* * *
Առանց քեզ օրս դժվար է մթնում,
Առանց քեզ լորս բունը չի գտնում։
Առանց քեզ՝ ինձնից շվաքս խրտնում,
Գնում ուրիշի այգին է մտնում։
Առանց քեզ հավքս միշտ լուռ է մնում
Ու ջրաղացս անջուր է մնում։
Առանց քեզ ինքս ինձնից փախչում եմ,
Առանց քեզ ես ինձ վառում, տանջում եմ։
Արի՜, լսու՞մ ես, վառիր ճրագս,
Ցուրտ է, մրսում եմ, արի՜, կրակս...
Տունս առանց քեզ համ ու հոտ չունի,
Քունս առանց քեզ առավոտ չունի։ 1962 թ.
* * *
Գյուղից այնդին էր, հեռու հանդին էր,
Մեր սիրո վկան կանաչ բարդին էր։
Սիրտս կարոտի խոսքերով լիքն էր,
Խնամախոսը կապույտ երկինքն էր։
Ծղրիդն իր անուշ տավիղն էր լարել,
Ծաղկած մասրենին մեր խաչեղբայրն էր։
Գետը դափ զարկում, հովը պարում էր,
Եվ մեր քավորը զնգուն առուն էր։
Հագիդ ճերմակը քո բոյ-բուսին էր,
Հարսանքի ջահը լիալուսինն էր։
Գիշերն իր հրաշք հեքիաթն էր մանել,
Մեզ պսակողը մեր Շաղասարն էր։
Եվ լույսը բացվեց երկինքը լուրթ էր,
Ու մեզ օրհնողը՝ օրհնված արտույտն էր։
ՍՈՆԱՆ ՊԱՐՈՒՄ Է
Նվագն է թնդում ակումբի բակում,
Տոն է, գարուն է,
Զուռնայի ձենը ականջ է ծակում,
Սոնան պարում է։
Հուզվում, փոթորկվում ու ծափ են տալիս
Տղերքը ջահել,
Վահանը տեղում պտույտ է գալիս,
Ուզում է պարել։
Սոնան ճկվում է, շորորում, նազում,
Կաքավում արագ,
Տղերքն իրար են նայում ու ասում.
- Կրա՜կ է, կրակ։
Խոր ախ է քաշում Մուքելն ալևոր.
- Հե՜յ, ջահել օրեր,
Եվ շշնջում է Վահանն ինքն իրեն.
- Չի սիրում, զո՞ռ է։
Սոնան ժպտում է, հովի պես սահում
Վահանի մոտով,
Տղան շիկնում է, փոթորկվում, վառվում,
Լցվում կարոտով։
Նվագն է թնդում ակումբի բակում,
Տոն է, գարուն է,
Զուռնայի ձենը ականջ է ծակում,
Սոնան պարում է։
1958 թ.
* * *
Կնոջս՝ ԱՄԱԼԻԱՅԻՆ
Քոնն են աշխարհի ծաղիկները պերճ
Ու կարկաչները այս գետակների,
Քոնն են սրտերի կրակներն անշեջ,
Աստղերի լույսն ու ժպիտն արևի։
Քոնն են ծովերի կապույտ անհունը,
Այս պուրակները,
Այս պուրակներում անվերջ կարկաչող
Շատրվանների խելառությունը,
Եվ խանութների ցուցափեղկերի
Շքեղությունը,
Այս մաքուր ձյունը,
Որ որակում ենք այլ խոսքով՝ անբիծ,
Եվ այս աշունը,
Որ արցունքներ է քամում թուխ ամպից,
Այս ժպիտները, այս պարզկա օրը...
Քոնն են բոլորը։
Քոնն են, քեզ համար.
Իսկ ես, անգինս,
Ես ի՞նչ եմ ուզում.
Ուզում եմ լինես աշխարհում իմըս,
Ուզում եմ լինես իմ հոգու սյունը,
Ինձ խենթացնող երջանկությունը,
Իմ տեղը, տունը...
Թե չէ՝ ինչի՞ս է
Հարստությունը։
ՆԱՆԱՐԸ ԵԿԱՎ...
Նանարը եկավ՝ արտը կանաչ էր,
Ինքը արտի մեջ կարմիր կակաչ էր,
Ձայնը աղբյուրի զնգուն կարկաչ էր,
Ժպիտն արևից պոկված ճաճանչ էր։
Նանարը եկավ՝ օրվա կեսին էր,
Ջրից էր գալիս, կուժը ուսին էր,
Ծամթելը թաց էր, ցողը հյուսին էր,
Հագի ատլասը բոյ ու բուսին էր։
Նանարը եկավ՝ կրակ ու հուր էր,
Կուրծքը երկնային դրախտի դուռ էր,
Կժինը զուլալ աղբյուրի ջուր էր,
Արտակը նայեց ու միտքը ծուռ էր։
Նանարը եկավ՝ մի քիչ քրտնած էր,
Սարի եղնիկի նման խրտնած էր,
Մաղախում կարագ ու լավաշ հաց էր,
Արտակը ժպտաց՝ ժպիտը խայծ էր։
...Նանարը գնաց՝ այտը շիկնած էր,
Մի աչքում արցունք, մի աչքում լաց էր,
Ծամթելը կորել ու ծունկը բաց էր,
Ա՛խ, Արտակ տղան ի՜նչ անաստված էր։
Նանարը գնաց՝ սիրտը բարակ էր,
Ժպիտը հանգած մոմի ճրագ էր,
Կանաչ թեղու տակ կուժը դատարկ էր,
Էս ի՜նչ կրակ էր, էս ի՜նչ կրակ էր։
ՀԱՐՍԱՆԻՔ
Լուսաբացի հետ շառաչեց զուռնան,
Գյուղը աղմկեց լուսաբացի հետ,
Լուսաբացի հետ դհոլը թնդաց,
Երգը կարկաչեց լուսաբացի հետ։
Մակար տղերքը կանչեցին իրար.
- Եկե՜ք, գնում ենք հարսի հետևից,-
Խաչեղբայրը և ջահել քավորը
Եկան բռնեցին փեսայի թևից։
Աղջիկները և ջահել հարսները
Զարդարեցին ու զուգեցին հարսին.
- Բախտավոր լինես, երջանիկ լինես,
Նամուսով լինես, ազիզ ջան,- ասին։
Փոքրերն ու մեծերն իրար խառնվեցին.
- Հարսը բերու՜մ են, հարսը բերու՜մ են։-
Դուդուկը անուշ հա գեղգեղում էր,
Դհոլը թնդում, զուռնան գերում էր։
Հարսի ոտքի տակ ափսե դրեցին՝
Ոտնագալուստդ թող լինի բարի,
Մակարապետը բարակ ճիպոտը
Թափ տվեց օդում՝ «Հարսը թո՛ղ պարի»։
Եվ շորորալեն հարսը թևերը
Ձգեց նազանքով, իր պարը պարեց,
Կեսրարը շոյեց երկար բեղերը,
Կեսուրը վիզը դռնից երկարեց։
Թամադան եկավ, բռնեց իր տեղը,
Կոկորդը մաքրեց, ժպտաց առնացի.
- Խմենք մեր երկու ծաղկի կենացը,
Ցանկանք ծերանան կյանքում մի բարձի։
Զուռնան շառաչեց, դհոլը թնդաց,
Դուդուկը նորից անուշ գեղգեղաց,
Տղայի հայրը ծուլ եղավ, խնդաց.
- Քեֆ պիտի անենք մինչև լուսաբաց։
Եվ հողմի նման ջահել տղերքը
Սուրացին մեջտեղ. պարել է՝ պարենք...
Թամադան կորցրեց իր մտքի թելը
Ու գոռաց. «Տղե՜րք, համը չհանեք»։
Եվ հարսանիքը ձգվեց, երկարեց,
Գնաց դեմ առավ աքլորականչին.
Հետո զուռնաչին հոգնած հորանջեց,
Դհոլչին ննջեց՝ դհոլն ականջին։
Հարսը և փեսան ձեռք-ձեռքի տված
Ելան, հեռացան անշշուկ, անձայն։
Լուսինը թաքնվեց ամպի ետևում
Եվ լուռ ժպտացին աստղերը արծաթ։
* * *
Չսասանեց ինձ հողմը խենթ,
Չտապալեց ոսոխը ինձ,
Ես ծովացա ծովերի հետ,
Շառաչեցի ցասումնալից։
Մրրիկը ի՞նչ էր՝ եկավ անցավ,
Ի՞նչ էր արկի որոտն իմ դեմ
Շանթերի դեմ ահեղաձայն
Ես շանթ էի ու շանթարգել։
Գլխիս ձյուն ու կարկուտ տեղաց,
Կարկուտն ի՜նչ է, տվի անցա,
Գինու թասին չեկա մեղա,
Խմեցի ու առյուծ դարձա...
Բայց չգիտեմ, այս ո՞նց եղավ՝
Կնոջ առջև ես խեղճացա։
1984 թ.
ԵՍ ՋԱՀԵԼ ԷԻ
Ես ջահել էի, տասնութ տարեկան,
Քթիս տակ մազը նոր էր ծլել դեռ,
Սիրահարվեցի մի լավ աղջկա,
Գյուղում այդ մասին ոչ ոք չգիտեր։
Եվ նա քույր ուներ՝ ճիշտ իրեն հանգույն,
Ինչպես որ միջից կիսած մի խնձոր...
Գիշեր էր ամռան, առուն էր զնգում,
Վերից լուսինը ժպտում մեղրածոր։
Ես լուսամուտից թաքուն մտա ներս,
Կիսամութի մեջ գրկեցի նրան,
Ապտակը դեմքիս շառաչեց այնպես,
Որ աչքերիցս շեկ կայծեր թռան։
Մեղապարտի պես ես կանգնել շվար,
Իսկ նա քրքջում, ձեռ էր առնում ինձ.
- Մի՞թե կույր ես դու, այ խեղճ սիրահար,
Որ չես տարբերում ինձ քո սիրածից։
Ես ջահել էի, տասնութ տարեկան,
Քթիս տակ մազը նոր էր ծլել դեռ...
Ջահելությունս ուր է թե ետ գար
Եվ այս սխալը նորից կրկնվեր։
1984 թ.
ԱՅՍ ՈՒՇ ԳԻՇԵՐԻՆ
Այս ուշ գիշերին փախել է քունս,
Չգիտեմ, թե ում դռներն է թակում,
Չգիտեմ՝ մտել որ հավքի բունը,
Ինձ երազիս մեջ թողել է անքուն։
Այս ուշ գիշերին մի անմիտ ծղրիդ
Թողած դաշտերն ու անտառները մեր,
Թռել մտել է իմ պատուհանից
Եվ ականջիս տակ իր երգը զլել։
Այս ուշ գիշերին մեր Խումար եզը
Ինձ մոտ է եկել հուշերիս կալից,
Ծռել է լծից կոշտացած վիզը
Ու հարցնում է իմ քեֆ ու հալից։
Այս ուշ գիշերին մի քնքուշ աղջիկ
Ցողոտ ձեռքերով իմ դուռը բացել,
Ժպիտը պահած աչքերում վճիտ,
Ասում է՝ արդյոք ինձ չե՞ս մոռացել։
Այս ուշ գիշերին Մանուշակ տատս
Երկար ճամփա է կտրել ու եկել,
Եկել ասում է՝ ասա ինձ, ջանս,
Այդ ինչո՞ւ այդպես վաղ ես ճերմակել։
Այս ուշ գիշերին եկել հայրս ծեր՝
Հողոտ ոտքերով և բահը ուսին.
- Վեր կաց,- ասում է,- քնով ես անցել,
Մեր բոստանները թողել ո՞ւմ հույսին։
Այս ուշ գիշերին խելառ մի տղա
Ինձ է կանչում մեր Խամուտի սարից.
Ասում է՝ ես քեզ գտել եմ ահա,
Որտե՞ղ ես կորել դու այսքան տարի։
Քո տեղն այստեղ է՝ լեռները կապույտ,
Անտառները բիլ, դաշտերը բեհեզ,
Ուր արծիվները երկինքներ չափում,
Գետերն են վիճում քարափների հետ։
Այս ուշ գիշերին փախել է քունս
Ու նետել է ինձ գիրկը հուշերիս,
Ինձ հյուր է եկել պատանությունս
Եվ քունս խլել այս ուշ գիշերին։
Ո՜Վ ԶԱՐՄԱՆԱԼԻ
Թե աստված իրոք արարել է քեզ
Ադամի կողից՝ այդպես նուրբ ու ձույլ,
Այդպես հողեղեն, հիասքանչ այդպես -
Հավատացյալի երկյուղով մի սուրբ
Երկրպագում եմ ես այդ աստծուն։
Թե դու բոցն ես այն փողի եղեգան,
Որ ծնեց մանուկ մի հրագանգուր,
Հուր պսակ գլխին, աչքերն արեգակ -
Չոքում եմ դեմդ ես քուրմի հանգույն
Եվ խունկ եմ վառում քո ոտքերի տակ։
Թե դու ես իրոք այն աստվածուհին,
Որին հեթանոս նախնիները մեր
Կոչեցին սիրո հրաշք Աստղիկ -
Քո վեհությանը թույլ տուր խոնարհվել,
Օրհնել ծնունդը քո սքանչելի։
Թե դու ես իրավ ուժն այն անմեհի,
Որ շանթերի դեմ դառնում շանթարգել,
Աշխարհն է փրկում դավից ու մահից -
Պատրաստ եմ կյանքս պարգևելու քեզ,
Ո՜վ հերոսամայր, ո՜վ զարմանալի։
1984 թ.
No comments:
Post a Comment