11 November, 2013

ԿԱՊՈՒՅՏ ՀՈՒՇԵՐ

ԱՌԱՋԻՆ ԵՐԳԸ

Խոտը մայիսյան ցողով էր թացվել,
ճերմակ ծաղկունքով զուգվել ակացին,
Տասներկու տարիս նոր էր լրացել,
Երբ իմ առաջին երգը գրեցի։

Հագինս չթե մի հին բլուզ էր
Եվ կարճ փողքերով գունաթափ տաբատ...
Ա՛խ, պատերազմի դաժան տարիներ
Եվ աշխարհ՝ մահ ու արյունով արբած։

Պայուսակիս մեջ, գրքերիս կողքին
Մի կտոր սմքած հաճարի հաց էր,
Հանդ էի քշել նախիրը ծեգին
Եվ ահա նորից դասից ուշացել։

Առաջին երգս հացին էր ձոնված,
Հացին, որ թանկ էր անգամ և կյանքից,
Մահը այնտեղ էր, որտեղ չկար հաց,
Որտեղ չկար հաց՝ այնտեղ լաց, կսկիծ։

Եվ այդ օրն էր, որ ես պատմությունից
«Հինգ» վաստակեցի, իսկ վարքից՝ «երկու».
Ուսուցչանոց կանչեց դիրեկտորը ինձ,
Նայեց տաբատիս, բլուզիս անգույն,

Նայեց վեհերոտ ու կշտամբալից,
Դեմքը դաժան էր, աչքը չէր թարթում,
Եվ այնպես նայեց, մի պահ թվաց ինձ
Հայացքից թույն ու լեղի է կաթում։

- Դե, հապա,- գոռաց,- տեսե՜ք մի սրան,
Միշտ ուշացած է դասերի գալիս,
Բանաստեղծում է, պոե՜տ է տղան
Եվ ինչե՜ր ասեք, որ դուրս չի տալիս։

Ու դեմքիս իջավ ապտակը ծանր,
Ապտակ՝ իմ արդար ու անմեղ խղճին,
Երգիս առաջին գնահատականը
Եվ հոնորարն էր դա իմ առաջին։

Զանգը ծլնգաց ու հառաչեց խեղճ,
Նահանջ էր տարին, արցունք ու լաց էր,
Գիրք-տետրակիս հետ, պայուսակիս մեջ
Մի կտոր սմքած հաճարի հաց էր...

Տասներկու տարիս նոր էր լրացել։
1981 թ.



ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

      Մանկություն իմ դեղնածամ,
      Մանկություն իմ, որ անցար
      Նորացան արտից։
                                         Գ. ՄԱՀԱՐԻ

Մանկությունս անբուն հավք էր
Մեր կիրճերում խորունկ,
Անբուն հավքի նախշուն ձագ էր
Շաղասարի ձորում։
Միջօրեին թոնրից ելնող
Պալան-պալան ծուխ էր,
Մի աղջիկ էր հոգի գերող,
Այտի խալը թուխ էր։

Մանկությունս կամ ու կալ էր,
Հաշան՝ փռած կալում,
Լծից փախած խև լծկան էր
Սուսամբարի սարում։
Իմ եռափեշ Մանուշ տատի
Հեքիաթի ալ ձին էր,
Երգ-լեգենդն էր զմրուխտ հավքի
Ու լեգենդը հին էր։

Մանկությունս թթի ծառ էր,
Երկնասլաց բարդի,
Կարմիր-կանաչ ծիածան էր,
Արտույտ՝ թռած արտից.
Մեր դպրոցի ճաքած զանգի
Ցրտից սառած ձայնն էր,
Երկար ու սև չուխան հագին՝
Կուքան պապիս «վա՜յ»-ն էր։

Մանկությունս հորովել էր՝
Անձրևի տակ թրջվել,
Կամի վրա օրորվել էր,
Դեզի կողքին ննջել։
Մանկությունս քարափների
Ու լեռների ուխտ էր,
Կռվի ահեղ տարիներին
Սևով գրված թուղթ էր։

Մանկությանս ուսին բահ էր
Ու ճակատին քրտինք,
Ոլոր-մոլոր ճանապարհ էր
Եվ կածաններ անթիվ։
Մեր Հոնուտից կաթուկ բերող
Գլոր-գլոր արխ էր,
Ջրաղացի քարին պարող
Խելառ չախչախ էր։

Մանկությունս իմ Քարաշեն
Ու քարաշատ գյուղն էր,
Տոթից շիկնած ժայռերը շեկ,
Ապուպապիս հյուղն էր։
Իմ առաջին հանգն ու վանկն էր,
Պատանության շեմին,
Իմ առաջին թոթովանքն էր
Ուղղված այս աշխարհին։
1981 թ.



ԿԱԼՈՒՄ

          Որդուս՝ ՎԱՐԴԳԵՍԻՆ

Պտտվում է կամը կալին
Այնպես դանդա՜ղ, ծուլորե՜ն,
Թխլիկ Սոնան քթի տակին
Ինչ-որ երգ էր ոլորել։

Երգը հին էր, մի քիչ տխուր,
Ոչ տաղ էր, ոչ հորովել,
Մարյան նանը նստել՝ լուռ,
Մտքերի մեջ մոլորվել։

Կծոտում էր արևն ամռան,
Վա՜յ թե հանկարծ անձրև գա,
Ախր ես եմ կալի տղան,
Իմ հույսին են լուծ-լծկան։

Կալի բանը ո՞վ չգիտե,
Խուրձը սայլից թափել կա,
Կալը ջրել, կեմը քանդել,
Կամը լծից կապել կա։

Ծանր հակը շալակն առնել,
Ուժ ու մկան լարել կա,
Ծեգը-ծեգին նոր դեզ դնել
Ու կամերը քարել կա։

Որ եզները տանեմ ջրի,
Օրը պիտի կես դառնա,
Իսկ Խումարը խամ աջառ է,
Դեռ նոր պիտի եզ դառնա։

Մինչ եզ դառնա ու լուծ քաշի,
Ինչե՜ր ասես չի անում,
Մերթ նստում էր հաշանի մեջ,
Կամը կալից մերթ հանում։

Քրքջում էր թխլիկ Սոնան,
Ծիծաղն անմիտ ու գիժ է,
Սիրտը վայ թե սեր է մտել,
Էս ի՞նչ ցավ ու պատիժ է։

Մարյան նանը ծուլ է լինում,
Թափահարում ճիպոտը.
- Այ գլխամեռ, մեր էս կալում
Էլ չտեսնեմ քո ոտը։

Սոնան տոթին զուլալ ջուր է,
Նրանից ո՞նց նեղանամ,
Թևս բռնում, շշնջում է.
- Ո՞նց ես, որ քեզ գողանամ...

Սիրուն Սոնա, խելառ Սոնա,
Ես ի՞նչ ասեմ հիմա քեզ,
Ախր դու ինձ ո՞նց գողանաս,
Ինձ գողանաս՝ ու՞ր տանես։

Եվ իջնում է զով երեկոն,
Օրը մթնում է կամաց,
Փնթփնթում է նանը դժգոհ.
- Էս աղջիկը ու՞ր գնաց։

Քամին կալում պար է բռնել,
Էս ցորենը էրնել կա,
Կամը քարել, կալը ավլել,
Բերքը սայլին բեռնել կա։-

Եվ ականջիս ձայն է հասնում
Ու նայում եմ ես թաքուն,
Թխլիկ Սոնան, կրակ Սոնան
Լաց է լինում մարագում։

Մոտենում եմ, բայց ի՞նչ ասեմ,
Հարմար բառեր չեմ գտնում,
Մարյան նանն էլ՝ Ա՛յ սրտասև
Ի՞նչ ես անում էդ մթնում։

Ու քթի տակ մտմտում է.
- Ի՞նչ զուլում է, փրկիր, տեր,
Էս աղջիկը ինչի՞ տեր է,
Որ սիրտը սեր է մտել։-

Սոնան ծանր հոգոց հանում,
Հառաչում է սրտաբեկ,
Ես՝ խելառս, չեմ դիմանում,
Լաց եմ լինում նրա հետ։

Հառաչում է Մարյան նանը,
Ծնկին խփում զարմացած.
- Ի՞նչ կլինի սրանց բանը,
Մի խելք ցույց տուր, տե՜ր աստված։
. . . . . . . . . . . . . . .
Պտտվում է կամը նորեն...
Այս ի՞նչ հրաշք երազ է.
Երազումս ես կալվոր եմ,
Կալը սեր է, մուրազ է։
1981 թ.



ՕՐԸ

Օրը բացվեց, ծփաց բոսոր,
Օրը լցվեց օրվա հոգսով։
Ծառի ստվերն հողում ծծվեց,
Գետն իր ձայնը փորը գցեց։
Օրը քրտնեց, ընկավ հալից,
Եզը խրտնեց, փախավ կալից։
Մի շատախոս հիմար ճիճի
Հավքերի հետ մտավ վեճի։
Խոտին թիկնեց թիթեռն անճար,
Ձորում ճչաց չարդը լաչառ։
Առուն բկում խեղդեց ճիչը,
Շոգից՝ իրեն նետեց կիրճը։
Գետափով մի աղջիկ անցավ,
Հրա՜շք աղջիկ մի ոսկեծամ,
Ու կարկաչեց օրը արծաթ,
Օրը անուշ կարոտ դարձավ։

Մի ձայն զնգաց իմ ականջում.
Մայրս էր, ինձ տուն էր կանչում...
. . . . . . . . . . . . . .
Ես արթնացա, փախավ քունս...
Այդ ե՞րբ անցավ մանկությունս։
1980 թ.



ՀՈՐՈՎԵԼ

Ցողոտ դաշտերում, շողոտ դաշտերում
Հոտաղ էի ես. մաճկալս ծեր էր,
Քայլերը երեր, բայց արի ու տես՝
Անուշ ձայն ուներ, անուշ հորովել։
Երբ ձեռքը մաճին նա ծոր էր տալիս
Սոխակը հեռվից մեր հանդն էր գալիս,
Ու կախարդվում էր եղնիկը սարում,
Ուրիշ ձենով էր գլգլում առուն։
Եվ մի օր ես էլ ձայնս լարեցի,
Իմ երգը նրա երգին խառնեցի։
Մաճկալս լսեց՝ աչքերում զարմանք,
Գլուխն օրորեց, ժպտաց քթի տակ.
- Չէ՛, ես իմ հոգին, արևս վկա՜,
Քեզանից կարգին մաճկալ դուրս կգա։
Երեխայի պես ես երես առա
Ու չէի լսում տաղերը նրա.
Իմ երգերով ինձ հույս էի տալիս,
Ինքս ինձանից դուրս էի գալիս...
Եվ հյուսում էի բեյթեր ու գազել,
Եվ ուզում էի մաճկալիս հասնել։
Բայց դե մաճկալ էր, և չհամբերեց,
Ճիպոտը քաշեց ու մեջքիս բերեց.
- Ա՛յ զուլում,- ասաց,- ի՞նչ ես ճռվռում,
Քո հորովելը իմին չի բռնում։
Էդ ո՞նց կլինի, անխիղճ տնավեր,
Մաճկալ չդառած երես ես առել։

Տարիներն արագ եկան ու անցան,
Այդպես էլ ահա մաճկալ չդարձա։
1982 թ.



1941 ԹԻՎ

Ոչ, չի մոռացվի այդ թիվն ու տարին.
Ջինջ էր երկինքը, վճիտ ու մաքուր,
Հովը սանրում էր վարսերն արտերի,
Գետը ձորի մեջ իր երգն էր երգում։

Եվ լույսը բացվեց... չեղավ լույս բարի,
Հրդեհ բռնկվեց արտերում մեր ծով,
Եվ լույսը բացվեց ինքնաթիռների
Տագնապալից ու խոլ հռնդոցով։

Եվ լույսը բացվեց ռումբի որոտով,
Բացվեց արկերի շառաչով ահեղ,
Մթնեց, փոթորկվեց անտառը անդորր,
Ծառս եղավ ըմբոստ, շաչեց խելահեղ։

Եվ լույսը բացվեց... Օ՜, պատերազմի
Առաջին տարվա արյունոտ ամառ...
Զինվորը վերջին նռնակը նետեց,
Վերջին փամփուշտը պահեց իր համար...
1981 թ.



ՁԻԵՐԸ

Այդ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։
Կրակ ու բոց էին ընչացքներից ժայթում,
Եվ սանձակոծ էին կանաչ դաշտում։

Նրանք ճերմակ էին, թուխ ու նարնջագույն,
Հուր ու կրակ էին երազ կապույտ։
Եվ զամբիկներ կային ջահելությամբ արբած,
Գեղեցիկ ու վայրի, դեռ չթամբած։

Այդ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։
Գետինն էին դոփում ու վրնջում ցասկոտ,
Լկամներին փրփուր ու կանաչ խոտ։

Ասես հրդեհ էին հրացոլք բաշերին,
Ձիեր չէ, խև էին մութ գիշերին։
Եվ կռիվ էր՝ տարան- ի՞նչ իմանաս, թե ուր,
Ձիերի ձիգ շարան, օրը՝ տխուր։

Տարան՝ ֆուրգոն քաշեն ու գերաններ խոշոր,
Տարան՝ պայտեր մաշեն ճամփաներին փոշոտ։
Տարան՝ կրեն բեռներ, բեռների տակ տնքան,
Տարան կռվում մեռնեն ու ետ չգան։

Տարան՝ ծովում լողան, ձյունոտ լեռներ ճեղքեն,
Տարան՝ ցրտում դողան,- ձիեր են, չէ՞, մեղք են։
Եվ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։

Բայց ձիերն ի՞նչ անեն, շուրջը աղմուկ, ճռինչ,
Ողջ աշխարհն է խառնվել, դարձել կական ու ճիչ։
Լեզու չունեն ասեն՝ դուք մեզ ու՞ր եք տանում,
Լեզու չունեն խոսեն՝ ի՞նչ եք անում։

Լեզու չունեն, սակայն կարծես լաց են լինում
Ու խրխնջում անկար, ծառս են լինում։
Նրանց ղումաշ մեջքին մտրակներն են շաչում,
Պտտվում են տեղում, խուլ հառաչում։

Ձիե՜ր, ճերմակ, կարմիր, նարնջագույն ու սև,
Ձիեր՝ լուրթ դաշտերի, ձեր ի՜նչն ասեմ...
Երկնքում սև ցինն էր, վիշտն ու ցավը անափ,
Քառասունմեկ թիվն էր, աշուն, տերևաթափ։

Ու գնացին նրանք ճամփաներով քարոտ,
Դարձան երազ, պատրանք և հեռավոր կարոտ։
Այդ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։
1981 թ.



* * *
Կռիվ էր, գնաց, դուռը մնաց փակ,
Դռան մոտ ընկած սալաքարի տակ
Անտեր բանալին սևացավ ժանգից
Խոտերով ծածկվեց կածանը բակի։
Որբ էր մեծացել,
Նա ոչ մայր ուներ,
Ոչ հայր, ոչ էլ քույր, որ դուռը բացեն,
Օջախը վառեն, մաքրեն բակ ու տուն,
Անշուք խրճիթը չթողնեն մթնում։
Հիշեն տղային թխաչ ու ջահել
Եվ ճամփան պահեն։
Եվ կտուրի տակ թխլիկ սարյակը
Իր բույնը հյուսեց, գեղգեղաց դարձյալ,
Պարտեզում զնգաց նորից առվակը,
Խոտերին նստեց գարնան ցողն արծաթ։
Տարիներ անցան,
Բայց նա չդարձավ,
Եվ կախված մնաց գերանդին սյունից,
Հողե կտուրը ծանրացավ ձյունից
Ու խարխլվեցին գերանները տան։
Փլվեցին հանդարտ,
Եվ այդ հնացած գերանների տակ
Տրորվեց, կորավ կիսատ մի նամակ,
Մի հուր երազանք,
Կարոտ մի անհուն,
Չծնված սիրո մի ողջ պատմություն։



ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ

Այդ ե՞րբ էր, նահանջ էր տարին,
Սև ցավի պահանջ էր տարին.
Կռիվ էր, ապերը գնաց,
Ապոր հետ ախպերը գնաց,
Տանը մի խեղճ նանի մնաց
Եվ փոքրիկ մի Վանի մնաց։
Մորեխը արտեր էր լափում,
Ուրուրը երկինք էր չափում,
Ջաղացը լլկվել ձորում,
Չախչախը գլուխ էր քորում,
Հանդերի քարափ ու քռում
Երաշտը չոր հողն էր քրքրում,
Իսկ նանին սփռոց էր բացել,
Սփռոցին մի կտոր հաց էր,
Կորեկի մի կտոր չոր հաց,
Մի կտոր հացը՝ մի աստվա՜ծ։
Այն ե՞րբ էր, զուլում էր տարին,
Լխկվել էր պտուղը ծառին.
Երկնքում կայծակն էր ճայթում,
Տանիքից անձրև էր կաթում.
Գարունը որոտով եկավ,
Ախպերը «սև թղթով» եկավ։
Տան դուռը քամու դեմ բաց էր
Եվ տանը շիվան ու լաց էր,
Հառաչում, լալիս էր Վանին,
Ի՞նչ անի, էլ չկա նանին...
Ապերը հին թախտին թիկնել
Եվ կուրծքը մեդալով լիքն էր.
Կռիվ ու մահ տեսած մարդ էր,
Հայհոյեց աշխարհին անտեր,
Եվ հետո մնացին մենակ՝
Հայր-որդի ու մի զույգ հենակ։

Այն ե՞րբ էր, զուլում էր տարին,
Եվ ինչպե՞ս մոռանա Վանին,
Ո՞նց չասի՝ դե ախր ես էլ
Աշխարհում կռիվ եմ տեսել,
Եվ ինչպե՞ս կարող եմ լռել,
Պատրաստ եմ կռվի դամ կռվել,
Որ որդին ապերով մնա,
Ախպերը ախպերով մնա
Ու մնա երկիրը հացով,
Էլ մայրեր չլինեն լացող,
Որ վշտից չմեռնի նանին,
Աշխարհում չլինի որբ Վանի։

Այն ե՞րբ էր, զուլում էր տարին։
1981 թ.



ՄԱՅՐԸ ՈՐՈՆՈՒՄ Է

...Եվ որոնում է մայրը իր որդուն,
Որոնում է նա անվերջ, անդադար,
Ծեծում է ծանոթ պատուհան ու դուռ,
Բացում ամենքին իր սիրտը արդար։

Եվ դիմում է նա նախկին զինվորին,
Վերջին նամակը ցույց տալիս որդու,
Որ հոգու ցավը պատմում բոլորին
Ու հառաչում է դեռ հույսը սրտում։

Եվ մայրը որդուն փնտրում է անվերջ
Քաղաքներում մեր մոտիկ ու հեռու,
Հեռվից ուղարկված նամակների մեջ
Ու եղբայրական գերեզմաններում։

Քայլում է մայրը արցունքն աչքերին,
Մտնում ամեն գյուղ, մտնում ամեն տուն,
Նայում բրոնզե հուշարձաններին,
Զինվորների կուռ շարքերը դիտում։

Փնտրում է որդուն խոր հանքերի մեջ,
Լռություններում ծանոթ վայրերի,
Գարնան արտերի ծփանքների մեջ,
Սիրող սրտերում բոլոր մայրերի։

Քայլում է՝ հոգում հավատը անդավ,
Քայլում է՝ հույսն ու կարոտը սրտում,
Եվ որոնում է անվերջ, անդադար,
Եվ որոնում է մայրը իր որդուն։
1965 թ.



* * *
Այդ ի՞նչ կրակ էր, ինչ ցավ ու կսկիծ,
Վեցից ոչ մեկը չդարձավ կռվից։
Մեծ որդին ընկավ Կերչի ճակատում,
Հետախույզ տղան՝ Ստալինգրադում։
Նավաստի որդին ծովին գնաց կուլ,
Չորրորդն օդաչու՝ խոցվեց երկնքում։
Հինգերորդ որդուց ոչ նամակ, ոչ լուր,
Անհայտ կորել էր՝ ո՞վ գիտե, թե ուր։
Իսկ փոքր որդին՝ քսան տարեկան,
Մայիսի յոթին Բեռլինում ընկավ։
Դատարկված տանը մի ծեր մայր մնաց,
Ձեռքը ծոցի մեջ, աչքն արցունքից թաց։
Աստված այդ տարի շատ էր անաստված։




ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԸ

Ինչ անհայտ կորած, անհայտս ո՞րն է,
Անհայտ կորածի շիրիմը ծովն է՝
Ձուլված անհունին- ծովն անուն ունի։
Անհայտ կորածի շիրիմը լեռն է-
Լեռն անուն ունի, սիրահարվել է
Նա կյանքում մեկին- սերն անուն ունի։
Նա մարդ էր հողի ու հողապաշտ էր,
Անհայտ կորածի շիրիմը դաշտն է,
Հողը հայրենի- հողն ունուն ունի։
Անհայտ կորածը ճամփեք է անցել
Մահ ու արյունի, իր ճամփան պահող
Մայր է ունեցել- մայրն անուն ունի։
Հարազատներին ուղարկել է գիր-
Գիրն անուն ունի, ունեցել է նա
Հավատարիմ կին- կինն անուն ունի։
Շառաչել է նա հորդ գետի նման,
Ելել իր հունից, և մարտի դաշտում
Ընկել է փառքով- փառքն անուն ունի։
Երբ նա ձուլվել է հող ու ջրին մեր,
Ու սրտում պայծառ երազներ ուներ-
Ի՞նչ անհայտ կորած, անհայտս ո՞րն է։




ԱՍՔ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ

       Սերմնացանները չվերադարձան...
                                             Գ. ՍԱՐՅԱՆ

Սերմնացանները չվերադարձան.
Կանաչ դաշտերում շող ու շաղ դարձան,
Լեռների կրծքին՝ ծաղիկներ դեղձան,
Դարձան հրթիռներ, երկինք խոյացան,
Երկնի կապույտում ծիածանացան։
Եվ ջահել էին, ջլապինդ ու ձիգ,
Այդպես էլ կյանքում ջահել մնացին...

Դարձան լույս, արև, փառքի սերմնացան,
Կոթող մարմարե, հպարտ հուշարձան
Ու մեր արյան հետ մեր մեջ մարմնացան։
Նրանք ձուլվեցին մեր հող ու քարին,
Մեր ժայռ ու սարին՝ քարափներ դարձան.
Նրանք ձուլվեցին ճերմակ ամպերին,
Գարնան անձրևի տարափներ դարձան,
Նրանք խառնվեցին ծովի ջրերին,
Կապույտ ծովերում կարապներ դարձան։

Սերմնացանները չվերադարձան...
Լուրթ ստեպներում ցողոտ ու շողոտ
Ծաղկանց բույր դարձան, ծփուն արտերում
Հասկերը շոյող մեղմ զեփյուռ դարձան,
Ճամփեքի վրա՝ կյանքի կենաց ծառ,
Հավերժ կարկաչող հուշաղբյուր դարձան,
Սիրող զույգերի պապակ շուրթերին
Ջերմ համբույր դարձան։

Չվերադարձան... Մայրերի աչքում
Հույս ու կարոտի արցունքներ դարձան,
Թանգարաններում սուրբ հիշատակի
Մասունքներ դարձան, մեր այգիներում՝
Զնգացող առու ու տիեզերքում
Ասուպներ դարձան, մեր քաղաքներում
Ու շեն գյուղերում փառք ու սխրանքի
Բարձունքներ դարձան։

Չվերադարձան... Դարձան շանթարգել
Աշխարհակործան մրրիկների դեմ,
Դարձան սուրբ երդում, սրբացած հավատ,
Ծխանների ծուխ, կենացի գավաթ.
Դարձան պալատ, տուն, անմահության երգ,
Իրավունք, պատգամ, որ էլ աշխարհում
Չպայթի երբեք ոչ մի ռումբ, ական.
Սեր ու կարոտի սրտեր տրոփող
Անուրջներ դարձան, գետերի վրա
Ափն ափին կապող կամուրջներ դարձան,
Զանգի տագնապող ղողանջներ դարձան
Եվ կամք պողպատե, ոգի անսասան...
. . . . . . . . . . . . . . . .
Ասացեք, մի՞թե վերադարձ չէ սա։
1984 թ.



ՀԻՐՈՍԻՄԱ

Դու շրթունքներով դժբախտ մայրերի,-
Որ տեսան այդքան
Արցունք ու կական,-
Շարունակում ես նրանց նզովել,
Ովքեր աշխարհում առաջին անգամ
ճեղքեցին մահվան միջուկը ահեղ։

Դու խարխափում ես
Այն զինվորի պես,
Որի դատարկված ակնախոռոչում
Խավար է տիրում սև ու դժնդակ,
Եվ երակներում լալիս է, Ճչում
Արյունը ճերմակ։

Դու տառապում ես
Այն բորոտի պես,
Որ ամեն դեղ ու միջոցից զրկվել,
Ուզում է գոնե ինչ-որ հնարքով
Իր հետնորդներին
Ատոմայինի ճարակից փրկել։

Դու չորանում ես
Այն բալենու պես,
Որ արմատները փտել են հողում,
Եվ կեղևի տակ որդերն են սողում։

Օ՜, Հիրոսիմա,
20-րդ դարը քեզ կուրացրեց,
Քեզ խլացրեց 20-րդ դարը,
Ճակատիդ մահվան սև խարան դրեց
20-րդ դարը...
Ոճրագործները 20-րդ դարի
Այնպես սառնասիրտ
Ու հաստատակամ
Վառեցին կրակը այն վիթխարի,
Որին կարող էր կայսր Ներոնը
Նախանձել անգամ,
Եվ քեզ դարձրին քո դռան ու տան-
Կիսված միջուկի ճառագայթներով
Հավերժ հաշմանդամ։

Ու դեռ չծնված քառասունհինգին,
Բայց քառասունհինգի ախտով վարակված
Կանայք ծնեցին
Մանուկներ խարկված,
Մանուկներ և կույր,
Մանուկներ և խուլ,
Մանուկներ անգույն,
Անարյուն, անդեմք,
Մեռած,
Կիսամեռ-
Անմեղ մանուկներ,-
Դեմքներին խռովք՝
ժպիտի փոխարեն,
Շրթներին նզովք՝
երգի փոխարեն,
Եվ անե՜ծք, անե՜ծք աչքերում խամրած...
Օ՜, Հիրոսիմա,
Դու դժբախտ իմ մայր...

Օ՜, Հիրոսիմա,
20-րդ դարի խաչակիրների
Ձեռքով դու խաչված Քրիստոս մի նոր,
Եվ կա՞ ավելի
Պատիժ ահավոր,
Քան այն՝
կենդանի մահարձան լինել
Հեգնանքով բախտի,
Եվ դանդաղ մեռնել ատոմի ախտից։

Օ՜, Հիրոսիմա...
Դեռ չծնված քո մանկանց անունից,
Նրանց անունից՝
Քառասունհինգին ովքեր մոխրացան,
Որ չեն բացվի՝
այն ծաղկանց անունից,
Խեղանդամ արված
Քո հազարավոր մարդկանց անունից-
Ելի՛ր,
Ղողանջի՛ր ողջ աշխարհով մեկ,
Թնդա՛, որոտա՛ ատոմից ուժգին.
- Մարդի՛կ,
Հիշեցե՜ք
Ու մի մոռացեք
Դուք Հիրոսիման ու Նագասակին։



ԱՆՏԵՐ ՏՈՒՆԸ

Պատերի տակին եղինջ է բուսել,
Խոտի մեջ կորել բակ ու այգին,
Ճնճղուկները բներ են հյուսել
Ծռված կտուրի թեքված կռնակին։

Ու տանիքի տակ մատներով անտես
Նվագում է խենթ քամին իր շվին,
Եվ ջրհորդանը դատարկ թևքի պես
Կախվել, պարում է խարխլված քիվին։

Էլ եկող չկա, գնացող չկա,
Ծիծաղող չկա ու լացող չկա,
Քանի՞ տարի է, ո՞վ է իմանում,
Այս տան դուռը մի բացող չկա։

Որտե՞ղ են հիմա տերերը այս տան.
Խոսեցեք, քարեր, ինչո՞ւ եք լռում։-
Մի բարի տատիկ մոտենում դանդաղ,
Ասում է.
- Նրանք ընկել են կռվում։

Միայն այսքանը։ Ես խոսք չեմ գտնում,
Վիշտը ողբալու՝ չեմ գտնում բառեր։
Անտեր տան բակում կանգնել եմ տրտում
Եվ արտասուքն է աչքիս մեջ սառել։

Բայց արտասուքը ուժ չունի այստեղ,
Ո՞ւմ է հարկավոր և տրտմությունը։
Բռունցքվել է պետք սև հողմերի դեմ,
Որ չկրկնվի այս պատմությունը։
1984 թ.



ԵԶԸ

Կա հին մարագը և խոտի դեզը,
Կալատեղն էլ կա, բայց չկա եզը։
Եզը ի՞նչ աներ, անցել է դարը,
Դե եզ է, էլի, գլուխը քարը...

Տրակտորի տված բարիքը ծով է,
Ատոմի դարում եզ պահողն ո՞վ է։
Արորի բախտը բերեց այս անգամ,
Եկան քաղաքից, տարան թանգարան։

- Էքսպոնատ է արորը,- ասին,-
Պիտի իմանա աշխարհն էդ մասին։
- Բա ե՞զն,- հարցրին,- ի՞նչ անի անգործ։
- Եզան համար էլ կա սպանդանոց։

Եզը խեղճ եզ էր, դե ո՞ւմ բողոքեր,
Վճիռը անբեկ ու անողոք էր։
Տարան մորթելու, ու չբառաչեց,
Տարան քերթելու, ու չհառաչեց.

Ականջում արտի շրշյուն-շորորն էր,
Հոգում մաճկալի հո՜-հորովելն էր։
Հեռվում մարագն էր ու խոտի դեզը...
Եվ ոչ ոք չասաց. «Ափսո՜ս է եզը»։
1984 թ.

No comments:

Post a Comment