց բերդերը և արհամարհեցեք մահը, քանզի ալլահի կամքով մեր արևի ու առյուծի դրոշի տակ մեռնելը փառք ու պատիվ է ձեզ համար»։
Աբասն այս անգամ չշտապեց։ Նամակ ուղարկեց Շուշի՝ Մեհթի խանին. «Պարսկաստանի առյուծների առյուծը, որ սարդարների սարդարն է նաև, ալլահի կամքով ալլահի ստվերն է, ցամաքների ու ծովերի տիրակալն է նաև, և որի կամքով արևը ելնում է արևելքից և մայր է մտնում արևմուտքում,- Մեհթի խան, որդի քաջակորով Իբրահիմ խանի, բարեկամական ողջույններ է հղում և օգնության ձեռք է մեկնում։ Ձեզ հայտնի է, որ Ռուսաստանը տրորվում է իմ դաշնակիցների ոտքերի տակ, հիմա Մոսկովում անհաղթ Նապոլեոնն է նստած... Ալլահի ստվերը բարեհաճ է ձեր նկատմամբ, և ձեզ այսօրվանից նշանակում է Ղարաբաղի գլխավոր խան, տալիս ամենաանսահմանափակ իրավունքներ։ Հիշեցեք, Իբրահիմ խանի որդի Մեհթի խան, մեր երկաթե մորեխներին և պողպատե օձերին այլևս ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել։ Ես՝ պայծառափայլ Ֆաթհ Ալի շահի որդիս, հզորագույններից հզորագույնը, որ ալլահի ստվերն է նաև, որ սարդարների սարդարն է նաև, որ ցամաքների ու ծովերի տիրակալն է նաև, պահանջում եմ բացել բերդի դարպասները։ Իմ կամքը ալլահի կամքն է, իմ բերանով մարգարեն է խոսում»։
Մեհթի խանը կոնկրետ պատասխան չուներ, որովհետև այնքան էլ համոզված չէր, թե ալլահի ստվերը կարող է որևէ հաջողության հասնել։
Արաքսն անցնելը պարսկական բանակի համար նույնպես տոնահանդեսի պես մի բան էր։ Թմբուկները թնդացին թնդաձայն, շեփորները ծկլթացին, հնչեց «երկաթե մորեխների և պողպատե օձերի» քայլերգը։
Սկզբում հեծելագունդն աղմուկ-աղաղակով մտավ գետը, սարբազները թրերը հանեցին պատյաններից ու գոռացին. «Ալլա՜հ, ալլա՜հ», ապա հետևակն անցավ գոռում-գոչյունով, վերջում՝ սայլերը և հրանոթներով բեռնված ուղտերը։ Ռուսական պահակակետերում շեփորները շեփորեցին «տագնապ», պարսիկները դրան պատասխանեցին հռհռոցով ու հայհոյանքով։ Մի հաստափոր ամիր ձգվեց թամբի վրա ու գոռաց. «Հե՜յ, խոզամռութ ռուսներ, տակներդ թրջեցի՞ք»։ Պահակակետից մի եգեր պատասխանեց. «Ես քո ալլահի մերը... Թրջել ենք, եկ լվա»։ Պարսիկները «Ես քո ալլահի մերը հասկացան» և ոռնացին. «Ռուս սաբակ, սպասիր, գալիս ենք»։ Բլրալանջի պահակակետից երկու եգեր պոկվեցին արագ, նրանցից մեկը ձիուց շուռ եկավ, հրացանից կրակեց ասպանդակին ձգված ամիրի վրա ու քրքջաց։ Ամիրը բռնեց դեմքը, ինչ-որ բան գոռաց, թեքվեց ձիուց։ Ռուսներն անհետացան բլրի ետևում։ Աբասը, որ հեռադիտակով հետևում էր նրանց, գլուխն օրորեց. «Ափսո՜ս, փախան շան որդիները»։
Դա այն է, ինչ հարկավոր է գեներալ Կոտլյարևսկուն. Աբասը ոչ մի հարձակման, նույնիսկ դիմադրության չէր սպասում։ Թշնամու խառնամբոխը հանգիստ շարժվում էր առաջ։ Կոտլյարևսկին հրամայեց կրակագիծ դուրս բերել հրանոթները, կրակ բացել ռումբերով ու կարտեչներով։ Արձակած ռումբերը հասան նշանակետին, պարսիկները իրարով անցան, և Կոտլյարևսկին աջ ու ձախ թևերից առաջ նետեց հեծելագունդը։ Եգերների գումարտակը գրոհեց կենտրոնից, ճակատ առ ճակատ, ամուր շղթայով։ «Մենք հիմա չենք թողնի, որ Աբասը հրանոթներն իջեցնի ուղտերից,- ասաց գեներալը մելիք Ջումշուդին։ - Առայժմ ձեր հեծելագունդը թող սպասի վճռական հարվածի»։
Պարսիկները, որ սովորաբար գրոհում են «կիսալուսին» մարտակարգով, հիմնական ուժերը պահելով կենտրոնում, չհասցրին բացվել։ Այդ հսկա խառնախումբը այնպես էր սեղմվել մի փոքրիկ տարածության մեջ, որ սարբազները նույնիսկ հնարավորություն չունեին լիցքավորելու հրացանները։
- Որտե՞ղ են մեր սարթիփները,- բղավեց Աբասը՝ աչքն առանց հեռադիտակից կտրելու։ - Քնել են շան որդիները, քնել են... Ջաֆար Ղուլի, լսո՞ւմ ես։
- Ես ձեզ լսում եմ, ալլահի ստվեր, ես այստեղ եմ։
- Իսկ ինչո՞ւ այստեղ և ոչ թե այնտեղ։ Տար հեծելագունդը, հողմացրիվ արա դրանց աջ թևը։
Ջաֆար Ղուլին թռավ ասպանդակին, թուրն առաջ պարզեց. «Առա՜ջ, մեծ սարդարի պողպատե վիշապներ»։
Հովհաննես յուզբաշին ասես նրան էր սպասում, խթանեց ձին ու գոչեց. «Տղե՛րք, այդ պողպատե վիշապներին ցույց տանք մեր բազկի ուժը»։
Ջաֆար Ղուլի խանը առաջին հարվածից կորցրեց թափը, և պարսկական կիսալուսինը չբացվեց։ Ռուսական հրանոթները ութ ռումբ արձակեցին Ջաֆար Ղուլիի հեծելագնդի վրա և հայ կամավորականներին հնարավորություն տվին սրախողխող անելու շփոթված պարսիկ սարբազներին։ Մուրադը քսան հոգու հետ կատարելով ճարպիկ շրջանցում, սլացավ ուղիղ Ջաֆար Ղուլիի ու նրա թիկնապահների վրա։ Ղարաբաղի ինքնակոչ խանը հանեց ատրճանակը, սակայն Մուրադը չթողեց այն գործի դնել, պոկվեց ձիու թամբից, նետվեց հակառակորդի վրա, գլորեց ձիուց, չոքեց կրծքին ու ասաց. «Ջաֆար Ղուլի, քեֆդ ո՞նց է։ Հիմա, ուզես-չուզես, պիտի հանձնվես»։
Թագաժառանգն իր խոսքը դեռ չէր ասել։ Սարթիփ Օմար Ջավիդի «պողպատե հեծելագունդը» սպասում է հրամանի։ Աբասն առայժմ չի շտապում. վճռական հարվածը պիտի անսպասելի լինի։
Ռուսներն այստեղ, ի զարմանս Աբասի, սկսեցին նահանջել։ Շահզադեն չկարողացավ կռահել հակառակորդի մտադրությունը... Նա չգիտեր, որ գեներալը անցուղի է պատրաստում հայ կամավորների երկու հեծելախմբերի համար։ Իսկ նրանք, այդ շեյթանները, կարծես դուրս եկան գետնի տակից և հարձակվեցին հրամանի սպասող Օմար Ջավիդի պողպատե հեծելագնդի վրա։ Պողպատը ծռվեց, բայց կիսալուսնի տեսք չստացավ։ Թորոս Ներսիսյանի և Մելիք Ավանյանի հեծելախմբերը գործում են համարձակ, և քիչ անց նրանց միացավ Հովհաննես յուզբաշին։ Օմար Ջավիդը կորցրեց գլուխը։ Արևի և առյուծի դրոշը թեքվեց, դրոշակակիրը փորձեց դուրս պրծնել օղակից, սակայն Հովհաննես յուզբաշին սառնասրտորեն թուրն իջեցրեց նրա գլխին և դրոշակը խլեց։ Աբաս Միրզան դա տեսավ իր աչքով ու մռլտաց. «Նորից հայ յուզբաշին, և քանի՜ անգամ է այդ գյավուրը կանգնել իմ ճանապարհին...»։
Երկաթե մորեխների, պողպատե օձերի, պղնձե գիշանգղների, երկգլխանի հրեշների, կռնչացող ագռավների բանակը նահանջեց։ Ռուսական թնդանոթները նորից գործի անցան։ Ռումբերը պայթում են գետափին, գետի մեջ, հեղեղատում։ Ալիքների վրա օրորվում են սարբազների դիակները։ Շուրջը բռնել է ծանր խանձահոտ։ Եգերները դիպուկ են կրակում։ Թիկունքից սվինահարում են փախչող սարբազներին։ Հայհոյում են Աբասին, Ֆաթհ Ալի շահին, ալլահին։ Սարթիփ Օմար Ջավիդը ծանր վիրավորվել է։ Փորոտիքը թափված մի ուղտ ընկել է կողքի, գլուխը խփում է գետնին։ Վիրավորները աղաղակում են՝ ալլա՜հ, ալլա՜հ...
Իրիկնամուտին ճակատամարտը դադարեց։ Ռուսները գերի են վերցրել 260 սարբազ, այդ թվում՝ Ջաֆար Ղուլիին, երկու սարհանդ և ութ ամիր։ Ավարն էլ քիչ չէ՝ անգլիական երկու թնդանոթ, եվրոպական ձևի 450 նոր հրացան, չորս սայլ՝ բեռնված ռումբերով ու լիցքերով, հինգ դրոշակ։ Գեներալ Կոտլյարևսկին հրացանները հանձնեց հայ կամավորականներին, պարսկական դրոշակներն ուղարկեց Թիֆլիս։
Առավոտյան Աբաս Միրզան իր մարդկանց ուղարկեց բանակցությունների։ Կոտլյարևսկին նրանց ընդունեց ընդգծված քաղաքավարությամբ։ Բանագնացների ավագը՝ լայն ընչանցքներով, աջ այտին՝ բերանից մինչև ականջը վարդագույն մի սպի, խոնարհեց գլուխը և խոսեց.
- Ալլահի ստվերն ուզում է իմանալ գեներալի առողջությունը։
Գեներալը, որ առհասարակ չի կարողանում տանել նման քաղցրախոսությունները, պատասխանեց.
- Ինչպես տեսնում եք, ողջ և առողջ եմ։
- Թող ալլահը երկար կյանք ու արև տա քաջ գեներալին,- բանագնացների ավագը նորից խոնարհեց գլուխը։- Մեզ ուղարկել է ալլահի ստվերը։
- Հասկանում եմ,- ժպտաց գեներալը,- ալլահի ստվերն ընդունո՞ւմ է իր պարտությունը։
Պարսիկ սարհանդը հարցն ականջի ետևը գցեց.
- Քաջ գեներալ, ալլահի ստվերը մեզ ուղարկել է գերիների փոխանակության հարցով։
- Գերիների՞,- ուսերը տարակուսանքով շարժեց Կոտլյարևսկին,- մի՞թե դուք իմ բանակից գերի եք վերցրել։
- Դուք գերել եք Ջաֆար Ղուլիին, երկու սարհանդի, ութ ամիրների...
- Իսկ դո՞ւք։
- Մայոր Օլովյաշնիկովը մեզ մոտ է։
- Ախ, մայո՜րը,- ծիծաղեց գեներալը,- այսինքն այն մայորը, որին գեներալ եք դարձրել, իսկ նրա գումարտակը՝ մեծ բանակ։ Շահզադեին ասացեք, որ մենք գերիներին չենք փոխանակում դավաճանների հետ։
Նրանք գնացին։ Երկու ժամ անց Աբասը նոր բանագնացներ ուղարկեց։ Ալլահի ստվերը ուզում է գեներալի հետ զրուցել։ Նա՝ Պարսկաստանի փառքն ու պարծանքը, մեծահոգի է, գթառատ, բարեսիրտ, բարյացակամ՝ գեներալին հրավիրում է իր վրանը։ Դա մեծ պատիվ է, շատ մեծ պատիվ...
Գեներալ Կոտլյարևսկին պատասխանեց.
- Ալլահի ստվերին հայտնեցեք, որ հաղթողը երբեք չի ներկայանում հաղթվածին։ Դա պատիվ չի բերում ռուս գեներալին։
Կեսօրին Արաքսի ափից սպիտակ դրոշակ պարզեցին։ Ալլահի ստվերը, երկաթե մորեխների և պողպատե օձերի զորավարը անձամբ ինքն է գալիս բանակցությունների։ Գալիս է իր շքախմբով, փեշքեշներով է գալիս, պարտվողին ոչ հատուկ պահվածքով։ Գեներալ Կոտլյարևսկին մի քանի սպա ուղարկեց դիմավորելու Աբասին և հրամայեց կարգի բերել վրանը։
Նա Աբասին ընդունեց զուսպ, առանց ձևականությունների, դիտավորյալ նրան չմեծարեց զանազան տիտղոսներով և կարճ կտրեց.
- Շահզադե, ինչո՞վ կարող եմ ձեզ ծառայել։
Դա դուր չեկավ Աբասին, իրեն խիստ վիրավորված զգաց և հարցրեց.
- Ինչո՞ւ է գեներալը դեմ գերիների փոխանակությանը։
- Բայց դուք մեզանից գերի չեք վերցրել,- պատասխանեց Կոտլյարևսկին և ցույց տվեց, որ զարմացած է։- Չեմ հասկանում, այստեղ ի՞նչ փոխանակություններ պիտի լինեն։
- Ձեր մայորը մեզ մոտ է։
- Մայորը դավաճանել է իր հայրենիքին ու թագավորին։
- Իսկ նրա սալդաթնե՞րը...
- Սալդաթները կարող եմ փոխանակել ձեր սարբազների հետ։
- Լավ,- Աբասը շոյեց մորուքը։ - Գեներալին հայտնի՞ է, որ Մոսկվայում հիմա նստած է Նապոլեոնը։
- Այսինքն ձեր դաշնակիցը։
- Գեներալ, մենք ալլահի կամքով առանց դաշնակիցների էլ մեր գործը լավ գիտենք։
- Ի՞նչ եք առաջարկում։
- Գեներալ, ինչո՞ւ անտեղի արյուն թափել։ Ես առաջարկում եմ ձեր զորքերը դուրս բերել Ղարաբաղից։ Գեներալ, դուք հիմա պիտի մտածեք Ռուսաստանի փրկության մասին։
Կոտլյարևսկին ոտքի կանգնեց։
- Պատերազմը դեռ չի ավարտվել, շահզադե։ Նապոլեոնը կջարդվի։ Կուտուզովը նրան կջարդի այնպես, ինչպես թուրքական բանակին է ջարդել։ Իսկ հիմա եղեք անկեղծ՝ դուք ընդունո՞ւմ եք ձեր պարտությունը։
- Լավ չէ, գեներալ,- Աբասը նույնպես ոտքի կանգնեց,- դուք ձեր հյուրին լավ չեք ընդունում։
- Դուք հիմա ոչ թե մեր հյուրն եք, այլ մեր թշնամին։ Ես ձեզ մի օր ժամանակ եմ տալիս, եթե ձեր զորքերը Արաքսի ափից ետ չքաշեք, ես ստիպված կլինեմ դիմելու զենքի։
- Գեներալ, դուք գիտե՞ք ում հետ եք խոսում։
- Ես խոսում եմ շահզադեի հետ, ավելի կոնկրետ՝ Ասլանդուզում գլխովին ջախջախված պարսկական զորքերի սարդարի հետ։
- Գեներալ,- Աբասի ներքին շուրթը դողաց,- հարկավոր է հարգել մեծություններին։
- Ես չեմ ընդունում ձեր մեծությունը։
Աբասը ցնցվեց։
- Լավ,- մռլտաց նա,- մենք դեռ կհանդիպենք։
- Ես սպասում եմ այդ հանդիպմանը։ Որքան շուտ, այնքան լավ։ Իսկ հիմա ձեզ մի օր ժամանակ եմ տալիս, հակառակ դեպքում ստիպված կլինեք Թեհրան վերադառնալ ոտքով։
14.
1812 թվականի հոկտեմբերի 20-ի Ասլանդուզի ճակատամարտի շարունակությունը եղավ 1813 թվականի Լենքորանի ճակատամարտը։ Դա Աբաս Միրզայի չորրորդ պարտությունն էր Կովկասում։ Այս անգամ շահզադեն ստիպված էր իրեն պարտված ճանաչել։ Ճակատամարտից հետո գեներալ Կոտլյարևսկին ասաց. «Թագաժառանգը, եթե խելք ունենա, այլևս ռուսների հետ իր ուժերը չի չափի»։
Նույն թվականի աշնանը եռանդուն գործունեություն ծավալվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հաշտության պայմանագիր կնքելու համար։ Թուրքական կառավարությունը դեմ էր այդ հաշտությանը և ամեն կերպ փորձում էր Ֆաթհ Ալի շահին ստիպել ետ կանգնել իր մտադրությունից։ Շահի դիվանագիտական ներկայացուցիչներ Հուսեյն աղան և Նասրոլլահ խանը Կոստանդնուպոլսում մեծ աղմուկ բարձրացրին. «Իսկ դուք,- ասացին սուլթանի դիվանագետներին,- ինչո՞ւ Բուխարեստում հաշտության պայմանագիր կնքեցիք Ռուսաստանի հետ»։
1813 թվականի հոկտեմբերի 12-ին (12-ը Աբասի սիրած թիվն է) Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական պայմանագիր։ Պարսկաստանը, որ ինը տարի առաջ ոչ մի զիջման չէր գնում, այս անգամ ստիպված էր ընդմիշտ հրաժարվել Արևելյան Վրաստանից, Լոռու ու Շամշադինի շրջաններից, Գանձակի, Ղարաբաղի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Թալիշի իշխանություններից և Դաղստանից։
ՍԵՅՖՈԼԼԱ ՎԱՀԻԴ էԼ ՓՈՒՐ։ Ես Գյուլիստանում տեսա Հովհաննես յուզբաշուն։ Նա հիմա ռուսական բանակի սպա է։ Մենք հանդիպեցինք ինչպես հին բարեկամներ։ Մենք հիմա դաշնակիցներ ենք, անցած դառն օրերը մնացել են ետևում։ Հիշեցինք Փիր Ղուլի խանին և ծիծաղեցինք։ «Մեր այսօրվա հանդիպումը հարկավոր է անպայման նշել,- ասաց Հովհաննես յուզբաշին,- գնանք, դու հիմա իմ հյուրն ես»։
Մենք Բագրատ Աղասյանի տանն ենք։ Հովհաննեսը չգիտեմ իրենց լեզվով ինչ ասաց տանտիրոջը, և այդ բարի հայը գրկեց ինձ ու տարավ նստեցրեց սեղանի վերին գլխին։ Մենք գինի խմեցինք, և Բագրատի հայրը ասաց, որ ինքը Պարսկաստանում շատ լավ բարեկամներ ունի։ «Չեմ հասկանում,- գլուխն օրորեց ծերունին,- ինչո՞ւ Ֆիրդուսի, Խայամ, Հաֆեզ ծնող ժողովուրդը ծնում է նաև Աբաս Միրզա»։ Ես ասացի, որ օձերից օձեր են ծնվում, սոխակներից՝ սոխակներ։ Պարսկաստանը Աբաս Միրզան չէ և ոչ էլ Ֆաթհ Ալի շահը։ Պարսկաստանը Ֆիրդուսունն է, Խայամինն է, Հաֆեզինն է և նրանց ծնող ժողովրդինը։
Աշնանը Աբաս Միրզան միշտ հանգստանում է իր քաղաքամերձ ամառանոցում։ Նա իր պատմագիրներին, բանաստեղծներին ու տարեգիրներին հրավիրեց իր մոտ։ Ուրախ էր շահերի ճահիճների շնաձուկը։ Նրա արշավանքների մասին տասը հաստափոր գիրք է գրվել։ «Ալլահի ստվերը կայծակի պես նետվեց թշնամու զորքերի վրա, թրատեց երեսուն զինվոր... Պարսկաստանի խիզախ արծիվը Ասլանդուզում այնպես ջարդեց ռուսներին, որ նրանց գեներալը ճակատամարտից հետո իր թուրը դրեց թագաժառանգի ոտքերի տակ ու ասաց. «Խոնարհվում եմ ձեր մեծության առջև... Առյուծ Աբասն իր փոքրիկ հեծելախմբով հարձակվեց եգերների վեց հազարանոց բանակի վրա, մի մասին ջարդեց, մնացածներին գերի վերցրեց...»։
Շահզադեն գոհ է, նրան դուր են գալիս այդ փչոցները։ Նա գոհունակությամբ շոյեց մորուքը և ասաց. «Իմ հերոսական ճակատամարտերի պատմությունը պիտի հասցնեմ քսան հատորի»։ Նա դեռ չէր բեզարել ջարդվելուց։
Մոլագարնե՞րն են պատմություն ստեղծում, թե՞ պատմությունն է մոլագարներ ստեղծում...

No comments:
Post a Comment